ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն

ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Դրանց շարքում են, մասնավորապես՝ ֆինանսական գործընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ փոխհամաձայնեցված անօրինական կարգապահական վարույթներով դատավորներին պատասխանատվության ենթարկելը և ահաբեկման մթնոլորտի (chilling effect) տարածումը,դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում կամայականություններով ու անարդարություններով բարոյալքման մթնոլորտի սերմանումը, դատական իշխանության կառավարման ինքնուրույն մարմինների գործունեության միջամտությունը և դրանց լիազորությունների սահմանափակման փորձերը, ԲԴԽ-ի կողմից ընդունված`աշխատանքային կարգապահության և գործերի ժամկետների քողի տակ դատավորների անկախությունը սահմանափակող` «բրգաձև կառավարում» հաստատելուն ուղղված նորմատիվ իրավական ակտերով Սահմանադրական նորմերի խախտումը, նախարարի հետ սեփական շահերին միտված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները, անօրինական ցուցումների արձակումը, ապօրինի ընտրությունների կազմակերպումը և ԲԴԽ դատավոր անդամների ընտրական գործընթացներին միջամտելը, դատավորների նկատմամբ պետական ռեսուրսներով մեդիա հարձակումների կազմակերպումը, դատական իշխանության հեղինակության և ռեսուրսների հաշվին պարբերաբար ինքնագովազդով զբաղվելը, դատական իշխանության ֆինանսական ռեսուրսների` առանձնապես խոշոր չափերի գումարների վատնումը: Այս և այլ բազմաթիվ գործողություններով Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։ Նշված գործողությունների առաջացրած հետևանքների մասին համապատասխան գնահատականները դեռևս կարտացոլվեն նաև դատարանների, այդ թվում միջազգային որոշումներում: Այդուհանդերձ՝ սույն թվականի նոյեմբերի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի՝ իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյանների` իրենց պաշտոններն ազատելու խնդրանքի մասին  ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ Կարեն Անդրեասյանն անմիջապես հրապարակել է իր հրաժարականի տեքստը` ակնարկելով, որ այն կապված է քաղաքական պաշտոնանկությունների շարքի հետ և ինքն առաջ է ընկնում` տալով հրաժարական: Չնայած կարճ ժամանակ առաջ` 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Արդարադատության նախարար Մինասյանի հրաժարականի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակը պաշտոնական հայտարարություն էր տարածել` նշելով, որ կառավարության որևէ անդամի հրաժարականը և քաղաքական գործընթացները չի կարող ազդել ԲԴԽ նախագահի վրա ու նա պաշտոնավարելու է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Կարեն Անդրեասյանին ևս անձամբ է խնդրել հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչն ի կատար է ածվել: Թեև Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի՝ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվելու հանգամանքը չի վիճարկվել նաև նախկինում, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը: Այսպիսով` վերստին փաստվում է Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունն ստանձնած գործող ԲԴԽ անդամների անկարողությունը կամ ցանկության բացակայությունն անգամ հանրային ընկալումը փարատելու համար հայտնելու որևէ դիրքորոշում, դատական իշխանության գործունեության միջամտության անթաքույց և հաստատված անթույլատրելի միջամտությունների, դատական իշխանության հեղինակությունը վերականգնելու առնչությամբ` առավելապես մտահոգված լինելով Կարեն Անդրեասյանի դիրքն ու աթոռը զբաղեցնելուն ուղղված գործընթացներով»։
20:50 - 25 նոյեմբերի, 2024
ԲԴԽ նախագահին հրաժարականի հորդոր չի եղել, այլ խնդրանք․ Փաշինյանը՝ Անդրեասյանի հրաժարականի մասին

ԲԴԽ նախագահին հրաժարականի հորդոր չի եղել, այլ խնդրանք․ Փաշինյանը՝ Անդրեասյանի հրաժարականի մասին

Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։  Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակային քննարկվում են, բայց նաեւ պարտադիր չի, որ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ։  Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Բայց բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում հրաժարական տված, ես գնահատում եմ, բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018-ից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, մինչեւ օրս էլ։ Այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»,- պաշտոնյանների հրաժարականին անդրադառնալով ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով քննադատություններին, որ վարչապետը ճնշում է գործադրել կառավարությունից անկախ մարմնի՝ ԲԴԽ նախագահի վրա, դրա համար է Կարեն Անդրեասյանը հրաժարական տվել, վարչապետը շեշտեց, որ ԲԴԽ նախագահին չի հորդորել հրաժարական տալ, եղել է վարչապետի խնդրանք։ Փաշինյաի խոսքով՝ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ «Կա՞ նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական եւ իրավական հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։ Ինչո՞ւ դատական համակարգում ունենք էն պրոբլեմները, որոնք ուզում ենք լուծել։ Պատճառներից մեկն այն է, որ մենք իրապես ուզում ենք ունենալ անկախ դատական համարկարգ, եթե չուզենանք ունենալ իրապես անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի, ընդհանրապես վայրիվերումներ, պրոցեսներ, ցնցումներ չեն լինի»,- մանրամասնեց Փաշինյանը։ Փաշինյանի գնահատմամբ՝ այս խմորումները նշանակում են, որ իշխանություն անկախ դատական համակարգ ունենալու ռազմավարական նպատակից չի շեղվում։ «Իմ ընկալմամբ՝ անկախ դատական համակարգը այն է, որ անկախ նրանից՝ ինչ որոշում է կայացրել, մենք ասում ենք՝ եթե դատարանը որոշել ա, որեմն ճիշտը դայա։ Մեր խնդիրը ինչն ա, որ դատարանը շատ դեպքերում կայացնում ա որոշումներ, որոնց վերաբերյալ հանրության վերաբերմունքը դա չի։ Ինչքան էլ հետազոտրենք, հազարավոր դատական ակտեր կան, որոնք իմ ասած չափանիշին համապատասխանում են, ինչքան էլ խորանանք, կտեսնենք, որ դրանք ճշգրիտ անկախ դատական համակարգի կայացրած որոշումներ են, բայց էն փոքր խումբ որոշումները, որոնք մեծ աղմուկ են առաջացնում, նեգատիվ են տարածում Հայաստանում արդարադատության զգացումի վրա։ Հիմա ես ինչ կապ ունեմ էս պատմության հետ․ իդեալական վիճակն էն կլիներ, որ ես կապ չունենայի էս պատմության հետ։ Էսօրվա մեր իրականության պրոբլեմն էն ա, որ էն խումբը գործերի, որոնք աղմուկ են առաջացնում, հիմնական մեկնաբանությունը, չեմ թաքցնի, քաղաքական շրջանակներում էլ կա էդ ընկալումը, որ ինչ-որ միջամտությունների արդյունք է էս վճիռը։ Մարդիկ չգիտեն, որ կառավարությունն էլ ա էդպես մտածում կամ կարող ա մտածել, բայց մարդը ինչ ա մտածում, մտածում ա, որ էս ամենը համաձայնեցվում ա էս շենքում (նկատի ունի՝ կառավարության), հետեւաբար էս մարդն ա պատասխանատու էն բոլոր պրոբլեմների համար, որը ինքը տեսնում ա։ Քաղաքական առումով սա ճիշտ ա։ Բայց մյուս կողմից իմ ամենամեծ պրոբլեմն էն ա, որ Հայաստանի մարդկանց մի զգալի մասը չի հավատում, որ հենց էդպես էլ կա, այսինքն՝ էն, որ գործերը տարիներով ձգվում են, կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ, զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ էդ ամենն ինձ հետ համաձայնեցված չի»,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաներին հրաժարականի մասին խնդրել է կիրակի օրը, գրավոր տարբերակով։ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այդ որոշումը կայացրել է միանձնյա և այն չի քննարկել իր քաղաքական թիմի հետ։       
22:23 - 22 նոյեմբերի, 2024
ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեցին Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը: Ճեպազրույցի ժամանակ Factor.am-ի լրագրողի հարցին, թե խնդրահարույց չէ՞, արդյոք չի՞ նշանակում, որ օրենսդիրից ճնշում կա անկախ մարմնի վրա, որ «վարչապետի հայտարարությունից հետո անկախ մարմին համարվող ԲԴԽ նախագահն է ստատուս գրում, որ սկանդալներից հեռու մնալու համար հրաժարական է տալիս», Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Վարչապետի ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, և ես կարծում եմ՝ անկախ մարմինների ղեկավարները իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ելույթը առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ: Առնվազն նաև տեսանելի էր հանրության շատ լայն շերտերի համաձանությունը վարչապետի այդ ելույթի հետ, և շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաների պիտի հենց իրենք հետևություն անեին այդ ելույթից»: Կոնջորյանն էլ կարծիք հայտնեց, որ որևէ ճնշման մասին խոսք չկա:  «Վարչապետը հստակ և խիստ գնահատականներ է տալիս իրավապահ, դատաիրավական համակարգի վերաբերյալ, և շատ նբորմալ է, որ վարչապետի գնահատականներին պիտի լինեն արձագանքներ: Եվ այս դեպքում արձագանքներ են եղել նաև հրաժարականների տեսքով: Կարծում եմ՝ սա ևս շատ կարևոր գնահատական է»,- հավելեց նա: Հայկ Կոնջորյանի խոսքով ժողովրդավարական երկրներում հրապարակային քաղաքականության մեջ շատ նորմալ է, որ լինեն հայտարարություններ, դրանց լինեն արձագանքներ. «Եվ ես կարծում եմ՝ բոլորս արդեն համոզվել ենք, որ նման հարցերում ճնշումների կոմպոնենտ չկա: կա հակառակը երբեմն հավելյալ ոմանք ասում են չափից ավելի մեծ թափանցիկություն ու հաշվետվողականություն, բայց ես կարծում եմ, որ այն չափից շատ չի լինում: Ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առջև, և որևէ խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց ՔՊ խմբակցության պատգամավորը: Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
12:30 - 18 նոյեմբերի, 2024
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ։ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:  Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման): Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար: Անկեղծ շնորհակալ եմ ազնիվ ու արհեստավարժ բոլոր այն դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր համակարգում կան ու շատացել են: Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին՝ Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին: Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»,- գրել է նա:
09:07 - 18 նոյեմբերի, 2024
Դատական դեպարտամենտը 1 եւ 2 տարուց ավելի գործեր քննող դատավորների ցանկ է հավաքագրում

Դատական դեպարտամենտը 1 եւ 2 տարուց ավելի գործեր քննող դատավորների ցանկ է հավաքագրում

Վերջին ամիսներին Դատական դեպարտամենտը գրություններ է ուղարկել ՀՀ դատարանների նախագահներին՝ խնդրելով տրամադրել դատավորների վարույթում եղած այն գործերի ցանկը, որոնց քննության տեւողությունը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ուղենիշային ժամկետները. առանձնակի բարդության քրեական գործերի քննության առավելագույն ժամկետը 24 ամիս է, առանձնակի բարդության վարչական գործերինը՝ 18 ամիս, քաղաքացիական գործերինը՝ 13-18 ամիս։ «Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ է հայտնվել դատարանների նախագահներից մեկին ուղղված գրությունը, որում նկարագրված է վերոնշյալ պահանջը: Գրության լուսապատճենը Դատավորները նման բովանդակությամբ գրություններին ոչ միատեսակ են արձագանքել։ Մեր տեղեկություններով՝ նրանցից երկուսը պատասխան նամակով հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ պատճառաբանությամբ, որ Դեպարտամենտը դատավորներից նման տեղեկություններ հայցելու լիազորություն չունի, ինչից հետո նրանց վարույթում եղած կոնկրետ գործերի վերաբերյալ կարգապահական վարույթներ են հարուցվել։ Ուղենիշային այս ժամկետները ԲԴԽ-ն սահմանել է 2021 թ․-ի սեպտեմբեր ամսին։ Այդ ժամանակ ԲԴԽ նախագահը Գագիկ Ջհանգիրյանն էր։ Ըստ որոշման՝ դրա նպատակն է ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը եւ լուծումը, դատարանների եւ դատավորների հաշվետվողականության ապահովումը, գործերի քննության տեւողության կանխատեսելիությունը, ինչպես նաեւ դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխումը՝ առանձին տեսակի գործերի բարդության աստիճանից ելնելով: Որոշմամբ սահմանվել է գործերի բարդության 4 աստիճան՝ պարզ, միջին, բարդ եւ առանձնակի բարդ, որոնք որոշվում են իրավական եւ փաստական չափանիշներով։ Այդ չափանիշներից յուրաքանչյուրն ունի իր գործակիցը, որոնք էլ հաշվարկվում են չափորոշիչով սահմանված բանաձեւով։  Ըստ ԲԴԽ-ի` Դեպարտամենտը իրականացնում է մշտադիտարկում  Թեեւ գրության մեջ նշված է, որ նպատակը գործերի քննության ժամկետների ուսումնասիրությունն է, պարզ չէ՝ որն է տեղեկության հավաքագրման իրավական հիմքը, այդ ուսումնասիրության նպատակը, եւ արդյունքում ինչի է հանգեցնելու այն։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական, ԲԴԽ խոսնակ Մերի Գեւորգյանին խնդրեցինք պարզաբանել՝ իրավական ինչ կարգավորումների հիման վրա է Դեպարտամենտն ուղարկում այդ նամակները եւ ինչ նպատակով։ Խնդրեցինք հայտնել նաեւ՝ արդյո՞ք Դեպարտամենտին հասանելի չեն յուրաքանչյուր դատավորի վարույթում եղած գործերն ու դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որ գրությամբ ստանալու անհրաժեշտություն է ծագել։ Մեր հարցերին ի պատասխան՝ Գեւորգյանը փոխանցեց. «Բարձրագույն դատական խորհուրդը վերջին 2 տարում թոթափել է դատարանների ծանրաբեռնվածությունը՝ որոշ դատարաններում մինչեւ 90 տոկոս բեռնաթափելով դատավորներին։  Որպեսզի դատարանները գործերը քննեն ողջամիտ ժամկետներում, Դատական դեպարտամենտը հետեւողականորեն իրականացնում է մշտադիտարկում՝ բացահայտելու` որքանով է նախկինում կուտակված գործերի  դատաքննության ավարտը արդյունավետ կազմակերպվում, եւ պահպանվում են արդյոք գործերի քննության  ողջամիտ ժամկետները։ Այդ նպատակով Դատական դեպարտամենտն իր կանոնադրական լիազորությունները լիարժեք իրականացնելու, անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելու, վերջնական ճշգրտումներ անելու համար պարբերաբար հարցումներ է կատարում դատարաններին»,- ասված է պատասխանում։ Դատարանների ծանրաբեռնվածությանն ու գործերի ողջամիտ ժամկետներում քննությանը կանդրադառնանք առաջիկայում։ Այժմ հարկ է նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից ողջամիտ ժամկետների չպահպանումը արդեն իսկ  վարույթ հարուցելու առիթ է հանդիսանում։ Հետեւաբար ենթադրվում է, որ այս տեղեկությունների հավաքագրմանը կարող են հաջորդել այդ մարմինների կողմից որոշակի գործընթացներ։ Այդ մարմինները, ըստ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, երեքն են՝ Արդարադատության նախարարությունը, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը եւ որոշ դեպքերում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ հարուցող կամ ապացույցներ հավաքող մարմին չէ, իսկ Դատական դեպարտամենտը հենց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն է։  Ուղենիշային ժամկետներից շեղումը ոչ բոլոր դեպքերում է արձանագրվում ԲԴԽ-ն վերջին տարիներին սկսել է առավել ակտիվորեն քննել դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթները, բայց հարկ է նշել, որ ուղենիշային ժամկետներից շեղումը ոչ բոլոր դեպքերում է արձանագրվում։ Որպես օրինակ կարելի է բերել դատավոր Աննա Դանիբեկյանի կարգապահական վարույթը։ Այս տարվա օգոստոս ամսին Արդարադատության նախարարությունը Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, այսպես ասած, տապալելու համար։ Ըստ Նախարարության՝ դատավորը, ի թիվս այլնի, չի կիրառել գործի ողջամիտ ժամկետներում քննության պահանջի պահպանմանն ուղղված՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործիքակազմը։ ԲԴԽ-ն, համաձայնելով Նախարարության դիրքորոշմանը, հղում է կատարել ուղենիշային ժամկետները սահմանող հիշյալ որոշմանը՝ նշելով, որ գործը անգամ «առանձնակի բարդության» որակվելու դեպքում, ենթակա է քննության առավելագույնը 24 ամիսների ընթացքում, իսկ Դանիբեկյանի դեպքում այն տեւել է 4 տարի 4 ամիս․ «Խորհուրդը փաստում է, որ Դատավորը, իր վարույթում ունենալով ՀՀ դատաիրավական պրակտիկայում ամենակարեւոր գործերից մեկը, առանձին վարույթներում մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտային կազմով իրարից տարբերվող մեղադրանքները չառանձնացնելով, միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ և տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու ձևով դրսևորվող դատավարության մասնակիցների վարքագիծը համաչափ հարկադրանքի միջոցի կիրառմամբ չխափանելով հեղինակազրկել է դատական իշխանությունը և նպաստել քրեական արդարադատության շահի, նպատակի և էության խաթարմանը, ինչն էլ հանգեցրել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։ Ուշագրավն այն է, որ նույն դատավորը նույն ժամանակահատվածում ավելի քան 7 տարի քննում էր բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործը։ Սակայն այս հանգամանքը ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ էլ Արդարադատության նախարարությումը կարծես չեն նկատել՝ ըստ ամենայնի, այն «ՀՀ դատաիրավական պրակտիկայում ամենակարեւոր» գործ չհամարելով։ Սա, իհարկե, միակ օրինակը չէ․ թե՛ Դանիբեկյանի, թե՛ այլ դատավորների վարույթում կարելի է գտնել բազմաթիվ այլ գործեր, որոնցով որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետները լրացել են, բայց դրան որեւէ գործընթաց չի հաջորդել։ Նախկին դատավորի խոսքով՝ ուղենիշային ժամկետները ոչ միայն իրատեսական չեն, այլեւ ուղղված են դատավորներին վերահսկելուն Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը մեր զրույցում սա պայմանավորում է նրանով, որ ԲԴԽ-ն սահմանել է ոչ իրատեսական ժամկետներ, որոնց տրամաբանությամբ եթե ոչ բոլոր դատավորները, ապա նրանց 90 տոկոսը ենթակա է պատասխանատվության․ «Շատ քիչ կլինեն դատավորները, որոնք գործերը այդ ժամկետներին համահունչ են քննում։ Այսինքն՝ 90 տոկոս դատավորները այդ ուղենիշներով խախտումներ թույլ տվող են, եւ եթե այդպես է, ստացվում է՝ պետք է 90 տոկոսն էլ պատասխանատվության ենթարկվի, ինչը, իհարկե, սխալ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պատասխանատվության են ենթարկվում թիրախավորված դատավորները․ այդ ուղենիշներին հղում են տալիս եւ դա որպես գործիք օգտագործում իրենց ապօրինությունները լեգիտիմացնելու համար»,- կարծում է Հարությունյանը։ Որոշման մեջ նշված է, որ գործերի միջին ուղենիշային ժամկետների սահմանման համար հիմք են ընդունվել ABA ժամանակային ստանդարտները: Դավիթ Հարությունյանը ընդգծում է՝ ըստ ամենայնի, նկատի ունեն՝ American Bar Association–ի սահմանած ստանդարտները, որոնք, սակայն, անհամադրելի են մեր իրականության հետ․ «Ամերիկյան դատավարությունը ընդհանրապես այլ է․ բացառությամբ ժյուրիով դատավորությունների՝ մնացած գործերը՝ 30-40 գործ, կես օրում ավարտում են, նրանց դատավարական ձեւերը, գործիքակազմերը դա թողնում են։ Այս պայմաններում բերել այնտեղի ժամանակային ստանդարտները կիրառել այստեղ ուղղակի աբսուրդի ժանրից է»։  Գործի բարդության աստիճանը որոշելիս հաշվի առնվող չափանիշներից է, օրինակ, մեղադրյալների քանակը, վարույթին ներգրավված անձանց քանակը, մեղսագրվող արարքների քանակը եւ այլն։ Նախկին դատավորն ասում է՝ հնարավոր չէ որեւէ քրեական գործ, դրա շրջանակում կատարվող ստեղծագործական աշխատանքը վերածել քանակական ցուցանիշների․ «Գուցե 10 վկա լինի, այդ 10 վկայի հարցաքննությունը 1 օրում ավարտվի, եւ գուցե լինի 3 վկա, բայց ամեն վկայի հարցաքննությունը 2–3 աշխատանքային օր տեւի։ Կամ  եթե ընդունենք, թե դատավորը ընդհանրապես գործ չունի կամ 10 գործ ունի, կարող է այդ ժամկետներից էլ շատ շուտ ավարտել ամեն ինչ, բայց եթե ունի 100-200 գործ, ու այդ նույն ժամկետները սահմանես, դա անհնար է։ Այսինքն ստացվում է՝ դատավորը պարբերաբար խախտումներ է անելու։ Բայց անկախ նրանից՝ ով ինչ ժամկետ սահմանի, դատավորը չպիտի դրանով կաշկանդվի։ Եթե դատավորները առաջնորդվեն դրանով, արհեստականորեն արագացնեն գործերի քննությունը, ստիպված են լինելու որակի հաշվին ապահովել քանակը»։ Միակ նպատակը, որ կարող էր արդարացնել այս որոշումը, ըստ Հարությունյանի, գործերի հավասարաչափ բաշխումն ապահովելն է․ «Բայց եթե ընդունենք, որ այդ բարի նպատակն է հետապնդում, ինչպե՞ս է ստացվում, որ օրինակ՝ քրեական դատարանները անհամաչափ են ծանրաբեռնված։ 2021 թ․–ին, երբ որոշումն ընդունվում էր, դատավորները տարեկան կարող էին միջինում 50-60 գործ ստանալ, իսկ այսօր, որքանով գիտեմ, Երեւանի դատավորները ստանում են եւ տարին դեռ չավարտված արդեն իսկ ստացել են մոտ 100 գործ։ Այն, որր նշել են՝ իբր հաշվետվողականություն, ողջամիտ ժամկետ․․․ Իրականում դատավորներին վերահսկելու, հետագայում՝ նաեւ պատասխանատվության ենթարկելու համար է, զուտ այդ նպատակին է ծառայելու ու մինչեւ այս պահն էլ բացառապես այդ նպատակին է ծառայում»,- կարծում է Դավիթ Հարությունյանը։   Միլենա Խաչիկյան
18:53 - 13 նոյեմբերի, 2024
Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ստացել նկատողություն
 |news.am|

Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ստացել նկատողություն |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 5-ին հրապարակել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Քննելով Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, խորհուրդը որոշել է այն բավարարել և դատավորին հայտարարել նկատողություն։ Խորհուրդն ընդգծել է՝ դատավորն օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից 8 տարի անց դրա դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց պատշաճ հիմնավորման և պատճառաբանման, վարույթ ընդունելով և վճիռը բեկանելով թույլ է տվել իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաև անձի արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտումներ:
11:50 - 05 նոյեմբերի, 2024
ԲԴԽ-ն չի կատարի Սահմանադրական դատարանի որոշումը. Դավիթ Հարությունյանի գործի չի վերանայվի

 |factor.am|

ԲԴԽ-ն չի կատարի Սահմանադրական դատարանի որոշումը. Դավիթ Հարությունյանի գործի չի վերանայվի |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը չի վերանայի: Այս մասին որոշումը ԲԴԽ-ի կայքում հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 18-ին:  Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։ ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։ ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և Բարձր դատարանը մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններով»,- որոշման մեջ նշել էր Սահմանադրական դատարանը: Այս որոշումից հետո Դավիթ Հարությունյանը դիմել էր ԲԴԽ` իր գործի վերանայման պահանջով: ԲԴԽ-ն դիմումը գրավոր  է քննել ու առանց կողմերի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի ներկայության ու այսօր  որոշել, որ գործը չի վերանայվի:  Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:38 - 18 հոկտեմբերի, 2024
Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ալեքսանդր Ազարյան

Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։ «ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության դատական ​​օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև, արդարադատության նախարարությանը: Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով: Այսինքն` ըստ էության փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ): Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են  իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն: Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն: Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում:  Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը: Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ։ Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։ Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը:  Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,- նշված է նախագահ Ալեքսանդր Ազարյանի հայտարարության մեջ։ 
11:23 - 15 հոկտեմբերի, 2024
ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է հայտարարել

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարելով խիստ նկատողություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։ Արդարադատության նախարարությունը, ներկայացնելով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը, նշել էր, որ միջնորդության պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Լեբեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դատավորը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետը անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որպեսզի նիստը ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախչել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։ 
13:13 - 04 հոկտեմբերի, 2024
ԲԴխ-ն դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները |factor.am|

ԲԴխ-ն դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները: Դատավորի վերաբերյալ վարույթն առնչվում է «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործի հետ։ Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ: Ըստ միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության՝ դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին, այսինքն՝ երկար է քննել գործը: Դատավոր Միսակյանը մինչ այս ևս 1 անգամ կարգապահական տույժի էր ենթարկվել՝ խիստ նկատողության, որը դեռևս մարված չէ, ուստի նրա նկատմամբ այս նոր գործով անգամ ամենամեղմ կարգապահական տույժ նշանակելը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման: Վահե Միսակյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորը, և 2024-ի մայիսի 31-ին արդարացրել է նրան։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խնդրանքով՝ Խորհրդի աշխատակազմը համարվող Դատական դեպարտամենտը ուսումնասիրություն էր կատարել և 2024-ի փետրվարին ֆիլմ է հրապարակել Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի գործերի ձգձգման պատճառների վերաբերյալ՝ պնդում կատարելով այն մասին, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի քննության տեմպն արագացրել է ԲԴԽ նոր ղեկավարության ժամանակ՝ 2023 թվականի հունվարից։
12:22 - 04 հոկտեմբերի, 2024