Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու գործող իշխանությունը չի կարողացել խուսափել պատերազմից
 |armtimes.com|

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու գործող իշխանությունը չի կարողացել խուսափել պատերազմից |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմը բոլոր առումներով 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ  խուսափել պատերազմից, որովհետև առնչվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտությանը»,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝ դա անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի հանրության համար․ «Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է»:
14:06 - 31 մայիսի, 2023
ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։   «Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:   Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը։   Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։   Նույն օրը ՄԻՊ Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, տվել աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ: Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները», - նշված է հաղորդագրության մեջ:
18:22 - 27 մայիսի, 2023
Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

2020 թվականին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են սպաներ, որոնց վարքը՝ սկսած անգամ խոսքից, անմարդկային է եղել, որոշներն էլ իսկապես փորձել են իրենց օգնել։ Արսենը այն գումարտակի զինծառայողներից է, որին հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արսենն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում, ի վերջո կարողացել են կապի դուրս գալ եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկվել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արսեն Այվազյանն այսօր հարցաքննվեց Խուռհատ սարի գործով, որի շրջանակում ամբաստանյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Արսեն Այվազյանի կարծիքով՝ Վահանյանն այն աստիճանի վիրավոր չի եղել, որ չկարողանար իրենց կողքին լինել։ Ըստ Արսեն Այվազյանի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու Ինչպես դատարանում հարցաքննված մի շարք այլ զինծառայողներ, Արսեն Այվազյանը եւս հայտնեց, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որից րոպեներ անց ասել են, թե պատահական է եղել։ Սակայն հաջորդ օրվանից սկսած նոր ժիլետներ, զենքեր են բերել, եւ ըստ Արսենի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու։ Արսեն Այվազյանը գումարտակի առանձին դասակի կազմից է եղել՝ Ռաֆայել Խալաֆյանի հրամանատարությամբ։ Վերջինիս վիրավորվելուց հետո դասակը սերժանտներն են ղեկավարել, նոր հրամանատար այդպես էլ չի նշանակվել։ Արսենը սկզբում Ջրականում է եղել, որտեղից նահանջից հետո տեղափոխվել է Հադրութ։ Իշխան Վահանյանին առաջին անգամ այնտեղ՝ Հադրութի դպրոցում է հանդիպել։ Ըստ նրա՝ քայլքի մեջ որեւէ փոփոխություն չի եղել, այսինքն՝ Վահանյանի՝ այդ փուլում ենթադրյալ վիրավորման մասին վկայող ոչինչ տուժողը չի տեսել։  Դպրոցում են եղել նաեւ մի շարք այլ հրամանատարներ, որոնք, ըստ տուժողի, իրենց փորձում էին ինչ–որ բաներ բացատրել, որոնք, սակայն, իր գնահատմամբ, որեւէ կերպ օգտակար չէին լինելու, օրինակ՝ ասում էին, որ տանկերի դիմաց ավտոմատով կրակեն։ Այդ ժամանակ է, որ տուժողը լսել է, թե ինչպես է գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը արդեն նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանին ասել՝ ով նահանջի, մեջքից կխփես․ «Գարիկ Վարդերեսյանը մինչեւ պատերազմը՝ հեռախոսով խոսելիս, ասել է նաեւ՝ բոլորը մեռնելու են, ինքը ողջ է մնալու, գնալու եք մեռնեք, տենց բան եմ հիշում, դա անմարդկային էր»,– պատմեց տուժողը (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ)։ Հադրութի դպրոցը եւս հրետանու հարվածի տակ է ընկել․ նորակոչիկների գումարտակին ուղարկել են Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Թե ով է տվել այդ հրամանը, Արսենը հստակ չգիտեր․ ասաց՝ կամ Վարդերեսյանը, կամ Վահանյանը։ Սարում հարձակումից հետո տուժողը որեւէ հրահանգ չի լսել Արսեն Այվազյանի խոսքով՝ թեեւ սարում սպաներ եղել են, սակայն բուն մարտի պահին ինքը նրանցից ոչ մեկին չի տեսել, դիրքավորման մասին հրամանները զինվորներն իրար խոսքով են փոխանցել․ «Գիշերը հրետանու հարվածներ են եղել, առավոտյան արդեն անտառից լսեցինք կրակոցներ, ինչքանով հասկացա, երկու կողմից հարձակվեցին մեր վրա, այսինքն՝ ճակատային հատվածից եւ վերեւի սարից շրջափակեցին, ես մեջտեղի հատվածում էի, դիմացս անտառ էր, հենց անտառից էին կրակոցները՝ հրաձգային տեսակի զենքերից»։ Հարձակումից հետո, ըստ Արսենի, ինքը որեւէ հրահանգ չի լսել, անցել են պաշտպանության, բայց խուճապային իրավիճակ է եղել․ «Քանի որ բոլորս 2-3 ամսվա զինծառայողներ էինք, զինվորական փորձ չունեինք, բնականաբար, շատ դժվար էր, հստակ չգիտեինք՝ ինչ անել, որն է ճիշտ, որը՝ սխալ, ու խուճապը իրոք շատ էր, բայց եթե հրաման լիներ, դա կառավարելի կլիներ»։ Փոխհրաձգությունը, ըստ նրա, տեւել է մի քանի րոպե, որից հետո սկսել են վիրավորներին իջեցնել։ Այդ ժամանակ եւս հրամանատարական կետի մոտ ոչ մեկին տուժողը չի տեսել։ Առհասարակ, Իշխան Վահանյանի ենթադրյալ վիրավորման եւ փախուստի մասին նա միայն լսել էր, անձամբ չէր տեսել։ Հաշվի առնելով, որ ըստ բժշկական թղթերի՝ Վահանյանը սարում բեկորային վնասվածք է ստացել, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ սարում հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, եթե, ըստ տուժողի, հրաձգային զինատեսակներից էին կրակում։ Դա Այվազյանը քիչ հավանական համարեց՝ նշելով, որ խիտ անտառ էր, ծառերը կխոչընդոտեին։ Վիրավորներին իջեցնելուց հետո նա այլեւս հետ չի բարձրացել, որովհետեւ զորքն արդեն նահանջելիս է եղել։ Հավաքվել են, սկսել քայլել այն ճանապարհով, որով կամազները վիրավորներին են տարել․ «Մենք ճանապարհով իջնում էինք ներքեւ, հետո հրաման եկավ, որ էդտեղ վտանգավոր է, պետք է բարձրանանք Սարիշենի կողմ․ էնտեղ մերոնք են»։ Թե ով էր այդ հրամանը տվել, Արսենը չգիտեր։ Այդ ընթացքում է, որ զորքը բաժանվել է երկու մասի․ ըստ Արսենի՝ քանի որ անձրեւ էր եկել, բարձրանալը դժվար էր, ոտքերը սահում էին։ Այդպես հետ են ընկել զորքից, հայտնվել շրջափակման մեջ․ «Հովհաննես Մուրադյանը զանգեց Արսեն Ղարիբյանին, ասաց, որ շրջափակման մեջ ենք, նա էլ ասաց՝ եթե չեք հասցրել հասնել Սարիշեն, իջեք ներքեւ»։ Դրանից հետո Մուրադյանը, ըստ տուժողի, եւս մի զանգ է կատարել ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյո՞ք Հադրութի զորամասում հայեր են, ինչին ի պատասխան՝ ստացել է տեղեկություն, որ հայկական համազգեստով են, բայց հայ թե ադրբեջանցի՝ պարզ չէ։ Մի կամավոր քեռի ասել է, թե հայեր են, որոնք շրջափակման մեջ են, ուստի որոշվել է գնալ նրանց օգնության։ Բայց ինչպես հայտնի է, Հադրութում այդ ժամանակ արդեն հակառակորդն է եղել, եւ նահանջող 98 հոգանոց անձնակազմը այնտեղ չի էլ հասել․ ճանապարհին զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը, զոհվել է նաեւ այդ կամավոր քեռին։ Հիշեցնենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն չի իմացել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը մեղադրողից հետաքրքրվեց՝ քեռուց որեւէ լուսանկար կամ ֆոտոռոբոտ կա՞, ինչին մեղադրողը բացասական պատասխան տվեց․ «Փորձել ենք օպերատիվ–հետախուզական ճանապարհով ճշտել, բայց դրական արդյունք չի եղել, գիտենք միայն, որ անունը Արտյոմ է»։ Մնալով մոտ 25 հոգով՝ 2-3 ամսվա զինծառայողները թաքնվել են գյուղի տներում, հեռախոսով կապ հաստատել հիշյալ Գարիկ Վարդերեսյանի հետ։ Վերջինս, ըստ տուժողի, ասել է՝ նորմալ է, գալիս ենք ձեր հետեւից, դուք դուխով ենք, սակայն ոչ ոք այդպես էլ օգնության չի հասել։ Փոխարենը հակառակորդն է նկատել իրենց․ «Որոշ ժամանակ հետո մեզ տեսան, ռուսերենով գոռացին՝ դուրս եկեք, շրջափակման մեջ եք, բայց այդպես էլ տուն չեկան, հաջորդ օրը պաշտոնով մեկն եկավ, իջավ տան մոտ, մեր տղաներից մեկը պատուհանից իրեն սպանեց ու մենք իջանք անտառ․․․ Անտառում ահագին ժամանակ սպասեցինք, երբ արդեն ցրտում էր, որոշվեց, որ առանձնանանք, քանի որ տարբեր կերպ էինք տեսնում դուրս գալու ելքը»։  Այդպես 6 ընկերներով բաժանվել են, անցել գյուղից գյուղ, տնից տուն․  «Դեկտեմբերի 17-ի կողմն էր, արդեն ջուրն ու ուտելիքը վերջանում էր, տղաներից 2–ը գնում են՝ տեսնեն ջուր կա՞, մտնում ենք մի գյուղ, Ջաբրայիլի կողմերն էինք, հասկանում ենք, որ կապ կա, զանգ ենք կատարում, հարցեր տալիս՝ ո՞նց կողմնացույց սարքենք, ո՞նց գնանք Պարսկաստան, պատերազմը ո՞նց է վերջացել․․․ Ամսի 18-ին ասում են՝ բացատրեք ձեր տեղը, Արմանն է բացատրում՝ ոնց ենք եկել, գաղտնաբառ ենք որոշում՝ «Հոկտեմբերի 22»՝ Արմանի ծնունդի օրը․․․ Դեկտեմբերի 20-ին արդեն լսում ենք՝ «Հոկտեմբերի 22»․․․ Կարմիր Խաչն էր, խաղաղապահները, մի քանի ադրբեջանցի ու հայեր»։ Իշխան Վահանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդություն ներկայացվեց Տուժողի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։ Միջնորդությամբ Վահանյանը նշել էր, որ շուրջ 2 տարի է, ինչ կալանքի տակ է, եւ այս ընթացքում հարցաքննվել են դատակոչված վկաների եւ տուժողների մեծ մասը, ինչով պայմանավորված՝ նա այն կարծիքին է, որ առկա են բավարար հիմքեր իր նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը վերացնելու համար․ «Ապացույցների մեծ մասը արդեն իսկ հետազոտվել է, ես օբյեկտիվորեն չեմ կարող ազդել վկաների կամ տուժողների վրա, չեմ կարող խոչընդոտել գործի քննությանը եւ ոչ մի մտադրություն չունեմ, ես պատրաստ եմ անկեղծ ցուցմունք տալ եւ ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունը, ունեմ 20 տարվա զինվորական կենսագրություն, 2 անչափահաս երեխա, հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ»,– նշել էր ամբաստանյալը՝ հավելելով, որ եթե դատարանը նպատակահարմար կգտնի, ինքը պատրաստ է նաեւ հնարավորության սահմաններում գրավ վճարել։ Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը։ Մասնավորապես, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ չբերվեց որեւէ օբյեկտիվ պատճառաբանություն, ըստ որի՝ կալանավորումը պետք է փոխվի ավելի մեղմ խափանման միջոցով։ Ըստ մեղադրողի՝ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ Իշխան Վահանյանը ազդեցություն կգործադրի դատակոչի ցուցակում ներառված անձանց վրա կամ կխոչընդոտի գործի քննությանը․«Թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նշվում է, որ վերահաս պատժի ծանրությունը չի կարող կանխորոշիչ նշանակություն ունենալ, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրվում է երկու առանձնապես ծանր հարցագործություն, որոնց համար նախատեսվող պատիժը առավել քան մեծ է, ուստի այս պայմաններում, հաշվի առնելով նաեւ իմ կողմից մատնանշածը՝  մեծանում է հավանականությունը, որ նա կարող է փորձել ազդեցություն գործադրել վկաների կամ տուժողների վրա»։ Տուժողների ներկայայցուցիչ Գուրգեն Գրիգորյանը, միանալով մեղադրողի առարկությանը, նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ ընդգծելով, որ իրենց կողմից ներկայացվել են նոր հաղորդումներ, նախաձեռնվել նոր վարույթներ, ուստի չի բացառվում, որ Վահանյանին նոր մեղադրանք ներկայացվի։ Գրիգորյանի այս դիտարկումը Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը անմեղության կանխավարկածի խախտում որակեց։ Նա նաեւ ընդգծեց՝ մեղադրողը իրավացիորեն նշեց, որ արարքի ծանրությունը եւ սպասվելիք պատժի խստությունը խոչընդոտող հանգամանք չեն կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու համար։  Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 7-ին։   Միլենա Խաչիկյան
23:34 - 25 մայիսի, 2023
Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան
 |armeniasputnik.am|

Պատերազմից հետո բոլորը խոսել են ինքնորոշումից, բացի Փաշինյանից. Մամիջանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Նիկոլ Փաշինյանը խաբում է, երբ ասում է, թե պատերազմից հետո ինքնորոշման տարբերակ չկար։ Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Դա փաստ է, որը հերքել չենք կարող»,- նշեց Մամիջանյանը։ Նա վստահեցնում է` ՀՀ վարչապետը խաբում է նաև այն ժամանակ, երբ ասում է, թե կարող է 29.8 ք/կմ տարածքը պահել, որովհետև թշնամու ախորժակը սահմանափակել չի լինում։ Մամիջանյանը նաև անդրադարձավ օրեր առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ–ական պատգամավորներից մեկի այն խոսքերին, թե ընդդիմությունը խոսում է Արցախի հանձնման մասին, բայց չեն խոսում նրանից, որ 29.8 ք/կմ տարածքը ֆիքսված է։ «Դա նույն միտքն է, որ Հայաստանի մարզերի կեսը հանձնեն ու գան, ասեն` բա ինչի չեք գովում, որ Սարյան փողոցը պահեցինք»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է միջազգայնորեն ապահովվող անվտանգության երաշխիքներին, նա բոլոր այն ՔՊ–ական պատգամավորներին, որոնք կողմ են արտահայտնվում միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի կազմում լինելուն, առաջարկեց գնալ և այդ երաշխիքներով ապրել այնտեղ։
13:34 - 25 մայիսի, 2023
Զոհված զինծառայողի մորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան
 |hetq.am|

Զոհված զինծառայողի մորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Ռուբեն Մելիքյան |hetq.am|

hetq.am: Երեկ կեսգիշերին զոհված զինծառայողների ծնողները և հարազատները փակել էին Արշակունյաց պողոտան՝ հաջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի։ Քննչական մարմինը Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է քննվի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր ներկայացրած բողոքը։ Ըստ ընթացակարգի՝ եթե այդ ընթացքում ներկայացվում է նաև կալանավորման միջնորդություն, դրանք համատեղ են քննվում։ Քանի որ նոր նյութեր են ներկայացվել, դատարանը մեզ հարցրեց, թե որքան ժամանակ է մեզ անհրաժեշտ, մենք 1 ժամ խնդրեցինք, և նիստը հետաձգվեց մինչև 01։00»,- ասաց Մելիքյանը։ Նրա խոսքով՝ կալանավորման միջնորդության հետ կապված երեք տարբեր որոշումներ կարող է ընդունել դատարանը։ «Առաջինը՝ այն կարող է բավարարվել, երկրորդը՝ այն կարող է մերժվել և միջանկյալ տարբերակն է, որ դատարանը կարող է ասել՝ ես համաձայն եմ, որ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ կամ միջոց, միայն թե կալանք չկիրառվի»,- ասաց փաստաբանը։ Նշենք, որ Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ կալանավորման միջնորդության քննությունը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:00 - 19 մայիսի, 2023
Հացադուլի պայմաններում զոհվածի մոր կյանքին վտանգ է սպառնում. փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի |news.am|

Հացադուլի պայմաններում զոհվածի մոր կյանքին վտանգ է սպառնում. փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, պաշտոնապես հայտարարեց հացադուլի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ զոհվածի մայրը հացադուլի մեջ, փաստացի, գտնվում է դեռեւս երեկ՝ 15:00-ից: «Նա նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ եւ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների»,- նշեց Հովհաննիսյանը: Փաստաբանն ասաց, որ այս պահին պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը. «Քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում»: Հովհաննիսյանի խոսքով՝ ձերբակալման որոշման հիմքերը ոչ իրավաչափ են եւ ծիծաղելի. «Ձերբակալման հիմքը՝ փախուստն է, եւ երկրորդ ծիծաղելի հիմքն այն է, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առեվանգել Աշոտ Փաշինյանին»: Նա ասաց, որ առերեսում անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է դեռեւս երեկ՝ 23:00-ի սահմաններում. «Աշոտ Փաշինյանը որպես տուժող իրավունք չունի հրաժարվել առերեսումից: Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, armtimes.com-ը գրեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալկ առևանգման փորձի մասին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ոստիկանությունից հաստատեցին, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը պատմել է, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ․ «Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել»։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ հաղորդագրությունում մանրամասներ կան ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ, որոնք չեն համընկնում ծնողների պատմածների հետ։
17:06 - 18 մայիսի, 2023
Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա |aysor.am|

Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դա, ըստ նրա, նվազեցնում է պատասխանատվությունը։ «Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։ Թաթոյանն ասաց, թե առնվազն 80 դեպք կա, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Թաթոյանն ասաց, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։
12:32 - 12 մայիսի, 2023
Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով |aysor.am|

Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով |aysor.am|

aysor.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: «Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա: Խաչատրյանն անիմաստ է համարում իր մասնակցությունն այդ հանձնաժողովում: «Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները», - նշեց ԳՇ պետի նախկին տեղակալը: Նրա գնահատմամբ՝  հանձնաժողովում հավաքվածները մասնագետներ չեն: «Այդ հանձնաժողովում հավաքված են զինվորական գործից անտեղյակ մարդիկ: Մարդիկ պետք է բանից տեղյակ լինեն, որ իմանաս՝ ինչի մասին ես խոսում», - ասաց Խաչատրյանը:
16:02 - 08 մայիսի, 2023
44-օրյան քննող հանձնաժողովը միայն պատերազմի հետևանքներից Փաշինյանին մաքրելու ուղղությամբ է աշխատում․ Թագուհի Թովմասյան
 |tert.am|

44-օրյան քննող հանձնաժողովը միայն պատերազմի հետևանքներից Փաշինյանին մաքրելու ուղղությամբ է աշխատում․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության ու ցանկության հետ։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է և միտված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրի։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սա ուղղակի աբսուրդ է», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սովորաբար քննիչ հանձնաժողովները գործիք են լինում ընդդիմության ձեռքին և ոչ թե իշխանության։ Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան զեկույցին՝ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ վերջին 5 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել «Մարտի 1»-ի գործի բացահայտման հարցում։ «Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա «ուչաստկովի» մակարդակի բացահայտման գործ է, և հենց երկրում եղավ իշխանափոխություն «Մարտի 1»-ի գործն անխուսափելիորեն կբացվի», - նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, սակայն տվյալ գործն այդպես էլ չբացահայտվեց։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:03 - 04 մայիսի, 2023
44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի
 |news.am|

44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի |news.am|

news.am: Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։ Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում։ Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։ Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը։ Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ–ից, և ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։ 2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ:
12:02 - 04 մայիսի, 2023
ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա բարձրաստիճան սպաների

ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա բարձրաստիճան սպաների

44-օրյա պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատակոչի ցուցակը կլրացվի։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն այսօր միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ զինված ուժերի նախկին եւ գործող բարձրաստիճան 4 զինվորականների։  Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալը, մեղադրվում է  Քրեական օրենսգրքի (2003թ․) 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա գործով դատաքննությունը։ Վերանյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Պաշտպանը միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը Անդրանիկ Վերանյանի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Մեջբերելով մի շարք իրավանորմերի դրույթներ՝ Նորիկյանը պնդեց՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԳՇ պետը, հանդիսանալով առանցքային զինվորական, իրականացնում է ԶՈՒ գնդերի տեղաշարժը, մարտական գործողությունների ներգրավվումը կամ դուրս բերումը, այդ ընթացքում անձնակազմի վերաբերյալ համապատասխան որոշումների կայացումը, ուստի այս դեպքում էական է կոնկրետ զորամասի անձնակազմի տեղաշարժի, անմիջապես ԳՇ պետից ստացած հրահանգների եւ մի շարք այլ հանգամանքների պարզումը․ «Այս ողբերգությունը արձանագրվել է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Հարություն Օհանյանը, որպես ականատես մարդ, ում աչքի առաջ իր որդին զոհվել է, Գլխավոր դատախազություն է դիմել դեկտեմբերի 8-ին, այսինքն՝ 2 ամիս անց, ինձ՝ որպես քաղաքացու, հետաքրքրում է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ինչպե՞ս է գնահատել այդ իրավիճակը, այդ ընթացքում ինչո՞ւ առնվազն ծառայողական քննություն չի իրականացրել, այդ ընթացքում ի՞նչ է զեկուցվել ԳՇ պետին այս դեպքի մասին, զեկուցվե՞լ է թե՞ չի զեկուցվել․․․ Պատկերացրեք՝ Հարություն Օհանյանը չէր դիմում Դատախազությանը, հաղորդում չէր ներկայացնում, ԳՇ-ն կամ պետական իրավասու այլ մարմինները որոշակի քայլեր չպե՞տք է ձեռնարկեին 18 զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ եթե այս գործում իսկապես մեղավորներ կան, ապա նրանք մեկից ավելին պիտի լինեին։ Ըստ Նորիկյանի՝ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորած է նրանով, որ գործով առկա գաղտնի փաստաթղթեր ուսումնասիրելու մասին արձանագրությանը կից ներկայացվել են ոչ գաղտնի՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրեր․ «Պաշտպանության կողմը գտնում է, որ մասնագիտական համատեքստում նշված վարչության պետի հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ սույն քրեական գործի վրա»։ Ինչ վերաբերում է զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, վերջինս, ըստ պաշտպանի, կարող է հայտնել տեղեկություններ՝ զորամասի անձնակազմը մարտական գործողությունների վայր տեղափոխելու, զորամասի անձնակազմին համապատասխան օդային հարձակումների դեպքում հրահանգավորման ապահովման, ԱԹՍ-ների հարձակման դեպքում ենթակա անձնակազմի գործողությունների, սպայական կազմի գործողությունների, կատարված ողբերգության վերաբերյալ ի պաշտոնե ստացած զեկույցների եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ։ Նորայր Նորիկյանն առանձնահատուկ ընդգծեց ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հարցաքննության անհրաժեշտությունը՝ նշելով, որ քրեական գործում առկա է գործով մեղադրող Հայկ Մարգարյանի ցուցումը՝ Բուդաղյանին հարցաքննելու մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը մինչդատական փուլում կարեւորել է նրա հարցաքննությունը, սակայն, չգիտես ինչու, վերջինս չի ընդգրկվել դատակոչված վկաների ցուցակում․ «Դրանից բացի, գործում առկա է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի գրությունը՝ ուղղված Արտակ Բուդաղյանին, որով բարձրացվել են գործի համար առանցքային նշանակության հարցեր, եւ ինչպես այդ հարցերին, այնպես էլ ցուցմունքով Արտակ Բուդաղյանը տվել է էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ, որոնք առանցքային են սույն քրեական գործի համար»։ Մեղադրող եւ տուժող կողմերը չառարկեցին միջնորդության դեմ Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը՝ նախ նշելով, որ հիշյալ անձինք դատակոչի ցուցակում չեն ընդգրկվել, քանի որ նախաքննական մարմինը նրանց ցուցմունքները էական չի համարել, սակայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների եւ հարցաքննված վկաների ցուցմունքների պայմաններում ինքը եւս կողմ է, որ նրանք դատակոչվեն եւ հարցաքննվեն․ Լուսանկարում՝ դատախազ Հայկ Մարգարյանը «Ես չեմ առարկում միջնորդության դեմ, ընդամենը մեկ նկատառում․ Գարիկ Մովսեսյանը ՀՕՊ զորքերի պետ է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2021 թ․ օգոստոսի 17-ի հրամանագրով, ըստ այդմ, այդ մասով առարկում եմ, եւ որպես ի գիտություն՝ պատերազմի ժամանակ ՀՕՊ զորքերի վարչության պետը եղել է Արմեն Վարդանյանը, ըստ այդմ, միջնորդում եմ, որ նույն տրամաբանությամբ հրավիրվի ոչ թե Գարիկ Մովսեսյանը, այլ Արմեն Վարդանյանը»,- ասաց մեղադրողը։  Նորայր Նորիկյանը համաձայնեց դիտարկմանը։ Տուժողների իրավահաջորդները նույնպես միացան միջնորդությանը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի․ զորամասերի նախկին հրամանատարներ (ներկայումս ծառայության մեջ են) Բուդաղյանին եւ Գեւորգյանին դատակոչելու մասով բավարարել, իսկ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՕՊ վարչության նախկին եւ ներկա պետեր Գարիկ Մովսեսյանի եւ/կամ Արմեն Վարդանյանի մասով՝ հետաձգել մինչ էական հանգամանքների պարզումը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց՝ որոշումը պայմանավորված է նախ նրանով, որ պաշտպանության կողմը պետք է հնարավորություն ունենա հավասար պայմաններում դատարան կանչելու եւ հարցաքննելու վկաների։ Դրանից բացի, դատավորը նշեց՝ նախկին հրամանատարներին կարող են անմիջականորեն հայտնի լինել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկություններ, իսկ մյուսներին՝ դատարանի այս պահի գնահատմամբ՝ միայն ընդհանրական բնույթ ունեցող տեղեկություններ։ Դատարանը հետաձգված միջնորդությանը կանդրադառնա հիշյալ երկու վկաներին հարցաքննելուց հետո։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր վկա Երվանդ Իսկանդարյանը․ վերջինս պատշաճ ծանուցվել, սակայն նիստից րոպեներ առաջ էր միայն տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։ Դատարանը տեղեկացրեց, որ հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին։ Հիշեցնենք՝ Անդրանիկ Վերանյանը, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ նաև` ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:   Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Միլենա Խաչիկյան
19:34 - 28 ապրիլի, 2023
Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարած և Կառավարության շենքի գույքը վնասած Ա.Բ.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարած և Կառավարության շենքի գույքը վնասած Ա.Բ.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հաղթահարելով ոստիկանական պատնեշը՝ մասնակցել է Կառավարության շենքի մուտքի դուռը վնասելուն և շենք մուտք գործելուն ուղղված այլ անձանց գործողություններին: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն ոտքով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, աջ ձեռքի արմունկով երկու և ավելի անգամ հարվածել է նաև դռան ապակուն, ապա իր և մյուսների կողմից վնասված ՀՀ կառավարության շենքի մուտքի դռան պատուհանով մուտք է գործել շենք. զանգվածային անկարգությունների հետևանքով ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է պետական և մասնավոր գույք: Այնուհետև, Ա.Բ.-ն գնացել է Դեմիրճյան փողոց և, միանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, փորձել է բռնություն գործադրել ԱԺ նախագահ Ա.Մ.-ի նկատմամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից գույք վնասելը) և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու փորձը) նախատեսված հանցանքներ կատարելու համար: Ա.Բ.-ի նկատմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2023 թվականի ապրիլի 26-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:09 - 27 ապրիլի, 2023