Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ |tert.am|

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Դրանում նշվում է, որ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը հետաքննում են այս փաստը։ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներ բարձված խաղաղապահ զորակազմի ավտոշարասյան անցումը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2522,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթուցիկ առարկա։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է տեղեկագրում։ Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ «Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները, և հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։
21:50 - 26 մարտի, 2023
Ադրբեջանի ԶՈՒ դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն․ Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի ԶՈՒ դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն․ Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Այս մասին հատնում է Արցախի տեղեկատվական շտաբը։   «Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:   Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ:   Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել էր, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Արցախում ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»։ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր դեպքը՝ նշելով, որ ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր դուրս բերելու համար։
23:52 - 25 մարտի, 2023
Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն |armenpress.am|

Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։ «Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված։ Կա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհ և այդ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև դեղամիջոցներ՝ ոչինչ չի անցնում։ Մարդիկ մնացել են հայկական կողմում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Այս իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, ինչն այնքան կբարդացնի տեղացիների կյանքը, որ շատերը ուղղակի կարող են լքել տարածքը։ Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես որ երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում  Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները»,- ասել է Ռասմուսենը։ Հարցին, թե ինչպիսի ճնշման մասին է խոսքը, Ռասմուսենը պատասխանել է․ «Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը կապված են միմյանց էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։ Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո մեզ այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ Կարևոր է Բաքվին ասելը, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպելու հայացքը մի կողմ թեքել պոտենցիալ հումանիտար աղետից։ Հնարավոր է, որ Իլհամ Ալիևն ավտոկրատ է, ինչպես և Վլադիմիր Պուտինը, սակայն ես հաստատակամորեն հավատում եմ, որ նա գիտակցում է , որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն, ինչպես իր ռուս գործընկերոջը։ Ես կարծում եմ, որ Ալիևը մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»։  Ռասմուսենը հավելել է, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ «Ես իմ աչքերով եմ տեսել զինվորների, որոնք վերահսկում են ճանապարհը։ Նրանք շատ մոտ են գտնվում արգելափակման վայրին, սակայն ոչինչ չեն անում։ Մոսկվան ոչինչ չի արել այս իրավիճակը կանխելու համար, ինչպես որ ոչինչ չի ասել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Մոսկվան բացի այն, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաև հնարավորություն չունի դրա համար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։  Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ռասմուսենի խոսքով՝  առաջին հերթին դա կարող է սպառնալիքի  տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ «Ահա թե ինչու եվրոպական պետությունները պետք է զբաղվեն Հարավային Կովկասով։ Կարծում եմ, որ Եվրոպական Միությունը հասկացել է, թե ինչ է դրված խաղասեղանին՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։ Այս պահին դիտորդների խումբը շատ փոքր է, միջոցները չափազանց սահմանափակ են, իսկ փորձագետները հասանելիություն չունեն սահմանի ադրբեջանական հատվածին։ Սակայն սա լավ բազա է»,- ասել է Ռասմուսենը՝ նշելով, որ դիտորդների նպատակն է միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը, որովհետև Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել, քանի դեռ կան եվրոպական դիտորդները։ Նա Եվրոպական Միությանը կոչ է արել ավելի երկարաժամկետ հեռանկարում իրական փաստահավաք առաքելություն ուղարկել, որպեսզի ներկայացվեն Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ փաստագրված և հաստատված փաստեր։ Ռասմուսենը նշել է, որ նաև պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղ բանակցություններին մասնակցելու կոչ հղեն։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ այս առումով Հայաստանի վարչապետը մեծ ճկունություն է դրսևորել՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության առաջնահերթ լինելու մասին։  Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ է միջազգային մեխանիզմի ներդրում, որը կհետևի այդ երաշխիքների իրականացմանը։  Ռասմուսենի խոսքով՝ դա անիրականանալի է առանց խաղաղապահ առաքելության, որն ունակ կլինի նախազգուշացնել էթնիկ զտումենրի սպառնալիքի մասին։ Այս առումով նա կոչ է արել ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային զինված առաքելություն ուղարկել Լեռնային Ղարանբաղ։
23:18 - 25 մարտի, 2023
Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին  |tert.am|

Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին |tert.am|

tert.am: Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին, ապա ենթադրվում է, որ ռուս խաղաղապահները սա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ըստ էության նման քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Այս մասին ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը: «Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Ռուս խաղաղապահները ջանք են գործադրում խնդիրը լուծել քննարկումների և դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով: Երբ Ադրբեջանը ճանապարհի փակման համար ներկայացնում է այն հիմնավորումը, թե իբր Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում կամ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, այս մտահոգությունները փարատելու համար նույնիսկ ռուսական կողմը քննարկեց հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ «մտահոգությունները» փարատելու հարցը: Բայց Ադրբեջանը իր մոտեցմամբ վերահաստատեց, որ այդ փաստարկներն իրականում ձևական պատճառաբանություններ են»,-ասաց Արցախի պետական նախարարը: Վերջինս մեկ անգամ ևս նկատեց, որ խաղաղապահների կողմից շարունակվում են անհրաժեշտ բոլոր միջոցները խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար:
13:56 - 23 մարտի, 2023
ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը․ հույս ունենք, որ այդ գործառույթը կկատարի լիարժեք․ Փաշինյան

ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը․ հույս ունենք, որ այդ գործառույթը կկատարի լիարժեք․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: «Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում»,- նշեց Փաշինյանը: Նա շեշտեց, որ այս պնդումներն անհիմն են: Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: «Հետևաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն: Այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև դեկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ: Ադրբեջանի նախագահը հրաժարվեց»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունն արդարացված է։ «Բայց Պաշտպանության բանակը ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ: Այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը»,- ասաց նա: «ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունն ու ստանձնել է ԼՂ ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների ու քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի, և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը որևէ կանխավարկած չունի ԼՂ-ում ՌԴ զորախմբի գործունեության վերաբերյալ։ «Պարզապես վերջին երկու տարվա իրադարձությունները, մասնավորապես Խծաբերդի ու Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու փորձերն անհանգստացնում են»,- հավելեց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց ՌԴ խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»,- ասաց նա:
12:16 - 16 մարտի, 2023
Խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ և զենք չեն տեղափոխվել. Արցախի ՆԳՆ-ն հերքում է

Խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ և զենք չեն տեղափոխվել. Արցախի ՆԳՆ-ն հերքում է

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:     Ինչպես հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից, իրականում ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են:     Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստան:     Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին ՈՒԱԶ մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:     Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում:  
16:49 - 14 մարտի, 2023
Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների»
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների» |1lurer.am|

1lurer.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրա լուրջ մարդասիրական ազդեցությունը: «Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի: Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի անկախ տեղական լրատվամիջոցների թույլ չեն տվել անցնել անցակետերով»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ: Նշվում է նաև, որ 2023 թ. փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, այցելել նաև Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Այն մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է. «Կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են  մանիպուլացնել ազգային և միջազգային հանրային կարծիքը: Նրանք ոչ միայն խախտում են 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «էկոակտիվիստներին», այլ նաև կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման և դրա սարսափելի մարդասիրական հետևանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը և ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին և կոչ է անում վերականգնել լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան»: Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։
15:53 - 11 մարտի, 2023
Արցախի ոստիկանության ծառայողների վրա դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Արցախի ոստիկանության ծառայողների վրա դիվերսիոն հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող։ Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը ներկայացրեց ադրբեջանական հարձակման տեսանյութը, իսկ Ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տեսանյութ, որում երևում էր Ստեփանակերտից ուղևորված մեքենայի երթուղին՝ մեկնարկային կետից մինչև ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վայր։ Երեկ Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանն այս թեմայով հարցազրույց անցկացրեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հարցարույցի ընթացքում Պետրոս Ղազարայանը Արցախի պետնախարարին այսպիսի հարց ուղղեց․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, պարո՛ն Ներսիսյան, որ դեպքը չի եղել ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքում, այլ եղել է շփման գծում»։ Գուրգեն Ներսիսյանը պատախանեց․ «Դեպքը եղել է շփման գծի մոտ, այո՛, և այն Ստեփանակերտից ընդամենը 6-7 կմ հեռավորության վրա է։ Եվ եթե խոսքը վերաբերում է միջանցքին, ապա այն միջանցքի հետ որևէ առնչություն չունի․ այն մինչև միջանցքին հասնելը գտնվող հատվածում է»։ Միջանցք ասելով՝ Արցախի պետնախարարը նկատի ունի Լաչինի միջանցքը։ Իսկ հարցին, թե ով է կրակել ադրբեջանցի դիվերսանտների վրա, պետնախարարը պատասխանեց․ «Այդ հատվածը, ես ինչպես նշեցի, Ստեփանակերտին մոտ գտնվող հատված է և գտնվում է մեր վերահսկողության տակ, այնտեղ մեր քաղաքացիական բնակչությունը կարող է հայտնվել, մարդիկ կան այնտեղ, անասնապահությամբ են զբաղվում, և մոտակայքում կան արցախցիների անվտանգությունն ապահովող անձինք, ովքեր, բնականաբար, ապահովում են մեր քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը և հնարավորությունը։ Եվ երբ տեղի ունեցավ այդ հարձակումը և դիվերսիոն փորձը, որը կարող էր նաև այլ հետևանքներ ունենալ (մենք, բնականաբար, Ադրբեջանի բոլոր ծրագրերի մասին չգիտենք), բնականաբար, իրենք, այո՛, սկսեցին ինքնապաշտպանություն ապահովել»։ Արցախի պետնախարարի պատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին այդ հատվածում միայն Լաչինի միջանցքն է, իսկ ընդհանուր խոսակցությունից տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս։ Սակայն դա այդպես չէ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում պարբերաբար թարամցվող քարտեզ է հրապարակված, որտեղ երևում են ինչպես Արցախում խաղաղապահների դիտակետերը, այնպես էլ խաղաղապահների պատասխանատվության գոտին։ Քարտեզի վրա նշված է, որ կապույտ գծից ներս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին է։ Ռուսաստանի ՊՆ կայքում հրապարակված քարտեզը «Հետք»-ը երեկ, հիմնվելով Արցախի ոստիկանության և ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութերի վրա, տեղորոշել էր դիվերսիոն խմբի հարձակման վայրը։ Ստորև կարող եք տեսնել դեպք վայրը, Շուշիից Լիսագոր հատվածը, և այդ հատվածով անցնող ճանապարհը (ճանապարհը քարտեզի վրա դեղին գույնով է)։ Նայելով խաղաղապահ զորախմբի հրապարակած քարտեզին՝ պարզ է դառնում, որ Շուշիից Լիսագոր հատվածի ճանապարհը (քարտեզի վրա կրկին նշված է դեղին գույնով) կապույտ գծից ներս է, իսկ դեպքի վայրն ավելի խորքում է, քան ճանապարհը։ Սա նշանակում է, որ  դեպքը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն օր տեղեկագիր է հրապարակում՝ ներկայացնելով Արցախում իրավիճակը և կատարվող աշխատանքները։ Մարտի 5-ի տեղեկագրում միջադեպի մասին ոչինչ չկար, իսկ մարտի 6-ի տեղեկագրում նշվում էր հետևյալը․ «Մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմն ունեցել է հետևյալ կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»։ Հետաքրքիր է, որ անդրադառնալով կատարվածին՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունն արձանագրել է, որ ոստիկաններին տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այսպիսով, Պետրոս Ղազարյանի և Գուրգեն Ներսիսյանի հարցուպատասխանից կարող է տպավորություն ստեղծվել, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, սակայն իրականում դեպքը տեղի է ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտում։   Գլխավոր լուսանկարում՝ ոստիկանության ծառայողների մեքենան Աննա Սահակյան, Ռոման Աբովյան
15:58 - 07 մարտի, 2023
Արցախում քաղաքացիները ավտոերթ կիրականացնեն դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր

Արցախում քաղաքացիները ավտոերթ կիրականացնեն դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մենք՝ Արցախի հանրությունս, այլևս իրավունք չունենք լռելու: Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները և ռուս խաղաղապահների պայմանագրի պարտավորությունները չկատարելը՝ մեզ՝ Արցախցիներիս, այլևս ստիպում է չլռել և ներկայացնել մեր պահանջները: Երեկվա՝ 2023 թվականի մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, որն է ՝ Ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։  Վաղը՝ մարտի 7-ին, մեր սպանված քաղաքացիների հուղարկավորությունից հետո մենք՝ Արցախի քաղաքացիներս, ժամը 15:00-ին հավաքվում ենք «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ և ավտոերթով շարժվում դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր՝ օդանավակայան՝ արտահայտելու մեր դիրքորոշումը»:  
22:17 - 06 մարտի, 2023