ԿԱՐԴԱԼԻՔ

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում դռնփակ հարցաքննվում է գնդապետ Ժիրայր Պողոսյանը

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով դատարանում դռնփակ հարցաքննվում է գնդապետ Ժիրայր Պողոսյանը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործի քննությունը։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով Ջրականի շրջանում նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այժմ վկաների հարցաքննության փուլում է։ Դատակոչված առաջին վկան ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի նախկին հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանն է (պաշտոնից ազատվել է 2021 թ․ օգոստոսին)։ Ժիրայր Պողոսյանը Նախորդ դատական նիստին Պողոսյանը միջնորդել է իր հարցաքննությունն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը բավարարել է՝ պատճառաբանությամբ, որ հարցաքննության ընթացքում հնարավոր է հրապարակվեն ռազմական եւ պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։  Նշենք՝ Ժիրայր Պողոսյանն այն վկան է, որի հետ Հովիկ Գաբրիելյանը նախաքննության փուլում առերեսվել է, ինչը նշանակում է, որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։  Ըստ քրեական գործի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։ Գաբրիելյանը, այնուհանդերձ, ըստ մեղադրանքի, հաջորդ օրը պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին, որոնք էլ ժամեր անց տեղի ունեցած հարձակման ժամանակ մնացել են անպաշտպան եւ հայտնվել շրջափակման մեջ։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատավոր Վարդգես Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանը օրերս  բավարարել Է հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանի միջնորդությունը եւ 3 ամսով երկարաձգել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ պատճառաբանությամբ, որ ազատության մեջ մնալով՝ վերջինս կարող է ազդեցություն գործադրել նախկինում իր ենթակայության տակ գտնված վկաների վրա։ Միաժամանակ դատարանը որոշել է 3 ամսով սահմանափակել նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը (բացառությամբ՝ մերձավոր ազգականների)։ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեր զրույցում ասաց՝ իրենց համար այդպես էլ անհայտ մնաց, թե իր պաշտպանյալն այդ որ վկաների վրա պետք է ազդեցություն գործադրի՝ հատկապես հաշվի առնելով նախաքննության փուլում տեղի ունեցած առերեսումները։ Պաշտպանը կալանավորման որոշումը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Թե ում է բողոքը մակագրվել, դեռեւս հայտնի չէ։ Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Միլենա Խաչիկյան
16:03 - 31 մայիսի, 2024
Ֆինանսական թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցի միջոցով

Ֆինանսական թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցի միջոցով

Համացանցային ֆինանսական խաբեությունների ու թակարդների համար խարդախներն օգտագործում են նաեւ հայտնի մարդկանց դեմքերը։ Այժմ, օրինակ, ֆեյսբուքյան հարթակում մեկը մյուսի հետեւից պտտվում են գովազդի տակ դրված կեղծ լուրեր ռուսաստանաբնակ դերասան Գարիկ Մարտիրոսյանի նկարով։ «Սկանդալ, որը ցնցել է ողջ երկիրը․ Գարիկ Մարտիրոսյանի արած մի արտահայտությունը կործանել է նրա կարիերան», «Գարիկ Մարտիրոսյանին սպառնում է ծանր քրեական պատիժ», «Գարիկ Մարտիրոսյանը չգիտեր, որ հարցազրույցի այդ հատվածը չի կտրվելու» եւ այստեսակ «շոկ, շտապ, հրատապ» բնույթի վերնագրերով հղումներ են դրված Մարտիրոսյանի նկարների վրա։ Այդ հղումները տանում են հայտնի լրատվամիջոցի կայքին նմանակող կեղծ կայքեր, որտեղ, իբրեւ, տեղադրված է Գարիկ Մարտիրոսյանի եւ հաղորդավար Գոռ Գրիգորյանի հարցազրույցը։  Հորինված այդ հարցազրույցում Գարիկ Մարտիրոսյանը իբր վստահեցնում է, որ հնարավոր է միլիոններ աշխատել ինտերնետի միջոցով՝ բազմոցից վեր չկենալով։ Շատ հմտորեն եւ մանրամասն ձեւակերպած հարցերով այդ կեղծ կայքը փորձում է իրական զրույցի տպավորություն ստեղծել, պատմում է, թե հաղորդավարը չի հավատացել այդ խոսքերին, Մարտիրոսյանն էլ բարկացել ու ասել է՝ «չե՞ք հավատում ինձ, ուրեմն տվեք ինձ 100 դոլար եւ «այսինչ» հարթակով 12-15 շաբաթում ես կաշխատեմ 400 հազար դոլար»։ Ռուսերենից չթարգմանելով ողջ այդ հարցազրույցը՝ կարճ ասենք, որ մեկ տասնյակից ավելի էջերով հարցազրույցի ձեւաչափով գովազդվում է այն կայքը, որով, իբրեւ, հնարավոր է արագ մեծ գումար աշխատել։ Հարթակները, որոնք առաջարկում են ինտերնետի միջոցով արագորեն մեծ գումար աշխատել, ծուղակ են «Հարցազրույցը» տեղադրած կայքերը, որոնք հայտնվել են մեր տեսադաշտում, ունեն shopundertale, regratzimotorsport, notiregio, waybuys, jellyivent, heartfoot եւ webvinhomes կասկածելի անուններ պարունակող դոմեններ (կեղծ կայքերը կարող են ավելի շատ լինել)։ Դրանց բոլորի արտաքին տեսքը կրկնօրինակում է հայկական news.am լրատվական կայքի տեխնոլոգիական բաժնին՝ այդպիսով մոլորության մեջ գցելով ընթերցողին։ Հորինված հարցազրույցը՝ կեղծ կայքում    Հայկական իրական լրատվականի կայքը Այնինչ, իրականում, վերը նշված անուններով կայքերում տեղադրված ցանկացած հղման վրա սեղմելու դեպքում հայտնվում ենք նույն կայքի մեկ այլ էջում, որն այս անգամ արդեն կրկնօրինակում է կրիպտոարժույթների հետ կապ ունեցող մեկ այլ հարթակ՝ «արհեստական բանականության միջոցով կրիպտոարժույթով ինտելեկտուալ առուվաճառք» գրությամբ։ Կայքերի հենց առաջին էջում առաջարկվում է գրանցվել եւ «միացնել հրաշքն ընդամենը 30 վայրկյանում»։    Անհասկանալի, բարդ անուններով, առանց հետադարձ կապի տվյալների կայքերն անվստահելի են Կեղծ հարցազրույցում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է, թե ինչպես է պետք գրանցվել եւ ջանասիրությամբ պատմվում է, թե ինչպես են հաղորդավարը, «լրատվականի խմբագիրը» գրանցվում եւ միանգամից գումար աշխատում։ Նույնիսկ տեղադրված է բանկից գումարը հանելու կեղծ քաղվածք՝ հայկական բանկերից մեկի նշումով։  Տեքստում հիշատակված անունով հաղորդում գոյություն չունի, հիշատակված անուններից միայն Գարիկ Մարտիրոսյանն է իրական անձ, մյուս անունները հորինված են։ Այդ տեքստում տեղադրված է իբրեւ խմբագրի նկար, որի անունը Բոգդան Թարժումանյան է։ Նման անունով անձ համացանցային որոնմամբ չի գտնվում։  Լուսապատճենը՝ կեղծ հարցազրույցից Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցով կեղծ կայքերը տարածվում են ֆեյսբուքյան նոր բացված, հետեւորդ չունեցող կամ հին եւ սակավաթիվ հետեւորդներ ունեցող կասկածելի էջերի միջոցով։ Որոշ օգտատերեր արդեն նկատել են, որ նման հրապարակումները կեղծիք են։   Նույն խաբեությունը տարածվում է նաեւ համացանցի թուրքալեզու տիրույթում Այս նույն զեղծարարությունը տարածվում է նաեւ համացանցի թուրքալեզու տիրույթում․ այս պարագայում «հարցազրույցի հյուրը» թուրք դերասան Մուրատ Ջեյլանն է։  Լուսապատճեն կեղծ կայքից Գարիկ Մարտիրոսյանի «հարցազրույցում» տեղադրված «խմբագրի» լուսանկարը հետադարձ որոնմամբ փնտրեցինք Google որոնողական համակարգում։ Այն գտնվում է թուրքալեզու կասկածելի անուններով կայքերում։ Լուսապատճեն կեղծ կայքից Այդ կեղծ կայքերից մեկը գրեթե նույնությամբ կրկնում է թուրքական հայտնի Hurriyet պարբերականի արտաքին տեսքը՝ թողնելով վստահելի կայքի տպավորություն։  Լուսապատճեն իրական լրատական կայքից Ինչպես հայկական տիրույթում տարածվող նյութերի դեպքում, այնպես էլ այս, ներկայացված է թուրք դերասանի հետ արված հորինված հարցազրույց, որտեղ մանրամասնորեն գովազդվում է դարձյալ արագ գումար աշխատելու կեղծ հարթակ։  Այս տարվա ապրիլի վերջին մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է մարդկանց կեղծ ներդրումային հարթակների միջոցով կրիպտարժույթային ծուղակների մեջ գցելու թափ հավաքող պրակտիկային հաջորդող նույնքան վտանգավոր փուլին՝ «Ներդրումային զեղծարարությունների երկրորդ ալիքի խաբեությունները»։ Հայարփի Բաղդասարյան
18:40 - 30 մայիսի, 2024
«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում

«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում

«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել․ կարգապահական կլինի թե մարտական գործողությունների կլինի, ոչ մի խախտում թույլ չեմ տվել, էդ հաստատ եմ ասում»․ դատարանում այսօր այսպես եզրափակեց իր ցուցմունքը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վահանյանի հրամանատարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի 5-րդ գումարտակի նորակոչիկ անձնակազմը բարձրացրել է Հադրութին հարակից Խուռհատ սար, որտեղ էլ հաջորդ օրը հարձակման է ենթարկվել։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում Վահանյանը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու վիրավորների հետ հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Նա այժմ մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Իշխան Վահանյանի խոսքով՝ իրենց ուղարկել են սար՝ բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքների Նախորդ դատական նիստին Իշխան Վահանյանը հայտարարել էր, որ իր համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում՝ փոխարենն ուղարկելով առանձին խնդրի, երբ բոլորին էր հայտնի, որ նրանք ի վիճակի չէին խնդիր կատարելու։ Այսօր պնդեց նույնը, ասաց՝ այդ մասին բազմիցս զեկուցել է վերադաս հրամանատարությանը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, գումարտակի հրամանատարի պաշտոնը ստանձնելով՝ գիտակցե՞լ է՝ ինչ պատասխանատվության տակ է մտնում, ինչին ի պատասխան՝ Վահանյանը բացատրեց՝ գիտակցել է ե՛ւ այն, որ նորակոչիկներ են, ե՛ւ որ նոր վերակազմավորված գումարտակ է, սակայն ստանձնել է այդ պատասխանատվությունը, որովհետեւ իրենց ասվել է, որ գնում են բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու․ «Իմ ցուցմունքի մեջ էլ կա նշված, որ դիվիզիայի հրամանատարի տեղակալը եկավ Քարամյան Արթուրի հետ (զորամասի հրամանատարն է,–հեղ․), բա՝ տեխնիկա պիտի բերենք, այստեղ խրամատներ, ամրաշինական աշխատանքներ [պիտի անեք], մեր դիրքը այստեղից է լինելու․․․ Այ սենց է եղել, ոչ թե իմացել ենք՝ գնալու ենք, մտնենք [մարտական առաջադրանքի]»։ – Իսկ եթե այդ հանգամանքը չնշեի՞ն,– հարցրեց մեղադրողը։ – Չէինք անի դա, այսինքն՝ չէինք գնա, մեզ էլ չէին հանի․․․ ՊԲ հրամանատարի տեղակալը էդտեղ էր, ասեց՝ Վահանյան ջան, դուք գործ չունեք, հրադադարը տալիս են, ստորագրում են․․․ Ու իմ մտքով չի էլ անցնում, որ իրենք իմանային՝ տենց բան է լինելու, մեզ կհանեին․․․ Որովհետեւ սաղ ստորաբաժանումներն են էդտեղ եղել, միայն 5-րդ գումարտակը չի եղել․․․ Ես չեմ ուզում տենց մտածել, որ սաղին կհանեին գծով ու վերջ։ Ես մինչեւ հիմա էլ մտածում եմ, որ իրենք էլ չգիտեին, իրենք էլ էին մոլորության մեջ, - պատասխանեց ամբաստանյալը՝ հավելելով, որ իրեն խնդիրը առաջադրել է զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը, ուստի նա էլ պիտի լիներ վերահսկողը։ Քարամյանը, հիշեցնենք, դատարանում հայտարարել էր, թե ինքը 5-րդ գումարտակի հետ կապ չի ունեցել, զբաղվել է 1-ին եւ 4-րդ գումարտակներով, իսկ 5-րդով, ըստ նրա, պետք է զբաղվեր դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը։ Մեղադրողի դիտարկմանը, որ ե՛ւ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը, ե՛ւ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը իրենց ցուցմունքներում խոսել են ոչ թե պարզապես բնագիծ զբաղեցնելու, այլ պահպանության անցնելու մասին, Վահանյանն արձագանքեց՝ ասելով, որ ցանկացած զորաշարժ պահպանություն ենթադրում է, թեկուզ՝ միայն անվտանգությունից ելնելով, բայց պահպանությունն ու պաշտպանությունը տարբեր բաներ են։ Ըստ ամբաստանյալի՝ ինժեներական գործիքները այդպես էլ իրենց չեն հասել Իշխան Վահանյանի խոսքով՝ թեեւ իրենց ուղարկել են՝ ինժեներական աշխատանքներ իրականացնելու եւ խոստացել անհրաժեշտ ինժեներական տեխնիկան բերել, ոչինչ այդպես էլ տեղ չի հասել։ – Դուք, գումարտակի հրամանատար եք, պատասխանատվություն եք ստանձնել 100-ից ավելի զինծառայողների համար, անձամբ պարտավոր չէի՞ք միջոցներ ձեռնարկել այդ մինիմալ պայմանները ապահովելու համար,–հարցրեց դատախազը։ –Էդ մինիմալ պայմանները որտեղի՞ց հայթհայթեի, եթե զորամասը մեզնից հետ է, էդ գնդի հրամանատարի եւ սպառազինության գծով տեղակալի խնդիրն է․․․ Ինժեներական գործիքներ պիտի բերեր Ղազարյան Աշոտը, տենց էլ չհասան տեղ․․․  –Անգամ բահ չունեի՞ք։ –Չէ․․․ Տենց լինում է․ անձնակազմին տանում, տեղավորում են, հետո բերում են․․․ –Համալրվածության մեջ փոքր բահեր չկայի՞ն։ –Հա, էդ կային, բայց 1-2-10 հատ, չեմ հիշում․․․ Էդ մինիմալ պայմանները ապահովված եղել են, կիսատ խրամատներ, փոքր բացած եղել են, էդ տեղանքը օգտագործվել է, քանի որ դա եղել է Բալուջայի զառվետկայի վարժանքների տեղը։ –Այսինքն՝ տվյալ պահին բավարար եք համարել։ –էն առումով, որ ասել եմ՝ հեսա մնացածը կբերեն,– ասաց ամբաստանյալը։ Ըստ Վահանյանի՝ ինքը պատսպարվելու հրաման է տվել Պատասխանելով հանրային մեղադրողի մյուս հարցերին՝ Իշխան Վահանյանը պատմեց, որ հարձակման պահին ինքը զորքի մոտ է եղել, հրամանատարական կետ այդտեղ չի ունեցել։  Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Նրա խոսքով՝ իրենք անձամբ հակառակորդին չեն տեսել, վերջինս ներքեւից դեպի իրենց հրետակոծություն է սկսել․ «Ես միանգամից զեկուցել եմ զորամասի հրամանատարին, որ մենք ի վիճակի չենք պահելու, հրետակոծությունն էլ, բարձր տրամաչափի զենքերի կրակոցն էլ․․․ Արդեն առաջխաղացում ունեին մեր ուղղությամբ»,–նշեց նա։ Մեղադրողը հիշեցրեց ժամկետային զինծառայողների ցուցմունքները, ըստ որոնց՝ այդտեղ հրետակոծություն չի եղել, ուստի հնարավոր չէր բեկորային վիրավորումն այդտեղ ստանալ։ –Չե՞ն կարող տենց ասել,–հարցրեց Վահանյանը՝ ակնարկելով, որ գուցե նրանց էլ են ճնշել, որ իր դեմ խոսեն։ –Ժամկետային զինծառայողի շահագրգռվածությունը ո՞րն է նման ցուցմունք տալու կամ ասելու, որ տեսել են՝ անձամբ էիք քայլելով գնում դեպի մեքենան։ –Լավ, որ քայլելով գնում էի, հոսպիտալը ինչի՞ էր ինձ պահում,–հարցին հարցով պատասխանեց ամբաստանյալը։ Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել նաեւ, թե ինքը, որպես գումարտակի հրամանատար, այդ հրետակոծության ժամանակ մարտական ի՞նչ առաջադրանք է տվել անձնակազմին։ –Եթե հրետակոծություն է լինում, ըստ մարտակարգի՝ անձնակազմը պիտի գնա խրամախորշեր, եթե մենք չունենք մտնելու տեղ, բնականաբար, հետ ենք քաշվում։  –Այսինքն՝ խնդիր եք առաջադրել հետ քաշվելո՞ւ։ –Ինչ պետք է, ասել եմ․ երկու հատ շել է եղել, ես միանգամից ասել եմ՝ բաց տեղից գալիս ենք, հաստ ծառ է, գերան է, հենվում ենք․․․ –Դա նահանջի՞ հրաման է թե՞ վերադիրքավորման։ –Չէ, ավելի շատ պատսպարվելու, նույնիսկ ճամփան ես չգիտեի, որ ասեի նահանջ, էլ չէինք իմանում՝ մեր եկած ճամփով գնայինք, ոնց կգնայինք,– ասաց նա՝ հավելելով, որ զորքը ենթարկվում էր, բայց ինչ–որ պահից հրետակոծության պատճառով խառնաշփոթ սկսվեց, եւ բոլորը խառնվեցին իրար։ Վահանյանը պնդում է՝ մինչ հեռանալը պարտականությունները պատշաճ փոխանցել է  Իշխան Վահանյանի խոսքով՝ երբ զորամասի հրամանատարի հետ խոսել է, արդեն վիրավորում ստացած է եղել։ Վերջինս, ըստ նրա, ասել է՝ վիրավորներին հանիր, զորքին հավաք պահիր, մինչեւ ուղղություն ցույց կտանք։ Ի վերջո, ինքն էլ վիրավորներին տեղափոխող վերջին կամազով հեռացել է, իր խոսքով՝ Քարամյանի թույլտվությամբ։ Քարամյանը, սակայն, դատարանում հերքել էր դա։ Վահանյանն իր հերթին հերքեց Հայկազ Գրիգորյանի խոսքերը՝ պնդելով, որ մինչ հեռանալը իր պարտականությունները պատշաճ փոխանցել է նրան, տվել նաեւ «Այքոմ» տեսակի ռադիոկապը։ Ենթադրեց՝ հետագայում թիկունքային հատվածից հայտնաբերվել է իր մյուս՝ «Հայդարա» տեսակի ռադիոկապը։ Նա հակադարձեց նաեւ գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ վերջինս դատարանում ասել էր, որ երբ Վահանյանին նշանակելիս են եղել այդ պաշտոնին, իր առաջին հարցը եղել է՝ դու պատրա՞ստ ես զորքի ղեկավարումը ստանձնել, ինչին նա դրական պատասխան է տվել։ Ըստ Վահանյանի, սակայն, իրենց մեջ նման առանձնազրույց չի եղել։ Զոհված զինծառայողների ծնողները Տեւական հարցուպատասխանից հետո հանրային մեղադրողը թվարկեց Վահանյանի ցուցմունքից այն հանգամանքները, որոնք հերքվում են հարցաքննված շուրջ 4 տասնյակ վկաների ցուցմունքներով․ –Դուք ասում եք, որ աջ ազդրի վնասվածքը ստացել եք հոկտեմբերի 10-ին սարում տեղի ունեցած հրետակոծության ժամանակ, սակայն քրեական գործով հարցաքննված վկաները, որ տեսել են ձեր վնասվածքը, միաբերան պնդում են, որ դա ստացել եք սեպտեմբերի 29–ին հրամանատարական կետում։ Դուք նշում եք, որ աջ ազդրի վնասվածքը ավելի խորն է եղել, քան գոտկատեղի, սակայն ըստ փորձագետի եզրակացության՝ Դուք ստացել եք նույնանման վնասվածքներ, եւ մեկի դեպքում շարունակել եք Ձեր ծառայությունը, մյուսի դեպքում, ըստ Ձեզ, այդ հնարավորությունը չի եղել։ Դուք պնդում եք, որ Նյուզգարում տեղի ունեղածից հետո օգնություն եք ցուցաբերել բոլոր վիրավորներին, իսկ ում չեք ցուցաբերել, չեք տեսել, եւ հետո չեք վերադարձել այդ վայր, քանի որ ճանապարհը, ըստ Ձեզ, երթեւեկելի չի եղել, սակայն վկաները պնդում են, որ քաջատեղյակ եք եղել, որ մարտադաշտում մնացած վիրավորներ կան, եւ հնարավորություն եղել է վերադառնալու։ Դուք նշում եք, որ սարում պատշաճ ղեկավարում եք իրականացրել, մինչդեռ վկաների մեծ մասը ստեղծված իրավիճակը ներկայացնում է անկազմակերպ եւ առանց ղեկավարման թողնված, նշում, որ անգամ Վահանյանը չգիտեր՝ ինչ հրաման տալ։ Դուք նշում եք, որ կապի միջոցը եւ ղեկավարումը փոխանցել եք Հայկազ Գրիգորյանին, սակայն վերջինս, նաեւ մյուսները հերքում են դա՝ պնդելով, որ «Հայդարա» տեսակի միակ ռադիոկապը Դուք ձեզ հետ տարել եք։ Զորամասի հրամանատարը նույնպես նկարագրում է իրավիճակ, որ շարունակել է կապ պահել Ձեզ հետ եւ տեղյակ չի եղել, որ զորքը Ձեզ հետ չէ։ Նա նաեւ նշել է, որ չպետք է մեկնել Հադրութի ուղղությամբ, ինչի մասին Մուրադյանի հետ խոսելիս Դուք չեք զգուշացրել։ Սա եւս Դուք հերքում եք։ Պարտավոր լինելով նահանջը պատշաճ իրականացրել՝ առհասարակ չեք իրականացրել, եւ կածում եմ, որ ցուցմունքներով հիմնավորվեց սարում նահանջի ժամանակ անկազմակերպ վիճակը։ Վկաների մեծ մասը նշում է, որ ձեր վրա վնասվածք չի նկատել, իսկ ով նկատել է, ասում է, որ դրա պայմաններում նորմալ քայլում էիք, գործում անկաշկանդ, ուստի դրանով հնարավոր է եղել մնալ մաշտի դաշտում։ Դա նշեցին նաեւ դատաբժիշկները,– եզրափակեց Գեւորգ Ավետիսյանը։ Ամփոփելով՝ նա հարցրեց ամբաստանյալին՝ ինչպե՞ս կարող է պարզաբանել, որ ինքը ճիշտ է ասում, իսկ մյուսները ստում են․ –Ինչ կա, ես ճիշտ ասել եմ․ կա գործ, կա մեղադրյալ, նորմալ է, սենց կփակվի, կգնա, ես ամենասկզբից էլ չեմ խոսել, ոչ մի ծնողի հետ հանդիպում չի եղել, հիմա ով ում հետ է հանդիպել, ինչ է արել․․․ Վերջ, նորմալ է, սա չխոսկան է, իմ տեղը փափուկ է, դրա համար եկել, հասել ենք այստեղ․․․ Ինչ վերաբերում է վիրավորմանը, էդ բեկորը մինչեւ հիմա էլ մեջն է, ուղղակի մսի մեջ է, էլ չես կարող․․․ Իմ գնալը թողնել չի, հրամանով է, ի վիճակի չլինելով, սաղ էլ տեղյակ են եղել, ոչ մի խախտում ես թույլ չեմ տվել թե օրենքով, թե անօրեն,– պնդեց Իշխան Վահանյանը։ Հաջորդ դատական նիստին նրան հարցեր կհղեն տուժող կողմի ներկայացուցիչները։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 29 մայիսի, 2024
Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։ Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։ Տները հիմա լցված են ցեխով։ Երեկ, երբ մենք Ալավերդիում էինք, որոշ թաղամասերի բակերում դեռ ջրի շերտ էլ կար․ տեխնիկաները մաքրման աշխատանքներ էին իրականացնում։ Ալավերդցի Վլադիմիր Բաղդասարյանն ասում է՝ քաղաքն այսպիսի աղետ չէր տեսել, մեկ էլ տասնյակ տարիներ առաջ էր գետն այսպես վարարել։ Վլադիմիրի տնկած ազնվամորու թփերը գետը լրիվ պոկել-տարել է։ Նա մեկ իր բաժին դարդից է խոսում, մեկ համաքաղաքացիների՝ ձեռքը պարզելով ներքեւի թաղամասի ուղղությամբ, որտեղ ջուրն այնքան է բարձրացել, որ մոտենալ չի եղել, ու շենքերի բնակիչներին պարաններով են դուրս բերել։  Ալավերդու Սանահին կայարան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում բնակվող Գոհարիկ Բաղդասարյանի համար, ինչպես եւ մյուսների, գետի տուն հոսելն անսպասելի է եղել։ Ցեխի հաստ շերտի պատճառով նա տանը նույնիսկ մոտ գնալ չի կարողանում, բայց ոչ էլ հեռանում է՝ սրտնեղած սպասելով, որ ճամփա կբացվի, ու կկարողանա գոնե փաստաթղթերի հետեւից գնալ։ Թեպետ հույս չունի, թե դրանք կարգի բերել կհաջողվի․ «Հազիվ դուրս ենք եկել, ոչ մի բան չենք վերցրել, ոչ մի բան։ Էս առաջին հարկերը սաղ ցեխ վիճակում են»,- պատմում է նա՝ ցույց տալով իր բնակարանը․ «Ամբողջությամբ կործանված ա, երեւի չգտնենք էլ ոչ մի բան»։ Նույն թաղամասի բնակիչ Սեյրան Խեչիկյանը, տեսնելով մի փոքրիկ տղայի, որը կոշիկներին տոպրակներ է հագցրել, որպեսզի գնա մեծերին օգնելու, նրան զգույշ լինելու կոչ է անում ու հորդորում անվտանգ տեղ գնալ՝ մեծերը իրար կօգնեն։ Հետո քթի տակ ասում է, թե՝ շուտ է մեծանում էս սերունդը, շատ բան է տեսնում․ «Բնական աղետ ա, չես կարա բնական աղետի առաջ ոչ մի բան անես, բայց, բայց․․․ ԱԻՆ-ը (այժմ Փրկարար ծառայություն,-խմբ․) չկարաց ժամանակին օգնի ժողովրդին։ Բոլորը արել են մեր կայարանի ուժերով, լոդկա են բերել, ժողովրդին հանել են, րեխանցը հանել, տարել են, ու մինչեւ վերջ էլ մեր Սանահինի ջահել րեխեքը։ Նկարնի էլ ունենք, մենք կարանք նկարներով էլ ապացուցենք, որ ամենավերջում են եկել [փրկարարաները], գիշերը ես երկու հետ զանգել եմ Փրկարար ծառայություն, ինձ ասել են, որ մոտիկանալու հնարավորություն չկա։ Լավ, չկա՝ չկա, ասի՝ դուք մոտիկացեք, ես կասեմ՝ դուք որտեղ եկեք, մենք կգանք, կօգնենք ձեզ, չեկան, լավ, բարի, չեկան՝ չեկան»։ Սեյրան Խեչիկյանը Խեչիկյանի խոսքով՝ ամենավտանգավորը հենց իրենց թաղամասում է եղել․ «Ջուրը հա վարարում էր, րեխեքը ամեն ինչ անում էին, որ ժողովրդին հանեն, ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր»,-ասում է ալավերդցի տղամարդը։ Սանահին կայարան թաղամասի բնակիչ Գառնիկ Թաթոյանը դիմացի տան տանիքից նայում է շենքի առաջին հարկի իր բնակարանին․ «Տուն գոյություն չունի,- ասում է նա,- բարեկամների, ծնողների մոտ ենք մնում հիմա»։ Համաքաղաքացի երիտասարդները բակի ցեխերի մեջ բնակիչների իրերն են փնտրում։ Մի տղա գտնում է Գառնիկի փաստաթղթերը՝ ցեխի մեջ կորած, ձեռքը երկարացնում, տալիս տիրոջը․ «Էս ա, ինչ մնացել ա»,- թղթերն աջ ու ձախ տանելով՝ ասում է Գառնիկը։ Մեկ ուրիշ երիտասարդ էլ փորձում է նրա մեքենայի մեջ մնացած առարկաները հանել, նույնիսկ կատակում են, թե՝ էս ինչքան ակնոց ունես, Գառնիկ ձյա։  Քիչ այն կողմ՝ թաղամասի շենքերից մեկի բակի ցեխաշերտի մեջ բնակիչները մի ոտաչափ արահետ են բացել, որ ջուրը հոսի՝ դուրս գա։ Շենքերի հիմքը ցածր է, ջուրը միանգամից ներս է լցվել։ «Սոթ չտաք մենակ»,- տուն մտնելիս ասում է Սիրուշ Խաչատրյանը։ Ջուրը, որ լցվել է մուտք, նա ու որդին պատուհանով են կարողացել դուրս գալ, բարձրանալ վերեւի հարկ։ Նրա հարեւանը՝ Էլմիրա Գեւորգյանը, հազիվ է փրկվել վնասվածք ստանալուց․ ջուրը լցվել է տուն ու պոկել նկուղի վրայի տախտակը։ Ջրի բարձրության պատճառով նա չի նկատել անցնքն ու ոտքն ընկել է մեջը։ Բազմոցից բռնվելով է կարողացել սենյակից դուրս գալ․ «Գիշերը 2-րդ-3-րդ հարկերում լուսացրինք, հետո փրկարարներն ասացին, որ գիշերը նորից վարարում կարող ա լինի, խորհուրդ չտվեցին մնալ էստեղ»,- պատմում է նա։ Նույն շենքի առաջին հարկի բնակիչ Անժելա Մոսինյանն աղետի գիշերը պատուհանագոգին է լուսացրել։ Նրա բնակարանը մնացածից մի քիչ ավելի բարձր է։ Մինչեւ ջրի բարձրանալը հասցրել է որոշ իրեր ու փաստաթղթեր ապահով տեղ դնել, ինքն էլ մնացել է տանը․ «Ես չէի սպասում, որ ջուրն էդքան կբարձրանա, հետո էլ ո՞ւր գնայի, գնալու տեղ չկար, ասեցի՝ հնարավորին չափով իմ եղածը կարողանամ մի կերպ փրկել։ Քիչ-քիչ բարձրացնելով, բարձրացնելով․․․ Ես սաղ գիշեր անց եմ կացրել լուսամուտի վրա նստած, որովհետեւ հնարավոր չէր․․․ Դիվանս լողում էր էս սենյակից-էն սենյակ, էն սենյակից-էս սենյակ։ Սկզբից, որ ջուրը լցվեց, ասեցի բերեմ, շորով կհավաքեմ, մեկ էլ արդեն տենամ խալիները մի 10սմ ջրի երես լողում էին»։  Անժելա Մոսինյանը Ինչպես այստեղ, այնպես էլ Ալավերդու մեկ այլ թաղամասում՝ նախկին շուկայի տարածքում, մարդիկ լուռ մաքրում են փողոցներն ու խանութները։ Գետը այս հատվածում փլուզել է ճանապարհը, քշել տարել մի տնակ, լցվել ափամերձ խանութներ ու սուպերմարկետ։ Աշխատակիցները սուպերմարկետից պարկերով հանում են փչացած մթերքները, ջրի շիթով փորձում մաքրել դարակներ լցված ցեխը։  Այդ ընթացքում Դեբետի հովտի տարբեր հատվածներում տեխնիկա է աշխատում՝ ճանապարհները որոշակիորեն կարգի բերելու ու գոնե թե անցանելի դարձնելու համար։ Մայիսի 27-ի դրությամբ Մ6 միջպետական ավտոճանապարհի Այրում-Ալավերդի հատվածը, որի երթեւեկելի գոտու մի քանի մասեր լրջորեն վնասվել էին, թեթեւ մեքենաների համար մեկ գծով անցանելի էր դարձել։  Դեբետի հովտում փլուզված ենթակառուցվածքների լուսանկարներն՝ այստեղ 27 մայիսի, 2024թ․ Հայարփի Բաղդասարյան
21:49 - 28 մայիսի, 2024
Նորոգված փոսերը մի քանի օրում քանդվել են. խախտված նորմեր, լրացուցիչ ծախսեր՝ ձեր հարկերից 

Նորոգված փոսերը մի քանի օրում քանդվել են. խախտված նորմեր, լրացուցիչ ծախսեր՝ ձեր հարկերից 

Արդեն 2 ամիս է, ինչ Երևանում տեղի են ունենում փոսային նորոգման աշխատանքներ։ Քաղաքային բյուջեից մոտ կես միլիարդ դրամ է հատկացվել մայրաքաղաքի փողոցները նորոգելու համար։ Փոսերը, սակայն, չեն վերացել։ Ավելին՝ առաջացել են նորերը։  Փոսային նորոգման ընթացքում առաջացած խնդիրներին երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Շինարարության և բարեկարգման վարչության ժ/պ Արմեն Հարությունյանը մի քանի րոպեում լուծում գտան. հրատապ կերպով նոր գնում կազմակերպել, նորից միջոցներ հատկացնել բյուջեից և կրկին իրականացնել փոսային նորոգման աշխատանքներ։  Դեռ մարտին Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ 552,3 մլն դրամի պայմանագիր է կնքել 4 ընկերության հետ՝ Երևանում փոսային նորոգման աշխատանքներն իրականացնելու համար։ Շինարարության և բարեկարգման վարչության ժ/պ Արմեն Հարությունյանը երեկ գործակարգավարական նիստի ժամանակ նշեց, որ փոսալցրել են նախատեսված 104 հազար քմ-ի մոտ 75 տոկոսը, սակայն փոսերի խնդիրը դրանով չի վերացել։ «Հաշվի առնելով եղանակային պայմանները, որը սահմանափակեց նաև մեր աշխատանաքային օրերը, այսինքն՝ չկարողացան առկա փոսերը վերանորոգեն, ինչը նաև հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք ավելի մեծ չափերի փոսեր կամ էլի նոր փոսեր, այսինքն էդ պահին չկարողացանք վերանորգենք եղած  փոսերը, ինչը ստեղծեց իրավիճակ, որ նոր փոսեր առաջանան»,- նկարագրեց Հարությունյանը՝ խնդրելով քաղաքապետին ֆինանսական նոր միջոցներ հատկացնել, «Մեկ անձ» ընթացակարգով գնում կազմակերպել և ավարտել քաղաքի փոսային նորոգման աշխատանքները։  Քաղաքապետը պատասխանեց. «Հրատապ գնումը կազմակերպենք»։   Արդյո՞ք եղանակային պայմաններն են փոսային նորոգումների ձախողման հիմնական պատճառը. «Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել է նորմերի խախտումներ  Ամեն տարի արվող փոսային նորոգման աշխատանքները այս տարի սկսեցին մարտի 27-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Աշխատանքները պետք է իրականացվեին հետևյալ սկզբունքով․ առաջին օրը երթևեկելի վնասված մասի կտրում,  հաջորդ օրը՝ ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրում։   Ըստ փոսային նորոգման աշխատանքներ իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրի՝ փոսային նորոգման աշխատանքները պետք է իրականացվեին առավելագույնը 72 ժամվա ընթացքում՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ Ի դեպ՝ եղանակային կանխատեսումներ անող բազմաթիվ միջոցներ և գործիքներ կան, որոնցից ասֆալտապատող ընկերությունները կարող էին օգտվել նորոգման աշխատանքները պլանավորելիս։  «Ինֆոքոմը» դիտարկել է կատարվող աշխատանքների ժամկետներն ու որակը։  Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում փոսային նորոգման աշխատանքներ իրակաանացնող «Ապոլլոնն» ՍՊԸ-ից և քաղաղաքապետարանից ապրիլի 4-ին հայտնել էին, որ նույն օրը գիշերը սկսելու են Նոր Նորքի 4-րդ զանգվածից դեպի Ջրվեժ բարձրացող հատվածում փոսային նորոգման աշխատանքները։  4 օր անց՝ ապրիլի 8-ին, «Ինֆոքոմը» ֆիքսել է, որ քանդման աշխատանքներն արվել են, սակայն դեռ ասֆալտ-բետոնե ծածկը չի տեղադրվել։  08/04/2024 09/04/2024 10/04/2024 11/04/2024 Ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրումը շինարարական կազմակերպությունը սկսկել է քանդման աշխատանքներից 8 օր հետո՝ ապրիլի 12-ին։ Այս ժամանակահատվածում փոսային նորոգման աշխատանքներ էին իրականացվում նաև Կենտրոն, Դավթաշեն, Նուբարաշեն, Ավան, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում։  Աջափնյակ վարչական շրջանում ասֆալտապատումն իրականացնում է «Տեր-Հայրապտյան Շին» ՍՊԸ-ն։ Հալաբյան փողոցում ընկերությունը արել էր քանդման աշխատանքներ, սակայն փոսալցման աշխատանքները վերսկսեց միայն սահմանված ժամկետի ավարտին։  09/04/2024 11/04/2024 12/04/2024 Փոսերը նորոգելուց հետո նորից քանդվել են Ընկերությունները փոսային նորոգման աշխատանքներն իրականացնում են սխեմատիկ գծագրերի հիման վրա։ Սխեմատիկ գծագրերը ցույց են տալիս, թե փողոցի որ հատվածում ինչ ծավալի աշխատանք է կատարվել։ «Ապոլլոնն» ՍՊԸ-ի սխեմատիկ գծագրերից երևում է, որ ընկերությունը փոսային նորոգման աշխատանքներ է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրարդյան, Բագրևանդ, Ավան վարչական շրջանի Ալմաթի փողոցներում։ Այս փողոցների դիտարկման արդյունքում արձանագրել ենք, որ կատարված փոսային նորոգման աշխատանքներից հետո տեղումներ են եղել, և փոսերը նորից քանդվել են։  Բադալ Մուրադյան փողոց, Նոր Նորք Բագրևանդ փողոց, Նոր Նորք  Բագրևանդ փողոց, Նոր Նորք  Ալմաթի փողոց, Ավան  «ԼԵՎ-ՇԻՆ» ընկերությունը, որը փոսային նորոգման աշխատանքներ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում, իր ներկայացրած սխեմատիկ գծագրերում նշել է, որ նորոգել է Վաղարշյան, Քեռու, Իսահակյան, Օրբելի, Փափազյան և մի քանի այլ փողոցներ։ Դիտարկել ենք Քեռու փողոցը նորոգման աշխատանքներից օրեր անց։  Ապրիլի 4-ին դիտարկում իրականացնելու համար զանգահարել էինք «Լիլիթ-87» ընկերութուն, իմանալու, թե որ հատվածում են աշխատանքներ իրականացնում։ Ընկերությունից պատասխանեցին, որ փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու են միայն Կենտրոն վարչական շրջանում, այնինչ, ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի, «Լիլիթ-87»-ը նորոգում պետք է իրականացներ նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Քաղաքապետարանից ճշգրտեցին, որ Նորք-Մարաշի ասֆալտապատումը, ըստ կնքված պայմանգրի, իրականացնելու է «Լիլիթ-87» ընկերությունը։  Մոտ մեկ ամիս անց՝ մայսիս 2-ին, «Լիլիթ-87» ընկերության ավագ ինժեներ Սահակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե չեն իմացել իրենց` Նորք-Մարաշում փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու պարտավորության մասին։ Միայն մի քանի օր առաջ են քաղաքապետարանից կարգադրություն ստացել փոսային նորոգման աշխատանքներ իրականացնել նաև այդ վարչական շրջանում։  Դիտարկում ենք իրականացրել նաև Նորք-Մարաշի Գևորգ Հովսեփյան փողոցում։  Անորակ աշխատանք, թույլ վերահսկողություն. Երևանի՝ մի քանի օրվա կյանք ունեցող փոսային նորոգման պատճառները Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիայի խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու են Երևանում փոսային նորոգման աշխատանքներից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, կրկին փոսեր առաջանում։  Էդուրադ Բեզոյանը նշում է, որ կան բազմաթիվ իրավական ակտեր, միջազգային փաստաթղթեր, որնց հիման վրա էլ 2022 թվականից գործում են նոր ճանապարհաշինարարական նորմերը։ Դրանք սահմանում են ասֆալտապատման տարածքի ուսումնասիրությունը, փոսերի խորության չափումները, ասֆալտի կտրման չափորոշիչները, ասֆալտ-բետոնե խառնուրդի որակը և ջերմաստիճանը, իրականացվող աշխատանքների ժամկետները, ինչպես նաև ասֆալտապատվող տարածքի կահավորումը։ Ըստ Բեզոյանի՝ ասֆալտապատում իրականացնող ընկերությունները հաճախ չեն պահպանում այդ նորմերը, իսկ պատվիրատուն, այս դեպքում՝ քաղաքապետարանը, պատշաճ վերահսկողություն չի իրականացնում։  Օրինակ՝ ծածկի փռման ժամանակ ասֆալտ-բետոնի ջերմաստիճանը պետք է լինի 100-120 աստիճան, սակայն ժամերի ընթացքում բեռնատար մեքենայի մեջ բաց վիճակում գտնվելով՝ ջերմաստիճանը նվազում է, ինչը նույնպես նորմերի խախտում է։  «Տեր-Հայրապետյան Շին» ընկերություն, Հալաբյան փողոց, 03/04/2024 Ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար պետք է տեղադրվեն համապատասխան նշաններ, ժապավեններով պետք է տարանջատվի տարածքը, որ երթևեկությանը չխանգարի։  «ԼԵՎ-ՇԻՆ» ՍՊԸ, Թբիլիսյան խճուղի 19/04/2024 «Չի թույլատրվում փոսային կտրվածքները մի քանի օր թողնել։ Երբ ֆրեզավորում են իրակակացնում, հաջորդ օրը պետք է իրականացվի լցման աշխատանք։ Հակառակ դեպքում այդ եզրագծերը նորից կջարդվեն, նոր պրոբլեմներ կառաջանան»,- բացատրում է Էդուարդ Բեզոյանը։ Ինչպես արդեն ցույց է տալիս «Ինֆոքոմի» վերոնշյալ դիտարկումը, ասֆալտապատման աշխատանքների ժամկետները մի շարք վարչական շրջաններում խախտվել են։ Երևանի քաղաքապետարանից հարցմամբ ուզել էինք աշխատանքների համար սահմանված ժանանակացույցը, որը, սակայն, քաղաքապետարանը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ եղանակային պայմաններից ելնելով՝ կարող են գրաֆիկից շեղումներ լինել, և նպատակահարմար չեն համարում դրանց տրամադրումը։    Ովքե՞ր են իրականացնում փոսային նորոգման աշխատանքները Երևանում Երևանի քաղաքապետարանի փոսային նորոգումների աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթում ընտրվել են 4 մասնակիցներ՝ «Տեր-Հայրապետյան Շին», «Լիլիթ-87», «Լև-Շին» և «Ապոլլոնն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։  «Ապոլլոնն» ՍՊԸ 2023 թվականի տարեսկզբին հիմնված այս ընկերության սեփականատերը Անդրանիկ Սաքեյանն է։ Ընկերությունը պետական գնումներին ներկայացրած 15 հայտերից շահել է 2-ը՝ ասֆալտապատման պայմանագրեր կնքելով Երևանի քաղաքապետարանի հետ։  «Լեվ-Շին» ՍՊԸ Այս ընկերության 100% բաժնետերը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, նախկինում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանն է։ Ընկերությունը 2021 թվականին էլ է շահել Երևանի քաղաքապետարանի ասֆալտապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում։ Աշխատանքներն իրականացրել է Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։  2020 թվականին ստեղծված այս ընկերությունը պետական գնումներում շահել է 22 անգամ, որոնցից 11-ը՝ Երևանի քաղաքապետարանի մրցույթներում։  Մինչև Կարեն Հակոբյանը՝ ընկերության 100% բաժնետեր է եղել Հակոբյանի քրոջ որդին՝ Նովլեթ Արաքսի Նաջարյանը։ Նովլեթի հայրը՝ Արաքս Նաջարյանը, «ԲԵՍԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է։ Այս ընկերությունը նույնպես մասնակցում է պետական գնումներին։ 2021 թվականին ստեղծված այս ընկերությունը պետական գնումներում  շահել է 12 անգամ, որոնցից 4-ով պայմանգիր է կնքել է Երևանի քաղաքապետարանի հետ՝ վերանորոգման, այգիների բարեկարգման  և սալիկապատման աշխատանքներ իրականացնելու համար։ «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ Ընկերության 100% բաժնետերը 2020 թվականից Հրանտ Ումրոյանն է։ Նրան է պատկանում նաև «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերությունը, որը միայն 2020-2024 թվականներին 46 պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ՝ գրենական պիտույքներ և սարքավորումներ մատակարարելու համար։ Հրանտ Ումրոյանը մինչև 2019 թվականի հունիսի 6-ը եղել է նաև «ՊՐՈՖ-ՕՖԻՍ» ընկերության բաժնետերերից։ «ՊՐՈՖ-ՕՖԻՍ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 4 պայմանագիր ունի կնքած։ Այժմ «ՊՐՈՖ-ՕՖԻՍ» ՍՊԸ-ի բաժնետերը նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Բեգլարյանի տղան է՝ Նարեկ Բեգլարյանը։  «Լիլիթ-87» ՍՊԸ Կազմակերպության բաժնետերերն են Նարգիզ Աբրահանյանը (50%) և Վաղարշակ Պետրոսյանը (50%)։  Ընկերությունը պետական գնումներին սկսել է մասնակցել 2015 թվականից՝ շահելով 27 անգամ, որից 6-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 4-ը՝ ԲՏԱ նախարարության, 9-ը՝ ՏԿԵ նախարարության և 8-ը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գնումներում։  Կնքված պայմանագրերից 3-ի դեպքում «Լիլիթ-87» ընկերությունը եղել է միակ մասնակիցը։ Պայմանագրերից 2-ը կնքվել են Երևանի քաղաքապետարանի, 1-ը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ։   Ասֆալտապատման ոլորտում իրականացվող մրցույթներում ներքին պայմանավորվածություն կա․ ՄՊՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին որոշում էր հրապարակել Երևանի քաղաքապետաարանի և մի շարք ընկերությունների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։ Որոշման մեջ նշվում էր, որ մասնակիցները դրսևորել են գործողությունների հնարավոր համաձայնության մասին վկայող վարքագիծ։  Վարույթի շրջանում տեղի են ունեցել հանձնաժողովի նիստեր, որոնց ընթացքում պարզվել է, որ.  Յուրաքանչյուր ընկերություն ընտրված մասնակից է ճանաչվել կոնկրետ չափաբաժնի մասով և իրականցրել է աշխատանքեր կոնկրետ իր համար նախընտրելի աշխարհագրական տարածքում։ Մասնակիցների գնային առաջարկների հաշվարկման մեթոդները նախահաշվարկային գնի նկատմամբ տարբեր չափաբաժինների դեպքում տարբեր են, քանի որ կոնկրետ չափաբաժինների դեպքում մասնակիցները ներկայացրել են առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել ընտրված մասնակից։  Մասնակիցները տարիներ շարունակ իրականացրել են աշխատանքներ նույն վարչական շրջաններում այն պայմաններում, երբ վերջիններս ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերից նախապես չպետք է իմանային, որ վարչական շրջաններում պետք է իրականացնեն աշխատանքները։ Ընկերությունները հայտ են ներկայացրել գնման առարկաների նախահաշվային գներին մոտ գներով, ինչը կարող է վկայել գնումների գործընթացին մասնակից տնտեսվարող սուբյեկտների և գնումների գործընթացը կազմակերպող անձանց միջև որոշակի պայմանավորվածության մասին։  ՄՊՀ որոշման հիման վրա վարույթ էր հարուցվել այս տարի ասֆալտապատում իրականացնող կազմակերպություններից 2-ի՝ «Լիլիթ-87» և «ԼԵՎ-ՇԻՆ» ընկերությունների վերաբերյալ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումներ իրականացնելու հիմքով։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հանձնաժողովը որոշում է հրապարակել այն մասին, որ կազմակերպություններից մի քանիսի վարույթները պետք է կարճվեն, այդ թվում՝ «ԼԵՎ-ՇԻՆ» ընկերության վերաբերյալ վարույթը։ 8 ընկերություն տուգանվել է՝ ներառյալ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն՝ 13,8 մլն ՀՀ դրամի չափով։    Նիստերի ընթացքում «Լիլիթ-87» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունները նախապես պայմանավորվածություն են ձեռք բերում չափաբաժինների մասով։ Այլ ընկերությունների ներկայացուցիչներ էլ հայտնել են, որ տեղեկացել են, թե որ վարչական շրջաններում են իրականացնելու աշխատանքները Քաղաքապետարանի հետ պայմանագրերը կնքելուց առաջ։    Ովքե՞ր են իրականացրել փոսային նորոգման աշխատանքների վերահսկողությունը Փոսային նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, ըստ կնքված պայմանագրերի հավելված 1-ում նշված տեխնիկական բնութագրի, պարտավոր են քաղաքապետարանի կողմից տրված նախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացնել տեխնիկական հսկողություն, որ աշխատանքը կատարվի որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան։  Կազմակերպությունները պարտավոր են ամենօրյա ռեժիմով լուսանկարահանել շինարարության օբյեկտի վիճակը, հսկել կապալառուի կատարած աշխատանքի որակը, իսկ պայմանագրային պարտավորությունններից շեղվելու դեպքում այդ մասին տեղյակ պահել պատվիրատուին՝ կցելով համապատասխան հիմնավորումը։  Փոսային նորոգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների աշխատանքի տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթում 7 մասնակիցներից հաղթող են ճանաչվել «Ինժեներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը՝ որպես ամենացածր գնառաջարկ ներկայացրած ընկերություններ։  «Ինժեներինգ» ՍՊԸ 2016 թվականին ստեղծված այս կազմակերպությունը պետական գնումներում 27 պայմանագիր ունի կնքած, որից 16-ը Երևանի քաղաքապետարանի հետ՝ տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնելու համար։   Ընկերության տնօրեն Արման Խալաթյանը նաև «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ընկերության սեփականատեր է։ 2020 թվականին ստեղծված այս ընկերությունը նույնպես մասնակցում է պետական գնումներին, իրականացնում տեխնիկական հսկողություն։ Ընկերությունը ընդհանուր առմամբ 136 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից 104-ը՝ Երևանի քաղաքապետարանի։  «Վահրամ Կնյազյան» ԱՁ Տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնող այս կազմակերպությունը վերջին 4 տարիներին Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերի քանակով երկրորդն է։  2013 թվականին ԱՁ հիմնած Վահրամ Կնյազյանը պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքած 244 պայմանագիր ունի, որից 158-ը՝ Երևանի քաղաքապետարանի հետ։  «Որ ամեն մի շինարարական աշխատանք իրականցնող պարտավորվի իր կատարած աշխատանքի համար մինիմում 1 տարվա երաշխիք տալ, եթե մեկ տարվա ընթացքում [ասֆալտը] նորից վնասվեց, նա պարտավորվի իր միջոցներով վերականգնի… Այ երբ կազմակերպությունները իրենց ուսերի վրա զգան այդ ծարությունը, ինձ թվում է, որ մեր փողոցների վիճակը մեկ աստիճան ավելի բարձր կլինի»,- ասում է Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիայի խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը։ Հաջորդիվ կանդրադառնանք քաղաքապետարանի՝ փոսային նորոգման հավելյալ գնումներին և դրանց վերահսկողությանը։    Ջուլիետտա Հովհաննիսյան
18:23 - 21 մայիսի, 2024
Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում: Մի քանի ամիս է՝ միայն լսում եմ այս տարածքի մասին կամ լուսանկարներով տեսնում այն։ Այս անգամ որոշում եմ գնալ ու սեփական աչքով տեսնել այն տարածքը, որտեղ Հայաստանի կառավարությունը խոստանում է բարձրագույն կրթության և հետազոտությունների համար լավագույն պայմաններ ապահովել։ Ակադեմիական քաղաքի կառուցումն իրականացվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների համատեքստում։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել պետական բուհերը, դրանց միավորել գիտահետազոտական որոշ կազմակերպություններ։ Արդյունքում ստեղծվելու են 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ։ Դրանցից 4-ը՝ Արվեստների, Տեխնոլոգիական, Կրթական և Սպայական, նախատեսվում է ակադեմիական քաղաք տեղափոխել մինչև 2030 թվականը, իսկ 2-ը՝ Դասականը և Բժշկականը՝ ավելի ուշ։   Թե ինչպիսի կառույցներ են կլաստերները, և ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները դրանց ներսում, հայտնի չէ․ այս պահին բուհերի  և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, որոնք համակարգում է 2023-ի ապրիլին ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։   Հանդիպման վայրը՝ «Հայֆիլմ» Աջից՝ Աստղիկ Դանիելյանը, ձախից՝ Արմեն Սիմոնյանը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանին հանդիպում եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որտեղից ապագա ակադեմիական քաղաքը մոտ 15 րոպե հեռավորության վրա է։ 20-րդ դարի սկզբին հիմնադրված կինոստուդիան այժմ լքված և ամայի տեսք ունի։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ սկզբում նախատեսվում էր հենց «Հայֆիլմի» տարածքում կառուցել Արվեստների կլաստերը։ Հետո պարզ դարձավ, որ 17-րդ թաղամասին հարող մոտ 700 հեկտար տարածքը բավականին մեծ է, և այնտեղ հնարավոր է տեղավորել նաև այս կլաստերը։ Ի վերջո, որոշվեց «Հայֆիլմ»-ի տարածքում կառուցել կինոարտադրության կենտրոն, որը կլինի Արվեստների կլաստերի մի մասը։ Արվեստների կլաստերում, հիշեցնենք, նախատեսվում է ներառել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Հայֆիլմ»-ի շենքը Աստղիկ Դանիելյանն ասում է, որ այս պահին ակադեմիական քաղաքի հատակագիծը նախագծող գերմանական  gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը աշխարհի տարբեր երկրների ուսանողներից գաղափարներ է հավաքում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ստեղծվելիք կինոարտադրության կենտրոնը։ Նախաձեռնությանը մասնակցում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։   Հիմնական փոխադրամիջոցը լինելու է գնացքը «Հայֆիլմ»-ից միասին ճանապարհ ենք ընկնում դեպի ակադեմիական քաղաքի տարածք։ Հասնում ենք երկաթգծի մոտ, որը ծառայում է բեռնատար գնացքներով հանքարդյունաբերական բեռներ տեղափոխելու համար։ Երկաթգիծն անցնում է հենց ակադեմիական քաղաքի տարածքով՝ բաժանելով ապագա քաղաքը երկու մասի։ Մեզնից մի փոքր ներքև Սպանդարյան կայարանն է։  Մոտենում ենք ապագա քաղաքի տարածքին, մեր դիմաց երկաթգիծն է Գնացքը լինելու է մայրաքաղաք Երևանն ու ակադեմիական քաղաքը կապող հիմնական փոխադրամիջոցը։ Ապրիլի կեսերին կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքով ուղևորվել էին ակադեմիական քաղաքի տարածք՝ այնտեղ հասնելով 27 րոպեում։ Քաղաքի կառուցումից հետո այստեղով մարդատար գնացք է անցնելու, իսկ Սպանդարյան կայարանից մի փոքր վերև նոր կայարան է կառուցվելու։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գնացքները կաշխատեն հերթափոխով․ ցերեկը՝ մարդատարները, գիշերը՝ բեռնատարները։  Թե մարտադար գնացքով Երևանից ինչքան ժամանակում հնարավոր կլինի հասնել ակադեմիական քաղաք, կախված կլինի մի քանի բանից։  «Եթե լավ գնացք լինի, ու երգաթգծերը վերանորոգվեն, 20-22 րոպե կլինի հեռավորությունը»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Քաղաքի հատակագծի վրա դեղին գույնով երևում է երկաթգիծը (նկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Նրա խոսքով երկաթգծով հնարավոր կլինի միաժամանակ մեծ քանակով ուղևորներ տեղափոխել։ Բայց այն միակ փոխադրամիջոցը չի լինի․ ակադեմիական քաղաք հասնելու համար կգործի նաև երթուղային տրանսպորտ։ Քաղաքն ընկած է լինելու Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Երևանի հատման վայրում, և ճանապարհային ցանցը նախատեսվում է այնպես կառուցել, որ այնտեղ մուտք գործել հնարավոր լինի ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Հիմնադրամի տնօրենն ասում է՝ ճանապարհային ցանցի ստեղծման համար միջազգային գործընկեր են ուզում ներգրավել։  Երկաթգծի ռելսերը Արմեն Սիմոնյանը տրանսպորտային այլ միջոցների՝ մետրոյի կամ տրամվայի մասին հստակ ոչինչ չի նշում, չնայած կառավարությունից եղել են հայտարարություններ, որ քաղաքում մետրո ու տրամվայ է գործելու։ «Չենք կարող լուծումը չապահովել՝ պայմանավորելով դա հնարավոր լուծումներով։ Երկաթգիծը մենք այսօր տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, ուստի շեշտը դնում ենք սրա վրա։ Ճանապարհային ցանցը տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, շեշտը դնում ենք դրա վրա»,- ասում է նա։   Քաղաքը շահագործման է հանձնվելու փուլ առ փուլ Մոտակա ճանապարհով անցնող բեռնատար մեքենաների աղմուկի տակ քայլում ենք երկաթգծի երկայնքով։ Հիմնադրամի տնօրենն ու ճարտարապետը ցույց են տալիս երկաթգծից արևմուտք ընկած հատվածը, որտեղ ապագայում լինելու է Տեխնոլոգիական կլաստերը, դրանից ներքև՝ ստեղծվելիք արհեստական լճից այն կողմ և քաղաքի մյուս հատվածներից մեկուսացած՝ Սպայականը։  Երկաթգծից այնկողմ ընկած է լինելու Տեխնոլոգիական կլաստերը Նայում ենք երկաթգծից աջ, որտեղ էլ լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները։ Հետագայում քաղաքն ընդլայնվելու է՝ ներառելով Դասական և Բժշկական կլաստերները։ Ակադեմիական քաղաքում նաև ազգային ստադիոն, համերգասրահ, հանրակացարանային ֆոնդ է լինելու։ Նախատեսվում է, որ առաջին 4 կլաստերները  քաղաք են տեղափոխված լինելու 2030-ի դրությամբ։ Մինչ այդ պիտի պատրաստ լինեն երկաթուղին, ճանապարհային ցանցը, հանրակացարանները։ Այս հատվածում լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները «Եթե մենք կարողանանք 2028-2029 թթ․ գոնե հանրակացարանային մասն ապահովել, թեկուզ հանրակացարաններում բնակվողները շարունակեն Երևանում մնալ ինչ-որ փուլ․․․ Երբ որ քաղաքը պատրաստ լինի, մենք ուզում ենք, որ կյանք լինի արդեն քաղաքում»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է, օրինակ, Բժշկական կլաստերն ավելի ուշ տեղափոխվելու, Արմեն Սիմոնյանը նշում է․  «Բժշկական կրթության մեջ մեծ դեր ունի հիվանդանոցը։ Մեր գլխավոր հատակագծով նախատեսված է նաև, որ քաղաքն ունենալու է բազմաֆունկցիոնալ մեծ հիվանդանոց, բայց այսօր սարքել այդ հիվանդանոցը միայն համալսարանի համար անարդյունավետ է»։ Դիտարկմանը, թե ինչպես է այս փուլում ստադիոնի կամ համերգասրահի կառուցումն արդյունավետ, իսկ հիվանդանոցինը՝ ոչ, նա պատասխանում է․ «Պայմանական 10 տարի հետո այս տարածքի մոտ, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, նոր մեծ հիվանդանոց է պետք ունենալ։ Երբ որ այդ հիվանդանոցն ունենալու բնական կարիքը կլինի՝ պայմանավորված նաև բնակչության սպասարկման կարիքով, այդ ժամանակ նաև տրամաբանական կլինի ունենալ պայմանականորեն Բժշկական կլաստերն այս տարածքում»։ Իսկ Ազգային ստադիոն կառուցեու գաղափար, ըստ հիմնադրամի տնօրենի, այսպես թե այնպես կար, և ստադիոնը պիտի կառուցվեր։ Արմեն Սիմոնյանը Հարց է առաջանում նաև, թե ինչպես է փուլ առ փուլ տեղափոխությունը կազմակերպվելու, և արդյոք 4 կլաստերների տեղափոխությունից հետո շարունակվող շինարարությունը չի՞ խանգարելու քաղաքի բնակիչներին։ Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նախնական աշխատանքներ կան, որոնք ի սկզբանե ամբողջ տարածքի համար են արվելու, օրինակ՝ ճանապարհային ցանցը։ Մնացած աշխատանքներն իրականացվելու են փուլ առ փուլ, և շինարարությունն այնպես է նախատեսված, որ որևէ հատված պատրաստ լինելուց հետո այն շահագործման հանձնվի, հետո անցնեն մեկ այլ հատվածի։ Դասական ու Բժշկական կլաստերների տարածքն, ըստ նրա, բավականին հեռու է, որ շինարարությունը չխանգարի քաղաքի մնացած հատվածներում բնակվողներին։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենն ասում է՝ քաղաքի տարածքը կիսաանապատային է, և կանաչապատման մեծ ծավալի աշխատանք պիտի իրականացվի։ Այս պահին հիմնադրամը բանակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ, որ ինստիտուտի գիտնականներն օգնեն կանաչապատմանը վերաբերող մասնագիտական հարցերով։   Հիմնադրամը համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ Ակադեմիական քաղաքի կլաստերների ստեղծման շուրջ աշխատանքներն ընթանում են արտասահմանյան համալսարանների հետ համագործակցությամբ։ Արվեստների կլաստերի համար հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, իսկ Տեխնոլոգիական կլաստերի համար՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի։ Մյուս կլաստերների մասով բանակցությունները շարունակվում են։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նպատակ ունեն ներգրավելու առաջատար համալսարանների։ Լոնդոնի արվեստների համալսարանը մի քանի ուղղություններ ունի՝ նորաձևություն, դիզայն, կատարղական արվեստներ և այլն։ Սակայն այնտեղ բացակայում է երաժշական կատարողական ուղղությունը։ Մինչդեռ Հայաստանի ապագա Արվեստների կլաստերում նախատեսվում է ներառել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ «Մեր պատկերացրած Արվեստների կլաստերն իր մեջ ունենալու է, եթե պայմանական անվանենք, երաժշտական ուսումնական հաստատություն։ Մնացած մասով Լոնդոնի արվեստների համալսարանը համընկնում է։ Նրանք չունեն միայն երաժշտական ուսումնական հաստատության բաղադրիչը։ Ու դրա մասով նաև մտածում ենք այլ խորհրդատու ներգրավել։ Իսկ այն, որ մեր պատկերացրած Արվեստների համալսարանը ոչ միայն գեղարվեստի, թատերական, այլ նաև երաժշտական ուղղություն է ունենալու, նման մոդելներ շատ տեղերում կան»,- ասում է Արմեն Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «երաժշտական ուսումնական հաստատության» համար ինչ խորհրդատու են ներգրավելու։ Նա նշում է միայն, որ համագործակիցներ այս պահին փնտրում են Մեծ Բրիտանիայում։ Կենտրոնում՝ Աստղիկ Դանիելյանը, նրանից աջ՝ Արմեն Սիմոնյանը Աստղիկ Դանիելյանն էլ հավելում է․ «Ամենակարևոր բաներից մեկը, թե ինչու է Լոնդոնի արվեստների համալսարանը շատ լավ խորհրդատու, այն է, որ միավորման փորձ է ունեցել․ իրարից անկախ մի քանի համալսարան միավորվել են ու դարձել Լոնդոնի արվեստների համալսարան։ 20 տարի անցել է, ու մինչև հիմա դեռ որոշ խնդիրներ են լուծում։ Այսինքն՝ դա պրոցես է, որին նրանք ծանոթ են»։   Նախագծի ժամկետները Ապրիլին gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանելով հարցին, թե երբ առաջին ու վերջին կլաստերները կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, նշել էր․ «Սա այն տեսլականն է, որ մենք կունենանք ապագայում։ Գուցե 30-50 տարվա տեսլական, բայց մենք պետք է սկսենք։ Առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պետք է ունենանք արդեն համալսարաններ այնտեղ։ ․․․ Ինձ թվում է 5-7 տարի հետո արդեն կկարողանանք առաջին համալսարանները տեղափոխել»։ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում էլ ընկերության տնօրենն ու փոխտնօրենը նշել էին, որ սա դիտարկում են 15-20 տարի տևողությամբ նախագիծ։ Արմեն Սիմոնյանը 2030-ի դրությամբ 4 կլաստերների տեղափոխումն իրատեսական է համարում, սակայն, խուսափում է նշել, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի ակադեմիական քաղաքը, և այնտեղ տեղափոխված կլինեն նաև Դասական և Բժշկական կլաստերները։  Մուգ կապույտով նշված է Տեխնոլոգիական կլաստերը, փիրուզագույնով՝ Արվեստների, դեղինով՝ Կրթական, շագանակագույնով՝ Սպայական, գազարագույնով՝ Դասական, կանաչով՝ Բժշկական (լուսանկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Հարցին, թե ինչու են նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նշում 15-20 տարի, նա պատասխանում է․ «Նայած՝ ինչ ենք պատկերացնում՝ ասելով վերջնական ստանալ։ Եթե մենք ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք այն միջավայրը, որտեղ գալու է նաև արտադրություն, գալու է նաև բիզնես, այն միջավայրը, որ նախատեսում ենք ստանալ, իհարկե, երարաժամկետ ծրագրի մասին է, այն պետք է նաև հաջողության պատմություն ունենա»։ Ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը հաստատված է․ վերջնական հատակագիծը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին։ Հենց դրանից հետո էլ կսկսվեն քաղաքի կառուցման աշխատանքները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համակարգում է կլաստերների կառուցվածքը որոշելու նպատակով ձևավորված 6 աշխատանքային խմբերի քննարկումները։ Քննարկումներին մասնակցում են բուհերի ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները։  Արմեն Սիմոնյանն ասում է, որ իրենք և՛ լսում են քննարկումների ժամանակ հնչած տեսակետները, և՛ ուշադիր հետևում են մամուլի հրապարակումներին։ «Եթե նայենք՝ ինչ պատկերացում կար [ծրագիրը] մշակողների մոտ, պայմանական, 2023-ի սեպտեմբերին, հետո նոյեմբերին կամ հիմա, ապա կտեսնենք, որ այն որոշակի փոփոխություն, որոշակի էվոլյուցիա ունենում է, և այդ ամեն ինչը պայմանավորված է և՛ քննարկումներով, և՛ հանրային տիրույթում հնչեցրած կարծիքներով»։ Քաղաքի հատակագիծը «Քանի՞ տոկոս է այս նախագիծը ձախողելու հավանականությունը»։ Այս հարցս Արմեն Սիմոնյանը վերաձևակերպում է․ «Հնարավո՞ր է, թե՞ չէ»։  «Իհարկե, հնարավոր է,- պատասխանում է նա իր վերաձևակերպած հարցին։- Տարօրինակ կլիներ, եթե զբաղվեինք մի բանով, որն անհնար է»։ Աստղիկ Դանիելյանն էլ ասում է․ «Այսօր ավելի հնարավոր է, քան մի տարի առաջ։ Որովհետև մենք ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ իրականացումը մոտենա։ Ամեն քայլը մեզ մոտեցնում է»։ «Եթե կամք, ֆինանս, ցանկություն լինի, հնարավոր է»,- հավելում է Արմեն Սիմոնյանը։ ԼՐԱՑՈՒՄ |28-05-2024| Նշենք, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ու բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների գործընթացը ակադեմիական հանրությունը միանշանակ չի ընդունել, և թեմայի վերաբերյալ մի շարք խնդիրներ ու մտահոգություններ են հնչել։ Գիտությունների ազգային ակադեմիան էլ ներկայացրել է բուհերի և գիտական կազմակերպությունների ինտեգրման իր առաջարկը։ Թեմայի շուրջ տարբեր կողմերի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ Եթե չլինի գիտական միջավայրերի բազմազանություն, շատերը կլքեն երկիրը. Արամ Փախչանյան «Տեխնիկապես հնարավոր չէ ամբողջ գիտությունը կազմակերպել ակադեմիական քաղաքում»․ ԿԳՄՍ նախարար Հատկապես երկարաժամկետ փոփոխություններ ենթադրող նախագծերը պետք է հաշվարկված լինեն․ Հովակիմ Զաքարյան   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
16:34 - 13 մայիսի, 2024
Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Քաղաքապետարանի բյուջեից՝ աշխատակիցների անգլերենի անհատական պարապմունքներին. հայտնեք Ձեր կարծիքը

Երևանի քաղաքապետարանի հինգ աշխատակիցներ անգլերենի անհատական դասընթացներ են անցնելու՝ քաղաքային բյուջեից հատկացված միջոցներով։ Քաղաքապետարանը 990 հազար ՀՀ դրամ է վճարել «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամին՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ իրականացնելու համար։ Դասընթացների ընդհանուր տևողությունը 9 շաբաթ է։  Պայմանագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 11-ին՝ «Մեկ անձ» գնման ընթացակարգով։  Երևանի քաղաքապետարանից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ անգլերենի դասընթացներին մասնակցելու են քաղաքապետարանի հետևյալ աշխատակիցները՝ Դավիթ Գևորգյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ, Լուսինե Ղարիբյան, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ, Արմեն Հովհաննիսյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Մերի Հարությունյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Մարտին Չարյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Միջազգային գնումների և ծրագրերի կառավարման մասանգետ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչ կրթություն, կենսագրություն և աշխատանքային փորձ ունեն նշված աշխատակիցները։ Քաղաքապետարանի կայքում կենսագրական տվյալներ կային միայն Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի մասին։ Լուսինե Ղարիբյանը Երևանի քաղաքապետարանում աշխատում է 2021թ-ից, իսկ Մարտին Չարյանը՝ 2019թ-ից։ Մյուս աշխատակիցների վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանի կայքում չկան։  Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ այս անձինք աշխատանքի բնույթով անընդհատ առնչվում են միջազգային կազմակերպությունների հետ։ Եթե բնակվում եք Երևանում, վճարում եք հարկեր, խնդրում ենք հայտնել, թե ինչպես եք վերաբերվում Ձեր վճարած հարկերից քաղաքապետարանի պաշտոնյաների անհատական գիտելիքների և կարողությունների զարգացմանը գումար ուղղելու քաղաքապետարանի որոշմանը։   Loading... Ջուլիետտա Հովհաննիսյան
18:37 - 10 մայիսի, 2024
18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան՝ վերակարգի ավագ։ Իշխանաձոր համայնքի ղեկավարն առաջինն է շտապել խոցված մեքենայի մոտ ու հոսպիտալ տարել վիրավորներին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցը ծնվել է 1977թ․ փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, այժմ բնակվում է Կոտայքի մարզում։ Ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Թելունցն իր իրավունքներին ծանոթանալուց հետո հայտարարեց, որ դահլիճում ներկա գտնվողներից ճանաչում է մեղադրյալին՝ անցած դատական նիստերից, ծանոթ է զոհվածներից մի քանիսի ծնողների հետ։  Վկա Արսեն Թելունցը Թելունցը սկսեց իր ցուցմունքը՝ վերարտադրելով այն օրվա դեպքերը, երբ անօդաչուն հարվածել է զինծառայողներին տեղափոխող մեքենային։ Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Իշխանաձոր համայնքի ղեկավարը, զբաղվել է քաղպաշտպանությամբ, հիմնականում հոսպիտալի հետ կապված աշխատանքներով, վիրավորներ, դիակներ, մեքենաներ տեղափոխելով։ Նա հստակ չի հիշում օրն ու ժամը, բայց հիշում է, որ դեպքի օրը, երբ լսել են անօդաչու թռչող սարքի ձայնը, միանգամից ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ օդում բան կա, բոլորին ասել են՝ պատսպարվեն։ Սկզբում իրենց թվացել է, թե ԱԹՍ-ն կարող է հոսպիտալին հարվածել։ Նա հիշում է, որ ԱԹՍ-ի ձայնն այնպիսին էր, որ լսելի էր, հետո արդեն նաեւ տեսանելի․  «Մեր տունը հոսպիտալից մի քիչ էր հեռու, մենք արդեն մեր հայաթում էինք էդ ժամանակ։ Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը տրաքեց, խփեց, եւ ծուխ դուրս եկավ»,- մանրամասնեց վկան՝ նշելով, որ այդ ժամանակ ինքն անմիջապես գնացել է հարվածի ուղղությամբ․ «Շատ արագ ա տեւել, երեւի երեք-չորս րոպե, հասել եմ տեղ, տեսել եմ էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար։ Անմիջապես մոտիկացա եւ իրեն դրեցի մեքենայի մեջ»։ Հրդեհ էր բռնկվել ու մեքենայի թափքում եղած փամփուշտները պայթում էին Խոցված «Ուրալի» մոտ Թելունցը լաց լինելիս է տեսել է զոհված տղաներից մեկի ծնողին եւ փորձել նրան հետ քաշել մեքենայի մոտից, որովհետեւ բռնկված հրդեհի պատճառով թափքում եղած փամփուշտները պայթում էին․ «Էդ մարդը չէր ենթարկվում․․․ Հետո [իմ] մեքենան շրջեցի, որ վիրավորին տանեմ հոսպիտալ, մեկ ուրիշ վիրավոր իր ոտքով եկավ նստեց մեքենան, մինչեւ էդ իրեն չէի տեսել»։  Վիրավորներին հոսպիտալ տանելուց հետո Թելունցը նորից գնացել է դեպքի վայր, բայց որդեկորույս ծնողին չի կարողացել հանգստացնել։ Հիշում է այդ ժամանակվա խոսակցություններից ու եղածից դրվագներ, ասում է՝ մեքենան բացում էին, տղաները վառվել էին։ Ի սկզբանե գյուղապետը նաեւ հրշեջներին է զանգել, որոշ ժամանակ անց տեղում արդեն տարբեր մարդիկ են հավաքված եղել, այդ թվում զինվորականներ։ Որոշ ժամանակ անց, ավելի կոնկրետ՝ զոհվածների դիակները Գորիս տեղափոխելիս են իմացել, որ 18 զինվոր է զոհվել ԱԹՍ-ի հարվածից։ Պատասխանելով հանրային մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին՝ Թելունցն ասաց, որ Ապրիլյան պատերազմի օրերից գիտեին՝ ինչպես է ԱԹՍ-ն աշխատում․ «Գիտեինք, որ խփում ա, պայթում։ Ասում են «Հարոպ» ա կոչվում, բայց հիմնականում ձայնից էինք որոշում, որ էդի ա, էլի»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ իսկ խոսակցականում ինչպե՞ս են անվանում այդ ԱԹՍ-ն, Իշխանաձորի նախկին գյուղապետն ասաց՝ «կամիկաձե ենք ասում»։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ տարածքում (ԱԹՍ-ն մեքենային հարվածել է Իշխանաձորի խաչմերուկի մոտակայքում,-խմբ․) զորամաս, զինամթերքի պահեստ եղե՞լ է, ինչին ի պատասխան՝ Թելունցը հայտնեց, որ Իշխանաձորում զորամաս եղել է, բայց ոչ խաչմերուկի մոտ, իսկ այդ հատվածում եղել է ջրային տնտեսության ավտոպարկը․ «Նավեսի տակ զինամթերք եղել է, սնարյադի յաշիկներ ա եղել»,- նշեց Թելունցը, բայց չկարողացավ հստակ պատասխանել՝ այդ արկղերում զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։ Թելունցն ասաց, որ հոկտեմբերին, մասնավորապես այդ դեպքի օրվա դրությամբ, Իշխանաձորը թիկունք է եղել, ոչ թե առաջնագիծ, նա մոտավոր նշեց, որ մարտական գործողությունները եղել են 30 կմ կամ ավելի այն կողմ, եւ պատերազմի ընթացքում դա առաջին դեպքն էր, որ Իշխանաձորի երկնքում ԱԹՍ էր երեւացել։ Նրա հիշելով՝ դրանից հետո եւս մեկ դեպք է եղել։ Ձախից՝ ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանը, կողքին՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը «Գիտեինք, որ եթե ԱԹՍ կա, պատսպարվել է պետք» Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ պատերազմի սկսվելուց ի վեր որպես Իշխանաձորի համայնքի ղեկավար, քաղպաշտպանության պատասխանատու, ինքը որեւէ հրահանգավորում ունեցե՞լ է ԱԹՍ-ներ երեւալու պարագայում։ Թելունցն ասաց, որ կոնկրետ հրահանագավորում չի եղել, բայց իրենք իմացել են, որ եթե ԱԹՍ է երեւում, պետք է պատսպարվել․ - Դա ո՞նց գիտեիք,- հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ - Ես Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսել եմ դրա պայթյունը Արալեռում, էդ ժամանակ զորակոչիկներ էինք տանում, [․․․], «ՈՒԱԶ» մեքենայով ժողովրդին տարել էի Արալեռ (այնտեղ զորամաս կար,- խմբ․), էդ ժամանակ տեսել եմ պայթյունը, լսել եմ ձայնը․․․ Էդ փորձից ելնելով․․․։ Մեր տան անմիջապես մոտ էդ կորպուսի մոբի պատասխանատուներն են եղել, ամեն մեկը մի տեղից բարձր ձայնով գոռում էր, որ օդում բան կա (2020-ի պատերազմի ժամանակ,-խմբ․), պատսպարվեք։ Երեւի տարբեր տեղերից մի չորս-հինգ տենց ձայն լսել ենք։ - Արդյունավե՞տ է այդ դեպքում պատսպարվելը։  - Դե արդյունավետն էն ա, որ մի հոգու վրա չի գցի (ԱԹՍ-ն մեկ հոգու չի հարվածի,-խմբ․), որովհետեւ ժամերով ֆռում ա, երեւի թե ավելի լավ թիրախ ճարելու համար։ - Իսկ պատսպարվելիս երբեւէ լսել ե՞ք, որ ավտոմատներով կրակեն ԱԹՍ-ի ուղղությամբ։ - Կրակել էլ ենք։ Ես կրակել էլ եմ։ - Դա արդյունավե՞տ եղանակ է։ - Դե հիմա, կարող ա, էլի, կպավ՝ կպավ։ Կրակել ենք արդեն իջնելուց։ Հաջորդ օրը կրակել ենք, էդ օրը մի քիչ հեռու էր,- ասաց Թելունցը՝ հիշելով, որ այդ նույն խոցված «ՈՒրալին» ԱԹՍ-ն օրեր անց նորից հարվածել է, երբ այն կայանված է եղել գյուղապարանի մոտի ավտոպարկում․ «Մեքենան բերել, սեւ պալատկով ծածկել էին, էդ նույն մեքենային էլի ա խփել, էդ ժամանակ կրակել ենք մենք [ավտոմատներով]»,- նշեց Իշխանաձորի նախկին գյուղապետը։ Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը Արսեն Թելունցին հարցրեց, թե ԱԹՍ-ի ձայնը լսելուց որքան հետո է այն հարվածել մեքենային։ Թելունցը մոտավոր հիշելով ասաց՝ ԱԹՍ-ն մի ժամից ավելի օդում պտտվել է, ձայնը՝ հեռացել-մոտեցել։ Վերանյանի պաշտպանը որոշ հակասություններ է տեսնում վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում Վերանյանի պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել Արսեն Թելունցի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, քանի որ կարծում է՝ այդ եւ այսօր դատարանում հնչեցրած ցուցմունքներում հակասություններ կան, մասնավորապես ԱԹՍ-ի ձայնը լսելու տեւողության եւ հարակից տարածքում զենք-զինամթերքի առկայության հետ կապված։ Դատարանն այս միջնորդությունը բավարարեց մասնակի եւ ընթերցեց միայն նախաքննական ցուցմունքը՝ տրված 2021թ․ մարտի 26-ին։ Նախաքննական ցուցմունքում Արսեն Թելունցը նշել է, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է կես ժամից ավելի, այստեղ՝ դատարանում, նա ավելի երկար ժամանակ նշեց։ Թելունցը մեկնաբանեց, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է տեւական ժամանակ, բայց կոնկրետ թիվ նշել չի կարող, դրա համար է մոտավոր թվեր ասում, եւ անհամապատասխանությունը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է Վերանյանի պաշտպանի նկատած մյուս հակասությանը՝ Թելունցը նախաքննական ցուցմունքում նշել է, որ տարածքում զենք-զինամթերքով լիքը արկղեր են եղել, իսկ այստեղ՝ դատարանում, ասաց, որ վստահ չէ՝ արկղերում ինչ է եղել։ Այս առնչությամբ Իշխանաձորի նախկին համայնքապետն ասաց․  «Ես մինչեւ հիմա էլ գիտեմ, որ զինամթերք ա եղել, բայց կարող ա եւ սխալվեմ, միգուցե չի եղել, բայց զինամթերքի արկղեր եղել են։ Պարոն դատախազը որ ասեց մեջը զենք տեսել եք, թե չէ, ճիշտ ասեց, ես արկղեր եմ տեսել, կարող ա եղել ա, ես հիմա էլ չեմ ասում, որ չի եղել»,- պարզաբանեց Թելունցը։ Վերանյանի պաշտպանը, դիմելով նրան, ասաց․ «Ձեր ցուցմունքը հետագայում շարունակվում ա, ու տրամաբանական շղթան կառուցվում ա՝ «դրա համար էլ իրար զգուշացնում էինք, որ թաքնվենք։ Պարոն Թելունց, եթե Դուք հրթիռ, այլ զինամթերք չեք տեսել, տեսել եք միայն արկղերը, ինչո՞վ ա պայմանավորված նման ձեւակերպմամբ նախադսությունը։ Եթե եղել են ուղղակի արկղեր, արկղն իրենից վտանգ չի ներկայացնում։ Ձեր ցուցմունքի տրամաբանությունից հետեւում ա, որ եղել են հրթիռներով արկղեր, որոնք առավել մեծ վտանգի աղբյուր են»,- նշեց պաշտպանը։ Թելունցը նորից ասաց, որ ինքն իմացել է, որ ծածկի տակ զինամթերք է եղել, բայց թե կոնկրետ արկղի մեջ եղել են, թե ոչ, հիմա էլ չի կարող ասել։ Դատավորը ճշտող հարց տվեց․ - Հիմա ի՞նչ արձանագրել, զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։ - Չեմ կարող կոնկրետ ասել՝ զենք եղել ա մեջը, թե ոչ, արկղ եղել ա։ - Ի՞նչն է պատճառը, որ նախաքննության ընթացքում նշել եք՝ եղել է։ - Հենց երեւի էն ժամանակ, որ հարցնեին՝ մեջը զենք եղել է, նույն ձեւ կպատասխանեի՝ զենքի արկղ ա եղել։ Թելունցը նշեց, որ երբ ԱԹՍ-ն նույն մեքենային հարվածել է երկրորդ անգամ, այդ արկղերը եղել են մեքենայից 30-40 մ հեռավորության վրա, բայց որեւէ այլ պայթյուն, հրկիզում տեղի չի ունեցել։ Իշխանաձորում ծառայություն իրականացնող ոստիկանը, իմանալով ԱԹՍ-ի մասին, զգուշացրել է կանգնեցնել «Ուրալն» ու զինվորներին հորդորել պատսպարվել Հաջորդ վկան Արմեն Ավետիսյանն էր, որը պատերազմի ժամանակ Իշխանաձորում ծառայության է ընդգրկված եղել որպես վերակարգի ավագ։ Ավետիսյանը ծնվել է Չարենցավանում, 1986թ․ հոկտեմբերի 8-ին, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է։ Այժմ աշխատում է ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում, ավագ օպեր-լիազոր է։ Ավետիսյանը հայտնեց, որ դատարանում ներկաներից որեւէ մեկին չի ճանաչում։ Նշելով, որ արդեն բավական ժամանակ է անցել, նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, սակայն դատավորն առաջարկեց պատմել այն, ինչ հիշում է։ Վկա Արմեն Ավետիսյանը եւ դատավոր Սուրեն Խաչատրյանը Վկան նշեց, որ ինքը շրջիկ է եղել, մշտապես պտտվել է տարածքներում, աշխարհազորայինների մոտ է եղել։ Նա կոնկրետ օր չմտաբերեց, բայց ասաց, որ իրենց ծառայողները եղել են Իշխանաձորի կենտրոնական ճանապարհի խաչմերուկի վրա, որտեղով գնում են Հադրութ, Ջաբրայիլ (Ջրական)։ Երբ Ավետիսյանը նկատել է, որ երկնքում անօդաչու կա, անձնակազմին զգուշացրել է, որ մեքենաներին, մարդկանց կանգնեցնեն, հորդորեն ուշադիր լինել՝ վտանգ կա․ «Էդ պահին ես գնալիս եմ եղել, էդտեղից մի 200 մ հեռավորության վրա բենզալցակայան կար։ Անվտանգությունից ելնելով իջել եմ մեքենայից, տեսել եմ, որ զինվորական մեծ մեքենա է գալիս, մեջն էլ զինվորներ։ Անմիջապես տեղեկացրել եմ մեր աշխատակիցներին, ասել եմ շուտ տեղեկացրեք, որ վերեւը անօդաչու կա, թող ապահովության համար իջնեն մեքենաներից։ Վերջը, մեր տղաները տեղեկացրել են, զորքն իջել է, ինձ դրա մասին հայտնել են։ Դրանից հետո մոտենում է, եթե ճիշտ եմ հիշում, կամուֆլյաժ «պիկապ» մեքենա»,- ասաց վկան՝ նշելով, որ այդ մեքենան մոտենում է պատսպարվելու հորդորից մոտ տասը րոպե անց։  Վկան լսել է, թե հրամանատարը բարկացել ու զինվորներին հրահանգել է հետ նստել մեքենան Ավետիսյանի պատմելով՝ այդ մեքենայի մոտենալուց հետո զինվորների մեքենան նորից շարժվել է․ «Լսել եմ, որ այդ մեքենան մոտենում է այնտեղ (զինվորների մեքենային,-խմբ․), այնտեղ դուրս է գալիս իրենց կամանդիրը, էդ մեքենայի պատասխանատուին հայհոյելով ասում է՝ ձեզ ով է ասել մեքենայից իջնեք, շուտ նստեք մեքենան, մենք գնում ենք առաջադրանք կատարելու, թե ինչ․․․ Ու շարժվում են, մենք կանգնած նայում ենք էդ ԱԹՍ-ին, որ տեսնենք՝ որ ուղղությամբ է [շարժվում], որովհետեւ մինչեւ էդ էլի են եղել դեպքեր, երբ եկել ա դեպի մեր ուղղությամբ, թաքնվել ենք, ընկել ա ուրիշ ուղղությամբ»,- պատմեց վկան։ Ըստ նրա՝ զինվորների մեքենան այդ ժամանակ սկսել է շարժվել։ Հետո իջնելիս տեսել են ԱԹՍ-ն ու պայթյուն է որոտացել։ Այդ պահին Ավետիսյանը կապ է հաստատել գործընկերների հետ, որոնք էլ հայտնել են, որ զինվորական մեքենան է խոցվել․ «Ասում եմ՝ ո՞նց զինվորական, բա դուք կանգնեցրել էիք։ Բա՝ սենց, սենց, կամանդիրը եկել ա, սենց․․․ Բարձրացել են ինչ-որ առաջադրանք կատարելու։ Իմ հիշելով՝ էսքանը»,- եզրափակեց Ավետիսյանը։ Հետագայում նա երկմտեց՝ իսկապե՞ս պայթյունից հետո է այս վերջին զանգը եղել, թե՞ առաջ, ասաց՝ ամենայն հավանականությամբ՝ պայթյունից առաջ։ Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ նա հայտնեց, որ նշված ժամանակ Իշխանաձորի գյուղապետարանի հարակից տարածքում՝ կենտրոնական ճանապարհի վրա, իր հետ ծառայություն են իրականացրել ոստիկաններ Սենիկ Հովհաննիսյանը եւ Աղաբեկ Խաչատրյանը․ - Երբ նշում եք՝ կապ տվեցի, ասացի, ասացին, այդ անձանց մասի՞ն է խոսքը,- ճշտեց մեղադրողը։ - Այո,- պատասխանեց վկան, բայց չմտաբերեց՝ կոնկրետ ում հետ է խոսել, միայն հիշեց, որ ռադիոկապով է հաղորդել ԱԹՍ-ի առկայության մասին։ Վկան նշեց, որ 20-30 րոպե լսել է ԱԹՍ-ի տատանվող ձայնը, բայց չի ենթադրել՝ ինչ տեսակի է ԱԹՍ-ն։ Նա լսել է, որ ասում են «կամիկաձե», ինքն էլ այդ բառն է կիրառել, բայց չգիտի՝ դա ինչ է նշանակում։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ԱԹՍ-ի հայտնվելու պարագայում կոնկրետ հրահանգավորում ունեցե՞լ է՝ ինչ անել, եւ բացասական պատասխան ստանալու հետո հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է զանգել, զգուշացրել, որ մյուսները պատսպարվեն։ Վկան պատասխանեց․ «Ինքս եմ որոշել»։ - Իսկ արդյունավե՞տ որոշում է դա։ - Ճիշտ այդպես։ - Ինչո՞վ եք հիմնավորում։ - Որովհետեւ էլի դեպքեր են եղել, երբ մարդիկ պատսպարվել են, վտանգից ազատվել,- նշեց վկան։ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկա Ավետիսյանից ճշտեց՝ ե՞րբ է լսել-նկատել ԱԹՍ-ն։ Վերջինս ասաց, որ պատերազմի օրերին մեքենայի լուսամուտները իջեցրած էին վարում, որպեսզի ԱԹՍ-ի ձայնը լսվի, եւ քանի որ ինքը հանգիստ շարժվելիս է եղել, լսել է թռչող օբյեկտի ձայնը։ Պաշտպանի հարցին պատասխանելիս վկան ասաց, որ Սենիկ Հովհաննիսյանն է իրեն ռադիոկապով տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, մինչդեռ ցուցմունքում հակառակն էր նշել․ - Այսինքն՝ ոչ թե Դուք եք զանգել Սենիկին ու Աղաբեկին, այլ հակառա՞կը,- հարցրեց պաշտպանը։ - Սկզբում այո։ - Ե՞րբ նկատեցիք «Ուրալը» գալուց։ - Երբ ես մեքենայից արդեն դուրս եմ եկել, մեքենաս կանգնեցրել եմ, կլիներ ահագին ժամանակ, որ նկատել եմ [ԱԹՍ-ն], մոտ քսան-երեսուն րոպե պտտվելուց ա եղել, ոնց որ ձայնը մոտենար-հեռանար։ Ես իջել եմ, ահագին ժամանակ նայել եմ, տասը-տասնհինգ րոպե, դրանից հետո ես լարված նայում էի երկինք, որ ինչ-որ բան տենայի, չէի տենում, ձենն էի զգում, ու մեքենան էկել ա էդ ընթացքում։ - Ինչո՞ւ Դուք չկանգնեցրիք։ - Ես հեռու էի, ես իմ մեքենան կանգենցրել եմ, գնացել փլատակների մոտ, իսկ մեքենան («Ուրալը»,-խմբ․) ճանապարով, ինձնից հիսուն-վաթսունմետր հեռու է եղել։  - Ձեր մոտից վիզուալ դիտարկվո՞ւմ էր խաչմերուկի տարածքը։ - Չէ։ Մյուս վկան եւս համոզված է՝ երբ ԱԹՍ կա երկնքում, պետք է պատսպարվել Վկա Արմեն Ավետիսյանն էլ նշեց, որ ԱԹՍ-ի առկայության պարագայում պատսպարվելն արդյունավետ միջոց է։ Նա նաեւ ասաց, որ ինքն էլ է տարածքում արկղեր տեսել, բայց չի կարող ասել՝ դրանք զենք-զինամթերքով բեռնված եղել են, թե ոչ։  Պաշտպանը միջնորդեց հրապարակել նաեւ Ավետիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները՝ նշելով, որ դարձյալ հակասություններ է նկատել՝ նախկինում վկան ասել է, որ մեքենայից դուրս է եկել, լսել է ԱԹՍ-ի ձայնը, հիմա ասում է՝ զանգել-զգուշացրել են, որ օդում վտանգ կա․ «Գործողությունների հերթականությունը տարբերվում է»,- նշեց պաշտպանը։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ վկան հիմա՞ է ավելի լավ հիշում այդ օրվա եղելությունը, թե՞ նախաքննական ցուցմունքի ժամանակ։ Վկան նշեց, որ այն ժամանակ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, որովհետեւ երեք տարի առաջ հիշողություններն ավելի թարմ են եղել․ «Էդ ժամանակ ամեն օր գլխիս մեջ էդ էի տեսնում։ Քննիչի մոտ ասված ամբողջն իրականություն է»։ Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց ամբողջությամբ եւ ընթերցեց Արմեն Ավետիսյանի նախաքննական ցուցմունքը։ Պաշտպանը նկատեց, որ նախաքննական ցուցմունքից հայտնի է դառնում, որ ոչ թե վկայի գործընկերներն են տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, այլ հակառակը, ինչին Ավետիսյանն արձագանքեց․ «Շատ հնարավոր ա, ես ասացի՝ բավական ժամանակ ա անցել, ես չեմ մտաբերում՝ ոնց ա եղել իրականում, ես եմ զանգել, թե իրենք են զանգել ինձ։ Պատվարժան դատարանը ներկայացրեց իմ ցուցմունքը, ես լիովին ճիշտ եմ ընդունում այն, քանի որ ինչ եղել ա, էդպես գրվել ա թղթի վրա»։ Դատական քննության ընթացքում տված ցուցմունքը հրապարակելու տեխնիկական անհնարինություն կար այսօրվա նիստում, ուստի դատավորը որոշեց այն հրապարակել հաջորդ նիստի ժամանակ։ Դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հայարփի Բաղդասարյան
22:58 - 06 մայիսի, 2024
Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

17-ամյա Տիգրանը (անունը փոխված է, քանի որ անչափահաս է) այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովայի Հանրապետություն, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայություն իրականացնող ոստիկանները նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։  Տիգրանն այդ պահին ենթադրել է, որ պատճառը բացակայելու արգելք խափանման միջոցն է, որ իր նկատմամբ ընտրվել էր ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ապօրինի կերպով սառը զենք կրելու հոդվածով, սակայն փետրվարի 1-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը։ Միաժամանակ դատարանը վճռել էր կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռն ուժի մեջ է մտնում, եթե այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կողմերը դրա դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացնում։ Փետրվարի 15-ի դրությամբ, փաստացի, այդ ժամկետը լրացած չի եղել։ Տիգրանն ասում է, որ միայն օդանավակայանում է տեղեկացել այդ հանգամանքի մասին։ Արդյունքում, բաց է թողել թռիչքը եւ կրել 150 հազար դրամի նյութական վնաս։ Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել։ Քաղաքացիները երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ իրենց նկատմամբ կիրառված սահմանափակումը դեռ չի հանվել, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են կամ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։  Նյութում կարդացեք՝ Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում Ինչ խնդիրների առաջ են կանգնում երկրից մեկնող քաղաքացիները, եւ ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ինչ տեսակետ ունի խնդրի վերաբերյալ նախկին դատավորը Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում ՍԷԿՏ համակարգը Կառավարության՝ 2006 թ․-ի որոշմամբ ստեղծված էլեկտրոնային շտեմարան է, որտեղ ՀՀ պետական մարմիններն իրականացնում են Հայաստան ելք ու մուտք անող տրանսպորտային միջոցների եւ անձանց հաշվառում, այդ թվում՝ նաեւ այն անձանց վերաբերյալ, որոնք որեւէ քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք (նախկինում՝ երկրից չհեռանալու մասին ստորագրություն) խափանման միջոցը։  Տարիներ շարունակ տվյալների փոխանցման գործընթացը քրեադատավարական օրենսդրությամբ կարգավորված չէր, այսինքն՝ սահմանված չէր, թե իրավասու սուբյեկտը երբ, ինչ եղանակով, ինչպես պետք է գործեր երկրից չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու դեպքում։ Որպես կանոն, քննիչը կամ դատարանը Կառավարության հիշյալ որոշման հիման վրա էին այդ տեղեկությունը փոխանցում ոստիկանությանը, որպեսզի վերջինս, որպես լիազոր մարմին, տեղեկությունը ներառի համակարգ եւ անձի՝ Հայաստանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակի։  Այդ որոշումը, սակայն, որեւէ կերպ չէր կարգավորում ընտրված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու դեպքում անձի տվյալները համակարգից հեռացնելու գործընթացը։ Արդյունքում, ոստիկանությունը անհապաղ չէր տեղեկացվում այդ մասին կամ տեղեկացվելուց հետո անհապաղ չէր հեռացնում, եւ անձանց տվյաները անորոշ ժամանակով մնում էին համակարգում՝ այդ կերպ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժման իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր հրապարակումներում եւ զեկույցներում անդրադարձել է այս խնդրին։ 2016 թ․ տարեվերջին ՄԻՊ-ը նաեւ դիմել է Սահմանադրական դատարան, եւ վերջինս արձանագրել է, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականությունը, առանց որի հնարավոր չէ երաշխավորել մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը։ ՍԴ որոշումից 5 տարի անց՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով (ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ին) ի վերջո ամրագրվեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին (հոդված 127)։ Բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմինը տվյալ դեպքում ոստիկանությունն է, որը լիազորված է սահմանափակելու ելքի հնարավորությունը։ Ըստ ՄԻՊ-ի՝ չնայած օրենսդրական կարգավորմանը՝ գործնական խնդիրները չեն վերացել Մարդու իրավունքների պաշտպանն իր 2023 թ․ տարեկան զեկույցում օրենսդրական մակարդակում այս ամրագրումը ողջունելի է համարել, միաժամանակ նշել, որ չնայած խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը դրա կիրառումն ապահովող մարմնին հանձնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանվել է, 2023 թ․ ընթացքում Պաշտպանին ներկայացված ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման բողոքների առկայությունը վկայում է այն մասին, որ տվյալ օրենսդրական դրույթի գործնական կիրառման համատեքստում դեռեւս առկա են խնդիրներ, եւ իրավակիրառ պրակտիկան միշտ չէ, որ համապատասխանում է հարցի առնչությամբ առկա չափանիշներին եւ երաշխիքներին: ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մեր զրույցում մանրամասնում է՝ բողոքները հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ եզրափակիչ դատական ակտով խափանման միջոցը վերացվում է, սակայն այդ տեղեկությունը որոշակի ժամանակ համակարգ մուտք չի արվում․ «Դա հիմնականում լինում է դատական վարույթում գտնվող գործերով, քանի որ ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ (ի տաբերություն քրեական հետապնդման մարմինների՝ դատարանները չունեն էլեկտրոնային՝ Mullbery  համակարգ, եւ ծանուցումն ուղարկում են հատուկ փոստային կապով,-հեղ․), եւ տեւական ժամանակ՝ 4-5 օր, 1 շաբաթ տեւում է, մինչեւ այն հասնում է կոնկրետ իրավասու մարմնին, որպեսզի նա սահմանափակումը վերացնի։ Իսկ այդ ընթացքում անձը, գիտակցելով, որ իր նկատմամբ վարույթը ավարտվել է, եւ արդեն ոչ մի սահմանափակում չի գործում, տոմս է գնում, գնում է՝ մեկնելու, ու պարզվում է, որ սահմանափակումը դեռեւս վերացված չէ։ Ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ վարույթը կարճվել է, անձի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարել, բայց քննիչը համապատասխան գրությունը չի ուղարկել ոստիկանություն, այս դեպքում էլ ոչ թե առաքման խնդիր է, այլ վարույթն իրականացնող մարմինն իր վրա դրված պարտականությունը չի իրականացրել»,- ասում է Մինասյանն ու նշում՝ բոլոր դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցությամբ փորձել են իրավիճակը հրատապ կարգով շտկել։ Մեկ այլ իրավիճակ է, երբ դատարանը եզրափակիչ դատական ակտով արդարացնում է անձին, սակայն ինչպես Տիգրանի դեպքում  է եղել, չի վերացնում ընտրված խափանման միջոցը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ այս հարցը խորքային ուսումնասիրման կարիք ունի, քանի որ նման բողոքներ իրենք չեն ստացել․ «Խնդիրը հետեւյալն է․ առաջին ատյանը կայացնում է արդարացման դատական ակտ, վերացնում է բոլոր սահմանափակումները, անձը լքում է երկիրը, հետո Վերաքննիչում ակտը բեկանվում է, անձին դատարան հրավիրելու հարց է առաջանում, եւ խնդիր է ծագում հետագա դատական պրոցեսի պատշաճ իրականացումն ապահովելու տեսակետից․․․ Բայց մեր մանդատին վերաբերելի մասն այստեղ մի քիչ կտրվում է, դա դատական գնահատման առարկա է,  քանի որ օրենքը մեզ ուղիղ արգելք է սահմանում, որ եթե մի հարցի վերաբերյալ կա դատարանի որոշում, դու չես կարող գնահատել՝ ճիշտ է, թե սխալ է, դա վերադաս ատյանների քննարկման հարց է»,- կարծում է Մինասյանն ու ընդգծում՝ օրենքի միատեսակ կիառությունն ապահովելն էլ Վճռաբեկ դատարանի խնդիրն է։ Արամ Մինասյանի համոզմամբ՝ վարույթն իրականացնող մարմինները սկզբում ինչ ջանասիրությամբ որ անձի նկատմամբ խափանման միջոց են ընտրում, նույն ջանասիրությունը պետք է գործադրեն նաեւ խափանման միջոցը վերացնելիս․ «Ընթացակարգը պետք է դյուրինացվի՝ ընդհուպ մինչեւ էլեկտրոնային եղանակով անհապաղ տեղեկացնելու կամ վարույթն իրականացնող մարմնին որոշակի հասանելիություն տալու միջոցով, որպեսզի տեւական ժամանակ մարդը ստիպված չլինի սպասել իր նկատմամբ կիրառված արգելքը վերացնելուն»,- նշում է նա։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանն իր պրակտիկայում միայն մեկ անգամ է անդրադարձել երկրից չհեռանալու մասին ստորագրություն (բացակայելու արգելք) խափանման միջոցին՝ դրա բողոքարկելի լինել-չլինելու համատեքստում՝ նշելով, որ եթե դրա կիրառմանը հետեւում է ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը, ապա անձն իրավասու է դատարանում բարձրացնել այդ արգելքի իրավաչափության հարցը՝ իր ազատ տեղաշարժի իրավունքի առերեւույթ խախտման ուժով։ Քննարկվող հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշում առկա չէ։ «Եթե չկա մեղադրանք, խափանման միջոցը չի կարող պահպանվել»․ Դավիթ Հարությունյան Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը այն կարծիքին է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է (օր․՝ լրացել է հանցանքի վաղեմության ժամկետը,-հեղ․) առավել եւս արդարացնող (օր․՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը) հիմքով, ապա կիրառված խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման, իսկ այդ դեպքում ՍԷԿՏ-ի սահմանափակումն էլ է ենթակա անհապաղ վերացման։ Իր գործունեության ընթացքում արդարացնող դատական ակտերում Հարությունյանը, որպես կանոն, ուղիղ գրել է ՍԷԿՏ համակարգում անձի նկատմամբ առկա սահմանափակումը վերացնելու մասին եւ այդ գրությունն ուղարկել ոստիկանություն։ Ասում է՝ թեեւ նախկին օրենսդրությամբ այդ պարտականությունն ուղիղ սահմանված չէր, բայց դա ենթադրվում էր։ Քրեական դատավարության գործող օրենսգիրքը սահմանում է, որ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը․  «Խափանման միջոցի կարեւորագույն պայմանը՝ քրեական գործում մեղադրանքի առկայությունը, այլեւս չկա, իսկ եթե չկա մեղադրանք, չկա հիմնավոր կասկած, ուրեմն՝ խափանման միջոցը չի կարող պահպանվել, հետեւաբար ենթադրվում է, որ դա ինքնըստինքյան պետք է հանգեցնի ելքի սահմանափակման վերացման»,– ասում է Հարությունյանը։ Մինչդատական փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը մինչեւ դատական կարգով բողոքարկելը կարող է բողոքարկվել հսկող, ապա նաեւ՝ վերադաս դատախազին, իսկ դատական փուլում Առաջին ատյանի արդարացման դատական ակտը՝ Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ռիսկը, որ այդ ընթացքում անձը կարող է մեկնել երկրից, առկա է, որոշ դեպքերում գուցե եւ արդարացված է, բայց այն չի բխում օրենքից։ Ըստ Հարությունյանի՝ քրեադատավարական նորմերի համալիր վերլուծությունը հանգեցնում է նրան, որ սահմանափակումը ենթակա է վերացման՝ անկախ նրանից՝ այդ ռիսկը ողջամիտ է թե ոչ․ «Լավ կլիներ, որ օրենքով հստակ սահմանվեր, որ ցանկացած դեպքում, երբ անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է, ապա ենթակա է վերացման խափանման միջոցն էլ, ցանկացած սահմանափակում էլ»,- կարծում է նախկին դատավորը։ Գործնականում ծագող խնդիրները, ըստ նրա, հնարավոր է կարգավորել առանց տեխնիկական հատուկ միջոցների ներդրման, օրինակ՝ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել դատարանների պաշտոնական էլեկտրոնային փոստերի միջոցով լիազոր մարմնի հետ փոխվստահության հիման վրա աշխատելու վերաբերյալ․ «Չեմ կարծում, թե համակարգին համընդհանուր հասանելիության ապահովումը արդյունավետ կլինի, որոշակի գաղտնիություն պարունակող տվյալներ են, լիազոր մարմնին վերապահելը ճիշտ է»,- նշում է նա։ Նախկին դատավորի խոսքով՝ նոր օրենսդրությունը գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել Թեեւ նոր օրենսդրությամբ կարգավորում է նախատեսվել, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, այն իր հերթին գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ թեեւ անձի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն վարույթն իրականացնող մարմինը ինչ-ինչ նպատակներով (աշխատանքային, առողջական եւ այլն) ցանկանում է նրան թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ ՀՀ-ից։  Նախկինում, երբ օրենսդրությունը հստակ կարգավորում չուներ, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա դա հնարավոր էր լինում կազմակերպել․ «Այժմ պրակտիկայում ի՞նչ իրավիճակ է առաջացել․ եթե կիրառված է բացակայելու արգելք, դատավորները եւ քննիչները չեն կարողանում ՍԷԿՏ-ը բացել կամ սահմանափակումը ժամանակավորապես վերացնել՝ պահպանելով խափանման միջոցը, որովհետեւ ստացվում է, որ այդ երկուսը միմյանց հետ փոխկապակցված են։ Երբ առանձին պաշտոնատար անձինք նման գրություններ հասցեագրեցին, լիազոր մարմինը հրաժարվեց դա կատարել՝ հղում անելով օրենքին, որ կիրառված խափանման միջոցի պայմաններում արգելքը չի հանվում»,- ընդգծում է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ արհեստականորեն առաջանում է մի իրավիճակ, երբ կան հիմքեր՝ թույլատրելու, որ անձը ժամանակավորապես մեկնի ՀՀ-ից, բայց քանի որ դրա օրենսդրական հնարավորությունը չկա, վարույթն իրականացնող մարմինները ստիպված խափանման միջոցը վերացնում են կամ ընտրում են ավելի խիստ խափանման միջոց գրավը (գրավի դեպքում ՍԷԿՏ համակարգում ՀՀ-ից ելքը չի փակվում)։ Այս հարցը եւս, ըստ մասնագետի, պետք է հստակ կանոնակարգում ստանա։   Միլենա Խաչիկյան
16:11 - 30 ապրիլի, 2024
Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքվել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը

Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքվել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը

Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանցիների ծնողները դիմել են «Ինֆոքոմին»՝ նշելով, որ ամեն ամիս ծնողկոմիտեի միջոցով 500 դրամ են հավաքել՝ որպես «ճաշարանի գումար»։ Դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը սկզբում հերքեց, հետո հաստատեց այդ փաստը՝ պնդելով, որ դրանում որևէ հակաօրինական բան չկա։ Մարզպետարանից, սակայն, հայտնում են, որ բոլոր դպրոցներին արգելել են ծնողներից գումար հավաքել։  Հայաստանի բոլոր մարզերում երեխաներին անվճար մեկանգամյա տաք սնունդ տրամադրվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում։ Մեկ աշակերտի հաշվով տրամադրվող օրական սննդի գումարը 151 կամ 171 դրամ է՝ կախված սովորողների թվաքանակից և տաք սնունդ տրամադրելու հնարավորությունից։ Ծրագրի կառավարումը և իրականացումը 2023-ին ամբողջությամբ փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։   «Ինֆոքոմի» հետ զրուցած տարրական երեք տարբեր դասարաններում սովորող աշակերտների ծնողները պատմում են, որ տարիներ շարունակ ամեն ամիս ճաշարանի կարիքների համար վճարում են 500 դրամ։  Ըստ նրանց՝ գումարը հավաքելու պարտականությունը դրված է եղել ծնողկոմիտեի վրա։  Կարինեն* ասում է, որ իրենց դասարանի ծնողկոմիտեի նախագահը հաճախ է փոխվում, քանի որ «ոչ մեկ էդ պարտականությունը չի ուզում իր վրա վերցնել»։  Նա հստակ չգիտի, թե գումարը ինչ նպատակով է հավաքվում, ըստ դպրոցում եղած խոսակցությունների՝ երեխաների սննդի համար պետության հատկացրած ֆինանսավորումը քիչ է, չի բավարարում աշակերտների կարիքներին։ «Բայց դրա իրավունքը ունե՞ն», - հարցնում է Կարինեն ու շարունակում՝ եթե օրինական է գումար հավաքելը, ինչո՞ւ է իրենց ասվել, որ դրա մասին ոչ ոք չիմանա։  Մեզ հետ զրույցում մեկ այլ ծնող նշում է, որ գումարը ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում վճարել։ Ինքը թեև տեղյակ է, որ սնունդն անվճար պետք է տրամադրվի, շարունակել է վճարել, որ դպրոցում իր երեխային մատնացույց չանեն։  «Դե որ բոլորը տալիս են, դասարան ա, կասեն օրինակ էս ինչ երեխայի մաման փող չի տվել, արդեն կտարածվի էլի, պուճուր գյուղ ա, մի տեսակ վախ կա, որ երեխային չնեղացնեն»,- ասում է Արմինեն։  Արմինեն հիշում է մի դեպք, երբ ծնողներին զգուշացրել են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մարդ է գալու, չասեն, որ գումար են հավաքում։ Ասեն՝ «միայն մի անգամ են հավաքել, կաթսա են գնել ու վերջ»։ Ծնողները մեզ տրամադրել են ծնողական առցանց զրուցարանից պատկեր, որտեղ երևում է «ճաշարանի գումարի» վերաբերյալ խոսակցությունները։   Տնօրենը նախ հերքեց, հետո հաստատեց, հետո կրկին հերքեց գումար հավաքելու փաստը Վաղաշենի դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը մեզ հետ առաջին զրույցում պնդեց. «սա ապատեղեկատվություն է»։ Ըստ տնօրենի՝ դպրոցում ճաշարանի գումար չի հավաքվել, պետության տված գումարով է սնունդը գնվել, իսկ ահազանգերը ուղղորդված են։ «Ես, առհասարակ, էդ հարցերում շատ ուշադիր եմ։ Տասը դրամ անգամ ծնողը կամ աշակերտը իրավունք չունի տա», - ասաց նա։  Սակայն նույն օրը՝ մի քանի ժամ անց, նա կապվեց մեզ հետ, խնդրեց հարցը կրկնել։ Պատճառաբանելով, թե զանգի պահին իր մոտ մարդ կար, միանգամից չէր կողմնորոշվել՝ ինչի մասին է խոսքը։ Այս անգամ նա հաստատեց, որ եթե ծնողկոմիտեի գումար հավաքելու մասին է խոսքը՝ դա իրականացվում է և օրինական է։ Գումարը հավաքվում է ոչ թե մթերքներ գնելու, այլ ճաշարանի հետ կապված այլ ծախսերի համար։ «Իրենք կարող են գումար հավաքել. իհարկե ծնողկոմիտեի նախագահի մասին է խոսքը՝ ծնողական խորհրդի անդամների քվեարկության համաձայն։ Այսինքն, իրենք որոշում են ու ինչ-որ մաքրման պարագաներ… ճաշարանի մասին է խոսքը, ու նմանատիպ պարագաներ ձեռք բերելու համար», - ասաց Սուվարյանը։ Օրեր անց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում կրկին պնդեց, որ որևէ գումար չի հավաքվել. «Դա խայտառակություն է, դպրոցում երբևէ ամսական 500 դրամ ոչ ոք չի հավաքել։ Մեր գյուղը այնպիսի գյուղ է, որ եթե դպրոցում ճանճը տզաց, հաստատ նախարարությունը, վարչապետը, բոլորը գիտեն»,-ասաց տնօրենը։  Միևնույն ժամանակ, տնօրենը նշեց, որ ծնողներին դուր չի եկել ճաշարանի ափսեները, նրանք որոշել են գնել «արջուկով ափսե», որից իրենց երեխաներն ավելի հաճույքով կօգտվեն։ Նույն եղանակով գնել են նաև կաթսաներ։ Նշված սպասքի գումարը, ըստ տնօրենի, դպրոցի ներսում չի հավաքվել, սակայն այդ սպասքը պատկանում է դպրոցին և հաշվառված է դպրոցի հաշվեկշռում։   Ճաշարանի համար իրականացված գնումների վերաբերյալ ծնողական խորհրդի արձանագրությունները դպրոցը չի հրապարակել Կառավարության որոշմամբ գոյություն ունի հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրություն, որը սահմանում է ծնողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, շրջանակը։  Կառավարության որոշմամբ՝ ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները, որոնք, ընդունված որոշումների հետ միասին, երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի կայքում: Վաղաշենի դպրոցի կայքը 2022 թվականի հունվարից հետո չէր թարմացվել։ Մենք կրկին կապ հաստատեցինք դպրոցի տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչու սահմանված կարգով ծնողական խորհրդի որոշումները հրապարակային չեն տեղադրվել։ Պայմանավորվեցինք, որ մինչև ապրիլի 17-ը դպրոցը կամ կհրապարակի կամ կուղարկի ծնողական խորհրդի այն արձանագրությունները, որով որոշվել է սպասք գնել ճաշարանի համար։  Դրանից հետո դպրոցի կայքում հետին ամսաթվով (16 հոկտեմբերի, 2023) տեղադրվել է «2022-2023 թվականների Ծնողաական խորհրդի արձանագրություն» անվամբ մի փաստաթուղթ, որի բովանդակությունը սակայն Համադպրոցական ընդհանուր ժողովի արձանագրությունն է։ Այն նախորդ երկու տարիների արձանագրությունների բառացի արտագրությունն է՝ մի փոքր տարբերությամբ միայն. փոխվել են որոշ անուններ, ավելացվել է «շնորհակալ են դպրոցի տնօրենից» արտահայտությունը և «Դպրոցի աշխատանքները գնահատվել են «շատ լավ»» նախադասությունը։  Ձախ կողմում՝ հատված 2022թ․ արձանագրությունից, աջ կողմում՝ հատված 2023թ․ արձանագրությունից Ի դեպ՝ այս արձանագրությունում որևէ նշում չկա ծնողական խորհրդի՝ սպասք գնելու և դպրոցին հանձնելու որոշման մասին։  Լաուրա Սուվարյանի հետ մեր առաջին զրույցի հաջորդ օրը ծնողներից մեկը մեզ տեղեկացրեց, որ տնօրենը հրավիրել է համածնողական ժողով, որի ընթացքում նրանց ասվել է, որ հավաքված գումարը ծախսվել է մաքրող միջոցներ, սպասք, կաթսա, էլեկտրականության բացակայության դեպքում՝ սնունդ գնելու համար։ Նաև այս ժողովի ընթացքում  խստիվ արգելվել է գումար հավաքելը։   Գեղարքունիքի մարզպետարանը վաղուց արգելել է ծնողական որևէ ներդրում դպրոցում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը աստիճանաբար Հայաստանի մարզերում ներդրվել է 2010 թվականից։ Մինչև 2023-ը այն իրականացվել է Հայաստանի կառավարության, Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ համագործակցության արդյունքում:  Ծրագրի նպատակն է ապահովել բալանսավորված սնունդ դպրոցներում, նպաստել առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը, վաղ տարիքից մարդու առողջության նկատմամբ խնամքի, պատշաճ սննդի կանոնների անհրաժեշտության վերաբերյալ իրազեկմանը: Այժմ գործում է Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բերեկեցություն» հիմնարկը, որի նպատակն է այս ծրագրի շրջանակում իրականացնել մշտադիտարկումներ, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, վերապատրաստումներ, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը։  Հիմնարկի՝ խոհարարների համար ուղեցույցում տրված է երկշաբաթյա ճաշացանկ, որում փոփոխություններ կատարելն անթույլատրելի է, և կարելի է հավելյալ սննդամթերքներ ընդգրկել միայն լրացուցիչ ճաշացանկից: Իսկ լրացուցիչ ճաշացանկը նախատեսված է պատրաստել միայն հիմնական ճաշացանկն ապահովելուց հետո՝ այլ աղբույրներից ֆինանսավորում կամ նախատեսված մթերքին հատկացվող գումարի տնտեսում ունենալու դեպքում։ Ըստ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի՝ ի սկզբանե համատեղ դպրոցական սննդի կազմակերպման գաղափարն է եղել ծրագրի հիմքում՝ որոշ գործառույթներ թողնելով համայնքի մասնակցությանը։ «Սա եղել է ոչ միայն նյութական միջոցների, այլև ծնողի ներգրավվածության համար», - ասում է Սաթենիկ Մկրտչյանը։ Գոյություն է ունեցել ուղեցույց, որում նշվել են քայլերը, թե ծնողական ներգրավվածությունը ինչ քայլերով պետք է իրականացվի։ Օրինակ՝  ծնողական մեծ ժողովի ընթացքում քննարկումներ պետք է լինեն ու որոշումներ կայացվեն։ «Պետք է արձանագրված լինի խորհրդի որոշումով, դրամական առնչություն դպրոցի տնօրենի և դպրոցի հետ պետք է չունենա», - ասում է Մկրտչյանը։ Այժմ կարգավորումները կամայական են, թողնված լիազոր մարմիններին՝ մարզպետարաններին։  Գեղարքունիքի մարզում ծնողական ներդրումները մարզպետարանը երկու տարուց ավելի է, ինչ արգելել է։  Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը նշեց, որ այս մասին բանավոր կերպով հանձնարարվել է դպրոցի տնօրեններին, ու «գրեթե ամեն անգամ խորհրդակցությունների ժամանակ մենք անդրադառում ենք, որ նման դրամահավաք հանկարծ չլինի»,- ասում է Զազյանը։ Նման որոշում են կայացրել, քանի որ պետական բյուջեի միջոցները լրիվ բավարարում են տարրական դասարանի աշակերտների համար նախատեսված չափաբաժինները։ Ըստ Կարեն Զազյանի՝ անհրաժեշտ այլ պարագաների հարցը, օրինակ, մաքրող միջոցներ, սպասք, ևս լուծվում է պետական միջոցների հաշվին, «որպեսզի ավելորդ բեռ չդնեն ծնողների վրա»,- ասում է նա։   ԿԳՄՍ նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը հակասում են իրար «Ինֆոքոմը» գրավոր հարցմամբ խնդրեց ԿԳՄՍ նախարարությանը և Գեղարքունիքի մարզպետարանին պարզաբանել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզպետարանի արգելքի պայմաններում գումար գանձողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նաև թե ինչո՞ւ, որպես վերահսկող մարմիններ, տարիներ շարունակ չեն կանխարգելել այդ երևույթը, և թե ստեղծված իրավիճակում ո՞վ պետք է փոխհատուցի տարիներ շարունակ ծնողներից՝ դպրոցի կարիքների համար հավաքված գումարը։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պատասխանել է, որ «ծնողական խորհրդի կողմից առաջարկված և դպրոցի կողմից հավանության արժանացած նպատակային ծրագրերը և միջոցառումները կարող են ֆինանսավորվել նաև ծնողների կողմից»։  Այն պետք է իրականացվի ծնողական խորհրդի կողմից կազմված նախահաշվի համաձայն՝ «որպես բարեգործություն, նպատակային ներդրում և կամ նվիրատվություն՝ կախված գործունեության բնույթից»: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, Սվաջյանը նշել է, որ Վաղաշենի միջնակարգ դպրոցը գործում է Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ։  Իսկ մարզպետարանը մեր երեք հարցերին ուղարկել էր հակիրճ պատասխան։   Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը նշել է՝ «Վաղաշենի միջն. դպրոցի հետ կապված հեռախոսազանգով քննարկել  ենք  մանրամասն  Ձեր  հետ»։ Մենք նաև գրավոր հարց էինք ուղարկել դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե քանի՞ տարի և ինչքա՞ն գումար է ծնողական կոմիտեն հավաքել ճաշարանի կարիքների համար և թե ի՞նչ է գնվել դրանցով։ Նաև խնդրել էինք դրամադրել ծնողական խորհրդի՝ բոլոր տարիների որոշումները և նախահաշիվները, համաձայն որոնց գումար է հավաքվել ճաշարանի կարիքների համար։  Ի պատասխան Սուվարյանը նշել է, որ հարցադրումները ոչ թե իր, այլ դպրոցի ծնողական խորհրդի գործունեության ոլորտում են և նա իրավասու չէ «տրամադրելու նմանատիպ տեղեկատվություններ»: Պատասխանում  նաև հղում է կատարել  ՀՀ կառավարության որոշմանը, հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդների մասնակցությանը աշակերտների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը ու նկատել, որ «եթե դպրոցի ծնողական խորհրդի կողմից կայացված էլ լինի նշված ենթատեքստով որոշումներ, ապա դա կմեկնաբանվի այդ հոդվածի կետի տեսանկյունից։ Իսկ որոշումների կայացման կամարտահայտության և թափանցիկության մասին, ենթադրում եմ, ավելորդ է խոսել», - նշել է Սուվարյանը: Ինչ վերաբերում է մեր հարցմանը՝ թե ինչո՞ւ դպրոցը չի հետևել Գեղարքունիքի մարզպետարանի սահմանած արգելքին, որով մարզպետարանը պահանջել է ծնողներից գումար չհավաքել, տնօրենը պատասխանել է, որ այս հարցադրման բովանդակությունը, իր մեկնաբանմամբ, «քրեաիրավական դաշտի կարգավորման հարց է, և խախտում է նույն իրավակարգավորման «անմեղության կանխավարկածի» սկզբունքը»։ Արշալույս Բարսեղյան
18:46 - 25 ապրիլի, 2024
«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր․ Խուռհատ սարի գործով գրեթե երկու տարվա դատական քննությունից հետո հարցաքննվելու էր Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վահանյանի հարցաքննությունը սկսվեց նշանակված ժամից քիչ ուշ, մինչ այդ զոհված զինծառայողների ծնողներն ու լրագրողները ստիպված էին սպասել դրսում․ կարգադրիչները պահանջեցին լքել դատարանի շենքը՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ներկաներին հորդորեց հարցաքննության ընթացքում պահպանել լռություն, չնայած նրան, որ ամբաստանյալի խոսքերը իրենց գուցե հաճելի չլինեն։ Բացատրեց՝ դա ամբաստանյալի իրավունքն է։ Այնուհանդերձ, երկու ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրավիճակը նիստերի դահլիճում պարբերաբար լարվեց, ծնողներից մի քանիսը դահլիճից հեռացվեցին։ Դատարանում ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած ուսումնական, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը։ Վահանյանի համար անհասկանալի է՝ ինչու ուսումնական գումարտակին չցրեցին Իշխան Վահանյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, ինքը զորամասում է եղել, տեսել է՝ ինչպես են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները պահպանությունից անցել պաշտպանության։ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը՝ փոխգնդապետ Ավալյանը, եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] պարոն փոխգնդապետ, բա տենց չի լինի, սա ուսումնական ա, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից։ Վերեւից, դե, զորամասի հրամանատարը (Արթուր Քարամյանն է–հեղ․) պիտի տար, նրան էլ՝ դիվիզիայի հրամանատարը (Կարեն Առստամյանն է,–հեղ․), հասկանում ենք, դրա համար գնացել, նստել ենք պաշտպանություն։ Բայց թե խի չցրեցին էդ անձնակազմը, իմ համար էլ է մինչեւ հիմա անհասկանալի, որովհետեւ մի ամսով արձակուրդ ենք եղել, չէր կարող այդ ընթացքում բան փոխվել, որ միանգամից դառնային «բայեվոյ», որոշակի նախապատրաստական վիճակ պիտի գնար»,– նշեց նա։ Գումարտակի նախկին հրամանատարը, ըստ Վահանյանի, սխալ հրամաններ է տվել Իշխան Վահանյանը խոսեց ոչ միայն Խուռհատ սարին վերաբերելի, այլեւ դրան նախորդած դեպքերից՝ բացատրելով, որ անձնակազմի պառակտումն ու բարոյահոգաբանական վիճակի անկումը ավելի վաղ են սկսվել գումարտակի նախկին հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանից։ Պատճառը, ըստ նրա, Վարդերեսյանի տված սխալ հրամաններն էին․  «Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք, բայց դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր։ Ինքը գնում էր գրքային բառերով։ Փոքր խմբերով մեծ խնդիր նորակոչիկը չէր կարող կատարել․ էդտեղ աշխատում էին հրետանի, վարձկաններ․․․ Մենք պիտի դեպի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, էդ էր ճիշտը, որովհետեւ մեր հետեւում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն այդ հակագրոհին խոչընդոտ ենք հանդիսացել․․․ Ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին, որ սենց խնդիր կա, ինքը շատ արագ եկել է մեր մոտ, ասել՝ չի կարող սենց բան լինել, նորից գնում ենք մեր դիրքերը, մենք պիտի ձախ գնայինք․․․ Ու սկսել ենք անձնակազմին հավաքել․ կեսը՝ ծառի տակ, կեսը արդեն զորամաս էին հասել․․․»– ասաց ամբաստանյալը՝ պնդելով՝ եթե մարտակարգի կոպիտ խախտում ես թույլ տալիս, անձնակազմին համակարգելն այլեւս դժվար է լինում։ Ըստ Վահանյանի՝ ինչքան տեղ եղել է, այդքան վիրավորի հանել է Վահանյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում վիրավորների դրվագին։ Մի շարք վկաներ դատարանում հայտարարել են, որ երբ Վահանյանը շտապօգնության մեքենայով եկել է, անգամ չի բարեհաճել մեքենայից իջնել, մի քանի վիրավորի է վերցրել եւ մյուսներին թողնելով՝ հեռացել։ Վահանյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ այդքանն է ստացվել այդ իրավիճակում․ «Տեղանքում ես եմ եղել, ես գիտեմ՝ կրակների տակ մեքենաները ոնց են մտել․․․ Ինչքան տեղ եղել է, այդքան մարդ նստել է․ ըստ վիրավորման աստիճանի՝ 9 հոգի․․․ Եվ ես իջել եմ մեքենայից, պարտադիր չէ՝ ամեն նստողի հետ իջնես, կարող է մեկի հետ չես իջել, դա էլ ֆիքսել են»,– ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի, որ 7-8 հոգի ստում են, իսկ ինքը ճիշտ է ասում, ամբաստանյալը դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դրսից խոչընդոտում են, նրանք էլ գալիս, սուտ են ասում։ Գումարտակին խնդիր է տրվել սարում ոչ թե մարտի մեջ մտնելու, այլ բնագիծ զբաղեցնելու Հոկտեմբերի 8-ի մոտակայքում, երբ սպայակազմի փոփոխություն է տեղի ունեցել, Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից, Վահանյանը՝ նշանակվել նրա փոխարեն․ «Որ ես նշանակվել եմ, հարցը սենց է եղել․ էդ անձնակազմը չի կարող մտնել մարտի մեջ, դրա համար են ինձ նշանակել, թե չէ էդտեղ ոչ մեկն էլ չէր գա, երկու օրվա համար ոչ մի հրամանատար․․․ Իրականում սպայական անձնակազմ էլ չկար, էդ անձնակազմի հետ չէինք կարող մարտի մտնել, որովհետեւ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ․․․ Ընդհանուր խնդիրը եղել է բնագծի զբաղեցում, դիրք չի եղել էդտեղ, չէր էլ կարող լինել, որովհետեւ էդտեղ Բալուջայի ռազվետկայի վարժանքների տեղն էր»,– նշեց նա։ Վահանյանը հատուկ ընդգծեց՝ իր ենթակայության տակ ոչ թե 300 անձ է եղել, ինչպես ողջ ընթացքում է նշվել, այլ 90․ «Ես ամբողջ դատավարությունը ուշադիր լսել եւ հետեւել եմ, ասվում է 300-350 հոգի։ Նախ էդքան թիվ չկա, Խուռհատ սար բարձրացել է 90 հոգի․ 4 մեքենա՝ 2 «Ուրալ», 2 «Կամազ»։ «Կամազ»-ների մեջ՝ 25-25, «Ուրալ»–ների մեջ՝ 20-20 հոգի։ Ես մեքենաների ավագներին էլ կարող եմ նշել․․․ Ու ավելացնել, որ վարորդները մեր ստորաբաժանման զինվորները չեն եղել, որովհետեւ մենք ունեինք տեխնիկայի խնդիր՝ շարքից դուրս եկած, Կիրովականի տեխնիկաներից կային՝«Կամազ», «Ուրալ», տարբեր ստորաբաժանումներից կցել էին, որ բարձրացնեին»։ Նրա խոսքով՝ սարում իրենք դիրքավորվել են ձախից, իրենց կողքին եղել է 3-րդ գումարտակը, հետո՝ մեկումեջ հետախուզությունը, ապա՝ Վանաձորի գունդը, ապա՝ Ստեփանակերտի ոստիկանները։ Ըստ նրա՝ այդ բոլորը միասին կարող էին 350, անգամ 400-ի հասնել, բայց այդ բոլորը իր ենթակայության տակ չեն եղել։ Բուն մարտի եւ այդ ընթացքում տված հրամանների մասին ամբաստանյալը մանրամասն ոչինչ չասաց, նշեց միայն՝ այնպիսի հրետակոծության են ենթարկվել, որ ստորաբաժանումը խառնվել է իրար, անկառավարելի  է եղել։ Այդ ժամանակ էլ հենց, իր խոսքով, վիրավորվել է․ «7 հոգու հետ ենք իջել, ինձ օգնել են, նստեցրել են «Կամազ», զինվոր է թեւիցս քաշ տվել, հարցաքննությունների ժամանակ ես շատ բան չասացի, դե, հիմա ես եմ մեղադրյալ, ես եմ փակված, իմ հերթն էլ էր գալու, բայց դե, տենց չի էլի, սուտ ասելով բան չի լինում»,– վրդովված ասաց նա։ Ամբաստանյալը պնդեց՝ նախքան հեռանալը ռադիոկապը փոխանցել է վաշտի հրամանատարներից Հայկազ Գրիգորյանին, վերադասությանն էլ տեղեկացրել է իր վիրավորման մասին։ Խոսելով զենք–զինամթերքի մասին՝ Վահանյանն ասաց՝ հրաձգային ստորաբաժանմանը ինչ հասանելի եղել է, ունեցել են․ «Զորամասի հրամանատարի հետ վերջին կապը եղել է, որ V82 (ռադիոկապի տեսակն է,–հեղ․) տրվել է Հայկազի ձեռքը, ուղղությունն էլ նշվել է։ Որ տենց չլիներ, Հայկազն էնտեղից չէր կարող դուրս գալ։ Ուղղությունը նշվել է, Հայկազը դուրս է եկել։ Հադրութի գլխին՝ գազի զապրավկայի վերեւը, անիվներ են վառվել, որ Հայկազի հետ քայլող անձնակազմը էդ ուղղությամբ դուրս գա, ու տենց էլ դուրս է եկել, V82-ով կապի մեջ է եղել զորամասի հրամանատարի հետ, էդ է եղել ռեալ իրավիճակը»,– պատմեց ամբաստանյալը։ Նա նկարագրեց նաեւ, թե իր տեղեկություններով՝ ինչպես է նահանջելիս զորքը կիսվել։ Այդ տեղեկությունները, նրա խոսքով, իրեն հայտնել են զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը․ «Որ ինձ հասցնում են հոսպիտալ, Հայկազի հետ կապի եմ դուրս գալիս, ասում է՝ զորամասի հրամանատարի հետ կապի ենք դուրս եկել, ասել է՝ մի խումբ կա, որ ասում է՝ Հադրութով քյասար գնում ենք, մեկ էլ իմացանք, որ էդ խումբն է, գնում, մոլորվում է․․․ էդտեղ տարաձայնություն է եղել, զորամասի հրամանատարն ասում է՝ սենց գնում եք, ուղղությունը մինչեւ մեր դուրս գալն էլ է նշվել, որ գալու են, ծխի մոտով գան, դուրս գան․․․ Հովհաննեսը, պայմանագրային քեռին եւ 3-րդ վաշտի սերժանտը՝ Հարութը․․․ Ասում եմ՝ բա ո՞նց գնացին, ասացին՝ Հարութը պապայի հետ է խոսել, քյասար ճամփով գնում են․․․ Ու ես բառացի ասում եմ՝ Հարութը հոր հետ է խոսում, հերը՝ բա սենց իջնում ես, տեղանքի տղա ես, Հադրութով գալիս, իջնում եք, ձեր հրամանատարների հետեւից չընկնեք, էդտեղ է լինում խնդիրը»,– ասաց Վահանյանը՝ հերքելով դատարանում հնչած այն ցուցմունքները, թե արկ է ընկել, եւ զորքը բաժանվել է երկու մասի կամ մի մասը սպասել է, որպեսզի մյուսները գնան 3-րդ գումարտակին տեսնելու․ «Ես զորամասի հրամանատարին զանգում եմ հոսպիտալից, ասում եմ՝ գիտե՞ս, որ սենց խնդիր կա, ասում է՝ հերն ու Վարդերեսյանը սխալ ուղղություն են տվել, իրենք էլ գնալու են, հանեն»,– նշեց Վահանյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե ինքը վատը լիներ՝ չէին նշանակի, վատը լիներ՝ 19 տարվա ծառայության մեջ մի բան եղած կլիներ․  «Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում․․․ Որ հրաման չկատարեիր, ավտոները չհելնեին, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի․․․ Հիմա խնդիրը կատարած է, էլի  դատարանի առաջ եմ կանգնած․․․ է որ լավ լինեի, կմնայի, արահետով դուրս կգայի, էլ փախչելու իմաստը ո՞րն է, փախչելու լինեի՝ հոսպիտալ չէի գնա, փախած մարդը հոսպիտալ չի գնում, ոչ էլ գնում է նախարարություն ներկայանում կամ բարձր պաշտոնյաների հետ նստում, քարտեզի վրա է  աշխատում»։ Ամբաստանյալի կարծիքով՝ փորձագետի եզրակացության մեջ սխալ կա Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ Վահանյանի վիրավորման հանգամանքը։ Վահանյանը հայտնեց, որ ինքն առաջին անգամ վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, սակայն այն վիճակում չի եղել, որ հոսպիտալ գնա, երկրորդ վիրավորումն արդեն հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում է ստացել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ սարից վիրավորների հետ մեկնի հոսպիտալ․ «Ես հո 18 տարեկան չեմ, որ հելնեմ, սուտ բան խոսեմ»,– ասաց նա։ –Սուտ ես ասում, դու ամսի 10-ին չես վիրավորվել,–լսվեց դահլիճից։ Վահանյանը շարունակեց․ «Ամսի 10-ին ես արդեն շարժվել չէի կարողանում, թուլացած էի, ու դա իմացել է ե՛ւ զորամասի հրամանատարը, եւ դիվիզիայի, դա չես կարող թաքուն պահել, չի լինում տենց բան ո՛չ խաղաղ պայմաններում, ոչ էլ, ձեռ է տալիս՝ ասեն՝ թողեց, գնաց»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեջբերումներ արեց փորձագետի եզրակացությունից․ «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ձեր մարմնի հետազոտությամբ հայտնաբերվել է սպի 1․5*1  սմ չափերի սպի, որը տեղակայված է եղել աջ ազդրի վերին երրորդական դրսային մակերեսին, սա, Ձեր նշած, հոկտեմբերի 10-ի վիրավորումն է, ինչպես նաեւ նույնանման 2․7*1 սմ չափերով սպի, որը տեղակայված է աջ գոտկային հատվածում, սա՝ սեպտեմբերի 29-ի․․․ Սպիների չափերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 29–ին, երբ մնացել եք դիրքերում եւ շարունակել եք, ստացել եք նույնանման, սակայն ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում տեղակայված մարտերի ժամանակ»։ Իշխան Վահանյանը, սակայն, չընդունեց սա, նախ ասաց՝ եզրակացության մեջ սխալ է գրված, ապա փորձեց բացատրել՝ առաջին վերքը չափերով երկար էր, բայց Խուռհատ սարի վերքը կլոր եւ խորն է եղել։ Մեղադրողն ընդգծեց՝ ամեն դեպքում, նույնանման են, երկուսն էլ՝ թեթեւ։ Մեղադրողը հիշեցրեց նաեւ, որ Գարիկ Վարդերեսյանը պնդում էր, որ Վահանյանն աջ ազդրի վնասվածքը միանշանակ ստացել է սեպտեմբերի 29-ին՝ հրամանատարական կետում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ, այլ ոչ թե Խուռհատ սարում․ –Ո՞նց կպարզաբանեք,–հարցրեց նա։ –Խի՞ պիտի չասի, մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել, իր գլխին էլ լիքը բան կա։ –Որ հարցաքննվում էր, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիք։ –էդ ժամանակն էլ կգա, ինքն էլ կգա, կնստի սենց, կասեմ։ Ես ասում եմ՝ սուտ ասելու ոչ մի բան չունեմ, փակվածը ես եմ։ –Ընդհանուր առմամբ, մեզ մոտ կամ անաչառ այլ դիտորդի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ վտանգ եք ստացել, փորձել եք Ձեր կյանքը հետ պահել։ –Սխալ տպավորություն է ստեղծվում, էդքանը որ ուզենայի անել, էնտեղ չէի հասնի, ոչ էլ արձակուրդից հետ կգայի․․․ Բան կա, որ դատարանում ասում են, բան կա՝ չեն ասում, բան կա՝ ասելու է, բան կա՝ ասելու չէ, մարդիկ պիտի ասեն, որ իրենց վրայից գցեն․․․Ես պարզ ասեմ՝ 2 տարուց ավելի նստած եմ, խոչընդոտող մարդը ամեն տեղից էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, բայց փակված մարդուն հարյուր տոկոս դա ձեռք չի տալու։ Այսօր դրսից են ավելի խոչընդոտ հանդիսանում, որ մարդը փակի տակ մնա, որովհետեւ որ հելնեմ, գնալու եմ Քննչական՝ ասեմ՝ եկել եմ՝ մի բան էլ ես ասեմ, ու ես կարող եմ դա անել, բայց ոչ էլ այդ ցանկությունը ունեմ, ոչ էլ նպատակը․․․ Այս պատերազմը ոչ Իշխանով է սկսել, ոչ Իշխանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի ծայրից ծայր դատվեն, ծնողներին էլ թող պարզ լինի»,– ասաց նա։ Հարցաքննությունը կշարունակվի մայիսի 29-ին։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 18 ապրիլի, 2024
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Հակակոռուպցիոն դատարանում օրերս սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Գաբրիելյանն այդ պաշտոնին է եղել 2019 թ. փետրվարի 4-ից մինչ 2020 թ․ հոկտեմբերի 26-ը, պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում։ Այնտեղից վերադարձել է սեպտեմբերի 30-ին եւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ժիրայր Պողոսյանի՝ 2020 թ. հուլիսի 9-ի թիվ 07 գրավոր եւ 2020թ. հոկտեմբերի 1-ի բանավոր հրամանների հիման վրա՝ ընդգրկվել է մարտական գործողություններում։ Այժմ Գաբրիելյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նյութում կարդացեք՝ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը  Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը զոհված զինծառայողների մահվան վկայականների առնչությամբ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը Համաձայն մեղադրական եզրակացության՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով գումարտակի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ռազմական դրության պայմաններում հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու եւ պաշտպանական բնագիծը թողնելու անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ իր իշխանական, ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական ու ծառայողական շահերի։ Մասնավորապես, վերադաս հրամանատարությանն իրականությանը չհամապատասխանող զեկույցներ է ներկայացրել, ինչից հետո ստանալով զբաղեցրած բնագիծը չթողնելու եւ պաշտպանությունը շարունակելու՝ ռադիոկապի միջոցով տրված հրաման, առանց ավագ պետի թույլտվության եւ տվյալ պարագայում առանց հիմնավոր անհրաժեշտության նահանջի հրաման է տվել ենթակա ստորաբաժանմանն ու դիտավորությամբ թողել զբաղեցրած պաշտպանական բնագիծը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի ոչնչացում եւ այլ ծանր հետեւանքներ:  Դատավոր Վարդգես Սարգսյանը Այսպես. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի (այսուհետև՝ նաեւ ԲԿ) պաշտպանական օպերացիայի պլանի օպերատիվ մասում նշված դրույթների, բանակային կորպուսն ունեցել է խնդիր՝ անցնել պաշտպանության Ջաբրիայիլի (նույնն է, ինչ Ջրական, Մեխակավան) շրջանի նախորոշված հատվածում՝ Շուքյուրբեյլի–Ջաբրայիլ ուղղությամբ («Հորովլու-նիշ 602.1՝ հարավ 200 մետր - երկաթբետոնե կամուրջ» բնագիծ)։ Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։ Նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գաբրիելյանը ռադիոկապով խոսել է նաեւ նույն ԲԿ–ի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ՝ հայտնելով սննդի եւ զինամթերքի պաշարների սպառման մասին։ Նկատի ունենալով, որ Գաբրիելյանի ենթակա ստորաբաժանումն ունեցել է զինամթերքի բավարար եւ անհրաժեշտ պաշարներ տրված մարտական խնդիրն իրականացնելու համար՝ Գեղամ Գաբրիելյանը հրաման է տվել շարունակել հանձնարարված մարտական խնդրի կատարումը՝ տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ առավոտյան, կիրականացվի լրացուցիչ սննդի եւ զինամթերքի պաշարների մատակարարումը։ Հովիկ Գաբրիելյանը, սակայն, ըստ մեղադրանքի, խախտել է ներքին ծառայության, օպերացիաների նախապատրաստման եւ վարման հրահանգի, մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, հանձնարարված բնագծի պաշտպանությունն իրականացնելու փոխարեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հովիկ Գաբրիելյանի գործողությունների հետեւանքով հակառակորդը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում օգտվել է վերոնշյալ բնագծում շուրջ 2-3 կմ անպաշտպան թողնված հատվածից, անարգել հաղթահարել է այն, «Բանաձուրի խաչմերուկ» տեղանքով անցել դրանից աջ պաշտպանության անցած յուրային անձնակազմի թիկունք, ինչի պայմաններում անակնկալի եկած եւ անպաշտպան մնացած հիշյալ ստորաբաժանումների անձնակազմը փաստացի հայտնվել է շրջապատման մեջ, սկսել է հակառակորդի հետ հարկադրված մարտ վարել, որի ժամանակ էլ արձանագրվել են վերոնշյալ կորուստները։ Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հրապարակեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները՝ փաստաթղթերի զննում կատարելու, արտավարութային փաստաթղթեր ճանաչելու եւ լազերային սկավառակ զննելու մասին արձանագրություններ։ Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Զննված փաստաթղթերը ստացված էին ՀՀ քննչական կոմիտեի գաղտնի գործավարությունից եւ առգրավված Ազգային ժողովի գաղտնի գործավարությունից։ Դրանք վերաբերում էին զորամասերը մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերելու, գումարտակի անձնակազմը ոչ լրիվ կազմով՝ 223 հոգով մարտական գործողությունների շրջան ուղարկելու եւ մի շարք այլ հրամանների։ Դրանց թվում էր նաեւ հակառակորդի գնահատման վերաբերյալ եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված էր, թե որտեղ եւ ինչ տեսակի հարձակման դեպքում ինչ գործողություններ է պետք ձեռնարկել։ Ապացույցների հրապարակումից հետո Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը կարծիք հայտնեց, որ դրանք ընդամենը փաստում են, որ եղել են մի շարք հրամաններ, որոնցով սահմանված է եղել գործողությունների որոշակի պլան իրադարձությունների հավանական զարգացումների դեպքում, որ եթե այսպես լիներ, պետք է այսպես արվեր․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ դատարանը [գնահատի]՝ ինչպես որ պլանավորված է եղել, այդպես ընթացե՞լ է, եւ այդ ընթացքում Հովիկ Գաբրիելյանի վրա դրված պարտականությունը չի կատարվե՞լ, թե՞ այլ իրավիճակ է ստեղծվել, հետեւաբար այդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լիներ Հովիկ Գաբրիելյանի կողմից ձեռնարկվող գործողությունները՝ որպես հրամանատարի»,– ասաց նա։ Հրապարակված արտավարութային փաստաթղթերը դարձյալ մարտական հրամաններ էին, դրանցից բխող կարգադրություններ եւ գրություններ, իսկ լազերային սկավառակում մարտական գործողություններից մի տեսանյութ էր։ Այն իր բջջային հեռախոսով նկարահանել եւ հետագայում Քննչական կոմիտեին էր տրամադրել հիշյալ փոխգնդապետ, գործով վկա Համլետ Լեւոնյանը, որի անձնակազմը ենթադրյալ հանցանքի հետեւանքով մնացել էր շրջապատման մեջ։ Տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տեսանյութը կհետազոտվի հաջորդ նիստում։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարեց, որ տեսանյութը պաշտպանական կողմին չի տրամադրվել եւ իրենց համար պարզ էլ չէ, թե այն որ օրվա որ ժամին է վերաբերում։ Արձագանքելով հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն ասաց, որ վկան իր ցուցմունքով հստակ հայտնել է դա, բայց քանի որ ինքը ցուցմունք հրապարակելու իրավասություն այս պահին չունի, այդ հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ։ Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները։ Նա հրապարակեց դրանցում տեղ գտած որոշակի տվյալներ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հովիկ Գաբրիելյանի մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը, ըստ այդ վկայականների, արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ․ «Հետագայում նաեւ վկաների ցուցմունքներով պետք է պարզվեն՝ ինչպե՞ս եղավ, որ կոնկրետ մեղադրանքի դրվագը տեղի է ունեցել ամսի 5-ի գիշերը՝ ժ 2-ից հետո, սական մահը գրանցվել է հոկտեմբերի 4-ի ժամը 00։00-ին․․․ Ես ինքս դժբախտաբար մասնակցել եմ Արցախյան պատերազմներին, այդ թվում՝ 44–օրյա, ինչո՞ւ դժբախտաբար, որովհետեւ պատերազմ չպետք է լիներ, եւ որպես կամավոր, որպես պահեստազորային սպա մասնակցելով, ունենալով իմ ջոկատը՝ երբ մարտը դադարում էր, Աստված չանի, անմիջապես զեկուցվում էր վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, որպեսզի վիրավորները դուրս բերվեն, իսկ զոհվածները ուղարկվեն համապատասխան վայր։ Իմ մասնակցության ժամանակ չի եղել, սակայն հետագայում կճշտենք՝ արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ մի ամբողջ օր մարտ ընթանա, եւ հնարավորություն չլինի զոհերին կամ վիրավորներին դուրս բերելու»,– ասաց պաշտպանը։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, այս առնչությամբ նշեց, որ իրենք հրամանատարությունից տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, սակայն երբ ստացել են մահվան վկայականը, գրված է եղել հոկտեմբերի 4․ «Ինձ թվում է՝ տվյալները առանց հրամանատարության կազմել են, շատ բաներ մեզնից էին տեղեկանում»,– ասաց նա։ Վրեժ Խաչիկյանը հայտնեց նաեւ, որ քրեական գործում առկա չէ որեւէ տեսակի տեղեկություն անհետ կորած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Գեղամի Ղազարյանի, Նարեկ Լիպարիտի Թովմասյանի եւ Գեւորգ Անտոնյանի մարտական ուղու, խնդրի, ստորաբաժանման վերաբերյալ։ Առկա չեն նաեւ զոհված 3 զինծառայողների՝ Նարեկ Կարենի Հովհաննիսյանի, Տիգրան Խաչատուրի Բարսեղյանի եւ Աղասի Արտավազդի Աղաբաբյանի մահվան վկայականները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց հետագայում համապատասխան միջնորդություն ներկայացնել, որպեսզի դրա հիման վրա դիմեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն եւ ստանան բացակայող վկայականները։ Հրապարակելով առկա մյուս տեղեկությունները՝ պաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքների վրա, որ որոշ դեպքերում նշված չէ զինծառայողների զոհվելու հստակ վայրը, որոշ դեպքերում հնարավոր չի եղել որոշել մահվան պատճառը եւ այլն։ Այսինքն՝ ըստ նրա՝ գործի քննության ընթացքում պետք է պարզվի իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։  Հրապարակված տեղեկությունները՝ ստորեւ․ Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Հակոբ Ասատուրի  Գեւորգյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ մարմնի չդասակարգված վնասվածքներ Արման Մխիթարի Զքոյան– ծնված՝ 1992թ․, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ որովայնի հրազենային, տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Մարատ Վլադիկի Խաչատրյան– ծնված՝ 1979 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում  Արամ Արթուրի Պողոսյան–ծնված՝ 1997, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ ներգանգային վնասվածք Պողոսյան Գոռ Արթուրի– ծնված՝ 04․08․2000 թ․, 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Դավիթ Կարենի Խաչատրյան–ծնված՝ 2001 թ․, 04․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը՝ տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Վահան Վարդանի Մելքոնյան– ծնված՝ 2001 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Մանուկյան Գոռ Կարենի– ծնված՝ 15․03․2001 թ․, զոհվել է 05․10․2020 ժ 00։00, ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Հովսեփ Կարպիսի Պետրոսյան– ծնված՝ 10․10․2000, զոհվել է 04․10․2020 ժ 00։00, Արցախ,  պատճառը՝ կաթվածի եւ այլ տեսակներ Յուրա Արտյոմի Զաքարյան–ծնված՝ 22․07․2000, զոհվել է 06․10․2020 ժ․ 00։00, Արցախ, Ջրականի զորամասի մոտակայքում, պատճառը՝ գլխի արյունազեղում Սերժիկ Արտակի Մարգարյան– ծնված՝ 31․10․2000, զոհվել է 05․10․2020, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ առաջացած վնասումներ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից Սուրեն Բագրատի Համբարձումյան– ծնված՝ 01․01․1992, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում Սերգեյ Ալիկի Սահակյան– ծնված՝ 23․08․2000, զոհված՝ 06․10․2020, վայրը՝ Արցախ, ըստ հարազատի ցուցմունքի՝ Ջրականի զորամասի մոտակայք Հենզել Սաշիկի Բադասյան– ծնված՝ 09․06․1981, զոհված՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Արմեն Գրիգորիի Հայրապետյան– ծնված՝ 30․08․1987, զոհվել է  05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ գլխուղեղի վնասվածք Վահե Լեւիկի Ղարիբյան– ծնված՝ 18․06․1988, զոհվել է 05․10․2020 ժ 18։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ արյան սուր կորուստ Արտյոմ Տիգրանի Մկրտչյան– ծնված՝ 19․02․2001, զոհվել է 07․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Դավիթ Սեւակի Գրիգորյան– ծնված՝ 09․07․1994, զոհվել է 10․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ անորոշ։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
11:30 - 14 ապրիլի, 2024
Ի՞նչ միս ենք կերել 2023-ին․ ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում

Ի՞նչ միս ենք կերել 2023-ին․ ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում

Վերջերս anvtangsnund.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մսամթերքի ոչ բոլոր պարտադիր ցուցանիշներն են փորձաքննվում։  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բոլոր ցուցանիշները փորձաքննելը «ծախսատար կլինի տնտեսվարողի համար», հետևաբար ռիսկայնությունը գնահատում են արդեն իսկ հայտնաբերված խախտումների մասով՝ ներմուծման ժամանակ փորձաքննելով առավելագույնը 6 ցուցանիշ։ Սա հակասում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխկանոնակարգերի նորմերին, ըստ որոնց՝ կանոնակարգի բոլոր ցուցանիշները պարտադիր են փորձաքննության համար։ Հարցը պարզաբանելու և, ի վերջո, հասկանալու համար՝ ճի՞շտ է արդյոք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) քաղաքականությունը՝ դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխկանոնակարգման բաժին։ Ավելին՝ ուսումնասիրեցինք 2023 թ. երրորդ երկրներից Հայաստան ներմուծված տարբեր տեսակի մսամթերքի ծավալները և դրանց լաբորատոր փորձաքննությունները, ինչից պարզվեց, որ կան ցուցանիշներ, որոնք 2023 թ. ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել մսամթերքում, օրինակ՝ քաղցկեղածին թունաքիմիկատները, մսամթերքի որոշ տեսակներում՝ հակաբիոտիկները, ծանր մետաղները, նաև տարբեր մանրէաբանական ցուցանիշներ։ Ավելին՝ որոշ դեպքերում Հայաստան մսամթերք է ներմուծվել այնպիսի երկրներից, որոնք ունեն թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ։ Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն երաշխավորում սպառողների անվտանգությունը, եթե անվտանգային կարևոր ցուցանիշներ 2023 թ. երբևէ չի փորձաքննել, ի՞նչ հետևանքներ կարող են թողնել այդ չստուգված նյութերը մարդու առողջության վրա։      Նյութում կարդացեք՝ Փորձաքննե՞լ բոլոր ցուցանիշները, թե՞ ոչ. ԵՏՀ պատասխանը ՍԱՏՄ-ին Ցուցանիշներ, որոնք 2023թ. ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել Ո՞ր երկրներից է 2023թ. Հայաստան ներմուծվել մսամթերքի մեծ մասը Դրանցից որո՞ւմ կան թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել չստուգված նյութերը մարդու առողջության վրա   Փորձաքննե՞լ բոլոր ցուցանիշները, թե՞ ոչ. ԵՏՀ պատասխանը ՍԱՏՄ-ին Կենդանական ծագման մթերքը, հատկապես՝ մսամթերքը համարվում է բարձր ռիսկային մթերք, հետևաբար շատ կարևոր է, որ այն պատշաճ վերսահսկվի և լինի անվտանգ։ ԵԱՏՄ տեխկանոնակարգերով էլ պահանջվում է փորձաքննել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծված, անասնաբուժասանիտարական հսկողության ենթակա ապրանքները բոլոր ցուցանիշներով՝ հավաստիանալու, որ դրանք անվտանգ են։ Այնինչ, ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանը  նշում է, որ բոլոր ցուցանիշներով փորձաքննելը պարտադիր չէ, ավելին՝ «ծախսատար է»։ «Բոլոր անվտանգային ցուցանիշները շատ ծախսատար կլինի տնտեսվարողների համար, հետևաբար մենք գործարկել ենք ռիսկերի նոր համակարգ, որտեղ հենց վերլուծության և գնահատման հիման վրա ենք հանում. եթե կա, օրինակ, լիստերիայի ցուցանիշ Բրազիլայից ներմուծված թռչնամսի վերաբերյալ՝ Եվրամիություն, ԵԱՏՄ և Հայաստանի շուկայում արձանագրված դեպք, անպայման լիստերիայով դրվում է պարտադիր փորձաքննության»,- ասել է Ա. Հայրապետյանը։ ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանի հետ զրույցից հետո մենք դիմել էինք վերադաս՝ Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ «անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին»։  Իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի անվտանգային ցուցանիշները ավելին են, քան ՍԱՏՄ կողմից ռոտացիոն սկզբունքով ընտրված 4-6 ցուցանիշները։ Օրինակ, թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 տեխկանոնակարգերով սահմանված են 10-ից ավելի պարտադիր փորձաքննության ցուցանիշներ։ Տարբեր լաբորատորիաներից փորձեցինք ճշտել՝ որքան կարժենա թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 կանոնակարգերով սահմանված բոլոր ցուցանիշների փորձաքննությունը, և արդյոք դա իսկապես այնքան «ծախսատա՞ր է», որքան նշում է ՍԱՏՄ պետը. պատասխանը՝ 120-130 000 ՀՀ դրամ՝ մեկ նմուշի համար։ ՍԱՏՄ-ն չհամաձայնեց Էկոնոմիկայի նախարարության պատասխանի հետ՝ «հերքում» տարածելով և նշելով, որ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության պատասխաններում «հակասություն չկա»։  Հետևաբար, մենք դիմեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխկանոնակարգման բաժին՝ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության միջև եղած «տարաձայնությունները» հստակեցնելու և ի վերջո հասկանալու համար՝ ճի՞շտ է արդյոք ՍԱՏՄ քաղաքականությունը՝ ներմուծման ժամանակ փորձաքննել տեխկանոնակարգի ընդամենը մի քանի ցուցանիշ։ ԵՏՀ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների տնօրեն Ն. Ժուկովան թռչնամսի օրինակով նշեց, որ անասնաբուժասանիտարական հսկողության ենթակա ապրանքը (մսամթերքն է, օրինակ,- հեղ.) պետք է համապատասխնի Մաքսային միության (ՄՄ) ՏԿ 051/2021 պահանջներին և դրանց նկատմամբ կիրառվող ՄՄ տեխնիկական կանոնակարգերին։  «ՄՄ ՏԿ 051/2021-ի 126-127-րդ կետերի համաձայն՝ թռչնի սպանդի մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ մտնելը։ Թռչնի սպանդի մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (այդ թվում՝ մանկական սննդի համար թռչնի սպանդի մթերքը) և դրա արդյունքների գրանցումն իրականացվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան (այսուհետ՝ «ՄՄ ՏԿ 021/2011)՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության առումով»։ Հատված Ն. Ժուկովայի պատասխանից Նա նաև հավելեց, որ թռչնամիսը և թռչնի սպանդի մթերքը պետք է համապատասխանեն ՄՄ ՏԿ 051/2021 և ՄՄ ՏԿ 021/2021-ին  պահանջներին՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. դեկտեմբերի 9-ի` «Մաքսային միության՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 880 որոշման 3-րդ կետի 3.8 ենթակետի դրույթները, որոնց համաձայն․ «Պաթոգեն միկրոօրգանիզմների և դրանց տոքսինների, միկոտոքսինների, թունավոր տարրերի, նիտրատների, գլոբալ թունաքիմիկատների (Հեքսաքլոր ցիկլոհեքսան կամ հեքսաքլորան), ինչպես նաև՝ ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակը սահմանվել է ՄՄ ՏԿ 021/2011, իսկ մանրէաբանական անվտանգության ստանդարտները (պայմանական պաթոգեն ​​միկրոօրգանիզմները)՝ ՄՄ ՏԿ 051/2021-ում»։ ԵՏՀ-ից նշեցին, որ անցինասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների մասով կիրառվում են Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թ. հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված դրույթները։   Ցուցանիշներ, որոնք 2023 թ. ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել Մենք դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տեղեկացնել, թե 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում թռչնի, խոզի, ոչխարի, տավարի մսում, ձկան մեջ և ձկնամթերքում որ ցուցանիշներով են փորձաքննության պատվիրել լաբորատորիաներին։ Տվյալների ուսումնասիրությամբ պարզվեց, որ 2023 թ. նշված ապրանքներում ՍԱՏՄ-ն երբևէ չի ստուգել թունաքիմիկատները (տեխկանոնակարգով սահմանված են 2-ը՝ հեքսաքլորան՝ ՀՔՑՀ (α, β, γ- իզոմերներ) և ԴԴՏ և մետաբոլիտները, հեղ.)։ Հեքսաքլորան՝ ՀՔՑՀ-ն, (α, β, γ- իզոմերներ) և ԴԴՏ-ն թունաքիմիկատներ (պեստիցիդներ) են, որոնք օգտագործվում են միջատներին սպանելու համար: ԴԴՏ-ն մարդու կամ կենդանու կողմից օգտագործելուց / շնչուղիներով անցնելուց հետո վերածվում է մետաբոլիտների։ Հեքսաքլորանը և ԴԴՏ-ն ունեն հնարավոր կանցերոգեն՝ քաղցկեղածին հատկություն, ինչի պատճառով դրանց օգտագործումն արգելվում է։ Հակաբիոտիկներից բացիտրացինը չի ստուգվել տավարի և ոչխարի մսում (աղիներում), տետրացիկլինի խումբն ու լևոմիցետինը (քլորամֆենիկոլ)` ձուկ-ձկնամթերքում։ Ծանր մետաղներից կադմիումը՝ ոչխարի մսում (աղիներում)։ Վերջինում չի ստուգվել նաև ՄԱՖԱՄ-ը, ԱՑԽՄ-ն, β ադենոխթանիչ ռակտոպամինը։ Սուլֆիտ ռեդուկցող կլոստրիդիումները (վնասակար, պայմանական պաթոգեն բակտերիաներ են, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, թունավորումներ,- հեղ.) 2023 թ. երբևէ չեն ստուգվել ձկան մեջ և ձկնամթերքում։   2023թ. մսամթերքի մեծ մասը Հայաստան է ներմուծվել երրորդ երկրներից Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մսամթերքի մեծ մասը երրորդ երկրներից է. սառեցված տավարի մսի 88%-ը, թռչնի մսի 76%-ը, խոզի մսի 45%-ը, կենդանի և թարմ ձկան 100%-ը, սառեցած ձկան 80%-ը և ձկնամթերքի 34%-ը ներկրվել է ոչ ԵԱՏՄ երկրներից։ Մասնավորապես, 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 18425 տոննա թռչնամիս, որից միայն 4477 տոննան (24%) է եղել ԵԱՏՄ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից և շատ քիչ՝ Բելառուսից։ Գերակշիռ մասը բերվել է ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից և Վրաստանից (երկրների հերթականությունը ներկայացվում է՝ ըստ ծավալի նվազման,- հեղ.)։ Սառեցված տավարի մսի գերակշիռ մասը՝ մոտ 1700 տոննա (88%-ը) ներմուծվել է երրորդ երկրներից՝ հիմնականում՝ Հնդկաստանից, նաև՝ Ուկրաինայից և Բրազիլիայից։ Խոզի մսի 45%-ը՝ մոտ 2380 տոննա, նույնպես ներմուծվել է երրորդ երկրից` Բրազիլիայից (55%-ը բերվել է Ռուսաստանից)։ 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան կենդանի ձուկ գրեթե չի ներմուծվել. հիմնականում ներմուծվել է սառեցված ձուկ՝ 788 տոննա, որի 80%-ը (629 տոննա)՝ երրորդ երկրներից, մասնավորապես՝  Չիլիից, Իրանից, Նորվեգիայից, Ֆարերյան կղզիներից, ԱՄՆ-ից և այլն։ Մնացած՝ մոտ 160  տոննան բերվել է Ռուսաստանից։ 107,6 տոննա թարմ ձուկը ներմուծվել է բացառապես երրորդ երկրներից, հիմնականում՝ Նորվեգիայից՝ 104,3 տոննա, ապա շատ չնչին քանակությամբ՝ Ֆրանսիայից, Շրի Լանկայից և Թուրքիայից։ Թեև ձկնամթերք շատ չի ներմուծվել, բայց դրա 34%-ը՝ 9 տոննան, դարձյալ եղել է երրորդ երկրներից։ Ոչխարի մսի մասով Հայաստանն ինքնաբավ է և գրեթե չի ներմուծել. բերվել է ընդամենը 8,17 տոննա, այն էլ՝ ԵԱՏՄ անդամ պետությունից՝ Ռուսաստանից։ Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ 2019-2022 թթ. Հայաստանում ցածր է եղել թռչնամսի և խոզի մսի ինքնաբավությունը. մասնավորապես, թռչնամսի ինքնաբավությունը 4 տարում միջինում 24% է, խոզինը՝ 50%։    Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել չստուգված նյութերը մարդու առողջության վրա. սննդագետի մեկնաբանությունը Սննդամթերքի անվտանգության ապահվումը հնարավոր է բացառապես պատշաճ գործիքակազմ ունենալուց հետո, քանի որ եթե այն չկա, ՍԱՏՄ-ն չի կարող ապահովել արդյունավետ պետական վերահսկողություն։ Այս կարծիքին է ԳԱԱ Էկոկենտրոնի՝ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն» ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։ «Երբ լիազոր մարմինն ունի աշխատելու ցանկություն, ապա անպայման ինքն իր համար գործիքակազմ գտնում է, իսկ եթե չկա այդ ցանկությունը, բազմաթիվ պատճառաբանություններ է ունենում, թե ինչու այդպիսի գործիքայազմն ինքը չունի»,- ասում է սննդագետը։ Խոսելով ներմուծված մսամթերքում չստուգված հեքսաքլորանի և ԴԴՏ-ի մասին՝ սննդագետն ընդգծում է, որ դրանք խիստ թունավոր թունաքիմիկատներ են, հետևաբար շատ կարևոր է ռիսկի գնահատումը, քանի որ դրանք կայուն օրգանական աղտոտիչներ են, այսինքն՝ երկար ժամանակ կարող են պահպանվել հողում, ջրում, անասնակերում և կարող են թափանցել նաև սննդի մատակարարման շղթա՝ անցնելով թե’ բուսական, թե’ կենդանական ծագում ունեցող մթերքի մեջ։ Ըստ սննդագետի՝ այս թունաքիմիկատները «սիրում են յուղային հյուսվածքներ»։  «Քաղցկեղների հետազոտության միջազգային կազմակերպությունը (International Agency for Research on Cancer, IARC) ԴԴՏ-ն դասակարգում է 2B խմբում, որոնք կոչվում են «հավանական քաղցկեղածիններ»։ «Հավանական քաղցկեղածին» համարում են այն դեպքում, երբ հստակ չեն այն ապացույցները, որ կոնկրետ տվյալ տարածաշրջանի քաղցկեղը պայմանավորված է հենց այդ նյութով, բայց, հաշվի առնելով, որ և’ ԴԴՏ-ն, և’ հեքսաքլոր ցիկլոհեքսանը նաև բազմաթիվ այլ հիվանդություններ են առաջացանում, բնականաբար, շատ կարևոր է, թե որ մթերքներից և ինչ քանակներով են մարդիկ այն ստանում, և ազգաբնակչության անվտանգության ապահովումը պետական մարմնի համար պետք է լինի շատ թիրախային»,- ասում է Դ. Պիպոյանը։ Բացի այդ՝ ռիսկը գնահատելիս պետք է նաև հաշվի առնել, թե որ երկրից է այն ներկրվել, քանի որ տարբեր երկրներում ԴԴՏ-ի և հեքսաքլորանի աղտոտման տարբեր մակարդակներ կան.  «Հայաստան միս ներկրվում է նաև Բրազիլիայից։ Եթե ծանոթանաք Բրազիլիայի գիտական հետազոտություններին, ապա կտեսնեք, որ դեռևս 1995 թվականից այնտեղ կան լքված տարածքներ, որոնք երկար ժամանակ հանդիսացել են ԴԴՏ-ով աղտոտված տարածքներ,- ասում է սննդագետը։- Օրինակ, Ռիո դե Ժանեյրոյում մինչև 300 տոննա հեքսաքլոր ցիկլոհեքսանով աղտոտված տարածքներ կան»։ Նույնը վերաբերում է նաև Հնդկաստանին. տարբեր գիտական հետազոտություններ փաստում են, որ Հնդկաստանում նման խնդիր կա գետերի ջրերում։ «Հետազոտություն կա, որը գետի ջրի մեջ այդ թունաքիմիկատների պարունակությունն է ցույց տվել։ Գետի ջրով ջրվում են տարբեր տարածքներ, և այն շարժման մեջ է, ինչի հետևանքով ռիսկը մեծանում է, քանի որ դու չես կարող իմանալ՝ վաղը թունաքիմիկատները ինչի մեջ կարող են հայտնվել»,- նշում է սննդագետը։ Հայաստանում նույնպես գոյություն ունի, այսպես ասած, «պեստիցիդների գերեզման», որը գտնվում է Նուբարաշենում։ Սննդագետն ասում է, որ ցանկացած վթարի դեպքում կարող է հոսք տեղի ունենալ, ինչի հետևանքով դրանք կարող են մտնել շարժի մեջ և տարածվել։  Չփորձաքննված մյուս ցուցանիշները՝ բացիտրացինը, տետրացիկլինն ու լևոմիցետինը հակաբիոտիկներ են, և դրանց անկանոն կիրառումը կարող է բերել դրանց հանդեպ կայունության ձևավորման։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային առողջպահության լրջագույն խնդիր է։ Կայունությունը նշանակում է, որ դեղն արդեն չի ազդելու մանրէի վրա, եթե դրա կիրառման կարիքը լինի։ Նույն կայունությունը կարող է ձևավորվել, եթե մարդ սննդի միջոցով պարբերաբար ստանա հակաբիոտիկները։ «Այսօր ամբողջ աշխարհը ներդնում է առողջության մեկ քաղաքականություն, քանի որ հակամանրէային նյութերի նկատմամբ կայունության ձևավորման ռիսկ կա։ Տարբեր միջոցառումներ են կազմակերպում այս թեմայով, և այսօր դուք փորձում եք հակաբիոտիկի ոլորտը կարգավորել, որ դրանք դեղատոմսով լինեն այն դեպքում, երբ կոնկրետ սննդամթերքում, այդ թվում նաև՝ տեղական մթերքներում, առկա են հակաբիոտիկներ»,- ասում է Դ. Պիպոյանը։Տաթև Խաչատրյան, «Անվտանգ սնունդ» 
21:02 - 09 ապրիլի, 2024
Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները Հայաստանի իրավասությանը փոխանցելու իրավական խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել Արցախի մի շարք կալանավորներ, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։ Պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված եւ ազատ արձակված դատապարտյալը Արզիկ Հարությունյանն է՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության իրավաբանական բաժնի նախկին պետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց Կիեւում եւ Թբիլիսիում նա հանդիպել է օտարերկրյա գործակալների հետ, գումարի, օծանելիքի, պայուսակի եւ Iphone 11 մոդելի հեռախոսի դիմաց նրանց փոխանցել առաջադրանքով հավաքած տեղեկություններ՝ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ։ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, սակայն, բռնի տեղահանման օրերին դեռեւս օրինական ուժի մեջ չէր մտել․ դրա դեմ բողոքի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը այդպես էլ չի հասցրել հրապարակել։ Մինչ բուն որոշման հրապարակումը դատարանը քննել է նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդությունը եւ բավարարել այն։ Թե Հայաստան տեղափոխվելուց հետո Հարությունյանի նկատմամբ իրավական ինչ գործընթաց է սկսվել կամ առհասարակ սկսվել է թե ոչ՝ քրեական գործի քննության տարբեր փուլերում նրա պաշտպանությունն իրականացրած երեք փաստաբաններից ոչ ոք տեղյակ չէր։ Մեր զրույցում նրանք նշեցին, որ Հայաստանում Հարությունյանի հետ չեն առնչվել, նրան իրավաբանական օգնություն այլեւս չեն ցուցաբերել։ ՀՀ-ում իրականացվում են միջգերատեսչական քննարկումներ Արզիկ Հարությունյանի եւ մյուսների՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելու հանգամանքը տարբեր արձագանքներ է ստացել։ Իրավաբանների մի մասն այն կարծիքին է, որ նրանց վերաբերյալ քրեական վարույթները Հայաստանում շարունակելու իրավական հնարավորություն չկա։ Պատճառն այն է, որ քրեական գործերի քննությունը իրականացվում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրում՝ այդ վայրի օրենսդրությանը համաձայն, իսկ դատական ակտերը կայացվում են պետության անունից, հետեւաբար եթե չկա պետությունը, չկա եւ այդ պետության ողջ իրավակարգը։ Մասնագետների մյուս մասը փնտրում է այդ լուծումները ՀՀ քրեական օրենսգրքի սահմաններում, որը որոշակի կարգավորումներ նախատեսում է հանցանքը Հայաստանի տարածքից դուրս կատարած լինելու դեպքերի համար։  Քրեական օրենսգիրք (2022 թ․), ՀՕ-199-Ն Այժմ խնդրի մի կողմում հիշյալ անձանց անմեղության կանխավարկածն է, արդար դատաքննության իրավունքն ու կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը, մյուս կողմում՝ հասարակական եւ պետական անվտանգությունը, տուժողների իրավունքների պաշտպանությունն ու պատժի անխուսափելիության սկզբունքը։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ՄԻՊ-ը թեմային առնչվող ինչ խնդիրներ է տեսել, պետական որ մարմիններին է դիմել, եւ առհասարակ, ինչ դիրքորոշում ունի Արցախի տարածքում կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթները ՀՀ-ում շարունակելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ քննարկվող հարցի զգայունությունը եւ դրան համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, դեկտեմբերի 29-ին եւ 2024 թ․ մարտի 1-ին համապատասխան գրություններ են հասցեագրել ՀՀ իրավասու պետական մարմիններին․ «2023 թ․ հոկտեմբերի 24-ին եւ 2024 թ․ հունվարի 29-ին ստացված գրություններով պարզաբանումներ են ներկայացվել առ այն, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված ազատությունից զրկված անձինք պահվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում՝ հիմք ընդունելով ԼՂ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները եւ դատավճիռները»,- ասված է պատասխանում։  Խոսքը, ըստ ամենայնի, 2020-2022 թթ ընթացքում ՀՀ տեղափոխված անձանց մասին է, քանի որ ըստ Քրեակատարողական ծառայությունից ավելի վաղ ստացված տեղեկության՝ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել․ «Միաժամանակ հայտնվել է, որ ԼՂ-ում դատապարտված եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց կարգավիճակի, նրանց վերաբերյալ կայացված դատավճիռների (որոշումների) իրավական ուժի, դրանց հարկադիր կատարման, ԼՂ քննչական մարմիններում նախաքննության փուլում գտնվող վարույթների ընթացքի ապահովման, ինչպես նաեւ ԼՂ դատարաններում քննության ընթացքում եղած գործերը ՀՀ դատարանների իրավասությանը փոխանցելու վերաբերյալ խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով իրականացվել են միջգերատեսչական քննարկումներ, մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ»,- հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։ Պետական դավաճանության անավարտ գործերը Մինչ պատասխանատու կառույցները քննարկում են, մենք փորձել ենք հասկանալ, թե զուգահեռ ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային հետաքրքրություն ներկայացնող մյուս գործերով։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանցից մեկը Արցախի հանրային ռադիոյի նախկին ղեկավար Սեյրան Կարապետյանն է։ Նրա պաշտպանները հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ չունեն իրենց նախկին պաշտպանյալի համաձայնությունը։ Նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առկա չեն։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Սամվել Բալայանն է՝ Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդի  նախկին նախագահը։ Բալայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը մեր զրույցում հայտնեց, որ Բալայանը ներկայումս Հյաաստանում է․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված նրա խափանման միջոցը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել։ Հարցին՝ Բալայանի նկատմամբ Հայաստանում իրավական որեւէ գործընթաց սկսվե՞լ է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ փաստաթղթավորված որեւէ գործողություն եղել է թե ոչ, բայց հաշվի առնելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի՝ Ազգային ժողովում հայտարարությունը՝ ենթադրում է, որ որոշակի հսկողություն կլինի․ «Բոլոր դեպքերում, քանի դեռ չկա դատարանի որոշում՝ նրա արդարացման մասին, հասկանալի է, որ պետության համար օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձ է, բայց միանշանակ է, որ պաշտպանական կողմի դիրքորոշումն ուղղված է այն բանին, որ մեղսագրվող արարքը անհիմն է, եւ վստահաբար կարող եմ ասել, որ եթե [գործը] մտներ դատարան, [Բալայանը] կարդարացվեր»,- նշեց պաշտպանը։ Ռաֆայել Մարտիրոսյանի համոզմամբ՝ Արցախում տեղի ունեցած դեպքի առթիվ Հայաստանի տարածքում քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել։ Հիմնավորումները, ըստ Մարտիրոսյանի, պետք է փնտրել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմաններում․ «Պետք է դիտարկման առարկա դարձնենք ՔՕ 12-րդ հոդվածը, որը բաղկացած է 4 մասերից։ Առաջին 3 մասերը նշում են, թե ՀՀ տարածքից դուրս երբ կարող է նախաձեռնվել քրեական գործ, իսկ վերջին մասը ամբողջացնում է, որ առաջին 3 մասերում հիմքերի առկայության դեպքում վարույթ կարող է նախաձեռնվել, եթե դա ուղղված է ՀՀ շահերի դեմ կամ ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա։   Հարցին՝ այս համատեքստում արդյո՞ք այդ շահերը չեն նույնանում, Մարտիրոսյանը պատասխանեց՝ որքան էլ նույնանան, դա քրեադատավարական օրենսդրության հստակ պահանջ է։ Մարտիրոսյանն ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետո էլ, երբ մի շարք գործերով  Արցախի դատական մարմինների կալանավորման որոշումները ի կատար են ածվել Հայաստանի տարածքում, պաշտպանները բողոքներ են հասցեագրել Գլխավոր դատախազությանը։ Բացատրությունը, ըստ Մարտիրոսյանի, եղել է այն, որ կալանավորման այդ որոշումները վերաբերում են հատուկ սուբյեկտների․ նրանք նախկինում զինվորական կամ սպա են եղել, Դատախազությունում կամ քննչական մարմիններում աշխատել։ Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ թեեւ փաստաբանները այդ բացատրությունը եւս չեն ընդունել, բայց այս դեպքում անգամ այդ հատուկ սուբյեկտի կարգավիճակը չկա․ Սամվել Բալայանը գործել է որպես շարքային քաղաքացի։ Խոսելով վերջինիս գործողությունների մասին՝ պաշտպանը մանրամասնեց, որ Բալայանը, որպես լրագրող, իր մասնագիտական գործունեության շրջանակում հաղորդել է այնպիսի տեղեկություններ, որոնք բաց դաշտում առկա են եւ պետական գաղտնիք չեն համարվում։ Ազատ արձակվելուց հետո նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրվել է թե ոչ՝ պաշտպանը չգիտեր։ Նրա խոսքով՝ առիթ էլ չի եղել, որ հետաքրքրվեն՝ Հայաստանից ելքի արգելքը գործո՞ւմ է թե՞ ոչ, քանի որ Սամվել Բալայանը Հայաստանը լքելու մտադրություն չունի։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Արցախում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակի նախկին աշխատակից Արման Իսրայելյանն է։ Նրա պաշտպան Ռաֆայել Ջհանգիրյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի կալանավորումը փոխվել է դատախազի որոշմամբ։ Որոշումը, սակայն, պաշտպանը չի ստացել եւ չգիտի՝ նոր խափանման միջոց ընտրվել է, թե ոչ։ Հայաստան տեղափոխվելուց հետո Ջհանգիրյանն այլեւս իրավաբանական օգնություն չի ցուցաբերել Իսրայելյանին, բայց իր տեղեկություններով՝ իրավական գործընթաց չի սկսվել։ Դրա հնարավորությունը, ըստ պաշտպանի, չկա էլ․ «Հանցագործությունը, որի մեջ մեղադրվում էր նա, ուղղված էր Արցախի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում ԱՀ իրավահաջորդը, այս տեսանկյունից՝ ՀՀ-ի դեմ որեւէ հանցանքի կատարման մեջ Արման Իսրայելյանը ոչ մեղադրվում էր, ոչ էլ հիմա է մեղադրվում։ Եթե անձը մեղադրվել է ԱՀ դեմ կատարված հանցանքի համար, դա չի կարող նույնացվել ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի հետ, [գործընթաց] չի իրականացվում՝ երեւի հենց այդ հանգամանքը հաշվի առնելով»,- ասաց է Ջհանգիրյանը։ Վերջինս նույնպես նշեց, որ իրավական հիմնավորումները փնտրում է Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում․ «Հարցը նրանում է՝ ինչպե՞ս եք դիտարկում՝ ՀՀ քաղաքացու կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված արա՞րք, թե՞ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցողի․․․ ԱՀ քաղաքացիները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացի․․․․, բայց ՀՀ-ն այս պահի դրությամբ գերատեսչական ակտի մակարդակով չի ճանաչում նրանց քաղաքացիությունը, այս տեսանկյունից նրանց պետք  է դիտարկել քաղաքացիություն չունեցող անձ»,- կարծիք հայտնեց փաստաբանը։ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է, որ արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Այսինքն՝ անգամ քաղաքացիություն չունեցող անձանց համար որոշակի կարգավորումներ նախատեսված են։ Ռաֆայել Ջհանգիրյանը, սակայն, նշեց՝ իրեն ծանոթ չէ միջազգային պայմանագիր, որով, օրինակ, պետական դավաճանությունը, սահմանված հանցանք է․ «Հաջորդ հարցը պիտի լինի՝ արդյո՞ք կա ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի վերաբերյալ հիմնավոր կասկած։ Պատկերացրեք՝ Ֆրանսիայում ՀՀ քաղաքացին պետական դավաճանություն է կատարել։ Այդ անձը ժամանել է ՀՀ, ՀՀ ՔՕ-ն հանցանք է համարում ՀՀ պետական շահերի դեմ հանցավոր արարք կատարելը, հիմա ֆրանսիայի դեմ կատարվածը ՀՀ ՔՕ-ով պատժելի չէ»։ Դիտարկմանը, որ Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Արցախ շահերը համեմատելի չեն, քանի որ առնվազն մինչեւ վերջին ժամանակներս Հայաստանն ու Արցախը մեկ միասնական քաղաքականություն վարել, Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով․ «Եթե մենք հետեւենք քաղաքական հայտարարություններին, ապա առնվազն 2020 թ․ հետո այդպես չի եղել»։ Հարցին՝ իսկ եթե ենթադրյալ հանցանքը, ամեն դեպքում, վնաս է պատճառել նաեւ ՀՀ-ին, փաստաբանը պատասխանում է․ «Այդ դեպքում կարող ենք քննարկել, բայց Ձեր ասածը ռազմական հանցագործության հետ կապ չունի, տվյալ դեպքում խոսքը Արցախի Հանրապետության դեմ ուղղված հանցանքի մասին է»։ Ըստ պաշտպանի՝ արարքը, որ վերագրվում է Իսրայելյանին, շատերի հետ կարող է պատահել․ «Մարդը համացանցով ներկայանում է եվրոպական որեւէ երկրի հասարակական կազմակերպության աշխատակից, առաջարկում է քո երկրի վերաբերյալ ոչ գաղտնի համարվող տեղեկություններ ռեֆերատի տեսքով ներկայացնել, այնպիսի տեղեկություններ, որոնք ԶԼՄ-ներով ազատ շրջանառության մեջ են, նաեւ ներկայացնում է, որ Կովկասում իրականացնում է ժողովրդագրական, սոցիալական որոշակի հետազոտություններ։ Արման Իսրայելյանը չէր էլ կարող իմանալ, որ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ է շփվում, եւ երկրորդ, դա չի էլ պարզվել, դա ենթադրվում է, քանի որ համացանցի հասանելիության մոնիթորինգ է իրականացվել եւ պարզվել, որ այդ բաժանորդը, ում հետ շփվում էր, ադրբեջանական IP-ով էր միանում, չնայած նրա ֆեյսբուքյան էջում ամբողջությամբ Հոլանդիայի ինչ-որ քաղաքի նկարներ էին, տեղադրված էին ավելի շատ պրոհայկական էջեր սկսած 2020 թ-ից, ընդ որում, գիտեք, որ ծրագրերի միջոցով հնարավոր է փոխել IP հասցեն»,- ասաց փաստաբանը։ Հանրության մոտ առկա մտահոգությունների փարատումը, ըստ փաստաբանի, հատուկ ծառայությունների աշխատանքի տիրույթում է․ «Հիմա ՀՀ-ն որեւէ կերպ չի ճանաչում Արցախը կամ Արցախի որեւէ կառույց եւ ստորաբաժանում, եւ իր համար առկա վտանգները դիտարկում է իր պրիզմայով։ Այսինքն՝ եթե նախկինում այդ պրիզման ընդհանուր էր, կար միասնական հայրենիք՝ երկու պետության տեսքով, հիմա այդ պրիզման փոխվել է, եւ ես կարող եմ դատողություն անել գործող պրիզմայի շրջանակում։ Եթե Հայաստանի համար կա վտանգ, ապա այդ վտանգի չեզոքացման համար ուղղակի հատուկ ծառայությունների աշխատանք է պետք։ Եթե դրա արդյունքում կհայտնաբերվի պետության դեմ որեւէ հակաիրավական արարք, դրան պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական»,- ասաց փաստաբանը; Այժմ Իսրայելյանը Հայաստանում է թե ոչ՝ Ջհանգիրյանը տեղյակ չէ, ասաց՝ Հայաստանի տարածքում նրա հետ շփում այլեւս չի ունեցել։ Իրավապահների ոչ միատեսակ արձագանքը Օրենսդրական հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում իրավապահ մարմինները գործնականում ոչ միատեսակ են խնդրին արձագանքում։ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը որպես օրինակ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Արցախում տեղի ունեցած մի ենթադրյալ սպանության դեպք է նշում, որի առթիվ օրերս Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անկախ Արցախում հարուցված եւ քննված գործից։ Ռաֆայել Մարտիրոսյանը Նախաձեռնված վարույթի շրջանակում Մարտիրոսյանի պաշտպանյալին Հայաստանում եւս մեղադրանք է ներկայացվել, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ ստացել է 5 պատշաճ հաղորդում, դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Կոմիտեն, սակայն, չէր նշել, որ խոսքը նաեւ նախկինում հարուցված եւ քննված դեպքերի մասին է։ Դատական նիստի ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է իր առարկություններն այն մասին, որ Հայաստանն իրավասու չէ իր տարածքից դուրս կատարված դեպքի առթիվ նոր քննություն իրականացնել։ Դատարանը, սակայն, իր որոշմամբ այս հարցին չի անդրադարձել։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Լիահույս է, որ երբ հարցը հասնի Վճռաբեկ դատարան, վերջինս հստակ դիրքորոշում կարտահայտի, հակառակ դեպքում ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստ են դիմել նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հակառակ այս օրինակին՝ առկա է նաեւ դեպք, երբ իրավապահ մարմինները մեկ այլ հիմքով մերժել են հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնել եւ մերժման որոշման մեջ, ի թիվս այլնի, հարկ են համարել արձանագրել, որ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնել։ Փաստաբան Վադիմ Հայրապետյանը մեր զրույցում մանրամասնում է՝ ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ Արցախում քրեական գործ էր հարուցվել դեռ 2022 թ․-ին, հետագայում գործը կասեցվել էր, քանի որ անձը, ում գործողությունների արդյունքում, ըստ Հայրապետյանի, իր պաշտպանյալը տուժել է, գտնվում էր Հայաստանի տարածքում, իսկ շրջափակման ընթացքում նրան Արցախ ներկայացնելու հնարավորություն չկար․ «Քանի որ տեղահանումից հետո անձը գործի ողջ նյութերը ուներ, իր հետ բերել էր ՀՀ, 2023 թ․ դեկտեմբերին դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազին, այդ ամենի մասին հիշատակելով եւ ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որը ուղարկվել է Քննչական կոմիտե՝ սահմանված կարգով ընթացքավորելու համար։ Տարեվերջին արդեն ստացվել է արձանագրություն քննիչի կողմից, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել երկու հիմքով։ Քննիչը գտել է, որ քրեադատավարական կառուցակարգի կիրառման անհրաժեշտություն չկա, որ իրավահարաբերությունը քաղաքացիական է, միեւնույն ժամանակ հիշատակել է Արցախում հարուցված գործի մասին»,- ասում է նա։ Տուժող կողմը այդ որոշումը բողոքարկել է հսկող դատախազին, բողոքը նույն պատճառաբանությամբ մերժվել է․ «Բողոքը քննարկելիս անհրաժեշտ է արձանագրել, որ տվյալ անձի վերաբերյալ Արցախում հարուցվել է քրեական գործ ԱՀ ՔՕ 184-Ի 3-րդ մասի 1-ին կետով․․․ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնել քրեական վարույթ այն պայմաններում, որ այդ նույն դեպքով արդեն իսկ առկա է հարուցված քրեական գործ, որը հայտնի է քննիչին»,– ասված է դատախազի որոշման մեջ։  Այս որոշումը փաստաբանը բողոքարկել է դատական կարգով։ Ըստ Վադիմ Հայրապետյանի՝ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերը կարող են կարգավորել քրեադատավարական օրենսդրությունում մեկ այլ պետության դատական ակտը ճանաչելու հարցերը, սակայն տվյալ դեպքում այդպիսի պայմանագիր չկա, ուստի խնդրին պետք է լուծում տալ օրենսդրական փոփոխությունների միջոցով․ «Օրենսդրական հստակ կանոնակարգում է անհրաժեշտ այն կիսատ մնացած գործերի մասով՝ սկսած միջին ծանրությունից մինչեւ առանձնապես ծանր հանցագործություններ, հիմա վարույթները չկան, բայց միեւնույն ժամանակ անձը մնում է անպատիժ՝ զուտ այն հիմքից ելնելով, որ համապատասխան կառուցակարգերը չկան»։ Ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական նորմերով ամրագրված է, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: Հարցին՝ տվյալ դեպքում օրենսդրական այդպիսի փոփոխությանը հետադարձ ուժ տալը անձի վիճակը վատթարացնող չի համարվի՞, փաստաբանը պատասխանում է․ «Արցախը, ըստ երեւույթին, չկա, դատարանի կամ քննչական մարմինների գործունեությունը անհնարին է դարձել, եթե օրենսդրական փոփոխություն լինի զրոյից կամ նույն կետից [շարունակելու], անձի վիճակը ինչպե՞ս է վատթարանում․․․ Օրենսդրությունը նույնն է, չի վատթարացնում, մեկ է՝ սեպտեմբերյան դեպքերը չլինեին, պետք է այդ վարույթները տրամաբանական ավարտին հասնեին, անձինք պետք է կամ արդարացվեին կամ դատապարտվեին»,- նշում է Վադիմ Հայրապետյանը՝ հավելելով, որ Եվրոպական դատարան դիմելու մասին դեռեւս վաղ է խոսել․ իրենք լիահույս են, որ Հայաստանի իրավաբանները կկարողանան ելք գտնել, եւ դատական ատյաններում խնդիրը կլուծվի։ «Քրեական գործերով Արցախում կայացված որոշումները պետք է հաշվի առնվեն». միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նյուրնբերգի համալսարանի դոցենտ, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը թեմայի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան ասում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ կա՞ միջկառավարական կամ միջպետական որեւէ համաձայնագիր, որը կարգավորում է ամբաստանյալների եւ դատապարտյալների, ինչպես նաեւ քրեական գործերով համագործակցության վերաբերյալ գործընթացները։  Եթե առկա է այդպիսի համաձայնագիր, ապա այն պետք է կիրառվի, իսկ եթե ոչ, հաջորդիվ անհրաժեշտ է հասկանալ, թե ՀՀ դատական համակարգը մինչ օրս ինչպիսի մոտեցում է ունեցել ԱՀ դատական ատյանների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ․ «Եթե ՀՀ դատական մարմինների կողմից ԱՀ դատական որոշումները ճանաչվել են, ապա նույն ձեւով կարող են նաեւ քրեական գործերով որոշումները ճանաչվել»,- կարծում է Պետրոսյանն ու ընդգծում, որ  սա վերաբերում է նաեւ քաղաքացիական գործերին։ Գուրգեն Պետրոսյանը Մասնագետը հիշեցնում է՝ դեռեւս 2015թ.-ին ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ ՀՀ-ն ԱՀ-ի նկատմամբ ունի արդյունավետ վերահսկողություն, որը, այնուամենայնիվ, տեւել է մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ը, այդ օրվանից ի վեր ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայմամբ վերահսկողությունը, որպես այդպիսին, դադարել է, եւ իրավիճակը  փոխվել է․ «Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե իրավական ինչ նշանակություն ունի  Արցախի լուծարման ակտը, որը ուժի մեջ է մտել 2024թ ի հունվարի 1-ից։ Եթե պետությունը, որպես այդպիսին, այլեւս չի գործում, լուծարվել է, ըստ Սահմանադրությամբ սահմանված կարգի, ապա իր կողմից ընդունված դատական ակտերը նույնպես դառնում են առոչինչ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը իր՝ 2023 թ․ նոյեմբերի օրդերի մեջ պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել գրանցման, ինքնության եւ մասնավոր սեփականության փաստաթղթերը եւ գրառումները, ինչպես նաեւ պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերն ու գրառումները իր վարչական եւ օրենսդրական պրակտիկայում։ Այստեղ, իհարկե, խոսք չկա քրեական գործերի վերաբերյալ, սակայն այս օրինակով, մասնավորապես, «ինքնության» եզրույթի շրջանակներում, կարելի է եզրահանգել, որ ԱՀ՝ նախկինում կայացված դատական որոշումները, այդ թվում՝ նաեւ քրեական գործերով որոշումները  նույնպես պետք է հաշվի առնվեն»,- ասում է Գուրգեն Պետրոսյանը։ Ըստ Պետրոսյանի՝ չնայած այս օրդերով պարտավորությունը դրված է Ադրբեջանի վրա, դա այլ կողմին չի ազատում ԱՀ-ի՝ նախկինում ընդունած որոշումները հաշվի առնելուց․ «Ըստ այդմ, ԱՀ կողմից ընդունված որոշումները շարունակում են գոյություն ունենալ, սակայն դրանց հարկադիր կատարումը մնում է այլ պետությանը»,- նշում է նա։ Ըստ այդմ, Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է ամբաստանյալներին առանձնացնել դատապարտյալներից․ ի տարբերություն դատապարտյալների` ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործերով առաջացող իրավական խնդիրների շուրջ այդքան դժվարություններ չեն առաջանում։  Հիմք ընդունելով նրանց նկատմամբ նախկինում կատարված քննությունները՝ Հայաստանում քրեական վարույթներ պետք է իրականացվեն Քրեական օրենսգրքի վերոնշյալ՝ 12-րդ հոդվածի շրջանակներում․ «Առաջին հայացքից այստեղ խնդիր է առաջանում պետական դավաճանության վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ նախկինում Արցախի նկատմամբ պետական դավաճանությունը դիտարկվել է նաեւ Հայաստանի նկատմամբ պետական դավաճանություն, ապա խնդիրը, որպես այդպիսին, լուծված է․ պետական դավաճանության գործերը նույնպես կարող են քննվել ՀՀ կողմից»,- կարծում է Գուրգեն Պետրոսյանն ու ընդգծում՝ Արցախի քաղաքացիները, թեեւ ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի չեն, ինչը նույնպես հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Այժմ, համաձայն ՀՀ-ի տրամադրած կարգավիճակի, նրանք հանդիսանում են փախստական։ Ինչ վերաբերում է Արցախում դատապարտված անձանց վերաբերյալ վերջնական ուժի մեջ մտած դատավճիռներին, դրանք, ըստ Պետրոսյանի, նույնպես շարունակում են ուժի մեջ մնալ, սակայն դրանց հարկադիր կիրառումը ընկնում է այլ պետության վրա․ «Հաշվի առնելով կրկնակի դատվածության արգելքը՝ այդ նույն անձինք չեն կարող երկրորդ անգամ նույն արարքի համար դատապարտվել։ Ուստի պետք է հասկանալ, թե ՀՀ-ն ինչպիսի իրավական հիմքի վրա պետք է ապահովի պատժի կիրառումը։ Ընդհանուր օրենսդրական ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այստեղ առկա է օրենսդրական բաց․ այս իրավական բացերի քաոսը եւ նախկինում չհաշվարկված իրավական ակտերի գեներացումն են հանգեցրել այստեսակ բարդությունների։ Այս բացը կարող էր լրացվել միայն այն անձանց վերաբերյալ, որոնք ՀՀ տարածքում են հայտնվել իրենց պատիժը կրելու ընթացքում եւ իրենց արտահանձման բացառության պարագայում պատիժը պետք է շարունակեն կրել ՀՀ տարածքում»,- եզրափակում է Գուրգեն Պետրոսյանը։ Պատկան մարմինները չեն շտապում հստակ տեղեկություններ հայտնել Թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել, թե ՔՕ 12-րդ հոդվածի համատեքստում ինչ լուծում է ընտրվել Արցախի քրեական վարույթների հետագա ընթացքի վերաբերյալ, դրա շրջանակում ինչ որոշում է կայացվել 2020-2022 թթ ընթացքում՝ մինչ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վարույթների վերաբերյալ, եւ արդյոք այդ վարույթներով քննությունը եւ պատժի կրումները ներկայումս շարունակում են։ Գլխավոր դատախազությունը, սակայն, մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանությամբ, որ այն հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։ Դա, որպես տեղեկության տրամադրումը մերժելու հիմք,  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մեկ տարի առաջ է ավելացվել, եւ մեդիափորձագետները քննադատել են այն՝ լղոզված եւ ընդգրկուն տերմին համարելով եւ ենթադրելով, որ պետական կառույցները հայեցողական մոտեցմամբ մերժելու են տեղեկությունների տրամադրումը։ Գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Արդարադատության նախարարությանը, սակայն վերջինս նույնպես բովանդակային պատասխաններ չի տվել՝ հայտնելով միայն, որ նշված խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով ներկայում միջգերատեսչական քննարկումներ են իրականացվում, ինչի արդյունքների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի: Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում Հայաստանի իրավասությունների, օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ փորձել ենք զրուցել նաեւ իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժոովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, սակայն դա օրեր շարունակ չի հաջողվել, անգամ՝ նախապես պայմանավորված ժամի, երբ Վարդանյանը ասել է, որ զբաղված է, եւ խնդրել է զանգահարել ավելի ուշ։ Որոշել ենք դիմել գրավոր հարցմամբ, ինչին ի պատասխան՝ Վարդանյանը նշել է, որ պահանջվող պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղեկություն (այն է՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձևավորված տվյալներ) չէ, քանի որ այդ հարցերով, ըստ էության, ակնկալվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների պարզաբանում: Դրա իրավասությունը, ըստ Վարդանյանի, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի (օրինականության սկզբունքը), 106-րդ հոդվածի 1-ին մասի (Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները) եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը և պարզաբանման իրավասու մարմինները) համաձայն ինչպես Հանձնաժողովը, այնպես էլ Հանձնաժողովի նախագահը չունեն:  Հարկ է նշել, սակայն, որ օրենսդիր մարմինը եւ պատգամավորներն ընտրվում են ոչ միայն օրենքով սահմանված տեղեկություններ լրագրողներին հայտնելու, այլ նաեւ հանրության համար կարեւոր, բայց ոչ միանշանակ իրավիճակները մեկնաբանելու, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ առաջարկելու համար։ Դա, իհարկե, քաղաքական կամք է պահանջում, որն այս դեպքում պատգամավորը չի դրսեւորել։  Վարդանյանը մասամբ պատասխանել է միայն հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կամ Պետաիրավական հանձնաժողովի ներսում քննարկվել է կամ նախատեսվում է քննարկել օրենսդրական փոփոխություններով եւ/կամ նոր կառուցակարգերի ներդրմամբ եւ/կամ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակը։ Ըստ պատասխանի՝ նշված բովանդակությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակ Հանձաժողովում չի քննարկվել: Կուսակցության ներսում քննարկումների մասին պատգամավորը ոչինչ չի նշել։ Այսպիսով, Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 եւ դատապարտված 1 անձ։ Թե Հայաստանում իրավական ինչ գործընթաց է նրանց նկատմամբ ընթանում, առայժմ հստակ չէ․ փաստաբանները նշում են, որ տեղյակ չեն, պատկան մարմինները չեն շտապում լիարժեք տեղեկություններ տրամադրել։ Միայն Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է Ազգային ժողովում հայտնել, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։    Միլենա Խաչիկյան
18:12 - 09 ապրիլի, 2024
Վանո Սիրադեղյանի որդին դեմ է իր հոր վերաբերյալ քրեական գործը մահվան հիմքով կարճելուն

Վանո Սիրադեղյանի որդին դեմ է իր հոր վերաբերյալ քրեական գործը մահվան հիմքով կարճելուն

Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված էր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Խոսքն այն բազմադրվագ գործի մասին է, որի շրջանակում Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավված դեռ 1999 թվականից, եւ որի քննությունը 2022 թ․–ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերսկսվել է, սակայն բովանդակային քննություն դեռեւս չի իրականացվել։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է։ Այս կանոնը, սակայն, չի գործում, եթե մահացածի շահերի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը առարկում է դրա դեմ։ Վանո Սիրադեղյանը, հիշեցնենք, մահացել է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին։ Այժմ նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն է դատարանում հանդիսանում նրա իրավահաջորդը։ Այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը տեղեկացրեց, որ դատարանը ծանուցումներ է ուղարկել տուժողներ Արայիկ Աբաջյանին, Մերուժան Աբրահամյանին, Խաչատուր Աթաբեկյանին, Վահան Խաչատրյանին, Գուրգեն Եղիազարյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վլադիմիր Գրիգորյանին, Սուրիկ Բոյախչյանին, Յուրի Մկրտչյանին Տիրայր Առաքելայնին, Կիմ Բալայանին, Արմեն Սիմոնյանին, Ամալյա Փխրուկյանին, Հարություն Սուքիասյանին, Ռոմիկ Ավետիսյանին, Կառլեն Ղանդիլյանին, Մայիս Ռաֆայելյանին, Արթուր Հակոբյանին, Արտավազդ Ապրոյանին, Օլեգ Իսահակյանին եւ Վահե Շավայանին։ Մի մասի ծանուցումների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, երկու դեպքում ծանուցումները վերադարձվել են՝ «մահացած» նշումով, երկու դեպքոմ՝ «անհայտ» նշումով, մեկի դեպքում՝ «բացակա» նշումով, մեկի դեպքում՝ «տեղափոխված» նշումով, մեկի դեպքում՝ «չի պահանջվել» նշումով, յոթի դեպքում՝  «չպահանջված» նշումով․ «4 հոգի՝ Արայիկ Աբաջյանը, Մերուժան Աբրահամյանը, Խաչատուր Աթաբեկյանը եւ Վահան Խաչատրյանը, համարվում են պատշաճ ծանուցված»,– ասաց դատավորը՝ հետաքրքրվելով, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն տուժողների բացակայության պայմաններում գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։ Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը այս փուլում խոչընդոտ չտեսավ, պաշտպանական կողմը դիրքորոշում չհայտնեց։ Դատավորը հետաքրքրվեց՝ պաշտպանական կողմը ծանոթացե՞լ է գործի նյութերին, ինչին ի պատասխան Խաչատուր Սիրադեղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ մասամբ են ծանոթացել՝ մոտ 30 հատորին․ «Ամբողջ ծավալով հնարավորություն չեղավ ուսումնասիրելու եւ պատճենելու, հետեւաբար այն մասով, որը բացակայում է, եւ դատարանում ավելի ծավալուն է, դատարանից կարող ենք վերցնել»,– ասաց փաստաբանը։ «Ամեն դեպքում, դատարանի հետ կապ հաստատել եք կամ դատարանի աշխատակազմն է կապ հաստատել Ձեր կամ Խաչատուր Սիրադեղյանի հետ, որպեսզի գաք եւ ծանոթանաք, բայց այդպես էլ չեք եկել եւ չեք ծանոթացել»,–նշեց դատավորն ու հարցրեց՝ ծանոթացած մասը բավարա՞ր է առաջ շարժվելու համար։ «Ցանկալի կլիներ, որ ամբողջությամբ ժամանակը բավարարեր, նայեինք, նոր շարունակեինք, նյութերի մի մասին չենք հասցրել ծանոթացել մեր ժամանակի բացակայության պատճառով»,– պատասխանեց Եգորյանը։ Դատավորի հարցին՝ նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ միջնորդություններ կա՞ն, փաստաբանը պատասխանեց, որ չի կարող բացառել, որ իրենց անհասանելի մի քանի հատորին ծանոթանալով՝ նման միջնորդություն կունենան․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե երկմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել–չներկայացնելու հարցում, այդպիսի հարց չունի, նա ցանկանում է խորանալ գործի մեջ եւ փորձել անել իրենից կախված անհրաժեշտը այդ խնդրի շրջանակում, այնպես որ նման մտավախություն դատարանը եւս կարող է չունենալ, մենք անակնկալի չենք պատրաստվում բերել հաջորդ նիստում կամ որեւէ նիստում՝ ասելով, որ ցանկանում ենք այս հիմքով կարճել վարույթը, խոսքը վերաբերում է ընթացարգային միջնորդություններին»,– նշեց նա։ Դատավորը որոշեց հետաձգել նիստը՝ դարձյալ ժամանակ տալով պաշտպանության կողմին․ «Հաշվի առնելով, որ մերձավոր ազգականը չի ցանկանում անձի մահվան հիմքով քրեական գործը կարճել, այս առումով դատարանը պաշտպանական կողմի իրավունքն առավելապես իրացնելու նպատակով մեկ անգամ եւս հնարավորություն կընձեռի անհրաժեշտ նյութերին ծանոթանալու համար, որպեսզի համապատասխան միջնորդություններ լինելու դեպքում ներկայացվեն, հակառակ դեպքում կստացվի, որ թեեւ գործի քննությունը շարունակում ենք, բայց իրական հնարավորություն չենք ընձեռում»,– ասաց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 22-ին՝ ժ․ 10-ին։ Հիշեցնենք՝ 1999 թ․ փետրվարի 19-ին Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գրեթե 3 ամիս անց՝ մայիսի 3-ին, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության  համար։ Ձերբակալումից ազատվելուց հետո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թ․ ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել է Դատախազության միջնորդությունը եւ զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի այդ որոշումից հետո նա լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ դարձյալ հայտարարվել է հետախուզում։ 2000 թ․ ապրիլին դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու հիմքով։ Ավելի քան 2 տասնամյակ կասեցված մնալուց հետո գործի ընդդատությունը փոխելու անհրաժեշտություն է ծագել։ Բանն այն է, որ 2021 թ․ ընդունվել եւ 2022 թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի քրեադատավարական նոր օրենդրությունը, որի շրջանակում սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։ Ցանկում ներառված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննության ոչ թե Ընդհանուր իրավասության, այլ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում։ Ըստ այդմ, Ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնց դատաքննությունը դեռ սկսված չի եղել, պետք է ուղարկվեին Հակակոռուպցիոն դատարան։ Քանի որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մեջ եւս կան կոռուպցիոն բնույթի, հանցանքներ, նրա վերաբերյալ քրեական գործը 2022 թ․ հոկտեմբեր ամսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Տիգրան Եգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը Միլենա Խաչիկյան
17:00 - 03 ապրիլի, 2024
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանին։ Նման որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ լուծելով քրեական գործի առարկայական ընդդատության հետ կապված երկու դատարանների միջեւ վեճը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանը վերջերս որոշել էր  Վերանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել Երեւանի քրեական դատարան՝ պատճառաբանությամբ, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նրան մեղսագրված հանցանքը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն հանցանք, հետեւաբար այն պետք է քննի ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Վերանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ «Պաշտոնեական դիրքի չարաշահում»-ը ինքնին կոռուպցիոն հանցագործություն է, հետեւաբար այդ հոդվածով գործերը քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Սակայն 2024 թ․-ի տարեսկզբին այս կարգավորումը խմբագրվեց, եւ սահմանվեց, որ արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի՝ բացառությամբ, երբ այն կատարվել է «ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Այս բացառության դեպքում այդ հոդվածով գործերը քննում է ոչ թե Հակակոռուպցիոն, այլ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Ըստ այդմ, Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, դիրքորոշում էր հայտնել, որ քանի որ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե շահադիտական, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքի չարաշահման համար, ուրեմն՝ քրեական գործն այլեւս ընդդատյա չէ Հակակոռուպցիոն դատարանին։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, սակայն, դատական նիստում չէր համաձայնել այդ դիրքորոշմանը՝ պնդելով, որ օրենքի տեքստում առկա «եւ» շաղկապը պահանջում է երկու պայմանների համաժամանակյա առկայություն, այսինքն՝ որպեսզի գործը Հակակոռուպցիոն դատարանը չքննի, պետք է ոչ միայն արարքը կատարված չլինի շահադիտական դրդումներով, այլեւ միաժամանակ կատարված լինի բռնությամբ կամ դրա սպառնալիքով կամ հատուկ միջոց օգտագործելով, իսկ Վերանյանի դեպքում բռնության պայմանը բացակայում է։ Այնուհանդերձ, քրեական գործն ուղարկվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին։ Երեւանի քրեական դատարանը չի համաձայնել Հակակոռուպցիոն դատարանի հետ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, չի համաձայնել Հակակոռուպցիոն դատարանի դիրքորոշմանը։ Մասնավորապես, դատավորը եւս մատնանշել է երկու պայմանների միաժամանակյա առկայության մասին՝ ընդգծելով, որ Անդրանիկ Վերանյանի մեղադրանքում բացակայում է «բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով» որակյալ հատկանիշը, ինչը վկայում է այն մասին, որ նշված հանցանքը համարվում է կոռուպցիոն բնույթի արարք։ Ի թիվս այլնի՝ դատավորը  հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումից հետո օրենսդիրը անցումային դրույթներով նախատեսել էր, որ ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնք ոչ թե նախնական դատալսումների, այլ արդեն հիմնական դատալսումների (դատաքննության) փուլում էին, այլեւս չէին ուղարկվելու Հակակոռուպցիոն դատարան։ Նույն տրամաբանությամբ էլ, ըստ Դավիթ Բալայանի, Հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում գտնվող գործերը չեն կարող վերաբաշխվել Առաջին ատյանի դատարանին․ «Ի տարբերություն օրենսդրության փոփոխության նախկին դեպքերի, երբ օրենսդիրն անցումային դրույթի ուժով կարգավորել էր գործերի փոխանցումը ՀՀ հակակոռուպցիոն դատարան, այս դեպքում նման նորմ չի նախատեսել, ինչը հիմք է տալիս գալ հիմնավոր այն եզրահանգման, որ օրենսդրի կամքը եղել է հիշյալ քրեական վարույթների քննությունը գործը ստացած դատարանում մնալը: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ տարբեր ժամանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում քրեական գործը կհայտնվի անվերջ «շրջապտույտի» մեջ»,- իր որոշման մեջ նշել է դատավորն ու դիմել Վճռաբեկ դատարանին՝ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ առարկայական ընդդատության հարցը լուծում են Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ գործը շարունակում է ընդդատյա լինել Հակակոռուպցիոն դատարանին Վճռաբեկ դատարանը, ի դեմս դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանի եւ հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանի, արձանագրել է, որ կատարված օրենսդրական փոփոխություններով «ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով» պաշտոնեական դիրքի չարաշահումը այլեւս չի հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցանք, հետեւաբար դրանց վերաբերյալ վարույթներն ընդդատյա են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին․ «Սակայն կատարված փոփոխությամբ չի սահմանվել՝ այդ փոփոխությունը պե՞տք է տարածվի Հակակոռուպցիոն դատարանում դատաքննության փուլում գտնվող նմանատիպ վարույթների վրա, այսինքն՝ այդ վարույթները ենթակա՞ են վերաբաշխման, թե՞ ոչ»,- ընդգծել է դատարանը։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածն է սահմանում, որ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակաում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա)։ Ըստ այդմ, քանի որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանների գործերը Հակակոռուպցիոն դատարանին փոխանցելու դեպքերը կարգավորված են, եւ հաշվի առնելով, որ թե՛ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չեն արգելում անալոգիայի կիրառումը, ինչպես նաեւ՝ այն, որ տվյալ պարագայում անալոգիայի կիրառումն անձանց իրավունքները, ազատությունները չի սահմանափակում կամ նրանց համար նոր պարտականություն կամ պատասխանատվություն չի նախատեսում՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն վարույթները, որոնցով Հակակոռուպցիոն դատարանը անցում է կատարել դատաքննության փուլ, ենթակա չեն վերաբաշխման առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին․  Նշենք, որ նախնական դատալսումները գործի քննության սկզբնական փուլն են, որի ընթացքում քննվում են ինքնաբացարկի, բացարկի, մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի, ապացույցների ծավալի, թույլատրելիության եւ նմանատիպ այլ հարցեր։ Հիմնական դատալսումների փուլը կամ որ նույնն է, դատաքննությունը քրեական գործի բովանդակային քննություն է, երբ հետազոտվում են ապացույցները, հարցաքննվում են վկաները, տուժող եւ մեղադրյալ կողմերը եւ այլն։ Ինչ վերաբերում է երկու պայմանների՝ ոչ շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայությանը, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ ուղիղ չի անդրադարձել դրան, սակայն մեկ այլ՝ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործով կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ բռնության պայմանի բացակայության դեպքում քննարկող հանցանքը շարունակում է համարվել կոռուպցիոն բնույթի, հետեւաբար եւ շարունակում է ընդդատյա լինել Հակակոռուպցիոն դատարանին։ Անդրանիկ Վերանյանի գործով առաջիկա դատական նիստը նշանակվել է ապրիլի 5-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Միլենա Խաչիկյան  
18:03 - 01 ապրիլի, 2024