Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ադրբեջանի 2025-ի ռազմական բյուջեն. պատերազմի նախերգանք
 |civilnet.am|

Ադրբեջանի 2025-ի ռազմական բյուջեն. պատերազմի նախերգանք |civilnet.am|

civilnet.am:  Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն պատրաստվում է օգտագործել մոտակա երկու տարվա «հնարավորությունների պատուհանը»՝ Հայաստանի դեմ հնարավոր նոր պատերազմի համար։ Երկրի ռեկորդային ռազմական բյուջեն (շուրջ 5 մլրդ դոլար), սպասվող սոցիալ-տնտեսական ցնցումները և տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանները Բաքվին կարող են դրդել պատերազմ սկսելու։ Ռազմական բյուջեի ավելացումը 1 մլրդ դոլարով 2025-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հաստատմանն ուղարկեց պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,9 մլրդ դոլար ռազմական ծախսեր կամ 1 մլրդ-ով ավելի, քան ֆինանսների նախարարության ավելի վաղ առաջարկածը։ 1 մլրդ-ի ֆինանսական բեռը ամբողջությամբ դրվում էր Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) վրա` 2025-ի համար պետական բյուջեն ֆինանսավորելու SOFAZ-ի պարտավորությունը 7,5 մլրդ դոլարից բարձրացնելով 8,5 մլրդ-ի։ Ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում էր, որ բյուջեի փոփոխությունն արվել է նախագահի հրահանգով և պայմանավորված է «Հայաստանի ահագնացող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությամբ»։ Նոյեմբերին խորհրդարանում բյուջեի քննարկումներից մեկի ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց, որ 2025-ի համար նավթագազային եկամուտների անկում են կանխատեսում, ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև նավթահանքերում պաշարների սպառմամբ։ Մեկ այլ ելույթում Շարիֆովը նշում էր, որ ռազմական ծախսերի աճը նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է, և ֆինանսների նախարարությունը չէ, որ նախաձեռնել է SOFAZ-ի հաշվին ծախսերի աճի ֆինանսավորումը՝ կարծես ակնարկելով, որ այդ աճը խնդրահարույց է։ Քննարկումների ընթացքում Ադրբեջանի հաշվեքննիչ պալատի նախագահը ևս բյուջեի նախագծի մեջ ռիսկեր մատնանշեց։ Ելույթներից մեկում նա ասաց, որ մտահոգված է բյուջեի նախագծի հիմքում դրված՝ նավթի 70 դոլար/բարել գնի համար, որը վերջին տարիների համար աննախադեպ է։ 2022, 2023 և 2024 թվականներին Ադրբեջանի բյուջեի հիմքում դրված է եղել նավթի համապատասխանաբար 50, 50 և 60 դոլար գինը։ Բյուջեի հիմքում դրվող նավթի գինը այն գինն է, որը որպես ենթադրություն ընդունելով՝ պլանավորում են պետական բյուջեի եկամուտները և ծախսերը։ Բյուջեում բուֆեր գրեթե չկա Բյուջեի հիմքում նավթի գինը շուկայականից ցածր դնելու նպատակն է ստեղծել բուֆեր, որը նավթի գների նվազման պայմաններում թույլ կտա ապահովել պետական բյուջեի կատարումը առանց SOFAZ-ից փոխանցումների աճի։ Նույն տրամաբանությամբ, 2022-2024 թվականներին ամեն տարի Ադրբեջանը տարվա ընթացքում բյուջեում փոփոխություններ է մտցրել և բարձրացրել բյուջեի հիմքում դրված նավթի գինը, որովհետև նավթի փաստացի գինը ավելի բարձր է եղել։ Դա լրացուցիչ եկամուտներ է ձևավորել, որոնք թույլ են տվել ծախսերը պլանավորածից մեծացնել, և հավելյալ ծախսերը գրեթե ամբողջությամբ գնացել են կապիտալ ծախսերի ֆինանսավորման աճին։ 2025-ի համար նավթի միջազգային գինը կանխատեսվում է 75 դոլարի սահմաններում, իսկ Ադրբեջանի բյուջեի հիմքում դրված է 70 դոլար նավթի գինը, ինչը նշանակում է, որ 2025-ի բյուջեի նախագծում բուֆեր գրեթե նախատեսված չէ, և նավթի գնի 70 դոլարից ներքև գտնվելու դեպքում այլ հավասար պայմաններում Ադրբեջանը ստիպված է լինելու էլ ավելի մեծացնել SOFAZ-ից պետական բյուջե փոխանցումները։ Բյուջեի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հաշվեքննիչ պալատի պատրաստած եզրակացությունում նույնպես հետաքրքիր փաստեր կան։ Կից աղյուսակում հաշվեքննիչ պալատը կանխատեսում է, որ 2025-2028 թվականներին պետական բյուջեի նավթային եկամուտների կրճատմամբ պայմանավորված՝ դրանց կշիռը բյուջեի ընդհանուր եկամուտներում աստիճանաբար կրճատվելու է մինչև 40 տոկոս, այն դեպքում, երբ վերջին 10 տարում դրանք երբեք չեն իջել մոտ 50 տոկոս մակարդակից։ Քանի որ Ադրբեջանի տնտեսության արտահանումը գրեթե ամբողջությամբ նավթն ու գազն է, իսկ դրանցից եկամուտների էական անկում է կանխատեսվում, այս աղյուսակը ընդամենը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարողանալու պետական բյուջեն նավթային եկամուտների հաշվին նույն ծավալով ֆինանսավորել և ստիպված ինչ-որ պահի մանաթը դևալվացնելու է, որպեսզի կարողանա բյուջեն հավասարակշռված պահել։ Իհարկե, մոտալուտ դևալվացիայի մասին հիշատակումներ միայն այսպիսի տողատակերում է հնարավոր գտնել։ Ադրբեջանի պաշտոնյաների խոսքում դրա մասին նշույլ չկա, ընդհակառակը՝ բյուջեի նույն քննարկումներին Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահը պնդում էր, որ առաջիկա տարիներին փոխարժեքը չի փոխվելու։ SOFAZ-ի մարտահրավերը Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունեց 2025-ի պետական բյուջեն։ Բյուջեի ծախսային այլ ուղղություններից վերաբաշխումներ իրականացվեցին հօգուտ պաշտպանության, և ռազմական բյուջեն աճեց ևս 100 մլն դոլարով՝ հասնելով մոտ 5 մլրդ դոլարի, իսկ պետական բյուջեն ֆինանսավորելու SOFAZ-ի բեռը սահմանվեց 8,5 մլրդ դոլար։ Ուշագրավ է, որ SOFAZ-ի՝ 2025-ի համար կանխատեսվող եկամուտները 8,5 մլրդ դոլարից պակաս են լինելու։ SOFAZ-ի մուտքերը գոյանում են երեք հիմնական աղբյուրներից՝ Ազերի Չիրաղ-Գյունեշլի (ԱՉԳ) և Շահ Դենիզ հանքերից և սեփական ակտիվների կառավարումից ստացվող եկամուտներից։ SOFAZ-ի եկամուտների հիմնական մասը ապահովող ԱՉԳ հանքում 2024-ին արդյունահանումը շարունակել է կրճատվել՝ նախորդ տարվա 18 մլն տոննայից իջնելով 17 մլն տոննայի։ Այս անկումը տեղի է ունեցել՝ չնայած 2024-ին հանքում նոր պլատֆորմ շահագործեցին, որը, ըստ ադրբեջանական պաշտոնյաների, թույլ էր տալու մոտակա տարիներին հանքում արդյունահանումը կայունացնել։ Իրականում, նոր պլատֆորմից արդյունահանումը էականորեն զիջում է պլանավորածին, իսկ պլատֆորմից արդյունահանման պիկը կանխատեսվում է 2025-ի ավարտին, ինչը թույլ կտա այս տարի նույնպես հանքում արդյունահանման էական անկումը կասեցնել։ Սակայն 2026-ից հանքում արդյունահանման անկումը նոր թափ կստանա, քանի որ նոր պլատֆորմից արդյունահանումը նույնպես կսկսի անկում ապրել, ինչը կարագացնի հանքում արդյունահանման ընդհանուր անկումը։ 2025-ին նավթի 75 դոլար գնի պայմաններում SOFAZ-ի եկամուտները ԱՉԳ հանքից կազմելու են 4,5 մլրդ դոլար, իսկ հետագա տարիներին արագ նվազելու են։ ԱՉԳ-ի՝ 2017-ին վերակնքված շահագործման պայմանագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը 2018-2025 թվականներին ԱՉԳ հանքի բաժնետեր միջազգային նավթային կազմակերպություններից տարեկան ստանալու է 450 մլն դոլար բոնուսային վճար։ Հետևաբար, 2025-ին Ադրբեջանը ԱՉԳ-ից ստանալու է 450 մլն դոլար վերջին փոխանցումը, իսկ 2026-ից SOFAZ-ը զրկվելու է եկամուտների այդ աղբյուրից ևս։ Այսպիսով, 2025-ին SOFAZ-ը ԱՉԳ հանքից կստանա 5 մլրդ դոլարի եկամուտ, որից 4,5 մլրդ դոլարը՝ վաճառված նավթից շահույթի տեսքով, իսկ 0,5 մլրդ դոլարը՝ բոնուսային վճարի տեսքով։ Եվս 0,5 մլրդ դոլարի եկամուտ SOFAZ-ը կարող է ակնկալել Շահ Դենիզ հանքից, ինչը համադրելի է 2024-ին հանքից ստացած եկամտի հետ, իսկ SOFAZ-ի ակտիվներից ակնկալվող եկամուտները չեն կարող գերազանցել 1,5 մլրդ դոլարը, քանի որ չնայած SOFAZ-ի ակտիվների մեծ ծավալին՝ դրանցից գոյացող կանխիկ հոսքերը սահմանափակ են՝ պայմանավորված SOFAZ-ի պորտֆելի կառուցվածքով։ Օրինակ, 2023-ին SOFAZ-ի ակտիվներից գոյացող տոկոսային վճարների և դիվիդենդների ընդհանուր ծավալը եղել է մոտ 1,2 մլրդ դոլար։ Ամփոփելով՝ SOFAZ-ի ընդհանուր եկամուտները 2025-ին ակնկալվում են մոտ 7 մլրդ դոլարի սահմաններում, իսկ ծախսերը՝ մոտ 8,5 մլրդ դոլարի սահմաններում։ Հետևաբար, 2025-ին SOFAZ-ի բյուջեում գոյանալու է մոտ 1,5 մլրդ դոլարի պակասուրդ, որը ֆինանսավորելու համար SOFAZ-ը ստիպված է լինելու մոտ 1,5 մլրդ դոլարին համարժեք ակտիվ վաճառել։ SOFAZ-ի՝ 2025-ի համար հրապարակված պաշտոնական բյուջեում արտացոլված է ընդամենը մոտ 100 մլն դոլարի պակասուրդ, ինչը սակայն մեր կարծիքով հետևանք է բյուջեի հիմքում դիտավորյալ դրված ոչ իրատեսական ենթադրությունների։ Այս թեզի օգտին է խոսում այն փաստը, որ Ադրբեջանի հաշվեքննիչ պալատը SOFAZ-ի բյուջեի վերաբերյալ այդպես էլ չհրապարակեց իր եզրակացությունը, որը նախորդ տարիներին միշտ հրապարակակվել է և մանրամասնել է SOFAZ-ի բյուջեի հիմքում ընկած ենթադրությունները (օրինակ՝ նավթի և բնական գազի կանխատեսվող գին) և դրանց հիմնավորումները։ Մանաթի հավանական դևալվացիա, տնտեսական ցնցումներ 2025-ին, պայմանավորված SOFAZ-ի ակտիվներ վաճառելու անհրաժեշտությամբ և 2026-ից ԱՉԳ հանքի արդյունահանման արագ կրճատման վերսկսմամբ, խիստ հավանական է, որ 2025-ի դեկտեմբերին Ադրբեջանը կդևալվացնի մանաթը։ Մանաթի դևալվացիան Ադրբեջանին թույլ կտա 2026-ի պետական բյուջեն պլանավորել SOFAZ-ից ավելի ցածր ֆինանսավորման պայմաններում։ Հակառակ դեպքում, SOFAZ-ը գնալով ավելի շատ ակտիվ է վաճառելու, և այդ ակտիվների շարունակական կրճատումը ինչ-որ պահից հասարակության լայն շերտերի մոտ բերելու է մանաթի դևալվացիայի անխուսափելիության գիտակցման։ Մարդիկ, դա հասկանալով, սկսելու են դոլար գնել և մանաթով ավանդները փոխարկել դոլարայինի, ինչը ավելի կմեծացնի Ադրբեջանի պահուստների վրա ճնշումը։ Այսպիսով՝ մանաթի կանխարգելիչ դևալվացիան Ադրբեջանին թույլ է տալու դևալվացնել մանաթը պահուստների ավելի փոքր կորստի գնով։ Միակ գործոնը, որ Ադրբեջանին թույլ կտա խուսափել տարեվերջին մանաթի դևալվացիայի անհրաժեշտությունից, նավթի գնի կտրուկ աճն է։ Այն կարող է իրականություն դառնալ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի դեպքում, որը կխաթարի Պարսից ծոցից նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ։ Չնայած այս սցենարը բացառված չէ, սակայն նավթի գնի հետ կապված ռիսկերը միայն դեպի վեր չեն, այլև՝ դեպի ներքև։ 2024-ի երրորդ եռամսյակում նավթի գները սկսեցին անկում ապրել, ինչի ֆոնին ՕՊԵԿ+-ի անդամ երկրները ստիպված էին հետաձգել նավթի արդյունահանման պլանավորած աճը։ Այս որոշումն ի սկզբանե նախատեսվում էր կյանքի կոչել 2024-ի հոկտեմբերից, սակայն հետաձգվեց սկզբում մինչև դեկտեմբեր, հետո՝ 2025-ի հունվար, այնուհետև՝ ապրիլ, քանի որ նավթի գինը շարունակում էր նվազել։ ՕՊԵԿ+-ում հասկանում էին, որ նավթի առաջարկի խթանումը կհանգեցնի գնի ավելի մեծ անկման։ 2025-ի համար նավթի համաշխարհային շուկայում կանխատեսվում է ավելցուկային առաջարկ, ինչը նշանակում է, որ ՕՊԵԿ+-ը տարվա ընթացքում կարող է ստիպված լինել նավթի արդյունահանումը մեծացնելու փոխարեն կրճատել այն, որպեսզի կանխի նավթի գնի հետագա անկումը։ Դա, սակայն, կհանգեցնի նավթի շուկայում ՕՊԵԿ+-ի մասնաբաժնի կրճատման։ Այսպիսով՝ առանց ՕՊԵԿ+ի կողմից 2025-ի ընթացքում նավթի արդյունահանման կրճատման՝ քիչ հավանական է, որ նավթի գինը 2025-ի ընթացքում չի շարունակի անկումը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է ստիպված լինել ավելի շատ պահուստ վաճառել, քան այս պահին կանխատեսվում է։ Դա կարող է Ադրբեջանին կանգնեցնել մանաթի դևալվացիայի անհրաժեշտության առաջ հենց 2025-ի ընթացքում։ Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ 2025-ը Ադրբեջանի համար վերջին քիչ թե շատ կայուն տարին է լինելու: Դրանից հետո մեծ հավանականությամբ երկրում կլինեն տնտեսական ցնցումներ, որոնք աստիճանաբար կմեծացնեն սոցիալ-քաղաքական լարվածությունը։ Այս պայմաններում է, որ Ալիևը ռազմական ծախսերը սահմանում է մի մակարդակում, որ Ադրբեջանի համար տանելի բեռ չէ։ Սա թերևս նշանակում է, որ նա դասեր չի քաղել երկրում 2014-2016 թվականների տնտեսական ճգնաժամից, և նավթից եկամուտների կրճատման ֆոնին գոտիները ձգելու փոխարեն կրկին ուռճացնում է պետական ծախսերը՝ դրանով մեծացնելով սպասվող տնտեսական ճգնաժամի խորությունը։ Հայաստանի դեմ պատերազմի նպաստավոր պայմաններ Մինչ այդ Հայաստանի դեմ նոր պատերազմի համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են ձևավորվում. – ԱՄՆ-ի ընտրություններում հաղթեց Թրամփը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ կենտրոնանալու է իր ներքին խնդիրների վրա, և ավելի քիչ է հակված լինելու ռեսուրսներ հատկացնել իր համար ռազմավարական նշանակություն չունեցող տարածաշրջաններում կոնֆլիկտները կառավարելու ուղղությամբ։ Մյուս կողմից Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, խստացնելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել Իրանի նավթի վաճառքից եկամուտները և ստիպել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ իր պայմաններով։ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը մի կողմից կրճատելու է Իրանի կողմից պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մյուս կողմից բարդացնելու է Իրանի տնտեսական վիճակը՝ մեծացնելով ներքին սոցիալական լարվածությունը, որը վերջին տարիներին առանց այն էլ բավական սրված էր։ – Թուրքիան չի պատրաստվում լուռ հետևել Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտիներում այդ երկրների ռազմական ներկայության կրճատմանը։ Դրա վառ օրինակը Սիրիան էր, որտեղ Անկարայի աջակցությունը վայելող ուժերը, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական և իսրայելա-իրանական կոնֆլիկտների արդյունքում Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ռազմական ներկայությունը կրճատումից, տապալեցին Բաշար Ասադի իշխանությունը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր գործողությունները Թուրքիան դիտարկելու է նույն տրամաբանության ներքո, և Ադրբեջանը այդ գործողություններում վայելելու է Թուրքիայի աջակցությունը։ – Ներկայում Ռուսաստանն ամբողջ ներուժը կենտրոնացրել է Ուկրաինայում և, օգտվելով հյուծման պատերազմում Ուկրաինայի հանդեպ իր ռեսուրսային առավելությունից, ուկրաինական բանակին դուրս է մղում մի շարք կարևոր բնակավայրերից և բնագծերից՝ վտանգի տակ դնելով Դոնբասում ուկրաինական պաշտպանության ամբողջականությունը։ Թրամփի երդմնակալությունից հետո ակնկալվում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ են սկսվելու։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք դրանք հաջողությամբ կավարտվեն, թե ոչ, քանի որ ռուսական և ուկրաինական կողմերի դիրքորոշումները այս պահին հատման եզրեր չունեն։ Եթե բանակցությունները տապալվեն, հավանական է, որ Թրամփի վարչակազմը մեծացնի Ուկրաինային զենքի մատակարարումները, որպեսզի ստիպի Ռուսաստանին զիջումների գնալ բանակցություններում, ինչի արդյունքում Ռուսաստանի՝ այլ ճակատներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, գործելու հնարավորությունը ավելի կկրճատվի։ Հնարավոր է նաև սցենար, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և Ուկրաինայում պատերազմը դադարեցվի, ինչը Ռուսաստանի համար այլ ճակատներում գործելու ռեսուրսներ կազատի: Այս սցենարի դեպքում Հարավային Կովկասում Թուրքիային և Ադրբեջանին հակակշռելու Ռուսաստանի հնարավորությունները կաճեն։ Ադրբեջանը, հասկանալով, որ Ռուսաստանը շուտով մեծացնելու է իր ներկայությունը Հարավային Կովկասում, և իր ազատ գործելու հնարավորությունների պատուհանը փակվելու է, կարող է փորձել մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ օգտվելով աշխարհաքաղաքական բարենպաստ կոնյունկտուրայից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:30 - 21 հունվարի, 2025
«Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է Հարավային Կովկասում կայունությունը»․ Ալիևը՝ Կոբախիձեին

 |factor.am|

«Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է Հարավային Կովկասում կայունությունը»․ Ալիևը՝ Կոբախիձեին |factor.am|

factor.am: Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում և այդ հաջողությունը ուրախացնում է է մեզ՝ որպես ձեր եղբայրներին ու ընկերներին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ մամուլի համար հայտարարությունների ժամանակ, գրում է վրացական Առաջին ալիքը։ Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից մեկը եղել է կապի և Միջին միջանցքի նախագիծը։ «Մենք քննարկեցինք կապի և Միջին միջանցքի նախագիծը: Վստահ եմ, որ այս նախագիծը հաջողություն կունենա։ Դրա շրջանակում մենք պետք է սերտ կապեր պահպանենք հարևան այլ երկրների հետ, որն ընդգրկում է հսկայական աշխարհագրություն։ Ադրբեջանն ու Վրաստանը կլինեն այն օղակն ու կամուրջը, որը կմիացնի Եվրոպան և Ասիան։ Մենք դա հաջողությամբ իրականացնում ենք, և ես գիտեմ, որ տրանսպորտային ենթակառուցվածքներն ընդլայնվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացմանը»,- ասել է Ալիևը։ Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Ադրբեջանի նախագահը նշել է․ «Ցանկանում եմ հավելել, որ ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում։ Մենք՝ որպես ձեր եղբայրներ և ընկերներ, ուրախ ենք ձեր հաջողությունների համար և մաղթում ենք հետագա ձեռքբերումներ»։
17:33 - 17 հունվարի, 2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
 |azatutyun.am|

Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ և ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման կարևորությունը և Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ «Արմենպրես» գործակալությունը, վկայակոչելով ՀՀ Անվտանգության խորհրդի մամլո խոսնակին, հայտնում է, որ Ալի Աքբար Ահմադիանը կժամանի նաև Երևան, որտեղ վաղը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
17:42 - 08 հունվարի, 2025
ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին |armenpress.am|

ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: - Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: - Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:    - Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ:  - Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը:  - Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում: - Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:   - Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին: - Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը:  - Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին... - Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին:  - Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին:  - Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:  - Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին:  -Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի: 
12:07 - 08 հունվարի, 2025
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին. Ալիև
 |azatutyun.am|

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նա։ Գարնանը Տավուշի հատվածի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո կողմերը վավերացրին սահմանազատման կանոնակարգը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն, թե առաջիկայում որ հատվածներն են սահմանազատվելու: Ալիևը նաև մի շարք հայտարարություններ է արել։ Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նա նշել է, որ եթե այն Երևանին պետք չէ, Բաքվին էլ պետք չէ։ Երևանը բազմիցս է հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը։ Հայաստանը, վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ, մոտ 60 օր առաջ է Բաքվին փոխանցել խաղաղության պայմանագրի 2 չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ իր առաջարկները։ Պաշտոնապես մինչև այս պահը չի հայտարարվել, թե դրանց պատասխանը ստացվել է։ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են՝ խաղաղության 17 կետանոց համաձայնագրի նախագծում 2 չհամաձայնեցված հոդվածների շուրջ են բանակցում։
21:52 - 07 հունվարի, 2025
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մեղավորը ՌԴ ներկայացուցիչներն են։ Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ​​Գրոզնի քաղաքը ժամանակին միջոցներ ձեռնարկեր ռուսական օդային տարածքը փակելու համար, եթե պահպանվեին ցամաքային ծառայության բոլոր կանոնները և համակարգված լինեին ՌԴ զինված ուժերի և քաղաքացիական ծառայությունների միջև, ապա այս ողբերգությունը չէր լինի»,- ընդգծել է նաձ Նշելով, որ «սև արկղերի» ուսումնասիրության գործընթացը շարունակվում է, Ալիևը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում պարզ կլինեն նախնական արդյունքները, տեսանելի կլինի ողբերգության ամբողջ պատկերը, ինչը կարևոր է ողբերգության ամբողջական հետաքննության և մեղավորներին պատժելու համար։ «Մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք մեղավորների պատիժ, պահանջում ենք լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», - նշել է Ալիևը։
14:44 - 06 հունվարի, 2025
Ալիևը ևս չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին |hetq.am|

Ալիևը ևս չի մասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառը Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանումն է։ «Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնած նախագահ Իլհամ Ալիևին Ռուսաստանի օդային տարածքում գտնվելու ժամանակ զեկուցվել է տեղի ունեցած ավիավթարի մասին, և երկրի ղեկավարը հանձնարարել է անհապաղ վերադառնալ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմը փոխանցում է, որ ինքնաթիռում Ադրբեջանի նախագահը համապատասխան պետական կառույցներին անհրաժեշտ հանձնարարականներ է տվել վթարի պատճառները հետաքննելու և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար:   Պաշտոնական Բաքուն նաև նշում է, որ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։   «Բաքու վերադարձող ինքնաթիռից Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երկրի ղեկավարը հայտնել է, որ Բաքու-Գրոզնի երթուղով ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառով ինքը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, ու որոշում է կայացրել վերադառնալ Բաքու»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իր հերթին Պուտինը իր ցավակցությունն է հայտնել զոհերի և վիրավորների հարազատներին։  Ավիավթարի մասին գրառում է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ X-ի իր միկրոբլոգում վարչապետը գրել է, որ ցավակցում է Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։  «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած այս ողբերգությունը խորը վիշտ է առաջացնում»,- գրել է նա։
15:25 - 25 դեկտեմբերի, 2024
Թուրքիան հետևում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին․ Էրդողան
 |factor.am|

Թուրքիան հետևում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին․ Էրդողան |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով Անդրկովկասն ու միջազգային հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները: Էրդողանն ասել է, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա»,- հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից: Էրդողանը նաև մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը D-8-ին (Իսլամական ութնյակ) շահավետ և դրական լինի երկրի համար։ Ադրբեջանը խմբին միացել է անցյալ շաբաթ Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ:
18:08 - 24 դեկտեմբերի, 2024
Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP |factor.am|

Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Այս թեմային անդրադառնում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։ Նշվում է, որ 2022 թվականին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի բռնկումից հետո ընդունված օրենքը պետք է վերացնի բրիտանական գույքի օտարերկրյա սեփականատերերի շուրջ գաղտնիության շղարշը։ Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն, թե ով է վերահսկում ևս տասը ակտիվներ, որոնց վրա նախագահական ընտանիքը ծախսել է 160 միլիոն դոլար, հայտնի չէ. դրանք գրանցված են օֆշորներում։ Հավատարմագրային սեփականատերերի մասին տեղեկությունները թաքցվում են հանրությունից: Հյուրանոցը գտնվում է Բրիտանական թանգարանի հարևանությամբ։ Պենտհաուսներ Հայդ պարկի դիմաց։ Առանձնատուն, որը նայում է Հեմփսթեդ Հիթի անտառապատ տարածքին:  2021 թվականին OCCRP-ը բացահայտել էր, որ Իլհամ Ալիևի և նրանց շրջապատի հարազատները Լոնդոնում ունեն մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք: Ալիևի ղեկավարման քսան տարիների ընթացքում այդ մարդիկ հսկայական հարստություն են կուտակել, որը ներդրել են ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում։ Անշարժ գույքը նրանք գրանցել են տասնյակ օֆշորային ընկերությունների անունով։ Վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը մի շարք  բարեփոխումներ է իրականացրել, որպեսզի թույլ չտա աշխարհի հարուստներին և հզորներին թաքնվել օֆշորային կառույցների հետևում: 2022 թվականին ընդունված Տնտեսական հանցագործության դեմ (թափանցիկության և կիրառման) օրենքը պարտավորեցնում է Մեծ Բրիտանիայում սեփականություն ունեցող բոլոր օտարերկրյա ընկերություններին գրանցել սեփականատերերին օֆշորային բիզնես ռեգիստրում: Ակտիվների սեփականատիրոջը գտնելն այժմ պետք է սահմանափակվի առցանց տվյալների բազայի միջոցով պարզ հարցմամբ: OCCRP-ի լրագրողներն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլի բրիտանական մասնաճյուղի հետազոտողները ուսումնասիրել են 23 օբյեկտների տվյալները, որոնք նախկինում կապում էին Ալիևների և նրանց շրջապատի հետ:  Կապը բացահայտվել է վեց դեպքում. առաջին անգամ փաստվել է, որ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, ուղղակիորեն ունեն վեց շքեղ բնակարան Հայդ պարկի դիմաց գտնվող շենքում։ Սակայն չի հաջողվել տեղեկություններ  գտել տասը գույքի սեփականատերերի մասին, որոնք Ալիևներն ու նրանց շրջապատը գնել են 160 միլիոն դոլարով. առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու քաղաքային տուն, մի քանի բնակարան և պենտհաուս, ինչպես նաև Լոնդոնի կենտրոնում գտնվող վեցհարկանի շենք: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:22 - 21 դեկտեմբերի, 2024
Ալիևը ասել է՝ խաղաղության պայմանագրի որ երկու կետերը չեն համաձայնեցվել |civilnet.am|

Ալիևը ասել է՝ խաղաղության պայմանագրի որ երկու կետերը չեն համաձայնեցվել |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։ Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն, երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։ «Խաղաղության պայմանագրի հարցում մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել։ Այդ փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը: Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից»,- Россия Сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է նա։ Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. «Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտարարվում է Հայաստանի մաս։ Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դա պարզապես օբյեկտիվ պայման է»։ Ալիևի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ Հայաստանին զինելու գործընթացը «ընթանում է յոթ մղոնանոց քայլերով». «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։ «Չնայած Արևմուտքի սպառազինությունների մեծ մասը Հայաստանը ստանում է անվճար կամ վարկով, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չեն դիմանա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի, 2023-ի սեպտեմբերի գործողության արդյունքները չպետք է մոռացվեն նրանց կողմից։ Նրանք նաև պետք է հասկանան, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությանը, եթե նրանք մեր դեմ հերթական սադրանք ծրագրեն, նրանց ոչ ոք չի օգնի այստեղ գետնի վրա»,- ասել է նա։
12:09 - 18 դեկտեմբերի, 2024
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ВГТРК-ին և РИА Новости-ին ու հայտարարել, թե Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել: «Այսպես կոչված, եվրոպացի դիտորդների անվան տակ մեզ հետ սահմանին հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է Ալիևը:  Ալիևի խոսքով դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022 թվականի քառակողմ հանդիպման ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի մասնակցությամբ: «Այդ ժամանակ մենք դեռևս չէինք բացառել Ֆրանսիային կարգավորման գործընթացից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու ամսվա ընթացքում Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ թվով կոնտինգենտը կտեղակայվի: Եվ արգումենտը հետևյալն էր. «ինչու համաձայնեցնել ձեզ հետ, սա Հայաստանի տարածքում [տեղակայվելիք] առաքելություն է»: Իսկ մեր արգումենտը հետևյալն էր. «Ինչո՞ւ էիք մեզ հետ համաձայնեցնում, երբ մենք պայմանավորվում էինք: Այդպես չի կարելի»,- ընդգծել է Ալիևը: Նա նշել է, որ հետագայում ԵՄ դիտորդների թիվը մեծացել է՝ հասնելով 200-ի. «Ավելին՝ այդ առաքելությունը սահուն կերպով վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության՝ հաշվի առնելով, որ միացել են նաև Կանադայի ներկայացուցիչները»:
12:06 - 18 դեկտեմբերի, 2024