Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց 1 ժամ ուշացումով, քանի որ կալանավորին դատարան ուղեկցող ոստիկանության ծառայողները մեղադրյալ Գրիգորյանին ուշ բերեցին դատարան։  Դատական նիստերի մեկամսյա հարկադիր հետաձգումից հետո այսօր դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը։ Նա մեկն է այն 6 ժամկետային զինծառայողներից, որոնք հոկտեմբերին ընկել էին շրջափակման մեջ եւ 70 օր անտառներում ու սարերում անհայտության մեջ մնալուց հետո 2020թ․ դեկտեմբերի 20-ին վերադարձել հայրենիք։ 1999թ․-ին ծնված Արման Արմաղանյանը նորակոչիկ է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Նա Արցախի Հանրապետություն ծառայության է մեկնել 2020թ․ հուլիսին։ Սեպտեմբերի 27-ին, դեռ նորմալ կրակային պատրաստություն էլ չանցած, Ջրականի զորամասից՝ իրենց մշտական տեղակայման վայրից, 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտը, հրամանատարությամբ Հայկազ Գրիգորյանի, հայտնվում է ռազմաճակատում։ Մեկ շաբաթ հետո Ջրականի ուսումնական գումարտակն արդեն Հադրութի Խուռհատ սար կոչվող տեղամասում էր, որտեղից նահանջի արդյունքում էլ Արմանն ու ծառայակիցներն ընկել են շրջափակման մեջ։  Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննության առարկա են Խուռհատ սարի դեպքերին նախորդած իրադարձությունները, մասնավորապես Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջի դրվագները։ Խուռհատ սարին առնչվող դեպքերը քննվում են Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում․ այդ դատավարության մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ Խուռհատ սարի գործով դատաքննության ժամանակ Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ։ Ըստ վկայի՝ նորակոչիկների վաշտը պատրաստ չի եղել ներգրավվել մարտական գործողությունների Հակակոռուպցիոն դատարանում Արման Արմաղանյանը հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Հայկազ Գրիգորյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, զորացրվելուց հետո նրա հետ առնչություն չի ունեցել։ Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ վկա Արմաղանյանն ասաց, որ չի կարծում, թե իրենց վաշտը պատրաստ էր ներգրավվել մարտական գործողությունների։ Ըստ Արմանի՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հանձնարարվեր թիկունքային աշխատանքներ կատարել կամ էլ իրենց ուսումնական գումարտակը ցրվեր այլ գումարտակների միջեւ։ Հարցաքննության ընթացքում նա մտաբերեց, որ սեպտեմբերի 27-ի տագնապից հետո, երբ իջել են ապաստարան, մի քանի զինվորներ այնտեղ են իջեցրել զենքերը, եւ զինծառայողները դրանք վերցրել են պատահականության սկզբունքով, այսինքն՝ ոչ իրենց կցված զենքերը։ Ըստ Արմանի՝ այդ պահին առաջնային խնդիրն արագությունն է եղել։ Ինքն անձամբ, վաշտում լինելով հրաձգիգ, վերցրել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ․ «Փորձը ցույց տվեց, որ զինվորներն անգամ հրամաններ չգիտեին, չգիտեին՝ պատերազմի ժամանակ ինչ պետք է անել։ Բայց իմ գնահատականն, իհարկե, էդքան պրոֆեսիոնալ չէ»,- ասաց Արմաղանյանը։  Այն տեղամասը, որտեղ մարտական հերթապահության է ընդգրկվել 70-80 հոգանոց իրենց զորքը, կոչվում է «Չռիկներ»։ Վաշտի հետ եղել են երկու սպաներ՝ Հայկազ Գրիգորյանը եւ լեյտենանտ Գագիկ Հարությունյանը․ «Մեզ հետ կար Նազարյան Հովոն (դասակի հրամանատար,- հեղ․), որ մեր վաշտի մի մասի հետ ուրիշ տեղում էին, մեզանից հետ էին ավելի, բայց համզված չեմ, կարող ա՝ կողքի գծում լինեին»,- հավելեց վկան։ Գումարտակի մյուս ստորաբաժանումների տեղակայման դիրքերի մասին Արմանը հստակ տեղեկություններ չի ունեցել։ Ընդհանուր առմամբ՝ իրենց վաշտի ծառայողները հստակ չեն էլ իմացել՝ իրենք որ բնագծում են՝ առաջի՞ն, երկրո՞րդ, երրո՞րդ․ ամեն մեկը մի բան է ասել, ինքը՝ Արմանն էլ, հստակ չի իմացել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք նշել են, որ Գրիգորյանի վաշտը գտնվել է երկրորդ բնագծում եւ խնդիր է ունեցել պաշտպանել առաջին գումարտակի թիկունքը։ Վկան ասաց, որ ինքը նման բան չի լսել․ «Մենք հասկացել էինք սենց՝ զուտ պետք ա պահենք գիծը, որ թշնամին չգա»։ Զորքը ԱԹՍ-ներին ավտոմատներով խոցելու հրաման է ստացել Վկայի խոսքով՝ այդ հատվածում իրենք հակառակորդի հետ անմիջական մարտի երբեւէ չեն բռնվել, սակայն մշտապես եղել են տարբեր ինտենսիվությամբ հրետակոծության ներքո, իսկ երբեմն նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր են եկել, որոնց ավտոմատներով խոցելու հրաման են ստացել։ Արմանը հիշեց, որ եղել է օր, երբ հրետանու արկն արկի հետեւից է ընկել, եւ իրենք նույնիսկ չեն կարողացել գլուխները հանել խրամատից։ Անտառի կողմից զինվորները, այդ թվում Արմանը, ինչ-որ շարժ նկատել են, բայց նա վստահ չէ՝ դրանք մարդի՞կ են եղել, թե՞ կենդանիներ։ Միաժամանակ, նա հիշում է, որ այդ կողմից իրենց ուղղությամբ հրաձգային զենքից կրակոցներ են եղել։ Վկա Արման Արմաղանյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․) Նահանջի պատճառը շրջափակման մեջ ընկնելու վտանգի մասին լուրերն են եղել «Չռիկներ» կոչվող տեղամասում զորքը մոտ մեկ շաբաթ է մնացել՝ մինչեւ նահանջ կատարելը։ Նահանջի պատճառ, ըստ վկայի, եղել են այն խոսակցությունները, որ իրենց թիկունքից հակառակորդի զորք է մոտենում, իսկ դիմացից՝ 50-ին մոտ տեխնիկա։ Արման Արմաղանյանի խոսքով՝ եթե այդ տեղեկություններն իրական են եղել, ապա իրենց վաշտը ունակ չէր լինելու դիմակայել հարձակմանը։ Զորքն այդ հատվածում շատ զոհեր չի ունեցել։ Վկան մտաբերեց, որ մի սերժանտ զոհվել է, ըստ ամենայնի, հակառակորդի դիպուկահարի կրակոցից, մեկ այլ զինվոր, իր տեղեկություններով, հայկական ուժերի տանկի արկի հարվածից։ Նահանջի նախորդ օրը, ըստ վկայի, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի եւ լեյտենանտ Հարությունյանի միջեւ խոսակցություն է եղել՝ պե՞տք է նահանջել, թե՞ ոչ։ Արմանը, սակայն, չէր մտաբերում, թե սպաներից ով որ որոշման կողմնակիցն էր։ Ի վերջո որոշում է կայացվել նահանջել։ - Ըստ Ձեզ՝ խոսակցություններ են եղել, որ հակառակորդը թիկունքից փորձել է շրջանցել ձեզ։ Այդ մասով դուք կամ ձեր սպաները փորձեցի՞ք ինչ-որ միջոցներ ձեռնարկել,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Չեմ կարող ասել, թե ում հետ են կապի դուրս եկել, բայց գիտեմ, որ Հովոյենց հետ կապի եղել են։ Ես էն ժամանակ power bank (լիցքավորող մարտկոց) ունեի, ու հիշում եմ դրվագ, որ Հայկազ Գրիգորյանին եմ տվել մի պահ, քանի որ ռացիայի զարյադկան նստում էր, ինքը փորձում էր լիցքավորել։ Հետո ուրիշ ռացիա եկել ա, թե չէ՝ ինֆորմացիա չունեմ,- պատասխանեց վկան։ - Դա նահանջի՞ օրը, թե՞ դրանից առաջ։ - Ինձ թվում ա՝ մի երկու օր առաջ։ - Դուք անձամբ ինչ-որ տեխնիկա կամ անձնակազմ նկատե՞լ եք։ - Անձամբ չեմ տեսել, շարժ տեսել եմ անտառի կողմից։ - Մինչեւ այս հարցաքննված վկաներից ասել են, որ հեռադիտակով տեսել են մոտավորապես 100 կամ ավելի տեխնիկա, որոնք եկել են ձեր մարտական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։ - Ես անձամբ չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ կարող է նման բան լինել, որովհետեւ նման բան պատերազմի ժամանակ էլ եմ լսել։ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը այս հանգամանքին առնչվող հակասություն նկատեց վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ ։ Նորիկյանն ընթերցեց Արման Արմաղանյանի՝ քննիչի մոտ հարցաքննության այն հատվածը, որտեղ վկան նշել է, որ ինքն անձամբ հեռադիտակով դիտարկել եւ նկատել է իրենց ուղղությամբ շարժվող հակառակորդի խմբեր, իսկ այժմ՝ նախաքննական ցուցմունքից մեկ տարի էլ չանցած, դատարանում ասում է, որ ինքը չի տեսել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն արձագանքեց, որ քննիչի հետագա հարցերին վկայի պարզաբանումներից հասկանալի է դառնում, որ մոտեցող հակառակորդի մասին վկան միայն լսել է, ուստի ինքը հակասություն չի նկատում ցուցմունքում։ Նորիկյանն առարկեց, դատարանը եւս գնահատեց, որ հակասությունն ակնհայտ է։ Վկա Արմաղանյանը պարզաբանեց, որ հեռադիտակով տարբեր բաներ դիտարկել է, բայց հիմա չի հիշում, թե այդ ժամանակ ինչ է տեսել։ Ամեն դեպքում, նա ասաց, որ նախաքննական իր ցուցմունքը ճշմարտացի է․ «Հիմա, անկեղծ, չեմ հիշում՝ էդ ժամանակ ինչ եմ տեսել, կարող ա շարժ եմ տեսել, ինձ թվացել ա, համոզված չեմ՝ հակառակորդ ա եղել, թե ոչ, հիմա չեմ կարող համոզված ասել»։ Ըստ վկայի՝ վերադաս հրամանատարությունից ասել են՝ տանկերին ավտոմատներով էլ կարող եք կրակել «Չռիկներ» տեղամասում 6-7 օր մնալուց հետո զորքը նահանջել է։ Նահանջի մասին վերադաս հրամանատարությանը զեկուցվել է, թե ոչ, վկան չէր հիշում, ինքը չէր լսել որեւէ բան։ Արման Արմաղանյանը պատմեց, որ գծով նահանջել են մինչեւ ինչ-որ տարածք, որտեղ եղել է տանկի համար նախատեսված խրամուղի, որտեղ եւ կանգ են առել։ Արմանի խոսքով՝ այդտեղ գնդի հրամանատարությունից ինչ-որ մեկի հետ կապի են դուրս եկել․ «Երբ էդտեղ խոսեցինք, մեզ ռացիայով շատ վատ խոսքերով ասեցին՝ հետ գնացեք, տարբեր բաներ էին ասում՝ վիրավորանքներ, ինձ չի թվում, որ ստեղ պետք ա նկարագրել։ Չեմ հիշում՝ ինչ եզրահանգման եկանք, ես ամենամոտը չէի ռացիային, որ լսեի։ Դրանից հետո մեր սերժանտ Վահանի ուղեկցությամբ շարունակեցինք նահանջը, որովհետեւ ինքը տեղանքը լավ գիտեր։ Սաղ զորքն էր ու մի քանի մոբ»,- ասաց վկան։ Նա չմտաբերեց, թե ով է խոսել վերադաս հրամանատարության հետ, բայց ենթադրեց, որ կապի դուրս եկողը պետք է սպա լիներ։ Արմաղանյանն ասաց, որ վերադասությանը հայտնել են, որ իրենց ուղղությամբ տանկեր են գալիս, չունեն հատուկ տեխնիկա, մի երկու հակատանկային արկ ունեն, իսկ մյուս կողմից պատասխանել են, որ ավտոմատներով էլ կարող են կրակել տանկերին՝ «բաշնյայի ու հիմնական մասի արանքով կրակեք, կտրաքի»։ Այս պատասխանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Արման Արմաղանյանին աբսուրդ է թվում։ «Սպան ասում էր՝ հետ գնացեք ձեր դիրքերը, մեր պատասխանն էն էր, որ մեր վրա գան, զուտ մեր վրայով անցնելու են, ֆիզիկապես չենք կարա դիմակայենք»,- ասաց Արմաղանյանը։ Նա հիշեց մի դեպք, որ այդ նահանջի ընթացքում յուրային ստորաբաժանումներից մեկը չի իմացել, որ այդ ուղղությամբ մեր զորքը նահանջ է անում, ու կրակել է, ինչի պատճառով վաշտի տղաներից մեկը թեթեւ վիրավորում է ստացել։ Հրաձգությունը դադարել է, երբ տղաները գոռացել են, որ իրենք հայ են․ «Անփորձ զինվորները գոռացին՝ մենք հայ ենք, հայ ենք։ Բախտներս բերեց՝ իրենք էլ էին հայ»։ Նահանջի ժամանակ դասակի հրամանատար Հովհաննես Նազարյանն իրենց հե՞տ է եղել, հետաքրքրվեց հանրային մեղադրողը։ Վկան, սակայն, հստակ չմտաբերեց, միայն ասաց, որ հիշողության մեջ մի դրվագ կա, երբ տանկի խրամուղուց էլի նահանջել են, մի խրամատում եղած ժամանակ զորքին հաշվել են, եւ, իր տպավորությամբ, հաշվողը կարող էր Հովհաննես Նազարյանը լինել, որը սկզբանական նահանջ անելու պահին իրենցից հետ է եղել իր զորքի հետ։ «Խնդիրը սենց ա եղել․ նահանջելու ժամանակ, քանի որ բավականին շատ ենք եղել, ես էդ ժամանակ ոչ ընկալում եմ, թե քանի հոգի ենք, ոչ էլ տարբեր մարդկանց եմ ման գալիս։ Էն մարդկանց, ում ման էի գալիս, էն մարդիկ են, որոնց հետ հետ ենք եկել, որոնց հետ պատերազմի ժամանակ ավելի մտերիմ էինք։ Ես չէի հաշվում, թե քանի հոգի են, որովհետեւ գիտակցում էի, որ ես ժամկետային զինծառայող եմ, որը երկու ամիս ա ծառայել, ու ամենամեծ օգուտը, որ կարամ տամ, զուտ չխանգարելն ա»,- պարզաբանեց Արմաղանյանը՝ նշելով, որ ուշադիր չի եղել, թե ով իրենց հետ չկա,- «ի սկզբանե ես մտածում էի, որ լեյտենանտ Հովոն իր ստորաբաժանման հետ լրիվ ուրիշ տեղում ա եղել»։ Այդ տեղանքից էլ զորքը հասել է Հադրութի դպրոց։ Արմանի մոտ եղել է բջջային հեռախոս, որը նա միացրել է 5-6 օրը մեկ, որպեսզի մարտկոցը երկար դիմանա։ Երբ դպրոցում միացրել է, բաց թողած զանգեր է տեսել ծառայակիցներից մեկի եղբորից․ «Հետ զանգեցի, ինձ հարցրեց՝ Սամոյից (սերժանտ է եղել Հովհաննես Նազարյանի զորքից, զոհվել է,- հեղ․) ինչ-որ ինֆորմացիա ունե՞ս, ասացի՝ չունեմ, էդ ժամանակ սկսեցի հասկանալ, որ մի բան էն չի, առնվազն մեր հետ չի, մտածեցի՝ ուրիշ տեղ դիրքավորված ա։ Հետո իմացա, որ որոշ զինվորներ հետ են մնացել»։ Հանրային մեղադրողը ճշտեց՝ մնացել են այն դիրքում, որտեղից նահանջե՞լ են իրենք, վկան պատասխանեց․  - Կամ հետ են մնացել, կամ չեն իմացել, որ մենք նահանջում ենք, բայց միտքը մնում ա էն, որ չեն եկել մեր հետ։ - Իսկ Հովհաննես Նազարյանի՞ց ինչ տեղեկություն ունեք, ինքն էլ է՞ր մնացել։ - Ինքն էլ էր մնացել, բայց պատերազմից հետո իր հետ խոսելիս հասկացա ընդհանուր պատկերը։ Իմացա, որ մենք հետ ենք նահանջել ու իրենք տեղյակ չեն եղել դրա մասին։ Բայց սա՝ Հովոյի պատմելով, ես անձամբ չեմ հիշում։ - Իսկ Հովհաննես Նազարյանը հարցաքննվելիս նշել է, որ ինքը տեղյակ է եղել, ուղղակի մի քանի սերժանետների հետ հրաժարվել է միանալ ձեր խմբին։ - Ես Հովհաննես Նազարյանի հետ խոսել եմ պատերազմից հետո՝ դեկտեմբերի 26, 28-ին, երբ հիվանդանդոցում էի։ - Սերժանտ Սամվելը զոհվել է այն դիրքում, որտեղից նահանջե՞լ եք։ - Ինքը Հովոյի հետ ա եղել, ենթադրաբար՝ հա։   «Եթե չնահանջեինք, կմնայինք էդտեղ, էդտեղ էլ կզոհվեինք» Խրամատում հաշվարկից, ապա տանկի խրամուղուց դուրս գալուց հետո զորքը հասել է «9կմ» կոչվող տարածք, ապա մի նկուղային տարածք, որտեղ վիրավոր զինվորներին առաջին օգնություն էին ցուցաբերում։ «Չռիկներից» նահանջից հետո զորքը այլ բնագիծ չի զբաղեցրել մինչեւ այն պահը, երբ այդ նկուղային տարածք հասնելու հաջորդ առավոտ գնդի շտաբի պետի ուղեկցությամբ գնացել են ինչ-որ մի սար, որտեղ հրաման են ստացել դիրքավորվել․ «Մեզ հրաման տվեցին դիրքավորվել էս ուղղությամբ, մենք դիրքավորվեցինք, հետո մի ուրիշ սպա եկավ, ասաց՝ դիրքավորվեք հակառակ ուղղությամբ։ Մի երեք ժամ էնտեղ մնացել ենք, ու անձրեւի տակ հետ ենք եղել։ Ինձ թվում ա էդ Հադրութի մեջ էր»,- ասաց վկան։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ զորքը չի ենթարկվել սպայակազմին եւ ինքն է նախաձեռնել նահանջը․ - Համոզված եմ, որ չէ,- ասաց վկան։ - Եթե նահանջելու հրաման չլիներ, կմնայի՞ք էդ բնագծում։ - Ինձ թվում ա՝ կմնայինք էդտեղ ու էդտեղ էլ կզոհվեինք։ - Դե շատերն են զոհվել, մնացել են եւ զոհվել։ - Իմ պատասխանն էն ա, որ հաստատ կմնայինք։ Որպես էդպիսին փախնել, կարող ա մոբերից, բայց սովորական զորքը մաքսիմում լսում էր՝ ինչ ա ասում հրամանատարությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․) Ըստ Արման Արմաղանյանի՝ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը զորքին ասել է, որ այդ տեղանքը 3-րդ չէ՝ 4-րդ գիծ է։ Արմաղանյանի պատմելով՝ դա ինչ-որ բլուր էր՝ դիմացը սար։ «Թուրքի գերեզմանը», ըստ վկայի, ինչ-որ այգուց բաժանված էր ցանցով, որի երկայնքով զորքը բացազատվել է։ Վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ Էդ ժամանակ ես մտածում էի, որ Հայկազն էլ, ստարշինան էլ մեր հետ են, իմ էդ կարծիքը նաեւ կիսում էին մնացած զինվորները։ Օրինակ, հետո սերժանտ Լյովը նահանջի ժամանակ մանրակարկիտ նկարագրութամբ նկարագրում էր, թե ոնց էր ստարշինան գետնին պառկած արյունլվիկ վիճակում։ Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»։  Այդ տարածքում, որտեղ տեղակայվել է զորքը, հակառակորդը սկսել է կրակել իրենց ուղղությամբ հրաձգային զենքերով եւ հրետանիով․ «Քանի որ զորքն ընդհանրապես պատրաստ չի եղել, ոմանք ուղղակի նահանջ ասվածի տակ [...] (խոսքը կիսատ է մնում,- հեղ․)։ Էդ զինվորները հիմա զոհված են։ Երբ մենք դպրոցում էինք, Վարդերեսյանը (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը,- հեղ․) ասաց՝ նահանջել չգիտե՞ք, երկու հոգին կրակն ա ապահովում, երեք հոգին նահանջում ա։ Էդ ժամանակ մենք չգիտեինք, չէինք սովորել դա։ Էդ «Թուրքի գերեզմանում» զինվորներն ասում էին՝ ոնց էր ասո՞ւմ Վարդերեսյանը՝ երկու հոգին պահում են, երեք հոգին վազելով փախնում են»։ Այս դրվագը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի մոտ հարց առաջացրեց՝ բա զորքի հետ եղած սպաներն ի՞նչ էին անում, որ զինվորները փորձում էին Վարդերեսյանի ասածը հիշել։ - Ես չեմ ասում, որ սպայի մեղավորություն չկա,- ասաց վկան, - եթե էս օրին հասել ենք, ուրեմն ինչ-որ մեղավորություն եղել ա։ Բայց էդ ժամանակ, ի սկզբանե, ինձ թվում ա սպայի գործողությունը կարող էր լինել էն, որ մեզ չթողեին էդտեղ գնալ։ - Հիմա գնացել եք, հակառակորդը հարձակվել ա։ Սպաները՝ Հայկազ Գրիգորյանը, ավագ ենթասպան, ի՞նչ հրամաններ էին տալիս, ի՞նչ գործողություններ էին կատարում։ - Քանի որ մենք արդեն բացազատվել էինք եւ մեր մոտակայքում սպա չկար, հրամանները մեզ հասնում էին իրար փոխանցելով։ Երբ մեր վրա կրակում էին, հասկացանք, որ ոչ մի բան չենք կարա անենք, ամեն մեկը մի վիրավորի գրկելով, վերցնելով նահանջում էր։ - Չգիտեի՞ք՝ որ ուղղությամբ։ - Ուղղությունն իմացել ենք, երբ մեր զինվորներից մեկը, որը Արցախից ա, խոսել ա հոր հետ, որը սպա ա, ասել ա, որ ճանապարհը ուղղակի շարունակենք էդ ուղղությամբ։ Տարբեր սպաներ, ում համարները ունեի, փորձեցի զանգել, ոչ մեկը չպատասխանեց։ Հետագայում վկան հրամանատարին չի հարցրել, թե ուր է եղել նա։ Ասաց՝ իր կոչումը նման հարց բարձրացնելու հնարավորություն չի տվել․ «Ես էդ ժամանակ սովորական զինվոր էի, ի սկզբանե ես միշտ օրենքի գերակայության կողմնակից եմ, եթե օրենքը թելադրում ա, որ զինվորը հատկապես մարտական ժամանակ լսի, անի հրամանատարի ասածը, ես հենց տենց էլ արել եմ»։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ ի վերջո, իր կարծիքով, վերադաս հրամանատարության թույլտվությունը եղե՞լ է նահանջի համար։ Վկան պատասխանեց՝ իր կարծիքով՝ չի եղել, եւ սպաները գործել են ըստ իրավիճակի թելադրանքի։ Զինվորները սաղավարտներով ու դանակներով են խրամատ փորել Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը վկա Արման Արմաղանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպառազինություն է ունեցել զորքը։ Վկան ասաց, որ ընդհանուր հագեցվածությունն այդքան էլ լավ վիճակում չի եղել։ Նա նշեց, որ խրամատներ բարձրանալիս քիչ պայուսակներ են եղել, որտեղ տարբեր առարկաներ են եղել․ «Էնտեղ փոս չի եղել, տարբեր զինվորներ կասկաներով են փորել, ես անձամբ դանակով եմ փորել իմ մասը, ոչ թե բահով, որը պետք էր»։ Պաշտպանը նկատեց՝ այսինքն՝ այդ ենթադրյալ երկրորդ բնագիծը նույնիսկ կահավորված էլ չի եղել, եւ ամեն մեկն իր պատկերացման շրջանակում մի ձեւ խրամատ է փորել․ - Էնտեղ եղել ա ինչ-որ ոչ խոր փոս, էդ գծվածով ենք հասկացել, որ պետք ա փորել։ Մեզ ասել են՝ ստեղ պետք ա դիրքավորվեք, նայել ենք գետնին, ինչ-որ բան ենք տեսել, ասել ենք՝ երեւի ստեղ ա ինչ-որ ժամանակ խրամատ եղել։ - Էդ օրերին վերադաս հրամանատարությունից որեւէ մեկը ձեզ այցելե՞լ է,- հարցրեց Նորիկյանը։ - Գնդից դո՞ւրս։ - Մինչեւ գնդի հրամանատար։ - Չեմ հիշում ինչ-որ մեկին։ - Գարիկ Վարդերեսյանին բնագծում տեսե՞լ եք։ - Ոչ, եթե եկել ա, ես չեմ տեսել։ Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց այն համոզմունքը, որ բնագծում մնալու պարագայում չէին կարող դիմակայել հակառակորդին․ «Իմ ենթադրությունները մաքսիմում ոչ պրոֆեսիոնալ են եւ գալիս են հիմնականում նրանից, որ +/- 80 օր եղել եմ պատերազմի մեջ, էն, ինչ տեսել եմ տարբեր ժամանակներում՝ թշնամու պատրաստվածությունը, մեր վաշտի պատրաստվածությունը, մեր զինվորների, հասկանում եմ, որ էդ մարդիկ 0 պատրաստվածություն ունեին, որ ինչ-որ դիմադրություն ցույց տային»,- պատասխանեց վկան։ Պաշտպանը վկային հարցրեց՝ ինչպիսի՞ սպա էր Գագիկ Հարությունյանը։ Ըստ Արմանի՝ օրինակելի․ - Գագիկ Հարությունյանը դատարանում ասել է, որ ինքը տեսել է 100-ից ավելի տեխնիկա,- ասաց Նորիկյանը։ - Ես միանշանակ կհավատայի, որովհետեւ ինքն էն քիչ սպաներից ա, որ ողջ պատերազմի ընթացքում իրա նման օրինակելի սպա քիչ եմ տեսել։ Գագիկը համ բավականին լավ սպա էր, համ լավ մարդ։ - Այսինքն՝ խնդիր չկա նրա խոսքերին չհավատալու։ - Ոչ։ Նաեւ խոսակցություն լսվում էր մոբերի մեջ, ասում էին, որ 100-ից ավելի մոբ ա եկել, 6-ն ա մնացել, մնացածը փախել են։ Ու էդ մոբերն ասում էին, որ շատ տեխնիկա կա, մենք չէինք պատկերացնում, որ սենց ա լինելու, սենց բան ա պատերազմը։ - Ձեր նահանջի հետեւանքով, ըստ Ձեզ, ի՞նչ է եղել։ - Ինձ թվում է՝ կարող էին տարբեր ստորաբաժանումներ ընկնել շրջափակման մեջ։ Մենք նման լուրեր էինք լսում, չգիտեմ՝ ինչքանով էին ճիշտ։ - Ասում եք՝ եթե չնահանջեինք, զոհվելու էինք։ Եթե մնայիք, հնարավոր շրջափակումը կկանխվե՞ր։ - Ես չեմ տիրապետում՝ ավելի բարձր մակարդակում ինչ ա կատարվել։ Կարող ա ընդեղ մեր լինելը մի կես ժամ ժամանակ տար ուրիշ զորքի՝ հետ գնալու, կարող ա ոչ մի բան չտար, կարող ա գային, մեզ կոտորեին, մնային էդտեղ, չեմ կարող ասել՝ ինչ կարող էր լինել։ Զորքը հոգնած էր ու քաղցած Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչ բարոյահոգեբանական վիճակում էր վաշտը։ Ըստ վկայի՝ զորքը հոգնած էր, մեծամասնությունն ի վիճակի չէր գիշերն արթուն մնալ։ Բայց, նրա խոսքով, զորքը միանշանակ պատրաստ էր հետեւել հրամաններին․ «Գլխավոր միտքն էն էր, որ եթե հիմա ես էս խմբի հետ չլինեմ, զոհվելու հավանականությունն ավելի մեծ կլինի։ Սովածության մակարդակն էլ էր բարձր, շատ քիչ էին ուտում»,- ասաց վկան․ - Սնունդ չունեի՞ք,- հարցրեց պաշտպանը։ - Ունեինք, բայց շատ սահմանափակ։ Հիմնականում սննդի մեծ մասը մնում էր տանկի ռովի (խրամուղու,- հեղ․) մեջ, որտեղ մոբերն էին։ Այսինքն՝ սովորական զինվորները կարող ա մի կանսերվան 4-ով ուտեին, իսկ տանկի ռովի մեջ կարար մի մոբ ցորենի կանսերվա բացեր ու ասեր՝ չէ, չեմ ուզում ցորեն ուտեմ, ու դներ մի կողմ։ - Իսկ մոբի վիճակն ինչպե՞ս էր։ - Մաքսիմում վատ, չգիտեմ, էլի։ Ես մոբի մասին իմացել եմ պատերազմի ժամանակ, չգիտեի, որ տենց հասկացություն կա, մենք մտածում էինք մոբը էն կինոյի տղաներն են։ Ու եկան, պարզվեց․․․։ Հետո Հայկազը հրաման տվեց մեր Արթուրին, որ կասկեն տան մոբին, որտեւ մոբը մի քիչ ավելի պատրաստված ա, ու, ոնց որ, մոբը զուտ կասկեն վերցրեց, գնաց, նստեց, սկսեց հաց ուտել։ - Իրենց վարքագիծը ձեր ընդհանուր հոգեբանական վիճակի վրա ազդեցություն ունեցա՞վ։ - Ինձ թվում ա ոչ մի բան չփոխեց։ Էդ պատերազմի սկզբի օրերն էին, մենք զուտ ասում էինք՝ ըհը, էս պատերազմի անունը կլնի 2-օրյա պատերազմ, անցավ օր՝ 3-օրյա պատերազմ, չէինք սպասում, որ էդքան մասշտաբ ա ունենալու։ Կարող ա ուրիշը սարսափած ա եղել, բայց եթե ինձ եք հարցնում․․․։ «Ես մինչեւ վերջին վայրկայնը մտածել եմ, որ Հայաստանի բանակի զինվոր եմ ու կասկաս, բրոնիկս չեմ հանել, զենքս չեմ դրել» Գրիգորյանի պաշտպան Նորիկյանը վկային հարցրեց՝ ըստ իրեն՝ ճի՞շտ էր նահանջելը․ - Ինչի՞ համար ա ճիշտ։ Եթե իմ համար՝ սաղ եմ մնացել, հա, ճիշտ էր։ Եթե Հայաստանի պաշտպանության նախարարության կամ Պաշտպանության բանակի համար, կարող ա նաեւ ոչ, որովհետեւ չունեմ բավարար ինֆորմացիա։  - Չէ, երբ ասում եք, որ մնայինք, չէինք կարող դիմագրավել հակառակորդրին։ - Հա, չէինք կարող դիմագրավել։ Ես չունեմ բավարար պատկերացում բանակի պաշտպանության մասին։ Նորից՝ կարող ա մենք 80 հոգով զոհվեինք, ու 500 հոգի ողջ մնար։ Կարող ա ընդհանրապես հակառակը լիներ, մենք մնայինք, իրանք արյան համը ջոկեին, գնային ավելի շատ մարդ սպանեին։ Չգիտեմ։ - Իսկ էդ օրերին ի՞նչ տրամադրություն էր ձեզ մոտ, ում հետ շփվել եք։ - Երբ ստորագետնյա, նկուղային կացարանում էինք, էդ ժամանակ արդեն տպավորություն կար, ինձ մոտ էլ, որ մենք, կոպիտ ասած, միս ենք, որ մեզ ուղղակի տանում են էնտեղ զուտ ժամանակ շահելու համար, մինչեւ հասկանան՝ ինչ են անելու։  - Նահանջի ժամանակ դուք զգում էիք, որ անձնական էգոյի խնդի՞ր եք լուծում։ - Չէ, նահանջի ժամանակ ես մի մեծ համակարգի մասն եմ։ Ես մինչեւ վերջին վայրկայնը, մինչեւ պատերազմի ավարտ մտածել եմ, որ ես Հայաստանի բանակի զինվոր եմ, նույնիսկ շրջափակման ժամանակ մտածում էի, որ շրջափակման մեջ չեմ, ծառայության մեջ եմ, դրա համար մինչեւ վերջ չեմ հանել իմ կասկան, չեմ գցել իմ բրոնիկը։ Ես գիտեմ, որ օրենքով չի կարելի բրոնիկը հանել, զենքը գցել, բայց երբ հասկացել եմ, որ ժամանակը եկել ա, երբ հասկացել եմ, որ դառել եմ ինդիվիդում, ով մնացել ա շրջափակման մեջ, բրոնիկն էլ հանեցի դրեցի մի կողմ, էն էլ արեցի, որ իմ հետ վերադառնալու հավանականությունը շատացնեմ։ «Մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում» Վկային հարցեր տվեց նաեւ դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նա նախ հետաքրքրվեց՝ զինծառայողները պատրա՞ստ էին կատարել ցանկացած հրաման։ Արման Արմաղանյանը պատասխանեց՝ եթե օրենքի եւ խելամտության սահմանում հրաման՝ իհարկե։ - Էն դիրքը, որտեղ առաջին օրը գնացիք, տեղյա՞կ էիք՝ ձեզնից առաջ զորք կա՞ր, թե՞ կրակոցներն անմիջապես ձեր ուղղությամբ էին,- հարցրեց դատավորը։ - Իմ զգացողությամբ՝ հրետանին հենց մեր ուղղությամբ էր կրակում։  - Ձեզանից առաջ դիրք կա՞ր։ - Ինձ թվում ա՝ չէ։ Կամ կարող ա մեր ուղղությամբ էին կրակում, որ առաջին գիծը հեշտ խոցեն։  - Առաջին օրն ի՞նչ վիճակ էր այդ մարտական դիրքում։ - Իմ առաջին տեսածն էն էր, որ մի զինվոր արյունլվիկ էր ու պատմում էր, թե ոնց ա իր ամենամոտ ընկերը զոհվել։ Միանգամից սթափեցնող բան ա, էլի։  - Անձնակազմի հոգեբանական վիճակը կարո՞ղ եք նկարագրել։ - Տարբեր զինվորների հետ որ խոսել եմ, մարդիկ ասում էին, որ իրենք ընդհանրապես ուրիշ պատկերացում ունեին պատերազմի մասին։ Մինչեւ պատերազմը զինվորներ կային, ասում էին՝ որ սկսի, էթանք էս անենք, էս անենք, ասում էի՝ մի մտածեք, որ պատերազմը տենց լավ բան ա, պատերազմից հետո իրենց աչքերից հասկացվում էր, որ էդքան լավ բան չի։ - Իսկ խուճապային տրամադրություն կա՞ր, թույլատրելիության սահմանն անցնող։ - Չէի ասի։ - Իսկ սպայական կազմի տրամադրվածությունը ո՞նց էր։ - Բավականին նորմալ։ Որ ասում եմ՝ Հայկազը խոզերի ուղղությամբ կրակում էր, ոնց որ լավ նկարագրում ա։ - Կրակում էր որպես ուտելի՞ք, թե՞։ - Չէինք կարա մենք էդ խոզերին գնայինք, վերցնեինք։ - Այսինքն՝ մտածում էիք՝ մարդ կար։ - Չէ, զուտ տեսնում էր խոզերին, կրակում էր։ - Նշեցիք, որ մոբի մարդիկ գնացին սնվելու։ Սպաներից մեկը ցուցում տալի՞ս էր, որ ուրիշ նպատակով են եկել։ - Ինձ թվում ա՝ մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում։ Եթե կար, օրինակ, 20 կանսերվա ուտելիք, 10-ը բաժանվում էր 70 հոգու մեջ, իսկ էն մնացած 10-ը մոբերի ու տանկի ռովի մեջ եղած ժողովրդի մեջ։ - Իսկ ցուցում չէ՞ր տրվում, որ․․․ Ընդմիջեք սնվելը․․․։ - Ոչ։ Ինձ թվում ա՝ եթե նույնիսկ տենց ցուցում լիներ, տղավարի կռիվ կգնար էդտեղ, ու հրամանատարությունը, Հայկազի տեսքով, էդտեղ կզիջեր։ Չեմ կարծում, որ Հայկազը կկարողանար իրենց տեղը ցույց տալ։ Վկա Արման Արմաղանյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին․ այդ օրը քննարկվելու է նաեւ Հայկազ Գրիգորյանի կալանքի երկարաձգման հարցը։ Մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 սեպտեմբերի, 2022թ․) Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը Իշխան Վահանյանի գործով դատական նիստում որպես վկա ցուցմունք տալիս կարծիք է հայտնել, որ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Նա նաեւ նշել է, որ մարտական դիրքեր բարձրանալուց մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չի կարողացել ասել։ Նա հայտնել է, որ նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հայկազ Գրիգորյանի հարցաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ։ Նշենք, որ դատարանը չի թույլատրել նիստերի ժամանակ իրականացրել լուսանկարահանում եւ տեսանկարահանում՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը։Գլխավոր լուսանկարի ետնանկարում՝ Հակակոռուպցիոն դատարանը Հայարփի Բաղդասարյան
00:15 - 19 նոյեմբերի, 2024
Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին

Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով նիստը հետաձգվում է արդեն 4-րդ անգամ, որից 3-ն այն պատճառով, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան չի ներկայացնում հունիսից կալանքի տակ գտնվող Գրիգորյանին։ Ոստիկանության պատճառաբանությունները տարբեր են, սակայն, ըստ էության, նույն խնդրի շրջանակում՝ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, մեղադրյալին տեղափոխող մեքենան սարքին չէ, թափուր հաստիքներ են առկա եւ այլն։ Նախորդ դատական նիստին, որին Գրիգորյանը երկու նիստ հետաձգվելուց հետո վերջապես բերվել էր դատարան, դատավոր Վարդգես Սարգսյանը հայտնել էր, որ կալանավորներին դատարան ուղեկցելու համար ոստիկանությունում նոր ստորաբաժանում է ստեղծվել, եւ այսուհետ նման խնդիրներ, ըստ ամենայնի, չեն ծագի։ Այդ նիստը եւս չկայացավ, բայց այն պատճառով, որ վկան մարտական հերթապահության էր եւ չէր կարողացել ներկայանալ դատարան։  Նույն օրը դատարանը նոր նիստ նշանակեց եւ նշված օրը, նշված ժամին Գրիգորյանին դատարան ներկայացնելու պահանջի մասին ոստիկանության համապատասխան պաշտոնյային ուղղված գրությունն առձեռն հանձնեց Գրիգորյանին դատարան ուղեկցած ծառայողներին։ Այսինքն՝ ոստիկանությունն առնվազն մեկ շաբաթ շուտ տեղեկացվել է հաջորդ դատական նիստի մասին եւ պարտավորված է եղել ապահովել մեղադրյալի ներկայությունը, ինչը, սակայն չի կատարվել։ Դատավորն այսօր նիստերի դահլիճում հայտարարեց, որ դատարանի համար պատճառներն անհասկանալի են․ «Այս դատական նիստին դատարանի աշխատակազմին տեղեկացրել են, որ գրության հասցեատիրոջը հասանելիության հետ կապված խնդիրներ կան, ինչով պայմանավորված ոստիկանության աշխատակիցները Հայկազ Գրիգորյանի ներկայությունն այսօրվա դատական նիստին չեն կարող ապահովել»,- նշեց Վարդգես Ստեփանյանը։  Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, նշելով, որ խնդիրը ոստիկանության աշխատակիցների գործունեության հետ է կապված, առաջարկեց այդ մասին տեղեկացնել վերադասության կարգով, որպեսզի գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացվի։ Իսկ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ այսպիսով խախտվում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ․ Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Նորիկյանն այն համոզմանն է, որ իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու պարագայում նման խնդիր չէր առաջանա, քանի որ Հայկազ Գրիգորյանը, լինելով կալանավորված, իր կամքից անկախ չի կարողանում մասնակցել իր գործով նիստերին․ «Ես գտնում եմ, որ վտանգված է նաեւ հաջորդ դատական նիստերում Հայկազ Գրիգորյանին դատարան ներկայացնելու հնարավորությունը։ Խնդրում եմ անմիջական մասնակցություն ունենալ հաջորդ դատական նիստին Հայկազ Գրիգորյանի ներկայությունը ապահովելու հարցում՝ ձեռնարկելով գործուն քայլեր, ինչպես նաեւ այս իրավիճակը քննության առնել խափանման միջոցի փոփոխման հարցի քննարման ժամանակ»,- դիմելով դատարանին՝ ասաց պաշտպան Նորիկյանը։ Դատավոր Վարդգես Ստեփանյանն արձագանքեց, որ խափանման միջոցները կիրառվում են որոշակի հանգամանքներով պայմանավորված, եւ դատարանն իր որոշումը պատճառաբանել է, իսկ եթե դրա առնչությամբ առկա է անհամաձայնություն, ապա կողմերը կարող են իրենց դատավարական իրավունքներն ազատորեն իրացնել։  Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցներին լրացուցիչ հորդորելուն՝ դատարանն արձանագրեց՝ ինչպես Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ այլ իրավաական ակտով նման իրավունք, պարտականություն դրսեւորլու իրավական հնարավորություն դատարանը չունի․ «Այսինքն՝ եթե ոստիկանությանը գրություն հասցեագրվում է, դա դատարանի արձանագրային որոշում է, որը ենթակա է պարտադիր կատարման եւ չկատարումն անխուսափելիորեն կարող է համապատասխան իրավական հետեւանքների»,- նշեց դատավոր Վարդգես Ստեփանյանը։ «Ինֆոքոմի» հետ զրույցում Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը նկատում է, որ երբ ազատության մեջ գտնվող մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, դատարանը միանգամից խափանման միջոց է կիրառում, իսկ ահա հակառակ պարագայում, երբ մեղադրյալն իր կամքից անկախ չի կարողանում իրացնել իր իրավունքը, շարունակում է մնալ կալանավորված։ Ի վերջո, ըստ Նորիկյանի, եթե Գրիգորյանի նկատմամբ այլ խափանման միջոց կիրառված լիներ, գործի քննությունն ավելի արագ կընթանար։ Նորիկյանը մեր զրույցում նշում է, որ սահմանադրական նորմի խախտման այս պայմաններում ինչպիսի վերջանական դատական ակտ էլ կայացվի, միանշանակ է լինելու, որ իր պաշտպանյալի իրավունքները խախտվել են։  Պաշտպանի խոսքով՝ մեկ ամիս առաջ, երբ դատարանը երկարաձգել է Հայկազ Գրիգորյանի կալանքի ժամկետը, այդ դատական ակտը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դեռեւս չեն հարցաքննվել երեք վկաներ, եւ ազատության մեջ մնալու պայմաններում ապացուցման գործընթացի վրա առկա է անօրինական ազդեցության վտանգ։ Եւ, փաստացի, այս մեկ ամսվա ընթացքում երեք վկաներն էլ չեն հարցաքննվել։ Նոյեմբերի 24-ին ավարտվելու է Հայկազ Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Մոտակա նիստում պաշտպանական կողմը բարձրացնելու է նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հարցը։  Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 18-ին։ Հիշեցնենք, Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Հայկազ Գրիգորյանն այն սպաներից է, որի հետ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է եւ կարողացել փրկվել։ Հայկազ Գրիգորյանը որպես վկա ցուցմունք է տվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի Իշխան Վահանյանի գործի շրջանակում։ Նրա ցուցմունքը որոշ դրվագներով հակասել է Իշխան Վահանյանի ցուցմունքին, ինչի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ։ Ի հավելումն նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության վարչությունում ստեղծվել են տարածքային ստորաբաժանումներ, որոնց տրվել է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ Հենց այդ ստորաբաժանման ծառայողներն էլ պետք է ապահովեին մեղադրյալի ներկայությունը դատական նիստին։ Օրեր առաջ ՆԳՆ ոստիկանությունը նույնիսկ հաղորդել էր, որ այդ ստորաբաժանման աշխատանքի համար ՆԳ նախարարությունը ձեռք է բերել նոր տրանսպորտային միջոցներ։ Նշենք, որ դատարանը չի թույլատրել նիստերի ժամանակ իրականացրել լուսանկարահանում եւ տեսանկարահանում՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը։ Հայարփի Բաղդասարյան
20:52 - 13 նոյեմբերի, 2024
ԱԺ լիագումար նիստերի դահլիճում պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով. Քոչարյան
 |1lurer.am|

ԱԺ լիագումար նիստերի դահլիճում պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով. Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված վերջին օրերին տեսնում եմ վերլուծություններ, շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր ունի: Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից, սահմանադրական հանձնաժողով է, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն է: Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը: Այդ մասին ճեպազրույցի շրջանակում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ընթացակարգով մենք շարժվում ենք, դեկտեմբերին այն փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը, որպես այդպիսին, ավարտված է՝ իր հատորներով, իր էջերով: Շատ-շատ էջեր միայն վերծանումներ են տեսագրությունների: Դա մի հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասաց նա: Հարցին՝ կարևոր բացահայտումներ կա՞ն զեկույցում, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխանեց, ապա հավելեց. «ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով»: Հարցին՝ հնարավո՞ր է բացահայտումներին հաջորդեն քրեական գործեր, Անդրանիկ Քոչարյանը կրկին դրական արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:
12:59 - 11 նոյեմբերի, 2024
Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն  |tert.am|

Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |tert.am|

tert.am: Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։  «Հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները զարգացվել  են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում:   Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում,  պատրաստ է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիմքով գործընկերային աջակցություն ցուցաբերել՝ այն ձևով և ծավալով, որոնք  պահանջված կլինեն  բանակցող երկու կողմերից»,- ասված է հայտարարության մեջ։
19:27 - 09 նոյեմբերի, 2024
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։ Հովիկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանի՝ սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը։ Նա դատակոչված է որպես վկա։ Այսօրվա դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջվեց, քանի որ Հովիկ Գաբրիելյանը ուշացումով բերվեց դատարան։ Առաջին անգամը չէ, ոչ մեղադրյալին դատարան չբերելու խնդիր է ծագում, ընդ որում՝ ոչ միայն այս գործով․ բանն այն է, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, ծանրաբեռնված է։ Ի վերջո, նիստը սկսվեց նախանշված ժամից 30 րոպե անց, երբ Գաբրիելյանը եկավ նիստերի դահլիճ։ Վկա Գեղամ Ասատրյանի հարցերի գերակշիռ մասին արդեն պատասխանել էր, ուստի այսօրվա նրա հարցաքննությունը երկար չտեւեց (հարցաքննության առաջին մասն՝ այստեղ)։ Դատավարության կողմերը նրան ընդամենը մի քանի հարց տվեցին, օրինակ՝ երբ նահանջել են, դրանից հետո Ջաբրայիլի ուղղությամբ յուրային ստորաբաժանումների գրոհին իրենց զորամիավորումը մասնակցե՞լ է, ինչին վկան դրական պատասխանեց։ Վկա Գեղամ Ասատրյանը Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը վկայից հետաքրքրվեց՝ երբ իրենց զորքը Հովիկ Գաբրիելայնի հրամանատարությամբ հայտնվեց Հադրութի շրջանում, այնտեղ հանդիպե՞ց յուրային զորքի։ - Ոչ,- պատասխանեց վկան,- Հադրութի զորամասի, երեւի, պահպանություն կազմակերպող անձնակազմն ա եղել մենակ։ - Այդ անձնակազմն անակնկալի՞ է եկել։ - Տենց չեմ կարա ասեմ, ցերեկն եմ մի քանի հոգի տեսել, իրիկունը չեմ էլ տեսել իրանց։ - Ձեզ սպասո՞ւմ էին էնտեղ։ - Չեմ կարա ասեմ։ - Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ երբ Ժիրայր Պողոսյանն իմացել է, որ դուք Հադրութում եք, ի՞նչ կարծիք է հայտնել։ (Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման,- հեղ․)։ - Չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Հաջորդիվ հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ արդյոք զորքը հանդիպե՞լ է ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վկան միանգամից չմտաբերեց, թե ով է Առստամյանը, եւ միայն Մղդեսյանի՝ Առստամյանի զբաղեցրած պաշտոնն ասելուց հետո ասաց, որ վերջինս մի անգամ է եկել իրենց մոտ, մինչեւ հոկտեմբերի 5-ի նահանջը։ Վկան, սակայն, չհիշեց, թե ում հետ է եղել Առստամյանը։ Ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ վկա Ասատրյանը պնդեց, որ ՊԲ ուժերը գտնվել են իրենց ստորաբաժանումից ձախ։ Այս պատասխանը, սակայն, մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի մոտ նոր հարց առաջացրեց՝ եթե զորք եղել է իրենց ձախ կողմում, ապա ո՞ր զորքն է եղել։ - Արցախի զորամասերից ա եղել,- պատասխանեց վկան։ - Տեսել ե՞ք դուք,- հարցրեց մեղադրյալը։ - Հա, երեւում էր մեր մոտից։ Մեզ ձախից չէին կրակո՞ւմ։ Հովիկ Գաբրիելյանին վկայի պատասխանները վրդովեցրին, նրա արձագանքում դատավորը լարում նկատեց եւ զգուշացրեց, որ վկաների հետ այդ տոնով խոսելու պարագայում ստիպված է լինելու սանկցիա կիրառել։ Մեղադրյալն ասաց, որ ինքը որեւէ մեկի վրա ազդելու նպատակ չունի, այլ փորձում է իրականությունը ցույց տալ․ «Ես փորձում եմ Ձեզ մոտ իրականությունը ցույց տալ, որ համապատասխան մարդը պատերազմից շատ բաներ տեղյակ էլ չի եղել։ Տեղյակ չի եղել մի շարք բաներից, որով ինքը հիմա փորձում ա ցույց տա, որ ներկա ա եղել եւ կարողացել ա մարտ ղեկավարի։ Եթե ղեկավար լիներ, նշված պահին ինձ կօգներ, ոչ թե էսօր ստեղ կանգնած կլիներ»,- հայտարարեց Հովիկ Գաբրիելյանը։ Դատավորն ասաց, որ իրականությունը ավելի պարզ կդառնա ոչ թե վկաների պատասխանների հետ կապված մեկնաբանություններ անելով, այլ հարցեր տալով։ Հովիկ Գաբրիելյանն ասաց, որ դատարանը, այլ վկաների լսելով, շուտով կհամոզվի, որ Ասատրյանի հայտարարությունը, որ իրենցից ձախ ուժեր են եղել, սուտ է։  Վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո դատարանն անցավ վկայի խափանման միջոցի հարցին։ Հանրային մեղադրողը հայտարարեց, որ հիմնավոր կասկածներ շարունակում են առկա մնալ ինչպես փախուստի, այնպես էլ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու մասով։ Մեղադրողը միջնորդեց Գաբրիելյանի կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարաձգել։ Հակադրվելով հանրային մեղադրողին՝ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով, վարչական հսկողությամբ, տնային կալանքով։ Գրավի համար Խաչիկյանն առաջարկեց 3 մլն դրամ՝ նշելով, որ նման մեղադրանքի համար այն թեեւ քիչ գումար է, սակայն այն մեծ դժվարությամբ հավաքել են Գաբրիելյանի հարազատները։ Ինչ վերաբերում է Գրիգոր Մղդեսյանի հայտարարությանը, որ շարունակում են մնալ կալանքի հիմքեր, Խաչիկյանը նախ հայտարարեց, որ Հովիկ Գաբրիելյանը նահանջի հրաման տալու իրավասություն ունեցել է, այլ հարց է՝ ճի՞շտ էր նման հրաման տալը, թե ոչ։ Ապա պաշտպանը նշեց, որ այս քրեական վարույթը պատկանում է այն վարույթների շարքին, որոնցում հիմնականում կամ բացառապես վկաների ցուցմունքներով է ապացուցվել հանցակազմի առկայությունը․ «Սույն քրեական գործով ներգրավված են 37 վկա, նրանցից միայն 14-ն են ականտես վկաներ, մյուս 23-ը վկայություն են տվել՝ ըստ լսելու մեկ այլ վկայից կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձանցից։ 14 ականտես վկաներից միայն 5-ն են, որ Հովիկ Գաբրիելյանի կողմից ղեկավարվող գումարտակից են եղել, ենթակա են եղել, գտնվել են դեպքի վայրում եւ բացառապես նրանք են տեղեկացված զորքի բարոյահոգեբանական վիճակի, զինամթերքի առկայության մասին, իրապես կամ ենթադրաբար շրջափակման մեջ ընկնելու մասին, եւ, ընդհանրապես, այդ զորամիավորումից ձախ հատվածի բաց լինել-չլինելու մասին»,- ասաց Խաչիկյանը։ Ըստ նրա՝ արդեն հարցաքննված վկաների ցուցմունքների որոշ հատվածներ թուլացնում են հիմնավոր կասկածի առկայությունը։ Խաչիկյանը հիշեցրեց, որ վկա Ժիրայր Պողոսյանը ցուցմունքում հայտնել է, որ Հովիկ Գաբրիելյանն իրեն չի զեկուցել, եթե զեկուցեր, ինքը հրաման կտար, եւ նահանջի հրաման չի տրվել, քանի որ ամեն ինչ տեղին է եղել․ «Գրեթե նույնատիպ ցուցմունքով հանդես է եկել Համլետ Լեւոնյանը, սակայն նրա ցուցմունքներում առկա է կարեւոր հանգամանք․ հերքվեց այն, որ 2 հոգի Հովիկ Գաբրիելյանի մեղքով է զոհվել»։ Հաջորդիվ պաշտպանը հիշեցրեց վկաներից Կոլյա Դավթյանի ցուցմունքը, որ վերջինս, անկախ բազմաբնույթ ցուցմունք տալուց, չհերքեց, որ Հովիկ Գաբրիելյանը հակառակորդին դիմադրելու կարողություն չունենալու մասին զեկուցել է, բայց թե ում՝ Կոլյա Դավթյանը չի նշել․ «Չհերքեց զեկույցի մասին, չհերքեց բարոյահոգեբանական վատ վիճակի մասին, չհերքեց որոշակի զենքի բացակայության մասին։ Վկա Ասատրյանը նույնպես չհերքեց բարոյահոգեբանական վատ վիճակի մասին, չհերքեց, որ Հովիկ Գաբրիելյանի պատճառով որեւէ զինտեխնիկա չի վնասվել, չհերքեց, որ Գաբրիելյանը, որպես այդպիսին, եղել է նորմալ հրամանատար եւ փորձել է զորքին էդ վիճակից դուսր բերել, բայց չի հաջողվել»,- ասաց Խաչիկյանը՝ նշելով, որ այս հանգամանքները բարձրաձայնում է, քանի որ այժմ խոսքն այն մասին է՝ Գաբրիելյանը նման հրաման պետք է տար, թե ոչ։ Ըստ պաշտպանական կողմի՝ զորքը լավ վիճակում չէր, եւ հարց է՝ եթե մնար, կկարողանա՞ր պաշտպանվել, թե՞ ոչ։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը Անդրադառնալով դատարանի դիտարկմանը, որ անձը անբարյացկամ վերաբերմունք է դրսեւորում վկաների նկատմամբ, պաշտպանը պարզաբանեց, որ անձը, որը քանի ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, երբ վկաներից լսում է, ըստ իրեն, ոչ ճշմարտացի տեղեկություններ, նեղսրտում է։ Պաշտպանը նկատեց, որ այդ վերաբերմունքը կարելի է դիտարկել որպես ճշմարտությանն արձագանքելու ճիգ եւ միտում։ Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի կողմից իրական համարվող թաքնվելու վտանգին, պաշտպանը հայտարարեց, որ նման միտում իր պաշտպանյալը չի ունեցել։ Արձագանքելով դատախազի դիտարկումներին՝ Հովիկ Գաբրիելյանն ինքը մեկնաբանեց, որ ինքը չի խուսափել քննությունից, դեռ ավելին, Արցախից Հայաստան գալուց հետո անձամբ է ներկայացել ոստիկանություն։ Թե ինչու վերադարձից անմիջապես հետո չի ներկայացել, այլ շուրջ 15 օր անց, Գաբրիելյանը նշեց, որ հարազատի մասունքները գտնելու, ապա հուղարկավորելու հարցերով է զբաղված եղել, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանության ծառայողին եւ ստացել նրա համաձայնությունը՝ արարողությունների հաջորդ օրը ներկայանալ, ինչը եւ արել է։ Դատավորի հարցին, թե ինչու վարույթն իրականացնող քննիչին չի հաղորդել, որ վերադառնում է Արցախ (խոսքը տեղահանությունից առաջ եղած իրադարձությունների մասին է), ապա տեղահանությունից հետո, երբ Հայաստանում է եղել, ինչու քննիչին չի հայտնել իր գտնվելու վայրի մասին, Գաբրիելյանն ասաց, որ ինքը քննիչին զանգել է, սակայն վերջինս մեկ նախադասություն լսելուց հետո հեռախոսն անջատել է եւ էլ ոչ մի անգամ չի պատասխանել իր զանգերին։ Ըստ պաշտպանի՝ հետագայում քննիչն ինքը հայտնել է, որ զբաղվածության պատճառով չի հասկացել, որ Հովիկ Գաբրիելյանի հետ է խոսում։ Խաչիկյանն ասաց, որ իր պաշտպանյալի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալու արձանագրությունն առկա է։ Խաչիկյանը մատնանշեց եւս մեկ հանգամանք, որ քննիչը, ունենալով Գաբրիելյանի արցախյան հեռախոսահամարը, նրան զանգել է երեւանյան համարով, հետո արդեն արցախյան ոստիկանության միջոցով է փորձել իմանալ Գաբրիելյանի գտնվելու վայրը։ Այս բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո մեղադրյալի պաշտպանը նաեւ ասաց, որ Գաբրիելյանը որոշ առողջական խնդիրներ ունի, իսկ նրա մայրը տարեց կին է, եւ ցանկալի է, որ որդին նրա կողքին լինի։  Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին։ Հայարփի Բաղդասարյան
22:05 - 08 նոյեմբերի, 2024
Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Կապան–Կովսական ավտոճանապարհին ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանները տեղյա՞կ էին, որ Քիմիկների զորամասի՝ այդ ճանապարհով մարտական օպերացիայի մեկնող անձնակազմը պետք է իրենց անցակետում կայաներ եւ ոտքով շարունակեր դեպի Կիրի հանք, այլ ոչ թե ավտոբուսներով խորանար մինչեւ Կովսական։ Այս հարցը այսօր երկար քննարկվեց Քիմիկների զորամասի վերաբերյալ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում։ Ըստ գործի նյութերի՝ Կովսական (Զանգելան) հասնելու հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ, 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Այս հանգամանքների, դրանց նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, իսկ Քիմիկների զորամասի նախկին հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ վկայի՝ Անդրանիկ Մակարյանը տեղյակ էր, որ հակառակորդն արդեն Կովսականում է Արմեն Հովհաննիսյանը դատարանում պատմեց, որ հոկտեմբերի սկզբին արագ արձագանքման խումբ է ստեղծվել, որի կազմում ներգրավված է եղել նաեւ ինքը։ Գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի կողմից խնդիր է ստացել իր անձնակազմի եւ սակրավորների հետ միասին գնալ Կովսականի շրջանի Միջնավան քաղաք՝ կամուրջն ականապատելու։ Թե երբ է խնդիրը ստացել, վկան չէր հիշում, ասաց՝ դեպքից մոտ 4 օր, մինչեւ 1 շաբաթ առաջ։ Ճանապարհին, սակայն, դիտարկումից վերադարձող հրետանավորներից տեղակացել են, որ հակառակորդը արդեն Զանգելանում է, կուտակված է դպրոցի եւ քաղաքապետարանի արանքում, ուստի իրենք մնացել են Կերեն գյուղում՝ հանքից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ վերադաս հրամանատարությանը հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու մասին տեղեկացրե՞լ են, վկան դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հրետանավոր Սերյոժա Գեւորգյանն է գնացել՝ զեկուցելու։ Ձախից՝ դատախազներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը – Անձամբ Անդրանիկ Մակարյանը տեղյակ եղե՞լ է, որ հակառակորդը Զանգելանում է,– ճշգրտեց մեղադրողը։ –Կարծում եմ՝ այո, որովհետեւ իրեն զեկուցվել է Սերյոժայի կողմից։ –Ձեր ներկայությա՞մբ։ –Այո, – պատասխանեց վկան։ Դրանից հետո Հովհաննիսյանի անձնակազմին խնդիր է տրվել տեղակայվել ճանապարհի ամենանեղ հատվածում, որպեսզի ապահովեն ականներ տեղադրող սակրավորների անվտանգությունը։ Դա, ըստ նրա, ենթադրում էր թույլ չտալ, որ առանց հրամանի որեւէ մեկը՝ մեքենայով կամ առանց, իրենց անցակետով առանց հրամանի անցնի։ Բացի այդ, դա ենթադրում էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը եւ այդպիսի փորձի դեպքում փակել ճանապարհը պայթեցման միջոցով։ Անցակետում եղել է 3 հերթափոխ՝ մեկը՝ բաղկացած Կապանի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուս երկուսը՝ ոստիկանության ծառայողներից, որոնք իրար փոխարինել են 2 ժամը մեկ։ ՌՈ խմբի ղեկավարը եղել է ինքը, ոստիկաններինը՝ Զախար Մինասյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք տեղակայվել են աղբյուրի մոտ՝ ճանապարհի երկու կողմում՝ քողարկված վիճակում, իսկ հերթափոխն ավարտած խումբը հանգստացել է բաց տարածության մեջ կայանած իրենց մեքենաներում՝ ծառերի տակ։ Զորքի՝ ճանապարհը ոտքով շարունակելու հրահանգի մասին վկան մյուսներին չի հայտնել Դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանական հենակետ է եկել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)․ «Մեքենայով է եկել, ում հետ՝ չեմ կարող ասել, ասաց՝ վաղը լուսադեմին զորքը գալու է՝ խնդիր կատարելու, տեղյակ եղեք, որ չխոչընդոտեք անցնել։ Թե կոնկրետ ինչ զորք է եղել, քանի հոգի է գալու, ուր է գնալու, ինչ խնդիր է կատարելու, ես տեղյակ չեմ, նույնիսկ եթե ասել է, չեմ հիշում, ասել է՝ գալու են, աղբյուրի մոտ իջնեն, ոտքով գնան»,– պատմեց վկան։ Հարցին, թե ինչպե՞ս պիտի հասկանային՝ կոնկրետ որ ավտոբուսներին, ում պիտի թողնեին անցնել, վկան հստակ պատասխան չտվեց, նշեց՝ գիտեին, որ ուրիշ անձնակազմ չէր գալու խնդիր կատարելու։ Ի պատասխան մեղադրողի մյուս հարցին, թե այդ խոսակցությանը ով է ներկա եղել, վկան հիշատակեց միայն Զախար Մինասյանին՝ նշելով, որ նա ընթացքում է միացել խոսակցությանը։ Արձագանքելով այն դիտարկմանը, որ Զախար Մինասյանը դատարանում ցուցմունք է տվել, որ տեղյակ չի եղել, որ ավտոբուսները պիտի կանգնեին՝ վկան ասաց, որ խոսակցության այդ հատվածում նա դեռ եկած չի եղել։ Սկզբում նշեց՝ չի հիշում՝ ինքն այդ մասին Մինասյանին հայտնել է թե ոչ, ապա ասաց՝ ոոչ։ Տեւական ժամանակ մեղադրողը փորձում էր հասկանալ, թե ինչու ոչ։ Վկայի պարզաբանումն այն էր, որ Վարդան Ալեքսանյանի հրամանը, ըստ էության, զորքի անցումը չխոչընդոտելն էր, բայց ավտոբուսների, տեխնիկայի անցումը արգելելու ուղիղ հրաման չի եղել։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը – Խնդրի քննարկում չի՞ եղել՝ որտեղ են ավտոբուսները կանգնելու․․․ – Ոչ, խնդրի կատարման մանրամասները պարտադիր չէ՝ անցակետի ծառայողը իմանա։ – Էական չէ՞ ավտոբուսներով պիտի թողնեիք թե առանց։ – Էականն այն է, որ գալու է, անցնի, բայց մեքենայով թե ոտքով՝ էական չէ, որովհետեւ իմ իմանալով, Ալեքսանյանի ասելով՝ հանք պիտի գնային, [ոչ թե Զանգելան]։ – Ինչո՞վ պիտի գնային, խնդիրը դրանում է։ – Դե, ինձ ասաց՝ մենք թողնենք, գնան, բայց գուցե խնդիր է փոխվել, մենք տեղյակ չենք եղել։ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ զրույցից հետո իր հետ հերթապահող 4 ոստիկաններին փոխանցել է հրամանի մասին, ասել՝ զորք է գալու, անցնի՝ դարձյալ չկոնկրետացնելով, որ գալու է, կանգնի, ոտքով անցնի։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը փորձեց հասկանալ՝ Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը Անդրանիկ Մակարյանի կամ վերադաս այլ հրամանատարի հետ վկան քննարկե՞լ է։ Վերջինս բացասական պատասխանեց․ – Շատ է եղել, որ Ալեքսանյանի կամ այլ անձի միջոցով է հրահանգ տրվել։ – Վարդան Ալեքսանյանը Ձեզ վերադա՞ս էր։ – Իմ հասկանալով՝ այո, կոնկրետ չեմ հիշում՝ ինչ պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձնից կոչումով բարձր էր, բացի այդ, արագ արձագանքման շտաբի հրամանատարական կազմի մեջ էր մտնում։ Մեղադրողի հարցը, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, մնաց անպատասխան։ Վկան չէր հիշում՝  խորհրդակցության ժամանակ Ալեքսանյանին կցվելու, ենթակա լինելու հրահանգավորում եղել է թե ոչ։ – Ալեքսանյանը ինքնապաշտպանական խորհրդի նախագահի տեղակալն էր, տեղյա՞կ եք՝ ինքնապաշտպանական ջոկատ ինչ է նշանակում։ – Զինված ուժերում նման ջոկատ չի լինում։ – Եթե գիտեք, որ չի լինում, որտեղի՞ց այն տվյալը, որ Ձեզ վերադաս է եղել։ Կարո՞ղ էր զինվորական չհանդիսացող անձը ղեկավարել զինվորական ստորաբաժանմանը, նման կոնցեպտով դեպք Ձեր առնվազն 20-ամյա պրակտիկայում հանդիպե՞լ եք։ – Երբ պատերազմի ժամանակ մոբը հավաքվում է, բոլորը դառնում են զինվորական,– կարծիք հայտնեց վկան։ Զորքը անցակետ է հասել վկայի հանգստի ժամին Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արմեն Հովհաննիսյանի խումբը հերթապահել է 2-4 ընկած ժամանակահատվածում։ Ժամը 4-ից հերթափոխը ընդունել է ոստիկանության անձնակազմը, իսկ իրենք գնացել են՝ հանգստանալու (ճանապարհից 5 մ հեռավորության վրա)։ Ժամեր անց, երբ Քիմիկների զորախումբը հասել է անցակետ, Հովհաննիսյանը քնած է եղել։ – Երբ զորախումբը եկել է, որտե՞ղ եք եղել։ – Մեքենայի մեջ քնած եմ եղել, հոգնածության պատճառով չեմ զգացել, արթնացել եմ կրակոցների ձայնից,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրաձգային զենքեր էին, պայթյունների ձայներ, որոնք ինտենսիվ տեւել են մոտ մեկ ժամ։  – Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն արթնացրել, հրահանգավորե՞լ էիք, որ արթնացնեին։ – Ոչ։ Վկա Արմեն Հովհաննիսյանը Այդ ժամանակ վկան նկատել է, որ ավտոբուսներից մեկն է հետ եկել, արագ, խառնված անցել, չի էլ կանգնել։ Հարցին՝ իրենք ինչո՞ւ չեն կանգնեցրել, գուցե հակառակորդի անձնակազմն էր ներսում, վկան պատասխանեց՝ նախ մարդ չկար, միայն վարորդն էր, հետո էլ ինքը հասկացել է, որ նույն ավտոբուսն է, որով տղաներին տարել էին։ – Որ ավտոբուսը եկավ, անցավ, ի՞նչ արեցիք։ – էնքան խառն էր, որ ոչ մի բան, լարված մյուս կողմի վրա էինք․․․ – Դիտարկո՞ւմ էիք անում։ – Ճանապարհի վրա, որ թշնամին չգար։ Դրանից հետո, ըստ վկայի, ժամանել է ինքնապաշտպանական ջոկատից ոմն գնդապետ Արարատ Մանուչարյան եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի միասին գնան քիմիկների մոտ։ – Նպատակը ո՞րն էր։ – Ասաց՝ մտնեմ էնտեղ, որ տեսնեմ զորքը ոնց է, սկսեմ օգնել, խնդիր կատարել, ես իմ տղաներին չուղարկեցի, անձամբ գնացի, մտանք, հասանք առաջին տների մոտ, մեր վրա սկսեցին կրակել նռնականետով, դիրքավորվեցինք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում, բայց թշնամին չէր երեւում։ Էդտեղ Մանուչարյանն ասեց՝ հետ ես գնում, չես թողնում՝ զորք գա, որ անտեղի չընկնի ծուղակի մեջ, ես օպերատիվ վիճակը հասկանամ։ Դրանից հետո վկան վարորդի հետ վերադարձել է, շարունակել ծառայությունը իր անցակետում։ Մոտ 3 ժամ անց եկել է նաեւ Վարդան Ալեքսանյանը, հետաքրքրվել, թե ուր է Մանուչարյանը։ Իմանալով, որ գնացել է զորքի ուղղությամբ, գնացել է նրա հետեւից։ Դրանից 2 ժամ հետո երկուսով միասին վերադարձել են։ – Զանգելանից ո՞վ է առաջինը դուրս եկել (նկատի ունի՝ վերադարձող քիմիկներին,–հեղ․)։ – Սկզբից խմբով եկան, հետո սկսեցին անհատական գալ, խառնված էին, թրջված, գետով էին եկել, պատմում էին, որ ընկել են ծուղակի մեջ, մի կերպ դուրս եկել։ – Սպա կա՞ր,– հարցրեց մեղադրողը՝ ըստ ամենայնի, ակնարկելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին։ – Չեմ հիշում, էնքան խառն էր, էդ օրն էլ, հաջորդ օրն էլ դեռ դուրս են եկել։ – Հարցրի՞ք՝ ինչ եղավ, ինչի եղավ այսպես։ – Իրենք էնքան խառնված էին, ոչ կարողանում էին խոսել․․․ – Հարցրի՞ք՝ վիրավոր կամ թաքնված զինծառայողներ դեռ կա՞ն։ – Եկողները ասում էին՝ մենք էլ չգիտենք։ Վկայի անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին Դատական նիստի ավարտին վկային հարցեր հղեցին նաեւ տուժողների իրավահաջորդները, պաշտպանական կողմի հարցերին հերթը այդպես էլ չհասավ։ – Զորքը որ գնացել է, մեջը՝ բավականին էրեխեք, տղա էրեխեք, հրամանատարորեն–ոչ հրամանատարորեն չե՞ք հետաքրքրվել՝ ինչ է լինելու էնտեղ, եթե գիտեիք, որ Զանգելանը գրավված է։ Զուտ մարդկային առումով Ձեր քներակը իրար չի՞ եկել, թե ինչ կարող էր էդտեղ լինել։ Ինչ–որ գործողություն, մեկին հարցնել, Արսենին տեսնել․․․ Որ ասում եք՝ զորքը հետ է եկել, ես՝ անգրագետ, Դուք՝ խելացի զինվորական, զորք ասելով՝ ես հասկանում եմ 8-ից ավելի, ասացիք՝ երեկոյան են դուրս եկել, ո՞նց է երեկոյան դուրս եկել Արսենը, եթե իր հետի տղերքը ցերեկն են դուրս եկել, նրանք, ովքեր չեն մասնակցել մարտական գործողությանը, մի հատ էլ հասցրել են նկարվել են,– հարցրեց անհետ կորած զինծառայողներից մեկի կինը։ Դատավոր Սարգիս Դադոյանը Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով, որ տվյալներ կան, որոնց համաձայն՝ մեծամասնությունը ցերեկային ժամերին է դուրս եկել։ – Ես Արսենին չեմ տեսել, իսկ տղաները տարբեր ճանապարհներով են եկել, ես մեր մոտով եկածներին եմ տեսել, բայց չեմ կարող անուններով նշել։ Հիմնականը մթնշաղով են եկել։ –Լավ, հաջորդ հարցը։ Իմացաք, որ մարտական գործողություններ են, Դուք ներկա եք եղել, քար չեք, որ կորեիք, բանական մարդ եք, Ձեր աչքերն էլ տեսնում են։ Տեսե՞լ եք՝ Մակարյանի գլխավորությամբ, ինչ–որ ուրիշ զինվորականի գլխավորությամբ ինչ–որ գործողություններ եղե՞լ են, որ գնան էդ էրեքխի հետեւից, տեսնեն՝ ինչ եղավ, ինչ արեցին։ Հստակ, զինվորական, մարտական պատրաստված գործողություն եղե՞լ է, ոչ թե Ձեր [ասածի] նման՝ «գնամ, տեսնեմ՝ ինչ է եղել»։ Հստա՛կ պատասխան [տվեք], որեւէ զինվորականի անունով, ամեն ինչով` հաջորդ օրը, նույն օրը, մի ժամ հետո։ Ձեր մոտով ինչ–որ մեկը գնացե՞լ է։ Մինչ վկան կպատասխաներ, կինը ավելի զայրացավ․ –Ձեր չհիշելու հետ կապված հիմա որ ասեմ, կասեք՝ վիրավորանք․ բանական մարդը կենդանուց ինչո՞վ է տարբերվում, հստակ հարց եմ տալիս։ Հստակ մի հատ բառ, ասեմ՝ հիշողությունով, բանականությամբ։ Մի՛ ասեք՝ չեմ հիշում, դուք անասուն չեք, որ չեք հիշում, երկրորդն էլ, պարտավոր եք հիշելու։ Ձեր անփութության պատճառով ես էսօր լիքը–լիքը խնդիր ունեմ աշխարհի հետ, իմ էրեխու հետ, իմ ամուսնու հետ, ամեն ինչի հետ։ Դատավորը փորձեց հանդարտեցնել դահլիճում գտնվողներին, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ պա՞րզ էր հարցը։ – Պարո՛ն դատավոր, գործողություններ եղել են, բայց ես էսօր անտեղի մարդկանց անուններ հո չե՞մ կարող տալ, եթե չեմ հիշում։ – Օգնության մասին ի՞նչ տեղեկություններ գիտեք։ – Էդ անցակետով մինչեւ Մանուչարյանի, Ալեքսանյանի հետ գալը այլ անձ, այլ խումբ չի գնացել օգնության, իրենցից հետո գնացել են, բայց ով էր, կոնկրետ չեմ կարող հիշել։ Նույն օրը չի եղել։ Կարողա ուրիշ տեղով եղել է։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 26-ին։   Միլենա Խաչիկյան
22:27 - 30 հոկտեմբերի, 2024
Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը

Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը

Ես՝ Գեղամ Ասատրյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես երդվելով սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի հարցաքննությունը։ Նա որպես վկա է դատակոչված պատերազմի ժամանակ իր հրամանատարին՝ Հովիկ Գաբրիելյանին առնչվող գործի շրջանակում։  Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գեղամ Ասատրյանը, սակայն, ճշմարտությունն ամբողջությամբ չէր մտաբերում եւ հարցերին հիմնականում պատասխանում էր «չգիտեմ, չեմ հիշում, կարող էր լինել» եւ նման այլ բառերով։ Վկան դատարանին նախ հայտնեց, որ ամբաստանյալ Գաբրիելյանին ճանաչում է, բայց նրա հետ հարաբերություններ չունի՝ ոչ թշնամություն, ոչ բարեկամություն։ Բանն այն է, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է Ասատրյանը նշանակվել Գաբրիելյանի տեղակալ, մինչ այդ նա տասը տարի ծառայության չի եղել, վերականգնվել է 2020թ․ սեպտեմբերի 1-ին։  Զորամասի հրամանատարի տեղակալը չի մտաբերում՝ զորքը հոկտեմբերի 4-ին, թե 5-ին է Ջաբրայիլից նահանջել Հադրութ Ասատրյանը հիշեց, որ սեպտեմբերի 27-ին զորամասը տագնապով տեղափոխվել է Ջրականի/Ջաբրայիլի շրջանի Բանաձորի հատված՝ երկրորդ գիծ։ Հրամանատարի պարտականություններն այդ ժամանակ կատարել է Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Կոլյա Դավթյանը, իսկ Գաբրիելյանը մի քանի օր հետո է միացել զորքին (Հովիկ Գաբրիելյանը պատերազմի սկսվելու ժամանակ «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում)։ Վկան մտաբերեց, որ հրամանատար Գաբրիելյանից նահանջի հրաման է ստացել, բայց օրը հստակ չհիշեց՝ հոկտեմբերի 4 կամ 5, գիշերվա ժամի, զորքը Բանաձորից Հադրութ է քաշվել։ Վկան հստակ չէր հիշում, թե զորամասն ինչ ստորաբաժանումներից է կազմված եղել, քանի զինծառայող է ունեցել։ Մոտավոր հիշեց, որ զրահատանկային 3 գումարտակ է եղել, հրետանային գունդ, հետախուզական գումարտակ, բայց չհիշեց՝ այդ ստորաբաժանումները ամբողջությամբ համալրվա՞ծ են եղել, թե՞ թերի։ Պատճառաբանեց, որ նոր էր այնտեղ, դեռ տեղյակ չէր։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը վկայից հետաքրքրվեց, թե որտեղով է անցել 1-ին բանակային կորպուսի բնագիծը։ Ասատրյանը պատասխանեց «երեւի»-ով՝ Հորադիզից մինչեւ Ֆիզուլի։ Բայց հստակեցրեց, որ իրենց պաշտպանության շրջանը եղել է Բանաձորի խաչմերուկից 3-5 կմ առաջ։ Նրա խոսքով՝ առաջին եւ երկրորդ բնագծերը իրարից հեռու պետք է լինեն 10-15 կմ, եւ երբ հանրային մեղադրողը ճշտող հարց տվեց՝ այսինքն՝ երբ զորքը մշտական տեղակայման վայրից դուրս է եկել եւ բնագիծ զբաղեցրել, նշանակում է՝ հակառակորդն առնվազն 15 կմ առա՞ջ է եղել, վկան ասաց՝ կարող է մի քիչ քիչ, կարող է՝ մի քիչ շատ։ Խրամատները հին են եղել, մաքրելու կարիք են ունեցել, իսկ բահերը քիչ են եղել Հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե իրենց զբաղեցրած բնագիծն ինչ կահավորում է ունեցել։ Վկան պատասխանեց՝ սովորական, խրամատները փորված են եղել։ Միաժամանակ նա ասաց, որ անձրեւների պատճառով դրանք ջրով ու ցեխով են լցված եղել եւ մաքրելու կարիք ունեցել։ Ըստ նրա՝ զորքն ունեցել է բահեր, բայց այնպես չէ, թե դրանք բավարար են եղել․ - Որեւէ պակասի դեպքում դիմել ե՞ք 1-ին բանակային կորպուսի հրամանատարությանը, որ անհրաժռշտ միջոցներով ապահովեն,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Ես չեմ դիմել, դա իմ գործը չի եղել, չգիտեմ՝ ուրիշը դիմել ա, թե չէ։ - Իսկ անհրաժեշտությունը եղե՞լ ա։ - Միշտ էլ անհրաժեշտություն լինում ա։ Այս պատասխանից հետո դատավոր Վարդգես Սարգսյանը վկային դիտողություն արեց՝ հարցերին պատասխանել ոչ թե տեսականորեն, այլ ըստ էության եւ հստակ։ Դատավորը հարցրեց՝ մինչեւ բնագծից նահանջելը՝ ինչ կարիքներ են ունեցել եւ արդյոք սպառազինության գծով պատասխանատուներ եկե՞լ են՝ հարցնեն՝ ինչի անհրաժեշտություն կա։ Վկան պատասխանեց, որ բահի, քլունգի եւ այլնի անհրաժեշտություն եղել է։ Ասաց, որ ինքն է նկատել՝ հին փորված խրամատներ են եղել, ժամանակի ընթացքում լցվել են, դրանք մաքրելու կարիք է եղել, այլ պակաս բաներ էլ են եղել, բայց չէր հիշում՝ դրա համար որեւէ մեկը դիմե՞լ է պատասխանատու անձանց, թե ոչ։ Վկան պնդում է, որ զորամասը մոբով համալրվել է, բայց ինքը տեսել է միայն վարորդների Հանրային մեղադրողի հստակ հարցին՝ զորամասը մոբով համալրվե՞լ է, վկա Ասատրյանը հստակ պատասխան տվեց՝ այո։ Հետագայում, սակայն, նա ասաց, որ ինքը միայն վարորդներին է տեսել․ - Մի երեք օր հետո մոբն ա եկել, բայց շոֆերները շուտ են եկել, զինամթերքը բարձել են իրենց ավտոները, եկել,- ասաց վկան։ - Մոտ քանի՞ հոգի է եղել մոբի անձնակազմը,- հարցրեց մեղադրողը։ - Քանակը չգիտեմ, շոֆերների քանակը գիտեմ, որ 11-12 մեքենա ա եղել։ Հետագայում, երբ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը մոբի մասին նույն հարցը տվեց, վկան դարձյալ պատասխանեց, որ ինքը վարորդներին է տեսել։ Ըստ վկայի՝ զորքը հակառակորդի հետ ուղիղ առճակատում չի ունեցել Վկա Գեղամ Ասատրյանը, պատասխանելով հանրային մեղադրողի հարցին, ասաց, որ մինչեւ ենթադրյալ նահանջը հակառակորդի հետ ուղիղ առճակատման մեջ չի եղել։ Նա ասաց, որ ի սկզբանե իրենց առաջ եղել են յուրային ստորաբաժանումներ, մոտավոր հիշեց, որ 2 թե 3 գումարտակ է եղել, ասաց՝ մեր կորպուսից երեւի։ Ասատրյանի խոսքով՝ իրենց բնագիծը պատերազմի սկսվելուց մոտ մեկ շաբաթ հետո է դարձել առաջնագիծ, Հովիկ Գաբրիելյանի վերադառնալուց մոտ 2-3 օր հետո․ - Մինչեւ առաջնագիծ դառնալը՝ ձեր զորամիավորումից ուժեր ուղարկվե՞լ են այլ ստորաբաժանման օգնության,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ - Ի՞նչ ուժեր են ուղարկվել, քանի՞ հոգի։ - Ականանետային մարտկոցը։ 7 մեքենա ա եղել, երեւի մի քսանքանի հոգի, տենց տոչնի չեմ կարա ասեմ։ - Ո՞ւմ են օգնության գնացել։ - 25-րդ գումարտակին։ - Էդ ուժերը տեղ հասե՞լ են, թե՞ ոչ։ - Տեղ հասնելուց պես բացազատվելու պահին ինքնաթիռները ռմբակոծել են, 2 զոհ ենք ունեցել։ Վկայի խոսքով՝ 25-րդ գումարտակն իրենցից 7-10 կմ է հեռու եղել։ Նա հիշեց, որ մինչ 25-րդ գումարտակին օգնություն ուղարկելը՝ իրենց զորքը բնագծում ռմբակոծության տակ հայտնվել է եւ 2 զոհ ու 1 վիրավոր ունեցել։ Մինչ ենթադրյալ նահանջը այլ զոհեր չեն ունեցել։ Վկան չհիշեց, թե իրենց զբաղեցրած դիրքից աջ եւ ձախ ինչ ուժեր են տեղակայված եղել, կրկին մոտավոր ասաց՝ կորպուսից ուրիշ զորամաս։  Ասատրյանը ճշգրիտ չհիշեց՝ որքան սպառազինություն են ունեցել իրենց տրամադրության տակ եւ Հովիկ Գաբրիելյանի գալու օրը դրա քանի տոկոսն են սպառել, բայց ասաց, որ ինչ սպառել են, բերել լրացրել են։ Ըստ նրա՝ հրաձգային զենքերից կրակ չեն վարել, քանի որ հակառակորդն այդքան մոտ չի եղել, հետեւակի մարտական մեքենաներից են կրակ բացել, խոցվածները լրացրել են։ Նա ասաց, որ մինչեւ Հովիկ Գաբրիելյանի գալը սպառազինության խնդիր չեն ունեցել, հաստիքով ինչ հասանելիք եղել է, ունեցել են։ Զորքը համարված է եղել նաեւ ֆագոտով, որը համալրված է եղել արկերով։ Աստարյանը հիշեց, որ 4 հատ են կրակել, բայց թիրախը չեն խոցել։ Ասատրյանի կարծիքով՝ պատճառը հեռավորությունն է եղել։ Այնինչ մեղադրյալ Գաբրիելյանն այդքան էլ այդ կարծիքին չէ։ Երբ նա հարցեր էր տալիս վկային, նաեւ ասաց՝ կարո՞ղ է ոչ թե չի հասել թիրախին, այլ կողքին է ընկել։ Գաբրիելյանը նաեւ նշեց, որ ֆագոտով 6 արկ է արձակվել, ոչ թե 4։ Հանրային մեղադրողը եւս մեկ անգամ ճշտող հարց տվեց՝ մինչեւ բնագծից նահանջելը որեւէ տեսակի սպառազինության պակաս ունեցե՞լ է զորքը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Սպառազինության պակասի մասին հարցերն, ըստ էության, կապ ունեն այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը պնդում է՝ մինչեւ նահանջ անելը վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, որ զորքն ի վիճակի չէ դիմակայել հակառակորդին, օգնություն է խնդրել, սակայն չի ստացել, դրա համար ստիպված նահանջ է արել։ Վկան հրամանատարից նահանջի հրամանը բանավոր է ստացել, պատճառը չի ճշտել Վկա Գեղամ Ասատրյանն ասաց, որ նահանջի հրամանը ստացել է Հովիկ Գաբրիելյանից՝ բանավոր։  - Ձե՞զ է տրվել հրամանը,- հարցրեց մեղադրողը։ - Բոլորիս։ Ես իրա մոտ եմ եղել։ - էդ պահին, որ հրաման տվեց դուրս գալու, ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է։ - Մեզանից հեռու թուրքեր եղել են, դիրքավորվում էին։ Ականանետային խումբ էլ կար, դիրքավորվում էին, մի խումբ էլ, երեւի հետախուզական, մեզանից երեւի 1-1,5կմ առաջ էր։ - Մինչեւ չդիրքավորվեին, չէի՞ն կարող գրոհել։ - Կարային, բայց չգիտեմ՝ ինչ էին մտածում, կային, երեւում էին։ - Հարցրե՞լ եք Հովիկ Գաբրիելյանին, թե ով է նահանջի հրաման տվել, ինչի համար։ - Ես մտածել եմ կորպուսի հրամանատարն ա տվել։ - Դուք Հովիկ Գաբրիելյանից ճշտե՞լ եք՝ ինչի հիման վրա է հրաման տալիս։ - Ոչ։ Վկա Ասատրյանը չկարողացավ պատասխանել հանրային մեղադրողի այն հարցին, թե ըստ Մարտական կանոնադրության՝ ինչ տեսակներ է ունենում նահանջը։ Մեղադրողը նշեց՝ կա երկու տեսակ, դրանցից մեկը հարկադրվածն է։ Մեղադրողը վկային հարցրեց՝ իրենց նահանջը հարկադրվա՞ծ էր, վկան պատասխանեց․ - Դե չէ, երեւի։ Որ ասել ա՝ հրամանով ա, ես էլ հարց չեմ տվել, կարող ա հրաման են տվել տեղափոխվել։ - Մարտական կանոնադրությամբ նաեւ սահմանվում է, որ թե սովորական, թե հարկադրված նահանջի դեպքում նահանջող ստորաբաժանումը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում ամրանալ էն հատվածում, որտեղ կարելի է ամրանալ։ Նահանջելուց հետո ամրացե՞լ եք որեւէ տեղ։ - Ոչ։ Էդ հարցին ես չեմ կարա պատասխանեմ։ - Իսկ դուք փորձե՞լ եք պարզել՝ լավ, կանոնադրությամբ կատարում ենք նահանջ, ինչի՞ չենք ամրանում։ - Չեմ պարզել։ Վկան չէր հիշում նաեւ՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջելուց առաջ հարեւան յուրային ստորաբաժանումներին, ինչպես նաեւ ավագ պետին հայտնե՞լ է նահանջի մասին, թե՞ ոչ։ Ասաց՝ չի լսել նման բան։ Բայց ասաց, որ ըստ կանոնադրության՝ պետք է հայտներ։ - Իսկ նման տեղեկություններ լսե՞լ եք, որ հեսա-հեսա շրջափակման մեջ եք ընկնելու,- հարցրեց մեղադրողը։ - Դե նման տեղեկություններ․․․ Թիկունքի կառավարման կետը եղել ա Ջաբրայիլի մոտ, էնտեղից հանվել ա, թիկունքն էլ մեզանից կտրվել ա։ - Ձեր թիկունքում թշնամի՞ ա եղել։ - Չէ, մեր թիկունքը որտեղ որ եղել ա, թուրքն ա արդեն հասած եղել ընդեղ, էդտեղ արդեն մերոնք առանձնացել են մեզնից։ - Հակառակորդը ո՞ր հատվածով էր ճեղքել, անցել։ - Մեզանից աջ,- ասաց վկան։ Նա, սակայն, չնշեց, թե ումից է ստացել այդ տեղեկությունը։ Միաժամանակ պնդեց, որ իրենք տեսել են հակառակորդի՝ Ջաբրայիլին մոտեցող ուժերը։ Մեղադրողը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե Ջաբրայիլին մոտեցող ուժերի մասին է, այլ բնագծի ճեղքման։ Մեղադրողը հիշեցրեց, որ Գաբրիելյանի աջ կողմում գտնվող զորքի հրամանատար Համլետ Լեւոնյանն իր հարցաքննության մեջ նշել է, որ մինչեւ հոկտեմբերի 5-ի առավոտյան որեւէ թշնամական զինվոր բնագիծը չի ճեղքել անցել։ Վկան արձագանքեց․ - Չեմ կարա ասեմ, որովհետեւ արդեն մեր աջը տանկերն անցած են եղել, բլրի վրա երեւացել են 3 տանկ, բայց իրենցից ձախ էլի եղել ա տեխնիկա ու զորք։ - Կարո՞ղ եք ասել, էդ տեխնիկայով հակառակորդը բլուր է՞ գրավել, թե՞ բնագիծն ա ճեղքել։ - Երեւի բնագիծը․․․ Ես չգիտեմ՝ բնագիծը ճեղքել են, թե չէ, էդ ժամանակ զրուցը գնում էր, որ Ջաբրայիլն արդեն գրավել են։ Եթե գրավել են, դառնում ա բնագիծը հատած։ - Բա էդ դեպքում ո՞նց կբացատրեք, որ Լեւոնյանն ասում է՝ բնագիծը չեն ճեղքել։ - Չեմ կարող ասել։ - Չգիտե՞ք՝ ումից եք ստացել տեղեկությունը, որ բնագիծ է ճեղքվել։ - Չեմ հիշում։ Նահանջից առաջ վկան լսել է, որ Ջաբրայիլը գրավված է, բայց թե ումից՝ չասաց Ողջ հարցաքննության ընթացքում վկան այդպես էլ չհստակեցրեց, թե ումից է իմացել Ջաբրայիլի գրավման մասին լուրը։ Նա նշեց, որ զինվորներից չէր կարող իմանալ, հետեւաբար, ենթադրվում է, որ հրամանատարությունից որեւէ մեկն է հայտնել այդ մասին։  Դատավորը վկային հարցրեց՝ ո՞ւմ հետ է շփվել, կապի մեջ եղել նահանջից առաջ, ումի՞ց կարող էր լսել այդ լուրը։ Ասատրյանը նախ ասաց, որ բոլորն էլ ասում էին, հետո ասաց՝ գումարտակից է եկել այդ լուրը։ Դատավորը ճշտեց՝ գումարտակի սպանե՞րն են ասել, վկան ասաց՝ չեմ կարող ասել։ Դատավորը անուններ տվեց՝ հրամանատարի տեղակալներ Կոլյա Դավթյանի՞ց, Հրաչ Ղազարյանի՞ց․ - Չեմ կարող հիշել։ - Բայց դա ի՞նչ հարց է, որ չեք կարող հիշել,- ասաց դատավորը։ - Դե չեմ հիշում։ - Այսինքն Ջաբրայիլը գրավելն այդպես սովորական երեւույթ էր։ - Դե հիմա սաղ ասում էին։ - Այդ երեքից բացի ուրիշ մարդ կարո՞ղ էր ասել (նկատի ունի հրամանատարին եւ տեղակալներին)։ - Դե չէ։ - Իսկ էդ երեքի մեջ կա՞ր մարդ, որ ասում էր՝ նման բան չկա, էս ինչ եք խոսում, հեքիաթ է, Ջաբրայիլը չի կարող գրավված լինել։ - Դե մենք էլ տեսել ենք, որ տեխնիկան գնում ա դեպի Ջաբրայիլ։ Հետագայում վկան ասաց, որ հրամանատարի ու տեղակալների՝ ներքին կապով խոսակցություններից նման բան չի լսել, բայց Հովիկ Գաբրիելյանը նաեւ վերադաս հրամանատարության հետ է կապի մեջ եղել, որը իր համար հասանելի չի եղել։ Ասատրյանը նաեւ ասաց, որ երբեւէ չի լսել, որ Հովիկ Գաբրիելյանը օգնություն խնդրի այլ ստորաբաժանումներից կամ վերադասներից, չգիտի նաեւ, թե իրենց նահանջի պատճառով ինչ է պատահել Լեւոնյանի եւ Վահագն Ասատրյանի զորքերի հետ, նահանջի հաջորդ օրը եւ նույնիսկ ամիսներ անց եւ շատ անցած էլ չի փորձել պարզել, թե ով է Հովիկ Գաբրիելյանին նահանջի հրաման տվել եւ այլն։ Ի վերջո, Ասատրյանի պատասխաններից պարզ դարձավ, որ Ջաբրայիլի գրավելու լուրը պտտվել է դեռ այն ժամանակ, երբ Ջաբրայիլը գրավված չի եղել։ Ինքը՝ Ասատրյանն ասաց, որ հետագայում իմացել է, որ նահանջի հաջորդ օրն է Ջաբրայիլը գրավվել։ Վկայի պնդմամբ՝ նահանջելուց հետո դիրքավորվելու համար խրամուղիներ չեն եղել Վկային հարցեր տվեց նաեւ մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Նա հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ տեխնիկայի կորուստը, մասնավորապես ՄԲՊ-ների՝ ցեխի մեջ մնալն ու փչանալը եղել են Հովիկ Գաբրիելյանի մեղքո՞վ (վկան ավելի վաղ նշել էր, որ եղանակն անձրեւոտ է եղել, մառախուղ ու ցեխ է եղել տարածքում)։ Ասատրյանն ասաց՝ ոչ, նշեց, որ տեխնիկան տեխնիկա է՝ կարող էր վնասվել։ - Ասացիք, որ նահանջելիս պետք է դիրքավորվեիք։ Որտեղ պետք է դիրքավորվեիք, խրամաբջիջներ, խրամուղիներ կայի՞ն կառուցված այդ տեղանում,- հարցրեց Խաչիկյանը։ - Ոչ։ - Իսկ կհասցնեի՞ք կառուցել, զորքն ի վիճակի՞ էր։ - Զորքն էդ ժամանակ լրիվ թաց էր, մոբն էլ, որ փախչում էր, հուսահատ էին։ - Այսինքն, որ հետ էիք քաշվել, էդ պայմաններում կարո՞ղ էիք պաշտպանություն իրականացնել։ - Առանց խրամուղի՝ ո՞նց։ Դատավորը վկայից հետաքրքրվեց՝ նահանջելիս ի՞նչ տարածք են գնացել մինչեւ Հադրութ քաղաք հասնելը։ Ասատրյանը պատասխանեց, որ դա լքված ու քանդված գյուղ է եղել։ Դատավորը ճշտեց՝ այդտեղ պե՞տք է խրամատ լիներ, վկան պատասխանեց՝ ոչ։ Այնուհետեւ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ իրենց ուղղությամբ գրոհի ժամանակ ինչ սպառազինություն են ունեցել, պահեստային զինամթերքը որքան հեռու է եղել, կարո՞ղ էին հրետակոծության տակ համալրել եւ այլն։ Ասատրյանն ասաց, որ մոտ 3 կմ հեռավորության վրա է եղել պահեստային զինամթերքը, եւ այո, պատերազմի ժամանակ կարող էին համալրվել։ Պատասխանելով պաշտպանի հարցին՝ նա ասաց, որ գիշերային տեսանելիության որոշ սարքեր ունեցել են, նա նշեց միայն ջերմատեսիլ սարքի առկայության մասին։ Հետագայում Հովիկ Գաբրիելյանը այս հարցը փորձեց ճշգրտել՝ հարցնելով՝ հետեւակի մարտական մեքենայի նշանառուն, հրամանատարը ունեցե՞լ են գիշերատեսիլ սարքեր, թե ոչ։ Վկան հստակ չմտաբերեց, բայց ասաց, որ նշանառուն ուներ։ Նա նաեւ չհստակեցրեց, թե որքան էր նշանոցի հեռավորությունը եւ այլ մանրամասներ, որոնք Գաբրիելյանին հետաքրքրում էին։ Ըստ վկայի՝ զորքի բարոյահեգոբանական վիճակը ծանր է եղել Պատասխանելով դատավորի հարցերին՝ վկա Ասատրյանն ասաց, որ զորքը լավ բարոյահոգեբանական վիճակում չի եղել։ Ըստ նրա՝ դրա վրա ազդել է մոբի՝ ենթադրյալ փախչելու հանգամանքը։ Դատավորը հարցրեց․ - Զորքը կաշվի վրա զգացե՞լ էր հակառակորդի գործողությունները, հակառակորդի գործողությունների արդյունքում ճնշված եղե՞լ է։ - Երեւի էլի։ - Ի՞նչ էր եղել, ԱԹՍ էր խփե՞լ․․․։ - Դե ԱԹՍ ա խփելուց եղել, Սմերչ ա խփելուց եղել։ - Քանի՞ զոհ եք ունեցել ամսի չորսին։ - Օրը չեմ հիշում, բայց մինչեւ էդ օրը ընդհանուր 4 զոհ ենք ունեցել։ - Ինչքա՞ն անձնակազմից։ - 200 քանի։ - 200 հոգու մեջ 4 զոհը պատճառ էր, որ 200-հոգանոց զորքը բարոյապես ընկճված լինե՞ր։ - Դե զոհերի պատճառով դժվար թե հուսալքված լինեն, ինձ թվում ա էդ որ հիմնականում փախնում էին, պանիկա էին գցում, դրանից էր։ - Իսկ կարող ա՞ առհասարակ զորքը հուսալքված էլ չէր, բարոյալքված էլ չէր։ - Ինձ տենց էր թվում, չգիտեմ։ Դատավորը հետաքրքրվեց՝ Ասատրյանը, հրամանատարը, տեղակալները ի՞նչ են արել զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար, քայլեր ձեռնարկե՞լ են։ Ասատրյանն ասաց, որ ինքը, որ պիտի թիկունքում լիներ, եկել, զինվորների հետ առաջնագծում է եղել։ Մյուսների մասով ասաց, որ եղել է, որ Գաբրիելյանը խոսել է զորքի հետ։ Իսկ նահանջից առաջ անմիջականորեն զորքի ոչնչացման, շրջափակման մեջ ընկնելու շոշափելի սպառնալիք եղե՞լ է, հարցրեց դատավորը։ Վկան ասաց, որ ինքը տեսանելի բան չի տեսել․ - Գուցե հաջորդ օրը կարար լիներ։ - Գուցե եւ չլիներ, չէ՞։ - Կարող է, չգիտեմ,- ասաց վկան։ Եւ հարցին՝ երբ բնագիծը լքել են, քանի՞ կմ հատված է մնացել չպաշտպանված, վկան պատասխանեց՝ 2-3 կմ։ Դատավորը հարցրեց՝ - Ձեր դուրս գալով Լեւոնյանի զորքի համար խնդիրներ կարո՞ղ էինք ստեղծվել։ - Դե բոլորի համար կարող էր։ Մեկը մեկի հետ կապված էր։ - Դուրս գալուց առաջ կամ ընթացքում, նկատե՞լ եք, որ Հովիկ Գաբրիելյանը տեղեկացնի Լեւոնյանին, որ դուրս է գալիս։ - Չեմ լսել։ - Լեւոնյանի զորքում ընկերներ ունեցե՞լ եք, կամ Վահագն Ասատրյանի զորքից, մարդիկ, որոնց հետ կապի մեջ եք եղել։ - Ոչ, մարդ չէի ճանաչում։ Դարձյալ անդրադառնալով հակառակորդին դիմակայելու համար օգնություն խնդրելու թեմային՝ դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ վերադասությունից չեն պահանջել հրետանի, ԱԹՍ-ներ, եւ այլն։ Վկան իր ենթադրությունը հայտնեց՝ վերեւները տեղյակ կլինեին։ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 8-ին։ Նշենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել, որովհետև ուղեկցող գումարտակի ծառայողները չէին ապահովել մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ներկայությունը։ Դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացրել էր, որ երբ իր աշխատակազմը փորձել է պատճառը հասկանալ, ուղեկցող գումարտակի ծառայողները պարզաբանել են, որ առավոտյան հանձնարարություն են ստացել գնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բայց քանի որ Գաբրիելյանը այնտեղ չի գտնվել, այլեւս հարկ չեն համարել այդ մասին դատարանի աշխատակազմին տեղեկացնելու, չեն գնացել նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հիվանդանոցից առաջ պահվում էր Գաբրիելյանը։ Մինչդեռ դրա նախորդ օրը դատարանը ստացել էր գրություն «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետից, ըստ որի Գաբրիելյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից 14.10.24-ին ներկայացվել է «Վարդաշեն» ՔԿՀ, այսինքն՝ ծառայողներն ի սկզբանե պետք է գնային ոչ թե հիվանդանոց, այլ «Վարդաշեն»։ «Ընդ որում, երկու օր առաջ նույն իրավիճակն ունեինք մեկ այլ գործով. ուղեկցող գումարտակի ծառայողները, գնալով «Երեւան կենտրոն» ՔԿՀ եւ պարզելով, որ մեղադրյալը այնտեղ չի գտնվում, գնացել էին «Վարդաշեն» ՔԿՀ եւ կատարել էին դատարանի հանձնարարությունը՝ ապահովելով անձի ներկայությունը»,- նշել էր դատավորը՝ ընդգծելով, որ դատարանի հանձնարարությունը կոնկրետ հասցեատեր ունի, եւ դա ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ի պետն է, այլ ուղեկցող գումարտակի ծառայողները։ Գլխավոր լուսանկարում՝ վկա Գեղամ Ասատրյանը Հայարփի Բաղդասարյան
23:23 - 29 հոկտեմբերի, 2024
4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել

4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո պատերազմին առնչվող հազարավոր քրեական գործեր են հարուցվել (ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ նախաձեռնվել վարույթներ)։ Դրանք վերաբերում են ինչպես ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին, այնպես էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հրաման չկատարելուն, դասալքությանը եւ այլն։  2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո 44-օրյա պատերազմին առնչվող դեպքերով հարուցվել են ընդհանուր առմամբ 2044 քրեական գործեր։ Որոշ վարույթներից մասեր են անջատվել եւ քննվել առանձին, իսկ որոշներն էլ միրավորվել են մեկ վարույթում։ «Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել է, որ հարուցված քրեական գործերից (եւ նախաձեռնված քրեական վարույթներից) դեռեւս միայն 310-ն են ուղարկվել դատարան (այդ թվում 81-ը՝ վարույթներից անջատված քրեական վարույթներով), իսկ 169-ով նախաքննությունը շարունակվում է։  Վերը նշված քրեական գործերով հանրային քրեական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում 1085 անձի նկատմամբ։  Նշենք, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով այն դեպքում, երբ անձին արդարացնող դատավճիռ չի կայացվել, բայց առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու՝ օրենքով սահմանված որեւէ հիմք, օրինակ՝ անձը մահացել է կամ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Համաձայն վերը ներկայացված տվյալների՝ 752 անձի նկատմամբ քրեական հետապնդումը այս պահին շարունակվում է։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2022-2023 թվականների վերաբերյալ տեղեկությունները հնարավոր է՝ ոչ ամբողջական լինեն: Դա պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններով, որի ընթացքում տարածքում տեղակայված կայազորների զինվորական դատախազությունների արխիվն ամբողջությամբ ոչնչացվել է, եւ ամփոփումները կատարվել են՝ ըստ պահպանված տվյալների։ Ստորեւ ներկայացվող ցանկում կարող եք կարդալ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի այն հոդվածները, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործերը։ * Նկարներն ավելի պարզ տեսնելու համար սեղմեք դրանց վրա Հայարփի Բաղդասարյան
20:36 - 23 հոկտեմբերի, 2024
«Զանգել, ասել են՝ ձեր զինվորներից ոչ մեկը չկա»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկաների հարցաքննությունն ավարտական փուլում է

«Զանգել, ասել են՝ ձեր զինվորներից ոչ մեկը չկա»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկաների հարցաքննությունն ավարտական փուլում է

«Ես իմ աշխատանքի բերումով 5-րդ անգամ էի պատերազմի մասնակցում»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր ցուցմունք տալիս ասաց 62-ամյա Ավո Զաքարյանը՝ նկատի ունենալով Աֆղանստանի, Չեչնիայի, Արցախյան առաջին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմները։ Զաքարյանը, որ արդեն 30 տարի է՝ «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» ՍՊԸ–ի վարորդն է, դատակոչվել էր՝ հարցաքննվելու 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձոր գյուղի տարածքում ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով։ Երկուսուկես տարվա մեջ 4 անգամ դատարանի փոփոխություն կրած այս գործով վկաների հարցաքննությունը ավարտին է մոտենում։ Զինծառայողները, որ ԱԹՍ–ի ձայնը լսելով պատսպարվել էին, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հրամանով ստիպված են եղել վերադառնալ իրենց «Ուրալ» եւ շարունակել երթը։ Վերջինս այժմ մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ զոհվել է 18, վիրավորվել 3 անձ, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի գույքային վնաս։  Անդրանիկ Վերանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայանալով դատարանին՝ Ավո Զաքարյանը պատմեց, որ կողմերից ոչ մեկին չի ճանաչում, դեպքի մասին մանրամասներ չգիտի, նույնիսկ առաջին անգամ քննիչից է իմացել։ Վկա Ավո Զաքարյանը, դատավոր Սուրեն Խաչատրյանը Զաքարյանը, տարիքով պայմանավորված, զորակոչի ենթակա չի եղել, բայց կամավոր մեկնել է, քանի որ իրեն կանչել են՝ իր աշխատանքային մեքենայում՝ չինական ինքնաթափում արկեր եւ ականներ բարձելու եւ Արցախ տեղափոխելու․ «Գիշերվա ժամը 2–ին հասանք Ջաբրայիլի շրջանի Արծվաշեն գյուղ, տեղավորվեցինք մի քանդած շենքում․ էդ տարածքը անգիր հիշում եմ, որովհետեւ հենց լույսը բացվում էր, ավտոյից հեռու էի գնում, կրակոցները անընդհատ լսվում էին․․․ Ասացին՝ առավոտ լույսը բացվի՝ ճղներով փակի ավտոն, դե, կարմիր գույն էր, որ չերեւա։ 4-5 օր կրակոցներ եղել են, բայց անօդաչու չի աշխատել, որովհետեւ ամպամած եղանակ էր, անձրեւն անընդհատ մաղում էր»։ Մի քանի օր անց, ըստ Զաքարյանի, իրեն զանգահարել է ԻՍՎ հրամանատար Տարոն Նիկողոսյանը (զոհվել է,–հեղ․)։ Նա այն անձն է, որին Վերանյանը հրամայել է շարունակել երթը․ «Քանի որ կապերը անընդհատ գնում–գալիս էին, ինձ հաղորդագրություն եկավ՝ բաժանորդը զանգահարել է ձեզ, մինչեւ հիմա պահել եմ դա, ռազմականին էլ ցույց եմ տվել․․․ Տարոնն ասում ա՝ շեֆ (ինձնից տարիքով փոքր էր, երեւի դրա համար էր այդպես դիմում), ավտոն խոդ տուր, որ ասեմ՝ ուր բարձրանաս (պետք է զինամթերքը հասցներ,–հեղ․)․․․ Ու էդ ամբողջ օրը ԱԹՍ–ն ֆռում էր, ձայնը գալիս էր։ 2 հատը Արաքսի ուղղությամբ եկան, մենք էդ 2-ին տեսանք, իսկ 1-ը ձախ կողմով էր գալիս։ Էդ երկուսին 10-15 վայրկյան հետո խփեցին, մեկը ասավ՝ մերոնք, մեկը ասավ՝ պարսիկները, որովհետեւ անցել էր Արաքսը, իսկ էն երրորդը ահագին պտտվեց, ուժեղանում–թուլանում էր, մոմենտի տակ ուղղությունը կորցնում էլ էի, ու որ ընկավ, զինվորները բա՝ «ուռա–ուռա, դռուժբին խփան» (այդպես էին անվանում, քանի որ էլեկտրական սղոցի ձայնի էր նման,–հեղ․), մտածեցինք՝ մերոնք են, էն էլ պարզվում ա․․․ Ավտոն խոդ էի տվել, զանգում էի Տարոնին, արդեն անհասանելի էր, ուզում էի ինքնագլուխ շենքից դուրս գալ, բարձրանալ, Հայկ անունով մի մայոր ասավ՝ Ավո՛, մի՛ բարձրացի, զանգել են, ասել՝ վատ դեպք է պատահել՝ ԱԹՍ–ն մտել է սապյորների «Ուրալի» մեջ, ձեր զինվորներից ոչ մեկը չկա, բոլորը զոհվել են»,– պատմեց վկան՝ նշելով, որ դրանից հետո 4-5 օր դիակներ է տեղափոխել, ընդհանուր 17 օր մնալուց հետո վերադարձել է զորամաս։ Անդրանիկ Վերանյանը ճշգրտեց՝ իրենք այնտեղ են գտնվել ոչ թե 17 օր, այլ ավելի քիչ՝ հոկտեմբերի 3-12 ընկած ժամանակահատվածում։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը – Տարոն Նիկողոսյանից ստացված հաղորդագրությունը դատարանում հետազոտել ենք, այն ստացվել է 16։04-ին։ Այսինքն՝ դրանից հետո՞ եք Տարոնի հետ խոսել, եւ դրանից հետո՞ է Տարոնը Ձեր առաջ խնդիր դրել,– հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ – Այո, ասավ՝ կասեմ՝ ուր գաս, որ մենք զինվորներով էդքան տեղ չիջնենք։ – Կարող ենք փաստել, որ մեր դեպքը եղել է 16։04-ից ինչքա՞ն ժամանակ հետո։ – Չեմ կարող ասել, էնքան խառը իրավիճակ էր։ – Տեղանքը Ձեզ ծանո՞թ էր։ – Չէ։ – Իշխանաձորի խաչմերուկը ծանո՞թ էր։ – Չէ, ես Արծվաշենից վերեւ չեմ բարձրացել․․․ 4 օր մարդ չի եղել, մեն–մենակ էդ անծանոթ տեղում․․․ Հետո կամաց–կամաց մեր ավտոներից էլ եկան տարբեր ուղղություններով․․․ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկայից հետաքրքրվեց՝ առաջին անգամ ե՞րբ է ԱԹՍ–ի հանդիպել, ձայն լսել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ այդ օրը․ – Եթե առաջին անգամ այդ օրն եք հանդիպել, ինչի՞ց եք իմացել, որ հենց ԱԹՍ է,– հարցրեց պաշտպանը։ – Բա բոլոր զինվորները գոռում էին, ասում էին՝ «դռուժբան» եկավ։ – Մինչեւ Տարոնի հետ խոսելը ԱԹՍ–ի ձայն լսե՞լ եք։ – Այո։ – Եվ պնդո՞ւմ եք, որ ահագին տեւեց։ – Շատ ա ֆռացել՝ մոտ կես ժամից ավելի, էն երկուսը խփելուց հետո մի կես ժամից ավելի պտտվել է։ – Իսկ ե՞րբ եք իրադարձություններն ավելի լավ հիշում՝ հիմա՞ թե՞ 2021 թ․ մարտին ցուցմունք տալիս։ – Ռազմականը որ եկել է, ես նույն բաները պատմել եմ, տարբերություն չկա, իմ հիշողությունը շատ լավ է,– պատասխանեց վկան։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ էական հակասություններ կան։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Նախաքննության ժամանակ վկան ասել էր հետեւյալը․ «Տարոնի հետ խոսելուց 1–1․5 ժամ հետո սկսեց լսվել թշնամու ԱԹՍ–ի ձայնը։ Դրանցից մեկը ձախ կողմից՝ Ջաբրայիլից էր գալիս, մյուս երկուսը՝ Արաքսի ուղղությամբ։ Խառը դռռոց էր լսվում։ Արաքսի կողմինները լսվելուց 15 րոպե հետո խոցվեցին, ես տեսա ոչնչացման ծուխը, բայց չգիտեմ՝ մերոնք խփեցին թե պարսիկները։ Դրանից քիչ անց՝ երեւի 10 րոպե էլ չէր անցել, ձախ թեւից՝ Ջաբրայիլի կողմից, բավականին սուր ձայն լսվեց, որը ԱԹՍ–ի ձայն էր, եւ դրան հաջորդող վայրկյաններին պայթյունի ձայն լսվեց։ Կարծեցինք՝ դրան էլ մերոնք խոցեցին, սակայն մի ժամ հետո իմացա, որ դա մխրճվել է մեր ԻՍՎ  «Ուրալ»–ի մեջ, որի հետեւանքով 10–ից ավելի զինծառայող զոհվել է, մնացել եմ առանց անմիջական հրամանատարության․․․»։ Ցուցմունքի ամբողջական հրապարակումից հետո պաշտպանը հարցեր հղեց վկային․ – Նախաքննության ժամանակ ասել եք՝ վերջին հեռախոսազանգն ունենալուց 1․1-5 ժամ անց լսվել է ԱԹՍ–ի ձայնը, իսկ այսօր ասում եք՝ մինչեւ հեռախոսազրույցը արդեն լսվում էր։ Հիմա ո՞րն է իրականությունը։ – էնպես հարցեր եք տալիս․․․ Ես ընկնեմ, վայրկայններով պատասխանե՞մ։ Եթե Դուք իմ տեղը էնտեղ լինեիք, կարողա ոչ ամբողջ արարողությունը հիշեիք, ոչ․․․ Էնքան խառն է եղել, կարողա մի 15-20 րոպեի–կես ժամի տարբերությամբ պատասխանեմ, ես չեմ նայել ժամին, մոտավոր եմ ասում, կարողա 15 ա տեւել, կարողա կես ժամ։ – Ես Ձեզանից տեւողություն չեմ ուզում, Էդ անտեր ԱԹՍ–ի ձայնը Տարոնի հետ խոսելուց առաջ կա՞ր թե՞ ոչ։ – Ես մանրամասն պատմել եմ, գրված ա, իմ գրվածին ատվեչայ եմ, ժամերը չեմ հիշում, ժամացույց չեմ վերցրել, որ ասեմ․․․ Կարողա եւ առաջ, կարողա եւ հետո, չեմ հիշում,– ճշգրտել չկարողացավ վկան։ Հաջորդ հակասությունը, ըստ պաշտպանի, վերաբերում էր ԱԹՍ–ի ձայնի տեւողությանը․ – Նախաքննության ժամանակ ասել եք՝ 2 ԱԹՍ–ների խոցվելուց քիչ անց՝ 10 րոպե էլ չէր անցել, ձախ՝ դեպի Ջաբրայիլի կողմից բավականին բարձր սուր ձայն լսվեց, ու դրան հաջորդող վայրկյաններին պայթյուն լսվեց․․․ Այսօր ասացիք՝ ԱԹՍ–ի ձայնը կես ժամ տեւել է։ Ոնց հիմա եք ասում, այդպե՞ս է, թե՞ միանգամից սուր ձայն է լսվել, եւ պայթել։ – Չէ, ահագին երկար ֆռացել է․ թե 15 րոպե է տեւել, թե կես ժամ, ես չեմ կարող ասել։ – Ամեն դեպքում ձայնը լսելն ու պայթյունը [մեկ չեն եղել],– ճշգրտեց դատավորը։  – Չէ, ահագին երկար տեւել է, որովհետեւ բոլոր զինվորները փախան կոռոլյոկի դաշտը, նույնն էլ՝ ես, –պնդեց վկան։ Դատակոչի ցուցակում ներառված վերջին վկան՝ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանը, ըստ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տվյալների, երկրում չէ։ Դատավարության մասնակիցների հետ քննարկելով՝ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել նրա գտնվելու վայրը ճշգրտելու եւ իրավական փոխօգնության հիման վրա օտարերկրյա պետությունում նրա հարցաքննությունը կազմակերպելու նպատակով։ Դրա անհնարինության պարագայում դատարանը կհրապարակի վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը։   Գլխավոր լուսանկարում՝ զոհված զինծառայողների հայրերըՄիլենա Խաչիկյան
19:27 - 21 հոկտեմբերի, 2024
Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջարկության վերաբերյալ

Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջարկության վերաբերյալ

ՀՀ կառավարությունը որոշել է ձեռնպահ մնալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ, որով պատգամավորն առաջարկում էր սեպտեմբերի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։  Նախագծում, մասնավորապես նշվում էր. «Մենք ունենք Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, բայց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր չունենք։ ...Հաշվի առնելով, որ վերջին մեծամասշտաբ պատերազմը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջարկում եմ հիշատակի օրը սահմանել հենց սեպտեմբերի 27-ին։ Նախագծի ընդունման արդյունքում սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»: «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»,- ասվում է նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունում:
11:26 - 17 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարը զոհվածի հորն ասել է՝ Հադրութ էլ չունենք

Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարը զոհվածի հորն ասել է՝ Հադրութ էլ չունենք

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի քննությունը։ Դատարանն այժմ հարցաքննում է զոհերի հարազատներին։  Ինչում են մեղադրվում սպաները Այս գործով երկու մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Այժմ գործով  երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։  Հոկտեմբերի 10-ին վաշտի հրամանատարն ասել է՝ Հադրութ էլ չունենք Ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտութունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից․ այս խոսքերով սկսեց զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը՝ տուժող Տոնական Շահբարյանն իր ցուցմունքը։ Նրա որդին՝ Տիգրանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսի 3-ին, վիճակահանությամբ ծառայության է մեկնել Արցախի Հանրապետություն՝ Մարտունի 3 պաշտպանական շրջան։ «Պատկերացրեք, իմ ամենաերջանիկ օրն էր, որ ինքն ընկավ Արցախի Հանրապետություն, քանի որ ինքս Արցախից եմ, ասացի՝ երեխեն հուսալի ձեռքերում ա»,- ասաց Տոնական Շահբարյանը։ Նա ծառայության սկզբից կապի մեջ է եղել որդու հրամանատարի՝ Գեւորգ Գեւորգյանի հետ, որը նաեւ իր կրտսեր ընկերն է։ Որդու ծառայության սկզբից միշտ կապի մեջ են եղել՝ որդու որպիսության մասին է հարցրել։ Պատերազմի ժամանակ էլ են հեռախոսով զրույցներ ունեցել, իսկ որդին այդ ընթացքում մոբից ինչ-որ մեկի հեռախոսով է կապ պահպանել ընտանիքի հետ։ Պատերազմի օրերին իրենց հեռախոսազանգերից Տոնական Շահբարյանը պատմեց հոկտեմբերի 8-ի զրույցի մասին։ Ասաց՝ Գեւորգյանը հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ո՞նց է վիճակը, ասում էր՝ այնտեղ՝ ռազմաճակատում, նորմալ է իրավիճակը, կրակոցներն էլ են հազվադեպ։ Այդ օրը Տոնականը Գեւորգին հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին զինադադար է սպասվում, նույնիսկ գրազ են գալիս։ Հոկտեմբերի 9-ին նա խոսում է նաեւ որդու հետ․ դա նրանց վերջին զրույցն է լինում։ Հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը խախտում է զինադադարը, Տոնականն առավոտյան զանգում է Գեւորգյանին, որն ասում է՝ «խաբա՞ր ես, որ էլ Հադրութ չունենք»․ «Ասում եմ՝ ո՞նց Հադրութ չունես, ախպեր, ասում ա հա՝ ես հո լակոտ չե՞մ, որ քեզ խաբեմ։ Ես էլ եմ անակնկալի գալիս, մեր ընտանիքում էլ խուճապ ա առաջանում։ Մի հատ էլ եմ զանգում ուշ ժամի, արդեն չի վերցնում հեռախոսը։ Զանգն ակուրատնի գնաց, պատասխանող չեղավ, ատբոյ տվեցին, երկրորդ անգամ զանգեցի, արդեն անհասանելի էր։ Հիմա թե զարյադկան ա նստել, թե թուրքն ա անջատել, չեմ կարող ասել»,- պատմեց տուժողը։   Գեւորգյանի հետ վերջին զրույցից շատ անհանգիստ տպավորություն է ստացել Շահբարյանը․ «Էն Գեւորգը չէր, որին ես ճանաչում էի, հուսահատ․․․»։ Բացի Գեւորգյանից՝ Տոնականը կապի մեջ է եղել նաեւ գնդի հրամանատարի տեղակալի հետ, հոկտեմբերի 10-ից հետո նրանից է փորձել տեղեկություններ իմանալ, եւ որքան էլ նա ասել է՝ հանգիստ եղեք, ուղղակի տղաների տեղը հարմար չէ, Տոնականը նրա խոսքերում էլ է հուսահատություն նկատլ․ «Ոնց որ չուզենար ասել՝ ինչ ա կատարվում։ Երեւի նոյեմբերի 5-ի կողմերը կլիներ, ոնց որ ինձ ասի՝ հաշտվեք էդ մտքի հետ, որ չկան երեխեքը»։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Տոնական Շահբարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի մեղադրյալ Գոռ Իշխանյանի մասին, իր որդուց երբեւէ լսե՞լ է նրա մասին։ Շահբարյանն ասաց, որ թեպետ Գոռ Իշխանյանի հրամանատարության ներքո է ծառայել իր որդին, բայց քանի որ բժշկի բարձրագույն կրթություն է ունեցել, բանակում եղել է բուժակ ու զորամասում շատ չի առնչվել Իշխանյանի հետ։ - Ձեր տեղեկություններվ՝ ո՞ւմ հրամանով եւ երբ է Ձեր որդին վաշտի կազմով երթ կատարել Մարտունուց դեպի Հադրութ,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Միանշանակ իմ համոզմունքն ա, որ հրամանը բանավոր տվել ա Ջալալ Հարությունյանը, ինչի համար ա տվել, որովհետեւ ամսի տասին զորքը, գումարտակը մազապուրծ փախցնում են՝ չենթարկվելով հրամանատարությանը (խոսքը «9կմ» կոչվող տարածքում գտնված մեկ այլ զորքի մասին է)։ Հրամանատարն էլ հետները փախնում ա, Ջալալ Հարությունյանը տեղեկանում ա, որ էնտեղ արդեն զորք չկա, զանգում ա Գոռին, ասում ա՝ ինձ չի վերաբերում, էդ հարցերը լուծում ես։ [Գոռը] էրեխեքին 114 պոստից հանում ա, էդ անփույթ հրամանատարը, վխտացող բեսպիլոտնիկների տակ տանում ա կարկուտի բերան։  Ըստ տուժողի՝ Իշխանյանն ասել է՝ մենակ էդ 73 հոգին չէր, 150 հատ զոհ եմ տվել ես ըտեղ Տոնական Շահբարյանը հատուկ շեշտեց, որ սա ոչ թե իր հնարածն է, այլ իր ու մյուս ծնողների ներկայությամբ այդ մասին ասել է հենց ինքը՝ Գոռ Իշխանյանը․ «Նույնիսկ ավելացրեց՝ մենակ էդ 73 հոգին չէր, 150 հատ զոհ եմ տվել ես ըտեղ, հերթական հրամանը արդեն չէի կատարելու»,- պատմեց տուժողը՝ ասելով՝ «ինչի մենակ մեր էրեխեքն է՞ին խանգարում, հերթական հրամանը մեր էրեխեքի պահին պիտի ի կատար ածեիր»։ Այս հայտարարությունն, ըստ տուժողի, Գոռ Իշխանյանն արել է նոյեմբերին Արցախում։ Դահլիճից այլ ծնողներ էլ հաստատեցին՝ «մեր դեմն ա ասել, հարգելի դատարան»։ Այդ օրը, ըստ Շահբարյանի, Գոռ Իշխանյանն իրեն մի թուղթ է տվել, որն, իբրեւ, եղել է Ջալալ Հարությունյանի մարտական կարգադրությունը։ Հետո էլ Ջալալ Հարությունյանն է Շահբարյանին իր հեռախոսով ցույց տվել իր իսկ հրամանը, որը, ըստ տուժողի, չի համապատասխանել այն փաստաթղթին, որն իրեն տվել է Իշխանյանը․ «Ջալալի մոտ եմ մտնում, Հարությունյան Արայիկն (պատերազմի ժամանակ Արցախի նախագահը) ա դասավորում, ինքն էլ հանում ա ինձ ուրիշ հրաման ա ցույց տալիս հեռախոսի մեջ, ասում ա՝ ես ստեղ եմ հրաման տվել, ինքը ստեղ ա արել։ Հիմա ես չեմ իմանում՝ էդ դեպքից հետո ա՞ ինքը հեռախոսի մեջ զապիսներ արել, թե մինչեւ էդ ա արել։ Էդի արդեն Ջալալի հետ»,- ասաց Շահբարյանը։ Մեղադրողը խնդրեց ավելի մանրամասնել՝ այդ ինչ յուրային ուժերի մասին է խոսքը, որոնք, ըստ վկայի, դուրս են եկել այն տեղանքից, որտեղ զոհվել են 73 զինվորները։ Տուժողն ասաց, որ խոսքը Մարտունու բրիգադի հրամանատարի տեղակալ Սեւակ Սարգսյանի եւ նրա զորքի մասին է (Սեւակ Սարգսյանը անհետ կորած է համարվում 2023թ․ Ստեփանակերտի վառելիքի պայթյունի հրդեհից հետո)։ - Գոռ Իշխանյանը տեղյակ եղե՞լ է, որ Սեւակ Սարգսյանի զորքն այդ հատվածից դուրս է եկել,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Համարյա նույն հատվածն ա եղել, 1,5 կմ-ի տարբերություն ա եղել, ոչ ավելի։ Գոռ Իշխանյանը տեղյակ ա եղել, այո, էն ժամանակ, երբ զորք չի եղել ըտեղ արդեն, բաց ա եղել լրիվ։ [Գոռ Իշխանյանը Սեւակին] ասել ա՝ գնա Սեւակն էլ ասել ա՝ ոչ զորքն ա գնում, ոչ ես եմ գնում, դուք չեք պատկերացնում՝ ինչ մղձավանջ ա ընդեղ։ Դա եղել ա հոկտեմբերի 10-ի երեկոյան։ 24 ժամ չի անցել, որ մեր բալեքին տարել են ընդեղ, կտորել։ - Այսինքն՝ Գոռ Իշխանյանը տեղյակ ա եղել, որ երթը կատարվելու ա թշնամուն հանդիպելու պայմաններո՞ւմ։ - Տրամաբանորեն՝ հա։ Գոռ Իշխանյանը Հարավային Կովկասի համար 1 բունկերում ա եղել, տենց բունկեր չի եղել Հարավային Կովկասում, ոնց որ Մարտի 3-ում ա եղել, լրիվ ապահովված, իրա հրամկազմով։ Գոռ Իշխանյանի վեջին ա՞ եղել։ Ես էդ բունկերում եղել եմ։ Ես զինվորական եմ, 90-ականներին պատերազմի մասնակից մարդ եմ։ - Դուք Գոռ Իշխանյանին հարց ուղղե՞լ եք՝ ի՞նչ կանխարգելիչ միջոցներ եք ձեռք առել, որ մեր որդիները գնան, հավանական հանդիպման ժամանակ թշնամուն պատշաճ դիմադրություն ցույց տան։ - Գոռ Իշխանյանի հետ մենք բավականին երկար ժամանակ ուզում էինք հանդիպել, խուսափում էր։ Չերեզ Արայիկ Հարությունյան կազմակերպեցինք հանդիպում։ Ներկա էին շտաբի պետը՝ Կամո Վարդանյանը, Կարեն Առստամյանը, նույնիսկ էն ժամանակվա խաղաղապահների զորքերի հրամանատար գեներալ Մուրադովը։ Անձամբ Արայիկ Հարությունյանը հարց տվեց, ասաց՝ լավ, սաղ մի կողմ դրած, բա ձեր մարդկային խի՞ղճը, եքա 40կմ գրունտավոյ ճանապարհ ա, դա 10 րոպեյվա ճանապարհ չի, քո երեխաներն են եղել, խի՞ չես մի հատ կապի դուրս եկել, որ տենաս՝ ինչ եղավ, ո՞նց են, ո՞ւր հասան։ Շատ կարճ պատասխանեց, ասաց՝ չէի պատկերացնում, որ տղերքն էդքան շուտ կհասնեին, մտքովս չանցավ։ Հլը Արայիկ Հարությունյանը մատը սենց տնկեց։ Ըստ տուժողի՝ Կարեն Առստամյանն ասել է, թե Գոռ Իշխանյանն է սխալ ուղղությամբ տարել զորքին Հետո Շահբարյանն ասաց, որ Գոռ Իշխանյանն իրենց ասել է, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր «9կմ» գնացող վաշտին։ Բայց երբ հանդիպում են ունեցել Կարեն Առստամյանի հետ, նա ասել է, որ ինքը զորքին այդտեղ չպիտի հանդիպեր՝ «լրիվ սխալ ուղղությամբ ա բերել»։ ․ - Ես նոր եմ գալիս էն համոզմունքին, որ ընդեղ ոչ էլ Կարենն ա եղել, Կարենն էլ ա եղել փախած,- ասաց զոհվածի ծնողը։ - Իսկ Դուք տեղյակ ե՞ք՝ իրեն հայտնել ե՞ն, որ զորք ա գալիս,- հարցրեց մեղադրողը։ - Կարեն Առստամյանի ասելով՝ ինչ-որ 301 պազիվնոյ ա եղել։ Դա Գոռ Իշխանյանն ա եղել։  Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը ճշտեց՝ այսինքն՝ զորքի՝ կրակի տակ ընկելուց հետո են հայտնել Առստամյանին, Տոնական Շահբարյանը պատասխանեց՝ միանշանակ։ - Ասեմ ավելին՝ էսօրվա դրւթյամբ ոչ մի հրամանատար չի կարող ստույգ ասի՝ մեր էրեխեքը Ֆիզուլիի կողմից ե՞ն գնացել, մտել էդ կարկուտի տակ, թե Հադրութի կողմից։ Բաներ կա՝ իրար չի բռնում, իրանք էլ չգիտեն։ Այ էդ ձեւի անորոշ, փնթի վիճակ ա եղել։ Թող մեկը կանգնի, ռեալ ասի՝ մեր էրեխեքը որտեղով են գնացել։ Թող գա գնդի հրամանատարը, ասի, որովհետեւ ինքը ըտեղ չի եղել, չի տիրապետել։  Տոնական Շահբարյանը նշեց, որ զորքը նախանշված վայրից մոտ 4կմ էլ առաջ է գնացել, եւ, Գոռ Իշխանյանի ասածով, դրա պատճառն այն է եղել, որ դիմավորող չի եղել։ Տղաների մարմինները հայտնաբերվել են նշված վայրից հեռու։ Շահբարյանն ասաց, որ որոշ տեղեկություններ ունեն, համաձայն որոնց՝ վաշտը մարտի է բռնվել թուրքական «Յաշմայի» հատուկ ջոկատայինների հետ, 57 հոգու էլ սպանել, ինչը, ըստ նրա, հաստատել են թուրքերը։ Զոհվածի ծնողն ասաց, որ բանակի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից իրենց մոտ ձայնագրություններ կան, եւ եթե դատարանը պահանջի, դրանք անպայման կտրամադրեն։ Նա նաեւ ասաց, որ մինչեւ չեն պարտադրել, Գոռ Իշխանյանը չի դիմել Մուրադովին եւ ԿԽՄԿ-ին՝ իրենց որդիների մարմինները դուրս բերելու հարցով զբաղվելու համար․ «Ու մի հատ չեն զանգել, գոնե ասեին՝ ցավակցում ենք, էս ինչ օյին եկավ ձեր գլուխները»։ Տոնական Շահբարյանի որդին, ըստ ամենայնի, զոհվել է հրաձգային զենքից ստացած վիրավորումից։ Նրա հայրն ասաց, որ պարանոցի շրջանում՝ զարկերակի մոտ, հրազենային վնասվածք է եղել, կողքից՝ բեկորային․ «Կասկեն դրած, բրոնի ժիլետով ա եղել էրեխես, մի մազ պակաս չի եղել․․․ Էրեխուս գրպանում քարտ ա եղել, վայեննի բիլետը, ու օրացույց, որ խաչ դնի օրերի վրա, հաշվի»։ Եթե զորքը հասներ մինչեւ նախանշված վայր եւ առաջ չգնար, խնդիր կառաջանա՞ր Մեղադրյալների պաշտպան Արման Բայադյանը տուժողից հետաքրքրվեց, թե Գոռ Իշխանյանից հետո հրամանի անմիջական կատարողներն ովքեր են եղել։ Շահբարյանն ասաց, որ մեկը եղել է Սլավիկ Ավագյանը, Գեւորգ Գեւորգյանը, Արտակ Ղազարյանը, որը եղել է մի քանի օրվա լեյտենանտ։  - Ընդհանուր առմամբ Ձեր վրդովմունքը նրանից ա՝ ինչո՞ւ են նորակոչիկ երեխաներին տարել, եւ, ասյպես ասած, չկատարեն հրամանները, հա՞,- ճշտեց պաշտպան Բայադյանը։  - Հարգարժան դատապաշտպաններ, ոչ թե ինչու են տարել, այլ ուղղակի անուշադրության, փնթի ղեկավարման արդյունք ա եղել, հարցը նորակոչիկը չի, կարող ա մի հատ նորմալ մարդ լիներ հետները, նորմալ կազմակերպեր, ամեն ինչ ստացվեր։ Փնթի կազմակերպման արդյունքը սա է, որ էսքան ծնողների լույսերը մարեցին։ Տոնական Շահբարյանը հիշեց մի զրույց, որ ունեցել է Գոռ Իշխանյանի հետ մոտ մեկ տարի առաջ այստեղ՝ Երեւանում։ Նրանք պատահական են հանդիպել։ Ըստ Շահբարյանի՝ Իշխանյանը սկզբում իրեն չտեսնելու է տվել, իսկ հետո, երբ խոսակցությունն անխուսափելի է եղել, Իշխանյանն ասել է․ թե իր տեղը չի գտնում․ «Ասում ա՝ չմտածես, որ ես տեղս գտնում եմ։ Կգա ստեղ, խիղճ կունենա՝ կասի։ Ասում ա՝ Առստամյան Կարենը սաղ ջարդեց վրես, բայց հիմնական մեղավորն ինքն ա։ Իրա բառերն եմ ասում։ Ժամանակ տվեք, տեսեք՝ ոնց ա ամեն ինչ ընգնելու իրա տեղը»։ Պաշտպաններից Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ եթե զորքը հասներ մինչեւ նախանշված վայր եւ առաջ չգնար, խնդիր կառաջանա՞ր, թե՞ ոչ։ «Իրանց ասելով՝ եթե չանցեին, խնդիր չէր լինի»,- նշեց տուժողը։ - Ջալալ Հարությունյանը հրաման ա տալիս, որ մինչեւ «9կմ» գնացեք, անցեք Կարեն Առստամյանի հրամանատարության տակ։ Երեք հոգու ա տրված եղել էդ հրամանաը՝ դիվիզիայի հրամանատարին, Գոռ Իշխանյանին եւ Կարեն Առստամյանին։ Գոռ Իշխանյանը ասում ա՝ գնացեք էնտեղ։ Վերջին ինստրուկտաժը, ըստ գործի տվյալների, տալիս ա գումարտակի հրամանատարը։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ լավ, էլ ի՞նչ աներ ինքը, որ հրաման ա տալիս, ասում ա գնացեք մինչեւ «9կմ»։ Ի՞նչ աներ, էդ որ ասում եք՝ ինքն ա մեղավոր, ի՞նչ աներ, որ մեղավոր չլիներ։  - Հրամանատար դներ հետները, ոչ թե անփորձ մարդիկ։ Լրից բունկերից ա ղեկավարել, եթե ղեկավարել ա, ինքը մի հատ չի զանգել էդ երկու ժամվա մեջ։  Հաջորդիվ դատարանում ցուցմունք տվեցին նաեւ զոհված զինծառայողներ Արտյոմ Կիրակոսյանի եւ Անանիա Արամյանի ծնողներ Արթուր Կիրակոսյանն ու Սամվել Արամյանը։ Նրանց ցուցմունքները մեծ մասամբ համապատասխանում էին Տոնական Շահբարյանի ցուցմունքին։ Տարբերությունները կապված էին միայն որոշ դրվագներ հիշել-չհիշելու, որոշ բաներ լսած լինել-չլինելու հետ։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին, ժամը 11։00-ին։ Գլխավոր նկարում՝ Տոնական Շահբարյանը Հայարփի Բաղդասարյան
22:43 - 10 հոկտեմբերի, 2024
«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին

«Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել»․ մեղադրյալ փոխգնդապետը՝ նահանջի մասին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանի հարցաքննությունը։ Լեւոնյանը դատակոչված է որպես վկա նույն բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանին առնչվող վարույթի շրջանակում։ Իսկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Սեպտեմբերի 27-ին վկա Լեւոնյանի հարցաքննությունը կանգ էր առել մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի՝ վկային ուղղված հարցերի ընթացքում։ Գաբրիելյանը, ինչպես նախորդ նիստի վերջում, այսօր եւս հարցրեց՝ արդյոք Լեւոնյանի հրամանատարության ներքո գտնվող տանկիստները կզոհվեի՞ն, եթե տանկերում լինեին [խոսքը հոկտեմբերի 4-ի գիշերվա մարտի մասին է, որի ժամանակ զոհեր են եղել]։ Այս հարցը, թեեւ հնչել էր նախորդ նիստին եւ թեեւ Լեւոնյանն արձագանքել էր, այնուհանդերձ շարունակում է հուզել Հովիկ Գաբրիելյանին։ Նա երեք անգամ հարցրեց Լեւոնյանին՝ չէին զոհվի, չէ՞, եթե տանկերում լինեին։  «Ուրեմն, պատերազմական գործողությունների ժամանակ իմ ղեկավարած ստորաբաժանումը չի ունեցել որեւէ զոհ եւ վիրավոր տանկիստներից, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ տանկերը սկզբնական շրջանում որտեղ որ գտնվում էին, խոցվում էին ԱԹՍ-ներով։ Այդ իսկ պատճառով որոշ դեպքերում տանկիստները ոչ թե եղել են տանկերում, այլ տանկերի կողքին խրամատի մեջ, հարկ եղած դեպքում իրականացրել են իրենց գործողությունները»,- դատարանում ասաց Լեւոնյանը։ «Որ հակառակորդը հանդիպեր սպեցին, չէր հասնի մեզ» Վերջինիս նախորդ հարցաքննությունից պարզ էր դարձել, որ Լեւոնյանի եւ նրա անձնակազմի զբաղեցրած հատվածից ձախ եղել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ, իսկ նրանցից ձախ՝ Հովիկ Գաբրիելյանի հրամանատարության ներքո գտնվող զրահատանկային գումարտակը։ Հովիկ Գաբրիելյանը, դիմելով վկային, ասաց․ - Եթե ձեզ խորքից են խփել, ապա հակառակորդը, որ մտել ա խորք, մինչեւ ինձ ինձնից աջ գտնվում ա սպեցը, սպեցից հետո գտնվում ես դու, ո՞նց ա, որ հակառակորդը սպեցին չի հանդիպել, ու մարդ չի եղել ընդեղ, ու դու էլ չես իմացել դրա մասին։ - Ի՞նչ խորք։ Կողքից են խփել, թեւանցել են։ - Թեւանցել են, իսկ եթե թեւանցել են, [մինչեւ քեզ հասնելը] չի գտնվո՞ւմ սպեցը։  - Այո,- հաստատեց Լեւոնյանը։ - Չի հանդիպե՞լ սպեցը։  - Ոչ, որ հանդիպեր, չէր հասնի մեզ, էլի։ - Բա որ չի հանդիպել սպեցը, ուրեմն որտեղո՞վ ա մտել հակառակորդը։  - Դուք իմացել ե՞ք՝ որտեղ ա նաստած սպեցը, Վահագնը՝ իր անձնակազմով,- հարցրեց վկան, սակայն դատավոր Վարդգես Սարգսյանը նրան հիշեցրեց, որ մեղադրյալին հարցեր տալ չի կարող։ Լեւոնյանը շարունակեց, որ հակառակորդն այդ հատվածում չէր կարող հանդիպած լինել հատուկ նշանակության ստորաբաժանմանը, քանի որ նրանք ոչ թե ճանապարհի վրա են եղել, այլ բարձունքների․ «Իսկ էն ճանապարհը, որով հակառակորդը եկել ա, եղել ա պարոն փոխգնդապետի (նկատի ունի Հովիկ Գաբրիելյանին,- հեղ․) պաշտպանության շրջանի հատված»,- պնդեց Լեւոնյանը։ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե որտեղից է Լեւոնյանն իմացել, որ հակառակորդը իր տարածքից է թեւանցել, գուցե ձորի՞ միջով են եկել, քանի որ այդ տարածքում ձորեր են եղել։ Վկան պատասխանեց, որ հակառակորդն այդ տարածք մտել է տեխնիկաներով, հետո էլ վերադասը հաղորդել է, որ հակառակորդն «այսինչ» ճանապարհով է եկել․ «Էդի էն միակ ասֆալտապատ ճանապարհն ա։ Թե դաշտային, թե ասֆալտային ճանապարհը գալիս են էդ պաշտպանության շրջանով, դրա համար հստակ ասում եմ, որ ձեր պաշտպանության շրջանով ա եկել, ոչ թե սարերով»։ Երբ մեղադրյալը խնդրեց հստակ նկարագրել, թե Լեւոնյանի բնագիծն իր որ կողմում է եղել՝ աջ-առաջ, աջ-հետ, եւ այլն, վկան ասաց, որ դա կարող է նկարագրել, եթե քարտեզ լինի առաջը։ «Դուք փրկել եք Ձեզ եւ Ձեր ղեկավարաած ստորաբաժանումը՝ վնասելով մնացած ստորաբաժանումների կյանքը» Հաջորդիվ մեղադրյալը հարցրեց՝ Լեւոնյանը տեղյա՞կ է, որ իրենց նահանջից առաջ մոտ 3 ժամ օգնություն, գոնե տանկ է խնդրել․ - Ինչի՞ համար եք ինձ էդ հարցը տալիս։  - Որովհետեւ գիտեմ, որ լսել ես,- ասաց մեղադրյալը։ - Էդ պատճառով եք գնացել Հադրո՞ւթ,- հարցրեց վկան, սակայն դատավորը նորից զգուշացրեց, որ նա չի կարող հարցեր տալ եւ պետք է պատասխանի իրենց ուղղված հարցերին։  - Չգիտեմ, թե ինչի համար տանկ չեն տվել, ուզել ա, թե չի ուզել,- ասաց Լեւոնյանը։  - Ձեր մտածելով՝ ես իմ սեփական կյանքն ե՞մ փրկել, թե՞ իմ անձնակազմի,- հարցրեց Հովիկ Գաբրիելյանը։ - Իմ կարծիքով՝ Դուք փրկել եք Ձեզ եւ Ձեր ղեկավարած ստորաբաժանումը՝ վնասելով մնացած ստորաբաժանումների կյանքը։ Վկային հարցեր տվեց նաեւ դատավորը - Դուք Կոլյա Դավթյանին ճանաչո՞ւմ եք (նա պատերազմի ժամանակ եղել է Հովիկ Գաբրիելյանի տեղակալը եւ մինչ վերջինիս ռազմաճակատ մեկնելը ժամանակավորապես իրականացրել է նաեւ գումարտակի հրամանատարի պարտականությունները։ Կոլյա Դավթյանի հարցաքննությունն՝ այստեղ,- հեղ․)։ - Այո։ - Ո՞նց կբնութագրեք նրան որպես սպա։ Վախկոտ զինվորական է՞ր, թե՞ ոչ վախկոտ, իր զորքին առաջնորդող, ճշտախոս զինվորական է՞ր, թե՞ պրիմիտիվ ստախոս, պաթոլոգիկ ստախոս զինվորական, եւ նա իր գործին տիրապետող զինվորական է՞ր, թե՞ միջինից ցածր ունակություններով, ոչնչով աչքի չընկնող։ - Դավթյանին ճանաչում եմ շատ լավ, քանի որ մինչեւ նշված զորամասում տեղակալ նշանակվեը եղել է իմ մոտ վաշտի հրամանատար։ Էն պաներից ա եղել, որ առանձնացել ա իր կարգապահությամբ, ծառայությանը, ընտանիքին նվիրվածությամբ, եղել ա շատ պատրաստակամ ու լավ տանկիստ, լավ մասնագետ։ Ինչ վերաբերում ա պատերազմի ընթացքին, մինչեւ պարոն Գաբրիելյանի վերադառնալը հայրենիք (երբ պատերազմը սկսվել է, Հովիկ Գաբրիելյանը «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում,–հեղ․) ինքն ա հիմնականում ղեկավարկումն իրականացրել, մշտապես եղել ա կապի մեջ, մշտապես եղել ա անձնակազմի կողքին, չի եղել դեպք, որ մեկն ասի՝ ինչ-որ խնդիր ենք տվել, ինքը չի ուզում կատարի։ - Կարմիր թելի պես էս պրոցեսի ընթացքում գնում ա էն թեզը, որ երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանը ստանձնել ա հրամանատարությունը, չի ունեցել համապատասխան զինտեխնիկա, բնագիծը, որտեղ հանձնարարված ա եղել պաշտպանություն իրականացնել, համապատասխան կահավորում չի ունեցել՝ խրամատներ, խրամաբջիջներ, խրամուղիներ չեն եղել։ Գաբրիելյանը նշել ա, որ ունեցել ա նաեւ սպառազինության պակաս։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ մինչեւ Գաբրիելյանի՝ բնագծից ենթադրաբար նահանջելը, առհասարակ տենց խոսակցություն Կոլյա Դավթյանից, հետո Գաբրիելյանից, նրա մյուս ենթականերից թեզ շրջանառվել ա՞՝ սենց խնդիր կա։ Նման խոսակցություններ եղե՞լ են, թեկուզ էն ամենացածր մակարդակի, բամբասանքի մակարդակի։ - Ինչ վերաբերում ա դիրքերի չկահավորված լինելուն՝ համամիտ չեմ, քանի որ եթե 100 տոկոս չէ, ապա 80 տոկոս համալրված են եղել մեր բոլոր դիրքերը, քանի որ մենք եղել ենք մեր նախորոշված շրջաններում,- պատասխանեց վկան։  Իսկ ինչ վերաբերում է սպառազինությանը, տեխնիկային, Լեւոնյանը չհիշեց նման զրույցներ։ Նա ասաց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում էլ ունեցել է եւ անձնակազմի, եւ տեխնիկայի կորուստ։ Բայց, պատասխանելով դատավորի ճշտող հարցին, Լեւոնյանն ասաց, որ դժվար չիմանար, եթե սպառազինության, հագեցվածության լուրջ խնդիրներ ծագած լինեին։ Լեւոնյանը հերքում է վկաներից մեկի հայտարարությունը, թե իր անձնակազմը ձորակում հակառակորդի հետ մարտի է բռնվել Դատավոր Սարգսյանը հիշեցրեց, որ Կոլյա Դավթյանը դատարանում հարցաքննության ժամանակ նշել է, որ Լեւոնյանի անձնակազմը Գաբրիելյանի զբաղցրած հատվածից աջ է գտնվել․ «Ձեր բնագծի մոտ ձորակ ա գտնվել, ասում ա՝ մենք տեսանք, որ էդ ձորակ զրահատեխնիկա եկավ մտավ, Համլետ Լեւոնյանի զորքը կռվի մեջ մտավ ձորակ մտած հակառակորդի ուժերի հետ, եւ նաեւ մի պահ ցուցմունքի ժամանակ նշում է, որ նահանջի պատճառներից մեկն էլ դա է հանդիսացել։ Նման բան եղե՞լ է»։ Վկան ասաց, որ այդտեղ չէր կարող տեխնիկա մտնել, քանի որ տարածքը խիտ անտառներով է ծածկված եղել։ Նա հիշեց, որ հոկտեմբերի 4-ին այդ հատվածում դիվերսիոն խումբ է եղել, բայց հանդիպել է յուրային հատուկ նշանակության զորքերին․ «Բայց ընդեղ տարբեր ճանապարհներ կան դաշտային, որտեղով կարային մտնեին, բայց ձորակով չէին կարա»։ Լեւոնյանի նկարագրությամբ՝ իրենցից ձախ բլրակ է եղել, եւ ոչ իրենք կարող էին տեսնել ձախ թեւում տեղակայված յուրային զորքին, ոչ էլ՝ հակառակը։ Այս ասելով՝ նա հակադարձեց Կոլյա Դավթյանի՝ հարցաքննության ժամանակ արած այն հայտարարությանը, որ իրենք տեսել են ձորակ մտած հակառակորդի հետ Լեւոնյանի անձնակազմի մարտը։ - Այսինքն՝ արձանագրե՞նք, որ Գաբրիելյանի նահանջելու պահը չեք տեսել,- հարցրեց դատավորը։ - Միանշանակ,- հաստատեց վկա Լեւոնյանը։ Նա նշեց, որ հոկտեմբերի 5-ից հետո, երբ դուրս են եկել այդ տարածքից, նոր իմացել են ենթադրյալ նահանջի մասին։ Հաջորդիվ վկային հարցեր տվեց մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը․ - Ասացիք, որ ձեզնից աջ հատվածում՝ Ջաբրայիլի մասում, թշնամին բարձունք էր գրավել։ Այդ բարձունքը գրավելուց հետո հնարավո՞ր է՝ թշնամին այդ հատվածով ձեզ թեւանցեր եւ ձեր թիկունքում հայտնվեր։ - Ոչ։ Որովհետեւ մեզանից աջ եղել է մեր զորքերի շարունակությունը, իսկ էդ ասածս բարձունքը եղել է դիմացով։ Բացի էդ, որ եկել են ձախ կողմից, մենք տեսել ենք, անձամբ ես էլ եմ տեսել։ Սկզբից մենք մտածել ենք, որ մեր սպեցն ա գալիս խմբերով, հետո պարզվել ա՝ չէ։ - Հնարավո՞ր է՝ թշնամին սարի տակով գար, ճեղքեր հատվածը, սակայն դուք չնկատեիք։ - Ես ասում եմ՝ անձամբ տեսել եմ, թե ոնց ա հակառակորդն եկել։ Համլետ Լեւոնյանը, պատասխանելով պաշտպանի հարցերին, ասաց, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան արդեն հակառակորդի հետ մարտի են բռնվել դիմային հատվածում։ Պաշտպանը ընթերցեց մի քանի զինծառայողների անուններ՝ նշելով, թե ով ինչ վիրավորումից է զոհվել, եւ ասաց, որ վիրավորումների մեջ կան նաեւ բեկորայիններ։ Պաշտպանն ուզում էր հասկանալ, թե ինչպես են հրաձգային մարտի ժամանակ բեկորային վնասվածքներ ստացել։ Վկան նշեց, որ հակառակորդի հետեւակի հարձակողական գործողություններին ընթացքն ապահովել է հակառակորդի հրետանին։ Սակայն դատավորը թույլ չտվեց վիրավորումների մասին հարցեր հնչեցնել՝ ասելով, որ դրանք Համլետ Լեւոնյանին վերաբերելի չեն՝ նա չունի դատաբժշկական գիտելիքներ, ուստի չի կարող պատասխանել։ Դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց ըստ անհրաժեշտության դատակոչել դատաբժշկին։ Հանրային մեղադրողը հակասություններ է նկատել վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Համլետ Լեւոնյանի նախաքննական ցուցմունքները՝ ասելով, որ հակասություններ կան դատարանում տված ցուցմունքի հետ։ Հակասությունները վերաբերում են Հովիկ Գաբրիելյանի ենթադրյալ նահանջի արդյունքում իր անձնակազմի զոհերի թվին։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում իր երկու ցուցմունքներում Լեւոնյանը նշել է 12 զոհի մասին, իսկ այժմ դատարանում՝ դատարանում, 9 զոհի։ Վկա Լեւոնյանը ցուցմունք է տվել 2022թ․ նոյեմբերի 10-ին եւ 2023թ․ նոյեմբերի 6-ին։ Ըստ հանրային մեղադրողի՝ երկու ցուցմունքներում էլ նա նշել է, որ Հովիկ Գաբրիելյանի ենթադրյալ նահանջի արդյունքում ունեցել է անձնակազմի 12 կորուստ։ Այդ 12-ի թվում, ըստ մեղադրող Մղդեսյանի, վկան նշել է նաեւ Վաղարշակ Բաղդասարյանի անունը, որը զոհվել է հոկտեմբերի 4-ին։ Դատարանում հարցաքննության ժամանակ Լեւոնյանն ասել էր, որ Վաղարշակ Բաղդասարյանն ու Դավիթ Խաչատրյանը զոհվել են հոկտեմբերի 4-ի գիշերը, ինչը, նրա պնդմամբ, կապ չունի Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ։ Դատարանում նա նաեւ ասել է, որ այդ օրը զոհվել է մեկ սպա։ Մի պահ մտորելուց հետո վկա Լեւոնյանն ասաց, որ, ամեն դեպքում, հիմա դեպքերն ավելի մանրամասն է հիշում։ Դատավորը ճշտեց՝ հիմք ընդունել դատարանում տված ցուցմո՞ւնքը, ինչին վկան դրական պատասխանեց։ Զոհված զինծառայողի հորը հանգիստ չի տալիս հարցը՝ ինչի՞ց են զոհվել իր որդին ու նրա մարտական ընկերը Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, դատարանում նշեց, որ իր որդին եւ Դավիթը չէին կարող տարբեր օրերի զոհված լինել, քանի որ նրանց մարմինները միասին են հայտնաբերվել՝ նույն տեղից։ Հրաչիկ Բաղդասարյանը վկայից հետաքրքրվեց՝ մարտական գործողությունների վայրում տեսախցիկներ եղե՞լ են, կա՞ն նկարահանված կադրեր։ Վկան պատասխանեց, որ որոշ հատվածներ տեսագրվել են, եւ այդ կադրերը, ըստ ամենայնի, Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում են։ Դատավորն արձանագրեց, որ դրանք ինչ-որ պահի արժե հետազոտել դատարանում։  Բաղդասարյանին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչից են զոհվել իր որդին ու նրա մարտական ընկերը՝ Դավիթ Խաչատրյանը։ Բաղդասարյանն ասաց, որ նրանց մարմիններից մի կադր կա, որտեղ երեւում է, որ տղաները իրար վրա են՝ կարծես մեկը մյուսին մարմնով ծածկած։ Բայց երբ նրանց մարմինները դուրս են բերվել, հնարավոր չի եղել պարզել՝ ինչ վիրավորումից են զոհվել։ Լեւոնյանն իր նախորդ հարցաքննության ժամանակ ասել էր, որ այն զենքը, որից զոհվել են տղաները, իրեն անծանոթ է։ Նախորդ նիստի ժամանակ զոհվածի հայրը վկայից հետաքրքրվել էր, թե երբ է իմացել Վաղարշակի ու Դավիթի անհետացման լուրը, ինչին Լեւոնյանը պատասխանել էր, որ գիշերը նրանց չեն տեսել, հետո մարդ են ուղարկել։ Այս նիստում Լեւոնյանն ասաց, որ նա, ով գնացել է տղաներին գտնելու, եկել ու ասել է, որ զենքերը տեղում են, բայց տղաները չեն երեւում։ Հրաչիկ Բաղդասարյանը կասկած հայտնեց, որ գուցե այդ մարդը չի էլ մոտեցել տեղանքին։ Վկան նշեց, որ եթե շատ չմոտենար զենքերին, կարող էր տարածքն ամբողջությամբ չտեսնել ու չնկատեր տղաներին։  Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը հայտարարությամբ հանդես եկավ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ։ Նա ասաց, որ ինքը 30-ին մոտ զոհ, 50-ին մոտ վիրավոր է ունեցել, բայց այսօր չկա մի ծնող, որ իրեն մի «ցուրտ» բառ ասի․ «Պայթում եմ ես, իրանք պահը բռնցրալ են․․․։ Իմ ձագերին փրկելու համար էսօր ես տառապում եմ, բայց իրանց զոհվելու համար՝ իմ ազգիս հերոս զավակների, պատասխանատու չեմ։ Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, ես ձեզ երդվում եմ․․․։ 17 տանկ, 20 հատ ԲՄՊ չի կարացել, 10 րոպե ա բոյ տվալ, էսօր ինքը (նկատի ունի վկա Լեւոնյանին,-հեղ․) հի՞նչ ասի, մի բառ ծուռ ասի՝ կդատեն էսքան զոհերի համար․․․։ Ես, տա աստված, մի հատ տեսանյութ բացվի, եւ կպարզվի իրականությունը։ Էսօր ես ո՞նց ասեմ, էդ տանկիստները, ինը հոգի նշում ա, էդ երեխեքը չպիտի դուրսը լինեին, ես ոնց ասեմ, ոնց ապացուցեմ, մեկը պիտի՞ հասկանա, որ էդ երեխեքին հանել ա դուրս ու կոտորել։ Իրավունք չունեին․․․ Էդ իմ մեղքը չէր, բա խի՞ իմ տանկիստներին ես չեմ հանել տանկերի միջից․․․։ Ինչ կա չկա՝ Գաբրիելյանի վրա, ֆսյո․․․»։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին։  Հայարփի Բաղդասարյան
23:19 - 09 հոկտեմբերի, 2024
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ |tert.am|

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ |tert.am|

tert.am: Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և թույլ է տվել հասնել հրադադարի Լեռնային Ղարաբաղում: Ընդ որում, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առաջընթաց չկա արդեն շուրջ մեկուկես տարի: Սյս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առնվազն մեկուկես տարի առաջընթաց չկա»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Օվերչուկի խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
10:12 - 09 հոկտեմբերի, 2024
«Խուռհատ սար»-ի գործով մեղադրյալը վկային է հերքում, վկան՝ մեղադրյալին

«Խուռհատ սար»-ի գործով մեղադրյալը վկային է հերքում, վկան՝ մեղադրյալին

44–օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ Հայկազ Գրիգորյանը երեկ բերվել էր Երեւանի քրեական դատարան՝ Խուռհատ սարի գործով կրկնակի հարցաքննության։ Գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Իշխան Վահանյանին, որը մեղադրվում է իշխանության անգործություն ցուցաբերելու եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Հայկազ Գրիգորյանը մեկն է այն սպաներից, որի հետ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկ անձնակազմը չկանոնակարգված նահանջ է իրականացրել։ Ավելի քան երկու տարի առաջ այս դեպքերի մասին դատարանում որպես վկա հարցաքննվելուց հետո հետո Գրիգորյանը եւս մեղադրյալի կարգավիճակ է ստացել․ նրա ցուցմունքի հիման վրա հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր եւս մեկ քրեական վարույթ։ Այսօր թե՛ Վահանյանը, թե՛ Գրիգորյանը կալանքի տակ են։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առանցքային մի շարք դրվագների վերաբերյալ նրանք շարունակ հակասում եւ հերքում են իրար։ Իշխան Վահանյանը զորքի ղեկավարումը եւ ռադիոկապը հանձնե՞լ է Հայկազ Գրիգորյանին թե՞ ոչ Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Հայկազ Գրիգորյանին տեղեկացրեց՝ որպես վկա նա պարտավոր է ցուցմունք տալ, սակայն եթե կլինեն հարցեր՝ առչվող իր վերաբերյալ քրեական գործին, իրավունք ունի հրաժարվել դրանց պատասխանելուց։ Հիշեցնելով մեղադրյալ Իշխան Վահանյանի խոսքերը, թե նախքան հոսպիտալ մեկնելը զորքի ղեկավարումը եւ վերադաս հրամանատարության հետ կապի միջոցը հանձնել է Հայկազ Գրիգորյանին՝ դատավորը դիմեց վերջինիս․ – Եղե՞լ է նման բան։ – Մինչեւ գնալը ինձ ոչ մի հանձնարարություն, ոչ մի բան չի եղել, ինձ ռադիոկապ չի հասել, ինձ մոտ եղել է «Այքոն» տեսակի ռադիոկապ, որը գործում է գումարտակի ցանցի  ներսում միայն։ - Բա որ տեսաք՝ գնում է, չասացի՞ք՝ ռացիադ տուր։ - Նենց վիճակ էր, այնքան շատ վիրավորներ կային, դրա մասին չէինք մտածում,- ասաց վկան՝ հավելելով, որ հետագայում հոսպիտալից ուղարկել են Վահանյանի ռադիոկապը, ինքն էլ այն փոխանցել է սպառազինության գծով տեղակալին։ Վահանյանը, սակայն, հերքեց սա։ Դատավորի հարցին, թե ինչ նշում կար Վահանյանի ռադիոկապի վրա, վկան դժվարացավ պատասխանել․ - Եթե դա Վահանյանի «Հայդարան» է, դրա վրա գրվածք է եղել, անհնար է՝ հանձնած լինեք ու տեսած չլինեք։ - Կարողա շպ (շտաբի պետ,-հեղ․) գրած լիներ, չեմ հիշում։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Հայկազ Գրիգորյանը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հիշեցրեց՝ Վահանյանը դատարանում հայտնել է, որ վիրավորումից հետո 30 րոպե մնացել է տեղանքում, իր V82 ռադիոկապով զորամասի հրամանատար Արթուր Քարամյանին զեկուցել իր վիրավորման մասին եւ լիազորությունները փոխանցել Հայկազ Գրիգորյանին․ – Ըստ Վահանյանի՝ այդ ժամանակ Դուք գտնվել եք նրա կողքին,– դիմելով Գրիգորյանին՝ նշեց դատախազը։ – Ես տենց բան ընդհանրապես չեմ հիշում, տենց բան չի եղել,– պնդեց վկան։ – Բայց Արթուր Քարամյանը կապի դուրս եկե՞լ է (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ – Ոչ, բջջայինով զանգել ենք, չի պատասխանել,– ասաց վկան՝ հավելելով, որ չէր էլ կարող, որովհետեւ իրենց մոտ եղած ռադիոկապերի հաճախականությունները տարբեր էին։ – Վահանյանը նշել է, որ V82-ով կապվել է Քարամյանի հետ։ Նա կարողացել է, Դուք ինչո՞ւ չեք կարողացել։  – Չեմ կարող պատասխանել այդ հարցին, հաճախականության տիրույթները տարբեր են, V82-ը ավելի քիչ հեռավորության վրա է բռնում։ Գեւորգ Ավետիսյանը ընդգծեց՝ թե՛ Հայկազ Գրիգորյանը, թե՛ անձնակազմի հետ մնացած մյուս 3 սպաները միաձայն պնդում են, որ իրենց մոտ եղած ռադիոկապով խոսել կարող էին միայն գումարտակի ներսում, սակայն զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանը եւս դատարանում հայտարարել է, որ գումարտակի շտաբի պետի, այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի մոտ եւս «Հայդարա» տեսակի ռադիոկապ է եղել, որով նա հանգիստ կարող էր կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ։ Գրիգորյանի պատասխանը, սակայն, չփոխվեց․ «Ես չեմ ունեցել, երբ վաշտի հրամանատարից ստանձնել եմ շտաբի պետի պաշտոնը, ինձ չի տրվել»,– պնդեց նա։ Հայկազ Գրիգորյանը օգնե՞լ է Վահանյանին նստել մեքենան թե՞ ոչ Վկա Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ վերջին անգամ Վահանյանին տեսել է Խուռհատ սարի ներքեւում, երբ վիրավորներին մեքենա էին նստեցնում։ Լսել է, որ Վահանյանն էլ է ասել, թե վիրավոր է, սակայն եղել է ոտքի վրա, եւ իր տպավորությամբ՝ վիրավորման մասին հուշող ոչինչ չի եղել․ «Ես վիրավորը սենց եմ հասկանում․ մի տեղից արնահոսում է, թեւն է կտրված, ոտքն է կոտրված, հրազենային վիրավորում կա, իսկ եթե, ասենք, գլուխս է ցավում, էդ վիրավորում չէ»,– ասաց նա։ – Վահանյանը նաեւ ասել է, որ երբ վիրավորում է ստացել, Դուք օգնել եք նրան իջնել դեպի ավտոմեքենա։ – Ես տենց բան չեմ հիշում, չի եղել։  Այս դրվագի առնչությամբ Վահանյանը հիշեցրեց՝ անգամ ժամկետային զինծառայողներից մեկն է նախաքննության ժամանակ ցուցմունք տվել, որ ինքը ներկա է եղել, երբ Հայկազը, իր թեւը բռնած, իջեցրել է իրեն։ Դրանից հետո Վահանյանի համար անհասականալիորեն քննիչը ինքնաբացարկ է հայտնել։ Վահանյանն էլ ենթադրել է՝ դրսիցի ինչ-որ ճնշում է եղել․ «Նստեցրել է ինքը (նկատի ունի՝ Հայկազը,-հեղ․), ճանապարհել է ինքը,  սրանից էն կողմ ճշտություն չկա»,- նշեց Վահանյանը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ Վահանյանից հետո զորքի ղեկավարումը ստանձնել են ինքն ու մեկ այլ վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը։ – Բայց դուք գիտեք, որ երկու հոգի չի կարող,- ընդգծեց դատավորը։ – Հարգարժան դատարան, բոլոր որոշումները կայացրել ենք միասին։ – Դատարանում տարբեր ցուցմունքներ են հնչել նահանջի հետ կապված․․․ Վերջիվերջո ի՞նչն է եղել պատճառը, որ զորքը բաժանվել է,– հարցրեց դատավորը։ – Իմ մտածելակերպով՝ խուճապը, մեկ էլ հակառկորդի կրակոցները, վիրավորները, խառը: Հիշեցնենք՝ նախորդ անգամ դատարանում ցուցմունք տալիս վկան ասել էր՝ իրավիճակն այնպիսին էր, որ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։ – Իսկ ո՞նց ստացվեց, որ Հովհաննես Մուրադյանի (զոհվել է,-հեղ․) հետ մնացած անձնակազմն ու դուք առանձնացանք։ Հիշեցնենք՝ նահանջի ժամանակ զորքը մասնատվել է․ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ գնացած անձնակազմը նահանջել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ եւ ընկել շրջափակման մեջ։ – Իրենք մեզնից շուտ են դուրս եկել,– պատասխանեց վկան՝ պնդելով նաեւ իր նախկինում հայտնած տեղեկությունը, թե նահանջի ժամանակ՝ մեկ այլ սարի գլխին, իրենք հրետակոծության տակ են ընկել։ Այդ հանգամանքը այլ վկաներ դատարանում հերքել են։ Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ Վահանյանից հետո զորքի հետ մնացել է 3 սպա, 1 ենթասպա։ Զորքի քանակը եղել է 70-ին մոտ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս էին բաշխված 4 սպաներով․ «Ես ու Վազգենը եղել ենք դեմից՝ անձնակազմը իրարից հեռու–հեռու, մեջտեղում եղել է Ղարիբյան Արսենը (նրա ցուցմունքը՝ այստեղ), վերջում էլ՝ ավագը՝ Ջավադյան Ղարիբը»,– պատմեց վկան։ Վահանյանն էլ հավելեց՝ սարը բարձրանալիս եղել են 90 հոգով․ 2 «Ուրալներ»-ի մեջ՝ 25-ական զինվոր, 2 «Կամազներ»-ի մեջ՝ 20-ական․ «Էսօրվա պես հիշում եմ»,- ասաց նա։ Ըստ Իշխան Վահանյանի՝ վկան ճնշման տակ սուտ ցուցմունք է տալիս Երբ հերթը հասավ մեղադրյալ Վահանյանին, վերջինս նախքան հարցեր տալը դատարանին խնդրեց անցնել դռնփակ ռեժիմի․ – Ինչի՞ համար,– հարցրեց  դատավորը։ – Ավելի մանրամասների։ – Չէ, դռնփակ դատական նիստ անցկացնելու հիմքերը օրենքով են սահմանված, ուղղակի Ձեր ցանկությամբ չենք կարող,– ասաց դատավորը՝ պարզաբանելով այդ հիմքերը։ – Վկայի հետ կապված հարցեր կան․․․ Ես շատ բան կարամ պարզաբանեմ, –ասաց Վահանյանը։ Դատարանը, սակայն, որոշեց հարցաքննությունը շարունակել դռնբաց ռեժիմով։ Իշխան Վահանյանը պատմեց՝ Արսեն Ղարիբյանին, որպես առանձին դասակների հրամանատար, հասնում էր «Հայդարա» տեսակի կապի միջոց, եւ դա, ըստ Վահանյանի, եղել է Հայկազ Գրիգորյանի մոտ, ուստի նա կարող էր վերադաս հրամանատարության հետ կապի դուրս գալ։ – Չէ, տենց չի եղել, եթե Ղարիբյանի ռացիան է, ինձ մոտ ի՞նչ գործ ունի,– հերքեց Գրիգորյանը։ Ըստ Վահանյանի՝ Գրիգորյանն իր ռադիոկապը տվել է ենթասպա Ղարիբին (զոհվել է,-հեղ․), ինքն էլ իր V82 ռադիոկապն է տվել Գրիգորյանին․ «Ինքը ինչի՞ սա դատարանում չի ասում, [որովհետեւ], անցած անգամ էլ ասեցի, ճնշում է եղել, ու որ դեմից տենց է ասել, հիմա տենց ասելով գնում է, ու ես էդ էլ կարող եմ մանրամասն բացատրել»,– ասաց Վահանյանը։ – Սա Ձեր վերջին հնարավորությունն է դա անելու,– նշեց դատավորը։ Վահանյանը պատմեց, որ նախորդ նիստից առաջ ինքն ու Գրիգորյանը մի պահ իրար տեսել են (պահվում են նույն ՔԿՀ–ի տարբեր հարկերում, դատարան են բերվում նույն մեքենայով,–հեղ․), Գրիգորյանն ասել է՝ հիշում է, որ Վահանյանը ռադիոկապը տվել է իրեն, որոշել է գալ, այս անգամ ճիշտը պատմել, մինչդեռ այսօր՝ դատարան գալու ճանապարհին, ըստ Վահանյանի, նա ասել է, թե խորհրդակցել է իր փաստաբանի հետ, եւ փաստաբանն ասել է՝ դա սուտ մատնություն կդիտարկվի, ինչ նախկինում ես ասել, դա էլ կասես․ «Ճշտությունը ես հատիկ–հատիկ ասել եմ ու դրա բացատրությունը տալիս եմ, սրանք իր ասած բառերն են»,– ասաց մեղադրյալը։ Վկա Գրիգորյանը սակայն, պնդեց՝ նախկինում ինչ ասել է, ճիշտ է ասել։ Նա չհերքեց միայն փաստաբանի հետ խորհրդակցելու հանգամանքը։ Դատարանը հարկ համարեց պարզաբանել, որ ըստ օրենքի՝ եթե վկան այս փուլում ասի, որ նախկինում ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված մի բան է ասել, բայց իրականում այլ կերպ է, կազատվի պատասխանատվությունից, բայց եթե հետագայում պարզվի, որ նախաքննության կամ դատաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները սուտ էին, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել․  – Ճշմարտությունը ասելու րոպեն է։ Այն, ինչ եղել է Ղարաբաղում, այն, ինչ լսել ենք դահլիճում, անցավ։ Թացը չորի հետ խառնվել էր, մեղավոր–անմեղ, ինչ ասես, եղել է, հիմա իրավական գործընթացն է, չենք ասում՝ Վահանյանին օգնիր կամ օգնիր դատապարտվի, բայց ամեն հանգամանք կապ ունի,– նշեց դատավոր Հայրապետյանը։ Գրիգորյանը հետ չկանգնեց իր ոչ մի խոսքից։ Հայտնեց միայն՝ այսօրվա նիստի ճանապարհին Վահանյանն անընդմեջ խոսում էր, ասում՝ ես վիրավորվել եմ, ես քեզ կապի միջոց տվել եմ, դու ես ինձ օգնել, ինքն էլ խոսակցությունը ցրելու համար ընդամենը «հա–հա» է ասել։ Վահանյանն էլ իր հերթին պնդեց իր ցուցմունքը՝ շարունակելով մանրամասնել, թե ինչու է վստահ, որ վկան ճնշման տակ է։ Ըստ նրա՝ Հայկազը պատմել է, որ 2022 թ․ հարցաքննության ժամանակ դատարանի բակում իր հորն ու հորեղբորը ծեծել են, հոր գլխին 7 տեղից կար է դրվել․ «Ասել է՝ ուզեի–չուզեի, պիտի գայի, տենց ասեի, ասեցի՝ քո մի վատ բան ասելով՝ վնասում ես ուրիշին, դու կգաս, ճիշտը կպատմես, ինձ ավել ոչ մի բան պետք չէ, ասեցի՝ դատարանում սա կբարձրաձայնեմ, մնացածը դու կշարունակես, ասեց՝ պրոբլեմ չկա, ու հիմա սենց․․․ Մի բան էլ ասեմ․ երբ ասում էի՝ դատարանն է քեզ ու Քարամյանին դատակոչել, բա չէ, նա չի գալու, ասում եմ՝ ի՞նչ գիտես, բա չէ, հաստատ չի գալու, ու ինձ մոտ ներքին համոզմունք է ձեւավորվում, որ կա պայմանավորվածություն, որ եթե կա քրեական գործ, կա տուժող, կա մեղադրյալ Իշխան, վերջ, մենք մաքուր ենք․․․ Ուզում էին իրենց վրայից գցել, ողղակի չէին հավատում, որ կարողա իրենք էլ դատարանի առաջ կանգնեին»,– ասաց Վահանյանը։ Վահանյանի այս ցուցմունքի ընթացքում Հայկազ Գրիգորյանը քմծիծաղ էր տալիս։ Դատավորի հարցին՝ իր հորն ու հորեղբորը ծեծե՞լ են, նա դրական պատասխանեց, սակայն նշեց՝ չի հիշում եւ չի կարող ասել, թե ովքեր եւ ինչի համար։ - Երբ նախորդ անգամ ցուցմունք էիք տալիս, տուժողների իրավահաջորդները հայտարարություններ էին անում՝ նայիր, հանկարծ սխալ բան չասես, թե չէ գլուխդ կջարդենք․․․ Նախապես պայմանավորվե՞լ էիք, թե ինչ ցուցմունք տալ,- հետաքրքրվեց դատավորը։ - Ես ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի բան էլ չեմ արել, ինչ կա, ներկայացրել եմ անցած ցուցմունքում էլ, էս ցուցմունքում էլ,- պատասխանեց վկան։ Հանրային մեղադրողը դիմեց Վահանյանին՝ եթե սպաները կարող են ինչ–ինչ շահագրգռվածություն ունենալ իր դեմ խոսելու համար, ապա ժամկետային զինծառայողների շահագրգռվածությունը ո՞րն է։ Վահանյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց, ենթադրեց, որ զինվորներն էլ իրար մեջ են շփվել, գուցե իրար հետ պայմանավորվել։ Գեւորգ Ավետիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հարցաքննված զինծառայողներից մեկին՝ Մոնթե Պողոսյանին, դատակոչել են հենց Վահանյանի հորդորով, դրանից առաջ նրա անունը ոչ տուժողները, ոչ մեղադրող կողմը չի տվել, հետեւաբար նրա վրա այդ ենթադրյալ ճնշումը չի եղել։ Բայց անգամ Մոնթեն է եկել եւ Վահանյանի դեմ ցուցմունք տվել՝ նշելով, որ դեպի հոսպիտալ ճանապարհի մասին մանրամասները, որ Վահանյանը պատմում է, ինքն է նրան պատմել, Վահանյանն իրականում իրենց հետ չի եղել։ Վահանյանը սրան պարզաբանում չուներ։ – [Հայկազ Գրիգորյանը] ասում էր՝ V82-ով փորձել եմ կապվել Քարամյանի հետ, լավ չէր լսվում, բջջայինով եմ խոսել, հետո 2 անգամ փորձել եմ, անհասանելի է եղել, կապնվել եմ Մելքումյան Արարատի հետ (Մարտունու քաղաքապետն էր,-հեղ․),– հավելեց Վահանյանը։ – էդ ամեն ինչը իր հրահանգավորումն է, ես էլ բան չունեմ խոսելու,– նշեց վկան։ – Այսինքն՝ պնդում եք, որ Վահանյանն ինչ ասեց, ձեզ հրահանգավորե՞լ է,- հարցրեց դատավորը։ – Այո։ – Ե՞րբ։ – Անցած նիստին գալու ճանապարհին։ – Եվ Դուք պնդում եք, որ իր ասածով չի եղել։ – Այո։ Դատավորի հարցին, թե զինծառայողների զոհվելու համար ով է մեղավոր, վկան չկարողացավ պատասխանել։ – Վահանյանը մեղավորության չափաբաժին ունի՞։ –Դժվար հարց է, չեմ կարող ասել,-նշեց նա։ Հարցաքննության վերջում Վահանյանը վերահաստատեց իր խոսքերը․ – Հստակ ասում եմ՝ ճնշումներ են եղել, ում կողմից՝ չգիտեմ։ Հիմա ես ավելի քան համոզված եմ, որ իմ ցանկացած գործողություն եղել է իրավաչափ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին։    Միլենա Խաչիկյան
12:59 - 04 հոկտեմբերի, 2024
Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները պատկերող ամենօրյա թարմացվող գործիք

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները պատկերող ամենօրյա թարմացվող գործիք

Այս գործիքը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները՝ ամենօրյա թարմացմամբ։ Տվյալները վերցված են երկու երկրների Պաշտպանության նախարարությունների կայքերի անգլերեն բաժիններում հրապարակված հաղորդագրություններից։  Պաշտոնական հաղորդագրությունների վերլուծության արդյունքում եզրահանգել ենք, որ խոշոր էսկալացիաներին հաճախ նախորդում են տեղեկատվական արշավները։ Հետևապես գործիքը հնարավորություն է տալիս կատարել իրական ռազմական գործողությունների վերաբերյալ կանխատեսումներ և արդեն առկա տվյալների հիման վրա վերլուծություններ։    Ինչպես ենք հաշվել Լեզվական մոդելի միջոցով ընտրել ենք միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են սահմանային սրացումներին, ինչպիսիք են կրակահերթերը, ռազմական տեխնիկայի կուտակումները, սադրանքները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, մարտական ​​գործողությունները, հրետակոծությունը, տեխնիկայի ոչնչացումը կամ պարզապես սրացումների մասին մյուս կողմի տարածած լուրերը հերքող հաղորդագրությունները։  Այնուհետև զտել ենք միայն այն լուրերը, որոնք ուղիղ նշում են Ադրբեջանը՝ որպես հակառակորդ կամ Արցախի պաշտպանության բանակը՝ որպես Հայաստանի դաշնակից, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության ուժերը՝ որպես Ադրբեջանի հակառակորդ։ Ընտրված հաղորդագրություններն այնուհետև բաշխել ենք՝ ըստ հրապարակման օրվա, որը թույլ է տվել հստակ պատկեր ստանալ ժամանակի մեջ միտումների մասին։ Ընդհանուր միտումը ցույց է տալիս սրացումների վերաբերյալ հաղորդագրությունների քանակն ըստ օրերի՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից: Ամիսներն ու տարիները բաշխված են X առանցքում, հաղորդագրությունների քանակը՝ Y առանցքում, իսկ գծապատկերի կետերը արտացոլում են երկու երկրների ՊՆ-ների հաղորդագրությունների թիվը: Գրաֆիկի գծերը ցույց են տալիս սրացումների մասին հրապարակումների միտումները՝ հարթեցված 10 օրվա միջին ցուցանիշով:   Հեղինակ՝ Յուրի ԱգաֆոնովԳիտաշխատող, Երևանյան միջազգային կրթության կենտրոն (YCIE), Scrapalyze Lab
22:06 - 30 սեպտեմբերի, 2024
Պատերազմից 4 տարի անց. կողմերի հռետորաբանության մասին տվյալների վերլուծություն

Պատերազմից 4 տարի անց. կողմերի հռետորաբանության մասին տվյալների վերլուծություն

44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է: Ժամանակակից զինված հակամարտություններում գործողությունները ծավալվում են ոչ միայն «դաշտում», այլ նաև տեղեկատվական միջավայրում։ Երբեմն տեղեկատվական պատերազմն ավելի նշանակալի է լինում՝ էապես ազդելով կողմերի կարողությունների վրա: 2020 թվականի իրադարձությունները և ավելի ուշ սահմանային սրացումները բազմաթիվ հետքեր են թողել տեղեկատվական դաշտում՝ լրատվական և պաշտոնական հաղորդագրությունների տեսքով։ Թեև պաշտոնական հաղորդագրությունները հաճախ կողմնակալ են՝ ուղղված հասարակական կարծիքի ձևավորմանը և տեղեկատվական քարոզարշավներն աջակցելուն, բայց դրանք շարունակում են արժեքավոր աղբյուր մնալ երկարաժամկետ միտումները դիտարկելու, և կողմերի հռետորաբանական ռազմավարությունները վերլուծելու տեսանկյունից: Պատերազմին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին հավաքված տվյալներն արդեն մեզ թույլ են տալիս հետահայաց և ավելի խորքային անդրադառնալ կողմերի հռետորաբանությանը՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների պաշտոնական հայտարարությունների վրա։ Սահմանային սրացումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների ամենօրյա հրապարակումների քանակը՝ հարթեցված 10-օրյա միջին ցուցանիշով Այս գործիքը թույլ է տալիս հետևել սահմանային սրացումներին՝ ամենօրյա ռեժիմով։ Գործիքին առանձին հասանելիություն կարող եք ունենալ այստեղ։  Այս գծապատկերը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված հակամարտությունների, սահմանային սրացումների և սադրանքների մասին բոլոր պաշտոնական հայտարարությունները (տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդաբանության մասին կարդացեք ստորև՝ «Ինչպես ենք հաշվարկել» բաժնում): Հորիզոնական կետագիծը ներկայացնում է Ադրբեջանի ՊՆ կողմից 2018 թվականից մինչ օրս հրապարակված հաղորդագրությունների միջին թիվը, որը կիրառվում է նաև որպես սկզբնակետ, քանի որ վերջին տարիներին ադրբեջանական կողմն է նախաձեռնել մի քանի խոշոր ռազմական բախումներ։ Գծապատկերը ցույց է տալիս, որ Ադրբեջանն էապես գերազանցում է Հայաստանին տեղեկատվական դաշտում՝ հատկապես առանցքային իրադարձությունների ժամանակ։ 2020 թվականի պատերազմի և 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ՊՆ կայքում պաշտոնական հաղորդագրությունների թիվը գերակշռում է: Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցնում միայն մի քանի ուշագրավ դեպքերում. 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի մայիսին հայ-ադրբեջանական սահմանային սրացումների և Սոթքի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ։  Ավելին, Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններին հաճախ նախորդում են ավելի փոքրամասշտաբ բռնկումներ կամ տեղեկատվական արշավներ։ Այդ արշավների նպատակը, մեծ մասամբ, հասարակական կարծիք ձևավորելն է, ռազմական ագրեսիան արդարացնելը, զորքերի տեղաշարժը քողարկելը կամ հարձակման պլանավորված ուղղությունից հակառակորդի ուշադրությունը շեղելը: Այս օրինաչափությունը հաստատում են նաև ակադեմիայում հրապարակված և ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերը՝ այդ թվում հայաստանյան:  2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարձակմանը, օրինակ, նախորդել է տեղեկատվական արշավը, որը մեղադրում էր Հայաստանին սադրանքների մեջ։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ի վրա հարձակումից առաջ գործի դրվեց ինչպես տեղեկատվական արշավը, այնպես էլ իրական ռազմական գործողությունները: Պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների վերլուծությունը նաև կարևոր է, քանի որ այն արտացոլում է երկու կողմերի պաշտոնական հռետորաբանությունը։ Այս վերլուծությունը բաղկացած է երկու մասից՝ առաջինն ընդգրկում է 2018-ից 2020 թվականների՝ 44-օրյա պատերազմին նախորդող և հաջորդող իրադարձությունները, իսկ երկրորդն արտացոլում է 2021 թվականից հետո ընկած ժամանակահատվածը՝ արտացոլելով ստատուս քվոյի փոփոխության հետևանքով հակամարտության դինամիկայի և հռետորաբանության փոփոխությունները։ Նկար 2-ում ներկայացված բառային ամպերը ցույց են տալիս երկու երկրների ՊՆ-ների հռետորաբանության մեջ գերակշռող թեմաները՝ 2018-ից 2020 թվականներին: Հայաստանի (ձախից) և Ադրբեջանի (աջից) հիմնական հռետորաբանությունը պատկերող բառային ամպեր, 2018-2020 թթ. Հայաստանի ՊՆ հռետորաբանության բառային ամպը մինչև 2020 թվականը հիմնականում արտացոլում է 44-օրյա պատերազմին առնչվող թեմաներ։ Այն արծարծում է երեք հիմնական թեմա՝ ադրբեջանական զինուժի գործողություններն ու կրած կորուստները, Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և հանրությանը վստահեցնելու ջանքերը, որ իրավիճակը կայուն է, բայց լարված: Շոշափվում է նաև անօդաչու թռչող սարքերի թեման, որն այս պատերազմում Ադրբեջանին նշանակալի ռազմական առավելություն տվեց։ Ի հակադրություն սրա՝ Ադրբեջանի ՊՆ նույն ժամանակահատվածի բառապաշարն ավելի շատ կենտրոնացած է հարձակողական գործողությունների վրա: Հրապարակումներում գերակշռում են Արցախի ՊԲ ստորաբաժանումների ոչնչացման, ճշգրիտ հարվածների, ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունները։ Բացի այդ, Ադրբեջանը հաճախ է գրում այն մասին, որ հայկական զինուժը հրետակոծում է իր տարածքը՝ օգտագործելով այդ տեղեկությունը՝ արդարացնելու իր պատասխան ռազմական քայլերը։ Բառային ամպերի համեմատությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամպը զգալիորեն ավելի խիտ բառերից է բաղկացած, քան Հայաստանինը, ինչն էլ ամրապնդում է Ադրբեջանի գերիշխանությունը տեղեկատվական տարածքում: Հայաստանի ՊՆ-ն ավելի քիչ թվով, կարճ և ընդհանրական հրապարակումներ է արել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է հաճախակի թարմացվող և մանրամասն տեղեկություններ պարունակող հայտարարություններ։ Քանի որ վերլուծված նյութերը վերցված են ՊՆ կայքերի անգլերեն բաժիններից, կարելի է ենթադրել, որ դրանք հիմնականում արտաքին լսարանին ուղղված տեքստեր են: Այսպիսով, Ադրբեջանի հռետորաբանությունը կարծես թե ավելի լավ է մշակված միջազգային լսարանի համար, մինչդեռ հայկական կողմի հաղորդագրություններն ավելի շատ նման են ներքին լսարանի համար պատրաստված տեքստերի ուղղակի թարգմանության, որոնք հարմարեցված չեն արտաքին համատեքստին: Հայաստանի (ձախից) և Ադրբեջանի (աջից) հիմնական հռետորաբանությունը պատկերող բառային ամպեր, 2021-2024 Երկու երկրների պաշտպանության նախարարությունների հռետորաբանության մեջ սկսում են նմանություններ նկատվել 2020 թվականի պատերազմից հետո։ Ինչպես նկատելի է 2021-2024 թվականների բառային ամպերից, երկու կողմերն էլ հաճախ են նշում սահմանային զինված բախումների և զորքերի կողմից փոքր զենքերի օգտագործման մասին: Հայաստանի ՊՆ-ն հաճախ հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունները՝ դրանք անվանելով ոչ ճշգրիտ, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն իր գործողությունները որակում է Հայաստանի կողմից  սադրանքների պատասխան։ Հետաքրքիր է, որ Հայաստանի ՊՆ հաղորդագրություններում հաճախ է նշվում ադրբեջանական զինուժի կողմից 2023 թվականի ամռանը Երասխի մետալուրգիական գործարանի գնդակոծման մասին։ Այս միջադեպի վրա շեշտադրումը, ըստ երևույթին, Հայաստանի համար ռազմավարական քայլ է՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և դիվանագիտական ​​աջակցություն ստանալու համար, քանի որ հատկապես ընդգծվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով օտարերկրյա ներդրողների շահերը վնասվել են։ Այս հռետորաբանական փոփոխությունը կարող է վկայել Հայաստանի տեղեկատվական ռազմավարության զարգացման մասին՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ ներգրավել արտաքին դերակատարներին, ինչը դժվար մարտահրավեր էր 2020 թվականին։ Սահմանային սրացումների և բախումների մասին պաշտոնական հաղորդագրությունների վերլուծությունը ոչ միայն ընդհանուր միտումներն է օգնում բացահայտել, այլև ուսումնասիրում է տարբեր իրադարձությունների միջև կապը: Օրինակ, հատկապես հետաքրքիր է համեմատել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների դինամիկան նրանց իրականացրած զորավարժությունների ֆոնին: Այս համեմատությունը տեղին է՝ հաշվի առնելով, որ զորավարժությունները հաճախ նպատակաուղղված են զորքերը հատուկ գործողությունների նախապատրաստելու և անհրաժեշտ ռեսուրսները թաքնված կերպով կենտրոնացնելու համար: Մինչ վերլուծելը պետք է հաշվի առնել մի քանի նկատառում. նախ, յուրաքանչյուր զորավարժության վերաբերյալ սովորաբար հրապարակվում է մի քանի հաղորդագրություն, ուստի մի իրադարձության մասին մի քանի հրապարակումները կարող են ստեղծել տեղեկատվական խիտ հոսք՝ ավելացնելով հիշատակումների հաճախականությունը: Երկրորդ, հավանական է, որ որքան կարևոր և բազմատեսակ է զորավարժությունը, այնքան ավելի շատ  հաղորդագրություններ կլինեն դրա վերաբերյալ: Երրորդ, իրական մարտի ժամանակ զորավարժությունների մասին հաղորդագրությունները սովորաբար նվազում են կամ ամբողջությամբ անհետանում, քանի որ առաջնահերթությունը տրվում է առաջնագծի իրադարձություններին, նույնիսկ եթե զորավարժությունները շարունակվում են ռազմական գործողություններին զուգահեռ: Չնայած այս նկատառումներին՝ մենք կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունների նվազումը, հավանաբար, վկայում է դրանց բացակայության մասին՝ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստման կամ մեկնարկի պատճառով: Կարելի է նաև հակառակ տրամաբանությամբ դիտարկել. զորավարժությունների ակտիվացումը կարող է վկայել ինչպես զորքերի, այնպես էլ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին: Վերջին պատերազմների ընթացքում բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ զորավարժությունները քողարկել են զորքերի նախապատրաստումն ու դիրքավորումը հակամարտության համար: Կարելի է հիշել 2008 թվականին Ռուսաստանի պատերազմը Վրաստանի դեմ կամ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկը։ Այս համատեքստում մենք համեմատել ենք սահմանային սրացումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների դինամիկան ադրբեջանական բանակի զորավարժությունների և Ադրբեջանի տարածքում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասին հաղորդագրությունների հետ։ Արդյունքները պատկերված են ստորև ներկայացված գծապատկերում: Սահմանային սրացումների և զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունների ամենօրյա համեմատություն՝ հարթեցված 10-օրյա միջինով Ինչպես հստակ երևում է Ադրբեջանի ՊՆ տվյալների հիման վրա կազմված այս գրաֆիկից, յուրաքանչյուր խոշոր ռազմական բախմանը նախորդել է ինտենսիվ զորավարժությունների շրջան։ Մինչև 2020 թվականի պատերազմը Ադրբեջանն իր ստորաբաժանումներով ակտիվորեն վարժանքներ էր անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները այդ ամառ նույնպես լցված էին զորավարժությունների մասին լուրերով` մատնանշելով ամառ-աշունը՝ որպես զորքերի լայնածավալ պատրաստության տրամաբանական շրջան: Սակայն, երբ սա դիտարկում ենք այն համատեքստում, որ Ադրբեջանի յուրաքանչյուր խոշոր ռազմական գործողությանը նախորդել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, զորավարժությունների և սահմանային սրացումների միջև կապը դժվար է անտեսել: Այդ մասին է վկայում նաև թուրքական զորամիավորումների, մասնավորապես F-16 կործանիչների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առկայությունը Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ժամանակ։   Ամփոփում:  Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս. Հայաստանի հետ համեմատած՝ Ադրբեջանը կայուն գերիշխել է տեղեկատվական տարածքում՝ հրապարակելով ռազմական գործողությունների մասին մանրամասն և արտաքին լսարանին թիրախավորող հաղորդագրություններ։ Խոշոր էսկալացիաներին հաճախ նախորդել են ավելի փոքրամասշտաբ միջադեպեր կամ տեղեկատվական արշավներ։ Օրինակ՝ մինչև 2020-ի պատերազմը և 2023-ին ԼՂ վրա հարձակումը Ադրբեջանը ծառայեցնում էր հայկական սադրանքների մասին համակարգված հռետորաբանությունը՝ որպես իր ռազմական գործողությունների արդարացում և օրինականացում: 2020-ից հետո երկու կողմերն էլ փոփոխել են իրենց հռետորաբանությունը. Ադրբեջանը հարձակողական շեշտադրումներից անցել է իր ռազմական գործողությունները հայկական սադրանքներով պայմանավորելուն և պաշտպանական դիրք ստանձնելուն: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վրա կենտրոնացումից անցել է ադրբեջանական հաղորդագրությունների հերքման և միջազգային հանրության համար կարևոր նշանակություն ունեցող միջադեպերի ընդգծման քաղաքականությանը՝ Ադրբեջանի գերակայությանը դիմակայելու համար ավելի շատ հիմնվելով միջազգային դիվանագիտության վրա: Զորավարժությունները, մասնավորապես՝ Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները, հաճախ համընկնում են խոշոր ռազմական գործողությունների նախապատրաստման հետ: 2020 թվականի պատերազմի ժամանակ թուրքական F-16-ների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առկայությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն օգտագործում է այդ զորավարժությունները ոչ միայն ուսուցողական, այլ նաև ռազմական գործողությունների նախապատրաստման նպատակով։ Բաց աղբյուրների վրա հիմնված տվյալների այս վերլուծությունը ցույց է տալիս ռազմական գործողությունների, տեղեկատվական պատերազմի և դիվանագիտական ​​մանևրումների բարդ փոխազդեցությունը Հայաստան-Ադրբեջան շարունակվող հակամարտությունում: Թեև Ադրբեջանի գերիշխանությունը ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական հարթակներում ակնհայտ է, սակայն Հայաստանն էլ  փոխել է իր ռազմավարությունը՝ ուղղելով այն դեպի հակամարտության միջազգայնացմանը՝ հատկապես շեշտադրելով արտաքին շահերի վրա ազդող միջադեպերի մասին տեղեկությունները։ Ռազմական սրացումների դինամիկան, ամենայն հավանականությամբ, կշարունակի փոխկապակցված մնալ տեղեկատվական պատերազմին, և երկու կողմերն էլ կշարունակեն պայքարել հանրային ընկալումները վերահսկելու և դիվանագիտական ​​աջակցության ստանալու համար: ___________________________________________________________________________________________ Ինչպես ենք հաշվարկել Այս վերլուծությունը հիմնված է բացառապես բաց տվյալների վրա, ինչը նշանակում է, որ կիրառվող տեղեկությունը սպառիչ չէ և չի կարող լիարժեք անկողմնակալ համարվել: Օրինակ՝ մի զորավարժության մասին կարող են հրապարակված լինել մի քանի պաշտոնական հաղորդագրություններ, որոնցից յուրաքանչյուրն ընդգծում է նույն զորավարժության տարբեր ասպեկտներ՝ այդպիսով ավելացնելով հրապարակման հաճախականությունը: Կամ որոշ հաղորդագրություններում հակառակորդի կողմի հրետակոծությունը կարող է ընդգծվել, մինչդեռ սեփական ուժերի կողմից պատերազմի կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունը` նվազագույնի հասցվել։ Չնայած այս սահմանափակումներին՝ բաց կոդով տվյալները մեզ հնարավորություն են տալիս տեսնել ավելի լայն միտումներ և պատկերացում կազմել, թե ինչպես է կազմակերպվում տեղեկատվական պատերազմը և դրա հռետորաբանությունը: Սահմանային սրացումների դինամիկան  Սահմանային սրացումների դինամիկան վերլուծել ենք՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների անգլերեն բաժիններում հրապարակված հաղորդագրությունների վրա։ Լեզվական մոդելի միջոցով ընտրել ենք միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են սահմանային սրացումներին, ինչպիսիք են կրակահերթերը, ռազմական տեխնիկայի կուտակումները, սադրանքները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, մարտական ​​գործողությունները, հրետակոծությունը, տեխնիկայի ոչնչացումը կամ պարզապես սրացումների մասին մյուս կողմի տարածած լուրերը հերքող հաղորդագրությունները։  Այնուհետև զտել ենք միայն այն լուրերը, որոնք ուղիղ նշում են Ադրբեջանը՝ որպես հակառակորդ կամ Արցախի պաշտպանության բանակը՝ որպես Հայաստանի դաշնակից, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության ուժերը՝ որպես Ադրբեջանի հակառակորդ։ Ընտրված հաղորդագրություններն այնուհետև բաշխել ենք՝ ըստ հրապարակման օրվա, որը թույլ է տվել հստակ պատկեր ստանալ ժամանակի մեջ միտումների մասին։ Ընդհանուր միտումը ցույց է տալիս սրացումների վերաբերյալ հաղորդագրությունների քանակն ըստ օրերի՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից: Ամիսներն ու տարիները բաշխված են X առանցքում, հաղորդագրությունների քանակը՝ Y առանցքում, իսկ գծապատկերի կետերը արտացոլում են երկու երկրների ՊՆ-ների հաղորդագրությունների թիվը: Գրաֆիկի գծերը ցույց են տալիս սրացումների մասին հրապարակումների միտումները՝ հարթեցված 10 օրվա միջին ցուցանիշով: Բառային ամպերը Բառային ամպերը ստեղծվել են երկու ՊՆ-ների կայքերից զտված նույն հաղորդագրությունների հիման վրա, որոնք օգտագործվել են սրացումների դինամիկան վերլուծելու համար: Ամպը ստանալու համար օգտագործվել է հաղորդագրությունների ամբողջական տեքստը։ Նախապես հաղորդագրությունները դասակարգվել են ըստ լեզվական մոդելի կողմից կիրառվող թեմաների: Այնուհետև յուրաքանչյուր թեմայի ամենահաճախակի օգտագործվող 10 բառերն ընտրվել են՝ կառուցելու վերջնական բառային ամպը: Երկու կողմերի հաղորդագրություններից էլ բացառվել են ստոպ բառերը և բնակավայրերի անվանումները՝ կենտրոնանալու հռետորաբանության, այլ ոչ թե վայրերի վրա: Զորավարժությունների և սրացումների համեմատականը Ադրբեջանական բանակի կողմից անցկացված զորավարժությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել և ձեռքով զտվել են Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններից։ Ընդգրկվել են միայն ադրբեջանական բանակի զորավարժությունների մասին հաղորդագրությունները, որոնք Ադրբեջանի տարածքում առանց օտար երկրների մասնակցության են անցկացվել։ Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների համար դիտարկվել են միայն Ադրբեջանի տարածքում երկու երկրների մասնակցությամբ ուսուցողական միջոցառումների մասին հաղորդագրությունները: Յուրաքանչյուր հաղորդագրություն հաշվի է առնվել որպես մեկ զորավարժություն, թեև մի զորավարժության վերաբերյալ հաճախ լինում էին մի քանի հաղորդագրություններ: Հատկանշական է, որ զորավարժություններին առնչվող հանդիսավոր միջոցառումները, համաժողովները և ընդունելությունները բացառվել են վերլուծությունից՝ կենտրոնանալով բացառապես մարտական ​​պատրաստության կամ զորամասերի ստուգումների վերաբերյալ հաղորդագրությունների վրա:   Հեղինակ՝ Յուրի ԱգաֆոնովԳիտաշխատող, Երևանյան միջազգային կրթության կենտրոն (YCIE), Scrapalyze Lab Գլխավոր լուսանկարը՝ Կատյա Մամյանի
21:38 - 30 սեպտեմբերի, 2024