Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել․ Տոնոյանը՝ մինչեւ պատերազմը բանակի պատրաստականության աստիճանի մասին

Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել․ Տոնոյանը՝ մինչեւ պատերազմը բանակի պատրաստականության աստիճանի մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ Ինչքանո՞վ էր մեր բանակը պատրաստ հնարավոր պատերազմին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ «Նկարագրեք՝ պաշտոնի նշանակվելուց ի՞նչ վիճակում եք ընդունել ՀՀ ՊՆ-ն եւ Զինված ուժերը»։ Տոնոյանը նախ ասաց, որ ՊՆ-ում բավականին երկար պաշտոնավարել է որպես տեղակալ, եւ իր բացակայությունը նախարարությունից ընդամենը մեկուկես տարի է եղել՝ պայմանավորված այլ պաշտոնավարմամբ։ Նրա խոսքով՝ իրեն վերաբերելի մասով ԶՈՒ վիճակը գնահատվել է բավարար՝ ՀՀ դեմ ուղղված [սպառնալիքին դիմակայելու] եւ ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության ապահովման առումով․ «Այդ ապահովման խնդիրը դրված էր ԶՈՒ վրա։ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը՝ որում մեր ԶՈՒ-ն գտնվում էր։ Դա իմ գնահատականը չէ, դա հաշարկված, փաստարկված տեղեկություն է՝ երկու-երեք անգամ [գերազանցող ուժին]։ Պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցված ունենալու առումով ԶՈՒ պատրաստությունը բավարար էր»։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուժերի հարաբերակցությունը մեկը երկուսի կամ մեկը երեքի էր․ «Վերջերս էլ, օրինակ, բաց աղբյուրներում արդեն կա նույն «Սմերչ» կայանքների հարաբերակցությունը ենթադրական, որոնք վեցն ընդդեմ քառասունի է, մեկը երկուսի կամ երեքի չէ։ Տեխնիկական հագեցվածության առումով, առնվազն, արդյոք ըստ Ձեզ այդպես է եղել հարաբերակցությունը՝ նույնիսկ մինչեւ Թուրքիայի ակտիվորեն ներգրավումը»։ Տոնոյանն ասաց, որ իր ասածը վերաբերում է պատրաստականության աստիճանին, ոչ թե իրական վիճակին․ «Նորից ես անդրադառնամ ՍՈՒ-30-ներին, որոնք բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են․ կործանիչների կամ ռազմօդուժի առումով հարաբերակցությունը մեր կողմից եղել է զրո, այսինքն՝ մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել եւ հիմնվում ենք միայն նախկին ԽՍՀՄ սահմանից բխող սպառնալիքների, ՌԴ հետ համագործակցության եւ ՌԴ ռազմօդուժի կործանիչների հագեցվածության, կիրառմաբ վրա»,- ասաց Տոնոյանը։ Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատեց՝ փաստորեն Տոնոյանը, այն վիճակում, որում ստանձնել է բանակի ղեկավարումը, գոհ է եղել բանակի հագեցվածությունից, ղեկավար կազմից․ «Օրինակ՝ անգամ Ձեր կառավարման տարիներին եւ պատերազմի ժամանակ մեր բանակի վիճակը տարբեր առումներով իմ գնահատմամբ, եւ նաեւ փաստերն են դա ասում, եղել է ոչ լավ վիճակում։ Օրինակ՝ մոբ ռեսուրսի կառավարման ձեւը, մոբ ռեսուրսի տեղեկատվության շտեմարանները, որ մենք մոբ ռեսուրսը չէինք կարողանում նորմալ հավաքագրել, չունեինք էլեկտրոնային շտեմարաններ, որ տեղեկություն կտար մոբ ռեսուրսի մասին, ինչը խնդիրներ էր առաջացրել ու մինչեւ պատերազմի վերջը մենք չկարողացանք լուծել։ Սա կառավարչական ձեւի մասին եւ մեր ունեցած տեղեկատվության մասին։ Հաշվապահության մասին, որ մենք բանակում չենք ունեցել թե քանի սաղավարտ եւ անձնական պաշտպանության միջոցներ ենք ունեցել, եւ ունեցել ենք լուրջ խնդիր՝ բազմաթիվ զոհեր ենք ունեցել թեթեւ վնասվածքներից, ինչը հնարավոր կլիներ կանխել, եթե զինծառայողներն ունենային անձնական պաշտպանության միջոցներ, էլ չեմ ասում հրթիռների մասին, նաեւ վարչապետն է ասել, որ մեր հրթիռները քանակային առումով եղել են վատ վիճակում»,- ասաց Սարգսյանը՝ հարցնելով՝ ինչպե՞ս է Տոնոյանն այս իրավիճակը գնահատել բավարար։ Տոնոյանը նորից կրկնեց, որ ինքը չասաց՝ սա բավարար է եղել․ «Իմ՝ որպես նախարար զինված ուժերի զարգացմանը միտված մոտեցումները ես ձեւակերպել եմ երկու տեսլականներով։ Զինված ուժերը կենդանի օրգանիզմ է, մենք 1994-ին կամ 92-ին, երբ ստեղծվեցին Զինված ուժերը, չենք եղել այն մակարդակում, որում եղել ենք 2020-ին, եւ եթե ունենայինք 2020-ի պատրաստության եւ հագեցվածության վիճակը, հնարավոր է՝ Զինված ուժերը Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պայմաններում հայտնվեին Կասպից ծովի ափերին։ Խոսքը տարբերության մասին է, թե ինչպիսին են եղել 2020-ին [Զինված ուժերը]։ Նորից եմ կրկնում, 2018-ի մայիսին, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, մեր գնահատականը եղել է, որ մենք կարող ենք դիմակայել (հաշվի առնելով նաեւ երկրի տնտեսական եւ ժողովրդագրական վիճակը) Ադրբեջանի ագրեսիան ՀՀ սահմաններին եւ ապահովեին Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ իրենց ինքնորոշման իրավունքը։ Կարող էինք անել»,- ասաց Տոնոյանը։ Ինչ վերաբերում է զորահավաքային ռեսուրսների վերաբերյալ հարցին՝ Տոնոյանն ասաց, 1946-ից 60-ականների սկզբին տոտալ պատերազմ վարելու ձեւավորված մոտեցում կար, ամբողջ ներուժն օգտագործելու, օպերատիվ եւ ռազմավարական մեծ խորություններով պետություն ունենալու հնարավորություններով, մեծ ժողովրդագրություն ունենալու հնարավորություններով մոբիլիզացիոն հայեցակարգ էր գործում, որը, նախկին նախարարի խոսքով, ավտոմատ կերպով ներդրվել էր ՀՀ ԶՈՒ-ն համալրելու եւ լրահամալրելու հարցում։ Սա, Տոնոյանի գնահատմամբ, իրատեսական չէր, եւ, նրա խոսքով, ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէ անելու․ «Այդ իսկ պատճառով նախապատրաստական կամ նախորդող փուլում մենք վերանայում էինք եւ ակտիվ պահեստազորի գաղափարն էինք ներդնում։ Մոբիլիզացիոն եւ ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական եւ անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձեւավորում են պրոֆեսիոնալ բանակ, արհեստավարժ բանակի համալրման սկզբունքն են ընտրել, եւ համալրվում են ռեզերվիստների միջոցով։ ՀՀ ԶՈՒ համալրումն իրականացվում էր նաեւ պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թիվ էր։ ՀՀ ժողովրդագրական եւ տնտեսական հնարավորություններն իրականում թույլ չէին տալիս առկա զորահավաքի շրջանակում իրապես ներդաշնակված, մարտունակ ստորաբաժանումներ ներգրավել։ Դա կարող էր լինել սահմանափակ քանակությամբ, օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորացրված զինծառայողների, այլ հատուկ ծառայությունների միջոցով, բայց հետեւակի առումով ներգրավումն, առանց ներդաշնակելու, ես կարծում եմ՝ հինգերորդ, անգամ չորրորդ սերնդի պատերազմի պայմաններում թերի էր այդ համակարգը»։ Հագեցվածության մասին Տոնոյանն ասաց, որ, մենք երբեւէ չենք ունեցել ոչ ՍՌՏ-ի [սպառազինություն եւ ռազմական տեխնիկա], ոչ հանձերձավորման ամբողջական պաշար։ Նա նշեց, որ միջոցառումների ծրագրում երկու անգամ՝ 2018, 2019 թվականներին ներկայացրել են դրանց համալրման անհրաժեշտությունը։ Տոնոյանն ասաց, որ փակ նիստում կանդրադառնա այն հարցին, թե արդյոք ըստ դիրեկտիվների ինքն իրավասու եւ պարտավոր եղել է ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն բերել մարտական պատրաստականության բարձր կամ լրիվ աստիճանների։ Քոչարյանը հարցրեց՝ ինչո՞ւ պատերազմը սկսվելու նախօրեին ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊԲ-ն չեն բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Տոնոյանը նշեց միայն այն, որ պատերազմի նախօրեին կարգադրական կարգով ԳՇ-ն որոշ գործողություններ իրականացրել է։ Այդ գործողությունները բավարար եղե՞լ են՝ ճշտեց Քոչարյանը, ինչին Տոնոյանը պատասխանեց․ «Այն գնահատականի համար, որը մենք ունեցել ենք՝ սպառնալիք գնահատականի, այլ տարբերակ առկա չի եղել։ Որոշ գործողություններ իրականացվել են «Շանթ» զորավարժության շրջանակներում՝ զորահավքային ռեսուրսների հաշվարկման, վերահաշվարկման, ակտիվացման առումով»,- նշեց Դավիթ Տոնոյանը։
13:52 - 01 օգոստոսի, 2023
Մինչեւ պատերազմի սկիզբը եղել եմ օդանավում, վայրէջքի պահին ԳՇ պետից անմիջապես տեղեկացվել եմ․ Տոնոյան

Մինչեւ պատերազմի սկիզբը եղել եմ օդանավում, վայրէջքի պահին ԳՇ պետից անմիջապես տեղեկացվել եմ․ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ Նիստի սկզբում Տոնոյանը ներկայացրեց, որ 2020թ․ սեպտեմբերին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը եւ իրականացրել նախարարի գործառույթները՝ օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում։ Նա խնդրեց ուշադրություն դարձնել, որ հոկտեմբերի 21-29-ին՝ ռազմական գործողությունների շրջանում, վարչապետի հանձնարարությամբ, գտնվել է Մեղրիում։ Տոնոյանը պատերազմից առաջ տեղյակ է եղել սպառնալի իրավիճակի մասին՝ իր խոսքով՝ պարբերաբար ստացվող պաշտոնական տեղեկատվության, իր փորձի, ամփոփման հիման վրա։ Նախկին նախարարը նշեց, որ ռազմական գործողությունների սկսման օրը որեւիցե մեկին հայտնի չի եղել։ Հարցին՝ որպես կառավարության անդամ՝ ինչ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար, Տոնոյանը պատասխանեց՝ ի պաշտոնե իր լիազորությունների շրջանակում իրականացրել է պաշտպանական քաղաքականության իրականացումը․ «Պաշտպանական քաղաքականության իրականացումը փաստաթղթային կամ բովանդակային ձեւակերպվում է մի քանի փաստաթղթերով։ Այդ փաստաթղթերից են իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումները՝ 2018 եւ 2019 թվականներին»,- ասաց Տոնոյանը՝ հիշատակելով նաեւ, որ կա 2019թ․ կառավարության ծրագրի մասին, որն ունի միջոցառումների ցանկ։ Նախկին նախարարը հետաքրքրվեց՝ արդյոք այդ փաստաթուղթն ուսումնասիրե՞լ է հանձնաժողովը․ «Սա ՀՀ կառավարության 2019-2023թթ․ գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 2019թ․ մայիսի 16-ի որոշումն է։ Ընդ որում՝ այն ունի ՊՆ-ին վերաբերող մաս, որը սկսվում է 190-րդ կետից։ Առաջին իսկ կետով ՊՆ-ի առջեւ դրված էր «զսպման ուժերի եւ միջոցաների զարգացում, զորքերի մարտական կարողությունների զարգացում» խնդիրը, որը ներառում է «ավելացնել հրթիռային զորքերի եւ հրետանու կրակային եւ հարվածային հնարավորությունները, ԶՈՒ-ն համալրել բազմագործառական ավիացիոն համալիրներով (դա ՍՈՒ-30-ների վերաբերյալ է), ԱԹՍ-ներով, բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը եւ կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը»։ Սա բաց փաստաթուղթ է, սա այն ոլորտն է, որի գործունեության համար ես անմիջական պատասխանատվություն եմ ունեցել»,- ասաց Տոնոյանը։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս փաստաթուղթն ուսումնասիրված է։ Տոնոյանը հիշեցրեց նաեւ Սպառազինության եւ զարգացման տեխնիկայի զարգացման ծրագրի, ԶՈՒ զարգացման ծրագրի, ԶՈՒ կիրառման պլանի եւ այլ փաստաթղթերի մասին՝ նշելով, որ դրանք եղել են իր՝ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, եւ վստահեցրեց՝ իր լիազորությունների շրջանակում դրանք իրականացրել է։ Դավիթ Տոնոյանը 2020թ․ սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել ՌԴ՝ զորավարժությունների։ Նա ասաց, որ սեպտեմբերի 25-ից 26-ի երեկոն եղել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրում՝ նորից գործուղման շրջանակում՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ Նա ասաց, որ եթե կարիք լինի, փակ նիստի ժամանակ կմանրամասնի։ Ամսի 26-ի երեկոյից մինչեւ պատերազմի սկիզբը, Տոնոյանի խոսքով, եղել է օդանավում․ «Շարունակում էի իմ գործողումը՝ դեպի կենտրոնասիական երկիր՝ վայրէջքով, որտեղից պիտի վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցությունների էին մասնակցելու, ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ երկրում՝ էլի գործուղման շրջանակում, որտեղ պիտի շարունակվեին բանակցությունները՝ նորից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ վայրէջքի պահին, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնելու, ԳՇ պետից անմիջապես տեղեկացվել եմ․․․»։ Անդրանիկ Քոչարյանը ճշտեց՝ Ղազախստանո՞վ էին վերադառնում, Տոնոյանը հաստատեց՝ շարունակելով, որ հետո խոսակցություն է ունեցել նաեւ ՀՀ վարչապետի հետ․ «Հաշվի առնելով «կովիդային թռիչքային իրավիճակները», երեք ժամվա ընթացքում անմիջապես տեղեկացվելուց հետո հնարավորություն ստեղծվեց ինքնաթիռ հայթայթելու, որպեսզի կարողանամ վերադառնալ Հայաստան»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ իր վերադարձը բավականին խոչընդոտներով է եղել, որովհետեւ ստիպված էր մի բան անել, որի մասին կարող է խոսել փակ նիստի ժամանակ։ Տոնոյանը վերադարձել է Հայաստան Վրաստանով։ Նախկին նախարարն ասաց, որ սեպտեմբերի 28-ին, առավոտյան՝ ժամը 4-ին, եղել է Երեւանում, որից որոշ ժամանակ անց վարչապետից թույլտվություն է ստացել եւ մեկնել մարտական գործողությունների իրականացման վայր։ Մինչ ՀՀ վերադառնալը՝ Տոնոյանը քողարկված կապով է խոսել վարչապետի հետ։ Նա ասաց, որ եթե հեռախոսներն իր մոտ լինեին, կարող էր հստակ ժամերն ասել, սակայն դրանք առգրավված են։ «Ես ձեզ կոնկրետ ժամերը կասեի, բայց դա եղել է անընդհատ։ Եւ ԳՇ պետի հետ, եւ վարչապետի հետ խոսակցությունները եղել են անդընդատ, երբ կապի հնարավորություն է եղել։ Վերադառնալուց անմիջապես հետո, երբ ԳՇ սկսել էր իր աշխատանքը համպատասխան հրամանտարական կետում, անցկացրել եմ խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարություններ, լսել եմ զեկույցներ, որից հետո անցել եմ իմ պարտականությունների կատարմանը՝ ըստ ՀՀ վարչապետի հանձնարարության»։
13:02 - 01 օգոստոսի, 2023
Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել․ Դավիթ Տոնոյանը՝  ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել․ Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը տեղեկություններ ունեցել է 2020 թվականի պատերազմի սկսման վերաբերյալ։ «Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եղել եմ, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման, իմ փորձի և պաշտոնական տեղեկատվության, որ ստացվում էր պարբերաբար»։ Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին. նա պատասխանում է հանձնաժողովի հարցերին: Ընդդիմադիր պատգամավորները նիստին ներկա չեն։ Տոնոյանը նշեց, որ անհրաժեշտություն կլինի որոշ հարցերի մասին խոսել փակ ձեւաչափով։ Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։  
11:26 - 01 օգոստոսի, 2023
«Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում» պահանջով՝ Արցախից տեղահանվածները նստացույց են անում ՀՀ կառավարության մոտ
 |aravot.am|

«Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում» պահանջով՝ Արցախից տեղահանվածները նստացույց են անում ՀՀ կառավարության մոտ |aravot.am|

aravot.am: 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված շրջաններից տեղահանված անձինք այսօրվանից նստացույց են սկսում Հայաստանի կառավարության շենքի մոտ։ Մասնավորապես, նստացույցը նախաձեռնել են Հադրութից տեղահանված բնակիչները։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջներն են՝ Բերձորի միջանցքի բացում եւ Արցախի ինքնորոշման ճանաչում։ «Մեր պահանջն է Բերձորի միջանցքի բացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ Մեր ժողովրդի մեծ մասն ասում է՝ թող մեզ զենք տան, գնանք զենքով բացենք։ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն անընդհատ պնդում են, որ ճանապարհի բացումը կարող է բերել պատերազմական վիճակի, բայց մենք ուզում ենք ասել, որ հրամայական է ճանապարհը բացելը, եւ պետք չէ խուսափել անգամ կռվով բացելուց։ Եթե միակ ճանապարհը դա է, պետք է դա անենք։ Եվ այնպես չէ, որ եթե այսօր ճանապարհը բացենք, դրանով մեր հարցերը լուծվում են։ Հարցի միակ լուծումը Արցախի ինքնորոշումը ճանաչելն է։ Եթե Արցախի ինքնորոշումը չճանաչվի, Ադրբեջանն այսօր կարող է միջանցքը բացել, վաղը փակել, հայտարարել, որ դա իր տարածքն է։ Միջանցքի բացվելուն զուգահեռ՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է սկսեն աշխատել ինքնորոշման ճանաչման ուղղությամբ»,- ասաց նա։ Լեւոն Հայրյանի խոսքով՝ նստացույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ, քանի որ իրենց հիմնական պահանջն ուղղված է Հայաստանի կառավարությանը։ «Եվ այդ պահանջը կարելի է ձեւակերպել այսպես՝ ազգին ու ժողովրդին կամ պահեք, կամ գնացեք տուն։ Եթե չեք կարողանալու պահել, ձեր ժամանակն էլ եք վատնում, ազգին էլ եք վնաս տալիս։ Ապագայում դա ձեզ համար էլ անհետեւանք չի լինելու։ Ազգի հարցերը լուծելու փոխարեն՝ ազգի բաժանել են մի 12 մասի, ասելով՝ Արցախը Հայաստան չէ, Սփյուռքը մեր հետ գործ չունի։ Հայաստանի կառավարության հիմնական նպատակը պետք է լինի հայ մարդուն աշխարհի ցանկացած անկյունում ծառայելը, իսկ այս իշխանությունները, ինչպես տեսնում ենք, Արցախից ուզում են ձեռքերը լվանալ, Սփյուռքի հետ պրոբլեմներ ստեղծել։ Կարելի է ասել՝ դասական Սփյուռքը համարյա չկա»,- հավելեց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախին ֆինանսական աջակցություն են հատկացրել, Հայրյանն ասաց․ «Երեւանի ժարգոնում նախկինում շատ լավ արտահայտություն կար՝ երբ մեկին փող էին տալիս, բայց հարցը փողի մեջ չէր, ասում էին՝ այդ փողը վերցրու, գլուխդ խուզիր, մածուն քսիր։ Ի՞նչ ասել է՝ փող ենք տալիս։ Մենք քեզ ասել ենք՝ փող տո՞ւր Արցախին։ Մենք ասում ենք՝ Արցախը պահիր։ Մենք ասում ենք՝ քո գործը, այ իշխանություն, ոչ թե փող տալն է, այլ երկիր պահելն է։ Ընդ որում, ես հստակ հակազդեմ իրենց խոսքին՝ այն փողը, որն իրենք տալիս են, առանց իրեն ասելու չեն ծախսում։ Ես մի քանի անգամ իմ ելույթներում ասել եմ, որ չեմ պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանն առանց Նիկոլ Փաշինյանի որեւէ քայլ անի։ Երկուսով երեւի պայմանավորվել են, որ փողի թեման բերեն մեջտեղ»,- նշեց նա։ Հայրյանը նաեւ հարցադրում արեց․ «Ո՞ւմ դեմ էր նստացույց անում Արցախի նախագահը։ Եթե Նիկոլի դեմ չէր անում, ուրեմն պայմանավորված կլինեին։ Ես չեմ տեսել, որ Արցախի կառավարությունից որեւէ մեկը Նիկոլի դեմ բան ասի։ Եվ 1991 թվականից՝ Մկրտչյան Արթուրի զոհվելուց հետո, Ղարաբաղի որեւէ ղեկավար չեմ տեսել, որ անմռունչ չենթարկվի Հայաստանի որեւէ ղեկավարի։ Եվ երեւի մեր դժբախտությունն էլ դա է, որ երբ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ ազդեցության լծակի տակ չէին ճանաչում ինքնորոշման իրավունքը, Արցախի իշխանությունները չէին մտածում, որ կուժն ու կուլան իրենց վրա պետք է կոտրվի։ Այնպես որ, ես հակված եմ կարծել, որ Արայիկ Հարությունյանի նստացույցն ու այս վերջին ցույցները կարող է Նիկոլի հետ պայմանավորվածության արդյունք լինել։ Թե ինչ են հետապնդում, չգիտեմ, որովհետեւ ինքնորոշման իրավունքն է մեր հիմնական նպատակը, իսկ այդ ցույցերի ժամանակ չեն խոսել այդ մասին։ Մենք նման ենք այն հիվանդին, ով գնում է բժշկի, չի ասում, թե որտեղ է ցավում, բայց սպասում է, որ բժիշկը պետք է իրեն բուժի։ Մենք ինքնորոշումից չենք խոսում, մեր շահերից չենք խոսում, բայց ցույց ենք անում»։
14:54 - 31 հուլիսի, 2023
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական Միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Լարս Պատրիկ Բերգն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։   «Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում, միանգամայն անընդունելի իրավիճակ է։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի»,- գրել է Բերգը։ Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։ Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
11:06 - 28 հուլիսի, 2023
Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին
 |armeniasputnik.am|

Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ԲԴԽ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։ Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
15:17 - 26 հուլիսի, 2023
Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. Փաշինյան
 |armenpress.am|

Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ գերիներին, քանի որ փորձ է անում նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկության, Հայաստանի վրա ճնշման գործիք: Փաշինյանն այս մասին հայտարարել է հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։ «Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում՝ ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզները տրամադրել ադրբեջանական կողմին։ «Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ: Եվ մենք այդ քայլն արել ենք՝ որպես մարդասիրական քայլ՝ ի ցույց դնելով մեր անկեղծությունը խաղաղության ջանքերում»,- նշեց նա:
16:45 - 25 հուլիսի, 2023
Մատաղիսի զորամասի հրամանատարը կշարունակի մնալ կալանքի տակ․ պաշտպանն ապօրինի է որակում որոշումը

Մատաղիսի զորամասի հրամանատարը կշարունակի մնալ կալանքի տակ․ պաշտպանն ապօրինի է որակում որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումների փուլը․ դատարանը քննարկեց, թե ինչ հերթականությամբ են հետազոտվելու ապացույցները, անդրադարձավ նաեւ մեղադրյալի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցին։ Գնդապետ Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ մեղադրանքի՝ սեպտեմբերի 26-ին հակառակորդի կուտակումների ու շարժի մասին ստացած տեղեկությունները ըստ վերադասության զեկուցելու փոխարեն Աբրահամյանը զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։ Նա կալանավորված է, մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը միջնորդեց հետազոտել այն հետախուզական տեղեկագրերը, որտեղ պատերազմից առաջ հակառակորդի շարժի մասին տեղեկություններ են եղել Երեկվա դատարանում մեղադրյալի շահերի պաշտպան Արման Թամրազյանը շարունակեց ներկայացնել հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե դրանցից յուրաքանչյուրը վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը) կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Արման Թամրազյանը՝ ձախից, Սեւակ Աբրահամյանը՝ աջից Թամրազյանը առաջարկեց հետազոտել հետախուզական տեղեկագրերը, որոնք, ըստ զննության արձանագրությունների, վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել սկսած 2020թ․ հուլիսից մինչեւ պատերազմի ավարտ։ Այդ հետախուզական տեղեկագրերում, պաշտպանի խոսքով, զետեղված են հակառակորդի շարժերի վերաբերյալ, այդ թվում նաեւ 6-րդ պաշտպանական շրջանի մոտակա հատվածում հակառակորդի շարժերի վերաբերյալ տեղեկություններ, հակառակորդի ուժերի եւ միջոցների, նրա գործողությունների վերաբերյալ տեղեկություններ, նաեւ զետեղված են, թե ՀՀ հետախուզական մարմիններն ինչ տվյալներ են ստացել այդ օրերի ընթացքում։ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրում են արարք, որ նա ամսի [սեպտեմբերի] 26-ին տեղեկություններ է ունեցել եւ պետք է գնահատեր այդ տեղեկությունները որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան, բայց չի գնահատել։ Սակայն այդ հետախուզական տեղեկագրերում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ համապատասխան պաշտոնատար անձինք դեռեւս օգոստոս ամսից սկսած հնարավորություն ունեին գնահատել այդ տեղեկությունները որպես հակառակորդի կողմից հարձակման նախապատրաստության նշան»,- նշեց Թամրազյանը՝ հավելելով, որ այդ տեղեկագրերում հստակ տեղեկություններ կան, որ հակառակորդը դեռեւես 2020թ․ օգոստոսից ականազերծման աշխատանքներ է իրականացրել ամբողջ ռազմաճակատի երկայնքով տարբեր տեղերում, մոբիլիզացիա է հայտարարել, ուսումնական կենտրոններում զորքեր է տեղակայել, զորքեր է դուրս բերել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ է իրականացրել բնակչության տարհանման վերաբերյալ, սննդի մատակարարող ընկերությունների հետ է աշխատանքներ իրականացրել՝ պատերազմի ժամանակ իրենց զորքին սննդով մատակարարելու համար, տեղեկություններ են եղել նաեւ հակառակորդի կողմից առաջնագիծ մեծ քանակությամբ դագաղներ բերելու վերաբերյալ եւ այլն․ «Անգամ այնպիսի տեղեկություններ են եղել, թե հակառակորդի ուժերում գտնվող՝ Թուրքիայի Հանրապետությանը պատկանող ռազմաօդային ուժերի F16 ինքնաթիռները ինչ թռիչքներ են իրականացրել, դրանք ինչ խնդիրներ են իրականացրել, տեղեկություններ են եղել, որ դրանց օդաչուները հայկական կողմի հակաօդային պաշտպանության միջոցների արձագանքն են ստուգել, դա նշանակում է, որ ֆիքսել են ՀՕՊ միջոցների կոնկրետ գտնվելու տեղերը, այսինքն՝ սրանք այն ցուցիչներն են, որոնք հստակ վկայում են հակառակորդի կողմից հարձակվելուն հստակ նախապատրաստվելու մասին»,- ներկայացրեց պաշտպանը։ Բայց, նրա խոսքով, այսօր առկա է մի իրավիճակ, երբ ամբողջ ՀՀ եւ Արցախի Հանրապետության ԶՈՒ եւ համապատասխանաբար ՊԲ հրամանատարներից բացառապես Սեւակ Աբրահամյանին է մեղսագրվել արարք, որ նա մարտական կանոնադրության պահնջները խախտել է, պահպանությունից պաշտպանության չի անցել, հակառակորդն էլ եկել-գրավել է Թալիշն ու Մատաղիսը։  Ըստ պաշտպանական կողմի՝ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են ՀՀ ԶՈՒ ԳՇ 002 դիրեկտիվի՝ հույժ գաղտնի փաստաթղթի պահանջները Հաջորդիվ պաշտպանը միջնորդեց որպես ապացույց հետազոտել ՀՀ ԶՈՒ ԳՇ 002 դիրեկտիվը, որը հույժ գաղտնի փաստաթուղթ է, եւ որով խաղաղ ժամանակ զորքերը լրիվ աստիճանի մարտական պատրաստության աստիճանի բերելու ուղիղ պարտականությունը ԳՇ պետինն ու պաշտպանության նախարարինն է, ոչ թե որեւէ զորամասի հրամանատարինը։ Պաշտպանական կողմն այդ տեղեկագրերով փորձ է անելու ապացուցել, որ վարույթն իրականացնող մարմինը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել Սեւակ Աբրահամյանի նկատմամբ, քանի որ, ունենալով հստակ տեղեկություններ, որ վերադաս պաշտոնատար անձինք խախտել են 002 դիրեկտիվի պահանջները, միայն Սեւակ Աբրահամյանին է մեղադրում 365-րդ հոդվածով, իսկ մյուս պաշտոնատար անձանցից որեւէ մեկն այդ հոդվածով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Պաշտպանը հատուկ նշեց, որ Սեւակ Աբրահամյանը հետախուզական տեղեկագրերում առկա տեղեկությունների համեմատ շատ աննշան եւ չնչին տեղեկություններ է ունեցել։ Պետք է պարզել՝ սեպտեմբերի 27-ին երբ է եղել արեւածագը, որովհետեւ մեր ԱԹՍ-ն գիշերը չէր կարող ֆիքսել հակառակորդի շարժը Հաջորդ ապացույցը, որը պաշտպանական կողմը միջնորդեց հետազոտել դատարանում, օթերեւութաբանական համապատասխան մարմնից ստացված գրությունն է այն մասին, թե Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում 2020թ․ սեպտեմբերի 27-ին երբ է եղել արեւածագը, որ ժամից որ ժամն է եղել աղջամուղջ, աղջամուղջի մեջ տեսանելիությունն ինչպիսին է եղել, եւ այլն։ Բանն այն է, որ մեղադրանքում նշվում է սեպտեմբերի 27-ի կոնկրետ ժամ՝ 06:10, եւ ասվում, որ դրանից հետո հակառակորդը տանկերը դուրս է բերել առաջանագիծ, ինչ-որ գործողություններ է կատարել, Սեւակ Աբրահամյանը դրա մասին տեղեկություններ է ունեցել, հետո հետախուզության պետն է նայել, ԱԹՍ-ն թռցրել է եւ նկարահանել այդ ամենը։ Պաշտպանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն կարող էր թռիչք անել եւ տեսանկարահանել հակառակորդի տանկային ստորաբաժանումների շարժը բացառապես ցերեկային լուսավորության պայմաններում, քանի որ այդ տեսախցիկը գիշերային տեսանելիության համար համապտասխան կահավորում չի ունեցել։  6-րդ ՊՇ-ում հակագրոհներ չեն եղել․ պաշտպանը պնդում է՝ հակագրոհներ պետք է կազմակերպեին ՊԲ-ն եւ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան Պաշտպանի հիշատակած մյուս ապացույցն այն զննության արձանագրության վերաբերյալ է, որում տեղեկություններ կան 6-րդ ՊՇ-ում հակագրոհների բացակայելու վերաբերյալ։ Թամրազյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը մեղադրանքին վերաբերում է նրանով, որ Սեւակ Աբրահամյանին մեղսագրված արարքում որպես հետեւանք նշվել է, որ հոկտեմբերի 2-ին հակառակորդը մխրճվել է եւ գրավել Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։ Այդ հետեւանքում վարույթն իրականացնող մարմինը իբրեւ թե պատճառական կապ է գտել եւ Սեւակ Աբրահամյանին մեղսագրել այդ հետեւանքի առաջացումը։ Բայց կոնկրետ դեպքում, ըստ պաշտպանի, հակագրոհները պետք է կազմակերպեին ՊԲ-ն եւ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիան՝ իրենց ուժերով, ոչ թե 6-րդ ՊՇ-ի, որովհետեւ մարտական խնդիրներով եւ մարտական կարգադրություններով հստակ կարգավորվել է, թե հակառակորդի հարձակման ժամանակ 6-րդ ՊՇ-ն ինչ գործողություններ պետք է իրականացնի եւ ինչ գործողություններ պետք է իրականացնեն ՊԲ-ն եւ 10-րդ դիվիզիան։ Հաջորդիվ պաշտպանը նշեց, որ քրեական գործում առկա է արձանագրություն, որ քննիչն ուսումնասիրել է ԶՈՒ օպերատիվ շտաբների ծառայության հրահանգը։ Ծառայության հրահանգը նորմատիվ իրավական ակտ է, որը պաշտպանական կողմին հասանելի չէ, որովհետեւ այդ ակտը գաղտնի է։ Այդ պատճառով պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց ձեռք բերել այդ փաստաթուղթը՝ տեղեկացնելով, որ այն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ է։ Առանց այդ փաստաթղթի, Թամրազյանի համոզմամբ, դատարանը չի կարող արդարացի վերդիկտ կայացնել, քանի որ փաստաթղթով հստակ կարգավորված է, թե կոնկրետ ում վրա է դրված պարտականությունը, որ պետք է առաջնագծից ստացվող տեղեկությունները հավաքագրվեն ու զեկուցվեն վերադասին․ «Այս նորմատիվ իրավական ակտը հստակ նախատեսել է, որ դրա պարտականությունը դրված է շտաբի վրա, այսինքն շտաբը ստանում է տեղեկությունները, վերլուծում, ուղարկում վերադասին։ Անգամ գործով հարցաքննված վկաների ցուցմունքներում հղումներ կան այս ակտի վրա»։ Թամրազյանը ներկայացրեց նաեւ, որ առկա է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2014թ․ թիվ 0225 հրամանով հաստատված զորքերի կառավարման հիմունքների ձեռնարկը, որը հստակ նորմեր է պարունակում ստորաբաժանման ղեկավարների կողմից կատարվելիք գործողությունների վերաբերյալ․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրված է արարք, որ նա զորքերը լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերել եւ մինչեւ հակառակորդի հարձակումը անմիջապես վերախմբավորում չի իրականացնել։ Նշված ձեռնարկում կան հստակ տեղեկություններ, թե զորամասի հրամանատարն ինչպես եւ ինչ կագով պետք է գործեր։ Վարույթն իրականացնող մարմինը այս ակտի մասին տեղեկություն չի ունեցել, այն չի պահանջել, քրեական գործով չի ուսումնասիրել եւ չի հետազոտել, բայց դա վերդիկտ կայացնելու համար էական նշանակություն ունի, հետեւաբար միջնորդում եմ դատարանին ձեռք բերել այդ փաստաթուղթը ՊՆ-ից»։ Որպես ապացույց հետազոտման ենթակա մյուս հրամանը Պաշտպանության բանակի հրամանատրի՝ 2012 թվի մարտի 31-ի հրամանն է, որը վերաբերում է նորմատիվներին։ Մասնավորապես, ինչպես նշեց պաշտպանը, սահմանված են համապաասխան ժամանակային նորմատիվներ, թե կոնկրետ դեպքում զորքերի վերախմբավորման ժամանակ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ստորաբաժանումն ինչ-որ տեղից շարժվի մեկ այլ տեղ, ժամանակացույց է, թե հրետանին ինչքան ժամանակում պետք է պատրաստվի կրակ վարելու համար, նորմատիվ է, թե զորքերին վերախմբավորում կատարելու ժամանակ մշտական տեղակայման վայրից մինչեւ առաջնագիծ հասնելն ու այնտեղ ծավալվելը ինչքան ժամանակ է անհրաժեշտ։ Պաշտպանն ասաց, որ քրեական գործում առկա է 2022թ․ ապրիլի 1-ին կազմված՝ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրման արձանագրություն, որին զննությամբ կցված են նաեւ մարտական կարգադրությունների քաղվածքներ, դրանից բացի՝ առկա են գաղտնի փաստաթղթեր 6-րդ ՊՇ-ի՝ պատերազմին նախորդող պահին ունեցած սպառազինության եւ զինատեսակների վերաբերյալ․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղսագրում են արարք, որ եթե խնջույթ չաներ, հակառակորդը Մատաղիսն ու Թալիշը չէր կարող գրավել, չէր կարող մխրճվել պաշտպանության խորքը, բայց կոնկրետ դեպքում մեզ անհրաժեշտ է այդ հետեւանքը հասկանալու եւ գնահատելու համար իմանալ, թե 6-րդ ՊՇ-ն ինչ սպառազինություն է ունեցել եւ ինչքան, որովհետեւ քրեական գործով հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել հակառակորդի իրականում ունեցած ուժերի եւ միջոցների մասին, եւ այդ մարտական հրամանով ու որոշմամբ հստակ եղել է, թե Սեւակ Աբրահամյանն ինչ ուժերի եւ միջոցների դեմ պիտի պայքարի։ Բայց երբ հարձակումը սկսել է, այդ ուժերը եւ միջոցները տասն անգամ գերազանցել են Սեւակ Աբրահամյանի ունեցած ուժերին եւ միջոցներին»,- շեշտեց Թամրազյանը։ Պաշտպանը դատարանին հայտնեց, որ այս վարույթից նոր վարույթ անջատելու մասին որոշում է կայացվել, եւ միջնորդեց դրա արձանագրությունը եւս հետազոտել։ «Վարույթն իրականացնող մարմինը, որն անընդհատ պնդում է, որ կողմնակալ չէ, Սեւակ Աբրահամյանին չէ միայն թիրախավորել, միջնորդում եմ, ասում եմ քրեական վարույթ նախաձեռնեք․ դուք գտել եք, որ Աբրահամյանն, ունենալով այսքան տեղեկություն հակառակորդի գործողությունների վերաբերյալ, չի ենթադրել, որ հակառակորդը հարձակվել է, բայց դուք ունեք ապացույցներ, որ նրանից տասն անգամ բարձր պաշտոնատար անձը, որն ի պաշտոնե պարտավոր է եղել այդ գործողությունները կատարելու, ունեցել է ավելի ատ տեղեկություններ կոնկրետ հակառակորդի հարձակման օրվա եւ ժամի մասին, ու իր պարտականությունը չի կատարել, այսինքն՝ կատարել է ՔՕ 365-րդ հոդվածով նախատեսված արարք։ Ասում եմ՝ վարույթ նախաձեռնեք, վարույթն իրականացնող մարմինն ասում է՝ մենք մի գործ ենք քննում ընդհանուր պատերազմի հետ կապված, էդ էլ ենք էդ գործի մեջ քննում, էդ վարույթն էլ նախաձեռնված է զինվորական պաշտոնական անփութության հոդվածով, էն որ մեր գործն էլ է էդ հոդվածով։ Ասում է՝ ճիշտ է հանցագործության հատկանիշներ է պարունակում, բայց մենք կկցենք էն գործին, կքննենք»,- ներկայացրեց Թամրազյանը՝ նշելով, որ այդ մերժումն ինքը բողոքարկել է դատարան եւ դատարանը որշոում է կայացրել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդման հետ կապված վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր քրեական վարույթն նախաձեռնել։ Եւ վարույթն իրականացնող մարմինը 2023թ․ մայիսի 5-ին քրեական վարույթ է նախաձեռնել այդ պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները չկատարելու վերաբերյալ եւ կրկին վարույթ է նախաձեռնել զինվորական պաշտոնական անփութության հոդվածով․ «Սա կարեւոր նշանակություն ունի դատարանի համար վերդիկտ կայացնելու առումով, որովհետեւ վարույթն իրականացնող մարմնի այս գործողությունը վկայում է այն մասին, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվում․ մի դեպքում փաստերը գնահատում է որպես զինվորական պաշտոնական անփութություն, ինչպես գնահատել է Սեւակ Աբրահամյանին քրեական վարույթ նախաձեռնելու ժամանակ, բայց Սեւակ Աբրահամյանի արարքը դիտել է, որ դա մարտական հերթապահության կանոնների խախտում է եղել, բայց այս անձանց դեպքում, չգիտես ինչու, չի գտել, որ մարտական հերթապահության կանոնների խախտում է տեղի ունեցել»։ «Մենք պետք է 01 հաստիքով համալրվեինք, որ կարողանայի չպահվող բոլոր դիրքերը համալրել» Համաձայնելով իր պաշտպանի դիրքորոշումների հետ՝ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը ներկայացրեց նաեւ, որ ծառայության մեջ իրենք առաջնորդվում են երկու հաստիքով՝ 51 հաստիք եւ 01 հաստիք, առաջինը խաղաղ պայմաններում է, մյուսը՝ մարտական գործողությունների ժամանակ։ Ընդ որում՝ Աբրահամյանը նշեց, որ խաղաղ ժամանակահատվածում անձնակազմը լրիվությամբ համալրված չի լինում։ Նա կարծիք հայտնեց, որ քանի որ մարտական գործողություններում մեր եւ հակառակորդի անձնակազմի հարաբերությունը կատարվում է 01 հաստիքով, ապա նպատակահարմար է ՊԲ-ից պահանջել ՊՇ-ի անձնակազմի եւ սպառազինության մարտական, քանակական կազմը, որպեսզի դատարանում կարողանան ապացուցել, որ եւ հակառակորդն է ավելի շատ եղել, եւ իրենք չենք համալրվել 01 հաստիքով։ «Իմ խնդիրը ես պետք է կատարեմ 01 հաստիքով նախատեսված անձնակազմով, որը համալրվում է մարտական գործողությունների ընթացքում։ Մենք տեսնենք՝ ինչքան անձնակազմ պետք է ունենայինք, եւ ինչքան են մեզ հատկացրել»,- ասաց մեղադրյալը՝ շարունակելով, որ հիշատակված 002 դիրեկտիվում կա փաստաթուղթ, որը կոչվում է մարտական պատրաստականության բերման պլան։ Այն մի փաստաթուղթ է, որտեղ արտացոլվում են զորամասի հրամանատարից մինչեւ ենթակա ու վերադաս բոլոր անձանց գործողությունները, որոնք կատարվում են տագնապի ժամանակ, որից ելնելով անցնում են պաշտպանության․ «Եթե մենք դա ունենանք, կտեսնենք՝ ՊՇ հրամանատարը խաղաղ պայմաններում, եթե զորամասը բերեր բարձր մարտական պատրաստության աստիճանի, ապա ինչ դրական բան կփոխվեր, կտեսնենք որ ոչ մի բան էլ չէր փոխվի։ Ընդհուպ այդ քանակով անձնակազմով ես չէի կարող բոլոր չպահվող մարտական դիրքերը համալրել, մենք պետք է 01 հաստիքով համալրվեինք, նոր կարողանայի չպահվող բոլոր դիրքերը համալրել։ Իսկ 01 հաստիքով համալրում կատարվում է Արցախի Հանրապետության ռեսուրսների հաշվին՝ ԱՀ նախագհի հրամանով, ՀՀ ռեսուրսների հաշվին՝ ՀՀ վարչապետի հրամանով»։ «Չենք կարող հետախուզական տվյալը մեր մարտական դիրքրից 2 րոպեում հաղորդել ՊԲ, բայց մատյանում նման տվյալներ կան» Սեւակ Աբրահամյանը նշեց, որ գործում առկա է հետախուզական տվյալների հաշվառման մատյան։ Ըստ նրա՝ մատյանում ոչ բոլոր տվյալներն են առկա․ «Մատյանում գրառված են այն հետախուզական տվյալները, որոնք հաղորդված են 6-րդ ՊՇ-ից։ ՊԲ-ի եւ զորամասի արանքում կա նաեւ դիվիզիա, մենք հետախուզական տվյալները հաղորդում ենք դիվիզիա, դիվիզիան հաղորդում է ՊԲ։ Մարտական կանոնադրության մեջ ասված է, թե ով է զորքերի ղեկավարումն իրականացնում եւ որտեղից, էս պահին զորամասում հրամանատարն է իր տեղակալների եւ ծառայության պետերի հետ, ղեկավարումն իրականացվում է ղեկավարման կետերից, զորամասում առկա է ոչ թե մեկ հրամանատարական կետ, այլ մի քանի այլ կետեր։ Պարզ երեւում է, որ ՊՇ վարչությունը ոչ թե պետք է զբաղեցնի հրամանատարական կետ, այլ ղեկավարման կետ։ Ընդ որում՝ շտաբի հիմնական խնդիրների մեջ են մտնում հետախուզական տվյալների հավաքումը, հայթայթումը, ընդհանրացումը զեկուցումը վերադաս շտաբ, այլ ոչ թե ՊՇ հրամանատարին անձամբ։ ՊՇ հրամանատարը չի կարող եւ մարտը ղեկավարել, եւ իր ենթականերին խնդիրներ առաջադրել։ Ընդ որում՝ շտաբների ղեկավարումն իրականացվում է անձմաբ ՊՇ շտաբի պետը։ Գնդի շտաբի պետը գնդի շտաբի ու անմիջական վարչակազմի աշխատանքների հիմնական կազմակերպիչն է։ Հիմա այս աշխատանքների կատարման ընթացքում ձեր բերած տվյալներում նույն շտաբի պետի ղեկավարությամբ հետախուզական տվյալները հաղորդվել են դիվիզիա, դիվիզիան հետախուզական տվյալներն ընդունել է, գործում նյութերը առկա են, ըստ որոշ տվյալների՝ այդ նյութերը բանակ չեն գնացել, բայց բանակում հայտնաբերվում է մատյան, որտեղ էդ տվյալները կան գրված։ Մատյանում տվյալները, գրառումները կատարում են երկու-երեք սպա, ձեռագրերը շատ են նույն օրվա ընթացքում, ժամերը, որ գրված են, աղավաղված են։ Մենք չենք կարող երկու րոպեում մեր մարտական դիրքրից հետախուզական տվյալը հաղորդենք ՊԲ, բայց էնտեղ տվյալներ կան, որ հետախուզական տվյալը երկու րոպեում գրանցվել է ՊԲ-ում։ Ինձ մոտ կասկած է առաջանում, որ էդ մատյանն ինչ-որ բանի է ենթարկվել»,- նկարագրեց Սեւակ Աբրահամյանը՝ խնդրելով դտարան ներկայացնել տվյալ մատյանը, հետո փորձաքննության ենթարկել այն։ Պաշտպանական կողմից լսելուց հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Սեւակ Աբրահամյանին տեղեկացրեց, որ նա իրավունք ունի պահպանել լռություն կամ տալ ցուցմունք՝ այդ թվում պաշտպանի ներկայցությամբ։ Աբրահամյանն ասաց, որ ինքը միանշանակ ցանկանում է ցուցմունք տալ․ «Կներեք էլի, ես հայերեն դպրոց եմ ավարտել, ունեմ բարձրագույն զինվորական դիպլոմ՝ բարձր գնահատականներով, բայց մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչի մեջ են ինձ մեղադրում, ինչո՞ւ, որովհետեւ մեղադրող կողմից ներկայացված հոդվածները, որ էսինչ փաստաթղթերի էսինչ հոդվածների համաձայն չի կատարել էսինչը, ես կարդում եմ, տեսնում եմ՝ չի համապատասխանում հոդվածին»։ Դատավորն արձագանքեց, որ այդ բոլոր հարցերը, որոնք մեղադրյալին չեն գոհացնում այս պահին, որոնց հետ ինքը համաձայն չէ, մանրամասն, օբյեկտիվ, լրիվ քննության արդյունքում վեր կհանվեն, եւ անհասկանալի բաներ չեն մնա։ Հանրային մեղադրողը պնդում է, թե Արցախի նախագահին, ԱԱԾ նախկին տնօրենին դատարանում հարցաքննելու կարիք չկա Հաջորդիվ հանրային մեղադրող [դատախազ] Վազգեն Վարդանյանն ասաց, որ պաշտպանական կողմի հնչեցրած որոշակի փաստաթղթերի ինքն էլ ծանոթ չէ, դրանք չեն հետազոտվել նախաքննության ընթացքում, ուստի ինքը դրանց վերաբերյալ չի կարող դիրքրոշում հայտնել, դրա համար էլ միջնորդեց դատարանին ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա ասել՝ ունի՞ առարկություն այդ ապացույցների վերաբերյալ, թե ոչ։ Հանրային մեղադրողները, ձախից՝ Վազգեն Վարդանյանը  Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդել էր դատարանում հարցաքննել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ նախկին պետին, հետազոտել Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում հնչեցրած հայտարարությունները․ հանրային մեղադրողը, սակայն, պնդեց, թե այդ հարցաքննությունները եւ հայտարարության հետազոտումը որեւէ նշանակություն չեն կարող ունենալ տվյալ քրեական վարույթով․ «Պաշտպանական կողմից պատրաստք է փորձում ստեղծվել, որ ինչ-որ անձինք կամ բարձրագույն հրամանատարական կազմը իբրեւ թե կատարել են հանցավոր արաք, դրա համար մեղադրանք է առաջադրվել Սեւակ Աբրահամյանին, բայց ամենեւին այդպես չէ, ենթադրյալ հանցավոր արարքի կատրումը կոնկրետ է, դրա վերաբերյալ ապացույցերը վարույթում են, դրա վերաբերյալ առաջադրված է մեղադրանք»,- կարծիք հայտնեց Վարդանյանը՝ շարունակելով ներկայացնել, որ ներկայում Քննչական կոմիտեում քննվում են բազմաթիվ գործեր, այդ թվում բարձրաստիճան սպաների, այդ թվում շարքային, ենթասպայական, սպայական կազմին վերաբերող, եւ, նրա խոսքով, յուրաքանչյուրի անձի որեւէ հանցավոր արարքի գնահատական տալու համար կատարվում է առանձին քննություն։ Միաժամանակ, հանրային մեղադրողը հայտնեց, որ որեւէ առարկություն չկա ՊԲ գաղտնի գործավարության նախկին պետ Մարինե Ծատրյանին հարցաքննելու վերաբերյալ [նրան հարցաքննելու միջնորդությունը ներկայացվել էր նախորդ նիստին], առարկություն չկա նաեւ 002 դիրեկտիվի հետազոտման եւ այլնի մասով։ Կա ցուցմունք, որ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին երկու օր առաջ ասել է, որ թուրքերը հարձակվելու են Պաշտպանը փորձեց պատճառաբանված բացատրություն լսել, թե ինչու չպետք է հարցաքննվեն Արցախի նախագահը, ԱԱԾ նախկին տնօրենը, այդ ժամանակ հանրային մեղադրողը Թամրազյանին ընդհատելով ասաց՝ «բայց ինչի՞ հարցաքննենք»։ Այնուհետեւ պաշտպանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունն ասում է, որ անձն իրավունք ունի ասել՝ այս անձը գալու է՝ իմ օգտին ցուցմունք տա, այս մարդուն ի պաշտպանություն ինձ հարցաքննեք, ինչպես հարցաքննել եք իմ դեմ ցուցմունք տված անձանց․ «Դուք վարույթն իրականացնող մարմնին հսկող դատախազ եք եղել, ձեր հսկողությամբ աշխատող քննիչն Արայիկ Հարությունյանին հարցաքննել է, եթե անհրաժեշտ չի եղե, ինչո՞ւ չեք արգելել, ասել՝ ինչու ես հարցաքննում Արայիկ Հարությունյանին, այդ ցուցմունքը զրո նշանակություն ունի, ինչո՞ւ եք հարցաքննել։ Եթե անգամ չեք հարցաքննել, մենք դա միջնորդում ենք, եւ որեւէ մեկը չի կարող ոչ միայն առարկել այդ միջնորդության դեմ, այլ նաեւ մերժել, որովհետեւ սա սահմանադրական նորմի է վերաբերում։ Նույնը վերաբերում է ԱԱԾ տնօերնին»,- պնդեց պաշտպանը։  Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի արտահայտությանը, թե «պաշտպանական կողմը պատրանք է ստեղծում», Թամրազյանն արձագանքեց այսպես․ «Ի՞նչ պատրանքի մասին է խոսքը։ Դուք ասում եք՝ Սեւակ Աբրահամյանն ամսի 26-ին ամբողջ մոլորակում միակ մարդն է եղել, որ տեղեկություն է ունեցել, որ հակառակորդը հարձակվելու է։ Ես ձեզ ասում եմ, որ ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ նրանց նախագահն իրենց երկրի անվտանգության երաշխավորն է, նա է պատասխանատու, եւ եթե հարձակման սպառնալիքի վերաբերյալ տեղեկություններ է ունենում, պարտավոր է արտակարգ դրություն հայտարարել։ Գործով ցուցմունք ունեք, որի մեջ նշված է, որ Ջալալ Հարությունյանին Արայիկ Հարությունյանը երկու օր առաջ ասել է, որ թուրքերը հարձակվելու են։ Դուք այդ ցուցմունքը դրել եք մեղադրանքի հիմքում, չեք ուզո՞ւմ Արայիկ Հարությունյանին հարցաքննել, տեսնել՝ դա իրականությո՞ւն է, թե՞ իրականություն չէ»։ Ի վերջո, լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։ Ըստ այդմ՝ հիմնական դատալսումների փուլում կհետազոտվեն մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները, հետո՝ պաշտպանական կողմի, հետո կլինի վկաների հարցաքննության փուլը, վերջում դատարանը կլսի մեղադրյալ Սեւակ Աբրահամյանին։ Դատարանը որոշեց քննել մեղադրյալի կալանքը երկարաձգելու հարցը․ պաշտպանն այդ որոշումն ապօրինի որակեց Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ քանի որ մեղադրյալի կալանքի ժամկետը լրանում է այս մասվա 29-ին, այս նիստում դատարանն անհապաղ պետք է անցնի այս հարցի քննությանը, որ մյուս նիստերին շարունակի մյուս հարցերի քննարկումը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Խափանման միջոցի հարցի վերաբերյալ հանրային մեղադրողը կարծիք հայտնեց՝ նշելով, որ խափանման միջոց կալանքի նպատակը շարունակում է առկա լինել, շարունակում է բարձր լինել ռիսկը, որ մեղադրյալի ազատությունը նվազ սահմանափակող այլ խափանման միջոցի կիրառումը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Թեեւ նա նշեց, որ այս ընթացքում նոր հանգամանք ի հայտ չի եկել․  «Հաշվի առնելով մեղադրյալ Սեւակ Աբրահամյանի նախկինում զբաղեցրած դիրքը, հեղինակությունը, ունեցած դերը, սպայի բարձր աստիճանը, այդ լույսի ներքո հաշվի առնելով մի շարք նախադեպային որոշումներ, որոնց վրաբերյալ նախորդ միջնորդության մեջ հղում եմ կատարել, գտնում եմ, որ կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի եւս երեք ամսով, եւ այլընտրանքային խափանման միջոցն ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, նրա վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումը»,- պնդեց հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։  Պաշտպանը ներկայացրեց, որ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն առնվազն երեք հիմքով անօրինական է Իսկ պաշտպանն, իհարկե, առարկեց այդ միջնորդության դեմ։ Նախ նա նշեց, որ ՔԴՕ 116 հոդվածը կոնկրետ նշել է, կալանքի հարցը քննելիս դատարանը պետք է որոշում կայացնի՝ հիմնավոր կասկած կա՞, թե՞ չկա․ «Ես մեղադրանքի կողմից չլսեցի հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ որեւէ դիրքորոշում։ Հիմնավոր կասկածն ունի հիմնավորվածություն եւ օրինականություն։ Ես հիմնավոր կասկածի հիմնավորվածության մասին չեմ խոսում, ապացույցները չեմ վերլուծում, բայց դատարանը պարտավոր է անդրադառնալ մեղադրանքի օրինականությանը»,- ասաց պաշտպանը՝ մանրամասնելով, թե ինչու է համարում, որ այս մեղադրանքն օրինական չէ։ Նախ, պաշտպանը նշեց, որ այն արարաքը, ինչը մեղսագրվում է Սեւակ Աբրահամյանին, ապաքրեականացվել է․ «Վարույթն իրականացնող մարմնի կողմից նկարագրված մեղադրանքի նկարագրությունում կանոնների խախտումը ենթադրվում է, որ կատարվել է անզգուշությամբ։ Նախկին ՔՕ 365 հոդվածը մարտական հերթապահության կանոններն անզգուշությամբ խախտելը համարել է հանցագործություն, բայց նոր ՔՕ-ն դա հանցագործություն չի համարել, նշանակում է, որ այդ արաքը ապաքրեականացվել է»։ Դարձյալ նշելով, որ Սեւակ Աբրահամյանին ներկայացվել է մեղադրանք նախկին ՔՕ 365-րդ հոդվածի երկրորդ մասով, պաշտպանը հիշեցրեց, որ նույն հոդվածի առաջին մասը նշում է այն արարքի մասին, որը կատարվել է ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ․ «Այսինքն՝ Սեւակ Աբրահամյանը պետք է մարտական հերթապահության կանոնները խախտեր ՀՀ սահմանները պաշտպանելու ժամանակ, որովհետեւ կոնկրետ դիսպոզիցիայում նշված է, թե որտեղ կարող էր այդ հանցանքը կատարվել։ Այսինքն, եթե այդ գործողությունը ուղղված չէ ՀՀ սահմանների պաշտպանությանը, մենք այս հոդվածի հետ գործ ունենալ չենք կարող, այս հոդվածը չի կարող լինել կիրառելի, որովհետեւ հանցակազմի պարտադիր հատկանիշը բացակայում է»,- ներկայացրեց Թամրազյանը։  Նա նշեց, Արցախի Հանրապետությունն էլ ունի ՔՕ, որը նույնպես ունի մարտական հերթապահության կանոնները խախտելու հանցակազմ, որի մեջ գրված է «Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանն ուղղված մարտական հերթապահության կանոնները խախտելը», այսինքն, ըստ պաշտպանի, ակնհայտ է, որ տարանջատված են Արցախի Հանրապետության սահմանները եւ ՀՀ սահմանները։  Թամրազյանն ասաց, որ Սեւակ Աբրահամյանը հարցում է արել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, հարցրել է՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանը ՀՀ սահմանների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ հայտնել են հետեւյալը․ «ՀՀ սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները, մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից։ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ համայնքների ցանկը, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասկազմով հավելված 2-ում։ Արցախի Հանրապետության ԱԺ 1998թ․ հունիսի 16-ի ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է Հանրապետության վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջանները եւ Ստեփանակերտ քաղաքը»․ «Ինչպես երեւում է վերոնշյալ կարգավորումներից՝ ՀՀ եւ Արցախի վարչատարածքային բաժանումը որեւէ փոխհատում չունի։ Մարտակերտի շրջանը ՀՀ տարածքում չի եղել եւ Արցախի Հանրապետության սահմանները ՀՀ սահմանների հետ չեն նույնանում, դրանք տարբեր են»,- ասաց պաշտպանը։ Այս պատասխանը եւս ապացույցի տեսքով ներկայացրեց դատարանին։ Մեղադրանքի օրինական չլինելու վերաբերյալ պաշտպանի հաջորդ փաստարկն այն էր, որ ՔԴՕ-ն, որն ուժի մեջ է մտել 2022 հուլիսի մեկին, գրել է, որ եթե չկա կոնկրետ հոդվածով կոնկրետ հանցանքի համար նախաձեռնված քրեական վարույթ, քրեական հետապնդում չի կարող լինել․ «Սա դոգմա է, սա քննարկման ենթակա էլ չէ, նախկինում ՔԴՕ-ն, ի տարբերություն նորի, նշել էր, որ նույն անձի վերաբերյալ եթե այլ հանցաքնի դեպք կլինի, բայց հնարավոր կլինի այլ վարույթում քննել, հնարավոր է նոր գործ չհարուցվի, բայց դրա վերաբերյալ էլ գիտնական հեղինակավոր դատավորները կարծիք ունեն, որ դա բացառիկ դեպքերում է կիրառվել, հիմա մենք ունենք պաշտոնական զինվորական անփութության վարույթ եւ ունենք մեղադրանք՝ բոլորովին այլ հանցանքի վերաբերյալ։ Ոչ մի հանցանք մյուսի հետ չի նույնանում»։ Այսպիսով, ներկայացնելով երեք հիմք մեղադրանքի անօրինական լինելու մասին՝ պաշտպանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս են այս պարագայում պատրաստվում անձի կալանքի երկարաձգման հարց քննարկել, հատկապես, երբ հանրային մեղադրողն ինքն էլ նշում է, որ նոր հանգամանք ի հայտ չի եկել։ Պաշտպանը խնրդեց վարույթում ներգրավված 51 վկաներից գեթ մեկի անունը հնչեցնել, որի վրա Աբրահամյանը կարող է ազդեցություն ունենալ, եւ միաժամանակ վստահություն հայտնեց, որ չի կարող այդպիսի անուն հնչել, քանի որ որեւէ վկայի ցուցմունք պարզապես չի հակասում մեղադրյալի ցուցմունքին։ Նա վրդովմունք արտահայտեց այն իրողության վերաբերյալ, որ տնային կալանք են ընտրում անգամ սպանության կազմակերպչի, թմարմիջոց իրացնողի, քրեական հեղինակության դեպքում․ «Բայց թուրքին վնաս տված, 44 օր կռված, զինվորական, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց դեպքում տնային կալանքը կիրառելի չէ, եւ միակ բացառիկ խափանման միջոցը կալանքն է, որ կիրառվում է, էս է մեր էսօրվա իրականությունը, պիտի թմրամիջոց իրացնող լինես, որ տնային կալանքի տակ լինես, մյուս դեպքերում քեզ տնային կալանք չի սպառնում»։  Սեւակ Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի, ընտանիքը Ստեփանակերտում բլոկադայի մեջ է Պաշտպանը դատարանում հայտարարեց նաեւ, որ Սեւակ Աբրահամյանի հարազատները՝ մայրը, եղբայրները, երեխաները, Ստեփանակերտում են՝ շրջափակման մեջ ու սովի մատնված, եւ գոնե այս իրավիճակում «դադարեցվի սադիզմը», հատկապես, որ Աբրահամյանը հիվանդություններ ունի, մի քանի անգամ ինֆարկտ է տարել, ՔԿՀ-ում՝ կաթված, ու այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է 3/4քմ սենյակում մնալ։ Պաշտպանը նշեց, որ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը, կարող է վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը կիրառել գոնե։ Պաշտպանի դիրքորոշումից հետո ինքը՝ Աբրահամյանը ելույթ ունեցավ՝ դատախազին հարցնելով՝ այդ բարձր դիրքն ու անունը ինչ-որ մե՞կն է իր համար ստեղծել, թե՞ ինքն իր համար։ Նա նշեց, որ եթե ուզենար խանգարել գործի քննությանը, առաջին օրից չէր գա ՀՀ, չէր գնա քննչական մարմին․ «Ես ուզում էի էս գործը բացվեր, շնորհակալություն, ես նպատակիս հասել եմ, ուրիշ նպատակ չունեմ էս գործում, ինձ ինչ պետք ա եղել, ես հասկացել եմ։ Ինձ պետք ա եղել՝ ես իմանամ՝ իմ տունս, որ անցել ա թուրքի տարածք, հիմա իմ տունս որ համարվում ա Ադրբեջանի Հանրապետություն, մարդիկ պլանավորե՞լ են էդքանն իրականացնել, թե՞ ոչ։ Աստված մեծ ա, օրը գալու ա, բարին էլ հետը, ամեն ինչ ժամանակավոր ա, բայց իմացեք, միշտ էլ, ե՛ւ հինգ տարի հետո, եւ ինը տարի հետո, ես իմ դիրքը, դերը ունենալու եմ, ու էլի էն իմ հայրենիքս ա, տունս ա, ու միշտ էլ մնալու ա, ու հայրենիքումս ապրողների համար միշտ էլ սիրտս ցավելու ա․․․ Որոշել եք, որ խոչընդոտելու եմ, ձեր գործն ա»,- եզրափակեց մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը։ Դատարանը երկարաձգեց Աբրահամյանի կալանքը Դատարանը, լսելով կողմերին, որոշեց Սեւակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ եւ այն երկարաձգել եւս երեք ամսով՝ մինչեւ հոկտեմբերի 29։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի չորսին, ժամը 12:30։ «Աստված ձեզ հետ»,- ասաց Սեւակ Աբրահամյանը՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալիս դիմելով այնտեղ մնացած հանրային մեղադրողներին ու լրագրողներին։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարները՝ Սվետլանա Մովսիսյանի
17:30 - 22 հուլիսի, 2023
«Մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում»․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննությունը

«Մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում»․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննությունը

«Շրջափակման մեջ գտնվելու ժամանակ մեզ պահող մի բան է եղել՝ Աստվածաշունչը․ մեկս կարդում էր, չորսս՝ լսում, ես, որ այսօր ողջ եմ, Աստծո ձեռքի գործն է»։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Նարեկ Սիրունյանի խոսքերն են։ Նարեկը մեկն է գումարտակի այն զինծառայողներից, որոնց հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Նարեկը 6 զինծառայողների հետ միասին (որոնցից վիրավոր 2-ը այդ ընթացքում զոհվել են) 44 օր շարունակ թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում, պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերվել ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ գերեվարվել։ 8 ամիս անց՝ 2021 թ․ ամռանը, Նարեկը վերադարձվել է հայրենիք։ Ավելի քան մեկ տարի է՝ դատարանում քննվում է Խուռհատ սարի վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակում մեղադրյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Նարեկ Սիրունյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 31-ին, երեկ ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու։ Ըստ տուժողի՝ պատերազմի ժամանակ իրենց մեկ գիշեր թողել են բաց երկնքի տակ մեքենաների մեջ Նախքան Խուռհատ սարի իրադարձությունները ներկայացնելը տուժողը պատմեց, որ սկզբնապես մարտական գործողությունների մասնակցել է Ջրականի տարածքում, ներկայացրեց դրա վերաբերյալ որոշ դրվագներ․ «Հոկտեմբերի 5-ի կամ 6-ի մոտակայքում՝ երեկոյան կողմ, անձրեւոտ եղանակ էր, դրանից առաջ լավ թրջվել էիք, համազգեստ բերեցին, տվեցին, դիրքավորվեցինք, դրանից հետո նահանջ հրաման եկավ դեպի «9–րդ կմ» կոչվող տարածք, որտեղից [խոստացվել է, որ] կտանեն ապահով տեղ, պատերազմը դադարում է, ամեն ինչ նորմալ է, դուք մալադոյ եք, ձեզ չեն տանում դիրքեր [եւ այլն, եւ այլն]»: Այդպես զորքը միատողան նահանջել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Լուսանկարում՝ Հրանտիկ Հարությունյանը Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը հետաքրքրվեց՝ պրիսյագ ընդունե՞լ է, քանի՞ օրվա ծառայող է եղել այդ ժամանակ, ինչին դրական պատասխանելով՝ Նարեկն ասաց՝ 5 օրվա․ «Հարգելի՛ դատարան, խնդրում եմ արձանագրեք, որ հանցավոր ճանապարհով ստիպել են երդում ընդունել, թեկուզ իմ էրեխեն՝ 2 ամսվա ծառայող է եղել, հրամանատարն անձամբ ինձ է ասել՝ կրակել չի իմացել, առանց կրակելու տարել, երդում են տվել, որ մենք էսօր չկարողանանք ապացուցել, որ մեր էրեխեքին իրավունք չունեին տանել մարտի դաշտ»,– ասաց ծնողը։ Ոչ մինչեւ դպրոց հասնելը, ոչ էլ դպրոցում Նարեկը Իշխան Վահանյանին չի տեսել, չի ճանաչել։ Նրա՝ հոկտեմբերի սկզբի ենթադրյալ վիրավորման մասին ոչինչ չի լսել, բայց հետագայում քայլքի մեջ դա վկայող որեւէ բան չի էլ տեսել։ Հոկտեմբերի 9-ին արդեն զորքը նորանշանակ հրամանատար Վահանյանի գլխավորությամբ բարձրացել է Խուռհատ սար․ «Ասացին՝ նոր հրամանատար ունենք, ու պիտի շարժվենք էդ Վիշկա կոչված տեղը, երեկոյան բարձրացել, նստել ենք էդ զիլ–կամազ–ուրալները, զորքի կեսը շարժվել է, մենք մինչեւ լուսաբաց մնացել ենք դրանց մեջ, հետո մեզ իջեցրել են, ասել են՝ զենք, ով ինչ ունի պակաս, վերցրեք բարձրանում ենք, բարձրացել ենք, դիրքավորվել ենք ու էդ ժամանակ արդեն տեսել եմ իրեն»։ – Մեքենաների մե՞ջ եք մնացել,– վկայի խոսքից զարմացած՝ հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Զարմանքը պայմանավորված էր նրանով, որ մինչ այդ դպրոցի վրա արդեն արկ էր ընկել, ուստի ենթադրելի էր, որ տեղն այլեւս ապահով չէ։ – Հա, հենց մեքենաների մեջ։ – Հարգելի՛ դատարան, ես ձեր եւ մեղադրողի ուշադրությունն եմ հրավիրում, որովհետեւ այս փաստը հաղորդում է հանցագործության վերաբերյալ․․․ Էդքան կամիկաձե վերեւում․․․ Էդ զինվորներին նստեցրել ու մեքենաներով․․․ Ու հարուցված քրեական գործ չկա․․․ Հետեւությունները թողնում եմ ձեզ։ Կամավոր քեռին Նարեկ Սիրունյանին փոքր–ինչ տարօրինակ է թվացել Շարունակելով ցուցմունքը՝ Նարեկը պատմեց՝ սարում Վահանյանն է իրենց դիմավորել։ Անձամբ իրեն, որպես նռնականետի, դիրքավորել են ճանապարհի վրա, այսինքն՝ սարի վրա գտնվող զորքի ու ներքեւի հրամանատարական դիտակետի մեջտեղում։ Այդ օրը հակառակորդի շարժ է նկատվել, որը հարեւան ստորաբաժանումները ճնշել են, գիշերը անցել է հանգիստ։ Ներկա է եղել այն կամավոր քեռին, որի մասին բոլոր վկաները հիշատակում են՝ ասելով, որ նա, որպես տարեց մարդ, իրենց առաջնորդել է, ցուցում տվել  շարժվել Հադրութի ուղղությամբ․ «Մենք որ բարձրացել ենք, քեռին էդտեղ է եղել, ասում էր՝ ես կամավոր եմ, բոլորը փախել են, ես մնացել եմ զորքի հետ, հրամանատարներն էլ ասում էին՝ մենք որ էստեղ չլինենք, իրեն լսեք»։ Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը – Քեռու գործողությունների մեջ արտառոց բան նկատե՞լ եք,– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։ – Իմ տպավորությամբ՝ ոնց որ գլխից մի քիչ վերցրած լիներ, թաթալաբազ լեննականցի էր, կարողա բաներ աներ, որ համազգեստ հագնողին հարիր չէին։ – Այսի՞նքն։ – Դե, գիշերը ճամփի մեջտեղ պառկել էր, ասում էր՝ ես սենց քնում եմ, ասում էի՝ գնա մեզնից հեռու, որովհետեւ խռռացնում էր․ գիշերվա մենակության մեջ էդ ձայնից  մարդ վեր է թռնում, երբ շուրջբոլորդ՝ մութ, նայում ես՝ մարդ չկա, դա ազդում է, անձամբ ես լսել, վախեցել եմ, ասել եմ՝ զարթնի կամ գնա ուրիշ տեղ քնի։ – Քեռու ներկայությունը զեկուցվե՞լ է,– հետաքրքրվեց փաստաբանը։ – Ո՞ւմ։ – Զորամիավորում է, անծանոթ մարդ, ում ներկայությունը, ոնց հասկանում եմ, հետագայում մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ գործողության վրա, հրամկազմից որեւէ մեկը չի՞ եկել, հարցներ՝ ո՞վ ես, մի գործողություն եղե՞լ է թե՞ չէ։ – Չի եղել, ավելին ասեմ, խոզեր կային էդտեղ, էդ հոպարը տղերքից մեկից սնայպեր վերցրեց, սկսեց կրակել։ – Առանց մարտի՞։ – Հա, առանց մարտի, եկել էին, որ լցվեին պոստ։ – Բա առանց հրաման կրակոցնե՞ր․․․ – Այ էդ հարցը կար էլի, ո՞նց է՝ ինքը կրակում է, մենք՝ չէ․․․ – Ես արդեն տրամաբանում եմ՝ ինչի էր կրակում, բա ձեր հրամկազմը, բա մեկը չէ՞ր գալիս, ասում՝ տեղանքն ես ցույց տալիս, զորքի դիրքավորումն ես ցույց տալիս,– հարցրեց Գրիգորյանը։ Ձեռքով թկթկացնելով սեղանին՝ տուժողը պատասխանեց․ – Էս էր, ձայն չկար, ոչ մի բան չի եղել։ Մարտական գործողությունների ընթացքում տուժողը մեղադրյալին որեւէ անգամ չի տեսել Հաջորդ օրն առավոտյան կռիվը սկսվել է․ «Առավոտյան սնունդ եկավ, հավաքվեցինք, որ ուտենք, էդ ընթացքում արդեն կրակոցներ սկսվեցին, ամեն մեկը իր զենքը վերցրեց, տեղավորվեց, ու արդեն վիրավոր, զոհ․․․ Էդ ժամանակ գումարտակի հրամանատարին չեմ տեսել, իմ կողքին են եղել Հովոն, Ղարիբյանը, Վարդանյանը (խոսքը սպաներ Հովհաննես Մուրադյանի, Արսեն Ղարիբյանի, Վազգեն Վարդանյանի մասին է,–հեղ․), հետո որ տակից էլ սկսեցին կրակել, Մուրադյանն ասաց՝ մերոնց կեսը անտառի մեջ է, չկրակեք, ու մի հատ պտույտ, արդեն մեզ էլ էին սկսում կրակել»։ Ողջ ընթացքում, ըստ Նարեկի, թշնամին միայն հրաձգային զինատեսակներ է կիրառել, հետեւաբար Վահանյանը, նրա խոսքով, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Նարեկի խոսքով՝ իջնելիս ինքն ընկել է, ոտքը վնասել, Հովհաննես Մուրադյանի օգնությամբ վիրակապել են, շարունակել, մինչեւ դուրս են եկել ճանապարհի վրա, զորքն արդեն առաջ գնացած է եղել, փորձել են գնալ նրանց հետեւից, բայց շուտով կրակահերթ է սկսվել, նստել են ջրի ափին, փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում։ Այդպես մոտ 100 հոգով անջատվել են զորքից․ ով ի վիճակի էր, մյուս սպաների հետ արագ–արագ առաջ է անցել, ով վիրավոր էր, թույլ, Հովհաննես Մուրադյանի հետ է եղել։ – Չփորձեցի՞ն ձեզ սպասել։ – Ոչ մեկն էլ չի սպասել էդ իրավիճակում, մի հատ Մուրադյան Հովհաննես է եղել, որ առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել է մեր կողքին, ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա։ Ըստ Նարեկ Սիրունյանի՝ իրենք տեղյակ էին, որ Հադրութը օղակի մեջ է Նարեկ Սիրունյանը հերքեց մինչ այս հնչած այն ցուցմունքները, թե պայմանավորվել են սպասել, մինչեւ սպաները բարձրանան հարակից սարի վրա գտնվող 3-րդ գումարտակի մոտ՝ նրանց միանալու հավանականությունը հասկանալու համար, ասաց՝ այդ հարցը քննարկվել է դեռ մարտի ընթացքում, բայց վերջնական որոշում, հրաման եթե լիներ, բոլորով գնացած կլինեին։ Մի շարք վկաներ այդ դրվագով են բացատրել զորքի մասնատումը՝ ասելով, որ 3-րդ գումարտակի մոտ գնացած անձնակազմը մնացել է վերեւում, մյուս մասը՝ ներքեւում, քանի որ թշնամին սկսել է թիրախավորել իրենց, առաջանալ այլեւս չեն կարողացել։ Նարեկը հերքեց նաեւ այն ցուցմունքները, թե դրանից հետո Հովհաննես Մուրադյանի եւ քեռու գլխավորությամբ որոշվել է գնալ գրավված Հադրութի ուղղությամբ․ «Երբ հավաքվեցինք, Հովոյին հարցրի՝ բա էս ո՞ւր են, ո՞ւր գնացին, ի՞նչ պիտի անենք, ասաց՝ պիտի կամաց դուրս գանք, բաժանվենք մասերի, խումբ–խումբ անցնենք․․․ Կապվել են Վահանյանի հետ, Հովոն թե հոպարը՝ կդժվարանամ ասել, էդտեղից հայհոյանքներ է լսվել, լսվել է, որ Վահանյանը չկա, զորքին թողել, թռել է, ո՞վ պիտի զորքին տիրություն անի․․․ Պատճառաբանությունը եղել է այն, որ ծանր վիրավոր է եղել, իրեն շուտ իջեցրել են։ Ու մեզ արդեն ասվել է, որ Հադրութը վերցված է օղակի մեջ, պիտի արանք գտնենք, էստեղից դուրս գանք»։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ըստ Նարեկի՝ Հովհաննես Մուրադյանն առաջարկել է Հադրութի տակով դուրս գալ։ – Չի՞ եղել խոսակցություն, որ պիտի գնաք Հադրութ՝ զորքին փրկելու։ – Զորքը հաստատ չէր մտնի Հադրութ բոյ տալու, որովհետեւ չի կարող 100 հոգին 1000-ի դեմ․․․ Ոնց որ քեզ գցեն առյուծների վանդակ, դա հնարավոր չէր։ – Ինչո՞վ կբացատրեք, որ մի քանի հոգի, այդ թվում՝ ձեզ հետ եղած անձինք, հայտնում են՝ քեռին ասել է՝ գնում ենք Հադրութ, որ օգնենք մեր տղաներին դուրս գալու։ – Հադրութում մնացած են եղել չակերտավոր կամավորականներ, որոնք ամսի 9–ին պիտի մեզ հետ բարձրանային դիրքեր, բայց չգիտես ոնց, չեն բարձրանում, հետո, չգիտես ոնց, անհետանում են, իրե՞նց պիտի օգնեինք։ – Չգիտեմ։ – Զորքից Հադրութում մարդ չի մնացել․․․ Ես կդժվարանամ բացատրել, եթե մի բան չգիտեմ, չգիտեմ, բայց եթե տենց հրաման լիներ, մեկը ես էդ հրամանը չէի կատարի, որովհետեւ էդ պահին, երբ մեզ պետք է էդ մարդիկ հանեին, գազի վրա կոֆե էին եփում, հաց էին ուտում, էս է եղել պատերազմը, այ սենց պատերազմ էինք տանում մենք,– ասաց տուժողը։ Լուսանկարում՝ տուժող Նարեկ Սիրունյանը Սիրունյանը հերքեց նաեւ սպաների այն խոսքերը, թե զորքը բարոյահոգեբանական այն վիճակում է եղել, որ ի վիճակի չի եղել հրաման կատարել․ «էդ նյութերը ով տվել է, իրենք ի վիճակի չեն եղել հրաման տալու, որ զորքն էլ դա կատարեր, երբ իրենք լինեին լավ հրամանատարներ․․․ Ես ինքս մի քանի անգամ կատարել եմ հրաման, որ ինձ տրվել է, եղել եմ ֆիզիկական լավ վիճակում, էդ ո՞նց եղավ, որ ես ի վիճակի էի, մնացածը՝ չէ, եթե լինեին ճիշտ, հստակ հրամաններ, բոլորն էլ ի վիճակի էին, բոլորն էլ եղել են հասուն մարդիկ, մանավանդ էդ 10 օրվա ընթացքում էնքան էին կոփվել, վիրավոր էլ է եղել, որ հրաման է կատարել․․․ Զորքին տալիս էին հրաման մի գիշերում երկու մետր խրամատ փորել, փորում էինք, առավոտյան նվեր էին տալիս թուրքին, մեզ տալիս էին նահանջ,– նկարագրեց նա։ Շրջափակման մեջ մնացած անձնակազմը դիտարկվել է հակառակորդի կողմից, հայկական համազգեստներով ադրբեջանցիներ են նրանց փորձել մոլորեցնել, մարտ է սկսվել, որի ժամանակ էլ Նարեկը 5 տեղից վիրավորվել է, գիտակցությունը կորցրել․ «Լացի, գոռոցի վրա եմ աչքերս բացել, արնաքամ լինելով՝ ջուր են տվել, կապել են, որ արյունը կանգնի, գցել են թեւերից, ընկել եմ ցած, գիտակցությունս էլի գնացել է, պառկեցրել են, ինչով հնարավոր է, փորձել են կապել, գիշերը եկել, ասել՝ մի բան կանենք, ձեզ չենք թողնի էստեղ, տարել են էդ տուն»,– պատմեց Նարեկը։ Նույն մարտի ժամանակ զոհվել է Հովհաննես Մուրադյանը․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»։ Ըստ որոշ վկաների խոսքերի՝ կամավոր քեռին նույնպես այդտեղ զոհվել է։ Ըստ տուժողի ցուցմունքի՝ իրենց մասին տեղյակ են եղել, բայց օգնության այդպես էլ չեն եկել Տանը հեռախոս են գտել, փորձել կապ հաստատել պատկան մարմինների՝ ՊՆ–ի, ոստիկանության, 911-ի հետ, սակայն որեւէ տեղից չեն պատասխանել։ Նարեկը հոր հետ է խոսել, բացատրել իրենց տեղը, օգնություն խնդրել։ Դրանից հետո հայրը հնարավոր բոլոր դռները թակել է, բայց՝ ապարդյուն։ Թե հատկապես ինչ են նրան ասել, տուժողը դժվարացավ պատասխանել, ասաց՝ իրենց տանը մի թեմա կա, որ փակ է, ու դա պատերազմն է։ Նույն պահին զանգել են նաեւ իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ «Տեղանքն ենք բացատրել, բա մինչեւ 6-ը պրոբլեմ չկա, դուրս եք գալիս,  ժամը 6-ն ա, մարդ չկա, 10-11–ն ա, մարդ չկա, ուզում ենք զանգել, մարտկոցը նստում է․․․ 10 օր անցավ, 20 օր անցավ, 40 օր անցավ»։ Այդ ժամանակ թուրքերը արդեն սկսել էին գյուղի տները փորփրել։ 44-րդ օրը հասել են իրենց տանը․․․ – Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ձեր հարակից տներում էլի հայեր կային։ – Իմացել ենք, որովհետեւ վիրավորներին աղմուկով բերեցին։ Նույնիսկ ուզել ենք միանալ նրանց, բայց որ էնտեղ դուռ–մուռ չի եղել․․․ – էդ օրը 31 հոգի դուրս է եկել, միացել Կիրովականի չաստին, 500 մ քայլել, հասել են, ալարել են էս տղերքին ասել,– վրդովված հայտնեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, որ Սիրունյանի 7-հոգանոց խմբի կազմում զոհված Նարեկ Ղազարյանի հայրն է։ Կազմից զոհված մյուս զինվորը Տիգրան Համբարձումյանն է։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ 5-ով են մնացել այդ տանը․ – Զորքը ո՞ւր է եղել։ – Զորքը գնացել էր՝ օգնություն բերելու, մեջները ղարաբաղցի կար, իբր պիտի ուղղորդեր տեղանքում, բայց արդյունքում ստացվեց այնպես, որ մենք մնացինք էդտեղ․․․ – Իսկ այդ տղերքին պատերազմից հետո չե՞ք հարցրել, գուցե  զանգել են օգնության, չեն եկել․․․ – Ես իրենցից ոչ մեկի հետ առնչություն չունեմ, նպատակ էլ չկա, որովհետեւ երբ պատասխանը լսես, կամ շատ  վատ ես զգալու, կամ նեղանալու ես, կամ վիրավորվելու ես․․․ – Էդ ամբողջից հետո ոնց էլ չլինի հանդիպած կլինեք ձեր մարտական ընկերներին, կա՞ ինֆորմացիա, որ կցանկանաք հայտնել դատարանին։ – Պարո՛ն դատավոր, ես որ եկել եմ, երկար ժամանակ հոսպիտալում եմ եղել, վիրահատություններ եմ տարել, լիքը մարդ եմ տեսել, երբ իրենք գլուխները թեքել են, ես ավելի շատ եմ թեքել, էսօր ես ներել եմ բոլորին, Աստված ասում է՝ ներիր մարդուն, որ դու էլ ներվես, ես ներել եմ, թող Աստված իրենց հետ լինի։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
11:04 - 22 հուլիսի, 2023
ՀՀ-ում գտնվող արցախցիները Երևանի Մյասնիկյանի հրապարակում իրականացնելու են հավաք՝ ի պաշտպանություն Արցախի

ՀՀ-ում գտնվող արցախցիները Երևանի Մյասնիկյանի հրապարակում իրականացնելու են հավաք՝ ի պաշտպանություն Արցախի

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և մեր ժողովրդի իրավունքների: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել հավաքին: Գուրգեն Ներսիսյանը միևնույն ժամանակ նշել է․ «Բազմաթիվ զանգերից հետո ստիպված եմ Երևանյան ռեստորաններում ժամանակ սպառողներին, անտարբեր վարքագծով մեր հայրենակիցների արցախապաշտպան պայքարն արժեզրկող ու Արցախի հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին» կոչ անել վերանայել սեփական վարքագիծը և մասնակցել տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախի պաշտպանությանն ուղղված ջանքերին, նրանց մենակ թողնելը հավասարազոր է դավաճանության»։  Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանում՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի հայաստանյան գրասենյակների, Հայաստանում ՌԴ դեսպանատան առւև իրակակացվում են տարբեր ակցիաներ՝ հաջակցություն Արցախի։ 
17:40 - 20 հուլիսի, 2023
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը Երեւանի քրեական դատարանից կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը Երեւանի քրեական դատարանից կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ  ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Վերանյանի վերաբերյալ քրեական գործը դատարան է մուտք եղել 2021 թվականի հունիսի 1-ին, սակայն  տարբեր պատճառներով դրա քննությունը պարբերաբար ձգձգվում է։ Այն նախ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ մակագրվել դատավոր Գնել Գասպարյանին։ Վերջինս 2021 թ․ սեպտեմբերի 7-ին բավարարել էր տուժողների իրավահաջորդների միջնորդությունը՝ որոշելով փոխել գործի տարածքային ընդդատությունը՝ հաշվի առնելով, որ դատավարությանը մասնակից անձանց մեծամասնությունը բնակվում է Երեւան քաղաքի մերձակայքում։ Ըստ այդմ, գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան եւ վերամակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Հարությունյանի նախագահությամբ ավելի քան 1․5 տարվա քննության արդյունքում դատարանը վկաների հարցաքննության փուլում էր։ Սակայն այս տարվա հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո գործը վերամակագրվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, ով էլ հենց նախագահում էր այսօրվա դատական նիստը։ Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Բալայանը Նիստի սկզբում դատավոր Դավիթ Բալայանը ճշտեց վարույթի մասնակիցների ինքնությունը։ Ըստ այդմ, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը հայտնեց, որ  ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։  Կողմերի ինքնությունը ճշտելուց, ինքնաբացարկի եւ բացարկի միջնորդությունների լինել-չլինելը քննարկելուց հետո դատարանը քննարկման առարկա դարձրեց քրեական գործի ընդդատության հարցը՝ առաջարկելով դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Հանրային մեղադրող (դատախազ) Հայկ Մարգարյանը նշեց, որ մեղադրյալին վերագրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված հանցանք, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածին (2021 թ․ հունիսի 30-ին Ազգային ժողովը ընդունեց Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքեր՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով 2003 եւ 1998 թվականների օրենսգրքերը)։ Այդ հոդվածը, ըստ գործող Քրեական օրենսգրքի հավելված N 1-ի, դասվում է կոռուպցիոն հանցագործությունների շարքին, ուստի գործը, ըստ մեղադրողի, ենթակա է քննության ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։ Լուսանկարում՝ ձախից՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը, տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը, հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը Նշենք, որ Քրեական դատավարության գործող օրենսգրքի 260-րդ հոդվածն է սահմանում, որ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ հիշյալ հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են Հակակոռուպցիոն դատարանին: Տուժողի իրավահաջորդները, իրավահաջորդներից Տաթեւիկ Գալստյանի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Մկրտչյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը եւ վերջինիս պաշտպան Նորիկ Նորիկյանը միացան մեղադրողի դիրքորոշմանը։ Լուսանկարում՝ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նորիկ Նորիկյանը Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը որոշեց քրեական գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։ Որոշման հրապարակումից հետո դատավորը, դիմելով զոհված զինծառայողների ծնողներին, պարզաբանեց, որ ընդդատության փոփոխության անհրաժեշտությունն իրեն հայտնի է եղել գործը ստանալուց 2 օր անց, սակայն ի տարբերություն Քրեական դատավարության նախկին օրենսգրքի, գործող օրենսգրքով դատարանը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ նման որոշում կայացնել․ դա ներառված է նախնական դատալսումների ժամանակ քննարկման ենթակա հարցերի շարքում։ «Այնպես որ, ձեզ ծանուցելը, դատարան բերելը եւ ճանապարհելը երեւի թե մարդկային չէ, բայց օրենքով է, ամեն ինչ չէ, որ տրամաբանության մեջ տեղավորվում է, բայց այդպես է, եւ մենք չենք կարող շարժվել օրենքից դուրս»,– նշեց Դավիթ Բալայանը։ Դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրական եզրակացության Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
18:20 - 19 հուլիսի, 2023
«Դուռ են շրխկացրել, ասել՝ ձեր խնդիրն է». անհետ կորած զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության դիմաց
 |news.am|

«Դուռ են շրխկացրել, ասել՝ ձեր խնդիրն է». անհետ կորած զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության դիմաց |news.am|

news.am: Կառավարության դիմաց այսօր՝ հուլիսի 19-ին, բողոքի ակցիա անող անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողների բողոքին ի պատասխան՝ ամիսներ առաջ կառավարությունից ասել են՝ ձեր խնդիրն է: «Մենք լավ գիտենք, որ մեր երեխեքը անհետ կորած չեն, իրենց բռնի ուժով գերի են տարել: Մենք փաստեր, վիդեոներ ունենք: Այդ տարածքում ԱԹՍ-ներ չեն տրաքել, որ ԱԹՍ-ից մասունքների վերածվեն, չկարողանան հետ բերել: Այն, ինչ իրենց աշխատանքն է, չեն արել, այդ մենք ենք արել ու հասել այդ ամենին: Մենք իրենց ոչ հաց ու ապրուստ ենք ուզում, ոչ էլ ասում ենք՝ մեզ պահի, իմ երեխուն բեր տուր ինձ: Երբ ես իմ տղայի գերության փաստերը ներկայացրեցի քննչական ու ԱԱԾ, բացարձակ ոչինչ չարեցին: Իսկ իմ հարսը երկու գիշեր լացելով նստել է, նույնականացրել է այն հագուստը, որ իր ամուսինը հագել, գնացել է, տեսանյութում գերի ընկած զինծառայողի հագուստի հետ: Ինքը կարողացավ հաստատել, որ դա իր ամուսինն է: Մենք տարբեր տեղ ուղարկել ենք մեր բողոքները, ոչ մի անգամ չենք ասել, որ մենք սխալ ենք»,- ասաց ծնողներից մեկը: Ծնողի համոզմամբ` տղան արդեն 2 տարի 9 ամիս գերի է, իսկ ոչ մի կառույց ո՛չ պատասխան է տալիս, ո՛չ էլ որդուց՝ որևէ լուր: Ծնողներից Կարինե Մանավազյանն էլ ասաց. «Պատերազմը նոր էր վերջացել, ծնողները մտան Փաշինյանի մոտ, խոսքի մեջ ասել են՝ սենց անենք, նենց անենք»: Փաշինյանն արձագանքել է. «Դուք պիտի՞ ասեք մենք ոնց աշխատենք»։ Չէ, մենք չենք ասել, մենք լռել ենք, տեսնենք ինքը ոնց է աշխատում, բա ո՞ւր է իր աշխատածը, ի՞նչ է արել: Ինչ է արվել գոնե մեկ անհետ կորածի համար, որ իրականում գերի են»: Ծնողներն այսօր կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել. միայն, ըստ ծնողի, «դուռ են «շրխկացրել, ասել՝ ձեր խնդիրն է»։ «Հա, ես գիտեմ, որ իմ խնդիրն է, բա ձեր խնդիրը ո՞րն է: Ընդունարանից են այդպես ասել, ես չեմ ճանաչում ով էր»: Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: Ծնողները նստացույց են հայտարարել:
13:44 - 19 հուլիսի, 2023
Չենք կարող նստել ճոխ սեղանների շուրջ, երբ Արցախում 30 հազար երեխա թերսնվում է․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է
 |aravot.am|

Չենք կարող նստել ճոխ սեղանների շուրջ, երբ Արցախում 30 հազար երեխա թերսնվում է․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է |aravot.am|

aravot.am: «Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ շարունակվում է։ Այսօր հացադուլին միացել են արցախցի հեղինակ Հերմինե Ավագյանը եւ մասնագիտությամբ բանասեր Մարգարիտա Սահակյանը։ Հերմինե Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց քայլով փորձում են շարունակական դարձնել հացադուլը։ «Սա գուցե առիթ լինի, որ Հայաստանի մտավորականությունը, որը մեծամասամբ լուռ է, միավորվի այս ակցիայի շուրջը։ Մեր նպատակն է այս հացադուլով ցույց տալ, որ մենք չենք կարող նստել ճոխ սեղանների շուրջ, երբ Արցախում 30 հազար երեխա թերսնվում է, սոված է։ Յուրաքանչյուր հայի պարտքն է սատար կանգնել Արցախում ապրող ժողովրդին»,- ասաց նա։ Հերմինե Ավագյանը կոչ արեց, որ մտավորական կանայք միանան հացադուլին, քանի որ սա կանանց շարժում է։ «Ինչքան շատ մարդ միանա, այնքան ՄԱԿ-ի գրասենյակի կողմից մեծ ուշադրության կարժանանա այս ակցիան։ Եվ հնարավոր լուծումն ավելի մոտ կլինի։ Մենք գիտենք, որ ՄԱԿ-ը նման իրավիճակներում պարենի մատակարարման ծրագիր ունի։ Եվ մենք այստեղ ենք՝ կոչ անելու, պահանջելու ՄԱԿ-ից, որ Արցախում իրականացնի իր այդ մարդասիրական ծրագիրը»,- հավելեց նա։Հերմինե Ավագյանը հավելեց, որ արցախահայությունը վճռական է տրամադրված, չեն ցանկանում դուրս գալ Արցախից։ Ադրբեջանի այսօրվա գործողությունների նպատակն այն է, որ հուսալքության մատնի Արցախի 120 հազար ժողովրդին, որպեսզի մարդիկ լքեն Արցախը։ «Բնականաբար, երբ մայրը տեսնում է, որ իր երեխան սոված է, չի կարող հուսալքության չմատնվել, բայց արցախցին այնքան տոկուն է ու այնքան մեծ կամքի ուժ ունի, որ ես հավատում եմ, որ մինչեւ վերջ իրենց սկզբունքներին հավատարիմ են լինելու։ Ես այս պահին Արցախում հուսահատվածություն չեմ տեսնում, թեկուզ մատնանշում են դժվարությունները, բայց իրենք են այնտեղից ինձ հույս տալիս, գոտեպնդում։ Չնահանջելու կամքի ուժը ես տեսնում եմ իրենց մոտ։ Մենք էլ, թեկուզ այս պահին այնտեղ չենք, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ նրանց սատար կանգնելու համար։ Սա յուրաքանչյուր հայի արժանապատվության հարցն է։ Մարդիկ մեզ այսօր մեզ գրում էին, թե՝ անօգուտ է ձեր ակցիան, ես կարծում եմ, որ անօգուտ է տանը նստել ու սպասել, որ այս ամենը մի օր կվերջանա»,- նշեց Հերմինե Ավագյանը։
18:20 - 18 հուլիսի, 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։ «Այդ գործով մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև՝ Վահիդ Սահակյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում  Գարիկ Գալեյանին»,- ասել է  պաշտպանը։
17:49 - 14 հուլիսի, 2023
Հրամանատարի տեղակալը 2020 թ. սեպտեմբերի 28-ին մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել. գործն ուղարկվել է դատարան

Հրամանատարի տեղակալը 2020 թ. սեպտեմբերի 28-ին մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել. գործն ուղարկվել է դատարան

Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, նշանակված լինելով որպես N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու, սեպտեմբերի 28-ին խնդիր է ստացել իրականացնել Արցախի Հանրապետության շփման գծի ու օդային տարածության պահպանությունը, կանխել սահմանի խախտումը: Նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում տեղեկանալով, որ ադրբեջանական զինված ուժերը ճեղքել են իր պաշտպանության տեղամասի հարևանությամբ գտնվող ՊԲ N զորամասի պաշտպանական բնագիծը՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությունից, պարտավոր լինելով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, ստորաբաժանման նահանջն իրականացնել կազմակերպված ու գաղտնի՝ անտեսելով մարտական դիրքերը և զբաղեցրած բնագիծն անպաշտպան թողնելու հանգամանքը, դրսևորել է անգործություն և կատարել իշխանազանցություն: Մասնավորապես՝ չունենալով զբաղեցրած N մարտական դիրքից նահանջելու վերաբերյալ գումարտակի հրամանատարի հրամանը՝ մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն: Այնուհետև, հրամայել է անմիջապես նահանջել և, առանց մարտ վարելու, դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը և նահանջել: Դրա հետևանքով՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել և վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը»,- ասված է հաղորդագրության մեջ: 2023 թվականի հունիսի 2-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մ.Պ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։ 2023 թվականի հուլիսի 7-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:34 - 12 հուլիսի, 2023
Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1 -ին նիստ հրավիրել, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց, որ հուլիսի 4 -ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո: «Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին», - հայտարարել էր նա:
17:25 - 07 հուլիսի, 2023