Ինֆոքոմ

ԱԺԲ նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին

ԱԺԲ նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին

Պաշտոնական այցով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:  «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ Փելոսիի այցի առիթով ողջույնի հավաք իրականացրին։ «Ոչ մի ռուսի վրա մենք հույս դնել չենք կարող, չենք էլ կարողացել։ Դա եղել է մոլորություն։ Ես վստահ եմ, որ միայն Ամերիկան կարող է մեզ օգնել այս հարցում»,- նշեց հավաքի մասնակիցներից մեկը։ Փելոսիին դիմավորելուց հետո ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշեց․ «Տիկին Փելոսին համոզվեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են ԱՄՆ-ին, վստահում են ԱՄՆ-ին և լի են վճռականությամբ՝ ապագաղութացնելու մեր երկիրը։ Սա իրոք պատմական իրադարձություն է՝ առանց որևէ չափազանցության, որովհետև Հայաստանի պատմության առավել ևս վերջին 30 տարիների ընթացքում նման բարձրաստիճան այց չի եղել, առավել ևս, որ էս այցը տեղի է ունենում վերջին ռուս-թուք-ադրբեջանական ագրեսիայի ֆոնին։ Ինչպես տիկին Փելոսին իր համարձակ և վճռական այցով Չինաստանին զգուշացրեց Թայվանի հարցում, այնպես էլ հիմա Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին է զգուշացնում Հայաստանի հարցով»։  
21:13 - 17 սեպտեմբերի, 2022
Անատոլի Սիդորովի պնդմամբ ՀԱՊԿ-ը փորձում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման հասնել

Անատոլի Սիդորովի պնդմամբ ՀԱՊԿ-ը փորձում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման հասնել

ՀԱՊԿ-ը «սուրը դեռ չի հանել պատյանից» և փորձում է խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին լարվածության սրումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, լրագրողներին հայտնել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ Վերջինիս խոսքով ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկ-ղրղզական սահմանային գոտում ՀԱՊԿ համար տհաճ իրավիճակ է ստեղծվել։ «Միևնույն ժամանակ, և՛ մեր կանոնադրության մեջ, և՛ փաստաթղթերում, և՛ հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներին։ Հետևաբար մենք առայժմ ոչ մի «սուր չենք հանում պատյանից» և փորձում ենք հնարավորինս խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքը մեծ հեռանկարներ ունի և՛ այստեղ, և՛ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- ընդգծել է նա։ «Այսօրվա հիմնական խնդիրն էր այցելել այն տարածքներ, վայրեր, որտեղ բախումներ են տեղի ունեցել՝ տեղանք, բնակավայրեր, հայկական կողմի ստորաբաժանումների դիրքեր, որոնք ենթարկվել են կրակային խոցման... Մենք փորձում ենք լինել հնարավորինս օբյեկտիվ, այդ պատճառով էլ կաշխատենք փաստերի հիման վրա։ Դեռևս վաղ է որևէ եզրակացության մասին խոսելը, և ընդհանուր առմամբ, դա կներառվի աշխատանքի արդյունքների վերաբերյալ ընդհանուր զեկույցում»,- ասել է  Սիդորովը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։
20:17 - 17 սեպտեմբերի, 2022
Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

 «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» տելեգրամյան ալիքը երեկ հայտնել է, որ կորպուսը 50 000 զինծառայող է տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ։ Al Arabiya-ն այսօր գրել է, որ Թեհրանը զրահատեխնիկա և սպառազինություններ է ուղարկել իր հյուսիսային սահմաններ։ Իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ երեկ, պատասխանելով CivilNet-ի լրագրողի հարցին, թե ինչու, ի տարբերություն 2020-ի և 2021-ի, Իրանը զորավարժություններ չի սկսում կամ զորքեր, զինտեխնիկա չի մոտեցնում հայ-ադրբեջանական սահմանին, նշել է․ «Երեկ հայտարարություն էր հնչել Ադրբեջանի և տարածաշրջանի հարցերի շուրջ ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և վերջին լուրերն այն են, որ արդեն տեղաշարժ կա զինամթերքի, սպառազինությունների դեպի սահման»։ Լրագրողի ճշտող հարցին՝ հաստատվա՞ծ, պատգամավորը պատասխանել է՝ այո։   Գլխավոր լուսանկարը՝ Al Arabiya-ից
12:30 - 17 սեպտեմբերի, 2022
Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ․ Ռաիսին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ․ Ռաիսին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություններ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ուզբեկստանի Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է. «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքն այն է, որ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»: Բերելով ճգնաժամի ժամանակ Իրանի՝ բարեկամներին և հարևաններին աջակցելու օրինակները՝ Իրանի նխագահը պարզաբանել է, որ Իրանը բարեկամ է իր հարևանների համար։ Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ Ռաիսին բացատրել է Իրանի ռազմավարական քաղաքականությունը՝ ողջունելու «Ղարաբաղի ազատագրումը և պատրաստակամությունը մասնակցելու դրա վերականգնմանը»։ Նա միաժամանակ ասել է, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար։ Թուրքական կողմից հանդիպման մանրամասներ չեն ներկայացվում։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ էլ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ 
11:39 - 17 սեպտեմբերի, 2022
Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին

Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին

Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ ուրբաթ օրվա ինտենսիվ մարտերից հետո համաձայնեցված հրադադարը ուժի մեջ է մնացել։ Չնայած դրան՝ Ղրղզստանի սահմանապահներն ասում են, որ իրենց մի գյուղ կարճ ժամանակով գնդակոծվել է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ղրղզստանն ուրբաթ օրը հաղորդել էր 24 զոհի և տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին։ Այսօր երկիրը հաղորդում է, որ իր սահմանամերձ գյուղերից մեկը վաղ առավոտյան հինգ րոպե գնդակոծվել է հանգիստ գիշերվանից հետո: Տաջիկստանում զոհերի մասին պաշտոնական թվեր չեն հաղորդել։ Տաջիկ սահմանապահները ուրբաթ օրը հայտարարություն են տարածել, որ իրենց մի քանի գյուղեր խոցվել են ղրղզական ուղղաթիռների և ԱԹՍ-ների կողմից: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև սահմանային վեճի շուրջ բախումները սկսվել են այս շաբաթ։ Նրանք միմյանց մեղադրում են տանկեր, ականանետեր, հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ։
10:23 - 17 սեպտեմբերի, 2022
Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Էդմոն Մարուքյան

Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում»,- նշեց Մարուքյանը։  Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մինչև Ադրբեջանի հարձակումն էլ են միջազգային հանրությանը տեղեկացրել հնարավոր հարձակման մասին․ «միջազգային ամբողջ հանրությանը տեղեկացրել ենք, որ հեսա մեր վրա հարձակվելու է, մենք չենք կրակում, և իրենք հիմա հարձակվելու են։ Եվ դա տեղի է ունեցել։ Այսինքն՝ գոնե էս անգամ շատ լավ կարողացել ենք գոնե էդ մասով գործ անել, պատրաստել միջազգային հանրությանը»։ Մարուքյանը նշում է՝ երկրներն ունեն երկկողմանի շահեր, օրինակ՝ ՄԱԿ ԱԽ անդամ որոշ երկրներ։ «Ոչ բոլորն են, չէ՞, միանշանակ ասում, որ սա ագրեսիա է, ոչ բոլորն են ասում, որ Հայաստանի տարածք են ներխուժել․ մի մասը գտնում է, որ սահմանը դելիմիտացված չէ, մյուս մասը գտնում է, որ սա ինչ-որ սահմանային կրակոցներ են։ Բայց մեր մոտեցումը հետևյալն է, որ սա ներխուժում է ՀՀ տարածք և օկուպացիա»,- նշեց Մարուքյանը։  Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նշեց․ «Մենք մի հատ պրոբլեմ ունենք․ մենք 44-օրյա պատերազմը ուզում ենք համեմատել էս պատերազմի հետ։ ․․․․ Էնտեղ այլ նարատիվներ են գործել, այլ հարցեր են եղել, էնտեղ եղել են երկարատև բանակցություններ զիջումների վերաբերյալ, տարածքներ զիջելու վերաբերյալ, և դրա մասին էր խոսքը, որ միգուցե կարող էինք խաղաղ բանակցություններով շրջանները զիջել և խաղաղություն ստանալ։ ․․․․ Էս հարցը, ինչ որ հիմա տեղի է ունենում, որևէ պարալել չի կարելի բերել, որովհետև հիմա խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Եվ հիմա վարչապետին քննադատում են, որ թե ինչի է պառլամենտում ասել 29 800 քառ․ կմ»։  Լրագրողի այն դիտարկմանը, թե Արցախը դուրս հանելով է ասել, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ Արցախը Հայաստանի մա՞ս է, որ վարչապետը դուրս է հանել։ Ուզում են ՀՀ սուվերեն տարածքի նարատիվը փչացնե՞ն ու էդ 29 800 քառ կմ էլ չունենա՞ն։ ․․․․ Կարմիր գիծը Արցախի մասով քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար։ Էս կարմիր գծերը վարչապետը քաշում էր Հայաստանի վերաբերյալ»։ Անդրադառնալով ՀԱՊԿ  Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի այն հայտարարությանը, թե Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա, Մարուքյանը նշեց․ «Ադրբեջանը չի զարմանում էդ հայտարարություններից․ իրենք անգիր գիտեն, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ դաշնակիցներ ունեն, քան ՀՀ-ը»։ Ի պատասխան լրագրողի հարցի, որ ՌԴ-ը և Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ նիստում ռազմական ագրեսիայի համատեքստում խոսել են դեմարկացիայից, Էդմոն Մարուքյանը ասաց․ «Բոլոր էն երկրները, որոնք ասում են, որ դեմարկացիայի խնդիր է, փորձում են լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»։
09:43 - 17 սեպտեմբերի, 2022
Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների թվաքանակ չի կարող նշել, որովհետև ունեն հաշվառված կորուստներ, զոհեր, բայց այդ մարդիկ կարող են լինել կենդանի։ Հարցին, թե մտավախություն կա՞, որ ադրբեջանական կողմը կարող է մոտ օրերս հարձակվել, Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի մտավախություն չկա, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները և ադրբեջանական ԶՈՒ-ն այդ մխրճման գագաթից ոչ մի քայլ չեն կարող շարժվել։ Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք, հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով, հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»։ ԳՇ պետն անդրադարձավ նաև սոցցանցերում տարածվող տեղեկություններին, թե կորած հայկական ստորաբաժանում կա․ «Մենք չունենք ամբողջական վաշտ, ստորաբաժանում՝ լինի դասակ, վաշտ, ջոկ, որ լինի կորած։ Մեր ստորաբաժանումների մարտական խնդիրների շրջանները գիտենք։ Ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը դեռևս որոշված չէ՝ զոհված են, թե նույնիսկ կենդանի են վիրավոր վիճակում, որովհետև հակառակորդի մխրճման արդյունքում ստեղծվում են նաև այդպիսի պայմաններ»։ Ի պատասխան այն դիտարկմանը, որ փորձագետները ասում են՝ այս դադարը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը ավելի լայնածավալ հարձակման է պատրաստվում, Ասրյանը պատասխանեց․ «Մենք հետախուզում ենք, և հակառակորդի նման ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։
17:28 - 16 սեպտեմբերի, 2022
Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստան վրա՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով, օկուպացնելով ՀՀ տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական եթակառուցվածքները: Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։ Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երևանում և մարզերում սկսել է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ։ Ներառված են հետևյալ առարկաները՝ ֆիզիկական-տակտիկական պատրաստություն,  առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն։ Դասընթացներին մասնակցելու համար պետք է ունենալ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, զինվորական կամ սպորտային համազգեստ, կոշիկ։ Երևանի դասընթացի մանրամասներին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։ ՈՄԱ էջում կարող եք տեղեկություններ գտնել նաև մարզերի դասընթացների մասին։ ՀԿ-ը դասընթացներ ունի նաև շաբաթ-կիրակի օրերի համար։ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ սկսում է անվճար  դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մասնակցելու մարտական գործողությունների: Կազմակերպվելու են հետևյալ դասերը՝ կրակային պատրաստություն,  մարտավարություն,  առաջին օգնություն:  Հրաձգարան պետք է ներկայանալ զինվորական համազգեստով, գլխարկով, ակնոցով, ջրով և սննդով։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը դեռ օգոստոսի 15-ին հայտարարել է ռազմական պատրաստության անվճար 3-ամսյա և 6-ամսյա  դասընթացների շարքի մասին՝ կրակային պատրաստություն, արդյունքների հիման վրա դիպուկահարի պատրաստություն, մարտավարություն, ինժեներական պատրաստություն, ԱԹՍ-օպերատորական գիտելիքներ, առաջին բուժօգնություն։ «Պետականությունը որպես գերագույն արժեք» ռազմահայրենասիրական դպրոցը սեպտեմբերի 11-ին՝ Ադրբեջանի հարձակումից առաջ, հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից սկսում է առաջին օգնության, մարտավարության, կրակային պատրաստության, ալպինիզմի, քարտեզագրության դասընթացներ։ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը հայտարարել է, որ ելնելով իրավիճակից՝ հայտարարում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ տղամարդկանց և կանանց համար։ Դասընթացը ներառում է մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն։ «Կոմանդոս» ռազմամարզական ակումբն անցկացնում է առաջին օգնության արագացված պարապմունքներ։ Տարբեր մարզերում վարժանքներ է անցկացնում «Ազգային Լեգիոն» ռազմահայրենասիրական ակումբը։ «Բերդ» հասարակական կազմակերպությունը ավագ դասարանի աշակերտների համար (8-12-րդ դասարանցիների)  ռազմամարզական պատրաստության դասեր է անցկացնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում և Իջևան քաղաքում։ Ռազմամարզական խմբակներում աշակերտները շաբաթական 2 ժամ ֆիզիկական պատրաստություն են անցնում, 2 ժամ՝ մարտական և 1 ժամ՝ գաղափարական։ Գրանցվել կարող եք այս հղմամբ, լրացուցիչ տեղեկությունների համար էլ կարող եք զանգել (094 24 16 50): Ցանկը թարմացվում է
17:04 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ «ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»։ Հանդիպումից հետո նա արդեն դրսում լրագրողների հետ զրույցում ցույց տվեց այն հատվածները, որտեղ հասել է ադրբեջանական ԶՈՒ-ն։ Նա մասնավորապես նշեց, որ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա․ «Իսկ բլրի գագաթից, (որտեղ գտնվում է այդ խումբը,- խմբ․), աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8, 10 կմ դեպի թևեր է»։ Նա ընդգծեց, որ պետք է նաև մարտավարական տեսանկյունից հասկանալ, որ մխրճումով ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա․ «Եվ կենսունակության տեսակետից․ եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։ Ասրյանը հիշեցրեց, որ հանդիպմանը ներկայացրել է, որ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից՝ ընդգծելով, որ մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն, և հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։  «Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա․ նրանք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա»,- նշեց նա։ ԶՈՒ ԳՇ պետը նաև ասել է, որ այսօր նաև դիտարկել են, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման․ «Սա է իրադրությունը»։
16:37 - 16 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է գնահատել իրադրությունը, գնահատել հակառակորդին, մեր ուժերը, մեր հնարավորությունները և նման իրավիճակում որոշումներ ընդունել։  Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Օհանյանն ասաց՝  ղեկավարությունը պարտավոր է տեղեկություններ տալ նաև պատերազմի արդյունքների մասին․ «Նկատի ունեմ և՛ դիրքերի փոփոխության առումով, և՛ զոհվածների, վիրավորների քանակությունը մեր հանրությանը ներկայացնելու, նաև արագ միջոցներ ձեռնարկելու՝ ստեղծված իրավիճակում և՛ պաշտպանության խնդիրներ լուծելու և՛ դիրքային կորուստները վերականգնելու համար»։ Օհանյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, չի կարող լինել խաղաղություն , եթե դիմում ես խաղաղության նախաձեռնություններով, իսկ հակառակորդը սանձազերծում է հերթական սադրանքը, պատերազմական գործողությունները․ «Խաղաղությունը կլինի այն դեպքում, երբ կանգ առնի ամեն ինչ և թշնամի պետությունները վերածվեն հարևան պետությունների, ովքեր ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Մենք դա տեսնո՞ւմ ենք։ Մի կողմից՝ հանձնվելու, դուռը ամեն մեկի դիմաց բացելու, անընդհատ զիջումների գնալու արարողություններ, մյուս կողմից՝ անընդհատ սադրանքներ, անընդհատ հարձակումներ»։  Խմբակցության ղեկավարն ասաց՝ երբ խոսում են խաղաղության օրակարգի մասին, այս իշխանությունները երևի չգիտեն՝ ով է թուրքը, ով է ադրբեջանցին․ «Որովհետև իրենց թվում է, որ երկրի մի մասը եթե տան, թուրքը դրանով բավարարվելու է։ Չի լինելու դա այս իշխանությունների օրոք։ Եթե ինքը խոսում է 29.800 քառ կմ տարածքի մասին, մենք այդ տարածքը չենք տեսնելու, որովհետև եթե սկսեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դա բավականին երկար է լինելու և իրենք շուտվանից հեռացած են լինելու այս պաշտոններից»։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները, հանրությունը և հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել այն բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը։
16:21 - 16 սեպտեմբերի, 2022
Հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհի օջախները մարվել են, բացառությամբ մեկի, որը վտանգ չի ներկայացնում․ ԱԻ փոխնախարար

Հրետակոծության հետևանքով առաջացած հրդեհի օջախները մարվել են, բացառությամբ մեկի, որը վտանգ չի ներկայացնում․ ԱԻ փոխնախարար

Հրետակոծության հետևանքով Սյունիքի մարզի 5 խոտածածկ տարածքներում, Ջերմուկի մոտակայքի 7 խոտածածկ տարածքներում և 3 անտառապատ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։ «Այս պահին բոլոր նշված օջախները մարված են, բացառությամբ մեկ ծխացող օջախի Ջերմուկի անտառների շրջանում, որը դիտարկվող տարածք է։ Այսինքն՝ այս պահին այնտեղ անվտանգությունից ելնելով աշխատանքներ չեն իրականացվում, բայց հրդեհ չկա, ուղղակի ծխապատ տարածք է, որը ավելի շատ նախկինում եղած հրդեհի մարման հետևանքն է և վտանգ չի ներկայացնում»։ Դավիթ Համբարյանը նշեց, որ Ներքին Հանդում գտնված ԱԻՆ աշխատակիցը, ում հետ երեկ կապը կորել էր, այսօր արդեն վերադարձել է  ծառայության։ Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ աշխատակիցների շրջանում  տուժածներ չկան։  Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում վնասվել է Ջերմուկ քաղաքի փրկարար ծառայության շենքը, կա մեկ վնասված տեխնիկա։
15:13 - 16 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչ վնասներ են կրել ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված համայնքները։ Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզում Վերի Շորժա, Կութ, Սոթք, Այրք բնակավայրում 195 շենք շինություն է վնասվել, որոնց թվում են տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասանգոմեր և օժանդակ շինություններ։  «Ունենք ընդհանուր առմամաբ 150 հա ցորենի գարու ցանքատարածությունների, խոտհարքների վնասում։ Մարզում ունենք նաև հոսանքալարերի վնասում։ Վարդենիս քաղաքում վնասվել է Չարենցի փողոցը,  նաև անձնական մեքենաների վնասում ունենք»։ Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում հիմնական վնասները հասել են Ակներ, Վերին շեն, Քարաշեն, Նորավան  և Աղիտու բնավայրերերին․ «Վնասվել են 5 շենք շինությունները՝ 4 տուն և 1 հանդիսությունների սրահ։ Բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարաման գծերն են վնասվել, Վաղատուր բնակավայրի էլեկտրամատակարարման և գազամատակարման գծերն են վնասվել։Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, նրա խոսքով, կա 9 վնասված շենք շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան։ 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար։ «Պետք է նշեմ նաև, որ այստեղ հրշեջ-փրկարարական ջոկատը նույնպես ենթարկվել է հրետակոծության, վնասվել է շենքը, ինչպես նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքն է վնասվել։ Վնասվել են ավտոճանապարհների որոշ հատվածներ, Կեչուտի ջրամբար ընկել է երկու արկ։ Այստեղ նույնպես մեր քաղաքացիների մեքենաներ են վնասվել։ Հարվածային ալիքների հետևանքով կան բազմաթիվ շենքեր, որոնց պատուհանները ոչնչացվել են»։
14:36 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն։ «Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունեցել է տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։ Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- ասաց ԳՇ պետը։  Էդվարդ Ասրյանի խոսքով՝ միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը։ Դպրոցների և այլնի հետ կապված տեղեկացնեմ, որ հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, նաև ձեռնարկված միջոցառումների ամբողջությունը՝ դադարեցվել են դասընթացները․ մոտ 506 երեխա այս պահին չի ստանում իր կրթության իրավունքը։ Հիմա մտածում ենք այլ միջոցներ, որ երեխաների կրթություն ստանալու իրավունքը ապահովենք»,- նշեց Ասրյանը։ 
14:18 - 16 սեպտեմբերի, 2022