Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, իսկ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Այս մասին նա հայտարարեց այօրվա ասուլիսի ընթացքում։
Այսօր լրագրողներից մեկը հարցրել էր Փաշինյանին՝ եթե ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, արդյոք մենք ռազմական միջամտություն կունենա՞նք։ Փաշինյանը այս հարցին ուղիղ պատասխան չէր տվել։ «Հետքի» լրագրողը կրկին հնչեցրեց հարցը․ «Արդյոք ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանելո?ւ են Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մենք մնալու ենք էս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ԼՂ-ի անվտանգությունը պահովելու համար պետք է դiվանագիտական ճանապարհներ օգտագործվեն, բանակցային ճանապարհներ օգտագործվեն։ Ինչի՞ կա ԼՂ ՊԲ-ն, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն աընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում ԼՂ-ի նկատմամբ»։
Լրագրողը հարցրեց՝ դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու հնարավոր ռազական գործողություններին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Հայաստանի ԶՈՒ-ի գործառույթը Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելն է»։
Լրագրողը հակադարձեց, որ Սահմանադրությունը կար նաև միչև 44-օրյա պատերազմը, և ՀՀ ԶՈՒ-ն Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այո, կար։ Մենք նոր պատերազմ չենք ուզում և ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ, և պետք է նաև ամեն ինչ անենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ գործընթացի միջոցով, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի տրամաբանության մեջ»։
Լրագրողը նաև հիշեցրեց Թուրքիայի նախագահի՝ մեկ ամիս առաջ արած հայտարարությունը․ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ»։
«Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ Հայաստանի տարածքով չի տրամադրվելու։ Կա՞ արդյոք պայմանավորվածություն այդ հարցով, որի մասին հանրությունը տեղյակ չէ, և այդ պատճառով է Էրդողանն այդպիսի հայտարարություն անում»,- հարցրեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ իրենց դիրքորոշումները չեն փոխվել․ «Մենք նաև այդ հայտարարությունից հետո մեր դիրքորոշումները և տպավորությունները կիսել ենք ոչ միայն մեր գործընկեր երկրների հետ, այդ թվում մենք կոմունիկացնում ենք մեր դիրքորոշումները Թուրքիայի մեր գործընկերների հետ, որովհետև գիտեք, որ մենք նաև ներկայացուցիչներ ունենք այդ թեմայով զբաղվող։ Հայաստանի Հանարպետության տարածքում որևէ միջանցք չի կարող գործել։ ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների վերաբացմանը։ Ինչպես բրյուսելյան վերջին հանդիպմանը հետևած հայտարարության մեջ նշվում է, պետք է գործի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»։
comment.count (0)