Հայաստանը ոչ միայն սաբոտաժ չի անում կոմունիկացիաների բացումը, այլև լրջորեն շահագրգռված է․ Փաշինյան
13:55 - 31 օգոստոսի, 2024

Հայաստանը ոչ միայն սաբոտաժ չի անում կոմունիկացիաների բացումը, այլև լրջորեն շահագրգռված է․ Փաշինյան

Եթե Երեւանը մտադրություն ունենա հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, Երեւանն իր մտադրության մասին կհայատարարի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ասել էր․ «Եթե Ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթը այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել»։

Փաշինյանի խոսքով նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ․ «Նոր արձանագրում էինք, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց խնդրից, ԼՂ-ում տեղի ունեցածը, որը դուրս է բոլոր ձեւակերպումներից, որ ունենք նոյ․ 9-ի հայտարարության մեջ»։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաները մինչեւ այս պահը չեն բացվել այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի [նոյեմբերի 9-ի] տրամաբանության հետ կապ չունեցող եւ դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Նրա խոսքով այդ մեկնաբանությունները հաճախ հակասել են ՌԴ նախագահի 2020թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրի ձեւակերպումներին։

«Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, Հայաստանը ոչ միայն էդ թեման սաբոտաժ չի անում, այլեւ լրջորեն շահագրգռված է։ Այդ նախագիծը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Ի դեպ, ՌԴ մի շարք գործընկերներից ստացել եմ արձագանք, որ իրենք աջակցում եւ ողջունում են «Խաղաղության խաչմերուկը»։

Մենք այս նախագծի իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը, ավտոմոբիլային ճանապարհները մենք պատրաստ ենք բացել հենց վաղը։ Բավականին երկար ժամանակ ՀՀ կառավարությունում որոշում կա շրջանառված՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր սահմանելու վերաբերյալ»,- վստահեցրեց Փաշինյանը։

Ապա Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։

«Արդյոք պատրա՞ստ ենք արձանագրել, որ էդ հաղորդակցության մեջ կան որոշակի առանձնահատկություններ․ այո, մենք դա երբեք չենք ժխտել, բայց նաեւ ակնհայտ է, որ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության եւ տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ հանգամանք չի կարող լինել կասկածի տակ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ «ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին (ապաշրջափակմանը)» անդրադառնալով հայտարարել էր, թե Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։

ՀՀ ԱԳՆ-ն էլ արձագանքել էր Լավրովին՝ կոչ անելով  «ՌԴ ԱԳՆ գործընկերներին կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը»։

Ռուսական կողմը անպատասխան չէր թողել այս արձագանքը։ Մարիա Զախարովան հայկական կողմին մեղադրել էր երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ սահմանային հսկողության հարցերում «անզիջողականության»  մեջ։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / 09․06․2022


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել