hetq.am: Երևանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։
Նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին կնախորդեն վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։
Ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նախօրեին՝ Բաղրամյան 26-ում կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել էին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անդամ երկրների միջև առևտրի պայմանների պարզեցմանն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա։
comment.count (0)