Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին․ G7 երկրների առաջնորդներ
12:32 - 25 մարտի, 2022

Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին․ G7 երկրների առաջնորդներ

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների երեկվա հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Հանդիպման հիմնական թեման եղել է իրավիճակն Ուկրաինայում։ Հայտարարության հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև։

  • «Մենք ողջունում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից իրականացվող հետաքննությունները։ Մենք միասին կաշխատենք՝ աջակցելու ռազմական հանցագործությունների (նկատի ունեն՝ Ռուսաստանի- խմբ․) մասին ապացույցների հավաքագրմանը։
  • Մարիուպոլի և ուկրաինական այլ քաղաքների պաշարումը, ինչպես նաև ռուսական զինուժի կողմից հումանիտար օգնության մերժումն անընդունելի են։ Ռուսական ուժերը պետք է անհապաղ ապահովեն անվտանգ ուղիներ դեպի Ուկրաինայի այլ շրջաններ, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը կհասցվի Մարիուպոլ և պաշարված այլ քաղաքներ։
  • Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին խուսափելու հետագա էսկալացիայից և զերծ մնալու Ուկրաինայի դեմ իրենց ռազմական ուժերն օգտագործելուց։ Ավելին՝ մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին՝ օգնելով շարունակել ագրեսիան Ուկրաինայում։ Մենք զգոն ենք լինելու ցանկացած նման աջակցության հարցում։
  • Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և ձեռնպահ մնա ցանկացած գործունեությունից, որը վտանգի տակ է դնում միջուկային օբյեկտները, և թույլ տալ ուկրաինական իշխանությունների անխոչընդոտ հսկողությունը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք մուտքն ու համագործակցությունը:
  • Մենք զգուշացնում ենք քիմիական, կենսաբանական և միջուկային զենքերի կամ հարակից նյութերի կիրառման ցանկացած սպառնալիքի մասին: Մենք հիշեցնում ենք Ռուսաստանի պարտավորությունները միջազգային պայմանագրերով, որոնք նա ստորագրել է, և որոնք պաշտպանում են մեզ բոլորիս։
  • Մենք քայլեր ենք ձեռնարկում ռուսական էներգիայից մեր կախվածությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, մենք կապահովենք անվտանգ այլընտրանքային և կայուն մատակարարումներ։ Մենք պարտավորվում ենք ակտիվորեն աջակցելու այն երկրներին, որոնք ցանկանում են աստիճանաբար վերացնել իրենց կախվածությունը ռուսական գազի, նավթի և ածխի ներկրումից:
  • Մենք կոչ ենք անում նավթ և գազ արդյունահանող երկրներին գործելու պատասխանատու և ավելացնելու մատակարարումները միջազգային շուկաներ՝ նշելով, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) առանցքային դեր ունի։

Հիշեցնենք՝ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ից էներգետիկ կախվածության հարցին, ապա «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։

Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։

«Reuters»-ն էլ, վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները, նշել էր, թե այդ կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ ԵՄ կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կվնասի սպառողներին։

Իսկ ՌԴ-ին աջակցության մասով խոսակցություններ կան Չինաստանի շուրջ։ Մի քանի օր առաջ՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփնինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԱՄՆ նախագահ Բայդենը նրան ներկայացրել էր այն հետևանքները, որոնք կհաջորդեն Չինաստանի՝ ՌԴ-ին նյութական օգնություն ցուցաբերելուն։ 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել