ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը․ ԱԳՆ
13:52 - 14 հոկտեմբերի, 2022

ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը․ ԱԳՆ

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։

Եռակողմ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ ԱԳՆ-ն։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել