Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձավ ԱԽ քարտղուար Արմեն Գրիգորյանի երեկ արած հայտարարություններին․«Դուք նկարագրել եք Ադրբեջանի հետ հարաբերությունների ընթացքը և հայտարարել եք, որ Ադրբեջանը Հայաստանին է տվել խաղաղության պայմանագրի տեքստը, հետո հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է, պատասխանը տվել է Ադրբեջանին, Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում, քննարկումից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը։ Հիմա Հայաստանը աշխատու է ու իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում, այսինքն՝ երկու երեք տարբերակ սրբագրվել է, խմբագրվել, փոխանցվել է»։
Ապա պատգամավորը ԱԽ քարտուղարին առաջարկեց ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը և որն է խաղաղության պայմանագրի երրորդ տարբերակը․
«Երևի ճիշտ չի լինի այն անվանել երեք տարբերակ, երևի ճիշտ կլինի ասել, որ խմբագրված տարբերակն է, որովհետև երեք տարբեր տարբերակ չի, նույն տեքստի վրա աշխատել ենք, և, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով, չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի է բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Դա ԼՂ հիմնախնդիրն է, դա չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որը փորձում ենք դելիմիտացնել և դեմարկացնել, դա ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր։ Ընդհանուր առմամբ, քննարկումները այս ուղղություններով են»։
Արձագանքելով Գրիգորյանին՝ Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ կա՞ մի հարց, որի շուրջ համաձայնության են եկել․
«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա, այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է։ Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը հավելեց նաև, որ ադրբեջանական կողմը բանակցություններից հետո հաճախ է հայտարարություններ անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում․
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին, ընդհանրապես մենք այս խնդիրը բազմաթիվ անգամ ենք ունեցել, նույնիսկ Բրյուսելում մայիսի 22-ին՝ առաջնորդների հետ հանդիպումից հետո նախագահ Ալիևը, վերադառնալով Բաքու, հայտարարել է, որ միջանցք ենք քննարկել և հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը լուծված է։ Նախագահ Միշելի խոսնակը ստիպված էր հրապարակային հայտարարել, որ միջանցք չի քննարկվել, և Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական արդյունքը ոչ մեկին հայտնի չէ, այսինքն Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հերքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։
Գրիգորյանն էլ քիչ առաջ ԱԺ-ում, արձագանքելով Հաջիևին, ասել է՝ կան բաներ, որ հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան․ «Բանակցությունները, որ ընթացել են սենյակում, միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել, և արձանագրություն կա դրա մասին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքում է փաստված բաներ»։
comment.count (0)