«Մի տասը հատ կրակել ա ու չի կրակել»․ ըստ վկայի՝ Խուռհատ սար մեկնած զորքի զենքերը լավ չեն աշխատել
15:24 - 19 հունվարի, 2023

«Մի տասը հատ կրակել ա ու չի կրակել»․ ըստ վկայի՝ Խուռհատ սար մեկնած զորքի զենքերը լավ չեն աշխատել

#Կարճ_ասած

  • 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանում երեկ հարցաքննվեց պատերազմի ժամանակ երկու ամսվա ժամկետային զինծառայող Վլադիկ Բարսեղյանը։
  • Վերջինս առանցքային դրվագներով նախորդիվ հարցաքաննվածների ցուցմունքներին հակասող պնդումներ արեց դատարանում։ Մասնավորապես՝ ասաց, որ Խուռհատ սարից նահանջի ժամանակ Հովհաննես Մուրադյանի անձնակազմն առաջ է ընկել ու գնացել գրավված Հադրութի ուղղությամբ, իսկ իրենց անձնակազմը չի գնացել նրանց հետեւից, քանի որ տեղեկացել են Հադրութի գրավվելու մասին։ Այնինչ նախորդիվ հարցաքննվածները պատմել էին, որ Մուրադյանի անձնակազմը նահանջի ժամանակ զորքի վերջում է եղել, ու, իրենց անհայտ հանգամանքներում, առանձնացել է մյուսներից՝ գնալով Հադրութ՝ չիմանալով, որ հակառակորդն է այնտեղ վերահսկողություն սահմանել։ Միայն մեկ վկա հարցաքննության ժամանակ նշել էր, որ Մուրադյանի անձնակազմը մյուսներից առանձնացել է, քանի որ հրետակոծություն է եղել ու արկն ընկել է նրանց արանքում։ Մեկ այլ վկա էլ ասել էր, որ Մուրադյանի անձնակազմը Հադրութ է շարժվել մի կամավորի ցուցումով։
  • Վկան նաեւ նշեց, որ Խուռհատ սարում հակառակորդի հետ մարտը տեւել է մոտ մեկ-մեկուկես ժամ, եւ այդ ընթացքում հակառակորդը կիրառել է ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլեւ հրետանի, ուստի, ըստ նրա, Իշխան Վահանյանը կարող էր բեկորային վիրավորում ստանալ այդ ընթացքում։ Դրա հավանականությունը հերքել էին գրեթե բոլոր հարցաքննվածները։
  • Բացի դրանից՝ Խուռհատ սարից նահանջելուց հետո հակառակորդի փոքրաթիվ խմբի հետ մարտի բռնվելու դրվագի առնչությամբ վկան պատմեց, որ հետագայում իրենց քսանհոգանոց խմբից երկու ճակատագիրն իրենց անհայտ է եղել (հետագայում արդեն վկան նրանց տեսել է), իսկ սպաները չեն գնացել այդ զինծառայողներին որոնելու, թեեւ նախորդ հարցաքննվածները նշել էին, որ այդ մարտից հետո երեք զինվորի գտնվելու վայրը չեն իմացել, եւ որ այդ մարտի ժամանակ զոհեր են տվել։

 

#Մանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Երեկ դատակոչվել էին Վլադիկ Բարսեղյանը եւ Մստո Մստոյանը։ Վերջինս, սակայն, թեեւ տեղեկացրել էր նիստի սկսվելուց մեկ ժամ անց դատարան ներկայանալու մասին, այդպես էլ չներկայացավ։

Դատարան ներկայացած Վլադիկ Բարսեղյանը՝ ծնված 2002թ․-ին, 44-օրյա պատերազմը սկսվելու ժամանակ նորակոչիկ է եղել՝ երկու ամսվա ծառայող։ Նիստի սկզբում Բարսեղյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը ամբաստանյալ Իշխան Վահանյանի հետ ոչ մի հարաբերություն չունի։ Բարսեղյանը, սակայն, Վահանյանի անունը սկզբում չհնչեցրեց, ինչի առնչությամբ դատավորի մոտ հարց առաջացավ։ Բարսեղյանը մեկնաբանեց, որ Վահանյանի անունը չի ուզում տալ, քանի որ նա «զորքին թողել փախել ա, մեղմ ասած»։

Նշենք, որ Բարսեղյանը դատավարության մասնակիցների հարցերին պատասխանում էր կարճ նախադասություններով կամ հաստատող ու հերքող արձագանքներով, և կողմերը ստիպված էին լինում պարբերաբար վերաձևակերպել իրենց նույն հարցերը։

Ըստ վկա Վլադիկ Բարսեղյանի՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատրաստվում էին ճաշարան գնալ, երբ հակառակորդը սկսեց, իր խոսքով, «տրաքացնել», ինչից հետո իրենց հանել են դիրքեր․ «Հետնահանջ, Հադրութ, տենց խառը»,- շարունակեց վկան։

Դատավորը հետաքրքրվեց՝ Խուռհատ սարի դեպքերից ի՞նչ կպատմի վկան, ինչին ի պատասխան՝ Բարսեղյանը նշեց, որ Հադրութի դպրոցից իրենց հանել են Խուռհատ սար, որտեղ մնացել են գիշերը, իսկ առավոտյան հակառակորդը սկսել է կրակել, իրենք էլ հետնահանջ են արել։

Ի պատասխան դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցի՝ Բարսեղյանը տեղեկացրեց, որ պատերազմի ժամանակ ինքը եղել է ավագ նշանառու, իրենց դասակը եղել է ԱԳՍ-ի (հաստոցավոր ավտոմատ նռնականետ) առանձին դասակը, իսկ թե ինչ պաշտոն է զբաղեցրել Իշխան Վահանյանը, Բարսեղյանն ասաց՝ շտաբի պետ։ Նա նշեց, որ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո իրենց ստորաբաժանումը ներգրավվել է մարտական գործողությունների, բայց պատերազմի սկզբում ինքն Իշխան Վահանյանին չի հանդիպել, այլ հանդիպել է Հադրութի դպրոցում։ 

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ Բարսեղյանն ի՞նչ տեղեկություններ է ունեցել սպայակազմից, օրինակ՝ Վահանյանից, մինչեւ վերջինիս վիրավորում ստանալը, Բարսեղյանը պատասխանեց, որ ընդհանրապես տեղեկություն չի ունեցել։

Հարցին, թե պատերազմական գործողությունների ընթացքում գումարտակի հրամանատարական կազմում փոփոխություններ եղել են, Բարսեղյանը պատասխանեց․

«Իմացել ենք, որ կամբատ դրել են Իշխան Վահանյանին»։

Թե երբ են իմացել դրա մասին, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը նշանակվել, ինչ պատճառով է փոփոխությունը տեղի ունեցել, Բարսեղյանը պատասխանեց, որ սարի վրա է իմացել, որ Վահանյանն արդեն այդ պաշտոնն է զբաղեցնում։ Թե մինչ այդ ով էր զբաղեցնում գումարտակի հրամանատարի պաշտոնը, վկան ասաց, որ չի հիշում անուն-ազգանունը, բայց տեղյակ է, որ փոփոխությունն արվել է, քանի որ վերջինս զոհվել է։

Բարսեղյանը ասաց, որ չգիտի այն տեղանքը, ուր բարձրացել են դպրոցից հետո, բայց ասաց, որ այնտեղ են գնացել Իշխան Վահանյանի հրամանով։ Իսկ այնտեղ, ըստ վկայի, իրենց հրաման է տրվել սարի վրա դիրքավորվելու, դիտարկում անելու․ հրամանը, Բարսեղյանի խոսքով, կատարել են։

Վկայի խոսքով՝ դասակի հրամանատարը զորքի հետ չի եղել

Բարսեղյանը, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցին, սկզբում ասաց, որ իրենք անմիջական հրամանատար չեն ունեցել, հետո ասաց, որ հրամանատրն Իշխան Վահանյանն է եղել։

Հանրային մեղադրողը ճշտող հարց հնչեցրեց՝ չե՞ն ունեցել դասակի հրամանատար, Բարսեղյանն էլ պատասխանեց՝ «ունեցել ենք, ըտեղ չի եղել», թե ինչ պատճառով, Բարսեղյանն ասաց՝ տեղյակ չէ։

Մեղադրողն արձանագրեց՝ ԱԳՍ դասակի հրամանատարը զինվորների հետ չի եղել, ապա ճշտեց՝ «այսինքն՝ հրամանները՝ ինչ գործողություններ պետք է անեք, ստացել եք Վահանյանի՞ց», Բարսեղյանը հաստատեց, եւ ասաց, որ իրենց հետ այլ սպաներ են եղել․

«Ղարիբյանը (սպա Արսեն Ղարիբյանը,- հեղ․), Վազգենը (վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը,-հեղ․), Մուրադյանը (կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը,-հեղ․), էդքանն եմ հիշում»,- ասաց վկան։

Հանրային մեղադրողը հետաքրքրեց՝ մոտավոր որքա՞ն էր այն հատվածը, որը պետք է պահեր գումարտակը, վկան պատասխանեց՝ «օդայինով մոտ 250-300մ»։

Մեղադրողը դարձյալ ճշտեց՝ այդ հատվածում ո՞ր սպաներն են իրենց գործողությունները ղեկավարել, վկան ասաց՝ իր նշած անձինք, իսկ մեղադրողը մեկնաբանեց․

«Հա, էդ բոլորը․․․ Ուղղակի էդ 250-300մ տարածության վրա դժվար կլինի մի հոգին միաժամանակ էդ հատվածում գտնվի, դրա համար առաջարկում եմ կոնկրետացնել՝ ո՞ր սպան ա եղել ձեզ ավելի մոտիկ, ի՞նչ եղանակով ա իրականացվել ղեկավարումը»։

Վկան պատասխանեց․ «Ես, որ հիշում եմ, Իշխան Վահանյանն ա տվել կրակելու հրաման, տենց հրամաններ ինքն ա տվել»։

Հանրային մեղադրողը հարցրեց՝ «դուք դիրքավորվեցիք բնագծում, որտեղ պետք է ծառայություն իրականացնեք․ սպայակազմը, էդ թվում Վահանյանը, իրենք որտե՞ղ էին դիրքավորվել, տեղակայումն իրենց որտե՞ղ է եղել»։ Վկան ասաց, որ չի հիշում, բայց նշեց, որ նույն տեղում են եղել՝ «ուր որ մենք, իրանք ըտեղ, էդ սարի վրա»։

Հանրային մեղադրողը նորից հղում արեց նախորդիվ հարցաքննված վկաների ցուցմունքներին՝ ասելով, որ նրանք նշել են, որ հրամանատարները տեղակայված են եղել զորքի թիկունքում․ «Նաեւ նշում էին էդ «քարի» հատվածը, որտեղ սպաները հիմնականում գտնվել են, դու ի՞նչ կասես էդ կապակցությամբ, հիմա որտե՞ղ էին գտնվում սպաները»,- հարց հնչեցրեց դատախազը։

«Խառը էլի, գնացել-եկել, ման են եկել, նայել, խառը, կոնկրետ տեղ չկա, որ ասեմ ըտեղ են եղել»,- ասաց վկան։ Պատասխանելով հաջորդ հարցին՝ Բարսեղյանն ասաց, որ սպաներն այն հեռավորության վրա էին, որ նրանք հրամանները լսելի են եղել․ «Ասում էին, արդեն մեկս մյուսին փոխանցում էինք, էլի»,- մեկնաբանեց վկան։

Ըստ վկայի՝ Խուռհատ սարում հակառակորդի հետ մարտը տեւել է մոտ մեկ-մեկուկես ժամ

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային առաջարկեց ավելի լարել հիշողությունը՝ փորձելով իրադարձությունները պարզաբանել դատարանի առջեւ․ «Լավ, ի՞նչ տեղի ունեցավ ամսի տասին, խոսքը վերաբերում է հակառակորդի հարձակմանը ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերին»,- նշեց Ավետիսյանը։

«Որ հարձակվել են, տենց կրակել ենք, բան-ման, առավոտվա կողմ [են հարձակվել], մոտ տասի սահմաններում»,- պատմեց Բարսեղյանը՝ նշելով, որ հակառակորդի հարձակումը «անտառի միջից» է եղել, իրենց ձախ կողմից, ամբողջ երկարությամբ, նաեւ իրենց կողմից պաշտպանվող դիրքի ուղղությամբ։ Վկան ոչ հստակ, բայց ասաց, որ հարձակումն, ըստ ամենայնի, հետեւակի կողմից է եղել, կիրառվել է հրազեն, թեեւ նշեց, որ հրետանի էլ է աշխատել իրենց ուղղությամբ։

«Սկսվեց հարձակումը, էդ մասին իմացա՞վ վերադաս հրամանատարությունը»,- հարցրեց հանրային մեղադրողը, ինչին ի պատասխան՝ վկան գլխով հաստատեց, Ավետիսյանը հարցրեց՝ ի՞նչ հրամաններ ստացան, ո՞ւմ կողմից։ Բարսեղյանն արձագանքեց․ «Կրակ բացել․․․ Իշխանն էր Վահանյան (նկատի ունի հրաման արձակողը,- հեղ․)»,- ասաց վկան՝ նշելով, որ իրենք հակառակորդի ուղղությամբ կրակում էին ավտոմատներով։ Նա նշեց, որ այդ գործողությունը տեւել է մոտ մեկ ժամ-ժամուկես։

Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյան

Հարցին՝ այդ ընթացքում վերադաս հրամանատարությունը զորքի հե՞տ էր, վկան պատասխանեց, որ ում անունը նշել է, իրենց տեսել է, նաեւ ասաց, որ Վահանյանին էլ է տեսել․ «Դրանից հետո հետնահանջ ենք տվել, խառը իջել ենք ներքեւ, հետո էլի ուզեցել ենք հելնենք վերեւ՝ չի ստացվել»,- պատմեց Բարսեղյանը՝ նշելով, որ չգիտի՝ հետնահանջի հրաման եղել է, թե ոչ․ «Ասել են՝ հրաման ա տված՝ հետնահանջ ենք տալի, բան, տենց խառը իջել ենք»։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են ասել նահանջի հրամանի մասին, վկան արձագանքեց՝ «խառը, էլի»։ «Զինծառայողնե՞րը»,- հարցրեց Ավետիսյանը, Բարսեղյանն էլ պատասխանեց՝ այո։ Նա ասաց, որ նահանջել են դեպի Հադրութ իջնող ճանապարհով, իսկ նահանջի պահին սպայակազմից իրենց հետ են եղել սպաներ Վազգեն Վարդանյանն ու Արսեն Ղարիբյանը։ 

Վկան, ինչպես վերը արձանագրել ենք, նշել էր, որ մարտի ժամանակ Իշխան Վահանյանին տեսել է․ ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ նա ասաց, որ արդեն նահանջի ժամանակ Վահանյանին չի տեսել եւ տեղեկություն չունի, թե նա որտեղ է եղել։ Նրա խոսքով՝ իրենց հետ եղած սպաներն ասել են, որ նահանջի հրաման կա։ Ընթացքում իմացել է, որ Իշխան Վահանյանը, իր խոսքով, փախել է։ Թե ումից է այդ տեղեկությունն իմացել, Բարսեղյանն այսպես պատասխանեց․

«Խոսում էին տենց խառը, տենց եմ իմացել, որ վիրավորներին վերցրել գնացել ա»,- ասաց վկան՝ պնդելով, որ չի հիշում՝ ովքեր էին ասում, միայն հիշում է, որ ասել են՝ Վահանյանը վիրավորվել է, դրա համար է գնացել։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ըստ վկայի՝ նորմալ չէ՞, որ վիրավորվել է, պետք է գնա, ինչին Բարսեղյանն արձագանքեց, որ «ծանր վիրավորումը չի եղել, որ դրա համար թողնի, գնա»․

«Ասել են, որ տեսել են, որ իրա ոտքով ա իջնում, իրան չեն իջացնում, ինքն ա իջնում»,- նշեց վկան։

Թե հետո ինչ գործողություններ են արել, վկան դարձյալ հստակ պատասխաններ չտվեց։ Նա սկզբում չմտաբերեց, թե ում հրամանով են նահանջից հետո նորից բարձրացել սար (խոսքը Խուռհատին հարակից մեկ այլ սարի մասին է), հետո ասաց, որ Վազգեն Վարդանյանի հրամանն է եղել․

«Բարձրացել ենք սար, ընդեղ դիրքավորված են եղել թուրքերը, տենց հետ ենք իջել դեպի Հադրութ»,- ասաց վկան, բայց նշեց, որ չի հիշում՝ որ ճանապարհով։ Նա ասաց, որ չի հիշում նաեւ, թե մոտավորապես քանի հոգի է եղել անձնակազմը․ «Շատ ա եղել, բայց մոտավորապես էլ չեմ կարա»,- ասաց նա, եւ դատավարության մասնակիցների դիտարկումներին՝ «մոտ 100-150՞», դրական արձագանքեց։ Նա գլխով հաստատեց նաեւ դիտարկումը, որ նահանջի ժամանակ բոլորով են եղել։ Բայց ասաց, որ նահանջի ժամանակ՝ սարը բարձրանալիս, մոտ քսան հոգով են եղել։ Հարցին, թե ինչ եղավ մնացած անձնակազմը, պատասխանեց․

«Իրանք առաջ ընգած գնացել են Մուրադյանի հետ, մեզանից մի քիչ շուտ են գնացել էլի, դեպի Հադրութ, տենց գիտեմ»,- ասաց նա։ Ըստ վկայի՝ իրենք նրանց հետեւից չեն գնացել, որովհետեւ Վազգեն Վարդանյանն ասել է, որ Հադրութը գրավված է կամ նման մի բան։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ մյուս անձնակազմը տեղյակ չէ՞ր, որ Հադրութը գրավված է, վկան պատասխանեց, որ չգիտի, բայց, ըստ իրեն, եթե տեղեկացված լինեին, չէին գնա այդ ուղղությամբ։

Թե Վազգեն Վարդանյանն ինչ միջոցներ է ձեռնարկել մյուս անձնակազմին տեղեկացնելու, որ Հադրութը գրավված է, վկան ասաց, որ կապ չեն ունեցել, ինչպե՞ս փորձեին տեղեկացնել։ Եւ, ըստ նրա, այդ անձնակազմը շատ էր առաջ գնացել, բայց չի հիշում՝ ինչքան ժամանակ էր՝ առաջ էին ընկել։ Վկան ասաց, որ չի հիշում նաեւ, թե դրանից հետո ինչ ճանապարհով են գնացել, որովհետեւ ինքը Հադրութին ծանոթ չէ, ճանապարհները չգիտի։ Ի վերջո, վկան հաստատեց, որ Վազգեն Վարդանյանի անձնակազմը կարողացել է դուրս գալ։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, դիմելով վկային, նշեց, որ կան ցուցմունքներ, որոնցում նշվել է, որ հրետակոծություն է եղել, հետո են Մուրադյանի ջոկատն ու Վարդանյանի ջոկատը բաժանվել, իսկ հիմա Բարսեղյանն ասում է, որ նրանք առաջ ընկած գնում էին․ «Ինչո՞վ կբացատրեք էս տարբերությունը, տենց բան եղել ա՞»,- հարցրեց նա։ Բայց վկան նորից ասաց, որ չի հիշում։ 

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ այն դասակը, որտեղ Բարսեղյանն էր, համալրվա՞ծ էր ԱԳՍ-ով, վկան դրական արձագանքեց։ Նա չհիշեց, թե որտեղ են իրականացրել առաջին մարտական առաջադրանքը, բայց ասած, որ գումարտակի հրամանատար Սահակյանի հրամանատարության տակ են եղել։ Վկան նշեց, որ այդ ժամանակ ԱԳՍ ունեին, իսկ ահա Խուռհատ սարում ԱԳՍ չունեին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ «բա ի՞նչ եղավ ԱԳՍ-ը», վկան պատասխանեց, որ Ջաբրաիլից նահանջելիս թողել են այնտեղ։ Այդտեղ, ըստ վկայի, իրենց դասակի հրամանատարը եղել է Ռաֆիկ Խալաֆյանը։ Թե ինչ հանգամանքներում են ԱԳՍ-ը թողել Ջաբրաիլում, վկան չմանրամասնեց, Գուրգեն Գրիգորյանի «հուշմանը»՝ «կռիվ է եղել», պատասխանեց՝ «հա էլի, տենց»։ Վկան չէր հիշում, թե քանի հոգի է եղել իրենց դասակը, մոտավոր ասաց, որ ԱԳՍ-ի մարտական հաշվարկում երեք հոգի է եղել, ԱԳՍ-ից կրակել է Ռաֆիկ Խալաֆյանը։ Նա նշեց, որ Խալաֆյանին Խուռհատ սարում չի տեսել, չգիտի՝ հետո ինչ է եղել նրա հետ, ուր է գնացել։ 

Վլադիկ Բարսեղյանը

Բարսեղյանն ասաց, որ մինչեւ սարը բարձրանալը՝ դպրոցում, ԱԳՍ արդեն չեն ունեցել։ Այդ ժամանակ՝ մինչեւ բարձրանալը, վկան ասաց, որ դասակի հրամանատար չեն ունեցել։ Թե ինչպես կարող էր այդպես լինել, վկան արձագանքեց՝ «չէր ըլնին որն ա, որ եղել ա հենց տենց, չի եղել կոնկրետ հրամանատար»։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն այսպես արձագանքեց՝ «հավատում եմ, որ տենց էլ եղել ա»։

Հարցաքննության ժամանակ վկան ասաց, որ իրենց հետ եղած երեք սպաներից միայն մեկի՝ Վազգեն Վարդանյանի մոտ է սարից իջնելիս հեռակապ տեսել, բայց չի հիշում՝ այն կամ չէր աշխատում, կամ մարտկոցն էր նստած։ Վկան ասաց, որ զինվորների մոտ հեռախոսներ չեն եղել, իսկ սպաների մոտ չի տեսել։ Հեռակապերն էլ լիցքավորելու տեղ, ըստ նրա, չի եղել։

Վկան չհիշեց՝ հակառակորդի փոքրաթիվ խմբի հետ մարտի ժամանակ զոհ ունեցե՞լ են, թե՞ ոչ

Այնուհետեւ հարցաքննությունն ընթացավ այն դրվագի մասին, երբ նահանջից հետո քսան հոգանոց դասակը մարտի է բռնվել հակառակորդի վեց-յոթ հոգանոց խմբի հետ։ Բարսեղյանը պատմեց, որ այդ ժամանակ դիրքավորվել են ու սկսել կրակել։ Նա հիշում է, որ Վազգեն Վարդանյանն է դիրքավորվելու հրաման տվել։ Բայց նա չի հիշում՝ այդտեղ զոհ տվել են, թե չէ, ըստ նրա՝ ավելի շուտ զոհ չի եղել։ Հարցին՝ այդ ժամանակ իրենցից զինվորներ առանձնացե՞լ են, թե՞ ոչ, վկան ասաց, որ առանձնացել են, կռվից հետո նրանց տեսել է։ Ըստ իրեն՝ նրանք երկու հոգի են եղել, բայց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը դիտարկում արեց, որ վկաներից մեկը ցուցմունքում ասել է, որ երեքն են եղել, իրենցից մեկը զոհվել է։ Վկան ասաց, որ նման հանգամանքից տեղյակ չէ։

Իրավահաջորդների ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ սպաները, որ իրենց հետ են եղել, տեղյա՞կ են եղել այդ զինվորների մասին։ Վկան ասաց, որ չգիտի դրա մասին, հետո ասաց, որ, իր հիշելով, նրանք չեն իմացել, որ զինվերներ են մնացել․

«Ոնց կարային, Ձեր ասելով, քսան հոգով գնային, չորս սպան չիմանար, որ քսան զինվորից երկուսը կամ երեքը չկան»,- հարցրեց Գրիգորյանը։ 

«Չգիտեմ՝ ոնց կարար»,- արձագանքեց Բարսեղյանը, հետո ասաց, որ մեկ-երկու օր հետո իրենց էլ է հետաքրքրել՝ ուր են այդ մարդիկ։

Վկայի պնդմամբ՝ իրենց զենքերը լավ չեն աշխատել, բայց հրամանատարությանն էլ այդ մասին չեն զեկուցել

Վկայի խոսքով՝ այդ մարտի ժամանակ իրենց դասակն է նահանջել, նահանջն էլ, ըստ նրա, կանոնավոր է եղել։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ պարագայում ինչպե՞ս է մի քանի զինվորի ճակատագիր անհայտ մնացել։ Նա նաեւ հարցրեց՝ ինչքա՞ն է տեւել մարտը, վկան ասաց՝ վեց-յոթ րոպե․

«Այդ վեց-յոթ րոպեի ընթացքում սպաները որտե՞ղ էին»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

«Մեր մոտ են եղել»,- պատասխանեց վկան։

- Որտե՞ղ, կարա՞ք ասեք, ասենք՝ Վազգենն ու Ղարիբյանը աջ են եղել, մյուսները ձախ են եղել։

- Չէ, չեմ կարա ասեմ։ Էդ պահին շա՞տ ես տենում՝ Ղարիբյանը աջ-ձախ։

- Ո՞վ հրաման տվեց, որ դուք շարժվեք։

- Վազգենը, Ղարիբյանը․․․։

- Վազգենը հրաման տվեց պաշտպանվել, Վազգեն հրաման տվեց հե՞տ նահանջել։

- Հա, իմ հիշելով։

- Նկատելի է՞ր՝ թուրքերը շատ էին, քիչ էին։

- Վեց-յոթ հոգի։

- Բա, ասենք, քսան հոգով վեց-յոթ թուրքի վրա չկարեցա՞ք։

- Չէ։

- Չէ․․․ Որից չորսը սպա։

- (Վկան գլխով հաստատող ժեստ արեց) Զենքերի դե մեր կեսը աշխատող չի եղել, շատ հին զենքեր են եղել, բացի էդ՝ իրանց զենքերը շատ լավ ա եղել, դիրքավորված են եղել, հարմարված են եղել, գռանատներ են ունեցել, մենք՝ ոչ մի բան։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ երբ սար էին բարձրանում, զենքերի այդ վիճակը տեսե՞լ են, հրամանատարներին զեկուցե՞լ են, որ զենքը չի աշխատում, վկան պատասխանեց, որ չի զեկուցել․

«Զեկուցես՝ ի՞նչ, օգուտ չկա, մեկ ա»,- արձագանքեց նա, ապա շարունակեց, որ ուսումնական գումարտակում զենքերը լավը չեն եղել՝ կեսն աշխատող, կեսը՝ չէ։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց․ «Հիմա Ձեր զենքն աշխատե՞լ ա, թե՞ չէ», վկան պատասխանեց, որ լավ չէր աշխատում։ Դատավորն արձագանքեց՝ «եթե կրակել ա, ուրեմն լավ ա աշխատում», վկան ասաց․

«Դե մի տասը հատ կրակել ա ու չի կրակել, փակվել ա, քանդել-մաքրել ենք, էլի նորից, էդ լա՞վ ա, որ տասը հատ կրակում, էլ չի կրակում։ Տենց կրակել, չի կրակել, տենց ա եղել»։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն արձանագրեց, որ ճիշտ է՝ հրամանատարը փախել է, բայց մինչ այդ ավելի լուրջ խնդիր է եղել, զինվորն ասում է՝ զենքը չի աշխատում․

«Դա ավելի կարեւոր հարց է, երբ չաշխատող զենքով երկու ամսվա զինվորին ուղարկում են դիրք պահելու»,- ասաց նա՝ նշելով, որ սպառազինության հագեցվածության հարցը պետք է Վահանյանը լուծեր։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանը գլխով հերքող ժեստ էր անում։

Գրիգորյանը շարունակեց․ «Հիմա ընդեղից փախնելն ա՞ ավելի մեծ հանցանք, թե՞ զինվորին առանց զենքի, առանց խրամատ փորելու, մյուս-մյուս տեխնիկական հագեցվածությամբ․․․ Ո՞րն ա ավելի խիստ կատարված հանցանք, նույն բանն ա, հիմա չի կատարվել քննություն․․․»։

Դատավորն ու մեղադրողը արձագանքեցին, որ այդ առնչությամբ քննություն կատարվում է։

Վկան նախորդիվ հարցաքննվածների ցուցմունքներին հակասող պնդումներ արեց

Այնուհետեւ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ երբ հակառակորդի հետ մարտն ավարտվեց, հետո ո՞ւր գնացին իրենք, վկան պատասխանեց՝ մի գյուղ, որի անունը դարձյալ չի հիշում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ դրանից հետո իրենց հետ եղած սպաներն ինչ-որ գործողություն արեցի՞ն՝ իմանալու, թե ուր են մնացել երեք զինվորները։ Վկան ասաց, որ նման խոսակցություն չի լսել, միայն լսել է, որ տղաները մնացել են այնտեղ։

Վկան չհիշեց նաեւ, թե արդյոք այդ սպաները գնացե՞լ են՝ ճշտելու զինվորների գտնվելու վայրը։ Երբ Գրիգորյանը նկատեց՝ ուրեմն այն սպան, որը նման ցուցմունք է տալիս, ստո՞ւմ է, վկան արձագանքեց, որ ինքը ոչ տեսել է, ոչ լսել է նման բան․ «Կարող ա ես տեսած-լսած չլինեմ»,- ասաց նա․

- Եթե քսան հոգու միջից չորս սպաներից երկուսը կամ երեքը կամ չորսը ձեզ թողնեին, առաջ գնային, կնկատեի՞ք, թե՞ չէ, թե՞ նենց վիճակ էր, որ կարող ա չնկատեիք,- հարցրեց Գրիգորյանը։

- Կարող ա չնկատեի։

- Ինչի՞, պատճառը որն էր։

- Էդ խուճապը․․․

- Արդեն նահանջել եք, էլ ի՞նչ խուճապ։ Կնկատեի՞ք, թե՞ չէ։

- Ասում եմ՝ կարող ա չնկատեի, կարող ա նկատեի։

- Ո՞նց։

- Տենց։

- Ո՞նց տենց։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցը վերաձեւակերպեց՝ ո՞նց կլիներ, որ ձեր սպաները գնային հետախուզության, ու Դուք չնկատեիք, չի կարող այդպես լինել։ Վկան արձագանքեց, որ կարող էր չնկատել, նա նշեց, որ ամբողջ խմբով միասին են եղել։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ վկան ինչպե՞ս կբացատրի հանգամանքը, որ երկու կարեւոր հանգամանքների մասին ինքն ու նախորդիվ հարցաքննված վկաները տարբեր ցուցմունքներ են տալիս (խոսքը սպաների երեք զինվորների՝ հակառակորդի հետ մարտից հետո իրենց հետ չմնալու եւ սպաների կողմից նրանց գտնվելու վայրը ճշտելու մասին է)։ Վկան բացատրություն չունեցավ։

Այնուհետեւ հանրային մեղադրողը անդրադարձավ Իշխան Վահանյանի վիրավորվելու հանգամանքներին։ Նա վկայից հետաքրքրվեց՝ Խուռհատ սարում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ հնարավո՞ր էր, որ Իշխան Վահանյանը բեկորային վիրավորվում ստանար՝ հաշվի առնելով իրենց դիրքը եւ այն զինատեսակները, որոնք կիրառում էր հակառակորդն այդ ժամանակ։ Վկան արձագանքեց, որ հնարավոր էր, քանի որ բացի հրազենից՝ հակառակորդը կիրառել է նաեւ հրետանի։ Դատախազը նկատեց՝ Բարսեղյանից առաջ հարցաքննված վկաները նշել են, որ այդ ժամանակ հակառակորդը միայն հրաձգային տեսակի զենքեր է կիրառել ուստի Վահանյանը չէր կարող բեկորային վնասվածք ստանալ, սակայան վկան նշեց, որ հրետանի եւս կիրառվել է։

Հանրային մեղադրողը հարցրեց՝ մարտերի եւ նահանջի ժամանակ Բարսեղյանն ի վիճակի՞ էր արդյոք լսել հրամանատարների հրամաններն ու դրանք կատարել։ Վկան արձագանքեց, որ որոշ չափով ի վիճակի էր։ Դատախազը հարցրեց նաեւ․ «Երբ տեղեկացաք, որ Վահանյանը, իր չնչին վիրավորումը պատճառ բերելով, վիրավորների հետ փախել է մարտադաշտից, Ձեր կամ Ձեր համածառայակիցների հոգեբանության վրա դա ո՞նց ազդեց»։ Վկան պատասխանեց․

«Դե էդ պահին արդեն ոնց որ մեկը չկա ուղղորդի, ճիշտ ճանապարհ տա․․․»։

Նիստի ավարատին դատարանն առաջարկեց բերման ենթարկել այն վկաներին, որոնք չեն ներկայանում դատարան, ինչի առնչությամբ առարկություն չեղավ։ Ասվածը չի վերաբերում այն վկաներին, որոնք Արցախի Հանրապետությունում են եւ բլոկադայի պատճառով չեն կարողանում գալ։

Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին, ժամը 13:00-ին։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել