Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|
15:34 - 24 նոյեմբերի, 2021

Մոսկվան բացասաբար է վերաբերվում Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին |civilnet.am|

civilnet.am: Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որին, ի թիվս 110 երկրների ու տարածքների՝ մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առցանց):

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովը» ԱՄՆ-ի՝ նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ է անվանել և ընդգծել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այդ միջոցառմանը:

«Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 1990-ականների սկզբին, որպեսզի բաժանարար գծերը հեռացվեն, բայց այժմ Միացյալ Նահանգները նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ, լավերի և վատերի»,- նոյեմբերի 24-ին լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը մի փոքր կտրված է իրականությունից․ «Դա բացարձակապես փոխկապակցված չէ աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է շարունակեն ապրել՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու, բայցևայնպես, նման փորձեր ԱՄՆ-ում արվում են»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է այլ երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումը և սեփականաշնորհել այդ տերմինը: «Նրանք փորձում են սեփականաշնորհել «ժողովրդավարություն» բառը։ Այսինքն՝ [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել