Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

2023 նոյեմբերի 19-ին լրացավ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա հայտ ներկայացրեց ԿԿՀ թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ մրցութային խորհուրդը հաստատեց նրա թեկնածությունը: Ազգային ժողովը, սակայն, նրան այլեւս չընտրեց։

ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարողն այժմ ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանն է։

Ոստիկանության պետը դատարանում վիճարկում է «լակոտ» բառի վիրավորական լինելը
 |hetq.am|

Ոստիկանության պետը դատարանում վիճարկում է «լակոտ» բառի վիրավորական լինելը |hetq.am|

hetq.am: Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ դիմում է ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում է հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը: 2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Նա այլ արտահայտություններ ևս հնչեցրել է անհնազանդության ակցիայի մասնակցած անձանց, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հասցեին, որոնք կարող են վիրավորական ընկալվել: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:  Հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետի խոսքն ուղղված է եղել ոչ թե կոնկրետ անձի, այլ հավաքի մասնակիցներին՝ առանց հստակեցման: Սակայն, այդ վարքագիծը ևս անթույլատրելի է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այլոց նկատմամբ բռնության գործադրումը կամ դրա փորձը, անհամատեղելի է ժողովրդավարական հասարակության հիմնասյուն հանդիսացող՝ իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Բացի այդ, այն լուրջ ռիսկեր է պարունակում հանրային իշխանության հեղինակությանը վնասելու տեսանկյունից:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:11 - 21 դեկտեմբերի, 2024
Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 68 նվիրատուներից 45-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, Դատական իշխանության ներկայացուցիչները 2023 թվականին ամենաշատ նվիրատվություններ ստացել են ծնողներից և հարազատներից։  695 մլն դրամից 665 միլիոնը Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են գումարի տեսքով, իսկ 30 միլիոնը՝ բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են ծնողներից՝ մոտ 511 մլն դրամ։ Մոտ 16 մլն դրամի նվիրատվություն կատարածների կապը պաշտոնատար անձանց հետ պարզել չի ստացվել։ Ամենամեծ նվիրատվությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը հորից՝ Գրիգորի Հարությունյանից։ Նվիրատվության չափը կազմել է 500 հազար ԱՄՆ դոլար։ Գրիգորի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ է, նաև ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին։ Դատավոր Անի Հարությունյանը 2022 թվականից որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործում։ Նրան մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս, տեղյակ լինելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի եկամուտներով չհիմնավորվող և չհայտարարագրված 100 հազար ԱՄՆ դոլարի մասին, նախնական համաձայնություն է ձեռք բերել Նարինյանի հետ՝ օժանդակելով վերջինիս հանցավոր ճանապարհով ստացված՝ ապօրինի հարստացման արդյունքում առաջացած, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների իրական ծագումը թաքցնելու հարցում։  Մեկ այլ խոշոր՝ 140 մլն դրամի նվիրատվություն ստացել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը հորից՝ Մարտիրոս Փխրիկյանից։ Վերջինս հայտարարատու չէ, ուստի նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։ Հետաքրքիր է, որ այս նվիրատվությունը կազմել է Ալինա Փխրիկյանի 2023 թվականի եկամուտի շուրջ 90%-ը։ 2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը 52 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Սերգո Երիցյանից։ Համեմատության համար նշենք, որ նվիրատվությունը ավելի քան երկու անգամ գերազանցում է Սարգիս Երիցյանի նախորդ տարվա եկամուտը։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 68 նվիրատուներից 2023 թվականին միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մյուս 62 նվիրատուների դեպքում նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար հանրության համար հետագծելի չէ։ Հայտարարատու նվիրատուներից է Վարազդատ Բադալյանը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանի ամուսինը։ Վերջինս 2023 թվականին կնոջը նվիրաբերել է 12 մլն 950 հազար դրամ կամ իր՝ այդ տարվա եկամուտի շուրջ 61%-ը։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լուսինե Դավթյանի հետ համատեղ բնակվող Ալվարդ Դավթյանը 2023-ին դատավորի օգնականին է նվիրաբերել 3.2 մլն դրամ, մինչդեռ այդ տարի վերջինիս եկամուտը կազմել 495 հազար դրամ։ Ալվարդ Դավթյանը տարվա սկզբի դրությամբ ունեցել է նաև շուրջ 3 մլն դրամի ավանդ, որը տարվա վերջում զրոյացել է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև Դատական իշխանության ներկայացուցիչների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում Գարուշ Ստեփանյանից։ 2021-ին ստացել է 8500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 9000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 2000 ԱՄՆ դոլար: Քանի որ Գարուշ Ստեփանյանը հայտարարատու չէ, փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ունի որևէ ընկերություն կամ զբաղվում է բիզնես գործունեությամբ։ Այդ մասին տվյալներ, սակայն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չեն հայտնաբերվել։  Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը երեք տարի անընդմեջ նվիրատվություններ է ստանում եղբորից՝ Ռոբերտ Ազրոյանից։ 2021-ին ստացել է 3500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 5000 ԱՄՆ դոլար:  Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանը հորից՝ Ղազար Ղազարյանից, նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ. 2021 թվականին՝ շուրջ 3.6 մլն դրամ, 2022-ին՝ 330 հազար դրամ, իսկ 2023-ին՝ 240 հազար դրամ։  3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Անուշ Մխիթարյանը։ Դատավորի օգնականը Ջուլիետտա Թումանյանից ստացել է ընդհանուր 735 հազար դրամ:  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիանա Բաղրամյանը 2021-ին ստացել է շուրջ 1.7 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 240 հազար ռուսական ռուբլի, իսկ 2023-ին՝ 280 հազար ռուսական ռուբլի՝ եղբորից՝ Մհեր Բաղրամյանից։  Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը 2021-ին եղբորից՝ Դավիթ Պետրոսյանից, ստացել է 1 մլն դրամ, իսկ 2022-ին՝ 2 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 1.6 մլն դրամ։  Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արամ Թումեյանը 2021 թվականին հորից և այլ հարազատներից ստացել է ընդհանուր շուրջ 26 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն, 2022-ին՝ շուրջ 11 մլն դրամ, և իսկ 2023 թվականին հորից՝ Աշոտ Թումեյանից, ստացել է ընդհանուր 11 մլն դրամ։  3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Գոռ Գասպարյանը՝ ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի։ Նվիրատուներին, սակայն, նույնականացնել չհաջողվեց։ Եւս 24 դատավորների և դատավորի օգնականների անուններ համընկել են երկու անգամ, երբ փնտրել ենք նրանց ստացած  նվիրատվությունները 2021, 2022 կամ 2023 թվականներին։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից՝ գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»,- մանրամասնեց Խուդավերդյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության կարիք ունի։  Արմեն Խուդավերդյանը նշում է նաև, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցների աղբյուրն արդյո՞ք երրորդ կողմն է, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառումներից եմ ստացել  նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Խուդավերդյանը։ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն: «Ինֆոքոմը» նաև մեկնաբանություն էր խնդրել Բարձրագույն դատական խորհրդից այն մասին՝ արդյո՞ք Խորհուրդը տեսնում է ռիսկեր Դատական իշխանության ներկայացուցիչների կողմից ստացվող խոշոր չափի նվիրատվություններում։ ԲԴԽ-ից «Ինֆոքոմին» պատասխանել են, որ «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկումը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից: Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկման գործառույթը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»: Այսինքն՝ դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի և նրանց ստացած նվիրատվությունների միակ վերահսկողը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն էլ չի ստուգում հայտարարագրերն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներառվել ռիսկային չափորոշիչ սահմանելու հիմքով պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում,  լրատվամիջոցների հրապարակումներում կամ էլ անձանց գրավոր դիմումներում։ Իսկ մինչ այդ դատավորներն ու նրանց օգնականները շարունակում են ստանալ մեկանգամյա կամ պարբերական բնույթ կրող խոշոր չափերի նվիրատվություններ, որոնց մի մասի աղբյուրը հետագծելի չէ։ Հիշեցնենք, որ նախորդիվ «Ինֆոքոմը» անդրադարձել էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ստացած նվիրատվություններին։ Լյուսի Մանվելյան
19:28 - 11 դեկտեմբերի, 2024
ԱԺ փոխխոսնակը՝ Քաջարանի թունելի կառուցման համար վարկ վերցնելու ընդդիմության քննադատության մասին
 |1lurer.am|

ԱԺ փոխխոսնակը՝ Քաջարանի թունելի կառուցման համար վարկ վերցնելու ընդդիմության քննադատության մասին |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ելույթների ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության որոշ քննադատություններին: ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նպատակը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Պաշտոնյան հանձնաժողովում հայտարարագրում է՝ ինչ ունի՝ տուն, մեքենա, վարկ, և եթե ինչ-որ բան թաքցնի, հանձնաժողովը կբացահայտի, և պաշտոնյան պետք է բացատրի՝ որտեղից է գնել դա: «Թվային առևտրի, շրջանառության մասով ի՞նչ ենք արել մենք, ասել ենք՝ 300 հազար դրամից ավելի ինչ առնես, պիտի առնես բանկային փոխանցումով կամ քարտի միջոցով. դա նշանակում է կանխիկ ապօրինի շրջանառության դեմն առնել: Ինչի՞ համար ենք արել. կոռուպցիայի կանխարգելման: Ի՞նչ էիք դուք անում. ասում էիք՝ էդ խեղճ մարդկանց ինչո՞ւ եք ասում, կարող է՝ քեշ փող ունեն, ինչո՞ւ եք սահմանափակում նրանց իրավունքը: Ի՞նչ ենք արել մենք՝ ներմուծման-արտահանման արգելքների, ապօրինի մոնոպոլիաների դեմն առել ենք: Մարդիկ ինչ ուզում՝, ներմուծում-արտահանում են. դրա արդյունքում որոշ ապրանքների գինն իջավ, օրինակ՝ բանանինը, շաքարավազինը: Դրա մասին խոսեք»,- ասաց նա: Հակոբ Արշակյանն անդրադարձավ ընդդիմության՝ Քաջարանի թունելի համար վարկ վերցնելու նախագծին կողմ չքվեարկելու որոշմանը՝ նկատելով, որ ընդդիմությունը դեմ է թունելի կառուցման ծրագրի համար վարկ վերցնելու նախագծին, որովհետև կարծում է՝ այն պետք է հումանիտար օգնությամբ իրականացնել: «Ինչի՞ համար ենք այդ պարտքը վերցնում, վերցնում ենք, որպեսզի դառնանք խաղաղության խաչմերուկ, ուզում ենք՝ Հյուսիս-հարավը կառուցենք, ուզում ենք՝ ճանապարհները բացվեն, ուզում ենք՝ ապրանք շրջանառվի, ուզում ենք՝ կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, առավել ևս օգուտ քաղենք մենք, մեր տնտեսվարողները, աշխարհում չլինենք ինչ-որ փակ տեղ: Դրա համար ենք վերցնում: Չի կարելի դրա համար գնալ, հումանիտար օգնություն խնդրել: Համահայկական հիմնադրամն այս տարի 15 մլն դոլար է հավաքել, բա ինչո՞ւ չի հավաքագրել 15 մլրդ դոլար. որովհետև մարդիկ դրան հումանիտար տեսանկյունից են նայում: Չի կարող պետությունը լինել հումանիտար օգնության կենտրոն, չի կարող նման բան լինել: Բայց դուք երևի ուզում եք՝ նման կերպ լինի, եթե վարկին կողմ չեք քվեարկում, ու ասում եք՝ համահայկական ծրագրերով արեք: Մենք դեմ ենք այդ մոտեցմանը»,- ասաց նա:
11:37 - 05 դեկտեմբերի, 2024
ԿԿՀ-ն վարչական վարույթներ է հարուցել ՔՊ-ին նվիրատվություն կատարած որոշ անձանց նկատմամբ

ԿԿՀ-ն վարչական վարույթներ է հարուցել ՔՊ-ին նվիրատվություն կատարած որոշ անձանց նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ է հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարած մի քանի անձանց նկատմամբ, քանի որ վերջիններիս կատարած նվիրատվությունները չեն հիմնավորվել հայտարարագրած տվյալներով։ Ամիսներ առաջ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած հայտարարատու անձանց հայտարարագրերը և պարզել, որ որոշ պաշտոնյաների նվիրատվությունները գերազանցել են իրենց ունեցած միջոցները։  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանը ՔՊ-ին 2.5 մլն դրամ է փոխանցել, սակայն նրա ստացած եկամուտները 2.7 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։  Սիսիանի ավագանու անդամներից Արմենակ Միրզախանյանը 2023 թվականին դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել, սակայն մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը։ Նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ` Աշոտ Աղաջանյանը, ՔՊ կուսակցությանը 2 մլն նվիրատվություն է կատարել։ Նրա ստացած եկամուտները 1.9 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։ ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը, 2.5 մլն դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը։ Նրա հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում պարզել էինք, որ նրա ծախսերից 1.4 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնել են, որ կուսակցության հաշվետվության ուսումնասիրության արդյունքում բոլոր այն դեպերում, երբ նվիրատվություն կատարելն առերևույթ չի հիմնավորվել հայտարարագրված տվյալներով, անձանց ուղարկվել են գրություններ՝ կատարված նվիրատվությունների՝ օրինական եկամուտներով հիմնավորված լինելը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնելու պահանջով։  Ի թիվս այլ հայտարարատու անձանց՝ Հանձնաժողովը համապատասխան գրություններ է ուղարկել Արմեն Սարգսյանին, Աշոտ Աղաջանյանին, Արմենակ Միրզախանյանին և Գևորգ Բաղդասարյանին և վերջիններիս կողմից ստացել գրավոր պարզաբանումներ։ Այնուհետև Հանձնաժողովն  իրականացրել է պարզաբանումների գնահատում, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Նախաձեռնված վարչական իրավախախտման վարույթների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից վերջնական որոշում կկայացվի վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննություններից հետո, որի արդյունքում Հանձնաժողովը կարող է հայտարարատու անձանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, նախազգուշացնել կամ կարճել վարույթը։   Լյուսի Մանվելյան
17:51 - 04 դեկտեմբերի, 2024
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
 |1lurer.am|

Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:  Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց մրցութային հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Նարինե Ազարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 2000-2005 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ իրավագետի որակավորմամբ: 2006-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը:  2024 թվականից մինչ օրս զբաղեցնում է ՄՍԾ իրավաբանական վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնը:  Իր խոսքում թեկնածուն նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվելը հնարավորություն է ոչ միայն մասնագիտական կարողությունները և հմտությունները գործադրելու, այլև ՀՀ-ում կոռուպցիայի կանխարգելման և արդարության հաստատման գործում իր համեստ լուման ներդնելու համար: Նրա խոսքով՝ միայն մասնագիտական կարողություններով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է ունենալ հստակ տեսլական և անսասան քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
13:23 - 04 դեկտեմբերի, 2024
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը

 |factor.am|

Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը |factor.am|

factor.am: Վարչական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)։ Ալումյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԿԿՀ-ի 2021 թ-ի որոշումն իրեն 200 հազար դրամ վարչական տույժի ենթարկելու մասին։ Հանձնաժողովը որոշել էր տուգանել Ալումյանին՝ սահմանված ժամկետներում գույքի և եկամուտների 2020 թ-ի հայտարարագիր չներկայացնելու համար։ «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրեր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնյաները, այլև նրանց ամուսիները։ Հ․ Ալումյանը դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսինն է, բայց հայտարարագրեր չի ներկայացնում։ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Հ․ Ալումյանը ներկայացրել է 2 փաստարկ՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում պահանջվում է ներառել այնպիսի տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել, և «Հանրային ծառայության մասին» օրենքով (հոդված 36) պաշտոնյայի ընտանիքի անդամների համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետ սահմանված չէ: ԿԿՀ-ի դիրքորոշմամբ՝ օրենքով որևէ բացառություն նախատեսված չէ՝ կապված կոնկրետ մասնագիտական գործունեության շրջանակում պաշտպանվող տվյալների հետ, հատկապես, որ սահմանված են հայտարարագրման ենթակա տվյալների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումներ: Ժամկետների առումով ԿԿՀ-ն նշել է, որ օրենսդիրը նույնանման պահանջներ է սահմանել թե´ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսող պաշտոնյաների, թե´ նրանց ընտանիքի անդամների համար: Factor.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ օրենքում գրված է, թե ինչ ժամկետում պաշտոնատար անձը պետք է ներկայացնի հայտարարագիր, բայց նշված չէ, թե նրա ընտանիքի անդամն ինչ ժամկետում պետք է ներկայացնի հայտարարագիր․ «Այսինքն՝ օրենքը գրվել է չմտածված։ Ես օրենքի այդ թերության մասին մոտ 7-8 տարի է՝ դատարանում ասում եմ։ Այս ընթացքում կարելի էր այդ թերությունը վերացնել, որ այդպիսի հիմք չլիներ։ Չեն վերացրել, հիմա էլ չեն պատրաստվում վերացնել։ Իսկ տուգանքը նշանակվել է ՎԻՎ օրենսգրքի այն հոդվածի հիման վրա, որտեղ գրված է՝ «օրենքով նախատեսված ժամկետում հայտարարագիր չներկայացնելը»։ Օրենքը ժամկետ չի սահմանել։ Երբ կսահմանի, ես այդ հիմքը չեմ ունենա»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։   
21:10 - 25 նոյեմբերի, 2024
ԿԿՀ նախագահի պաշտոնը թափուր մնալուց 1 տարի անց 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել

ԿԿՀ նախագահի պաշտոնը թափուր մնալուց 1 տարի անց 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։ Հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Այն հետեւում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։ Մեկ տարի է, սակայն, ինչ սահմանադրական այս կարեւոր մարմինը, համալրված չէ, ավելին՝ չունի ընտրված նախագահ։ Ազգային ժողովի պաշտոնական կայքից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ այս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 5 հավակնորդ, այդ թվում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Հիշեցնենք՝ ԿԿՀ անդամների, այդ թվում՝ նախագահի պաշտոնները, թափուր են արդեն մեկ տարի։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ առաջին նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ Ազգային ժողովը, սակայն, նրանց չընտրեց։ Դրանից հետո՝ 2024 թ․ փետրվար ամսին, հայտարարվեց 2-րդ մրցույթը, որին էլ մասնակցության հայտ ներկայացրին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Նվարդ Վարդանյանը եւ 2020-2023 թթ ընթացքում ԿԿՀ–ում մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ աշխատած Սարգիս Միրզոյանը։ Այդ մրցույթը, սակայն, ընդհանրապես չկայացավ։ Մարտ ամսին հայտարարված մրցույթին Նարինե Ավետիսյանն ու Նվարդ Վարդանյանը դարձյալ հայտ ներկայացրին։ Մյուս երկու հավակնորդներն էին Հրաչյա Աբրահամյանն ու Վաղարշ Աղաբեկյանը։ Մրցութային խորհուրդը ԱԺ-ին ներկայացրեց նրանցից երկուսի՝ Վաղարշ Աղաբեկյանի ու Նարինե Ավետիսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովը, սակայն, այդ անգամ էլ չընտրեց թեկնածուներից եւ ոչ մեկին։ Այժմ հայտարարված 4-րդ մրցույթին հայտ են ներկայացրել Նարինե Ազարյանը, Տիգրան Բաբիկյանը, Ժիրայր Կարապետյանը, Արսեն Մանուկյանը, Արմեն Մարուխյանը։ Նարինե Ազարյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետն է։ Տիգրան Բաբիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողողվի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի պետն է։ Ժիրայր Կարապետյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ոստիկանության փոխգնդապետ, Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԻՎԳՔ բաժնի պետի նախկին տեղակալը։ Արսեն Մանուկյանը Հայաստանի բարեվարքության ծրագրի թիմի համակարգողն է, Փաստաբանական պալատի անդամ։ Նախկինում զբաղեցրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի, ապա՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնները։ Արմեն Մարուխյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության նախկին պետը։ Նշված հինգ հավակնորդներից Մրցութային խորհուրդը դարձյալ պետք է ընտրի այն անձանց, որոնց թեկնածությունը ներկայացվելու է Ազգային ժողովին։ Ընտրությանը նախորդելու է հավակնորդների հարցազրույցների փուլը։ Այն նախատեսված է նոյեմբերի 29-ին։   Միլենա Խաչիկյան
13:52 - 20 նոյեմբերի, 2024
Ճամբարակի համայնքապետին առնչվող ընկերությունը հաղթում է համայնքապետարանի գնումներում

Ճամբարակի համայնքապետին առնչվող ընկերությունը հաղթում է համայնքապետարանի գնումներում

Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին առնչվող «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնումներում։ Իսկ համայնքապետի հայրը չի հայտարարագրել իրեն պատկանող շինտեխնիկան, որը վարձակալությամբ տվել է այդ ընկերությանը։ Մինչև վերջերս Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի պաշտոնական կենսագրության մեջ կարող էիք կարդալ, որ նա 2014 թ․ հիմնադրել է  «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն։ Համայնքապետի հիմնադրած ընկերությունը ակտիվ մասնակցում և հաղթում է Ճամբարակի պետական գնումներում։ Վերջին 6 տարում համայնքապետարանն ընկերության հետ կնքել է ավելի քան 479 մլն դրամի 19 պայմանագիր: 2018 թվականից սկսած՝ «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն Ճամբարակում իրականացրել է համայնքի բնակավայրերի ճանապարհների հարթեցման, փոսալցման, մանկապարտեզներից մեկի վերանորոգման, ջրամբարների նորոգման և նոր ջրագծի կառուցման, ներքին ցանցի ջրամատակարարման համակարգի վերակառուցման և շինարարական այլ աշխատանքներ։   Ըստ գնումների էլեկտրոնային համակարգի տվյալների՝ 2018-2024 թթ․ ընթացքում  Ճամբարակի համայնքապետարանը իրականացրել է 195 գնման ընթացակարգ, որից 41-ին «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել, իսկ 19-ում ճանաչվել հաղթող մասնակից։ Միևնույն ժամանակ, համակարգի «Պայմանագրեր» բաժնում հրապարակված է սույն ընկերության և Ճամբարակի համայնքապետարանի միջև կնքված ընդամենը 7 պայմանագիր։ Համայնքապետարանից խնդրել էինք տրամադրել չհրապարակված պայմանագրերը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից նշել են․ «Տեխնիկական պայմաններից ելնելով՝ «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի մի մասը դեռևս չի տեղադրվել www.armeps.am  համակարգում, որի գործընթացը ընթացքի մեջ է։ Ինչ վերաբերում է նշված 14 ծածկագրերով մրցույթների պայմանագրերը տրամադրելու վերաբերյալ, ապա դրանց, ծավալուն լինելու պատճառով, կարող եք ծանոթանալ Ճամբարակի համայնքապետարանում»։ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ գնման պայմանագիր կնքելուց յոթ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գնման գործընթացի մասին լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն: Ֆինանսների նախարարությունից մեզ հայտնեցին, որ այդ հաշվետվությունը ենթադրում է նաև, որ պայմանագրերը պետք է գնումների էլեկտրոնային համակարգ ներբեռնվեն։  Համայնքապետարանը «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի հետ վերջին անգամ պայմանագիր է կնքել այս տարվա սեպտեմբերի 20-ին՝ 61․2 մլն դրամով։ Ըստ պայմանագրի՝ «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն «Վիռա» ՍՊԸ և Ճամբարակի ՃՇՇՁ-ի հետ համատեղ պետք է իրականացնի Ճամբարակ քաղաքի Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամուրջի վերանորոգման աշխատանքներ։  «Վիռա» ՍՊԸ-ի հիմնադիրը Ճամբարակի համայնքի ավագանու նախկին անդամ Թաթուլ Դումանյանն է։ Նրա մահվանից հետո ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնում է կինը՝ Նարինե Հարությունյանը։  Այս ընկերությունն էլ 2018-2024 թթ․ մասնակցել է համայնքի իրականացրած գնման 195 ընթացակարգերից 25-ին, որոնցից 12-ում հաղթող է ճանաչվել՝ կնքելով ընդհանուր մոտ 250 մլն դրամի պայմանագրեր։   Համայնքապետը չի էլ հիշում՝ ում է օտարել ընկերությունը. ենթադրում է Ճամբարակի աշխատակազմի քարտուղարը «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այժմ միակ մասնակիցը և տնօրենը Նվեր Նադարյանն է։ Ոչ կազմակերպության նախկին մասնակիցների,  ոչ իրական շահառուների ցանկում Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի անունն առկա չէ։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը նշեց, որ այդ ընկերությունը կապ չունի համայնքապետի հետ։ Հարցին, թե այդ դեպքում ինչու է համայնքապետն իր կենսագրական տվյալներում նշել, որ հիմնադրել է մի ընկերություն, որի հետ կապ չունի, աշխատակազմի քարտուղարը պատասխանեց․  «2017 թվականից, ինչ համայնքի ղեկավար է ընտրվել, միգուցե դրանից առաջ հիմնադրել է, բայց դրանից հետո փոխկապակցված չի եղել, միգուցե օտարել է, բայց փայ ու մասնաբաժին չունի ընտրվելուց հետո։ Ինքը երբեք էլ ընկերության իրական շահառու չի հանդիսացել, ընկերության տվյալներում գործադիր տնօրեն, մասնակիցներ, բոլորն այլ մարդիկ են, հաշվետվություններում էլ կարող եք տեսնել։ Դե, հավանաբար, օտարել է ընկերությունը և դրանից հետո նույնիսկ չի էլ հիշում, թե ում է օտարել, ընդամենը հիմնադրել է, և դրանից հետո որևէ փոխկապակցվածություն չունի ընդհանրապես»։ Աշխատակազմի քարտուղարի հետ զրույցից հետո, համայնքապետի՝ ընկերություն հիմնադրելու մասին տեղեկությունը հեռացվեց կայքից։ Ճամբարակի համայնքապետի պաշտոնական կենսագրության մեջ տեղի ունեցած փոփոխությունը տեսնելու համար գծիկը տեղաշարժեք ձախ, այնուհետև աջ։Ավելի ուշ՝ սեպտեմբերի 11-ին, այս թեմային առնչվող մեր գրությանը պատասխանեց ինքը՝ համայնքապետ Վազգեն Ադամյանը. «Ճամբարակ համայնքի պաշտոնական կայքում նշված գրառումը, որ իբրև ես եմ հիմնադրել «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն, իրականության հետ կապ չունի: Կատարված գրառումը տեխնիկական սխալի արդյունք է եղել, որը հետագայում շտկվել է»։ Նշենք, որ նույն «տեխնիկական սխալը» կարծես թե ի հայտ է եկել նաև Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում, քանի որ համայնքապետի՝ ընկերություն հիմնադրելու մասին տեղեկությունն առկա է նաև մարզպետարանի կայքի՝ «Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարի մասին» ենթաբաժնում։ Բացի համայնքի պաշտոնական կայքում տեղադրված, իսկ հետո հեռացված տեղեկությունից՝ համայնքապետի և «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի միջև կապի մասին է փաստում ևս մի հանգամանք։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում, առկա է համայնքապետի հոր՝ Արարատ Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող շինարարական մեքենայի տեխանձնագրի կորստի մասին մի հայտարարություն։ «2022 թվականի սեպտեմբերին Վազգեն Ադամյանի հոր՝ Արարատ Ադամյանին պատկանող էքսկավատորը Վարդենիսում մնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքում  և այդպես էլ կորում է»,- մեզ հետ զրույցում պատմեց Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը։ Հայտարարության մեջ նշված է Վազգեն Ադամյանի հոր բնակության հասցեն (համընկնում է համայնքապետի բնակության հասցեին), հեռախոսահամարը և  [email protected] էլ․հասցեն։  Այս նույն էլ. հասցեն նշված է նաև Ճամբարակ համայնքի գնումներին «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի ներկայացրած 3 հայտերում։ Մեր հարցին, թե ինչպես է ստացվել, որ նույն էլեկտրոնային հասցեն կիրառում են թե՛ իր հայրը, թե՛ «իր հետ կապ չունեցող» ընկերությունը, համայնքապետը պատասխանեց․ «Իմ հորը՝ Արարատ Ադամյանին պատկանող շինարարական տեխնիկայի տեխանձնագրի կորստյան վերաբերյալ հայտարարության մեջ նշված էլփոստի հասցեն նշված է «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի հասցեն, քանի որ նախկինում տվյալ տեխնիկան վարձավճարով շահագործվել է «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից»: Վազգեն Ադամյանին խնդրեցինք տրամադրել ընկերությանը տրամադրված շինտեխնիկայի վարձակալության պայմանագրերը։ Համայնքապետը պատասխանեց, որ իր հորը պատկանող տեխնիկան «Շինտեխնիկա» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է շուրջ 8 տարի առաջ, և այժմ հնարավոր չէ ճշտել՝ այդ շինտեխնիկան ինչ գումարի դիմաց է աշխատել և ինչքան ժամանակով, որովհետև փաստաթղթերը չեն պահպանվել։ Հատկանշական է, որ նշված շինտեխնիկան համայնքապետի հայրը չի հայտարարագրել 2022 թվականի իր տարեկան հայտարարագրում, իսկ  2021 թվականի հայտարարագիրը նա չի ներկայացրել։    Համայնքապետի հայրը իր տարեկան եկամուտները գերազանցող արժեքով ավտոմեքենա է գնել Ճամբարակի համայնքապետի հայրը՝ Արարատ Ադամյանը, 2023 թվականին 8 մլն դրամ արժողությամբ  Տոյոտա մակնիշի ավտոմեքենա է գնել՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 2․6 մլն դրամ եկամուտ։ Արարատ Ադամյանը 2023 թվականի դրությամբ չի ունեցել նաև բանկային ավանդներ և այլ դրամական միջոցներ։ Այսինքն՝ նրա գնման 6.4 մլն դրամը հայտարարագրված եկամուտներով չի հիմնավորվում։ Համայնքապետ Վազգեն Ադամյանին հարցրինք, թե ինչպես է իր հայրը գնել ավտոմեքենա, որն, ըստ վերջինիս հայտարարագրած եկամտի, չէր կարող գնել։ Համայնքապետը պատասխանեց, որ ավտոմեքենայի արժեքի մեծ մասը վճարվել է իր գործարար եղբոր՝ Պավլիկ Ադամյանի կողմից, իսկ մի մասը ընտանիքի՝ նախկին տարիներից գոյացած խնայողությունների հաշվին։  Սակայն նախկին տարիների խնայողությունները, եթե չեն ծախսվել և առկա են եղել նաև 2023 թվականին, պետք է արտահայտված լինեին Վազգեն Ադամյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում՝ բանկային հաշիվների մնացորդների, առկա կանխիկի, բանկային ավանդների կամ հանձնված փոխառությունների ձևով։ Մենք ուսումնասիրեցինք նաև Վազգեն Ադամյանի, նրա կնոջ և մոր 2023 թվականի տարեկան հայտարարագրերը, որտեղ վերոնշյալ դաշտերում հայտարարագրված միջոցներ առկա չէին։  Ավելին՝ համայնքապետի եղբոր՝ ավտոմեքենայի համար վճարած գումարը պետք է արտացոլված լիներ համայնքապետի հոր՝ Արարատ Ադամյանի 2023 թվականի հայտարարագրի եկամուտներում՝ որպես որդուց ստացած նվիրատվություն։ Նման նշում, սակայն, հայտարարագրում առկա չէ։ Նշենք նաև, որ համայնքապետի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մեր հարցման հիման վրա իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերելով օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայտարարագրեր չներկայացնելու փաստեր՝ գրավոր ծանուցումներ է ուղարկել Վազգեն Ադամյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ըստ դրանց՝ Վազգեն Ադամյանը և նրա ընտանիքի անդամները չեն ներկայացրել 6 հայտարարագիր։ Ծանուցումներից հետո ևս հայտարարագրերը չեն ներկայացվել, ինչի արդյունքում Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և փոխանցվել Վարույթների և իրավական ապահովման վարչություն՝ գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սուսինա Խաչատրյան
19:48 - 30 հոկտեմբերի, 2024
Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել

Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել

2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 109 նվիրատուներից 76-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, ՊԵԿ պաշտոնյաները 2023 թվականին ամենաշատ նվիրատվությունները ստացել են ծնողներից և քույր-եղբայրներից։  478 միլիոնից 416 մլն դրամը ՊԵԿ աշխատակիցները ստացել են գումարի տեսքով, իսկ մոտ 62 մլն դրամը՝ բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ՊԵԿ աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 281 մլն դրամ։ Պաշտոնատար անձանց հետ մոտ 90 մլն դրամի նվիրատվություն կատարողների կապը պարզել չի ստացվել։ Ամենամեծ չափով նվիրատվությունը ստացել է ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության պետ Արմեն Սաֆարյանը։ Նվիրատվությունը ստացել է հորից՝ Գեորգի Սաֆարյանից։ Նվիրատվության չափը կազմել է 58 մլն 200 հազար դրամ։ Գեորգի Սաֆարյանը հայտարարագիր չի լրացնում, քանի որ պաշտոնյայի հետ համատեղ բնակվող անձ չէ, հետևաբար հնարավոր չէ պարզել, թե որտեղից է գոյացել նշված գումարը։ Գրեթե նույնքան՝ 57 մլն 900 հազար դրամ նվիրատվություն ստացել է ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանը հորից՝ Վալերիկ Գալստյանից։ Վերջինս հայտարարատու անձ չէ, նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 109 նվիրատուներից 2023թ-ին միայն 7-ն են եղել հայտարարատու։ Մենք ուսումնասիրել ենք պաշտոնյաներին նվիրատվություն արած անձանց հայտարարագրերը և պարզել, որ նվիրատուներից մեկը չի ունեցել այնքան գումար, որքան նվիրաբերել է, իսկ երեք նվիրատու չի հայտարարագրել կատարած նվիրատվությունը։ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լիանա Մովսիսյանը 2023 թվականին 30 հազար եվրո նվիրատվություն է ստացել ամուսնուց՝ Սամվել Եղիազարյանից։ Վերջինիս հայտարարագրից երևում է, որ այդքան գումար չի ունեցել նվիրատվություն կատարելու համար։ Սամվել Եղիազարյանը տարվա սկզբում հայտարարագրել է 20 հազար եվրո և 3 մլն դրամ կանխիկ գումար, որոնք տարվա վերջում նվազել են՝ դառնալով 10 հազար եվրո և 2.5 մլն դրամ։ ՊԵԿ հարկային տեսուչի ամուսինն այդ տարի եկամուտ և ծախսեր չի հայտարարագրել, այդ թվում՝ կատարած նվիրատվությունը: ՊԵԿ Ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Տիգրան Նարիմանյանը 2023 թվականին 7.4 մլն դրամ նվիրատվություն է ստացել մորից՝ Մելանիա Մկրտչյանից։ Մկրտչյանը  թեև ունեցել է կատարված նվիրատվության չափով ֆինանսական միջոցներ, սակայն նվիրատվությունը չի հայտարարագրել ծախսերում։ ՊԵԿ Ներքին աուդիտի վարչության համակարգման և ֆինանսաիրավական ներքին աուդիտի բաժնի պետ Վանյա Ղազարյանը 2023-ին մոտ 11 մլն դրամ նվիրատվություն է ստացել կնոջից՝ Աննա Դրմոյանից։ Վերջինս թեև ունեցել է նվիրատվության չափով միջոցներ, սակայն արված նվիրատվությունը ծախսերի բաժնում չի հայտարարագրել։ ՊԵԿ պաշտոնյաների նվիրատու ընտանիքի անդամները եկամուտներ են ստացել անշարժ գույքի օտարումից, ձեռնարկատիրական գործունեությունից, բանկային ավանդներից, և այլ անձանցից ստացած նվիրատվություններից։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ՊԵԿ պաշտոնյաների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 6 գլխավոր հարկային տեսուչ Խաչատուր Մկրտչյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում հորից՝ Արթուր Մկրտչյանից։ 2021-ին ստացել է 1.5 մլն դրամ, իսկ 2022-ին և 2023-ին՝ 2.5-ական մլն դրամ։ ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արսեն Ալեքսանյանը եղբորից նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ 2021 թվականին՝ 2.6 մլն դրամ, 2022-ին՝ 1.6 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 670 հազար դրամ։ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության մաքսային մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արա Սիմոնյանը 2021-ին ստացել է մոտ 977 հազար դրամ, 2022-ին՝ մոտ 1 մլն 45 հազար դրամ, իսկ 2023-ին՝ մոտ 1 մլն 80 հազար դրամ՝ քույրերից։ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 5 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Կարեն Մարգարյանը 2021-ին ստացել է ընդհանուր 2.1 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 4.6 մլն դրամ, իսկ 2023-ին՝ ընդհանուր 2.1 մլն դրամ։ Բոլոր տարիներին Կարեն Մարգարյանը նվիրատվությունները ստացել է նույն երկու անձանցից։ Նրանցից մեկը պաշտոնյայի եղբայրն է, մյուսին նույնականացնել չհաջողվեց։ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աննա Պողոսյանը 2021-ին հորից ու եղբորից ստացել է ընդհանուր 1.3 մլն դրամ, իսկ 2023-ին՝ մորից ու քրոջից ընդհանուր 2.7 մլն դրամ։ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լուսինե Զազյանը 2021 և 2023 թվականներից ստացել է ընդհանուր 711 հազար դրամ նույն անձից, որին նույնականացնել չհաջողվեց։ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի պետի տեղակալ Հայկազ Կարապետյանը 2021 և 2023 թվականներից ստացել է ընդհանուր 14.7 մլն դրամ հորից։ Ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հովհաննես Ժամկոչյանը 2021 և 2022 թվականներին որդիներից ստացել է ընդհանուր մոտ 2 մլն դրամ նվիրատվություն։ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանը 2021-ին ստացել է 4.2 մլն դրամ անձից, որին նույնականացնել չհաջողվեց, իսկ 2022 թվականին հայտարարագրել է 8.5 մլն դրամ նվիրատվություն` նվիրատուի դաշտում նշելով «ֆիզիկական անձանցից»։ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Արամ Ղուկասյանը 2022-ին ստացել է 23.5 մլն դրամ անձից, որին նույնականացնել չհաջողվեց։ 2023-ին 18.3 մլն դրամ նա ստացել է հորից։  ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության փոքր հարկ վճարողների վերլուծության և մոնիտորինգի բաժնի պետի տեղակալ Զեփյուռ Ալեքսանյանը 2022 և 2023 թվականներին ընդհանուր 2.7 մլն դրամ նվիրատվություններ է ստացել անձանցից, որոնց նույնականացնել չհաջողվեց։ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության բացթողնման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արման Հարությունյանը 2022 և 2023 թվականներին հարազատներից ստացել է ընդհանուր 3.1 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից ըստ անհրաժեշտության պահանջել իրավիճակային հայտարարագիր, եթե անգամ նրանք հայտարարատու չեն։  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն: Հանձնաժողովին հարցրել էինք՝ արդյոք վերլուծե՞լ են ՊԵԿ պաշտոնյաներից որևէ մեկի հայտարարագիրը կամ նվիրատուներից իրավիճակային հայտարարագրեր հայցե՞լ են։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ մեր նշած պաշտոնները ներառված չեն եղել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում, ինչպես նաև նրանց վերաբերյալ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումներ չեն հայտնաբերվել, անձանց գրավոր դիմումներ նույնպես չեն ստացվել։ Կարճ ասած՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշված անձանց հայտարարագրերի ստուգում և վերլուծություն չի իրականացրել: Չնայած այն փաստին, որ հարկային և մաքսային վերահսկողություն իրականացնող պաշտոնյաներն ամենաշատ նվիրատվություն ստացողներն են, նրանց նվիրատվությունների աղբյուրը հիմնականում հետագծելի չէ, որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել կոռուպցիոն ռիսկերը գտնելու և կանխարգելելու ուղղությամբ։   Լյուսի Մանվելյան
19:36 - 23 հոկտեմբերի, 2024
ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։ Պարզել էինք, որ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենք ՔՊ-ին նվիրատվություն են արել։ Որոշ նվիրատուներ էլ տեղյակ էին, որ իրենց անունով նվիրատվություն է կատարվել, սակայն փոխանցված գումարը իրենց չի պատկանել։ Այս տարվա մայիսի 31-ին հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որին կից հրապարակվել է նաև անկախ աուդիտորի եզրակացությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) էլ արդեն ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։ Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։  Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը կրկնել է անկախ աուդիտորի կողմից արդեն իսկ արձանագրված խախտումները.   Կուսակցության հաշվից եղել են կանխիկացումներ, որն արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով։ ԿԿՀ-ն որոշում կայացնելու նպատակով կուսակցությունից պահանջվել է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր:  Կուսակցությանը նվիրատվություններ են կատարել իրավաբանական անձիք (ևս արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով), որը կուսակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին։ Յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում կուսակցությանը առավելագույնը կարող է փոխանցել 2.5 մլն դրամ։ ԿԿՀ-ն հայտնաբերել է, որ կուսակցությանը կատարվել են նվիրատվություններ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը, և կուսակցության կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն փոխանցվել պետական բյուջե կամ նվիրատուներին։ Այս դեպքերի առթիվ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, իսկ կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելու ենթադրյալ դեպքի առթիվ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվության համար նվիրատուն պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Նվիրատվության օրենքով սահմանված առավելագույն չափը 2.5 մլն դրամն է, իսկ այն գերազանցող խոշոր չափ է համարվում 1 մլն դրամը գերազանցող գումարը։ Այսպիսով, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգող մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի թիվս այլ պետական մարմինների, անտեսում է 2023 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման էական ապօրինությունները։ Լյուսի Մանվելյան
20:26 - 19 սեպտեմբերի, 2024
Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը

Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը

«Ինֆոքոմը» շարունակում է ուսումնասիրել համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի բոլոր տարեկան հայտարարագրերում ներկայացված տվյալները խնդրահարույց են։   Եկամուտները գերազանցող վարկի մարում Վարդգես Սամսոնյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում նշել է, որ պաշտոնի ստանձման օրվա՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ ունեցել է ավելի քան 5 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Նույն թվականի տարեկան հայտարարագրում՝ տարեվերջի դրությամբ, որպես վարկի մայր գումարի մնացորդ նշել է շուրջ 2․1 մլն դրամ։ Այսինքն՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սամսոնյանը շուրջ 3 մլն դրամ ուղղել է վարկի մարման վճարումներին։ 2021 թվականին Սամսոնյանի տարեկան եկամուտները կազմել են շուրջ 2․9 մլն դրամ, իսկ բուն պաշտոնի ստանձնումից մինչև տարեվերջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացած եկամուտները կազմել են շուրջ 500 հազար դրամ։ 2021 թվականի ընթացքում չեն նվազել նաև Սամսոնյանի դրամական միջոցների մնացորդները։ Ստացվում է, որ Սամսոնյանի՝ վարկի մարմանն ուղղված 3 մլն դրամից 2.5 մլն դրամի աղբյուրն անհայտ է։ Չհայտարարագրված վարկ և անհետացող անշարժ գույքեր Ըստ Սամսոնյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեվերջի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդները կազմել են շուրջ 2․1 մլն դրամ, իսկ ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ այդ տարվա վերջին՝ 33 մլն դրամ։ Ստացվում է, որ 2022 թվականին Սամսոնյանն ավելի քան 30 մլն դրամի նոր վարկեր է վերցրել։ 2022 թվականի հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, ստացած վարկերի գումարները հայտարարագրված չեն։ Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր Սրանք Սամսոնյանի հայտարարագրերում առկա միակ անճշտությունները չեն։ 2021 թվականի տարեսկզբի և տարեվերջի դրությամբ Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Պաշտոնի ստանձման հայտարարագրում՝ նույն տարվա նոյեմբերի 4-ի դրությամբ, սակայն, հայտարարագրված է 3 անշարժ գույք։ Սա այն դեպքում, որ 2021 թվականի ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ հայտարարագրված չեն։ Անշարժ գույքի անճշտությունները շարունակվում են հաջորդ տարիներին։ 2022 թվականի սկզբին Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Տարվա ընթացքում 48 % բաժնային սեփականությամբ գնել է բնակարան և օտարել ¼ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող շինությունը։ Այսինքն՝ տարեվերջին պետք է կրկին հայտարարագրվեր 11 անշարժ գույք, սակայն հայտարարագրվել է 6-ը։ Այդ 5 անշարժ գույքը օտարվել է, թե ոչ, հայտարարագրի ուսումնասիրությամբ պարզել հնարավոր չէ։ 2023 թվականի տարեսկզբին հայտարարագրված 6 անշարժ գույքից տարեվերջում մնում են 4-ը։ Անշարժ գույքի ցանկից դուրս եկած ավտոտնակի և Գյումրիում գտնվող առանձնատան օտարման մասին, սակայն, հայտարարագրում նշումներ չկան։ Սամսոնյանի կինը չի ներկայացրել 2021 և 2022 թվականների հայտարարագրերը Վարգես Սամսոնյանը համատեղ բնակվում է կնոջ և անչափահաս զավակների հետ։ Կինը՝ Աղունիկ Աբգարյանը, որպես պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ, չի ներկայացրել 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերը։  Աղունիկ Աբգարյանը 2022 թվականից չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, ինչի մասին տեղեկանում ենք Վարդգես Սամսոնյանի հայտարարագրերից։ Թե որ երկրի քաղաքացի է ներկայումս համայնքապետի կինը, անհայտ է։ Նշված բոլոր անհամապատասխանությունների վերաբերյալ համայնքապետի և կնոջ արձագանքները ստանալու համար գրություն էինք ուղարկել Վարդգես Սամսոնյանին, որը, սակայն, անպատասխան է մնացել։   Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
20:54 - 22 օգոստոսի, 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին
 |civilnet.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին |civilnet.am|

civilnet.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։ Աուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Այս և մի շարք այլ էական խախտումների համար կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը բացասական եզրակացությամբ էր ստացվել։ ԿԿՀ-ն դիմել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ կուսակցության բոլոր բանկային հաշիվների քաղվածքները ստանալու համար, որոնք տրամադրվել են։ Բացի այդ, հարուցված վարույթի շրջանակում Սուրեն Պապիկյանը հրավիրվել է կուսակցության կողմից դրամական վճարումներն անկանխիկ չկատարելու զանցանքի վարույթի քննարկմանը, որին Պապիկյանը չի մասնակցել։ Ըստ ԿԿՀ-ի՝ «Քաղաքացիական պայմանագրի» 11,4 միլիոն դրամը կանխիկացվել է բանկոմատների միջոցով, իսկ կուսակցության քաղվածքների ուսումնասիրությունը հանձնաժողովին թույլ չի տվել տվյալներ ստանալու, որ կանխիկացված գումարը նորից մուտք է եղել ՔՊ-ի հաշիվներ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը, այդ գումարը ի՞նչ նպատակների է ծառայեցվել և/կամ ինչ ապրանքների ձեռքբերման համար է կանխիկացվել։ ԿԿՀ-ն էական է համարել այն, որ նման իրավախախտումը իրենց վերապահելուց հետո այսպիսի արարք հայտնաբերվել ու վարույթի մասնակցին ծանուցում է ուղարկվել առաջին անգամ։ Հաշվի առնելով, որ 2022-ին ՔՊ-ի վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր, ԿԿՀ-ն նրան տուգանել է 100 000 դրամով։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:37 - 20 օգոստոսի, 2024
Փոխքաղաքապետի կնոջ՝  հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը

Փոխքաղաքապետի կնոջ՝ հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ  5.4 մլն դրամով վաճառել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, որը, սակայն, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։  «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հայտարարագրված չի եղել ինչպես 2023 թվականի, այնպես էլ նախորդ տարիների հայտարարագրերում։ 2018 թվականին Սոսէ Բաղդասարյանը չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ 2023 թվականի ընթացքում Սոսէ Բաղդասրայանը 10.6 մլն դրամով գնել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա այն դեպքում, երբ վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։ Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասրայանի ունեցած դրամական միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի ծագման աղբյուրն անհայտ է։  Եթե նույնիսկ Արմեն Փամբուխչյանի և նրա կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, ապա նրանց իրականացրած ծախսերից առնվազն 873 հազար 403 դրամի աղբյուրը չի արտացոլվում 2023 թվականի տարեկան հայտարարագրերում։ Ավելին, ստացվում է, որ Արմեն Փամբուխչյանի ընտանիքը տարվա ընթացքում որևէ ընթացիկ/առօրյա ծախս չի իրականացրել. օրինակ՝ ձեռք բերված ավտոմեքենայի վառելիքի ծախս կամ սննդի/հագուստի ծախս։   Սոսէ Բաղդասարյանի՝ 2019 թվականին ունեցած գույքն անհետացել է հաջորդ տարվա հայտարարագրից Սոսէ Բաղդասարյանը իր 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ տարեսկզբի և տարեվերջի դրությամբ ունեցել է համատեղ սեփականութամբ ձեռք բերված բնակարան։  2020 թվականին և դրանից հետո ներկայացրած հայտարարագրերում, սակայն, Սոսէ Բաղդասարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ Արդյոք օտարվե՞լ է այդ բնակարանը, եթե այո, ապա ի՞նչ եղանակով։ Այս հարցերի պատասխանը ՍոսԷ Բաղդասարյանի հայտարարագրերում ներկայացված տվյալներից հասկանալ հնարավոր չէ։ Հայտարարագրերի մասին հարցումներ ենք ուղարկել թե՛ Սոսէ Բաղդասարյանին և թե՛ Արմեն Փամբուխչյանին։ Նրանցից ոչ մեկը մեր հարցերին չի պատասխանել։   Սոսէ Բաղդասարյանը վարձատրվում է քաղաքապետարանի, վարչապետի աշխատակազմի, Հանրային հեռուստաընկերության գնումները շահող ընկերությունից Սոսէ Բաղդասարյանի եկամուտները գոյանում են Հանրային հեռուստաընկերությանը և «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին մատուցած ծառայություններից։ 2022 և 2023 թվականներին Բաղդասարյանը ընդհանուր առմամբ 885 հազար դրամի վարձատրություն է ստացել «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունից, 9,5 մլն դրամ էլ՝ Հանրային հեռուստաընկերությունից։  Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր 2018 թվականի մայիսին հիմնադրված այս ընկերությունը անվանափոխվել է 2022 թվականին, փոխվել են նաև բաժնետերերը և տնօրենը։ Ընկերության բաժնետերերից մեկը Վազգեն Պողոսյանն է, իսկ մյուսը՝ նրա կինը՝ Մարինե Ստեփանյանը։ «Բեգրաունդ Փրոդաքշնը» 2019 թվականից միլիարդավոր դրամների հասնող գնումների պայմանագրեր է կնքում Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ԿԳՄՍ նախարարության և Ֆինանսների նախարարության հետ։ Կնքված պայմանագրերի մեծ մասը «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով են։  Այս ընկերությունն է կազմակերպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության, ՎԶԵԲ կառավարիչների տարեկան խորհրդի հանդիպման արարողությունները, սպորտային, մշակութային և մի շարք այլ միջոցառումներ։  Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ ընկերությունը գերատեսչությունների հետ կնքել է 12 պայմանագիր, որոնցից 10-ը՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ դրամ։  Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
18:24 - 19 օգոստոսի, 2024
Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Երկու շաբաթ առաջ «Ինֆոքոմն» ուսումնասիրել էր Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի հայտարարագրերում ներկայացված տվյալները ու պարզել, որ վերջինս 2023 թվականին ստացել է 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) նվիրատվություն իր հորից ու 43 մլն դրամ (100 հազար դոլարից ավելի)՝ իր ազգականից։ Ավելին, Գարիկ Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի հայտարարագրում ներկայացված տվյալների վերլուծությամբ պարզել էինք, որ նվիրաբերված գումարից 9 միլիոն դրամի ծագումն անհայտ է և արտացոլված չէ հայտարարագրում: Հայտարարագրերում արձանագրված այս խնդիրների վերաբերյալ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստանալու համար՝ հուլիսի 26-ից փորձում էինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն ապարդյուն։ Արդեն հուլիսի 29-ին Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն առաջարկեց գրավոր ուղարկել հարցերը։ Հուլիսի 29-ի կեսօրին գրություն ուղարկեցինք՝ խնդրելով արձագանքել մինչև հուլիսի 30-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։ Մինչև հուլիսի 31-ը չստանալով արձագանք՝ հրապարակեցինք «Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն» հոդվածը։ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստացանք հրապարակումից 1 օր անց՝ օգոստոսի 1-ին։   Ի՞նչ նպատակով է ստացվել ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը Գարիկ Սարգսյանին հարցրել էինք՝ արդյո՞ք ազգակցական կապ ունի 43 միլիոն դրամ նվիրատվություն կատարած Արմեն Եղյայանի հետ, և թե ի՞նչ նպատակով է վերջինս այդքան նվիրատվություն արել։ Համայնքապետը պատասխանել է. «Գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ, թե ինչ նպատակով է կատարվել 43 մլն դրամի նվիրատվությունը, նշեմ, որ նվիրատվությունը, ի տարբերություն նվիրաբերության, չի կատարվում որոշակի նպատակներով, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և 18.12.2023թ. կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը»,- նշված է Սարգսյանի պատասխանում։ Այսպիսով, Գարիկ Սարգսյանն այդպես էլ չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված պաշտոնյայի ստացած՝ ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը։  Գարիկ Սարգսյանը միակ պետական պաշտոնյան չէ, որը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել։ Այդ նվիրատվությունների թափանցիկության, դրանց աղբյուրների հետագծելիության ապահովման մեխանիզմներ, սակայն, չկան։ Արդյո՞ք պաշտոնատար անձի՝ խոշոր դրամական նվերներ ստանալը կապ ունի իր պաշտոնեական գործունեության հետ, արդյո՞ք այդ անձը նմանատիպ խոշոր նվիրատվություններ ստացել է մինչև պաշտոնյա դառնալը, նվիրատվությունը ստացվել է կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով, արդյո՞ք նվիրատվությունը հիմնավորվում է նվիրատուի օրինական եկամուտներով։ Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն․ ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել   Սրանք ողջամիտ հարցեր են, որոնք կարող են ծագել այն հարկատուների մոտ, որոնց հարկերից վճարվում է պաշտոնատար անձը։ Այս հարցերի պատասխանները կարող է ստանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով), որը, օրենքով սահմանված կարգով կարող է պարզաբանումներ հայցել պաշտոնատար անձից, ինչպես նաև իրավիճակային հայտարարագիր պահանջել նվիրատուից։    Որտեղից են գոյացել համայնքապետի հոր՝ 9 միլիոն դրամի միջոցները Գարիկ Սարգսյանին նաև հարցրել էինք, թե որտեղից են գոյացել իր հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 9 միլիոն դրամի միջոցները և ինչու դրանք արտացոլված չեն հայտարարագրում։ Վերջինս իր պատասխանում նշել է, որ ընդհանուր 13 մլն դրամի ծագման աղբյուրը արտացոլված է Մնացական Սարգսյանի դեռևս 2021թ. տարեկան հայտարարագրում՝ որպես Արարատի մարզում գտնվող երկու անշարժ գույքերի վաճառքից ստացված դրամական միջոց, որից 10 մլն դրամը 2022թ. ավանդ է դրվել բանկում և նույն տարում հանվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլված է վերջինիս 2022թ․ տարեկան հայտարարագրում։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում իսկապես երևում է, որ Մնացական Սարգսյանը վաճառել է 2 հողամաս, բայց ի՞նչ արժեքով է վաճառել այդ հողամասերը՝ «Օտարված անշարժ գույքի գինը և արժեքը» դաշտում չենք տեսնում։ Հայտարարագրի եկամուտների բաժնում ևս արտացոլված չէ հողամասերի վաճառքից ստացված եկամուտը։  Ինֆոքոմը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իմանալու, թե արդյոք Մնացական Սարգսյանը հայտարարագրում ներկայացրել է անշարժ գույքերի օտարման գնի և դրանից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները, և հնարավո՞ր է, որ այս տվյալները ներկայացված լինեն հայտարարագրերում, սակայն արտացոլված չլինեն հայտարարագրի հրապարակային հատվածում։ Հանձնաժողովից պատասխանել են, որ անշարժ գույքերի օտարման արժեքները լրացվել են  «Անշարժ գույք» բաժնում, սակայն դրանք համակարգ չեն տեղափոխվել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդրի պատճառով։ Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա եկամուտներ» բաժնում դրանք որպես եկամուտներ հայտարարագրված չեն:  Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի պատասխան մեր հարցերի՝ Վեդու համայնքապետը պարզաբանել է նաև, թե ինչպես է իր հոր՝ 2022 թվականի տարեվերջին հայտարարագրված 1 մլն 200 հազար դրամը 2023-ի տարեսկզբին դարձել 10 մլն 200 հազար դրամ։ «Ինչ վերաբերում է հորս հայտարարագրում 2022 թվականի տարեվերջին առկա 11 200 000 դրամի փոխարեն 1 200 000 դրամի կանխիկ գումարի հիշատակմանը, ապա տեղեկացնում եմ, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակի արդյունք է, որն ուղղելու համար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչին մինչ այժմ ընթացք չի տրվել»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրինք՝ արդյո՞ք ստացել են նման դիմում։ Հանձնաժողովից հայտնել են, որ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է, սակայն փոփոխություններ կատարելու գործընթացը դեռևս չի իրականացվել՝ պայմանավորված նրանով, որ hամակարգում դեռևս ապահովված չէ 2022 թվականի տարեկան հայտարարագրերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:   Ինչու է անհրաժեշտ հայտարարագիր լրացնելիս հետևել հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցներին Գարիկ Սարգսյանից հարցրել էինք նաև՝ 2023 թվականին հասարակական նշանակության 2 շինությունների ¼ մասնաբաժնի գնման գործարքների վերաբերյալ նշված 36 միլիոն դրամ և 177 միլիոն 700 հազար դրամ գները մասնաբաժնի՞, թե՞ ամբողջ շինության արժեքներն են։ Գարիկ Սարգսյանն այս հարցին ի պատասխան նշել է․  «[․․․] եթե Ձեր կողմից չդրսևորվեր ավելորդ շտապողականություն (հետևաբար նաև չէր տաոածվի չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ), ապա սահմանված ժամկետում կտեղեկացվեիք, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը, շուրջ՝ 53 մլն դրամով, իսկ 36 մլն և 177,7 մլն դրամը թվով երկու հասարարական նշանակության շինությունների ընդհանուր արժեքն է, որոնցից ինձ է պատկանում միայն 1/4 բաժնեմասը»։ Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցի, բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։  «Համատեղ կամ բաժնային սեփականությամբ հայտարարատուին պատկանող գույքի ձեռքբերման գործարքները գրանցելիս՝ հայտարարատուն «Ձեռքբերման արժեքը» դաշտում նշում է գույքի միայն իրեն պատկանող մասի արժեքը, բացառությամբ ամուսինների համատեղ սեփականության առարկա հանդիսացող գույքի»,- նշված է  ուղեցույցում։ Այնուամենայնիվ, արձագանքի բացակայության պայմաններում, առաջնորդվելով պաշտոնյաների կողմից հայտարարագրերի լրացման ուղեցույցները ոչ պատշաճ ուսումնասիրելու կանխավարկածով, խմբագրությունը հանրությանն է ներկայացրել այս երկու գույքերի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկման երկու տարբերակ․ եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։ Եթե Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը, ապա ստացած նվիրատվությունների օգնությամբ նա կկարողանար ձեռք բերել այդ գույքը։  Այսպիսով, Գարիկ Սարգսյանը «Ինֆոքոմի» խմբագրությանը մեղադրում է ավելորդ շտապողականություն դրսևորելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ այն պարագայում, երբ ինքն անձամբ է հայտարարագրման ենթակա տվյալները սխալ լրացրել, ինչպես նաև համայնքային հեռախոսահամարներով իր կամ համայնքային պաշտոնյաների հետ պատշաճ կապի հնարավորություն չի ապահովել և հարցերը գրությամբ ներկայացնելու պայմանավորվածությունից հետո արձագանքի համար տրված ժամկետում չի օգտվել իր արձագանքի հնարավորությունից։  Ինֆոքոմը առաջիկայում կանդրադառնա նաև խոշոր չափի նվիրատվություններ ստացող այլ պաշտոնատար անձանց ևս։   Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան  
18:11 - 16 օգոստոսի, 2024
ՔՊ նվիրատուների հայտարարագրերում անհամապատասխանություններ կան. ԿԿՀ-ն անդրադարձել է նաև «Ինֆոքոմի» հրապարակմանը

ՔՊ նվիրատուների հայտարարագրերում անհամապատասխանություններ կան. ԿԿՀ-ն անդրադարձել է նաև «Ինֆոքոմի» հրապարակմանը

«Ինֆոքոմը» պարզել էր, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանի, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու մի քանի անդամների և այլ պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արված նվիրատվությունների գումարների աղբյուրներն անհայտ են։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հավելյալ ուսումնասիրել է  «Ինֆոքոմի» հրապարակման մեջ տեղ գտած անձանց հայտարարագրերը և հայտնաբերել անհամապատասխանություններ։ Մասնավորապես, պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանը, Սիսիան համայնքի ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Անիկ Գրիգորյանը և Արմենակ Միրզախանյանը, ինչպես նաև ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը ՔՊ-ին նվիրաբերել են գումար, որը չի հիմնավորվել նրանց հայտարարագրած տվյալներով։ Հանձնաժողովը, նվիրատվությունների արժանահավատությունը ստուգելու նպատակով, համապատասխան տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ գրություններ է ուղարկել վերոնշյալ անձանց և նրանց ընտանիքի անդամներին: Անիկ Գրիգորյանից և նրա ընտանիքի անդամից Հանձնաժողովը պարզաբանում է հայցել։  Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարագիրը։ Հիշեցնենք, որ «Ինֆոքոմը» պարզել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023 թվականին ծախսած գումարներից 3.8 մլն դրամի աղբյուրն անհայտ է։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ Արարատ Միրզոյանի ծախսերի արժանահավատության վերաբերյալ կասկածներ չեն առաջացել, քանի որ Հանձնաժողովը նման դեպքերում ուսումնասիրում է ոչ միայն հայտարարատու պաշտոնատար անձանց, այլ նաև նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերում նշված տվյալները, և դիտարկում դրանք որպես մեկ ամբողջություն։ Այս դեպքում Արարատ Միրզոյանի ֆինանսները դիտարկվել են կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրած միջոցների հետ միասին:  Այսինքն՝ ըստ ԿԿՀ եզրահանգման՝ նախարարն իր ծախսերի մի մասն իրականացրել է կնոջ ֆինանսական միջոցների հաշվին։  Մեզ հետ զրույցում ԿԿՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հրապարակման մեջ ներառված պաշտոնյաներից բացի այլ անձանց մոտ ևս գտել են անհամապատասխանություններ, այժմ ուսումնասիրում են։
18:23 - 08 օգոստոսի, 2024