Ինֆոքոմ

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։ Հովիկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանի՝ սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը։ Նա դատակոչված է որպես վկա։ Այսօրվա դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջվեց, քանի որ Հովիկ Գաբրիելյանը ուշացումով բերվեց դատարան։ Առաջին անգամը չէ, ոչ մեղադրյալին դատարան չբերելու խնդիր է ծագում, ընդ որում՝ ոչ միայն այս գործով․ բանն այն է, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, ծանրաբեռնված է։ Ի վերջո, նիստը սկսվեց նախանշված ժամից 30 րոպե անց, երբ Գաբրիելյանը եկավ նիստերի դահլիճ։ Վկա Գեղամ Ասատրյանի հարցերի գերակշիռ մասին արդեն պատասխանել էր, ուստի այսօրվա նրա հարցաքննությունը երկար չտեւեց (հարցաքննության առաջին մասն՝ այստեղ)։ Դատավարության կողմերը նրան ընդամենը մի քանի հարց տվեցին, օրինակ՝ երբ նահանջել են, դրանից հետո Ջաբրայիլի ուղղությամբ յուրային ստորաբաժանումների գրոհին իրենց զորամիավորումը մասնակցե՞լ է, ինչին վկան դրական պատասխանեց։ Վկա Գեղամ Ասատրյանը Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը վկայից հետաքրքրվեց՝ երբ իրենց զորքը Հովիկ Գաբրիելայնի հրամանատարությամբ հայտնվեց Հադրութի շրջանում, այնտեղ հանդիպե՞ց յուրային զորքի։ - Ոչ,- պատասխանեց վկան,- Հադրութի զորամասի, երեւի, պահպանություն կազմակերպող անձնակազմն ա եղել մենակ։ - Այդ անձնակազմն անակնկալի՞ է եկել։ - Տենց չեմ կարա ասեմ, ցերեկն եմ մի քանի հոգի տեսել, իրիկունը չեմ էլ տեսել իրանց։ - Ձեզ սպասո՞ւմ էին էնտեղ։ - Չեմ կարա ասեմ։ - Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ երբ Ժիրայր Պողոսյանն իմացել է, որ դուք Հադրութում եք, ի՞նչ կարծիք է հայտնել։ (Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման,- հեղ․)։ - Չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Հաջորդիվ հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ արդյոք զորքը հանդիպե՞լ է ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վկան միանգամից չմտաբերեց, թե ով է Առստամյանը, եւ միայն Մղդեսյանի՝ Առստամյանի զբաղեցրած պաշտոնն ասելուց հետո ասաց, որ վերջինս մի անգամ է եկել իրենց մոտ, մինչեւ հոկտեմբերի 5-ի նահանջը։ Վկան, սակայն, չհիշեց, թե ում հետ է եղել Առստամյանը։ Ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ վկա Ասատրյանը պնդեց, որ ՊԲ ուժերը գտնվել են իրենց ստորաբաժանումից ձախ։ Այս պատասխանը, սակայն, մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի մոտ նոր հարց առաջացրեց՝ եթե զորք եղել է իրենց ձախ կողմում, ապա ո՞ր զորքն է եղել։ - Արցախի զորամասերից ա եղել,- պատասխանեց վկան։ - Տեսել ե՞ք դուք,- հարցրեց մեղադրյալը։ - Հա, երեւում էր մեր մոտից։ Մեզ ձախից չէին կրակո՞ւմ։ Հովիկ Գաբրիելյանին վկայի պատասխանները վրդովեցրին, նրա արձագանքում դատավորը լարում նկատեց եւ զգուշացրեց, որ վկաների հետ այդ տոնով խոսելու պարագայում ստիպված է լինելու սանկցիա կիրառել։ Մեղադրյալն ասաց, որ ինքը որեւէ մեկի վրա ազդելու նպատակ չունի, այլ փորձում է իրականությունը ցույց տալ․ «Ես փորձում եմ Ձեզ մոտ իրականությունը ցույց տալ, որ համապատասխան մարդը պատերազմից շատ բաներ տեղյակ էլ չի եղել։ Տեղյակ չի եղել մի շարք բաներից, որով ինքը հիմա փորձում ա ցույց տա, որ ներկա ա եղել եւ կարողացել ա մարտ ղեկավարի։ Եթե ղեկավար լիներ, նշված պահին ինձ կօգներ, ոչ թե էսօր ստեղ կանգնած կլիներ»,- հայտարարեց Հովիկ Գաբրիելյանը։ Դատավորն ասաց, որ իրականությունը ավելի պարզ կդառնա ոչ թե վկաների պատասխանների հետ կապված մեկնաբանություններ անելով, այլ հարցեր տալով։ Հովիկ Գաբրիելյանն ասաց, որ դատարանը, այլ վկաների լսելով, շուտով կհամոզվի, որ Ասատրյանի հայտարարությունը, որ իրենցից ձախ ուժեր են եղել, սուտ է։  Վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո դատարանն անցավ վկայի խափանման միջոցի հարցին։ Հանրային մեղադրողը հայտարարեց, որ հիմնավոր կասկածներ շարունակում են առկա մնալ ինչպես փախուստի, այնպես էլ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու մասով։ Մեղադրողը միջնորդեց Գաբրիելյանի կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարաձգել։ Հակադրվելով հանրային մեղադրողին՝ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով, վարչական հսկողությամբ, տնային կալանքով։ Գրավի համար Խաչիկյանն առաջարկեց 3 մլն դրամ՝ նշելով, որ նման մեղադրանքի համար այն թեեւ քիչ գումար է, սակայն այն մեծ դժվարությամբ հավաքել են Գաբրիելյանի հարազատները։ Ինչ վերաբերում է Գրիգոր Մղդեսյանի հայտարարությանը, որ շարունակում են մնալ կալանքի հիմքեր, Խաչիկյանը նախ հայտարարեց, որ Հովիկ Գաբրիելյանը նահանջի հրաման տալու իրավասություն ունեցել է, այլ հարց է՝ ճի՞շտ էր նման հրաման տալը, թե ոչ։ Ապա պաշտպանը նշեց, որ այս քրեական վարույթը պատկանում է այն վարույթների շարքին, որոնցում հիմնականում կամ բացառապես վկաների ցուցմունքներով է ապացուցվել հանցակազմի առկայությունը․ «Սույն քրեական գործով ներգրավված են 37 վկա, նրանցից միայն 14-ն են ականտես վկաներ, մյուս 23-ը վկայություն են տվել՝ ըստ լսելու մեկ այլ վկայից կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձանցից։ 14 ականտես վկաներից միայն 5-ն են, որ Հովիկ Գաբրիելյանի կողմից ղեկավարվող գումարտակից են եղել, ենթակա են եղել, գտնվել են դեպքի վայրում եւ բացառապես նրանք են տեղեկացված զորքի բարոյահոգեբանական վիճակի, զինամթերքի առկայության մասին, իրապես կամ ենթադրաբար շրջափակման մեջ ընկնելու մասին, եւ, ընդհանրապես, այդ զորամիավորումից ձախ հատվածի բաց լինել-չլինելու մասին»,- ասաց Խաչիկյանը։ Ըստ նրա՝ արդեն հարցաքննված վկաների ցուցմունքների որոշ հատվածներ թուլացնում են հիմնավոր կասկածի առկայությունը։ Խաչիկյանը հիշեցրեց, որ վկա Ժիրայր Պողոսյանը ցուցմունքում հայտնել է, որ Հովիկ Գաբրիելյանն իրեն չի զեկուցել, եթե զեկուցեր, ինքը հրաման կտար, եւ նահանջի հրաման չի տրվել, քանի որ ամեն ինչ տեղին է եղել․ «Գրեթե նույնատիպ ցուցմունքով հանդես է եկել Համլետ Լեւոնյանը, սակայն նրա ցուցմունքներում առկա է կարեւոր հանգամանք․ հերքվեց այն, որ 2 հոգի Հովիկ Գաբրիելյանի մեղքով է զոհվել»։ Հաջորդիվ պաշտպանը հիշեցրեց վկաներից Կոլյա Դավթյանի ցուցմունքը, որ վերջինս, անկախ բազմաբնույթ ցուցմունք տալուց, չհերքեց, որ Հովիկ Գաբրիելյանը հակառակորդին դիմադրելու կարողություն չունենալու մասին զեկուցել է, բայց թե ում՝ Կոլյա Դավթյանը չի նշել․ «Չհերքեց զեկույցի մասին, չհերքեց բարոյահոգեբանական վատ վիճակի մասին, չհերքեց որոշակի զենքի բացակայության մասին։ Վկա Ասատրյանը նույնպես չհերքեց բարոյահոգեբանական վատ վիճակի մասին, չհերքեց, որ Հովիկ Գաբրիելյանի պատճառով որեւէ զինտեխնիկա չի վնասվել, չհերքեց, որ Գաբրիելյանը, որպես այդպիսին, եղել է նորմալ հրամանատար եւ փորձել է զորքին էդ վիճակից դուսր բերել, բայց չի հաջողվել»,- ասաց Խաչիկյանը՝ նշելով, որ այս հանգամանքները բարձրաձայնում է, քանի որ այժմ խոսքն այն մասին է՝ Գաբրիելյանը նման հրաման պետք է տար, թե ոչ։ Ըստ պաշտպանական կողմի՝ զորքը լավ վիճակում չէր, եւ հարց է՝ եթե մնար, կկարողանա՞ր պաշտպանվել, թե՞ ոչ։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը Անդրադառնալով դատարանի դիտարկմանը, որ անձը անբարյացկամ վերաբերմունք է դրսեւորում վկաների նկատմամբ, պաշտպանը պարզաբանեց, որ անձը, որը քանի ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, երբ վկաներից լսում է, ըստ իրեն, ոչ ճշմարտացի տեղեկություններ, նեղսրտում է։ Պաշտպանը նկատեց, որ այդ վերաբերմունքը կարելի է դիտարկել որպես ճշմարտությանն արձագանքելու ճիգ եւ միտում։ Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի կողմից իրական համարվող թաքնվելու վտանգին, պաշտպանը հայտարարեց, որ նման միտում իր պաշտպանյալը չի ունեցել։ Արձագանքելով դատախազի դիտարկումներին՝ Հովիկ Գաբրիելյանն ինքը մեկնաբանեց, որ ինքը չի խուսափել քննությունից, դեռ ավելին, Արցախից Հայաստան գալուց հետո անձամբ է ներկայացել ոստիկանություն։ Թե ինչու վերադարձից անմիջապես հետո չի ներկայացել, այլ շուրջ 15 օր անց, Գաբրիելյանը նշեց, որ հարազատի մասունքները գտնելու, ապա հուղարկավորելու հարցերով է զբաղված եղել, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանության ծառայողին եւ ստացել նրա համաձայնությունը՝ արարողությունների հաջորդ օրը ներկայանալ, ինչը եւ արել է։ Դատավորի հարցին, թե ինչու վարույթն իրականացնող քննիչին չի հաղորդել, որ վերադառնում է Արցախ (խոսքը տեղահանությունից առաջ եղած իրադարձությունների մասին է), ապա տեղահանությունից հետո, երբ Հայաստանում է եղել, ինչու քննիչին չի հայտնել իր գտնվելու վայրի մասին, Գաբրիելյանն ասաց, որ ինքը քննիչին զանգել է, սակայն վերջինս մեկ նախադասություն լսելուց հետո հեռախոսն անջատել է եւ էլ ոչ մի անգամ չի պատասխանել իր զանգերին։ Ըստ պաշտպանի՝ հետագայում քննիչն ինքը հայտնել է, որ զբաղվածության պատճառով չի հասկացել, որ Հովիկ Գաբրիելյանի հետ է խոսում։ Խաչիկյանն ասաց, որ իր պաշտպանյալի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալու արձանագրությունն առկա է։ Խաչիկյանը մատնանշեց եւս մեկ հանգամանք, որ քննիչը, ունենալով Գաբրիելյանի արցախյան հեռախոսահամարը, նրան զանգել է երեւանյան համարով, հետո արդեն արցախյան ոստիկանության միջոցով է փորձել իմանալ Գաբրիելյանի գտնվելու վայրը։ Այս բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո մեղադրյալի պաշտպանը նաեւ ասաց, որ Գաբրիելյանը որոշ առողջական խնդիրներ ունի, իսկ նրա մայրը տարեց կին է, եւ ցանկալի է, որ որդին նրա կողքին լինի։  Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին։ Հայարփի Բաղդասարյան
22:05 - 08 նոյեմբերի, 2024
Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել

Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել

Վերջին 7 ամսիսներին Երևանի փողոցների ասֆալտապատման նպատակով քաղաքային բյուջեից ծախսվել է մոտ 6 միլիարդ դրամ, կնքվել՝ 27 պայմանագիր։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկության` աշխատանքներն ընդգրկել են մոտ 280 փողոց ։  Ուսումնասիրելով քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալները՝ պարզել ենք, որ այս տարվա ընթացքում նորոգված 280 փողոցից 54-ում փոսային նորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել առնվազն 2 տարբեր պայմանագրերով։  Հոկտեմբերի 9-ին և 10-ին դիտարկել ենք առնվազն երկու անգամ նորոգված փողոցներից երեքը. Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենց, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների Խորենացի և Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցները։  3.5 կմ երկարությամբ Խորենացի փողոցում, այս տարվա ընթացքում իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ։ Ծախսվել է ընդհանուր առմամբ 75.8 մլն դրամ։ Չնայած դրան՝ Խորենացում կրկին փոսեր և ճաքեր են առաջացել, որոնք շարունակաբար խորանում և մեծանում են։  Մովսես Խորենացի փողոց  Նույն խնդիրն առկա է նաև Թոթովենց փողոցում, որտեղ մի քանի ամսվա ընթացքում իրականացվել են թե փոսային նորոգումների և թե միջին նորոգման աշխատանքներ։ Բայց փողոցի այն հատվածներում, որտեղ իրականացվել էին փոսային նորոգման աշխատանքներ, արդեն իսկ նոր փոսեր են առաջացել։ Թոթովենցում իրականացրել են փոսալցման և միջին նորոգման աշխատանքներ՝ ծախսելով 31 մլն դրամ։  Վահան Թոթովենցի փողոց Վաղարշյան փողոցը կրկին նորոգել են երկու անգամ՝ հատկացնելով 3.5 մլն դրամ։ Փողոցում իրականացված աշխատանքներից հետո նկատվում են ճաքեր, փոսեր և ճանապարհային ծածկի վիճակի հետ կապված այլ խնդիրներ։ Վաղարշյան փողոց Ավելի վաղ՝ 2024 թվականի մայիսին, Ինֆոքոմը հրապարակում էր արել, որում անդրադարձել էր քաղաքում իրականացվող անորակ փոսային նորոգումներին։ Դեռ այն ժամանակ արձանագրել էինք դեպքեր, երբ նորոգված փողոցների վրա նոր փոսեր էին առաջացել։  Եղած իրավիճակը հարցեր է առաջացնում նորոգման որակի և կատարված աշխատանքների վերահսկողության վերաբերյալ։ Երևան քաղաքի ճանապարհների շահագործման և սպասարկման բաժնի պետ Արսեն Իսկանդարյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ քաղաքում փողոցներ կան, որոնց հիմքը ամուր չէ,  ուստի կատարված աշխատանքների արդյունավետությունը չի երևում, իսկ ընդհանուր արդյուքներից և կապալառու ընկերությունների կատարած աշխատանքից գոհ են։  «Փողոցներ ունենք, որ նույն ծրագրով, նույն շինարարը մի 3 անգամ էդ մի հատվածը անում է, մենք էլի դժգոհ ենք, բայց հասկանում ենք, որ ուրիշ լուծում չկա, քանի որ հիմքերը լավը չի, փոսային նորոգումն էլ էդ հատվածներում չի օգնում»,- ասում է Իսկանդարյանը, նշելով, որ թույլ հիմք ունեցող փողոցներում փոսային նորոգումներ իրականացնելը ռեսուրսի վատնում է, քննարկում են մյուս տարվանից զբաղվել այդ փողոցների հիմնանորոգմամբ։  «Եթե էս տեմպերով մենք շարունակենք 2026 թվականին արդեն Երևան քաղաքում կոնկրետ տենց փոսեր չենք ունենալու, ունենալուց էլ 1-2 ամսից ավել էդ փոսերը չեն մնալու»,- ասում է սպասարկման բաժնի պետը։  Իսկանդարյանի պնդմամբ շինարարները իրենց աշխատանքը ստանդարտներին համապատասխան են անում, բոլոր նմուշները ուղարկվում են լաբորատոր փորձաքննության, աշխատանքների ընթացքում միշտ ներկա են լինում տեխհսկողներն ու վարչության ինժեներները, բայց վատ կոմունիկացիաների (կոյուղու, ջրի խողովակներ) պատճառով ասֆալտը դիտահորերն է թափվում կամ դրանց կողքերը իջվածքներ է առաջանում։  Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
16:48 - 08 նոյեմբերի, 2024
Կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան

Կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան

Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբուհի Գալյանը։  Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի հասցրել ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» տեքստին։ «Սա իմ աշխատանքային երրորդ օրն է, չեմ հասցրել։ Բայց ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու ողջ իրավական գործընթացը։ Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի հետ կապված, և հանձն եմ առել ապահովելու դրա իրավական ողջ գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Ի պատասխան դիտարկմանը, որ եթե կիսում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա կո՞ղմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Գալյանը նշեց. «Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին։ Պարոն վարչապետը շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ։ Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել և մեզանից որևէ մեկը 5, 6 տարի առաջ, գուցե, չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այս օրերին։ Այսօրվա պայմաններում ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ բոլորս՝ այդ թվում ես, ամեն ինչ պետ է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»։
14:29 - 07 նոյեմբերի, 2024
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն». ՌԴ հետախուզություն

ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն». ՌԴ հետախուզություն

ԱՄՆ պետքարտուղարությունում զգալիորեն արագացրել են Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների շուրջ աշխատանքները։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ստացված հաղորդագրության մեջ։ «Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելով Երևանին արագացնել դեպի զարգացման արևմտամետ ձևաչափ վերջնականապես վերակողմնորոշվելու գործընթացը՝ չնայած անխուսափելի դժվարություններին: Ամերիկացիները ծրագրում են իրականացնել այս առաջադրանքը՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները»,- նշվում է հաղորդագրությունում: Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ԱՀԾ-ի, «ԱՄՆ պետքարտուղարությանը կից «ժողովրդավարացման» ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ընդլայնել վերապատրաստման դասընթացները Հայաստանի հիմնական գերատեսչությունների ներկայացուցիչների համար և ապահովել նրանցում օտարերկրյա խորհրդականների մեծ ներկայությունը՝ Հայաստանի կառավարության աշխատանքը Արևմուտքի շահերին համապատասխանեցնելու համար»: Նշվում է նաև, թե «խնդիր է դրվել Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ»: «Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Երևանի հետւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի համագործակցության հեռանկարները, նաև նյութեր տարածել ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների «մտահոգությունների» վերաբերյալ: «Միացյալ Նահանգների գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ստիպված է վճարել մերժելով սեփական ավանդույթները, ազգային սոցիալական արմատները, ինչպես նաև ԵԱՏՄ մերձավոր գործընկերների հետ կայուն առևտրատնտեսական կապերը, որոնք համապատասխանում են Հայաստանի շահերին և վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը»,- հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։ Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ «այս եղանակով Վաշինգտոնը Հայաստանին համառորեն մղում է դեպի ազգային ինքնասպանություն»:
11:48 - 07 նոյեմբերի, 2024
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը

E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելու հնարավորությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Նման վճիռ է կայացրել Վարչական դատարանը դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ՝ այդպիսով մասնակի բավարարելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։ Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը ներդրվել էր 2023 թ․ փետրվարին։ Ամիսներ անց՝ օգոստոսի 25-ին, կազմակերպությունը (այսուհետ՝ հայցվոր) դատական հայց էր ներկայացրել Նախարարության դեմ (այսուհետ՝ պատասխանող)՝ վիճարկելով դրա օրինականությունը։ Մասնավորապես, հայցվորը պահանջում էր՝  ոչ իրավաչափ ճանաչել Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձեւ ստեղծելու այն e-disability.am էլեկտրոնային համակարգի տեխնիկական եւ գործառույթային նկարագրում տեղադրելու  եւ նույն հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ, այդ թվում՝ առանց միջավայրային գործոնները հաշվի առնելու կիրառման հնարավորություն ստեղծելու գործողությունները։ Դատական իշխանության պաշտոնական կայքից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ հայցի մնացած՝ առաջին երկու պահանջները դատարանի վճռով մերժվել են։ Միջավայրային գործոնների առնչությամբ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքներով սահմանելով հիմնական հասկացությունները եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, միաժամանակ սահմանել է «հաշմանդամություն ունեցող անձ» հակացությունը՝ ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում նա, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ/կամ զգայական տեւական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության հետեւանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մանակցության սահմանափակում․ «Այսինքն՝ անձին հաշմանդամ ճանաչելու համար օրենսդիրն ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել անձի ինչպես ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ/կամ զգայական խնդիրները, այնպես էլ միջավայրային արգելքները՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոնները, որոնք սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հաստակական կյանքին նրա սոցիալական ներառմանը, լիարժեք եւ արդյունավետ մասնակցությանը»։ Դատարանը շեշտել է, որ օրենսդիրը միաժամանակ սահմանել է «անձի ֆունկցիոնալության սահմանափակման» հասկացությունը՝ դրանում ընդգրկելով մարմնի կառուցվածքը («s» ծածկագիր), օրգանիզմի ֆունկցիաները («b» ծածկագիր), գործունեությունը եւ մանակցությունը («d» ծածկագիր), ինչպես նաեւ միջավայրային գործոնները («e» ծածկագիր)․ «Այսինքն՝ նշված երկու օրենքներով էլ օրենսդիրը միջավայրային գործոնները պարտադիր է համարել ինչպես հաշմանդանություն ունեցող անձ ճանաչելու, այնպես էլ անձի ֆունկցիոնալության գնահատումն  իրականացնելու գործընթացներում․․․ Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի ներկայացուցչի այն փաստարկին, որ անձը կարող է ունենալ առողջական թեթեւ խնդիրներ, սակայն միջավայրը բավականին ոչ մատչելի լինի, եւ այդ դեպքում միջավայրային գործոնները կգնահատվեն որպես ծանր կամ խորը խնդիր, եւ կարող են որոշիչ նշանակություն ունենալ՝  արհեստականորեն բարձրացնելով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կամ որ ֆունկցիոնալության աստիճանի գնսհատան ժամանակ գնահատվող անձը կարող է․․․ ժամանավոր ընտրել այնպիսի տուն, որը բոլորովին մատչելի չէ, Դատարանը փաստում է, որ անկախ օբյեկտիվ իրականության մեջ առաջացող հնարավոր ինդիրների լուծման եւ վերահսկման բարդությունից, նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ հիշյալ բանաձևը «e-disability» համացանցային էլեկտրոնային հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ կիրառելիս՝ միջավայրային գործոնները հաշվի չառնելով իրավաչար ճանաչելու համար»։ Դատարանն ընդգծել է նաեւ, որ ըստ Նախարարության ներկայացուցչի՝ առանձին ծառայությունների մատուցման համար միջավայրային գործոնները հաշվի են առնվում, այսինքն՝ առկա է դրանք հաշվի առնելու հնարավորություն, եւ դա գործնականում իրականացվում է։ Բանաձեւը ստեղծելու եւ ներդնելու առնչությամբ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը, ունենալով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները եւ գործիքները հաստատելու իրավասություն, դրա շրջանակներում նախ սահմանել է, որ գնահատումը պետք է իրականացվի հատուկ այդ նպատակով ներդրված «e-disability» էլեկտորոնային համակարգի միջոցով, այնուհետեւ Նախարարությանը հանձնարարել է ապահովել այդ համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը, նախագծումը եւ ներդրումը։ «Դատարանը փաստում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության կողմից ֆունկցիոնալության սահմանման աստիճանը որոշող բանաձեւ ստեղծելը եւ այն, որպես «e-disability» էլեկտրոնային համակարգի տարր, այդ համակարգի տեխիկական եւ գործառութային նկարագրում տեղադրելու գործողություններն իրավաչափ են, բխել են օրենսդրի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու պահանջից։ Մասնավորապես՝ նախ սահմանվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու պահանջ, որից հետո այդ պահանջի շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարին հանձնարարվել է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 1-ն ապահովել «e-disability» էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ համակարգի նախագծումը»։ Դատարանը չի համաձայնել հայցվորի այն փաստարկին, որ բանաձեւը չհանրայնացնելու արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում հաշմանդանություն ունեցող անձանց նկատմամբ՝ նշելով, որ հաշվի է առնում հաշմանդամության ունեցող անձի կարգավիճակ տրամադրելու առանձնահատկությունները։ Մասնավորապես, այն, որ դրա նպատակն է օբյեկտիվ պայմաններ ստեղծելը, ինչը բխում է առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց շահերից, քանի որ դրանով նախադրյալներ են ստեղծվում բացառելու կամ նվազագույնի հասցնելու արհեստական միջամտությամբ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքների վրա ազդելու հնարավորությունը։ Դատարանի այս դիրքորոշման համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները եւ մեթոդաբանությունը հանրայնացված են, ինչը նշանակում է, որ անձանց համար պարզ է, թե ինչ չափորոշիչներով եւ յուրաքանչյուր չափորոշիչ ինչպես եւ ինչ միջավայրում է գնահատման ենթակա։ Ակտի պատճառաբանված լինելու առնչությամբ դատարանը նախ արձանագրել է, որ վարչական ակտի ինքնաշխատ ձեւավորվելու պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 28.07.2022 թվականի թիվ 1180-Ն որոշմամբ եւ ունի իրավական հիմք, ապա նշել․ «Պատախանողի ներկայացուցիչների կողմից Դատարանին ներկայացված ակտի ձեւանմուշը (նոր տարբերակը, որը Նախարարությունը խմբագրել է դատաքննության փուլում,-հեղ․) պարունակում է պաճառաբանական մաս․․․ Իսկ բանաձեւի չհանրայնացված լինելու եւ վճռորոշ ծածկագրերը չբացահայտելու հանգամանքները բավարար են վարչական ակտը պատճառաբանված գնահատելու համար,- նշել է դատարանը՝ հավելելով, որ անձը զրկված չէ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հնարավորությունից»։ Ըստ Դատարանի՝ թեեւ ինքնաշխատ ձեւավորվող ակտի նախկին ձեւանմուշը չէր պարունակում «Հիմնավորում» հատված, սակայն վարչական վարույթի նյութերից պարզ է դարձել՝ որ նորմի կիրառմամբ եւ որ չափորոշիչը որքան միավոր գնահատելու արդյունքում էր ձեւավորվել ընդհանուր միավորը, ուստի բողոքարկման իրավունքի իրացման խոչընդոտ առկա չէ: Դատարանը վճռել է բավարարված հայցի մասով հօգուտ կազմակերպության նախարարությունից բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ որպես պետտուրքի գումար։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։ Նշենք, որ թեեւ վճռի հրապարակման օր էր նշանակված հոկտեմբերի 28-ը, մինչ օրս վճիռը տեղադրված չէր ո՛չ Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, ո՛չ էլ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։ Պաշտոնական կայքում այն հրապարակվեց միայն Վարչական դատարանի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Աբրահամյանի հետ կապ հաստատելուց հետո։ Աբրահամյանը տեղեկացրեց, որ վճռի՝ «Դատալեքսում» հասանելի չլինելը պայմանավորված է համակարգի տեխնիկական խնդրով (տեւական ժամանակ է, ինչ դատական տեղեկատվական համակարգում մի շարք գործեր կամ դատական ակտեր հասանելի չեն, ուստի ԲԴԽ-ն դրանք ժամանակավորապես հրապարակում է իր պաշտոնական կայքում):   Միլենա Խաչիկյան
16:30 - 06 նոյեմբերի, 2024
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
14:34 - 05 նոյեմբերի, 2024
Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

Կիրի հանքի փոխարեն՝ գրավված Զանգելան, ոտքով գնալու փոխարեն՝ ավտոբուսներով երթ․ Քիմիկների գործով դատաքննությունը շարունակվում է

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Կապան–Կովսական ավտոճանապարհին ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանները տեղյա՞կ էին, որ Քիմիկների զորամասի՝ այդ ճանապարհով մարտական օպերացիայի մեկնող անձնակազմը պետք է իրենց անցակետում կայաներ եւ ոտքով շարունակեր դեպի Կիրի հանք, այլ ոչ թե ավտոբուսներով խորանար մինչեւ Կովսական։ Այս հարցը այսօր երկար քննարկվեց Քիմիկների զորամասի վերաբերյալ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում։ Ըստ գործի նյութերի՝ Կովսական (Զանգելան) հասնելու հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ, 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Այս հանգամանքների, դրանց նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում ժամեր շարունակ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, իսկ Քիմիկների զորամասի նախկին հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Ըստ վկայի՝ Անդրանիկ Մակարյանը տեղյակ էր, որ հակառակորդն արդեն Կովսականում է Արմեն Հովհաննիսյանը դատարանում պատմեց, որ հոկտեմբերի սկզբին արագ արձագանքման խումբ է ստեղծվել, որի կազմում ներգրավված է եղել նաեւ ինքը։ Գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի կողմից խնդիր է ստացել իր անձնակազմի եւ սակրավորների հետ միասին գնալ Կովսականի շրջանի Միջնավան քաղաք՝ կամուրջն ականապատելու։ Թե երբ է խնդիրը ստացել, վկան չէր հիշում, ասաց՝ դեպքից մոտ 4 օր, մինչեւ 1 շաբաթ առաջ։ Ճանապարհին, սակայն, դիտարկումից վերադարձող հրետանավորներից տեղակացել են, որ հակառակորդը արդեն Զանգելանում է, կուտակված է դպրոցի եւ քաղաքապետարանի արանքում, ուստի իրենք մնացել են Կերեն գյուղում՝ հանքից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ վերադաս հրամանատարությանը հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու մասին տեղեկացրե՞լ են, վկան դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հրետանավոր Սերյոժա Գեւորգյանն է գնացել՝ զեկուցելու։ Ձախից՝ դատախազներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը – Անձամբ Անդրանիկ Մակարյանը տեղյակ եղե՞լ է, որ հակառակորդը Զանգելանում է,– ճշգրտեց մեղադրողը։ –Կարծում եմ՝ այո, որովհետեւ իրեն զեկուցվել է Սերյոժայի կողմից։ –Ձեր ներկայությա՞մբ։ –Այո, – պատասխանեց վկան։ Դրանից հետո Հովհաննիսյանի անձնակազմին խնդիր է տրվել տեղակայվել ճանապարհի ամենանեղ հատվածում, որպեսզի ապահովեն ականներ տեղադրող սակրավորների անվտանգությունը։ Դա, ըստ նրա, ենթադրում էր թույլ չտալ, որ առանց հրամանի որեւէ մեկը՝ մեքենայով կամ առանց, իրենց անցակետով առանց հրամանի անցնի։ Բացի այդ, դա ենթադրում էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը եւ այդպիսի փորձի դեպքում փակել ճանապարհը պայթեցման միջոցով։ Անցակետում եղել է 3 հերթափոխ՝ մեկը՝ բաղկացած Կապանի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուս երկուսը՝ ոստիկանության ծառայողներից, որոնք իրար փոխարինել են 2 ժամը մեկ։ ՌՈ խմբի ղեկավարը եղել է ինքը, ոստիկաններինը՝ Զախար Մինասյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք տեղակայվել են աղբյուրի մոտ՝ ճանապարհի երկու կողմում՝ քողարկված վիճակում, իսկ հերթափոխն ավարտած խումբը հանգստացել է բաց տարածության մեջ կայանած իրենց մեքենաներում՝ ծառերի տակ։ Զորքի՝ ճանապարհը ոտքով շարունակելու հրահանգի մասին վկան մյուսներին չի հայտնել Դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանական հենակետ է եկել Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)․ «Մեքենայով է եկել, ում հետ՝ չեմ կարող ասել, ասաց՝ վաղը լուսադեմին զորքը գալու է՝ խնդիր կատարելու, տեղյակ եղեք, որ չխոչընդոտեք անցնել։ Թե կոնկրետ ինչ զորք է եղել, քանի հոգի է գալու, ուր է գնալու, ինչ խնդիր է կատարելու, ես տեղյակ չեմ, նույնիսկ եթե ասել է, չեմ հիշում, ասել է՝ գալու են, աղբյուրի մոտ իջնեն, ոտքով գնան»,– պատմեց վկան։ Հարցին, թե ինչպե՞ս պիտի հասկանային՝ կոնկրետ որ ավտոբուսներին, ում պիտի թողնեին անցնել, վկան հստակ պատասխան չտվեց, նշեց՝ գիտեին, որ ուրիշ անձնակազմ չէր գալու խնդիր կատարելու։ Ի պատասխան մեղադրողի մյուս հարցին, թե այդ խոսակցությանը ով է ներկա եղել, վկան հիշատակեց միայն Զախար Մինասյանին՝ նշելով, որ նա ընթացքում է միացել խոսակցությանը։ Արձագանքելով այն դիտարկմանը, որ Զախար Մինասյանը դատարանում ցուցմունք է տվել, որ տեղյակ չի եղել, որ ավտոբուսները պիտի կանգնեին՝ վկան ասաց, որ խոսակցության այդ հատվածում նա դեռ եկած չի եղել։ Սկզբում նշեց՝ չի հիշում՝ ինքն այդ մասին Մինասյանին հայտնել է թե ոչ, ապա ասաց՝ ոոչ։ Տեւական ժամանակ մեղադրողը փորձում էր հասկանալ, թե ինչու ոչ։ Վկայի պարզաբանումն այն էր, որ Վարդան Ալեքսանյանի հրամանը, ըստ էության, զորքի անցումը չխոչընդոտելն էր, բայց ավտոբուսների, տեխնիկայի անցումը արգելելու ուղիղ հրաման չի եղել։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը – Խնդրի քննարկում չի՞ եղել՝ որտեղ են ավտոբուսները կանգնելու․․․ – Ոչ, խնդրի կատարման մանրամասները պարտադիր չէ՝ անցակետի ծառայողը իմանա։ – Էական չէ՞ ավտոբուսներով պիտի թողնեիք թե առանց։ – Էականն այն է, որ գալու է, անցնի, բայց մեքենայով թե ոտքով՝ էական չէ, որովհետեւ իմ իմանալով, Ալեքսանյանի ասելով՝ հանք պիտի գնային, [ոչ թե Զանգելան]։ – Ինչո՞վ պիտի գնային, խնդիրը դրանում է։ – Դե, ինձ ասաց՝ մենք թողնենք, գնան, բայց գուցե խնդիր է փոխվել, մենք տեղյակ չենք եղել։ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ զրույցից հետո իր հետ հերթապահող 4 ոստիկաններին փոխանցել է հրամանի մասին, ասել՝ զորք է գալու, անցնի՝ դարձյալ չկոնկրետացնելով, որ գալու է, կանգնի, ոտքով անցնի։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը փորձեց հասկանալ՝ Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը Անդրանիկ Մակարյանի կամ վերադաս այլ հրամանատարի հետ վկան քննարկե՞լ է։ Վերջինս բացասական պատասխանեց․ – Շատ է եղել, որ Ալեքսանյանի կամ այլ անձի միջոցով է հրահանգ տրվել։ – Վարդան Ալեքսանյանը Ձեզ վերադա՞ս էր։ – Իմ հասկանալով՝ այո, կոնկրետ չեմ հիշում՝ ինչ պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձնից կոչումով բարձր էր, բացի այդ, արագ արձագանքման շտաբի հրամանատարական կազմի մեջ էր մտնում։ Մեղադրողի հարցը, թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, մնաց անպատասխան։ Վկան չէր հիշում՝  խորհրդակցության ժամանակ Ալեքսանյանին կցվելու, ենթակա լինելու հրահանգավորում եղել է թե ոչ։ – Ալեքսանյանը ինքնապաշտպանական խորհրդի նախագահի տեղակալն էր, տեղյա՞կ եք՝ ինքնապաշտպանական ջոկատ ինչ է նշանակում։ – Զինված ուժերում նման ջոկատ չի լինում։ – Եթե գիտեք, որ չի լինում, որտեղի՞ց այն տվյալը, որ Ձեզ վերադաս է եղել։ Կարո՞ղ էր զինվորական չհանդիսացող անձը ղեկավարել զինվորական ստորաբաժանմանը, նման կոնցեպտով դեպք Ձեր առնվազն 20-ամյա պրակտիկայում հանդիպե՞լ եք։ – Երբ պատերազմի ժամանակ մոբը հավաքվում է, բոլորը դառնում են զինվորական,– կարծիք հայտնեց վկան։ Զորքը անցակետ է հասել վկայի հանգստի ժամին Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արմեն Հովհաննիսյանի խումբը հերթապահել է 2-4 ընկած ժամանակահատվածում։ Ժամը 4-ից հերթափոխը ընդունել է ոստիկանության անձնակազմը, իսկ իրենք գնացել են՝ հանգստանալու (ճանապարհից 5 մ հեռավորության վրա)։ Ժամեր անց, երբ Քիմիկների զորախումբը հասել է անցակետ, Հովհաննիսյանը քնած է եղել։ – Երբ զորախումբը եկել է, որտե՞ղ եք եղել։ – Մեքենայի մեջ քնած եմ եղել, հոգնածության պատճառով չեմ զգացել, արթնացել եմ կրակոցների ձայնից,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրաձգային զենքեր էին, պայթյունների ձայներ, որոնք ինտենսիվ տեւել են մոտ մեկ ժամ։  – Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն արթնացրել, հրահանգավորե՞լ էիք, որ արթնացնեին։ – Ոչ։ Վկա Արմեն Հովհաննիսյանը Այդ ժամանակ վկան նկատել է, որ ավտոբուսներից մեկն է հետ եկել, արագ, խառնված անցել, չի էլ կանգնել։ Հարցին՝ իրենք ինչո՞ւ չեն կանգնեցրել, գուցե հակառակորդի անձնակազմն էր ներսում, վկան պատասխանեց՝ նախ մարդ չկար, միայն վարորդն էր, հետո էլ ինքը հասկացել է, որ նույն ավտոբուսն է, որով տղաներին տարել էին։ – Որ ավտոբուսը եկավ, անցավ, ի՞նչ արեցիք։ – էնքան խառն էր, որ ոչ մի բան, լարված մյուս կողմի վրա էինք․․․ – Դիտարկո՞ւմ էիք անում։ – Ճանապարհի վրա, որ թշնամին չգար։ Դրանից հետո, ըստ վկայի, ժամանել է ինքնապաշտպանական ջոկատից ոմն գնդապետ Արարատ Մանուչարյան եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի միասին գնան քիմիկների մոտ։ – Նպատակը ո՞րն էր։ – Ասաց՝ մտնեմ էնտեղ, որ տեսնեմ զորքը ոնց է, սկսեմ օգնել, խնդիր կատարել, ես իմ տղաներին չուղարկեցի, անձամբ գնացի, մտանք, հասանք առաջին տների մոտ, մեր վրա սկսեցին կրակել նռնականետով, դիրքավորվեցինք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում, բայց թշնամին չէր երեւում։ Էդտեղ Մանուչարյանն ասեց՝ հետ ես գնում, չես թողնում՝ զորք գա, որ անտեղի չընկնի ծուղակի մեջ, ես օպերատիվ վիճակը հասկանամ։ Դրանից հետո վկան վարորդի հետ վերադարձել է, շարունակել ծառայությունը իր անցակետում։ Մոտ 3 ժամ անց եկել է նաեւ Վարդան Ալեքսանյանը, հետաքրքրվել, թե ուր է Մանուչարյանը։ Իմանալով, որ գնացել է զորքի ուղղությամբ, գնացել է նրա հետեւից։ Դրանից 2 ժամ հետո երկուսով միասին վերադարձել են։ – Զանգելանից ո՞վ է առաջինը դուրս եկել (նկատի ունի՝ վերադարձող քիմիկներին,–հեղ․)։ – Սկզբից խմբով եկան, հետո սկսեցին անհատական գալ, խառնված էին, թրջված, գետով էին եկել, պատմում էին, որ ընկել են ծուղակի մեջ, մի կերպ դուրս եկել։ – Սպա կա՞ր,– հարցրեց մեղադրողը՝ ըստ ամենայնի, ակնարկելով զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին։ – Չեմ հիշում, էնքան խառն էր, էդ օրն էլ, հաջորդ օրն էլ դեռ դուրս են եկել։ – Հարցրի՞ք՝ ինչ եղավ, ինչի եղավ այսպես։ – Իրենք էնքան խառնված էին, ոչ կարողանում էին խոսել․․․ – Հարցրի՞ք՝ վիրավոր կամ թաքնված զինծառայողներ դեռ կա՞ն։ – Եկողները ասում էին՝ մենք էլ չգիտենք։ Վկայի անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին Դատական նիստի ավարտին վկային հարցեր հղեցին նաեւ տուժողների իրավահաջորդները, պաշտպանական կողմի հարցերին հերթը այդպես էլ չհասավ։ – Զորքը որ գնացել է, մեջը՝ բավականին էրեխեք, տղա էրեխեք, հրամանատարորեն–ոչ հրամանատարորեն չե՞ք հետաքրքրվել՝ ինչ է լինելու էնտեղ, եթե գիտեիք, որ Զանգելանը գրավված է։ Զուտ մարդկային առումով Ձեր քներակը իրար չի՞ եկել, թե ինչ կարող էր էդտեղ լինել։ Ինչ–որ գործողություն, մեկին հարցնել, Արսենին տեսնել․․․ Որ ասում եք՝ զորքը հետ է եկել, ես՝ անգրագետ, Դուք՝ խելացի զինվորական, զորք ասելով՝ ես հասկանում եմ 8-ից ավելի, ասացիք՝ երեկոյան են դուրս եկել, ո՞նց է երեկոյան դուրս եկել Արսենը, եթե իր հետի տղերքը ցերեկն են դուրս եկել, նրանք, ովքեր չեն մասնակցել մարտական գործողությանը, մի հատ էլ հասցրել են նկարվել են,– հարցրեց անհետ կորած զինծառայողներից մեկի կինը։ Դատավոր Սարգիս Դադոյանը Դատավորը վերաձեւակերպեց հարցը՝ ասելով, որ տվյալներ կան, որոնց համաձայն՝ մեծամասնությունը ցերեկային ժամերին է դուրս եկել։ – Ես Արսենին չեմ տեսել, իսկ տղաները տարբեր ճանապարհներով են եկել, ես մեր մոտով եկածներին եմ տեսել, բայց չեմ կարող անուններով նշել։ Հիմնականը մթնշաղով են եկել։ –Լավ, հաջորդ հարցը։ Իմացաք, որ մարտական գործողություններ են, Դուք ներկա եք եղել, քար չեք, որ կորեիք, բանական մարդ եք, Ձեր աչքերն էլ տեսնում են։ Տեսե՞լ եք՝ Մակարյանի գլխավորությամբ, ինչ–որ ուրիշ զինվորականի գլխավորությամբ ինչ–որ գործողություններ եղե՞լ են, որ գնան էդ էրեքխի հետեւից, տեսնեն՝ ինչ եղավ, ինչ արեցին։ Հստակ, զինվորական, մարտական պատրաստված գործողություն եղե՞լ է, ոչ թե Ձեր [ասածի] նման՝ «գնամ, տեսնեմ՝ ինչ է եղել»։ Հստա՛կ պատասխան [տվեք], որեւէ զինվորականի անունով, ամեն ինչով` հաջորդ օրը, նույն օրը, մի ժամ հետո։ Ձեր մոտով ինչ–որ մեկը գնացե՞լ է։ Մինչ վկան կպատասխաներ, կինը ավելի զայրացավ․ –Ձեր չհիշելու հետ կապված հիմա որ ասեմ, կասեք՝ վիրավորանք․ բանական մարդը կենդանուց ինչո՞վ է տարբերվում, հստակ հարց եմ տալիս։ Հստակ մի հատ բառ, ասեմ՝ հիշողությունով, բանականությամբ։ Մի՛ ասեք՝ չեմ հիշում, դուք անասուն չեք, որ չեք հիշում, երկրորդն էլ, պարտավոր եք հիշելու։ Ձեր անփութության պատճառով ես էսօր լիքը–լիքը խնդիր ունեմ աշխարհի հետ, իմ էրեխու հետ, իմ ամուսնու հետ, ամեն ինչի հետ։ Դատավորը փորձեց հանդարտեցնել դահլիճում գտնվողներին, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ պա՞րզ էր հարցը։ – Պարո՛ն դատավոր, գործողություններ եղել են, բայց ես էսօր անտեղի մարդկանց անուններ հո չե՞մ կարող տալ, եթե չեմ հիշում։ – Օգնության մասին ի՞նչ տեղեկություններ գիտեք։ – Էդ անցակետով մինչեւ Մանուչարյանի, Ալեքսանյանի հետ գալը այլ անձ, այլ խումբ չի գնացել օգնության, իրենցից հետո գնացել են, բայց ով էր, կոնկրետ չեմ կարող հիշել։ Նույն օրը չի եղել։ Կարողա ուրիշ տեղով եղել է։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 26-ին։   Միլենա Խաչիկյան
22:27 - 30 հոկտեմբերի, 2024
Ճամբարակի համայնքապետին առնչվող ընկերությունը հաղթում է համայնքապետարանի գնումներում

Ճամբարակի համայնքապետին առնչվող ընկերությունը հաղթում է համայնքապետարանի գնումներում

Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին առնչվող «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնումներում։ Իսկ համայնքապետի հայրը չի հայտարարագրել իրեն պատկանող շինտեխնիկան, որը վարձակալությամբ տվել է այդ ընկերությանը։ Մինչև վերջերս Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի պաշտոնական կենսագրության մեջ կարող էիք կարդալ, որ նա 2014 թ․ հիմնադրել է  «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն։ Համայնքապետի հիմնադրած ընկերությունը ակտիվ մասնակցում և հաղթում է Ճամբարակի պետական գնումներում։ Վերջին 6 տարում համայնքապետարանն ընկերության հետ կնքել է ավելի քան 479 մլն դրամի 19 պայմանագիր: 2018 թվականից սկսած՝ «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն Ճամբարակում իրականացրել է համայնքի բնակավայրերի ճանապարհների հարթեցման, փոսալցման, մանկապարտեզներից մեկի վերանորոգման, ջրամբարների նորոգման և նոր ջրագծի կառուցման, ներքին ցանցի ջրամատակարարման համակարգի վերակառուցման և շինարարական այլ աշխատանքներ։   Ըստ գնումների էլեկտրոնային համակարգի տվյալների՝ 2018-2024 թթ․ ընթացքում  Ճամբարակի համայնքապետարանը իրականացրել է 195 գնման ընթացակարգ, որից 41-ին «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել, իսկ 19-ում ճանաչվել հաղթող մասնակից։ Միևնույն ժամանակ, համակարգի «Պայմանագրեր» բաժնում հրապարակված է սույն ընկերության և Ճամբարակի համայնքապետարանի միջև կնքված ընդամենը 7 պայմանագիր։ Համայնքապետարանից խնդրել էինք տրամադրել չհրապարակված պայմանագրերը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից նշել են․ «Տեխնիկական պայմաններից ելնելով՝ «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի մի մասը դեռևս չի տեղադրվել www.armeps.am  համակարգում, որի գործընթացը ընթացքի մեջ է։ Ինչ վերաբերում է նշված 14 ծածկագրերով մրցույթների պայմանագրերը տրամադրելու վերաբերյալ, ապա դրանց, ծավալուն լինելու պատճառով, կարող եք ծանոթանալ Ճամբարակի համայնքապետարանում»։ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ գնման պայմանագիր կնքելուց յոթ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գնման գործընթացի մասին լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն: Ֆինանսների նախարարությունից մեզ հայտնեցին, որ այդ հաշվետվությունը ենթադրում է նաև, որ պայմանագրերը պետք է գնումների էլեկտրոնային համակարգ ներբեռնվեն։  Համայնքապետարանը «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի հետ վերջին անգամ պայմանագիր է կնքել այս տարվա սեպտեմբերի 20-ին՝ 61․2 մլն դրամով։ Ըստ պայմանագրի՝ «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն «Վիռա» ՍՊԸ և Ճամբարակի ՃՇՇՁ-ի հետ համատեղ պետք է իրականացնի Ճամբարակ քաղաքի Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամուրջի վերանորոգման աշխատանքներ։  «Վիռա» ՍՊԸ-ի հիմնադիրը Ճամբարակի համայնքի ավագանու նախկին անդամ Թաթուլ Դումանյանն է։ Նրա մահվանից հետո ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնում է կինը՝ Նարինե Հարությունյանը։  Այս ընկերությունն էլ 2018-2024 թթ․ մասնակցել է համայնքի իրականացրած գնման 195 ընթացակարգերից 25-ին, որոնցից 12-ում հաղթող է ճանաչվել՝ կնքելով ընդհանուր մոտ 250 մլն դրամի պայմանագրեր։   Համայնքապետը չի էլ հիշում՝ ում է օտարել ընկերությունը. ենթադրում է Ճամբարակի աշխատակազմի քարտուղարը «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այժմ միակ մասնակիցը և տնօրենը Նվեր Նադարյանն է։ Ոչ կազմակերպության նախկին մասնակիցների,  ոչ իրական շահառուների ցանկում Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի անունն առկա չէ։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը նշեց, որ այդ ընկերությունը կապ չունի համայնքապետի հետ։ Հարցին, թե այդ դեպքում ինչու է համայնքապետն իր կենսագրական տվյալներում նշել, որ հիմնադրել է մի ընկերություն, որի հետ կապ չունի, աշխատակազմի քարտուղարը պատասխանեց․  «2017 թվականից, ինչ համայնքի ղեկավար է ընտրվել, միգուցե դրանից առաջ հիմնադրել է, բայց դրանից հետո փոխկապակցված չի եղել, միգուցե օտարել է, բայց փայ ու մասնաբաժին չունի ընտրվելուց հետո։ Ինքը երբեք էլ ընկերության իրական շահառու չի հանդիսացել, ընկերության տվյալներում գործադիր տնօրեն, մասնակիցներ, բոլորն այլ մարդիկ են, հաշվետվություններում էլ կարող եք տեսնել։ Դե, հավանաբար, օտարել է ընկերությունը և դրանից հետո նույնիսկ չի էլ հիշում, թե ում է օտարել, ընդամենը հիմնադրել է, և դրանից հետո որևէ փոխկապակցվածություն չունի ընդհանրապես»։ Աշխատակազմի քարտուղարի հետ զրույցից հետո, համայնքապետի՝ ընկերություն հիմնադրելու մասին տեղեկությունը հեռացվեց կայքից։ Ճամբարակի համայնքապետի պաշտոնական կենսագրության մեջ տեղի ունեցած փոփոխությունը տեսնելու համար գծիկը տեղաշարժեք ձախ, այնուհետև աջ։Ավելի ուշ՝ սեպտեմբերի 11-ին, այս թեմային առնչվող մեր գրությանը պատասխանեց ինքը՝ համայնքապետ Վազգեն Ադամյանը. «Ճամբարակ համայնքի պաշտոնական կայքում նշված գրառումը, որ իբրև ես եմ հիմնադրել «Շինտեխնիկա» ՍՊԸ-ն, իրականության հետ կապ չունի: Կատարված գրառումը տեխնիկական սխալի արդյունք է եղել, որը հետագայում շտկվել է»։ Նշենք, որ նույն «տեխնիկական սխալը» կարծես թե ի հայտ է եկել նաև Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում, քանի որ համայնքապետի՝ ընկերություն հիմնադրելու մասին տեղեկությունն առկա է նաև մարզպետարանի կայքի՝ «Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարի մասին» ենթաբաժնում։ Բացի համայնքի պաշտոնական կայքում տեղադրված, իսկ հետո հեռացված տեղեկությունից՝ համայնքապետի և «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի միջև կապի մասին է փաստում ևս մի հանգամանք։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում, առկա է համայնքապետի հոր՝ Արարատ Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող շինարարական մեքենայի տեխանձնագրի կորստի մասին մի հայտարարություն։ «2022 թվականի սեպտեմբերին Վազգեն Ադամյանի հոր՝ Արարատ Ադամյանին պատկանող էքսկավատորը Վարդենիսում մնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածքում  և այդպես էլ կորում է»,- մեզ հետ զրույցում պատմեց Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանը։ Հայտարարության մեջ նշված է Վազգեն Ադամյանի հոր բնակության հասցեն (համընկնում է համայնքապետի բնակության հասցեին), հեռախոսահամարը և  [email protected] էլ․հասցեն։  Այս նույն էլ. հասցեն նշված է նաև Ճամբարակ համայնքի գնումներին «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի ներկայացրած 3 հայտերում։ Մեր հարցին, թե ինչպես է ստացվել, որ նույն էլեկտրոնային հասցեն կիրառում են թե՛ իր հայրը, թե՛ «իր հետ կապ չունեցող» ընկերությունը, համայնքապետը պատասխանեց․ «Իմ հորը՝ Արարատ Ադամյանին պատկանող շինարարական տեխնիկայի տեխանձնագրի կորստյան վերաբերյալ հայտարարության մեջ նշված էլփոստի հասցեն նշված է «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի հասցեն, քանի որ նախկինում տվյալ տեխնիկան վարձավճարով շահագործվել է «Շինտեխնիկա» ՍՊԸ-ի կողմից»: Վազգեն Ադամյանին խնդրեցինք տրամադրել ընկերությանը տրամադրված շինտեխնիկայի վարձակալության պայմանագրերը։ Համայնքապետը պատասխանեց, որ իր հորը պատկանող տեխնիկան «Շինտեխնիկա» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է շուրջ 8 տարի առաջ, և այժմ հնարավոր չէ ճշտել՝ այդ շինտեխնիկան ինչ գումարի դիմաց է աշխատել և ինչքան ժամանակով, որովհետև փաստաթղթերը չեն պահպանվել։ Հատկանշական է, որ նշված շինտեխնիկան համայնքապետի հայրը չի հայտարարագրել 2022 թվականի իր տարեկան հայտարարագրում, իսկ  2021 թվականի հայտարարագիրը նա չի ներկայացրել։    Համայնքապետի հայրը իր տարեկան եկամուտները գերազանցող արժեքով ավտոմեքենա է գնել Ճամբարակի համայնքապետի հայրը՝ Արարատ Ադամյանը, 2023 թվականին 8 մլն դրամ արժողությամբ  Տոյոտա մակնիշի ավտոմեքենա է գնել՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 2․6 մլն դրամ եկամուտ։ Արարատ Ադամյանը 2023 թվականի դրությամբ չի ունեցել նաև բանկային ավանդներ և այլ դրամական միջոցներ։ Այսինքն՝ նրա գնման 6.4 մլն դրամը հայտարարագրված եկամուտներով չի հիմնավորվում։ Համայնքապետ Վազգեն Ադամյանին հարցրինք, թե ինչպես է իր հայրը գնել ավտոմեքենա, որն, ըստ վերջինիս հայտարարագրած եկամտի, չէր կարող գնել։ Համայնքապետը պատասխանեց, որ ավտոմեքենայի արժեքի մեծ մասը վճարվել է իր գործարար եղբոր՝ Պավլիկ Ադամյանի կողմից, իսկ մի մասը ընտանիքի՝ նախկին տարիներից գոյացած խնայողությունների հաշվին։  Սակայն նախկին տարիների խնայողությունները, եթե չեն ծախսվել և առկա են եղել նաև 2023 թվականին, պետք է արտահայտված լինեին Վազգեն Ադամյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում՝ բանկային հաշիվների մնացորդների, առկա կանխիկի, բանկային ավանդների կամ հանձնված փոխառությունների ձևով։ Մենք ուսումնասիրեցինք նաև Վազգեն Ադամյանի, նրա կնոջ և մոր 2023 թվականի տարեկան հայտարարագրերը, որտեղ վերոնշյալ դաշտերում հայտարարագրված միջոցներ առկա չէին։  Ավելին՝ համայնքապետի եղբոր՝ ավտոմեքենայի համար վճարած գումարը պետք է արտացոլված լիներ համայնքապետի հոր՝ Արարատ Ադամյանի 2023 թվականի հայտարարագրի եկամուտներում՝ որպես որդուց ստացած նվիրատվություն։ Նման նշում, սակայն, հայտարարագրում առկա չէ։ Նշենք նաև, որ համայնքապետի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մեր հարցման հիման վրա իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերելով օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայտարարագրեր չներկայացնելու փաստեր՝ գրավոր ծանուցումներ է ուղարկել Վազգեն Ադամյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ըստ դրանց՝ Վազգեն Ադամյանը և նրա ընտանիքի անդամները չեն ներկայացրել 6 հայտարարագիր։ Ծանուցումներից հետո ևս հայտարարագրերը չեն ներկայացվել, ինչի արդյունքում Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և փոխանցվել Վարույթների և իրավական ապահովման վարչություն՝ գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սուսինա Խաչատրյան
19:48 - 30 հոկտեմբերի, 2024
Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը

Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը

Ես՝ Գեղամ Ասատրյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես երդվելով սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի հարցաքննությունը։ Նա որպես վկա է դատակոչված պատերազմի ժամանակ իր հրամանատարին՝ Հովիկ Գաբրիելյանին առնչվող գործի շրջանակում։  Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գեղամ Ասատրյանը, սակայն, ճշմարտությունն ամբողջությամբ չէր մտաբերում եւ հարցերին հիմնականում պատասխանում էր «չգիտեմ, չեմ հիշում, կարող էր լինել» եւ նման այլ բառերով։ Վկան դատարանին նախ հայտնեց, որ ամբաստանյալ Գաբրիելյանին ճանաչում է, բայց նրա հետ հարաբերություններ չունի՝ ոչ թշնամություն, ոչ բարեկամություն։ Բանն այն է, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է Ասատրյանը նշանակվել Գաբրիելյանի տեղակալ, մինչ այդ նա տասը տարի ծառայության չի եղել, վերականգնվել է 2020թ․ սեպտեմբերի 1-ին։  Զորամասի հրամանատարի տեղակալը չի մտաբերում՝ զորքը հոկտեմբերի 4-ին, թե 5-ին է Ջաբրայիլից նահանջել Հադրութ Ասատրյանը հիշեց, որ սեպտեմբերի 27-ին զորամասը տագնապով տեղափոխվել է Ջրականի/Ջաբրայիլի շրջանի Բանաձորի հատված՝ երկրորդ գիծ։ Հրամանատարի պարտականություններն այդ ժամանակ կատարել է Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Կոլյա Դավթյանը, իսկ Գաբրիելյանը մի քանի օր հետո է միացել զորքին (Հովիկ Գաբրիելյանը պատերազմի սկսվելու ժամանակ «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում)։ Վկան մտաբերեց, որ հրամանատար Գաբրիելյանից նահանջի հրաման է ստացել, բայց օրը հստակ չհիշեց՝ հոկտեմբերի 4 կամ 5, գիշերվա ժամի, զորքը Բանաձորից Հադրութ է քաշվել։ Վկան հստակ չէր հիշում, թե զորամասն ինչ ստորաբաժանումներից է կազմված եղել, քանի զինծառայող է ունեցել։ Մոտավոր հիշեց, որ զրահատանկային 3 գումարտակ է եղել, հրետանային գունդ, հետախուզական գումարտակ, բայց չհիշեց՝ այդ ստորաբաժանումները ամբողջությամբ համալրվա՞ծ են եղել, թե՞ թերի։ Պատճառաբանեց, որ նոր էր այնտեղ, դեռ տեղյակ չէր։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը վկայից հետաքրքրվեց, թե որտեղով է անցել 1-ին բանակային կորպուսի բնագիծը։ Ասատրյանը պատասխանեց «երեւի»-ով՝ Հորադիզից մինչեւ Ֆիզուլի։ Բայց հստակեցրեց, որ իրենց պաշտպանության շրջանը եղել է Բանաձորի խաչմերուկից 3-5 կմ առաջ։ Նրա խոսքով՝ առաջին եւ երկրորդ բնագծերը իրարից հեռու պետք է լինեն 10-15 կմ, եւ երբ հանրային մեղադրողը ճշտող հարց տվեց՝ այսինքն՝ երբ զորքը մշտական տեղակայման վայրից դուրս է եկել եւ բնագիծ զբաղեցրել, նշանակում է՝ հակառակորդն առնվազն 15 կմ առա՞ջ է եղել, վկան ասաց՝ կարող է մի քիչ քիչ, կարող է՝ մի քիչ շատ։ Խրամատները հին են եղել, մաքրելու կարիք են ունեցել, իսկ բահերը քիչ են եղել Հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե իրենց զբաղեցրած բնագիծն ինչ կահավորում է ունեցել։ Վկան պատասխանեց՝ սովորական, խրամատները փորված են եղել։ Միաժամանակ նա ասաց, որ անձրեւների պատճառով դրանք ջրով ու ցեխով են լցված եղել եւ մաքրելու կարիք ունեցել։ Ըստ նրա՝ զորքն ունեցել է բահեր, բայց այնպես չէ, թե դրանք բավարար են եղել․ - Որեւէ պակասի դեպքում դիմել ե՞ք 1-ին բանակային կորպուսի հրամանատարությանը, որ անհրաժռշտ միջոցներով ապահովեն,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Ես չեմ դիմել, դա իմ գործը չի եղել, չգիտեմ՝ ուրիշը դիմել ա, թե չէ։ - Իսկ անհրաժեշտությունը եղե՞լ ա։ - Միշտ էլ անհրաժեշտություն լինում ա։ Այս պատասխանից հետո դատավոր Վարդգես Սարգսյանը վկային դիտողություն արեց՝ հարցերին պատասխանել ոչ թե տեսականորեն, այլ ըստ էության եւ հստակ։ Դատավորը հարցրեց՝ մինչեւ բնագծից նահանջելը՝ ինչ կարիքներ են ունեցել եւ արդյոք սպառազինության գծով պատասխանատուներ եկե՞լ են՝ հարցնեն՝ ինչի անհրաժեշտություն կա։ Վկան պատասխանեց, որ բահի, քլունգի եւ այլնի անհրաժեշտություն եղել է։ Ասաց, որ ինքն է նկատել՝ հին փորված խրամատներ են եղել, ժամանակի ընթացքում լցվել են, դրանք մաքրելու կարիք է եղել, այլ պակաս բաներ էլ են եղել, բայց չէր հիշում՝ դրա համար որեւէ մեկը դիմե՞լ է պատասխանատու անձանց, թե ոչ։ Վկան պնդում է, որ զորամասը մոբով համալրվել է, բայց ինքը տեսել է միայն վարորդների Հանրային մեղադրողի հստակ հարցին՝ զորամասը մոբով համալրվե՞լ է, վկա Ասատրյանը հստակ պատասխան տվեց՝ այո։ Հետագայում, սակայն, նա ասաց, որ ինքը միայն վարորդներին է տեսել․ - Մի երեք օր հետո մոբն ա եկել, բայց շոֆերները շուտ են եկել, զինամթերքը բարձել են իրենց ավտոները, եկել,- ասաց վկան։ - Մոտ քանի՞ հոգի է եղել մոբի անձնակազմը,- հարցրեց մեղադրողը։ - Քանակը չգիտեմ, շոֆերների քանակը գիտեմ, որ 11-12 մեքենա ա եղել։ Հետագայում, երբ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը մոբի մասին նույն հարցը տվեց, վկան դարձյալ պատասխանեց, որ ինքը վարորդներին է տեսել։ Ըստ վկայի՝ զորքը հակառակորդի հետ ուղիղ առճակատում չի ունեցել Վկա Գեղամ Ասատրյանը, պատասխանելով հանրային մեղադրողի հարցին, ասաց, որ մինչեւ ենթադրյալ նահանջը հակառակորդի հետ ուղիղ առճակատման մեջ չի եղել։ Նա ասաց, որ ի սկզբանե իրենց առաջ եղել են յուրային ստորաբաժանումներ, մոտավոր հիշեց, որ 2 թե 3 գումարտակ է եղել, ասաց՝ մեր կորպուսից երեւի։ Ասատրյանի խոսքով՝ իրենց բնագիծը պատերազմի սկսվելուց մոտ մեկ շաբաթ հետո է դարձել առաջնագիծ, Հովիկ Գաբրիելյանի վերադառնալուց մոտ 2-3 օր հետո․ - Մինչեւ առաջնագիծ դառնալը՝ ձեր զորամիավորումից ուժեր ուղարկվե՞լ են այլ ստորաբաժանման օգնության,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ - Ի՞նչ ուժեր են ուղարկվել, քանի՞ հոգի։ - Ականանետային մարտկոցը։ 7 մեքենա ա եղել, երեւի մի քսանքանի հոգի, տենց տոչնի չեմ կարա ասեմ։ - Ո՞ւմ են օգնության գնացել։ - 25-րդ գումարտակին։ - Էդ ուժերը տեղ հասե՞լ են, թե՞ ոչ։ - Տեղ հասնելուց պես բացազատվելու պահին ինքնաթիռները ռմբակոծել են, 2 զոհ ենք ունեցել։ Վկայի խոսքով՝ 25-րդ գումարտակն իրենցից 7-10 կմ է հեռու եղել։ Նա հիշեց, որ մինչ 25-րդ գումարտակին օգնություն ուղարկելը՝ իրենց զորքը բնագծում ռմբակոծության տակ հայտնվել է եւ 2 զոհ ու 1 վիրավոր ունեցել։ Մինչ ենթադրյալ նահանջը այլ զոհեր չեն ունեցել։ Վկան չհիշեց, թե իրենց զբաղեցրած դիրքից աջ եւ ձախ ինչ ուժեր են տեղակայված եղել, կրկին մոտավոր ասաց՝ կորպուսից ուրիշ զորամաս։  Ասատրյանը ճշգրիտ չհիշեց՝ որքան սպառազինություն են ունեցել իրենց տրամադրության տակ եւ Հովիկ Գաբրիելյանի գալու օրը դրա քանի տոկոսն են սպառել, բայց ասաց, որ ինչ սպառել են, բերել լրացրել են։ Ըստ նրա՝ հրաձգային զենքերից կրակ չեն վարել, քանի որ հակառակորդն այդքան մոտ չի եղել, հետեւակի մարտական մեքենաներից են կրակ բացել, խոցվածները լրացրել են։ Նա ասաց, որ մինչեւ Հովիկ Գաբրիելյանի գալը սպառազինության խնդիր չեն ունեցել, հաստիքով ինչ հասանելիք եղել է, ունեցել են։ Զորքը համարված է եղել նաեւ ֆագոտով, որը համալրված է եղել արկերով։ Աստարյանը հիշեց, որ 4 հատ են կրակել, բայց թիրախը չեն խոցել։ Ասատրյանի կարծիքով՝ պատճառը հեռավորությունն է եղել։ Այնինչ մեղադրյալ Գաբրիելյանն այդքան էլ այդ կարծիքին չէ։ Երբ նա հարցեր էր տալիս վկային, նաեւ ասաց՝ կարո՞ղ է ոչ թե չի հասել թիրախին, այլ կողքին է ընկել։ Գաբրիելյանը նաեւ նշեց, որ ֆագոտով 6 արկ է արձակվել, ոչ թե 4։ Հանրային մեղադրողը եւս մեկ անգամ ճշտող հարց տվեց՝ մինչեւ բնագծից նահանջելը որեւէ տեսակի սպառազինության պակաս ունեցե՞լ է զորքը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Սպառազինության պակասի մասին հարցերն, ըստ էության, կապ ունեն այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը պնդում է՝ մինչեւ նահանջ անելը վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, որ զորքն ի վիճակի չէ դիմակայել հակառակորդին, օգնություն է խնդրել, սակայն չի ստացել, դրա համար ստիպված նահանջ է արել։ Վկան հրամանատարից նահանջի հրամանը բանավոր է ստացել, պատճառը չի ճշտել Վկա Գեղամ Ասատրյանն ասաց, որ նահանջի հրամանը ստացել է Հովիկ Գաբրիելյանից՝ բանավոր։  - Ձե՞զ է տրվել հրամանը,- հարցրեց մեղադրողը։ - Բոլորիս։ Ես իրա մոտ եմ եղել։ - էդ պահին, որ հրաման տվեց դուրս գալու, ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է։ - Մեզանից հեռու թուրքեր եղել են, դիրքավորվում էին։ Ականանետային խումբ էլ կար, դիրքավորվում էին, մի խումբ էլ, երեւի հետախուզական, մեզանից երեւի 1-1,5կմ առաջ էր։ - Մինչեւ չդիրքավորվեին, չէի՞ն կարող գրոհել։ - Կարային, բայց չգիտեմ՝ ինչ էին մտածում, կային, երեւում էին։ - Հարցրե՞լ եք Հովիկ Գաբրիելյանին, թե ով է նահանջի հրաման տվել, ինչի համար։ - Ես մտածել եմ կորպուսի հրամանատարն ա տվել։ - Դուք Հովիկ Գաբրիելյանից ճշտե՞լ եք՝ ինչի հիման վրա է հրաման տալիս։ - Ոչ։ Վկա Ասատրյանը չկարողացավ պատասխանել հանրային մեղադրողի այն հարցին, թե ըստ Մարտական կանոնադրության՝ ինչ տեսակներ է ունենում նահանջը։ Մեղադրողը նշեց՝ կա երկու տեսակ, դրանցից մեկը հարկադրվածն է։ Մեղադրողը վկային հարցրեց՝ իրենց նահանջը հարկադրվա՞ծ էր, վկան պատասխանեց․ - Դե չէ, երեւի։ Որ ասել ա՝ հրամանով ա, ես էլ հարց չեմ տվել, կարող ա հրաման են տվել տեղափոխվել։ - Մարտական կանոնադրությամբ նաեւ սահմանվում է, որ թե սովորական, թե հարկադրված նահանջի դեպքում նահանջող ստորաբաժանումը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում ամրանալ էն հատվածում, որտեղ կարելի է ամրանալ։ Նահանջելուց հետո ամրացե՞լ եք որեւէ տեղ։ - Ոչ։ Էդ հարցին ես չեմ կարա պատասխանեմ։ - Իսկ դուք փորձե՞լ եք պարզել՝ լավ, կանոնադրությամբ կատարում ենք նահանջ, ինչի՞ չենք ամրանում։ - Չեմ պարզել։ Վկան չէր հիշում նաեւ՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջելուց առաջ հարեւան յուրային ստորաբաժանումներին, ինչպես նաեւ ավագ պետին հայտնե՞լ է նահանջի մասին, թե՞ ոչ։ Ասաց՝ չի լսել նման բան։ Բայց ասաց, որ ըստ կանոնադրության՝ պետք է հայտներ։ - Իսկ նման տեղեկություններ լսե՞լ եք, որ հեսա-հեսա շրջափակման մեջ եք ընկնելու,- հարցրեց մեղադրողը։ - Դե նման տեղեկություններ․․․ Թիկունքի կառավարման կետը եղել ա Ջաբրայիլի մոտ, էնտեղից հանվել ա, թիկունքն էլ մեզանից կտրվել ա։ - Ձեր թիկունքում թշնամի՞ ա եղել։ - Չէ, մեր թիկունքը որտեղ որ եղել ա, թուրքն ա արդեն հասած եղել ընդեղ, էդտեղ արդեն մերոնք առանձնացել են մեզնից։ - Հակառակորդը ո՞ր հատվածով էր ճեղքել, անցել։ - Մեզանից աջ,- ասաց վկան։ Նա, սակայն, չնշեց, թե ումից է ստացել այդ տեղեկությունը։ Միաժամանակ պնդեց, որ իրենք տեսել են հակառակորդի՝ Ջաբրայիլին մոտեցող ուժերը։ Մեղադրողը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե Ջաբրայիլին մոտեցող ուժերի մասին է, այլ բնագծի ճեղքման։ Մեղադրողը հիշեցրեց, որ Գաբրիելյանի աջ կողմում գտնվող զորքի հրամանատար Համլետ Լեւոնյանն իր հարցաքննության մեջ նշել է, որ մինչեւ հոկտեմբերի 5-ի առավոտյան որեւէ թշնամական զինվոր բնագիծը չի ճեղքել անցել։ Վկան արձագանքեց․ - Չեմ կարա ասեմ, որովհետեւ արդեն մեր աջը տանկերն անցած են եղել, բլրի վրա երեւացել են 3 տանկ, բայց իրենցից ձախ էլի եղել ա տեխնիկա ու զորք։ - Կարո՞ղ եք ասել, էդ տեխնիկայով հակառակորդը բլուր է՞ գրավել, թե՞ բնագիծն ա ճեղքել։ - Երեւի բնագիծը․․․ Ես չգիտեմ՝ բնագիծը ճեղքել են, թե չէ, էդ ժամանակ զրուցը գնում էր, որ Ջաբրայիլն արդեն գրավել են։ Եթե գրավել են, դառնում ա բնագիծը հատած։ - Բա էդ դեպքում ո՞նց կբացատրեք, որ Լեւոնյանն ասում է՝ բնագիծը չեն ճեղքել։ - Չեմ կարող ասել։ - Չգիտե՞ք՝ ումից եք ստացել տեղեկությունը, որ բնագիծ է ճեղքվել։ - Չեմ հիշում։ Նահանջից առաջ վկան լսել է, որ Ջաբրայիլը գրավված է, բայց թե ումից՝ չասաց Ողջ հարցաքննության ընթացքում վկան այդպես էլ չհստակեցրեց, թե ումից է իմացել Ջաբրայիլի գրավման մասին լուրը։ Նա նշեց, որ զինվորներից չէր կարող իմանալ, հետեւաբար, ենթադրվում է, որ հրամանատարությունից որեւէ մեկն է հայտնել այդ մասին։  Դատավորը վկային հարցրեց՝ ո՞ւմ հետ է շփվել, կապի մեջ եղել նահանջից առաջ, ումի՞ց կարող էր լսել այդ լուրը։ Ասատրյանը նախ ասաց, որ բոլորն էլ ասում էին, հետո ասաց՝ գումարտակից է եկել այդ լուրը։ Դատավորը ճշտեց՝ գումարտակի սպանե՞րն են ասել, վկան ասաց՝ չեմ կարող ասել։ Դատավորը անուններ տվեց՝ հրամանատարի տեղակալներ Կոլյա Դավթյանի՞ց, Հրաչ Ղազարյանի՞ց․ - Չեմ կարող հիշել։ - Բայց դա ի՞նչ հարց է, որ չեք կարող հիշել,- ասաց դատավորը։ - Դե չեմ հիշում։ - Այսինքն Ջաբրայիլը գրավելն այդպես սովորական երեւույթ էր։ - Դե հիմա սաղ ասում էին։ - Այդ երեքից բացի ուրիշ մարդ կարո՞ղ էր ասել (նկատի ունի հրամանատարին եւ տեղակալներին)։ - Դե չէ։ - Իսկ էդ երեքի մեջ կա՞ր մարդ, որ ասում էր՝ նման բան չկա, էս ինչ եք խոսում, հեքիաթ է, Ջաբրայիլը չի կարող գրավված լինել։ - Դե մենք էլ տեսել ենք, որ տեխնիկան գնում ա դեպի Ջաբրայիլ։ Հետագայում վկան ասաց, որ հրամանատարի ու տեղակալների՝ ներքին կապով խոսակցություններից նման բան չի լսել, բայց Հովիկ Գաբրիելյանը նաեւ վերադաս հրամանատարության հետ է կապի մեջ եղել, որը իր համար հասանելի չի եղել։ Ասատրյանը նաեւ ասաց, որ երբեւէ չի լսել, որ Հովիկ Գաբրիելյանը օգնություն խնդրի այլ ստորաբաժանումներից կամ վերադասներից, չգիտի նաեւ, թե իրենց նահանջի պատճառով ինչ է պատահել Լեւոնյանի եւ Վահագն Ասատրյանի զորքերի հետ, նահանջի հաջորդ օրը եւ նույնիսկ ամիսներ անց եւ շատ անցած էլ չի փորձել պարզել, թե ով է Հովիկ Գաբրիելյանին նահանջի հրաման տվել եւ այլն։ Ի վերջո, Ասատրյանի պատասխաններից պարզ դարձավ, որ Ջաբրայիլի գրավելու լուրը պտտվել է դեռ այն ժամանակ, երբ Ջաբրայիլը գրավված չի եղել։ Ինքը՝ Ասատրյանն ասաց, որ հետագայում իմացել է, որ նահանջի հաջորդ օրն է Ջաբրայիլը գրավվել։ Վկայի պնդմամբ՝ նահանջելուց հետո դիրքավորվելու համար խրամուղիներ չեն եղել Վկային հարցեր տվեց նաեւ մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Նա հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ տեխնիկայի կորուստը, մասնավորապես ՄԲՊ-ների՝ ցեխի մեջ մնալն ու փչանալը եղել են Հովիկ Գաբրիելյանի մեղքո՞վ (վկան ավելի վաղ նշել էր, որ եղանակն անձրեւոտ է եղել, մառախուղ ու ցեխ է եղել տարածքում)։ Ասատրյանն ասաց՝ ոչ, նշեց, որ տեխնիկան տեխնիկա է՝ կարող էր վնասվել։ - Ասացիք, որ նահանջելիս պետք է դիրքավորվեիք։ Որտեղ պետք է դիրքավորվեիք, խրամաբջիջներ, խրամուղիներ կայի՞ն կառուցված այդ տեղանում,- հարցրեց Խաչիկյանը։ - Ոչ։ - Իսկ կհասցնեի՞ք կառուցել, զորքն ի վիճակի՞ էր։ - Զորքն էդ ժամանակ լրիվ թաց էր, մոբն էլ, որ փախչում էր, հուսահատ էին։ - Այսինքն, որ հետ էիք քաշվել, էդ պայմաններում կարո՞ղ էիք պաշտպանություն իրականացնել։ - Առանց խրամուղի՝ ո՞նց։ Դատավորը վկայից հետաքրքրվեց՝ նահանջելիս ի՞նչ տարածք են գնացել մինչեւ Հադրութ քաղաք հասնելը։ Ասատրյանը պատասխանեց, որ դա լքված ու քանդված գյուղ է եղել։ Դատավորը ճշտեց՝ այդտեղ պե՞տք է խրամատ լիներ, վկան պատասխանեց՝ ոչ։ Այնուհետեւ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ իրենց ուղղությամբ գրոհի ժամանակ ինչ սպառազինություն են ունեցել, պահեստային զինամթերքը որքան հեռու է եղել, կարո՞ղ էին հրետակոծության տակ համալրել եւ այլն։ Ասատրյանն ասաց, որ մոտ 3 կմ հեռավորության վրա է եղել պահեստային զինամթերքը, եւ այո, պատերազմի ժամանակ կարող էին համալրվել։ Պատասխանելով պաշտպանի հարցին՝ նա ասաց, որ գիշերային տեսանելիության որոշ սարքեր ունեցել են, նա նշեց միայն ջերմատեսիլ սարքի առկայության մասին։ Հետագայում Հովիկ Գաբրիելյանը այս հարցը փորձեց ճշգրտել՝ հարցնելով՝ հետեւակի մարտական մեքենայի նշանառուն, հրամանատարը ունեցե՞լ են գիշերատեսիլ սարքեր, թե ոչ։ Վկան հստակ չմտաբերեց, բայց ասաց, որ նշանառուն ուներ։ Նա նաեւ չհստակեցրեց, թե որքան էր նշանոցի հեռավորությունը եւ այլ մանրամասներ, որոնք Գաբրիելյանին հետաքրքրում էին։ Ըստ վկայի՝ զորքի բարոյահեգոբանական վիճակը ծանր է եղել Պատասխանելով դատավորի հարցերին՝ վկա Ասատրյանն ասաց, որ զորքը լավ բարոյահոգեբանական վիճակում չի եղել։ Ըստ նրա՝ դրա վրա ազդել է մոբի՝ ենթադրյալ փախչելու հանգամանքը։ Դատավորը հարցրեց․ - Զորքը կաշվի վրա զգացե՞լ էր հակառակորդի գործողությունները, հակառակորդի գործողությունների արդյունքում ճնշված եղե՞լ է։ - Երեւի էլի։ - Ի՞նչ էր եղել, ԱԹՍ էր խփե՞լ․․․։ - Դե ԱԹՍ ա խփելուց եղել, Սմերչ ա խփելուց եղել։ - Քանի՞ զոհ եք ունեցել ամսի չորսին։ - Օրը չեմ հիշում, բայց մինչեւ էդ օրը ընդհանուր 4 զոհ ենք ունեցել։ - Ինչքա՞ն անձնակազմից։ - 200 քանի։ - 200 հոգու մեջ 4 զոհը պատճառ էր, որ 200-հոգանոց զորքը բարոյապես ընկճված լինե՞ր։ - Դե զոհերի պատճառով դժվար թե հուսալքված լինեն, ինձ թվում ա էդ որ հիմնականում փախնում էին, պանիկա էին գցում, դրանից էր։ - Իսկ կարող ա՞ առհասարակ զորքը հուսալքված էլ չէր, բարոյալքված էլ չէր։ - Ինձ տենց էր թվում, չգիտեմ։ Դատավորը հետաքրքրվեց՝ Ասատրյանը, հրամանատարը, տեղակալները ի՞նչ են արել զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար, քայլեր ձեռնարկե՞լ են։ Ասատրյանն ասաց, որ ինքը, որ պիտի թիկունքում լիներ, եկել, զինվորների հետ առաջնագծում է եղել։ Մյուսների մասով ասաց, որ եղել է, որ Գաբրիելյանը խոսել է զորքի հետ։ Իսկ նահանջից առաջ անմիջականորեն զորքի ոչնչացման, շրջափակման մեջ ընկնելու շոշափելի սպառնալիք եղե՞լ է, հարցրեց դատավորը։ Վկան ասաց, որ ինքը տեսանելի բան չի տեսել․ - Գուցե հաջորդ օրը կարար լիներ։ - Գուցե եւ չլիներ, չէ՞։ - Կարող է, չգիտեմ,- ասաց վկան։ Եւ հարցին՝ երբ բնագիծը լքել են, քանի՞ կմ հատված է մնացել չպաշտպանված, վկան պատասխանեց՝ 2-3 կմ։ Դատավորը հարցրեց՝ - Ձեր դուրս գալով Լեւոնյանի զորքի համար խնդիրներ կարո՞ղ էինք ստեղծվել։ - Դե բոլորի համար կարող էր։ Մեկը մեկի հետ կապված էր։ - Դուրս գալուց առաջ կամ ընթացքում, նկատե՞լ եք, որ Հովիկ Գաբրիելյանը տեղեկացնի Լեւոնյանին, որ դուրս է գալիս։ - Չեմ լսել։ - Լեւոնյանի զորքում ընկերներ ունեցե՞լ եք, կամ Վահագն Ասատրյանի զորքից, մարդիկ, որոնց հետ կապի մեջ եք եղել։ - Ոչ, մարդ չէի ճանաչում։ Դարձյալ անդրադառնալով հակառակորդին դիմակայելու համար օգնություն խնդրելու թեմային՝ դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ վերադասությունից չեն պահանջել հրետանի, ԱԹՍ-ներ, եւ այլն։ Վկան իր ենթադրությունը հայտնեց՝ վերեւները տեղյակ կլինեին։ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 8-ին։ Նշենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել, որովհետև ուղեկցող գումարտակի ծառայողները չէին ապահովել մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ներկայությունը։ Դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացրել էր, որ երբ իր աշխատակազմը փորձել է պատճառը հասկանալ, ուղեկցող գումարտակի ծառայողները պարզաբանել են, որ առավոտյան հանձնարարություն են ստացել գնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բայց քանի որ Գաբրիելյանը այնտեղ չի գտնվել, այլեւս հարկ չեն համարել այդ մասին դատարանի աշխատակազմին տեղեկացնելու, չեն գնացել նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հիվանդանոցից առաջ պահվում էր Գաբրիելյանը։ Մինչդեռ դրա նախորդ օրը դատարանը ստացել էր գրություն «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետից, ըստ որի Գաբրիելյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից 14.10.24-ին ներկայացվել է «Վարդաշեն» ՔԿՀ, այսինքն՝ ծառայողներն ի սկզբանե պետք է գնային ոչ թե հիվանդանոց, այլ «Վարդաշեն»։ «Ընդ որում, երկու օր առաջ նույն իրավիճակն ունեինք մեկ այլ գործով. ուղեկցող գումարտակի ծառայողները, գնալով «Երեւան կենտրոն» ՔԿՀ եւ պարզելով, որ մեղադրյալը այնտեղ չի գտնվում, գնացել էին «Վարդաշեն» ՔԿՀ եւ կատարել էին դատարանի հանձնարարությունը՝ ապահովելով անձի ներկայությունը»,- նշել էր դատավորը՝ ընդգծելով, որ դատարանի հանձնարարությունը կոնկրետ հասցեատեր ունի, եւ դա ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ի պետն է, այլ ուղեկցող գումարտակի ծառայողները։ Գլխավոր լուսանկարում՝ վկա Գեղամ Ասատրյանը Հայարփի Բաղդասարյան
23:23 - 29 հոկտեմբերի, 2024
Դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի մասին. ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

Դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի մասին. ԵՄ հայտարարությունը՝ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական միությունը ուշադիր հետևել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Վերջին ամիսների ընթացքում Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և իրենց երկրի եվրոպական ուղուն: Այս մասին նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) միջազգային դիտորդական առաքելության նախնական հետազոտության և եզրահանգումների համաձայն՝ «ընդհանուր առմամբ, ընտրության օրը ընթացակարգային առումով լավ կազմակերպված է եղել և կանոնավոր կերպով կառավարվել է, բայց մթնոլորտը լարված է եղել՝ կապված քվեարկության գաղտնիության և մի շարք ընթացակարգային անհամապատասխանությունների հետ, ինչպես նաև հաղորդումներ են եղել ընտրողների նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել գործընթացի հանդեպ հանրային վստահության վրա: Ընտրողների, մասնավորապես պետական ​​հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հաղորդումները շարունակում էին տարածված մնալ ընտրարշավի ընթացքում»: Ավելին՝ դիտորդները զեկուցում են անհավասար մրցակցային դաշտի, բևեռացված մթնոլորտում պառակտող քարոզարշավի և այս ընտրական գործընթացի վրա վերջին օրենսդրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ զգալի մտահոգությունների մասին: «Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ կերպով հետաքննելու և լուծելու ընտրական խախտումները և դրանց առնչվող մեղադրանքները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն և լուծվեն։ Դա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ ԵՄ-ն սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին և առաջարկություններին, որոնք պետք է հնարավորինս արագ իրականացվեն»,- նշված է համատեղ հայտարարության մեջ: ԵՄ-ից հայտնում են նաև, որ կառուցողական և ներառական երկխոսությունը քաղաքական ողջ սպեկտրում այժմ առաջնային նշանակություն ունի. «Եվրոպական խորհրդի հոկտեմբերի 17-ի եզրակացություններով ԵՄ-ն կոչ է արելՎրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ համաձայն եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքների»: Այս համատեքստում ԵՄ-ն հիշեցնում է, որ ցանկացած օրենք, որը խարխլում է վրացի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հակասում է այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն, պետք է չեղարկվի։
10:34 - 28 հոկտեմբերի, 2024
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ գործարք կնքել Գազայի հարցով

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ գործարք կնքել Գազայի հարցով

«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ խմբավորումը բաց է Իսրայելի հետ բանակցությունների համար: Այս մասին գրում է Times of Israel-ը: «Համաս»-ի՝ Կատարի քաղաքական բյուրոյի ավագ անդամ Հուսամ Բադրանը Shehab լրատվական գործակալության հրապարակած հաղորդագրությունում հայտարարել է, որ համաձայնությունը հնարավոր է: «Մեր պահանջները պարզ ու հայտնի են, և համաձայնության հասնելը հնարավոր է, եթե [Իսրայելի նախագահ Բենիամին] Նեթանյահուն հավատարիմ մնա այն ամենին, ինչն արդեն իսկ համաձայնեցված է»,- ասել է Հուսամ Բադրանը: Times of Israel-ը գրում է, որ պարզ չէ, թե արդյոք Բադրանի հայտարարությունները արձագանքն են եգիպտական կողմի՝ Գազայում երկօրյա հրադադարի առաջարկին՝ գերիների փոխանակման համար: Al Arabiya-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «Համաս»-ը հակված է ընդունելու Եգիպտոսի առաջարկը՝ միաժամանակ ակնկալելով երաշխիքներ, որ Իսրայելը հավատարիմ կմնա այս առաջարկին՝ որպես համապարփակ համաձայնության մի մասի: «Համաս»-ի աղբյուրները Asharq News-ին նաև հայտնել են, որ խմբավորումը ավելի շատ նախընտրում է համաձայնության համապարփակ տարբերակը, քան փուլայինը:
09:26 - 28 հոկտեմբերի, 2024
ՀՀ անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկումն ու սպասարկումը կիրականացնի արտասահմանյան ընկերություն

ՀՀ անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկումն ու սպասարկումը կիրականացնի արտասահմանյան ընկերություն

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հայտարարեց կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային երկրորդ փուլը։ Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարությունը հաստատել է Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախագիծը, ըստ որի՝ նոր կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման քարտերի թողարկման եւ սպասարկման գործառույթը իրականացվելու է մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ։ Այդ նպատակով այս տարվա մարտի 12-ին մեկնարկել է մասնավոր ընկերության ընտրության առաջին՝ որակավորման փուլը, հայտ է ներկայացրել 5 դիմումատու` AUGENTIC GmbH and Imprensa Nacional - Casa da Moeda, S.A. (Գերմանիա, Պորտուգալիա) IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. S.a.r.1. (Ֆրանսիա) Muhlbauer ID Services GmbH  (Գերմանիա) Zetes SA - Space Hellas - Cross Group (Հունաստան) VERIDOS. GmbH  (Գերմանիա) Գնահատող հանձնաժողովը (կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալ, Միգրացիոն ծառայության, ԱԱԾ-ի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիաների, Արտաքին գործերի նախարարությունների, Կենտրոնական բանկի, ԷԿԵՆԳ-ի, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի ներկայացուցիչները) ուսումնասիրել է հայտերի համապատասխանությունը որակավորման պահանջներին, վերլուծել նրանց ֆինանսական, տնտեսական, տեխնիկական եւ մասնագիտական կարողությունները։ Արդյունքում, որակավորվել են 5 դիմումատուներից առաջին երեքը՝ գերմանական եւ ֆրանսիական ընկերությունների 1-ական կոնսորցիում (երկու կամ ավելի ընկերությունների միավորում) եւ գերմանական 1 ընկերություն։ Ըստ «Պետություն–մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի՝ որակավորման հարցման փուլին հաջորդում է առաջարկի հարցման փուլը, որի ժամանակ որակավորված ընկերությունները ներկայացնում են  իրենց առաջարկները՝ ըստ պետության սահմանած չափորոշիչների եւ պահանջների։ Այս փուլի հաղթող թեկնածուն Հայաստանում գրանցելու է իրավաբանական անձ, որն էլ մատուցելու է համապատասխան ծառայությունները։  Կառավարությունն այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի՝ գործածության ավելի քան 10 տարիների ընթացքում քաղաքացիների վատ փորձառությամբ, անձը հաստատող եւ ճամփորդական ժամանակակից եւ անվտանգ փաստաթղթերի օգտագործման ցածր մակարդակով, ինչպես նաեւ ոչ արդյունավետ գործընթացներով եւ վերհանված գործառնական ռիսկերով։ Ըստ այդմ, ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելն ու բնակչությանը բարձրորակ ծառայություններ մատուցելն է։  Կնքվելիք պայմանագրի շրջանակը ներառում է անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված առնվազն հետեւյալ ծառայությունները․ Ֆիզիկական ենթակառուցվածքների նախագծում, ներդրում, շահագործում եւ տեխնիկական սպասարկում։ Նույնականացման եւ փաստաթղթերի կառավարման ինտեգրված տեղեկատվական համակարգի մշակում, իրականացում եւ շահագործում, ներառած բոլոր սարքավորումները, ծրագրակազմը, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին ճանապարհորդական փաստաթղթեր եւ նույնականացման քարտեր տրամադրելու համար՝ սկսած ընդունելության գրանցումից մինչեւ փաստաթղթերը քաղաքացուն հասցնելը: Գրանցման գործառնությունների մշակում եւ իրականացում (առջեւի գրասենյակի (front office) հաճախորդների սպասարկման համալիր գործողություններ նախնական գրանցումից մինչեւ քաղաքացուն փաստաթղթերի տրամադրում (առաքում), ներառյալ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները եւ օժանդակ գործընթացները): Անհատականացման գործողությունների նախագծում եւ հանձնում (անհատականացման հարցումից մինչեւ քաղաքացուն փաստաթղթերի հանձնումը, սպասարկումը, ներառյալ՝ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որոնք օժանդակում են գործընթացներին): Ճամփորդական փաստաթղթերի եւ նույնականացման քարտերի ձեւաթղթերի նախագծում, արտադրության եւ մատակարարման (լոգիստիկայի) գործառնությունների իրականացում: Ներկայումս այս գործընթացով զբաղվում են ՆԳՆ առընթեր Միգրացիոն ծառայությունը (ճամփորդական եւ նույնականացման փաստաթղթերի թողարկում), Արտաքին գործերի նախարարությունը (դիվանագիտական անձնագրերի եւ արտերկրում անձնագրերի թողարկում) եւ ԷԿԵՆԳ՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (նույնականացման քարտերի հավաստագրեր է տրամադրում՝ իսկորոշման եւ էլեկտրոնային ստորագրության համար):  Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թ․ հունվարի 8-ն է։ Թեմայի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի հետ։ - Ինչո՞ւ է ի սկզբանե որոշվել այս գործընթացում ներգրավել մասնավոր ընկերության, այլ ոչ թե պետական ինստիտուտը ներսից վերազինել եւ այդկերպ բարեփոխել համակարգը։  - Այդ հիմնավորումը՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, մեծ փաստաթուղթ է, անգլերենով՝ 103 էջ։ Դրանում կան շատ հաշվարկներ, տնտեսագիտական վերլուծություններ, կանխատեսումներ եւ գնահատականներ։ Բայց այն հրապարակման ենթակա չէ։ Ես հիմա շատ ավելի հանրամատչելի կբացատրեմ՝ ինչու է սա ամենահարմար տարբերակը համակարգը մոդեռնիզացնելու։ - Իսկ ինչո՞ւ հրապարակման ենթակա չէ։ - Մենք ունենք ոլորտը կարգավորող իրավական ակտեր, խոսքը «Պետություն-մասնավոր գործընկերության» օրենքի մասին է եւ Կառավարության՝ 2022 թվականի 1183 որոշման, որոնք էլ ծրագրի իրականացումը այդպես են նախատեսում։ Անկախ նրանից՝ ծրագիր կիրականացվի կենսաչափական անձնագրերի ոլորտում, թե բոլորովին այլ, լինում է ծրագրի իրականացման ձեւաչափի վերաբերյալ որոշում։ Տվյալ դեպքում այդ որոշումը կայացվել է Ներդրումային կոմիտեի՝ վարչապետի մոտ տեղի ունեցած նիստում, եւ դրա հիման վրա սկսվել է ուսումնասիրությունը․․․ Տեսեք, ամբողջ ենթակառուցվածքը մի շղթա է՝ տարբեր բաղադրիչներից, որը սկսվում է սերվերային տնտեսությունից եւ ավարտվում է ծառայությունների մատուցման օղակով։ Այստեղ կան մի քանի շերտեր՝ սերվերային տնտեսությունը՝ իր անվտանգային բաղադրիչներով, այնուհետեւ տպագրական մեքենաները, տպագրական տեխնոլոգիաները, նոր սերնդի ենթակառուցվածքը, այնուհետեւ ծրագրային ապահովումը, հետո ֆիզիկական պայմանները, որտեղ ծառայություն է մատուցվում եւ վերջին շղթան՝ մարդկային ռեսուրսները։ Այս բազմաշերտ պրոցեսը մոդերնիզացնելու համար դրանցից յուրաքանչյուրը պետք է հիմնովին փոխել։ Միայն ոստիկանության շենքերից բոլոր գրասենյակները դուրս բերելը եւ արժանապատիվ սպասարկում ենթադրող գրասենյակային պայմաններ ապահովելը, կարող եք ենթադրել, ինչ բեռ կլիներ պետբյուջեի համար։ Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին եւ առհասարակ, սպասարկման որակին, մենք չունենք, այսպես ասած, front desk-ի մշակույթ, եւ դա վերաբերում է պետական ապարատի տարբեր օղակներին։ Յուրաքանչյուր լիազոր մարմին ինքն իր կանոնակարգն է մշակում, թե ինչպես ծառայություններ մատուցել, սրանք բոլորը ունեն, այսպես ասած, հովանոցային կանոնակարգ, որը քաղծառայության բարեվարքության կտորն է։ Բայց բարեվարքությունը շատ ընդհանրական է եւ շատ քիչ է որակյալ ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Մեր ոլորտում երբեւէ չի եղել ծառայությունների մատուցման ստանդարտ, այսինքն՝ վարչարարությունը կանոնակարգված է միլիմետրի ճշգրտությամբ, բայց թե ինչպես մատուցենք ծառայությունը, որեւէ կերպ կանոնակարգված չէ։ Եվ դա մի ընթացակարգ գրելու խնդիր չէ, որ շատ հեշտ իրականանալի լինի, այդ ընթացակարգերին նախ պետք է տալ իրավական ուժ, դրանք դարձնել իրատեսական, իսկ իրատեսական դարձնելու համար պետք է լինի կատարողականի գնահատման մեխանիզմ, որը մեր քաղծառայության տրամաբանության մեջ չի տեղավորվում։ - Այսի՞նքն։ - Այսինքն՝ քաղծառայող համարվող front desk-ի աշխատակիցը ե՛ւ աշխատավարձի իմաստով, ե՛ւ մնացած բոլոր իմաստներով նույն պայմաններում է աշխատում, ինչ ոչ սպասարկող անձնակազմը, ոչ մի տարբերություն չկա, թե, օրինակ, գլխավոր մասնագետը գրասենյակային պայմաններում իր հետազոտական աշխատանքն է իրականացնում, թե այդ նույն գլխավոր մասնագետը քաղաքացի է սպասարկում եւ սպասարկող անձնակազմ է համարվում։ Եվ անկախ նրանից՝ տվյալ աշխատակիցը օրվա ընթացքում սպասարկում է 10 թե 110 քաղաքացի, դա ոչ մի կերպ ոչ մի տեղ չի դրսեւորվում, աշխատակիցը չունի ոչ մի մոտիվացիա՝ ավելի բարեհամբույր սպասարկելու կամ ավելի մեծ թվով քաղաքացիներ սպասարկելու կամ ավելի հարթ սպասարկելու համար։ Այդպիսի գործիքակազմ ստեղծելը միայն Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության օղակում հնարավոր չէ, դա ամբողջ քաղծառայության տրամաբանությունը փոխելու խնդիր է․ պետք են ոչ միայն ընթացակարգեր, այլեւ դրանք պահպանելու համար մոտիվացնող գործիքակազմ (օր․՝ կատարողականի հիման վրա գնահատվող աշխատավարձ), դրանք խախտելու համար զսպող գործիքակազմ, որի հնարավորությունը, կներեք, պետությունը չունի։ Սպասարկման ոլորտը ունի իր կանոնները, անկախ նրանից՝ դա պետական ապարատում է, թե մասնավոր։  - Այդ դեպքում ինչպե՞ս է, որ այլ ոլորտներում պետությունն ինքն է այդ սպասարկումը իրականացնում՝ առանց մասնավորի ներգրավման։ - Ես հիմա շատ մերկապարանոց հայտարարություններ չեմ անի, բայց մի ընդհանրական նկատառում․ հենց դրա՝ քաղծառայության ոչ ճկուն ու սահմանափակ կարգավորումների պատճառով է, որ մենք պետական ապարատի որեւէ օղակում չունենք այնպիսի արժանապատիվ որակ եւ ծառայությունների մատուցում, ինչպիսին դուք տեսնում եք, օրինակ, բանկերում կամ հեռահաղորդակցության ընկերությունների կողմից։ Եվ անցնելով հաջորդ՝ ավելի խորքային շերտերին, դա ծրագրային ապահովումն է, դա կենսաչափական համակարգն է, դա սերվերային տնտեսությունն է, դա նոր սերնդի տեխնոլոգիան եւ տպագրական մեքենաներն են։ Դրանցից յուրաքանչյուրը մեզ մոտ ունի տասնյակ տարիների մաշվածություն, օրինակ՝ մեր նույնականացման քարտը տպագրող մեքենաները ունեն երաշխավորված 10 հազար ժամ աշխատանքի ծավալ։ 2 մեքենա են, 2-ն էլ աշխատել են արդեն 18 հազար ժամ, եւ այն խափանումները, որոնք տեղի են ունենում գերօգտագործման եւ հնամաշ ենթակառուցվածքի հետեւանքով, այլեւս վերանորոգման ենթակա չեն․ դրանք գերմանական արտադրության սարքեր են, ազատ շուկայում չեն վաճառվում, վաղուց արտադրությունից դուրս են եկել, եւ  շատ մեծ ջանքեր կպահանջվեն մաս առ մաս դրանք փոխարինելու համար։ Դրանց աշխատանքը նույնիսկ առողջական վնաս է պատճառում այդ բաժնում աշխատող մեր աշխատակազմին, որովհետեւ արտանետում է ոչ թույլատրելի նյութեր։ - Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մասնավոր ընկերության տիրույթում են լինելու ե՛ւ ենթակառուցվածքներ նախատեսելը, ե՛ւ ծրագրային ապահովումը, ե՛ւ սպասարկման գործընթացը։ - Ծրագրի նպատակը հենց դա է, որ մասնավորը բերի ենթակառուցվածքը, բայց կառավարումը, պատկանելությունը, հասանելիությունը, հսկողությունը 100 %–ով պետությունն է իրականացնելու։ Սերվերային տնտեսությունը գլխամասային գրասենյակում է լինելու, եւ այնպիսի շենքում, որտեղ տեղակայված կլինի մեր ողջ աշխատակազմը։ Մեր գլխամասի գրասենյակային պայմանները միջազգային ստանդարտներով սերվերային տնտեսություն ունենալուն չեն համապատասխանում, եւ տպագրական տեխնոլոգիան եւս այս շենքում հնարավոր չէ իրականացնել։ Մենք ամբողջ աշխատակազմով տեղափոխվելու ենք նոր շենք, որտեղ կտեղակայվեն ե՛ւ արտադրական պրոցեսները, ե՛ւ սերվերային տնտեսությունը։  - Բայց նաեւ լինելու են անձնագրային գրասենյակներ Հայաստանի տարբեր տարածքներում, ինչպես որ հիմա է, ճի՞շտ է։ - Այո, ըստ չափորոշիչի՝ մասնավորը պետք է յուրաքանչյուր մարզում բացի նվազագույնը 1, իսկ Երեւանում՝ 3 գրասենյակ (վերջնական քանակը, որ չպիտի պակաս լինի 12-ից, ընկերություններն են իրենց առաջարկի մեջ ներկայացնելու,-հեղ․), բայց տպագրությունը իրականանալու է մի կետից՝ Երեւանում, եւ առաքումը նույնպես կազմակերպելու է այդ նույն կետից։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն ունենալու է ծրագրային եւ ֆիզիկական հասանելիություն, այլեւ հենց պետության ենթակայությամբ է գործելու այդ ողջ ենթակառուցվածքը։ - Իսկ ինչու՞ են դիմումատուները միայն արտասահմանյան ընկերություններ։ Ի սկզբանե Հայաստանն է մրցույթն այդպես հայտարարել, թե՞ միայն նրանք են դիմել։ - Ով կցանկանար եւ ով կհամապատասխաներ հրապարակված չափորոշիչներին, կարող էր մասնակցել։ Տեղական շուկայում չկա նմանօրինակ փորձառություն ունեցող ընկերություն, եւ դա ակնհայտ Է։   - Ինչպե՞ս է ընտրվել պայմանագրի գործողության 11 տարի ժամկետը։ - Պետություն-մասնավոր գործընկերության ընդունելի ձեւաչափ է, ավելի կարճ ժամկետում ուղղակի հնարավոր չի լինի իրականացնել օպերացիոն ներդրումները եւ կապիտալ ծախսերը։ Բայց եթե Դուք պայմանագիրը աչքի եք անցկացրել, կարող եք տեսնել՝ ինչքան շատ իրավիճակներում 11 տարին կարող է շատ ավելի կարճ տեւել (նկատի ունի՝ նախատեսված են պայմանագրի կասեցման կամ լուծման դեպքեր-հեղ․)։ Նախկին  խմբագրությամբ տեքստում 10 տարի էինք սահմանել, այժմ՝ 11՝ հետեւյալ տրամաբանությամբ՝ 1 տարի՝  կապիտալ ներդրումների համար, 10 տարի՝ եկամուտը գեներացնելու։ Իմ նշած խնդիրների համատեքստում 1-1․5 տարին իսկապես շատ կարճ ժամկետ է ողջ ենթակառուցվածքը բոլոր բաղադրիչներով մոդերնիզացնելու համար։ Մեր գնահատմամբ՝ պետության ռեսուրսով դա մի քանի տարի կտեւեր եւ հսկայական ծանրաբեռնվածություն կլիներ բյուջեի վրա։ - Ազգային անվտանգության տեսանկյունից ռիսկային չէ՞ արդյոք բնակչության անձնական տվյալների այդպիսի մեծ բազան մասնավոր, այն էլ արտասահմանյան ընկերությանը հասանելի դարձնելը։ - Նախ նկատի ունեցեք, որ ծրագրի գնահատման հանձնաժողովի կազմում տարբեր գերատեսչություններից 1-ակական անդամ է ներգրավված, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից՝ 2։ Ազգային անվտանգության ռիսկերը կառավարող այլ կարգավորումներ եւս կան առաջարկի հարցման փաստաթղթում, եւ դա հրապարակված է։ Իսկ ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ապա այդ իմաստով մեր գործիքակազմը հիմա շատ թույլ է, իսկ ծրագրի իրականացման արդյունքում մենք կունենանք միջազգային ստանդարտներով տվյալների պաշտպանություն։ Ավելի պատկերավոր նկարագրեմ՝ հիմա մեր բնակչության անձնական տվյալները պաշտպանված են այնքանով, որքանով մեր սպասարկող անձնակազմը վիզուալ նույնականացնում է դիմումատուի՝ բնակչության ռեգիստրում առկա նկարը անձի հետ, իսկ նոր ենթակառուցվածքով արդեն մարդկային գործոնը հավասարեցված է զրոյի, եւ անձի նույնականացումը ամբողջությամբ նորագույն տեխնոլոգիաներով է արվում՝ բիոամետիկ տվյալներ, մատնահետք, աչքի տվյալներ, եւ դրանք կեղծելը կամ անձի ինքնությունը գողանալը գրեթե անհնար է։ - Հարցս ոչ այնքան նույնականացման մասին է, որքան տվյալների արտահոսքի։  - Տվյալների արտահոսքի իմաստով կարող եք ուսումնասիրել տեխնիկական պահանջները, ծրագրային կարգավորումները ներառում են այդ անվտանգային մեխանիզմները։ Բոլոր հարցումները դեպի բնակչության պետական ռեգիստր գնում են Middle way-ի՝ ծրագրային միջանկյալ լուծման միջոցով, որը պարբերաբար դատարկվում է: Այսինքն՝ այստեղ տվյալ չի պահվում, իսկ այն, ինչ պահվում է որպես դիմումների ընդունման շտեմարան, ամբողջությամբ գաղտնագրված է, եւ միայն բողոքների դեպքում կոնկրետ ամսաթվով, ժամով դեպքերը կարող են դուրս բերվել եւ ուսումնասիրվել։  - Այսինքն՝ անձնական տվյալները մասնավոր ընկերությանը մշտապես հասանելի չեն լինելու, բայց երբ քաղաքացին մոտենա, օրինակ, անձնագրի վերաթողարկման համար, այդ բոլոր տվյալները ընկերության հետ միասին են լրացվելու, ճի՞շտ է։ - Այո, բայց անձնագրի տրամադրումից հետո տվյալները գաղտնագրվում են։ Բացի դրանից, նկատի ունեցեք նաեւ այն, որ բնակչության պետական ռեգիստրին ուղիղ հասանելիություն մասնավորը չի ունենալու: Շատ ապատեղեկատվություն կա այն մասով, որ բնակչության պետական ռեգիստրը մասնավորին է տրվում։ Ես ընդգծում եմ՝ բնակչության պետական ռեգիստրը կա եւ շարունակում է մնալ պետության բացառիկ տվյալների շտեմարանը՝ բացառիկ հեղինակային իրավունքով։ Այսինքն՝ միայն տեխնիկական գործառույթներն են արտապատվիրակվում։ Պետությունն է՝ ի դեմս Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, այն լիազոր մարմինը, որը ուսումնասիրում է եւ օրինակ, օրենքի ուժով դիմումատուին ճանաչում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մասնավորին տալիս է կանաչ լույս, որ նրա անունով անձնագիր տպագրվի եւ տրամադրվի։ Կամ պետությունն է, որ տեսնում է, որ այդ դիմումատուն ունի հսկողություն, ենթադրենք՝ հետախուզման մեջ է կամ փակ է նրա ելքը, եւ արգելում է մասնավորին դիմումատուին տրամադրել ճամփորդական փաստաթուղթ։ - Ձեր նշած մեխանիզմները հրապարակված փաստաթղթերում ներառված են, մտահոգությունը ավելի շատ այն մասին է, թե ինչ երաշխիք պիտի ունենան ՀՀ քաղաքացիները, որ պայմանագրով ամրագրված անվտանգային միջոցառումները գործնականում ապահովվելու են։  - Կամ պետք է կարդան փաստաթղթերը եւ այն պայմանագիրը, որը ստորագրվելու է կամ վստահեն մեր խոսքերին։ Ուրիշ ի՞նչ երաշխիք կարող է տեսականում գոյություն ունենալ, գուցե մեզ հուշեք, մենք կարողանա՞նք ավելի վստահելի թվալ հանրության աչքում։ Այն փաստաթուղթը, որը ստորագրվելու է մասնավորի հետ, հրապարակված է, այն պահանջները, որով ստորագրվում է փաստաթուղթը, իմ նկարագրած մեխանիզմները՝ անգամ ավելի դետալիզացված, եւս հրապարակված են։ Կամ հանրությունը, փորձագետները, քաղաքացիական հասարակությունը, լրագրողները պետք է այսպես ուսումնասիրեն եւ մանրամասներ հրապարակեն կամ էլ պաշտոնական լրահոսին հետեւեն ու վստահեն։ - Խնդիրն այն է, որ պարբերաբար ականատես ենք լինում նման արտահոսքերի՝ սոցիալական ցանցերի մուտքային տվյալներից սկսած մինչեւ բանկային տվյալների կամ բջջային հեռախոսահամարների բազաներ։ Այս առումով ՆԳՆ վերահսկողությունը ինչպե՞ս է լինելու։ - Դուք հիմա նկարագրում եք ռիսկ, որը չի կառավարվում որեւէ օղակում որեւէ սուբյեկտի հետ գործ ունենալիս, երբ կա աշխատանք անձնական տվյալների հետ։ Այդ ռիսկը առկա է տելեկոմ ընկերություններում, առկա է բանկերում, ցանկացած խանութում, որտեղ դուք անուն-ազգանուն եք գրում, հեռախոսահամար տրամադրում։ Ամենամեծ ռիսկը անձի իրավական ինքնության գողացումն է, որը մենք ապահովագրում ենք աշխարհի ամենազարգացող տեխնոլոգիաներով, եւ հանրությունը ոչ թե մտահոգություն պետք է ունենա, որ տվյալների արտահոսքի վտանգ կա, այլ ճիշտ հակառակը, հանգիստ լինի, որ իրականացնում ենք տվյալների պաշտպանություն այսքան բարձր անվտանգային չափորոշիչներով։ - Այդ ռիսկը, այո, այլ ոլորտներում էլ կա, պարզապես այս դեպքում սրվում է այն առումով, որ այդ հասանելիությունը տրվում է արտասահմանյան կազմակերպություններին։ - Դրանք ոլորտի առաջատար եւ հեղինակավոր կազմակերպություններ են, որոնք տվյալների պաշտպանության իմաստով աշխարհում ներդնում են նորագույն լուծումներ։   Գլխավոր լուսանկարում՝ Նելլի Դավթյանը Միլենա Խաչիկյան
17:45 - 24 հոկտեմբերի, 2024
4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել

4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո պատերազմին առնչվող հազարավոր քրեական գործեր են հարուցվել (ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ նախաձեռնվել վարույթներ)։ Դրանք վերաբերում են ինչպես ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին, այնպես էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հրաման չկատարելուն, դասալքությանը եւ այլն։  2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո 44-օրյա պատերազմին առնչվող դեպքերով հարուցվել են ընդհանուր առմամբ 2044 քրեական գործեր։ Որոշ վարույթներից մասեր են անջատվել եւ քննվել առանձին, իսկ որոշներն էլ միրավորվել են մեկ վարույթում։ «Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել է, որ հարուցված քրեական գործերից (եւ նախաձեռնված քրեական վարույթներից) դեռեւս միայն 310-ն են ուղարկվել դատարան (այդ թվում 81-ը՝ վարույթներից անջատված քրեական վարույթներով), իսկ 169-ով նախաքննությունը շարունակվում է։  Վերը նշված քրեական գործերով հանրային քրեական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում 1085 անձի նկատմամբ։  Նշենք, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով այն դեպքում, երբ անձին արդարացնող դատավճիռ չի կայացվել, բայց առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու՝ օրենքով սահմանված որեւէ հիմք, օրինակ՝ անձը մահացել է կամ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Համաձայն վերը ներկայացված տվյալների՝ 752 անձի նկատմամբ քրեական հետապնդումը այս պահին շարունակվում է։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2022-2023 թվականների վերաբերյալ տեղեկությունները հնարավոր է՝ ոչ ամբողջական լինեն: Դա պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններով, որի ընթացքում տարածքում տեղակայված կայազորների զինվորական դատախազությունների արխիվն ամբողջությամբ ոչնչացվել է, եւ ամփոփումները կատարվել են՝ ըստ պահպանված տվյալների։ Ստորեւ ներկայացվող ցանկում կարող եք կարդալ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի այն հոդվածները, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործերը։ * Նկարներն ավելի պարզ տեսնելու համար սեղմեք դրանց վրա Հայարփի Բաղդասարյան
20:36 - 23 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ՀՀ ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Քվեարկության մասնակցեց միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հիշեցնենք, որ մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկումը նախ 2024թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն է վավերացրել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Որոշման համաձայն՝ փաստաթուղթը ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկել է կանոնակարգը և սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Ընթացակարգի համաձայն՝ այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է քննարկել կանոնակարգը վավերացնելու նախագիծը. այն զեկուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի կողմից: ԱԺ հանձնաժողովի նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցել են միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ,  քարտեզներով,  Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով եւ դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի  դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են լիագումար նիստը՝ չմասնակցելով ո՛չ երեկ՝ հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած քննարկմանը, ո՛չ այսօր տեղի ունեցած քվեարկությանը: Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին:  Ադրբեջանում կանոնակարգը դեռևս չի վավերացվել, գործընթաց էլ չի մեկնարկել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ կանոնակարգը երկկողմանի ստորագրված է համարվում երկու երկրներում ընթացակարգերը ավարտելու վերաբերյալ ծանուցումների փոխանակումից հետո: Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
10:32 - 23 հոկտեմբերի, 2024
Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նշված հարցի քննարկմանն ու քվեարկությանը: Ընդդիմության համար անհասկանալի է՝ ինչու է Հայաստանը հապճեպ իրականացնում ներպետական գործընթացները, երբ Ադրբեջանում դրանք չեն էլ սկսվել: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց՝ հռետորական հարց ուղղելով, թե որն է ռիսկը, եթե Հայաստանը վավերացնի կանոնակարգը, Ադրբեջանը՝ ոչ, երբ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, եթե երկու կողմերն էլ ավարտում են ներպետական գործընթացները ու միմյանց ծանուցում դրա մասին: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: «Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով իրեն անցկացնում են ՀՀ կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել՝ հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ նախագծի վերաբերյալ այսօր ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի: ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ ձայներով ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
10:48 - 22 հոկտեմբերի, 2024
«Զանգել, ասել են՝ ձեր զինվորներից ոչ մեկը չկա»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկաների հարցաքննությունն ավարտական փուլում է

«Զանգել, ասել են՝ ձեր զինվորներից ոչ մեկը չկա»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկաների հարցաքննությունն ավարտական փուլում է

«Ես իմ աշխատանքի բերումով 5-րդ անգամ էի պատերազմի մասնակցում»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր ցուցմունք տալիս ասաց 62-ամյա Ավո Զաքարյանը՝ նկատի ունենալով Աֆղանստանի, Չեչնիայի, Արցախյան առաջին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմները։ Զաքարյանը, որ արդեն 30 տարի է՝ «Մեղրու ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» ՍՊԸ–ի վարորդն է, դատակոչվել էր՝ հարցաքննվելու 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձոր գյուղի տարածքում ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով։ Երկուսուկես տարվա մեջ 4 անգամ դատարանի փոփոխություն կրած այս գործով վկաների հարցաքննությունը ավարտին է մոտենում։ Զինծառայողները, որ ԱԹՍ–ի ձայնը լսելով պատսպարվել էին, զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հրամանով ստիպված են եղել վերադառնալ իրենց «Ուրալ» եւ շարունակել երթը։ Վերջինս այժմ մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ զոհվել է 18, վիրավորվել 3 անձ, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի գույքային վնաս։  Անդրանիկ Վերանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայանալով դատարանին՝ Ավո Զաքարյանը պատմեց, որ կողմերից ոչ մեկին չի ճանաչում, դեպքի մասին մանրամասներ չգիտի, նույնիսկ առաջին անգամ քննիչից է իմացել։ Վկա Ավո Զաքարյանը, դատավոր Սուրեն Խաչատրյանը Զաքարյանը, տարիքով պայմանավորված, զորակոչի ենթակա չի եղել, բայց կամավոր մեկնել է, քանի որ իրեն կանչել են՝ իր աշխատանքային մեքենայում՝ չինական ինքնաթափում արկեր եւ ականներ բարձելու եւ Արցախ տեղափոխելու․ «Գիշերվա ժամը 2–ին հասանք Ջաբրայիլի շրջանի Արծվաշեն գյուղ, տեղավորվեցինք մի քանդած շենքում․ էդ տարածքը անգիր հիշում եմ, որովհետեւ հենց լույսը բացվում էր, ավտոյից հեռու էի գնում, կրակոցները անընդհատ լսվում էին․․․ Ասացին՝ առավոտ լույսը բացվի՝ ճղներով փակի ավտոն, դե, կարմիր գույն էր, որ չերեւա։ 4-5 օր կրակոցներ եղել են, բայց անօդաչու չի աշխատել, որովհետեւ ամպամած եղանակ էր, անձրեւն անընդհատ մաղում էր»։ Մի քանի օր անց, ըստ Զաքարյանի, իրեն զանգահարել է ԻՍՎ հրամանատար Տարոն Նիկողոսյանը (զոհվել է,–հեղ․)։ Նա այն անձն է, որին Վերանյանը հրամայել է շարունակել երթը․ «Քանի որ կապերը անընդհատ գնում–գալիս էին, ինձ հաղորդագրություն եկավ՝ բաժանորդը զանգահարել է ձեզ, մինչեւ հիմա պահել եմ դա, ռազմականին էլ ցույց եմ տվել․․․ Տարոնն ասում ա՝ շեֆ (ինձնից տարիքով փոքր էր, երեւի դրա համար էր այդպես դիմում), ավտոն խոդ տուր, որ ասեմ՝ ուր բարձրանաս (պետք է զինամթերքը հասցներ,–հեղ․)․․․ Ու էդ ամբողջ օրը ԱԹՍ–ն ֆռում էր, ձայնը գալիս էր։ 2 հատը Արաքսի ուղղությամբ եկան, մենք էդ 2-ին տեսանք, իսկ 1-ը ձախ կողմով էր գալիս։ Էդ երկուսին 10-15 վայրկյան հետո խփեցին, մեկը ասավ՝ մերոնք, մեկը ասավ՝ պարսիկները, որովհետեւ անցել էր Արաքսը, իսկ էն երրորդը ահագին պտտվեց, ուժեղանում–թուլանում էր, մոմենտի տակ ուղղությունը կորցնում էլ էի, ու որ ընկավ, զինվորները բա՝ «ուռա–ուռա, դռուժբին խփան» (այդպես էին անվանում, քանի որ էլեկտրական սղոցի ձայնի էր նման,–հեղ․), մտածեցինք՝ մերոնք են, էն էլ պարզվում ա․․․ Ավտոն խոդ էի տվել, զանգում էի Տարոնին, արդեն անհասանելի էր, ուզում էի ինքնագլուխ շենքից դուրս գալ, բարձրանալ, Հայկ անունով մի մայոր ասավ՝ Ավո՛, մի՛ բարձրացի, զանգել են, ասել՝ վատ դեպք է պատահել՝ ԱԹՍ–ն մտել է սապյորների «Ուրալի» մեջ, ձեր զինվորներից ոչ մեկը չկա, բոլորը զոհվել են»,– պատմեց վկան՝ նշելով, որ դրանից հետո 4-5 օր դիակներ է տեղափոխել, ընդհանուր 17 օր մնալուց հետո վերադարձել է զորամաս։ Անդրանիկ Վերանյանը ճշգրտեց՝ իրենք այնտեղ են գտնվել ոչ թե 17 օր, այլ ավելի քիչ՝ հոկտեմբերի 3-12 ընկած ժամանակահատվածում։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը – Տարոն Նիկողոսյանից ստացված հաղորդագրությունը դատարանում հետազոտել ենք, այն ստացվել է 16։04-ին։ Այսինքն՝ դրանից հետո՞ եք Տարոնի հետ խոսել, եւ դրանից հետո՞ է Տարոնը Ձեր առաջ խնդիր դրել,– հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ – Այո, ասավ՝ կասեմ՝ ուր գաս, որ մենք զինվորներով էդքան տեղ չիջնենք։ – Կարող ենք փաստել, որ մեր դեպքը եղել է 16։04-ից ինչքա՞ն ժամանակ հետո։ – Չեմ կարող ասել, էնքան խառը իրավիճակ էր։ – Տեղանքը Ձեզ ծանո՞թ էր։ – Չէ։ – Իշխանաձորի խաչմերուկը ծանո՞թ էր։ – Չէ, ես Արծվաշենից վերեւ չեմ բարձրացել․․․ 4 օր մարդ չի եղել, մեն–մենակ էդ անծանոթ տեղում․․․ Հետո կամաց–կամաց մեր ավտոներից էլ եկան տարբեր ուղղություններով․․․ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկայից հետաքրքրվեց՝ առաջին անգամ ե՞րբ է ԱԹՍ–ի հանդիպել, ձայն լսել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ այդ օրը․ – Եթե առաջին անգամ այդ օրն եք հանդիպել, ինչի՞ց եք իմացել, որ հենց ԱԹՍ է,– հարցրեց պաշտպանը։ – Բա բոլոր զինվորները գոռում էին, ասում էին՝ «դռուժբան» եկավ։ – Մինչեւ Տարոնի հետ խոսելը ԱԹՍ–ի ձայն լսե՞լ եք։ – Այո։ – Եվ պնդո՞ւմ եք, որ ահագին տեւեց։ – Շատ ա ֆռացել՝ մոտ կես ժամից ավելի, էն երկուսը խփելուց հետո մի կես ժամից ավելի պտտվել է։ – Իսկ ե՞րբ եք իրադարձություններն ավելի լավ հիշում՝ հիմա՞ թե՞ 2021 թ․ մարտին ցուցմունք տալիս։ – Ռազմականը որ եկել է, ես նույն բաները պատմել եմ, տարբերություն չկա, իմ հիշողությունը շատ լավ է,– պատասխանեց վկան։ Պաշտպան Նարեկ Գրիգորյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ էական հակասություններ կան։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Նախաքննության ժամանակ վկան ասել էր հետեւյալը․ «Տարոնի հետ խոսելուց 1–1․5 ժամ հետո սկսեց լսվել թշնամու ԱԹՍ–ի ձայնը։ Դրանցից մեկը ձախ կողմից՝ Ջաբրայիլից էր գալիս, մյուս երկուսը՝ Արաքսի ուղղությամբ։ Խառը դռռոց էր լսվում։ Արաքսի կողմինները լսվելուց 15 րոպե հետո խոցվեցին, ես տեսա ոչնչացման ծուխը, բայց չգիտեմ՝ մերոնք խփեցին թե պարսիկները։ Դրանից քիչ անց՝ երեւի 10 րոպե էլ չէր անցել, ձախ թեւից՝ Ջաբրայիլի կողմից, բավականին սուր ձայն լսվեց, որը ԱԹՍ–ի ձայն էր, եւ դրան հաջորդող վայրկյաններին պայթյունի ձայն լսվեց։ Կարծեցինք՝ դրան էլ մերոնք խոցեցին, սակայն մի ժամ հետո իմացա, որ դա մխրճվել է մեր ԻՍՎ  «Ուրալ»–ի մեջ, որի հետեւանքով 10–ից ավելի զինծառայող զոհվել է, մնացել եմ առանց անմիջական հրամանատարության․․․»։ Ցուցմունքի ամբողջական հրապարակումից հետո պաշտպանը հարցեր հղեց վկային․ – Նախաքննության ժամանակ ասել եք՝ վերջին հեռախոսազանգն ունենալուց 1․1-5 ժամ անց լսվել է ԱԹՍ–ի ձայնը, իսկ այսօր ասում եք՝ մինչեւ հեռախոսազրույցը արդեն լսվում էր։ Հիմա ո՞րն է իրականությունը։ – էնպես հարցեր եք տալիս․․․ Ես ընկնեմ, վայրկայններով պատասխանե՞մ։ Եթե Դուք իմ տեղը էնտեղ լինեիք, կարողա ոչ ամբողջ արարողությունը հիշեիք, ոչ․․․ Էնքան խառն է եղել, կարողա մի 15-20 րոպեի–կես ժամի տարբերությամբ պատասխանեմ, ես չեմ նայել ժամին, մոտավոր եմ ասում, կարողա 15 ա տեւել, կարողա կես ժամ։ – Ես Ձեզանից տեւողություն չեմ ուզում, Էդ անտեր ԱԹՍ–ի ձայնը Տարոնի հետ խոսելուց առաջ կա՞ր թե՞ ոչ։ – Ես մանրամասն պատմել եմ, գրված ա, իմ գրվածին ատվեչայ եմ, ժամերը չեմ հիշում, ժամացույց չեմ վերցրել, որ ասեմ․․․ Կարողա եւ առաջ, կարողա եւ հետո, չեմ հիշում,– ճշգրտել չկարողացավ վկան։ Հաջորդ հակասությունը, ըստ պաշտպանի, վերաբերում էր ԱԹՍ–ի ձայնի տեւողությանը․ – Նախաքննության ժամանակ ասել եք՝ 2 ԱԹՍ–ների խոցվելուց քիչ անց՝ 10 րոպե էլ չէր անցել, ձախ՝ դեպի Ջաբրայիլի կողմից բավականին բարձր սուր ձայն լսվեց, ու դրան հաջորդող վայրկյաններին պայթյուն լսվեց․․․ Այսօր ասացիք՝ ԱԹՍ–ի ձայնը կես ժամ տեւել է։ Ոնց հիմա եք ասում, այդպե՞ս է, թե՞ միանգամից սուր ձայն է լսվել, եւ պայթել։ – Չէ, ահագին երկար ֆռացել է․ թե 15 րոպե է տեւել, թե կես ժամ, ես չեմ կարող ասել։ – Ամեն դեպքում ձայնը լսելն ու պայթյունը [մեկ չեն եղել],– ճշգրտեց դատավորը։  – Չէ, ահագին երկար տեւել է, որովհետեւ բոլոր զինվորները փախան կոռոլյոկի դաշտը, նույնն էլ՝ ես, –պնդեց վկան։ Դատակոչի ցուցակում ներառված վերջին վկան՝ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Արտյոմ Պողոսյանը, ըստ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տվյալների, երկրում չէ։ Դատավարության մասնակիցների հետ քննարկելով՝ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել նրա գտնվելու վայրը ճշգրտելու եւ իրավական փոխօգնության հիման վրա օտարերկրյա պետությունում նրա հարցաքննությունը կազմակերպելու նպատակով։ Դրա անհնարինության պարագայում դատարանը կհրապարակի վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքը։   Գլխավոր լուսանկարում՝ զոհված զինծառայողների հայրերըՄիլենա Խաչիկյան
19:27 - 21 հոկտեմբերի, 2024