ԿԱՐԴԱԼԻՔ

Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արդեն 4 ամիս է՝ «Ինֆոքոմը» փորձում է ամփոփել եւ դասակարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին ուղղված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալները։ Մեր նպատակն էր հասկանալ, թե որ աղբյուրից որքան գումար է հատկացվել, ինչ ուղղություններով է այն ծախսվել եւ, ի վերջո, հավաքագրված միջոցների որ մասն է հասել ուղիղ շահառուին։  Տեղեկություններ ստանալու համար գրավոր դիմել ենք ՀՀ կառավարությանը, 25 պետության դեսպանատներին եւ 4 միջազգային կառույցներին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե հավաքագրված գումարի որքան մասն է հատկացվել աշխատավարձերին, խորհրդատվություններին, միջոցառումների կազմակերպմանը, իսկ որքան մասը՝ ուղիղ տեղահանվածներին։ Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ գործընկեր պետությունները եւ թե՛ միջազգային կառույցները չեն տրամադրել արձագանքմանն ուղղված ծախսերի բացվածքը, ինչը սահմանափակում է ուղիղ շահառուներին հատկացրած գումարի չափը հասկանալու հնարավորությունը։  Ավելին, մեր հարցումներին ոչ բոլորն են արձագանքել։ Իրանը եւ Չինաստանը ընդհանրապես հրաժարվել են տվյալներ տրամադրել։ Ընդհանրական տեղեկություններ հայտնել են միայն Կանադան, Շվեդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Գերմանիան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Եվրամիությունը։ Մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ այլ, չեն պատասխանել գրավոր հարցումներին (ընդ որում՝ կրկնակի) եւ բազմաթիվ հեռախոսազանգերին։  Ուղիղ նվիրատվություն տեղահանվածների աջակցության հատուկ հաշվեհամարին Կառավարությունը, տեղեկության տրամադրումը տեւական ժամանակ ձգձելուց հետո, ուղարկել է տվյալներ՝ ուղիղ բյուջետային աջակցության, բնաիրային աջակցության, վարկային արտոնությունների վերաբերյալ։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են նաեւ ընդհանրական տեղեկություններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հավաքագրված միջոցների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայտարարած աջակցության մասին:  ՀՀ ֆինանսների նախարարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի եւ Լատվիայի կառավարությունների կողմից՝ համապատասխանաբար 350 000 եւ 50 000 եվրոյի չափով (դոլարային արժույթով՝ ~380 000 եւ ~54 000)։ Չինաստանը հայտարարել էր 1 մլն դոլարի աջակցության մասին, որի կեսը տրամադրել է անցած տարվա նոյեմբերին, մյուսն կեսն էլ պետք է տրամադրեր մինչեւ այս տարվա հունիս ամիսը։ Անդրադառնալով Եվրոպական միության կողմից հայտարարված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը՝ կառավարությունից հայտնել էին, որ ՀՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որի նպատակն է նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրներին արձագանքմանը, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականությանը աջակցմանը: Եվրամիության տրամադրած ֆինանսական աջակցությանը կանդրադառնանք ստորեւ։ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված աջակցություն Կառավարությունից մեզ հայտնել էին, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ «Փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի» շրջանակում վերջինիս գործընկեր կառույցների միջոցով հավաքագրվել է շուրջ 49,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԿԽՄԿ-ի միջոցով հայտարարվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն, ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով՝ 13,2 մլն: Մեր բանավոր ճշտող հարցին՝ հայտարարվել է, բայց դեռ չի՞ փոխանցվել, կա՞ արդյոք տեղեկություն, թե հայտարարված աջակցությունը երբ է տրամադրվելու, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից պատասխանել են, որ հայտարարված բառը նշանակում է, որ այդքանի խոստում է եղել, բայց թե դրա որ մասն է դառնալու իրականություն, ասել չեն կարող։ Վերոնշյալ աջակցության մի հատվածն է միայն իրականացվել Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորման եղանակով: Մասնավորապես, փախստականներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միանվագ 50-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորել են ԿԽՄԿ-ն, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, UNHCR-ը եւ Շվեյցարական կարմիր խաչը՝ 525 մլն դրամի չափով։  Նույն ծրագրի շրջանակում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու նպատակով այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է եւս շուրջ 435,5 մլն դրամ, որի բացվածքը ներկայացնում ենք ստորեւ։  Մեկ այլ՝ բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի համար 40+10-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորվել է ԿԽՄԿ-ի, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, UNHCR-ի, Շվեյցարական կարմիր խաչի կողմից․ այս կազմակերպությունները Հայկական կարմիր խաչի միջոցով տրամադրել են 3 մլրդ 425 մլն դրամ: Ինչ վերաբերում է բնաիրային աջակցությանը՝ հումանիտար բեռներ են ստացվել հետեւյալ պետություններից՝ Ավստրիա, Արգենտինա, Բուլղարիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Չինաստան, Ռումինիա, ՌԴ-ից, Ֆինլանդիա, ինչպես նաեւ UNHCR-ից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, մասնավոր այլ նախաձեռնությունների կողմից:  Հումանիտար բեռները հիմնականում ներառել են մահճակալներ, քնապարկեր, անկողնային, խոհանոցային եւ հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ: Ստացվել են նաեւ առողջապահական կարիքների համար նախատեսված բեռներ Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Լիտվայի, ինչպես նաեւ շուրջ մեկ տասնյակ միջացգային կազմակերպությունների կողմից: Աջակցություններ միջազգային կազմակերպություններից եւ գործընկեր պետություններից  Եվրոպական միություն Եվրոպական Միությունից մեզ հայտնել են, որ ԵՄ մոբիլիզացրած ընդհանուր ռեսուրսները (ներառյալ պայմանագրային եւ նախապատրաստման փուլում գտնվող) կազմում են 67 միլիոն եվրո։ Այս գումարը ներառում է՝  - 2023 թվականի աշնանը 12,15 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցությունը՝ ուղղված Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) միջոցով:  - Լրացուցիչ 5,5 միլիոն եվրո է մոբիլիզացվել DG ECHO-ի կողմից 2024 թվականի ընթացքում՝ փախստականների միջնաժամկետից մինչեւ երկարաժամկետ կարիքների բավարարման միջոցառումների համար: - 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության տրամադրման մասին՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը փախստականների կարիքները հոգալու իր ծրագրերին:  - 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՄ պատվիրակությունը տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել երեք ծրագրերի համար (ընդհանուր արժեքը՝ 180 000 եվրո)՝ ուղղված փախստականներին անմիջական աջակցություն տրամադրելուն:  - Նույն ժամանակահատվածում ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք  ընթացիկ ծրագրերի բյուջեներ վերաբաշխվել են՝ փախստականներին աջակցելու նպատակով։ Մոտ 500 000 եվրո ընթացիկ ծրագրերից վերաբաշխվել է փախստականների կարիքներին արձագանքմանը:  ԵՄ պատվիրակությունը ներկայումս պլանավորում է իրականացնել 3 ծրագիր՝ (ընդհանուր արժեքը՝ 8,8 միլիոն եվրո), քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումների հետ։  ԵՄ-ից հայտնել են, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է նախապատրաստվում փախստականների միջնաժամկետից երկարաժամկետ կարիքները հոգալու համար, եւ ակնկալվում է, որ կստորագրվի մինչեւ 2024 թվականի վերջը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ԵՄ անդամ պետությունները մոբիլիզացրել են ընդհանուր առմամբ 35 միլիոն եվրո՝ ԼՂ-ից փախստականների կարիքները հոգալու համար:  Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի պատճառով ծանր այրվածքներ ունեցող 24 անձ տեղափոխվել է ԵՄ 7 անդամ երկրներ՝ Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Իսպանիա, բուժում ստանալու։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը առավել խոցելի վիճակում գտնվող 5500 փախստականի 6 ամիս ժամկետով հատկացրել է ամսական 125 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 4 մլն 125 հազար դոլար։ UNHCR-ը իր գործընկերներից 97 միլիոն դոլար է խնդրել` փախստականների հրատապ կարիքներին 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի մարտը արձագանքելու նպատակով։ Մարտի 29-ի դրությամբ հավաքագրվել է 51 մլն դոլար, այսինքն՝ պահանջված գումարի մոտ 52 տոկոսը։ Իսկ UNHCR-ի տրամադրած հատուկ օգնության չափը կազմել է 14,6 մլն դոլար։ Կազմակերպությունը իր գործընկերների հետ 51 221 փախստականի մատակարարել է 115 747 հիմնական օգնության պարագաներ՝ աջակցելով 12 433 տնային տնտեսության։ UNHCR-ը փախստականների ​​ընտանիքներին մատակարարել է կահույք եւ կենցաղային տեխնիկա: Մասիսի նախկին մարզական կենտրոնում 18 ընտանիքի (46 հոգի) մատակարարել է լվացքի մեքենաներ, սառնարաններ, էլեկտրական տաքացուցիչներ, կաթսաներ եւ թեյնիկներ, ինչպես նաեւ անկողնային պարագաներ եւ սրբիչներ: Մարալիկի Սոցիալական բնակարանային համալիրին տրամադրել է կենցաղային իրեր՝ աջակցելով 17 ընտանիքների (27 հոգի): UNHCR-ից մեր հարցմանն ի պատասխան տրամադրել են նաեւ այն դոնորների ցանկը, որոնք 100 000 դոլար կամ ավելի են ներդրել Հայաստանի Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին արձագանքման համար։  Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2023թ․ սեպտեմբերի 24-ից ԱՄՆ կառավարությունն ապահովել է ավելի քան 22,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն։ Այս միջոցներից 21,3 միլիոնը ապահովվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ), իսկ 1,15 միլիոնը ԱՄՆ պետքարտուղարության միջոցով։  ԱՄՆ-ից հայտնել են, որ նախապես հայտարարված հավելյալ ֆինանսավորումը կհատկացվի հընթացս։ Ճապոնիա  2023 թվականի սեպտեմբերից Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հատկացրել է ընդհանուր 5 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն [1, 2]։ Ճապոնիան հաղորդել է, որ երկրի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ Մարդկային անվտանգության հիմնարար ծրագրերի դրամաշնորհների (GGP) միջոցով: Այս տարի դրամաշնորհների օգնության շրջանակում ստորագրվել են ստորեւ նշված ծրագրերը, որոնց շահառուները տեղահանված անձինք են։ Շվեդիա Շվեդիան հատկացրել է մոտ 3 մլն 430 հազար դոլար։ Շվեդիայի օգնությունը եւս բաշխվել է չորս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Շվեդիայից երկարաժամկետ ծրագրերով աջակցությանը, ապա երկրի դեսպանատնից հաղորդել են, որ 2023-2024 թվականներին Շվեդիան UNDP Armenia-ին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, հատկացրել է 490 հազար դոլար։ Այս Ծրագրի նպատակն է վերականգնել ԼՂ-ից փախստականների եւ նրանց ընդունող համայնքների խոցելի խմբերի կենսապահովման համակարգերը՝ դրանք մարդասիրական հիմնական ստանդարտներին եւ տնտեսական վերականգնման նվազագույն ստանդարտներին համապատասխանեցնելու համար:  2023-2024 թվականներին Շվեդիան 392 հազար դոլար է հատկացրել Կանանց ռեսուրսային կենտրոնին՝ նպաստելու փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ ԼՂ-ց բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար սոցիալ-հոգեբանական աջակցության եւ տնտեսական ուժեղացման ծրագրեր իրականացնելու համար:  Կանադա Մարդասիրական օգնությունը, որը Կանադան տրամադրել է՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար ճգնաժամին, ընդհանուր առմամբ կազմում է 3,9 մլն ԱՄՆ դոլար։ Այն բաշխվել է չորս ուղղություններով։ Շվեյցարիա Շվեյցարիան իր Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության միջոցով տրամադրել է 1 մլն 725 հազար դոլար: Այդ միջոցները բաշխվել են Պարենի համաշխարհային ծրագրի, UNHCR-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ՝ ուղղելու փախստականների անհետաձգելի կարիքների բավարարմանը:  Պատասխանում ասված է, որ Շվեյցարիան այժմ աշխատում է միջնաժամկետ արձագանքման նոր նախագծի մշակման վրա, որը կենտրոնանում է փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման վրա: Միացյալ Թագավորություն 2023 թվականի սեպտեմբերից սկսած Միացյալ Թագավորության կառավարությունը տրամադրել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ԿԽՄԿ-ի միջոցով եւ 70 000 ֆունտ ստեռլինգ Impact Hub-ի միջոցով, ինչը համարժեք է 1 մլն 359 հազար դոլարի:  Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաեւ տեղահանության օրերին վառելիքի պահեստի պայթյունից տուժած այրվածքներով հիվանդներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, հոկտեմբերին UK-Med-ի շտապ բժշկական թիմի վեց անդամ է ժամանել Հայաստան, բուժել պայթյունից տուժածներին: Բժիշկներն աշխատել են Միքայելյան հիվանդանոցում։ «Ավելի ուշ՝ նոյեմբերին, երբ այրվածքներով հիվանդներից որոշները Միքայելյանի անվան հիվանդանոցից տեղափոխվեցին Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն, Միացյալ Թագավորության կառավարությունը կենսական բժշկական սարքավորումներ նվիրաբերեց կենտրոնին՝ նրանց վերականգնման եւ բուժման համար: Այս փաթեթները ներառում էին անհրաժեշտ անզգայացման նյութեր, ինտուբացիայի եւ լարինգոսկոպիայի պարագաներ, ինչպիսիք են էնդոտրախեալ եւ տրախեոստոմիայի խողովակները, կոկորդային դիմակները եւ շտապ կրիկոտիրեոտոմիայի հավաքածուները»: Գերմանիա Գերմանիայից մեր հարցմանն ի պատասխան՝ հաղորդել են, որ Arbeiter-Samariter-Bund կազմակերպության միջոցով Գերմանիան 4,3 մլն եվրո ֆինանսավորում է հատկացնում մի ծրագրի, որն ուղղված է փախստականների խոցելի խմբերին եւ նրանց հոգեկան տրավմաների հաղթահարմանը։ 2023 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում Գերմանիան Տեխնիկական օգնության դաշնային ծառայության (THW) եւ Johanniter կազմակերպության միջոցով տրամադրել է մոտ 600 000 եվրո արժողության պարագաներ։ Դրանց մեծ մասը փոխանցվել է Գերմանիայի արտգործնախարարի՝ 2023 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած այցելության շրջանակում։ Այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն են տրամադրել տվյալներ, եւ մեր ստացած ոչ բոլոր պատասխաններն են ամբողջական, դժվարացնում է հավաքագրած տվյալների ամփոփ հաշվարկը։ Հետեւապես զերծ ենք մնում միջազգային աջակցության վերաբերյալ ընդհանուր ոչ ճգրիտ թվեր ներկայացնելուց։  Հեղինակ՝ Հայարփի ԲաղդասարյանԱնիմացիան եւ գլխավոր լուսանկարը՝ Ռոման Աբովյանի
18:55 - 01 օգոստոսի, 2024
Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն

Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն

2023 թվականին Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 53 մլն դրամի նվիրատվություն է ստացել, որից 10 միլիոնը՝ հորից, իսկ 43 միլիոնը՝ ազգականից։  Համայնքապետի հոր՝ Մնացական Սարգսյանի վերջին տարիների եկամուտներով, սակայն, նվիրաբերված գումարը չի հիմնավորվում։   Նա 2022 թվականի տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 1․2 մլն դրամ կանխիկ դրամ։ Նույն տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են ընդամենը 218 հազար դրամ։  2023 թվականի տարեսկզբի դրությամբ՝  նվիրատվությունից առաջ, համայնքապետի հայրը հայտարարագրել է 10․2 միլիոն դրամի կանխիկ դրամ։ Նշենք, որ 2023-ին վերջինս որևէ եկամուտ չի հայտարարագրել։  Հոր՝ որդուն կատարած 10 միլիոն դրամի նվիրատվության աղբյուրը պարզ կլիներ, եթե նախորդ տարիների հայտարարագրերում այն արտացոլվեր։ Քանի որ 2022 թվականին Մնացական Սարգսյանը հայտարարագրել է միայն 1.2 մլն դրամ կանխիկ և 218 հազար դրամ եկամուտ, 2023 թվականի տարեսկզբի դրությամբ նրա հայտարարագրած 9 մլն դրամի ծագումն անհայտ է։  Նշենք, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ևս Գարիկ Սարգսյանի հայրը չի հայտարարագրել եկամուտներ, իսկ հայտարարագրած կանխիկ գումարը եղել է առավելագույնը 670 հազար դրամ։  Վեդու համայնքապետին մեկ այլ շռայլ նվիրատվություն իրականացնողն էլ նրա ազգականն է՝ Արմեն Եղյայանը։ Վերջինս ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով զբաղվող և այժմ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած «Արտինա» ՍՊԸ ընկերության սեփականատերն է, ինչպես նաև ՌԴ-ում գրանցված  «ՕՆԻԿՍ-ՄՌ»  ճանապարհաշինարարական ընկերության գլխավոր տնօրենը։    Նվիրատվությամբ համայնքապետն անշարժ գույք է ձեռք բերել 2023 թականին Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը երկու խոշոր գնում է կատարել։ Նախ հոկտեմբերին, այնուհետև դեկտեմբերին նա Դիլիջանում գնել է հասարակական նշանակության երկու շինություն։ Գործարքի մյուս կողմը հանդիսացել է «ՇԻՆ ՏԵԽ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ սեփականատեր Բակուր Բորիսի Թամրազյանը։  Ըստ 2023 թվականի հայտարարագրի՝ համայնքապետն այս շինությունների 25% մասնաբաժնի ձեռքբերման համար վճարել է համապատասխանաբար 177․7 մլն և 36 մլն դրամ։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։ Հետևաբար, եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։ Այնուամենայնիվ, ընդունենք, որ Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը։ Այդ դեպքում կստացվի, որ Գարիկ Սարգսյանը այս շինություններում իր մասնաբաժինների ձեռբերման համար վճարել է համապատասխանաբար  44․4 մլն և 9 մլն դրամ։ Իր 5․5 մլն դրամ աշխատավարձով Գարիկ Սարգսյանը այսքան ծախս ևս չէր կարող իրականացնել։ Սակայն, այստեղ նրան օգնության են եկել հոր և ազգականի՝ 53 մլն դրամի նվիրատվությունները։ Գրությամբ դիմեցինք Գարիկ Սարգսյանին՝ նրա արձագանքը ևս հրապարակման մեջ ներառելու համար։ Խնդրել էինք հարցերին պատասխանել մինչև հուլիսի 30-ը, սակայն դեռևս պատասխան չենք ստացել։ Գարիկ Սարգսյանը Վեդի համայնքի ղեկավար է դարձել 2022 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, իսկ դրանից առաջ՝ Արարատի մարզպետի պաշտոնները։ Սուսինա Խաչատրյան
20:38 - 31 հուլիսի, 2024
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Մեզ տրամադրված տեսանյութում հստակ լսվում է երեխայի լացի ձայնը։ Նա բղավում է «ոչ մեկիդ հետ չեմ գա», «չեմ ուզում ձեզ տեսնել», «ավելի լավ է՝ մեռնեմ», «մինչեւ պապան չգա, չեմ գա», «օգնեցեք» եւ այլն։ 9-ամյա աղջիկը միակողմանի ծնողազուրկ է, բնակվում է Գյումրիում հոր եւ վերջինիս ծնողների հետ։ Տեսանյութում աղջիկը հենց հորական տատի ու պապի հետ է։ Երեխայի մայրը մահացել է 2019 թվականին։ Դրանից հետո աղջկա բնակության եւ խնամակալության հետ կապված հոր եւ մոր ազգականների միջեւ վեճ է առաջացել. հարուցվել են քաղաքացիական, քրեական եւ վարչական վարույթներ, որոնց մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։ Ըստ Կառավարության որոշման՝ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Նրանք իրավասու են սահմանել տասնչորս տարին չլրացած անչափահասների խնամակալության հարցը։ Մարմիններին կից գործում են նաեւ հանձնաժողովներ։  Տեսանյութում երեւում են այդ մարմնի աշխատակիցները, նաեւ՝ ոստիկաններ։ Երեխայի հոր փաստաբանը՝ Արմինե Ավագյանը, մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ, որը, թեեւ ենթակա է անհապաղ կատարման, սակայն հանձնաժողովը փորձել է ի կատար ածել միայն հունիսի 4-ին․ «Այդ ժամանակ հայրը եւ ազգականները տանն են եղել, դիմադրություն են ցույց տվել, չեն թողել, որ երեխային տնից տեղափոխեն, այսպես բաց տարածությունից երեխային վերցնելը հեշտ եւ հարմար տարբերակ է եղել»։ Փաստաբանի խոսքով՝ երեխան գտնվելիս է եղել ուսումնական ճամբարում, երբ Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի աշխատակիցները զանգահարել են պապին․ «Երբ իմացել են, որ երեխան տանը չէ, գնացել են այնտեղ, ըստ իրենց՝ երեխայից անձամբ լսելու, որ ինքը չի ուզում իրենց [հանձնաժողովի անդամներին,-խմբ.] տեսնել, բայց այդ հայտարարությունը վերածվել է այն բանի, որ երեխայի կամքին հակառակ փորձել են նրան ճամբարից տեղափոխել, բռնի ուժ են կիրառել երեխայի նկատմամբ եւ տատիկի հետ միասին նստեցնելով չգիտեմ որ ծառայությանը սպասարկող մեքենան՝ տեղափոխել են Երեւան»,- պատմեց Արմինե Ավագյանը։ Թե ինչ հիմքով է Գյումրի համայնքի ղեկավարը որոշել երեխային տեղափոխել աջակցության կենտրոն, «Ինֆոքոմ»-ին դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը եւս նշեց, որ Նախարարությունը հանձնաժողովի որոշման կայացմանը չի մասնակցում, դրա վերաբերյալ տեղեկություն հայտնել իրավասու չէ։ Փաստաբանները ուղեւորվել են երեխաների աջակցման կենտրոն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու։ Միաժամանակ նրանք հանցագործության մասին հաղորդում են պատրաստում․ «Կարող ենք դիտարկել, որ, ըստ էության, տեղի է ունեցել երեխայի առեւանգում եւ հոգեբանական բռնություն՝ խոշտանգում»,- ասաց Ավագյանը։ «Ինֆոքոմ»-ը հետեւողական կլինի թեմային՝ առաջիկայում փորձելով պարզել որոշման հիմքերը, ինչպես նաեւ ստանալ մեկնաբանություններ բոլոր կողմերից։   Միլենա Խաչիկյան
19:40 - 31 հուլիսի, 2024
Ինչպես մեծ լեզվական մոդելներին քիմիա սովորեցնել

Ինչպես մեծ լեզվական մոդելներին քիմիա սովորեցնել

Կարո՞ղ է մեծ լեզվական մոդելը «կարդալ» մոլեկուլների կառուցվածքներն ու սովորել քիմիա․ այս հարցը երկու տարի առաջ հետաքրքրեց մի խումբ հայ գիտնականների: Հարցի պատասխանը ստանալու համար միավորվեցին  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիայի լաբորատորիայի կենսաբանները, մեքենայական ուսուցման հետազոտություններով զբաղվող YerevaNN լաբորատորիայի գիտնականները, Արմեն Աղաջանյանը՝ Meta AI-ի գիտական թիմից, ինչպես նաև Toxometris.ai ստարտափի հետազոտողները։ Journal of Chemical Information and Modeling ամսագրում գիտնականների համահեղինակությամբ օրերս հրապարակված հոդվածը տալիս է այս հարցի պատասխանը։   Մոլեկուլները՝ տեքստային լեզվով Մեքենայական ուսուցումը Արհեստական բանականության ճյուղ է, որի միջոցով ստեղծվում են համակարգչային մոդելներ։ Այս մոդելները, ուսուցանվելով մեծ քանակությամբ տվյալների հիման վրա, կարողանում են կանխատեսումներ իրականացնել և այլ հանձնարարություններ կատարել: Կախված խնդրից՝ գիտնականներն ընտրում են, թե ինչպիսի տվյալներով ուսուցանեն մոդելները և ուսուցման ինչպիսի մեթոդ կիրառեն։ Մեծ լեզվական մոդելներն (large language models), օրինակ, ուսուցանվում են տեքստերով․ մոդելներին տրվում են որևէ լեզվով, օրինակ՝ անգլերենով գրված միլիարդավոր տեքստերի օրինակներ։ «Կարդալով» այս տեքստերը՝ մոդելները կարողանում են հասկանալ տվյալ լեզվի օրինաչափություններն ու հետո ինքնուրույն տեքստեր գեներացնել։ Հենց այս սկզբունքով է ուսուցանվել, օրինակ, շատերիս հայտնի ChatGPT-ն։ Հիմա պատկերացրեք, որ նույն կերպ մեծ լեզվական մոդելները կարողանում են «կարդալ» նաև մոլեկուլների կառուցվածքները։ Գուցե սա առաջին հայացքից զարմանալի թվա, քանի որ մոլեկուլները գրվում են քիմիական բանաձևերով. օրինակ՝ ածխաթթու գազի քիմիական բանաձևն է CO₂-ը։ Սակայն դեռևս 1980-ականներից գոյություն ունի մոլեկուլների գրության մեկ այլ ձև, որը հասկանալի է համակարգիչների համար։ Խոսքը SMILES ներկայացման համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս անգլերեն տառերով և նշաններով արտահայտելու մոլեկուլների քիմիական բանաձևերը` մոլեկուլների մաս կազմող ատոմները և դրանց միջև գոյություն ունեցող քիմիական կապերի տեսակները։ SMILES համակարգում CO₂-ն, օրինակ, կգրվի այսպես՝ O=C=O:  Այսպիսով, իրենց մեծ լեզվական մոդելը մոլեկուլների կառուցվածքներով ուսուցանելու համար գիտնականները նախ վերցրին 1,7 միլիարդ մոլեկուլներ պարունակող տվյալների բազա և բազայի բոլոր մոլեկուլներն արտահայտեցին տեքստային ֆորմատով։ Արմեն Աղաջանյանը, որն աշխատում է Meta AI-ի գիտական թիմում, տեքստային ֆորմատով արտահայտված մոլեկուլներով նախնական ուսուցում (pre-training) իրականացրեց՝ օգտագործելով ժամանակին Meta AI-ի ստեղծած BART մեծ լեզվական մոդելը։ Ուսուցանման ընթացքում BART մոդելին չէին տրվում մոլեկուլների՝ տեքստային տարբերակով արտահայտված ամբողջական կառուցվածքները․ կառուցվածքների որոշ հատվածներ բաց էին թողնվում, և մոդելը պետք է սովորեր լրացնել այդ հատվածները։  «Այս թվացյալ պարզ գործողության արդյունքում մոդելը սովորեց տարրական քիմիա, սկսեց պատկերացում կազմել, թե ինչպես են ատոմները, իրար հետ փոխազդելով, ստեղծում բարդ քիմիական միացություններ»,- պատմում է հոդվածի համահեղինակ Զավեն Նավոյանը։  Իրենց ստացած մոդելը գիտնականները կոչեցին BARTSmiles․   BARTSmiles-ը սկսեց ճիշտ կանխատեսումներ իրականացնել Այս նախնական աշխատանքն անելուց հետո գիտնականները պետք է համոզվեին, որ BARTSmiles-ը իսկապես «քիմիա է սովորել» և մոլեկուլների հատկությունների մասին բավականաչափ գիտելիքներ ունի։ Այս փուլում հետազոտությունները տեղափոխվեցին հայաստան՝ Հրանտ Խաչատրյանի ղեկավարած YerevaNN լաբորատորիա, քանի որ մեծաքանակ տվյալներով նախնական ուսուցումից հետո հետագա վերաուսուցումը (fine-tuning) հաշվողական ավելի քիչ ռեսուրսներ էր պահանջում և հնարավոր էր իրականացնել Հայաստանում։ Գոյություն ունեն տվյալների տարբեր բազաներ, որոնք պարունակում են մեծաքանակ մոլեկուլների և դրանց տարբեր հատկությունների մասին տեղեկություններ։ Մոդելի հետագա ուսուցման համար գիտնականները վերցրին այդպիսի երկու բազա։ Բազաներից մեկը պարունակում էր մոլեկուլների լուծելիության մասին տվյալներ, մյուսը՝ մուտագենության (մուտագեն են այն մոլեկուլները, որոնք, հայտնվելով օրգանիզմում, գեներում առաջացնում են մուտացիաներ (փոփոխություններ)՝ պատճառ դառնալով տարբեր հիվանդությունների, օրինակ՝ քաղցկեղի)։ Այնուհետև գիտնականները այս բազաների տվյալներով վերաուսուցանեցին BARTSmiles-ին։ Պատկերացնենք, որ մոդելը տվյալները ստանում էր աղյուսակով, որն ուներ երկու շարք․ առաջին շարքում  ներկայացված էին տվյալների բազայից վերցված մոլեկուլների կառուցվածքները, երկրորդ շարքում՝ ամեն կառուցվածքին համապատասխան հատկությունը (որքա՞ն է ջրում լուծելիության աստիճանը  կամ արդյո՞ք մուտագեն է, թե՞ ոչ): Այս տվյալներով վերաուսուցանվելուց հետո մոդելն արդեն ինքն էր կարողանում կանխատեսել մոլեկուլների հատկությունները։ Կանխատեսման ճշգրտությունը ստուգելու համար գիտնականներն օգտագործեցին տվյալների բազաների այն մոլեկուլները, որոնցով ուսուցում չէին իրականացրել։ Նրանք այդ մոլեկուլները տվեցին մոդելին՝ հրահանգելով կանխատեսել դրանց հատկությունները, ապա նրա կանխատեսումները համեմատեցին բազաներում առկա տվյալների հետ։ Արդյունքները գոհացնող էին․ BARTSmiles-ը կարողանում էր բավականին մեծ ճշտությամբ կանխատեսել մոլեկուլների այս երկու հատկությունները։   Ինչի՞ վրա էր հիմնվում մոդելը Այն, թե ինչ է կատարվում մեքենայական ուսուցման մոդելների ներսում, և ինչի հիման վրա են մոդելները կանխատեսումներ իրականացնում, շատ հաճախ անհայտ է։ Այդ պատճառով էլ հաջորդ քայլով գիտնականները Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի տնօրեն Նելլի Բաբայանի ղեկավարությամբ փորձեցին հասկանալ, թե արդյո՞ք BARTSmiles-ը մոլեկուլների հենց այն հատվածների հիման վրա է կանխատեսումներ իրականացնում, որոնք պատասխանատու են դրանց այս կամ այն հատկության համար։  Քիմիկոսներին ու կենսաբաններին արդեն հայտնի են, թե որևէ մոլեկուլի կոնկրետ որ հատվածն է պատասխանատու նրա այս կամ այն հատկության համար, և գոյություն ունի այդ ամբողջ ինֆորացիան պարունակող տվյալների բազա։ Հատուկ ծրագրի միջոցով գիտնականները BARTSmiles-ին հրահանգեցին կարմիրով ընդգծել մոլեկուլների այն հատվածները, որոնց վրա հիմնվելով՝ մոդելը կանխատեսել էր մոլեկուլների լուծելիությունը կամ մուտագենությունը։ Երբ BARTSmiles-ի ընդգծած կարմիր հատվածները համեմատեցին տվյալների բազայի հետ, տեսան, որ, իրոք, մոդելը մեծամասամբ կանխատեսումներ է իրականացրել հենց այդ  հատկությունները պայմանավորող հատվածների հիման վրա։ Փաստորեն, BARTSmiles-ին հաջողվել էր բավականին լավ հասկանալ քիմիայի օրինաչափությունները։ Լուսանկարում երևում են BARTSmiles-ի ընդգծած կարմիր հատվածները (աղբյուրը՝ Journal of Chemical Information and Modeling)   BARTSmiles-ը՝ մասնագիտացած Հաջորդիվ գիտնականները տվյալների տարբեր բազաների հիման վրա BARTSmiles-ը զարգացրին ևս մի քանի ուղղություններով։ Այդ ուղղություններց մեկն, օրինակ, քիմիական ռեակցիաների կանխատեսումն էր։ Այս արդյունքը ստանալու համար գիտնականներն օգտագործեցին քիմիական ռեակցիաների տվյալների բազա, որտեղ ներկայացված են առանձին փոքր մոլեկուլներ և դրանց միջև ռեակցիայից առաջացացած ավելի մեծ մոլեկուլները, այսինքն` քիմիական ռեակցիայի ելքը։ Այս տվյալների հիման վրա վերաուսուցանվելով՝ BARTSmiles-ը սկսեց կանխատեսել, թե այս կամ այն մեծ մոլեկուլը ստանալու համար ինչ փոքր մոլեկուլներ պիտի միանան։  Այստեղ կարևոր է նշել, որ ամեն կոնկրետ խնդիր լուծելու համար գիտնականները  BARTSmiles-ի հիման վրա ստանում էին առաձին նոր մոդել։ Նրանք ամեն անգամ վերցնում էին BARTSmiles-ը, որը, հիշեցնենք, 1,7 միլիարդ մոլեկուլների կառուցվածքներով ուսուցանվելով, սովորել էր տարրական քիմիա, և նրան որևէ բազայի տվյալներով վերաուսուցանելով՝ ստանում կոնկրետ խնդիր լուծող առանձին մոդել։ Զավեն Նավոյանն ասում է՝ սա նույնն է, թե մի քանի դպրոցականներ դպրոցն ավարտեն միևնույն բազային գիտելիքներով, ու նրանցից ամեն մեկը սովորի առանձին մասնագիտություն՝ դառնալով բժիշկ, իրավաբան կամ երաժիշտ։ Հենց այս ձևով էլ միևնույն հիմքի՝ տարրական քիմիա իմացող  BARTSmiles-ի հիման վրա գիտնականները ստացան «մասնագիտացած» առանձին մոդելներ։ BARTSmiles-ը հատկություններ կանխատեսելիս դժվարանում էր միայն այն դեպքում, երբ հանդիպում էր յուրահատուկ մոլեկուլների։ Սովորաբար, նման կառուցվածք ունեցող մոլեկուլներն ունենում են նմանատիպ հատկություններ։ Սակայն լինում են առանձնահատուկ դեպքեր, երբ մոլեկուլում չնչին փոփոխությունը բերում է նաև հատկության էական փոփոխության, օրինակ՝ մեկ ատոմի փոփոխությամբ թունավոր նյութը դառնում է անվտանգ։ Հաշվի առնելով, որ BARTSmiles-ը կանխատեսումներ իրականացնում էր կառուցվածքների հիման վրա, մոդելը մոտ կառուցվածքներով մոլեկուլների համար կանխատեսում էր միևույն հատկությունը։ Սակայն այսպիսի առանձնահատուկ դեպքերում այն երբեմն սխալ կանխատեսումներ էր իրականացնում։  Մնացյալ դեպքերում BARTSmiles-ը լավ արդյունքներ էր ցույց տալիս․ այս մասին է փաստում այն, որ գիտնականներն իրենց մոդելի տված արդյունքները համեմատեցին մոլեկուլների տարբեր հատկութուններ կանխատեսող այլ մոդելների հետ։ Որոշ մոդելների դեպքում արդյունքը նույնական էր, ինչ-որ դեպքերում BARTSmiles-ը զիջում էր, բայց  դեպքերի մեծ մասում այն ավելի լավ արդյունքներ էր ցույց տալիս, քան գոյություն ունեցող մոդելները։  BARTSmiles-ը հասանելի է համացանցում։ Մոդելի հիման վրա գիտական տարբեր թիմեր կարող են հետագա վերաուսուցմամբ նոր մոդելներ ստանալ, որոնք կոնկրետ խնդիրներ կլուծեն, օրինակ՝ նոր մոլեկուլների հատկություններ կկանխատեսեն։ Իսկ մոլեկուլների հատկությունների և քիմիական ռեակցիաների կանխատեսումը կարևոր է նյութագիտության, դեղագործության մեջ և այլ ոլորտներում, քանի որ այս կամ այն նպատակով որևէ մոլեկուլ կիրառելու համար կարևոր է, որ այն, առաջին հերթին, թունավոր չլինի մարդկանց համար, ինչպես նաև ունենա անհրաժեշտ հատկությունները։ Այսպիսով, այս հետազոտությամբ գիտնականները ստացան իրենց հարցի պատասխանը․ լեզվական մոդելը, կարդալով տեքստի վերածված մոլեկուլները, կարող է քիմիա սովորել և մոլեկուլների հատկություններ կանխատեսել։   Գիտական հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղԳլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականությամբ Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեքստի պատրաստմանն աջակցել են Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները
15:54 - 30 հուլիսի, 2024
 «Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

«Խնդիրն այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է»․ գնդապետը՝ Քիմիկների զորամասի օպերացիայի ձախողման մասին

- Կատարվածի մեջ Ձեր մեղավորությունը տեսնո՞ւմ եք։ - Տեսնում եմ։ Դատարանում երեկ այսպես ավարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը փաստացի զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանի հարցաքննությունը։ Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով Ալեքսանյանը առանցքային անձ է․ նրան է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել 2020 թ․ հոկտեմբերի 21–ին կազմակերպել փոխգնդապետ Արսեն Աբգարյանի ղեկավարած 62–հոգանոց անձնակազմի՝  «Կիրի հանք» տեղանք ուղեկցումը։ Արսեն Աբգարյանը Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամասի հրամանատարն էր, ուստի թե՛ նա, թե՛ անձնակազմը այդ տեղանքին լավ ծանոթ չէին։ Ուղեկցման սխալ կազմակերպման հետեւանքով Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Անդրանիկ Մակարյանն այժմ մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու, իսկ Արսեն Աբգարյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Վարդան Ալեքսանյանն ունի վկայի կարգավիճակ։ Ըստ Վարդան Ալեքսանյանի՝ իրենք իմացել են, որ հակառակորդը Կովսականում է Հոկտեմբերի 20-ին ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացրել, որ Կովսականում հակառակորդի դիվերսիոն խումբ է ներթափանցել, որոնց հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով հաջորդ օրը երկու ստորաբաժանում պետք է մեկնի․ առաջինը՝ իր հետ միասին Ներքին հանդ, երկրորդը՝ Արսեն Աբգարյանի հետ Սյունիք սովխոզ ուղղություններով։ Վարդան Ալեքսանյանը պատմեց՝ այդ խորհրդակցության ժամանակ երկրորդ անձնակազմի ուղեկցումը կազմակերպելու հանձնարարություն է ստացել, սակայն ուղեկցողների խնդիր է ծագել․ մարդիկ հրաժարվում էին ուղեկցել, վախենում էին։ – Գուցե վախենում էին, որովհետեւ գիտեի՞ն, որ Զանգելանն արդեն գրավված է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը,– Դուք գիտեի՞ք։ – Այո։ – Ու իմանալով տարա՞ք։ – Նրանք Զանգելան չպիտի մտնեին։ – Ումի՞ց էիք իմացել, որ գրավված է։ – Անդրանիկ Մակարյանից։ Վկայի այս պատասխանը զայրացրեց ծնողներին․ վերջիններս սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Մակարյանի հասցեին։ Նիստն ընդմիջվեց։ Ավելի ուշ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը վկային հարցրեց՝ Մակարյանը բառացի ասել է, որ գրավվա՞ծ է, թե՞ ասել է, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ երկրորդը՝ ակնարկելով, որ եթե հակառակորդն այնտեղ է, բա էլ ի՞նչ է նշանակում, եթե ոչ գրավում։ Ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը – Այսինքն՝ Դուք այդպես եք ընկալել,– ասաց պաշտպանը։ – Ինքը չի ընկալել է, բոլորը իմացել են, որ նախորդ օրը Զանգելանը գրավել են, դրոշն է տեսել, դիվերսիոն խումբը պիտի գար՝ դպրոցի գլխին դրոշ դնելո՞ւ,– վրդովվեց Անահիտ Ադոյանը։ Ի վերջո, որոշվել է, որ ուղեկցումը կիրականացնեն երկու հոգի․ սկզբում՝ Ալեքսանյանի վարորդը՝ Համբարձում Փարամազյանը, իսկ ճանապարհի մնացած հատվածը՝  կամավոր Արման Նուրիջանյանը։ Երկրորդ ուղեկցողի հարցը, ըստ վկայի, Անդրանիկ Մակարյանն է լուծել։ Անձամբ նաեւ վերահսկել է թե ոչ՝ տեղյակ չէր։ Այս առնչությամբ Մակարյանը հակադարձեց՝ ինչպես կարո՞ղ էր ԳՇ պետի՝ Երեւանից ժամանած տեղակալը այդքան պարզունակ հարցով զբաղվել։ Վկայի համոզմամբ՝ խնդիրն այն է եղել, որ անձնակազմին ուղեկցողը փոխվել է  Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն ընթերցեց ուղեկցող ընտրելու՝ Մարտական կանոնադրությամբ սահմանված կարգը, ըստ որի՝ ոչ միայն պետք է, որ ուղեկցողը տեղանքին ծանոթ լինի, այլ նրան նշանակողը պետք է անձամբ այդպիսի համոզմունք ունենա։ Առաջին ուղեկցողին Ալեքսանյանն անձամբ ճանաչել է, երկրորդին՝ ոչ․ ասաց՝ գյուղապետին է ճանաչել, նրան է հարցրել։ Ամբաստանյւալ Արսեն Աբգարյանը, նրա պաշտպան Դավիթ Դավիդյան – Իրավունք ունեի՞ք տվյալ հրամանը վերահասցեագրելու,- հարցրեց Դավիդյանը։ – Չեմ վերահասցեագրել, ասել եմ, որ հրամանը չեմ կարող կատարել, որովհետեւ հրաժարվում են,– ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ առաջարկել է նաեւ անձամբ ուղեկցել, սակայն Մակարյանը թույլ չի տվել։ Թե ինչու, վկան չգիտեր։ Անձնակազմին երկրորդ ուղեկցողի մոտ հասցնելուց հետո նա միացել է Մակարյանի՝ Ներքին հանդ մեկնած խմբին։ Վարդան Ալեքսանյանի կարծիքով՝ խնդիրը հենց այն է եղել, որ ուղեկցողը փոխվել է․ եթե ուղեկցումը շարունակեր իր վարորդը, այս հետեւանքները, ըստ նրա, չէին լինի։ – Ո՞վ է եղել հրաժարվողը,- հարցրեց պաշտպանը։ – Ջոկատի զինվոր՝ Աշոտ անունով։ – Իրավունք ունե՞ր հրաման չկատարելու։ – Ոչ։ – Որպես վերադաս՝ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ – Ոչ մի բան էլ չեմ արել,– պատասխանեց վկան։ Հարցին՝ երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի հետ ո՞նց է կապը պահել, գնդապետը պատասխանեց՝  բջջայինով կապի մեջ է եղել առաջին ուղեկցողի՝ Համբարձումի հետ, ստացել հավաստիացում, որ վերջինս Արմանին եւս մեկ անգամ տեղեկացրել է, թե անձնակազմին մինչեւ ուր պիտի ուղեկցի։ Ի պատասխան հարցին, թե ինչու ինքն անձամբ Արմանի հետ չի խոսել, վկան ասաց՝ նրա բջջայինը չի ունեցել։  – Դուք եք ղեկավարը, ինչո՞ւ է Ձեր վարորդը այդ հարցով զբաղվել։ Չէ՞ որ մեծ խումբ էր, ցանկացած շեղում կարող էր ճակատագրական լինել,– հարցրեց հանրային մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։ – Տենց է ստացվել,– պատասխանեց վկան։ Դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։ Ալեքսանյանի խոսքով՝ ինքը ոստիկաններին տեղեկացրել է սպասվող օպերացիայի մասին Վարդան Ալեքսանյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերն իր վարորդի հետ մեկնել է Կերեն գյուղի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետ եւ ոստիկաններին տեղեկացրել, որ հաջորդ օրը օպերացիայի մեկնող անձնակազմ է գալու, որը պետք է իրենց հենակետում իջնի, ապա ոտքով շարունակի ճանապարհը։ Ոստիկաններին պարզապես տեղեկացրե՞լ է, թե՞ նաեւ խնդիր տվել անձնակազմի ավտոբուսները կանգնեցնելու՝ վկան այդպես էլ չկարողացավ հստակ ասել։ Նշեց՝ ավտոբուսի վարորդները ինքնագլուխ չէին քշի անցնի, եթե հրահանգավորված լինեին, այդտեղ կկանգնեին։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը, Դավիթ Նավասարդյանը – Հրամանը չեն կատարել, ճի՞շտ է,- հարցրեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանը։ – Այո։ – Բա ո՞վ հրաման տվեց, որ [հենակետում] չկանգնեն։ – Ես չեմ կարող ասել, ես [ավտոբուսի] վարորդի հետ գործ չունեմ։ Հետագայում նրան հարցրել եմ, ասել է՝ ոչ մեկը չի կանգնել, մենք էլ չենք կանգնել։ – Իսկ ոստիկաններին ինչո՞ւ էիք տեղեկացնում։ – Լրացուցիչ երաշխիք էր։ – Բա ինչո՞ւ ձախողվեց։ – Պատճառը անփութությունն է, անտեղյակությունն է, չեմ կարող ասել։ – Չե՞ք պարզել՝ ում անփութությունն էր, ո՞վ իր տեղում չէր։ – Որ երկրորդ ուղեկցողը չի կատարել հրամանը․ եթե կատարեր, պիտի ոստիկանական հետակետում կանգնեին, իսկ ինքը պատճառաբանել է, որ իրեն Կարեն անունով մեկն ասել է՝ պետք է ուղեկցել մինչեւ Փոքր Զանգելան։ Նշենք, որ Փոքր Զանգելանը գտնվում է նախապես որոշված ոստիկանական հենակետից հետո՝ ավելի խորքում։ Վկայի ցուցմունքներում էական հակասություններ կային Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան եւ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի դրվագ։ 2021 թ․ հարցաքննվելիս վկան ասել էր, թե ուղեկցման վայրը նշելիս երկրորդ ուղեկցող Արմանն ասել է, որ մեքենայի վրա գործ անելիս է եղել եւ չի լսել, լավ չի հասկացել խնդիրը։ Վկան պարզաբանեց, որ երկու հանդիպում է եղել․ առաջինը՝ հենց այդ օրը, երբ Արմանն ասել է, որ ճիշտ չի հասկացել, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ արդեն տվել է Կարենի անունը։ Վկայի կարծիքով՝ արժանահավատ է առաջին պատասխանը։ Ի պատասխան հարցին, թե ինչու նախաքննության ժամանակ քննիչին այդ մասին չի հայտնել, վկան միայն լռեց։ Դատախազները հետաքրքրվեցին՝ կա՞ ինչ–որ բան, որ իրեն կաշկանդում է խոսել, սակայն նա բացասական պատասխանեց։ Մեկ այլ հակասություն էլ մատնանշեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Գոռ Սաղոյանը, ընդգծեց՝ դատարանում ցուցմունք տալիս վկան ասաց, որ երբ ինքը Մակարյանին հայտնել է, որ հրաժարվում են ուղեկցել, Մակարյանն ասել է, որ ինքը կլուծի այդ հարցը, մինչդեռ նախաքննության ժամանակ՝ Մակարյանի հետ առերեսվելիս, բացատրել է, որ Մակարյանը դա հարցի տեսքով է ասել՝ իբր այդ հա՞րցն էլ ինքը պիտի լուծի։ Ալեքսանյանը պնդեց իր առաջին ցուցմունքը, փորձելով պարզաբանել հակասությունը՝ ասաց՝ առերեսման ժամանակ բառերին ուշադրություն չի դարձրել։ Դատավորի հարցին՝ ո՞վ է հավանություն տվել, որ Աղաջանյանն ուղեկցման կազմակերպմամբ զբաղվի, վկան պատասխանեց՝ համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Ի վերջո, Ալեքսանյանը ընդունեց, որ ինքը հետեւողական չի եղել։ Առաջին ուղեկցողի ցուցմունքը հակասում էր ե՛ւ իր նախաքննական, ե՛ւ Ալեքսանյանի ցուցմունքին Դատարանում հարցաքննվեց նաեւ առաջին ուղեկցողը՝ վարորդ Համբարձում Փարամազյանը։ Վերջինս հոկտեմբերի 10-ի մոտակայքում է զորակոչվել որպես կամավոր։ Վկա Համբարձում Փարամազյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Փարամազյանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը հանդիպում է եղել, որին ներկա են եղել ինքը, Վարդան Ալեքսանյանը, գյուղապետը, Արման Նուրիջանյանը եւ եւս մի անձ․ «Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե տեղանքը ով գիտի, մի հոպար ասաց՝ ես գիտեմ, հետո հրաժարվեց, վախեցավ թե ինչ՝ չգիտեմ, գյուղապետը ասաց՝ Արմանը, որոշեցին, որ Արմանը պիտի տանի, նա էլ ասաց՝ կտանեմ»։ Ըստ Փարամազյանի՝ անձամբ ինքը ոչ մի բանից չի հրաժարվել․ եթե ասեին, որ ամբողջ ճանապարհը ինքը պետք է ուղեկցի, կաներ, թեեւ տեղանքին լավ ծանոթ չէր։ Տուժողները հարցրին՝ բա ինչպե՞ս էր Ալեքսանյանը քիչ առաջ ասում, թե ինքը երկրորդ ուղեկցողին չի ճանաչել, չի տեսել։  – Ո՞նց չի ճանաչում, ես տեսել եմ հրահանգավորելը, – պնդեց Փարամազյանը։ Դրանից հետո, ըստ վկայի, ինքն ու Ալեքսանյանը գնացել են հիշյալ հենակետ՝ ոստիկաններին տեղեկացնելու, որ ավտոբուսները հենակետը չպիտի անցնեն։ Ըստ վկայի՝ ոստիկանները մոտ վեց հոգի կլինեին, մինչդեռ Ալեքսանյանը ասաց՝ ընդամենը երեքն էին։ Առավոտյան արդեն, երբ Համբարձում Փարամազյանը եկել է զորամաս, Վարդան Ալեքսանյանն ասել է, որ ինքն ուղեկցելու է մինչեւ Սյունիք սովխոզ՝ աղբյուրի մոտ, որտեղ նրան սպասելու է երկրորդ ուղեկցողը՝ Արման Նուրիջանյանը։ Հանրային մեղադրողը դարձյալ նշեց, որ այս վկայի ցուցմունքներում էլ էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, թե չգիտի՝ ով է երկրորդ ուղեկցողը, որ պետք է իրեն սպասեր։ Փորձելով պարզաբանել՝ վկան ասաց՝ անունը չգիտեր, բայց դեմքով ճանաչում էր։ Վկայի խոսքով՝ Կապանից դուրս գալուց հետո մոտ 30 րոպե գնացել են՝ ճանապարհի կեսից ավելին թողնելով երկրորդ ուղեկցողին։ Երբ հասել են աղբյուրի մոտ, եղել է ինքը, գյուղապետը, երկու փոխգնդապետ եւ Արմանը։ Ըստ վկայի՝ Արմանը մեքենայի յուղով էր զբաղված, բայց երբ ինքը լրացուցիչ անգամ ասել է, որ ոստիկանական հենակետը չպիտի անցնեն, նա հաստատել է, ասել է՝ լավ։ Դրանից հետո ինքը մեկնել է Ներքին հանդ, ավելի ուշ իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել։ Նախատեսված հենակետի մոտ ոչ ուղեկցողը, ոչ էլ ոստիկանները զորքի ավտոբուսները չեն կանգնեցրել։ – Ի՞նչն է պատճառը, որ հենակետն անցել են։ – Ես ի՞նչ իմանամ։ – Արմանի հետ չե՞ք խոսել այդ մասին։ – Չէ, Արմանն ինձ առերեսման ժամանակ տեսավ, ասաց՝ քեզ չեմ ճանաչում,– պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին։   Գլխավոր լուսանկարում՝ գնդապետ Վարդան Ալեքսանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան  
11:11 - 30 հուլիսի, 2024
Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի հայտարարագրած ֆինանսական միջոցների աճի ու եկամուտների միջև անհամապատասխանություն է նկատվում։  2021 թվականին Ռուզաննա Քյարամյանն ունեցել է ընդամենը 70 հազար դրամի եկամուտ, սակայն նրա ֆինանսական միջոցներն աճել են 4 մլն 645 հազար դրամով։ Այսինքն՝ նրա ունեցած 4 մլն 575 հազար դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինս 2021 թվականին 13․3 մլն դրամի եկամուտներից առնվազն 9․2 միլիոնն ուղղել է բանկերում և կանխիկ պահվող իր ֆինանսական միջոցների աճին և միայն 4․1 միլիոն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Ռուզաննա Քյարամյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արգիշտի Քյարամյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը 400 հազար դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  2022 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է շուրջ 160 հազար դրամ, մինչդեռ նրա ֆինանսական միջոցներն աճել են 3 մլն դրամով։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ 2.8 մլն դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ 2023 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է 243 հազար դրամ, իսկ  ֆինանսական միջոցներն աճել են 6.3 մլն դրամով։ Քննչական կոմիտեի նախագահի տիկնոջ ավելի քան 6 մլն դրամի ծագումն անհայտ է։ Նախորդ տարի Արգիշտի Քյարամյանից և կնոջից բացի հայտարարագիր է ներկայացրել նաև Քյարամյանի մայրը՝ Լարիսա Գրիգորյանը։ Հայտարարագրի համաձայն՝ 2023-ի ընթացքում նրա ֆինանսական միջոցներն աճել են շուրջ 20․3 մլն դրամով։ Լարիսա Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 1.6 մլն դրամ եկամուտ։ Այսպիսով, Լարիսա Գրիգորյանի միջոցներից 18.7 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արգիշտի Քյարամյանի՝ 2023 թվականի հայտարարագրի տվյալների համադրությամբ ստացվում է, որ նա ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար հատկացնելու համար այդ տարի կարող էր օգտագործել առավելագույնը 11.6 մլն դրամ։ Եթե Արգիշտի Քյարամյանի, մոր և կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, կստացվի, որ 2023 թվականին նրանց ընտանիքի ֆինանսական միջոցներից ավելի քան 13 մլն դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանին գրավոր խնդրել էինք պարզաբանել ընտանիքի անդամների հայտարարագրերում տեղ գտած անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեր գրությանը չի արձագանքել։ Հաշվարկի տրամաբանությունը հասկանալու համար առաջարկում ենք դիտել նաև մեր այս տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։   2 տարի է՝ ԿԿՀ-ն վերլուծում է Քյարամյանների 4 հայտարարագրերը Արգիշտի Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծությունը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։  2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել էր հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ, որով հաստատել էր այն պետական պաշոտնյաների (և նրանց ընտանիքի անդամների) ցանկը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է վերլուծեր։ Այդ պաշտոնյաների ցանկում էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ 2023 թվականին արդեն ԿԿՀ-ն որպես ռիսկային չափորոշիչ էր սահմանել նախորդ որոշմամբ սահմանված բոլոր այն պաշտոնատար անձանց 2022 թվականի հայտարարագրերը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելու նպատակով պահանջվում է ըստ տարիների հայտարարագրված տվյալների համադրություն։ Հարցում էինք ուղարկել ԿԿՀ՝ ճշտելու՝ արդյո՞ք ուսումնասիրել են Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերը և ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերել։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ վերոնշյալ երկու որոշումների հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է Արգիշտի Քյարամյանի և վերջինիս ընտանիքի անդամների՝ 2021-2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն:  2024 թվականի հուլիսի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ավարտել Քյարամյանի և կնոջ 2021 և 2022 թվականների ընդհանուր թվով 4 հայտարարագրերի վերլուծությունը։  Արգիշտի Քյարամյանի և նրա ընտանիքի անդամների 2023 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծությունն էլ ԿԿՀ-ն սկսել է Factor.am-ի հրապարակման հիման վրա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ ստուգման և վերլուծության արդյունքում վեր են հանվել անհամապատասխանություններ և պարզաբանման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել Արգիշտի Քյարամյանից և իր ընտանիքի անդամից հայցել պարզաբանում։  ԿԿՀ-ն նշել է նաև, որ եզրահանգման մասին տեղեկություններ կարող է տրամադրել վերոնշյալ պարզաբանումները ստանալուց և գնահատելուց հետո։ Լյուսի Մանվելյան
21:15 - 29 հուլիսի, 2024
Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից

Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցության նվիրատուների ցանկում կան 80 հայտարարատու անձինք՝ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ։  Համադրելով այս անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում և կուսակցության հաշվետվությունում առկա տվյալները՝ ստացել ենք մի շարք գլուխկոտրուկներ, որոնք առաջարկում ենք լուծել միասին։  Մինչ գլուխկոտրուկներին անցնելը՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։   Գլուխկոտրուկ 1. Ո՞րն է ԱԳ նախարարի ծախսած 3.8 միլիոն դրամի աղբյուրը  2023 թվականի տարեսկզբին նախարար Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 25 մլն 254 հազար դրամ կանխիկ և բանկային հաշիվների վրա առկա գումար։ Տարվա ընթացքում Միրզոյանը ստացել է 22 մլն 956 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից, եկամտահարկի վերադարձից և փոխառությունից ստացած տոկոսներից։  Տարեվերջին Միրզոյանի հայտարարագրած դրամական միջոցները դարձել են 36 մլն 352 հազար դրամ։  Եթե տարեսկզբին առկա դրամական միջոցներին գումարենք տարվա ընթացքում ստացած եկամուտները և դրանից հանենք տարվա վերջին առկա դրամական միջոցները, ապա կստանանք 11 միլիոն 858 հազար դրամ․ սա այն գումարն է, որը նախարարը պետք է ծախսած լիներ 2023 թվականի ընթացքում։  Եվ իսկապես, ինչպես բոլոր մարդիկ, ԱԳ նախարարը նույնպես ծախսեր է կատարել, սակայն ոչ թե 11 միլիոն 858 հազար դրամի, այլ  14 մլն 190  հազար դրամի․ նա մարել է վարկը, վերանորոգել անշարժ գույքը։ Այսպիսով, Միրզոյանի ծախսած 2 միլիոն 332 հազար դրամի ծագումն անհայտ է։ Ավելին, նա 2023 թվականի ընթացքում շուրջ 1.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը՝ անհայտ ծագման գումարի չափը դարձնելով շուրջ 3.8 մլն դրամ։ Այս հաշվարկում չենք ներառել անգամ նախարարի հնարավոր ընթացիկ ծախսերը։  Արարատ Միրզոյանին արձագանքելու հնարավորություն էինք տվել՝ խնդրելով պարզաբանել, թե որն է այս ծախսերի՝ ներառյալ ՔՊ-ին փոխանցած 1.5 մլն դրամի աղբյուրը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նախարարը պատրաստվում է մեկնել արձակուրդ, երբ վերադառնա, կպատասխանի։   Գլուխկոտրուկ 2. Ինչպե՞ս է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ընտանիքը մեկ տարի ապրել 432 հազար դրամով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդներն ու կանխիկ գումարը 2023-ի ընթացքում աճել են։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձ և բիզնեսից ստացած եկամուտ։ 2023 թվականին ձեռք է բերել հողամաս, հայտարարագրել է նաև այլ ծախս՝ 2.5 մլն նվիրատվություն, որը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ փոխանցել է ՔՊ կուսակցությանը։ Սակայն նրա ստացած եկամուտները 2.7 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։  Արմեն Սարգսյանին հարցրինք՝ ո՞րն է 2.7 մլն դրամի աղբյուրը։ Նա պատասխանեց, որ «ներառված են ընտանիքի այլ անդամների եկամուտները, որոնք հայտարարագրում մանրամասն լրացված են»։ Սարգսյանի հայտարարագրում, սակայն, ընտանիքի անդամներից ստացած եկամուտներ չկան։ «Ինֆոքոմը», այնուամենայնիվ, ուսումնասիրել է նաև Սարգսյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Նրա հետ համատեղ բնակվում են Նարինե Մուրադյանն ու Թերեզա Ենգիբարյանը։ Ընտանիքի բոլոր անդամների հայտարարագրերի տվյալների համադրությունից ստացվում է, որ ընտանիքը ընթացիկ ծախսերի համար մեկ տարում օգտագործել է ընդամենը 432 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում տարեկան նվազագույն սպառողական զամբյուղը 2023 թվականին 1 անձի հաշվով կազմել է շուրջ 960 հազար դրամ։   Գլուխկոտրուկ 3. Զրո դրամ ունեցող ավագանու անդամը որտեղի՞ց է ՔՊ-ին 1 մլն դրամ նվիրաբերել Սյունիքի Սիսիան համայնքի ավագանու 2 անդամներ 1-ական մլն դրամ են նվիրաբերել ՔՊ կուսակցությանը, իսկ նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ՝ 2 մլն։ Սիսիանի ավագանու անդամներից Արմենակ Միրզախանյանը 2023 թվականին դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել։ Մեր հարցմանը, թե ինչ միջոցներով է կատարել նվիրատվություն, Միրզախանյանը չի արձագանքել։ Նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ Աշոտ Աղաջանյանի բանկային հաշիվների մնացորդները 2023-ի ընթացքում աճել են։ Նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձ, իսկ որպես ծախս՝ մեքենայի գնում։ Աղաջանյանը ՔՊ կուսակցությանը 2 մլն նվիրատվություն է կատարել։ Նրա ստացած եկամուտները 1.9 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։ Երբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ միջոցներով է Աղաջանյանը կատարել նվիրատվությունը, մեզ հարցրեց՝ համոզվա՞ծ ենք, որ ինքը նվիրատվություն է կատարել ՔՊ կուսակցությանը։ Իմանալով, որ կուսակցության հրապարակած հաշվետվության մեջ նշված է նաև իր անձը հաստատող փաստաթղթի համարը, նա նվիրատվություն կատարելու փաստը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։ Փոխարենը մեզ հորդորեց զբաղվել այլ պաշտոնյաների հայտարարագրերով։ Նույն համայնքի ավագանու անդամ, Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանի հայտարարագրած կանխիկ գումարն աճել է։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձ՝ շուրջ 8.5 մլն դրամ, և գրեթե նույնքան էլ ծախս՝ ուսման վարձավճար։ Գրիգորյանը 1 միլիոն դրամ էլ նվիրաբերել է ՔՊ-ին։ Այսպիսով, վերջինիս կատարած ծախսերից 1 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։ Անիկ Գրիգորյանին խնդրել ենք մեկնաբանել այս տարբերությունը։ Նա ևս մեր գրությանը չի պատասխանել։ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանը ՔՊ-ին նվիրաբերել է 100 հազար դրամ։ Նրա հայտարարագրում ևս համանման անհամապատասխանություններ էինք նկատել։ Վերջինս մեզ պատասխանեց, որ հայտարարագրի եկամուտներ բաժնում արտացոլված չի եղել իր շահաբաժինը, սակայն արդեն դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հայտարարագիրը շտկելու համար։   Հավելյալ գլուխկոտրուկներ՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներից  ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը, 2.5 մլն նվիրաբերել է ՔՊ կուսակցությանը։ Նրա հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ նրա ծախսերից 1.4 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։ Հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե՝ ուղղված Գոհար Հովհաննիսյանին, պատասխանեցին, որ առաջարկում են Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ գրությամբ հայցվող տեղեկությունը ստանալ օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակում: Անհասկանալի է, սակայն, ինչ ընթացակարգերի մասին է խոսքը։ Գրավոր հարցումն ուղարկելուց առաջ հեռախոսազանգով ՊԵԿ խոսնակից խնդրել էինք Գոհար Հովհաննիսյանի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, բայց վերջինս մերժել էր տրամադրել դրանք։  Մեկ այլ անհամապատասխանություն կար Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանի կնոջ՝ Նինա Շահբազյանի հայտարարագրում։ Վերջինս կես միլիոն դրամ է նվիրաբերել ՔՊ-ին, իսկ կատարած ծախսերից 2.4 մլն դրամի աղբյուրն անհայտ է։ Ավագանու անդամ Արման Հարությունյանը մեր հարցմանը պատասխանեց, որ կինը նախորդ տարվա ընթացքում ստացել է մայրական ամենամսյա նպաստ, սակայն այն չի հայտարարագրել որպես եկամուտ։ Բացի այդ, Հարությունյանը պնդեց, որ նաև ինքն է կնոջը ամեն ամիս որոշակի գումար փոխանցել։ Մայրական նպաստը, սակայն, նույնպես հայտարարագրման ենթակա եկամուտ է, և պետք է արտացոլված լիներ հայտարարագրում։   Ով պետք է գլուխ հանի այս գլուխկոտրուկներից Կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև պաշտոնյաների հայտարարագրերում եկամուտների և ծախսերի համապատասխանությունը պետք է ստուգի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով)։ Օրենքի համաձայն՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողովը պետք է ստուգի աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աուդիտորական եզրակացությունը հրապարակվել է մայիսի 30-ին։ Հունիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունել է որոշում՝ կուսակցությունների 2023 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգման ժամկետը երկարաձգել 60 օրով՝ մինչև օգոստոսի 30-ը։ Հիշեցնենք, որ փետրվարին «Ինֆոքոմը» հրապարակել էր հետաքննություն այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։  Լյուսի Մանվելյան
22:54 - 26 հուլիսի, 2024
Թերի տեխհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքել. Ավինյանը մանրամասներին չի տիրապետում

Թերի տեխհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքել. Ավինյանը մանրամասներին չի տիրապետում

Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անորակ փոսալցման աշխատանքներից դժգոհ էին շատերը, այդ թվում ինքը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել էր ասֆալտապատման նորմերի խախտումներ, որոնք, սակայն, այդ գործի համար քաղաքային բյուջեից վճարվողները՝ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, չէին արձանագրել։  Ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի՝ տեխհսկողները պետք է հսկեին իրականացված աշխատանքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ Տեխհսկող ընկերությունները պարտավոր էին ամենօրյա ռեժիմով լուսանկարահանել շինարարության օբյեկտի վիճակը, գնահատել ասֆալտապատողի կատարած աշխատանքի որակը, իսկ պայմանագրային պարտավորություններից շեղվելու դեպքում՝ այդ մասին տեղյակ պահել պատվիրատուին՝ քաղաքապետարանին։ Տեխհսկողները պետք է նաև գրանցամատյաններում ամենօրյա ռեժիմով արձանագրեն իրենց կատարած աշխատանքը, ներկայացնեն ընթացիկ  և ավարտական հաշվետվություններ։  Հաշվի առնելով փոսալցման աշխատանքների ընթացքում հայտնաբերված մի շարք խախտումները՝ Երևանի քաղաքապետարանին հարցրել էինք, թե ի՞նչ խախտումներ են արձանագրել վերահսկող կազմակեպությունները։ Խնդրել էինք նաև տրամադրել վարման մատյանները, ընթացիկ և ավարտական հաշվետվությունները և ամենօրյա ռեժիմով արված լուսանկարները։  Հարցումից 38 օր անց քաղաքապետարանից ստացել ենք թվով 129 լուսանկար՝ արված բոլոր վարչական շրջաններում։  Նկատենք, որ, օրինակ, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում իրականացված աշխատանքների տեխհսկող Ա/Ձ Վահրամ Կնյազյանը տրամադրել է ընդամենը 7 լուսանկար։ Սա կամ նշանակում է, որ նշված երկու վարչական շրջաններում ընդամենը յոթ փոս են լցրել, իսկ տեխհսկողն այդ փոսերը լցման աշխատանքները հսկել և լուսանկարել է ընդամենը մեկ անգամ։ Կամ տեխհսկողը ոչ բոլոր օրերին և ոչ բոլոր փոսերի լցման աշխատանքներն է վերահսկել; Ի դեպ՝ տեխհսկողություն իրականացնող 2 ընկերություններն էլ որևէ խախտում չեն արձանագրել։  Երեկ վերոնշյալ 7 լուսանկարները մեզ հետ տարել էինք քաղաքապետ Տիգրան Ավինյանի ասուլիսին՝ խնդրելով նրան մեկնաբանել, թե արդյո՞ք քաղաքային իշխանությունը բավարարված է փոսալցման աշխատանքների տեխհսկողության որակով։  Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց, որ տեխհսկողության համակարգից ընդհանուր առմամբ դժգոհ են, քանի որ օրենսդրությունն ու ստանդարտները թույլ են տալիս տարբեր տեխհսկող ընկերությունների մասնակցել մրցույթներին՝ ցածր գներով։  «Բայց, այնուամենայնիվ, բովանդակության և որակի տեսանկյունից դա մեզ չի բավարարում շատ դեպքերում, և ստիպված մեր Շինբարեկարգման վարչությունը, կամ հասարական կարգի պահպանման ծառայությունը նմանատիպ դեպքերում պետք է գնան և վերահսկողություն իրականացնեն, այսինքն՝ խնդիրն, այո, համալիր է, հիմնային է»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ կարող ենք վստահ լինել, որ անորակ աշխատանքը Երևանի քաղաքապետարանը չի ընդունելու։ Վստահ լինել չենք կարող, քանի որ Ա/Ձ Վահրամ Կնյազյանն, օրինակ, թերի տեխհսկողություն իրականացնելուց հետո կրկին նոր պայմանագիր է ստորագրել քաղաքապետարանի հետ։  Մեր այս դիտարկմանը քաղաքապետն արձագանքեց. «Շատ, շատ, շատ տեխհսկող կազմակերպություններ գնում են սև ցուցակներ։ Ես տենց բազմաթիվ կազմակերպություններ սև ցուցակ ուղարկելու գրություններ եմ ուղարկել Ֆինանսների նախարարություն։ Եթե Ձեր նշած կազմակերպությունը մասնակցել է և գնումների օրենսգրքին համապատասխան շահել է մրցույթը, ուրեմն ենթադրաբար սև ցուցակում չէ և դեռևս իր աշխատանքից դժգոհ չենք, այսինքն՝ եթե այդ ընկերությունը դեռ տեխհսկողություն է իրականացնում, նա 99 տոկոս հավանականությամբ դեռևս խախտում չի իրականացրել»։ Ստիպված եղանք կրկին անգամ նշել, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում մոտ 2 ամիս տևած փոսալցման աշխատանքներից 7 լուսանկար ունենալն արդեն իսկ խախտում է, ինչին ի պատասխան՝ Ավինյանը արձագանքեց. «Ես անկեղծորեն ուրախ եմ, որ դուք օգնում եք մեզ այստեսակ հարցերում, բայց նորից կուզենայի շեշտել, որ ինձ [համար] դժվար կլինի ձեր հարցին պատասխանել։ Դուք անում եք X պնդումը, որը ես չեմ կարող հավաստել՝ դա այդպես է, թե այդպես չէ։ Ճիշտ կլինի շինբարեկարգման վարչության պետին էս հարցը տաք կամ հարցում ուղարկեք, դետալային հասկանանք և ձեզ պատասխանենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։ «Ինֆոքոմն», իհարկե, հետևողական կգտնվի և կուղարկի հերթական տեղեկատվության հարցումը քաղաքապետարան՝ հետևելով Տիգրան Ավինյանի հորդորին։ Սակայն պետք է նաև արձանագրել, որ մեր ուղարկած գրեթե բոլոր հարցումներին պատասխանելու համար քաղաքային իշխանությունը 30-օրյա ժամկետ է սահմանում՝ երբեմն խախտելով նաև սահմանված այդ ժամկետները։  Ջուլիետտա Հովհաննիսյան
16:20 - 25 հուլիսի, 2024
Կիսատ եւ ձգձգվող միասնական տոմսային համակարգը․ ինչ սպասել եւ երբ

Կիսատ եւ ձգձգվող միասնական տոմսային համակարգը․ ինչ սպասել եւ երբ

«Ի՞նչ ա դա, ես չեմ էլ հասկանում»,- այսպես արձագանքեց Երեւանի մետրոպոլիտենի տարեց ուղեւորներից մեկը, երբ հարցրինք՝ օգտվո՞ւմ է արդյոք հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարման նոր՝ թվային սարքերից։  Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է թվային վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդնումը բազմաթիվ տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրների է բախվել, ինչի հետեւանքով քաղաքապետարանը հետաձգել է սահմանված վերջնաժամկետները՝  երկարաձգելով նաեւ գործընթացի մի մասն իրականացնող «Թել-Սելլ» ընկերության հետ կնքած  պայմանագիրը։   Նյութում կարդացեք՝ ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում քաղաքացիները, ի՞նչ է միասնական տոմսային համակարգը, եւ ինչ ժամկետում պետք է այն ներդնվեր, ինչո՞ւ են հիմա Մետրոպոլիտենից հեռացվում ժետոններ ընդունող սարքերը, ժամանակավոր ի՞նչ լուծում է ընտրել սպասարկող «Թել–Սելլ» ընկերությունը, ի՞նչ է սպասվում. վճարման ի՞նչ եղանակներ եւ սակագներ են նախատեսված եւ ի՞նչ ժամկետներում ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումը հավելյալ հերթերի է հանգեցրել Մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքավորումների մեծ մասը ապագործարկվել է, 10 կայարաններից յուրաքանչյուրում թողնվել է այդպիսի 1-ական սարք։ Փոխարենը տեղադրվել են «Թել-Սելլ» ընկերության վալիդատորներ՝ բջջային հավելվածով վճարման եւ տերմինալներ՝ QR կոդերով վճարման նպատակով։ Սա հանգեցրել է կուտակումների եւ հերթերի, քանի որ ուղեւորների մեծ մասը կամ «Թել-Սելլ» հավելված չունի, կամ լիարժեք տեղեկացված չէ ընթացող փոփոխությունների մասին, կամ էլ սովորույթի ուժով նախընտրում է վճարել ժետոնով։ Հունիսի 12-ին՝ ժամը 17։00-19։00 ընկած ժամանակահատվածում, «Ինֆոքոմը» դիտարկում է իրականացրել Մետրոպոլիտենի «Երիտասարդական» եւ «Բարեկամություն» կայարաններում։ Երկու դեպքում էլ ժետոններից օգտվող ուղեւորները ավելին էին, քան վալիդատորներից օգտվողները, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ հերթեր էին գոյանում։ Ամիսներ առաջ նման դիտարկում իրականացրել էինք նաեւ երթուղային 2 ավտոբուսներում։ Պատկերը նույնն էր․ ուղեւորների գերակշիռ մասը վճարում էր մետաղադրամով։ «Գրեթե ամեն օր օգտվում եմ Մետրոպոլիտենի ծառայություններից, իրականում շատ անհարմար է․ եթե նկարել եք, կտեսնեք, թե ինչ հերթեր են գոյանում ժետոնով վճարման ընդամենը մեկ հնարավորության պատճառով։ Դեռ ոչ բոլորն են սրան պատրաստ»,- ասաց ուղեւորներից մեկը։ Որոշ ուղեւորներ էլ, որ կողմ էին վճարման էլեկտրոնային եղանակին, մտահոգված էին, որ համակարգն ամբողջությամբ չի գործում. բանկային քարտով հնարավոր չէ տրանսպորտի տոմս գնել, հետեւաբար այս պահին էլեկտրոնային եղանակով վճարելու համար պարտադիր է «Թել-Սելլ» հավելվածի բաժանորդ դառնալ։   Որոշ քաղաքացիներ էլ վաղուց օգտվում էին «Թել-Սելլ» ընկերության բջջային հավելվածից կամ տերմինալներից եւ նշում, որ վճարումն այդպես ավելի արագ է կատարվում։ Ինչ է միասնական տոմսային համակարգը Փորձենք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում միասնական տոմսային համակարգը, երբ եւ ինչպես էր այն նախատեսված ներդնել։  2020 թ․-ից քննարկվող եւ 2023 թ․-ից մեկնարկած այս բարեփոխումը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ուղեվարձի նոր սակագներ, որը սահմանում է Երեւանի ավագանին, եւ ուղեվարձի վճարման նոր՝ թվային եղանակներ, որն ապահովում է մասնավոր «Թել-Սելլ» ընկերությունը։ Ուղեվարձի տարիֆային պլանները՝ ըստ Ավագանու՝ 2024 թ․ մարտի 12-ի որոշման (այս պահին ընդունված տարբերակով՝ բանկային քարտով հնարավոր է վճարել միայն «Զվարթնոց» օդանավակայանի տոմսի համար, սակայն «Թել-Սելլ»-ի հավաստմամբ՝ մինչ համակարգի ամբողջական գործարկումը քաղաքապետարանը մյուս երկուսը եւս սահմանելու է)։  Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի ավագանին որոշեց, որ մինչ ավտոբուսների նոր խմբաքանակը չներկրվի (մինչ օրս հայտնի էր պատվիրված եւ ուշացող 171 ավտոբուսների մասին, իսկ այսօրվա ասուլիսում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, չմանրամասնելով կոնկրետ ժամկետներ, ասաց, որ դրանցից բացի դեռ պետք է ձեռք բերեն եւս 250 ավտոբուս), հնարավոր չէ ապահովել համակարգի ամբողջական ներդնումը, ուստի տրանսպորտի ուղեվարձի սակագների փոփոխությունը հետաձգվեց մինչ 2025 թ․ հունվարի 1-ը: Ընդ որում, սա առաջին հետաձգումը չէ, նախկին եւ ներկա քաղաքապետերը մինչ այս էլ համակարգի ներդնման հստակ ժամանակ չեն նշել, բազմիցս հնչել են «մի քանի ամսից», «առաջիկայում», «շուտով» եւ նմանատիպ այլ արտահայտություններ։ Համաձայն քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ»-ի միջեւ 2022թ-ին կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է իր միջոցների հաշվին մայրաքաղաքում ներդնել տոմսային միասնական համակարգ։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, որի ընթացքում ընկերությունը ապահովելու է համակարգի ներդնումն ու սպասարկումը։ Իսկ պայմանագրի ավարտից հետո շահագործվող տեխնիկան եւ բոլոր լիազորություններն անցնելու են քաղաքապետարանի ենթակայությանը։ Ըստ պայմանագրի՝ համակարգում գործելու են վճարման հետեւյալ եղանակները՝  մեկանգամյա օգտագործման տոմսեր (թղթային եւ էլեկտրոնային տարբերակով QR կոդեր) Mifire քարտեր (տրանսպորտային հատուկ՝ աբոնոմենտային քարտ, նաեւ այլ կրիչներ՝ մատանի, ժամացույց եւ այլն) էլեկտրոնային տոմսեր (վճարում բջջային հավելվածներով կամ բանկային քարտերով)։ Ըստ նախնական պայմանագրի՝ տրանսպորտային բոլոր միջոցներում այս բոլոր սարքավորումներով կահավորումը եւ տոմսային համակարգի ամբողջական գործարկումը պետք է իրականացված լինեին դեռ երկու ամիս առաջ՝ 2024 թ․ մայիսին։  Այսօր, սակայն, թվարկված եղանակներից հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը։ «Թել-Սելլ» ընկերությունն ու Քաղաքապետարանը երկու անգամ երկարաձգել են պայմանագրի վերջնաժամկետը «Թել-Սելլ» ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի խոսքով՝ ծրագրային աշխատանքները իրենց ընկերության կողմից հանձնելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ այս տարվա օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։ Լիանա Հունանյանը Հարցին, թե ինչու ի սկզբանե պայմանագրով սահմանված ժամկետում համակարգի ամբողջական գործարկումը չի իրականացվել, ընկերության փոխտնօրենը պատասխանեց․ «Պայմանագիրը կնքել ենք, պիլոտային ծրագիրն իրականացրել ենք, ժամկետի ավարտին աշխատանքների 90 %-ը կատարված է եղել, սակայն թե՛ մենք, թե՛ քաղաքապետարանը հասկացել են, որ 9 ամիսը իրատեսական չէր, որովհետեւ աշխատանքները շատ էին, պահանջները՝ բավականին խիստ։ Վերջին ժամանակներում քաղաքապետարանի հետ միասին այցելեցինք եվրոպական մի շարք երկրներ, նախկին խորհրդային երկրներ եւ հասկացանք մի բան՝ մարդիկ այս համակարգը ներդնում են տարիներով»,- ասաց Հունանյանը։ Հարցին՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը չպե՞տք է արդյոք նախորդեր պայմանագրի կնքմանը, նա պատասխանեց․ «Համաձայն եմ, պետք էր ավելի խորը ուսումնասիրել եւ ավելի իրատեսական ժամկետներ նշել, մեր պայմանագրում նախատեսված են այնպիսի կետեր, որոնք 10 տարի օգտագործող երկրները անգամ չունեն։ Օրինակ՝ երբ Սոֆիայում հարցնում ենք՝ արտոնյալ խմբերին ինչպե՞ս եք նույնականացնում, որպեսզի զեղչեր տաք, ասում են, որ դա ավտոմատացված չէ, դա ապագայի հարց է, այսինքն՝ թոշակառու մարդը ինքն է պարտավոր գալ, ներկայանալ, իսկ մեզ մոտ ԷԿԵՆԳ համակարգով էլեկտրոնային հարցում է գնալու, հաստատվելու է, որ անձը թոշակառու է, ըստ այդմ, արտոնյալ խմբից է, այսինքն՝ մենք ուշացած ենք միանում տրանսպորտային համակարգի թվայնացմանը, բայց գնում ենք լավագույն տարբերակին»,- կարծում է Լիանա Հունանյանը։ Ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել Քաղաքացիները տարակուսած են՝ քանի դեռ վճարման բոլոր եղանակները չեն գործում, ինչո՞ւ են ժետոն ընդունող սարքերը աստիճանաբար փոխարինվում վալիդատորներով։ Ըստ «Թել-Սելլ» ընկերության տնօրենի տեղակալի՝ այս փուլում մարդկանց նոր սարքերին սովորեցնելու խնդիր ունեն, քանի որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու տարիֆային պլանները, եւ մարդիկ հիմնականում օգտվելու են «Թել-Սելլ» հավելվածից կամ տերմինալներից կամ տրանսպորտային քարտերից։ Բանկային քարտերի մասսայական օգտագործում, ըստ Հունանյանի, չի լինելու, քանի որ տարիֆային պլաններից միայն 3-ն են հնարավորություն տալու տոմս գնել բանկային քարտով, որոնք էլ ամենաթանկն են լինելու հանրային տրանսպորտից մշտապես օգտվելու դեպքում։ Դրանք են 90-րոպեանոց, 1-օրանոց եւ  դեպի «Զվարթնոց» օդանավակայան տոմսերը։ Մնացած բոլոր տեսակի տոմսերի համար նախատեսված են Mifire տրանսպորտային հատուկ, այսպես կոչված, աբոնոմենտային քարտեր, որոնք պետք է նախապես ձեռք բերել եւ լիցքավորել, ինչպես նաեւ QR կոդեր, որոնք հնարավոր է ձեռք բերել «Թել-Սելլ»-ի բջջային հավելվածով (որտեղ հնարավոր է կցել բանկային ցանկացած քարտ) կամ տերմինալներով։ Նշենք, որ չնայած «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդեր ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին ոչ ընկերության, ոչ էլ քաղաքապետարանի կողմից պատշաճ իրազեկում չի իրականացվում, փոխարենը խրախուսվում է հավելվածի կիրառությունը։ Ինչես նշեցինք, քաղաքային բյուջեից նոր համակարգի ներդնմանը գումար չի հատկացվել, ամբողջը իրականացվել է «Թել-Սելլ»-ի կողմից, հետեւաբար ընկերությունը շահագրգռված է իր բաժանորդների թվի ավելացումով․ «Քաղաքացին էլ պիտի հասկանա՝ մեր կողմից կատարված աշխատանքները ահռելի են ոչ միայն ներդրումների, այլ նաեւ մարդկային ռեսուրսի տեսանկյունից։ Մենք մրցույթը չենք շահել քաղաքապետարանի հատկացրած գումարներից, մենք մեր միջոցների հաշվին ենք դա անում, ֆինանսական որեւիցե շահ չենք հետապնդում, ձեզանից լրացուցիչ գումար չի գանձվում, այն 100 դրամը, որ դուք մեզ վճարում են, նույնությամբ փոխանցում ենք քաղաքապետարանին։ 3 միլիոն ներդրումից բացի մեր ընթացիկ սպասարկումը տարեկան կես միլիոն դոլար է, եւ այո, մենք էլ մեր հետաքրքրությունն ունենք․ դա այն է, որ քաղաքացուն ուզում ենք ծանոթացնել մեր հավելվածին զուտ տոմս գնելու տեսանկյունից․ այսօր տոմս կգնեք, վաղը կասեք՝ տեսնեմ՝ էլ ի՞նչ հետաքրքիր հնարավորություն կա, կուզեք՝ կօգտվեք, չեք ուզի՝ մի օգտվեք, ոչ մեկը ոչինչ չի պարտադրում»,- նշեց Հունանյանը։ Մեր զրույցում նա ընդգծեց՝ վալիդատորներով փոխարինումը սկսել են իրականացնել փուլերով․ մայիս ամսին փոխարինել են Մետրոպոլիտենի չաշխատող սարքերը՝ միաժամանակ թողնելով ժետոնով վճարման հնարավորությունը, սակայն մեկ ամսից ավելի քաղաքացիները դրան ուշադրություն չեն դարձրել, հավելվածից օգտվողների քանակը առանձնապես աճ չի գրանցել։ Ժետոնի մեկական սարքեր թողնելուց հետո օգտատերերի օրական ցուցանիշները սկզբնական 1500-1700 միջակայքից մոտեցել են 7000-ին։ Դա Մետրոպոլիտենի ողջ ուղեւորահոսքի՝ 80․000-ի 10 %-ն էլ չէ։ Մեր այն հարցին, թե ինչու բանկային քարտով վճարումը բոլոր տեսակի տոմսերի համար չի նախատեսվել, Լիանա Հունանյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է տեխնիկական առանձնահատկություններով․ «Ալգորիթմը քեզանից գումարը չի գանձում, հետո հետ է գնում, հաշվարկում քո վճարած բոլոր տոմսերը եւ որոշում՝ մեկ շաբաթվա գումար գանձել թե մեկ օրվա, իսկ բանկային քարտերով այդպես հնարավոր չէ երկարաժամկետ վճարել, այդ տեխնոլոգիան ընդունված չէ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանկային քարտերով առավելագույնը մեկ շաբաթվա հաշվարկ է գնում»,- ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ հնարավորությունը նաեւ խարդախության ռիսկեր է պարունակում։  Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղաքապետը եւս ընդգծեց բանկային քարտերով վճարման հնարավորության մասին՝ չհստակեցնելով, սակայն, որ դա վերաբերելու է միայն մեկ կամ մի քանի փաթեթների։ Ըստ Հունանյանի՝ նախկինում քաղաքացին ուներ վճարման միայն մեկ տարբերակ՝ դրամարկղից ժետոն գնելը, իսկ այժմ դրան գումարվել է եւս երկուսը՝ հավելվածով եւ տերմինալով։ Մեր դիտարկմանը, որ այս փոփոխությունը կայարաններում հավելյալ հերթերի է հանգեցնում, Հունանյանն արձագանքեց՝ ասելով․  «Հանգեցնում է, քանի դեռ մենք չենք ուզում սովորել, իսկ երբ ուզենք սովորել, չի հանգեցնի, մենք թվայնացման աշխարհ ենք մտնում, բոլոր տեսակի թվայնացումները սովորելու բարդույթը ունի, պետք է ավելի ժամանակակից մոտեցում ցուցաբերենք»։ Ի պատասխան հարցին, թե սարքերը տեղադրելուց եւ գործնականում կիրառելուց բացի սովորելու համար ուրիշ ինչ է առաջարկվում քաղաքացիներին, Հունանյանն ասաց, որ իրազեկման անիմացիոն հոլովակներ են պատրաստել եւ հրապարակել, նաեւ՝ թռուցիկներ բաժանել։ Դրանից բացի, ունեն խորհրդատուներ, որոնք, տարբեր ժամերի տարբեր կայարաններում գտնվելով, մարդկանց առաջարկում են սովորեցնել հավելվածից կամ տերմինալից օգտվել կամ աջակցել, եթե ընթացքում դժվարություններ լինեն։ Անդրադառնալով այն քննադատություններին, որ մարդկանց կարծես ստիպեն մասնավոր ընկերության բաժանորդ դառնալ՝ Հունանյանը հիշեցրեց՝ «Թել-Սելլ»-ը միակ ընկերությունն է, որ դիմել է մրցույթին եւ հաղթել։ Այս առնչությամբ քաղաքապետարանն էլ նույնն էր ասել՝ մրցույթի պայմաններին բավարարող եւ հաղթած ցանկացած ընկերություն կարող էր ստանձնել նույն դերը։ Առաջիկայում ժետոններն ընդհանրապես դուրս կգան գործածությունից Լիանա Հունանյանի խոսքով՝ առաջիկայում Մետրոպոլիտենի դրամարկղերում սկսելու են վաճառել QR կոդով կտրոններ, եւ աստիճանաբար, երբ քաղաքացիների մոտ եղած ժետոնները սպառվեն, դրանք ընդհանրապես դուրս են գալու գործածությունից։ Հաջորդիվ կհեռացվեն նաեւ ժետոններ ընդունող սարքերը՝ փոխարինվելով վալիդատորներով։ Հունանյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր կայարանում մնացած ժետոն ընդունող 1-ական սարքի փոխարեն հնարավորություն է լինելու 2-ական վալիդատոր ավելացնելու։  Արձագանքելով էկոակտիվիստների մտահոգություններին, որ այդպիսով թղթի չարդարացված օգտագործում է լինելու՝ Հունանյանը հիշեցրեց վճարման էլեկտրոնային հնարավորության մասին՝ հավելելով, որ սա ժամանակավոր լուծում է․ հետագայում, երբ համակարգն ամբողջապես գործի, կտրոնները դրամարկղում վաճառքից ի վերջո դուրս են գալու։ Դրամարկղի աշխատակիցները զբաղվելու են տրանսպորտային քարտերի վաճառքով, դրանց լիցքավորմամբ կամ արտոնյալ խմբերի (տարեցներ, ուսանողներ եւ այլք) քաղաքացիների նույնականացմամբ (որն էլեկտրոնային եղանակով է լինելու)։ Հանրային տրանսպորտի տոմս գնելու հնարավորություն լինելու է հետեւյալ կետերից՝ տոմսերի վաճառակետեր (օրինակ՝ Մետրոպոլիտենի գանձապահ-օպերատորներ), վեբ-պորտալ (E-ticket.Yerevan.am կայքը, որը դեռ չի գործում), բջջային հավելված (Tel-cell), անհպում վճարում բանկային քարտերով եւ էլեկտրոնային վճարման եղանակներով։ Այսպիսով, տոմսային միասնական համակարգի ներդնման աշխատանքների ավարտը դեռեւս հստակ տեսանելի չէ։ Հաշվի առնելով, որ ժամկետների երկարաձգման համաձայնագրերով նախատեսված են ծրագրային այնպիսի լուծումներ, որոնք կապված են ուղեվարձի նոր սակագների հետ՝ կարելի է ենթադրել, որ մինչեւ նոր սակագները ուժի մեջ չմտնեն (այսօրվա դրությամբ՝ մինչեւ 2025 թ․ հունվարի 1-ը), վճարման բոլոր եղանակները այդպես էլ հասանելի չեն լինի, եւ օգոստոսի 1-ից քաղաքացին իր կյանքում առանձնապես փոփոխություն չի զգա։ Ըստ այդմ, մի տարուց ավելի ձգձգվող այս նորամուծության ներկայիս պայմանները  խրախուսում են քաղաքացիներին դառնալ «Թել-Սելլ» բաժանորդ՝ առանց նրանց համար ապահովելու խոստացված փաթեթները, զեղչերը եւ վճարման եղանակների բազմազանությունը։    Միլենա Խաչիկյան
17:39 - 24 հուլիսի, 2024
Աշխատաշուկայի պահանջներից բխող կրթություն․ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը

Աշխատաշուկայի պահանջներից բխող կրթություն․ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը

Բակալավրիատի երրորդ կուրսից Վահրամ Թադևոսյանն աշխատում է PicsArt ընկերության մեքենայական ուսուցման թիմում։ Բակալավրիատում «Համակարգչային գիտություններ» մասնագիտությունը սովորելուց հետո նա հասկացավ, որ տեսական գիտելիքների պակաս ունի։  «Ե՛վ տվյալագիտության, և՛ մեքենայական ուսուցման մեջ, կարծում եմ, տեսականը շատ կարևոր դեր ունի, որովհետև կարող ես օգտագործել այն մեթոդները, որոնք տեսական հիմք ունեն՝ առանց իմանալու տեսականը, բայց երբ դրանք հասկանում ես, պատկերացնում ես, արդեն հնարավորություն ունես դու ստեղծելու այդ մեթոդներից ինչ-որ մեկը»,- ասում է Վահրամը։ Վահրամ Թադևոսյանը Սովորելու և աշխատելու ընթացքում ոլորտի մասնագետներն ու գործընկերները նրան պատմել էին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի մասին։ 2022-ին Վահրամը որոշեց դիմել ծրագրին և սկսեց սովորել այնտեղ։ Այժմ նա ծրագրի շրջանավարտներից մեկն է։   Փոքր գաղափարներից՝ մեծ գաղափար «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվեց 2018-ին։ Մագիստրոսական ծրագրի համահիմնադիրն ու ղեկավարը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Կարեն Քեռյանը, հիշում է՝ ծրագիրը հինգ տարի առաջ իրականություն դարձավ, երբ մի քանի փոքր գաղափարներ միացան ու դարձան մեկ մեծ գաղափար։ Նա պատմում է, որ մի կողմից ինքն ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսներից Միքայել Պողոսյանը կիրառական ուղղվածությամբ մագիստրոսական ծրագիր սկսելու մտքեր ունեին, մյուս կողմից էլ PMI Science-ի տվյալագիտության թիմի ղեկավար Նարեկ Մելքոյանը տվյալագիտության, մեքենայական ուսուցման ուղությամբ մագիստրոսական ծրագիր ստեղծելու գաղափար ուներ։ Գաղափարի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեցին նաև PMI Science-ն ու «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» (ISTC) հիմնադրամը, և բոլորով սկսեցին գաղափարը կյանքի կոչել։ Ի վերջո, 2018-ին ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում բացվեց «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրը։ Վահրամ Թադևոսյանն ու Կարեն Քեռյանը Կարեն Քեռյանը հիշում է, որ ծրագիրը սկսելուց առաջ Միքայել Պողոսյանը նախ հանդիպումներ ունեցավ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջները և դրա հիման վրա կազմելու դասացուցակը։ Նա նշում է՝ իրենց նպատակն էր ստանալ ոչ թե այնպիսի ծրագիր, որը կկենտրոնանա նեղ ուղղությունների վրա և մասնագետներ կպատրաստի մեկ կամ մի քանի ընկերությունների համար, այլ այնպիսի ծրագիր, որը կտա գիտելիքների հնարավորինս լայն շրջանակ՝ հնարավորություն ստեղծելով, որ շրջանավարտները կարողանան մեքենայական ուսուցման և տվյալագիտության ուղղությամբ կարիերա սկսել տեխնոլոգիական տարբեր ընկերություններում։ «Բավականին հետաքրքիր դասեր կային ծրագրի ընթացքում՝ օրինակ, ժամանակային շարքերի (time series), ընդհանուր խոր ուսուցման (deep learning) վերաբերյալ։ Այդ գիտելիքները ես այս պահին շատ չեմ օգտագործում աշխատանքի բերումով, բայց չի բացառվում, որ հետագայում պետք կգան։ Երբ այդ ամեն ինչին նայում եմ մեկ այլ ուսանողի աչքերով, հաստատ շատ բան է տալիս ծրագիրը գրեթե բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասում է Վահրամը, որի աշխատանքն այժմ կապված է համակարգչային տեսողության (computer vision) հետ: Մագիստրոսական ծրագրի ստեղծման առաջին տարում գործնական աշխատանքներ իրականացնելու համար ուսանողներն օգտվում էին ISTC հիմնադրամի համակարգիչներից։ Երկրորդ տարում ծրագրի գործընկեր դարձան Webb Fontaine ու Krisp ընկերությունները, որոնց օգնությամբ ծրագիրը զինվեց գրաֆիկական պրոցեսոր ունեցող (GPU) համակարգիչներով։   Տեսական հիմք և գործնական գիտելիքներ՝ ոլորտի մասնագետներից Կարեն Քեռյանը նշում է՝ ծրագրի առաջին կիսամյակում ուսանողների համար մաթեմատիկայի ու ծրագրավորման հիմքերն են դրվում, երկրորդ կիսամյակում՝ մեքենայական ուսուցման, երրորդում արդեն նեղ մասնագիտական առարկաներ են դասավանդվում, իսկ չորրորդ կիսամյակում ուսանողները գրում են մագիստրոսական թեզերը։  «Վերջում՝ մագիստրոսական թեզը կազմելիս, մարդիկ ունենում են և՛ տեսական հիմք, և՛ պրակտիկ գիտելիքներ ու կարողանում են շատ լուրջ ու հետաքրքիր թեզեր գրել»,- ասում է Վահրամը։ Կարեն Քեռյանը, Միքայել Պողոսյանն ու ԵՊՀ այլ մասնագետներ դասավանդում են տեսական առարկաները, իսկ գործնական առարկաները դասավանդում են Krisp-ի, Service Titan-ի, PicsArt-ի և տեխնոլոգիական տարբեր ընկերությունների մասնագետներ։ Վազգեն Միքայելյանը, որ Krisp-ում ղեկավարում է մեքենայական ուսուցման թիմերից մեկը, արդեն մի քանի տարի խոր ուսուցում (deep learning) է դասավանդում ծրագրի ուսանողներին։ Նա նշում է՝ իր ուսանողներին դասերի ընթացքում տալիս է այնպիսի հարցեր, որոնք նրանց կտային գործատուներն աշխատանքի ընդունվելիս։ Վազգենի խոսքով մագիստրոսական ծրագրի տարբերությունը կրթական այլ ծրագրերից ու դասընթացներից այն է, որ այստեղ ոչ թե սահմանափակ ժամանակում սկսնակ (junior) մասնագետներ են պատրաստում, այլ հիմնարար գիտելիքներ են տալիս, որ ուսանողները կարողանան աշխատանքի անցնել ավելր բարձր մակարդակներով (mid-level): Վահրամը կարևորում է այն փաստը, որ ծրագրում դասավանդում են հենց ոլորտում աշխատող մասնագետները, և ուսանողները հնարավորություն են ստանում նրանց փորձից սովորելու և նրանց հետ կապեր հաստատելու։ «Կարելի է միայն ակադեմիական հիմքը դնել, բայց դա հերիք չի լինելու ինդուստրիա մուտք գործելու համար։ Իսկ այդքան մարդու հետ ծանոթանալու, միաժամանակ նրանց փորձը լսելու գործընթացը, հասկանալու, թե ինչ հնարավոր խնդիրների կարող են առերեսվել․․․ Այդ ամեն ինչը շատ է օգնում ուսանողներին»,- ասում է նա։ Վազգեն Միքայելյանը նշում է՝ խոր ուսուցում առարկան ունի և՛ տեսական, և՛ գործնական հատվածներ, իսկ առարկայի ավարտին ուսանողներն արդեն կարողանում են ինքնուրույն մեքենայական ուսուցման մոդելներ ստանալ ու անգամ ավելի բարդ հանձնարարություններ կատարել։ Նա հիշում է, որ Krisp-ի խնդիրներից մեկը հանձնարարվել էր ուսանողներին, որոնք էլ նախնական աշխատանքներն արեցին ու փոխանցեցին ընկերության մասնագետներին։ Խնդիրը վերաբերում էր խոսքից լեզվի ճանաչմանը, այսինքն՝ պետք էր ստանալ մոդել, որը ձայնագրության հիման վրա կարողանում է հասկանալ, թե այն ինչ լեզվով է։ Ուսանողներն իրականացրին նախնական աշխատաքները, իսկ Krisp-ի մասնագետները զարգացրին ու ավարտին հասցրին մոդելը։   Շարժման ուղղության կառավարումը՝ անիմացվող նկարներում Մագիստրոսական ծրագրի ուսանողները գրում են ամենատարբեր թեմաներով թեզեր, որոնք համալրում են նրանց պորտֆոլիոները և օգնում աշխատանքի ընդունվելիս, երբեմն էլ դառնում գիտական հոդվածներ կամ ուղարկվում գիտական կոնֆերանսների։  Վահրամը, որն աշխատում է PicsArt-ի մեքենայական ուսուցման թիմում, որոշեց իր մագիստրոսական թեզի համար ընտրել այնպիսի թեմա, որն իր հետազոտական հետաքրքրությունների շրջանակում է։ Վահրամը պատմում է իր թեզի մասին Նա նշում է, որ համակարգչային տեսողության (computer vision) մեջ արդեն բավականին զարգացած է նկարների անիմացիայի խնդիրը, այսինքն՝ կան մեքենայական ուսուցման մոդելներ, որոնք կարողանում են նկարների հիման վրա տեսանյութեր ստանալ։ Վահրամի խոսքով, սակայն, դեռևս քիչ աշխատանքներ կան անիմացվող նկարներում շարժումների կառավարման ուղղությամբ։  Նա նշում է՝ խնդիրն առաջանում է հիմնականում այն պատճառով, որ ստացվող տեսանյութում շարժումը մի տեսակի չէ, այն կարող է վերաբերել տեսախցիկի, որևէ օբյեկտի (օրինակ՝ մարդու) կամ դրա ինչ-որ հատվածի շարժմանը։ Այդ պատճառով էլ դժվար է ստանալ մեքենայական ուսուցման այնպիսի մոդել, որն օգտարերերին հնարավորություն կտա նկարներ անիմացնելիս որոշելու, թե իրենց ուզած օբյեկտներն ինչ ուղղությամբ են շարժում։ Խնդիրը լուծելու համար Վահրամը վերցրեց մեքենայական ուսուցման այնպիսի մոդել, որն արդեն իսկ վարժեցված էր մեծաքանակ տվյալների վրա և կարողանում էր նկարներից տեսանյութեր ստանալ։ Մնում էր անել հաջորդ քայլը՝ մոդելին սովորեցնել կառավարել օբյեկտների ու սուբյեկտների շարժման ուղղությունը։ Դրա համար նրան անհրաժեշտ էր նկարներից կամ տեսանյութերից ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը կոնկրետ շարժում է բնութագրում։ Իսկ այդպիսի ինֆորմացիայի հրաշալի աղբյուր կարող էին լինել տեսանյութերը, որտեղ երևում էին մարդկանց շարժումներ։ Վահրամն ասում է, որ երբ կա այնպիսի տեսանյութ, որտեղ մարդը շարժում է, օրինակ, ձեռքը, ապա հնարավոր է մոտարկել ձեռքի շարժման հետագիծը, այսինքն՝ ծրագրին ցույց տալ, թե ձեռքն ինչ ուղղությամբ է շարժվել, որտեղից որտեղ է գնացել։ Նմանատիպ մեծաքանակ տվյալներ սովորելով՝ մոդելն արդեն կկարողանար ոչ միայն մարդկանց, այլև տարբեր այլ օբյեկտների ու սուբյեկտների շարժումները կառավարելու հնարավորություն տալ։ Հենց մարդկանց շարժում պարունակող տեսանյութերի հիման վրա էլ Վահրամը կարողացավ ստանալ նմանատիպ մոդել ու գրեց իր մագիստրոսական թեզը, որը նաև ուղարկեց միջազգային կոնֆերանսներից մեկին։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է Վահրամի մոդելը լուսանկարից ստացված տեսանյութում հնարավորություն տալիս որոշելու կոնկրետ օբյեկտի (տվյալ դեպքում՝ սև գնդի) շարժման ուղղությունը   Տարբեր գիտելիք ու փորձ ունեցող մարդիկ՝ նույն լսարանում Կարեն Քեռյանի խոսքով իրենց մագիստրոսական ծրագրի ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ ծրագրին տարիքային տարբեր խմբերի, ինչպես նաև կրթական և աշխատանքային ամենատարբեր փորձ ունեցող մարդիկ են դիմում։ Մարդիկ կան, որոնք Վահրամի նման արդեն աշխատում են PicsArt-ում, Krisp-ում կամ տեխնոլոգիական այլ ընկերություններում և փորձ ունեն, մարդիկ էլ կան, որ ոլորտում առաջին քայլերն են անում։ Վազգենն ասում է՝ անգամ մասնակից են ունեցել, որն առաջին մասնագիտությամբ փիլիսոփա է։ «Ամենաբարդը դա է, որ նույն լսարանում ծայրահեղ տարբեր գիտելիքներ ունեցող մարդիկ են»,- նշում է նա։ Ընդունելությունը տեղի է ունենում քննությունների հիման վրա․ ընդունվում են նրանք, ովքեր հաջողությամբ հանձնում են քննությունը՝ անկախ ֆակուլտետից, կրթությունից ու փորձից։ Վազգենը նշում է, որ եթե անգամ մարդիկ փորձ չունեն կամ ոլորտից չեն և հետաքրքրված են, կարող են դիմել․ եթե քննությունը հաջողությամբ հաձնեն, ուրեմն պոտենցիալ ունեն ծրագրում սովորելու։ Տարբեր գիտելիքներ ունեցող մարդկանց հետ աշխատելու համար կրթական ծրագիրն այնպես է մտածված, որ և՛ սկսնակները ստանան իրենց հարցերի պատասխանները, և՛ արդեն փորձ ունեցողները նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ունենան։ Վազգենն, օրինակ, դասերն անցկացնում է հետևյալ տրամաբանությամբ․ սկսում է շատ հիմնական թեմաներից՝ շեշտելով, որ նրանք, ովքեր գիտեն հնչած հարցերի պատասխանները, չպատասխանեն, հետո նաև այնպիսի հարցեր է տալիս, որոնց շուրջ հավասար մտածում են և՛ փորձ ունեցող, և՛ չունեցող ուսանողները։ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագիրն առաջին տարում ուներ 17 դիմորդ, որոնցից 12-ն ընդունվեցին։ Հինգ տարիների ընթացքում դիմորդների թիվն ավելացել է։ Անցած տարի, օրինակ, 50 դիմորդից ընդունվել է մոտ 30-ը։ Այս տարի էլ արդեն անցկացվել է քննությունների առաջին փուլը։ Եթե առաջին տարում ծրագրի համար կրթաթոշակներ էին հատկացնում գործընկեր տեխնոլոգիական ընկերությունները, ապա երկրորդ տարուց սկսած՝ կառավարությունը սահմանել է ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ տեղեր։ Ծրագրի ուսանողները, բացի հիմնական դասերից, ոլորտի մասնագետներին լսելու այլ հնարավորություններ էլ են ունենում․ ուսանողների համար արդեն սեմինարներ են անցկացրել ոլորտի տարբեր ընկերություններ, ինչպիսիք են NVIDIA-ն, Yandex-ը։ Կարեն Քեռյանն ասում է՝ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական են լինելու։ Մագիստրոսական ծրագրում դասավանդողների և մագիստրոսական թեզերի ղեկավարների թվում էլ արդեն կան մարդիկ, որոնք  նախորդ տարիների շրջանավարտներից են։   Գլխավոր լուսանկարում՝ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի՝ 2024 թ․ շրջանավարտները (նկարը՝ Կարեն Քեռյանի արխիվից) Աննա Սահակյան
21:25 - 21 հուլիսի, 2024
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը չինացի գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական նոր ծրագրեր է սկսում

Հայաստանում սկիզբ է դրվում ընտանեկան միջերկրածովյան տենդի (հայտնի է որպես երևանյան հիվանդություն) ախտորոշման և բուժման, ինչպես նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ուղղությամբ հետազոտական նոր ծրագրերի։ Հետազոտություններն իրականացվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում (ՄԿԻ) չինացի գործընկերների հետ համագործակցությամբ։   Համագործակցություն, որը սկսվեց դեռ համավարակի շրջանում Այս համագործակցության հիմքերը դրվել են դեռ մի քանի տարի առաջ՝ կորոնավիրուսային համավարակի շրջանում։ ՄԿԻ-ն այդ ժամանակ սկսեց կորոնավիրուսի ախտորոշման թեստեր (ՊՇՌ թեստեր) արտադրել։  ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը հիշում է, որ այդ շրջանում ինստիտուտի գիտաշխատողներից Լիլիթ Ներսիսյանը հետազոտություններ էր իրականացնում Շվեդիայում՝ Կարոլինսկայի համալսարանում, որտեղ ծանոթացավ Շանդոնգի Առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջի պրոֆեսոր Շուշան Յինի հետ։ Երբ պրոֆեսոր Յինն իմացավ, որ Հայաստանում գիտնականները ցանկանում են ՊՇՌ թեստեր արտադրել, առաջարկեց իր օգնությունը։  Արսեն Առաքելյանը պատմում է, որ պրոֆեսոր Յինը ոչ միայն ՊՇՌ թեստերի մշակման հարցում խորհրդատվություն տրամադրեց, այլ նաև օգնեց լուծել լոգիստիկ խնդիրները, և չինական մի քանի կազմակերպություններից թեստերի համար անհրաժեշտ նյութերը  մատակարարվեցին Հայաստան։ Շուշան Յինը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ՄԿԻ գիտանականների և պրոֆեսոր Յինի միջև կապը պահպանվեց, կապեր հաստատվեցին նաև Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի հետ։ 2023-ի դեկտեմբերին էլ ՄԿԻ-ից պատվիրակություն մեկնեց Չինաստան՝ քննարկելու համագործակցության նոր ծրագրեր։  «Հիմնականում քննարկումներ էին գնում, թե այս պահին աշխարհում նորագույն ինչ մոտեցումներ կան գենետիկական հիվանդությունների թերապիայի մշակման ուղղությամբ, ինչպես նաև քաղցկեղի բուժման նորագույն մեթոդների ուղղությամբ, և արդյո՞ք դա հնարավոր է ինչ-որ չափով տեղայնացնել Հայաստանում»,- ասում է Արսեն Առաքելյանը։ Ի վերջո, որոշվեց համագործակցությունը շարունակել երկու ուղղությամբ․ առաջինն ընտանեկան միջերկրածովյան տենդի ախտորոշման, բուժման մեթոդների մշակումն է, երկրորդը՝ քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ներդրումը Հայաստանում։ Այս շաբաթ Հայաստանում էր Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ քննարկելու համագործակցության հետագա ընթացքը։   Հիվանդություն, որը խնդիր է հատկապես Հայաստանի համար Ընտանեկան միջերկրածովյան տենդը (հանդիպում է նաև պարբերական հիվանդություն, երևանյան հիվանդություն անուններով) գենետիկական հիվանդություն է, որն առաջանում է մարդու MEFV  կոչվող գենում տեղի ունեցած մի շարք մուտացիաների (փոփոխությունների) արդյունքում և կարող է ժառանգաբար փոխանցվել։ Այս հիվանդությունը, որն ուղեկցվում է պարբերաբար առաջացող բորբոքային գրոհներով, ջերմությամբ և ցավի նոպաներով, հանդիպում է հիմնականում Միջերկրական ծովի ավազանում բնակվող ազգերի, այդ թվում՝ հայերի մոտ։ Ընտանեկան միջերկրածովյան տենդի դեմ կա դեղամիջոց՝ Կոլխիցինը, բայց այն ոչ թե բուժում է հիվանդությունը, այլ մեղմում է հետևանքները։ Արսեն Առաքելյանը նշում է, որ սա գենետիկական հիվանդությունների համար ընդհանուր խնդիր է․ մեղմող դեղեր կան, բայց այդ հիվանդություններից քչերն ունեն բուժման մեթոդներ, սակայն վերջին շրջանում նոր զարգացումներ կան գենային թերապիաների ոլորտում։ Նրա խոսքով ՄԿԻ-ում իրականացվում են տարաբնույթ հետազոտություներ՝ ուղղված ընտանեկան միջերկրածովյան տենդի զարգացման և ընթացքի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նոր դեղամիջոցների և թերապիաների մշակմանը։  «Ինստիտուտի Կենսաբանական պրեցեսների մեդելավորման լաբորատորիայում համակարգչային մոդելավորման մոտեցումների կիրառմամբ հետազոտվում են մուտացիաների ազգեցությունը MEFV գենով կոդավորվող պիրին ստիտակուցի կառուցվածքի, ֆունկցիայի և փոխազդեցությունների վրա։ Փնտրվում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք կարող են փոխարինել Կոլխիցինին՝ միաժամանակ դրսևորելով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։ Մոլեկուլային և բջջային իմունաբանության լաբորատորիան հետազոտում է իմունային բջիջների ենթատիպերի դերը հիվանդության ընթացքում և մուտացիաների ազդեցությունը իմունային բջիջների ինքնաբուխ ակտիվացման վրա»,- նշում է Արսեն Առաքելյանը։  Շանդոնգի առաջին բժշկական համալսարանն էլ զբաղվում է քրոնիկ և հազվագյուտ հիվանդությունների հետազոտություններով, դրանց մոլեկուլային ախտորոշման, կանխարգելման և թերապիայի մեթոդների մշակմամբ։ ՄԿԻ-ում այժմ ցանկանում են չինացի գործընկերների՝ հազվագյուտ հիվանդությունների հետազոտությունների փորձը Հայաստանում կիրառել ընտանեկան միջերկրածովյան տենդի համար։  Գիտնականներին արդեն հայտնի են MEFV գենի մի շարք մուտացիաներ, որոնց պատճառով առաջանում է ընտանեկան միջերկրածովյան տենդը։ Հիվանդության ախտորոշումն իրականացվում է հենց այդ մուտացիաների հիման վրա, այսինքն՝ հիվանդությունը հաստատվում է, եթե բուժառուի MEFV գենում այդ մուտացիաներն առկա են։ Սակայն երբեմն պատահում է, որ ախտորոշիչ թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, սակայն բուժառուի մոտ հիվանդության ախտանշանները կան։ Սա գիտնականներին հիմք է տալիս ենթադրելու, որ MEFV գենի այլ մուտացիաներ ևս կարող են հիվանդության առաջացման պատճառ լինել։  Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ ՄԿԻ-ն նախ մշակելու է MEFV գենում մուտացիաների սկրինինգային թեստեր, որոնք հնարավորություն կտան իրականացնելու լայնածավալ սկրինինգային ծրագիր Հայաստանի բնակչության շրջանում։  Սկրինինգային թեստերը մշակվելու են MEFV գենի ամենատարածված մուտացիաների հիման վրա։ Սկրինինգ իրականացվելու է ոչ թե այն մարդկանց շրջանում, որոնց մոտ հիվանդությունը հաստատված է, այլ ավելի լայն հանրության շրջանում։ Նպատակն է հասկանալ, թե բնակչության մոտավորապես քանի տոկոսն է MEFV գենի մուտացիաների կրող։ Երբ սկրինինգի արդյունքում պարզ դառնա, թե ովքեր են մուտացիաների կրող, կիրականացվի նրանց MEFV գեների ամբողջական սեքվենավարում, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե գենի որ մուտացիաները կարող են պատասխանատու լինել հիվանդության զարգացման համար (սեքվենավորել նշանակում է հատուկ սարքի միջոցով վերծանել որևէ օրգանիզմի, այդ թվում՝ մարդու բոլոր գեների կամ առանձին վերցրած որևէ գենի կառուցվածքը)։  «Սեքվենավորումը թույլ կտա ընդլայնել առկա գիտելիքները մուտացիաների և հիվանդության զարգացման միջև»,- նշում է Արսեն Առաքելյանը։  ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիան Հայ-Ռուսական համալսարանի Գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի հետ համատեղ արդեն մշակել և արտոնագրել է ամբողջական MEFV գենի սեքվենավորման մեթոդ, որը թույլ է տալիս ստանալ գենում առկա բոլոր մուտացիաների մասին տեղեկություններ: Հետազոտությունների հաջորդ փուլը լինելու է գենային թերապիայի կամ գենային ճարտարագիության մեթոդների մշակումը։ Այս մեթոդները թույլ են տալու հիվանդի իմունային բջիջներ ներմուծել MEFV գենի «առողջ» (չմուտացված) տարբերակը կամ  գենոմի խմբագրման մեթոդներով շտկել գենի այն մուտացիաները, որոնք առաջացնում են ընտանեկան միջերկրածովյան տենդը, հետևաբար՝ բուժել հիվանդությունը։ ՄԿԻ-ն ու Գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը մշակվել են նաև բուժառու-սպեցիֆիկ ցողունային բջիջների ստացման մեթոդ (iPSC)։   Ցողունային բջիջները չտարբերակված բջիջներ են, որոնք ունեն տարբեր տեսակի մասնագիտացված բջիջների վերածվելու եզակի հատկություն։ Այս մեթոդը հնարավորություն կտա բուժառուներից ստանալու ցողունային բջիջներ և դրանցով իրականացնելու ընտանեկան միջերկրածովյան տենդի՝ գենոմի խմբագրմամբ բուժման մեթոդների մշակման գործընացը։   Քաղցկեղի դեմ բջջային թերապիայի ներդրումը Հայաստանում ՄԿԻ-ն չինացի գործընկերների հետ համագործակցություն է սկսում նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիայի որոշ մեթոդներ Հայաստանում ներդնելու ուղղությամբ։ Շուշան Յինն իր կարիերայի ընթացքում տեխնոլոգիական մի քանի ընկերություններ է հիմնադրել։ Այժմ նա ղեկավարում է 2021-ին հիմնադրված RockRock Biotechnology ընկերությունը, որը զբաղվում է ոչ արյան քաղցկեղների (օրինակ՝ թոքերի, լյարդի, կրծքագեղձի) դեմ բջջային թերապիաների մշակման աշխատանքներով։ Նախ հասկանանք՝ ինչպես է աշխատում բջջային թերապիան։ Քաղցկեղ առաջանում է այն ժամանակ, երբ մարդու որոշ բջիջներ սկսում են անոմալ աճել ու բազմանալ՝ տարածվելով օրգանիզմում։ Իմունային բջիջներին ոչ միշտ է հաջողվում վնասել քաղկցեղային բջիջները և կանխել դրանց բազմացումն ու տարածումը։ Բջջային թերապիան քաղցկեղի բուժման մեթոդ է, որի ժամանակ իմունային բջիջները ձևափոխվում են այնպես, որ կարողանան ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղային բջիջների դեմ։ Հուլիսի 8-ին Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայիում (ԳԱԱ) էր։ Պրոֆեսոր Շուշան Յինը ԳԱԱ-ում դասախոսություն ունեցավ՝ ի թիվս այլնի խոսելով նաև քաղցկեղի դեմ բջջային թերապիաների մասին։  Շուշան Յինը դասախոսություն է կարդում ԳԱԱ-ում RockRock Biotechnology-ն ուսումնասիրում և կիրառում է բջջային թերապիայի երկու տեխնոլոգիա՝ CAR-T և CAR-M: Նախ հասկանանք` ինչեր են սրանք։ T բջիջները մեր իմունային համակարգի բջիջներից են, որոնք կիրառվում են քաղցկեղի բուժման նպատակով։ Մասնավորապես՝ քաղցկեղ ունեցող մարդկանցից վերցվում են T բջիջներն ու գենետիկորեն փոփոխվում այնպես, որ կարողանան արտադրել հատուկ մոլեկուլներ՝ սպիտակուցներ, որոնք կոչվում են քիմերային հակագենային ընկալիչներ (անգլերեն՝ chimeric antigen receptors, աստեղից էլ՝ CAR հապավումը  և բուժման մեթոդի անվանումը՝  CAR-T)։ Գենետիկորեն փոփոխված T բջիջները հետ են ներարկվում հիվանդին և սկսում արտադրել CAR սպիտակուցներ, որոնք էլ կարողանում են գտնել ու կապվել քաղցկեղային բջիջներին՝ օգնելով, որ T բջիջները վնասեն դրանք։ Պրոֆեսոր Յինն ասում է՝ սա նման է նրան, երբ որևէ պետություն բավարար զինվորներ չունի կռվելու համար, և դրսից զինվորեր են բերվում, որ նրանք մասնակցեն կռվին։ Նույն կերպ էլ, քանի որ T բջիջներն ինքնուրույն չեն կարողանում հաղթել քաղցկեղային բջիջներին, դրանք փոփոխվում են այնպես, որ կարողանան արտադրել CAR սպիտակուցներ, իսկ վերջիններս էլ օգնում են նրանց քաղցկեղային բջիջների դեմ «կռվում»։ Իր դասախոսության ընթացքում Շուշան Յինը խոսեց նաև CAR-T թերապիայի թերությունների մասին․ այս թերապիայի գինը բավականին բարձր է, այն արդյունավետ է հիմնականում արյան քաղցկեղների դեմ և մեծամասամբ անարդյունավետ է թոքի, լյարդի, կրծքագեղձի և այլ քաղցկեղների դեմ։ Գոյություն ունի բջջային թերապիայի մեկ այլ տեսակ, որի արդյունավետության մասին գիտության մեջ սկսել է խոսվել շատ ավելի ուշ, քան CAR-T թերապիայի մասին։ Խոսքը CAR-M տեխնոլոգիայի մասին է, որի դեպքում քաղցկեղային բջիջների դեմ պայքարելու համար օգտագործվում են իմունային այլ բջիջներ, որոնք կոչվում են մակրոֆագներ (անգլերեն՝ macrophage, այստեղից էլ  CAR-M անվանումը)։ Ի տարբերություն  CAR-T տեխնոլոգիայի՝ CAR-M-ի դեպքում օրգանիզմից անջատվում և գենետիկորեն փոփոխվում են մակրոֆագները, որոնք հետ են ներարկվում օրգանիզմ ու սկսում CAR սպիտակուցներ արտադրել։ Այս տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ այն արդյունավետ է նաև ոչ արյան քաղցկեղների դեմ։ Հենց այդ պատճառով էլ պրոֆեսոր Յինի ընկերությունը սկսել է զբաղվել նաև CAR-M տեխնոլոգիայի կիրառմամբ թերապիայի մշակմամբ։ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի և  RockRock Biotechnology-ի հետ համագործակցությամբ ՄԿԻ-ին նախատեսում է Հայաստանում ներդնել CAR-T և CAR-M տեխոնոլոգիաները։   Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ԳԱԱ-ում Գիտությունների ազգային ակադեմիա այցի ընթացքում Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Շինչանգ Հանը նշեց՝ իրենց Հայաստան գալու հիմնական նպատակը Հայաստանի հետ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և բուժման ուղղությամբ համագործակցություն սկսելն է։ Լուսանկարում՝ ձախից աջ՝ Շուշան Յինը, Շինչանգ Հանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորեց կորոնավիրուսային համավարակի շրջանում պրոֆեսոր Շուշան Յինի ցուցաբերած աջակցությունն ու նրան շնորհեց ԳԱԱ հոբելյանական մեդալ։  Աշոտ Սաղյանը նշեց, որ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակության այցը մեծ հնարավորություն է քննարկելու գիտական և կրթական նոր համագործակցությունները։ Աշոտ Սաղյանը ԳԱԱ հոբելյանական մեդալ է շնորհում Շուշան Յինին ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը ասում է, որ իրենց ինստիտուտի, Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի և  RockRock Biotechnology ընկերության համատեղ ծրագրերն ու գաղափարները ներկայացվել են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։  «Նախարարը հաստատեց այս ծրագրերի կարևորությունը Հայաստանում քաղցկեղների և գենետիկական հիվանդությունների դեմ պայքարում որակական փոփոխությունների համար։ Նա առաջարկեց մոտ ապագայում հայկական և չինական գործընկերներին ներկայացնել նախատեսվող մշակումների վերաբերյալ պլանը՝ ավելի մանրակրկիտ քննարկման համար»,- նշում է նա։ ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով համագործակցության շրջանակում իրենց ինստիտուտի ասպիրանտներն առաջիկայում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վերապատրաստման ծրագրով մեկնելու են Չինաստան՝ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի Կենսաբժշկության քոլեջ, և վերապատրաստում են անցնելու՝ ծանոթանալով այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են հետազոտական նոր ուղղությունների համար։ Հաշվի առնելով, որ հետազոտությունները բազմապրոֆիլ են, աշխատանքներում ներգրավվելու են ՄԿԻ տարբեր լաբորատորիաներ և խմբեր, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնը։ Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ԳԱԱ-ում Արսեն Առաքելյանը նշում է, որ իրենք նաև քննարկումներ են ունեցել բժշկական համայնքի ներկայացուցիչների հետ, և վերջիններս ևս հետաքրքրված են հետազոտական այս նոր ուղղություններով։ «Մեր ամբողջ նպատակն այն է, որ ստանանք արդյունք, որը հետո հնարավոր կլինի կիրառել հենց Հայաստանում ու հենց կոնկրետ հիվանդությունների բուժման համար։ Ընթացքում, իհարկե, կունենանք մեծաքանակ ֆունդամենտալ հետազոտություններ, արդյունքներ, բայց վերջնարդյունքը, որ տեսնում ենք մեր առջև, Հայաստանում քաղցկեղի ու գենետիկ հիվանդությունների ժամանակ նորագույն տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու հնարավորությունն է»- ասում է ՄԿԻ տնօրենը։   Գլխավոր լուսանկարում՝ ՄԿԻ գիտնականներն ու Շանդոնգի առաջին բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատանը (լուսանկարում՝ աջից ձախ՝ ՄԿԻ գիտաշխատող, Հայաստանի կենսաինֆորատիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանը, ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանը, Շուշան Յինը և Շինչանգ Հանը)։   Աննա Սահակյան  
18:58 - 11 հուլիսի, 2024
Դատարանը վճռեց մեղավոր ճանաչել Վլադիմիր Գասպարյանին եւ Լեւոն Երանոսյանին․ նրանք համաներմամբ ազատ արձակվեցին

Դատարանը վճռեց մեղավոր ճանաչել Վլադիմիր Գասպարյանին եւ Լեւոն Երանոսյանին․ նրանք համաներմամբ ազատ արձակվեցին

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով դատավճիռը։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնման (2 դրվագ) եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման (2 դրվագ) մեջ (նախկին ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր, 308-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ազատվել է պատժի կրումից հանցանքի կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են օրենքով սահմանված ժամկետները։ Վերոնշյալից բացի, Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար (գործող ՔՕ-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման։ Գասպարյանը նույն հանցանքի մեջ մեղավոր է ճանաչվել մեկ այլ դրվագով եւ դարձյալ դատապարտվել 5 տարի ազատազրկման։ Որպես վերջնական, հանրագումարային պատիժ նշանակվել է 6 տարի ժամկետով ազատազրկումը, սակայն նա համաներմամբ ազատվել է պատժի կրումից։ Գասպարյանի նկատմամբ համաներումը կիրառվել է «Համաներման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ անձինք, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։ Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով վատնման, պաշտոնեական կեղծիքի եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ  (նախկին ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր, 308-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ազատվել է պատժի կրումից հանցանքի կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Միաժամանակ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար (գործող ՔՕ-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) եւ դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ եւս կիրառվել է նույն հիմքով համաներումը։ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան դրդելու համար եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։ Միաժամանակ Թունյանը մեղավոր է ճանաչվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։ Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու մեջ եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։ Միաժամանակ դատարանը վճռել է մասնակի բավարարել Դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը եւ Լեւոն Երանոսյանից, Վարդան Թունյանից եւ Գուրգեն Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտորեն բռնագանձել 7․954․103 ՀՀ դրամ գումար որպես նրանց կողմից Վահրամ Ղազարյանին դասակի հրամանատարի պարտականությունները կատարելու դրվագով վնասի հատուցում։ Վարդան Թունյանից պետք է բռնագանձվի նաեւ 6․513․235 ՀՀ դրամ որպես խոշոր չափերով յուրացման եղանակով հափշակություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագներով պատճառված վնասի հատուցում։ Պետությանը պետք է վերադարձվի նաեւ Վլադիմիր Գասպարյանի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դրվագով որպես փոխհատուցում Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին մուծած  54․790․433-ից ՀՀ դրամից 21․691․481 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը թողնվում է վարույթն իրականացնող մարմնի տնօրինմանը։ Պետությանն է վերադարձվում նաեւ Հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվին մուծված 8․833․362 ՀՀ դրամը։ Վլադիմիր Գասպարյանից որպես դատական ծախս կգանձվի 200․000 ՀՀ դրամ։ Դատարանի վճռով՝ Գասպարյանի գույքի վրա բացառապես այս գործով դրված կալանքը կվերացվի, մյուսներինը կպահպանվի։  Մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կպահպանվի նաեւ ամբաստանյալների նկատմամբ կիրառված երկրից բացակայելու արգելքը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան այն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում։ Հիշեցնենք՝ այս քրեական գործը դատարան էր ուղարկվել 2020 թ․-ի ամռանը։ Այն առնչվում է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցնելու տարիներին կատարված կոռուպցիոն հանցագործություններին։ Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել էր  ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել էր շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Գասպարյանն ու մյուսները առաջադրված մեղադրանքները չեն ընդունել։ Քրեական գործի մանրամասները՝ այստեղ։   Միլենա Խաչիկյան
15:44 - 09 հուլիսի, 2024
Քաղաքացիները չեն կարողանում մոտենալ իրենց սեփականությանը. նախագծված, բայց չկառուցված ճանապարհը

Քաղաքացիները չեն կարողանում մոտենալ իրենց սեփականությանը. նախագծված, բայց չկառուցված ճանապարհը

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելու է այդտեղ, թե ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։  Քաղաքային իշխանությունն արդեն 3 տարի է՝ քայլեր չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ  Մեր այցելության ժամանակ Արփին, սյուներից բռնվելով, դժվարությամբ բարձրանում էր անմշակ, զառիթափ տարածքով՝ տնից դեպի մայրուղի տանող հատված դուրս գալու համար․ «Հողը գնելիս, բնականաբար, եկել ենք տարածքը նայելու, եւ փաստաթղթերը համադրելով՝ հասկացել ենք, որ ցավոք սրտի, ճանապարհը կառուցված չէ։ Հաշվի առնելով, որ ոչ ոք ոչինչ չի արել այս տարածքում, ենթադրել ենք, որ ժամանակ չի եղել, կդիմենք քաղաքապետարան, հարցը կլուծվի»,- պատմում է Արփին։ Արդեն 3 տարի է, սակայն, հարեւաններով փորձում են Երևանի քաղաքապետարանից խնդրի լուծման վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալ։ Բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ քաղաքային իշխանությունը նշել է միայն, որ հարցն ուսումնասիրում են․ «Նաեւ 2 անգամ հանդիպել ենք Տիգրան Ավինյանի հետ․ մի անգամ՝ Արաբկիրի համայնքապետարանում, երբ դեռ փոխքաղաքապետ էր, երկրորդ անգամ՝ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Դա 2023 թ․ սեպտեմբերի սկիզբն էր, այդ ժամանակ էլ, սկզբում էլ ասաց՝ սեպտեմբերի 15-ին ձեր ճանապարհը կբացվի, այդ սեպտեմբերի 15-ը մինչեւ հիմա չի գալիս»,- նշում է Արփին ու հավելում՝ այս ընթացքում հարեւաններից մեկի շինթույլտվության ժամկետն ավարտվեց, բայց նա այդպես էլ չկարողացավ շինարարությունը սկսել, որովհետեւ շինտեխնիկան հողին մոտեցնել չկարողացավ։  Դեղինով եզրագծված հատվածը հատակագծով նախատեսված ճանապարհն է, որի շուրջբոլորը հողատարածքներ են, իսկ կարմիրով եզրագծվածը՝ Արփի Խալաթյանի հողատարածքը Չկառուցված ճանապարհի հատվածում հողազավթումներ են եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել Մինչ խնդիրը կլուծվեր, շինտեխնիկան եւ շինանյութը տեղափոխելիս Արփի Խալաթյանն ու իր ամուսինը օգտվել են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհից։ Վերջինս համայնքային հողամասով անցնող, անմշակ տարածք է, որով մուտք են գործել իրենց մեկ այլ հարեւանի հողամաս, այնտեղից էլ՝ իրենց հողամաս։  Դա եղել է 2022 թ․-ին։ Հենց այդ ժամանակ էլ պատահմամբ նկատել են, որ իրենց հողատարածքի հարեւանությամբ գտնվող համայնքային հողամասը, որտեղով կառուցվելու դեպքում պիտի անցնի ճանապարհը, շրջափակված է երկաթբետոնե ցանկապատով․ «Իմ առաջին դիմումը Քաղաքապետարանին հենց այդ մասին է եղել (հարեւաններից մեկը ճանապարհի հարցով ավելի վաղ՝ 2021-ին է դիմել,-հեղ․), որ մեր ճանապարհի հողը զավթված է։ Դեռեւս այդ ժամանակ, երբ Քաղաքապետարանից մարդ եկավ, ակնհայտ 1000 քմ զբաղեցնող ցանկապատը ոչ ոք չնկատեց, ասաց՝ այստեղ քաղաքաշինության դեպք չեմ տեսնում։ Շատ լավ, գուցե շենք-շինություն չկար, բայց այդ բետոնե ցանկապատը, որը փակում էր համայնքային այդ մեծ կտորը, քաղաքաշինության դեպք չէ՞ր»,- ասում է Արփին։ Զավթված հողատարածքը,  2023 թ․, ապրիլ  Նրա խոսքով՝ իր և հարեւանների հետեւողականության շնորհիվ ցանկապատը հանվեց տարածքից․ «Մարտին տեղի ունեցած ավագանու նիստում ավագանու անդամներից մեկը բարձրաձայնեց այդ մասին, եւ դրանից հետո օրերի ընթացքում եկան, ստիպեցին հանել երկաթե սյուները։ Բայց հետքերը ամբողջությամբ մաքրված չեն, տնկիները, ծղոտե տաղավարը դեռ վերացնել է պետք»։ Քաղաքապետարանից բացի՝ քաղաքացիները կոլեկտիվ դիմումներ են ներկայացրել նաեւ վարչապետի աշխատակազմ, Պետական վերահսկողական ծառայություն եւ Հակակոռուպցիոն կոմիտե։ Ի վերջո, ապրիլին նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ այժմ կատարվում է նախաքննություն։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ինֆոքոմին» տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձանց կողմից հողերի ինքնակամ զավթումը չվերացնելու դեպքի առթիվ (Քրեական օրենսգքրի 447-րդ հոդվածի 1-ին մաս): Վեճը այժմ Վերաքննիչ վարչական դատարանում է Քաղաքացին, որը աշխատանքներ էր կատարել այդ տարածքում, Սերգեյ Սանթրոսյանն է։ Նա 2022 թ․ մայիսին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել այդ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրել իրեն։ Նշենք, որ Հողային օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, որոնք ավելի քան 10 տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, իրավական որոշակի այլ հիմքերի առկայության դեպքում ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք։ Վարչական դատարանը, դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ, այս տարվա փետրվարին մերժել է հայցը՝ արձանագրելով, որ գործում առկա չէ որեւէ վերաբերելի եւ թույլատրելի ապացույց առ այն, որ հայցվորը ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտագործել է վիճելի հողատարածքը։  Սերգեյ Սանթրոսյանը այս վճիռը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան։ Գործով դատական նիստ է նշանակվել 2025 թ․ հունվարին։  Մեր զրույցում, անդրադառնալով այս թեմային, Սերգեյ Սանթրոսյանը նախ ասաց, որ դա իր հողն է, իսկ երբ պնդեցինք, որ համայնքային սեփականություն է, ասաց․ «Համայնքային է՝ համայնքի տիրապետության տակ է, բայց Վերաքննիչ դատարանը Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է»։ Ի պատասխան դիտարկմանը, որ քաղաքացիները մտահոգություն ունեն, որ այդ հողատարածքի մասնավորեցումը կարող է խոչընդոտել ճանապարհի կառուցմանը, Սանթրոսյանն ասաց․ «Ինչի՞ համար է այս հարցը։ Ուրեմն՝ ես ինչ անեմ, սեփականատերերին պիտի մտահոգի՞։ Դա իրենց չվերաբերող հարց է»։ Նոր հողահատկացումներ՝ հողային այս թնջուկում. ըստ Արփի Խալաթյանի՝ փակվում է նաև իրենց այլընտրանքային ճանապարհը  Հունիսին, երբ Արփի Խալաթյանը կադաստրային քարտեզն ուսումնասիրելիս է եղել, պատահմամբ պարզել է, որ իրենց համար այլընտրանքային ճանապարհ հանդիսացող հողամասը մասնավորեցվել է։ Երեւան համայնքը այն որպես նվիրատվություն տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը, վերջինս էլ անհատույց սեփականության իրավունքով հողամասը տրամադրել է քաղաքացի Արմեն Մովսեսյանին․ «Հաշվի առնելով, որ մեր ճանապարհը պիտի Թբիլիսյան խճուղուց իջնի, բավականին մեծ թեքություն է ունենալու, եւ այդտեղ պիտի շատ կտրուկ շրջադարձ կառուցվի, այդ կտորը բավականին լայն էր, կբավարարեր այդ թեքության վրա [շրջադարձ կառուցելու,-հեղ․], իսկ հիմա պոտենցիալ ճանապարհի համար մնացել է 5 մետր տարածք։ Բացարձակ պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ նմանատիպ ճանապարհի համար այդ 5 մետրը չեղածի հաշիվ է»,- վրդովվում է Արփի Խալաթյանը՝ ընդգծելով, որ դիմումներից մեկում քաղաքապետարանին անգամ խնդրել էին զերծ մնալ հնարավոր հողահատկացումներից, մինչեւ ճանապարհի խնդիրը լուծում կստանար։ Օրերս հարեւանները դիմում են գրել քաղաքապետարան՝ պարզաբանում պահանջելով այդ նվիրատվության վերաբերյալ։ Հունիսի 1-ին էլ Արփին է հերթական անգամ դիմել՝ խնդրելով հայտնել՝ չավարտվեցի՞ն արդյոք այդ ուսումնասիրությունները․ «2023 թ․ հոկտեմբեր ամսին, երբ իմ հերթական դիմումին քաղաքապետարանից պատասխանել էին, որ այդ հարցով կատարում են ուսումնասիրություններ, նույն օրերի ընթացքում տեղի է ունեցել այս հողահատկացումը։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, բա եթե հենց այնպես է, ինչո՞ւ մեր օրինական պահանջը 3 տարի չի բավարարվում, ի՞նչ է, քաղաքապետարանի վարչությունները իրարից տեղյակ չե՞ն, քաղաքապետը տեղյակ չէ՞, որ մի մետր այս կողմ ճանապարհ չկա, մի մետր այն կողմ հող են հատկացնում, դա քաղաքային պլանավորման խայտառակ ֆիասկո է»։ Ճանապարհ եւ դեպի իրենց հողատարածք մեքենայով հասանելիություն չունենալու դեպքում Արփին այլ ելք չի տեսնում, քան դատական կարգով քաղաքապետարանից փոխհատուցում պահանջելը.  «Եվ եթե հիմա ես քաղաքապետարանին դատի տամ, ինձ պետք է փոխհատուցվի ոչ միայն շուկայական արժեքը, այլ նաեւ իմ հիպոթեքը։ Ես դա ինչի՞ համար եմ վերցրել, վերցրել եմ, որովհետեւ քաղաքապետարանը ինձ տվել է շինթույլտվություն։ Շինթույլտվություն տալը նշանակում է, որ այստեղ կա հստակ պլանավորում՝ գնա, տունդ սարքիր, ճանապարհը կա կամ կկառուցենք, գոնե այդպես»,- ասում է Արփին՝ ընդգծելով, որ իրենց խնդիրը քաղաքապետարանից գումար կորզելը չէ, իրենք այդ տարածքը շատ սիրում են եւ համարում են հեռանկարային, հետեւաբար ավելի նախընտրում են ճանապարհի կառուցումը։ Ո՞ւմ է պետությունը նվիրել այլընտրանքային ճանապարհը փակող հողակտորը  Քաղաքացի Արմեն Մովսեսյանը, որին տրվել է այդ հողատարածքը, նախկին բռնադատված Կորյուն Մովսեսյանի իրավահաջորդն է։ Կորյուն Մովսեսյանը դեռ 2008 թ․-ին դատական հայց է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ խնդրելով վերջինիս պարտավորեցնել, որ իրեն՝ որպես բռնադատվածի, տրամադրի հողատարածք իր նախկին բնակության վայրում, որը, ըստ Կորյուն Մովսեսյանի, Թբիլիսյան խճուղու հարակից նույն այդ հողամասերի կենտրոնական մեկ այլ տարածքում է։ Դատական երկարատեւ քաշքշուկից հետո՝ 2018 թ․-ին, ի վերջո կայացվել է վճիռ, որով Մովսեսյանի հայցը բավարարվել է մասնակի։ Դատարանն արձանագրել է, որ քաղաքապետարանը, դեռեւս 2005 թ․-ին վկայակոչելով դիմումատուի իրավական կարգավիճակը վատթարացնող իրավական ակտ, ըստ էության, անհիմն է մերժել նրա դիմումը: Միաժամանակ արձանագրել է, որ գործի նյութերում առկա փաստաթղթերով հնարավոր չէ իրավաչափ եզրահանգման գալ առ այն, որ Մովսեսյանի մատնանշած հողամասը նույնական է իր նախկին բնակության վայրի հետ, եւ այդ փաստը մնում է չապացուցված: Դրանից բացի, թեեւ մինչեւ գործի վերջնական ընթացքը քաղաքապետարանին արգելվել էր աճուրդի հանել այդ հողամասը, դա փաստացի չի կատարվել, եւ հողամասը մասնակի վաճառվել է երրորդ անձանց։ Արդյունքում, դատարանը եզրահանգել է, որ  Կորյուն Մովսեսյանի մատնանշած նախկին բնակության վայրի հողամասից 800քմ հատկացնել այլեւս հնարավոր չէ․ «Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ Երեւանի քաղաքապետարանը չի ներկայացրել որեւէ թույատրելի եւ վերաբերելի ապացույց եւ/կամ փաստարկ առ այն, որ տվյալ փաստը հանգեցնում է Կորյուն Մովսեսյանի նախկին բնակության այլ վայրում նրա իրավահաջորդին հողամաս հատկացնելու անհնարինության»,- վճռել է դատարանը՝ պարտավորեցնելով Կառավարությանը Մովսեսյաններին անհատույց սեփականության իրավունքով հատկացնել հողամաս: Այս տարվա մարտի 3-ին Երեւան համայնքը 0․07997 հա մակերեսով հողատարածքը որպես նվիրատվություն տրամադրել է պետությանը, վերջինս էլ մարտի 25-ին այն անհատույց սեփականության իրավունքով նվիրել է Արմեն Մովսեսյանին (հետագայում նա նվիրել է իր որդուն՝ Արամ Մովսեսյանին)։ Կառավարության նվիրատվությունից մեկ ամիս չանցած՝ մայիսի 16-ին, Արմեն Մովսեսյանը այդ հողատարածքից 0․039 հա մակերեսով հատվածը վաճառել է նույն Սերգեյ Սանթրոսյանին։ Սերգեյ Սանթրոսյանը մեր զրույցում ասաց, որ իր հողատարածքը ոչ ոքի չի խոչընդոտում, եւ ըստ չափումների՝ շրջադարձի կառուցման համար եւս տեղ կա։ Նրա կարծիքով՝ եթե ճանապարհը նախագծված է, ապա կկառուցվի։ Դեղինով նշված 0335 հողատարածքը՝ Արամ Մովսեսյանինը, 0336-ը՝ Սերգեյ Սանթրոսյանինը Երեւանի քաղաքապետարանն ու ՏԿԵՆ-ը բովանդակային տեղեկություններ չեն հայտնում Գրավոր հարցմամբ դիմել ենք Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ճանապարհը ինչու կառուցված չէ, եւ նախատեսվում է կառուցել, թե ոչ։ Չկառուցելու դեպքում խնդրել ենք հայտնել պատճառները եւ այն, թե ինչպես են պատրաստվում լուծել այդ խնդիրը։ Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ եթե պատրաստվում է կառուցել, նվիրատվություն կատարելիս հաշվի առե՞լ է, որ այդ հողատարածքի՝ հետագայում հնարավոր մասնավորեցումը կարող է խոչընդոտել համայնքային նշանակության ճանապարհի կառուցմանը, քաղաքային պլանավորման համատեքստում ի՞նչ երաշխիքներ կամ այլընտրանքներ են դիտարկվել հնարավոր այդ ռիսկը չեզոքացնելու համար։ Նույնաբովանդակ հարցեր հղել ենք նաեւ ՀՀ կառավարությանը։ «Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի հ.հ.11/7, 11/8, 11/15, 11/21, 11/22, 11/23, 11/24 հասցեների հողամասերը սեփականաշնորհվել են տարիներ առաջ՝ առանց հաշվի առնելու բնության մեջ դեպի սեփական տարածքներ մոտեցումներն ապահովվող ճանապարհները եւ գլխավոր հատակագիծը: Բացի այդ, տարիներ առաջ տարբեր անձանց կողմից իրականացված են եղել հողազավթումներ, կառուցվել են շինություններ, կոմունիկացիաներ, եւ տնկվել են ծառեր: Սեփականատերերի կողմից ինչպես Երեւանի քաղաքապետարան, այնպես էլ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ մուտքագրվել են դիմումներ ճանապարհի կառուցման եւ հողազավթումների վերացման վերաբերյալ: Մեր լիազորության շրջանակներում դեռեւս 2023թ.-ի սեպտեմբեր ամսին բացազատվել է գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհի ցանկապատված հատվածը, բայց քանի որ մյուս հատվածում տնկված էին ծառեր, ապա դրանց տեղափոխումը, հատելը պետք է համաձայնեցվեր մասնագիտական կառույցների հետ, ինչից ելնելով՝ մնացած մասը ապամոնտաժվեց ավելի ուշ»,- ասված է պատասխանում, որը տառացիորեն կրկնում է Երեւանի քաղաքապետարանի եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ Արփի Խալաթյանին ամիսներ առաջ ուղարկված պատասխանը։ Փաստացի, մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանն անդրադարձել է ցանկապատված տարածքի ապամոնտաժման դրվագին, իսկ որպես նվիրատվություն տրամադրված հողատարածքի, ճանապարհը չկառուցելու պատճառների եւ քաղաքային պլանավորման վերաբերյալ հարցերը թողել է անպատասխան։ Խնդրի լուծման առնչությամբ էլ նշել է միայն, որ համաատասխան ծառայությունները աշխատում են խնդրի լուծման տարբերակների վրա։ Օրեր անց Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը մեզ  ուղարկել է գրություն (Կառավարությունը մեր հարցումը վերահասցեագրել էր նաեւ Քաղաքապետարանին)՝ տեղեկացնելով, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկվող տարածքում իրականացվում է լրացուցիչ ուսումնասիրություն, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ բուն հարցերին պատասխանելու փոխարեն կրկին անդրադարձել են խնդրի նախապատմությանը եւ նվիրատվության հիմք հանդիսացած իրավական փաստաթղթերին։ Ըստ Քաղաքապետարանի՝ Արաբկիրի ղեկավարին առաջարկվել է հարցն ընդգրկել համապատասխան ծրագրում Արփի Խալաթյանի վերջին՝ հունիսի 1-ին ուղարկված դիմումին քաղաքապետարանը նախորդներից տարբերվող պատասխան է տվել՝ հայտնելով․ «Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի եւ Շրջանցիկ թունել փողոցների անկյունում գտնվող 18 հողամասեր հասցեներում իրականցվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ քննարկվող տարածքում բացակայում են հասցեներ տանող երթեւեկելի ճանապարհը եւ դրա կարգավորման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք շինարարական եւ կահավորման աշխատանքներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ վարչության կողմից Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին առաջարկվել է  իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկվող ճանապարհը վերականգնելու ուղղությամբ նախաձեռնել  համապատասխան միջոցառումներ եւ ճանապարհի կառուցման աշխատանքները ընդգրկել համապատասխան ծրագրում»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։ Արփի Խալաթյանին իր ստացած պատասխանը դարձյալ վրդովեցրել է․ «Փաստորեն, պահանջվեց երեքուկես տարի, որպեսզի Քաղաքապետարանը պարզի, որ ճանապարհն իրոք բացակայում է։ Կամ ի՞նչ է նշանակում «Արաբկիրի ղեկավարին առաջարկվել է»։ Չի հանձնարարվել, չի պատվիրակվել, այլ առաջարկվել է, այսինքն՝ Արաբկիրի ղեկավարը կարող է որոշել, որ սա այդքան էլ կարեւոր հարց չէ, եւ օրինակ, թողնել մյուս տարվա ծրագրի մեջ։ Հաշվի առնելով արդեն երեքուկես տարվա անգործությունը, մեր կրած ահռելի վնասները՝ այս խնդիրը պետք է լուծվի առաջնային հրատապության կարգով, ոչ թե թողնվի անորոշ ապագայի նույնքան անորոշ ծրագրի հույսին»,- կարծում է Արփին՝ հավելելով, որ Արաբկիրի ղեկավարը վաղուց է քաջատեղյակ խնդրին եւ կարծում է, որ հարցն իր իավասություններից դուրս է։ Արաբկիրի ղեկավարի խոսքով՝ սպասում են Երեւանի նոր հատակագծին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը մեր զրույցում ասաց, որ 2․5 տարի է, ծանոթ է խնդրին, եւ վարչական շրջանն ինչ կարող էր, արել է․ քաղաքացու հետ եկել է համաձայնության, որ հողազավթումը վերացնեն, մինչեւ դատարանի վճիռը կլինի, ինչից հետո ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ դիմել են քաղաքապետարանին, որպեսզի վերջինս ասի, թե ըստ Երեւանի գլխավոր հատակագծի՝ որտեղով է անցնելու ճանապարհը։ Ի պատասխան դիտարկմանը, որ քաղաքացիները հողամասը ձեռքբերելիս ունեցել են դրանց հատակագծերը, Ազատյանը հիշեցրեց, որ Երեւան քաղաքը նոր հատակագիծ է ունենալու։ Թե երբ այն պատրաստ կլինի, հայտնի չէ։  Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ուղարկած առաջարկին, Ազատյանը տեղյակ չէր, ասաց՝ երբ ստանան, կհասկանան՝ իրենց լիազորությունների դաշտում է թե ոչ․ «Մենք տվել ենք Երեւան քաղաքին, որ քարտեզով ճշտումներ անեն, թե ճանապարհը ոնց է անցնելու, հիմա պետք է արդեն քաղաքը գենպլան տա, որ դրա հիման վրա հաշվարկ ունենանք։  Երբ որ կտան գենպլանը, սիրով կնախատեսեմ ճանապարհաշինության հարցը եկող տարվա ծրագրում կամ հնարավոր է՝ ավելի շուտ, եւ կքննարկեմ քաղաքապետի հետ։ Մի քսան օր առաջ էլ տեղեկացա, որ քննարկում է եղել «Երեւան նախագիծ» ընկերության ղեկավարի հետ, այդ ժամանակ էլ պատրաստակամություն հայտնեցինք, որ խումբ ձեւավորենք, գնանք, քննարկմանը մասնակցենք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։  Թե լրացուցիչ ինչ ուսումնասիրության մասին էին նշել Քաղաքաշինության վարչությունից, մեր զրույցի ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ։ Ըստ Քաղաքապետարանի՝ փոքր մասշտաբի ներթաղային ճանապարհները Գլխավոր հատակագծի շրջանակներում չեն Քաղաքապետարանն օրերս հայտարարել է, որ ավարտվում են գլխավոր հատակագծի մշակման առաջին փուլի աշխատանքները։ «Երեւան նախագիծ» ընկերության ղեկավար Անդրանիկ Սեդոյանը նշել է՝ այն համայնքներում, որոնք հուլիսի 1-ից չեն ունենա գլխավոր հատակագծեր, քաղաքաշինական գործունություն հնարավոր չի լինի իրականացնել։ Գրավոր հարցմամբ դիմեցինք նաեւ «Երեւան նախագիծ» ընկերությանը՝ ճշտելու, թե որոնք են գլխավոր հատակագծեր ունեցող եւ չունեցող համայնքները, սակայն վերջինիս աշխատակազմից բանավոր տեղեկացրին, որ իրենց էլեկտրոնային փոստին հասանելիություն չունեն՝ հորդորելով դիմել քաղաքապետարան։ Կապ հաստատեցինք Ընկերության ղեկավար Անդրանիկ Սեդոյանի հետ, որը նույնպես հրաժարվեց պատասխանել հարցմանը՝ ասելով, որ գլխավոր հատակագծի պատվիրատուն քաղաքապետարանն է, եւ իրենք իրավասու չեն խոսել այդ մասին, քանի դեռ վերջինիս կողմից հանձնարարություն չեն ստացել։  Հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ Երեւան քաղաքի Գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքները ավարտված են․ ««Երեւան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված «Երեւան Քաղաքի Գլխավոր Հատակագծի Նախագծի» շրջանակներում «Ճանապարհային ցանց եւ տրանսպորտի կազմակերպման ուրվագիծ» բաժնի համաձայն՝ նախատեսվում է նոր մայրուղային ճանապարհ՝ կապող միմյանց «Թբիլիսյան խճուղի–Սեւակի փողոց-Ազատության պողոտա» եւ «Տ.Պետրոսայն փողոց-Եղվարդի խճուղի» խաչմերուկները ճանապարհային բազմամակարդակ հանգույցների իրականացմամբ»,- հայտնել են քաղաքապետարանից՝ հավելելով, որ փոքր մասշտաբի ներթաղային ճանապարհները Գլխավոր հատակագծի շրջանակներում չեն, դրանք հետագայում կարգավորվելու են գոտիավորման նախագծերով։ Այսպիսով՝ քաղաքացիների բարձրացրած հարցերը դեռեւս մնում են անպատասխան։ Պարզ չէ՝ երբ եւ ովքեր կկառուցեն նախագծված ճանապարհը կամ առհասարակ այն կկառուցվի, թե ոչ։ Մարդիկ հիպոթեք են վճարում եւ շինթույլտվություն ստանում մի քաղաքում, որտեղ քաղաքային պլանավորման բացակայության պատճառով հասանելիություն, ճանապարհ, ջուր, հոսանք չունեն։ Քաղաքային իշխանության անորոշ պատասխաններից ելնելով՝ մոտ ապագայում տեսանելի էլ չէ, թե երբ կունենան։   Միլենա Խաչիկյան
12:55 - 09 հուլիսի, 2024
«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը

44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Հովհաննիսյանը այն վկան է, որ ի սկզբանե նկատել է երկնքում պտտվող անօդաչու թռչող սարքը եւ զինծառայողների անձնակազմին տեղեկացրել այդ մասին։ Նրա ծառայողական գործառույթը եղել է ԱԹՍ–ների հնարավոր առկայության դեպքում քաղաքացիներին տվյալ տարածքից տարհանելը, թաքստոցներ ուղարկելը, կարգ ու կանոն ապահովելը․ «Այդ օրը Իշխանաձորի խաչմերուկում երեք հոգով ենք ծառայության եղել՝ ես, Ավետիսյան Արմենը եւ Խաչատրյան Աղաբեկը։ Դեպքի ժամանակ Արմենը տեղում չէր, ես զանգեցի, տեղեկացրի, որ երկնքում ԱԹՍ է պտտվում, ասաց՝ նկատել եմ, ուշադիր եղեք, որ մարդ դուրս չգա բացահայտ տարածք։ Որոշ ժամանակ անց ինքը զանգեց, ասաց՝ «Ուրալ» է գալիս, մեջը՝ զինվորներ, կանգնեցրեք, տեղեկացրեք, որ ԱԹՍ կա», – պատմեց վկան։ Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը Խոսքը Մեղրու զորամասի ինժեներասակրավորական անձնակազմի (այսուհետ՝ ԻՍՎ), «Ուրալի» մասին է։ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին այդ անձնակազմը նույն զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանի հրամանատարությամբ Իշխանաձորից տեղափոխվում էր Ջրական, երբ Իշխանաձորի խաչմերուկում վկա Հովհաննիսյանը կանգնեցնում է նրանց մեքենան․ «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը, ինչքան հիշում եմ՝ լեյտենանտ, ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատարը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։ Հրաման տվողը, ըստ քրեական գործի, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն է եղել։ Նա այժմ մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հետաքրքրվեց՝ որեւէ մեկը փորձե՞լ է հրամանը չկատարել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ինքը հեռվում էր եւ չգիտի՝ ինչ խոսակցություն է եղել։ Հարցին՝ անձնակազմի ցրվելը պաշտպանվելու արդյունավե՞տ միջոց էր, վկան դրական պատասխան տվեց․ «Միանշանակ՝ այո։ Եթե բոլորը միասին չլինեին, հնարավոր է՝ այդքան զոհ չունենայինք։ Եթե հարվածեր էլ, խանութներ կային, դրանց հետեւն էին, ծառի տակ էին․․․  Նման դեպքեր, որ եղել են, մենք թաքստոցներ ենք մտել, ծառերի տակ, ԱԹՍ–ն  պտտվել է, գնացել, ոչ մի խնդիր չի եղել»,– ասաց նախկին ոստիկանը՝ նշելով, որ հենց այդպես էլ հրահանգավորվել էին։  – Իսկ վտանգավոր չէ՞ր թաքստոցից դուրս գալը եւ «Ուրալը»  կանգնեցնելը,– հարցրեց Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։ – Վտանգավոր էր, բայց դե, ահագին զինվորների կյանք էր։ Պաշտպան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իսկ ինչո՞ւ չի փորձել կանխել «Ուրալ»–ի շարժը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Չէի կարող կանխել, ասացին՝ հրաման են ստացել։ Եթե ծառայություն էին կատարում, էլ իրավասու չէի իրենց ծառայությունը խոչընդոտել»։ Մյուս հարցին՝ իրենք փորձե՞լ են ԱԹՍ–ն վնասազերծել, վկան բացասական պատասխան տվեց։ Նրա կարծիքով՝ կանխատեսելի չի եղել, թե ԱԹՍ–ն որ պահին, որտեղ կհարվածի։ Վկայի խոսքով՝ ԱԹՍ–ի հայտնվելուց հետո մինչեւ «Ուրալի», ապա պիկապի գալը ԱԹՍ–ի ձայնը լսելի է եղել, պարբերաբար մոտեցել–հեռվացել, ձայնի մոտ լինելու պահին նաեւ տեսանելի եղել։ Վկան դժվարացավ միանշանակ պնդել՝ արդյոք ԱԹՍ–ի ձայնը ընթացքում կտրվել է թե ոչ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը – Եթե չի լսվել, էլ ինչո՞ւ էր անձնակազմը պատսպարվել,– հարցրեց մեղադրողը։ – Դե, լսելի էր, կանգնեցրել ենք, տեղեկացրել ենք, ավագն էլ է նկատել, թաքնվելու հրաման տվել, էլ չեմ հիշում՝ դրանից հետո կտրվել է թե ոչ, խառնաշփոթ իրավիճակ էր, ուշադրությունս քաղաքացիներին էր։ – Եթե քաղաքացիներին ուշադիր էիք, տրամաբանական չէ՞, որ լսելի է եղել։ – Դե, նկատել ենք, դրա համար․․․ Ես նշեցի, որ ուժեղանում–կամացանում էր, բայց չեմ հիշում, որ ընդհանրապես չլսվեր։ – «Ուրալի»  գնալուց հետո մնացե՞լ եք պատսպարված,– հարցրեց զոհված զինծառայողի հայր Հարություն Օհանյանը։ – Չէ, դուրս ենք եկել թաքստոցից։ – Այսինքն՝ «Ուրալը»  որ շարժվել է, ձայնը չկա՞ր։ – Պտտվում էր։ – Բա ո՞նց եք դուրս եկել։ – Որովհետեւ վտանգավորը «Ուրալն» էր․․․ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսավ եւ միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանն առաջարկեց հարցերի միջոցով պարզաբանել հակասությունները․ – Դուք հայտնեցիք, որ Ջրմուղի տարածքում եղել են սնարյադների արկղեր, չեք տեսել՝ կարաուլ կար թե ոչ, մինչդեռ նախաքննության ընթացքում հայտնել եք, որ այդ խաչմերուկում գտնվող կանաչ գույնի սնարյադներ, այսինքն՝ հրթիռներ կային, որոնց մոտ մարդիկ կային, որոնք գրեթե ողջ ժամանակ այդտեղ էին գտնվում, զբաղվում էին բեռնաթափելով։ – Ես տեսել եմ արկղերը, ենթադրել եմ, որ հրթիռներ են․․․ Դատի ժամանակ իմ ասածը ուղղել եմ (նկատի ունի նախորդ դատավորի մոտ կայացած դատի ժամանակ,–հեղ․), այդ ժամանակ շփոթվել, տենց եմ ասել, տեսել եմ արկղերը, բայց մեջը զինամթերք է, ինչ է՝ չեմ տեսել։  – Նաեւ նախորդ դատավորի հարցին ի պատասխան ասել եք, որ ԱԹՍ–ն չեք տեսել։ – Ժամանակ առ ժամանակ տեսանելի եղել է։  – Նաեւ ասել եք, որ չեք հիշում՝ պիկապի՝ խաչմերուկում գտնվելու ժամանակ ԱԹՍ–ի ձայն կա՞ր թե՞ չէ, հիմա ասում եք, որ կար։ – Բաներ կան, որ այն ժամանակ չեմ հիշել, կան, որ հիմա չեմ հիշում,– պատասխանեց վկան՝ նշելով, որ պատերազմից հետո հիշողության հետ կապված խնդիրներ ունի։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին։ Գլխավոր լուսանկարում՝ վկա Սենիկ Հովհաննիսյանը, դատավոր Սուրեն Խաչատրյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
21:03 - 04 հուլիսի, 2024
Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։ Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։  Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։ Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։   Վիրուսին հաղթելու համար պետք է ճիշտ թիրախ ընտրել  Որպեսզի հասկանանք, թե Denovo Sciences-ն ինչպես է եկել այս բացահայտմանը, նախ պիտի պատկերացում կազմենք այն մասին, թե ինչպես են գործում հակավիրուսային դեղամիջոցները։ Երբ մենք վարակվում ենք որևէ վիրուսով, մեր օրգանիզմում վիրուսը սկսում է կիսվել ու բազմանալ, նրա կրկնօրինակները վարակում են այլ բջիջների՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ կամ բարդություններ։ Օրգանիզմում վիրուսների բազմացմանը նպաստում են դրանց մաս կազմող հատուկ մակրոմոլեկուլները՝ սպիտակուցները։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ի դեպքում այդ սպիտակուցն է Mpro-ն (main protease, հայերեն՝ հիմնական պրոտեազ)։ Որևէ վիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց գտնելու ճանապարհին գիտնականները նախ այդ վիրուսում թիրախ են ընտրում, որի գործունեության արգելակումը կխանգարի վիրուսին բազմանալ ու տարածվել։ SARS-CoV-2-ի դեպքում այդ թիրախներից մեկը հենց Mpro-ն է, քանի որ եթե այս սպիտակուցն արգելակվի, այն չի կարողանա օգնել վիրուսին բազմանալ։ Որպեսզի քիմիական որևէ միացություն կարողանա ազդել վիրուսի թիրախային սպիտակուցի վրա, պիտի կապվի այդ սպիտակուցին ու փոխազդի նրա հետ։ Սպիտակուցներն ունեն փոսանման հատուկ հատված, որը կոչվում է կապող գրպանիկ (binding pocket): Քիմիական միացությունները սպիտակուցին հասնելիս տեղավորվում են նրա կապող գրպանիկում, փոխազդում սպիտակուցի հետ և ազդում նրա ակտիվության վրա։ Սպիտակուցին կապվող քիմիական միացությունները կոչվում են լիգանտ։   Դեղամիջոցների պոտենցիալ թեկնածուների ընտրությունը Պոտենցիալ արդյունավետություն ունեցող քիմիական միացություններ գտնելու նպատակով գիտնականներն օգտագործում են համակարգչային ծրագրեր․ նրանք համակարգչային ծրագրում մուտքագրում են վիրուսի թիրախային սպիտակուցի կառուցվածքը, այնուհետև այնտեղ վերբեռնում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք պոտենցիալ ունեն կապվելու այդ թիրախի հետ։ Համակարգչային ծրագիրն այդ տվյալների հիման վրա հաշվարկում ու կանխատեսում է, թե որ միացությունների դեպքում է  թիրախային սպիտակուցին կապվելու հավանականությունն ավելի մեծ։ Այս գործընթացը կոչվում է վիրտուալ սկրինինգ։ Վիրտուալ սկրինինգի արդյունքում կրճատվում է այն միացությունների քանակը, որոնք գիտնականները պետք է լաբորատորիայում սինթեզեն ու վիրուսների դեմ կիրառեն՝ հասկանալու դրանց արդյունավետությունն իրական կյանքում։ Այստեղ, սակայն, մի կարևոր նրբություն կա․ միևնույն սպիտակուցը կարող է ունենալ տարբեր բյուրեղային կառուցվածքներ, ավելի պարզ ասած՝ նրա բաղկացուցիչ մասերը տարածության մեջ կարող են տարբեր կերպ դասավորված լինել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով (ջերմաստիճան, լիգանտի հետ փոխազդեցություն և այլն)։   Mpro սպիտակուցի 342 կառուցվածքներից մի քանիսի դեպքում ծրագիրը սխալվում է Իր հերթական աշխատանքի ընթացքում, որի նպատակն է գտնել բոլոր կորոնավիրուսների դեմ ընդհանուր դեղամիջոցի թեկնածու քիմիական միացություններ, Denօvo Sciences ընկերության թիմը պարզել է, որ կորոնավիրուսի թիրախային Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն, որոնց պատճառով վիրտուալ սկրինինգի ծրագրերը չեն կարողանում ճիշտ հաշվարկել, թե քիմիական որ միացությունները կարող են կապվել այս սպիտակուցին և ազդել դրա վրա։ Հասկանանք՝ որն է պատճառը։ Սպիտակուցների տվյալների բանկում կան Mpro սպիտակուցի 1374 կառուցվածքների մասին տվյալներ: Այս ցանկից Denօvo Sciences-ի թիմն առանձնացրել է սպիտակուցի 342 ամբողջական բյուրեղային կառուցվածքներ (ամբողջական են համարվում այն կառուցվածքները, որոնք արդեն կապված են լիգանտի հետ և կարող են լիգանտի հետ փոխազդեցության արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված լինել): Հաջորդիվ նրանք վիրտուալ սկրինինգի երեք ծրագիր են ընտրել, որոնցով հաշվարկել են տարբեր լիգանտների՝ այս կառուցվածքներին կապվելու հավանականությունը։ Սպիտակուցների տվյալների բանկից թիմը վերցրել է 297 լիգանտ, որոնք իրական կյանքում արդեն իսկ կարողացել են կապվել Mpro-ի այդ կառուցվածքներին։ Հետևաբար՝ վիրտուալ սկրինինգի ծրագրերը պետք է կանխատեսեին, որ այս լիգանտները սպիտակուցին կապվելու մեծ հավանականություն ունեն։  Ընկերության թիմը վեցրել է ևս 8910 քիմիական միացություններ, որոնց մասին տվյալները փաստում են՝ դրանք Mpro սպիտակուցին կապվելու հավանականություն չունեն, այսինքն՝ կեղծ թեկնածուներ են։ Այս միացությունների դեպքում ծրագրերը պիտի բացասական արդյունք ցույց տային։  Սակայն վիրտուալ սկրինինգի արդյունքում պարզ է դարձել, որ որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են անում, այսինքն՝ իրական կյանքում արդեն իսկ հայտնի է, որ այս կամ այն լիգանտը կարող է կապվել Mpro սպիտակուցի որևէ կառուցվածքի, սակայն ծրագիրը կանխատեսում է, որ այն չի կարող կապվել այդ կառուցվածքին։    Սպիտակուցային որոշ կառուցվածքներ փոփոխված  են Հասկանալու համար, թե ինչու են Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալվում, Denovo Sciences-ի թիմը վիզուալացրել է այդ կառուցվածքների այն հատվածները, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին։ Այս հատվածների ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպիտակուցային այն կառուցվածքները, որոնց դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են արել, երկու տարբերություն ունեն։ Որոշ կառուցվածքների դեպքում այդ տարբերությունը հետևյալն է․ դրանց այն հատվածներում, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին, սպիտակուցների բաղկացուցիչ որոշ մասերի դասավորվածության փոփոխության պատճառով մի ենթահատված բացակայում է։ Բացակայող ենթահատվածի պատճառով լիգանտի և սպիտակուցի կապվող հատվածի միջև հեռավորությունն այս կառուցվածքներում մեծանում է։ Կառուցվածքային հենց այս փոփոխության պատճառով է, որ վիրտուալ սկրինինգի ծրագրերը սխալ կանխատեսում են իրականացրել։ Մի քանի սպիտակուցային կառուցվածքներում էլ, ընդհակառակը, տարբերությունն այն է, որ սպիտակուցի բաղկացուցիչ մասերի դասավորվածության արդյունքում, կապող գրպանիկից բացի, առաջացել է ավելորդ ենթագրպանիկ, լիգանտները եկել ու տեղավորվել են այդտեղ։ Հետևաբար՝ ծրագիրը չի կարողացել ճիշտ կանխատեսում անել, քանի որ այն հաշվարկում է լիգանտի՝ հենց հիմնական կապող գրպանիկում տեղավորվելու հավանականությունը։ Սա նշանակում է, որ եթե վիրտուալ սկրինինգի փուլում որպես թիրախային սպիտակուց ընտրվեին այս տարբերություն ունեցող կառուցվածքները, համակարգչային ծրագրերը սխալ կանխատեսումներ էին անելու, ինչն ազդելու էր թեկնածու դեղամիջոցների հայտնաբերման գործընթացի արդյունավետության վրա։ Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրտուալ սկրինինգի միջոցով թիրախային սպիտակուցին կապվող և դրա վրա ազդող քիմիական միացություններ փնտրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե սպիտակուցային ինչ կառուցվածքներ են ընտրվում, քանի որ լիգանտի հետ կապվելու արդյունքում սպիտակուցում տեղի ունեցած կառուցվածքային որոշ փոփոխություններն, ինչպես տեսանք, կարող են հանգեցնել սխալ կանխատեսումների։  Այս բացահայտումը կարևոր է վիրուսների դեմ թեկնածու դեղամիջոցներ փնտրելու գործընթացում, քանի որ կառուցվածքների սխալ ընտրությունը կարող է ազդել վիրտուալ սկրինինգի ծրագրերի տված արդյունքների ճշգրտության վրա։   Գլխավոր լուսանկարում՝ Mpro սպիտակուցն ու նրա կապող գրպանիկը (նկարը՝ Denօvo Sciences-ի) Աննա Սահակյան
17:24 - 21 հունիսի, 2024
«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ

«Հայասաթ» ծրագիրը շարունակվում է․ «Բազումք»-ը նպատակ ունի համագործակցելու հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ

Այս տարվա մայիսին տիեզերքում գտնվող «Հայասաթ-1» արբանյակն առաջին անգամ ձայնային ազդանշանի տեսքով Երկիր ուղարկեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանին հանդիպում եմ Զովունիում։ Քայլում ենք այգու միջով․ այստեղ վերգետնյա կապի կայանքն է, որով որսում են «Հայասաթ-1»-ից եկող ազդանշանները։ Ավետիք Գրիգորյանը հիշում է՝ երբ առաջին անգամ արբանյակն անցկացրին ձայնային ազդանշան հեռարձակելու ռեժիմի, չգիտեին՝ երբ կգրանցեն  այդ ազդանշանը, և եկող ռադիոաղմուկի մեջ կոնկրետ որ պահին կհնչի սպասված մեղեդին։  Վերգետնյա կապի կայանքը «Երբ անցնում ենք այդ ռեժիմին, ռադիոաղմուկը որևէ կերպ չի հուշում, թե որ պահին ազդանշանը կգա։ Այդ անորոշության մեջ սպասելիս պատկերացրեք մեր ցնծությունը, երբ հանկարծ առաջին անգամ տիեզերքից հնչեց «Կաքավիկի» մեղեդին։ Շատ հուզիչ պահ էր»,- ասում է «Բազումք»-ի տնօրենը։  «Հայասաթ-1»-ից ստացված ազդանշանների տեսագրությունը (տեսանյութը՝ «Բազումք»-ի) Միասին գնում ենք «Բազումք»-ի այն լաբորատորիան, որը նախատեսված է փոքր արբանյակների երկրային նմուշների հետ աշխատելու համար։ Այստեղ դրված է «Հայասաթ-1»-ի երկրային նմուշը՝ նրա աշխատող կրկնօրինակը, որի վրա նախապես փորձարկվում են տիեզերքում գտնվող «Հայասաթ-1»-ին ուղարկվելիք այն հրահանգները, որոնք կարող են խնդրահարույց լինել։ Ավետիք Գրիգորյանը՝ լաբորատորիայում, սեղանին՝ արբանյակի երկրային նմուշը «Բազումք»-ի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) թիմերի համատեղ ջանքերով ստեղծված «Հայասաթ-1»-ը տիեզերք արձակվեց 2023-ի դեկտեմբերին։ Արձակման հաջորդ օրն իմացանք, որ արբանյակը բացել է անտենաներն, ու ստացվել են առաջին ազդանշանները։ Բայց «Հայասաթ-1»-ը դեռ չէր անցկացվում ձայնային ազդանշան հեռարձակելու ռեժիմին․ սկզբում պետք էր արբանյակից ստացված տվյալների հիման վրա համոզվել, որ նրա հետ ամեն բան կարգին է, և խնդիրներ չկան։ «Հայասաթ-1»-ի ստեղծման աշխատանքները (լուսանկարը՝ «Ինֆոքոմ»-ի արխիվից) «Հայասաթ-1»-ի առանձին մոդուլները՝ ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք են բերվել պատրաստի վիճակում, և Հայասանում իրականացվել է դրանց ինտեգրացիան, ստուգաչափումն ու կարգաբերումը։ Արբանյակի ստեղծման հետ կապված բոլոր գնումները, աշխատանքները, արձակումն ու դրանից հետո կատարվող գործառույթները հնարավոր է եղել իրականացնել մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ «Մենք ոչ մի ուրիշ ֆինանսավորում՝ բացի մի քանի դոնորներից, չունենք, և պիտի նվազագույն ծախսով կարողանայինք հասնել այս հաջողությանը, ցույց տալ մեր կարողությունը, որպեսզի հետո պետությունն էլ, տեսնելով այդ կարողությունը, ավելի վստահաբար ձեռք մեկնի ու համագործակցի»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։ Ավետիք Գրիգորյանը Քանի որ «Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է, և նրա էներգասնուցման համակարգը շատ հզոր չէր կարող լինել, արձակումից հետո թռիչքի սկզբնական փուլում արբանյակը պահվում էր միայն այնպիսի ռեժիմներում, որոնք շատ էներգասպառող չեն։   Այդ փուլում «Բազումք»-ի վերգետնյա կապի կայանքով ընդունվող ազդանշանների միջոցով արբանյակի վիճակի մասին հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելուց հետո միայն որոշում կայացվեց արբանյակն անցկացնել ձայնային ազդանշաններ ուղարկելու ռեժիմի։ «Համոզվեցինք, որ հիմնականում այն, ինչ որ մենք արել ենք, արել ենք ճիշտ, ամեն ինչ ըստ նախատեսվածի աշխատում է, եթե կան որոշ խնդիրներ, ապա դրանք մեզնից չեն բխում, այլ այն մոդուլներից, որ մենք գնել ենք ժամանակին։ Սակայն դրանք կրիտիկական չեն, և այդ առումով մեր նպատակներին հասանք, համոզվեցինք և ապացուցեինք, որ մենք ունենք արբանյակ ստեղծելու, արձակելու և աշխատեցնելու կարողություն»- ասում է Ավետիք Գրիգորյանը։  «Հայասաթ-1»-ին ցուցադրությունը՝ Ինժեներական քաղաքի Գիտության և տեխնիկայի թանգարանում (լուսանկարը՝ «Բազումք»-ի) Նա հիշում է, որ իրենց համար ոգևորիչ էր նաև այն պահը, երբ «Հայասաթ-1»-ի հետ հերթական կապի ժամանակ հնարավոր եղավ առաջին անգամ իրար հետևից ստանալ «Կաքավիկ»-ի մեղեդին, Մորզեի այբուբենով կոդավորված տեղեկություններ և տեքստային ինֆորմացիա։ «Բազումք»-ի տնօրենն ինձ ցույց է տալիս համակարգչում պահպանված տեքստային ինֆորմացիան, որ ստացել են արբանյակից։ Ուշադիր լինելու դեպքում այնտեղ կգտնեք հետևյալ տողերը․ «Armenia in Space for Science» (անգլերենից թարգմանաբար՝ «Հայաստանը տիեզերքում՝ հանուն գիտության»)։ Արբանյակից ստացված տեքստային ինֆորմացիան (լուսանկարը՝ «Բազումք»-ի) Այժմ, երբ ամենակարևոր քայլն արված է, և Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը տիեզերքում է, նրա մասին տեղեկությունները պարբերաբար ստացվում և վերլուծվում են, «Բազումք»-ը նախատեսում է իրականացնել նոր ծրագրեր։ Արբանյակի վիճակի և աշխատանքի մասին հավաքած տվյալները կօգնեն հետագա ծրագրերի ընթացքում։ «Հայասաթ-1»-ը փոքր արբանյակ է` յուրաքանչյուր կողմի երկարությունը՝ 10 սանտիմետր։ Հետագա արբանյակներն ավելի մեծ են լինելու։  Ավետիք Գրիգորյանն ասում է, որ իրենց հետագա ծրագրերը միտված են լինելու աջակցելու պետությանը «ArmSat» ծրագրով սեփական տիեզերական կարողություններ զարգացնելու գործում։ Երկու տարի առաջ, հիշեցնենք, Հայաստանը գնեց «ArmSat-1» արբանյակը, որն այժմ տիեզերքում է։ «Բազումք»-ի առաջարկած «Հայասաթ» ծրագրի նպատակն է, մշակելով և տիեզերքում փորձարկելով հայրենական արբանյակային մոդուլներ, հասնել նրան, որ «ArmSat» ծրագրի հաջորդ արբանյակների մոդուլները սկսեն կամաց-կամաց փոխարինվել դրանց հայրենական մոդելներով։ «Հայասաթ-1»-ը (լուսանկարը՝ «Բազումք»-ի) Այս նպատակով «Բազումք»-ն առաջիկայում նախատեսում է երկու տարին մեկ նոր արբանյակ ուղարկել տիեզերք։ Արբանյակների մոդուլները «Բազումք»-ը շարունակելու է գնել արտասահմանյան մատակարարներից, ինչպես «Հայասաթ-1»-ի դեպքում, սակայն, համագործակցելով տեղական գործընկեր կազմակերպությունների հետ, ամեն անգամ այդ մոդուլներից 1-2-ի (օրինակ՝ ռադիոկապի կամ կողմնորոշման համակարգի) հայրենական տարբերակն է ստեղծելու և որպես փորձարկման ենթակա օգտակար բեռ արբանյակի հետ ուղարկելու տիեզերք։ Արբանյակի օգտակար բեռ են համարվում այն սարքերը, որոնք տարբեր առաքելությունների ժամանակ արբանյակի հետ ուղարկվում են տիեզերք և այդ սարքի աշխատանքի մասին տեղեկություններ ուղարկում Երկիր։ Երբ «Բազումք»-ը համեմատի արբանյակի գնված մոդուլի և նույն գարծառույթը կատարող հայրենական օգտակար բեռի աշխատանքային վարքագծերը տիեզերքում ու համոզվի, որ հայրենական մոդելը տիեզերական պայմաններում աշխատում է նույնքան հաջող կամ նույնիսկ ավելի լավ, այն կտեղադրվի հաջորդ «Armsat» արբանյակում՝ որպես համապատասխան հիմնական մոդուլ։ Ավետիք Գրիգորյանն ասում է, որ եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, 6-7 տարուց հնարավոր կլինի տիեզերք ուղարկել արբանյակ, որի հիմնական մոդուլները կլինեն հայրենական արտադրության․ «Կամաց-կամաց առաջ կգնանք, մինչև ուղեղն էլ կփոխենք՝ բորտ-համակարգիչը, և այն կդառնա հայրենական արբանյակային պլատֆորմ»։ Այս գաղափարի մասին արդեն բանավոր ասվել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին։ Ավետիք Գրիգորյանը նշում է, որ կառավարությունն իրենց կարող է օգնել՝ գնելով արբանյակային մոդուլներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաները, որպեսզի հետո դրանց օգնությամբ մշակվեն համապատասխան հայրենական մոդուլները։ «Բազումք»-ի տնօրենը լիահույս է, որ կառավարությունից աջակցությունը կլինի, իսկ «Հայասաթ» և «Armsat» ծրագրերը, զուգահեռ զարգանալով, կաջակցեն իրար։  «Բազումք»-ում «Բազումք»-ն առաջիկայում նախատեսում է  համագործակցել ֆրանսիական Վերսալի համալսարանի հետ։ Այս համագործակցության շրջանակում «Բազումք»-ն ազդանշաններ է որսալու ֆրանսիական արբանյակներից, երբ դրանք անցնելիս լինեն Հայաստանի վերևով, իսկ Վերսալի համալսարանը՝ «Հայասաթ-1»-ից և հաջորդ «Հայասաթ»-ներից, երբ դրանք Ֆրանսիայի վերևով անցնեն։ Այսպես երկու կողմերն իրար տեղեկություններ են փոխանցելու միմյանց արբանյակների մասին։ Ավետիք Գրիգորյանն ասում է՝ այժմ ուզում են համագործակցությունն ամրապնդել հուշագրով, ինչպես նաև ներգարվել Ամերիկյան համալսարանին, որ համագործակցությունը կրթական բաղադրիչ ունենա․ ուսանողները մասնակցեն արբանյակներից տեղեկությունների ընդունման, վերլուծման գործընթացին, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացվեն։ Հետագա արբանյակների ստեծման գործում «Բազումք»-ը ցանկանում է նաև համագործակցել հայկական տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնք կարող են իրենց համար մշակել ու պատրաստել որպես օգտակար բեռ տիեզերք ուղարկվելիք մոդուլները։  «Տիեզերական բարձր տեխնոլոգիական ոլորտը, որը շատ բազմաճյուղ է, կարող է դառնալ լոկոմոտիվ բարձր տեխնոլոգիական այլ ուղղությունների համար։ ․․․․ Նրանք կներգրավվեն իրենց ուղղությամբ, բայց ավելի բարձր տեխնոլոգիական պահանջներով նախագծերի մեջ, և դա նրանց համար նաև շանս կլինի ավելի աճելու, մասնագետներ աճեցնելու»։ Այժմ տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ընկերությունների փնտրտուքի մեջ է։ Իհարկե, նոր ու ավելի հավակնոտ ծրագրերի հետ շատանալու են նաև դժվարությունները։ Նախ, ավելի մեծ արբանյակների մոդուլների ինտեգրումը, համակարգերի համաձայնեցված աշխատանքն ապահովելը բարդ գործ է։ Մեծ աշխատանք ու ջանքեր է պահանջելու նաև հայրենական մոդուլների ստեղծումը։ Բայց Ավետիք Գրիգորյանն, ինչպես միշտ, լավատես է ապագա նապաձեռնությունների հաջողության հարցում։  Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
18:57 - 18 հունիսի, 2024