Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգի առաջին օղակը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն են։

Ընդհանուր իրավասության դատարանները ՀՀ-ում 10-ն են՝ Երեւանի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի դատարանները։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին ունի նստավայրեր քաղաքի եւ մարզի տարբեր շրջաններում։ Մարզերում նստավայրերի քանակը 3-ից 6-ի սահմաններում է, իսկ Երեւանում դրանց թիվը 8-ն է։

Սեդրակ Առուստամյանը պահանջել է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիներին․ դատարանը մերժել է |factor.am|

Սեդրակ Առուստամյանը պահանջել է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիներին․ դատարանը մերժել է |factor.am|

factor.am: «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պահանջում է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիրներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին։ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ դիմումը մերժվել է, և Վճռաբեկ դատարանի դատական ակտը մտել է ուժի մեջ, իսկ Արտյոմ Խաչատրյանին սնանկ ճանաչելու գործով դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել։ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատական ակտում մանրամասներ են ներկայացված սնանկության վերաբերյալ դիմումի և դրա ընթացքի մասին։ Այսպես՝ 2021 թվականի ապրիլի 7-ին Սեդրակ Առուստամյանը դիմում է ներկայացրել Սնանկության դատարան Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Առուստամյանը դիմումով հայտնել է, որ 2009 թվականի հուլիսի 9-ին իր և Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյանների միջև կնքվել է փոխառության պայմանագիր։ Փոխատուն՝ Սեդրակ Առուստամյանը փոխառուների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների սեփականությանն է հանձնել  7.000.000 ԱՄՆ դոլար, փոխառության գումարը, որն, ըստ պայմանագրի, պետք է վերադարձվեր մինչև 2010 թվականի հուլիսի 30-ը։ 2010 թվականի հուլիսի 29-ին Առուստամյանի և Խաչատրյան եղբայրների միջև կնքված համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը, իսկ  2015 թվականի հուլիսի 28-ին 2-րդ համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2019 թվականի հուլիսի 30-ը: 2011 թվականի ապրիլի 30-ին Սեդրակ Առուստամյանի,Գուրգեն Խաչատրյանի ու Արտյոմ Խաչատրյանի միջև կնքվել է փոխառության ևս մեկ պայմանագիր․ Առուստամյանը Խաչատրյաններին փոխառությամբ 10.000.000 ԱՄՆ դոլար գումար է տվել, որը պետք է վերադարձվեր մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը։ 2016 թվականի ապրիլի 20-ին Առուստամյանի և Խաչատրյանների միջև կնքված համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը: 2011 թվականի հուլիսի 10-ին Սեդրակ Առուստամյանի և  Խաչատրյանների միջև  կնքվել է ևս մեկ փոխառության պայմանագիր, այս անգամ՝ 13.400.000 ԱՄՆ դոլարի չափով, և գումարը վերադարձնելու ժամկետ է սահմանավել  2016 թվականի հուլիսի 10-ը,  բայց այս ժամկետը ևս երկարացվել է  մինչև 2019 թվականի հուլիսի 10-ը: Փոխառության պայմանագրերով նախատեսված՝ փոխառության գումարների վերադարձման ժամկետները, փաստացի, լրացել են համապատասխանաբար՝ 2019 թվականի հուլիսի 30-ին, 2019 թվականի ապրիլի 30-ին և 2019 թվականի հուլիսի 10-ին, սակայն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն, ըստ Առուստամյանի դիմումի, չեն կատարել գրավոր գործարքներով՝ փոխառությունների պայմանագրերով նախատեսված իրենց պարտավորությունները։ 2021 թվականի փետրվարի 1-ին Առուստամյանը փոստային առաքմամբ ծանուցում է ուղարկել պարտապան Գուրգեն Խաչատրյանին և Արտյոմ Խաչատրյանին, որով առաջարկվել է  ծանուցումն ստանալուց 10-օրյա ժամկետում վերադարձնել փոխառությունների գումարները և վճարել հաշվարկված տոկոսները ՝ 41.000.000 ԱՄՆ դոլար, սակայն փոստային առաքանիները վերադարձվել են: Դատարան ներկայացրած դիմումով, վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը,  Սեդրակ Առուստամյանը նշել է, որ տվյալ դեպքում պարտապանի վճարային պարտավորությունները գերազանցում են հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը, վճարային պարտավորությունների կետանցն ավելի է 90 օրից, վճարային պարտավորություններն անվիճելի են, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքների՝ փոխառության պայմանագրերի վրա։ Առուստամյանը նշել է, որ  պարտապան Գուրգեն Խաչատրյանի ընդհանուր պարտքը կազմում է 21.122.000 ԱՄՆ դոլար՝ 15.200.000 ԱՄՆ դոլար՝ փոխառության գումար + 5.922.000 ԱՄՆ դոլար՝ փոխառության պայմանագրի տոկոսներ: Վերոգրյալի հիման վրա Առուստամյանը խնդրել է Գուրգեն Խաչատրյանին ճանաչել սնանկ: Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրած առարկություններով նշել է, որ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու դիմումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ հաստատված համարվի, որ Գուրգեն Խաչատրյանը Սեդրակ Առուստամյանի նկատմամբ փոխառության հիման վրա ունի 2 մլն դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն, այդ պարտավորությունը կետանցվել է 90 կամ ավելի օրով: Ներկայացուցիչը նշել է նաև, որ հաշվի առնելով Գուրգեն Խաչատրյանի կողմից սնանկության դիմումի դեմ ներկայացրած առարկությունը, անհրաժեշտ է պարզել՝  արդյո՞ք ենթադրյալ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և արդյո՞ք Գուրգեն Խաչատրյանը չունի բավարար հիմքեր՝ առարկելու դրա դեմ: Խաչատրյանի  ներկայացուցիչը հայտնել է, որ Գուրգեն Խաչատրյանը  չի ընդունում, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ ունի որևէ դրամական պարտավորություն, իսկ դիմումատուն իր դիմումին կից չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, օրինակ՝ փոխառության պայմանագիր, ստացական, որով կարող է հաստատվել վճարային պարտավորության և դրա կետանցի առկայությունը, ինչպես նաև իր ենթադրյալ պահանջի՝ գրավոր գործարքի վրա հիմնված լինելը: Ըստ Խաչատրյանի ներկայացուցչի՝  միմիայն համապատասխան ապացույցների ներկայացման պարագայում հնարավոր կլինի քննարկել սնանկության հարցը՝ հնարավորություն տալով պարտապանին ներկայացնելու անհրաժեշտ հակափաստարկներ և դրանք հիմնավորող համապատասխան ապացույցներ։ Դատարանը, քննության առնելով Սեդրակ Առուստամյանի դիմումը, այն մերժել է նշել է, որ  օրենսդիրը գրավոր ապացույցների ներկայացման համար սահմանել է որոշակի պահանջ, համաձայն որի՝ դրանք  պետք է ներկայացվեն բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատշաճ վավերացված պատճենի տեսքով, մինչդեռ այս  գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում պարզ է  դարձել, որ դիմումատուի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված փաստերը հիմնավորող «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ թվով երեք փաստաթղթերը ներկայացվել են պատճենի տեսքով, որոնք առարկվել են պարտապանի կողմից: Նման  պայմաններում դատարանը գտել է, որ  նշված փաստաթղթերը  չեն կարող գնահատվել որպես պատշաճ ապացույց, հետևաբար և հիմնավորել դիմումատուի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված փաստերը: Դատարանը նշել է, որ սնանկության վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված՝ կարևոր է ոչ թե վճարային պարտավորության առկայությունը, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, այսինքն ցանկացած պարագայում դիմումատուն, ի թիվս այլ փաստերի, պետք է հիմնավորվի նաև վճարային պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը, իսկ ներկայացված «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ թվով երեք փաստաթղթերը՝ պատճենի տեսքով, չհանդիսանալով պատշաճ ապացույց, չեն կարող հաստատել անվիճելի վճարային պարտավորության առկայությունը,  պարտապանը բավարար հիմքեր ունի առարկելու պահանջի դեմ, հետևաբար՝ դիմումը ենթակա է մերժման: Այս վճռի դեմ Առուստամյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը  12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության գործում առկա բոլոր ապացույցները ՀՀ սնանկության դատարանի կողմից լրիվ և բազմակողմանի հետազոտված չլինելու և վճռում դրանց որևէ կերպ գնահատական տրված չլինելու պատճառաբանությամբ: Գուրգեն Խաչատրյանն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ  վարույթ չի ընդունվել։ Առաջին ատյանի  դատարանում գործի նոր քննության ժամանակ 2022 թվականի մարտի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին՝ մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 10.03.2022 թվականին, ինչպես նաև  հայցադիմումին կցված փաստաթղթերը՝  «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ։ Գործի քննության արդյունքում դատարանը 2022 թվականի մարտի 24-ի վճռով Սեդրակ Առուստամյանի  դիմումը բավարարել է և Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել։ Դատական ակտի պատճառաբանություններում դատարանը նշել է, որ Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Գուրգեն Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, որը կհիմնավորեր դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը։ Շարունակությունը՝ factor.am-ում
10:59 - 10 փետրվարի, 2023
«Երբ կռիվը սկսվեց, հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ»․ Խուռհատ սարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

«Երբ կռիվը սկսվեց, հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ»․ Խուռհատ սարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին շարքային Կարեն Աբրահամյանն ու Մստո Մստոյանը։ Վկա Կարեն Աբրահամյանը այն զինծառայողներից էր, որը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի խմբի հետ միասին կիսվել է գումարտակի անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալու հետեւանքով՝ ընկել շրջափակման մեջ։ Դատարանում նա հայտնեց, որ նախապես իմացել են, որ հակառակորդը Հադրութ քաղաքում է, եւ այդ ուղղությամբ չեն գնացել, մինչդեռ նախաքննության ժամանակ հայտնել էր, թե որոշում է կայացվել գնալ քաղաքի ուղղությամբ։ Այս եւ այլ հակասություններ հաշվի առնելով՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Վկա Մստո Մստոյանն էլ պատմեց, որ երբ հակառակորդը հարձակվել է, Վահանյանը չի թույլատրել կրակել՝ ասելով, թե մեր «ռազվետկան է» գալիս, իսկ ավելի ուշ ՄՈԲ-ի մի լեյտենանտ նրան մեղադրել է զորքին խաբելու մեջ․ «Լեյտենանտ ասաց՝ դու ասում էիր՝ ապահով է լինելու, բայց էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես քեզ եմ լսել, էրեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք․․․ Ու քանի որ արդեն շատ էինք խաբվել հրամանատարության կողմից, ՄՈԲ–ին լսելով, իրար պահելով՝ հետ ենք իջել»,-պատմեց նա։  #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին վկաներ Կարեն Աբրահամյանն ու Մստո Մստոյանը։ Վերջիններս 2020 թ․ սեպտեմբերին եղել են ուսումնական գումարտակի շարքային զինծառայողներ։ Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ վկա Կարեն Աբրահամյանի՝ Խուռհատ սարը բարձրանալուց առաջ Վահանյանն իրենց ասել է, թե գնում են մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ Վկա Կարեն Աբրահամյանը պատերազմի ժամանակ 2․5 ամսվա զինծառայող է եղել, առաջին իսկ օրից՝ ընդգրկված մարտական գործողություններում։  Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, իսկ հարցին՝ ի՞նչ է իրեն հայտնի քրեական գործից, վկան պատասխանեց․ «Փախել ա»։ Դժվարանալով ինքնուրույն ներկայացնել մանրամասները՝ վկան խնդրեց իրեն հարցեր տալ։ Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ նա պատմեց, որ Իշխան Վահանյանին հանդիպել է հոկտեմբերի սկզբի օրերին, երբ իրենց վաշտը, Ջրականից նահանջելով, տեղակայվել է Հադրութի դպրոցում։ Արտաքինից Վահանյանի վրա վիրակապ կամ վիրավորված լինելու մասին վկայող որեւէ բան չի նկատել։ Հիշեցնենք, որ հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Վահանյանը նախքան Խուռհատ սարի դեպքերը՝ սեպտեմբերի 29-ին, թեթեւ վիրավորում է ստացել, վիրակապվել եւ շարունակել ծառայությունը։ Վահանյանը դատարանում հայտարարել է, որ երկրորդ անգամ էլ հոկտեմբերի 10-ին` Խուռհատ սարի մարտական գործողությունների ժամանակ է վիրավորվել, սակայն տուժող կողմը այն համոզմանն է, որ նա այդ օրը իր հին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելով։ Լուսանկարում՝ վկա Կարեն Աբրահամյանը Ըստ վկա Կարեն Աբրահամյանի՝ 300–հոգանոց գումարտակը հրաման է ստացել բարձրանալ Խուռհատ սարը, դիրքավորվել այնտեղ եւ անցնել պաշտպանության։ Թե ում կողմից, նա չգիտեր։ Նրա խոսքով՝ դիրքավորվել են, խրամատների բացակայության պատճառով սկսել բահերով փոսեր փորել, իսկ 2 օր անց թշնամին հարձակում է գործել․ «Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան ժ․ 6-ի կողմերը»,– սկսեց պատմել Աբրահամյանը, սակայն հանրային մեղադրողը ընդհատեց․ «Հոկտեմբերի 9-ի՞ն»։ Նշենք, որ ըստ քրեական գործի եւ դատարանում հարցաքննված մի շարք վկաների՝ հարձակումը հոկտեմբերի 10-ին է եղել․ «Մեկ անգա՞մ է հարձակում եղել»,– ճշտեց մեղադրողը։ Վկան դրական պատասխան տվեց։ Այս եւ հետագա մի շարք այլ հակասություններ հաշվի առնելով՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը ավելի ուշ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, ինչը դատարանը բավարարեց։ Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ հակառակորդը հարձակվել է հոկտեմբերի 10-ին, այլ ոչ թե 9-ին, եւ կեսօրին՝ 12-ի մոտակայքում, այլ ոչ թե երեկոյան՝ 6-ի մոտակայքում․ «Դպրոցում գտնվելու ընթացքում՝ հոկտեմբերի 8-ի կեսօրին, Վահանյանը հավաքել է զորքին, ասել՝ գնալու ենք մի հանգիստ տեղ, գրեթե 3-րդ գիծ, եւ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9–ի կեսօրին, նրա ղեկավարությամբ 300 հոգով կամազով բարձրացել են «Վիշկա» կոչվող սարը (խոսքը Խուռհատ սարի մասին է,-հեղ․)»,– նախաքննության ժամանակ ասել է նա։ –Հիմա դատարանը ո՞ր օրը հիմք ընդունի,– հետաքրքրվեց Ավետիսյանը։ –Երեւի ամսի 10-ը,– պատասխանեց վկան։ Շարունակելով իր ցուցմունքը՝ նա դատարանում պատմեց, որ հակառակորդը ե՛ւ օդային ուժ ուներ, ե՛ւ մարդուժ․ «Մենք ընկանք շրջափակման մեջ, ու մեզ հետնահանջ տվեցին»,– պատմեց վկան՝ չկարողանալով կոնկրետացնել, թե ով է տվել նահանջի հրամանը։ Լուսնկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային խնդրեց նաեւ մանրամասնել, թե ինչ նկատի ուներ, երբ նիստի սկզբում ասաց՝ փախել է․ «Նկատի ունեի, որ երբ հարձակվել են, Վահանյանը փախել է Հադրութի էդ սարի մոտից, տեսա՝ ոնց է վիլիս նստում»,– ասաց վկան՝ նշելով, որ տեղյակ չէ՝ ինչու էր նա գնում կամ վիրավորների տանում էր իր հետ թե ոչ։ Ի պատասխան Ավետիսյանի հարցին՝ վիրավո՞ր էր, քայլքի մեջ փոփոխություն կա՞ր՝ վկան նախ բացասաբար շարժեց գլուխը, ապա ասաց՝ չգիտի։ Վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում մի շարք էական հակասություններ կային Վկա Կարեն Աբրահամյանի խոսքով՝ նահանջից հետո ինքը գտնվել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ։ Հիշեցնենք՝ Մուրադյանն այն սպան է, որը, ըստ քրեական գործի, գումարտակի մի մասի հետ գնացել է սխալ ուղղությամբ, ինչի հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ՝ տալով զոհեր եւ վիրավորներ։ Թե ինչպես էր զորքի մոտ 150 հոգին Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ բաժանվել մյուս սպաներից, Աբրահամյանը չկարողացավ պարզաբանել, ասաց՝ վիրավորման հետեւանքով որոշ բաներ չի հիշում․ «Չգիտեմ՝ ոնց եղավ, որ բաժանվեցինք, չեմ հիշում, կեսս ներքեւ ենք իջել, կեսս՝ վերեւ»։ Ավելի ուշ, երբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, այս դրվագի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզ դարձան։ Մասնավորապես, նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ սարից գրեթե բոլորով իջել են, եւ քանի որ գումարտակի հրամանատարը փախել էր, խառնաշփոթը եւ խուճապը ավելի էին շատացել․ «Այդ ժամանակ մեզ հետ էին Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը, Հովհաննես Մուրադյանը։ Հայկազն ասաց, որ պետք է գնանք սարից դեպի աջ գտնվող անտառի ուղղությամբ, որտեղ մեր 3-րդ գումարտակն էր, դրանից հետո մենք միաշարասյուն սկսեցինք քայլել դեպի աջ։ Այդ ժամանակ հակառակորդը սկսեց ինքնաձիգներով կրակել մեր ուղղությամբ, որից հետո մենք բաժանվեցինք իրարից, խառնաշփոթ սկսվեց, եւ մեր մի մասը՝ 96 հոգով, գնաց Հովհաննես Մուրադյանի եւ գյումրեցի կամավոր քեռիի հետ, ում անունը Արտյոմ էր, Հովոն կապ հաստատեց Վազգենենց հետ, տեղեկացանք, որ նրանք մեզնից վերեւ են»,– նշել էր նա։ Հիշեցնենք՝ այդ կամավորի մասին իր ցուցմունքում հիշատակել էր եւս մեկ վկա՝ նախորդ նիստին հարցաքննված կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը՝ ասելով, որ նրա ցուցումով են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Շարունակելով իր ցուցմունքը՝ Աբրահամյանը դատարանում պատմեց, որ Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են, ըստ ամենայնի, Տող գյուղի ուղղությամբ, որի ճանապարհին էլ վերջինս զոհվել է։ Կապի միջոց, ըստ նրա, Մուրադյանի մոտ չի եղել, միայն բջջային հեռախոս։ –Երբ գնում էիք Հովհաննես Մուրադյանի հետեւից, ի՞նչ տեղեկություն ունեիք հակառակորդի մասին։ –Գիտեինք, որ քաղաքում են թուրքերը։ –Այսինքն՝ Հովհաննես Մուրադյանը գիտե՞ր, որ Հադրութ քաղաքում են թուրքերը։ –Այո, դրա համար քաղաքի ուղղությամբ չենք գնացել, Տողի կողմ ենք գնացել։ –Մեկ այլ վկա նշել էր, որ Վանք գյուղի կողմ եք գնացել։ Հնարավո՞ր է՝ անվանումը խառնում եք։ – Չեմ հիշում է։ – Լավ, հետո՞։ – Միատողան գնում էինք, մենք ձորի մեջ էինք, հակառակորդը սարի վրայից խփում էր, ամենաառջեւից Մուրադյանն էր գնում, իրեն որ խփեցին, արդեն խուճապ սկսվեց,– պատմեց վկան՝ հավելելով, որ այդ հատվածում այլ զոհեր եւս ունեցել են։ Նշենք, որ այս դրվագի վերաբերյալ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Հովհաննես Մուրադյանն իրենց ասել է, որ պետք է շարժվեն Հադրութ քաղաքի, այլ ոչ թե գյուղի ուղղությամբ․ «Հովոն ասաց, որ պետք է քայլենք Հադրութի ուղղությամբ, դուրս գանք շրջափակումից, եւ որոշվել է, որ անտառով քայլենք եւ դուրս գանք Հադրութ քաղաքի ուղղությամբ, սակայն անտառով մենք իջանք ձորի միջով, ու այդ պահին հակառակորդը սկսեց նռնակներ նետել, կրակ վարել ինքնաձիգից եւ նռնականետից, ինչի հետեւանքով շատերը վիրավորվեցին, շատերը, այդ թվում՝ Հովոն եւ գյումրեցի կամավոր քեռին, զոհվեցին,– դատավորն ընթերցեց նախաքննական ցուցմունքը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը խնդրեց պարզաբանել այս հակասությունը․ –Եթե տեղյակ լինեիք, որ հակառակորդը Հադրութում է, կշարժվեի՞ք այդ ուղղությամբ,– հարցրեց նա։ –Ուրիշ տեղ չունեինք գնալու, հետ գնալու տեղ էլ չկար,– պատասխանեց վկան։ Վկան պատմեց, որ դատարանում գտնվող տուժողի իրավահաջորդներից մեկի որդին իր ձեռքերում է զոհվել Սպա Հովհաննես Մուրադյանի եւ հիշյալ կամավոր Արտյոմի զոհվելուց հետո ողջ մնացած անձնակազմը ցրվել է գյուղով մեկ, թաքնվել՝ գյուղի տներում՝ վիրավորներին իրենց հետ տանելով։ Ըստ վկայի՝ իր խումբը այդ տանը մնացել է մեկ օր, որից հետո դուրս է եկել, քայլել ճանապարհի ուղղությամբ, հանդիպել խմբի մյուս անդամներին եւ մոտ 50 հոգով միանալով Վանաձորի ՄՈԲ–ին՝ փրկվել՝ նրանց հետ մեքենաներով դուրս գալով Գորիս, ապա՝ Խնձորեսկ։ Հարցաքննության ժամանակ պարզ դարձավ, որ Կարեն Աբրահամյանի հետ նույն տանը գտնվել է զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Ղազարյանը, որի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, մի շարք հարցեր հղեց վկային․ Լուսանկարում՝ զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը –Դուք որ սարից իջաք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։ –Ինը։ –Հետներդ վիրավոր կա՞ր։ –Նարեկը․․․ (Նկատի ունի՝ Ղազարյան Նարեկին,–հեղ․) –Իմ տղան է, հարգելի՛ դատարան։ –Նաեւ Սիրունյան Նարեկը․․․ Մնացածի անունները չեմ հիշում։ –Բայց իմ տվյալներով՝ 9 հոգի չեք եղել, շատ եք եղել։ –Տան մեջ 9 հոգով ենք եղել։ –Բայց գյուղում շատ եք եղել, 32 հոգի, ճի՞շտ է։ –Չգիտեմ՝ կոնկրետ քանի հոգի։ – Ձեր մոտ ցանկություն չառաջացավ, որ էդ երկու ամենածանր վիրավորներին (նկատի ունի՝ երկու Նարեկներին,- հեղ․) հանեք տներից, նման բան անցե՞լ է ձեր մտքով․ իմ տղան 12 ժամ ապրեց, արնաքամ եղավ․․․ –Ո՞վ է ասում, որ չենք հանել, տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։ –Փաստորեն, ես իմ տղայի՞ն չեմ թաղել։ –Ձեր տղան ո՞վ է, ես չեմ ճանաչում։ –Ղազարյան Նարեկը։ –Հա, ճանաչում եմ, ինքը իմ ձեռքերի մեջ է զոհվել․․․ Տան մեջ․․․ –Բայց ես իրեն հանել եմ Վանք գյուղից, ձեր տղերքը տեղն ինձ ասել են, դու ինձ հիմա այլ հասցե ես ասում։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ վկան նույնպես այդ ժամանակ նշել է, որ իրենք Վանք գյուղում են մնացել, ուստի ենթադրվում է, որ նա Վանք գյուղի անունը խառնում է Տող գյուղի անվան հետ։ –Կարո՞ղ ես հիշել Նարեկիս վերջին խոսքերը,– տուժողի իրավահաջորդը հարցրեց վկային։ –Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկիր, բուշլաթով ծածկել եմ։ –Այլ արտահայտություն չի՞ արել։ –Չեմ հիշում։ –Կոմպոտը որ բերել եք, խմել է։ Ջուր է ուզել, չի եղել, կոմպոտ եք բերել։ –Հա․․․ –Որ խմել է, ի՞նչ է ասել, չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրեն շատ եմ սիրում։ –Ինձ չի ասել, ես չեմ հիշում։ Լուսանկարում՝ վկա Կարեն Աբրահամյանը Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը խնդրեց իր վերջին հարցին «տղավարի» պատասխանել՝ համարելով, որ Աստծուն է պատասխան տալիս․ –Ի վերջո, ըստ ձեզ՝ դավաճանություն եղե՞լ է։ –Որտե՞ղ։ –Սպաները դավաճանե՞լ են, որ ձեզ թողել, փախել են։ –Կոնկերտ՝ ով, չեմ հասկանում․․․ Մեզ հետ Հովոն է եղել, զոհվել է, տան մեջ այլ սպա չի եղել,– պատասխանեց վկան։ Մստո Մստոյանի խոսքով՝ հարձակման սկզբում Վահանյանն իրենց չի թույլատրել կրակել Երեկ հարցաքննված մյուս վկան Մստո Մստոյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող՝ ծանր զենքերի դասակից։ Նա եւս նշեց, որ մինչեւ Հադրութ տեղափոխվելը Վահանյանին չի հանդիպել, նրա ենթադրյալ վիրավորման մասին տեղեկություն չունի։ Մստոյանի խոսքով՝ իրենց տարել են Խուռհատ սարը՝ այնտեղ գտնվող ՄՈԲ–ին փոխարինելու։ Խրամատներ փորված չեն եղել, եւ զորքը՝ 3-4 հոգով, 5-10 մետր հեռավորության վրա բացազատվել է ողջ սարով՝ զբաղեցնելով մոտավորապես 450 մետր․ «Հիշում եմ՝ Վահանյանին, մեկ էլ ՄՈԲ–ից մի լեյտենանտ, նրանք էին համակարգում, բաժանվել ենք տարբեր մասերի, որ սարը պահենք, Վահանյանը ինձ ու ընկերոջս ուրիշ զենքի մոտ է նստացրել, ՊԿ է տվել մեզ, որովհետեւ ԱԿ–ով պահել չէինք կարող»։ –Այսինքն՝ ձեր ծանր զինատեսակը չէի՞ք տարել, ուղղակի ինքնաձիգով պիտի պաշտպանեի՞ք,– հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը: –Այո,– պատասխանեց վկան՝ հայտնելով, որ հոկտեմբերի սկզբի նահանջից հետո իրենց զինատեսակները մնացել էին Ջրականում։ Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Մստո Մստոյանի խոսքով՝ չնայած հակառակորդի հարձակմանը՝ Վահանյանը սկզբում չի թույլատրել կրակել․ «Ցերեկը շարժը նկատեցինք, մեր մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր, ինքը գնաց ամենադիմացը, անցավ մի քանի րոպե, սկսվեց կռիվը, մենք հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ, ես կապ եմ տվել ռազվետկային, մի կրակեք, մեր ռազվետկան է, մինչեւ էնքան, որ շատ քիչ էր մնացել, որ հասնեն մեզ, էդ ժամանակ եղել են կրակոցներ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ, եղել են շատ զոհեր, Վահանյանն ասում էր՝ հետ մի գնացեք, լեյտենանտն ասաց՝ դու ասում էիր՝ ապահով է լինելու, էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես քեզ եմ լսել, էրեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք, ու քանի որ արդեն շատ էինք խաբվել հրամանատարության կողմից, ՄՈԲ–ին լսելով, իր պահելով՝ հետ ենք իջել,– ասաց վկան՝ հավելելով, որ իրենցից շատերը կրակած էլ չկային, կռիվ տալ չէին կարող։  Վահանյանի կողմից այլ հրամաններ վկան չմտաբերեց․ «Մենք պիտի պաշտպանվեինք, բայց դրա հնարավորությունն էլ չկար, ամեն ինչ խառնվել էր իրար, շատ վիրավորներ ունեինք, ամենաճիշտ բանը նահանջն էր, երբ լեյտենանտ ասեց՝ նահանջեք, Վահանյանն ասաց՝ չէ, առաջ գնացեք, դրանից հետո նա իջել է, մենք, լեյտենանտին լսելով, իրեն վստահելով՝ նահանջել ենք»։ –Իսկ ձեզ հետաքրքիր չէ՞ր՝ ձեր գումարտակի հրամանատարն ուր է,–հարցրեց մեղադրողը։ –Իսկ մեր գումարտակի հրամանատարին հետաքրքիր չէ՞ր, թե իր զորքը ուր է,– ի պատասխան՝ ասաց վկան։ Նա նշեց, որ զորքը այն հոգեվիճակում էր, որ դժվար թե ենթարկվեր մեկին, ով իրենց արդեն իսկ խաբել է՝ ասելով, թե ապահով տեղ է տանում։ Վկայի խոսքով՝ հակառակորդը հրաձգային զինատեսակներ է կիրառել, հրետանի չի աշխատել։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ այդ պարագայում Վահանյանը կարո՞ղ էր այդտեղ բեկորային վիրավորում ստանալ, վկան պատասխանեց․ «էդ ժամանակ չէ, եթե ծանր զենք չի եղել, գռանատ էլ չի եղել, բայց ես լսել եմ, որ նրա իջնելու ժամանակ սնայպեռ է աշխատել, կրակել է, կպել է ծառին, ու ինքը ծառից է վիրավորում ստացել»,– ասաց նա՝ հավելելով, որ կապի միջոց միայն Վահանյանի մոտ է նկատել։ Ըստ Մստո Մստոյանի՝ նահանջից հետո զորքի մեծ մասը շրջափակման մեջ է մնացել Ըստ Մստո Մստոյանի՝ մարտը տեւել է մոտ կես ժամ, իսկ երբ նահանջից հետո բոլորով հավաքվել են, եղել են մոտ 250 հոգի, որոնց թվում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը չի եղել։ Այդ ժամանակ սպայակազմը որոշում է կայացրել նահանջել Հադրութի ուղղությամբ․ «Միաշարասյուն իջնում էինք դեպի Հադրութ, տեսանք, որ շուռ եկած ավտոներ կան, որոնք հակառակորդը խփել էր, որոշեցիք՝ ձախ սարով բարձրանալ, որովհետեւ Ջաբրայիլի 3-րդ գումարտակը էդտեղ էր, քիչ էր մնացել՝ հասնեինք՝ մոտ 100-150 մետր, երբ մեր զորքը սկսեց կրակել՝ իմանալով, թե թուրքերն են, կապի միջոց չկար, որ կապ տայինք՝ ասեինք մենք ենք․․․ Շատ մարդ կար, որ արդեն չէր կարողանում, ուժը չէր հերիքում, հետեւից էր գալիս․․․ Ու էդտեղ բաժանվել ենք երկու մասի»։ Ըստ Մստոյանի՝ իրենք՝ մոտ 45 հոգով, մնացել են սպաներ Հայկազ Գրիգորյանի եւ Վազգեն Վարդանյանի հետ, իսկ զորքի մնացած մասը սերժանտ Հարութ Կարախանյանի եւ ՄՈԲ–ի լեյտենանտի հետ իջել է Հադրութի գյուղերից մեկը․ «Վազգենը հեռախոսով կապ է տվել Հարութին, ասել՝ այսինչ տեղն ենք, եկեք, հասեք մեզ, բայց 2-3 րոպե հետո Հարութը ասել է՝ շրջափակման մեջ ենք, մեր զորքի մեծ քանակը էնտեղ է մնացել, թուրքերը հարձակվել են, չեն կարողացել գալ»։ –Երբ 250 հոգով հավաքվեցիք, տեղյա՞կ էիք՝ հակառակորդը որտեղ է,- հետաքրքրվեց մեղադրողը։ –Մեր զբաղեցրած տեղն էր արդեն հասել՝ վիշկայի մոտ։ –Տեղյա՞կ էիք՝ Հադրութում է թե ոչ։ –Հա, տեղյակ էինք, սարի վրայից իրենց տանկերը տեսել ենք քաղաքում։ –Էդ դեպքում ո՞նց կբացատերք, որ Հովհաննես Մուրադյանը գնացել է Հադրութ։ –Իրենք շուտ են իջել, ես իրենց չեմ տեսել,– ասաց վկան։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ ըստ քրեական գործի՝ զորքը երկու խմբի է բաժանվել․ մի խումբը իրենց՝ սպաների հետ մնացած խումբն է, մյուսը՝ Մուրադյանի հետ սխալ ուղղությամբ գնացած․ –Ես գիտեմ, որ Հովոն շուտ է իջել՝ 15 հոգու հետ։ –Ըստ քրգործի՝ նա մոտ 80 հոգու հետ է եղել։ –Մենք որ սարից իջել ենք, Հովոն մեզ հետ չի եղել,- պատասխանեց վկան։  Հաշվի առնելով, որ ըստ այլ վկաների ցուցմունքների՝ թե՛ Հովհաննես Մուրադյանը, թե՛ ՄՈԲ-ի հիշյալ լեյտենանտը նույն սխալ ուղղությամբ են գնացած եղել, բացառված չէ, որ նրանք միասին են եղել, եւ վկան Մուրադյանին պարզապես չի տեսել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե սպա Հայկազ Գրիգորյանը ինչ միջոցներ ձեռնարկեց, որ այդ բաժանումը տեղի չունենար, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Այդ պահին Վազգեն Վարդանյանը զանգեց, չգիտեմ՝ ում, բայց օգնություն չուղարկեցին, որ գոնե շրջափակման մեջ մնացած տղերքին հանեն, իսկ 3–րդ գումարտակի հետ կապ հաստատել չի հաջողվել, որովհետեւ կապի միջոց չկար, հեռախոսահամար էլ չունեինք»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ որոշ սպաներ վիճարկում են այն հանգամանքը, որ նորակոչիկները գտնվել են բարոյահոգեբանական այնպիսի վիճակում, որ ի վիճակի չէին ընկալել հրամանները․ –Հնարավոր էր ղեկավարել էն մարդու կողմից, որը վստահություն է ներշնչում, որը մեզ չի խաբել, ինձ չի թվում՝ նման մարդու զինվորները չէին ենթարկվի,- ասաց վկան։ –Հայկազ Գրիգորյանը այդպիսի՞ անձն էր, խաբե՞լ էր թե՞ ոչ,- հետաքրքրվեց տուժողների փաստաբանը։ –Չէր խաբել, Հայկազը ունեցել է ղեկավարող, ղեկավարողը իրեն է խաբել, ինքը չգիտակցելով խաբել է մեզ։ –Խաբողը խաբել է, Հայկազը մնացել է հրամանատար, նա գիտի զորքը արդեն խաբված է, ինչ–որ բան արե՞ց, որ իրեն լսեք։ –Դե, 40 հոգին որ բաժանվել է, իր հետ է գնացել, իրեն լսելով է գնացել, մնացածը շրջափակման մեջ է մնացել,- ասաց վկան՝ հավելելով, որ միայն զանգել, օգնություն են խնդրել, ուրիշ միջոց չէին կարող ձեռնարկել։ Ըստ վկայի ցուցմունքի՝ նահանջից հետո թշնամու վեցհոգանոց խմբի մոտ սպաներն իրենց միայնակ են թողել Մստո Մստոյանի խոսքով՝ իրենց խումբը ճանապարհին թշնամու 6-հոգանոց խմբի է հանդիպել․ «Մեզնից աջ 6 հոգու տեսանք, սպաները գոռացին՝ հա՞յ եք, ասացին՝ այո-այո, հասկացանք, որ թուրք են, իրենց կողմ էլ չգնացինք, սարի վրայով բարձրացանք, թուրքերը պտտվեցին, մեր դիմացով հարձակում գործեցին, գռանատ էին շպրտում, էդտեղ էլ ենք ունեցել զոհ ու վիրավոր, Ղարիբը գոռաց (խոսքը սպա Ղարիբ Ջավադյանի մասին է, -հեղ․)՝ հելեք, կփռթենք, մենք հելել ենք, որ հարձակվենք, բայց պտտվել, տեսել ենք, որ 39-40 հոգի սպաների հետ դեպի ներքեւ են գնում․․․ Մնացել ենք 4 հոգով՝ ես, Արթուր Անդրեասյանը, Արմեն Երիցյանը, Խաչատուր Անախասյանը (վերջին երկուսի ցուցմունքները՝ այստեղ,- հեղ․), մեկ էլ վիրավորները․․․ Ասացի՝ կամ պիտի էստեղ մնանք, զոհվենք, կամ զորքի հետեւից իջնենք»։ Վկայի խոսքով՝ ի վերջո որոշել են իջնել եւ մի կերպ հասել են զորքին։ – Բա նրանց միանալուց հետո հարց չեղա՞վ, թե ձեզ ինչու լքեցին։ –Դե մեր միակ հույսը իրենք են եղել,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ զորքին միանալուց հետո հադրութեցի ավագի ղեկավարությամբ դուրս են եկել ճանապարհ, հանդիպել հետախույզների խմբի եւ այդպես փրկվել։  –Ո՞րն էր տրամաբանությունը, որ Ղարիբը ե՛ւ կռվելու հրաման է տվել, ե՛ւ նահանջել են,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ –Երեւի որովհետեւ շատերը վախեցել են։ –Սպանե՞րն էլ։ –Դե որ սպաներն էլ են իջել, երեւի իրենք էլ։ –Ու ձեր մասին էլ չեն մտածել, չէ՞,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 16-ին։ Դատարանը հերթական անգամ որոշում կայացրեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, բայց դատարան չներկայացած վկաներին։    Գլխավոր լուսանկարում՝ վկա Մստո Մստոյանը Միլենա Խաչիկյան
17:51 - 08 փետրվարի, 2023
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։  «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով», - նշված է հրամանագրում։   Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել էր Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: 
20:04 - 30 հունվարի, 2023
«Մի տասը հատ կրակել ա ու չի կրակել»․ ըստ վկայի՝ Խուռհատ սար մեկնած զորքի զենքերը լավ չեն աշխատել

«Մի տասը հատ կրակել ա ու չի կրակել»․ ըստ վկայի՝ Խուռհատ սար մեկնած զորքի զենքերը լավ չեն աշխատել

#Կարճ_ասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանում երեկ հարցաքննվեց պատերազմի ժամանակ երկու ամսվա ժամկետային զինծառայող Վլադիկ Բարսեղյանը։ Վերջինս առանցքային դրվագներով նախորդիվ հարցաքաննվածների ցուցմունքներին հակասող պնդումներ արեց դատարանում։ Մասնավորապես՝ ասաց, որ Խուռհատ սարից նահանջի ժամանակ Հովհաննես Մուրադյանի անձնակազմն առաջ է ընկել ու գնացել գրավված Հադրութի ուղղությամբ, իսկ իրենց անձնակազմը չի գնացել նրանց հետեւից, քանի որ տեղեկացել են Հադրութի գրավվելու մասին։ Այնինչ նախորդիվ հարցաքննվածները պատմել էին, որ Մուրադյանի անձնակազմը նահանջի ժամանակ զորքի վերջում է եղել, ու, իրենց անհայտ հանգամանքներում, առանձնացել է մյուսներից՝ գնալով Հադրութ՝ չիմանալով, որ հակառակորդն է այնտեղ վերահսկողություն սահմանել։ Միայն մեկ վկա հարցաքննության ժամանակ նշել էր, որ Մուրադյանի անձնակազմը մյուսներից առանձնացել է, քանի որ հրետակոծություն է եղել ու արկն ընկել է նրանց արանքում։ Մեկ այլ վկա էլ ասել էր, որ Մուրադյանի անձնակազմը Հադրութ է շարժվել մի կամավորի ցուցումով։ Վկան նաեւ նշեց, որ Խուռհատ սարում հակառակորդի հետ մարտը տեւել է մոտ մեկ-մեկուկես ժամ, եւ այդ ընթացքում հակառակորդը կիրառել է ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլեւ հրետանի, ուստի, ըստ նրա, Իշխան Վահանյանը կարող էր բեկորային վիրավորում ստանալ այդ ընթացքում։ Դրա հավանականությունը հերքել էին գրեթե բոլոր հարցաքննվածները։ Բացի դրանից՝ Խուռհատ սարից նահանջելուց հետո հակառակորդի փոքրաթիվ խմբի հետ մարտի բռնվելու դրվագի առնչությամբ վկան պատմեց, որ հետագայում իրենց քսանհոգանոց խմբից երկու ճակատագիրն իրենց անհայտ է եղել (հետագայում արդեն վկան նրանց տեսել է), իսկ սպաները չեն գնացել այդ զինծառայողներին որոնելու, թեեւ նախորդ հարցաքննվածները նշել էին, որ այդ մարտից հետո երեք զինվորի գտնվելու վայրը չեն իմացել, եւ որ այդ մարտի ժամանակ զոհեր են տվել։   #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Դատարանը վկաների հարցաքննության փուլում է։ Երեկ դատակոչվել էին Վլադիկ Բարսեղյանը եւ Մստո Մստոյանը։ Վերջինս, սակայն, թեեւ տեղեկացրել էր նիստի սկսվելուց մեկ ժամ անց դատարան ներկայանալու մասին, այդպես էլ չներկայացավ։ Դատարան ներկայացած Վլադիկ Բարսեղյանը՝ ծնված 2002թ․-ին, 44-օրյա պատերազմը սկսվելու ժամանակ նորակոչիկ է եղել՝ երկու ամսվա ծառայող։ Նիստի սկզբում Բարսեղյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը ամբաստանյալ Իշխան Վահանյանի հետ ոչ մի հարաբերություն չունի։ Բարսեղյանը, սակայն, Վահանյանի անունը սկզբում չհնչեցրեց, ինչի առնչությամբ դատավորի մոտ հարց առաջացավ։ Բարսեղյանը մեկնաբանեց, որ Վահանյանի անունը չի ուզում տալ, քանի որ նա «զորքին թողել փախել ա, մեղմ ասած»։ Նշենք, որ Բարսեղյանը դատավարության մասնակիցների հարցերին պատասխանում էր կարճ նախադասություններով կամ հաստատող ու հերքող արձագանքներով, և կողմերը ստիպված էին լինում պարբերաբար վերաձևակերպել իրենց նույն հարցերը։ Ըստ վկա Վլադիկ Բարսեղյանի՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին պատրաստվում էին ճաշարան գնալ, երբ հակառակորդը սկսեց, իր խոսքով, «տրաքացնել», ինչից հետո իրենց հանել են դիրքեր․ «Հետնահանջ, Հադրութ, տենց խառը»,- շարունակեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ Խուռհատ սարի դեպքերից ի՞նչ կպատմի վկան, ինչին ի պատասխան՝ Բարսեղյանը նշեց, որ Հադրութի դպրոցից իրենց հանել են Խուռհատ սար, որտեղ մնացել են գիշերը, իսկ առավոտյան հակառակորդը սկսել է կրակել, իրենք էլ հետնահանջ են արել։ Ի պատասխան դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցի՝ Բարսեղյանը տեղեկացրեց, որ պատերազմի ժամանակ ինքը եղել է ավագ նշանառու, իրենց դասակը եղել է ԱԳՍ-ի (հաստոցավոր ավտոմատ նռնականետ) առանձին դասակը, իսկ թե ինչ պաշտոն է զբաղեցրել Իշխան Վահանյանը, Բարսեղյանն ասաց՝ շտաբի պետ։ Նա նշեց, որ պատերազմն սկսվելուց անմիջապես հետո իրենց ստորաբաժանումը ներգրավվել է մարտական գործողությունների, բայց պատերազմի սկզբում ինքն Իշխան Վահանյանին չի հանդիպել, այլ հանդիպել է Հադրութի դպրոցում։  Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ Բարսեղյանն ի՞նչ տեղեկություններ է ունեցել սպայակազմից, օրինակ՝ Վահանյանից, մինչեւ վերջինիս վիրավորում ստանալը, Բարսեղյանը պատասխանեց, որ ընդհանրապես տեղեկություն չի ունեցել։ Հարցին, թե պատերազմական գործողությունների ընթացքում գումարտակի հրամանատարական կազմում փոփոխություններ եղել են, Բարսեղյանը պատասխանեց․ «Իմացել ենք, որ կամբատ դրել են Իշխան Վահանյանին»։ Թե երբ են իմացել դրա մասին, թե ինչ հանգամանքներում է Վահանյանը նշանակվել, ինչ պատճառով է փոփոխությունը տեղի ունեցել, Բարսեղյանը պատասխանեց, որ սարի վրա է իմացել, որ Վահանյանն արդեն այդ պաշտոնն է զբաղեցնում։ Թե մինչ այդ ով էր զբաղեցնում գումարտակի հրամանատարի պաշտոնը, վկան ասաց, որ չի հիշում անուն-ազգանունը, բայց տեղյակ է, որ փոփոխությունն արվել է, քանի որ վերջինս զոհվել է։ Բարսեղյանը ասաց, որ չգիտի այն տեղանքը, ուր բարձրացել են դպրոցից հետո, բայց ասաց, որ այնտեղ են գնացել Իշխան Վահանյանի հրամանով։ Իսկ այնտեղ, ըստ վկայի, իրենց հրաման է տրվել սարի վրա դիրքավորվելու, դիտարկում անելու․ հրամանը, Բարսեղյանի խոսքով, կատարել են։ Վկայի խոսքով՝ դասակի հրամանատարը զորքի հետ չի եղել Բարսեղյանը, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցին, սկզբում ասաց, որ իրենք անմիջական հրամանատար չեն ունեցել, հետո ասաց, որ հրամանատրն Իշխան Վահանյանն է եղել։ Հանրային մեղադրողը ճշտող հարց հնչեցրեց՝ չե՞ն ունեցել դասակի հրամանատար, Բարսեղյանն էլ պատասխանեց՝ «ունեցել ենք, ըտեղ չի եղել», թե ինչ պատճառով, Բարսեղյանն ասաց՝ տեղյակ չէ։ Մեղադրողն արձանագրեց՝ ԱԳՍ դասակի հրամանատարը զինվորների հետ չի եղել, ապա ճշտեց՝ «այսինքն՝ հրամանները՝ ինչ գործողություններ պետք է անեք, ստացել եք Վահանյանի՞ց», Բարսեղյանը հաստատեց, եւ ասաց, որ իրենց հետ այլ սպաներ են եղել․ «Ղարիբյանը (սպա Արսեն Ղարիբյանը,- հեղ․), Վազգենը (վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը,-հեղ․), Մուրադյանը (կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը,-հեղ․), էդքանն եմ հիշում»,- ասաց վկան։ Հանրային մեղադրողը հետաքրքրեց՝ մոտավոր որքա՞ն էր այն հատվածը, որը պետք է պահեր գումարտակը, վկան պատասխանեց՝ «օդայինով մոտ 250-300մ»։ Մեղադրողը դարձյալ ճշտեց՝ այդ հատվածում ո՞ր սպաներն են իրենց գործողությունները ղեկավարել, վկան ասաց՝ իր նշած անձինք, իսկ մեղադրողը մեկնաբանեց․ «Հա, էդ բոլորը․․․ Ուղղակի էդ 250-300մ տարածության վրա դժվար կլինի մի հոգին միաժամանակ էդ հատվածում գտնվի, դրա համար առաջարկում եմ կոնկրետացնել՝ ո՞ր սպան ա եղել ձեզ ավելի մոտիկ, ի՞նչ եղանակով ա իրականացվել ղեկավարումը»։ Վկան պատասխանեց․ «Ես, որ հիշում եմ, Իշխան Վահանյանն ա տվել կրակելու հրաման, տենց հրամաններ ինքն ա տվել»։ Հանրային մեղադրողը հարցրեց՝ «դուք դիրքավորվեցիք բնագծում, որտեղ պետք է ծառայություն իրականացնեք․ սպայակազմը, էդ թվում Վահանյանը, իրենք որտե՞ղ էին դիրքավորվել, տեղակայումն իրենց որտե՞ղ է եղել»։ Վկան ասաց, որ չի հիշում, բայց նշեց, որ նույն տեղում են եղել՝ «ուր որ մենք, իրանք ըտեղ, էդ սարի վրա»։ Հանրային մեղադրողը նորից հղում արեց նախորդիվ հարցաքննված վկաների ցուցմունքներին՝ ասելով, որ նրանք նշել են, որ հրամանատարները տեղակայված են եղել զորքի թիկունքում․ «Նաեւ նշում էին էդ «քարի» հատվածը, որտեղ սպաները հիմնականում գտնվել են, դու ի՞նչ կասես էդ կապակցությամբ, հիմա որտե՞ղ էին գտնվում սպաները»,- հարց հնչեցրեց դատախազը։ «Խառը էլի, գնացել-եկել, ման են եկել, նայել, խառը, կոնկրետ տեղ չկա, որ ասեմ ըտեղ են եղել»,- ասաց վկան։ Պատասխանելով հաջորդ հարցին՝ Բարսեղյանն ասաց, որ սպաներն այն հեռավորության վրա էին, որ նրանք հրամանները լսելի են եղել․ «Ասում էին, արդեն մեկս մյուսին փոխանցում էինք, էլի»,- մեկնաբանեց վկան։ Ըստ վկայի՝ Խուռհատ սարում հակառակորդի հետ մարտը տեւել է մոտ մեկ-մեկուկես ժամ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային առաջարկեց ավելի լարել հիշողությունը՝ փորձելով իրադարձությունները պարզաբանել դատարանի առջեւ․ «Լավ, ի՞նչ տեղի ունեցավ ամսի տասին, խոսքը վերաբերում է հակառակորդի հարձակմանը ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերին»,- նշեց Ավետիսյանը։ «Որ հարձակվել են, տենց կրակել ենք, բան-ման, առավոտվա կողմ [են հարձակվել], մոտ տասի սահմաններում»,- պատմեց Բարսեղյանը՝ նշելով, որ հակառակորդի հարձակումը «անտառի միջից» է եղել, իրենց ձախ կողմից, ամբողջ երկարությամբ, նաեւ իրենց կողմից պաշտպանվող դիրքի ուղղությամբ։ Վկան ոչ հստակ, բայց ասաց, որ հարձակումն, ըստ ամենայնի, հետեւակի կողմից է եղել, կիրառվել է հրազեն, թեեւ նշեց, որ հրետանի էլ է աշխատել իրենց ուղղությամբ։ «Սկսվեց հարձակումը, էդ մասին իմացա՞վ վերադաս հրամանատարությունը»,- հարցրեց հանրային մեղադրողը, ինչին ի պատասխան՝ վկան գլխով հաստատեց, Ավետիսյանը հարցրեց՝ ի՞նչ հրամաններ ստացան, ո՞ւմ կողմից։ Բարսեղյանն արձագանքեց․ «Կրակ բացել․․․ Իշխանն էր Վահանյան (նկատի ունի հրաման արձակողը,- հեղ․)»,- ասաց վկան՝ նշելով, որ իրենք հակառակորդի ուղղությամբ կրակում էին ավտոմատներով։ Նա նշեց, որ այդ գործողությունը տեւել է մոտ մեկ ժամ-ժամուկես։ Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյան Հարցին՝ այդ ընթացքում վերադաս հրամանատարությունը զորքի հե՞տ էր, վկան պատասխանեց, որ ում անունը նշել է, իրենց տեսել է, նաեւ ասաց, որ Վահանյանին էլ է տեսել․ «Դրանից հետո հետնահանջ ենք տվել, խառը իջել ենք ներքեւ, հետո էլի ուզեցել ենք հելնենք վերեւ՝ չի ստացվել»,- պատմեց Բարսեղյանը՝ նշելով, որ չգիտի՝ հետնահանջի հրաման եղել է, թե ոչ․ «Ասել են՝ հրաման ա տված՝ հետնահանջ ենք տալի, բան, տենց խառը իջել ենք»։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են ասել նահանջի հրամանի մասին, վկան արձագանքեց՝ «խառը, էլի»։ «Զինծառայողնե՞րը»,- հարցրեց Ավետիսյանը, Բարսեղյանն էլ պատասխանեց՝ այո։ Նա ասաց, որ նահանջել են դեպի Հադրութ իջնող ճանապարհով, իսկ նահանջի պահին սպայակազմից իրենց հետ են եղել սպաներ Վազգեն Վարդանյանն ու Արսեն Ղարիբյանը։  Վկան, ինչպես վերը արձանագրել ենք, նշել էր, որ մարտի ժամանակ Իշխան Վահանյանին տեսել է․ ի պատասխան հանրային մեղադրողի հարցի՝ նա ասաց, որ արդեն նահանջի ժամանակ Վահանյանին չի տեսել եւ տեղեկություն չունի, թե նա որտեղ է եղել։ Նրա խոսքով՝ իրենց հետ եղած սպաներն ասել են, որ նահանջի հրաման կա։ Ընթացքում իմացել է, որ Իշխան Վահանյանը, իր խոսքով, փախել է։ Թե ումից է այդ տեղեկությունն իմացել, Բարսեղյանն այսպես պատասխանեց․ «Խոսում էին տենց խառը, տենց եմ իմացել, որ վիրավորներին վերցրել գնացել ա»,- ասաց վկան՝ պնդելով, որ չի հիշում՝ ովքեր էին ասում, միայն հիշում է, որ ասել են՝ Վահանյանը վիրավորվել է, դրա համար է գնացել։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ըստ վկայի՝ նորմալ չէ՞, որ վիրավորվել է, պետք է գնա, ինչին Բարսեղյանն արձագանքեց, որ «ծանր վիրավորումը չի եղել, որ դրա համար թողնի, գնա»․ «Ասել են, որ տեսել են, որ իրա ոտքով ա իջնում, իրան չեն իջացնում, ինքն ա իջնում»,- նշեց վկան։ Թե հետո ինչ գործողություններ են արել, վկան դարձյալ հստակ պատասխաններ չտվեց։ Նա սկզբում չմտաբերեց, թե ում հրամանով են նահանջից հետո նորից բարձրացել սար (խոսքը Խուռհատին հարակից մեկ այլ սարի մասին է), հետո ասաց, որ Վազգեն Վարդանյանի հրամանն է եղել․ «Բարձրացել ենք սար, ընդեղ դիրքավորված են եղել թուրքերը, տենց հետ ենք իջել դեպի Հադրութ»,- ասաց վկան, բայց նշեց, որ չի հիշում՝ որ ճանապարհով։ Նա ասաց, որ չի հիշում նաեւ, թե մոտավորապես քանի հոգի է եղել անձնակազմը․ «Շատ ա եղել, բայց մոտավորապես էլ չեմ կարա»,- ասաց նա, եւ դատավարության մասնակիցների դիտարկումներին՝ «մոտ 100-150՞», դրական արձագանքեց։ Նա գլխով հաստատեց նաեւ դիտարկումը, որ նահանջի ժամանակ բոլորով են եղել։ Բայց ասաց, որ նահանջի ժամանակ՝ սարը բարձրանալիս, մոտ քսան հոգով են եղել։ Հարցին, թե ինչ եղավ մնացած անձնակազմը, պատասխանեց․ «Իրանք առաջ ընգած գնացել են Մուրադյանի հետ, մեզանից մի քիչ շուտ են գնացել էլի, դեպի Հադրութ, տենց գիտեմ»,- ասաց նա։ Ըստ վկայի՝ իրենք նրանց հետեւից չեն գնացել, որովհետեւ Վազգեն Վարդանյանն ասել է, որ Հադրութը գրավված է կամ նման մի բան։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ մյուս անձնակազմը տեղյակ չէ՞ր, որ Հադրութը գրավված է, վկան պատասխանեց, որ չգիտի, բայց, ըստ իրեն, եթե տեղեկացված լինեին, չէին գնա այդ ուղղությամբ։ Թե Վազգեն Վարդանյանն ինչ միջոցներ է ձեռնարկել մյուս անձնակազմին տեղեկացնելու, որ Հադրութը գրավված է, վկան ասաց, որ կապ չեն ունեցել, ինչպե՞ս փորձեին տեղեկացնել։ Եւ, ըստ նրա, այդ անձնակազմը շատ էր առաջ գնացել, բայց չի հիշում՝ ինչքան ժամանակ էր՝ առաջ էին ընկել։ Վկան ասաց, որ չի հիշում նաեւ, թե դրանից հետո ինչ ճանապարհով են գնացել, որովհետեւ ինքը Հադրութին ծանոթ չէ, ճանապարհները չգիտի։ Ի վերջո, վկան հաստատեց, որ Վազգեն Վարդանյանի անձնակազմը կարողացել է դուրս գալ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, դիմելով վկային, նշեց, որ կան ցուցմունքներ, որոնցում նշվել է, որ հրետակոծություն է եղել, հետո են Մուրադյանի ջոկատն ու Վարդանյանի ջոկատը բաժանվել, իսկ հիմա Բարսեղյանն ասում է, որ նրանք առաջ ընկած գնում էին․ «Ինչո՞վ կբացատրեք էս տարբերությունը, տենց բան եղել ա՞»,- հարցրեց նա։ Բայց վկան նորից ասաց, որ չի հիշում։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ այն դասակը, որտեղ Բարսեղյանն էր, համալրվա՞ծ էր ԱԳՍ-ով, վկան դրական արձագանքեց։ Նա չհիշեց, թե որտեղ են իրականացրել առաջին մարտական առաջադրանքը, բայց ասած, որ գումարտակի հրամանատար Սահակյանի հրամանատարության տակ են եղել։ Վկան նշեց, որ այդ ժամանակ ԱԳՍ ունեին, իսկ ահա Խուռհատ սարում ԱԳՍ չունեին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ «բա ի՞նչ եղավ ԱԳՍ-ը», վկան պատասխանեց, որ Ջաբրաիլից նահանջելիս թողել են այնտեղ։ Այդտեղ, ըստ վկայի, իրենց դասակի հրամանատարը եղել է Ռաֆիկ Խալաֆյանը։ Թե ինչ հանգամանքներում են ԱԳՍ-ը թողել Ջաբրաիլում, վկան չմանրամասնեց, Գուրգեն Գրիգորյանի «հուշմանը»՝ «կռիվ է եղել», պատասխանեց՝ «հա էլի, տենց»։ Վկան չէր հիշում, թե քանի հոգի է եղել իրենց դասակը, մոտավոր ասաց, որ ԱԳՍ-ի մարտական հաշվարկում երեք հոգի է եղել, ԱԳՍ-ից կրակել է Ռաֆիկ Խալաֆյանը։ Նա նշեց, որ Խալաֆյանին Խուռհատ սարում չի տեսել, չգիտի՝ հետո ինչ է եղել նրա հետ, ուր է գնացել։  Վլադիկ Բարսեղյանը Բարսեղյանն ասաց, որ մինչեւ սարը բարձրանալը՝ դպրոցում, ԱԳՍ արդեն չեն ունեցել։ Այդ ժամանակ՝ մինչեւ բարձրանալը, վկան ասաց, որ դասակի հրամանատար չեն ունեցել։ Թե ինչպես կարող էր այդպես լինել, վկան արձագանքեց՝ «չէր ըլնին որն ա, որ եղել ա հենց տենց, չի եղել կոնկրետ հրամանատար»։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն այսպես արձագանքեց՝ «հավատում եմ, որ տենց էլ եղել ա»։ Հարցաքննության ժամանակ վկան ասաց, որ իրենց հետ եղած երեք սպաներից միայն մեկի՝ Վազգեն Վարդանյանի մոտ է սարից իջնելիս հեռակապ տեսել, բայց չի հիշում՝ այն կամ չէր աշխատում, կամ մարտկոցն էր նստած։ Վկան ասաց, որ զինվորների մոտ հեռախոսներ չեն եղել, իսկ սպաների մոտ չի տեսել։ Հեռակապերն էլ լիցքավորելու տեղ, ըստ նրա, չի եղել։ Վկան չհիշեց՝ հակառակորդի փոքրաթիվ խմբի հետ մարտի ժամանակ զոհ ունեցե՞լ են, թե՞ ոչ Այնուհետեւ հարցաքննությունն ընթացավ այն դրվագի մասին, երբ նահանջից հետո քսան հոգանոց դասակը մարտի է բռնվել հակառակորդի վեց-յոթ հոգանոց խմբի հետ։ Բարսեղյանը պատմեց, որ այդ ժամանակ դիրքավորվել են ու սկսել կրակել։ Նա հիշում է, որ Վազգեն Վարդանյանն է դիրքավորվելու հրաման տվել։ Բայց նա չի հիշում՝ այդտեղ զոհ տվել են, թե չէ, ըստ նրա՝ ավելի շուտ զոհ չի եղել։ Հարցին՝ այդ ժամանակ իրենցից զինվորներ առանձնացե՞լ են, թե՞ ոչ, վկան ասաց, որ առանձնացել են, կռվից հետո նրանց տեսել է։ Ըստ իրեն՝ նրանք երկու հոգի են եղել, բայց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը դիտարկում արեց, որ վկաներից մեկը ցուցմունքում ասել է, որ երեքն են եղել, իրենցից մեկը զոհվել է։ Վկան ասաց, որ նման հանգամանքից տեղյակ չէ։ Իրավահաջորդների ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ սպաները, որ իրենց հետ են եղել, տեղյա՞կ են եղել այդ զինվորների մասին։ Վկան ասաց, որ չգիտի դրա մասին, հետո ասաց, որ, իր հիշելով, նրանք չեն իմացել, որ զինվերներ են մնացել․ «Ոնց կարային, Ձեր ասելով, քսան հոգով գնային, չորս սպան չիմանար, որ քսան զինվորից երկուսը կամ երեքը չկան»,- հարցրեց Գրիգորյանը։  «Չգիտեմ՝ ոնց կարար»,- արձագանքեց Բարսեղյանը, հետո ասաց, որ մեկ-երկու օր հետո իրենց էլ է հետաքրքրել՝ ուր են այդ մարդիկ։ Վկայի պնդմամբ՝ իրենց զենքերը լավ չեն աշխատել, բայց հրամանատարությանն էլ այդ մասին չեն զեկուցել Վկայի խոսքով՝ այդ մարտի ժամանակ իրենց դասակն է նահանջել, նահանջն էլ, ըստ նրա, կանոնավոր է եղել։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ պարագայում ինչպե՞ս է մի քանի զինվորի ճակատագիր անհայտ մնացել։ Նա նաեւ հարցրեց՝ ինչքա՞ն է տեւել մարտը, վկան ասաց՝ վեց-յոթ րոպե․ «Այդ վեց-յոթ րոպեի ընթացքում սպաները որտե՞ղ էին»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։ «Մեր մոտ են եղել»,- պատասխանեց վկան։ - Որտե՞ղ, կարա՞ք ասեք, ասենք՝ Վազգենն ու Ղարիբյանը աջ են եղել, մյուսները ձախ են եղել։ - Չէ, չեմ կարա ասեմ։ Էդ պահին շա՞տ ես տենում՝ Ղարիբյանը աջ-ձախ։ - Ո՞վ հրաման տվեց, որ դուք շարժվեք։ - Վազգենը, Ղարիբյանը․․․։ - Վազգենը հրաման տվեց պաշտպանվել, Վազգեն հրաման տվեց հե՞տ նահանջել։ - Հա, իմ հիշելով։ - Նկատելի է՞ր՝ թուրքերը շատ էին, քիչ էին։ - Վեց-յոթ հոգի։ - Բա, ասենք, քսան հոգով վեց-յոթ թուրքի վրա չկարեցա՞ք։ - Չէ։ - Չէ․․․ Որից չորսը սպա։ - (Վկան գլխով հաստատող ժեստ արեց) Զենքերի դե մեր կեսը աշխատող չի եղել, շատ հին զենքեր են եղել, բացի էդ՝ իրանց զենքերը շատ լավ ա եղել, դիրքավորված են եղել, հարմարված են եղել, գռանատներ են ունեցել, մենք՝ ոչ մի բան։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ երբ սար էին բարձրանում, զենքերի այդ վիճակը տեսե՞լ են, հրամանատարներին զեկուցե՞լ են, որ զենքը չի աշխատում, վկան պատասխանեց, որ չի զեկուցել․ «Զեկուցես՝ ի՞նչ, օգուտ չկա, մեկ ա»,- արձագանքեց նա, ապա շարունակեց, որ ուսումնական գումարտակում զենքերը լավը չեն եղել՝ կեսն աշխատող, կեսը՝ չէ։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց․ «Հիմա Ձեր զենքն աշխատե՞լ ա, թե՞ չէ», վկան պատասխանեց, որ լավ չէր աշխատում։ Դատավորն արձագանքեց՝ «եթե կրակել ա, ուրեմն լավ ա աշխատում», վկան ասաց․ «Դե մի տասը հատ կրակել ա ու չի կրակել, փակվել ա, քանդել-մաքրել ենք, էլի նորից, էդ լա՞վ ա, որ տասը հատ կրակում, էլ չի կրակում։ Տենց կրակել, չի կրակել, տենց ա եղել»։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն արձանագրեց, որ ճիշտ է՝ հրամանատարը փախել է, բայց մինչ այդ ավելի լուրջ խնդիր է եղել, զինվորն ասում է՝ զենքը չի աշխատում․ «Դա ավելի կարեւոր հարց է, երբ չաշխատող զենքով երկու ամսվա զինվորին ուղարկում են դիրք պահելու»,- ասաց նա՝ նշելով, որ սպառազինության հագեցվածության հարցը պետք է Վահանյանը լուծեր։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանը գլխով հերքող ժեստ էր անում։ Գրիգորյանը շարունակեց․ «Հիմա ընդեղից փախնելն ա՞ ավելի մեծ հանցանք, թե՞ զինվորին առանց զենքի, առանց խրամատ փորելու, մյուս-մյուս տեխնիկական հագեցվածությամբ․․․ Ո՞րն ա ավելի խիստ կատարված հանցանք, նույն բանն ա, հիմա չի կատարվել քննություն․․․»։ Դատավորն ու մեղադրողը արձագանքեցին, որ այդ առնչությամբ քննություն կատարվում է։ Վկան նախորդիվ հարցաքննվածների ցուցմունքներին հակասող պնդումներ արեց Այնուհետեւ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ երբ հակառակորդի հետ մարտն ավարտվեց, հետո ո՞ւր գնացին իրենք, վկան պատասխանեց՝ մի գյուղ, որի անունը դարձյալ չի հիշում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ դրանից հետո իրենց հետ եղած սպաներն ինչ-որ գործողություն արեցի՞ն՝ իմանալու, թե ուր են մնացել երեք զինվորները։ Վկան ասաց, որ նման խոսակցություն չի լսել, միայն լսել է, որ տղաները մնացել են այնտեղ։ Վկան չհիշեց նաեւ, թե արդյոք այդ սպաները գնացե՞լ են՝ ճշտելու զինվորների գտնվելու վայրը։ Երբ Գրիգորյանը նկատեց՝ ուրեմն այն սպան, որը նման ցուցմունք է տալիս, ստո՞ւմ է, վկան արձագանքեց, որ ինքը ոչ տեսել է, ոչ լսել է նման բան․ «Կարող ա ես տեսած-լսած չլինեմ»,- ասաց նա․ - Եթե քսան հոգու միջից չորս սպաներից երկուսը կամ երեքը կամ չորսը ձեզ թողնեին, առաջ գնային, կնկատեի՞ք, թե՞ չէ, թե՞ նենց վիճակ էր, որ կարող ա չնկատեիք,- հարցրեց Գրիգորյանը։ - Կարող ա չնկատեի։ - Ինչի՞, պատճառը որն էր։ - Էդ խուճապը․․․ - Արդեն նահանջել եք, էլ ի՞նչ խուճապ։ Կնկատեի՞ք, թե՞ չէ։ - Ասում եմ՝ կարող ա չնկատեի, կարող ա նկատեի։ - Ո՞նց։ - Տենց։ - Ո՞նց տենց։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցը վերաձեւակերպեց՝ ո՞նց կլիներ, որ ձեր սպաները գնային հետախուզության, ու Դուք չնկատեիք, չի կարող այդպես լինել։ Վկան արձագանքեց, որ կարող էր չնկատել, նա նշեց, որ ամբողջ խմբով միասին են եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ վկան ինչպե՞ս կբացատրի հանգամանքը, որ երկու կարեւոր հանգամանքների մասին ինքն ու նախորդիվ հարցաքննված վկաները տարբեր ցուցմունքներ են տալիս (խոսքը սպաների երեք զինվորների՝ հակառակորդի հետ մարտից հետո իրենց հետ չմնալու եւ սպաների կողմից նրանց գտնվելու վայրը ճշտելու մասին է)։ Վկան բացատրություն չունեցավ։ Այնուհետեւ հանրային մեղադրողը անդրադարձավ Իշխան Վահանյանի վիրավորվելու հանգամանքներին։ Նա վկայից հետաքրքրվեց՝ Խուռհատ սարում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ հնարավո՞ր էր, որ Իշխան Վահանյանը բեկորային վիրավորվում ստանար՝ հաշվի առնելով իրենց դիրքը եւ այն զինատեսակները, որոնք կիրառում էր հակառակորդն այդ ժամանակ։ Վկան արձագանքեց, որ հնարավոր էր, քանի որ բացի հրազենից՝ հակառակորդը կիրառել է նաեւ հրետանի։ Դատախազը նկատեց՝ Բարսեղյանից առաջ հարցաքննված վկաները նշել են, որ այդ ժամանակ հակառակորդը միայն հրաձգային տեսակի զենքեր է կիրառել ուստի Վահանյանը չէր կարող բեկորային վնասվածք ստանալ, սակայան վկան նշեց, որ հրետանի եւս կիրառվել է։ Հանրային մեղադրողը հարցրեց՝ մարտերի եւ նահանջի ժամանակ Բարսեղյանն ի վիճակի՞ էր արդյոք լսել հրամանատարների հրամաններն ու դրանք կատարել։ Վկան արձագանքեց, որ որոշ չափով ի վիճակի էր։ Դատախազը հարցրեց նաեւ․ «Երբ տեղեկացաք, որ Վահանյանը, իր չնչին վիրավորումը պատճառ բերելով, վիրավորների հետ փախել է մարտադաշտից, Ձեր կամ Ձեր համածառայակիցների հոգեբանության վրա դա ո՞նց ազդեց»։ Վկան պատասխանեց․ «Դե էդ պահին արդեն ոնց որ մեկը չկա ուղղորդի, ճիշտ ճանապարհ տա․․․»։ Նիստի ավարատին դատարանն առաջարկեց բերման ենթարկել այն վկաներին, որոնք չեն ներկայանում դատարան, ինչի առնչությամբ առարկություն չեղավ։ Ասվածը չի վերաբերում այն վկաներին, որոնք Արցախի Հանրապետությունում են եւ բլոկադայի պատճառով չեն կարողանում գալ։ Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 7-ին, ժամը 13:00-ին։  Հայարփի Բաղդասարյան
15:24 - 19 հունվարի, 2023
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, երեկ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Քոչարյանը դատարան էր դիմել 2021 թ ապրիլ ամսին՝ վարչապետի՝ դրան նախորդած մարտիմեկյան ելույթից հետո՝ խնդրելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել իր վերաբերյալ հրապարակային հնչեցրած արտահայտությունները, ճանաչել նրա կողմից իր արդար դատաքննության իրավունքի խախտումը եւ որպես այդ խախտման, ինչպես նաեւ զրպարտության արդյունքում իրեն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում Փաշինյանից բռնագանձել ընդհանուր առմամբ 4 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք՝ այդ ելույթում, Փաշինյանը, ի թիվս այլնի, ասել էր․ «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարեւոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերեւա գործի դատաքննության ընթացքում»,- նշել էր նա՝  նկատի ունենալով Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ՝ դատարանում քննվող քրեական գործը։ Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանի խոսքը վերաբերում է, ի թիվս այլոց, նաեւ իրեն։ Ընդ որում, այդ խոսքի միջոցով, ըստ նրա, տարածվել են այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը եւ հանդիսանում են զրպարտություն։ Քոչարյանի ներկայացուցիչը պնդել է, որ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, իր ելույթով խախտել է նաեւ իր վստահորդի անմեղության կանխավարկածը, որը արդար դատաքննության բաղկացուցիչ մասն է․ «Չսպասելով հայցվորի վերաբերյալ քրեական գործի ավարտին՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը արել է այնպիսի հայտարարություններ, որոնցից աներկբա հետևում է, որ ինքը հաստատված է համարում հայցվորին վերագրվող մեղադրանքի մի շարք դրույթների հաստատված լինելը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը առարկություն է ներկայացրել հայցի դեմ՝ նշելով, որ հայցվոր կողմը չի ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր հայցվորին․ «Այն կարծիք է, այլ ոչ թե փաստացի տվյալների ներկայացում, ավելին՝ այն նույնիսկ գնահատողական դատողություն չէ, քանի որ չունի հստակ հասցեատեր, այսինքն՝ չի պարունակում հստակ տեղեկություն կամ դատողություն՝ որևիցե կոնկրետ անձի կողմից գործողություն, անգործություն դրսևորելու մասին»։ Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտմանը, ըստ Փաշինյանի՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է հայտարարությամբ այն խախտվել, երբ դարձյալ հայտարարությունը չունի հստակ հասցեատեր եւ նման պայմաններում անհասկանալի է նաեւ՝ այդ հայտարարության հետեւանքով ինչ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է կրել որևիցե մեկը, այդ թվում՝ հայցվորը։ Լսելով կողմերին՝ դատարանը վճռել է մերժել Քոչարյանի հայցը՝ այն հիմնավորմամբ, որելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ կոնկրետ անձի՝ մասնավորապես Քոչարյանին, չի անվանարկել, չի զրպարտել, այլ ելույթի վիճելի հատվածը վերաբերել է «այն ժամանակվա կառավարողներին, իշխանություններին», «մեղադրվող անձանց», «ոմանց», «կրակողներին», «սպանություններ կատարողներին»։ Այլ կեպ ասած՝ դատարանի գնահատմամբ, քննադատության են ենթարկվել խմբեր։ Դատարանը հիշեցրել է ՄԻԵԴ-ի այն դիրքորոշումը, ըստ որի՝ զրպարտության կապակցությամբ հայցի հարուցման հիմք պետք է հանդիսանա կոնկրետ անձի վերաբերյալ փաստական տվյալի վկայակոչումը։ Անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու եւ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջին՝ Դատարանը եզրահանգել է, որ ելույթը հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ եւ քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ․ «Վերոգրյալի համատեքստում դատարանը նախ հաստատված է համարում, որ ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստի և հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու եւ խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար»։ Նշենք, որ վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
14:38 - 11 հունվարի, 2023
Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ռազմական օպերացիայի ձախողման, ոչ կանոնակարգված նահանջի եւ դրա պատասխանատուների վերաբերյալ մի շարք հարցեր շարունակում են առկախված մնալ։ Չնայած նրան, որ նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը ամբաստանյալի աթոռին է եւ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, դեպքի բոլոր հանգամանքները առայժմ պարզ չեն։ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանը այս տարվա հուլիս ամսից հարցաքննությունների փուլում է, որի շրջանակում դատակոչվում  եւ հարցաքննվում են ինչպես հիշյալ գումարտակի շարքային զինծառայողներ, այնպես էլ սպայական կազմից, այդ թվում՝ բարձրագույն սպայակազմից առանցքային վկաներ։ Տուժողների իրավահաջորդներն էլ, վերջինններիս ցուցմունքներում առերեւույթ հանցակազմի տարրեր տեսնելով, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում։ Վերջին հաղորդումը, որը, ինչպես մեր զրույցում հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի գործողությունների վերաբերյալ է (Առստամյանի ցուցմունքը՝ այստեղ), զոհված եւ անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ ներկայացրել են նոյեմբերի 20-ին։ Այս հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Infocom-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասերի` պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Սա ծնողների հաղորդման հիման վրա նախաձեռնված երկրորդ քրեական վարույթն է։ Նախորդ հաղորդումը ներկայացրել էին հոկտեմբերի 17-ին, որի հիման վրա, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դարձյալ վարույթ է նախաձեռնվել նույն հոդվածներով։ Այս հաղորդումը վերաբերում էր Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո զորքի հետ նահանջ իրականացրած Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի եւ մյուս սպաների գործողություններին (սպաների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ)։ Ուշագրավ է, որ սպաների ցուցմունքները քրեական վարույթ նախաձեռնելու հիմք են հանդիսանում ներկայում, երբ գործը դատաքննության փուլում է, մինչդեռ նրանք նույն դեպքերի շուրջ նախաքննության փուլում էլ քննչական մարմնում հարցաքննվել են։ Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հիշյալ երկու վարույթները միացվել են, իրականացվում է նախաքննություն։   Միլենա Խաչիկյան
17:26 - 21 դեկտեմբերի, 2022
Ըստ վկայի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ

Ըստ վկայի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ

#Կարճ_ասած Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանում երեկ շուրջ 7 ժամ հարցաքննվեցին նույն գումարտակի շարքայիններ Վարուժան Մարգարյանը, Խաչատուր Անախասյանը, Արմեն Երիցյանը, կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը։ Վերջինս մինչ այս դատարան ներկայացած առաջին վկան էր այն անձնակազմից, որը, նահանջի ժամանակ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ առանձնանալով գումարտակից, սխալ ճանապարհով է գնացել, նրա խոսքով՝ մի կամավորի ցուցումով։ Դրա հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ այդ կամավորը, զոհվել են, որոշները վիրավորվել են, որոշներն էլ անհետ կորած են մինչ օրս։ Հովասյանը որոշ մանրամասներ հայտնեց սխալ ուղղությամբ գնացած անձնակազմի շարժի մասին, սակայն նրա ցուցմունքից դարձյալ պարզ չդարձավ, թե ինչու եւ ինչպես էր գումարտակը կիսվել։ Վկա Արմեն Երիցյանն էլ պատմեց, որ նահանջի ժամանակ, երբ վիրավորներին տանում էին՝ մեքենան նստեցնելու, Վահանյանն ասել է՝ չնստեցնեք, ու ինքն է նստել վարորդի կողքին ու մեքենայում եղած վիրավորների հետ հեռացել։ Երիցյանի խոսքով՝ նա վիրավոր եղել է, քանի որ տաբատի ետեւի հատվածում արյուն կար, սակայն իր տպավորությամբ՝ վիճակն այնպիսին էր, որ կարող էր մնալ եւ շարունակել գումարտակի ղեկավարումը։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարից հարկադրված նահանջ իրականացնելիս Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մի մասը արդեն գրավված Հադրութ քաղաքի ուղղությամբ է շարժվել գյումրեցի մի կամավորի ցուցումով։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց նույն գումարտակի ջոկի հրամանատարներից կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը։ Սխալ ուղղությամբ շարժվելու հետեւանքով, հիշեցնենք, գումարտակի բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, որոշները՝ վիրավորվել, որոշներն էլ անհետ կորած են մինչ օրս։ Քրեական գործով քննության առարկա են ինչպես հիշյալ նահանջի, այդպես էլ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մանրամասները։ Նահանջը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, ըստ մեղադրանքի, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել: Այժմ ամբաստանյալի աթոռին միայն Վահանյանն է, որը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, սակայն, դատարանում հարցաքննված այլ սպաների արարքներում էլ են առերեւույթ հանցակազմ տեսել, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Արդյունքում, Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Դատարանում գտնվող գործով շուրջ 6 ամիս է՝ հարցաքննությունների փուլն է։ Դատակոչի բազմանդամ ցանկից մինչ այս արդեն իսկ հարցաքննվել է 22 վկա։ Ջոկի հրամանատար Սամվել Հովասյանը մարտական առաջադրանքի է մեկնել առանց իր ջոկի Երեկ հարցաքննված վկա, 5-րդ գումարտակի ջոկի հրամանատարներից կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը, որ 2019 թվականի ամռանն էր զորակոչվել բանակ եւ ճանաչում էր  Իշխան Վահանյանին պատերազմից առաջ էլ, նրան բնութագրեց որպես «շատ վատ սպա»՝ նշելով, որ Վահանյանին ոչ մեկը լուրջ չէր վերաբերվում։ Նա պատմեց, որ պատերազմի ժամանակ Վահանյանին առաջին անգամ տեսել է Հադրութի դպրոցում, որտեղ ժողով է եղել եւ սպայակազմի փոփոխություն։ Այդ ժամանակ գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը, որ պիտի հանձներ այդ պաշտոնը Իշխան Վահանյանին, վերջինիս հարցրել է՝ պատրա՞ստ է նա գումարտակի հրամանատար լինել, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, ըստ վկայի, ասել է․ «Կխոսենք, կջոկենք»։ Այս երկխոսության մասին, հիշեցնենք, դատարանում հարցաքննվելիս փոքր-ինչ այլ կերպ պատմել էր նաեւ Գարիկ Վարդերեսյանը․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– ասել էր նա։ Վկա Հովասյանի խոսքով՝ Վահանյանի հիշյալ պատասխանով պայմանավորված՝ ոչ մեկը չի ուզել նրա հետ դիրքեր բարձրանալ․ «Որոշ մարդիկ նույնիսկ բարձրաձայնեցին այդ մասին, ասացին՝ չենք ուզում էս մարդը մեզ հրամանատար լինի, բայց բանի տեղ չդրեցին, ասեցին՝ սենց վիճակ է, նորմալ է լինելու, խախանդ է լինելու, ձեզ երրորդ–չորրորդ գիծ ենք տանում, ու բարձրացանք սարը»։ Միակ առաջադրանքը, որ ստացել են, սարը բարձրանալն ու տեղակայվելն է եղել, թե ինչ նպատակով, ըստ վկայի, հստակ չի ներկայացվել։  Լուսանկարում՝ վկա Սամվել Հովասյանը Սարում, սակայն, իր ջոկի զինծառայողները ներկա չեն եղել։ Թե ինչու, վկան չկարողացավ պարզաբանել, ասաց՝ գիտեր, որ մի մասը «Չռիկներ»-ում են եղել, սակայն դպրոցում գտնվելու ժամանակ արդեն տեղեկություն չի ունեցել։ -Սերժանտները բավարարո՞ւմ էին, որ Ձեզ անգամ այլ ջոկ չկցեցին,- հետաքրքրվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ -Ոնց որ թե՝ չէ,-պատասխանեց վկան։ - Բա ո՞նց էր հնարավոր, որ Ձեր ջոկը Ձեզ հետ չլիներ, այլ ջոկ էլ չկցեին Ձեզ։ -Չգիտեմ, մեզ ոչ մեկը չի ասել՝ էս մարդիկ ձեր հետ են, մարդկանց նստացրել են, բարձրացրել սարը։ -Որպես ջոկի հրամանատար՝ նրանց համար առաջին պատասխանատուն Դուք չէի՞ք։ -Այո։ -Բա ինչո՞ւ չեք կատարել Ձեր պարտականությունները։ -Դպրոցում չեմ կարողացել ջոկ գտնել։ -Այդ մասին զեկուցե՞լ եք։ -Ոչ։ -Կանոնակարգը խախտե՞լ եք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հանեց հարցը՝ պարզաբանելով, որ վկան չէ որոշողը՝ խախտել է թե ոչ։ Վկայի խոսքով՝ Վահանյանն ասել է՝ կրակեք–կրակեք, ու ինքն իջել է ներքեւ Խուռհատ սարը բարձրանալիս գումարտակը եղել է 250-300 հոգի, բացազատվել են իրարից 2 մ հեռավորության վրա՝ ընդգրկելով մոտավորապես 600 մ բնագիծ։ Սպայական կազմը, Հովասյանի խոսքով, իրենից շատ հեռու է եղել եւ ոչ տեսանելի։ Մեկ օր մնացել են տեղակայված դիրքերում, իսկ հաջորդ օրը՝ ժամը 10-ի մոտակայքում, թփերի տակից ձայներ են լսել․ «Քանի որ կապի միջոց չի եղել (թե ինչու, վկային հայտնի չէր,–հեղ․), զինծառայողներով իրար ասել ենք՝ որ մեկդ հասնի հրամանատարներին, ասեք՝ սենց վիճակ է, հետո մեզ էլ հասցրին զինվորները, որ էդտեղ մեր հետախույզներն են, հանկարծ չկրակենք, դրանից մեկ ժամ հետո հարձակումը սկսվեց»։ Այդ ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է՝ կրակեք–կրակեք, ու ինքն իջել է ներքեւ․ թե ուր եւ ինչ նպատակով, վկան չգիտեր։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա տեղյա՞կ էր, թե ում կամ ուր կրակեք, վկան ասաց․ «Երեւի թե ոչ․ դե որ մարդ անկապ ասի՝ կրակեք, ոչ ուղղություն ցույց տա, ոչ բան․․․» Վկան դժվարացավ հստակ ասել՝ Վահանյանը իսկապես վիրավորվե՞լ էր թե՞ հենց այնպես թողնում էր մարտադաշտը։ Ամեն դեպքում, նշեց, որ այդ հատվածում հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ, մինչդեռ ըստ գործում առկա բժշկական տեղեկանքների՝ Վահանյանն այդ օրը բեկորային վիրավորում է ստացել։ Ըստ Հովասյանի՝ զորքի մի մասը մի կամավորի ցուցումով է շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ Գումարտակի հրամանատարի հեռանալուց հետո, երբ այլեւս ի վիճակի չեն եղել դիմակայելու եւ հարկադրված նահանջ են իրականացրել, մեծամասնությամբ հավաքվել են սարի ներքեւում՝ ճանապարհի վրա, որտեղ եղել են նաեւ կամավորականներ, այդ թվում՝ գյումրեցի մի ծեր մարդ։ Հարցին՝ այդ ժամանակ փորձեցի՞ն հետաքրքրվել՝ ուր է իրենց գումարտակի հրամանատարը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով․ «Նենց շոկային իրավիճակ էր, անձամբ ես չէի կարողանում ինչ-որ բան խոսել»։  Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Հովասյանի խոսքով՝ վաշտերի հրամանատարներ Հայկազ Գրիգորյանի եւ Վազգեն Վարդանյանի ղեկավարությամբ միաշարասյուն սկսել են բարձրանալ հարակից սարի գագաթը, որտեղ գտնվում էր 3-րդ գումարտակը, եւ սպաները, ըստ ամենայնի, ցանկանում էին միանալ նրանց, ինչը, սակայն, այդպես էլ չհաջողվեց․ ինչ–որ մի պահի անձնակազմը կիսվեց, թե ինչպես, ըստ վկայի՝ անհասկանալի մնաց նաեւ իր համար։ Արդյունքում, անձնակազմի մի մասը՝ մոտ 100 հոգի, այդ թվում՝ ինքը, մնացին կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ։ Թե ինչպես են մյուս հրամանատարները, այդ թվում՝ Վազգեն Վարդանյանն ու Հայկազ Գրիգորյանը, իրենցից առանձնացել, վկան չի տեսել․ «Ես չհասկացա՝ ոնց եղավ, բայց ոնց որ կիսվեց անձնակազմը, մենք էդտեղ մի քիչ մնացինք, 3-րդ գումարտակի ժողովրդից, որ վիրավորներին էին տանում, ասացին՝ առաջ չգաք, նստեք, հեսա կհասկանանք՝ ինչ ենք անում, մենք էլ էդտեղ նստեցինք, մի քանի րոպե հետո կամավորականը եկավ»։ Այդ կամավորականն էլ հենց, ըստ վկայի, իրենց ասել է, որ պետք է շարժվեն Հադրութի ուղղությամբ, որը, փաստորեն, սխալ ճանապարհն է եղել․ «Եկավ, ասաց՝ Հադրութի դպրոցում ավտոներ կան, մեզ ասել են՝ պիտի մի ձեւ, սուս–փուս իջնենք Հադրութի դպրոց, էդտեղ ով կար, իր հետեւից իջել ենք դեպի Հադրութ»։ Հարցին՝ Հադրութի ուղղությամբ գնալիս իրենք չգիտեի՞ն, որ հակառակորդն արդեն այնտեղ է, վկան սկզբում բացասական պատասխան տվեց, ապա ասաց․ «Տեղյակ էինք, բայց չէինք պատկերացնում, որ էդ թվով կլինեն»։ Ճանապարհին, ըստ վկայի, կամավորականը զանգել է Իշխան Վահանյանին, բարձրախոսով խոսել, ասել՝ ո՞ւր ես, զորքդ շրջափակման մեջ է, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, առանց որեւէ ուղղություն հուշելու, ասել է․ «Ես վիրավոր եմ, իջնում եմ ներքեւ»։ Հարցին՝ դրան պատասխան չհնչե՞ց, վկան պատասխանեց․ «Հնչեց, բայց ցենզուրայից դուրս է»։  Դրանից հետո իրենց հետ գտնվող հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ շարքային Սարգիս Ղուկասյանը, այդ գյումրեցի կամավորականի առաջնորդությամբ, իջել են՝ ճանապարհը նայելու, հասկանալու՝ նորմալ է թե չէ, ապա վերադարձել եւ ցուցում են տվել՝ շշուկով իջնել։ Իջնելու ճանապարհին խրամատ են տեսել, թաքնվել դրա մեջ եւ այդ ընթացքում նկատել են, որ կամավորականը վիրավոր ընկած է (հետագայում զոհվել է,-հեղ․)։ Կրակոցներն ուղղվել են խրամատի ուղղությամբ, որի ժամանակ էլ գլխին ստացած կրակոցից զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը․ «Հովոյին որ խփեցին, էլ չգիտեինք՝ ինչ անել, միակ բանը, որ մնում էր, բոլորով թռնեինք ձորի մեջ․․․ Ձորում էլի կրակոցներ սկսվեցին մեր վրա, եւ անձնակազմը արդեն ցրվեց»,– պատմեց վկան՝ հավելելով, որ 13 հոգով, այդ թվում՝ ինքը, Սարգիս Ղուկասյանը եւ Գեւորգ Գասպարյանը, միասին են եղել։  Հետագայում իրենց այդ խմբով էլ են ընկել շրջափակման մեջ, զոհեր, վիրավորներ ունեցել։ Գասպարյանը զոհվել է, իսկ Ղուկասյանը անհետ կորած է մինչ օրս։ Հեռախոսով կապվել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ, որը մի քանի հեռախոսահամար է փոխանցել ճանապարհ հարցնելու համար։ Զանգահարել են, բացատրել իրենց տեղը, վերջիվերջո փրկվել։ Լուսանկարում՝ ձախից Արսեն Ղուկասյանը Վկայի հարցաքննությունից հետո նրան հարցեր հղեց դահլիճում գտնվող մեկ այլ վկա՝ Արսեն Ղուկասյանը, որը հիշյալ անհետ կորած Սամվել Ղուկասյանի հորեղբայրն է։  -Պատերազմից հետո որտե՞ղ ես շարունակել ծառայությունդ,- հարցրեց նա։ -Դուցի զորքի հետ,- պատասխանեց վկան։ -Հարգելի՛ դատարան, ես կարող եմ բերել 11 վկաների, որոնք ասում են, որ ինքը հոր հետ անձնակազմի մեքենայով փախել է ու ամիսներ անց հայտնվել Լուսակերտի զորամասում,- հայտարարեց Ղուկասյանը՝ հետաքրքրվելով վկայից՝ եղե՞լ է նման բան։ -Ոչ, -պատասխանեց վկան։ Շարքային Արմեն Երիցյանի խոսքով՝ սարից իջնելիս Վահանյանի տաբատը արյունոտ է եղել Հարցաքննված հաջորդ վկան շարքային Արմեն Երիցյանն էր, որը պատմեց, որ Խուռհատ սարում հարձակման օրը Վահանյանին երկու անգամ է հանդիպել։ Առաջինը այն ժամանակ էր, երբ ինքը վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վահանյանն ասաց՝ գնացեք առաջ, դիրքավորվեք նորից, դուխով բոյ տվեք»,- նշեց վկան։ Հաջորդ անգամ, ըստ նրա, մեկ էլ նահանջի ժամանակ է հանդիպել․ «Բնագծից մոտ 500 մետր իջանք դեպի ճանապարհ, վիրավորներին տանում էինք էլի, որ նստեցնենք «Ուրալ», շուտ իջեցնեն, մեքենաների մոտ հանդիպել ենք Վահանյանին, ես ուզել եմ նստեցնել վիրավորներին, ինքը ասել է՝ չնստեցնեք, ինչ պատճառով՝ չգիտեմ, էլի ավտոներ կային, բայց էդ մեկն էր խոդի, մյուսները կամ խարաբ էին կամ վարորդ չկար, ասաց՝ չնստեցնեք, ու ինքը նստեց վարորդի կողքին ու գնաց»,- պատմեց վկան՝ հավելելով, որ մի քանի վիրավորի տարավ իր հետ։  Լուսանկարում՝ վկա Արմեն Երիցյանը Վկայի խոսքով՝ իր տպավորությամբ՝ Վահանյանը վիրավոր էր․ տաբատի ետեւի հատվածում արյուն կար։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ իսկ իր տպավորությամբ՝ նա ի վիճակի՞ էր մնալ եւ շարունակել գումարտակի ղեկավարումը, վկան դրական պատասխան տվեց։ Նաեւ նշեց՝ իր ներկայությամբ այլ սպային պարտականությունների փոխանցում կամ կապի միջոցի հանձնում չի եղել։ Հարցին՝ իրենց բարոյահոգեբանական վիճակը փոփոխության ենթարկվե՞ց, երբ տեսան, որ գումարտակի հրամանատարը հեռանում է, վկան դրական պատասխան տվեց․ «Որ մեր հրամանատարը չի ուզում ղեկավարի մեզ, որ ճիշտ ձեւ մարտ մղենք, մենք էլ ընկնում ենք խուճապի մեջ, էլ չենք կարա բոյ անենք»,- ասաց նա՝ հավելելով, որ մնացած վիրավորներին ի վերջո այլ մեքենայով կարողացել են ճանապարհել։ -Ի՞նչ տեղի ունեցավ Վահանյանի հեռանալուց հետո,- հարցրեց դատախազը։ -Այդտեղից զորքը բաժանվել է տարբեր մասերի, ցրված է եղել, տարբեր ուղղություններով գնացել, մենք՝ մոտ 40 հոգով, Հայկազի հետ բարձրացել ենք ճանապարհով, իսկ սկզբում իջածները գնացել են դեպի Հադրութ։ -Երբ հավաքվել եք, տեղյակ եղե՞լ եք՝ Հադրութում հակառակորդն է թե յուրային զորքը։ -Մեր դիմացն էր, մենք տեսնում էինք, որ հակառակորդը Հադրութում կռիվ էր տալիս մեր այլ զորքի հետ։ -Բա եթե Հադրութում մարտեր էին, ո՞րն էր տրամաբանությունը, որ զորքի մի մասը, դա տեսնելով, գնացել է էդ ուղղությամբ,- հետաքրքրվեց մեղադրողը։ -Չգիտեմ,- պատասխանեց վկան՝ նշելով, որ իրենց հետ գտնվող հրամանատար Հայկազ Գրիգորյանը ճանապարհին կապ է հաստատել Հադրութի ուղղությամբ գնացած սպա Հովհաննես Մուրադյանի հետ, փորձել հասկանալ նրանց տեղը, վերամիավորել զորքը, սակայն հեռախոսի լիցքավորումը վերջացել է, եւ կապը ընդհատվել է։ Թե ինչու էր զորքը առանց կապի միջոցների, վկան հստակ չգիտեր, ասաց՝ որքան հիշում է, լիցքավորման խնդիր է եղել։ Հիշեցնենք՝ նախորդ նիստերին հարցաքննված սպա Արսեն Ղարիբյանը հայտարարել էր, որ վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, քանի որ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել․ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։  40 հոգանոց խումբը, ըստ Երիցյանի, դարձյալ հարձակման է ենթարկվել՝ ընկնելով շրջափակման մեջ․ «40 հոգով գնում էինք, որ մեզ պիտի դիմավորեին, մեր դիմաց 6 թուրք դուրս եկավ, կամ 6-ն էին, կամ ավելի, չգիտեմ, էդքանին ենք տեսել, հարձակվել են մեր վրա ու․․․ Ով հասցնում, իջնում է, ով չէ, զոհվում է, մենք էլ՝ 3 հոգով, մնում ենք էդտեղ, շրջափակման մեջ, սպասում ենք՝ մութը ընկնի․․․ Լույսը բացվում է, շարժվում ենք, հանդիպում սպեցնազի տղերքին, իրենց հետ դուրս գալիս Խնձորեսկ»։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը -Բա հրամանատարը չփորձե՞ց միջոց ձեռնակել ձեզ իր հետ տանելու համար,- հետաքրքրվեցին դատավարության մասնակիցները։ -Չէ․․․ Որ հարձակվել են, հրամանատարները թողել, իջել են, զորքից մի քանի հոգի մի քանի րոպե կռիվ է տվել,- պատասխանեց վկան՝ նշելով, որ նրանցից ոչ ոք հետ չի եկել՝ օգնության։ -Հնարավո՞ր էր, որ կրակոցի ձայները չլսեին, այդքան հեռո՞ւ էին։ -Չէ։ -Իսկ տեղյա՞կ էին, որ դուք հետ եք ընկել։ -Երեւի մտածել են՝ զոհվել ենք,- եզրակացրեց վկան։ Ըստ Վարուժան Մարգարյանի՝ Վահանյանն իր հեռախոսը վերցրել ու այլեւս չի վերադարձրել Դատարանում ցուցմունք տալով՝ շարքային Վարուժան Մարգարյանը պատմեց, որ գումարտակի նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանի հրամանով բարձրացել են Խուռհատ սարը, դիրքավորվել։ Մեկ օր անց նկատել են, որ հակառակորդը մեքենաներով մոտենում է, սակայն որեւէ հրաման չեն ստացել․ «Առավոտյան արդեն «Ալլահ ագբար» գոռացին, ու սկսվեց հարձակումը, շատերի զենքը արդեն չէր կրակում, փամփուշտները պրծնում էին, տեսնում էինք՝ սաղին փռում են, մի ահավոր երեւույթ»։ Վահանյանի հրամանով սկսել են կրակել, բայց թե հետո նա ինչպես է հեռացել, վկան չի տեսել։ Ասաց՝ այլ զինծառայողներից է լսել այդ մասին, ենթադրյալ վիրավորման մասին էլ, ըստ նրա, դատարանում իմացավ։ Լուսանկարում՝ վկա Վարուժան Մարգարյանը Մարգարյանի խոսքով՝ նահանջի հստակ հրաման չի եղել, այդ խառը իրավիճակում տեսել է՝ բոլորը իջնում են, ինքն էլ է իջել։ Հավաքվել են եւ կապիտան Հայկազ Գրիգորյանի ղեկավարությամբ միաշարասյուն սկսել քայլել․ «Մեր վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանն ասում էր՝ մի խառնվեք, մի շարայսուն կազմեք, ինքը ինչքան կարողանում էր, մեզ պահում էր, որ սնարյադը չխփի, ու տենց շարասյունով քայլել ենք»,- պատմեց վկան՝ հավելելով, որ ի վերջո դուրս են եկել Կարմիր շուկա։ Մարգարյանը եւս չկարողացավ պարզաբանել, թե ինչպես է զորքի մի մասը Հովհաննես Մուրադյանի հետ առանձնացել մյուսներից կամ ինչպես է ստացվել, որ սպաները ռադիոկապ չեն ունեցել․ «Նույնիսկ իմ հեռախոսը Վահանյանը վերցրեց, լիքը զարյադկով, ասաց՝ ավտոյի մեջ լիցքավորման կդնեմ, հետ կտամ, բայց առանց կապ թողեց ինձ, մինչեւ հիմա չգիտեմ՝ հեռախոսս ուր է»։ Վկա Խաչատուր Անախասյանը նշեց, որ տեսել է՝ ինչպես է թշնամին Վահանյանի ոտքերի ուղղությամբ կրակել Երեկ հարցաքննված վերջին վկան Խաչատուր Անախասյանն էր, որին դատարանը նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ մյուս վկաներին, որոնց վերաբերյալ եւս որոշում էր կայացրել, բերման ենթարկելու հնարավորություն առայժմ չկա, քանի որ նրանք Արցախի Հանրապետությունից են, իսկ Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, ինչպես հայտնի է, մինչ օրս փակ է։  Անախասյանը պատմեց, որ ինքը տեսել է, թե ինչպես է հակառակորդը Վահանյանի ոտքերի ուղղությամբ կրակում, սակայն բուն վիրավորվելը չի տեսել, ասաց՝ զինծառայողներից է լսել, որ կրակոցից ինչ-որ բան անդրադարձել է ու դիպել նրան։ Ամեն դեպքում, վկան եւս հավանական չհամարեց այդտեղ բեկորային վնասվածք ստանալը։ Դրանից հետո, ըստ վկայի, ինքը տեսել է, որ Վահանյանը նստել է «Վիլիսն» ու մեկ վիրավոր իր հետ տանելով՝ հեռացել։ Լուսանկարում՝ վկա Խաչատուր Անախասյանը Անախասյանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 4 րոպե հետո սպա Հայկազ Գրիգորյանն է նահանջի հրաման տվել, ասել՝ զորքը ջախջախվում է, նահանջ տանք, գնանք։ Դրանից հետո Անախասյանը այն խմբի հետ է եղել, որը ղեկավարել է հենց Գրիգորյանը։ Թե ինչպես են մյուսները առանձնացել իրենցից, նա եւս չգիտեր։ -Բա հարց չառաջացա՞վ՝ մյուսները ուր մնացին։ -Հիմա էլ է էդ հարցը առաջանում, բայց չգիտեմ,- պատասխնեց վկան։ Հարցաքննությունների ավարտին դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել պատշաճ ծանուցված եւ չներկայացած այլ վկաների, մասնավորապես, Արմեն Քարամյանին, Վարազդատ Հովհաննիսյանին, Մոնթե Պողոսյանին, Վլադիկ Բարսեղյանին։ Հաջորդ նիստը նշանակվեց 2023 թ․ հունվարի 18-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը Միլենա Խաչիկյան
18:35 - 20 դեկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց փաստաբան էրիկ Ալեքսանյանի կալանավորումը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնել է Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։ Ալեքսանյանն ազատ կարձակվի վաղը՝ դեկտեմբերի 17-ին։  Նա, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր, որից 2 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով։ Այժմ, երբ մոտենում է երկամսյա ժամկետի ավարտը, ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգել։ Փաստաբանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հարցում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դատավորը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Այդ անձն էլ հենց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս այս պահին կալանավորված է։  
13:51 - 16 դեկտեմբերի, 2022
Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու գործով քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հունվարի 10-ին |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Դատարանն ավարտել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի ներկայացրած ապացույցների հետազոտումը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին Ալումյանը, որպես եւս մեկ ապացույց, դատարանին է ներկայացրել 2021 թվականի մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռեւս մեղադրվում էր ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով, եւ Ալումյանը գտնում է, որ Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։ Դատաքննությունն ավարտվել է, վճիռը կրապարակվի 2023 թվականի հունվարի 10-ին։  
13:10 - 16 դեկտեմբերի, 2022
 «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։ Սկսվելուց անմիջապես հետո նիստն ընդմիջվեց։ Դատարան էր եկել անգլերենի թարգմանիչը, որը պետք է ներկայացներ անձը և թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, լիազորագիրը։ Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ թարգմանիչը չունի անգլերենի լեզվաբանի ու թարգմանչի որակավորում։ Պաշտպանական և մեղադրող կողմերը առարկեցին թարգմանչի՝ դատական պրոցեսին մասնակցության դեմ։ Հաջորդ դատական նիստին դատարանը պետք է ապահովի մեկ ուրիշ թարգմանչի ներկայությունը։ Ապացույցների թարգմանության հետ առաջացած խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը։
17:53 - 13 դեկտեմբերի, 2022
Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

2020 թ․ հոկտեմբեր ամսին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում երեկ շուրջ հինգ ժամ հարցաքննվեց Ջրականի զորամասի նախկին հրամանատար, ներկայում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Քարամյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ անհանգիստ մթնոլորտում, քանի որ նրա ցուցմունքը տարբեր դրվագներով հակասում էր նախկինում հարցաքննված տարբեր սպաների ցուցմունքներին։ Քարամյանը որոշ դետալներ դժվարացավ կոնկրետացնել, բացատրեց՝ հիշողության որոշակի կորուստ ունի։ Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը վկային նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալ իր, իր ամուսնու (կնոջ) եւ մերձավոր ազգականի դեմ։  Վկան հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական նորմալ հարաբերություններ։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտն ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել եւ հեռացել: Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արթուր Քարամյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն իրեն բանավոր հրամանով ազատել է ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից Ըստ վկա Արթուր Քարամյանի ցուցմունքի՝ հոկտեմբերի 5-ին ինքը հեռախոսային կապով Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանից բանավոր հրաման է ստացել հիշյալ զորամասի հրամանատարի պաշտոնը ստանձնելու մասին։ Նախքան դա նա եղել է նույն զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի՝ առաջնագծի հարցերով տեղակալը։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 7-8-ի մոտակայքում, Հադրութի դպրոցում հանդիպել է ուսումնական գումարտակի անձնակազմին եւ արձանագրել, որ վերջինս բարոյահոգեբանական վատ վիճակում է, մարտական առաջադրանքներ կատարելուն՝ անպատրաստ, ինչի մասին զեկուցել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վերջինս էլ, ըստ Քարամյանի, իրեն ասել է՝ ունեցած անձնակազմը սա է, այս ձեւով ենք կարող անցնել պաշտպանության։ Նշենք, սակայն, որ Առստամյանը հարցաքննության ժամանակ դատարանում հայտարարել էր, որ չի եղել զեկույց, թե անձնակազմն անպատրաստ է, մասնավոր դեպքեր են եղել միայն՝ կապված հիվանդների, վիրավորների հետ։ – Զենքին չտիրապետող, բարոյալքված, կոտրված զինվորներին ռազմաճակատ տանելը դավաճանությո՞ւն է թե՞ ոչ,– հարցրեց ծնողներից մեկը։ – Որոշումը ընդունվել է այն կարգավիճակից, որ այլ անձնակազմ չկա։ – Բա որ իմ տղան երդում տված չի եղել, ի՞նչ իրավունքով եք տարել ռազմաճակատ։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը․ – Եթե նորակոչիկ են եղել, դուք իրավունք ունեցե՞լ եք մարտական հերթապահության եւ ռազմական գործողությունների ներգրավել այն բանից հետո, երբ ինքներդ էլ ասում եք, որ բարոյալքված վիճակում էին։ – Ոչ, չպետք է կատարվեր, բայց ուրիշ ձեւ չի եղել։ Արթուր Քարամյանի խոսքով՝ հոկտեմբերի 8-9-ին հենց Կարեն Առստամյանն է իրեն հրամայել Խուռհատ սարի տարածքում տեղազննում իրականացնել եւ դպրոցում եղած անձնակազմին տեղակայել այնտեղ, ինչը արվել է։ Այդ ժամանակ, սակայն, ըստ վկայի՝ ինքն ազատված էր ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից, քանի որ հիշյալ հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանն իրեն հրամայել էր զբաղվել միայն 1-ին եւ 4-րդ գումարտակներով՝ տեղեկացնելով, որ մյուս գումարտակների, այդ թվում՝ 5-րդ ուսումնական գումարտակի ղեկավարումը կիրականացվի դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առստամյանի միջոցով։ Հարցին՝ Առստամյանն իմացե՞լ է այդ մասին, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ ինքը հայտնել է նրան, սակայն Առստամյանն իրեն է կանչել՝ տեղազննման, ըստ ամենայնի, հաշվի առնելով, որ ինքը հադրութեցի է, տեղանքին՝ լիարժեք ծանոթ։ Արթուր Քարամյանը Ջալալ Հարությունյանի այդ հրամանով պայմանավորեց այն հանգամանքը, որ ուսումնական գումարտակի վերաբերյալ բավարար տեղեկացված չի եղել, մշտական կապ նրանց հետ չի պահել։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին՝ անկախ հրամանից, ընդհանրապես օրինակա՞ն է, որ նա, լինելով մի պաշտոնի, իր լիազորությունների մի մասը չկատարի (այսինքն՝ չզբաղվի մյուս գումարտակներով), վկան բացասական պատասխան տվեց։ Հարցին՝ ո՞վ է այդ հրամանի ժամանակ իր կողքին եղել, որ կարող է հաստատել այս խոսքերը, վկան պատասխանեց, որ կապը չլսվող էր․ – Ձեր կարծիքով՝ այդ հրամանը արձանագրվե՞լ է,– հարցրեց դատավորը։ – Երեւի թե՝ ոչ։ – Ինչո՞ւ եք այդպես ասում։ – Եսիմ, դե, էդ ժամանակ ի՞նչն էր արձանագրվում,– պատասխանեց վկան։ Արթուր Քարամյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Շարունակելով իր ցուցմունքը՝ վկան պատմեց, որ Խուռհատ սարի հարձակման ժամանակ Իշխան Վահանյանն իրեն երկու անգամ հեռախոսով զանգել է։ Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց, որ քրեական գործով ձեռք են բերվել թե՛ Քարամյանին, թե՛ Վահանյանին պատկանող հեռախոսահամարների՝ հոկտեմբերի 9-ի եւ 10-ի վերծանումները, ըստ որոնց՝ նրանց միջեւ զանգեր տեղի չեն ունեցել․ «Ուրեմն՝ սխալվում եմ, ռադիոկապով»,– ասաց վկան։ Ըստ նրա՝ առաջին զրույցի ժամանակ Վահանյանն ասել է, որ հակառակորդը հարձակվել է իրենց բնագծի վրա, պահել չեն կարողանում, անձնակազմն էլ արդեն ղեկավարել հնարավոր չէ, ինչին ի պատասխան՝ ինքն առաջարկել է անձնակազմին հավաքել մի տեղ, որպեսզի հասկանան՝ ինչ են անելու։ Երկրորդ զրույցի ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է, որ արդեն բնագծերից դուրս են եկել․ «Եթե չեմ սխալվում, ասաց՝ արդեն Հադրութ բնակավայրում ենք»,– հայտնեց վկան։ – Դուք ե՞րբ եք տեղեկացել, որ հակառակորդը գտնվում է Հադրութում,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ – Այդ օրը՝ երեկոյան։ – Վահանյանի հետ զրուցելու ժամանակ չե՞ք իմացել։ – Ոչ, դեռ նոր էր հարձակումը սկսվել, կեսօրին եմ խոսել իր հետ։ – Այդ ժամանակ Վահանյանը հայտնե՞լ է, որ անձնակազմի հետ չի գտնվում,– հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ – Ոչ,– պատասխանեց վկան։ – Իսկ իր հեռանալու կամ վիրավորում ստանալու մասին հայտնե՞լ է։ – Ոչ, վիրավորվելու մասին խոսք չի եղել,– պատասխանեց վկան՝ նշելով, որ այդ մասին ինքը հետագայում զինծառայողներից է լսել։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի՝ 2021 թ․ փետրվարի 18-ին տրված նախաքննական ցուցմունքը, քանի որ դրանում եւ դատարանում տրված ցուցմունքում առկա էին էական հակասություններ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի մոտ հարցաքննվելիս վկան նշել է, որ Վահանյանն իրեն հայտնել է վիրավորման մասին, եւ ինքն էլ Վահանյանին է տեղեկացրել Հադրութում հակառակորդի՝ մեծ քանակությամբ ուժերի առկայության մասին՝ հորդորելով այդ ուղղությամբ չգնալ։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան նախ ասաց, որ չի հիշում, ապա նշեց՝ ասել է նման բան, բայց հետո պարզվել է, որ այդ ժամանակ հակառակորդը դեռ Հադրութում չի եղել, այլ՝ վերեւի գյուղում։ Ըստ նույն նախաքննական ցուցմունքի՝ Վահանյանը, գտնվելով խուճապահար վիճակում, Քարամյանին հայտնել է, որ իրենք զոհեր ու վիրավորներ ունեն, զորքը փախչում է, ինքն էլ ուզում է հեռանալ, Քարամյանն էլ, ըստ իր ցուցմունքի, հորդորել է չհեռանալ, զորքին հավաքել մի տեղ, փորձել թաքնվել՝ խոստանալով հետո դուրս գալու հստակ ճանապարհներ ցույց տալ․ – Այսինքն՝ հրամայել եք նրան մնա՞լ՝ անգամ վիրավոր լինելով։ – Դե, ասել է, որ ոտքի վրա է, ծանր չէր երեւի։ Մեղադրողը տեղեկացրեց, որ ըստ նշանակված փորձաքննության՝ Վահանյանի վիրավորումը եղել է թեթեւ աստիճանի․ – Այդ պայմաններում սպան ի՞նչ վարքագիծ պետք է դրսեւորեր։ – Տեղում վիրակապեր, շարունակեր մարտը,– պատասխանեց վկան՝ նշելով, որ եթե վիրավորումն այնպիսին է, որ սպան ի վիճակի չէ, ապա պետք է պարտականությունների կատարումը պաշտոնապես փոխանցի այլ սպայի, իսկ տվյալ դեպքում նման բան իրեն հայտնի չէ։ – Իսկ նահանջը պատշա՞ճ կերպով է իրականացվել։ – Ոչ,– պատասխանեց վկան։ Քարամյանի ցուցմունքի որոշ դրվագներ հակասում էին նաեւ այլ սպաների ցուցմունքներին Գնդապետի խոսքով՝ հիշյալ զրույցներից հետո արդեն Վահանյանի հետ կապը կորել է։ Հարցին՝ եթե ինքն ազատված էր 5-րդ գումարտակի ղեկավարման պարտականությունից, ինչո՞ւ էր Վահանյանն իր հետ կապվել, վկան դժվարացավ հստակ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ դրանից հետո նահանջի ընթացքում մեկ անգամ էլ խոսել է սարում գտնվող սպա Հայկազ Գրիգորյանի հետ, սակայն Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալիս հայտնել էր, որ վերադաս հրամանատարության հետ կապվելու հնարավորություն չի ունեցել։  Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը – Ե՞րբ եք տեղեկացել, որ մնացած սպաներն են ղեկավարումն իրականացնում։ – Չեմ տեղեկացել, մի անգամ Նելսոն Հակոբջանյանն է կապվել, ասել է՝ արդեն նռնակ է նետում հակառակորդը, երեւի էդ ժամանակ էլ նա զոհվել է, որովհետեւ դրանից հետո հակառակորդը նրա ռադիոկայանով դուրս եկավ կապի։ – Նահանջների հետ կապված ինչ տեղեկություն ունեցել եք, զեկուցել ե՞ք Առստամյանին,– հարցրեց տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը։ – Այո։ – Նա ցուցմունք է տվել, որ չի տիրապետել իրավիճակին, քանի որ զորամասի հրամանատարներն իրեն չեն զեկուցել։ – Բոլոր զեկույցներն էլ եղել են,– պնդեց վկան։ – Կապի բացակայության մասին զեկուցե՞լ եք։ – Այո։ –  Առստամյանն ասում է՝ չեն զեկուցել, սո՞ւտ է խոսում։ – Չգիտեմ, ես զեկուցել եմ։ Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց, թե նախքան սարը գնալը գումարտակի հագեցվածությունը, կապի միջոցների լիցքավորման առկայությունը ճշտե՞լ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց՝ լիցքավորումը՝ ոչ, հագեցվածությունը՝ այո․ բահեր, անգամ տրակտոր են ուղարկել սարը՝ ինժեներական աշխատանքների։ Մինչդեռ նախորդ դատական նիստին սպա Արսեն Ղարիբյանը հայտնել էր, որ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր էլ կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը – Երբ օպերացիան ձախողվեց, Կարեն Առստամյանը Ձեզ ի՞նչ հրաման տվեց,– հարցրեց նախագահող դատավորը։ – էդ տեղանքի հետ կապված՝ ոչ մի։ – Չի՞ հայտնել, որ սարը գրավել են, զորքը իջել, ցաքուցրիվ է եղել։ – Ոչ։ – Բա ո՞վ է հոգացել այդ զորքի մասին։ Դատավորի այս հարցին երկարատեւ լռություն հաջորդեց։ – Դատավարության մասնակիցների մոտ այն տպավորությունն է, որ ամեն պաշտոնատար անձ փորձում է իր պարտականությունների ենթադրյալ չկատարումը շրջանցել՝ հղում տալով մյուսներին։ Դուք միջին օղակ եք, ձեր օղակից ներքե՞ւ է խնդիրը եղել թե՞ վերեւ,– հարցերց դատավորը։ – Հաշվի չառնելով հակառակորդի գերակա ուժերը՝ հրամանատարներինը՝ ամեն մեկինն իր մասով,– պատասխանեց վկան՝ հետագայում հավելելով, որ եթե հարվածային ԱԹՍ–ները չլինեին, խնդիրը գուցե կատարվեր։  – Իսկ որ կոնկրետ վերլուծում եք, սարի դեպքերում ո՞վ է խնդիր ստեղծել, ո՞վ է եղել թույլ օղակը, որի պատճառով ամբողջ օպերացիան ձախողվել է։ – Մեկին չեմ կարող նշել, բոլորը,– պատասխանեց վկան։ – Վերջիվերջո, Դուք սարի օպերացիայի ձախողման համար ո՞ւմ եք մեղավոր համարում որպես գնդի հրամանատար, չէ՞ որ դա, ըստ էության, նաեւ Ձեր օպերացիան է եղել։ – Ինձ, ես եմ հրամանատարը։ –Բայց չէ՞ որ Դուք հեռացված էիք այդ գումարտակի ղեկավարումից։ – Իրենք իրենց մասով պիտի պատասխանեն․․․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Պատասխանելով տուժողների իրավահաջորդների հարցերին՝ Արթուր Քարամյանը հայտնեց, որ 1-2 օր անց, այսինքն՝ հոկտեմբերի 11-12-ին սպա Գարիկ Վարդերեսյանից է տեղեկացել, որ անտառում շրջափակման մեջ մնացած զինվորներ կան։ Թե քանիսը, վկան չգիտեր։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտ Հարությունյանը հարցրեց՝ փորձե՞լ է կապվել նրանց հետ, ինչին վկան պատասխանեց, որ անգամ խոսել է զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Վկայի այս պատասխանը զարմացրեց դահլիճում գտնվող ծնողներին․ ըստ նրանց՝ ծնողները մինչ հոկտեմբերի 17-ը կապի մեջ են եղել նրանց հետ։ – Որ էրեխեքը չկարողացան դուրս գալ, դուք ինչո՞ւ չգնացիք էրեխեքի մոտ,- հարցրեց տուժողի իրավահաջորդներից մեկը։ – Դրանից հետո ես առաջնագծում եմ եղել, այդ պատճառով,– պատասխան Քարամյանը՝ պնդելով, որ շրջափակման մեջ մնացածների մասին եւս նույն օրը Առստամյանին տեղեկացրել է։ Կարեն Առստամյանը, սակայն, դատարանում հայտարարել էր, որ ինքն այդ մասին միայն հոկտեմբերի 16-ին կամ 17-ին է իմացել։ Վկայի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել մինչ այս դատակոչված եւ չներկայացած վկաներից Խաչատուր Անախասյանին, Վարուժան Մարգարյանին, Դմիտրի Սարգսյանին, Արմեն Երիցյանին, Արազ Խաչատրյանին, Սամվել Ղուկասյանին, Լեւոն Հայրապետյանին եւ Սերգեյ Առաքելյանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին։   Միլենա Խաչիկյան  
22:28 - 09 դեկտեմբերի, 2022
Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ․ դատական նիստը հետաձգվեց
 |medialab.am|

Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ․ դատական նիստը հետաձգվեց |medialab.am|

medialab.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօր նշանակված դատական նիստը, քանի որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։ Դատարանը գրություն էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ տեղեկացնեկով, որ թույլատրել է նախագահին նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ բացակայել հանրապետությունից։ Դեկտեմբերի 5-ին մեկ այլ գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ սահմանահատման արգելքը վերացվել է դահլիճից դուրս՝ աշխատասենյակում կայացրած որոշմամբ և առարկեց դատավորի գործողությունների դեմ։ Դատավորը նշեց, որ պարտավոր չէ պարզաբանում ներկայացնել․ դիմող կողմի ներկայացրած հիմքերը և հարցի հրատապությունը բավարար են եղել որոշում կայացնելու համար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ միջնորդություն ունի իր պաշտպանյալի՝ երկրից բացակայելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Սակայն մեղադրող դատախազն առարկեց այն այսօր կամ նիստից դուրս քննարկելու դեմ։
14:48 - 06 դեկտեմբերի, 2022
Վարչապետի հասցեին բռնության կոչերի համար պատմության նախկին ուսուցիչը դատապարտվեց 150 հզ դրամ տուգանքի

Վարչապետի հասցեին բռնության կոչերի համար պատմության նախկին ուսուցիչը դատապարտվեց 150 հզ դրամ տուգանքի

Վարչապետի հասցեին բռնության կոչերի համար պատմության նախկին ուսուցիչը դատապարտվեց 150 հզ դրամ տուգանքի:  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր հրապարակեց Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատավճիռը։  Դատարանը  Գրիգորյանին մեղավոր ճանաչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակայի կոչեր անելու մեջ՝ դատապարտելով 150 հազար դրամ տուգանքի։ Հիշեցնենք՝  Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ եւ քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դատավճռին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ գրելով․ «Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի  բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները»,- նշել է Մելիքյանը՝ հավելելով․ «Այս գործը իրավապաշտպանական հիմունքով ստանձնել եմ շուրջ տասը ամիս առաջ՝ լրագրողների «ահազանգով» առ այն, որ ն.փաշինյանի նկատմամբ «բռնության կոչի» համար դատարանի առջև է կանգնել մի ուսուցիչ, որը պաշտպան չունի։ Հավատամքս այն է, որ Հայրենիք հանձնողների դեմ արտահայտվող ու դրա համար ռեժիմի կողմից հետապնդման ենթարկվող ոչ ոք չպետք է իրեն միայնակ ու լքված զգա, և ուժերիս ներածին չափով փորձում եմ ապահովել այդ գաղափարը»․- ասված է գրառման մեջ։
17:01 - 01 դեկտեմբերի, 2022
Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

#Կարճ_ասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին շարքային Ռոման Դոլինյանը եւ սպա Արսեն Ղարիբյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում։ Ղարիբյանը հայտարարեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել․ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։ Նա նաեւ պատմեց, թե ըստ իր տեղեկությունների՝ ինչպես է ստացվել, որ նահանջի ժամանակ մի խումբ զինծառայողներ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից, ինչի հետեւանքով սխալ ուղղությամբ են գնացել եւ զոհվել։ Այնուհանդերձ, նրա ցուցմունքներում որոշ հակասություններ եղան, եւ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, կապի միակ միջոցը եղել է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի մոտ, որը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, մարտի դաշտը ինքնակամ լքելիս այն իր հետ տարել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նման ցուցմունք երեկ տվեց պատերազմի ժամանակ հիշյալ գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ, ներկայում կապիտան Արսեն Ղարիբյանը։ Վերջինս հայտնեց, որ Վահանյանի հետ ունի միայն ծառայողական փոխհարաբերություններ։ Ղարիբյանի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում, ինչի պատճառով նիստը պարբերաբար ընդմիջվեց՝ ձգվելով մինչեւ ուշ երեկո։  Վկա Արսեն Ղարիբյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Նախքան Խուռհատ սարի իրադարձություններից խոսելը վկա Արսեն Ղարիբյանը անդրադարձավ Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած դեպքերին։ Ըստ նրա՝ պատերազմը սկսելուց օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, իր ականանետային մարտկոցի միջոցները ոչնչացվել են, ինչի մասին ինքը զեկուցել է, բայց օգնություն այդպես էլ չի ստացել, այդ իսկ պատճառով իր անձնակազմով մեկնել է հրամանատարական դիտակետ՝ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանի տված խնդիրները կատարելու։  Լուսանկարում՝ վկա Արսեն Ղարիբյանը Մեկնելուց օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, Նյուզգարում հարձակում է եղել, հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ են ունեցել։ Լուրն իմանալուց հետո, ըստ վկայի, գումարտակի հրամանատարը կապվել է գնդի հրամանատարի հետ, մեքենա է ուզել զոհերին եւ վիրավորներին տեղափոխելու համար, իսկ երբ մարտերը որոշ չափով թուլացել էին, ինքը, Վարդերեսյանը, նրա վարոդը եւ վարորդի հայրը միասին գնացել են այն վայրը, որտեղ արդեն հավաքված են եղել վիրավորները։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տեղեկացրեց՝ քրեական գործում տվյալներ կան, որ գումարտակի հրամանատարի հրամանով շտապօգնության մեքենայով վիրավորներին օգնություն ցուցաբերելու է մեկնել այդ պահին շտաբի պետ Իշխան Վահանյանը, եւ խնդրեց հայտնել՝ հրամանատարական կետում գտնվելով՝ վկան իմացե՞լ է այդ մասին։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մշտապես այնտեղ չի եղել, գնացել–եկել է, վաշտերին սնունդ բաժանել։ Հարցին՝ հետագայո՞ւմ էլ իրեն չեն հասել տեղեկություններ այդ մասին, վկան բացասական պատասխան տվեց։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան, եւ դատավոր Ջոն Հայրապետյանի թույլտվությամբ հրապարակեց նույն դրվագի վերաբերյալ նրա՝ նախաքննության փուլում՝ 2021 թ․ հուլիսի 8-ին տված ցուցմունքը։ Ըստ այդ ցուցմունքի՝ վկան տեղեկացել է, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով իբրեւ վիրավորներ հանելու պատճառաբանությամբ լքել է մարտադաշտը։ Սա լսելով՝ վկան ասաց, որ այդ ժամանակ ավելի լավ է հիշել, եթե ասել է, ուրեմն՝ դա համապատասխանում է իրականությանը։ Շարունակելով ընթերցել նախաքննական ցուցմունքը՝ մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ վկան հայտնել է նաեւ, որ հետագայում դասակի հրամատարներից Արթուր Դանիելյանից (որը վիրավոր գտնվել է Նյուզգարում) տեղեկացել է, որ Վահանյանը մոտեցել է գյուղին, սակայն չի մտել գյուղ, այլ մոտակայքից ձեւականորեն վերցրել է 2-3 վիրավոր եւ հեռացել։ Այդ ժամանակ Ղարիբյանը ասել է նաեւ, որ Վահանյանը տեղյակ է եղել Դանիելյանի վիրավորումից, սակայն նրան օգնություն չի ցուցաբերել։ Այս ցուցմունքը եւս վկան դատարանում պնդեց։ Վկայի խոսքով՝ կապի խնդիր դեռ հոկտեմբերի 6-ից է եղել Այդ դեպքերից հետո, ըստ վկայի, հոկտեմբերի 4-ին գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հրամանով ավելի նպաստավոր շրջան են զբաղեցրել Թոզարանի ուղղությամբ։ Հարցին՝ Վարդերեսյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է կամ թույլտվություն ունեցե՞լ է, վկան դժվարացավ հստակ պատասխանել՝ ասելով, որ իր կարծիքով՝ ինքնուրույն նման որոշում չէր կայացնի։ Նշենք, որ ըստ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի ցուցմունքի՝ Վարդերեսյանը գումարտակի հրամանատարի պաշտոնից օրեր անց ազատվել է առանց թույլտվության, անփույթ նահանջների պատճառով։ Մինչդեռ փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունք է տվել այն մասին, որ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել, որովհետեւ նորակոչիկների անձնակազմն անպատրաստ էր, զինվոր կար՝ մի անգամ կրակած չկար։ Նահանջելուց հետո զբաղեցրած նոր բնագծում մնացել են 2 օր՝ մինչ հոկտեմբերի 6-ը, երբ նորից հարձակում է եղել եւ չեն կարողացել դիրքը պահել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, նահանջի կոնկրետ հրաման չի եղել․ երբ վիրավորները շատացել են, սպա Հովհաննես Նազարյանը եւս վիրավորվել է, հարկադրված են եղել նահանջել․ – Երբ նահանջեցիք, պարտավոր չէի՞ք զեկուցել վերադաս հրամանատարությանը,– հարցրեց դատախազը։ – Պարտավոր էինք, բայց միջոց չկար զեկուցելու, զարյադկաները նստած են եղել, հեռախոսով էլ կապ չէր բռնում։ – Վիրավորում ստացած սպան կապի միջոց չունե՞ր։ – Կապ տվեց, որ շտապօգնության մեքենան գա, դրանից հետո էլ կապի միջոց չմնաց,– պատասխանեց վկան։ Տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե իրենք հստակ իմացել են, որ շտապօգնությունը գալիս է, եւ սպան տեղափոխվելու է հոսպիտալ, ինչո՞ւ նրա ռադիոկապը չի վերցրել՝ հաշվի առնելով, որ ինքն է միակ սպան, որ մնում է այդ անձնակազմի հետ։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ գուցե սխալվել է, լավ կլիներ, որ վերցներ, բայց իրավիճակն այնպիսին է եղել, որ չի արել։ Կարեւորը, ըստ նրա, այն էր, որ դրանից մեկ–մեկ ու կես ժամ անց այդտեղից դուրս են եկել։  Քիչ անց, երբ Գրիգորյանը հարցրեց՝ արդյո՞ք նման պարտավորություն չուներ,  վկան պատասխանեց, որ պարտավոր չէր ուրիշ վաշտի ունեցվածքը վերցնել, իր անձնակազմը նրանց էր միացել օգնություն ցուցաբերելու համար․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը – Կանոնակարգով սահմանված է, որ եթե սպան դուրս եկավ, Դուք հրամանատարությունը ընդունեցիք, անհրաժեշտ միջոցները պետք է լինեն Ձեզ մոտ, ինչո՞ւ չեք արել,– հարցրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ – Ես հրամանատարությունը ոչ մեկից չեմ ընդունել, Նազարյանը իմ հրամանատարը չի եղել, իր ռացիան էլ, չգիտեմ, երեւի հետը տարել է։ – Հրամանատար չկա, բարձր սպան տեղում Դուք եք։ – Ես իմ ստորաբաժանումն եմ պարտավոր ղեկավարել։ – Մնացածին պարտավոր չե՞ք։ – Ուրիշ ստորաբաժանումներին ղեկավարել պարտավոր չեմ։ Վկայի այս պատասխանը վրդովեցրեց փաստաբանին, որը դատարանից եւ դատախազից պահանջեց այս հայտարարությունների հիման վրա նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում սկսել՝ չսպասելով իր կողմից հաղորդում ներկայացնելու։ Հիշեցնենք՝ մի քանի սպաների հարցաքննությունից հետո զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, ինչի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Արսեն Ղարիբյանի խոսքով՝ սպաների ռադիոկապերի մարտկոցները ուղարկել են լիցքավորման եւ այդպես էլ հետ չեն ստացել Հոկտեմբերի 6-ի հիշյալ նահանջից հետո անձնակազմը տեղափոխվել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց, որտեղ էլ սպայակազմի փոփոխություն է եղել․ Գարիկ Վարդերեսյանը ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն Իշխան Վահանյանն է նշանակվել։ Հոկտեմբերի 8-ին արդեն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանից խնդիր են ստացել՝ բարձրանալու Խուռհատ սարը։ Ըստ վկայի՝ բարձրացողների մեջ եղել են 15 վաշտ, ականանետային մարտկոցը եւ առանձին դասակներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 150 հոգի։ Բացազատվել են ողջ անձնակազմով, զբաղեցրել մոտ 1 կմ երկարությամբ բնագիծը։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը որեւէ գործողություն չի եղել։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ 2 օրվա ընացքում ինժեներական ի՞նչ աշխատանքներ են կատարել պաշտպանության անցնելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց՝ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային․ ամեն զինվոր մի հարմար քար է գտել, որ հետեւը թաքնվի, կրակի։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Հոկտեմբերի 10-ին՝ հարձակման օրը, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ըստ վկայի, բնագծի հակառակ ծայրում էր՝ իրեն ոչ տեսանելի․ – Բա եթե հարձակում լիներ, ի՞նչ ձեւով նա պիտի ձեր գործողությունները ղեկավարեր,– հարցրեց հանրային մեղադրողը։ – Չեմ կարող ասել, կապի միջոց չի եղել, որ ասեմ՝ դրանով։ – Բա ձեր կապի միջոցները ի՞նչ եղան։ – Մեր կապի միջոցները դպրոցում տվեցինք՝ զարյադկի, տենց էլ հետ չեկան։ – Այսի՞նքն։ – Ես լիցքավորիչ չունեի, քանի որ կամազս, որի մեջ այն գտնվում էր, կրակային կետ հասնելու ժամանակ խփել էին։ Դպրոցում ռացիաները տվել ենք կապի պետ Հովհաննես Մուրադյանին, նա է տարել՝ դիվիզիայի կապի հանգույցով լիցքավորելու, որովհետեւ դիվիզիայում դվիժոկ կար, իսկ դպրոցում հոսանք չկար։ Խնդիրը որ ստացանք, գնացինք սարը, այդ ժամանակ էլ չհասցրինք․․․ – Բա Դուք սպա եք, հարց չբարձրացրի՞ք, թե ոնց եք ղեկավարելու կամ ղեկավարվելու առանց կապի միջոցի։ – Այդ պահին հրետակոծություն է եղել դպրոցի շրջանում, ասել են, որ էնտեղ, որտեղ զարյադկի են դրել, էլ գնալ հնարավոր չէր, չեն կարող վերցնել։ – Դուք, որպես ենթակա անձնակազմ ունեցող սպա, հարց չբարձրացրի՞ք, ի վերջո մարտի պայմաններում էիք գտնվում։ – Ոչ մի վաշտի մոտ էլ չկար, սաղ էլ գիտեին, ո՞ւմից ուզեի։ Գումարտակի հրամանատարի մոտ մի հատ կար, էն էլ՝ վերադասի հետ կապվելու համար։ Նշենք, որ վկայի այս պատասխանները անակնկալի բերեցին դահլիճում գտնվող անձանց․ մինչ այս հարցաքննված մյուս սպաները, թեեւ նշել էին, որ Վահանյանի հեռանալուց հետո ռադիոկապ չեն ունեցել եւ հեռախոսով են փորձել ինչ–որ բան անել, սակայն չէին պարզաբանել, թե ինչով է պայմանավորված եղել անձամբ իրենց ռադիոկապերի բացակայությունը։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հաջորդիվ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել, թե ինչպես է սկսվել հարձակումը։ Ըստ վկայի՝ հարձակումից մոտ 2-3 ժամ առաջ 800 մ հեռավորության վրա հայկական համազգեստով անձանց է նկատել, գնացել է Վահանյանի մոտ, զեկուցել այդ մասին, ասել՝ հնարավորության դեպքում ճշտեն, թե ովքեր են։ Այդտեղ է գտնվել նաեւ զորամասի հրամանատարի տեղակալ Նելսոն Հակոբջանյանը, որը հայտնել է, թե  նրանք Ցորի զորամասից են․ «Իր պատասխանից հասկացա, որ տենց էլ պիտի լիներ, որ ինչ–որ զորամասից մարդիկ պիտի գային»,– ասաց վկան՝ հավելելով, որ հանձրարարություն են ստացել նրանց մոտ չգնալ, այլ շարունակել հեռվից դիտարկել հակառակորդի մեքենաները։ 3 ժամ անց՝ ժ․ 12-ի մոտակայքում, հարձակումը սկսվել է։ Հակառակորդը եղել է մոտ 100 հոգով։ Հարցին, թե Վահանյանն ինչ հրաման է տվել այդ ժամանակ, վկան ասաց, որ կոնկրետ բան չի ասել, նա էլ իր ավտոմատ կռիվ էր անում, մի պահ է եկել իրենց կողմ, դրանից հետո նրան այլեւս չի տեսել։ Թե երբ եւ ուր է գնացել նա, վկան չգիտեր։ Ի վերջո, հարկադրված նահանջ են իրականացրել, ըստ վկայի՝ առանց կոնկրետ հրամանի․ յուրաքանչյուրը, կողքինին նայելով, հասկանալով, հետ է քաշվել, իսկ սպաներով կրակելով պահել են, որպեսզի զորքը սարից դուրս գա, բարձրանա անտառ, թաքնվի․ – Լավ, հնարավորություն չունեիք պաշտպանվելու, բա նահանջի հրաման չպիտի՞ տայիք, տեղյակ էիք՝ ո՞ւր պիտի նահանջեիք,–  հարցրեց մեղադրողը։ – Հադրութ քաղաքը երեւում էր մեր հետեւում, տեսնում էինք վառվող տներ, հրետանային կրակոցներ, զգացվում էր, որ թուրքը մտել է, տները պաժառ տված էին, ահավոր վիճակ էր, ո՛չ կարող էինք քաղաքի կողմ գնալ, ո՛չ ձոր, միակ փրկությունը անտառն էր։ – Տեղյա՞կ եք, որ նահանջ կատարելիս պիտի ունենալ վերադաս հրամանատարության թույլտվությունը։ – Պետք է ունենամ, բայց այդ պահին չէի կարող։ Ըստ վկայի՝ երբ բոլորով հավաքվել են ու քայլել անտառով, հասել են մի կետի, երբ կրակոցների ձայներ են լսել, այդ ժամանակ մի քանի պատրաստված սերժանտի հետ սպաներով բարձրացել են կրակոցների ուղղությամբ՝ մոտ 50-60 մետր հեռու, որպեսզի հասկանան՝ ովքեր են, եւ որ ուղղությամբ պետք է գնան։ Զորքի հետ մնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ նորանշանակ սպա Տիգրան Աբազյանը։ Նրանց հորդորել են սպասել, մինչեւ տեսնեն՝ ինչ է կատարվում․ – Սպասեցի՞ն։ –Սպասեցին էնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը սկսեց սնարյադ կրակել էդ ուղղությամբ, իմ կարծիքով՝ ուզում էին կրակել 3–րդ գումարտակի վրա, շեղումների պատճառով արկերը անտառի մեջ ընկան,– պատասխանեց վկան՝ բացատրելով, որ այն կետից, որտեղ արկերը ընկել են, սպասող անձնակազմը 2 մասի է բաժանվել․ նրանք, որոնք մնացել են արկերից վերեւ, քիչ անց միացել են իրենց, իսկ նրանք, որոնք մնացել են արկերից ներքեւ՝ սպա Հովհաննես Մուրադյանի հետ, գնացել են դեպի Հադրութ տանող սխալ ճանապարհով։ Նշենք, որ մինչ այս որեւէ սպա դատարանում չէր պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ մի խումբ զինծառայողներ Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից։ – Բա դուք ի՞նչ արեցիք։ –Մեր բարձրացած հատվածում թուրքն էր, բայց մյուս կողմից լսվում էին հայերի ձայները, կոնկրետ 3-րդ գումարտակի հրամանատարի ձայնը լսել ենք, չենք կարողացել մոտենալ, իջել ենք, միացել արկից վերեւ մնացած անձնակազմին։ –Բա ի՞նչ գիտեք, որ մյուսները այդ ուղղությամբ են գնացել։ – Հովոյի հետ մի սերժանտ կար՝ Գասպարյան Գեւորգ, հեռախոսով նրա հետ եմ կապվել, իմացել։ – Ըստ Ձեզ՝ Հովհաննես Մուրադյանի հետ այդ ուղղությամբ գնացած անձնակազմը տեղյա՞կ էր, որ հակառակորդը Հադրութում է։ –Իմ կարծիքով՝ հա, սաղիս էլ պարզ էր, Հադրութը վառվում էր․․․ – Իսկ ըստ Ձեզ՝ տրամաբանակա՞ն է՝ իմանան եւ գնան այդ ուղղությամբ։ – Տրամաբանական չէ, բայց արկերի պայթյուններից փրկվելու համար առանց հասկանալու էլ կարող են գնալ։ – Ենթադրո՞ւմ եք, թե՞ Գասպարյանն է ասել, երբ զանգել եք։ – Գասպարյանի հետ որ խոսել եմ, դեռ այդ ճանապարհ չէին մտել, ասում էր՝ նկատել ենք, որ թուրքերը ռուսերեն խոսում են, ասում են՝ իջեք, մենք ձեզ վնաս չենք տա, բայց չեն արել թուրքերի ասածով, սպասում էին՝ մեկը գա, օգնի՝ դուրս գան։ – Իսկ դուք ի՞նչ միջոցներ ձեռնարկեցինք, որ միանաք նրանց։ – Միայն Գասպարյանի մոտ է հեռախոս եղել, իր հետ եմ խոսել, ասել եմ՝ որ ուղղությամբ գան, մեզ միանան, որոշենք՝ ինչ ենք անում։ – Բա ինչո՞ւ չեկան։ – Սպասել ենք ահագին, կապը կտրվել է, անհասանելի են դարձել, էդ պահին առաջ ենք շարժվել։ – Տեղեկացե՞լ եք՝ հետագայում ինչ ճակատագրի են արժանացել։ – Զոհվել են,– պատասխանեց վկան՝ թվարկելով այդ անձնակազմի մեջ եղած իր դասակի 4 զոհերի անունները՝ Շիրակ Գասպարյան, Արմեն Մելքոնյան, Տիգրան Աբազյան, Դավիթ Ադոյան։ Լուսանկարում՝ Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը Դահլիճում գտնվող ծնողների մեջ էր զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը, որը հարցեր հղեց Ղարիբյանին այն մասին, թե իր որդին երբ, ինչ պայմաններում է վիրավորվել եւ զոհվել։ Սպան պատմեց, որ Ադոյանը ՄՈԲ–ից մի տարեց մարդու օգնելիս է եղել, վերջից քայլելիս է եւ մնացել է արկի հարվածից ներքեւ գտնվող անձնակազմի հետ, բայց այդ օրը չի զոհվել, Հարութ Կարախանյանի գլխավորությամբ մի խմբի հետ կարողացել են մի տուն, մտնել այնտեղ, թուրքերից պաշտպանվել․ «Կապվել ենք Հարութի հետ, նա է ասել, որ մոտ մեկ շաբաթ եղել են տան մեջ, դրանից հետո տանից դուրս են եկել, այդ ժամանակ է դեպքը տեղի ունեցել»։ Հարցին, թե իմանալով, որ իր զինվորը իրենից հեռու է, ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել՝ անձամբ գնացել կամ այլ ուժեր ուղարկել՝ նրանց փրկելու համար, վկան պատասխանեց․ «Զեկուցվել է, որ անձնակազմը մնացել է ու այս վիճակում է, իսկ հետ չեմ գնացել, որովհետեւ թուրքը չորս կողմը վերցրած է եղել, հնարավոր չի եղել, իմ ուժերը չեն ներել, որ ես հակառակորդին ճեղքեմ, գնամ նրանց հետեւից»։ –Էդ էրեխեքը օրեր շարունակ կարողացան ապրել, որ թուրքը նրանց չտեսնի, դու չկարողացա՞ր գնալ, հանել,– լսվեց դահլիճից։ Ի վերջո, Վանք գյուղով գնացել, դուրս են եկել դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհ։ Վկա Ռոման Դոլինյանի խոսքով՝ Վահանյանը խոստացել է գալ վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի  եկել Հարցաքննված մյուս վկան Ռոման Դոլինյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող։ Հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին նա ոչինչ չգիտեր, քանի որ 2-ի լույս 3-ի գիշերը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Լուսանկարում՝ վկա Ռոման Դոլինյանը Դոլինյանի վիրավորումը հիշյալ օրը Նյուզգար կոչվող տեղամասում է եղել, որտեղ էլ ուղեւորվել էր Վահանյանը՝ օգնություն ցուցաբերելու։ Նրա խոսքով՝ երբ շտապօգնության մեքենան եկել է, Վահանյանը վարորդի կողքին նստած է եղել, առանց իջնելու ասել է՝ ով թեթեւ վիրավոր է, թող իջնի մեքենայից, որպեսզի ավելի ծանր վիրավորներին տանեն, հետո գան մյուսների հետեւից։ Դոլինյանն էլ, համարելով, որ մյուսներից թեթեւ վիրավոր է, իջել է։ Իր հետ միասին սպասելիս են եղել այլ զինծառայողներ, որոնք, իր տպավորությամբ, ունեցել են միջին ծանրության վնասներ բերանի, մեջքի հատվածում։ Մեքենան գնացել է եւ այլեւս չի վերադարձել․ «Ամբողջ գիշեր սպասել ենք, չեն վերադարձել, առավոտյան մեր վաշտի վարորդն է մեզ իջեցրել»,– ասաց նա։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ քանի՞ վիրավոր վերցրեց Վահանյանը, վկան պատասխանեց՝ 4-5, որոնք նստատեղերն են զբաղեցրել, եւ եթե ուրիշ վիրավոր էլ տեղափոխեին, գետնին կնստեցնեին։ Նա նաեւ նշեց, որ Վահանյանը միայնակ է եղել վարորդի կողքին գտնվող երկտեղանոց նստարանին։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ նա եւս վիրավոր լիներ, վկան բացասական պատասխան տվեց, ապա դատավորի հարցերին ի պատասխան՝ ասաց՝ քանի որ նստած է եղել, եթե ազդրի հատվածում վիրավորում ունենար, ինքը կարող է եւ չտեսներ։ Ամեն դեպքում, Վահանյանը, ըստ վկայի, ծանր վիրավորի տեսք չուներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 8-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 30 նոյեմբերի, 2022
Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին
 |factor.am|

Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Բալայանը հրաժարվել է։ Այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Լրատվական ծառայության միջոցով փորձեցինք Դավիթ Բալայանից ճշտել, թե որն է եղել հրաժարվելու պատճառը։ Դատավորը փոխանցեց, որ ինքը ԲԴԽ-ին գրավոր հայտնել է պատճառների մասին, և որևէ խնդիր չի տեսնում, որ ԲԴԽ-ն դրանք հրապարակայնացնի։ Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի պաշտոնում անձի թեկնածությունն առաջարկում է այդ անձի համաձայնության դեպքում, և այժմ, փաստորեն, դատավոր Բալայանը չի տվել իր համաձայնությունը։
17:35 - 28 նոյեմբերի, 2022