ԿԱՐԴԱԼԻՔ

Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Վայոց ձորից երթևեկությունը ծանրանում է, մերթընդմերթ երևացող շտապօգնության մեքենաները և բեռներով բարձված մարդատարները մատնում են, որ մոտենում ենք Գորիսին:  Անձրևից մնացած ջրափոսերի մեջ չփչփացնելով՝ մոտենում ենք շենքին, որը դեռ մեկ շաբաթ առաջ Դրամատիկական թատրոն էր: Շենքի դիմաց մեծ կապույտ ավտոբուս է: Պատուհանից երևացող մարդանց դեմքերից տանջանքն ու հոգնածությունը ծորում են: Մտքիս մեջ ուրախանում եմ, որ դիմացս ուղեփակոց է և հնարավորություն չունեմ մարդկանց մոտիկից տեսնելու… Մոտ 4 տարեկան մի երեխա, հացի կտորը ծամելով, դուրս է գալիս շենքից և քիչ է մնում բախվի սնունդ տեղափոխող արագ-արագ ներսուդուրս անող կամավորներին։ «Տաքսին ստեղ ա, բոլորդ կա՞ք»,- ութհոգանոց ընտանիքին ճանապարհում է Կարմիր խաչի աշխատակիցը. երեխաների հետ կատակներ է անում, մեքենան նստելիս հարազատի նման հրաժեշտ տալիս… «Հետ գնացեք, էս ավտոն դուրս գա»,- բղավում է ոստիկանը և ձեռքի շարժումով խնդրում մարդկանց ճանապարհ բացել… Կարմիր վերարկուով մոտ երկու տարեկան մի երեխա մոլորված շուրջն է նայում. «Մենակ ա՞»,- իրար երեսի են նայում մարդիկ: Մինչ փորձում ենք կողմնորոշվել, մայրը՝ գրկին ևս մեկ մանկահասակ երեխա, բռնում է փոքրիկի ձեռքը և միասին անցնում են ուղեփակոցից այն կողմ։ Մի ծեր կին սայթաքում է և մինչև կոճերը հայտնվում ջրափոսում. տեսնես փոխնորդ կոշիկ ունի՞: Հողաթափերով էր:  Մինչ մայթեզրին կանգնած՝ փորձում եմ մարսել առաջին տպավորությունս, սպիտակ «Ֆորդի» դիմաց կանգնած կարմիր հուդիով 5-6 տարեկան աղջիկը գրավում է ուշադրությունս: Գոհարի ընտանիքը Մարտակերտի Հաթերք գյուղից է: «Ամսի 20-ին բարեկամներով՝ 25 հոգով, լցվեցինք ավտոյի մեջ ու գնացինք օդանավակայան, հինգ օր մնացինք էնտեղ, հետո էլ բերեցին (խաղաղապահները-խմբ.) Հակարին անցկացրին»,- պատմում է Գոհարի մայրը՝ տիկին Ռուզաննան: Ասում է՝ իրենք անասուններ ունեին, հասցրին մորթել ու հետները վերցնել, ինչով էլ ապրել են մինչև Կոռնիձոր հասնելը: Հարցիս՝ ինչպես դիմավորեցին օդանավակայանում, զարմանում է՝ «Ո՞վ, ռու՞սը: Բաց դաշտ ա, ավտոյով գնացել ենք կանգնել, ավտոյի մեջ քնել, մենք մեզանով ապրել»: Ասում է՝ գյուղում զոհեր են ունեցել՝ հինգ զինվոր: «Մինչև հիմա մի էրեխա ունենք, որ չեն կարողացել հանեն, բերեն, 19 տարեկան:  Չորս քույր են, մի ախպեր: Ավտոներով արդեն դուրս էինք գալիս գյուղից, էդ կինը (զոհվածի մայրը-խմբ.) հետ էր նայում, տենա էրեխեն գալիս ա, թե չէ. չի հավատում որ էրեխեն չկա: Մինչև հիմա սպասում ա, որ գալու ա»,- աչքերը լցրած՝ պատմում է տիկին Ռուզաննան: Նրա ընտանիքում ևս զոհ կա՝ ամուսնու զարմիկը՝ 19 տարեկան զինվոր: Ասում է՝ փորձում են Կարմիր խաչի օգնությամբ մարմինը տեղափոխել Հայաստան: Իրենք էլ սպասում են ընտանիքի այլ անդամներ էլ միանան, որ ճանապարհվեն Երևան: Իսկ հետո՞: «Հետո կգնամ Պյատիգորսկ, աղջիկս էնտեղ ա: Հետո քիչ-քիչ Հայաստանն էլ կհայաթափվի, ոնց որ Արցախը հայաթափվեց»:  Տիկին Ռուզաննան՝ Գոհարի հետ Պատի տակ միայնակ կանգնած աղջնակին հարցնում եմ՝ ու՞մ հետ ես: Բաբոյի: Մինչ փորձում եմ հասկանալ՝ ով է Նարեի տատիկը, տեսնեմ՝ աջ կողմում մի կին փորձում է «կարգի բերել» թափառական շան հետևից վազվզող չարաճճիներին՝ Արենին ու Ալենին. մեկի ձեռքից բռնում, փողոցից հեռացնում է, մինչև մոտեցնում է մայթին, մյուսն է փախչում: Տիկին Գոհարի ընտանիքը երկրորդ անգամ է տունը կորցնում: 2020թ. Շուշիից փախել են Ստեփանակերտ, հիմա՝ Գորիս, հետո… «երևի Ռուսաստան, էնտեղ բարեկամներ ունենք»: Արենը, Ալենը ու Նարեն «Գորիս» հյուրանոցի բակում տղամարդիկ մտահոգ ծխում են: Իրար հետ չեն խոսում, անծանոթների հետ չեն հաղորդակցվում: Հյուրանոցի միջանցքը մարդաշատ է, բազմոցի վրա թռվռացող մի երեխա տասը մատով թաթախված՝ շոկոլադ է վայելում, որի համը երևի արդեն մոռացել էր: Մի տղամարդ հերթով տոպրակից հանում է մրգերը, քաղցրավենիքը, հյութերը և բաժանում իրար հերթ չտվող փոքրիկներին ու նրանց ծնողներին: Կարճ գանգուրներով մի աղջնակ հազիվ է ձեռքերի մեջ պահում ստացած օգնության փաթեթները: «Տոպրակ կտա՞ս»,- ժպտալով դիմում է ինձ: «Ես Լարիսան եմ,- ներկայանում է ինքը, հետո ծանոթացնում եղբոր հետ.- ինքն էլ Արծիվն ա (Արտյոմ-խմբ.)»:  Լարիսայի ընտանիքը Եղցահողից է գաղթել, թեև ինքը՝ Լարիսան, հպարտորեն նշում է, որ ինքը շուշեցի է: «Շուշիի ծննդատանն է ծնվել»,- ուղղում է մայրը: Տիկին Սուսանի ընտանիքի հայրենի Եղցահողն ամբողջությամբ դատարկվել է: «Ամսի 20-ին, գիշերվա ժամը մեկին էրեխեքին հանեցինք, բերեցինք ռուսի պոստը: Մեր գյուղը լրիվ հանել են, կողքի գյուղերն էլ՝ Հին Շենը ու Մեծ Շենը: Ոչ մի բան չենք վերցրել՝ ոչ շոր, ոչ մի բան: Գյուղապետն ավտո տրամադրեց, գյուղից հանեց: Մենք դուրս ենք էկել, թուրքերը մեր հետևից մտել են գյուղը»,- պատմում է նա: Ռուսական անցակետում, ըստ տիկին Սուսանի, երեք գյուղերի բնակիչներին տեղավորել են և սնունդ տրամադրել, հետո ուղեկցել մինչև Կոռնիձոր: Անցակետում զննում չեն անցել, մեքենաներից չեն իջեցրել, ստուգել են միայն անձնագրերը:  Տիկին Սուսանը՝ Լարիսայի և Արտյոմի հետ Տիկին Սուսանի ընտանիքը ո՛չ Գորիսում, ո՛չ Երևանում բարեկամներ ու հարազատներ չունի: Ասում է՝ քաղաքում չի կարող ապրել: Ո՞րն է հաջորդ կայարանը՝ չգիտի, բայց Ռուսաստան չի գնա. «Ես գյուղ տեղ եմ ուզում, որ մի աշխատանք գտնեմ, էրեխեքիս պահեմ»: Կողքից մի տղամարդ հարցնում է. «Մեղրիում չե՞ք ուզի ապրել, հրավիրում եմ»: «Մեղրի՞, մոտիկ չի՞ թուրքին: Մոտիկ ա: Բա որ գնամ էնտեղ, մի հատ էլ էնտեղ հարձակվեն»:  Հյուրանոցի միջանցքը դատարկվում է: Ստեփանակերտի գազալցակայանի հրդեհից արդեն հրապարակված կադրեր կան: Բազմոցի վրա մի կին աղիողորմ ճչում է և արդեն որերորդ անգամ կրկնում. «Մամա, զանգում եմ չի պատասխանում, զանգ տուր Վարդանին»:  Հյուրանոցից լուռ դուրս եմ գալիս: Դրսում ժամանակը կանգ է առել։ Տղամարդիկ հուսահատ ծխում են՝ կարծես նույն դիրքով, ինչ մեկ ժամ առաջ էին: Իսկ ականջներիս մեջ դեռ զնգում է. «Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին»:    Հեղինակ՝ Վիկտորյա Անդրեասյան Լուսանկարները՝ Էնթոնի Պիզզոֆերատոյի
12:58 - 26 սեպտեմբերի, 2023
Չլուսացած օրեր ու անորոշ սպասում․ արցախցիները՝ Գորիսի հավաքակայանում

Չլուսացած օրեր ու անորոշ սպասում․ արցախցիները՝ Գորիսի հավաքակայանում

Երեւանից Գորիս ձգվող ճանապարհը արտասովոր լուռ է, հատկապես՝ մեզ՝ լրագրողներիս համար, որ միշտ գիտեն՝ ինչ թեմայով «աղմկել»։ Հիմա այդ աղմուկը միայն մի անուն ունի՝ արցախցի, ու մի հասցե՝ Արցախ, բայց արդեն բառերը չունեն իմաստ, արդեն բառերը չեն հերիքում։ Հասկանալի լռությունը խախտում են պաշտոնական աղբյուրներից մերթընդմերթ եկող անհասկանալի լուրերը, ու մեկ էլ Սարգիսի՝ մեր օպերատորի շարականները՝ ամեն հաջորդ լուրին ավելի սիրտմաշող․ – Տե՛ր, ողորմեա՜, տե՛ր, ողորմեա՜․․․– երգում է նա մի բան, որ Գորիսում դեռ շատ պիտի կրկնեինք։ Իսկ Գորիսում հավաքակայանն է, ուր գալիս են իրենց բնօրրանից Հայաստան տեղահանված եւ Կոռնիձորում հաշվառված արցախցիները։ Գալիս են անվերջ, անընդմեջ, գալիս են հանկարծակի սկսված ձյան պես, որի փաթիլները իջնում են արագորեն, նստում հողին ու բարձրանում հազիվհազ։ Հիմա այդ փաթիլներն իջնում են մեր սրտերին, իջնում են ու քար դառնում, իջնում են ու ծանրանում ընդմիշտ։ Գորիսի հավաքակայանում ասեղ գցելու տեղ չկա, անկեղծ ասած՝ արցունք գցելու տեղ էլ։ Քարսիրտ դարձած՝ աշխատում ենք, լուսանկարում տասնամյակների կյանքը մի ճամպրուկում իբր տեղավորած, եղած–չեղածը փաթեթավորած, մեքենաներին փաթաթած մարդկանց, որ շտապում են մեկ այս, մեկ այն կողմ, մեկ բարձրանում են ավտոբուս, մեկ էլ լսում կազմակերպիչներից մեկի անորոշ ձայնը․ – Գեղարքունիք գնացողնե՛ր, հե՛տ իջեք, մեկ այլ ավտոբուսով եք գնալու։ –Վայք ո՞վ էր գնում, նստե՛ք։ Եվ իջնում են մարդիկ, եւ նստում են մարդիկ, եւ տանում են ավտոբուսները նրանց նոր հասցեներ։ Եվ իջնում են մարդիկ, եւ սպասում են մարդիկ, եւ ո՞վ գիտե՝ ինչպե՞ս չեն խելագարվում մարդիկ․․․ *** Անորոշ սպասման մեջ նկատում եմ մենակ կանգնած մի աղջկա։ Մոտենում եմ, հարցնում՝ Արցախի՞ց եք։ Հաստատակամ ասում է՝ այո։ Հարցնում եմ՝ կհամաձայնե՞ք մի քանի բառ խոսել։ Պատասխանում է՝ առանց տեսախցիկների պայմանով։ 22-ամյա Ամալյա Առուշանյանն է՝ լեզվաբան Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Ներողություն եմ խնդրում ցավոտ հարցերի համար, խնդրում հիշել սեպտեմբերի 19-ը՝ Ադրբեջանի վերջին հարձակման օրը։ –Կուզե՞ք մաքսիմալ անկեղծ ասեմ․ որպես արցախցի՝ հիմա իմ համար ընդհանրապես դժվար չէ էդ ամեն ինչը վերհիշելը, որովհետեւ արդեն սովորական է դարձել,– ասում է Ամալյան, ու գետերը հոսում են աչքերից,– Չէ, խաբեցի, դժվար է։ Հարձակման ժամանակ Ամալյան իր աշխատավայրում՝ դպրոցում է եղել, աշակերտներն են լուր բերել, թե թշնամին հարձակվել է կողքի գյուղերի վրա, բայց Ամալյան չի հավատացել, մտածել է՝ հերթական մի բան է, որ կանցնի, կգնա։ Հետո, երբ ձայներն արդեն իրենց են հասել, չի մնացել այլ բան, քան դպրոցի ապաստարան իջնելը․  «Հետո մեր հարազատները եկան, մեզ տուն տարան, ով ում կարողացավ, տարավ․․․  Հետո սկսվեց ցերեկային ժամը, երբ էլի կային կրակոցներ․ իմ փոքրիկ քույրիկը շատ վատ վիճակում էր, առողջական խնդիրներ ունեցավ․․․ Հետո եկավ գիշերը, գիշերվա ժամանակ երկինքը ընդհանրապես սեւ չէր, կարմիր էր, ինչի՞, որովհետեւ իրենք շատ պրոֆեսիոնալ ձեւով էին կազմակերպել էս ամեն ինչը, չորս կողմից լայնամասշտաբ գալիս էին, իսկ մեր բանակը գտնվում էր շատ վատ, ոչ կազմակերպված վիճակում․․․ Հետո մի անգամ եկավ ինքնաթիռի հարվածը, էդ գիշեր մենք ընդհանրապես չենք քնել, կապ չկար, չէինք կարողանում տեղեկանալ դիրքերում գտնվող մեր եղբայրների մասին․․․ Բոլորս վախեցած մտել էինք ապաստարանը, էնտեղ էլ չէր ապահով, ոչ մի տեղ էլ ապահով չէր, էդ գիշեր ընդհանրապես չլուսացավ մեզ համար, տենց էլ մութ մնաց»։ Հաջորդ օրը, երբ պաշտոնապես հաղորդվեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռքբերվել 13։00-ին կրակը դադարեցնելու մասին, այն, ըստ Ամալյայի, չի դադարել․  «ժամը մեկի դադար կոչվածից հետո էր, որ ես կորցրի իմ եղբորը, ում մենք զոռով բերում ենք էստեղ, որ մեզ հետ տանենք, որ էնտեղ չմնա իր շիրիմը»,– լացը զսպելով՝ ասում է նա։ – Տե՛ր, ողորմեա՜, տե՛ր, ողորմեա՜․․ *** Հարձակման հաջորդ օրը Ամալյան տեղափոխվել է Ստեփանակերտ․ հարցնում եմ՝ ողջ ընտանիքո՞վ։ Գերդաստանով՝ պատասխանում է․ «Մենք գնացինք օդանավակայան, որտեղ ռուսների բազան է գտնվում՝ համարելով, որ էնտեղ ռուսներին մոտ ենք, հարձակում չի լինի, բայց ռազմաբազան Ասկերանի պոլկի մոտ է, էնտեղ էլ էին հարձակումներ կատարում՝ Ասկերանի զորամասի վրա, էլի վախենում էինք, բայց արդեն մի տեսակ անտարբեր, առանց զգացմունքի վախ էր, մենք արդեն դրան սովորել էինք, հասկանո՞ւմ եք»,– ասում է նա՝ Արցախի սարերի պես կանաչ ու ջրերի պես լցված աչքերն ուղղելով ինձ։  Իսկ ես չգիտեմ՝ հայացքս ուր փախցնեմ, երբ չորսբոլորը նույն ողբերգություն է։ Օդանավակայանում ընտանիքը մնացել է 2 կամ 3 օր, Ամալյան ասում է՝ երկար է թվացել, չի հիշում հստակ․ «Անընդհատ լուրեր էին գալիս, որ պրծնում է կամ որ գյուղում էսինչին են մորթել, մտել, դրոշն են դրել․․․ Գիտեք՝ էդ տագնապահար վիճակը, որ չես կարողանում ոչ ոքի հետ կապ հաստատել․․․ Միայն ռազմաբազայի տարածքում էր, որ կապ կար, դա էլ ռուսների շնորհիվ, Ստեփանակերտ ընդհանրապես լույս չկար․․․ Էդ անորոշ վիճակը համ ճիշտ, համ սուտ ծնում էր»։ Հաջորդ օրը, երբ իսկապես կրակը դադարեց, Առուշանյանները որոշեցին գյուղ չվերադառնալ․ «Ոչ ոք չէր ուզում հետ գնալ, մտնել Հաթերք կամ մնալ Արցախի տարածքում, որովհետեւ էդ արդեն ինքնասպանության տիպի բան է կամ կամավոր ստրկության»,– ասում է նա։ Ադրբեջանական անցակետում, Ամալյայի խոսքով, ամեն ինչ հանգիստ է անցել, առանց մանրակրկիտ ստուգման․ «Անցակետի մոտ մեզ համար շատ սովորական էր, տեսել ենք համ թուրքեր, համ ռուսներ, համ հայեր, մանրակրկիտ, խորը չեն զննել մեքենան, փաստաթղթերն էլ ինչքան գիտեմ, չեն նայել, դուռը բացեցին, նայեցին, վերջ, գնացեք, կարողա էնտեղ ապարատ կար իրականում, որ ստուգում էր, չգիտեմ»,– ասում է նա՝ հավելելով, որ լսել է՝ խմբին մանրակրկիտ զննում են, երբ անձանցից մեկի մոտ զենք է հայտնաբերվում։ Ընտանիքն իր հետ հազիվ սնունդ է վերցրել, հագուստ ու անկողին, բայց մարդիկ կան, ասում է Ամալյան, որ դա էլ չեն հասցրել կամ էլ չեն ուզել․ «Օրինակ՝ իմ տատիկը՝ տարիքով կին, շատ բան է տեսել իր կյանքում, ասել է՝ վերցնում եմ, ի՞նչ անեմ, անցած անգամ էլ՝ 44–օրյայի ժամանակ տարա շորերս, կոշիկներս, ի՞նչ եղավ»։ Ամալյան ասում է՝ ամեն դեպքում, ինքն իր տունը տխուր չի հիշում, ցավով է հիշում, բայց ոչ տխուր, սիրուն է հիշում ու սիրով․ «Մինչ էդ մենք 274 օր մնացել ենք բլոկադայում, որն էլի իր հետ լիքը դժվարություններ է բերել, ու արդեն էդ ամեն ինչը մեզ չի թողել, որ երջանիկ պահեր կուտակվեն կամ ստեղծվեն, բայց ես մեր տանը տխուր չեմ հիշում, նույնիսկ դուրս գալիս նկարել եմ մեր տունը, մեր հայաթը, մեր մեքենաները, որովհետեւ էնտեղ լիքը բաներ ենք թողել»։ Հարցնում եմ՝ իսկ դուռը փակե՞լ եք, պատասխանում է՝ հայրը չի թողել, որ երբ թշնամին գա, չկոտրի, վնաս չտա․ «Բայց որ շատ խորը մտածում ես, իմ պապաս 50 տարեկան մարդ ա, սաղ կյանքը տվել ա, մեզ համար տուն սարքել, հիմա ինքը էդ ամեն ինչը թողել ա ու նորից պիտի սկսի, ու արդեն զրոյից չէ, չգիտեմ՝ էլ որտեղից»։ Հարցնում եմ՝ իսկ ձեզ մոտ որեւէ խնդիր կա՞ այս պահին, որ առաջնահերթ լուծման կարիք ունի, պատասխանում է՝ կա, հետո էլ, թե խնդիրների լուծումը մենք գիտենք, միայն մի խնդիր կա, որի լուծումը մեր ձեռքին չէ, քանի որ Արցախը արդեն չկա․ «Աստված տա, չգիտեմ՝ ինչ տիպի հզոր լինի հայկական բանակը, որ կարողանա հետ վերցնել էդ ամենը, բայց տա Աստված, որ էնքան ուժեղ ու գիտակից լինենք․․․ Մենք մեր ազգին չենք սիրում, մենք մեզ պետք է սիրենք, որ կարողանանք հաղթել, մենք մեր հույսը մեզ վրա պետք ա դնենք, որ կարողանանք հաղթել, ու ռուսը չի մեզ պահողը, ոչ էլ ամերիկացին, մենք ենք մեզ պահողը, ու ես համոզված եմ՝ լինի 50 թե 60 տարի հետո, եթե ՀՀ–ն խելացի գտնվի, մենք անպայման հետ ենք վերցնելու էդ ամեն ինչը՝ թե՛ Շուշիի տանկը, թե՛ «Մենք ենք մեր սարերը» արձանը, թե՛ Քարվաճառի լեռները, թե՛ մեր եկեղեցին, թե մեր խաչերը, որ ամեն մի գյուղում դրված էին, ամեն–ամեն ինչը»,– ասում է Ամալյան՝ վստահեցնելով՝ մենք չենք պարտվել ո՛չ էս կռվում, ո՛չ էլ 44–օրյա կռվում, մեր տղաները մինչեւ վերջ կռվել են։ Ապագա անելիքների մասին Ամալյան չի խոսում, ասում է՝ դա հոր գործն է։ Առաջ պլանավորել էր գյուղում լեզվի կենտրոն բացել, դրա շեմին էր, հիմա՝ Գորիս–Վայք ճանապարհի շեմին․ գիտի, որ իրենց այնտեղ են տեղափոխելու։ Իսկ մինչ այդ դեռ պիտի ձգվի ծանր սպասումը․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եղբոր դին է բերում։   Միլենա Խաչիկյան
11:58 - 26 սեպտեմբերի, 2023
«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։  Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, սակայն հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Սուսաննա Համբարձումյանի թոռը՝ Էրիկ Մարտիրոսյանը, Վանք գյուղի տներից մեկում թաքնված, պատերազմի ավարտից հետո հայտնաբերված եւ սպանված զինծառայողներից է։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Համբարձումյանը, որ դատարան էր ներկայացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, Վահանյանին տեսնելով, հուզվեց․ – Ինչի՞ էս լավ մարդկանց մեջ հանդիպեցի, նրանց խաթր չեմ կարողանում քեզ արժանի բառեր գտնել,– արտասվելով ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանգստացնել տուժողի իրավահաջորդին, բացատրել, որ դահլիճում գտնվող բոլոր ծնողներն էլ իրենց վիշտն ունեն․ – Մարդ կա՝ երկու որդի է կորցրել, պատկերացրեք՝ իր վիշտը ինչքան է։ – Ես էլ 6-ն եմ կորցրել,– ասաց Համբարձումյանը՝ նկատի ունենալով իր թոռանն ու նրա հետ շրջափակման մեջ զոհված 5 տղաներին։ Սուսաննա Համբարձումյանը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը Սուսաննա Համբարձումյանը պատմեց, որ իր թոռը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 20-ին, սակայն կարանտինով պայմանավորված՝ սկզբում Մարտունիում է եղել․ «Իմ էրեխեն սկզբում հեռախոս չուներ, զանգեց ուրիշի համարից, թե լավ է, կնքվեցինք, տատի՛ ջան, սաղ ասավ՝ գումարտակի հրամանատար, սերժանտներ․․․ Հրամանատարը՝ Վազգեն Վարդանյանը (վաշտի հրամանատարն է,–հեղ․), էն ինչ մի բարի անձնավորություն էր, որ մեռնեմ էլ, սրտումս դաջվածք կանեմ էդ անունը, իր հեռախոսով զանգեց, ինքն էլ խոսաց, ասաց՝ տա՛տ ջան, ան, թոռիդ հետ խոսի, ասաց՝ կորոնայի ժամանակ որ գաք, կպատժվեք․․․ Իրիկունն էլ զանգում էր, թոռնիկիդ հետ խոսի, էդ ինչ յուրահատուկ մատուցում էր անում, թոռանս անունը «Խելոք» էր դրել, ասում էր ՝ Խելո՛ք, արի՛, ասում էի՝ խի՞ ես Խելոք ասում, ասում էր՝ էնքան խելոք ա, Խելոք ջան եմ ասում, ասեցի՝ ես էլ քեզ ջան կասեմ, Վազգեն ջան»։ Համբարձումյանը հայտնեց՝ հոկտեմբեր ամսին, երբ իր թոռն արդեն Հադրութում է եղել, հոսպիտալում տեսակցել է Վարդանյանին․ «Ասաց՝ ինձ գտաք, Էրոյին գտե՞լ եք, ասեցի՝ Վազգեն ջան, որտե՞ղ գտնեմ, դու էիր մեզ միջնորդը, ասաց՝ երնեկ ման գաք, գտնեք Խելոքիս»։ Դահլիճում գտնվող այլ ծնողներ, սակայն, հայտնեցին, որ Վազգեն Վարդանյանը վիրավորում չի ստացել։ Նշենք, որ նա նահանջի ժամանակ զորքի մի մասի հետ ճիշտ ուղղությամբ գնացած եւ փրկված սպաներից է։ Դատաքննության սկզբում Վարդանյանը ներկայացել է դատարան եւ պատմել նահանջի եւ դրան նախորդած իրադարձությունների մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Համբարձումյանի խոսքով՝ ինքը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը, օրական 3-4 անգամ խոսել են․ «Որ հարցրի՝ ինչի՞ եք անտառներում քայքայված․․․ Որովհետեւ․․․ [Վահանյանը] իջել է ներքեւ, որ սկոռուն բերի, վիրավոր տանի, սկոռին եկել է, թե չէ, վերքը պոկել է, նստել, գնացել է․․․ Ադոյան Դավիթին պիտի էդ սկոռին տաներ, ինքն է նստել, փախել, իմ բալեն է ասել»։ Դրա պատճառով, ըստ տիկին Սուսաննայի, զորքը ընկել է շրջափակման մեջ։ Իր թոռն ու համածառայակիցները, չցանկանալով լքել իրենց վիրավոր ընկերոջը, ողջ ընթացքում նրան իրենց հետ տեղափոխել են, մինչեւ վերջին րոպեն կողքին եղել։ Համբարձումյանն էլ այդ օրերին հեռախոսով կապի մեջ է եղել․ «Միամիտ էրեխեք էին՝ 2-3 ամսվա զինծառայող, մի ամիս հույս էինք տալիս, լույս էինք տալիս, մթնեց․․․ Ամբողջ գիշեր ես հեռախոսակապով էդ էրեխի (նկատի ունի՝ Դավիթ Ադոյանին,–հեղ․) տնքոցը լսեի, չքնեի․․․» Այդ գիշերը, ըստ տիկին Սուսաննայի, Ադոյանի վերջին գիշերն է եղել (նրա մոր հարցաքննությունը՝ այստեղ), 5 ծառայակիցները նրան հուղարկավորել են, դրանից հետո իրենք են հայտնաբերվել թշնամու կողմից․ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը։ Ըստ Արմեն Ագանեսյանի՝ նորակոչիկներին առաջնագիծ տանող բոլոր պատասխանատուներն էլ մեղավոր են Այսօր հարցաքննված մյուս վկան Արմեն Ագանեսյանն էր՝ զոհված Հայկ Ագանեսյանի հայրը։ Վերջինս չէր ճանաչում Իշխան Վահանյանին, կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ․ «էրեխուն մի ամիս չկար՝ ուղարկել էինք, չկա էրեխեն, վերջ, ես էլ ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ, ասում են՝ հրամանատարները լրիվ էրեխեքին առաջին գծում թողել են, իրենք փախել են, էդքան բան գիտեմ ես»,– ասաց նա։                                                   Ագանեսյանի որդին եւս Ջրականում է ծառայել, սակայն կարանտինով պայմանավորված՝ ծնողները նրան չեն կարողացել այցելել, հստակ չգիտեն էլ՝ զինվորական երդում տվել է թե չէ։ Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Արմեն Ագանեսյանը Պատերազմի մեկնարկից հետո որդու հետ հեռախոսակապի մեջ են եղել, թե մինչեւ երբ, հայրը դժվարացավ հիշել․ «Խոսացել ենք մի քանի անգամ․․․ Ջաբրայիլը որ գմփացրին, իմացանք ստեղից–էնտեղից, որ էրեխեքին տարել են Հադրութ՝ բունկեր․․․ Բայց ոչ մի բունկեր էլ չեն տարել, գիտեմ, որ ինչ–որ դպրոց են եղել, էնտեղից էլ հանել, տարել են դիրքեր․․․ Ինքը մեզ ասել է՝ բունկերում ենք, պապ ջան, արխային եղի, ի՞նչ բունկեր, առաջին գիծ են եղել, սաղ սուտ էր․․․ Սպաներից մեկը վիրավորվել է թե խփել են, ուրիշ սպա են բան արել էդ ժամանակ, դա էրեխեքին թողել, փախել է, գնացել, կորել են, մտել են մի տուն, տան մեջ մնացել, ես այլ մանրամասներ չգիտեմ»։ Կատարվածի համար հայրը բոլոր պատասխանատուներին է մեղավոր համարում․ «Սաղ թողել, փախել են, ով կա–չկա, սաղ էլ մեղավոր են, որ էդ էրեխեն ավտոմատ բռնել չգիտեր, բայց գնացել է պոստ, կրակել գիտե՞ր էդ էրեխեն, որ տարել են պոստ, բոլորը մեղավոր են, բոլորը՝ Փաշինյանից բռնած»,– ասաց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Համբարձումյանը Միլենա Խաչիկյան
22:56 - 22 սեպտեմբերի, 2023
Ինչ ընթացակարգով է նորընտիր ավագանին ընտրելու Երեւանի քաղաքապետին

Ինչ ընթացակարգով է նորընտիր ավագանին ընտրելու Երեւանի քաղաքապետին

Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրություններից հետո,  երբ հայտնի են ընտրված 5 քաղաքական ուժերն ու նրանց մանդատների նախնական բաշխվածությունը, հարց է ծագում, թե ինչ ընթացակարգով է կազմակերպվելու քաղաքապետի ընտրությունը։ Վերջինս սահմանված է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Նորընտիր ավագանու առաջին նիստը Ըստ այդմ, քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, որը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Քանի որ նախորդ ավագանին լիազորությունները ստանձնել է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին, ենթադրվում է, որ նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի նույն օրը՝ այս տարվա հոկտեմբերի 10-ին։  Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը: Առաջին նիստն անընդհատ է՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը: Ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին Ըստ Օրենքի՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Տվյալ դեպքում, ըստ ընտրության նախնական արդյունքների, առաջադրված կուսակցություններից ոչ մեկը 50 տոկոսից ավելին չի ստացել, հետեւաբար օրենքի ուժով ընտրված քաղաքապետ առկա չէ։ Այս դեպքում, ըստ Օրենքի, համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Սա, ըստ երեւույթին, այն ճանապարհն է, որով գնալու է Երեւանի նորընտիր ավագանին։ Օրենքը սահմանում է հնարավոր երկու տարբերակ․ երբ առաջադրվել է մեկ թեկնածու, եւ երբ առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Նշենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Դրանից բացի, քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Այսպիսով, եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Երեւանի ավագանին ունի 65 անդամ, այսինքն՝ անհրաժեշտ է, որ այդ մեկ թեկնածուն ստանա նվազագույնը 27 կողմ ձայն եւ միաժամանակ դեմ ձայների թիվը չգերազանցի ստացած կողմ ձայների քանակը։ Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն: Չընտրվելու դեպքում՝ երկրորդ, ապա՝ լրացուցիչ փուլ Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:  Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:  Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, պայմանական ասած՝ երրորդ փուլ, որի ժամանակ քվեաթերթիկում ընդգրկվում են միայն հավասար ձայներ ստացած անձանց: Եթե լրացուցիչ քվեարկության արդյունքում դարձյալ ձայները հավասար են լինում, առավելությունը տրվում է տարիքով ավագին: Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո: Հավելենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ եթե վերը նկարագրված ընթացակարգով առաջին նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրվում է մեկ թեկնածու, որը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը՝ նույն  որոշման հետ միաժամանակ նշանակելով ավագանու արտահերթ ընտրություններ:  Հիշեցնենք, որ երեկ՝ 2023թ․ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի ունեցան ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությանը մասնակցեց 234 հազար 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 28․46%-ը։   Միլենա Խաչիկյան
13:23 - 18 սեպտեմբերի, 2023
47 խոստում, 5 տարի․ ինչ է արել եւ ինչ չի արել «Իմ քայլը» Երեւանում

47 խոստում, 5 տարի․ ինչ է արել եւ ինչ չի արել «Իմ քայլը» Երեւանում

Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Նախորդ ընտրությունները հինգ տարի առաջ էին՝ 2018թ․-ի սեպտեմբերի 23-ին։ Ինչպես այս անգամ, այնպես էլ նախորդ ընտրություններին մասնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միայն թե 2018-ին որպես «Իմ քայլը» դաշինք։ Դաշինքն այդ տարի ներկայացրել էր 47 կետից բաղկացած ծրագիր։ Այդ ծրագիրն այսօր համացանցում որոնմամբ հնարավոր չէ գտնել, ԿԸՀ ներկայացնելու օրենքով սահմանված պահանջ էլ չի եղել, ուստի ԿԸՀ պաշտոնական կայքում այն առկա չէ։ Չնայած այդ օրերին նախընտրական ծրագիրը հրապարկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում, այսօր այնտեղից հեռացված է։ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Դաշինքի՝ ՔՊԿ կայքում զետեղված ծրագիրը, միայն թե այժմ այդ հղումն այլեւս հասանելի չէ։ Ս․թ․ սեպտեմբերի 1-ին Infocom-ը գրավոր հարցում է ուղարկել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցույթուն՝ խնդրելով տրամադրել եւ 2018-ի նախընտրական ծրագիրը եւ առանձին-առանձին ներկայացնել, թե ծրագրի յուրաքանչյուր դրույթի իրականացման ուղղությամբ ինչ քայլեր, ծրագրեր ու գործողություններ են կատարվել 2023թ. օգոստոսի 31-ի դրությամբ, եւ թե որ դրույթի իրականացումն ինչպես է գնահատում ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը (իրականացվել է մասամբ, իրականացվել է ամբողջությամբ, չի իրականացվել)։ Հարցման պատասխանը ստացել ենք միայն սեպտեմբերի 13-ին․ խմբակցությունը տրամադրել է 2018-ի ծրագիրը՝ նշելով, որ հինգ տարիների ընթացքում իրականացրած աշխատանքներին ոլորտ առ ոլորտ անդրադարձ է կատարվել նոր ծրագրում։ Ինչ վերաբերում է ծրագրի դրույթների իրականացման գնահատականին՝ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պատասխանել է, որ ծրագրի իրականացումն «ընդհանուր առմամբ գնահատվում է դրական»։ Infocom-ը ՔՊԿ՝ այս ընտրությունների նախընտրական ծրագրի եւ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների միջոցով փորձել է հասկանալ, թե «Իմ քայլը» դաշինքի՝ 2018թ․ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի որ խոստումը որքանով է իրականություն դարձել հինգ տարիների ընթացքում։ Այս հրապարկման մեջ կարմիրով նշված ենթավերնագրերը նշանակում են, որ ծրագրով նախատեսված տվյալ դրույթը, ըստ էության, չի իրականացվել, կանաչով նշվածը՝ մեծ մասամբ կամ ամբողջությամբ իրականացվել է, դեղինով նշվածը՝ մասամբ է իրականացվել կամ իրականացման փուլում է, մանուշակագույնով նշված են այն դրույթները, որոնց իրականացման մասին գնահատական հնչեցնելու համար տեղեկություններ առկա չեն կամ առկա տեղեկությունները բավարար չեն։ Հարկ է նշել, որ որոշ դրույթների գնահատումն իրականացվել է՝ հիմնվելով բացառապես նախընտրական նոր ծրագրում ներառված տվյալների հիման վրա։ Ըստ մեր դիտարկման՝ 47 կետից բաղկացած ծրագրի 11 խոստումներն իրականություն են դարձել, 11-ը՝ չեն կատարվել, 17-ը՝ մասամբ են իրականացվել, իսկ 8 կետերի իրականացման մասին գնահատական հնչեցնելը բարդ է։ Տեղական հանրաքվեներ չեն անցկացվել Այսպես, 2018թ․-ի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի 1-ին կետն «Իմ քայլը» դաշինքը հատկացրել են ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներից մեկին՝ տեղական հանրաքվեներին՝ նշելով․ «Քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով»: Դժվար է գնահատել՝ թե Դաշինքն ինչ տեսակ հարցերն է համարել հանրային մեծ հնչեցություն ունեցող, բայց փաստն այն է, որ հինգ տարիների ընթացքում որեւէ հարցի շուրջ հանրաքվե չի կազմակերպվել։  Աղբահանության երկրորդ օպերատոր չի ներգրավվել, բայց ստեղծվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը  Ծրագրի 2-րդ կետում նշված է եղել․ «Վերանայել Երեւանի փողոցների մաքրման, աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց եւ թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։  2019թ․ գարնանը Երեւանի ավագանին, հաշվի առնելով, որ «Սանիթեք»-ը ձախողում է ստանձնած պարտավորությունների կատարումը, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցման եւ չեզոքացման, բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով ընդունեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը։ Աղբահանության երկրորդ օպերատոր չընտրվեց։ Երեւանի աղբահանությունն այժմ իրականացնում է «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ Աղբի վերամշակման գործարան չի ստեղծվել Ծրագրի 3-րդ կետով նախատեսված էր ստեղծել աղբի վերամշակման գործարան։ Աղբի վերամշակման գործարան չի ստեղծվել։ 2023թ․ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նշել է, որ «կառուցելու են կենցաղային թափոնների քաղաքային նոր աղբավայր, կոնսերվացնելու են գործող աղբավայրը եւ ստեղծելու են կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ենթակառուցվածք»։ Աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություններն ավելացնելու աշխատանքները շարունակվում են Ծրագրի 4-րդ կետով նախատեսված էր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություն: ՔՊԿ-ն նոր ծրագրում նշել է, որ քաղաքի 140 տարբեր հասցեներում տեղադրվել են աղբի տեսակավորման 420 թափոնաման, ձեռք են բերվել եւս 930 թափոնաման, որոնք կտեղադրվեն մինչեւ տարեվերջ։ Միաժամանակ, նոր ծրագրով նախատեսված է թափոնների տեսակավորման ոլորտում առաջիկա հինգ տարում ավելացնել տեսակավորման կետերը՝ 140-ից հասցնելով առնվազն 300-ի, ավելացնել վերամշակելի թափոնների տեսակը՝ ներառելով ալյումինե թափոնների համար նախատեսված տարաները, աղբի տեսակավորման թափոնամանների թիվը հասցնել 3000-ի։ Միասնական տոմսային համակարգի միայն պիլոտային տարբերկան է ներդրվել 2018-ի ծրագրի 5-րդ կետում նշված էր, որ պետք է արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները: Ուղեւորների հատուկ խմբերի համար ներդնել զեղչային համակարգ:  Ինչպես հայտնի է՝ Երեւանի տրանսպորտային ցանցն արդիականացել է, շարժակազմից դուրս են եկել բոլոր գազելները, սակայն տարիներ առաջ ձեռք բերված ավտոբուսները դեռեւս սպասարկում են քաղաքացիներին։ Ներդրվել է միասնական տոմսային համակարգի միայն  պիլոտային տարբերակը։ ՔՊԿ-ն նոր ծրագրում խոստացել է, որ «մինչեւ 2023թ. ավարտը կունենանք ներդրված միասնական տոմսային համակարգ վերգետնյա եւ ստորգետնյա հասարակական տրանսպորտի համար, կունենանք նաեւ միասնական տոմսի տարբեր տեսակներ։ […] »: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ձգձումներին մեր անդրադարձը՝ այստեղ։ Մինչեւ քանի՞սն է աշխատում քաղաքային տրանսպորտը  2018-ի ծրագրի 6-րդ կետում նշված էր, որ քաղաքային տրանսպորտի հասանելիությունը պետք է ապահովվի առնվազն մինչեւ 24:00: Առանց մշտադիտարկում անելու հստակ տվյալ ներկայացնելը դժվար է, սակայն առնվազն սոցիալական ցանցերում այս հարցի առնչությամբ տարբեր տեսակետներ են հնչում։ Ընթերցողը կարող է սեփական փորձով գնահատել։ Նյութի հեղինակի դիտարկմամբ՝ Նոր Նորքի զանգվածներ գնացող տրանսպորտը հաճախ մինչեւ կեսգիշեր աշխատում է։ Մետրոյի նոր կայարան չի կառուցվել  2018-ի ծրագրի 7-րդ կետով նախատեսվում էր տանսպորտային ցանցի ընդլայման նպատակով կառուցել մետրոյի առնվազն մեկ նոր կայարան: Նոր կայարան չի կառուցվել։ Հայտարարվել է, որ 2024թ․-ին են մեկնարկելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները։ Սա նշված է նաեւ ՔՊԿ նոր ծրագրում։ Ս․թ․ մարտի 2-ին կառավարության նիստում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տեւելու է 48 ամիս` 4 տարի։ Հանրային տրանսպորտի մատչելիությունը՝ հաշմանդամություն ունցեցող անձանց համար 2018-ի ծրագրի 8-րդ կետով սահմանված էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովել տրանսպորտի մատչելիություն եւ տարածական կողմնորոշման հնարավորություն:  Տարածական կողմնորոշման հնարավորության մասին բաց աղբյուրներում տեղեկություններ գտնել հնարավոր չեղավ։ Այս դրույթին անդրադարձ չկա նաեւ նոր ծրագրում։ Միաժամանակ, նոր ծրագրում ՔՊԿ-ն խոստացել է «շարունակել ապահովել հանրային տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող եւ մանկասայլակով անձանց համար, շարունակել իրականացնել հանրային տրանսպորտի վարորդների վերապատրաստման գործընթացը՝ սահմանված ստանդարտների, վարվեցողության կանոնների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող ուղեւորներին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ընթացակարգերի ուղղությամբ»։ Չի մշակվել Երեւանի քաղաքաշինական նոր ռազմավարությունը 2018-ի ծրագրի 9-րդ կետով նախատեսված էր մասնագիտական ու հանրային քննարկումների միջոցով մշակել քաղաքի զարգացման ռազմավարություն (City Development Strategy)։  Երեւան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրում նշված է, որ Երեւանի զարգացման 2023թ․ գերակայություններից է Երեւանի քաղաքաշինական նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը։ Այդ ռազմավարությունը դեռեւս մշակված չէ։ Այս դրույթի իրականացման վերաբերյալ մեր հարցին, ինչպես եւ մյուս հարցերին, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից առանձին պատասխան չի հնչել։ Նոր ծրագրում այս մասին որեւէ նշում չկա։  Ապօրինի շինարարության դեմ պայքար․ ապամոնտաժվում են ապօրինի կառույցները 2018-ի ծրագրի 10-րդ կետով նախատեսված էր ապօրինի շինարարությունը բացառելու նպատակով իրականացնել խիստ վերահսկողություն:  2020թ․-ի դեկտեմբերին, օրինակ, ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քանդվել եւ ապամոնտաժվել են ապօրինի շինություններ։ 2021թ․-ի հունիսին Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:  2021թ․-ի հուլիսին էլ Դալմայի այգիներից էին ապամոնտաժվել ապօրինի շինություններ։ Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը 2018թ․ ծրագրի 11-րդ կետով նշված էր, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար պետք է իրականացվի վերաբնակեցման ծրագիր՝ օգտագործելով սոցիալական բնակարանաշինության ոլորտում «համայնք - մասնավոր սեկտոր» համագործակցության հնարավորությունները։ ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ մշակել եւ արդեն իրականացնում են Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 եւ 17 վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիրը, որով նախատեսվում է բնակիչներին տրամադրել նոր բնակարաններ՝ վթարային շենքերի տեղում կառուցվող նոր բազմաբնակարան շենքերում։  2022թ․ նոյեմբերի 17-ին Կառավարությունն ընդունել էր Արզումանյան 10 եւ 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու առաջին փուլի նախագիծը: Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այդպիսով հայտարարում են 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրների լուծման մեկնարկը: Փողոցների լուսավորման ցանցն ընդլայնվել է  2018-ի ծրագրի 12-րդ կետով նախատեսված էր արեւային էներգիայի եւ էներգախնայող համակարգերի օգտագործմամբ ընդլայնել փողոցների լուսավորման ցանցը։  ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ 2019 թվականից սկսած տեղադրել են շուրջ 30.000 էներգախնայող ԼԵԴ լուսատուներ: Նոր ծրագրով նախատեսվում է կառուցելու արեւային կայաններ, որոնք հնարավորություն կտան օգտագործելու արեւային էներգիան քաղաքի լուսավորության համար:  Հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների ու ենթակառուցվաածքների մատչելիությունը 2018-ի ծրագրի 13-րդ կետով նախատեսված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների մատչելիություն։ ՔՊԿ նոր ծրագրում նշված է միայն, որ Երեւան քաղաքում տեղադրվող վերելակները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բեռնաթափման նպատակով վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ չեն կառուցվել 2018-ի ծրագրի 14-րդ կետով նախատեսված էր երթեւեկության բեռնաթափման նպատակով կառուցել վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ։  Նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա, բաց աղբյուրներում եւս այլ տեղեկություններ առկա չեն։ Ստորգետնյա անցումների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, բայց դժգոհություններ կան 2018թ․ ծրագրի 15-րդ կետով նախատեսված էր բարեկարգել առկա ստորգետնյա անցումները եւ ապահովել դրանց անվտանգությունը։  Նորոգվել էր Հալաբյան եւ Կիեւյան փողոցների խաչմերուկում գտնվող անցումը, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող անցումը, հիմնանորոգվել էր Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց եւ Գ. Նժդեհ փողոցների հատման մասում գտնվող ստորգետնյա անցումը, ապա համայանքային բյուջեից 50 միլիոն դրամ հատկացնելով՝ Երեւանի քաղաքապետարանը հիմնանորոգել էր «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Թեեւ այն շահագործման հանձնելուց հետո համացանցում հանդիպում էին դժգոհություններ, որ հիմնանորոգումն ըստ պատշաճի չի արվել, օրինակ՝ աղակալում են գետնանցման պատերի սալիկները, եւ այլն։ Այս առնչությամբ նոր ծրագրում որեւէ նշում չկա։ Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետությունը չի բարձրացել 2018-ի ծրագրի 16-րդ կետում նշված էր, որ բազմաբնակարանային շենքերի կառավարման եւ սպասարակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներգրավել մասնագիտացված ընկերություններ՝ ոլորտում ապահովելով մրցակցային դաշտ։ Այս մասին ինչպես բաց աղբյուրներում, այնպես էլ նոր ծրագրում անդրադարձ չկա։ Միաժամանակ, նոր ծրագրով նախատեսվում է նախաձեռնել եւ մինչեւ 2025 թվականն ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի կառավարման (համատիրությունների) մասին նոր օրենքի ընդունումը եւ կառավարման արդյունավետ մոդելի ներդնումը։ Վթարային վերելակների փոխարինման գործընթացը շարունակվում է 2018-ի ծրագրի 17-րդ կետով նախատեսված էր վերանորոգել վթարային վերելակները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով:  ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ Երեւան քաղաքում առկա փոխարինման ենթակա թվով 4239 վերելակներից 2023թ. ավարտին փոխարինված կլինի վթարային վիճակում գտնվող շուրջ 1600 վերելակ։  Իրականացվել են բակային տարածքների կահավորման աշխատանքներ 2018-ի ծրագրի 18-րդ կետում նշված էր, որ նախատեսվում է կահավորել բակային տարածքները խաղահրապարակներով եւ մարզասարքերով։ Ստեղծել պայմաններ ակտիվ ժամանցի համար:  Նոր ծրագրում նշված է, որ արդեն վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 315 բակային տարածք, որոնք ներառում են մարզասարքեր, խաղասարքեր՝ ռետինե պաշտպանիչ հատակով, զրուցարաններ, լուսավորության արդիականացում, կառուցել եւ հիմնանորոգել ենք թվով 68 ֆուտբոլի, 7 բասկետբոլի, 6 վոլեյբոլի, 4 թենիսի խաղադաշտեր: Նոր ծրագրով նախատեսվում է կառուցել եւ հիմնանորոգել Երեւանի բոլոր բակերն իրենց ենթակառուցվածքներով:  Դպրոցական ճաշարանների մասին հիշվել է միայն 2018-ի ծրագրում 2018-ի ծրագրի 19-րդ կետում նշված էր, որ նախատեսվում է դպրոցական ճաշարաններում աշակերտների համար սննդի վաճառքը կազմակերպել առողջ ապրելակերպի սկզբունքներով` խստիվ պահպանելով սննդի անվտանգության նորմերը:  ՔՊԿ նոր ծրագրում այս առնչությամբ ոչինչ նշված չէ։ 500 հազար ծառի փոխարեն՝ 30 հազար ծառ եւ 425 հազար թուփ 2018-ի ծրագրի 20-րդ կետով նախատեսված էր տնկել 500,000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։  ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ վերջին տարիներին տնկվել են շուրջ 30 հազար ծառ եւ 425 հազար թուփ: Նույն կետով նախատեսվում էր ստեղծելով ոռոգման համակարգ՝ կանաչապատել «Նորքի անտառները» եւ Սարալանջ փողոցին հարակից տարածքները։ Նորքի անտառում նախատեսված կաթիլային ոռոգման համակարգը չի կառուցվել։ 2020-ից առ այսօր դատական գործի վերաբերյալ չկա ոչ մի որոշում։ 2019-ին կառավարությունը պետք է սկսեր անտառի վերականգման աշխատանքները։ Անտառային կոմիտեն ասում է՝ կորոնավիրուսի համավարակը խանգարեց։ Այժմ չգիտեն ոչ ժամանակացույցը, ոչ էլ թե ինչ աշխատանքներ են կատարվելու։  2020թ․ մարտին Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սարալանջում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում, իսկ օգոստոսին հաղորդել էր, որ ոռոգման համակարգը պատրաստ է, ու շուտով լանջը կծառապատվի: Նույն կետում նշված էր նաեւ, որ ծանր մետաղներով աղտոտված տարածքներում նախատեսվում է տնկել դրանք չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ: Այս առնչությամբ ինչպես բաց աղբյուրներում, այնպես էլ նոր ծրագրում ոչինչ նշված չէ։ Կանաչ տարածքներն ընդլայնվել են 2018թ․ ծրագրի 21-րդ կետով նախատեսված էր բարեկարգել եւ ընդլայնել հանրային կանաչ տարածքները։  Նոր ծրագրում նշված է, որ վերջին շրջանում Երեւան քաղաքում կանաչ տարածքներն ավելացել են շուրջ 33 հեկտարով, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդ՝ 8.5 հա, Սարալանջ՝ 6 հա, Ավան վարչական շրջան՝ 1 հա՝ արդյունքում մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքների մինիմալ մակերեսը 7.7 քմ-ից հասցնելով 8 քմ-ի:  Նշված է նաեւ, որ քաղաքում կանաչ տարածքներ ստեղծելու եւ պահպանելու նպատակով ի սկզբանե իրականացվել են ոռոգման ցանցի գույքագրման աշխատանքներ: Ըստ գույքագրման 8 արդյունքների՝ քաղաքային ոռոգման ցանցի մեծ մասը վատթար վիճակում է եղել: Այնուհետեւ առաջնահերթության կարգով վերականգնել եւ ընդլայնել են ոռոգման ցանցը: Ներկայումս, ըստ ծրագրի, առկա է շուրջ 25 կմ վերանորոգված եւ 35 կմ ընդլայնված ոռոգման ցանց: Նշված է, որ ընդհանուր օգտագործման նոր կանաչ տարածքներ ստեղծելու եւ պահպանելու նպատակով կառուցվել է 2 խորքային հոր Շենգավիթ եւ Նոր Նորք վարչական շրջաններում:  ՔՊԿ նոր ծրագրում կանաչ տարածքների վերաբերյալ մի շարք դրութներ կան։ Բոլոր շատրվանները չեն նորոգվել 2018թ․ ծրագրի 22-րդ կետով նախատեսված էր վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն ու նախաձեռնել նորերի կառուցումը:  2022թ․ մարտին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ այդ տարի նախատեսվում է վերագործարկել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շատրվանները, նույն տարվա սեպտեմբերին հրապարակվել է նյութ, ըստ որի՝ շատրվանները վերանորոգվում են։ Բաց աղբյուրներում, ինչպես նաեւ նոր ծրագրում շատրվանների նորոգման մասին նշում չկա։ Հիվանդ կենդանիները քնեցվում են, առողջ կենդանիները՝ ստերջացվում, պատվաստվում եւ վերադարձվում տարածք 2018թ․ ծրագրի 23-րդ կետով նախատեսված էր թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը:  Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն ՀՈԱԿ-ը, որն իրականացնում է թափառող շների նախնական հետազոտություն, հիվանդ կենդանիների քնեցում, առողջ կենդանիների ստերջացում, պատվաստում եւ վերադարձ տարածք: 2023 թվականի կանոնադրական փոփոխություններից հետո ՀՈԱԿ-ը վերանվանվել է «Կենդանիների խնամքի» կենտրոն ՀՈԱԿ: Նոր ծրագրում, ի թիվս այլնի, նշված է, որ վերջին չորս տարիների ընթացքում հետազոտվել, ստերջացվել, պատվաստվել է շուրջ 15.600 թափառող կենդանի:  Վարչական բոլոր տարածքներում շների զբոսանքի համար վայրեր չեն հատկացվել 2018-ի ծրագրի 24-րդ կետով նախատեսված էր վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր` շների զբոսանքի համար:  2021թ․ սեպտեմբերի 10-ին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո եւ հավատի» այգուն կից կառուցվում է շների համար նախատեսված զբոսայգի։ 2021թ․ նոյեմբերի 15-ին հաղորդվել է, որ շահագործման է հանձնվել Երեւանի Օղակաձեւ զբոսայգու վեցերորդ հատվածը՝ Հանրապետությունում առաջին սքեյթ պարկով եւ շների համար նախատեսված զբոսանքի պարկով: «Կենդանիների խնամքի» կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն էլ infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրի մեկնարկն արդեն տրված է։ Նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա։ Հանրային նշանակության տարածքների մաքրման աշխատանքները չեն ավարտվել 2018-ի ծրագրի 25-րդ կետով նախատեսված էր մաքրել հանրային նշանակության տարածքները, այդ թվում՝ Հրազդանի կիրճը, Երեւանյան լիճը եւ դրա շրջակայքը:  2022-ին Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երեւանյան լճի մաքրման աշխատանքները:  Նոր ծրագրում նշված է, որ իրականացվել են Երեւանյան լճի ափամերձ տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ՝ վերածելով տարածքը հանգստի գոտու, իսկ աղբի հոսքը դեպի Երեւանյան լիճ կանխելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է աղբաորսիչ սարք: Նոր ծրագրում նշված է, որ Երեւանյան լճի ափամերձ տարածքից հեռացվել է շուրջ 9500 խմ աղբ: Նշված է, որ մեկնարկել է նաեւ Հրազդան գետի եւ ափամերձ տարածքի մաքրման աշխատանքները:  Պոլիկլինիկաների վերանորոգման աշխատանքները չեն ավարտվել 2018թ․ ծրագրի 26-րդ կետով նախատեսված էր վերանորոգել պոլիկլինիկաների շենքային եւ բակային տարածքները:  2022թ․ մայիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երեւանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաեւ բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում: Նոր ծրագրում, օրինակ, պոլիկլինիկաների վերաբերյալ նշված է, որ մինչեւ 2023թ. ավարտը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջությամբ հիմնանորոգված եւ վերազինված թվով 5 պոլիկլինիկա, իսկ մինչեւ 2026թ. հիմնանորոգել Երեւանի բոլոր պոլիկլինիկաները: Նշված է, որ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է հիմնանորոգել եւ շահագործման հանձնելու եւս 7 պոլիկլինիկա:  Պոլիկլինիկաներում առցանց հերթագրման համակարգի ներդրումը դեռ ավարտին չի հասցվել 2018թ․ ծրագրի 27-րդ կետով նախատեսված էր պոլիկլինիկաներում ներդնել այցելուների նախնական գրանցման, հերթերի կառավարման եւ սպասարկման որակի բարելավման այլ մեխանիզմներ:  2019թ․ սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երեւանի պոլիկլինիկաներում ներդվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, իսկ դեկտեմբերին հաղորդել է, որ Երեւանի պոլիկլինիկաներ այցն արդեն հնարավոր է առցանց հերթագրմամբ։ ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաները վերազինվել են ժամանակակից թվային նոր սարքավորումներով։ Նշված է, որ մեկնարկել եւ մինչեւ տարեվերջ ավարտին են հասցնելու էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդնումը պոլիկլինիկաներում։  Նոր ծրագրում նշված է, որ իրականացվում է պոլիկլինիկաներում ընթացող բոլոր պրոցեսների թվայնացում, ընթացիկ տարվա ավարտին «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող 19 պոլիկլինիկաներ կլինեն, ինչի արդյունքում կկրճատվի քաղաքացիների կրկնակի այցը պոլիկլինիկա։  Առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակի բարձրացում 2018թ․ ծրագրի 28-րդ կետով նախատեսված էր ներդնել համալիր ծրագրեր՝ առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով: Նոր ծրագրում այս մասին որեւէ նշում չկա։ 2022-ի մայիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երեւանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա, եւ որ տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումը համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Նշվել է, որ տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձեւավորել է հստակ պատկեր: Հաղորդվել է, որ ընթացիկ տարում սահմանված առաջնահերթությունների ուղղություններով տարբեր ծրագրեր կիրականացվեն։ Բնակչության առողջության վրա բացասական ազդեցության գործոնների նվազեցում  2018-ի ծրագրի 29-րդ կետով նախատեսված էր բարելավել շրջակա միջավայրը՝ նվազեցնելով բնակչության առողջության վրա բացասական ազդեցության գործոնները:  Երեւանում փոշու արտանետումների խնդրին բոլորն են բախվում։ Հինգ օր առաջ, օրինակ, Հիդրոօթերեւությաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հաղորդել է, որ գոստոսի 31-սեպտեմբերի 6-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում եւ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։  ՔՊԿ-ն նոր ծրագրում նշել է, որ օդի որակի մշտադիտարկման նպատակով ձեռք ենք բերել հինգ սենսորային սարք, որոնց շնորհիվ արդեն մեկ տարի է, ինչ իրականացվում է ակտիվ եւ արդյունավետ վերահսկողություն օդի որակի կանոնների պահպանման ուղղությամբ։ Նոր ծրագրով նախատեսված է, որ ավելի ընդգրկուն տվյալներ ձեռք բերելու եւ իրավիճակին ճիշտ արձագանքելու նպատակով մինչեւ 2024թ. ավարտը բոլոր վարչական շրջաններում տեղադրվելու են օդի որակի մոնիթորինգի երեքական սենսորային սարք։ Նշված է, որ մշակվելու է կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, որի իրականացմամբ քաղաքը կկատարի իր առջեւ դրված հանձնառությունը եւ մինչեւ 2030 թվականը 30%-ով կկրճատի CO2-ի արտանետումները, ուսումնասիրվելու է շենքշինությունների ճակատային հատվածի մշակման արդյունքում հատուկ ներկերով պատելու եղանակով մթնոլորտում առկա արտանետումների կլանման հնարավորությունը, եւ այլն։ Մանկապարտեզների հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքները շարունակվում են 2018-ի ծրագրի 30-րդ կետում նշված է, որ նախատեսվում է բարելավել նախադպրոցական հաստատությունների շենքային եւ բակային պայմանները: ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 53 մանկապարտեզ, հիմնվել է մեկ նոր մանկապարտեզ Նուբարաշեն վարչական շրջանում: Բոլոր այս մանկապարտեզները, ինչպես նշված է ծրագրում, համալրվել են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան գույքով, սանհանգույցներով, բուժկետերով, խոհանոցային տեխնիկայով: Բարեկարգվել են նաեւ այդ մանկապարտեզների բակային տարածքները: Հհամայնքին է վերադարձրել մեկ մասնավորեցված մանկապարտեզ։  Վերանայել վարձակալությամբ տրված նախադպրոցական շենքերի պայմանագրերը 2018-ի ծրագրի 31-րդ կետով նախատեսված էր քարտեզագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինություններն ու տարածքները։ Վերանայել վարձակալությամբ տրված նախադպրոցական շենքերի պայմանագրերը, եւ հնարավորության դեպքում դրանք կրկին օգտագործել որպես նախադպրոցական հաստատություն: Նախադպրոցական տարիքի երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը բարելավվել է 2018-ի խրագրի 32-րդ կետով նախատեսված էր նախադպրոցական տարիքի երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը դարձնել թափանցիկ եւ հասանելի առցանց տիրույթում:  Նոր ծրագրում նշված է, որ «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմամբ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու նախընտրելի մանկապարտեզի հերթագրումների առկա տվյալներին՝ ապահովելով երեխայի ընդունելության կանխատեսման նվազագույն հնարավորությունը, ինչպես նաեւ գործընթացի թափանցիկությունը՝ էականորեն նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:  Կրթական հաստատությունների ներառականությունը 2018-ի ծրագրի 33-րդ կետով նախատեսված էր ընդլայնել կրթական հաստատությունների մատչելիության եւ ներառականության հնարավորությունները։  ՔՊԿ նոր ծրագրում ներառականության վերաբերյալ նշված է միայն, որ հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում ապագայում բարելավելու են ուսումնական միջավայրը՝ ներդրված եւ գործարկվող համընդհանուր ներառական կրթության շրջանակում՝ բոլոր երեխաների համար ապահովելով հավասար հնարավորություններ եւ կրթության մատչելիություն:  Համայնքային բյուջեից միայն Երեւանի տոնն ու Ամանարոը չեն, որ ֆինանսավորվել են  2018-ի ծրագրի 34-րդ կետով նախատեսված էր համայնքային բյուջեից ֆինանսավորել միայն Երեւանի տոնն ու Ամանորը։ Տնտեսված միջոցներն ուղղել քաղաքային հրատապ հարցերի լուծմանը: ՔՊԿ նոր ծրագրում նման նշում ընդհանրապես չկա։ Բայց Երեւանի քաղաքապետարանը գումար է հատկացրել նաեւ այլ միջոցառումների համար, օրինակ՝ այս տարվա մարտի 30-ին քաղաքապետարանը 7 մլն 700 հազար դրամ արժեցող գնման պայմանագիր է կնքել Արսեն Խնգոյան Ա/Ձ-ի հետ՝ «Ջազի միջազգային օր» եւ «Մայրության եւ գեղեցկության օր» միջոցառումների կազմակերպման համար։ Արվեստ, երաժշտություն, գրադարաններ 2018-ի ծրագրի 35-րդ կետով նախատեսված էր արվեստի եւ երաժշտական դպրոցներում խթանել հասանելիությունն ու ներգրավվածությունը` համապարփակ ծրագրերի ներդրման միջոցով։ Նոր ծրագրում նշված է, որ երաժշտական եւ արվեստի դպրոցները համալրվել են 25 անուն շուրջ 600 նոր երաժշտական գործիքներով եւ պարագաներով։ Հիմնանորոգվել եւ վերազինվել են Հր. Ղափլանյանի անվան եւ Մ. Մկրտչյանի անվան թատրոնները, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։ Արված աշխատանքների մասին ավելի մանրամասն՝ ծրագրում։ Իրականացվել են մի շարք փառատոններ 2018-ի ծրագրի 36-րդ կետով նախատեսված էր խթանել տոնավաճառային եւ փառատոնային մշակույթը` տեղական արտադրողների ու ստեղծագործողների համար:  Նոր ծրագրում նշված է, որ կազմակերպվել է Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնը, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել են «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, «Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի», «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական, Գրքի երեւանյան, Երեւանի միջազգային թատերական փառատոները, եւ այլն: Համայնքային գրադարանների արդիականացում 2018-ի ծրագրի 37-րդ կետով նախատեսված էր բարեկարգել եւ արդիականացնել համայնքային գրադարանները։ Նոր ծրագրում նշված է, որ համայնքապատկան գրադարանների գրքային ֆոնդը համալրվել է 730 անուն շուրջ 20000 նոր գրքերով Մշակութային կենտրոնների ստեղծում 2018-ի ծրագրի 38-րդ կետով նախատեսվում էր ստեղծել մշակութային կենտրոններ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով վարձակալել արվեստանոցներ եւ կազմակերպել ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ։ Նոր ծրագրում նշված է միայն, որ կառուցելու են մշակութային նշանակության կառույցներ։ Երեւանի զբոսաշրջային բրենդի մշակման աշխատանքներին նոր պետք է անդրադառնան 2018-ի ծրագրի 39-րդ կետով նախատեսված էր հանրային բաց քննարկման եւ մրցույթների միջոցով ստեղծել Երեւանի զբոսաշրջային ինքնությունը (brand)։ Նոր ծրագրով նախատեսվում է զբոսաշրջության զարգացման նպատակով իրականացնել Երեւան քաղաքի բրենդի մշակումը։ Պատմական միջավայրը գրավիչ դարձնելու ուղղությամբ արված աշխատանքները 2018-ի ծրագրի 40-րդ կետով նախատեսված էր նախաերեւանյան շրջանից մինչեւ սովետական մոդեռնիզմի նմուշներ պարունակող Շենգավիթի հնավայրը, Էրեբունի ամրոցը, Կարմիր բլուրը եւ Երեւանի պատմական այլ միջավայրերը դարձնել գրավիչ` թեմատիկ զբոսաշրջային այցերի համար: 2019-ի հոկտեմբերին հաղորդվել է, որ Կարմիր բլուրը մաքրվել է շինաղբից, այստեղ նաեւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել։ 2022-ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ երեւանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում եւս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Բացի դրանից՝ հաղորդվել է նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Լուվրի թանգարանի համագործակցության մասին։ Զբոսաշրջային թեմատիկ երթուղիների մշակում 2018-ի ծրագրի 41-րդ կետով նախատեսված էր մշակել եւ ներդնել զբոսաշրջային թեմատիկ երթուղիներ Երեւանի համակողմանի ճանաչման համար:  Նոր ծրագրում նշված է, որ արդիականացվել է «Երեւան Սիթի Տուր» երթուղին: Տուրիզմի խթանման մասով արված եւ խոստացվող քայլերի մասին կարող եք կարդալ նոր ծրագրում։ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգման աշխատանքների առաջին փուլն է ավարտվել 2018-ի ծրագրի 42-րդ կետով նախատեսված էր վերակառուցել եւ արդիականացնել Հաղթանակ զբոսայգին` մասնավոր ընկերությունների ներգրավման միջոցով:  2022-ի հուլիսին Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության ծրագրերով մեկնարկել են Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները: Այս տարվա փետրվարին վերաբացվել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղին, 2022թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության եւ ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ։ Այս տարվա օգոստոսին հաղորդվել է, որ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է: Առաջիկայում կմեկնարկի երկրորդ հատվածի շինարարությունը:  Զուգարանների հասանելիություն 2018-ի ծրագրի 43-րդ կետով նախատեսված էր բացօթյա սրճարանների հետ համագործակցության միջոցով ապահովել զուգարաններից օգտվելու հնարավորություն` զբոսաշրջիկների եւ քաղաքի բնակիչների համար: Բաց հրապարակային աղբյուրներում, ինչպես եւ նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա։ Փողոցային առեւտրի դեմ պայքար 2018-ի ծրագրի 44-րդ կետով նախատեսված էր կանոնակարգել եւ վերահսկել համայնքային սեփականության տարածքներում փողոցային առեւտուրը եւ գործունեության այլ տեսակները:  Նոր ծրագրում նշված է, որ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կա ոչ միայն տուգանելու ապօրինի առեւտուր իրականացնողներին, այլ նաեւ առգրավելու ապօրինի առեւտրի առարկա հանդիսացող ապրանքը, ինչն էականորեն բարձրացրել է պայքարի արդյունավետությունն ապօրինի բացօթյա առեւտրի դեմ։  Նշված է, որ ձեւավորվել են հերթապահ խմբեր, որոնք 24/7 սկզբունքով պայքարում են բացօթյա ապօրինի առեւտրի դեմ։ Միջազգային համագործակցություն 2018-ի ծրագրի 45-րդ կետով նախատեսված էր շարունակել եւ ակտիվացնել միջազգային համագործակցությունը։ Քաղաքային կառավարման արդյունավետ միջազգային փորձը տեղայնացնել եւ ներդնել Երեւանում: 46-րդ կետով՝ ստեղծել Երեւանում իրագործվող միջազգային ծրագրերի համակարգման հարթակ:  Խելացի քաղաք Եւ վերջին՝ 47-րդ կետով նախատեսված էր շարունակել Երեւանի փոխակերպումը «Խելացի քաղաքի» (Smart City)՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ․ ստեղծել միասնական տվյալների բազա, երթեւեկության հոսքերի կառավարում, իրական ժամանակում արտակարգ պատահարների մշտադիտարկում եւ համակարգված որոշումների ընդունում: Նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա։ Նոր ծրագրի տրանսպորտի բաժնում նշված է, որ ստեղծելու են մոնիթորինգային կենտրոն, միասնական տվյալների բազա եւ տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման համակարգ։Հայարփի Բաղդասարյան
14:30 - 16 սեպտեմբերի, 2023
Մոտ 12 000 ՌԴ քաղաքացի կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Մոտ 12 000 ՌԴ քաղաքացի կարող է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Սեպտեմբերի 17-ին Երևանում կանցկացվեն ավագանու ընտրություններ։ Ի տարբերություն Ազգային ժողովի ընտրություններին ավագանու ընտրություններին մասնակցելու համար պարտադիր չէ լինել ՀՀ քաղաքացի։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում՝ մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։  Սեպտեմբերի 7-ի դրությամբ ավագանու առաջիկա ընտրությունների ընտրողների թիվը 824 250 է, որոնցից 14 111-ը ՀՀ քաղաքացիներ չեն։ Ըստ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Երևանում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց գերակշիռ մեծամասնությունը՝ 84%-ը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Շուրջ 3%-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, 2.3%-ը՝ Վրաստանի Հանրապետության, 2%-ը՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիներ։ Եւս 1176 ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են 76 երկրներ, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ից Արգենտինա, Ավստրալիայից Շվեյցարիա, Հնդկաստանից Իրաք և անգամ Սենթ Քիթս և Նևիս։   Լյուսի Մանվելյան
11:31 - 16 սեպտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

Հակառակորդի հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն․ տուժողը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին մարտական  առաջադրանքի մեկնելիս ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊ, հայտնի է որպես Քիմիկների զորամաս) 62-հոգանոց անձնակազմը զրահաբաճկոններ չի ունեցել, համալրված է եղել միայն АКМ տեսակի ինքնաձիգով, սաղավարտներով եւ քնապարկերով։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում երեկ հայտնեց պատերազմի ժամանակ պահեստազորային Արտակ Անդրեասյանը՝ նշելով, որ իրենց ասել են, թե զրահաբաճկոն այդ պահին չկա։ Անդրեասյանը ներկայացել էր դատարան՝ որպես տուժող հարցաքննվելու Քիմիկների զորամասի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակում քննվում են զորամասի 40 զինծառայողների՝ Կովսականի (Զանգելանի) տարածքում շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործի շրջանակում, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են նախկին եւ ներկա 4 զինվորական՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը, 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Տուժողների հարցաքննության մեկնարկից առաջ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներին հորդորեց պահպանել դատական նիստի բնականոն ընթացքը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում դատարանը նրանց նկատմամբ կիրառելու է սանկցիաներ՝ նկատողություն, ապա՝ նիստերի դահլիճից հեռացում։ Նշենք, որ այս գործով նիստերը երբեմն անցնում են լարված մթնոլորտում, զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար նաեւ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դատական նիստերի հաճախակի հետաձգման եւ գործի քննության ձգձգմամբ պատճառով։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ իրենք հրահանգվել են մեկնել «սանրման» աշխատանքների, սակայն ընկել են մարտական գործողությունների մեջ Արտակ Անդրեասյանը 2006-2008 թթ ժամկետային ծառայություն է անցել Մատաղիսում, եղել է գնդացրորդ, 44-օրյա պատերազմին մասնակցել է պահեստազորի կազմով։ Նա պատմեց, որ հոկտեմբերի 1-ին մեկնել է Էջմիածնում գտնվող Քիմիկների զորամաս, այնտեղ մնացել մոտ 10 օր։ Դրանից հետո իրենց տարել են Ագարակ, մի քանի օրից՝ Մեղրի, այնուհետեւ՝ Կապան։ Հենց Կապանում են ստացել Կովսական մեկնելու մարտական առաջադրանքը․ «Գիշերը կամանդիրը (Արսեն Աբգարյանը,-հեղ․) մոտիկացավ, ասաց՝ մեր առաջ առաջադրանք են դրել, որ մոտիկանանք տվյալ տարածքները՝ Զանգելան, ու գյուղերի անուններ ասաց, որ սանրենք, ասաց՝ ով ցանկություն ունի, թող դուրս գա․․․ Լուսադեմ էր, որ զորքը պատրաստ էր, պետք է դուրս գայինք, Անդրանիկ Մակարյանը ժողովի կարգով ասաց՝ պետք է մտնեք, սանրման աշխատանքներ կատարեք, ռազվեդկան աշխատել է, դուք պիտի սանրեք, եթե տներում թաքնված մարդիկ լինեն, դուք ձեր գործողությունները անեք, ու եթե չեմ սխալվում, ասաց՝ մի քանի օրից կմոտիկանան ձեզ, դուք էդտեղից դուրս կգաք»։ Արտակ Անդրեասյանի խոսքով՝ առավոտյան հավաքվել են զորամասի բակում, նստել 3 ավտոբուսների մեջ եւ ճանապարհ ընկել։ Ավտոբուսների առջեւից գնացել է հրամանատար Արսեն Աբգարյանի մեքենան, եղել է նաեւ ուղեկցող մեքենա, որին ինքը «Կիրի հանք» կոչվող տարածքի մոտակայքում է տեսել։  Հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սամսոն Գալստյանը Երբ տուժողը մատնանշեց «Կիրի հանք» տեղանունը, հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ դրա հետ կապված մարտական կոնկրետ առաջադրանք, այդ տեղանքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն կամ քննարկում եղե՞լ է։ Տուժողը բացասական պատասխան տվեց։ Մեղադրողը մի քանի անգամ վերաձեւակերպեց իր հարցը, տուժողի պատասխանը, սակայն, չփոխվեց։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է, որ հրամանատար Արսեն Աբգարյանը իր անձնակազմով բնագիծ զբաղեցնի Արցախի Կովսական քաղաքի մերձակայքում գտնվող «Կիրի հանք» կոչվող տարածքում։ Անձնակազմը, սակայն, «Կիրի հանք» հասնելու նպատակով Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի զինծառայողների հետ բռնվել անհավասար մարտի: Հարցաքննության ընթացքում տուժողն ասաց, որ ճանապարհին՝ մինչեւ «Կիրի հանք» հասնելը, ոստիկաններ նկատել է, սակայն նրանք իրենց չեն կանգնեցրել, որեւէ գործողություն չեն արել։ Ճանապարհին տեղանքի հետ կապված ճշգրտողական գործողություններ էլ ինքը չի նկատել ո՛չ համածառայակիցներից, ո՛չ սպաներից։  Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե իրենց ավտոբուսները ինչու հենց քաղաքի սկզբնամասում կանգնեցին, տուժողը չկարողացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը երրորդ ավտոբուսում է եղել, եւ երբ իրենք հասել են, մյուս երկու ավտոբուսները արդեն այդտեղ կայանած են եղել, ինքն էլ ենթադրել է՝ եթե իջնում են, ուրեմն՝ հասել են։ Ըստ նրա՝ ավտոբուսներից իջնելիս իրավիճակը հանգիստ է եղել․ «Ավտոբուսներից իջնելու պահին, երբ շրջվել ենք դեպի Կապանի կողմ, արդեն տեսանք, որ բլուրի վրա դիրքավորված են, տղաները նկատեցին, որ շուն կա բլուրի վրա, որ շանը իջեցրին, խուճապը գնաց, որ մարդ կա վերեւը․․․ Ու էդ պահից սկսվել է իրենց շարժը․․․ Արսեն Աբգարյանն ասաց՝ թաքնվեք, ու էդ պահին ինքը շոշով վազում էր, դրանից հետո էլ ոչ մեկին չեմ տեսել․․․ էդտեղ թաքնվել ենք, որս որտեղ հասել է, դիրքավորվել է, կրակոցները սկսվել են»,- պատմեց Անդրեասյանը՝ հավելելով, որ իրենց ավտոբուսները դրանից հետո հեռացել են․ ուր՝ ինքը չգիտեր։ Թե մոտավորապես ինչ քանակությամբ է եղել հակառակորդը, տուժողը չկարողացավ ասել, նշեց միայն՝ մարտը տեւել է մոտ 30 րոպե։ Ըստ տուժողի՝ եթե «Կիրի հանք»-ի տեղանքում իջնեին ավտոբուսներից, հնարավոր էր ինչ-որ բան փոխել   Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հարցեր ուղղեց տուժողին․ - Աբգարյանը թաքնվելուց բացի այլ հրաման տվե՞լ է։ - Չեմ տեսել, կարողա առանձին ինչ–որ տեղ․․․ Ասաց՝ դիրքավորվեք, թաքնվեք․․․ - Դիրքավորվելն ի՞նչ է նշանակում եւ ինչո՞վ է տարբերվում թաքնվելուց։ - Դե էդ պահին դիրքավորվել էլի, նույն բանն է, ի՞նչ տարբերություն, թաքնվում ես, որ քո գործողությունն անես։ - Իսկ ասե՞լ է անցեք պաշտպանության։ - Կարողա մի քիչ էն կողմ, կոնկրետ իմ հատվածի վրա ես չեմ լսել։ - Ձեր նախաքննական ցուցմունքը Ձեր ձեռքո՞վ եք գրել։ - Տպել են։ - Տպելուց հետո ընթերցե՞լ եք։ -Այո։ - Աբգարյանը հրաման տվե՞լ է փախչելու, նահանջելու, զենքերը վայր դնելու, դիրքը թողնելու,- հարցրեց պաշտպանը։ - Ինձ՝ չէ,- պատասխանեց տուժողը։ Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Վահան Հովհաննիսյանը Վահան Հովհաննիսյանը հարցրեց՝ տուժողը առհասարակ տեղյա՞կ է, թե ինչ քրեական գործով է եկել հարցաքննության։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չի հետաքրքրվել։ Պաշտպանը ասաց՝ ոչ իրավաբանորեն կներկայացնի, որպեսզի եւս մեկ հարցադրում անի․  - Եկել եք էն գործով, որ օրինակ, Աբգարյանին մեղադրանք է ներկայացվել, որ իր անփույթ գործողությունների հետեւանքով Դուք գերի եք ընկել։ Հիմա հարցս․ ըստ Ձեզ՝ էդ իրավիճակում Արսեն Աբգարյանը կարո՞ղ էր ինչ–որ բան անել իրավիճակը փրկելու համար, որ չի արել,- հարցրեց Հովհաննիսյանը։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ իրենց երթուղին եւ վերջնակետի վայրը ուղեկցողների հետ քննարկելու եւ այդ տեղեկությունը նրանց հասու լինելու հանգամանքը պարզելու փոխարեն Արսեն Աբգարյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, չի իրականացրել ավագ պետի առաջադրած խնդրի ճիշտ պարզաբանում, ընդունված որոշման հաստատակամ կենսագործման ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել, ինչի հետեւանքով ուղեկցողներ Համբարձում Փարամազյանը եւ Արման Նուրիջանյանը ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու հանգամանքը։  - Չեմ կարող ասել, այ, եթե «Կիրի հանք»-ում իջնեինք, կարողա ինչ–որ բան փոխվեր,- պատասխանեց տուժողը։ - Չէ, չեք իջել, էս իրավիճակում։ - Էս իրավիճակում՝ ինձ թվում է՝ չէ, որովհետեւ շրջափակված էինք․ համ գյուղի մեջ լիքը մարդ կար, համ գյուղի դեմից, համ վերեւից գալիս էին մեր կողմ,- պատասխանեց տուժողը։ Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան Պաշտպան Վահան Հովհաննիսյանն ու հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հայտարարեցին, որ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ կան, ուստի միջնորդեցին հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքից համապատասխան հատվածները։ Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց միջնորդությունը։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախաքննական ցուցմունքը տուժողը տվել է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Դրանում նա, մասնավորապես, ասել է․ «Զորամասից մենք մեկնել ենք 3 դեղին ավտոբուսներով, մոտ 60 անձնակազմով, մեր խմբի ղեկավարը հանդիսացել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, ավտոբուսների դիմացով երթեւեկել է Միցուբիշի մակնիշի ավտոմեքենա, որն ուղեկցել է մեզ, եւ ցույց տվել ճանապարհը, այդ մեքենայի վարորդը Արման անունով տղա էր։ Ըստ իմ տեղեկությունների՝ մենք պետք է գնայինք «Կիրի հանք»-ի մոտ, սակայն չգիտեմ ինչպես է ստացվել, որ «Կիրի հանք»-ի մոտ չենք կանգնել ու անցել ենք այն՝ մտնելով գյուղի մոտ։ Հասնելով Զանգելանի շրջանի գյուղ, որի անունը չեմ հիշում՝ մեքենաներից իջել ենք՝ դիմացը նկատելով հակառակորդի զորքի մեծ քանակությամբ անձնակազմ, ովքեր, մեզ տեսնելով, սկսել են կրակ արձակել մեր ուղղությամբ․․․ Կրակոցների ընթացքում Աբգարյանը մեզ հրաման տվեց դիրքավորվել եւ անցնել պաշտպանության, միաժամանակ ասաց, որ թաքնվենք անտառում կամ թմբերի տակ»։ Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց՝ ճի՞շտ է հրապարակվածը, նախքան ստորագրելը ինքն այն ընթերցե՞լ էր, ինչին տուժողը դրական պատասխանեց՝ պնդելով նախաքննության ժամանակ իր հայտնած տեղեկությունները, հավելեց՝ հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում, ամեն ինչ ամեն պահի չի հիշում։ Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ կատարված իրադարձություններից հետո ինքն ի վերջո ի՞նչ հետեւության է հանգել, ինչին ի պատասխան տուժողն ասաց, որ ինքը հետեւություն չունի։ Ըստ տուժողի՝ հարձակումից հետո ինչ-որ մեկը հայերենով ասել է․ «Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք», ապա սկսել է խոսել ադրբեջաներեն Շարունակելով իր ցուցմունքը՝ Արտակ Անդրեասյանը պատմեց, որ հարձակումից հետո, երբ տեսել են, որ BMP-ն է իրենց մոտենում, ինքն ու մեկ համածառայակից գնացել են գյուղի 2-րդ փողոցի կողմ․ «2-րդ փողոցից 2 հոգով մտել ենք մի հատ փոքր շինության մեջ, որովհետեւ դիմացից մարդ էր գալիս, եկել, հարձակվել են մեր վրա, 3 հատ գրանատ են գցել, էդտեղ ստացել ենք վիրավորում»։ Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Ամրամ Մակինյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը - Դուք նռնակ երբեւէ տեսե՞լ եք,- հարցրեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ - Այո։ - Նետե՞լ եք։ - Չէ, զորամասում ուսումնական է եղել։ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ հեռավորությունից է հնարավոր գցել, որ հասնի նշանակակետին։ - Մոտիկ պատուհանից գցել են ներս։ - 3 նռնա՞կ։ - Այո, 3 տարբեր պահերի։ - Շինությունը ի՞նչ չափերի էր։ - Մոտ 1–ը 3–ի վրա։ - 1-ը 3-ի վրա տարածությունը Դուք պատկերացնո՞ւմ եք։ - Պատկերացնում եմ։ - Իսկ որ նռնակը գցեն 1-ը 3-ի վրա տարածքի մեջ, Ձեր կարծիքով ի՞նչ հետեւանք կարող էր լինել։ - Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Աստված կարող է մարդուն նենց պահել, որ․․․ Ամենաուժեղ զենքն էլ իրեն պահի․․․- պատասխանեց տուժողը։ Դրանից հետո, ըստ նրա, իր համածառայակիցը փորձել է դուրս գալ, պանելների արանքով հեռանալ, սակայն նկատվել է թշնամու կողմից եւ սպանվել։ Ինքը տեղափոխվել է, գնացել 2-րդ եւ 3-րդ փողոցների արանքը․ «Մոշերի մեջ դիրքավորված եմ եղել, վիրավոր եմ եղել, լսել եմ, որ վիլիս է մոտենում, դրա միջից ոնց որ մարդ իջավ, թե չիջավ, չտեսա, լսեցի, որ դուռը բացվեց, մարդ մոտիկացավ, հայերեն խոսում էր, բայց չէի հասկանում, հետո լսում  էի, որ ասում էր՝ Կամո՛, Կամո՛, դիմավորել ենք, ոնց պայմանավորվել ենք, դրանից հետո սկսում են Ադրբեջանի լեզվով խոսել, հետո վիլիսը շարժվում, գնում է»։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց՝ այդ ձայնը իր համածառայակիցներից կամ սպաներից որեւէ մեկի ձայնին ինքը նմանեցրե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխանեց։  Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրն էլ՝ Անահիտ Ադոյանը, ասաց․  - Այսինքն՝ դու քո թաքնված տեղից հասկացել ես, որ տղերքին փուռն են տվել, պատրաստակամ տարել հանձնել են։ - էդ ա դուրս գալիս,- պատասխանեց տուժողը։ - Դուրս չի գալիս, տենց ա,- ասաց Ադոյանը։ Տուժողը 20 օր միայնակ թաքնվել է, ապա՝ հայտնաբերվել եւ գերեվարվել Անդրեասյանը պատմեց, որ այդ դեպքից հետո եւս 3 օր ինքը միայնակ մնացել է փողոցին մոտ՝ մոշերի մեջ թաքնված, ապա 17 օր՝ գյուղի մեջ, որից հետո հայտնաբերվել է տներից մեկում ու գերեվարվել․  «Անընդհատ նայել եմ չորս բոլորս, եղել է պահ, որ ուզել եմ դուրս գալ, ու ինչ–որ բան չի թողել էդ ճանապարհը շարունակել, գիշերը էդտեղ սկսել են կրակոցներ․․․ Ու եղել է մի պահ, որ մեր տղաներից ահագին մարդու հանել, տարել են, մեքենա մոտեցավ, մի հոգի դուրս եկավ, հայերենով ասաց՝ տղե՛րք, դուրս եկեք՝ հանձնվենք, Կարմիր Խաչը մեզ հետ կտանի, մի քանի անգամ կրկնեց, ահագին մարդ դուրս եկավ, մի մեքենա մոտեցավ՝ «Կամազ» կամ «Ուրալ», մեծ մեքենա, ու իրենց շարժից ես հասկանում էի, որ իրենց մտցնում են էդ մեքենայի մեջ, ու էդ տղաներին տարել են»։ Անահիտ Ադոյանը հետաքրքրվեց՝ այդ խոսող մարդը հա՞յ էր թե՞ ադրբեջանցի, սակայն տուժողը չգիտեր, ասաց՝ ոչ մեկին չի նմանեցրել նրա ձայնը։ Անդրեասյանը, թեեւ ունեցել է ջոկի հրամանատար, սակայն նրա անունը չհիշեց, ասաց՝ ինքը միայն Արսեն Աբգարյանին է տեսել ու նրա հրամանները լսել։ Անահիտ Ադոյանը փորձեց նաեւ հասկանալ, թե տուժողն ինչպես է առանց իր ջոկի հրամանատարի գործել․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները - Դու առանց ջոկի հրամանատար ո՞ւր էիր գնում, բա չասացի՞ր՝ իմ հրամանատարն ուր է։ - Դե ջոկի կեսը մեր հետ է եղել, կեսը՝ չէ։ - Բայց դու ասում ես՝ քո ջոկի հրամանատարը ձեզ հետ եկել է։ - Հա, ես իրեն չեմ տեսել էդ պահին, կամանդիրներից մենակ Արսենին եմ տեսել։ - Հիմա ո՞ւր է քո ջոկի հրամանատարը՝ փախած, հրաշքով փրկված դասալիքների մե՞ջ է, թե՞ անհետ կորած է թե՞ զոհված։ - Չեմ հետաքրքրվել։ - Բա դու ինչո՞վ ես հետաքրքրվել։ - Ինձ ընդհանրապես հետաքրքրիր չէ էդ ամենը։ - Բա դու գիտե՞ս, որ քո ապրելն էլ մեզ հետաքրքիր չէ,- բղավեց տուժողի իրավահաջորդը։  Դահլիճում իրավիճակը լարվեց, նիստն ընդմիջվեց։ Ավելի ուշ տուժողին հարցեր հղեց նաեւ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հետաքրքրվելով, թե նա ռադիոկապի մասին պատկերացում ունի՞, «Կամո՛, Կամո՛» ասողը ի՞նչ հեռավորության վրա կարող էր խոսել։ Տուժողը, սակայն, չկարողացավ պատասխանել, ասաց՝ ռադիոկապից երբեւէ չի օգտվել: Նա չկարողացավ նաեւ հստակեցնել, թե արձակելով մենահատ կրակոցներ եւ կրակահերթեր՝ իր ինքնաձիգի 4 պահեստատուփերը ինչ ժամանակում է սպառել։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց տուժողի որոշ խոսքերի առնչությամբ, միաժամանակ նիստի վերջում հետաքրքրվեց՝ նա որեւէ մեկից բողոք, դժգոհություն կամ պահանջ ունի՞։ - Չէ, ես բոլորին էլ ասել եմ՝ Աստծո կողմից են դատաստան ստանալու, ով էդ պահին կարող էր մեզ օգնել, բայց չի օգնել, ով ուզում է՝ լինի,- պատասխանեց Արտակ Անդրեասյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Սարգիս Դադոյանը, տուժող Արտակ Անդրեասյանը Միլենա Խաչիկյան
18:20 - 13 սեպտեմբերի, 2023
Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը

Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը

Մոտ 3000 երիտասարդ աստղեր միասին կազմում են Բազումք ցրված աստղակույտը։ Գիշերային երկնքում անզեն աչքով էլ կարող եք տեսնել Բազումքը, իսկ ավելի կոնկրետ՝ նրա կենտրոնական մասի պայծառագույն աստղերը։ Բազումքը Հայաստանի երկնքից / լուսանկարը՝ Տիգրան Արզումանյանի / Երեք տարի առաջ, երբ Ավետիք Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Շահվերդյանը և Վաչիկ Խաչատրյանը որոշեցին Հայաստանում տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնել, նրանք ուզում էին այնպիսի անվանում ընտրել իրենց լաբորատորիայի համար, որը կապ կունենա տիեզերքի հետ, կլինի հայկական և կխորհրդանշի բազում անդամներով համատեղ աշխատելու գաղափարը։ Տարբերակները շատ էին, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ «Բազումք»-ի վրա։ Այս ամենի հիմքը դրվել էր դեռ 35 տարի առաջ՝ 1988-ին, երբ մասնագիտությամբ աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանը հիմնեց ԱՅԱՍ տիեզերագիտական խմբակն ու սկսեց դպրոցականներին օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն սովորեցնել։ ԱՅԱՍ տիեզերագիտական խմբակը / լուսանկարը՝ Ավետիք Գրիգորյանի արխիվից / Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Շահվերդյանն ու Վաչիկ Խաչատրյանն էլ ժամանակին ԱՅԱՍ-ի սաներ են եղել։ Տիեզերական խմբակը գործում է մինչև օրս ու շարունակում կրթել աշակերտներին, բայց բացի կրթությունից՝ անհրաժեշտ էր նաև Հայաստանում տիեզերական հետազոտությունների ուղղությունը զարգացնել ու դրան նոր շունչ հաղորդել։ Հենց այդ նպատակով էլ հիմնադրվեց «Բազումք»-ը։    «Կիսատիեզերական» առաքելությունը 2021-ին «Բազումք»-ում, ինչպես իրենք են ասում, երկու «կիսատիեզերական» առաքելություն իրականացրին։ Վաչիկ Խաչատրյանը պատմում է, որ դրամաշնորհ ստացան, իրենք էլ ներդրումներ արեցին ու երկու անգամ իրենց մշակած բարձր մթնոլորտային հարթակը օդապարիկով թռցրին ստրատոսֆերա՝ մինչև 30 կմ բարձրություն (ստրատոսֆերան Երկրի մակերևույթին հարող մթնոլորտային շերտին՝ տրոպոսֆերային հաջորդող շերտն է՝ 18-50 կմ բարձրությունների տիրույթում)։ «Կիսատիեզերական» առաքելությունը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Ստրատոսֆերային թռիչքներից հետո արդեն հաջորդ լուրջ քայլն արբանյակն էր։ Վաղուց այդ մտքերը եղել են, խմբեր ձևավորվել են, աշխատանքներ արվել են այդ ուղղությամբ, բայց հետո առաջ չի գնացել։ Վերջապես սկսեցինք համագործակցել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի հետ, երկուստեք լավ թիմ կազմեցինք ու, միավորելով այդ թիմերը, արբանյակի պրոյեկտը լուրջ հիմքերի վրա դրեցինք: Այս թիմն արդեն պետք է հաջողեր, որովհետև թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսների առումով միավորվեցին ուժերը, ու կարողացանք այդ ամենն իրականություն դարձնել»,- ասում է Վաչիկը։   Տիեզերական գաղափարը միավորում է Մասիս Կումրիգյանը 20 տարի աշխատել է տիեզերական ոլորտում, զբաղվել արբանյակների նախագծման, պատրաստման, փորձարկման աշխատանքներով։ Մասիսը պատմում է՝ երբ երկու տարի առաջ ընտանիքով տեղափոխվեց Հայաստան, ցանկանում էր այստեղ այնպիսի գործունեություն ծավալել, որը կառնչվի իր ոլորտին։ Նա այդ ժամանակ հետքրքրված էր՝ արդյոք Հայաստանում արբանյակներ պատրաստելու կարողություններ կա՞ն, թե՞ ոչ։ Մասիսը Մասիսն արդեն «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամում էր աշխատում, երբ իմացավ «Բազումք»-ի մասին։ Հիմնադրամի հիմքերը դրվել էին դեռ յոթ տարի առաջ։ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ սփյուռքահայ գիտնականների մոտ միտք հղացավ Հայաստանում զարգացնելու օդային ռոբոտաշինությունը։ Մոտ երկու տարվա աշխատանքից հետո՝ 2018-ին, նրանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ ստեղծեցին Օդային ռոբոտաշինության լաբորատորիան։ Արդեն 2020-ի պատերազմից հետո թիմը հասկացավ, որ պետք է աշխատանքներն ավելի ինտեսիվ դարձնել, և  2021-ին ստեղծվեց  «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ը (Center for Scientific Innovation and Education, այսուհետ՝ CSIE)։ CSIE-ն նպատակ ունի Հայաստանում հիմնելու Ավտոմատացման գերազանցության կենտրոն, ինչպես նաև, օգտագործելով գիտնականների միջազգային ցանցը, կառուցելու Հայկական ռոբոտաշինության համաշխարհային կենտրոն։ Հիմնադրամն այժմ իր առջև խնդիր է դրել գիտնականներին և ուսանողներին սովորեցնել, թե ինչպես ձևակերպել առաջադեմ հետազոտական խնդիրներ և ունենալ մրցակցային մտածելակերպ։ «Բազումք»-ի և CSIE-ի թիմերը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / 2021-ի ընթացքում CSIE-ն և «Բազումք»-ը քննարկումներ ունեցան ու հանգեցին այն գաղափարին, որ պիտի միասին ստանձնեն Հայաստանում սեփական ուժերով արբանյակ ստեղծելու առաքելությունը։ Հենց այսպես էլ սկսվեց Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի պատմությունը։ Ինչու են արբանյակները կարևոր Արբանյակն օբյեկտ է, որը պտտվում է ավելի մեծ մարմնի շուրջը։ Երկիր մոլորակն, օրինակ, Արևի արբանյակն է, քանի որ պտտվում է նրա շուրջը, իսկ Լուսինը Երկրի արբանյակն է։ Սրանք բնական արբանյակներ են, բայց լինում են նաև արհեստական արբանյակներ՝ մարդկանց կողմից ստեղծված սարքեր, որոնք բաց են թողնվում տիեզերք ու պտտվում Երկրի կամ տիեզերական այլ մարմնի շուրջը։ 1950-ականներին, երբ ընթանում էր «տիեզերքը նվաճելու համար» մրցավազքը, Խորհրդային Միությունն առաջինն էր, որ 1957-ին տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը՝ «Սպուտնիկ-1»-ը։ Շատ չանցած՝ 1958-ին, Միացյալ Նահանգները ևս տիեզերք ուղարկեց իր արբանյակը։ Իսկ արդեն 1959-ին ամերիկյան Explorer 6-ից ստացվեց Երկիր մոլորակի առաջին արբանյակային լուսանկարը։ Արբանյակներն օգտագործվում են ամենատարբեր նպատակներով՝ կապ ապահվելու, Երկրի ջրային, ցամաքային ռեսուրսները վերահսկելու, տիեզերքն ուսումնասիրելու համար և ոչ միայն։ «Այս դարն առանց արբանյակների երևի թե անհնար կլիներ․ նավավարական արբանյակային համակարգերը (GPS), որ մենք ամբողջ օրն օգտագործում ենք տեղից տեղ գնալիս, կապի համակարգերը, Երկրի հեռազննումը, եղանակի տեսությունը՝ դրանք բոլորն արբանյակային տեխնոլոգիաներ են ու գնալով զարգանում են։ Հիմա ոչ թե ստեղծվում են մեկ-երկու արբանյակներ, այլ ստեղծվում են արբանյակների խմբավորումներ, որ անընդհատ կարողանան նույն տարածքը վերահսկել և կապով ապահովել։ Իլոն Մասկը հիմա Starlink-ի (SpaceX ընկերության ստեղծած արբանյակային խմբավորում,- խմբ․) պրոյեկտով ամբողջ աշխարհին ուզում է գլոբալ ինտերնետով ապհովել»,- ասում է Վաչիկը։  Իսկ ինչո՞ւ է Հայաստանի նման երկրին անհրաժեշտ սեփական արբանյակ ունենալ։ Այս հարցին պատասխանելիս Վաչիկը մեջբերում է Մասիսին․ «Հայաստանը բոլոր կողմերից շրջափակված է, վերևը բաց է»։ Վաչիկը «Այն ռեսուրսը, որ մենք ունենք վերևում, պետք է օգտագործել։ Պետք է օգտագործել այն նպատակով, որ մենք ունենանք մեր անվտանգ կապը հետագայում, արագ, ավելի օպերատիվ տվյալներ ստանանք վերևից, մեր ռեսուրսները ճիշտ մոնիտորինգ անենք՝ թե՛ ջրային, թե՛ ցամաքային, գյուղատնտեսական, թե՛ սահմանային մոնիտորինգ անենք՝ ավելի օպերատիվ տվյալներ ունենալու համար»,- ասում է Վաչիկը։ Բայց այս ամենն ունենալու և, առհասարակ, տիեզերական հետազոտությունները Հայաստանում զարգացնելու համար նախևառաջ համագործակցությունների ու փորձի փոխանակման կարիք կա։   «Քանի որ տիեզերքը բարդ ոլորտ է, այդտեղ տեխնոլոգիաներն ահագին զարգացած են, բարդ են, ու ոչ բոլորին է հասանելի այդ գիտելիքը․ դու պետք է այդ ոլորտի մեջ լինես, որոշակի ներուժ դրսևորես, նոր քեզ հետ մարդիկ ուզենան համագործակցել, գիտելիք փոխանցվի այստեղ։ Իսկ այդ գիտելիքը հետագայում ամբողջ ինդուստրիայի վրա է ազդում։ Կապերը, որոնք մենք ունենք արտասահմանում, ունենք հայրենակիցներ, որոնք աշխատում են այդ ոլորտներում և ունեն գիտելիք, եթե մենք նրանց հետ չհամագործակցենք, նրանց գիտելիքը մեզ չի օգնի»,- ասում է Վաչիկը։ Մասիսն էլ փաստում է՝ այս ոլորտում ամենակարևոր բաներից մեկն է համագործակցել նրանց հետ, ովքեր փորձ ունեն․ «Մենք բոլորս գիտենք, որ Իլոն Մասկը SpaceX-ը ստեղծեց և ամեն ինչ փոխեց, բայց ինքն էլ մենակը չէր կարա անել, ինքն էլ արդէն ուրիշի հիմքի վրայ է հիմնվում, ինքը NASA-ի հետ էր համագործում տարիներով, որովհետև 10 տարի առաջ ինքը հրթիռ չէր տեսած, հիմա ամենալավ հրթիռներ է սարքում։ NASA-ի հետ համագործեր էր, հիմք տուին իրեն, դրա վրայ նորարարություն ավելացուց ու համագործակցելով մի լավ բան ստացավ։ Մենք ալ նոյն բանը փորձում ենք անել, այսինքն՝ փորձը բերել, միացնել մարդոց, որ մասնագետներ են, և այդ ամենը միավորելով՝ անենք մի բան, որ Հայաստանի համար լավ արդիւնք բերե»։   Մեկը՝ երկրի վրա, մյուսը՝ տիեզերքում Որևէ արբանյակ ստեղծելուց առաջ պետք է նախ թեստային նմուշ պատրաստել, բոլոր փորձերն ու հաշվարկները դրա վրա իրականացնել, հետո այդ ամենը պրոյեկտել իրական արբանյակի վրա։ Առաջինը երկրային նմուշն է, երկրորդը՝ թռիչքային։  «Երկրային նմուշի վրա մշակվում են ծրագրերը, համակարգերը, այդ բոլորը փորձարկվում է, ինտեգրվում է և միասնական ստուգվում։ Հետո, երբ որ այդ փուլերով ամբողջական անցանք, ֆիքսում ենք, թե վերջնական աշխատող բաները որոնք են, ֆիքսում ենք, որ համակարգը ճիշտ է աշխատում, նոր դրանից հետո իրական թռիչքային նմուշն ենք բացում, տուփերից հանում, սկսում դրա մեջ ներբեռնել այդ ծրագրերը, տալ անհրաժեշտ միացումները։ Ու վերջ, այն դառնում է պատրաստի աշխատող համակարգ։ Աշխատում ենք շատ փորձեր չանել թռիչքային մոդուլի վրա»,- ասում է Վաչիկը։ Ավետիք Գրիգորյանն էլ հավելում է, որ երբ արբանյակն արդեն շահագործելիս լինեն, որևէ խնդիր առաջանա, և իրենք լուծումներ մտածեն, առաջինը փորձարկելու են երկրային նմուշի վրա․ եթե ամեն բան հաջող անցավ, նոր այդ լուծումը կկիրառեն թռչող արբանյակի համար։ «Բազումք» լաբորատորիան / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Բազումք»-ի և CSIE-ի՝ ավելի քան 10 հոգուց կազմված թիմը Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայում, մի տարի աշխատեց երկրային նմուշի վրա, այնուհետև սկսվեցին թռիչքային նմուշի հետ աշխատանքները։ Քանի որ ամեն բան փորձարկված ու հաշվարված էր, թռիչքային նմուշի հավաքումը տևեց մոտ մեկ ամիս։ Թռիչքային նմուշի հետ աշխատանքների համար պահանջվում են հատուկ պայմաններ․ արբանյակը պիտի հավաքվի մաքուր սենյակում։ Մաքուր սենյակը հատուկ լաբորատորիա է, որտեղ փոշու կոնցենտրացիան կառավարելի է, իսկ կառավարելիության աստիճանը կախված է նրանից, թե ինչ դասի մաքուր սենյակի մասին է խոսքը։ Երբ, օրինակ, ասում են 1000 դասի մաքուր սենյակ, նշանակում է, որ այդ սենյակի յուրաքանչյուր 1 ոտնաչափ խորանարդում 0,5 միկրոմետրից մեծ փոշեհատիկների թիվը չպետք է գերազանցի 1000-ը։ «Արբանյակի վրա կան զգայուն սարքեր, արևային վահանակներ, որոնք տիեզերքում պետք է աշխատեն, որ էլեկտրական հոսանք գեներացնեն, և դրանք պետք է մաքուր լինեն՝ փոշեհատիկներից զերծ, որպեսզի անխափան աշխատեն։ Հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար այդ ամեն ինչն արվում է մաքուր սենյակում»,- ասում է Վաչիկը։ Աշխատանքները մաքուր սենյակում Հենց այդ պատճառով էլ թիմը թռիչքային նմուշի հավաքման աշխատանքներն իրականացրեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մաքուր սենյակում։  «Հայասաթ-1»-ի առանձին բաղադրիչները՝  ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք էին բերվել արդեն պատրաստի վիճակում։ Այստեղ՝ Հայաստանում, իրականացվեց այդ բոլոր համակարգերի ինտեգրացիան։ Սա մանրակրկիտ ու բարդ աշխատանք է․ պետք է իրականացնել հաշվարկներ, վերլուծություններ, ծրագրավորում, և այդ ամենը պիտի այնքան ճշգրիտ լինի, որ բոլոր համակարգերը միասին անխափան աշխատեն։   Փոքր քայլ՝ մեծ քայլերին ընդառաջ «Հայասաթ-1»-ը CubeSat տեսակի արբանյակ է։ Այս անունը ծագում է անգլերեն cube (խորանարդ) և satellite (արբանյակ) բառերից: CubeSat արբանյակները փոքր չափերի պատճառով երբեմն կոչվում են նանոարբանյակներ։ «Հայասաթ-1»-ը մեկ միավորանոց արբանյակ է, այսինքն՝ խորանարդ է, որի բոլոր կողմերը 10 սանտիմետր են։ Վաչիկն ասում է՝ CubeSat ձևաչափի արբանյակն ամենահարմար տարբերակն էր սկսելու համար։ «Քանի որ այս ոլորտում մենք մեր առաջին քայլերն ենք իրականացնում, պետք է սկսել պարզից․ չի կարելի այդ քայլը բաց թողնել, միանգամից բարդ համակարգերի վրա աշխատել։ Դա կարող է անարդյունավետ լինել, որովհետև դու խնդիրները ռեալ չես պատկերացնում, նաև կարող է բերել ավելի ծախսատարության»,- ասում է նա։ «Հայասաթ-1»-ը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / Մասիսն էլ հավելում է, որ այստեղ հարցը ոչ այնքան արբանյակի բարդության աստիճանն է, որքան այն, թե ինչ էր հնարավոր անել եղած ֆինանսական ռեսուրսներով․ «Ամէնահեշտ արբանյակն է, բայց ամէնադժուար քայլն է, հետո արդէն հաջորդը ավելի հեշտ կլինի մեր համար, որովհետև հիմք ունենք»։ «Հայասաթ-1»-ը կոնկրետ նշանակության արբանյակ չէ․ սարքը տեխնոլոգիական դեմոնստրացիա է, և նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան արբանյակ ստեղծելու հնարավորություններ ու կարողություններ։    Արբանյակի հետ կապը Երբ «Հայասաթ-1»-ն արդեն տիեզերքում լինի, այն յուրքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու։ Արբանյակի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ունենալ վերգետնյա կայանք և անտենաների կամ ալեհավաքների միջոցով ինֆորմացիա ստանալ ու անհրաժեշտության դեպքում հրահանգներ հաղորդել դրան։ «Պիտի հասցնես իր հետ կապ հաստատել, տվյալներ վերցնել, հրամաններ տալ, իմանալ տվյալներ իր «առողջական» վիճակի մասին, սենսորների գրանցումներով պարզել, թե որ համակարգն ինչ վիճակում է»,- ասում է Վաչիկը։ Այս նախագծի շրջանակում Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայի տարածքում, վերգետնյա կայանք է կառուցվել, որի միջոցով ապահովվելու է կապն արբանյակի հետ։ Իհարկե, բացի «Հայասաթ-1»-ի մասին գաղտնագրված տվյալներից, որոնք հասանելի են լինելու միայն թիմին, կան տվյալներ, որոնք հասանելի են լինելու բոլորին։ Զովունու վերգետնյա կայանքը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Ցանկացած մարդ, որ կարող է օգտվել սիրողական տիրույթի ռադիոալիքներից, կարող է այդ տվյալներն ընդունել ու տեսնել, թե իրավիճակն ինչպես է։ Մենք էլ, օրինակ, մեր վերգետնյա կայանքով կարողանում ենք ուրիշ արբանյակից տվյալ ստանալ»,- ասում է Վաչիկը։ Մասիսն էլ հավելում է՝ երբ արբանյակը տեղ հասնի, ստուգեն ու տեսնեն, որ ամեն բան կարգին է, կասեն այն հաճախականությունը, որով կարելի է ստանալ արբանյակի մասին բաց տվյալները։ Բացի «Հայասաթ-1»-ի հետ աշխատանքներից՝ Զովունու վերգետնյա կայանքը հետագայում օգտագործվելու է նաև տարբեր համագործակցությունների ժամանակ։ Այս պահին, օրինակ, Ֆրանսիական Վերսալի համալսարանի հետ քննարկումներ են ընթանում, և հնարավոր է՝ հետագայում Զովունու կայանքի միջոցով նրանց արբանյակից տվյալներ ընդունվեն ու փոխանցվեն նրանց։   Օգտակար բեռը Օգտակար բեռ (անգլերեն՝ payload) հասկացությունն ի սկզբանե օգտագործվում էր նավագնացության մեջ․ այսպես էին կոչվում այն բեռները, որոնք եկամուտ էին բերում նավերին։ Տիեզերական ոլորտում օգտակար բեռ են համարվում այն սարքերը, որոնք տարբեր առաքելությունների ժամանակ տիեզերական սարքի աշխատանքի և նրա ստացած տվյալների մասին տեղեկություններ են ուղարկում Երկիր։ «Բազումք»-ն ու CSIE-ն որոշեցին իրենց նախագծի շրջանակում պատրաստել ու «Հայասաթ-1»-ի հետ տիեզերք ուղարկել նաև օգտակար բեռ։ «Օգտակար բեռը ներառում է արբանյակի կողմնորոշման փոփոխություները չափող սարք, իսկ համադրելով նրա և որոշ այլ տվիչների ցուցմունքները՝ նաև թույլ է տալիս մոտավոր որոշել հենց կողմնորոշումը տարածության մեջ։ Մենք արբանյակի ուղեծիրը չենք կարողանում փոխել, շարժիչ չունի, բայց թե տիեզերքում ինչ կողմնորոշում ունի, կարելի է պատկերացնել այդ սարքի օգնությամբ»,- ասում է Վաչիկը։ Մասիսը կարևորում է այն հանգամանքը, որ սարքի ստեղծումը՝ նախագծումից մինչև հավաքում ու փորձարկում, ամբողջությամբ իրականացվել է Հայաստանում։ Ավետիք Գրիգորյանը Ավետիք Գրիգորյանն էլ ասում է՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի սարքը տիեզերքի ծանր պայմաններում և արդյոք ճիշտ չափումներ կանի՞․ «Իր արդյունքները համեմատելու ենք արբանյակի ստանդարտ մասում եղած նմանատիպ սարքի ցուցմունքների հետ, համոզվենք՝ ինքն իրեն արդարացրե՞ց տիեզերքում, որովհետև անմիջապես տիեզերքում ուղեծրային թռիչքի ռեժիմում փորձարկված չէ։ Հենց որ փորձարկվեց ու լավ դրսևորեց իրեն, դառնում է թանկարժեք սարք»։   Տիեզերքում ռիսկերը տիեզերական մասշտաբներ ունեն «Հայասաթ-1»-ն արդեն պատրաստ է, իսկ «Բազումք»-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է ստացել։ Այժմ արբանյակը պիտի ուղարկվի Նիդերլանդներ, անհրաժեշտ ստուգումներ անցնի, դրանից հետո էլ ուղևորվի SpaceX ընկերություն, որի Falcon 9 տանող հրթիռի հետ նոյեմբերին կթռչի տիեզերք։ Սև արկղում արդեն պատրաստի «Հայասաթ-1»-ը սպասում է Նիդերլանդներ ուղևորությանը Երբ «Հայասաթ-1»-ն արդեն տիեզերքում լինի, «Բազումք»-ի ու CSIE-ի համար կսկսվի  ամենդժվար ու պատասխանատու փուլերից մեկը։ Տիեզերքում ամենատարբեր խնդիրներ կարող են առաջանալ, իսկ արբանյակը իջեցնել, խնդիրները կարգավորել ու հետ ուղարկել հնարավոր չէ։ Բացի այդ՝ «Հայասաթ-1»-ը ոչ միշտ է լինելու թիմի վերահսկողության տակ, այլ միայն այն ժամանակ, երբ անցնի վերերկրյա կայանքի վերևով, հետևաբար պետք է հասցնել հրահանգներն ուղարկել ճիշտ ժամանակին և ստանալ սպասվող տվյալները։ Վերջին աշխատանքները «Հայասաթ-1»-ի հետ «Եթե հանկարծ լուրջ բան պատահի իր վրայ, եթե տեսնենք մի բանըմ վատառողջ է, ի՞նչ ենք անելու։ Այդ ամեն բաները պէտք է շատ զգոյշ պլանավորուի: Շատ սցենարներ կան տիեզերքում, որ պէտք է մտածել»,- ասում է Մասիսը։ Նրա խոսքով «Հայասաթ-1»-ից տվյալներ կվերցնեն ու այդ տվյալների հետ կաշխատեն 3-6 ամիս։ Դրանից հետո կհասկանան՝ իմաստ ունի՞ շարունակել շահագործումը, թե՞ պետք է անջատել, քանի որ հետագա շահագործումն ավելորդ ծախս է։ Կարևորն այն է, որ արբանյակը բարեհաջող տեղ հասնի ու տիեզերական խիստ պայմաններում իրեն լավ դրսևորի։   Տիեզերական առաքելությանը կարող են մասնակցել բոլորը «Հայասաթ-1»-ի, կապի վերգետնյա կայանքի և օգտակար բեռի պատրաստման աշխատանքներն իրականացվել են բացառապես «Բազումք»-ի և CSIE-ի դրամական միջոցներով։ Երկուսն էլ հիմնադրամի կարգավիճակ ունեն, և նրանց միջոցները գոյանում են մասնավոր նվիրատվություններից։ Բայց առջևում դեռ շատ ծախսեր կան․ թռիչքից առաջ արբանյակը պիտի փորձարկում անցնի Նիդերլանդներում, այդ ընթացքում Հայաստանում պիտի շարունակվեն երկրային նմուշի հետ աշխատանքները, արբանյակի արձակման համար էլ միջոցներ են անհրաժեշտ։ Թիմը reArmenia հարթակում դրամահավաք է սկսել, որի միջոցով և՛ հանրությանն իրազեկելու է նախագծի մասին, և՛ միջոցներ է հայթայթելու հետագա աշխատանքների համար։ Վաչիկը մաքուր սենյակում «Թռիչքը անկախ Հայաստանի համար պատմական իրադարձություն է։ Մենք շատ ենք ուզում, որ այդ իրադարձությանը մաս կազմեն սովորական մարդիկ, կարողանան մասնակցել ընկերություններ, անհատներ ու իրենց լուման ունենան նախագծի հաջողության մեջ, ավելի ոգևորվեն, տարածեն, ու ավելի կարևորությունը ընդգծվի»,- ասում է Վաչիկը։  Ավետիք Գրիգորյանն էլ հավելում է․ «Երբ հանրությունը չի հավատում կամ թերագնահատում է, ասում է՝ խաղալիք է, իսկ հետո երբ տեսնում է, որ, այո՛, կարողանում են մերոնք դա անել, և ինքն էլ մասնակցում է, ասում է՝ տես, ես էլ մասնակցեցի, ու դրա շնորհիվ իրականություն դարձավ, իր մոտ էլ է հավատ առաջանում նաև ի՛ր ուժերի, ի՛ր մասնակցության նշանակության հանդեպ։ Հանրային ոգեշնչումը դրամահավաքի առաջին նպատակն է, ոչ թե երկրորդ, երրորդ»։ Մասիսն ասում է՝ աշխարհում այսպիսի նախագծերն իրականացնում են կա՛մ կառավարությունները, կա՛մ մասնավոր ներդրողները։ Իրենք չսպասեցին ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին․ «Ռիսկը մենք վերցուցինք, բոլորովին ռիսկը մեր վրայ է, որ էսի անենք, աշխատցնենք, ցոյց տանք, որ Հայաստանում կարելի է էս տեսակի համակարգեր ստեղծել։ Կինո չէ, իրականում կարելի է։ Ու մյուսները որ տեսան՝ ռիսկը վերցուցինք ու մի տեղ հասանք, արդէն սկսեն աջակցել, ու էսի դառնա Հայաստանի համար լուրջ ոլորտ»։ / Լուսանկարը՝ «Բազումք»-ի / Նախագիծն իրականացնելու ընթացքում Հայաստանի և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական համայնքն, ինչով կարողացել է, օգնել է թիմին, խորհուրդներ տվել, որ ամեն բան հաջող ընթանա։ Այժմ «Բազումք»-ի ու CSIE-ի սկսած առաքելությանը կարող են մաս դառնալ բոլորը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք նոյեմբերին ականատես կդառնանք, թե ինչպես Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հասավ տիեզերք։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
20:28 - 10 սեպտեմբերի, 2023
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները

Երևանում, արդեն 10 տարի է՝ ավտոմեքենաների կայանման համար, բացի անվճար կայանատեղիներից, կան նաև վճարովի կայանատեղիներ, որոնք եզրագծված են կարմիր գույնով։ Այս կայանատեղիներից օգտվելու համար վճարումը կարելի է իրականացնել մի քանի տարբերակով։ Առաջին տարբերակի դեպքում վարորդները մի քանի ժամով կամ մեկ օրով կայանում են իրենց մեքենան ու դրա դիմաց վճարում։ Մյուս տարբերակը ամսական կամ տարեկան փաթեթ գնելն է․ սա նշանակում է, որ վարորդները իրենց վճարած ժամանակահատվածի համար հնարավորություն են ստանում մեքենան կայանելու Երևան քաղաքի բոլոր վճարովի կայանատեղիներում։  Սակայն վերջին շրջանում վարորդներից հաճախ կարող ենք լսել բողոքներ, որ հատկապես առավոտյան ժամերին վճարովի կայանատեղիներում կայանել չի ստացվում։ Բանն այն է, որ երբ վարորդները փորձում են մեքենաները կայանել, պարզվում է, որ  անհայտ անձինք տարբեր առարկաներով (աթոռներ, մետաղյա իրեր և այլն) փակել են կարմիրով եզրագծված կայանատեղին՝ անհնար դարձնելով կայանումը։  Ստացվում է, որ վարորդները գումար են վճարում, փաթեթ գնում, բայց ոչ միշտ են կարողանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվել։ Եվ պատճառն ամենևին էլ այն չէ, որ այնտեղ արդեն այլ մեքենաներ են կայանված․ կայանատեղիներում պարզապես տեղադրված են իրեր, որոնք խոչընդոտում են այնտեղ մեքենաների մուտքը։ Infocom-ը փորձել է հասկանալ՝ որ կառույցն է պատասխանատու Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում անխոչընդոտ կայանում ապահովելու համար, կայանմանը խոչընդոտող իրերի առկայության դեպքում ով պետք է վերացնի խնդիրը, և իրավական ինչ կարգավորումներ կան։   Մեր արձանագրած խախտումները Մենք հուլիսի 8-13-ը՝ առավոտյան 7։30-9։30-ն ընկած ժամանակահատվածում, մոնիտորինգ ենք իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում։ Շրջել ենք Աբովյան, Ամիրյան, Սարյան, Մոսկովյան, Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Չարենցի և Տերյան փողոցներում, ինչպես նաև Սախարովի և Հանրապետության հրապարակներում։ Արդյունքում արձանագրել ենք 6 դեպք, երբ վճարովի  կայանատեղիներում եղել են արկղեր, ինքնագլորներ, Քաղաքապետարանի կողմից բեռնաթափված շինարարական ավազ՝ առանց զգուշացման նշանի, մետաղյա իրեր և այլն։   Տերյան փողոց /արկղեր/    Մոսկովյան փողոց /Քաղաքապետարանը մայթերի վերանորոգման համար շինարարական ավազ էր լցրել կարմիր գծերի հատվածում, չկային նախազգուշացնող վահանակներ/   Թումանյան փողոց /աթոռներ և արկղեր/ Այս քարտեզի վրա կարող եք տեսնել Կենտրոն քաղաքի բոլոր վճարովի ավտոկայանատեղիները․ կապույտով են նշված այն փողոցները, որոնք ունեն վճարովի ավտոկայանատեղի, դեղինով նշված են փողոցները, որտեղ այցելել ենք մոնիտորինգի ընթացքում, կարմիրով առանձնացված են այդ փողոցների այն հատվածները, որտեղ վճարովի ավտոկայանատեղիներն են,  կանաչ կետերն էլ մեր հայտնաբերած խախտումներն են (սեղմելով յուրաքանչյուր կետին՝ կարող եք տեսնել արձանագրված խախտումները)։ Վարորդներից հնչող բողոքների և մեր անձանագրած դեպքերի համատեքստում առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխաններն էլ փորձել ենք ստանալ՝ արդյոք օրենքի խախտում չէ՞ կայանատեղիներում նման իրեր տեղադրելը, ո՞ր կառույցն է պատասխանատու կայանատեղիներում վերահսկողության և խոչընդոտների վերացման համար, կայանատեղիում խոչընդոտ տեղադրած քաղաքացիները ենթարկվո՞ւմ են պատասխանատվության։    Վճարովի ավտոկայանատեղիների սպասարկում․ մրցույթի հայտարարումից մինչև քաղաքապետարանի լիազորությունների անցում Ավտոտրանսպորտային միջոցների կայանման կանոնակարգման համար 2011 թվականին Կառավարությունը որոշեց օրենքով սահմանել վճարովի ավտոկայանման տուրքերը, իսկ 2012 թվականին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեցին վճարովի կայանման նորմերը։  2012 թվականի դեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Գնման հայտարարությունում մրցույթի մասնակիցների որակավորման չափանիշների վերաբերյալ պահանջներում քաղաքապետարանը նշում էր, որ ծառայությունը մատուցող ընկերությունը պետք է ունենա 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ կայանատեղերի սպասարկման ոլորտում (GPS համակարգերով մոնիտորինգ)։ 2013 թվականի ապրիլին մրցակցային երկխոսության ձևով մրցույթում հաղթող ճանաչվեց «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունների կոնսորցիումը։  Հետաքրքիր է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին՝ մրցույթը հայտարարելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Մրցույթը հաղթելու պահին, ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության տնօրենն է եղել Վազգեն Հարությունյանը։ Իսկ կոնսորցիումի մաս կազմող «Լոկատոր» ՓԲԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2007 թվականի ապրիլի 16-ին։ Մրցույթը հաղթելու պահին, ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության տնօրենն է եղել Արման Խաչատրյանը։ Ընկերությունը զբաղվում է կառավարման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ, աշխարհագրական տեեկատվական համակարգերի (GIS) ոլորտին վերաբերող ծրագրային ապահովման մշակմամբ։ «Փարկինգ սիթի սերվիս»-ը 2012-ին հայտարարված մրցույթում հաղթելուց հետո պարտավորվեց  իրականացնել Երևան քաղաքի ավագանու սահմանած փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղերի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում:  2014  թվականի հունիսին «Փարկինգ սիթի սերվիս»-ը  հայտարարեց ընկերության իր բաժնեմասերը վաճառելու մասին։  «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող, մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին»,- ասվում էր հայտարարության մեջ: Արդեն 2016 թվականին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր Տիգրան Հարությունյանն իր բաժնեմասերը նվիրաբերեց Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանն էլ որոշում ընդունեց «Փարկինգ սիթի սերվիս»-ի բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին և նրա հետ կնքել պայմանագիր մինչև 10 տարի ժամկետով։ Քաղաքապետարանը  նաև պարտավորվեց ստանձնել  «Փարկինգ սիթի սերվիս»-ի ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը դրանք հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով գնահատելուց հետո։  2017 թվականին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վավեր է միչև 2026  թվականը։ Այս պայմանագրով, փաստորեն, արդեն քաղաքապետարանին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը շարունակելու էր իրականացնել վճարովի կայանատեղիների սպասարկումը։ Համաձայն նոր պայմանագրի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը բյուջեից տարեկան ստանում է 360  մլն դրամ՝ իր պարտավորությունները կատարելու համար։ Ըստ պայմանագրի՝ կարմիր գծերով նշված վայրերում կայանման համար վարորդները վճարում են առավոտյան 9-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածի համար։ Գծանշման վայրերը որոշում է Երևանի ավագանին, իսկ վերահսկումը իրականացնում է «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը՝ տեսախցիկներով։ Կայանատեղիների մոտակայքում պետք է դրված լինեն վճարման տերմինալներ։ Եվ, որ ամենակարևորն է, պայմանագրի համաձայն, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պետք է ապահովի ավտոմեքնաների անխոչընդոտ մուտքն ու ելքը  կայանատեղի։    Կանգնակներ տեղադրելն օրենքով արգելվում է  Ավտոկայանատեղիներում անխոչընդոտ կայանում ապահովելու վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանը հարցմանը օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չպատասխանեց, իսկ լրացուցիչ 30-օրյա ժամկետ չխնդրեց։ Այսպիսով, մեր հարցման պատասխանը ստացանք 2 օր ուշացումով։  Հարցման պատասխանում նշվում էր, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ ճանապարհային նշաններ տեղադրելը առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով (25 հազար դրամ), իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը։ Թողնելու դեպքում քաղաքացին տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), իսկ գործերը քննում է Ոստիկանությունը։  Այսպիսով, օրենքն արգելում է ճանապարհին թողնել այնպիսի իրեր, որոնք կխոչընդոտեն ճանապարհային երթևեկությունը։ Բայց քաղաքապետարանի պատասխանից պարզ չի դառնում, թե ով է պատասխանատու խախտումը կանխարգելելու համար, և ով պետք է նմանատիպ խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնի։  Այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց նաև Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի՝ մեր հետ զրույցում․ նա միայն նշեց, որ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը քաղքապետարանին ծառայություններ է մատուցում և վերահսկող գործառույթով օժտված չէ, այդ հարցով Ճանապարհային ոստիկանությունն է իրավասու տուգանել քաղաքացիներին։  Հիշեցնենք, որ 2017 թվականին Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի 3-րդ կետի համաձայն՝ ընկերությունը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների՝ ավտոկայանատեղի մատչելի և անվտանգ մուտք գործելու ուղիները։ Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշում է՝ պայմանագրով սահմանված այս կետը ենթադրում է նաև հետևել, որ կանգնակներ չտեղադրվեն, ինչը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում։  Այս համատեքստում այնքան էլ արժանահավատ չի թվում Տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պնդումը, թե «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վերահոսկող գործառույթ չունի։ Պայմանագրով փաստացի սահմանված է, որ ընկերությունը պիտի ապահովի տրանսպորտային միջոցների մատչելի և անվտանգ մուտքն ավտոկայանատեղի, մինչդեռ չի ապահովում․ ավտոկայանատեղիներում տեղադրված առարկաները խոչընդոտում են մեքենաների առնվազն մատչելի մուտքը։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, նշեցին, որ վերջին 3 ամսում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, 27 դեպք են հայտնաբերել, վարչական արձանագրություն կազմել։ Բայց Ոստիկանությունից այդպես էլ  չկարողացան հստակեցնել, թե հայտնաբերված դեպքերից քանիսն են եղել կայանատեղիներում, քանի որ հավաքագրած տվյալներ չունեին։ Հետաքրքիր է, որ Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Վազգեն Հարությունյանի մեր հետ զրույցից մի քանի օր հետո քաղաքապետարանը հրապարակեց մի հոլովակ, որում ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արա Գյուլզադյանի հետ քաղաքի տարբեր հատվածներում կայանման համար նախատեսված վայրերից հավաքում էին կանգնակները, տուգանում տնտեսվարողներին։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 17-ին, քաղաքապետարանը հրապարակեց ևս մի հոլովակ։ Այս անգամ էլ տուգանում էին ավտոկայանատեղերում կայանման համար գումար վերցնող քաղաքացիներին, հեռացնում փողոցներում և բակերում նրանց տեղադրած իրերը, որոնք խոչընդոտում էին կայանումը։   «Փարկինգ Սիթի Սերվիս»-ին առնչվող քրեական գործը կարճվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով Այս համատեքստում հետաքրքիր է նաև հետևյալ փաստը․ երբ 2016-ին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի 100% բաժնեմասը նվիրաբերվեց Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետարանը պարտավորվեց ստանձնել ընկերության ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը։  Մի քանի տարի անց՝ 2019-ի օգոստոսին, Դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այդ ժամանակ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որը 1.051.113.700 մլն ՀՀ դրամով ավելի է իրական արժեքից։ Ըստ Դատախազության՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713.000.000 ՀՀ դրամի վարկի մարում: «Այսինքն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ առանց աուդիտորական գնահատման, հիմք ընդունելով խորհրդատվական եզրակացությունը բանակցային գործընթացում ստանձնել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ իրականությանը չհամապատասխանող արժեքով ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկի մարման պարտավորությունը։ Միաժամանակ, առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասվում էր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ պարզվել էր, որ  ընկերության պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկի և հավելավճարների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վերանորոգման համար գումարների դուրսգրման և այդ տրանսպորտային միջոցների վառելիքի գումար դուրս գրելով  20.714.515 ՀՀ դրամ վնաս են պաճառել քաղաքային բյուջեին։ Պաշտոնական լիազորությունները չարաշահելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հետևանքով դեպքի արթիվ Երևանի դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել։ Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ ներգրավվել էին Միխաիլ Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն), Տիգրան Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն և փաստաթղթերի կեղծում) և Վազգեն Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն և փաստաթղթերի կեղծում)։ Դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2022 թ․ հունվարին գործը կարճվել է, մեղադրյալների նկատմամբ հետապնդումն էլ դադարեցվել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով։  Հետաքրքիր է, որ գործը կարճվելուց շատ չանցած՝ 2023-ի մայիսին, Վազգեն Հարությունյանը, որը 2018-ից «Փարկինգ սիթի սերվիս»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր (մինչև 2018-ը, հիշեցնենք, նա ընկերության տնօրենն էր),  նշանակվեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հենց նրա հետ էլ զրուցել էինք մենք՝ մեր արձանագրած խնդրի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով:   Ամփոփում Այսպիսով, վարորդները շարունակում են վճարովի ավտոկայանատեղիներում կայանելիս խոչընդոտների հանդիպել այն դեպքում, երբ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը ունի  պայմանագրային պարտավորություն՝ ապահովելու տրանսպորտային միջոցների՝ ավտոկայանատեղի մատչելի և անվտանգ մուտք գործելու ուղիներ։ Իսկ ոստիկանությունն ու քաղաքապետարանը բավարարվում են միայն երբեմն ստուգայցեր իրականացնելով։   Գլխավոր լուսանկարում` Սախարովի հրապարակի վճարովի ավտոկայանատեղին /լուսանկարն արվել է՝ 31.08.2023թ./ Պայմանավորված առավոտյան լույսով լուսանկարում կարմիր գծերի գույնը արտահայտիչ չէր, այդ պատճառով  photoshop-ով գույնն ավելի արտահայտիչ ենք դարձրել: Ջուլիետտա Հովհաննիսյան
23:38 - 09 սեպտեմբերի, 2023
Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Հովակիմ Զաքարյանը բակալավրիատում սովորելու տարիներին հետաքրքրված էր ցողունային բջիջներով։ 2000-ականների սկզբին Հայաստանի գիտական ինստիտուտներում ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբեր ու լաբորատորիաներ գտնել Հովակիմին չհաջողվեց, փոխարենը նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բացահայտեց մի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին սովորական բջիջներ ու վիրուսներ։ Հենց այդ լաբորատորիայում աշխատելու տարիներին էլ նրան սկսեցին հետաքրքրել վիրուսները։ Այս հետաքրքրությունը մեծացավ, երբ Հովակիմը մեկնեց նախ Գերմանիա՝ Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտ, ապա Իսպանիա՝ Սևերո Օչոայի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրոն։ Երկու գիտական կենտրոններում էլ նա զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ։  Հայաստան վերադառնալուց հետո՝ 2016-ին, նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծեց Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման գիտական խումբը, որը սկսեց զբաղվել նոր քիմիական միացությունների հակավիրուսային ակտիվության ուսումնասիրությամբ։ Ձևավորման պահին խմբում կար երեք հոգի։ Թիմը սկսեց փնտրել քիմիական միացություններ, որոնք արդյունավետ կլինեին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ։ Ժամանակի ընթացքում խումբը համալրվեց նոր անդամներով և 2020-ին ստացավ լաբորատորիայի կարգավիճակ՝ դառնալով Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիա։ Այժմ թիմում կա ութ հոգի՝ բակալավրիատի ուսանողից մինչև գիտության թեկնածու։ Իսկ թե ինչով է զբաղվում Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիան, կարող եք կարդալ «Լաբորատորիայից ներս» շարքի նոր հոդվածում:   Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեսանյութը՝ Ռոման ԱբովյանիԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի, Ռոման Աբովյանի և Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:17 - 05 սեպտեմբերի, 2023
Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։ Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։ Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։ «Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։ Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։ Հայարփի Բաղդասարյան
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ներքին գործերի նախարարն օգոստոսի 28-ին ստորագրել է բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը։ Այն հրապարակվել է երեկ՝ օգոստոսի 31-ին։ Որ հաստատություններն իրավունք ունեն անցկացնել քննությունը Ըստ սահմանված կարգի՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն Հայաստանի հրաձգության ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը, լիցենզավորված հրաձգարանը, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպություն)։ Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար պետք է գրավոր դիմի ՀՀ ՆԳ նախարարին, որին կից ներկայացնի համապատասխան լիցենզիան։ Իսկ ՆԳ նախարարը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ պետք է բավարարի դիմումը կամ գրավոր մերժի՝ նշելով պատճառը։  Կարգի խախտումով քննություն անցկացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է քննություն անցկացնելու իրավունքից։ Ինչպես կարող է քաղաքացին մասնակցել քննությանը Քննություններին մասնակցելու նպատակով վերը նշված կազմակերպություններ կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:   Քննություններին մասնակցելու համար քաղաքացին պետք է դիմի կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։ Քաղաքացին կազմակերպություն կարող է դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումում պետք է ներառված լինեն նաև քաղաքացու անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, հեռախոսահամար)։ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվում է ՀՀ ներքին գործերի նախարարության և համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: Քաղաքացին քննություններին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։ Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը հաստատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։ Քննական հարցաշարը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am և կազմակերպության պաշտոնական կայքում:  Քննությունների ընդհանուր վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը։  Ինչպես են անցկացվում քննությունները Քննությունները երկուսն են՝ տեսական եւ գործնական։ Տեսական քննությունը Տեսական քննությունը անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով՝ հարցատոմսում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր։ Անցողիկ շեմ է համարվում 8 միավորը։ Հարցատոմսը լրացնելու համար քաղաքացուն տրամադրվում է 30 րոպե ժամանակ։ Հարցատոմս փոխելն արգելվում է:  Տեսական քննության անցողիկ շեմը չանցած քաղաքացին կարող է կրկին դիմել տեսական քննության մասնակցելու համար ոչ շուտ, քան 3 օր անց։  Գործնական քննությունը Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն է ստանում տեսական քննությանը անցողիկ միավոր ստացած քաղաքացին ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու յոթերորդ օրը։ Իսկ  գործնական քննությունը բաղկացած է 5 վարժությունից, յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 0-5 միավորով, որտեղ՝ 0-2-ը՝ անբավարար, 3-ը՝ բավարար, 4-ը՝ լավ, 5-ը՝ գերազանց։ Վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր վարժություններից ստացած գնահատականների թվաբանական միջինով։ Քննության անցողիկ շեմ է համարվում 3 գնահատականը:  Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքները, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը:  Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։  Քննության վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պաշտոնական փաստաթղթում։ Նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։
15:51 - 01 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության աշխատակազմը փաստացի խուսափեց պատասխանել հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Կառավարությունից հուլիսի 20-ին ուղարկած մեր գրավոր հարցմանը ժամկետի խախտումով չպատասխանեցին, հետո մեկնաբանեցին, թե 30-օրյա ժամկետում պատասխանելու գրություն են ուղարկել, որը մենք փաստացի չէինք ստացել, ապա ուղարկեցին 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին գրության մի ֆայլ, որտեղ սխալ ամսաթիվ էր նշված, եւ, ի վերջո, ոչ ի սկզբանե ուղարկած գրության ֆայլը եւ ոչ էլ հարցման պատասխանը չուղարկեցին՝ չնայած հավաստիացմանը, որ պատասխանը կստանանք։  Կառավարությունից այս հարցին պատասխան չստանալուց հետո Infocom-ը գրավոր հարցում ուղարկեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։  ՀՀ ԱԳՆ աշխատակազմից, թեեւ պատասխան ուղարկել են, սակայն այն չի բովանդակում մեր հարցի վերաբերյալ տեղեկություն։ ԱԳՆ-ից, մասնավորապես, ներկայացրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից ի վեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն՝ համաձայն ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների: Թեեւ ԱԳՆ պատասխանը բավականին երկար է, եւ չնայած infocom.am-ը հետեւողականորեն լուսաբանում է գերատեսչության աշխատանքը, այդուհանդերձ ներկայացնում ենք արտգործնախարարության տեքստն ամբողջությամբ եւ, իհարկե, առանց բովանդակային խմբագրման, որպեսզի տեսանելի լինի, որ մեր բարձրացրած հարցին որեւէ պարբերության մեջ հստակ անդրադարձ չկա։ ԱԳՆ «կիսապատասխանը» Այսպես, ԱԳՆ-ից հիշեցրել են, որ այս տարվա օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահարթ նիստ գումարելու պահանջով, իսկ օգոստոսի 16-ին արդեն տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը։ Մինչ այդ, ինչպես նշել են ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ կողմից որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթեր շրջանառվել են ավելի քան 20 նամակներ եւ հայտարարություններ՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ԼՂ-ում հումանիտար վիճակի, ռազմագերիների վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այլ խնդիրների վերաբերյալ․ «Բացի այդ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բնակչության հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի, Զարգացման ծրագրի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավարներին փոխանցվել են ՀՀ ԱԳ նախարարի եւ ՀՀ այլ գերատեսչությունների ղեկավարների նամակները»,- հավելել են նախարարությունից՝ հիշեցնելով նաեւ, որ 2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԽ նախագահին հասցեագրած՝ հուլիսի 12-ի իր նամակում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա՝ կարեւորելով ԱԽ կողմից հրատապ ու արդյունավետ միջոցների ձեռնարկումն ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտման՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների կատարումը եւ Լաչինի միջանցքով անձանց, ավտոմեքենաների ու բեռների ազատ տեղաշարժի վերականգնումը: «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես սննդի ու այլ կենսական ապրանքների պակասին եւ թերսնման խնդիրներին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը օգոուտոսի 3-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի եւ հակամարտության հետեւանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկման ընթացքում իր ելույթում՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները»,- ասված է ԱԳՆ պատասխանում: Արտաքին քաղաքական գերատեսչությունից, իհարկե, հավաստիացրել են, որ Հայաստանը շարունակում է հետեւողական աշխատանքները ՄԱԿ ԱԽ անդամների հետ՝ իրազեկելու ԼՂ-ում հումանիտար եւ մարդու իրավունքների իրավիճակի ու Ադրբեջանի ապօրինի գործողություններից բխող միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ՝ ապահովելու Անվտանգության խորհրդի կողմից գործնական քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնման եւ ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ անխափան հումանիտար մուտքի ուղղությամբ: «Միեւնույն ժամանակ Հայաստանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անվտանգ եւ անխափան հումանիտար գործունեությանը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»: ԱԳՆ-ից հայտնել են նաեւ, որ նշյալ ժամանակահատվածում ԵԱՀԿ ՀՀ ՄՆ կողմից հնչել են եւս 9 հայտարարություններ, որոնք, ըստ ԵԱՀԿ կանոնակարգի, ենթակա չեն հանրայնացման: «Եվրոպայի խորհրդի քարտուղարություն են փոխանցվել ՀՀ եւ Լեռնային Ղսրաբաղի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները, Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի նամակները՝ խնդրելով այդ փաստաթղթերը տարածել որպես ԵԽ Նախարարների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր: Նախարարների կոմիտեի կանոնների համաձայն՝ տվյալ փաստաթղթերը, սակայն, ենթակա չեն հրապարակման»,- նշված է պատասխանում: ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում կայացած կանոնադրական մարմինների նիստերի եւ այլ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումների ժամանակ ՀՀ պատվիրակուրյան ղեկավարներն համապատասխան ժամանակահատվածում իրենց ելույթներում մշտապես անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման եւ վերջինիս հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցերին: Նշել են նաեւ, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հանդիպումներ են ունենում հավատարմագրման երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ եւ փոխանցում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը նկարագրող եւ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթեր, դեսպանները հանդես են գալիս ելույթներով եւ հարցազրույցներով․ «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ անձնակազմերի հետ շփումների ընթացքում պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ»: Գերատեսչությունից հաղորդել են, որ ԱԳՆ միջոցով փոխանցվել են ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, համապատասխան բարեկամական խմբերի ղեկավարների, ինչպես նաեւ պատգամավորների նամակները՝ հասցեագրված իրենց գործընկերներին՝ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով, իսկ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակել են ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացնող ավելի քան 2000 հոդվածներ: «Հայկական կողմն իր ամենօրյա աշխատանքների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես հունիսի 15-ից Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման ու ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցման վրա, ի խախտումն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի՝ շեշտելով, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ»,- եզչափակել են ԱԳՆ-ից: ՄԻՊ արձագանքը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ նույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Այս առնչությամբ ՄԻՊ աշխատակազմից շեշտել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը սահմանափակվում է վերը նշված մարմինների ու անձանց, կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների շրջանակով, ինչից ելնելով մեր վկայակոչված խնդիրն ուղղակիորեն վերաբերելի չէ Պաշտպանի լիազորությունների շրջանակին․ «Միաժամանակ, հաշվի առնելով Արցախում բնակվող էթնիկ հայերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման կարեւորությունը՝ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում, վերլուծում եւ ամփոփում է նշված իրավունքների, ներառյալ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումները՝ դրանք ներկայացնելով մարդու իրավումքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին: Այդ համատեքստում փորձ է կատարվում նպաստել անձանց խախտված իրավունքների վերականգմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- նշել են ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ նշված դերակատարների հետ հաղորդակցությունը կրում է խորհրդապահական բնույթ, սակայն դրա մանրամասները չեն կարող ներկայացնել: ՄԻՊ աշխատակազմից հաղորդել են նաեւ, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից կազմվել եւ հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները ներկայացնող 4 արտահերթ հրապարակային զեկույց, որոնցում ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակիան հումանիտար հետեւանքները, ինչպես նաեւ ամփոփվել եւ վերլուծվել է ադրբեջանական պաշտոնատար անձանց հայատյաց խոսույթը․ «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն ու հումանիտար ճգնաժամի զարգացումը շարունակում են գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս առնչությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալները որոշակի պարբերականությամբ ներկայացվում են մարդու իրավունքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին՝ փորձելով նշված դերակատարաների հետ ակտիվ համագործակցության միջոցով լուծել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները»,- ամփոփել են ՄԻՊ աշխատակազմից: Այսպիսով, ի տարբերություն ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ից պատասխան, այնուամենայնիվ ստացանք, սակայն այդ պատասխանում եւս չկար որեւէ հստակ տեղեկություն այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադաձնելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ պատասխանը բովանդակում է տեղեկություններ այն մասին, թե ինչ քայլեր են իրականացվել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն։ Իսկ ՄԻՊ աշխատակազմից ներկայացրել են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրենց կատարած աշխատանքները։ Հայարփի Բաղդասարյան
13:50 - 01 սեպտեմբերի, 2023
Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 2021 թվականի ընթացքում վերջինս իրականացրել է առնվազն 65․5 միլիոն դրամի ծախս, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ Հայտարարագրում, համենայն դեպս, ծախսերի այս մասի վերաբերյալ նշումներ առկա չեն։ Ղազարյանը պնդում է, որ այդ գումարի գերակշիռ մասը ներդրվել է որպես ավանդ։ Նրա հետ գրավոր հարցուպատասխանը, սակայն, կասկածներ է առաջ բերում նաև ավանդի ներդրման ժամկետների վերաբերյալ։   Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է դարձել 2023-ի փետրվարին։ Մինչ այդ նա եղել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ դրանից առաջ՝  Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2021-ի տարեկան հայտարարագրում Խաչիկ Ղազարյանը նշել է, որ տարվա ընթացքում ստացել է 114․3 միլիոն դրամի եկամուտ, որից 68 հազար դոլարը նվիրատվություն է հորից՝ Կարապետ Ղազարյանից, մոտ 1․8 միլիոն դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է, 79․2 միլիոն դրամը ստացվել է բնակարանի օտարումից, և մոտ 5,6 միլիոն դրամը՝ աշխատավարձից։ Հետաքրքրական է, որ հայտարարագրում ընդհանուր եկամուտները՝ դրամական արտահայտությամբ, հաշվարկվել են 114․3 միլիոն դրամ։ Եթե ընդհանուր եկամուտներից հանենք ՀՀ դրամով արտահայտված եկամուտները, կստացվի, որ 68 000 ԱՄՆ դոլարը, արտահայտված ՀՀ դրամով, կազմում է մոտ 27․9 միլիոն դրամ։ Այսինքն՝ հաշվարկային դոլար-դրամ փոխարժեք է ընդունվել 409․63 դրամը։ Սա այն դեպքում, որ 2021 թվականին Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն փոխարժեքը եղել է 475․19 դրամ։ Եթե 68 000 դրամը այս փոխարժեքով փորձենք վերածել դրամի, կստացվի 32․3 միլիոն դրամ՝ հաշվարկվածից մոտ 4․5 միլիոնով ավելի։ Բացի այդ՝ հայտարարագրից պարզ է դառնում, որ Խաչիկ Ղազարյանը 2021 թվականի ընթացքում 6 միլիոն դրամով ձեռք է բերել, այնուհետև 6․5 միլիոն դրամով վաճառել է LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, սակայն, վերջինս չի հայտարարագրել որպես 2021 թվականին ստացված եկամուտ։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։  «Դա, սակայն, հանդիսանալով պետական գրանցում պահանջող գործարք, ֆիքսվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից, ինչպես նաև ինքնին արտացոլված է եղել համապատասխան հայտարարագրում»,- նշել է դատավորը։ Այսպիսով, Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի եկամուտները հայտարարագրի եկամուտների բաժնում ներկայացվածից փաստացի ավելի են առնվազն 11 միլիոն դրամով (4.5 միլիոն դրամ՝ դոլար-դրամ փոխարժեքի տարբերությունից, ինչպես նաև 6․5 միլիոն դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտի չհայտարարագրումից) և կազմում են 125․3 միլիոն դրամ։  Այս եկամուտներից եթե հանենք տարվա ընթացքում ձեռքբերված LEXUS մակնիշի ավտոմեքենայի գինը (6 միլիոն դրամ), հանձնած փոխառությունները (մոտ 26.4 միլիոն դրամ), հայտարարագրած ծախսերը (մոտ 3․9 միլիոն դրամ) և առկա դրամական միջոցների աճը (44 000 ԱՄՆ դոլար (առավելագույնը՝ 23․6 միլիոն դրամ)), ապա կստացվի, որ 2021 թվականի ընթացքում Խաչիկ Ղազարյանը ծախսել է առնվազն 65․4 միլիոն դրամ, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Ղազարյանին՝ մանրամասնելու, թե այդ գումարն ինչ ուղղություններով է ծախսվել, և արդյո՞ք գումարն այնպես է ծախսվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 մլն դրամի միանվագ ծախսը։ Խաչիկ Ղազարյանը պատասխանել է․ «․․․ նշված գումարը չի ծախսվել ամբողջությամբ, քանի որ դրա գերակշիռ մասը՝ 110 000 ԱՄՆ դոլարը, ինչպես նշված է համապատասխան հայտարարագրում, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ, իսկ մնացյալ գումարի ծախսը հաշվետու ժամանակահատվածում չի գերազանցել միանվագ 2 միլիոն ՀՀ դրամը»։  Ղազարյանի այս պատասխանը առաջ է բերում նոր հարցեր։ Բանն այն է, որ համաձայն Խաչիկ Ղազարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) Ղազարյանն արդեն իսկ ունեցել է ներդրված 110 000 ԱՄՆ դոլարի ավանդ, որն առանց փոփոխության առկա է նաև տարեվերջի դրությամբ։ Հետևաբար այն չէր կարող ներդրվել 2021 թվականի ընթացքում, և դրա գումարը չէր կարող ձևավորվել տարվա ընթացքում ստացված եկամուտներից։ Նոր գրավոր հարցմամբ Խաչիկ Ղազարյանից հետաքրքրվել ենք, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը։ Այս անգամ վերջինս հայտնել է․ «․․․ հիշյալ  110 000 ԱՄՆ դոլարը «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ 15․04․2021 թվականին։ Այսինքն, 2022 թվականի ընթացքում՝ օրենքով սահմանված ժամկետում, տարեկան հայտարարագիրը լրացնելիս համապատասխան պատուհանում նշված գումարի՝ որպես տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը հանդիսանում է վրիպակ։ Նշվածի մասին է վկայում նաև այն, որ հիշյալ գումարի՝ որպես ավանդ ներդրված լինելու վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ 2020 թվականի տարեկան հայտարարագրում»։ Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ, Խաչիկ Ղազարյանը հղում է կատարում 2020 թվականի տարեկան հայտարարագրին, որը, սակայն, առկա չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։ Ավելին, այս տարվա մայիսին «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ հրապարակում, որի պատրաստման ընթացքում, մեր հարցերին ի պատասխան, վերջինս նշել էր, որ ինքը 2021 թվականին Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է եղել այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ, և այդ դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։ Սակայն 2020 թվականին Խաչիկ Ղազարյանն առանց համատեղության զբաղեցրել է հենց այն պաշտոնը (Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ), որը զբաղեցնող անձը, ինչպես ինքն է ներկայացնում, հայտարարագրման պարտավորություն չունի։  Հայտարարագրի ռեեստրում 2020 թվականի հայտարարագրի բացակայությունն ու այս մեկնաբանությունը անհասկանալի են դարձնում, թե ինչ հայտարարագրի է հղվում Խաչիկ Ղազարյանը։  Ինչպես արդեն նշեցինք, նախկինում «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ դրվագ․ նրա կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողով չէր ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնի ստանձման կամ դադարեցման և 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Սա Ղազարյանը հիմնավորել էր տեխնիկական անհնարինությամբ։  «Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրել էր Ղազարյանը։ Թեպետ ԿԿՀ-ն արդեն հայտարարագրման նոր համակագ է ներդրել, բայց Պետրոսյանի՝ 2021-ի տարեկան հայտարարգիրը դեռևս առկա չէ հայտարարագրերի ռեեստրում։   Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:33 - 31 օգոստոսի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը պահանջում է դատական համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահություն, ինչը առկա պայմաններում բացակայում է։ Ի թիվս մի շարք այլ փաստարկների, իշխանությունները նաեւ այսպես էին հիմնավորում ՀՀ-ում նոր՝ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրերս լրացավ այդ դատարանի գործունեության մեկ տարին, եւ ենթադրվում էր, որ գոնե այդ մեկ տարվա ընթացքում պիտի լուծված լինեին դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որ նախապես լուծում չէին ստացել, սակայն կարեւոր խնդիրներից մեկը, որ առնչվում է վարույթի հրապարակայնությանը, մինչ օրս մնում է առկախված։ Դատարանների նկատմամբ հանրության վստահության համատեքստում հրապարակայնությունն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս հասարակական հսկողության տակ պահել դատարանների աշխատանքը։ Ինչպես ռուս իրավաբան Միխայիլ Դուխովսկին է նշել՝ արդարադատությունը հանրային աշխատանք է եւ իրականացվում է՝ հանրային շահերից ելնելով, իսկ այդպիսի ցանկացած գործունեություն իր էությամբ պետք է լինի հրապարակային՝ հասարակական կարծիքի եւ մամուլի հսկողության ներքո։ Այս տրամաբանությամբ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դռնբաց (բացառությամբ դռնփակ նիստ անցկացնելու՝ օրենքով սահմանված հիմքերի), իսկ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ ենթակա են հրապարակման Դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex.am-ում (այսուհետ՝ նաեւ Համակարգ): Հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է կոռուպցիոն հանցագործությունները եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը (պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի բռնագանձման հայցերը), թեեւ դռնբաց քննություն իրականացվում է, սակայն հրապարակման ենթակա ողջ տեղեկությունները չեն հրապարակվում: Պատճառը Datalex.am-ում Հակակոռուպցիոն դատարանի ենթաբաժնի շարունակական բացակայությունն է։ Infocom-ը դեռ ամիսներ առաջ՝ մարտին էր անդրադարձել այս խնդրին՝ պատասխանատու կառույցներից փորձելով հասկանալ, թե որն է դրա պատճառը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքի պահանջն ապահովելու համար։ Datalex․am-ը սպասարկող ընկերությունից, լսելով խնդրի մասին, զարմացել էին՝ խոստանալով շտկել այն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենը, խնդիրը պայմանավորել էր տեխնիկական եւ ծրագրային համապատասխան աշխատանքների անհրաժեշտությամբ՝ նշելով, որ իրականացվում են Համակարգում համապատասխան գործիքակազմի նախատեսում եւ քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, որոնցով դրանց ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տեղեկությունները կլինեն հասանելի։ Այսինքն՝ դատարանների գործավարությունն ապահովող համակարգչային ծրագրում նորաստեղծ դատարանը ներդրված էր, տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում էին, սակայն  Datalex.am չէին փոխանցվում եւ չէին հրապարակայնացվում։  Ըստ Դեպարտամենտի՝ ծրագրային լուծումները թեստավորման փուլում են Օգոստոսի 16-ին դարձյալ գրավոր հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել՝ մեր նախորդ հարցումից հետո ի վերջո նախատեսվե՞լ է համապատասխան գործիքակազմ, եւ ստեղծվե՞լ է համապատասխան ենթաբաժին։ Ի պատասխան՝ Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը հայտնել է՝ նախատեսվել է ինչպես գործիքակազմը, այնպես էլ ենթաբաժինը, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Հարցին, թե ինչով է պայմանավորված հապաղումը, կոնկրետ պատասխան չի տրվել։  Դատական դեպարտամենտի եւ Համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության միջեւ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, այդ թվում՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ եթե այս աշխատանքները կատարվել են, եւ Ծրագրի բազայից Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Համակարգի սերվեր, ո՞րն է պատճառը, որ դրանք հրապարակային չեն դառնում։ Միաժամանակ նշել ենք, որ հիշյալ պայմանագրերում առկա են Հակակոռուպցիոն դատարանին, նաեւ դրա վերադաս ատյաններին վերաբերող այլ դրույթներ եւս, ուստի խնդրել ենք հայտնել՝ եթե դրանցից ոչ մեկը վերաբերելի չէ հրապարակման ենթակա տեղեկությունները Համակարգում հասանելի (հրապարակային) դարձնելուն ուղղված կոնկրետ ծրագրային աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառաբանությամբ նույն կամ որեւէ այլ պայմանագրով չեն նախատեսվել հենց այդ աշխատանքները։ Ի պատասխան՝ Դեպարտամենտից կրկնել են, որ հիշյալ պայմանագրերում նախատեսվել են կատարվել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, ներառյալ Ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր․ «Ձեր կողմից նշված տեղեկությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրային լուծումները թեստավորման փուլում են»,- ասված է պատասխանում։ Ըստ Դեպարտամենտի՝ տեղեկությունները ամբողջապես հասանելի դարձնելուն պես Համակարգում ինքնաբերաբար հասանելի են լինելու Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների տեղեկությունները։ Նշենք, որ 2023 թ․ հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանում գործում էին կոռուպցիոն գործեր քննող առանձին դատավորներ), իսկ 2022 թ․ հուլիսի 1-ից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։ Հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներում պետք է ակնկալել հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում, Դեպարտամենտից պատասխանել են հետեւյալը․ «Դատական գործերի հրապարակայնության սկզբունքի հաշվառմամբ՝ Դատական դեպարտամենտը շարունակում է հետեւողականորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում մեկշաբաթյա պարբերականությամբ հրապարակվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարույթներում քննվող դատական գործերի վերաբերյալ տեղեկատվություն»։ Նշենք, սակայն, որ ԲԴԽ կայքում հրապարակվող տեղեկությունները օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չնչին, մեծամասամբ՝ տեխնիկական մասն են միայն։ Datalex-ը սպասարկող ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ծանրաբեռնված են մեկ այլ համակարգի աշխատանքներով Datalex-ը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության ղեկավար Արմեն Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ մեր բարձրացրած խնդրի ուղղությամբ աշխատանքներ, այո, տարվում են, սակայն շատ մեծ աշխատանք է տարվում մեկ այլ համակարգի հետ կապված, որն էլ խլում է իրենց ողջ ռեսուրսը․  «Չգիտեմ՝ տեղյակ եք թե չէ, շատ մեծ աշխատանք է կատարվում քաղդատավարության հետ կապված, քաղդատավարության մեջ բոլոր քաղաքացիներին տալիս ենք էլեկտրոնային կաբինետներ, եւ դրանով ցանկացած քաղաքացի միանգամից տեսնելու է՝ եթե ինքը ինչ-որ առնչություն ունի ցանկացած գործի հետ,  կարողանալու է դատավարական գործողություններ կատարել կամ դիմելու է փաստաբանի, որպեսզի նա կատարի» (խոսքը Քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների ծրագրի մասին է, որը նախատեսված է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությամբ): Դիտարկմանը, որ հարցը կոնկրետ Հակակոռուպցիոն դատարանի մասին է, արդյո՞ք դրա վարույթում եղած գործերը Datalex-ում հասանելի դարձնելու խնդիր իրենց առաջ դրված է, Մանուկյանը պատասխանեց․ «Գլոբալ այդ խնդիրը, իհարկե, դրված է, կոնկրետ աշխատանքներ տարվում են, բայց քանի որ քաղդատավարության մասում ժամկետ է սահմանված, եւ առաջնահերթությունը շատ բարձր է դրված, դրա համար․․․ Դա էլ է կատարվում, բայց հիմնական ամբողջ աշխատանքը շեղվել է, գնացել է էս ուղղությամբ, մոտավորապես մեկ տարի է՝ աշխատանքները կատարվում են, կարելի է ասել՝ ավարտական փուլում են, ամբողջ համակարգը կառուցվել է, եւ մեկնարկման ընթացքի մեջ ենք, հենց մեկնարկեցինք, ամբողջ ուժերը դնելու ենք Ձեր ասած ուղղության մեջ»։ Դիտարկմանը, որ ուժերը նոր չպիտի դրվեն, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ տարի է՝ արդեն գործում է, եւ պետք է հասկանալ, թե ինչու է ձգձգվում, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դա գալիս է Արդարադատության նախարարությունից․ «Հարցը հետեւյան է․ մենք մասնավոր ընկերություն ենք, ունենք պայմանագիր, ըստ պայմանագրի՝ պիտի հանձնենք քաղդատավարության համակարգը, բայց նախարարությունը պերեստռախովկա է անում,  ստուգումներ է անում, որպեսզի համոզված լինի, որ ծրագիրը իդեալական է, մեծ ուժեր են դրել, ստուգում են, ստուգում են, այսինքն՝  մենք զբաղված ենք այդ քաղդատավարության ծրագրի ստուգելով, իրենք ստուգում են, մենք ստուգում ենք»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի մասով վերջնաժամկետ չունեն արդյոք։ Այս հարցը ծագում է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ վերոհիշյալ պայմանագրերում սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից եւ գործում են մինչեւ կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, ինչը, իհարկե, անորոշ ձեւակերպում է։ «Անընդհատ այդ հարցը բարձրացվում է, բայց նախարարության կողմից էդպեսի ժամկետ չունենք սահմանված։ Դեպարտամենտը իր կողմից իր աշխատանքները կատարում է, բայց էս մասով հիմնականում նախարարության հետ է մեր շփումը, էդ համակարգերը որ կառուցվում են, որը որից հետո կառուցվի, ոնց կառուցվի, էդ ամեն ինչը նախարարությունն է անում»։ Նկատենք, սակայն, որ վերոհիշյալ պայմանագրերի կողմերը «Մեյսիս Ինֆորմեյշըն Սիսթեմս» ընկերությունն ու Դատական դեպարտամենտն են, եւ դրանցով, ինչպես վերը նշեցինք, հստակ սահմանված է, որ անհրաժեշտ է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցումը Datalex համակարգի սերվեր։ «Մեզ խանգարողն այն է եղել, որ ստուգումներն այնքան շատ են, որ․․․ Ստուգում-ստուգում-ստուգում, առավոտից իրիկուն զբաղված ենք ստուգելով, իսկ էդ մյուս մասով հստակ խնդիր չկա դրված, Դեպարտամենտը, հասկանալով, որ մենք հիմա ստուգումների մեջ ենք․․․ Դրանք էլ վտանագավոր են, էդ քաղդատավարության պայմանագիրը, որ կնքել ենք, կարող է բռնեն, ընդհատեն, մենք մեր աշխատանքը կատարում ենք, իրենք էլ ստուգում են»։ Ի պատասխան հարցին՝ իրենց գնահատմամբ օրինաչա՞փ են այդ ստուգումները, ասաց, որ չափից շատ են։ Հարցին՝ դրա մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնում են Նախարարության մոտ, ասաց․ «Դե, իհարկե, բայց դե, Նախարարությունն է, ամեն ինչ մանրակրկիտ, մինչեւ վերջին տառը ստուգում է, մի տեղ որ շահում ես, մի տեղ կորցնում ես, չէ՞։ Մյուս հարցին՝ արդյո՞ք Դեպարտամենտը դժգոհություն չի հայտնում, որ իրենց ողջ ռեսուրսներն այդ ուղղությամբ են գնում, ասաց․ «Դե, ի՞նչ անի Դատական դեպարտամենտը»։ Թե երբ նոր համակարգը կհանձնվի շահագործման, եւ երբ կանցնեն Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել, նշեց՝ շահագործման հանձնելը միայն իրենցից չէ կախված, այլ փոխկապակցված մյուս կողմերից եւս։ Հարցազրույցի վերջում նա խնդրեց նախքան նյութի հրապարակումը այն ուղարկել իրեն, իսկ երբ մերժեցինք՝ նշելով, որ նախապես նման պայմանավորվածություն չենք ունեցել եւ նման պրակտիկա էլ չունենք, ասաց՝ համարենք, որ այդ դեպքում ոչինչ էլ մեզ չի ասել։ Նշենք, սակայն, որ ողջամիտ չէ զրույցի ինչ–որ պահից պայմաններ առաջ քաշել եւ ետ վերցնել խոսքերը, հատկապես, երբ լրագրողը նախապես տեղեկացրել է պատրաստվող նյութի թեմայի մասին՝ ստանալով ձայնագրման համաձայնություն։ Լրագրողի խոսքով՝ Datalex-ում տեղեկությունների բացակայությունը խոչընդոտում է իր աշխատանքը Hetq.am լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը մեր զրույցում փաստեց՝ ոլորտով զբաղվող լրագրողները օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում են Datalex-ից, եւ Հակակոռուպցիոն դատարանի գործերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջ բերում․ «Ինչքան էլ ԲԴԽ կայքում հրապարակվում են տեղեկություններ, օրինակ՝ նիստերի վերաբերյալ կամ վերջնական դատական ակտեր, դրանք շատ քիչ ու սահմանափակ են լրագրողի համար տվյալ գործի հետ կապված ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ չեն ապահովում հրապարակայնություն՝ բովանդակային առումով։ Ինչո՞ւ, որովհետեւ կան գործեր, որ անվերջ ձգվում են կամ անհարկի ձգձգվում, եւ մենք չունենք տեղեկություն, թե քանի անգամ է նիստ նշանակվել, ինչ պատճառով է հետաձգվել, մինչդեռ Datalex-ում այլ գործերով որոշակի տեղեկություն հրապարակվում է, օրինակ՝ դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով, կողմի միջնորդությամբ եւ այլն, եւ հետեւաբար, եթե լրագրողը ուզում է խորքային նյութ պատրաստել կոնկրետ թեմայով, զրկված է լինում այդ տեղեկություններից»։  Մյուս խնդիրը, ըստ լրագրողի, այն է, որ ԲԴԽ կայքում ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ եւ ինտերակտիվ չէ․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախապես չեմ իմացել, որ նիստը լինելու է երկուշաբթի (ԲԴԽ կայքում ժամանակացույցը, որպես կանոն, հրապարակվում է հենց երկուշաբթի օրերին,-հեղ․), ու չեմ կարողացել գնալ, որովհետեւ նախապես չեմ կարողացել գործերս այնպես դասավորել, որ գնամ, մինչդեռ եթե Datalex-ում լիներ, կտեսնեի, որ օրինակ, մեկ շաբաթ հետո նիստ է լինելու, ու այնպես կդասավորեի գործերս, որ գնայի։ Բացի այդ, ժամանակացույցը ինտերակտիվ չէ, որ կարողանաս դրանից ինչ-որ բան հասկանալ, հենց զուտ այն, որ շաբաթվա կտրվածքով մի անգամ հրապարակվում է ու վերջ, ընթացքում ինչ-որ բան լինում է-չի լինում, փոխվում է-չի փոխվում, հասանելի չի դառնում, մինչդեռ Datalex-ում այդ տեղեկությունները թարմացվում են եւ հնարավոր է տեսնել»։ Հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը ծրագրային եւ տեխնիկական պատճառներով պայմանավորելը, ըստ լրագրողի, ընդունելի չէ․ «Հակակոռուպցիոն դատարանը մեկ օրում չի ստեղծվել, նախագիծ է շրջանառվել, քննարկվել, այսինքն՝ որոշակի ժամանակ է անցել, մինչեւ դա դարձել է օրենք, եւ ստեղծվել են դատարանները, հետեւաբար դա ողջամտորեն կարող է հիմք ստեղծել մեզ մոտ՝ մտածելու, որ այդ աշխատանքները կարող էին մեկնարկել ավելի վաղ»։ Ընդ որում, հարկ է նշել նաեւ, որ դատարանն էլ է իր գործունեությունը ուշ սկսել․ նախատեսված 2021 թ․-ի փոխարեն՝ 2022 թ․ օգոստոսին․ «Բացի այդ, տեխնիկայի դարաշրջան է, մարդիկ այդ ամիսների ընթացքում քաղաքներ են սարքում, մինչդեռ մեզ մոտ մեկ տարի է՝ չեն կարողանում Datalex-ի հարց լուծել, դա, անկեղծ ասած, դպրոցական մակարդակի պատճառաբանություն է, այն, որ երեխան ուշանում է դասից, հազար պատճառաբանություն է բերում, նույն ոճով պարզաբանում են, թե դեռ ընթացքի մեջ է, լավ, ընթացքը վերջ չունի՞, դա էլ է պայմանագրային հարաբերություն, ընկերության հետ ունես պայմանագրային հարաբերություններ, վերջը ե՞րբ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պարզապես չկա խնդիրը արագ լուծելու ցանկություն․ «Խնդիը անլուծելի չէ, տեխնիկական հարց է, եւ նոր համակարգ չպետք է սարքել, Datalex-ը գոյություն ունի, բազային տվյալները կան, դետալային բաներ պիտի ավելացվեն, որ եւս մեկ դատարան կարողանա իր վարույթում եղած գործերով տեղեկությունները հրապարակել, պարզապես չեն ցանկանում հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովել, միայն դա է առաջինն իմ մտքում, թե իրականում ինչ ցանկություններվ են առաջնորդվում, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հրապարակայնության վրա․ որովհետեւ ոչ միայն տեղեկությունների հրապարակումն է խնդրահարույց, այլեւ նույն դատարանի դատավորները, այսինքն՝ կարծես այդ դատարանը ստեղծվել է հենց նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներով ինֆորմացիայի հոսքը հնարավորինս կանխվի»,- նշեց Բալասանյանը՝ մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները պարբերաբար խոչընդոտների են բախվում, երբ դատավորները կողմերից մեկի առարկության դեպքում ամբողջությամբ են արգելում տեսա կամ լուսանկարահանումը, այլ ոչ թե առարկող կողմի մասով, ինչպես այլ դատարաններում է սովորաբար արվում, կամ երբ նիստի մեկնարկից րոպեներ անց ներկայանալու դեպքում ուշացման պատճառաբանությամբ թույլ չեն տալիս լրագրողին նիստի տեսա եւ լուսանկարահանման խնդրանքով դիմել (ըստ օրենքի՝ դրա համար լրագրողը պետք է ստանա դատարանի թույլտվությունը,-հեղ․)․ «Այսինքն՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե տեխնիկական լուծումներն են կամ դրա դժվարությունները, այլ ցանկության բացակայությունը, որ տեղեկությունը հնարավորինս քիչ հրապարակվի»։ Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկից մեկ տարի անց շարունակվում է խախտվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, քանի որ չեն հրապարակայնացվում դատարանի վարույթում եղած գործերի վերաբերյալ հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչը նաեւ գործնական խոչընդոտներ է ստեղծում ոլորտով զբաղվող կամ հետաքրքրվող քաղաքացիների համար, իսկ պատասխանատու կողմերն էլ կամ չեն պարզաբանում հապաղման պատճառները՝ հերթական անգամ նշելով, որ ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են, կամ դա պայմանավորում են աշխատանքային այլ ծանրաբեռնվածությամբ։   Միլենա Խաչիկյան
17:16 - 31 օգոստոսի, 2023