2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։
Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, սակայն հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։
Սուսաննա Համբարձումյանի թոռը՝ Էրիկ Մարտիրոսյանը, Վանք գյուղի տներից մեկում թաքնված, պատերազմի ավարտից հետո հայտնաբերված եւ սպանված զինծառայողներից է։
Դատավոր Ջոն Հայրապետյանը
Համբարձումյանը, որ դատարան էր ներկայացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, Վահանյանին տեսնելով, հուզվեց․
– Ինչի՞ էս լավ մարդկանց մեջ հանդիպեցի, նրանց խաթր չեմ կարողանում քեզ արժանի բառեր գտնել,– արտասվելով ասաց նա։
Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանգստացնել տուժողի իրավահաջորդին, բացատրել, որ դահլիճում գտնվող բոլոր ծնողներն էլ իրենց վիշտն ունեն․
– Մարդ կա՝ երկու որդի է կորցրել, պատկերացրեք՝ իր վիշտը ինչքան է։
– Ես էլ 6-ն եմ կորցրել,– ասաց Համբարձումյանը՝ նկատի ունենալով իր թոռանն ու նրա հետ շրջափակման մեջ զոհված 5 տղաներին։
Սուսաննա Համբարձումյանը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը
Սուսաննա Համբարձումյանը պատմեց, որ իր թոռը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 20-ին, սակայն կարանտինով պայմանավորված՝ սկզբում Մարտունիում է եղել․ «Իմ էրեխեն սկզբում հեռախոս չուներ, զանգեց ուրիշի համարից, թե լավ է, կնքվեցինք, տատի՛ ջան, սաղ ասավ՝ գումարտակի հրամանատար, սերժանտներ․․․ Հրամանատարը՝ Վազգեն Վարդանյանը (վաշտի հրամանատարն է,–հեղ․), էն ինչ մի բարի անձնավորություն էր, որ մեռնեմ էլ, սրտումս դաջվածք կանեմ էդ անունը, իր հեռախոսով զանգեց, ինքն էլ խոսաց, ասաց՝ տա՛տ ջան, ան, թոռիդ հետ խոսի, ասաց՝ կորոնայի ժամանակ որ գաք, կպատժվեք․․․ Իրիկունն էլ զանգում էր, թոռնիկիդ հետ խոսի, էդ ինչ յուրահատուկ մատուցում էր անում, թոռանս անունը «Խելոք» էր դրել, ասում էր ՝ Խելո՛ք, արի՛, ասում էի՝ խի՞ ես Խելոք ասում, ասում էր՝ էնքան խելոք ա, Խելոք ջան եմ ասում, ասեցի՝ ես էլ քեզ ջան կասեմ, Վազգեն ջան»։
Համբարձումյանը հայտնեց՝ հոկտեմբեր ամսին, երբ իր թոռն արդեն Հադրութում է եղել, հոսպիտալում տեսակցել է Վարդանյանին․ «Ասաց՝ ինձ գտաք, Էրոյին գտե՞լ եք, ասեցի՝ Վազգեն ջան, որտե՞ղ գտնեմ, դու էիր մեզ միջնորդը, ասաց՝ երնեկ ման գաք, գտնեք Խելոքիս»։
Դահլիճում գտնվող այլ ծնողներ, սակայն, հայտնեցին, որ Վազգեն Վարդանյանը վիրավորում չի ստացել։ Նշենք, որ նա նահանջի ժամանակ զորքի մի մասի հետ ճիշտ ուղղությամբ գնացած եւ փրկված սպաներից է։ Դատաքննության սկզբում Վարդանյանը ներկայացել է դատարան եւ պատմել նահանջի եւ դրան նախորդած իրադարձությունների մասին։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Համբարձումյանի խոսքով՝ ինքը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը, օրական 3-4 անգամ խոսել են․ «Որ հարցրի՝ ինչի՞ եք անտառներում քայքայված․․․ Որովհետեւ․․․ [Վահանյանը] իջել է ներքեւ, որ սկոռուն բերի, վիրավոր տանի, սկոռին եկել է, թե չէ, վերքը պոկել է, նստել, գնացել է․․․ Ադոյան Դավիթին պիտի էդ սկոռին տաներ, ինքն է նստել, փախել, իմ բալեն է ասել»։
Դրա պատճառով, ըստ տիկին Սուսաննայի, զորքը ընկել է շրջափակման մեջ։ Իր թոռն ու համածառայակիցները, չցանկանալով լքել իրենց վիրավոր ընկերոջը, ողջ ընթացքում նրան իրենց հետ տեղափոխել են, մինչեւ վերջին րոպեն կողքին եղել։ Համբարձումյանն էլ այդ օրերին հեռախոսով կապի մեջ է եղել․ «Միամիտ էրեխեք էին՝ 2-3 ամսվա զինծառայող, մի ամիս հույս էինք տալիս, լույս էինք տալիս, մթնեց․․․ Ամբողջ գիշեր ես հեռախոսակապով էդ էրեխի (նկատի ունի՝ Դավիթ Ադոյանին,–հեղ․) տնքոցը լսեի, չքնեի․․․»
Այդ գիշերը, ըստ տիկին Սուսաննայի, Ադոյանի վերջին գիշերն է եղել (նրա մոր հարցաքննությունը՝ այստեղ), 5 ծառայակիցները նրան հուղարկավորել են, դրանից հետո իրենք են հայտնաբերվել թշնամու կողմից․ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը։
Ըստ Արմեն Ագանեսյանի՝ նորակոչիկներին առաջնագիծ տանող բոլոր պատասխանատուներն էլ մեղավոր են
Այսօր հարցաքննված մյուս վկան Արմեն Ագանեսյանն էր՝ զոհված Հայկ Ագանեսյանի հայրը։
Վերջինս չէր ճանաչում Իշխան Վահանյանին, կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ․ «էրեխուն մի ամիս չկար՝ ուղարկել էինք, չկա էրեխեն, վերջ, ես էլ ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ, ասում են՝ հրամանատարները լրիվ էրեխեքին առաջին գծում թողել են, իրենք փախել են, էդքան բան գիտեմ ես»,– ասաց նա։
Ագանեսյանի որդին եւս Ջրականում է ծառայել, սակայն կարանտինով պայմանավորված՝ ծնողները նրան չեն կարողացել այցելել, հստակ չգիտեն էլ՝ զինվորական երդում տվել է թե չէ։
Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Արմեն Ագանեսյանը
Պատերազմի մեկնարկից հետո որդու հետ հեռախոսակապի մեջ են եղել, թե մինչեւ երբ, հայրը դժվարացավ հիշել․ «Խոսացել ենք մի քանի անգամ․․․ Ջաբրայիլը որ գմփացրին, իմացանք ստեղից–էնտեղից, որ էրեխեքին տարել են Հադրութ՝ բունկեր․․․ Բայց ոչ մի բունկեր էլ չեն տարել, գիտեմ, որ ինչ–որ դպրոց են եղել, էնտեղից էլ հանել, տարել են դիրքեր․․․ Ինքը մեզ ասել է՝ բունկերում ենք, պապ ջան, արխային եղի, ի՞նչ բունկեր, առաջին գիծ են եղել, սաղ սուտ էր․․․ Սպաներից մեկը վիրավորվել է թե խփել են, ուրիշ սպա են բան արել էդ ժամանակ, դա էրեխեքին թողել, փախել է, գնացել, կորել են, մտել են մի տուն, տան մեջ մնացել, ես այլ մանրամասներ չգիտեմ»։
Կատարվածի համար հայրը բոլոր պատասխանատուներին է մեղավոր համարում․ «Սաղ թողել, փախել են, ով կա–չկա, սաղ էլ մեղավոր են, որ էդ էրեխեն ավտոմատ բռնել չգիտեր, բայց գնացել է պոստ, կրակել գիտե՞ր էդ էրեխեն, որ տարել են պոստ, բոլորը մեղավոր են, բոլորը՝ Փաշինյանից բռնած»,– ասաց նա։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Համբարձումյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)