«Խուռհատ սար»-ի քրեական գործ

Խուռհատ սարի անվանումը ստացած քրեական գործը 44-օրյա պատերազմին առնչվող գործերից է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մասնակցությամբ Հադրութին հարակից Խուռհատ սարում մարտական օպերացիայի մանրամասները։

Ուսումնական գումարտակի նորակոչիկ անձնակազմը հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սար, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։

Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին այլ սպաների հետ հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ, պատշաճ տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։

Իշխան Վահանյանը մեղադրանքը չի ընդունում։

«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց 1 ժամ ուշացումով, քանի որ կալանավորին դատարան ուղեկցող ոստիկանության ծառայողները մեղադրյալ Գրիգորյանին ուշ բերեցին դատարան։  Դատական նիստերի մեկամսյա հարկադիր հետաձգումից հետո այսօր դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը։ Նա մեկն է այն 6 ժամկետային զինծառայողներից, որոնք հոկտեմբերին ընկել էին շրջափակման մեջ եւ 70 օր անտառներում ու սարերում անհայտության մեջ մնալուց հետո 2020թ․ դեկտեմբերի 20-ին վերադարձել հայրենիք։ 1999թ․-ին ծնված Արման Արմաղանյանը նորակոչիկ է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Նա Արցախի Հանրապետություն ծառայության է մեկնել 2020թ․ հուլիսին։ Սեպտեմբերի 27-ին, դեռ նորմալ կրակային պատրաստություն էլ չանցած, Ջրականի զորամասից՝ իրենց մշտական տեղակայման վայրից, 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտը, հրամանատարությամբ Հայկազ Գրիգորյանի, հայտնվում է ռազմաճակատում։ Մեկ շաբաթ հետո Ջրականի ուսումնական գումարտակն արդեն Հադրութի Խուռհատ սար կոչվող տեղամասում էր, որտեղից նահանջի արդյունքում էլ Արմանն ու ծառայակիցներն ընկել են շրջափակման մեջ։  Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննության առարկա են Խուռհատ սարի դեպքերին նախորդած իրադարձությունները, մասնավորապես Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջի դրվագները։ Խուռհատ սարին առնչվող դեպքերը քննվում են Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում․ այդ դատավարության մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ Խուռհատ սարի գործով դատաքննության ժամանակ Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ։ Ըստ վկայի՝ նորակոչիկների վաշտը պատրաստ չի եղել ներգրավվել մարտական գործողությունների Հակակոռուպցիոն դատարանում Արման Արմաղանյանը հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Հայկազ Գրիգորյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, զորացրվելուց հետո նրա հետ առնչություն չի ունեցել։ Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ վկա Արմաղանյանն ասաց, որ չի կարծում, թե իրենց վաշտը պատրաստ էր ներգրավվել մարտական գործողությունների։ Ըստ Արմանի՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հանձնարարվեր թիկունքային աշխատանքներ կատարել կամ էլ իրենց ուսումնական գումարտակը ցրվեր այլ գումարտակների միջեւ։ Հարցաքննության ընթացքում նա մտաբերեց, որ սեպտեմբերի 27-ի տագնապից հետո, երբ իջել են ապաստարան, մի քանի զինվորներ այնտեղ են իջեցրել զենքերը, եւ զինծառայողները դրանք վերցրել են պատահականության սկզբունքով, այսինքն՝ ոչ իրենց կցված զենքերը։ Ըստ Արմանի՝ այդ պահին առաջնային խնդիրն արագությունն է եղել։ Ինքն անձամբ, վաշտում լինելով հրաձգիգ, վերցրել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ․ «Փորձը ցույց տվեց, որ զինվորներն անգամ հրամաններ չգիտեին, չգիտեին՝ պատերազմի ժամանակ ինչ պետք է անել։ Բայց իմ գնահատականն, իհարկե, էդքան պրոֆեսիոնալ չէ»,- ասաց Արմաղանյանը։  Այն տեղամասը, որտեղ մարտական հերթապահության է ընդգրկվել 70-80 հոգանոց իրենց զորքը, կոչվում է «Չռիկներ»։ Վաշտի հետ եղել են երկու սպաներ՝ Հայկազ Գրիգորյանը եւ լեյտենանտ Գագիկ Հարությունյանը․ «Մեզ հետ կար Նազարյան Հովոն (դասակի հրամանատար,- հեղ․), որ մեր վաշտի մի մասի հետ ուրիշ տեղում էին, մեզանից հետ էին ավելի, բայց համզված չեմ, կարող ա՝ կողքի գծում լինեին»,- հավելեց վկան։ Գումարտակի մյուս ստորաբաժանումների տեղակայման դիրքերի մասին Արմանը հստակ տեղեկություններ չի ունեցել։ Ընդհանուր առմամբ՝ իրենց վաշտի ծառայողները հստակ չեն էլ իմացել՝ իրենք որ բնագծում են՝ առաջի՞ն, երկրո՞րդ, երրո՞րդ․ ամեն մեկը մի բան է ասել, ինքը՝ Արմանն էլ, հստակ չի իմացել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք նշել են, որ Գրիգորյանի վաշտը գտնվել է երկրորդ բնագծում եւ խնդիր է ունեցել պաշտպանել առաջին գումարտակի թիկունքը։ Վկան ասաց, որ ինքը նման բան չի լսել․ «Մենք հասկացել էինք սենց՝ զուտ պետք ա պահենք գիծը, որ թշնամին չգա»։ Զորքը ԱԹՍ-ներին ավտոմատներով խոցելու հրաման է ստացել Վկայի խոսքով՝ այդ հատվածում իրենք հակառակորդի հետ անմիջական մարտի երբեւէ չեն բռնվել, սակայն մշտապես եղել են տարբեր ինտենսիվությամբ հրետակոծության ներքո, իսկ երբեմն նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր են եկել, որոնց ավտոմատներով խոցելու հրաման են ստացել։ Արմանը հիշեց, որ եղել է օր, երբ հրետանու արկն արկի հետեւից է ընկել, եւ իրենք նույնիսկ չեն կարողացել գլուխները հանել խրամատից։ Անտառի կողմից զինվորները, այդ թվում Արմանը, ինչ-որ շարժ նկատել են, բայց նա վստահ չէ՝ դրանք մարդի՞կ են եղել, թե՞ կենդանիներ։ Միաժամանակ, նա հիշում է, որ այդ կողմից իրենց ուղղությամբ հրաձգային զենքից կրակոցներ են եղել։ Վկա Արման Արմաղանյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․) Նահանջի պատճառը շրջափակման մեջ ընկնելու վտանգի մասին լուրերն են եղել «Չռիկներ» կոչվող տեղամասում զորքը մոտ մեկ շաբաթ է մնացել՝ մինչեւ նահանջ կատարելը։ Նահանջի պատճառ, ըստ վկայի, եղել են այն խոսակցությունները, որ իրենց թիկունքից հակառակորդի զորք է մոտենում, իսկ դիմացից՝ 50-ին մոտ տեխնիկա։ Արման Արմաղանյանի խոսքով՝ եթե այդ տեղեկություններն իրական են եղել, ապա իրենց վաշտը ունակ չէր լինելու դիմակայել հարձակմանը։ Զորքն այդ հատվածում շատ զոհեր չի ունեցել։ Վկան մտաբերեց, որ մի սերժանտ զոհվել է, ըստ ամենայնի, հակառակորդի դիպուկահարի կրակոցից, մեկ այլ զինվոր, իր տեղեկություններով, հայկական ուժերի տանկի արկի հարվածից։ Նահանջի նախորդ օրը, ըստ վկայի, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի եւ լեյտենանտ Հարությունյանի միջեւ խոսակցություն է եղել՝ պե՞տք է նահանջել, թե՞ ոչ։ Արմանը, սակայն, չէր մտաբերում, թե սպաներից ով որ որոշման կողմնակիցն էր։ Ի վերջո որոշում է կայացվել նահանջել։ - Ըստ Ձեզ՝ խոսակցություններ են եղել, որ հակառակորդը թիկունքից փորձել է շրջանցել ձեզ։ Այդ մասով դուք կամ ձեր սպաները փորձեցի՞ք ինչ-որ միջոցներ ձեռնարկել,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Չեմ կարող ասել, թե ում հետ են կապի դուրս եկել, բայց գիտեմ, որ Հովոյենց հետ կապի եղել են։ Ես էն ժամանակ power bank (լիցքավորող մարտկոց) ունեի, ու հիշում եմ դրվագ, որ Հայկազ Գրիգորյանին եմ տվել մի պահ, քանի որ ռացիայի զարյադկան նստում էր, ինքը փորձում էր լիցքավորել։ Հետո ուրիշ ռացիա եկել ա, թե չէ՝ ինֆորմացիա չունեմ,- պատասխանեց վկան։ - Դա նահանջի՞ օրը, թե՞ դրանից առաջ։ - Ինձ թվում ա՝ մի երկու օր առաջ։ - Դուք անձամբ ինչ-որ տեխնիկա կամ անձնակազմ նկատե՞լ եք։ - Անձամբ չեմ տեսել, շարժ տեսել եմ անտառի կողմից։ - Մինչեւ այս հարցաքննված վկաներից ասել են, որ հեռադիտակով տեսել են մոտավորապես 100 կամ ավելի տեխնիկա, որոնք եկել են ձեր մարտական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։ - Ես անձամբ չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ կարող է նման բան լինել, որովհետեւ նման բան պատերազմի ժամանակ էլ եմ լսել։ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը այս հանգամանքին առնչվող հակասություն նկատեց վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ ։ Նորիկյանն ընթերցեց Արման Արմաղանյանի՝ քննիչի մոտ հարցաքննության այն հատվածը, որտեղ վկան նշել է, որ ինքն անձամբ հեռադիտակով դիտարկել եւ նկատել է իրենց ուղղությամբ շարժվող հակառակորդի խմբեր, իսկ այժմ՝ նախաքննական ցուցմունքից մեկ տարի էլ չանցած, դատարանում ասում է, որ ինքը չի տեսել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն արձագանքեց, որ քննիչի հետագա հարցերին վկայի պարզաբանումներից հասկանալի է դառնում, որ մոտեցող հակառակորդի մասին վկան միայն լսել է, ուստի ինքը հակասություն չի նկատում ցուցմունքում։ Նորիկյանն առարկեց, դատարանը եւս գնահատեց, որ հակասությունն ակնհայտ է։ Վկա Արմաղանյանը պարզաբանեց, որ հեռադիտակով տարբեր բաներ դիտարկել է, բայց հիմա չի հիշում, թե այդ ժամանակ ինչ է տեսել։ Ամեն դեպքում, նա ասաց, որ նախաքննական իր ցուցմունքը ճշմարտացի է․ «Հիմա, անկեղծ, չեմ հիշում՝ էդ ժամանակ ինչ եմ տեսել, կարող ա շարժ եմ տեսել, ինձ թվացել ա, համոզված չեմ՝ հակառակորդ ա եղել, թե ոչ, հիմա չեմ կարող համոզված ասել»։ Ըստ վկայի՝ վերադաս հրամանատարությունից ասել են՝ տանկերին ավտոմատներով էլ կարող եք կրակել «Չռիկներ» տեղամասում 6-7 օր մնալուց հետո զորքը նահանջել է։ Նահանջի մասին վերադաս հրամանատարությանը զեկուցվել է, թե ոչ, վկան չէր հիշում, ինքը չէր լսել որեւէ բան։ Արման Արմաղանյանը պատմեց, որ գծով նահանջել են մինչեւ ինչ-որ տարածք, որտեղ եղել է տանկի համար նախատեսված խրամուղի, որտեղ եւ կանգ են առել։ Արմանի խոսքով՝ այդտեղ գնդի հրամանատարությունից ինչ-որ մեկի հետ կապի են դուրս եկել․ «Երբ էդտեղ խոսեցինք, մեզ ռացիայով շատ վատ խոսքերով ասեցին՝ հետ գնացեք, տարբեր բաներ էին ասում՝ վիրավորանքներ, ինձ չի թվում, որ ստեղ պետք ա նկարագրել։ Չեմ հիշում՝ ինչ եզրահանգման եկանք, ես ամենամոտը չէի ռացիային, որ լսեի։ Դրանից հետո մեր սերժանտ Վահանի ուղեկցությամբ շարունակեցինք նահանջը, որովհետեւ ինքը տեղանքը լավ գիտեր։ Սաղ զորքն էր ու մի քանի մոբ»,- ասաց վկան։ Նա չմտաբերեց, թե ով է խոսել վերադաս հրամանատարության հետ, բայց ենթադրեց, որ կապի դուրս եկողը պետք է սպա լիներ։ Արմաղանյանն ասաց, որ վերադասությանը հայտնել են, որ իրենց ուղղությամբ տանկեր են գալիս, չունեն հատուկ տեխնիկա, մի երկու հակատանկային արկ ունեն, իսկ մյուս կողմից պատասխանել են, որ ավտոմատներով էլ կարող են կրակել տանկերին՝ «բաշնյայի ու հիմնական մասի արանքով կրակեք, կտրաքի»։ Այս պատասխանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Արման Արմաղանյանին աբսուրդ է թվում։ «Սպան ասում էր՝ հետ գնացեք ձեր դիրքերը, մեր պատասխանն էն էր, որ մեր վրա գան, զուտ մեր վրայով անցնելու են, ֆիզիկապես չենք կարա դիմակայենք»,- ասաց Արմաղանյանը։ Նա հիշեց մի դեպք, որ այդ նահանջի ընթացքում յուրային ստորաբաժանումներից մեկը չի իմացել, որ այդ ուղղությամբ մեր զորքը նահանջ է անում, ու կրակել է, ինչի պատճառով վաշտի տղաներից մեկը թեթեւ վիրավորում է ստացել։ Հրաձգությունը դադարել է, երբ տղաները գոռացել են, որ իրենք հայ են․ «Անփորձ զինվորները գոռացին՝ մենք հայ ենք, հայ ենք։ Բախտներս բերեց՝ իրենք էլ էին հայ»։ Նահանջի ժամանակ դասակի հրամանատար Հովհաննես Նազարյանն իրենց հե՞տ է եղել, հետաքրքրվեց հանրային մեղադրողը։ Վկան, սակայն, հստակ չմտաբերեց, միայն ասաց, որ հիշողության մեջ մի դրվագ կա, երբ տանկի խրամուղուց էլի նահանջել են, մի խրամատում եղած ժամանակ զորքին հաշվել են, եւ, իր տպավորությամբ, հաշվողը կարող էր Հովհաննես Նազարյանը լինել, որը սկզբանական նահանջ անելու պահին իրենցից հետ է եղել իր զորքի հետ։ «Խնդիրը սենց ա եղել․ նահանջելու ժամանակ, քանի որ բավականին շատ ենք եղել, ես էդ ժամանակ ոչ ընկալում եմ, թե քանի հոգի ենք, ոչ էլ տարբեր մարդկանց եմ ման գալիս։ Էն մարդկանց, ում ման էի գալիս, էն մարդիկ են, որոնց հետ հետ ենք եկել, որոնց հետ պատերազմի ժամանակ ավելի մտերիմ էինք։ Ես չէի հաշվում, թե քանի հոգի են, որովհետեւ գիտակցում էի, որ ես ժամկետային զինծառայող եմ, որը երկու ամիս ա ծառայել, ու ամենամեծ օգուտը, որ կարամ տամ, զուտ չխանգարելն ա»,- պարզաբանեց Արմաղանյանը՝ նշելով, որ ուշադիր չի եղել, թե ով իրենց հետ չկա,- «ի սկզբանե ես մտածում էի, որ լեյտենանտ Հովոն իր ստորաբաժանման հետ լրիվ ուրիշ տեղում ա եղել»։ Այդ տեղանքից էլ զորքը հասել է Հադրութի դպրոց։ Արմանի մոտ եղել է բջջային հեռախոս, որը նա միացրել է 5-6 օրը մեկ, որպեսզի մարտկոցը երկար դիմանա։ Երբ դպրոցում միացրել է, բաց թողած զանգեր է տեսել ծառայակիցներից մեկի եղբորից․ «Հետ զանգեցի, ինձ հարցրեց՝ Սամոյից (սերժանտ է եղել Հովհաննես Նազարյանի զորքից, զոհվել է,- հեղ․) ինչ-որ ինֆորմացիա ունե՞ս, ասացի՝ չունեմ, էդ ժամանակ սկսեցի հասկանալ, որ մի բան էն չի, առնվազն մեր հետ չի, մտածեցի՝ ուրիշ տեղ դիրքավորված ա։ Հետո իմացա, որ որոշ զինվորներ հետ են մնացել»։ Հանրային մեղադրողը ճշտեց՝ մնացել են այն դիրքում, որտեղից նահանջե՞լ են իրենք, վկան պատասխանեց․  - Կամ հետ են մնացել, կամ չեն իմացել, որ մենք նահանջում ենք, բայց միտքը մնում ա էն, որ չեն եկել մեր հետ։ - Իսկ Հովհաննես Նազարյանի՞ց ինչ տեղեկություն ունեք, ինքն էլ է՞ր մնացել։ - Ինքն էլ էր մնացել, բայց պատերազմից հետո իր հետ խոսելիս հասկացա ընդհանուր պատկերը։ Իմացա, որ մենք հետ ենք նահանջել ու իրենք տեղյակ չեն եղել դրա մասին։ Բայց սա՝ Հովոյի պատմելով, ես անձամբ չեմ հիշում։ - Իսկ Հովհաննես Նազարյանը հարցաքննվելիս նշել է, որ ինքը տեղյակ է եղել, ուղղակի մի քանի սերժանետների հետ հրաժարվել է միանալ ձեր խմբին։ - Ես Հովհաննես Նազարյանի հետ խոսել եմ պատերազմից հետո՝ դեկտեմբերի 26, 28-ին, երբ հիվանդանդոցում էի։ - Սերժանտ Սամվելը զոհվել է այն դիրքում, որտեղից նահանջե՞լ եք։ - Ինքը Հովոյի հետ ա եղել, ենթադրաբար՝ հա։   «Եթե չնահանջեինք, կմնայինք էդտեղ, էդտեղ էլ կզոհվեինք» Խրամատում հաշվարկից, ապա տանկի խրամուղուց դուրս գալուց հետո զորքը հասել է «9կմ» կոչվող տարածք, ապա մի նկուղային տարածք, որտեղ վիրավոր զինվորներին առաջին օգնություն էին ցուցաբերում։ «Չռիկներից» նահանջից հետո զորքը այլ բնագիծ չի զբաղեցրել մինչեւ այն պահը, երբ այդ նկուղային տարածք հասնելու հաջորդ առավոտ գնդի շտաբի պետի ուղեկցությամբ գնացել են ինչ-որ մի սար, որտեղ հրաման են ստացել դիրքավորվել․ «Մեզ հրաման տվեցին դիրքավորվել էս ուղղությամբ, մենք դիրքավորվեցինք, հետո մի ուրիշ սպա եկավ, ասաց՝ դիրքավորվեք հակառակ ուղղությամբ։ Մի երեք ժամ էնտեղ մնացել ենք, ու անձրեւի տակ հետ ենք եղել։ Ինձ թվում ա էդ Հադրութի մեջ էր»,- ասաց վկան։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ զորքը չի ենթարկվել սպայակազմին եւ ինքն է նախաձեռնել նահանջը․ - Համոզված եմ, որ չէ,- ասաց վկան։ - Եթե նահանջելու հրաման չլիներ, կմնայի՞ք էդ բնագծում։ - Ինձ թվում ա՝ կմնայինք էդտեղ ու էդտեղ էլ կզոհվեինք։ - Դե շատերն են զոհվել, մնացել են եւ զոհվել։ - Իմ պատասխանն էն ա, որ հաստատ կմնայինք։ Որպես էդպիսին փախնել, կարող ա մոբերից, բայց սովորական զորքը մաքսիմում լսում էր՝ ինչ ա ասում հրամանատարությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․) Ըստ Արման Արմաղանյանի՝ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը զորքին ասել է, որ այդ տեղանքը 3-րդ չէ՝ 4-րդ գիծ է։ Արմաղանյանի պատմելով՝ դա ինչ-որ բլուր էր՝ դիմացը սար։ «Թուրքի գերեզմանը», ըստ վկայի, ինչ-որ այգուց բաժանված էր ցանցով, որի երկայնքով զորքը բացազատվել է։ Վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ Էդ ժամանակ ես մտածում էի, որ Հայկազն էլ, ստարշինան էլ մեր հետ են, իմ էդ կարծիքը նաեւ կիսում էին մնացած զինվորները։ Օրինակ, հետո սերժանտ Լյովը նահանջի ժամանակ մանրակարկիտ նկարագրութամբ նկարագրում էր, թե ոնց էր ստարշինան գետնին պառկած արյունլվիկ վիճակում։ Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»։  Այդ տարածքում, որտեղ տեղակայվել է զորքը, հակառակորդը սկսել է կրակել իրենց ուղղությամբ հրաձգային զենքերով եւ հրետանիով․ «Քանի որ զորքն ընդհանրապես պատրաստ չի եղել, ոմանք ուղղակի նահանջ ասվածի տակ [...] (խոսքը կիսատ է մնում,- հեղ․)։ Էդ զինվորները հիմա զոհված են։ Երբ մենք դպրոցում էինք, Վարդերեսյանը (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը,- հեղ․) ասաց՝ նահանջել չգիտե՞ք, երկու հոգին կրակն ա ապահովում, երեք հոգին նահանջում ա։ Էդ ժամանակ մենք չգիտեինք, չէինք սովորել դա։ Էդ «Թուրքի գերեզմանում» զինվորներն ասում էին՝ ոնց էր ասո՞ւմ Վարդերեսյանը՝ երկու հոգին պահում են, երեք հոգին վազելով փախնում են»։ Այս դրվագը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի մոտ հարց առաջացրեց՝ բա զորքի հետ եղած սպաներն ի՞նչ էին անում, որ զինվորները փորձում էին Վարդերեսյանի ասածը հիշել։ - Ես չեմ ասում, որ սպայի մեղավորություն չկա,- ասաց վկան, - եթե էս օրին հասել ենք, ուրեմն ինչ-որ մեղավորություն եղել ա։ Բայց էդ ժամանակ, ի սկզբանե, ինձ թվում ա սպայի գործողությունը կարող էր լինել էն, որ մեզ չթողեին էդտեղ գնալ։ - Հիմա գնացել եք, հակառակորդը հարձակվել ա։ Սպաները՝ Հայկազ Գրիգորյանը, ավագ ենթասպան, ի՞նչ հրամաններ էին տալիս, ի՞նչ գործողություններ էին կատարում։ - Քանի որ մենք արդեն բացազատվել էինք եւ մեր մոտակայքում սպա չկար, հրամանները մեզ հասնում էին իրար փոխանցելով։ Երբ մեր վրա կրակում էին, հասկացանք, որ ոչ մի բան չենք կարա անենք, ամեն մեկը մի վիրավորի գրկելով, վերցնելով նահանջում էր։ - Չգիտեի՞ք՝ որ ուղղությամբ։ - Ուղղությունն իմացել ենք, երբ մեր զինվորներից մեկը, որը Արցախից ա, խոսել ա հոր հետ, որը սպա ա, ասել ա, որ ճանապարհը ուղղակի շարունակենք էդ ուղղությամբ։ Տարբեր սպաներ, ում համարները ունեի, փորձեցի զանգել, ոչ մեկը չպատասխանեց։ Հետագայում վկան հրամանատարին չի հարցրել, թե ուր է եղել նա։ Ասաց՝ իր կոչումը նման հարց բարձրացնելու հնարավորություն չի տվել․ «Ես էդ ժամանակ սովորական զինվոր էի, ի սկզբանե ես միշտ օրենքի գերակայության կողմնակից եմ, եթե օրենքը թելադրում ա, որ զինվորը հատկապես մարտական ժամանակ լսի, անի հրամանատարի ասածը, ես հենց տենց էլ արել եմ»։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ ի վերջո, իր կարծիքով, վերադաս հրամանատարության թույլտվությունը եղե՞լ է նահանջի համար։ Վկան պատասխանեց՝ իր կարծիքով՝ չի եղել, եւ սպաները գործել են ըստ իրավիճակի թելադրանքի։ Զինվորները սաղավարտներով ու դանակներով են խրամատ փորել Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը վկա Արման Արմաղանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպառազինություն է ունեցել զորքը։ Վկան ասաց, որ ընդհանուր հագեցվածությունն այդքան էլ լավ վիճակում չի եղել։ Նա նշեց, որ խրամատներ բարձրանալիս քիչ պայուսակներ են եղել, որտեղ տարբեր առարկաներ են եղել․ «Էնտեղ փոս չի եղել, տարբեր զինվորներ կասկաներով են փորել, ես անձամբ դանակով եմ փորել իմ մասը, ոչ թե բահով, որը պետք էր»։ Պաշտպանը նկատեց՝ այսինքն՝ այդ ենթադրյալ երկրորդ բնագիծը նույնիսկ կահավորված էլ չի եղել, եւ ամեն մեկն իր պատկերացման շրջանակում մի ձեւ խրամատ է փորել․ - Էնտեղ եղել ա ինչ-որ ոչ խոր փոս, էդ գծվածով ենք հասկացել, որ պետք ա փորել։ Մեզ ասել են՝ ստեղ պետք ա դիրքավորվեք, նայել ենք գետնին, ինչ-որ բան ենք տեսել, ասել ենք՝ երեւի ստեղ ա ինչ-որ ժամանակ խրամատ եղել։ - Էդ օրերին վերադաս հրամանատարությունից որեւէ մեկը ձեզ այցելե՞լ է,- հարցրեց Նորիկյանը։ - Գնդից դո՞ւրս։ - Մինչեւ գնդի հրամանատար։ - Չեմ հիշում ինչ-որ մեկին։ - Գարիկ Վարդերեսյանին բնագծում տեսե՞լ եք։ - Ոչ, եթե եկել ա, ես չեմ տեսել։ Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց այն համոզմունքը, որ բնագծում մնալու պարագայում չէին կարող դիմակայել հակառակորդին․ «Իմ ենթադրությունները մաքսիմում ոչ պրոֆեսիոնալ են եւ գալիս են հիմնականում նրանից, որ +/- 80 օր եղել եմ պատերազմի մեջ, էն, ինչ տեսել եմ տարբեր ժամանակներում՝ թշնամու պատրաստվածությունը, մեր վաշտի պատրաստվածությունը, մեր զինվորների, հասկանում եմ, որ էդ մարդիկ 0 պատրաստվածություն ունեին, որ ինչ-որ դիմադրություն ցույց տային»,- պատասխանեց վկան։ Պաշտպանը վկային հարցրեց՝ ինչպիսի՞ սպա էր Գագիկ Հարությունյանը։ Ըստ Արմանի՝ օրինակելի․ - Գագիկ Հարությունյանը դատարանում ասել է, որ ինքը տեսել է 100-ից ավելի տեխնիկա,- ասաց Նորիկյանը։ - Ես միանշանակ կհավատայի, որովհետեւ ինքն էն քիչ սպաներից ա, որ ողջ պատերազմի ընթացքում իրա նման օրինակելի սպա քիչ եմ տեսել։ Գագիկը համ բավականին լավ սպա էր, համ լավ մարդ։ - Այսինքն՝ խնդիր չկա նրա խոսքերին չհավատալու։ - Ոչ։ Նաեւ խոսակցություն լսվում էր մոբերի մեջ, ասում էին, որ 100-ից ավելի մոբ ա եկել, 6-ն ա մնացել, մնացածը փախել են։ Ու էդ մոբերն ասում էին, որ շատ տեխնիկա կա, մենք չէինք պատկերացնում, որ սենց ա լինելու, սենց բան ա պատերազմը։ - Ձեր նահանջի հետեւանքով, ըստ Ձեզ, ի՞նչ է եղել։ - Ինձ թվում է՝ կարող էին տարբեր ստորաբաժանումներ ընկնել շրջափակման մեջ։ Մենք նման լուրեր էինք լսում, չգիտեմ՝ ինչքանով էին ճիշտ։ - Ասում եք՝ եթե չնահանջեինք, զոհվելու էինք։ Եթե մնայիք, հնարավոր շրջափակումը կկանխվե՞ր։ - Ես չեմ տիրապետում՝ ավելի բարձր մակարդակում ինչ ա կատարվել։ Կարող ա ընդեղ մեր լինելը մի կես ժամ ժամանակ տար ուրիշ զորքի՝ հետ գնալու, կարող ա ոչ մի բան չտար, կարող ա գային, մեզ կոտորեին, մնային էդտեղ, չեմ կարող ասել՝ ինչ կարող էր լինել։ Զորքը հոգնած էր ու քաղցած Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչ բարոյահոգեբանական վիճակում էր վաշտը։ Ըստ վկայի՝ զորքը հոգնած էր, մեծամասնությունն ի վիճակի չէր գիշերն արթուն մնալ։ Բայց, նրա խոսքով, զորքը միանշանակ պատրաստ էր հետեւել հրամաններին․ «Գլխավոր միտքն էն էր, որ եթե հիմա ես էս խմբի հետ չլինեմ, զոհվելու հավանականությունն ավելի մեծ կլինի։ Սովածության մակարդակն էլ էր բարձր, շատ քիչ էին ուտում»,- ասաց վկան․ - Սնունդ չունեի՞ք,- հարցրեց պաշտպանը։ - Ունեինք, բայց շատ սահմանափակ։ Հիմնականում սննդի մեծ մասը մնում էր տանկի ռովի (խրամուղու,- հեղ․) մեջ, որտեղ մոբերն էին։ Այսինքն՝ սովորական զինվորները կարող ա մի կանսերվան 4-ով ուտեին, իսկ տանկի ռովի մեջ կարար մի մոբ ցորենի կանսերվա բացեր ու ասեր՝ չէ, չեմ ուզում ցորեն ուտեմ, ու դներ մի կողմ։ - Իսկ մոբի վիճակն ինչպե՞ս էր։ - Մաքսիմում վատ, չգիտեմ, էլի։ Ես մոբի մասին իմացել եմ պատերազմի ժամանակ, չգիտեի, որ տենց հասկացություն կա, մենք մտածում էինք մոբը էն կինոյի տղաներն են։ Ու եկան, պարզվեց․․․։ Հետո Հայկազը հրաման տվեց մեր Արթուրին, որ կասկեն տան մոբին, որտեւ մոբը մի քիչ ավելի պատրաստված ա, ու, ոնց որ, մոբը զուտ կասկեն վերցրեց, գնաց, նստեց, սկսեց հաց ուտել։ - Իրենց վարքագիծը ձեր ընդհանուր հոգեբանական վիճակի վրա ազդեցություն ունեցա՞վ։ - Ինձ թվում ա ոչ մի բան չփոխեց։ Էդ պատերազմի սկզբի օրերն էին, մենք զուտ ասում էինք՝ ըհը, էս պատերազմի անունը կլնի 2-օրյա պատերազմ, անցավ օր՝ 3-օրյա պատերազմ, չէինք սպասում, որ էդքան մասշտաբ ա ունենալու։ Կարող ա ուրիշը սարսափած ա եղել, բայց եթե ինձ եք հարցնում․․․։ «Ես մինչեւ վերջին վայրկայնը մտածել եմ, որ Հայաստանի բանակի զինվոր եմ ու կասկաս, բրոնիկս չեմ հանել, զենքս չեմ դրել» Գրիգորյանի պաշտպան Նորիկյանը վկային հարցրեց՝ ըստ իրեն՝ ճի՞շտ էր նահանջելը․ - Ինչի՞ համար ա ճիշտ։ Եթե իմ համար՝ սաղ եմ մնացել, հա, ճիշտ էր։ Եթե Հայաստանի պաշտպանության նախարարության կամ Պաշտպանության բանակի համար, կարող ա նաեւ ոչ, որովհետեւ չունեմ բավարար ինֆորմացիա։  - Չէ, երբ ասում եք, որ մնայինք, չէինք կարող դիմագրավել հակառակորդրին։ - Հա, չէինք կարող դիմագրավել։ Ես չունեմ բավարար պատկերացում բանակի պաշտպանության մասին։ Նորից՝ կարող ա մենք 80 հոգով զոհվեինք, ու 500 հոգի ողջ մնար։ Կարող ա ընդհանրապես հակառակը լիներ, մենք մնայինք, իրանք արյան համը ջոկեին, գնային ավելի շատ մարդ սպանեին։ Չգիտեմ։ - Իսկ էդ օրերին ի՞նչ տրամադրություն էր ձեզ մոտ, ում հետ շփվել եք։ - Երբ ստորագետնյա, նկուղային կացարանում էինք, էդ ժամանակ արդեն տպավորություն կար, ինձ մոտ էլ, որ մենք, կոպիտ ասած, միս ենք, որ մեզ ուղղակի տանում են էնտեղ զուտ ժամանակ շահելու համար, մինչեւ հասկանան՝ ինչ են անելու։  - Նահանջի ժամանակ դուք զգում էիք, որ անձնական էգոյի խնդի՞ր եք լուծում։ - Չէ, նահանջի ժամանակ ես մի մեծ համակարգի մասն եմ։ Ես մինչեւ վերջին վայրկայնը, մինչեւ պատերազմի ավարտ մտածել եմ, որ ես Հայաստանի բանակի զինվոր եմ, նույնիսկ շրջափակման ժամանակ մտածում էի, որ շրջափակման մեջ չեմ, ծառայության մեջ եմ, դրա համար մինչեւ վերջ չեմ հանել իմ կասկան, չեմ գցել իմ բրոնիկը։ Ես գիտեմ, որ օրենքով չի կարելի բրոնիկը հանել, զենքը գցել, բայց երբ հասկացել եմ, որ ժամանակը եկել ա, երբ հասկացել եմ, որ դառել եմ ինդիվիդում, ով մնացել ա շրջափակման մեջ, բրոնիկն էլ հանեցի դրեցի մի կողմ, էն էլ արեցի, որ իմ հետ վերադառնալու հավանականությունը շատացնեմ։ «Մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում» Վկային հարցեր տվեց նաեւ դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նա նախ հետաքրքրվեց՝ զինծառայողները պատրա՞ստ էին կատարել ցանկացած հրաման։ Արման Արմաղանյանը պատասխանեց՝ եթե օրենքի եւ խելամտության սահմանում հրաման՝ իհարկե։ - Էն դիրքը, որտեղ առաջին օրը գնացիք, տեղյա՞կ էիք՝ ձեզնից առաջ զորք կա՞ր, թե՞ կրակոցներն անմիջապես ձեր ուղղությամբ էին,- հարցրեց դատավորը։ - Իմ զգացողությամբ՝ հրետանին հենց մեր ուղղությամբ էր կրակում։  - Ձեզանից առաջ դիրք կա՞ր։ - Ինձ թվում ա՝ չէ։ Կամ կարող ա մեր ուղղությամբ էին կրակում, որ առաջին գիծը հեշտ խոցեն։  - Առաջին օրն ի՞նչ վիճակ էր այդ մարտական դիրքում։ - Իմ առաջին տեսածն էն էր, որ մի զինվոր արյունլվիկ էր ու պատմում էր, թե ոնց ա իր ամենամոտ ընկերը զոհվել։ Միանգամից սթափեցնող բան ա, էլի։  - Անձնակազմի հոգեբանական վիճակը կարո՞ղ եք նկարագրել։ - Տարբեր զինվորների հետ որ խոսել եմ, մարդիկ ասում էին, որ իրենք ընդհանրապես ուրիշ պատկերացում ունեին պատերազմի մասին։ Մինչեւ պատերազմը զինվորներ կային, ասում էին՝ որ սկսի, էթանք էս անենք, էս անենք, ասում էի՝ մի մտածեք, որ պատերազմը տենց լավ բան ա, պատերազմից հետո իրենց աչքերից հասկացվում էր, որ էդքան լավ բան չի։ - Իսկ խուճապային տրամադրություն կա՞ր, թույլատրելիության սահմանն անցնող։ - Չէի ասի։ - Իսկ սպայական կազմի տրամադրվածությունը ո՞նց էր։ - Բավականին նորմալ։ Որ ասում եմ՝ Հայկազը խոզերի ուղղությամբ կրակում էր, ոնց որ լավ նկարագրում ա։ - Կրակում էր որպես ուտելի՞ք, թե՞։ - Չէինք կարա մենք էդ խոզերին գնայինք, վերցնեինք։ - Այսինքն՝ մտածում էիք՝ մարդ կար։ - Չէ, զուտ տեսնում էր խոզերին, կրակում էր։ - Նշեցիք, որ մոբի մարդիկ գնացին սնվելու։ Սպաներից մեկը ցուցում տալի՞ս էր, որ ուրիշ նպատակով են եկել։ - Ինձ թվում ա՝ մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում։ Եթե կար, օրինակ, 20 կանսերվա ուտելիք, 10-ը բաժանվում էր 70 հոգու մեջ, իսկ էն մնացած 10-ը մոբերի ու տանկի ռովի մեջ եղած ժողովրդի մեջ։ - Իսկ ցուցում չէ՞ր տրվում, որ․․․ Ընդմիջեք սնվելը․․․։ - Ոչ։ Ինձ թվում ա՝ եթե նույնիսկ տենց ցուցում լիներ, տղավարի կռիվ կգնար էդտեղ, ու հրամանատարությունը, Հայկազի տեսքով, էդտեղ կզիջեր։ Չեմ կարծում, որ Հայկազը կկարողանար իրենց տեղը ցույց տալ։ Վկա Արման Արմաղանյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին․ այդ օրը քննարկվելու է նաեւ Հայկազ Գրիգորյանի կալանքի երկարաձգման հարցը։ Մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 սեպտեմբերի, 2022թ․) Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը Իշխան Վահանյանի գործով դատական նիստում որպես վկա ցուցմունք տալիս կարծիք է հայտնել, որ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Նա նաեւ նշել է, որ մարտական դիրքեր բարձրանալուց մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չի կարողացել ասել։ Նա հայտնել է, որ նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հայկազ Գրիգորյանի հարցաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ։ Նշենք, որ դատարանը չի թույլատրել նիստերի ժամանակ իրականացրել լուսանկարահանում եւ տեսանկարահանում՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը։Գլխավոր լուսանկարի ետնանկարում՝ Հակակոռուպցիոն դատարանը Հայարփի Բաղդասարյան
00:15 - 19 նոյեմբերի, 2024
«Խուռհատ սար»-ի գործով մեղադրյալը վկային է հերքում, վկան՝ մեղադրյալին

«Խուռհատ սար»-ի գործով մեղադրյալը վկային է հերքում, վկան՝ մեղադրյալին

44–օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ Հայկազ Գրիգորյանը երեկ բերվել էր Երեւանի քրեական դատարան՝ Խուռհատ սարի գործով կրկնակի հարցաքննության։ Գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Իշխան Վահանյանին, որը մեղադրվում է իշխանության անգործություն ցուցաբերելու եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Հայկազ Գրիգորյանը մեկն է այն սպաներից, որի հետ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկ անձնակազմը չկանոնակարգված նահանջ է իրականացրել։ Ավելի քան երկու տարի առաջ այս դեպքերի մասին դատարանում որպես վկա հարցաքննվելուց հետո հետո Գրիգորյանը եւս մեղադրյալի կարգավիճակ է ստացել․ նրա ցուցմունքի հիման վրա հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր եւս մեկ քրեական վարույթ։ Այսօր թե՛ Վահանյանը, թե՛ Գրիգորյանը կալանքի տակ են։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առանցքային մի շարք դրվագների վերաբերյալ նրանք շարունակ հակասում եւ հերքում են իրար։ Իշխան Վահանյանը զորքի ղեկավարումը եւ ռադիոկապը հանձնե՞լ է Հայկազ Գրիգորյանին թե՞ ոչ Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Հայկազ Գրիգորյանին տեղեկացրեց՝ որպես վկա նա պարտավոր է ցուցմունք տալ, սակայն եթե կլինեն հարցեր՝ առչվող իր վերաբերյալ քրեական գործին, իրավունք ունի հրաժարվել դրանց պատասխանելուց։ Հիշեցնելով մեղադրյալ Իշխան Վահանյանի խոսքերը, թե նախքան հոսպիտալ մեկնելը զորքի ղեկավարումը եւ վերադաս հրամանատարության հետ կապի միջոցը հանձնել է Հայկազ Գրիգորյանին՝ դատավորը դիմեց վերջինիս․ – Եղե՞լ է նման բան։ – Մինչեւ գնալը ինձ ոչ մի հանձնարարություն, ոչ մի բան չի եղել, ինձ ռադիոկապ չի հասել, ինձ մոտ եղել է «Այքոն» տեսակի ռադիոկապ, որը գործում է գումարտակի ցանցի  ներսում միայն։ - Բա որ տեսաք՝ գնում է, չասացի՞ք՝ ռացիադ տուր։ - Նենց վիճակ էր, այնքան շատ վիրավորներ կային, դրա մասին չէինք մտածում,- ասաց վկան՝ հավելելով, որ հետագայում հոսպիտալից ուղարկել են Վահանյանի ռադիոկապը, ինքն էլ այն փոխանցել է սպառազինության գծով տեղակալին։ Վահանյանը, սակայն, հերքեց սա։ Դատավորի հարցին, թե ինչ նշում կար Վահանյանի ռադիոկապի վրա, վկան դժվարացավ պատասխանել․ - Եթե դա Վահանյանի «Հայդարան» է, դրա վրա գրվածք է եղել, անհնար է՝ հանձնած լինեք ու տեսած չլինեք։ - Կարողա շպ (շտաբի պետ,-հեղ․) գրած լիներ, չեմ հիշում։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Հայկազ Գրիգորյանը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հիշեցրեց՝ Վահանյանը դատարանում հայտնել է, որ վիրավորումից հետո 30 րոպե մնացել է տեղանքում, իր V82 ռադիոկապով զորամասի հրամանատար Արթուր Քարամյանին զեկուցել իր վիրավորման մասին եւ լիազորությունները փոխանցել Հայկազ Գրիգորյանին․ – Ըստ Վահանյանի՝ այդ ժամանակ Դուք գտնվել եք նրա կողքին,– դիմելով Գրիգորյանին՝ նշեց դատախազը։ – Ես տենց բան ընդհանրապես չեմ հիշում, տենց բան չի եղել,– պնդեց վկան։ – Բայց Արթուր Քարամյանը կապի դուրս եկե՞լ է (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ – Ոչ, բջջայինով զանգել ենք, չի պատասխանել,– ասաց վկան՝ հավելելով, որ չէր էլ կարող, որովհետեւ իրենց մոտ եղած ռադիոկապերի հաճախականությունները տարբեր էին։ – Վահանյանը նշել է, որ V82-ով կապվել է Քարամյանի հետ։ Նա կարողացել է, Դուք ինչո՞ւ չեք կարողացել։  – Չեմ կարող պատասխանել այդ հարցին, հաճախականության տիրույթները տարբեր են, V82-ը ավելի քիչ հեռավորության վրա է բռնում։ Գեւորգ Ավետիսյանը ընդգծեց՝ թե՛ Հայկազ Գրիգորյանը, թե՛ անձնակազմի հետ մնացած մյուս 3 սպաները միաձայն պնդում են, որ իրենց մոտ եղած ռադիոկապով խոսել կարող էին միայն գումարտակի ներսում, սակայն զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանը եւս դատարանում հայտարարել է, որ գումարտակի շտաբի պետի, այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի մոտ եւս «Հայդարա» տեսակի ռադիոկապ է եղել, որով նա հանգիստ կարող էր կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ։ Գրիգորյանի պատասխանը, սակայն, չփոխվեց․ «Ես չեմ ունեցել, երբ վաշտի հրամանատարից ստանձնել եմ շտաբի պետի պաշտոնը, ինձ չի տրվել»,– պնդեց նա։ Հայկազ Գրիգորյանը օգնե՞լ է Վահանյանին նստել մեքենան թե՞ ոչ Վկա Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ վերջին անգամ Վահանյանին տեսել է Խուռհատ սարի ներքեւում, երբ վիրավորներին մեքենա էին նստեցնում։ Լսել է, որ Վահանյանն էլ է ասել, թե վիրավոր է, սակայն եղել է ոտքի վրա, եւ իր տպավորությամբ՝ վիրավորման մասին հուշող ոչինչ չի եղել․ «Ես վիրավորը սենց եմ հասկանում․ մի տեղից արնահոսում է, թեւն է կտրված, ոտքն է կոտրված, հրազենային վիրավորում կա, իսկ եթե, ասենք, գլուխս է ցավում, էդ վիրավորում չէ»,– ասաց նա։ – Վահանյանը նաեւ ասել է, որ երբ վիրավորում է ստացել, Դուք օգնել եք նրան իջնել դեպի ավտոմեքենա։ – Ես տենց բան չեմ հիշում, չի եղել։  Այս դրվագի առնչությամբ Վահանյանը հիշեցրեց՝ անգամ ժամկետային զինծառայողներից մեկն է նախաքննության ժամանակ ցուցմունք տվել, որ ինքը ներկա է եղել, երբ Հայկազը, իր թեւը բռնած, իջեցրել է իրեն։ Դրանից հետո Վահանյանի համար անհասականալիորեն քննիչը ինքնաբացարկ է հայտնել։ Վահանյանն էլ ենթադրել է՝ դրսիցի ինչ-որ ճնշում է եղել․ «Նստեցրել է ինքը (նկատի ունի՝ Հայկազը,-հեղ․), ճանապարհել է ինքը,  սրանից էն կողմ ճշտություն չկա»,- նշեց Վահանյանը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ Վահանյանից հետո զորքի ղեկավարումը ստանձնել են ինքն ու մեկ այլ վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը։ – Բայց դուք գիտեք, որ երկու հոգի չի կարող,- ընդգծեց դատավորը։ – Հարգարժան դատարան, բոլոր որոշումները կայացրել ենք միասին։ – Դատարանում տարբեր ցուցմունքներ են հնչել նահանջի հետ կապված․․․ Վերջիվերջո ի՞նչն է եղել պատճառը, որ զորքը բաժանվել է,– հարցրեց դատավորը։ – Իմ մտածելակերպով՝ խուճապը, մեկ էլ հակառկորդի կրակոցները, վիրավորները, խառը: Հիշեցնենք՝ նախորդ անգամ դատարանում ցուցմունք տալիս վկան ասել էր՝ իրավիճակն այնպիսին էր, որ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։ – Իսկ ո՞նց ստացվեց, որ Հովհաննես Մուրադյանի (զոհվել է,-հեղ․) հետ մնացած անձնակազմն ու դուք առանձնացանք։ Հիշեցնենք՝ նահանջի ժամանակ զորքը մասնատվել է․ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ գնացած անձնակազմը նահանջել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ եւ ընկել շրջափակման մեջ։ – Իրենք մեզնից շուտ են դուրս եկել,– պատասխանեց վկան՝ պնդելով նաեւ իր նախկինում հայտնած տեղեկությունը, թե նահանջի ժամանակ՝ մեկ այլ սարի գլխին, իրենք հրետակոծության տակ են ընկել։ Այդ հանգամանքը այլ վկաներ դատարանում հերքել են։ Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ Վահանյանից հետո զորքի հետ մնացել է 3 սպա, 1 ենթասպա։ Զորքի քանակը եղել է 70-ին մոտ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս էին բաշխված 4 սպաներով․ «Ես ու Վազգենը եղել ենք դեմից՝ անձնակազմը իրարից հեռու–հեռու, մեջտեղում եղել է Ղարիբյան Արսենը (նրա ցուցմունքը՝ այստեղ), վերջում էլ՝ ավագը՝ Ջավադյան Ղարիբը»,– պատմեց վկան։ Վահանյանն էլ հավելեց՝ սարը բարձրանալիս եղել են 90 հոգով․ 2 «Ուրալներ»-ի մեջ՝ 25-ական զինվոր, 2 «Կամազներ»-ի մեջ՝ 20-ական․ «Էսօրվա պես հիշում եմ»,- ասաց նա։ Ըստ Իշխան Վահանյանի՝ վկան ճնշման տակ սուտ ցուցմունք է տալիս Երբ հերթը հասավ մեղադրյալ Վահանյանին, վերջինս նախքան հարցեր տալը դատարանին խնդրեց անցնել դռնփակ ռեժիմի․ – Ինչի՞ համար,– հարցրեց  դատավորը։ – Ավելի մանրամասների։ – Չէ, դռնփակ դատական նիստ անցկացնելու հիմքերը օրենքով են սահմանված, ուղղակի Ձեր ցանկությամբ չենք կարող,– ասաց դատավորը՝ պարզաբանելով այդ հիմքերը։ – Վկայի հետ կապված հարցեր կան․․․ Ես շատ բան կարամ պարզաբանեմ, –ասաց Վահանյանը։ Դատարանը, սակայն, որոշեց հարցաքննությունը շարունակել դռնբաց ռեժիմով։ Իշխան Վահանյանը պատմեց՝ Արսեն Ղարիբյանին, որպես առանձին դասակների հրամանատար, հասնում էր «Հայդարա» տեսակի կապի միջոց, եւ դա, ըստ Վահանյանի, եղել է Հայկազ Գրիգորյանի մոտ, ուստի նա կարող էր վերադաս հրամանատարության հետ կապի դուրս գալ։ – Չէ, տենց չի եղել, եթե Ղարիբյանի ռացիան է, ինձ մոտ ի՞նչ գործ ունի,– հերքեց Գրիգորյանը։ Ըստ Վահանյանի՝ Գրիգորյանն իր ռադիոկապը տվել է ենթասպա Ղարիբին (զոհվել է,-հեղ․), ինքն էլ իր V82 ռադիոկապն է տվել Գրիգորյանին․ «Ինքը ինչի՞ սա դատարանում չի ասում, [որովհետեւ], անցած անգամ էլ ասեցի, ճնշում է եղել, ու որ դեմից տենց է ասել, հիմա տենց ասելով գնում է, ու ես էդ էլ կարող եմ մանրամասն բացատրել»,– ասաց Վահանյանը։ – Սա Ձեր վերջին հնարավորությունն է դա անելու,– նշեց դատավորը։ Վահանյանը պատմեց, որ նախորդ նիստից առաջ ինքն ու Գրիգորյանը մի պահ իրար տեսել են (պահվում են նույն ՔԿՀ–ի տարբեր հարկերում, դատարան են բերվում նույն մեքենայով,–հեղ․), Գրիգորյանն ասել է՝ հիշում է, որ Վահանյանը ռադիոկապը տվել է իրեն, որոշել է գալ, այս անգամ ճիշտը պատմել, մինչդեռ այսօր՝ դատարան գալու ճանապարհին, ըստ Վահանյանի, նա ասել է, թե խորհրդակցել է իր փաստաբանի հետ, եւ փաստաբանն ասել է՝ դա սուտ մատնություն կդիտարկվի, ինչ նախկինում ես ասել, դա էլ կասես․ «Ճշտությունը ես հատիկ–հատիկ ասել եմ ու դրա բացատրությունը տալիս եմ, սրանք իր ասած բառերն են»,– ասաց մեղադրյալը։ Վկա Գրիգորյանը սակայն, պնդեց՝ նախկինում ինչ ասել է, ճիշտ է ասել։ Նա չհերքեց միայն փաստաբանի հետ խորհրդակցելու հանգամանքը։ Դատարանը հարկ համարեց պարզաբանել, որ ըստ օրենքի՝ եթե վկան այս փուլում ասի, որ նախկինում ինչ–ինչ հանգամանքներով պայմանավորված մի բան է ասել, բայց իրականում այլ կերպ է, կազատվի պատասխանատվությունից, բայց եթե հետագայում պարզվի, որ նախաքննության կամ դատաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները սուտ էին, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել․  – Ճշմարտությունը ասելու րոպեն է։ Այն, ինչ եղել է Ղարաբաղում, այն, ինչ լսել ենք դահլիճում, անցավ։ Թացը չորի հետ խառնվել էր, մեղավոր–անմեղ, ինչ ասես, եղել է, հիմա իրավական գործընթացն է, չենք ասում՝ Վահանյանին օգնիր կամ օգնիր դատապարտվի, բայց ամեն հանգամանք կապ ունի,– նշեց դատավոր Հայրապետյանը։ Գրիգորյանը հետ չկանգնեց իր ոչ մի խոսքից։ Հայտնեց միայն՝ այսօրվա նիստի ճանապարհին Վահանյանն անընդմեջ խոսում էր, ասում՝ ես վիրավորվել եմ, ես քեզ կապի միջոց տվել եմ, դու ես ինձ օգնել, ինքն էլ խոսակցությունը ցրելու համար ընդամենը «հա–հա» է ասել։ Վահանյանն էլ իր հերթին պնդեց իր ցուցմունքը՝ շարունակելով մանրամասնել, թե ինչու է վստահ, որ վկան ճնշման տակ է։ Ըստ նրա՝ Հայկազը պատմել է, որ 2022 թ․ հարցաքննության ժամանակ դատարանի բակում իր հորն ու հորեղբորը ծեծել են, հոր գլխին 7 տեղից կար է դրվել․ «Ասել է՝ ուզեի–չուզեի, պիտի գայի, տենց ասեի, ասեցի՝ քո մի վատ բան ասելով՝ վնասում ես ուրիշին, դու կգաս, ճիշտը կպատմես, ինձ ավել ոչ մի բան պետք չէ, ասեցի՝ դատարանում սա կբարձրաձայնեմ, մնացածը դու կշարունակես, ասեց՝ պրոբլեմ չկա, ու հիմա սենց․․․ Մի բան էլ ասեմ․ երբ ասում էի՝ դատարանն է քեզ ու Քարամյանին դատակոչել, բա չէ, նա չի գալու, ասում եմ՝ ի՞նչ գիտես, բա չէ, հաստատ չի գալու, ու ինձ մոտ ներքին համոզմունք է ձեւավորվում, որ կա պայմանավորվածություն, որ եթե կա քրեական գործ, կա տուժող, կա մեղադրյալ Իշխան, վերջ, մենք մաքուր ենք․․․ Ուզում էին իրենց վրայից գցել, ողղակի չէին հավատում, որ կարողա իրենք էլ դատարանի առաջ կանգնեին»,– ասաց Վահանյանը։ Վահանյանի այս ցուցմունքի ընթացքում Հայկազ Գրիգորյանը քմծիծաղ էր տալիս։ Դատավորի հարցին՝ իր հորն ու հորեղբորը ծեծե՞լ են, նա դրական պատասխանեց, սակայն նշեց՝ չի հիշում եւ չի կարող ասել, թե ովքեր եւ ինչի համար։ - Երբ նախորդ անգամ ցուցմունք էիք տալիս, տուժողների իրավահաջորդները հայտարարություններ էին անում՝ նայիր, հանկարծ սխալ բան չասես, թե չէ գլուխդ կջարդենք․․․ Նախապես պայմանավորվե՞լ էիք, թե ինչ ցուցմունք տալ,- հետաքրքրվեց դատավորը։ - Ես ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի բան էլ չեմ արել, ինչ կա, ներկայացրել եմ անցած ցուցմունքում էլ, էս ցուցմունքում էլ,- պատասխանեց վկան։ Հանրային մեղադրողը դիմեց Վահանյանին՝ եթե սպաները կարող են ինչ–ինչ շահագրգռվածություն ունենալ իր դեմ խոսելու համար, ապա ժամկետային զինծառայողների շահագրգռվածությունը ո՞րն է։ Վահանյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց, ենթադրեց, որ զինվորներն էլ իրար մեջ են շփվել, գուցե իրար հետ պայմանավորվել։ Գեւորգ Ավետիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հարցաքննված զինծառայողներից մեկին՝ Մոնթե Պողոսյանին, դատակոչել են հենց Վահանյանի հորդորով, դրանից առաջ նրա անունը ոչ տուժողները, ոչ մեղադրող կողմը չի տվել, հետեւաբար նրա վրա այդ ենթադրյալ ճնշումը չի եղել։ Բայց անգամ Մոնթեն է եկել եւ Վահանյանի դեմ ցուցմունք տվել՝ նշելով, որ դեպի հոսպիտալ ճանապարհի մասին մանրամասները, որ Վահանյանը պատմում է, ինքն է նրան պատմել, Վահանյանն իրականում իրենց հետ չի եղել։ Վահանյանը սրան պարզաբանում չուներ։ – [Հայկազ Գրիգորյանը] ասում էր՝ V82-ով փորձել եմ կապվել Քարամյանի հետ, լավ չէր լսվում, բջջայինով եմ խոսել, հետո 2 անգամ փորձել եմ, անհասանելի է եղել, կապնվել եմ Մելքումյան Արարատի հետ (Մարտունու քաղաքապետն էր,-հեղ․),– հավելեց Վահանյանը։ – էդ ամեն ինչը իր հրահանգավորումն է, ես էլ բան չունեմ խոսելու,– նշեց վկան։ – Այսինքն՝ պնդում եք, որ Վահանյանն ինչ ասեց, ձեզ հրահանգավորե՞լ է,- հարցրեց դատավորը։ – Այո։ – Ե՞րբ։ – Անցած նիստին գալու ճանապարհին։ – Եվ Դուք պնդում եք, որ իր ասածով չի եղել։ – Այո։ Դատավորի հարցին, թե զինծառայողների զոհվելու համար ով է մեղավոր, վկան չկարողացավ պատասխանել։ – Վահանյանը մեղավորության չափաբաժին ունի՞։ –Դժվար հարց է, չեմ կարող ասել,-նշեց նա։ Հարցաքննության վերջում Վահանյանը վերահաստատեց իր խոսքերը․ – Հստակ ասում եմ՝ ճնշումներ են եղել, ում կողմից՝ չգիտեմ։ Հիմա ես ավելի քան համոզված եմ, որ իմ ցանկացած գործողություն եղել է իրավաչափ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին։    Միլենա Խաչիկյան
12:59 - 04 հոկտեմբերի, 2024
Գնդապետ Մանուկ Բադալյանը չի հիշում Ջրականի 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին

Գնդապետ Մանուկ Բադալյանը չի հիշում Ջրականի 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին

Չորս տարի է անցել արցախյան 44-օրյա պատերազմից, եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մինչ օրս շարունակվում է այդ ընթացքում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին առնչվող դեպքերի քննությունը։ Դատարանը, Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վկաների հարցաքննության փուլում է։  Խուռհատ սարի գործով ամբաստանյալի աթոռին է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատարանում այսօր ցուցմունք էր տալիս ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նախկին տեղակալ Մանուկ Բադալյանը։ Նա այն սպան է, որը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեղադրվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու մեջ։ Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ նա ասաց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ։ Բադալյանը, ի պատասխան դատավորի հարցի, ասաց, որ մոտավորապես գիտի, թե ինչ քրեական գործով է ներգրավված որպես վկա։ Նա նշեց, որ նախաքննության փուլում հարցաքննության չի կանչվել։ Բադալյանը պատմեց, որ մարտական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 9-ին խոցվել է իրենց դիվիզիայի հրամանատարական կետը, եւ կազմին տեղափոխել են այլ վայր՝ Մելիքաշեն, որը Հադրութի շրջանի գյուղերից է․ «Ամսի 9-ին, 10-ին եղել եմ Մելիքաշենում, այդ օրը վիրավորվել եմ, եւ քանի որ ոչ միայն Ջրականի զորամասն է եղել ենթակայության [տակ], եղել են մի քանի զորամասեր, նաեւ զբաղվել ենք մնացած զորամասերի խնդիրներով։ Ես շատ տեղեկություն չունեմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ժամանակ է անցել՝ 4 տարի, ու նորից շեշտեց, որ քիչ տեղեկություն ունի։  Վկան տեղյակ չի եղել՝ ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել 5-րդ ուսումնական գումարտակին Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Բադալյանից հետաքրքրվեց՝ նա տեղյակ եղե՞լ է հոկտեմբերի 10-ին ինչ մարտական խնդիր է առաջադրվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմին։ Վկան ասաց, որ տեղեկացված չի եղել, քանի որ ամսի 10-ին, ժամը 11-ին արդեն փոխված հրամանատարական կետը նույնպես ենթարկվել է հրետակոծության՝ «Սմերչ» կայանից։ Բադալյանի խոսքով՝ ինքն այդ օրը երկրորդ անգամ է վիրավորվել։ Մեղադրողը նկատեց, որ մարտական խնդիրն առաջադրվել է հոկտեմբերի 8-ին, այսինքն՝ Բադալյանի նկարագրած իրադրությունը չի եղել այդ ժամանակ։ «Ես իմ գործառույթներով չէի կարող իմանալ, դա իմանում են հրամանատար, շտաբի պետ օղակները, ես եղել եմ բարոյահոգեբանական ապահովան գծով տեղակալ, իմ պարտականությունների մեջ չէի կարող իմանալ, հետագայում ինչ-որ տեղեկացել եմ, ես վիրավորումից հետո վերադարձել եմ Արցախ նորից, ինչ-որ տեղեկացել եմ, կոնկրետ ծառայակիցներից, ոչ մանրամասն»։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ «ոչ մանրամասն» ի՞նչ է տեղեկեցել, եւ Բադալյանն ասաց, որ իմացել է, որ տարբեր ստորաբաժանումների տարբեր խնդիրներ են առաջադրված եղել, բայց առանձին չի տեղեկացել 5-րդ գումարտակին առաջադրված խնդրի մասին․ «Չեմ հիշում հատուկ, ժամանակ ա անցել բավականին»։  Այս դատավարության ընթացքում ամենաքննարկված հարցերից մեկն այն է, թե արդյոք նորակոչիկները, որոնցից ոչ բոլորն էին անգամ հասցրել զինվորական երդում տալ, կարո՞ղ էին ներգրավվել մարտական գործողությունների։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ նա գիտի՞՝ կա՞ նման արգելք։ Բադալյանն ասաց, որ նորակոչիկների՝ մարտական գործողություններին ներգրավումը ցանկալի չէ, բայց չմտաբերեց արգելող կոնկրետ իրավական նորմ․ «Բայց երբ հարձակվել են չափից ավելի զորքեր, եւ խնդիրը մեծ ծավալով է, էդ ժամանակ արդեն․․․ Երկրում, որ հայտարարվում ա պատերազմական իրավիճակ, բոլոր քաղաքացիները, ընդհուպ 18 տարին լրացված, կարող են համալրվել։ Ինչ վերաբերում է խնդրի կատարմանը՝ երբ տեսնում ես, որ մնացած զինծառայողներն ունեն աջակցման կարիք, դա արդեն հրամանատարը որոշում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ասաց նա։  Հանրային մեղադրողը խնդրեց հայտնել, թե ի պաշտոնե ինչ գործառույթներ է ունեցել Բադալյանը։ Վերջինս ասաց, որ իր գործառույթը եղել է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ապահովումը, սակայն իրենք էլ չեն պատկերացրել, որ այդչափ վիրավորներ ու զոհեր կարող են լինել․ «Բավականին մեծ շեշտադրում էր արվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչքան ենք կորուստներ ունենում․․․ Կարողանալ ժամանակին հասցնել, ղեկավար կազմի մարտակոչերը, արագ հաշվառել այն աչքի ընկած զինծառայողներին, որոնք սխրանքներ են գործել, զոհվածների մասին անմիջապես տեղեկացնել զինկոմիսարիատներին, բազմաթիվ պարտականություններ կան․․․»։ - Երբ զորքի բարոյահոգեբանական վիճակը վատ է, դրա ուղղությամբ գործողություններ կատարելը Ձեր պարտականությունների մեջ մտնո՞ւմ է,- հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ - Մտնում ա, քանի որ ես ունեցել եմ տվյալ, տարբեր զորամասերում հոգեբան, գումարտակի հրամանատարի՝ բարոյահոգեբանական վիճակի գծով տեղալներ․․․ Խնդիրները կոնկրետ զինվորների հետ կատարել են իրենք, եւ ըստ անհրաժետության փորձել ենք ապահովել, եւ էդ զորամասում 1-ին, 4-րդ գումարտակն այնպես ա մարտնչել․․․ Մարտական ոգին շատ բարձր էր, եւ մինչեւ պատերազմի ավարտը կարողացել են խնդիրը մեծ ծավալով կատարել։ Այսինքն, ընդհանուր զորամասի բարոյահոգեբանական վիճակի հարցն այնպիսին չի եղել, որ ես գնայի ըտեղ աշխատեի։ Բադալյանի պնդմամբ՝ անմիջական հրամանատարներն են զինվորներին ավելի լավ ճանաչում, եւ նրանք կարող են ընկալել՝ ինչ խոսել զինվորի հետ, որ նրա մարտական, բարոյահոգեբանական ոգին բարձրանա։ Վկայի պնդմամբ՝ դիվիզիա օղակը չի կարող բոլոր տղաներին ճանաչել։ Բադալյանն ասաց, որ ինքն ավելի շատ աշխատել է մոբի հետ, քանի որ նրանք «դրսից» են եկել․ «Իրանց հետ եմ աշխատել, բարոյահոգեբանական վիճակը բարձրացրել, նկարագրել՝ մեր տղաներն ինչ օգնության կարիք ունեն, ուղարկել զորամասեր»։ Կոնկրետ 5-րդ գումարտակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վատ լինելու մասին Բադալյանը չի հիշում։ Նա բնական է համարում, որ երբ մարդ տեսնի՝ ընկերը զոհվեց, ընկճվում է, բայց, ըստ վկայի, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Բադալյանը հիշում է, որ դիվիզիայի շենքը մոտ է եղել այն դպրոցին, որտեղ տեղակայված է եղել 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմը։ Նա ասաց, որ զորամասն ունեցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ եւ հոգեբան, նրանք զեկուցել են, որ շատ բարդություններ չկան։ Վկան ասաց, որ չորս տարի անց լավ չի մտաբերում, բայց հիշում է, որ երբ հակառակորդը տիրել է որոշակի դիրքերի, անձնակազմը նահանջով է բերվել այդ դպրոց։ Հանրային մեղադրողը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել, որ ուսումնական գումարտակի մոտ նաեւ բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել, եւ նահանջը նաեւ դրա հետ կապված է եղել։ Բադալյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, որ բարոյահոգեբանական վիճակի համար նահանջ իրականացվի։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հավելեց, որ նաեւ նահանջի արդյունքում կարող էր վատանալ բարոյահոգեբանական վիճակը, ինչին վկան դարձյալ արձագանքեց, որ ինքը նման տեղեկություն չունի։ - Դուք անձնապես խոսակցություն ունեցե՞լ եք [զորքի հետ],- հարցրեց մեղադրողը։ - Հա, ես եղել ա, որ դպրոցում հանդիպեմ, բայց տենց որ ինչ-որ քաոս տիրեր, տենց բան ես չեմ հիշում։ - Ըստ Ձեր գնահատման՝ այդ անձնակազմն ի վիճակի՞ էր շարունակել մարտական գործողությունները։ - Իհարկե, քանի որ տղաները գիտեին, որ իրենց առջեւում իրենց ծառայակից ընկերներն են մարտի մեջ, ես բազմաթիվ զինվորներ եմ հիշում, որ մոտեցել ասում էին՝ բա մենք չենք գնալո՞ւ, ուրախացել էին, նաեւ լեյտենանտի կոչում են տվել, դասակ են ղեկավարել էդ տղաները։ Ընկճված տղաներ կարան լինեն, բայց մեկ կամ մի քանիսի համար ընդհանուր գնահատական տալը սխալ է։ Վկան չի հիշում, որ մեկ վաշտ լքել է մարտական դիրքը Հանրային մեղադրողը հարցրեց՝ եթե կապի միջոց ունեցող հրամանատարը վիրավորվում է կամ ինչ-ինչ պատճառով պետք է դուրս գա մարտից, պարտավո՞ր է կապի միջոցները փոխանցել ենթականերին կամ զեկուցել վերադաս հրամանատարին, թե ով է շարունակելու պարտականությունների կատարումը։ «Իհարկե»,- պատասխանեց Բադալյանը, «օրինակ ես երկու անգամ եմ վիրավորվել, երբ վիրավորվում ես, էդ պահին մինիմալ գիտակցություն կա, բացարձակ անգիտակից չես, որեւէ հաշվառած թուղթ, կապի միջոց փոխանցում ես քեզ մոտ գտնվող տեղակալին կամ թեկուզ էդ պահին մեկ զինվոր լինի, զինվորին էլ տաս, ասես տուր․․․»։ Իսկ արդյոք հրամանատարը պարտավո՞ր է նահանջող զորքին հստակ ու կոնկրետ նշել այն ուղղությունը, որով պետք է նահանջ կատարվի, եւ վերջնական բնագիծը, որը պետք է զբաղեցվի նահանջի արդյունքում։ Վկան ասաց, որ երբ նախնական նախանշված տեղում ես խնդիր կատարում, գիտես տարածքը, բայց եթե անծանոթ տեղանքում ես, այլ խնդիր է։ Հանրային մեղադրողը դարձյալ հարցրեց՝ ամեն դեպքում նահանջող զորքին հստակ ուղղություն պե՞տք է նշվի, թե՞ ոչ, Բադալյանն ասաց, որ պետք է նշվի, բայց ունենաս տվյալ, որ նշած տեղում խնդիր չի առաջանա։ Իսկ եթե տվյալ չունես, իրավիճակից է կախված․ «Դրանք վայրկյաններ են, մարտի դինամիկան է որոշում»։ Անդրադառնալով Բադալյանի վիրավորման թեմային՝ հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչ մարմնական վնասվածք է ստացել նա։ Վկան սկզբում չուզեց պատասխանել այդ հարցին՝ ասելով, որ այդ առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթ կա, եւ ինքը դեռ ցուցմունք չի տվել, այնուհետեւ նշեց, որ թեթեւ վնասվածք է եղել։ Պատասխանելով Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա ասաց, որ առաջին վիրավորման ժամանակ նա գիտակցություն ունեցել է եւ շարունակել է մասնակցել մարտական գործողություններին, եւ իր կյանքը փրկել է մի զինվորը, որն իրեն մի քանի կմ շալակած տարել է։ Իսկ երկրորդի ժամանակ անգիտակից է եղել։ Բադալյանն ասաց, որ բացասական է վերաբերում այն իրավիճակին, երբ սպան թեթեւ մարմնական վնասվածքը պատրվակ է դարձնում մարտի դաշտը լքելու համար։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը վկային հարցեր տվեց պատերազմի առաջին օրերի վերաբերյալ։ Վկան ասաց, որ սեպտեմբերի 27-ին եղել է հրամանատարական կետում, նաեւ իմացել է, որ 5-րդ գումարտակում եղել են նորակոչիկներ։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Բադալյանը որեւէ զեկուցագիր ներկայացրե՞լ է վերադաս հրամանատարությանը, որ հնարավոր չէ նորակոչիկներին մեկ գումարտակով ուղարկել մարտական գործողության։ Բադալյանն ասաց, որ բոլորն այդ ժամանակ ունեցել են աշխատանքային պլաններ եւ առաջնորդվել են դրանցով, ուստի ինքը նման զեկուցագիր չի գրել ու կարծիք չի հայտնել․ «Զեկուցագիր գրելու համար ես պետք է ունենամ հիմք, իսկ դա պետք է գար զորամասից, եթե գա, որ կա նման խնդիր, դա պետք է իմ համար հիմք հանդիսանար, որ ես զեկուցեի վերադաս հրամանատարությանը»։ Բադալյանը չմտաբերեց, որ իրեն հայտնած լինեն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի խնդրի մասին։ - Դուք, որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ՝ բարոյահոգեբանական վիճակի գծով, պարտավոր չէի՞ք ճշտելու։ - Մենք դա ամեն օր ենք ճշտում առավոտյան զեկույցների ժամանակ (խոսքը խաղաղ պայմանների մասին է,-հեղ․), եւ նման զեկույց չի եղել։ - Բա որ ճշտել եք, չեք ասե՞լ, որ չի կարելի անփորձ գումարտակը միանգամից ուղարկել մարտի։ - Դուք խաղաղ պայմանների մասին հարցրիք, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ․․․ - Խաղաղ պայմաններում զեկուցել են, պատերազմական պայմաններում․․․ Ասում եք՝ ամեն օր զեկուցում են, ամեն օր զեկուցում են՝ պատերազմական պայմաններում Դուք Ձեր կարծիքը չեք հայտնե՞լ։ - Բոլոր տեղերում էլ խոսել ենք, էդ խոսելն այլ բան ա, երբ ասում եք՝ զեկուցագիր գրե՞լ եք, ես ասում եմ՝ չեմ գրել, որովհետեւ տենց զեկուցագիր ներքեւից վերեւ ա գալիս, գրելու կարիք չի եղել։ - Բանավոր ճշտելու, հրամանատարին զեկուցելու, բանավոր հայտնելու․․․ Գումարտակի հրամանատարին կանչե՞լ եք, ասել՝ էս վիճակն ա, հրաման տվե՞լ եք, ասե՞լ եք, որ էս վիճակն ա։ - Ես իմ աշխատանքը կազմակերպել եմ բարոյահոգեբանական գծով տեղակալների հետ, ես գումարտակի հրամանատարի հետ չեմ խոսել, որովհետեւ կխանգարեի։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ Բադալյանը լսե՞լ է, որ ամբողջ մի վաշտ թողել է իր մարտական դիրքը եւ դիմել փախուստի։ Վկան ասաց, որ դա էլ չի հիշում։ Գրիգորյանը զարմացավ այս պատասխանից․ «Դուք զորամասի դիվիզիայի հրամանատարի տեղակալն եք բարոյահոգեբանական վիճակի գծով, Ձեր ենթակայության տակ գտնվող գումարտակներից մեկի ամբողջ վաշտը թողնում, փախնում է դիրքը, ասում եք՝ չեմ լսել։ Ո՞նց կարող է, Ձեր անմիջական ենթակայության տակ է, Ձեր զինվորներն են»։ - Զինվորներն ունեցել են դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարություն, բայց ավելի մեծ անհրաժեշտություն էր, որ մոբին զինենք, ու կարողանանք տանել զինվորներին փոխարինելու, ու քանի որ իմն օպերատիվ օղակն էր, ես ավելի շատ զբաղվել եմ մոբի անձնակազմով- ասաց Բադալյանը։ - Երբեւէ «9 կմ-ում» եղել ե՞ք, 5-րդ գումարտակի նահանջից հետո,- հարցրեց Գրիգորյանը - Եղել եմ։ - Զորքի վիճակը տեսել ե՞ք։ - Այո։ - Խոսել ե՞ք հետները։ - Այո։ - Այնտեղ է՞լ ոչ մի խոսակացություն չի եղել թռնողերի, սխալի, ծանր վիճակի մասին։ - Չեմ հիշում։ - Իսկ 5-րդ գումարտակի սպաների մեջ եղած տարաձայնության մասին ի՞նչ տեղեկություն ունեք։ - Բոլոր ուսումնական գումարտակներում գերթե նույն ձեւի են եղել խնդիրները, Հադրութի ուսումնական գումարտակում էլ ա եղել․․․ - Ես Հադրութից չեմ խոսում։ Գալիս եմ ամսի 27-ից՝ չեք հիշում, գալիս եմ ամսի 2-ին՝ չեք հիշում․․․ «Չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար» Հաջորդիվ հարցեր հնչեցին նաեւ, թե ինչ խնդիրներ կարող էին ընկճել զինվորներին։ Խոսվեց նաեւ այն մասին, թե արդյոք զինվորներն ունեցե՞լ են համազգեստների, պաշտպանիչ բաճկոնների խնդիր եւ այլն։ Բադալյանն ասաց, որ չի հիշում, թե «բռոնի ժիլետի» պակաս եղած լինի, իսկ ինչ վերաբերում է համազգեստին, ապա, նրա խոսքով, պատերազմական պայմաններում դրանք ավելի շուտ էին մաշվում․ «Բայց չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար»,- ասաց նա։ Վկայի այս պատասխանները վրդովեցրին զոհվածների հարազատներին։ Նրանցից Արսեն Ղուկասյանը տեղից գոռաց՝ դիմելով Բադալյանին․ «Երեխեքին պատերազմի ժամանակ ասում էր ձեզ կդատեն ֆորմի համար, գիտես չեմ ասելո՞ւ, սաղ տեղերն եմ ասելու, մարդասպան, էդքան երեխեքին էս [վիրավորական բառ] ա ուղարկել, էն մի [վիրավորական բառ] հանձնարարությունն արել ա»։ Ղուկասյանին հեռացրին նիստերի դահլիճից։ Բադալյանը շարունակեց, որ եթե բարոյահոգեբանական վիճակը վատ է եղել, ապա դրա ամենամեծ պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ հակառակորդն անբացատրելի, աննկարագրելի շատ էր կիրառում հրետանի ու անօդաչուներ։ Գուրգեն Գրիգորյանը հիշեց, որ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունքում ասել էր, որ պատերազմի սկսելուց մի քանի օր հետո արդեն սովորել էին կռվել անօդաչուների դեմ․  - Սո՞ւտ է ասել Սեմյոնովը,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։ - Ես չեմ ուզում իրա ասածին գնահատական տամ, ամեն պաշտոնատար անձ փորձել ա արագ սովորեցնել։ Ինչը փորձել են, ստացվել ա, շարունակել են, դա էլ ա մարտական ոգին բարձրացրել։ Գրիգորյանը նորից հետաքրքրվեց՝ ի պաշտոնե՝ Բադալյանն ի վերջո ինչ գործողություններ է արել զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց, որ վերադասությունը ժամը մեկ ուզել է զինվորների սխրանքների մասին տեղեկություններ, զոհերի անուններ, եւ այլն, եւ այդ հաշվառումը պետք է իրականացներ ինքը։ - Դուք գնդապե՞տ եք։ - Այո։ - Բա էդ զորքն ո՞վ պետք ա կառավարեր, որ Դուք մենակ ցուցակներով էիք զբաղվում։ - Զորքը կառավարում են իրա անմիջական հրամանատարները։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Հադրութում եղած ժամանակ զորամասի կամ դպրոցի վրա հրետակոծություն եղե՞լ է։ Վկան ասաց, որ ամբողջ քաղաքի վրա է եղել։ Վտանգավոր չէ՞ր զինվորներին զորամաս կամ դպրոց տանելը։ Վկան պատասխանեց՝ բոլոր տեղերն էին վտանգավոր։ Բայց հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Մանուկ Բադալյանը նաեւ տեղյակ չի եղել, որ զորքը նախ զորամասում է տեղակայվել, հետո նոր դպրոցում։ Նա ասաց․ «Կարող ա այլ զորամասի խնդրով զբաղված լինեմ, միանգամից չես կարա բոլոր տեղերի խնդիրներն իմանաս»։ Երբ Բադալյանին հարցրին՝ իսկ դպրոցում նա ի վերջո ճշտե՞լ է, թե անձնակազմին ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել, նա պատասխանեց, որ ինքը նման կոնկրետ պարտականություն չի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում՝ չունեմ։ Բարոյահոգեբանական աշխատանք, առանց ճշտելու՝ ինչ աշխատանք պիտի կատարեն, բա էդ պարտականությունն ո՞վ ունի, որ Դուք չունեք։ Դուք եթե նման հարցերը չեք ճշտել, չեք իմանում՝ էդ երեխեքն ինչի միջով են անցել, ուր են եկել հասել, որտեղ են գտնվում, բա ո՞նց եք կազմակերպելու Ձեր եւ Ձեր ենթակաների աշխատանքը»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը ու շարունակեց,- «պետությունն էդքան ծախս ա անում, բարոյահոգեբանական գծով զորամիավորման բազմաթիվ պաշտոններ կան, էդ որ պիտի զորքի հետ կապ չունենաք, բա պետությունը ձեզ ինչո՞ւ ա էդքան ուղարկում սովորելու, տալիս բարձր պաշտոններ, որ գաք, կանգնեք դատարանի առաջ, ասեք՝ ես, բացի երեխեքի հետ խաղաղ ժամանակ քայլելուց հարցնեմ՝ ո՞նց եք, ձեր հաց ու ջուրը տե՞ղն ա, ուրիշ բաների հետ կապ չունե՞մ»։  - Մյուս սպաները զինվորներին թողել, փախել են, խայտառակություն է, այ էդ երեխեքի զոհվելը, կոնկրետ այս դեպքում՝ Խուռհատ սարի, չե՞ք կարծում, որ էդ ամբողջի մեղավորությունը նաեւ դրված է այն հրամանատարական կազմի վրա, որը պիտի բարոյահոգեբանորեն աշխատեր սպաների, զինվորների հետ, որ նրանք չլքեին մարտական դիրքը, զինվորին, զորքին, տեխնիկան։ Չեք գտնո՞ւմ, որ ձեր ղեկավարած կառույցն իր վրա դրված ոչ մի պարտականություն չի կատարել։ Թռել են՝ տեղյակ չեք, թրջված են եղել՝ տեղյակ չեք, սպաները խնդիր ունեն՝ տեղյակ չեք, զորքին հանում են վերեւ՝ տեղյակ չեք։  - Ուսումնական գումարտակները համալրվել են մեր դիրք պահող գումարտակների այն լավագույն սպաներից, որոնք ունեն նորմալ, ավելի լավ փորձ, եւ էդ ընտրությունը, զորամասն առաջարկներն ուղարկում ա, պաշտոնները նշանակվում են ավելի վերադաս ղեկավարներից։ Ընտրելուց հետո մենք ինչ աշխատանքներ ենք կատարել, էդ ամեն ինչը․․․ - Անգամ վախենում եմ հարցնել, եթե ձեր լավագույն սպաները փախել են, զինվորներին լքել են, վատագույններն ինչի՞ են ընդունակ եղել։ Ձեր աշխատանքը պիտի լիներ առաջինը, որ սպան մնար զինվորի հետ․․․։ Դուք ո՞նց եք աշխատել ու ո՞նց պատասխանատվություն չեք կրել,- ասաց Գուրգեն Գրիգորյանը։  «Ես տվյալ չունեմ, որ զինվորներին հրամայել են փոխել հագուստը, թաց շորերը հագնել» Հաջորդիվ վկային հարցեր տվեց նաեւ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․ - Երբ իմացաք, որ զինվորները թրջված, շորերը՝ շարքից դուրս եկած, իրենք իրենց ուժերով Հադրութում հայթայթեցին հագուստ, փոխվեցին, Ձեր արձագանքը դրան ի՞նչ եղավ, Դուք գովեցի՞ք նրանց։ - Ըտեղ հայթայթելու խնդիր չի եղել, անձամբ բանակի թիկունքի պետը հենց դպրոց բերել ա, էդ նույն րոպեին չէ, բայց բերել, հասցրել են։ - Դուք ոգեւորեցի՞ք, գովեցի՞ք զինվորներին։ - Դա իմ անելիքը չի։ - Դուք ի՞նչ արձագանք տվեցիք, երբ տեսաք, որ էդ երեխեքը թրջված շորերը փոխել են նոր շորերով, իրենց ուժերով։ - Մենք պրոբլեմներն անմիջապես վերադասությանը զեկուցել ենք, խնդրել, որ կան ապահովման հարցեր, բերեն, ապահովեն։ - Իսկ դուք տեղյակ եղա՞ք, որ էդ զինվորներին հրաման տվեցին փոխած շորերը փոխել, նորից թաց շորերը հագնել, նոր շորերը վերադարձնել։  - Ես տենց տվյալ չունեմ։ - Ոչ էլ լսել եք։ - Ոչ։ Այս դեպքի մասին խոսեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Հովակիմյանը, եւ, դիմելով վկային, ասաց, որ նախաքննության ժամանակ զինվորների տված ցուցմունքներ կան, որոնցում ասված է, որ երբ զինվորները կարողացել են հագուստ հայթայթել խանութից, ինքը՝ Բադալյանը, ստիպել է հանել համազգեստները․ - Ի՞նչ կասեք այս մասին, ես հստակ ասում եմ՝ կան ցուցմունք տված զինվորներ, որոնք ողջ են։ - Իմ տեղեկությունով մոբի տղաներից ծխախոտ չեն ունեցել, տեսել են, որ պատուհանը ջարդված ա խանութի, ջարդել են դուռը, բացել՝ ծխախոտ վերցնելու համար, տեսել են մեր զինվորներին, իրանք են մեր զինվորներին առաջարկել, մեր զինվորները հաստատ չէին գնա ընդեղ էլի։ Հետո կողքի խանութում էլ համազգեստ ա եղել, էդ էլ են բացել, հագել, ոստիկանությունը տեղեկացել ա, որ խանութներ են բացում, ասել են՝ խնդրում ենք ուշադրություն դարձրեք, մենք էլ ասել ենք՝ չի կարելի, էլի։ Զոհված զինծառայողի ծնող Գեղամ Ղազարյանը մանրամասներ հարցրեց վկայի վիրավորման հանգամանքներից։ Բադալյանն ասաց, որ երբ այրվածքով վիրավորում է ստացել, դիվիզիայի սպաներն են տարել իրեն․ - Բայց ձեր ֆերշելին (բժշկին,-հեղ․) տեսել եմ, խոսել եմ, ասել ա՝ ինքն իրա ոտով ա եկել։ Հիշում ե՞ս, Ստեփանակերտում ասում էիր՝ Գարիկն (նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին) ու Իշխանյանն են մեղավոր, որ Գարիկին կանչիր, բերին, ասում էիր՝ դու ես մեղավոր, էնի ասում էր՝ էնի, քցում էիք իրար վրա։ - Էդ օրը վեճ ա եղել մեր մեջ, ես ուրիշ մանրամասներ չեմ հիշում,- ասաց վկան։ - Երեխեքին շարել ե՞ս Հադրութի դպրոցում, ասել՝ բարոյալքված եք, պատրաստ չեք պատերազմի, հետո հրաման ես տվել Վարդերեսյանի հետ, ասել, որ ով հետ գա՝ գյուլլեք։ - Չի եղել տենց բան,- հերքեց Բադալյանը։ Վկան այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել Հնչած հաջորդ հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ վկա Մանուկ Բադալյանը այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել, չի իմացել նաեւ, թե ինչու է Գարիկ Վարդերեսյանին փոխարինել Իշխան Վահանյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Վահանյանին հանդիպել է դպրոցում, չի հարցրել այդ մասին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց, որ չի եղել գրեթե մի վկա, իսկ նրանք գրեթե 40-ն են եղել՝ զինծառայողներ, սպաներ, մեղադրյալ Իշխան Վահանյանը, որը չասի, որ զորքն ունեցել է բարոյահոգեբանական վիճակի խնդիր․ «Այդպիսի մարդ չի եղել, որ հակառակն ասի։ Դուք ցուցմունք եք տալիս, ասում՝ ինձ չի զեկուցվել։ Պարզ է՝ Դուք դիվիզիայի օղակն եք, բայց մենք կընդունեինք Ձեր ասածը, եթե Դուք անձամբ ներկա չգտնվեիք դպրոցում, այսինքն՝ Ձեր ստորադասներն իրենց պարտականությունը լավ կատարած չլինեին, բայց դուք անձամբ այնտեղ եք եղել, ո՞նց եղավ, որ դուք չնկատեցիք, որ 5-րդ գումարտակը շատ վատ բարոյահոգեբանական վիճակի մեջ է, բոլորը զանգել են տներ, ծնողներին ասել են՝ մենք վատ վիճակում ենք, դիրք են ուզում տանեն եւ այլն»։  - Դիվիզիայի մասնաշենքը, ճիշտ ա, խփված էր, բայց 30 տոկոսով գործում էր, կապի հանգույցն աշխատում էր, ես ավելի շատ կապի հանգույցից ներքին հեռախոսով խոսալու համար եմ եղել այդ շենքում, ես ասում եմ՝ բոլոր ուսումնականներում էլ բարոյահոգեբանական վիճակի հարց եղել ա, բայց որ առանձին ասեմ․․․ Մանուկ Բադալյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին։ Գլխավոր լուսանկարում՝ Մանուկ Բադալյանը, լուսանկարը՝ ՊՆ-ի Հայարփի Բաղդասարյան
23:15 - 26 սեպտեմբերի, 2024
«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի՝ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած նորակոչիկ զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց հոգեբան սպա Կարեն Հայրյանը։  Հայրյանը վկա է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երկամսյա դադարից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր վերադարձավ վկաների հարցաքննության փուլին․ նրանց մի մասին հնարավոր չէր եղել նախկինում դատակոչել Արցախի շրջափակման, ապա նաեւ բռնի տեղահանման պատճառով։ Վկա Կարեն Հայրյանը պատմեց, որ իրենց զորամասի հոգեբանական կետը գտնվել է նախ Առաքել, ապա Տող գյուղերում, որից հետո էլ՝ Կարմիր Շուկայում։ Զինվորներին իրենց մոտ բերել են ըստ անհրաժեշտության՝ բժիշկների կամ սպաների ցուցումով։ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։ Զինծառայողների պատմածներից Հայրյանը մտաբերեց միայն, որ երբ հակառակորդը հարձակվել է, խուճապ է սկսվել, եւ նրանք տարբեր խմբերով տարբեր ուղղություններով են գնացել․ «Զինվորները սթրեսային վիճակում էին․ նախ վախն էր, տագնապայնությունը, ընկերների կորուստը, սկզբում չէին ուզում խոսել, ընթացքում արդեն խոսում էին»,– ասաց նա։ – Խուռհատ սարի շրջափակման միջից դուրս եկած զինվորների հետ զրուցե՞լ եք,– հարցրեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Գուրգեն Գրիգորյանը – Երբ իրենք դուրս են եկել, մենք արդեն Կարմիր Շուկայում ենք եղել, մեզ մոտ չեն բերել։ – Հնարավո՞ր է, որ 1-2 ամսվա նորակոչիկները շրջափակումից դուրս գան, զորքի մեծ մասը կոտորվի, եւ նրանց սպաները կամ հոգեբանները չփորձեն գոնե խոսել, ճշտել նրանց վիճակը․․․ Իմ պատկերացմամբ՝ այդ հարցադրումը ձեր կողմից բարձրացնելը հենց Ձեր սուրբ պարտականությունն էր։ – Ես իմ պարտականությունները սահմանված կարգով իրականացրել եմ, բոլոր աշխատանքների վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ըստ վերադասության․․․– պնդեց վկան։ – Կոնկրետ այդ հարցը բարձրացրե՞լ եք։ – Նման քայլ արվել է հոսպիտալի ղեկավարության կողմից․ սենյակներ կային, որտեղ զինվորները հանգստանում էին, իրենց հետ աշխատանք էր տարվում, հոսպիտալի պետն էլ եկել, մեզ օգնել է, զինվորների հետ աշխատել։ – Այդ սովետական արձանագրումները․․․ Հասկանում եմ՝ Ձեր գործի իմաստը ինչ է եղել տարիներով․ բռնել, գրել, որ ամեն ինչ իդեալական է,– վրդովվեց փաստաբանը։ – Ես խնդրում եմ՝ ինձ չվիրավորեք,– արձագանքեց վկան։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Կարեն Հայրյանը Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց՝ ընդհանուր տպավորությունն այն է, կարծես վկան խուսանավում է կոնկրետ պատասխաններ տալ, ուզում է արագ երկու բառ ասել, հեռանալ։ Հայրյանը, սակայն, հերքեց, պնդեց՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, բայց քանի որ կոնտուզիա է ստացել, հետագայում եւս մի պատերազմի մասնակցել, որոշ բաներ չի հիշում։ – Դե հիմա պատասխանեք՝ Ձեզ ի՞նչ հիմնական պատճառ են հայտնել զինվորները, ինչո՞ւ են գտնվել բարոյահոգեբանական ծանր վիճակում։ – Զինվորները ներկայացնում էին, որ մենակ են մնացել։ – Մենակ մնալը ո՞րն է։ – Ասա՝ առանց սպա,– բղավեց դահլիճում գտնվող որդեկորույս ծնող Բենիկ Գաբրիելյանը։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Դատավորը նկատողություն հայտարարեց ծնողին։  Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ երբ հոգեբանները զինվորների կողքին չեն, ո՞վ է բարոյահոգեբանական աշխատանքներ տանում նրանց հետ։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ունի բարոյահոգեբանական գծով տեղակալ, եթե նա զոհվում է, սպաներն են, եթե սպաներն էլ տեղում չեն՝ սերժանտները։  – Որպես հոգեբան՝ զինվորներից հարցրե՞լ եք՝ տեղակալի զոհվելուց հետո մյուս սպաները ինչ աշխատանքներ են տարել։ – Տվյալ պարագայում զինվորները խառնաշփոթ, ընկճված վիճակում էին, ես հարցեր չէի տալիս, նրանց հետաքրքիր չէին այդ հարցերը, ի վիճակի չէին նման հարցերի պատասխանել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջամտեց՝ պատերազմական իրավիճակում ոչ բոլոր զինվորները կդիմեին հոգեբանի, հետեւաբար եթե դիմել են, ենթադրվում է, որ այնքան ծանր վիճակում են եղել, որ պատրաստ են եղել մանրամասն խոսելու․ – Որ եկան Ձեզ մոտ, չասացի՞ն՝ այ սենց դեպքեր են տեղի ունեցել։ Մեզ այդ դեպքերն են հետաքրքիր։ – Նշել են, որ հակառակորդը տարբեր կողմերից հարձակվում էր, եւ մի մեծ խառնաշփոթ է առաջացել։ Արսեն Ղուկասյանը, որի զոհված զինծառայողի հորեղբայր է (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ), հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ Հայրյանը զինծառայողների մարտական ուղիների փաստաթղթավորմամբ է զբաղվել, ուստի չէր կարող չիմանալ, թե նրանց հետ ինչ է եղել։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ մարտական ուղիների փաստաթղթերում նշվել են զինծառայողների կատարած սխրանքները՝ ինչ են խոցել, ոնց են դիմագրավել․ «Այդ ամենը տպվել, բաժանվել է․․․ Ես կոնկրետ չեմ կարող հիշել, բոլորը ուղարկվել են պահպանման, եթե փորձեք, կարող եք գտնել․»,– ասաց նա։ Արսեն Ղուկասյանը – Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ էին, որ իրենց ընկերները զոհվել են, որ ստիպված են եղել նահանջել,– հարցրեց դատավորը։ – Նման դեպք չեմ հիշում։ – Պարտության պատճառ նշո՞ւմ էին։ – Նախքան Խուռհատ սարը ասում էին՝ մենք չէինք տիրապետում զենքերին, իսկ հակառակորդը պատրաստված է, անընդհատ մեզ վրա է գալիս․․․  Խոսելով մեղադրյալ Իշխան Վահանյանի մասին՝ Կարեն Հայրյանն ասաց, որ նա վիրավորման մասին լսել է բուժկետի բժշկից (հետագայում զոհվել է), իսկ զինվորներից լսել է, որ նա, չնայած թեթեւ վիրավորմանը, թողել, գնացել է։ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը – Ասե՞լ են, որ դա ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ – Ասել են, որ խառնաշփոթի մեջ են եղել։ – Իսկ սպանե՞րը։ – Ինձ բան չեն ասել,– պատասխանեց վկան։ – Սուտ, – բղավեց Արսեն Ղուկասյանը՝ հայտարարելով, որ նախկինում վկան իր ներկայությամբ ընդհուպ մինչեւ հայհոյել է դավաճան սպաներին։ – Երբ նոյեմբերի 9-ից հետո հանդիպել եմ սպա Ղարիբ Ջավադյանին (նրա ցուցմունքը՝ այստեղ), ինքն էլ է ասել, որ Վահանյանը զինվորներին թողել, գնացել է։ – Փախե՞լ է։ – Չի փախել, վնասվել է, թողել, գնացել է,– նշեց վկան։ – Քանի՞ անգամ է եղել, որ քո ներկայությամբ զինվորները ասել են՝ կռիվը չսկսած՝ Վահանյանն ասաց՝ վիրավոր եմ, ու փախավ,– վրդովվեց Արսեն Ղուկասյանը։ – Դե, ես նշեցի, ես զինվորների կողմից եմ լսել, որ քերծվածք է, թե ինչ, ասել է՝  վիրավորվել է, գնում է։ Ուրիշ ի՞նչ ձեւ պատասխանեմ,– ասաց Կարեն Հայրյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին։   Միլենա Խաչիկյան
23:00 - 15 օգոստոսի, 2024
«Ուզում եմ ընտանիքիս կողքին լինել»․ Վահանյանը միջնորդեց իր կալանքը փոխարինել գրավով

«Ուզում եմ ընտանիքիս կողքին լինել»․ Վահանյանը միջնորդեց իր կալանքը փոխարինել գրավով

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ավարտվեց Խուռհատ սարի գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի հարցաքննությունը։ Տուժող կողմի եւ դատավորի հարցերից հետո քննվեց Վահանյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման փոփոխության վերաբերյալ։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը համառոտ ներկայացրեց, որ Վահանյանը նման գրավոր միջնորդությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ինքը երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ, վկաների մեծ մասը արդեն հարցաքննվել է, ապացույցների մեծ մասը՝ հետազոտվել, ուստի կան բավարար հիմքեր կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու համար․ «Նշել է, որ օբյեկտիվ ճշմարտություն է, որ ինքը ունի զինվորականի 20 տարվա ստաժ, իսկ իր ծնողներն ունեն լուրջ առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է համարում ազատության մեջ գտնվել»,–ընթերցեց դատավորը։ – Մենք էլ ունենք,– արձագանքեցին զոհված զինծառայողների ծնողները։ Զոհված զինծառայողների ծնողները Միջնորդության ընթերցումից հետո դատավորը մեղադրյալից հետաքրքրվեց՝ ավելացնելու բան ունի՞ արդյոք։ – Ուզում եմ ընտանիքիս կողքին լինեմ, էրեխեքիս կողքին լինեմ,– ասաց Վահանյանը։ – Մենք էլ էինք ուզում,–լսվեց ծնողների ձայնը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց միջնորդության դեմ՝ խնդրելով այն մերժել․ «Թեեւ դատաքննության ընթացքում հարցաքննեցինք դատակոչված վկաներին, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ դատավարության մասնակիցները լրացուցիչ հարցաքննության միջնորդություն ունեն, եւ այդ վկաները եւս հանդիսանում են Վահանյանի համածառայակիցները, հնարավոր է՝ նաեւ ենթակաները, կարծում եմ՝ չնայած այս ծավալով հարցաքննված վկաներին, միակ խափանման միջոցը, որ կարող է երաշխավորել Վահանյանի պատշաճ վարքագիծը դատավարության ընթացքում, ինչու չէ, նաեւ դատավճռի հետ կապված, կալանքն է, եւ գրավով չենք կարող այդ բավարար երաշխիքները ունենալ»,– ասաց մեղադրողը՝ ընդգծելով, որ Վահանյանին մեղսագրվում է առանձնապես ծանր երկու հանցանք։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, փաստաբան Գայանե Հովակիմյանը Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հաստատեց, որ իրենք լրացուցիչ վկաների հարցաքննության միջնորդություն ունեն, հիշեցրեց՝ կան նաեւ մի շարք ծնողներ, որոնց դեռ պետք է տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ նույնպես հարցաքննել․ «Վահանյանի խնդիրը չէ, միայն 90-ից ավելի զոհված զինծառայողների խնդիրը չէ, այլ նաեւ մնացածի․․․ Բացի այդ, նոր հանցագործության հատկանիշներ պարունակող պատասխաններ տրվեցին, եւ այդ առումով պետք է հաղորդում ներկայացվի․ եթե Դատախազությունը դա սեփական նախաձեռնությամբ չանի, մենք ենք անելու, իհարկե, տուժողների համաձայնությամբ, կարող է եւ թաքնվելու ռիսկ առաջ գալ»,– ասաց նա։ Տուժողների փաստաբան Գայանե Հովակիմյանը եւս միացավ առարկությանը․ «Տվյալ պահին կալանքի տակ գտնվելը Վահանյանի շահերից է բխում, ավելի ճիշտ է՝ հիմա կալանքի տակ գտնվի, դրանով նաեւ իր անվտանգության հարցն է ապահովվում, ուստի ես գտնում եմ, որ խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ»,– կարծիք հայտնեց նա։ Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդիվ միջնորդություն ներկայացրեց տուժող կողմը։ Մասնավորապես, Գայանե Հովակիմյանը միջնորդեց տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ հարցաքննել Խուռհատ սարում զոհված զինծառայողներ Լեւոն Գալստյանի մորը՝ Արմենուհի Գալստյանին, եւ Վահագն Խաչատրյանի մորը՝ Ալինա Գրիգորյանին (Վահագնի մասին կարող եք կարդալ այստեղ)։ Միաժամանակ Հովակիմյանը միջնորդեց որպես վկա դատակոչել եւ հարցաքննել 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանին, զորամասի հրամանատարի տեղակալ Աշոտ Մկրչտյանին, նաեւ՝ Արայիկ Հայրիյանին․ «Նրանց ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ, քանի որ դատական լսումների սկզբից մինչ այս պահը անընդհատ արծարածվում են նրանց անունները, սակայն չգիտես ինչու, նրանք ներգրավված չեն դատակոչի ցուցակում»,– ասաց Հովակիմյանը։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ նշված սպաները կոնկերտ Խուռհատ սարի հետ կապված իրադարձությունների մասին էական հանգամանքներ չեն նշի, սակայն մինչ այդ տեղի ունեցած դեպքերին առնչվում են, ուստի որոշումը թողեց դատարանի հայեցողությանը։ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը եւս դիրքորոշում չհայտնեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Դատարանը, լսելով կողմերին, որոշեց՝ հիշյալ սպաների մասով միջնորդությունը բավարարել, իսկ ծնողների մասով առայժմ ձեռնպահ մնալ որոշում կայացնելուց՝ հաշվի առնելով, որ մեղադրանքի ծավալի մեջ դեռ պետք է փոփոխություն իրականացնել։ – Կա՞ մարդ, ում կցանկանաք կանչել դատարան՝ ի պաշտպանություն Ձեզ հարցաքննելու,– դիմելով Վահանյանին՝ հարցրեց դատավորը։ Նշենք՝ դա մեղադրյալի՝ օրենքով սահմանված իրավունքն է։ – Ի պաշտպանություն՝ ինչ կա, ասել եմ դատարանին, – պատասխանեց մեղադրյալը՝ ակնարկելով, որ կալանավորված մարդիկ կան, ժամանակը ամեն ինչ ցույց կա։ Դատավորը սեփական նախաձեռնությամբ որոշեց կրկին հարցաքննության հրավիրել 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանին (նրա նախորդ հարցաքննությունը՝ այստեղ) եւ Ջրականի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արթուր Քարամյանին (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ Նշենք՝ Վահանյանի ցուցմունքի եւ հիշյալ սպաների ցուցմունքների մեջ դատարանում ի հայտ են եկել մի շարք հակասություններ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ քրեական գործի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում նա վիրավորման պատրվակով թողել է գումարտակի նորակոչիկ անձնակազմին եւ վիրավորներին տեղափոխող մեքենայով հեռացել։ Հրամանատարի ենթադրյալ փախուստին անկանոն նահանջն է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Երկու տարվա դատաքննության ընթացքում հայտարարություններ գրեթե չարած հրամանատարը մանրամասն ցուցմունք է տվել,  պնդել, թե ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել, պատմել, որ իր համար էլ անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում, երբ բոլորին էր պարզ, որ նրանք ի վիճակի չէին առանձին խնդիր կատարելու։ Ընդ որում, ըստ Վահանյանի, իրենց ոչ թե ասվել է, որ գնում են մարտական խնդրի, այլ պարզապես բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու։    Միլենա Խաչիկյան
22:05 - 10 հունիսի, 2024
«5-րդ սերնդի պատերազմ էր, ոչ մեկս էլ պատրաստ չէր»․ Վահանյանի ցուցմունքը դատարանում

«5-րդ սերնդի պատերազմ էր, ոչ մեկս էլ պատրաստ չէր»․ Վահանյանի ցուցմունքը դատարանում

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործի քննությունը։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ քրեական գործի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում նա վիրավորման պատրվակով թողել է գումարտակի նորակոչիկ անձնակազմին եւ վիրավորներին տեղափոխող մեքենայով հեռացել։ Հրամանատարի ենթադրյալ փախուստին անկանոն նահանջն է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Ի սկզբանե քանի հոգի է գտնվել մարտի դաշտում, քանիսն են զոհվել, քանիսը՝ վիրավորվել՝ մինչ օրս հստակ չէ։ Դատաքննության ընթացքում խոսվել է 250-350 թվակազմի մասին, սակայն ըստ Վահանյանի՝ կոնկրետ սարում շուրջ 120 հոգի է եղել։ Թե նրանցից քանիսն է զոհվել, գումարտակի հրամանատարը չի հիշում։ Արդեն երրորդ օրն է, ինչ դատարանը հարցաքննում է նրան։ Երկու տարվա դատաքննության ընթացքում հայտարարություններ գրեթե չարած հրամանատարը մանրամասն ցուցմունք է տվել,  պնդել, թե ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել, պատմել, որ իր համար էլ անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում, երբ բոլորին էր պարզ, որ նրանք ի վիճակի չէին առանձին խնդիր կատարելու։ Ընդ որում, ըստ Վահանյանի, իրենց ոչ թե ասվել է, որ գնում են մարտական խնդրի, այլ պարզապես բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու։  Ձախից՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Պատասխանելով տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի հարցերին՝ Իշխան Վահանյանը մանրամասնեց՝ զորամասի հրամանատար Քարամյանն ու Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիդովն են ասել, որ պատերազմը վերջանում է, իրենք էլ գնում են՝ բնագիծ զբաղեցնելու։ Նման ենթադրության հիմքը, ըստ Վահանյանի, հրադադարի վերաբերյալ խոսակցություններն էին։  – Երբ ամեն ինչ ավարտվել է, զեկուցագիր գրե՞լ եք, որ սխալ եզրակացության էին եկել,– հարցրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ – Չէ,– պատասխանեց ամբաստանյալ Վահանյանը։ – Ինչու՞, Ձեզ չի մտահոգում, որ ուրիշի սխալ տեղեկությունների պատճառով այսօր այստեղ եք։ – Որ իմանայի՝ գալու էի էստեղ, ուրիշ միջոցներ կձեռնարկեի․․․ Պատերազմ էր, ընդհանուր վերլուծությունները որը ոնց կարողացել է․․․ 5-րդ սերնդի պատերազմ էր, ոչ մեկս էլ պատրաստ չէր, ոչ էլ տեսել էինք տենց պատերազմ։ Ճանապարհ ընկնելուց առաջ զորքին բաժանվել է սաղավարտ, զրահաբաճկոն, հրաձգային զենքեր, զինամթերք, իսկ համազգեստ, ըստ Վահանյանի, չի եղել։ Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ փորձառու մարդկանց ներգրավելու պահանջ եղե՞լ է, ամբաստանյալը պատասխանեց՝ խոսակցություն եղել է, բայց պահանջ չի եղել, որովհետեւ այլ անձնակազմ չի եղել։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինքնին հանցավոր արարք չէ՞ր ԱԹՍ–ների եւ արկերի տակ բազմաքանակ զորքին Հադրութի դպրոցում հավաքելը եւ տրանսպորային մեծ միջոցով սար տեղափոխելը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ դրանից առաջ դպրոցի ուղղությամբ արկ էր ընկել, նույն պատճառով էլ Հադրութի զորամասից էին զորքին դուրս բերել։ Ի պատասխան՝ Վահանյանն ասաց՝ այդ հարցի հասցեատերը ինքը չէ, ինքը սոսկ հրաման է ստացել։ Ըստ Վահանյանի՝ ինժեներական խոստացված գործիքները իրենց այդպես էլ չեն հասել, սարում դիրքեր, ամբողջական խրամատներ չեն եղել․ – Եթե սարում չունեիք դիրքեր, ինչո՞ւ չեք զորքին դիրքավորել անտառի մեջ, որը բնական պաշտպանիչ նշանակություն ունի,– հետաքրքրվեց Գուրգեն Գրիգորյանը։ – Իմ վերադասը եկել է, անձամբ բնագիծը ցույց է տվել, չես կարող անձնակազմին ասել՝ լցվեք անտառի մեջ, եթե բնագիծ են զբաղեցնում,–պատասխանեց Վահանյանը։ – Ռմբակոծությունից որքա՞ն ժամանակ հետո սկսվեց հարձակումը։ – Չեմ կարող ասել։ – Հնարավորություն ունեի՞ք՝ դրանից հետո հրաման տալու, որ հետ գնային, մտնեին անտառ։ – Հրետանակոծության ժամանակ հրաման տրվել է, որ միանգամից հետ քաշվեն անտառի մեջ, համ կառավարել եմ, համ անձամբ եմ սարը ծայրից ծայր անցել, սաղ տեսել։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խնդրեց պարզաբանել, թե այդ ինչպես է, որ ինքն ասում է, թե նման հրաման է տվել, մինչդեռ մի շարք զինվորներ, նահանջի այդ ընթացքը անկազմակերպ որակելով, դատարանում պատմել են, որ իրար պահելով, ինքնաբուխ են իջել, բնագծում զոհեր ունեցել․  Տուժողների իրավահաջորդները – Դա այն խմբի մասին է, որ չի ենթարկվել հրահանգներին եւ առանձնացել է,– պատասխանեց Վահանյանը։ – Լավ հրամանատար չեք եղել, չեն ենթարկվել,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ – Էրեխեքը լավ էլ ենթարկվել են, մի վարկաբեկեք,– արձագանքեց մյուսը։ Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանդարտեցնել կողմերին, ապա դիմեց ամբաստանյալին․ – Դուք ինձ համար եք պատասխանում,– նշեց նա։ – Այդ խոսակցությունը բնագծի մասին չի եղել, հետագայում՝ նահանջելիս զորքի կիսվելու դրվագի մասին է եղել,– պատասխանեց Վահանյանը՝ հավելելով,– սարում ոչ մեկը չի մնացել, միայն Մաքսիմի աճյունն է այնտեղից հանվել, նրան էլ սնայպերն է խփել։ Հրազենից այլ զոհ կամ վիրավոր, ըստ Վահանյանի, սարում չի եղել, իրենք հակառակորդին անձամբ չեն էլ տեսել։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Ըստ մեղադրանքի՝ ենթադրյալ փախուստի դիմելիս Վահանյանն իր հետ տարել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը՝ լիազորությունները որեւէ այլ սպայի վրա չդնելով։ Նա, սակայն, պնդում է՝ լիազորությունները փոխանցել է մայոր Հայկազ Գրիգորյանին, կապի միջոցներից մեկն էլ հանձնել նրան․ դրա շնորհիվ է, ըստ Վահանյանի, Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը կարողացել փրկվել։ – Ռացիան փոխանցելուց քանի՞ րոպե հետո եք շարժվել։ – Մոտ 20-30։ – Այսինքն՝ 20-30 րոպե արդեն գումարտակի հրամանատարը Հայկազ Գրիգորյա՞նն էր։ – Հա, տենց է դուրս գալիս, ասել եմ, որ վիրավոր եմ, ի վիճակի չեմ, վերադասի հրամանով հանձնել եմ Հայկազին, անձնակազմը իր հետեւից եկել, դուրս է եկել, վերջում ենք իմացել, որ մի խումբ առանձնացել է։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նախկինում այս մասին չի հայտնել, ինչին Վահանյանը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ գործի կիսատ քննությունը պատճառ բերելով․  – Երեւի թե տենց բան չի եղել, եթե չեք ասել,– կարծիք հայտնեց փաստաբանը։ Նշենք՝ Հայկազ Գրիգորյանը եւս դատարանում հերքել էր լիազորությունների եւ ռադիոկապի փոխանցումը իրեն։ – Եղել է,– պնդեց ամբաստանյալը՝ հավելելով, որ հետագայում իրենից որեւէ զեկույց չեն պահանջել, որովհետեւ հեռանալով ինքն արդեն հրամանատար չի եղել։ – Որպես գումարտակի հրամանատար՝ գնալուց առաջ այլ գործողություն արեցի՞ք, նշանակեցի՞ք՝ ով որտեղ կառավարի։ – Չէ, հրամանը եղել է ընդհանուր հավաքը, Հայկազը ու ուղղությունը։ – Ըստ Կանոնակարգի՝ պարտավոր չէի՞ք նշանակելուց բացի այդ ամենը կազմակերպել։ – Եթե բանավոր ասվել է, չէ։ – Այդպես էլ մտածեք,– արձագանքեց Գուրգեն Գրիգորյանը։ Իշխան Վահանյանի հարցաքննությունը կշարունակվի հունիսի 10-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Իշխան Վահանյանը Միլենա Խաչիկյան
23:10 - 03 հունիսի, 2024
«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում

«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում

«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել․ կարգապահական կլինի թե մարտական գործողությունների կլինի, ոչ մի խախտում թույլ չեմ տվել, էդ հաստատ եմ ասում»․ դատարանում այսօր այսպես եզրափակեց իր ցուցմունքը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վահանյանի հրամանատարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրականի 5-րդ գումարտակի նորակոչիկ անձնակազմը բարձրացրել է Հադրութին հարակից Խուռհատ սար, որտեղ էլ հաջորդ օրը հարձակման է ենթարկվել։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում Վահանյանը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու վիրավորների հետ հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Նա այժմ մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Իշխան Վահանյանի խոսքով՝ իրենց ուղարկել են սար՝ բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքների Նախորդ դատական նիստին Իշխան Վահանյանը հայտարարել էր, որ իր համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում՝ փոխարենն ուղարկելով առանձին խնդրի, երբ բոլորին էր հայտնի, որ նրանք ի վիճակի չէին խնդիր կատարելու։ Այսօր պնդեց նույնը, ասաց՝ այդ մասին բազմիցս զեկուցել է վերադաս հրամանատարությանը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, գումարտակի հրամանատարի պաշտոնը ստանձնելով՝ գիտակցե՞լ է՝ ինչ պատասխանատվության տակ է մտնում, ինչին ի պատասխան՝ Վահանյանը բացատրեց՝ գիտակցել է ե՛ւ այն, որ նորակոչիկներ են, ե՛ւ որ նոր վերակազմավորված գումարտակ է, սակայն ստանձնել է այդ պատասխանատվությունը, որովհետեւ իրենց ասվել է, որ գնում են բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու․ «Իմ ցուցմունքի մեջ էլ կա նշված, որ դիվիզիայի հրամանատարի տեղակալը եկավ Քարամյան Արթուրի հետ (զորամասի հրամանատարն է,–հեղ․), բա՝ տեխնիկա պիտի բերենք, այստեղ խրամատներ, ամրաշինական աշխատանքներ [պիտի անեք], մեր դիրքը այստեղից է լինելու․․․ Այ սենց է եղել, ոչ թե իմացել ենք՝ գնալու ենք, մտնենք [մարտական առաջադրանքի]»։ – Իսկ եթե այդ հանգամանքը չնշեի՞ն,– հարցրեց մեղադրողը։ – Չէինք անի դա, այսինքն՝ չէինք գնա, մեզ էլ չէին հանի․․․ ՊԲ հրամանատարի տեղակալը էդտեղ էր, ասեց՝ Վահանյան ջան, դուք գործ չունեք, հրադադարը տալիս են, ստորագրում են․․․ Ու իմ մտքով չի էլ անցնում, որ իրենք իմանային՝ տենց բան է լինելու, մեզ կհանեին․․․ Որովհետեւ սաղ ստորաբաժանումներն են էդտեղ եղել, միայն 5-րդ գումարտակը չի եղել․․․ Ես չեմ ուզում տենց մտածել, որ սաղին կհանեին գծով ու վերջ։ Ես մինչեւ հիմա էլ մտածում եմ, որ իրենք էլ չգիտեին, իրենք էլ էին մոլորության մեջ, - պատասխանեց ամբաստանյալը՝ հավելելով, որ իրեն խնդիրը առաջադրել է զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը, ուստի նա էլ պիտի լիներ վերահսկողը։ Քարամյանը, հիշեցնենք, դատարանում հայտարարել էր, թե ինքը 5-րդ գումարտակի հետ կապ չի ունեցել, զբաղվել է 1-ին եւ 4-րդ գումարտակներով, իսկ 5-րդով, ըստ նրա, պետք է զբաղվեր դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը։ Մեղադրողի դիտարկմանը, որ ե՛ւ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը, ե՛ւ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը իրենց ցուցմունքներում խոսել են ոչ թե պարզապես բնագիծ զբաղեցնելու, այլ պահպանության անցնելու մասին, Վահանյանն արձագանքեց՝ ասելով, որ ցանկացած զորաշարժ պահպանություն ենթադրում է, թեկուզ՝ միայն անվտանգությունից ելնելով, բայց պահպանությունն ու պաշտպանությունը տարբեր բաներ են։ Ըստ ամբաստանյալի՝ ինժեներական գործիքները այդպես էլ իրենց չեն հասել Իշխան Վահանյանի խոսքով՝ թեեւ իրենց ուղարկել են՝ ինժեներական աշխատանքներ իրականացնելու եւ խոստացել անհրաժեշտ ինժեներական տեխնիկան բերել, ոչինչ այդպես էլ տեղ չի հասել։ – Դուք, գումարտակի հրամանատար եք, պատասխանատվություն եք ստանձնել 100-ից ավելի զինծառայողների համար, անձամբ պարտավոր չէի՞ք միջոցներ ձեռնարկել այդ մինիմալ պայմանները ապահովելու համար,–հարցրեց դատախազը։ –Էդ մինիմալ պայմանները որտեղի՞ց հայթհայթեի, եթե զորամասը մեզնից հետ է, էդ գնդի հրամանատարի եւ սպառազինության գծով տեղակալի խնդիրն է․․․ Ինժեներական գործիքներ պիտի բերեր Ղազարյան Աշոտը, տենց էլ չհասան տեղ․․․  –Անգամ բահ չունեի՞ք։ –Չէ․․․ Տենց լինում է․ անձնակազմին տանում, տեղավորում են, հետո բերում են․․․ –Համալրվածության մեջ փոքր բահեր չկայի՞ն։ –Հա, էդ կային, բայց 1-2-10 հատ, չեմ հիշում․․․ Էդ մինիմալ պայմանները ապահովված եղել են, կիսատ խրամատներ, փոքր բացած եղել են, էդ տեղանքը օգտագործվել է, քանի որ դա եղել է Բալուջայի զառվետկայի վարժանքների տեղը։ –Այսինքն՝ տվյալ պահին բավարար եք համարել։ –էն առումով, որ ասել եմ՝ հեսա մնացածը կբերեն,– ասաց ամբաստանյալը։ Ըստ Վահանյանի՝ ինքը պատսպարվելու հրաման է տվել Պատասխանելով հանրային մեղադրողի մյուս հարցերին՝ Իշխան Վահանյանը պատմեց, որ հարձակման պահին ինքը զորքի մոտ է եղել, հրամանատարական կետ այդտեղ չի ունեցել։  Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Նրա խոսքով՝ իրենք անձամբ հակառակորդին չեն տեսել, վերջինս ներքեւից դեպի իրենց հրետակոծություն է սկսել․ «Ես միանգամից զեկուցել եմ զորամասի հրամանատարին, որ մենք ի վիճակի չենք պահելու, հրետակոծությունն էլ, բարձր տրամաչափի զենքերի կրակոցն էլ․․․ Արդեն առաջխաղացում ունեին մեր ուղղությամբ»,–նշեց նա։ Մեղադրողը հիշեցրեց ժամկետային զինծառայողների ցուցմունքները, ըստ որոնց՝ այդտեղ հրետակոծություն չի եղել, ուստի հնարավոր չէր բեկորային վիրավորումն այդտեղ ստանալ։ –Չե՞ն կարող տենց ասել,–հարցրեց Վահանյանը՝ ակնարկելով, որ գուցե նրանց էլ են ճնշել, որ իր դեմ խոսեն։ –Ժամկետային զինծառայողի շահագրգռվածությունը ո՞րն է նման ցուցմունք տալու կամ ասելու, որ տեսել են՝ անձամբ էիք քայլելով գնում դեպի մեքենան։ –Լավ, որ քայլելով գնում էի, հոսպիտալը ինչի՞ էր ինձ պահում,–հարցին հարցով պատասխանեց ամբաստանյալը։ Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել նաեւ, թե ինքը, որպես գումարտակի հրամանատար, այդ հրետակոծության ժամանակ մարտական ի՞նչ առաջադրանք է տվել անձնակազմին։ –Եթե հրետակոծություն է լինում, ըստ մարտակարգի՝ անձնակազմը պիտի գնա խրամախորշեր, եթե մենք չունենք մտնելու տեղ, բնականաբար, հետ ենք քաշվում։  –Այսինքն՝ խնդիր եք առաջադրել հետ քաշվելո՞ւ։ –Ինչ պետք է, ասել եմ․ երկու հատ շել է եղել, ես միանգամից ասել եմ՝ բաց տեղից գալիս ենք, հաստ ծառ է, գերան է, հենվում ենք․․․ –Դա նահանջի՞ հրաման է թե՞ վերադիրքավորման։ –Չէ, ավելի շատ պատսպարվելու, նույնիսկ ճամփան ես չգիտեի, որ ասեի նահանջ, էլ չէինք իմանում՝ մեր եկած ճամփով գնայինք, ոնց կգնայինք,– ասաց նա՝ հավելելով, որ զորքը ենթարկվում էր, բայց ինչ–որ պահից հրետակոծության պատճառով խառնաշփոթ սկսվեց, եւ բոլորը խառնվեցին իրար։ Վահանյանը պնդում է՝ մինչ հեռանալը պարտականությունները պատշաճ փոխանցել է  Իշխան Վահանյանի խոսքով՝ երբ զորամասի հրամանատարի հետ խոսել է, արդեն վիրավորում ստացած է եղել։ Վերջինս, ըստ նրա, ասել է՝ վիրավորներին հանիր, զորքին հավաք պահիր, մինչեւ ուղղություն ցույց կտանք։ Ի վերջո, ինքն էլ վիրավորներին տեղափոխող վերջին կամազով հեռացել է, իր խոսքով՝ Քարամյանի թույլտվությամբ։ Քարամյանը, սակայն, դատարանում հերքել էր դա։ Վահանյանն իր հերթին հերքեց Հայկազ Գրիգորյանի խոսքերը՝ պնդելով, որ մինչ հեռանալը իր պարտականությունները պատշաճ փոխանցել է նրան, տվել նաեւ «Այքոմ» տեսակի ռադիոկապը։ Ենթադրեց՝ հետագայում թիկունքային հատվածից հայտնաբերվել է իր մյուս՝ «Հայդարա» տեսակի ռադիոկապը։ Նա հակադարձեց նաեւ գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին․ վերջինս դատարանում ասել էր, որ երբ Վահանյանին նշանակելիս են եղել այդ պաշտոնին, իր առաջին հարցը եղել է՝ դու պատրա՞ստ ես զորքի ղեկավարումը ստանձնել, ինչին նա դրական պատասխան է տվել։ Ըստ Վահանյանի, սակայն, իրենց մեջ նման առանձնազրույց չի եղել։ Զոհված զինծառայողների ծնողները Տեւական հարցուպատասխանից հետո հանրային մեղադրողը թվարկեց Վահանյանի ցուցմունքից այն հանգամանքները, որոնք հերքվում են հարցաքննված շուրջ 4 տասնյակ վկաների ցուցմունքներով․ –Դուք ասում եք, որ աջ ազդրի վնասվածքը ստացել եք հոկտեմբերի 10-ին սարում տեղի ունեցած հրետակոծության ժամանակ, սակայն քրեական գործով հարցաքննված վկաները, որ տեսել են ձեր վնասվածքը, միաբերան պնդում են, որ դա ստացել եք սեպտեմբերի 29–ին հրամանատարական կետում։ Դուք նշում եք, որ աջ ազդրի վնասվածքը ավելի խորն է եղել, քան գոտկատեղի, սակայն ըստ փորձագետի եզրակացության՝ Դուք ստացել եք նույնանման վնասվածքներ, եւ մեկի դեպքում շարունակել եք Ձեր ծառայությունը, մյուսի դեպքում, ըստ Ձեզ, այդ հնարավորությունը չի եղել։ Դուք պնդում եք, որ Նյուզգարում տեղի ունեղածից հետո օգնություն եք ցուցաբերել բոլոր վիրավորներին, իսկ ում չեք ցուցաբերել, չեք տեսել, եւ հետո չեք վերադարձել այդ վայր, քանի որ ճանապարհը, ըստ Ձեզ, երթեւեկելի չի եղել, սակայն վկաները պնդում են, որ քաջատեղյակ եք եղել, որ մարտադաշտում մնացած վիրավորներ կան, եւ հնարավորություն եղել է վերադառնալու։ Դուք նշում եք, որ սարում պատշաճ ղեկավարում եք իրականացրել, մինչդեռ վկաների մեծ մասը ստեղծված իրավիճակը ներկայացնում է անկազմակերպ եւ առանց ղեկավարման թողնված, նշում, որ անգամ Վահանյանը չգիտեր՝ ինչ հրաման տալ։ Դուք նշում եք, որ կապի միջոցը եւ ղեկավարումը փոխանցել եք Հայկազ Գրիգորյանին, սակայն վերջինս, նաեւ մյուսները հերքում են դա՝ պնդելով, որ «Հայդարա» տեսակի միակ ռադիոկապը Դուք ձեզ հետ տարել եք։ Զորամասի հրամանատարը նույնպես նկարագրում է իրավիճակ, որ շարունակել է կապ պահել Ձեզ հետ եւ տեղյակ չի եղել, որ զորքը Ձեզ հետ չէ։ Նա նաեւ նշել է, որ չպետք է մեկնել Հադրութի ուղղությամբ, ինչի մասին Մուրադյանի հետ խոսելիս Դուք չեք զգուշացրել։ Սա եւս Դուք հերքում եք։ Պարտավոր լինելով նահանջը պատշաճ իրականացրել՝ առհասարակ չեք իրականացրել, եւ կածում եմ, որ ցուցմունքներով հիմնավորվեց սարում նահանջի ժամանակ անկազմակերպ վիճակը։ Վկաների մեծ մասը նշում է, որ ձեր վրա վնասվածք չի նկատել, իսկ ով նկատել է, ասում է, որ դրա պայմաններում նորմալ քայլում էիք, գործում անկաշկանդ, ուստի դրանով հնարավոր է եղել մնալ մաշտի դաշտում։ Դա նշեցին նաեւ դատաբժիշկները,– եզրափակեց Գեւորգ Ավետիսյանը։ Ամփոփելով՝ նա հարցրեց ամբաստանյալին՝ ինչպե՞ս կարող է պարզաբանել, որ ինքը ճիշտ է ասում, իսկ մյուսները ստում են․ –Ինչ կա, ես ճիշտ ասել եմ․ կա գործ, կա մեղադրյալ, նորմալ է, սենց կփակվի, կգնա, ես ամենասկզբից էլ չեմ խոսել, ոչ մի ծնողի հետ հանդիպում չի եղել, հիմա ով ում հետ է հանդիպել, ինչ է արել․․․ Վերջ, նորմալ է, սա չխոսկան է, իմ տեղը փափուկ է, դրա համար եկել, հասել ենք այստեղ․․․ Ինչ վերաբերում է վիրավորմանը, էդ բեկորը մինչեւ հիմա էլ մեջն է, ուղղակի մսի մեջ է, էլ չես կարող․․․ Իմ գնալը թողնել չի, հրամանով է, ի վիճակի չլինելով, սաղ էլ տեղյակ են եղել, ոչ մի խախտում ես թույլ չեմ տվել թե օրենքով, թե անօրեն,– պնդեց Իշխան Վահանյանը։ Հաջորդ դատական նիստին նրան հարցեր կհղեն տուժող կողմի ներկայացուցիչները։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 29 մայիսի, 2024
«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Մարտակարգի խախտում են թույլ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր․ Խուռհատ սարի գործով գրեթե երկու տարվա դատական քննությունից հետո հարցաքննվելու էր Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վահանյանի հարցաքննությունը սկսվեց նշանակված ժամից քիչ ուշ, մինչ այդ զոհված զինծառայողների ծնողներն ու լրագրողները ստիպված էին սպասել դրսում․ կարգադրիչները պահանջեցին լքել դատարանի շենքը՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառաբանությամբ։ Ավելի ուշ, երբ նիստը սկսվեց, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ներկաներին հորդորեց հարցաքննության ընթացքում պահպանել լռություն, չնայած նրան, որ ամբաստանյալի խոսքերը իրենց գուցե հաճելի չլինեն։ Բացատրեց՝ դա ամբաստանյալի իրավունքն է։ Այնուհանդերձ, երկու ժամ տեւած հարցաքննության ընթացքում իրավիճակը նիստերի դահլիճում պարբերաբար լարվեց, ծնողներից մի քանիսը դահլիճից հեռացվեցին։ Դատարանում ցուցմունք տալով՝ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած ուսումնական, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը։ Վահանյանի համար անհասկանալի է՝ ինչու ուսումնական գումարտակին չցրեցին Իշխան Վահանյանը պատմեց, որ երբ պատերազմը սկսվել է, ինքը զորամասում է եղել, տեսել է՝ ինչպես են մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները պահպանությունից անցել պաշտպանության։ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը՝ փոխգնդապետ Ավալյանը, եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] պարոն փոխգնդապետ, բա տենց չի լինի, սա ուսումնական ա, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից։ Վերեւից, դե, զորամասի հրամանատարը (Արթուր Քարամյանն է–հեղ․) պիտի տար, նրան էլ՝ դիվիզիայի հրամանատարը (Կարեն Առստամյանն է,–հեղ․), հասկանում ենք, դրա համար գնացել, նստել ենք պաշտպանություն։ Բայց թե խի չցրեցին էդ անձնակազմը, իմ համար էլ է մինչեւ հիմա անհասկանալի, որովհետեւ մի ամսով արձակուրդ ենք եղել, չէր կարող այդ ընթացքում բան փոխվել, որ միանգամից դառնային «բայեվոյ», որոշակի նախապատրաստական վիճակ պիտի գնար»,– նշեց նա։ Գումարտակի նախկին հրամանատարը, ըստ Վահանյանի, սխալ հրամաններ է տվել Իշխան Վահանյանը խոսեց ոչ միայն Խուռհատ սարին վերաբերելի, այլեւ դրան նախորդած դեպքերից՝ բացատրելով, որ անձնակազմի պառակտումն ու բարոյահոգաբանական վիճակի անկումը ավելի վաղ են սկսվել գումարտակի նախկին հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանից։ Պատճառը, ըստ նրա, Վարդերեսյանի տված սխալ հրամաններն էին․  «Վարդերեսյանն ասել էր՝ փոքր խմբերով մեծ խնդիր կատարենք, բայց դա հատուկ պատրաստված ստորաբաժանում չէր։ Ինքը գնում էր գրքային բառերով։ Փոքր խմբերով մեծ խնդիր նորակոչիկը չէր կարող կատարել․ էդտեղ աշխատում էին հրետանի, վարձկաններ․․․ Մենք պիտի դեպի ձախ գնայինք, Ֆիզուլիով հետ գայինք, էդ էր ճիշտը, որովհետեւ մեր հետեւում մոտոհրաձգային ստորաբաժանումներ կային, որոնք ուզում էին անցնել հակագրոհի, մենք արդեն այդ հակագրոհին խոչընդոտ ենք հանդիսացել․․․ Ես եմ զեկուցել զորամասի շտաբի պետին, որ սենց խնդիր կա, ինքը շատ արագ եկել է մեր մոտ, ասել՝ չի կարող սենց բան լինել, նորից գնում ենք մեր դիրքերը, մենք պիտի ձախ գնայինք․․․ Ու սկսել ենք անձնակազմին հավաքել․ կեսը՝ ծառի տակ, կեսը արդեն զորամաս էին հասել․․․»– ասաց ամբաստանյալը՝ պնդելով՝ եթե մարտակարգի կոպիտ խախտում ես թույլ տալիս, անձնակազմին համակարգելն այլեւս դժվար է լինում։ Ըստ Վահանյանի՝ ինչքան տեղ եղել է, այդքան վիրավորի հանել է Վահանյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում վիրավորների դրվագին։ Մի շարք վկաներ դատարանում հայտարարել են, որ երբ Վահանյանը շտապօգնության մեքենայով եկել է, անգամ չի բարեհաճել մեքենայից իջնել, մի քանի վիրավորի է վերցրել եւ մյուսներին թողնելով՝ հեռացել։ Վահանյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ այդքանն է ստացվել այդ իրավիճակում․ «Տեղանքում ես եմ եղել, ես գիտեմ՝ կրակների տակ մեքենաները ոնց են մտել․․․ Ինչքան տեղ եղել է, այդքան մարդ նստել է․ ըստ վիրավորման աստիճանի՝ 9 հոգի․․․ Եվ ես իջել եմ մեքենայից, պարտադիր չէ՝ ամեն նստողի հետ իջնես, կարող է մեկի հետ չես իջել, դա էլ ֆիքսել են»,– ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի, որ 7-8 հոգի ստում են, իսկ ինքը ճիշտ է ասում, ամբաստանյալը դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դրսից խոչընդոտում են, նրանք էլ գալիս, սուտ են ասում։ Գումարտակին խնդիր է տրվել սարում ոչ թե մարտի մեջ մտնելու, այլ բնագիծ զբաղեցնելու Հոկտեմբերի 8-ի մոտակայքում, երբ սպայակազմի փոփոխություն է տեղի ունեցել, Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից, Վահանյանը՝ նշանակվել նրա փոխարեն․ «Որ ես նշանակվել եմ, հարցը սենց է եղել․ էդ անձնակազմը չի կարող մտնել մարտի մեջ, դրա համար են ինձ նշանակել, թե չէ էդտեղ ոչ մեկն էլ չէր գա, երկու օրվա համար ոչ մի հրամանատար․․․ Իրականում սպայական անձնակազմ էլ չկար, էդ անձնակազմի հետ չէինք կարող մարտի մտնել, որովհետեւ ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ․․․ Ընդհանուր խնդիրը եղել է բնագծի զբաղեցում, դիրք չի եղել էդտեղ, չէր էլ կարող լինել, որովհետեւ էդտեղ Բալուջայի ռազվետկայի վարժանքների տեղն էր»,– նշեց նա։ Վահանյանը հատուկ ընդգծեց՝ իր ենթակայության տակ ոչ թե 300 անձ է եղել, ինչպես ողջ ընթացքում է նշվել, այլ 90․ «Ես ամբողջ դատավարությունը ուշադիր լսել եւ հետեւել եմ, ասվում է 300-350 հոգի։ Նախ էդքան թիվ չկա, Խուռհատ սար բարձրացել է 90 հոգի․ 4 մեքենա՝ 2 «Ուրալ», 2 «Կամազ»։ «Կամազ»-ների մեջ՝ 25-25, «Ուրալ»–ների մեջ՝ 20-20 հոգի։ Ես մեքենաների ավագներին էլ կարող եմ նշել․․․ Ու ավելացնել, որ վարորդները մեր ստորաբաժանման զինվորները չեն եղել, որովհետեւ մենք ունեինք տեխնիկայի խնդիր՝ շարքից դուրս եկած, Կիրովականի տեխնիկաներից կային՝«Կամազ», «Ուրալ», տարբեր ստորաբաժանումներից կցել էին, որ բարձրացնեին»։ Նրա խոսքով՝ սարում իրենք դիրքավորվել են ձախից, իրենց կողքին եղել է 3-րդ գումարտակը, հետո՝ մեկումեջ հետախուզությունը, ապա՝ Վանաձորի գունդը, ապա՝ Ստեփանակերտի ոստիկանները։ Ըստ նրա՝ այդ բոլորը միասին կարող էին 350, անգամ 400-ի հասնել, բայց այդ բոլորը իր ենթակայության տակ չեն եղել։ Բուն մարտի եւ այդ ընթացքում տված հրամանների մասին ամբաստանյալը մանրամասն ոչինչ չասաց, նշեց միայն՝ այնպիսի հրետակոծության են ենթարկվել, որ ստորաբաժանումը խառնվել է իրար, անկառավարելի  է եղել։ Այդ ժամանակ էլ հենց, իր խոսքով, վիրավորվել է․ «7 հոգու հետ ենք իջել, ինձ օգնել են, նստեցրել են «Կամազ», զինվոր է թեւիցս քաշ տվել, հարցաքննությունների ժամանակ ես շատ բան չասացի, դե, հիմա ես եմ մեղադրյալ, ես եմ փակված, իմ հերթն էլ էր գալու, բայց դե, տենց չի էլի, սուտ ասելով բան չի լինում»,– վրդովված ասաց նա։ Ամբաստանյալը պնդեց՝ նախքան հեռանալը ռադիոկապը փոխանցել է վաշտի հրամանատարներից Հայկազ Գրիգորյանին, վերադասությանն էլ տեղեկացրել է իր վիրավորման մասին։ Խոսելով զենք–զինամթերքի մասին՝ Վահանյանն ասաց՝ հրաձգային ստորաբաժանմանը ինչ հասանելի եղել է, ունեցել են․ «Զորամասի հրամանատարի հետ վերջին կապը եղել է, որ V82 (ռադիոկապի տեսակն է,–հեղ․) տրվել է Հայկազի ձեռքը, ուղղությունն էլ նշվել է։ Որ տենց չլիներ, Հայկազն էնտեղից չէր կարող դուրս գալ։ Ուղղությունը նշվել է, Հայկազը դուրս է եկել։ Հադրութի գլխին՝ գազի զապրավկայի վերեւը, անիվներ են վառվել, որ Հայկազի հետ քայլող անձնակազմը էդ ուղղությամբ դուրս գա, ու տենց էլ դուրս է եկել, V82-ով կապի մեջ է եղել զորամասի հրամանատարի հետ, էդ է եղել ռեալ իրավիճակը»,– պատմեց ամբաստանյալը։ Նա նկարագրեց նաեւ, թե իր տեղեկություններով՝ ինչպես է նահանջելիս զորքը կիսվել։ Այդ տեղեկությունները, նրա խոսքով, իրեն հայտնել են զորամասի հրամանատար Արթուր Քարամյանն ու վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը․ «Որ ինձ հասցնում են հոսպիտալ, Հայկազի հետ կապի եմ դուրս գալիս, ասում է՝ զորամասի հրամանատարի հետ կապի ենք դուրս եկել, ասել է՝ մի խումբ կա, որ ասում է՝ Հադրութով քյասար գնում ենք, մեկ էլ իմացանք, որ էդ խումբն է, գնում, մոլորվում է․․․ էդտեղ տարաձայնություն է եղել, զորամասի հրամանատարն ասում է՝ սենց գնում եք, ուղղությունը մինչեւ մեր դուրս գալն էլ է նշվել, որ գալու են, ծխի մոտով գան, դուրս գան․․․ Հովհաննեսը, պայմանագրային քեռին եւ 3-րդ վաշտի սերժանտը՝ Հարութը․․․ Ասում եմ՝ բա ո՞նց գնացին, ասացին՝ Հարութը պապայի հետ է խոսել, քյասար ճամփով գնում են․․․ Ու ես բառացի ասում եմ՝ Հարութը հոր հետ է խոսում, հերը՝ բա սենց իջնում ես, տեղանքի տղա ես, Հադրութով գալիս, իջնում եք, ձեր հրամանատարների հետեւից չընկնեք, էդտեղ է լինում խնդիրը»,– ասաց Վահանյանը՝ հերքելով դատարանում հնչած այն ցուցմունքները, թե արկ է ընկել, եւ զորքը բաժանվել է երկու մասի կամ մի մասը սպասել է, որպեսզի մյուսները գնան 3-րդ գումարտակին տեսնելու․ «Ես զորամասի հրամանատարին զանգում եմ հոսպիտալից, ասում եմ՝ գիտե՞ս, որ սենց խնդիր կա, ասում է՝ հերն ու Վարդերեսյանը սխալ ուղղություն են տվել, իրենք էլ գնալու են, հանեն»,– նշեց Վահանյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե ինքը վատը լիներ՝ չէին նշանակի, վատը լիներ՝ 19 տարվա ծառայության մեջ մի բան եղած կլիներ․  «Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում․․․ Որ հրաման չկատարեիր, ավտոները չհելնեին, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի․․․ Հիմա խնդիրը կատարած է, էլի  դատարանի առաջ եմ կանգնած․․․ է որ լավ լինեի, կմնայի, արահետով դուրս կգայի, էլ փախչելու իմաստը ո՞րն է, փախչելու լինեի՝ հոսպիտալ չէի գնա, փախած մարդը հոսպիտալ չի գնում, ոչ էլ գնում է նախարարություն ներկայանում կամ բարձր պաշտոնյաների հետ նստում, քարտեզի վրա է  աշխատում»։ Ամբաստանյալի կարծիքով՝ փորձագետի եզրակացության մեջ սխալ կա Հարցաքննության ընթացքում քննարկման առարկա դարձավ նաեւ Վահանյանի վիրավորման հանգամանքը։ Վահանյանը հայտնեց, որ ինքն առաջին անգամ վիրավորվել է սեպտեմբերի 29-ին, սակայն այն վիճակում չի եղել, որ հոսպիտալ գնա, երկրորդ վիրավորումն արդեն հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում է ստացել, դա էլ պատճառ է հանդիսացել, որ սարից վիրավորների հետ մեկնի հոսպիտալ․ «Ես հո 18 տարեկան չեմ, որ հելնեմ, սուտ բան խոսեմ»,– ասաց նա։ –Սուտ ես ասում, դու ամսի 10-ին չես վիրավորվել,–լսվեց դահլիճից։ Վահանյանը շարունակեց․ «Ամսի 10-ին ես արդեն շարժվել չէի կարողանում, թուլացած էի, ու դա իմացել է ե՛ւ զորամասի հրամանատարը, եւ դիվիզիայի, դա չես կարող թաքուն պահել, չի լինում տենց բան ո՛չ խաղաղ պայմաններում, ոչ էլ, ձեռ է տալիս՝ ասեն՝ թողեց, գնաց»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մեջբերումներ արեց փորձագետի եզրակացությունից․ «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ձեր մարմնի հետազոտությամբ հայտնաբերվել է սպի 1․5*1  սմ չափերի սպի, որը տեղակայված է եղել աջ ազդրի վերին երրորդական դրսային մակերեսին, սա, Ձեր նշած, հոկտեմբերի 10-ի վիրավորումն է, ինչպես նաեւ նույնանման 2․7*1 սմ չափերով սպի, որը տեղակայված է աջ գոտկային հատվածում, սա՝ սեպտեմբերի 29-ի․․․ Սպիների չափերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 29–ին, երբ մնացել եք դիրքերում եւ շարունակել եք, ստացել եք նույնանման, սակայն ավելի մեծ չափերի վնասվածք, քան Խուռհատ սարում տեղակայված մարտերի ժամանակ»։ Իշխան Վահանյանը, սակայն, չընդունեց սա, նախ ասաց՝ եզրակացության մեջ սխալ է գրված, ապա փորձեց բացատրել՝ առաջին վերքը չափերով երկար էր, բայց Խուռհատ սարի վերքը կլոր եւ խորն է եղել։ Մեղադրողն ընդգծեց՝ ամեն դեպքում, նույնանման են, երկուսն էլ՝ թեթեւ։ Մեղադրողը հիշեցրեց նաեւ, որ Գարիկ Վարդերեսյանը պնդում էր, որ Վահանյանն աջ ազդրի վնասվածքը միանշանակ ստացել է սեպտեմբերի 29-ին՝ հրամանատարական կետում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ, այլ ոչ թե Խուռհատ սարում․ –Ո՞նց կպարզաբանեք,–հարցրեց նա։ –Խի՞ պիտի չասի, մարտակարգի կոպիտ խախտում է թույլ տվել, իր գլխին էլ լիքը բան կա։ –Որ հարցաքննվում էր, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիք։ –էդ ժամանակն էլ կգա, ինքն էլ կգա, կնստի սենց, կասեմ։ Ես ասում եմ՝ սուտ ասելու ոչ մի բան չունեմ, փակվածը ես եմ։ –Ընդհանուր առմամբ, մեզ մոտ կամ անաչառ այլ դիտորդի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ վտանգ եք ստացել, փորձել եք Ձեր կյանքը հետ պահել։ –Սխալ տպավորություն է ստեղծվում, էդքանը որ ուզենայի անել, էնտեղ չէի հասնի, ոչ էլ արձակուրդից հետ կգայի․․․ Բան կա, որ դատարանում ասում են, բան կա՝ չեն ասում, բան կա՝ ասելու է, բան կա՝ ասելու չէ, մարդիկ պիտի ասեն, որ իրենց վրայից գցեն․․․Ես պարզ ասեմ՝ 2 տարուց ավելի նստած եմ, խոչընդոտող մարդը ամեն տեղից էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, բայց փակված մարդուն հարյուր տոկոս դա ձեռք չի տալու։ Այսօր դրսից են ավելի խոչընդոտ հանդիսանում, որ մարդը փակի տակ մնա, որովհետեւ որ հելնեմ, գնալու եմ Քննչական՝ ասեմ՝ եկել եմ՝ մի բան էլ ես ասեմ, ու ես կարող եմ դա անել, բայց ոչ էլ այդ ցանկությունը ունեմ, ոչ էլ նպատակը․․․ Այս պատերազմը ոչ Իշխանով է սկսել, ոչ Իշխանով է ավարտվել, եթե դատվեն, պիտի ծայրից ծայր դատվեն, ծնողներին էլ թող պարզ լինի»,– ասաց նա։ Հարցաքննությունը կշարունակվի մայիսի 29-ին։   Լուսանկարները՝ Ինֆոքոմի Միլենա Խաչիկյան
23:55 - 18 ապրիլի, 2024
40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ․ ավարտվեց Խուռհատ սարի գործով դատակոչվածների հարցաքննության փուլը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով գրեթե 2 տարվա ընթացքում հարցաքննվեց 40 վկա, 14 տուժող եւ տուժողի 15 իրավահաջորդ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր ավարտեց դատակոչի ցուցակում ներառված անձանց հարցաքննության փուլը։ Հիշեցնենք՝ գումարտակի մոտ 400-հոգանոց անձնակազմը Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատակոչված անձանցից մի քանիսը հարցաքննությունների ողջ ընթացքում դատարան այդպես էլ չներկայացան։ Պատճառները տարբեր են։ Ոմանք մահացել են, ոմանք վատառողջ են, ոմանք գտնվում են Հայաստանից դուրս, ոմանց էլ 2023 թ․ սեպտեմբերին Արցախից Հայաստան բռնի տեղահանումից հետո գտնել չի հաջողվել․ նրանք այլեւս չեն բնակվում այն հասցեներում, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է դատարանին տրամադրել, դատարանի կողմից ոստիկանություն ուղարկված գրությունների հիման վրա եւս նրանց հնարավոր չի եղել հայտնաբերել։ Դիմելով դատավարության մասնակիցներին՝ դատավորը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ կան այդ անձանց հետ կապված։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց՝ եթե ձեռնարկվել են բոլոր միջոցները նրանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ, իր առաջարկն է հրապարակել այդ անձանց նախաքննական ցուցմունքները, որպեսզի ապահովվի գործի քննության ողջամիտ ժամկետը։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյան Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ դեմ չէ հրապարակել այն անձանց ցուցմունքները, որոնք Հայաստանում չեն, սակայն առաջարկեց իրավական լուծման առկայության դեպքում մյուսների որոնումները շարունակել, իսկ մինչ այդ տուժողի իրավահաջորդ ճանաչել եւ հարցաքննել զոհված զինծառայողների այն ծնողներին, որոնք մինչ օրս այդ կարգավիճակը չունեն։ Հիշեցնենք՝ քրեական գործի քննության դեռ ամենասկզբում տուժող կողմը բարձրաձայնել է թերի նախաքննության մասին՝ դժգոհություն հայտնելով, որ մի շարք ծնողներ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, չեն հարցաքննվել, ինչով պայմանավորված՝ նաեւ դատարանում չեն կարողացել իրացնել իրենց իրավունքները։ Դատարանը որոշել է այդ հարցին անդրադառնալ ապացույցները սահմանված հաջորդականությամբ հետազոտելուց հետո։  Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը դիրքորոշում չհայտնեց, նշեց՝ թողնում է դատարանի հայեցողությանը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց հրապարակել 8 անձի նախաքննական ցուցմունք․ «Ըստ էության, այս վկաները նույնաբովանդակ եւ մեղադրանքի էության համար ոչ այնքան կարեւոր ցուցմունքներ են տվել․․․ Եթե հիմա հրապարակենք, եւ Վահանյանը կամ նրա պաշտպանը ասեն՝ ոչ, մենք ցանկանում ենք օգտվել հակընդդեմ հարցման իրավունքից, կփորձենք այլ միջոցներ ձեռնարկել, ուղղակի այս պահին էլ ոչ մի ձեւ չենք կարող առաջ գնալ»,– պարզաբանեց դատավորը: Տուժող Նիկոլայ Ստեփանյան Տուժող Նիկոլայ Ստեփանյանը մեկն է շրջափակման մեջ մնացած այն 6 տղաներից, որոնք, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղում, 2020 թ․ դեկտեմբերի 20-ին կարողացել են կապի դուրս գալ եւ փրկվել։ Ըստ դատարանի ստացած տեղեկությունների՝ 2024 թ․ հունվարի 25-ին նա լքել է ՀՀ–ն։ Ստեփանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է նռնականետի օգնական։ Հրապարակելով ցուցմունքի՝ առավելապես Խուռհատ սարին վերաբերելի դրվագները՝  դատավորը ընթերցեց, թե ինչպես է Ստեփանյանը ներկայացրել Վահանյանի գործողությունները․  «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11–ի սահմաններում, հակառակորդը հարձակում գործեց մեր ուղղությամբ, եւ հիշում եմ, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում՝ մեքենաների մոտ։ Ասում էր՝ կրակեք մեկ աջ ուղղությամբ, մեկ՝ ձախ, եւ կոնկրետ հասկանալի էր ինձ համար, որ նա չի տիրապետում իրավիճակին եւ չգիտի՝ ինչ է կատարվում․․․ Այդ ընթացքում, քանի որ հակառակորդի ուժերը շատ էին, մենք հասկանում էինք, որ չէինք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր․․․ Մենք սկսեցինք իջնել սարից դեպի մեքենաների կողմ՝ մեզ հետ իջեցնելով վիրավորներին։ Երբ հասանք սարի տակ, վիրավորներին տեղավորում էինք կամազների մեջ, մեքենաների մոտ տեսա Իշխան Վահանյանին եւ Հայկազ Գրիգորյանին։ Վահանյանը Գրիգորյանին ասաց, որ վիրավորների հետ գնում է, քանի որ վիրավորում է ստացել, Գրիգորյանը հարցրեց, թե որտեղից, նա էլ ասաց՝ կողքից․․․ Այդ խոսակցության ժամանակ ես եղել եմ նրանց կողքին, չեմ տեսել՝ Վահանյանը ռադիոկապը հանձնեց Գրիգորյանին, թե ոչ․․․ Վահանյանի վրա որեւէ վիրավորում, վնասվածք կամ արյան հետք չտեսա։ Եթե լիներ, հաստատ կտեսնեի, քանի որ 2–3 մ հեռավորության վրա էի։ Տեսա, որ այդ ամենը լսելուց հետո նա նստեց ավտոմեքենան եւ գնաց՝ զորքին թողնելով առանց հրամանատարի․․․ Այդ ժամանակ հակառակորդը շարունակում էր գրոհել։ Զորքը խուճապահար վիճակում էր։ Վահանյանի այդ պահվածքը ավելի մեծացրեց խուճապը։ Վահանյանը, կարելի է ասել արագ քայլելով, առանց վիրավորում ունեցողի տպավորություն թողնելով, գնաց դեպի մեքենան եւ հեռացավ, որը ինձ համար շատ զարմանալի եւ անսպասելի էր։ Այդ ամենը տեսան նաեւ մեր անձնակազմի տղաները, եւ բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացրեց նրա պահվածքը»,– պատմել է Նիկոլայը։ Նա նաեւ նշել է, որ եթե հստակ հրամաններ լինեին, զորքը, չնայած խուճապին, ի վիճակի էր դրանք կատարել։ Եթե Վահանյանը զորքի մոտ լիներ, դա, ըստ նրա, շատ բան կփոխեր։ Քննիչի հարցին՝ տեղյա՞կ էին, որ գրավված Հադրութի ուղղությամբ են շարժվում, տուժողը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ զորքի մասնատվելուց հետո նույնիսկ հակառակ խոսակցությունն է եղել, թե իբր յուրային զորքեր են Հադրութում։ Փորձագետ Արշակ Ալեքսանյան Հաջորդիվ դատարանը հրապարակեց Առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ, դատաբժիշկ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը։ Վերջինս Վահանյանին փորձաքննության է ենթարկել պատերազմից մոտ 5 ամիս անց, եւ տրված եզրակացության վերաբերյալ քննիչը նրան հարցեր է հղել։ Ալեքսանյանը այժմ ՀՀ–ում չէ։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հանրային մեղադրողը հայտնեց, որ իր ցուցմունքում փորձագետը նշել է, որ Վահանյանը ստացել է մարմնական վնասվածք աջ ազդրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով, որը պատճառվել է պայթյունից առաջացած բեկորի հետեւանքով, առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում, թեթեւ վնաս։ Զննությունից բացի այս եզրահանգման հիմք են հանդիսացել նաեւ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի թվագրմամբ բժշական հետազոտության փաստաթղթերը։ Նշենք, որ Վահանյանն ի սկզբանե ընդունվել եւ բուժզննում է անցել Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Ելնելով վնասվածքի բնույթից՝ փորձագետը նշել է, որ Վահանյանը միանշանակ կարող էր ինքնուրույն գործողություններ կատարել եւ հանգիստ տեղաշարժվել։ Քննիչի հարցին, թե ինչու սեպտեմբերի 29-ի ենթադրյալ վիրավորմանն անդրադարձ չի արվել՝ փորձագետը պատասխանել է, որ այդ մասին Վահանյանը նշել է իր բանավոր խոսքում, սակայն դրանք իր համար հիմք չեն հանդիսացել, քանի բժշկական փաստաթղթեր առկա չեն եղել, իսկ միայն զննության տվյալներով հնարավոր չի եղել եզրակացություն տալ, քանի որ բավականին ժամանակ է անցել, եւ վերքն ունեցել է սպիի տեսք։ Նշենք, որ ըստ որոշ տուժողների՝ Վահանյանն իրականում հոկտեմբերի 10-ից առաջ է վիրավորվել (գուցե հենց սեպտեմբերի 29-ին), սակայն հոկտեմբերի 10-ին իր վերքը քչփորել է, որպեսզի մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծի։ Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյան Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը դատարան չի կարողանում ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նա շարքային Արտյոմ Մկրտչյանի հայրն է։ Արտյոմը բանակ է զորակոչվել  2020 թ․ հունիսի 27-ին։ Նախաքննության ժամանակ Հակոբ Մկրտչյանը պատմել է, որ պատերազմի ընթացքում կապի մեջ է եղել իր որդու հետ սերժանտ Հարություն Կարախանյանի հեռախոսահամարով։ Վերջին անգամ նրա հետ խոսել է հոկտեմբերի 14-ին։ Որդին ասել է, որ 20 հոգով են, բայց չի հայտնել, որ շրջափակման մեջ են։ Այդ մասին հայրը հետագայում այլ ծնողների հետ հանդիպումներից եւ զրույցներից է իմացել։ Իմացել է նաեւ, որ նոյեմբերի 23–ին կամ 24–ին տղաները դեռ ողջ են եղել, քանի որ Կարախանյանի համարից զանգ է եղել ԱԻՆ։ «Լսել եմ, որ հոկտեմբերի սկզբին Ջաբրայիլի զորամասի զինվորներին, այդ թվում՝ որդուս, տեղափոխել են Հադրութ, 2–3 օր պահել դպրոցում, ապա տարել դիրքեր, որտեղից նրանց գումարտակի հրամանատար Վահանյանը փախել է՝ տղաներին թողնելով մարտի դաշտում։ Ընդհանուր խոսակցություններից հասկացել եմ, որ իրականում ոչինչ չի արել երեխաներին շրջափակումից հանելու համար»,– ասել է հայրն ու պահանջել, որ Վահանյանը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ։ Արտյոմ Մկրտչյանի դին հայտնաբերվել է 2020 թ․ նոյեմբերի 27-ի առավոտյան։ Թե կոնկրետ որտեղից, հայրը այդպես էլ չի իմացել։  Վկա Վարազդատ Հովհաննիսյան Հաջորդիվ դատարանը հրապարակեց վկա Վարազդատ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս բացակայում է ՀՀ–ից։ Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի մասին՝ Հովհաննիսյանը մեկնաբանել է Վահանյանի՝ սարի ներքեւում մնալու հանգամանքը․ «Վահանյանի կողմից մեր թիկուքնում մնալը պայմանավորված է նրանով, որ վերջինս չի ցանկացել առավել վտանգավոր վայր բարձրանալ եւ մեր վիրավոր ընկերներին բերելու համար որոշել է մեզ ուղարկել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Հովհաննիսյանը պատմել է, որ  երբ արդեն նահանջում էին, ինքը շրջվել է, որ հասկանա՝ ինչ հրաման պետք է ստանան, սակայն տեսել է, թե ինչպես է Վահանյանը վազելով իջնում սարից եւ նստում կանաչ մեքենան․ «Այդ ընթացքում կամավոր Արտյոմը գոռացել է՝ զորքդ մեղկ է, էրեխեքիդ մի կոտորի, սակայն Վահանյանը չի լսել եւ փախել է՝  մեզ թողնելով առանց հրամանատարի, զորքի մոտ առաջացել է խուճապ, քանի որ բոլորս եղել ենք նորակոչիկ եւ չենք հասկացել՝ ինչ գործողություններ պիտի կատարեինք, որպեսզի չզոհվեինք կամ չգերեվարվեինք»,– ասել է Հովհաննիսյանը։ Վկա Վահագն Բարսեղյան Վկա Վահագն Բարսեղյանը մահացել է։ Նա եղել է 2-րդ վաշտի հրամանատարը։ Բարսեղյանի ցուցմունքը վերաբերում էր առավելապես  հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում Իշխան Վահանյանի գործողություններին, որտեղ նա փորձել է շտապօգնության մեքենայով վիրավորներին տեղափոխել, խոստացել վերադառնալ մյուսների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վահանյանի մեղադրանքը, սակայն, այժմ վերաբերում է միայն Խուռհատ սարի իրադարձություններին։ Դրանց Բարսեղյանը տեղյակ չի եղել, նշել է միայն, որ հոկտեմբերի 11-ից սկսած՝ Վահանյանի հետ չեն կարողացել կապ հաստատել։ Վկա Սերգեյ Առաքելյան Վկա Սերգեյ Առաքելյանը եղել է 2-րդ վաշտի կրտսեր սերժանտ։ Նա ներկայումս ՌԴ–ում է։ Առաքելյանը եւս ցուցմունք է տվել Նյուզգար կոչվող տեղամասում իրադարձությունների մասին, պատմել, որ Իշխան Վահանյանը մեքենայից դուրս չի եկել, խոստացել է, որ կվերադառնա վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի վերադարձել։ Վկա Լեւոն Հայրապետյան Նույն դրվագի մասին նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաեւ պայմանագրային ծառայող, վարորդ Լեւոն Հայրապետյանը։ Նա նշել, է, որ  այն ճանապարհը, որով Վահանյանը պարտավորվել է վիրավորներին զորամաս տեղափոխելուց հետո վերադառնալ, հակառակորդի հսկողության տակ չի գտնվել։ Թեեւ ռմբակոծվել է, սակայն երթեւեկելը հնարավոր եղել է, եւ ինքը դրանից հետո այդ ճանապարհով մի քանի անգամ երթեւեկել է։  Վկա Դմիտրի Սարգսյան Վկա Դմիտրի Սարգսյանը Արցախի բնակիչ է, ծառայել է 1-ին դասակի 1-ին վաշտի 1-ին ջոկում։ Նախաքննության ժամանակ նա պատմել է, որ Խուռհատ սարում Վահանյանը տվել է դիրքավորվելու հրաման։  Երբ հակառակորդը հարձակվել է, ինքը շրջվել է, որպեսզի հասկանա, թե ինչ հրաման պիտի ստանան, սակայն տեսել է, թե ոնց է Վահանյանը նստում կայանած ավտոմեքենան եւ փախչում այդ վայրից։ Ըստ վկայի՝ սարից իջնելուց հետո կամավորական Արտյոմը կապ է հաստատել Վահանյանի հետ, հարցրել, թե ինչու է փախել, զորքին մենակ թողել, նա էլ պատասխանել է, թե վիրավոր է։ Այս վկայի խոսքով եւս՝ Վահանյանի փախուստից զորքի մոտ խուճապ է առաջացել։ Վկա Արազ Խաչատրյան Արազ Խաչատրյանը եղել է 3-րդ ջոկի զինծառայող։ Նախաքննության ժամանակ խոսելով Խուռհատ սարի դեպքերից՝ նա պատմել է, որ շատ զոհեր եւ վիրավորներ են ունեցել, զորքը խառնված վիճակում է եղել, եւ Վահանյանը մարտի դաշտից փախուստի է դիմել։ Խաչատրյանը նկարագրել է նաեւ, թե ինչպես է Հայկազ Գրիգորյանի ղեկավարած խմբով քայլելով դուրս եկել շրջափակումից։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին։   Միլենա Խաչիկյան
23:15 - 15 մարտի, 2024
«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։ Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։ Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․ –Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։ Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։  Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։ – Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։ – Նորմալ,– պատասխանեց վկան։ – Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։ – Քաջը քաջ չէր․․․ –Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։ – Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։  Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։ Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։ – Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։ – Չէ։ – Ի՞նքն էր վարում։ – Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։ – Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։ – Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։ – Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․ – Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։ Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։  Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։ Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։ Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։ Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։ Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։ Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։ «Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։ Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։ Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
23:09 - 19 հունվարի, 2024
«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

«Մինչեւ վերջին մարդը զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են»․ շրջափակման մեջ զոհված զինվորի հայրը՝ դատարանում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հարութ Ղարախանյանի հոր՝ Ալեքսանդր Ղարախանյանի վկայությամբ՝ Հայաստանում եւ Արցախում մինչեւ վերջին մարդը զեկուցված է եղել, որ իր որդին ու նրա ծառայակիցները ողջ են եւ կոնկրետ վայրում գտնվում են շրջափակման մեջ, սակայն ոչ մեկը՝ գնդի հրամանատարից մինչեւ վաշտի հրամանատար, ոչինչ չի ձեռնարկել նրանց դուրս բերելու համար։ Հարութ Ղարախանյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի լեյտենանտներից է, որ պատերազմի ժամանակ եղել է մոտ 1․5 տարվա զինծառայող։ Հիշեցնենք՝ դա այն գումարտակն է, որին հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Վահանյանն այժմ մեղադրվում է իշխանության անգործություն դրսեւորելու եւ թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Զորքի մեծ մասին փրկվել չի հաջողվել։  Ըստ Ալեքսանդր Ղարախանյանի՝ հակառակորդի նպատակն է եղել զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը Դատարանում ցուցմունք տալով՝ Ալեքսանդր Ղարախանյանը պատմեց, որ իր տեղեկություններով՝ ուսումնական գումարտակին ուղարկել են Խուռհատ սար Հադրութ քաղաքը պաշտպանելու նպատակով․ «Խուռհատ սարն են բարձրացրել, որ պաշտպանեն Հադրութ քաղաքը, էդ միակ ճանապարհն էր, որով Ջաբրայիլից կարողանում ես ուղիղ հասնել Հադրութ քաղաքի վրա, «9–րդ կմ» կոչվող խաչմերուկ կար, էդտեղ մեր զորքը կանգնած էր, լավ պահում էր, իսկ թշնամին մոտիկացել է հենց սարի ուղղությամբ, էրեխեն ամսի 10–ին ասում ա՝ колона է գալիս չեմ կարող ասել՝ իրար հետեւից քանի ավտո, բայց  մի հատ կրակոց չկա, ոչ մի բան չկա, մեր հրետանին չի աշխատում, ասում է՝ տակներս արդեն լցվել են անասելի ձեւով, շատ–շատ են գալիս, կուտակումներ են․․․ Դրանից հետո կապը ընդհատվում է, ես էլ ինչքան փորձում եմ զանգել, զանգ չի գնում»։ Բուն մարտը, ըստ նրա, սկսվել է առավոտյան 09։30-ի մոտակայքում։ Սարում զորքը բավարար չափով զինված է եղել է թե ոչ՝ հայրը չգիտեր, ասաց՝ տեղյակ է, որ մինչ այդ նորմալ զենք–զինամթերք ունեցել են․ «Ինչ վերաբերում է Քարամյան Արթուրի ցուցմունքին (Արցախի ԱԱԾ գնդապետ,-հեղ․), որ սարը խրամատավորված է եղել, դա սուտ է, ես կարամ անձամբ տղուս դիրքը ցույց տամ, որ գնացել եմ, 4 հոգու հանել, էդտեղ խրամատ չի եղել, գնացեք, էդ մարդուն նորից կանչեք սուտ ցուցմունքի համար»,– նշեց նա։ Իշխան Վահանյանը Որ անձամբ Վահանյանն է եղել հրամանատար, հայրը չի իմացել, նրան չի ճանաչել, բայց որդուց լսել է, որ սպաները թողել, փախել են, ու ըստ նրա՝ զորքն այդ պատճառով է ընկել շրջափակման մեջ․ «Ես 1992 թ․–ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է, ու մինչեւ վերջին շունչը պիտի դա պարտականություն լինի, դա կյանքից թանկ է, բայց մարդիկ էդ չեն արել, իրենց զինվորին լքելու համար, համաձայն տրիբունալի, իրեն հասնում է растрел»,- ասաց զոհվածի հայրը։ Մարտի ժամանակ Հարութը երկու ոտքից վիրավորվել է։ Թե ով է տվել նահանջի հրամանը, հայրը չգիտեր, լսել էր միայն, որ սարից իջնելուց հետո դարձյալ հարձակման են ենթարկվել, զորքը ցաքուցրիվ անելն ու խումբ–խումբ ոչնչացնելը, ըստ նրա, հակառակորդի պլանն է եղել։ Շրջափակման մեջ մնացածներին հանելու համար խումբ է ձեւավորվել Հարութն ու ծառայակից ընկերները՝ ընդհանուր 14 հոգի, թաքնվել են անտառներում։ Այդ մանրամասները նա հետագայում ծառայակից մի նորակոչիկից է իմացել․ «Ով իրեն քաշել ա անտառ, էդ էրեխան ա ինձ ներկայացրել, երբ գնացել էինք Խնձորեսկի հոսպիտալ, պառկած էր էնտեղ, ասել ա՝ ես եմ քաշել, տղերքն էլ մնացել են մոտը, հնարավորություն եղել ա հելնելու, Հարութն ասել ա՝ ինձ թողեք, հելեք, էրեխեքը չեն թողել, ասել են՝ առանց քեզ չենք հելնելու․ կամ միասին ենք հելնելու, կամ մնում ենք կողքիդ»։ Որդու վիրավորման մասին հայրը նույն օրը երեկոյան է տեղեկացել։ Թույլտվություն է ստացել, մեկ այլ պաշտպանական շրջանից, որտեղ ինքը ծառայում էր որպես պահեստապետ, մեկնել է Հադրութ․ «Հոկտեմբերի 10–ին հասնում եմ Տող գյուղ, գիշերը մնում եմ էնտեղ, ամսի 11–ին գնում եմ Թութակներ կոչվող բարձունքը, ինձ դիմավորում է Դավիդովը, ներկա են լինում Աղաբեկյան Արթուրը, Միրզոյան Սերգոն։ Շտաբի պետը՝ Վարդանյան Կամոն, մոտիկանում, հարցնում է՝ ինչ է եղել, ասում եմ՝ սենց բան կա, եկել եմ՝ հասնեմ էրեխուն»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ղարախանյանի խոսքով՝ դրանից հետո տղաներին դուրս բերելու համար խումբ է ձեւավորվել, որը ղեկավարել է «Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանը․ «7-8 հոգով իջնում ենք Հադրութ, ու էդտեղ մեր մարտը սկսվում է, հակառակորդը արդեն մտած է քաղաքի մեջ․․․ Հետը կապ եմ հաստատում, շատ ցածր է խոսում, ասում է՝ համ հետեւներս են կանգնած, համ դեմներս, մեզ են ման գալիս, էդ ժամանակ որոշում է կայացվել покрышка վառել, որպեսզի ծխի վրա ասեն՝ ուղղությունը ոնց են տեսնում, մենք էլ վերցնենք կոնկերտ իրենց տեղը գտնելու ուղղությունը․․․  Покрышка-ն գտնում ենք, բերում, որ վառենք, снайпер-ը սկսում է մեր վրա կրակել, ու էդտեղ մարտը սկսվում է»։ Անբավարար միջոցների պատճառով խումբը որոշել է նահանջել․ «էրեխեն էդ ժամանակ դեռ լինում ա Հադրութում, 2 հատ հինգհարկանի շենքեր կան, офицерский շենքեր են ասում, այ դրանից մի 500 մետր բարձր, կապ է տալիս, ասում՝ պապ, բա էդ դո՞ւք եք, ասում եմ՝ հա․․․ Էդ օրը ոչ մի բան չի ստացվում, մյուս օրը զանգում, ասում է, որ Վանք գյուղում են։ Ճանապարհին հանդիպել են իրենց ծառայակիցներին, տեղավորվել 2 տան մեջ․ 14-ը՝ մի տան, 16-ը՝ մյուս»։ Ալեքսանդր Ղարախանյանի տեղեկություններով՝ հոկտեմբերի 10–ին թշնամին դեռ Հադրութի մատույցներում չի եղել, մտել է մոտակա գյուղեր՝ Վանք, Վարդաշատ, Թաղասեր, բայց քաղաք տանող ճանապարհը բաց է եղել, փակվել է միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11–ին։ Նշենք, սակայն, որ մինչ այս հարցաքննված այլ անձինք հայտնել են, որ զորքի մի մասը շրջափակման մեջ է ընկել, որովհետեւ որոշել է գնալ Հադրութի ուղղությամբ, ուր արդեն հակառակորդն է եղել։ Շրջափակումից 1․5 ամիս անց զինծառայողները դեռ օգնության սպասելիս են եղել Հոկտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 23-ը որդու հետ կապը կորել է։ 23-ին, ըստ հոր տեղեկությունների, որդին փորձել է իրեն զանգել, բայց չի հաջողվել, կապ է հաստատել «Ղարաբաղ տելեկոմ»–ի օպերատորի հետ։ Այս դրվագի մասին ավելի վաղ ցուցմունք էր տվել նաեւ տուժողի իրավահաջորդ Ռուստամ Այվազյանը, պատմել՝ Հարութը զանգել է՝ օգնության, ասել՝ ուզում են Շուշիով դուրս գալ, նրան էլ տեղեկացրել են, որ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված։ Զանգից մոտ 15 րոպե հետո, ըստ Ալեքսանդր Ղարախանյանի, Կառավարության շենքում գտնվող ծնողներն այդ մասին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են պատմել։ Շրջափակման մեջ գտնվողների վերաբերյալ զեկուցվել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այդ ժամանակ տեղեկություններ են ունեցել ողջ 300 զինծառայողի մասին, Արթուր Աղաբեկյանն էլ ասել է, թե հայրը վրդովված է, չափազանցված թիվ է ասում։ Այդ նույն ընթացքում Ալեքսանդր Ղարախանյանը որդու անունը հոսպիտալում գտնվողների ցանկում է տեսել․ «Ես ու Սերգոն գտնվում էինք Հերհեր գյուղում, շտաբի պետին եմ մոտենում, հարցնում՝ կարա՞ք ասեք՝ Ղարախանյան Հարութը որտեղ ա, բացում են իրենց մատյանը, ասում՝ հոսպիտալ, ասում եմ՝ կարա՞ք ասեք՝ էրեխուս ով ա տարել հոսպիտալ, ճակատը պաչեմ, եթե էդ էրեխեն անտառում է․․․ Դուք ո՞նց եք գրել հոսպիտալ, եթե էդ էրեխան մնացել է Վանք գյուղի մոտքերը»։ Տուժողի իրավահաջորդի խոսքով՝ դրանից հետո տղաներին փրկելու բոլոր փորձերը ձախողվել են․ «Մենք ամեն օր մարտի էինք բռնվում, մտնում ռազվետկա, հելնում, ու ինչքան փորձում էինք մտնել դեպի գյուղ, մեզ չէին թողնում, էդ ժամանակ ղեկավարը եղել է Մանուկյան Դավիթը, քանի անգամ փորձել ենք մտնել, կես ճանապարհը, կարելի է ասել, մտած՝ հրաման են տվել՝ հետ դարձեք, սպեցնազը մտել ա, ռազվետկեն մտել ա, հենա էրեխեքին հանում են, դուք եկեք, ուրիշ տեղ կուղարկենք»։ Շրջափակման մեջ գտնվող անձանակազմին, սակայն, այդպես էլ դուրս չեն բերել։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը Այսօր պետք է հարցաքննվեր նաեւ տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանը, որը, սակայն, պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հայտնեց, որ Մկրտչյանը առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող գալ, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, ասաց՝ Մկրտչյանը դատարանին նման տեղեկություն չի հայտնում, այլ խոստանում է գալ եւ չի գալիս։ Այդ վարքագիծը անհարգալից համարելով՝ դատարանը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ գրություն է ուղարկել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ պարզելու համար Արցախից բռնի տեղահանված այն վկաների եւ տուժողի իրավահաջնորդների՝ Հայաստանում բնակության հասցեն, որոնք պիտի հարցաքննվեն այս գործով։ Գրության պատասխանը դեռ չի ստացվել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին։     Միլենա Խաչիկյան
23:55 - 11 դեկտեմբերի, 2023
«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։  Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։  Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից է, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։ Իրադարձությունների այս շղթայում կոնկրետ երբ, որտեղ եւ ինչպես է զոհվել Վահագնը՝ ընտանիքին առ այսօր հայտնի չէ։ «Վահագնը տան շարժիչ ուժն էր» Վահագն Խաչատրյանը ծնվել է 2001 թ․-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ քաղաքում, 7 տարեկանում ծնողները որոշել են վերադառնալ հայրենիք, որ երկու որդիները այստեղ մեծանան։ Մոր՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ որդին մաքուր հայերեն գիտեր, քանի որ տանը միշտ հայերեն էին խոսում․ «Շատ խելացի էր, շատ լուսավոր, հոգատար, բարի, էներգիան՝ անսպառ, մեր տան շարժիչ ուժն էր Վահագը, եթե Արթուրը (կրտսեր եղբայրն է,-հեղ․) տանն է, լռություն է, բայց Վահագը՝ ցեց։ Ասում-խոսում էր, կատակներ անում, սեր կար նրա մեջ բոլորի հանդեպ, անսպառ սեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- վերհիշում է մայրը։ Վահագնը՝ ծնողների հետ Որդու հետաքրքրություններից մայրը դժվարանում է մեկն առանձնացնել․ սկաուտիզմ, լող, բռնցքամարտ, նետաձգություն, խոհարարություն, ամեն ինչ ուզում էր փորձել, նրա համար անհնարին ոչինչ չկար․ «Միշտ ասում էր՝ գնամ–գամ, որ տան հարցը լուծեմ, հիմա ասում եմ՝ քո տան հարցը լուծեցիր, մերը մնաց։ Բոլորն ասում են՝ Վահագի երազանքը պիտի իրականացնեք․ ամենամեծ բանը իր համար դա էր»,- նշում է մայրը։ Վահագնը սովորում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Կապեր եւ կոմունիկացիա» բաժնում, չափազանց սիրում էր կարդալ։ Տիկին Ալինան հիշում է՝ վերջին գիրքը, որ որդին կարդում էր, ճապոնացի մտածող, ռազմագետ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունն էր․ «Չգիտեմ էլ՝ հասցրել է ավարտել թե չէ։ Փորձեցի ինքս կարդամ, չկարողացա, մի քիչ բարդ էր ինձ համար, չհասկացա՝ իրեն ինչն էր էդտեղ հետաքրքրում»,- ասում է մայրն ու անկեղծանում, որ իրեն մեկ-մեկ թվում է՝ տղաները կանխազգացել են ամեն ինչ․ «Հեռուստացույցով նայում էր՝ մարդիկ ոնց են անտառներում ողջ մնում, ոնց են դուրս գալիս այդ իրավիճակներից, հարցնում էի՝ ինչի՞ ես նայում, ասում էր՝ դե, հետաքրքիր է․․․ Պատերազմից հետո, երբ իրենից լուր չունեինք, սկզբում ասում էին՝ անտառներում են, մտածում էի՝ երեւի դրա համար էր էդ ամենը պետք, հիմա իրեն անտառներում օգտակար կլինի, դուրս կգա։ Չէինք պատկերացնի, որ նման փաստի առաջ կկանգնեինք, ամենավատ երազում նման բան չէինք տեսնի»,– ասում է մայրը։ «Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ․․․» Վահագն Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 8-ին՝ որպես նռնականետի օգնական։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամսից ավելի Մարտունիում կարանտինի մեջ է եղել, սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվել Ջրական։ Մինչ պատերազմը կրակային պատրաստություն 1-2 անգամ է հասցրել անցնել։ Ծառայության այդ երկու ամիսներին Վահագնը ոչնչից չի դժգոհել, միայն աչքերի խնդիր է ունեցել, բուժզննում անցել, հոսպիտալացվել․ «Պատերազմի նախորդ օրը խոսում էինք, ասաց՝ աչքերս էլի լավ չեն, բորբոքվել են, կամ էլի կպառկեցնեն, կամ գուցե ուղարկեն Ստեփանակերտ կամ Երեւան՝ զննման։ Ու կիրակի պատերազմը սկսվեց, ու ինքը ակնոցը չէր հասցրել վերցնել, էդ բորբոքված աչքերով էլ․․․»,– պատմում է տիկին Ալինան, բայց արցունքները չեն թողնում շարունակել։ Պատերազմի մեկնարկից հետո ընտանիքը որդուց երկու օր լուր չի ունեցել, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը 2-3 օրը մեկ զանգել է, սակայն մանրամասներ չի հայտնել․ «Ինչքան զանգել է, հարցրել ենք՝ որտե՞ղ ես, ասել է՝ տենց հարցեր մի՛ տվեք, իր սիրած բառն էր՝ պա՛պ, սաղ լավ ա, սաղ կայֆոտ ա, մի՛ մտածեք, դուք լավ եղեք»,– հիշում է հայրը՝ Վաչիկ Խաչատրյանը։  «Մենակ վերջին զանգին՝ հոկտեմբերի 8–ին, ասաց՝ մեզ տանում են վերեւ, դե, որ արդեն գիտեինք՝ չի ասելու, թե որտեղ, մայրը հարցրեց՝ Վահա՛գ ջան, վերեւն ապահո՞վ տեղ է, թե՞․․․ Ջղայնացավ, ասաց՝ թե, մա՛մ․․․ Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ»,- պատմում է հայրը։ «Գնացին վերեւ»,– հազիվ լսելի ձայնով շարունակում է տիկին Ալինան ու հիշում, որ Պաշտպանության նախարարությունից իրենց այդ նույն ժամանակ ասում էին, որ նորակոչիկները բունկերներում են, նորակոչիկներն ապահով են․ «Մի օր հեռախոսազրույցը ընդհատեց, գոռաց՝ թո՛ղ, էդ մեր զենքերն են, խոսեցինք, վերջացրինք, նոր սկսեցի մտածել՝ եթե բունկերում են, ի՞նչ զենքից էր խոսում։ Հոկտեմբերի 6-ին էլ ասացի՝ ուր որ է կկանգնի պատերազմը, տղե՛ս, պինդ եղեք, էս մի հատ մեծ փորձություն էր․․․ Ասաց՝ էսքան տեսածից հետո էլ ի՞նչ նեղվենք։ Խոսեցինք, վերջացրինք, նորից մտածում եմ՝ էս էրեխեն ի՞նչ տեսածի մասին է խոսում։ Հիմա գիտեմ՝ ինչ է տեսել, ես էդ ամեն դատին մեռնում եմ, որ լսում եմ՝ ինչերի միջով են անցել»։ Վահագնի հետ վերջին հեռախոսազրույցից հետո ծնողների օրերը սկսել են անցնել նախարարությունների, հոսպիտալների ու զորամասերի առաջ, քանի որդու հրամանատարներից որևէ մեկին չեն ճանաչել, անմիջական կապ որևէ մեկի հետ հաստատել չեն կարողացել։ Այդ ընթացքում Պն–ի հորդորով Վահագնի ծնողները ԴՆԹ են հանձնել՝ հույս ունենալով բացառել զոհվածների հետ համընկնումը։ Բոլոր գերատեսչություններից ծնողներին ասել են, որ իրենք աշխատում են, ամեն ինչ անում են, պետք է սպասել։ ԱԱԾ–ից նրանց հայտնել են, որ որդին անհետ կորածների ցանկում է․ «Պետությանն էինք տվել էրեխուն, գնացել էր պետության համար պարտքը կատարելու, ուրիշ ո՞ւմ հավատայինք»,– ասում է մայրը, բայց եւ նշում՝ պետության ներկայացուցիչներից ոչ ոք իր տուն չեկավ, որդու պարգեւատրումն անգամ մի զինծառայողի միջոցով են ուղարկել։ Արցախի նախագահի հրամանագրով Վահագն Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Վահագնի վերջին լուսանկարը Ջրականում, սեպտեմբերի 29, 2020 թ․ «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց» Աբովյանի դիահերձարանի նկուղում զինծառայողների մարմիններ պահելու դեպքի հայտնի դառնալուց հետո Վահագնի ծնողները որոշել են այլեւս չսպասել, այլ անձամբ հետաքրքրվել իրենց որդու ճակատագրով։ Այդ ժամանակ էլ, ցավոք, պարզել են, որ ԴՆԹ համընկնում կա։  «Քննիչի համարը վերցրի, ասաց՝ ես կնայեմ, կասեմ։ 2-3 օր զանգեցի, չպատասխանեց, ասացի՝ վեր կենամ, գամ, բա չէ, ես կզանգեմ։ Զանգեց, ասաց՝ էս պահի դրությամբ ոչ մի բան չունեք։ Ասացի՝ մի տեսակ լավ չասացիր, ո՞նց էս պահի դրությամբ։ Անջատեցի, տաքսի կանչեցի, գնացի քննչական։ Վայ, բա ինչի՞ եք եկել, ասացի՝ եկել եմ՝ աչքերիս մեջ նայես, նոր ասես։ Ասաց՝ լավ, որ եկել եք, եկեք՝ ասեմ՝ համընկնում ունեք, բայց էնքան քիչ տոկոս է, հերքվող տոկոս։ Երբ դեռ չես խորացել դրա մեջ, լուրջ ես ընդունում, բայց իրականում ԴՆԹ համընկնում կա՛մ ունես, կա՛մ չունես, քիչ տոկոս հասկացություն չկա»,– նշում է տիկին Ալինան։  Դրանից հետո կրկնակի փորձաքննություն են պահանջել, եւ հաստատվել է․ հուլիսի 26-ին հուղարկավորել են որդու մասունքը, որ նոյեմբերի 9-ի հրադադարից 2 ամիս անց էր հայտնաբերվել Հադրութի շրջանի Տյաք գյուղից։ Վահագնի մասունքը այդ օրը նշված վայրից հայտնաբերված միակ մասունքն է եղել, ինչն ավելի է խորացրել ծնողների անորոշությունն ու ավելացրել անպատասխան հարցերը. «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց, ընկավ, ոչ մեկը չօգնեց, խփեցին, կրակեցին, ի՞նչ արեցին, ինչի՞ է առանձին։ Դատերին, որ անդադար ասում էին՝ օդային հարձակում չի եղել, արդեն հասկանում էի, որ դա ԱԹՍ–ից չէ, ուրեմն՝ պիտի լիներ մարմինը, չէր կարող ոչ մի բան չլինել»,– ասում է մայրը։ «Ոչ մի կառույց պատշաճ չի աշխատել» Որդու հուղարկավորությունից հետո՝ 2021 թ․-ի ընթացքում, մեկ-երկու անգամ գնացել են «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ (հայտնի է որպես Հերացի), հետաքրքրվել, հետո մտածել, որ եթե նոր մի բան հայտնաբերվի, իրենց անձամբ կտեղեկացնեն։ Մի օր էլ, երբ իմացել են, որ որդեկորույս մեկ այլ ծնող պատահական զանգահարել է Հերացի եւ պարզել, որ համընկնում կա, որոշել են դարձյալ զանգահարել․   «Զանգեցի Հերացի, ասացին՝ կա, վերեւի հատվածն է՝ կրծքավանդակի, իրենք էլ չգիտեին, հետո որ գնում են Մեծամորից բերելու, նոր տեսնում են, որ ամբողջ մարմինն է։ Իրենք գնացել են փոքր ավտոյով, որ մասունք վերցնեն, մեկ էլ երեկոյան Էլենը (ՊՈԱԿ-ի աշխատակիցն է,-հեղ․) զանգել է, զգում եմ ձայնից, որ չի կարողանում խոսել, ասում է՝ գիտեք, ոնց որ թե ամբողջ մարմինն է, էլի ոնց որ թե․․․ Քննիչի հետ են գնացել, որ բերեն, հետո Արտյոմը (քննիչն է,-հեղ․) ասում է՝ իմ ավտոյով էի գնացել, դե ասում էին՝ մասունք․․․ Որ չբերեցին, ասացի՝ լավ չե՞ք, դե ավտո կանչեք, ծնողին էլ պատասխան կտաք, ես սրա տակ չեմ մտնի, դուք գրել եք մասունք, բերել եք ամբողջական մարմին, ես սրա պատասխանը չեմ կարող տալ»,- պատմում է մայրը։ Պարզվել է՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին Ադրբեջանը 13 մարմին է փոխանակել, այդ թվում՝ Վահագնի մարմինը։ Այն Արցախից տեղափոխել են Կապան, որտեղ, ըստ ծնողների, դատաբժիշկը պատշաճ չի աշխատել, քանի որ ամբողջական մարմինը եւ անձին որոշակիորեն նույնականացնող դաջվածքը նկարելու փոխարեն կրծքավանդակի մի հատվածն է լուսանկարել, այն էլ՝ հագուստով։ Դրանից հետո Վահագնի մարմինն ուղարկել են Գորիս, որտեղ այն մնացել է 2 տարի։ Վահագնի դաջվածքից են նմուշ վերցրել, որով ԴՆԹ համընկնում չի եղել։ Ոտքից վերցված ԴՆԹ նմուշով, սակայն, ինքնությունը հաստատվել է։ 2022 թ․ սեպտեմբերին Վահագնի մարմինը տեղափոխել են Մեծամոր եւ դրանով սահմանափակվել։ «Հերացին ինֆորմացիան փոխանցում է քննչականին, գրում՝ մասունք, քննչականն էլ մտածում է՝ դե, հերթական մասունքն է, կարող է էլի լինի, ծնողներին քիչ–քիչ սթրեսի չենթարկենք։ Քանի որ քննիչը չունի բժշկական կրթություն, չի հասկացել, բայց դե, ում էլ ասես մասունք, կտոր է պատկերացնում։ Ասում են՝ եթե թաթն էլ չլինի, ամբողջ մարմինը գրվում է մասունք, բժշկական տեսանկյունից կարգը էդպես է։ Բայց լավ, փակագծում գոնե գրեք՝ ինչ մասունք Է՝ թեւ է, ոտք է, գլուխ է, մարմին է։ Ուզեիր մտածել, թե ոնց սթրեսի ենթարկեիր, երեւի չկարողանայիր այսպես սթրեսի ենթարկել»,– վրդովված ասում է հայրը։ Վաչիկ Խաչատրյանի համոզմամբ՝ խնդիրը սկսվել է Կապանից, սակայն դրանից հետո որ կառույցում էլ  եղել է որդու մարմինը, պատշաճ աշխատանք չի կատարվել․ «Իրերը գրպանում էին, հեռախոսը մոտն էր, մի հատ միացնեիք․․․ Թեւին մի ամբողջ նախադասություն էր, փոքր խաչ չէր ծալքերի մեջ, որ ասեինք՝ բոլորի մոտ կլինի, մի ամբողջ նախադասություն էր դաջված, էդ մի նախադասությունով ինչքան շուտ նրան կգտնեինք»,– ասում է նա։ Վահագնի թեւին դաջված էր Esse quam videri լատիներեն արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Լինել, այլ ոչ թվալ»․ «Որ եկավ, ասաց՝ ուզում եմ դաջվածք անել, հարցրի՝ հիմա դու կա՞ս, թե՞ քեզ թվում է, որ կաս։ Ասաց՝ պա՛պ, ես կամ, ասացի՝ դե ուրեմն գնա, արա, բայց պատասխանատու եղիր գրածիդ համար»,– հիշում է հայրը։ Որդու գրպանում հեռախոսի հետ նաեւ լիցքավորիչ է եղել, մկրատ, ծխախոտ, դատարկ նոթատետր, փամփուշտներ և համրիչներ (թզբեխ)։ Դրանք հիմա խնամքով շարված են տանը Վահագնին նվիրված անկյունում՝ նկարների կողքին։ «Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ» Այս տարվա մայիսի 11-ին Վահագնին Եռաբլուրում երկրորդ անգամ են հուղարկավորել․ «Մարմինը որ գտանք, էնքան շոկի մեջ էինք, մի ուրիշ ձեւի ապրումներ էին։ Մինչ էդ էլ նենց չէ, որ մեծ հույսեր ունեի, բայց էն որ ծանր դռներ կան է, որ դրմփում-փակվում են, այդ ձեւի զգացողություն էր, որ վերջնական այդ դուռը փակվեց։ Ավելի ծանր էր, գուցե այն ցավն էր, որ որդիս 2 տարի այդ վիճակում է մնացել»,– հուզվում է տիկին Ալինան։  «Եթե ես չզանգեի, ես ուղղակի զանգել եմ, եթե էդ ուղղակի զանգը չլիներ․․․ Սա հասարակ գողություն չէ, սպանություն չէ, սա դրանցից էն կողմ է, սա անփույթ աշխատանք է․ զոհված զինվորին ուղղակի դրել եք մի կողմ ու ոչ մի աշխատանք չեք արել, ոչ մի ջանք չեք գործադրել, որ գտնեք տիրոջը։ Տերն էլ ցավով տապակվում է, գտել է մի բան, ուրիշների նման երանի է տալիս, ասում՝ լավ է՝ գոնե էս էլ ունենք։ Վերջին հաշվով պատերազմում են զոհվել, կռվել են մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ արժանի են, որ պատվով ճանապարհեք, ոչ թե թողնեք սառնարաններում, ասեք՝ գերի են, գալու են»,- ասում է նա։ Ալինա Գրիգորյանի համար ամենացավալին այն է, որ մեղավորները չեն պատժվում։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարին քանի տարով էլ դատապարտեն, իրեն դա ոչինչ չի տա, բայց սպասում է, որ ամենախիստ ձեւով պատժեն՝ գոնե թե այն հույսով, որ դա դաս լինի մյուս հրամանատարներին․ «էս էրեխեքը մնացին անտեր, դրա համար տուն չեկան։ Եթե լիներ խելացի հրամանատար, թեկուզ այդ սարն էլ բարձրանային, ամեն ձեւի նահանջ էլ կանեին։ Մարդիկ կան՝ ասում են՝ հոկտեմբերի 25–ին դուրս ենք եկել Հադրութից, իրենք 25-ին կարողացան դուրս գալ, էրեխեքը հոկտեմբերի 10-ին մի հատ սարից չկարողացա՞ն նահանջ անել։ Որովհետեւ մենակ էին, ի՞նչ պիտի իմանային 2 ամսվա զինծառայողները»,- ասում է տիկին Ալինան։ Այսօր Արցախի կորուստը մայրն իր անձնական կորուստն է համարում․ «Եթե այն ժամանակ ես մտքերով մենակ Հադրութում էի փնտրում որդուս մարմինը, ասում՝ ոտքս Արցախ ընկնի, հիմա, երբ Արցախն էլ մերը չէ, ես կխելագարվեի, [եթե նրան գտած չլինեի]։ Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ, էլ ի՞նչ արժեք ունի այս մեդալը»,– ասում է Ալինա Գրիգորյանը՝ հայացքն ուղղելով որդու նկարին։    Միլենա Խաչիկյան
22:15 - 02 նոյեմբերի, 2023
«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ

2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։  Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, սակայն հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Սուսաննա Համբարձումյանի թոռը՝ Էրիկ Մարտիրոսյանը, Վանք գյուղի տներից մեկում թաքնված, պատերազմի ավարտից հետո հայտնաբերված եւ սպանված զինծառայողներից է։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Համբարձումյանը, որ դատարան էր ներկայացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից, Վահանյանին տեսնելով, հուզվեց․ – Ինչի՞ էս լավ մարդկանց մեջ հանդիպեցի, նրանց խաթր չեմ կարողանում քեզ արժանի բառեր գտնել,– արտասվելով ասաց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանգստացնել տուժողի իրավահաջորդին, բացատրել, որ դահլիճում գտնվող բոլոր ծնողներն էլ իրենց վիշտն ունեն․ – Մարդ կա՝ երկու որդի է կորցրել, պատկերացրեք՝ իր վիշտը ինչքան է։ – Ես էլ 6-ն եմ կորցրել,– ասաց Համբարձումյանը՝ նկատի ունենալով իր թոռանն ու նրա հետ շրջափակման մեջ զոհված 5 տղաներին։ Սուսաննա Համբարձումյանը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը Սուսաննա Համբարձումյանը պատմեց, որ իր թոռը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 20-ին, սակայն կարանտինով պայմանավորված՝ սկզբում Մարտունիում է եղել․ «Իմ էրեխեն սկզբում հեռախոս չուներ, զանգեց ուրիշի համարից, թե լավ է, կնքվեցինք, տատի՛ ջան, սաղ ասավ՝ գումարտակի հրամանատար, սերժանտներ․․․ Հրամանատարը՝ Վազգեն Վարդանյանը (վաշտի հրամանատարն է,–հեղ․), էն ինչ մի բարի անձնավորություն էր, որ մեռնեմ էլ, սրտումս դաջվածք կանեմ էդ անունը, իր հեռախոսով զանգեց, ինքն էլ խոսաց, ասաց՝ տա՛տ ջան, ան, թոռիդ հետ խոսի, ասաց՝ կորոնայի ժամանակ որ գաք, կպատժվեք․․․ Իրիկունն էլ զանգում էր, թոռնիկիդ հետ խոսի, էդ ինչ յուրահատուկ մատուցում էր անում, թոռանս անունը «Խելոք» էր դրել, ասում էր ՝ Խելո՛ք, արի՛, ասում էի՝ խի՞ ես Խելոք ասում, ասում էր՝ էնքան խելոք ա, Խելոք ջան եմ ասում, ասեցի՝ ես էլ քեզ ջան կասեմ, Վազգեն ջան»։ Համբարձումյանը հայտնեց՝ հոկտեմբեր ամսին, երբ իր թոռն արդեն Հադրութում է եղել, հոսպիտալում տեսակցել է Վարդանյանին․ «Ասաց՝ ինձ գտաք, Էրոյին գտե՞լ եք, ասեցի՝ Վազգեն ջան, որտե՞ղ գտնեմ, դու էիր մեզ միջնորդը, ասաց՝ երնեկ ման գաք, գտնեք Խելոքիս»։ Դահլիճում գտնվող այլ ծնողներ, սակայն, հայտնեցին, որ Վազգեն Վարդանյանը վիրավորում չի ստացել։ Նշենք, որ նա նահանջի ժամանակ զորքի մի մասի հետ ճիշտ ուղղությամբ գնացած եւ փրկված սպաներից է։ Դատաքննության սկզբում Վարդանյանը ներկայացել է դատարան եւ պատմել նահանջի եւ դրան նախորդած իրադարձությունների մասին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Համբարձումյանի խոսքով՝ ինքը թոռան հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 16-ը, օրական 3-4 անգամ խոսել են․ «Որ հարցրի՝ ինչի՞ եք անտառներում քայքայված․․․ Որովհետեւ․․․ [Վահանյանը] իջել է ներքեւ, որ սկոռուն բերի, վիրավոր տանի, սկոռին եկել է, թե չէ, վերքը պոկել է, նստել, գնացել է․․․ Ադոյան Դավիթին պիտի էդ սկոռին տաներ, ինքն է նստել, փախել, իմ բալեն է ասել»։ Դրա պատճառով, ըստ տիկին Սուսաննայի, զորքը ընկել է շրջափակման մեջ։ Իր թոռն ու համածառայակիցները, չցանկանալով լքել իրենց վիրավոր ընկերոջը, ողջ ընթացքում նրան իրենց հետ տեղափոխել են, մինչեւ վերջին րոպեն կողքին եղել։ Համբարձումյանն էլ այդ օրերին հեռախոսով կապի մեջ է եղել․ «Միամիտ էրեխեք էին՝ 2-3 ամսվա զինծառայող, մի ամիս հույս էինք տալիս, լույս էինք տալիս, մթնեց․․․ Ամբողջ գիշեր ես հեռախոսակապով էդ էրեխի (նկատի ունի՝ Դավիթ Ադոյանին,–հեղ․) տնքոցը լսեի, չքնեի․․․» Այդ գիշերը, ըստ տիկին Սուսաննայի, Ադոյանի վերջին գիշերն է եղել (նրա մոր հարցաքննությունը՝ այստեղ), 5 ծառայակիցները նրան հուղարկավորել են, դրանից հետո իրենք են հայտնաբերվել թշնամու կողմից․ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը։ Ըստ Արմեն Ագանեսյանի՝ նորակոչիկներին առաջնագիծ տանող բոլոր պատասխանատուներն էլ մեղավոր են Այսօր հարցաքննված մյուս վկան Արմեն Ագանեսյանն էր՝ զոհված Հայկ Ագանեսյանի հայրը։ Վերջինս չէր ճանաչում Իշխան Վահանյանին, կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ․ «էրեխուն մի ամիս չկար՝ ուղարկել էինք, չկա էրեխեն, վերջ, ես էլ ի՞նչ պատմեմ, ի՞նչ ասեմ, ասում են՝ հրամանատարները լրիվ էրեխեքին առաջին գծում թողել են, իրենք փախել են, էդքան բան գիտեմ ես»,– ասաց նա։                                                   Ագանեսյանի որդին եւս Ջրականում է ծառայել, սակայն կարանտինով պայմանավորված՝ ծնողները նրան չեն կարողացել այցելել, հստակ չգիտեն էլ՝ զինվորական երդում տվել է թե չէ։ Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժողի իրավահաջորդ Արմեն Ագանեսյանը Պատերազմի մեկնարկից հետո որդու հետ հեռախոսակապի մեջ են եղել, թե մինչեւ երբ, հայրը դժվարացավ հիշել․ «Խոսացել ենք մի քանի անգամ․․․ Ջաբրայիլը որ գմփացրին, իմացանք ստեղից–էնտեղից, որ էրեխեքին տարել են Հադրութ՝ բունկեր․․․ Բայց ոչ մի բունկեր էլ չեն տարել, գիտեմ, որ ինչ–որ դպրոց են եղել, էնտեղից էլ հանել, տարել են դիրքեր․․․ Ինքը մեզ ասել է՝ բունկերում ենք, պապ ջան, արխային եղի, ի՞նչ բունկեր, առաջին գիծ են եղել, սաղ սուտ էր․․․ Սպաներից մեկը վիրավորվել է թե խփել են, ուրիշ սպա են բան արել էդ ժամանակ, դա էրեխեքին թողել, փախել է, գնացել, կորել են, մտել են մի տուն, տան մեջ մնացել, ես այլ մանրամասներ չգիտեմ»։ Կատարվածի համար հայրը բոլոր պատասխանատուներին է մեղավոր համարում․ «Սաղ թողել, փախել են, ով կա–չկա, սաղ էլ մեղավոր են, որ էդ էրեխեն ավտոմատ բռնել չգիտեր, բայց գնացել է պոստ, կրակել գիտե՞ր էդ էրեխեն, որ տարել են պոստ, բոլորը մեղավոր են, բոլորը՝ Փաշինյանից բռնած»,– ասաց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Սուսաննա Համբարձումյանը Միլենա Խաչիկյան
22:56 - 22 սեպտեմբերի, 2023
«Ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»․ զոհված զինծառայողի հոր հարցաքննությունը

«Ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»․ զոհված զինծառայողի հոր հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նորակոչիկ 6 զինծառայող՝ Ալբերտ Ստեփանյանը, Սասուն Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը, Սամվել Սմբատովը, Կարեն Ներսիսյանը եւ Գրիշա Գրիգորյանը, որ 2 ամիս շարունակ շրջափակման մեջ են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, 2020 թ․ դեկտեմբերի 27-ին հայտնաբերվել եւ սպանվել են։ Ամեն ինչ սկսվել է հոկտեմբերի 9-ին, երբ գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Վահանյանը, ըստ քրեական գործի, վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դրան հաջորդել է չկանոնակարգված պաշտպանությունը, ապա՝ անկանոն նահանջը, որի ընթացքում էլ գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած զորքն էլ է մասերի բաժանվել․ որոշները հրաշքով փրկվել են, որոշները՝ անգամ պատերազմի ավարտից հետո այդպես էլ առանց օգնության մնացել։ Նրանցից մեկի՝ Գրիշա Գրիգորյանի հայրը՝ Սամվել Գրիգորյանը, այսօր ներկայացել էր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ավելի քան մեկ տարի է՝ քննվում են գործի հանգամանքները։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, որ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Սամվել Գրիգորյանը Սամվել Գրիգորյանը դատարանին պատմելու շատ տեղեկություններ չուներ։ Ասաց, որ իր որդին Ջրական է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 30-ին, դրանից հետո այլեւս չեն հանդիպել, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երդման արարողությանը մասնակցել չեն թույլատրել։ Պատերազմի մեկնարկից հետո Գրիգորյանը որդու հետ մեկ անգամ է խոսել, երբ նա, որքանով հիշում է, դեռ Ջրականում էր․ «Հոկտեմբերի 15-ին զանգել է ընկերոջ հեռախոսով, ասել է՝ պոստերն ենք, նորմալ է, ոչ մի բան չկա, հանգիստ մնա, դրանից հետո՝ բա ռմբակոծություն կա, բան կա․․․ Ասել է՝ մեզ չեն թողնում խոսել, հավաքել են հեռախոսները»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողի իրավահաջորդին հայտնեց, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Գրիշան Ջրականում գտնվել է պատերազմի սկզբից մինչեւ հոկտեմբերի 4-ը,  դրանից հետո տեղափոխվել է Հադրութ, եւ հոկտեմբերի 10-ին ընդգրկվել է մարտական հերթապահության Հադրութին հարակից Խուռհատ սարի տարածքում․ «Այսինքն՝ կամ Դուք լավ չեք մտաբերում, կամ Ձեր որդին իր իրական տեղը չի ուզել հայտնել»,– ասաց նա՝ առաջարկելով փորձել մտաբերել։ Գրիգորյանը մտաբերեց, որ որդին այդ ժամանակ Հադրութում է եղել․ «Ասաց՝ չեն թողնում ոչ մի բան ասենք, դրանից հետո էլ չենք խոսել»։ Գեւորգ Ավետիսյանը Մեղադրողի հարցին՝ ինչ–որ գործողություններ ձեռնարկե՞լ են դարձյալ կապի դուրս գալու համար, որդեկորույս ծնողը բացասական պատասխան տվեց, ասաց՝ սպաներից ոչ մեկին չի ճանաչել, Արցախ մեկնել էլ չեն թույլատրել, դարձյալ՝ կորոնավիրուսով պայմանավորված։ Որդու զոհվելու մասին նա մեկ այլ որդեկորույս ծնողից՝ Հրանտիկ Հարությունյանից է տեղեկացել (նրա հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ)․ «Ծնողներն են զանգած, ասած, որ դիակները բերել են, շրջափակման մեջ են եղել, Տող գյուղ կա, էնտեղ, ուրիշ ի՞նչ ասեմ, ես ոչ մի բան չգիտեմ, ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»։ Թե կոնկրետ ովքեր են փախել, նա չգիտեր։ Գրիշան, ըստ հոր, սպանվել է գյուղերի տներից մեկում՝ գլխին արձակված հրազենային կրակոցից։ Նրա եւ զինակից 5 ընկերների մարմինները հայրենիք են վերադարձվել 2021 թ․ հունվարի 3-ին։ Հարցաքննության ավարտից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այսօր չի կարողացել բերման ենթարկել դատակոչված, բայց չներկայացող անձանց, ուստի դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Տուժողի այլ իրավահաջորդների ցուցմունքները կարող եք կարդալ այստեղ Միլենա Խաչիկյան
18:01 - 29 օգոստոսի, 2023
«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ Էրիկ Գասպարյանն ու Արայիկ Գալստյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Իշխան Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին Էրիկ Գասպարյանը միայն լսել է Էրիկ Գասպարյանը պատմեց, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17-ին, պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող, որը կրակային պարապմունքներ գրեթե չէր անցել։ Սեպտեմբերի 27-ից Էրիկը եղել է Ջրականում, հոկտեմբերի սկզբներին՝ նահանջից հետո՝ տեղափոխվել նախ Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Խոսելով Խուռհատ սարում մարտական առաջադրանքի մասին՝ Էրիկն ասաց՝ սար բարձրանալու հրամանն իրենց փոխանցել է իրենց վաշտի հրամանատար, կապիտան Վազգեն Վարդանյանը, որը ողջ ընթացքում հիմնականում իրենց հետ է եղել (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․)։ Տուժողներ Էրիկ Գասպարյանը, Արայիկ Գալստյանը Իշխան Վահանյանին Էրիկը սարը բարձրանալիս է տեսել, դրանից հետո` մեկ էլ մի անգամ, երբ իջել են՝ սարի ներքեւից սնունդ վերցնելու․ «Հաց բերելիս ինքը մի քանի հոգու հետ կանգնած էր, ծառերով ծածուկ, ավելի հով տեղ էր, չեմ կարող ասել՝ թաքստոց էր թե զուտ հով էր, դրա համար էին էդտեղ նստել, համարյա սարի տակ էր, լանջերին, դրանից հետո իրեն չեմ տեսել, լիքը բաներ են խոսել իր հետ կապված, որ փախել է․․․ Ես դրանք չեմ տեսել, չեմ կարող ասել, իմ իմացածն էն է, որ ինքը էդտեղ էր, հետո էլ էդտեղ չէր, թե ոնց է գնացել, արդեն չգիտեմ»։ Վահանյանի ենթադրյալ վիրավորման մասին էլ Էրիկը ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է։ Տուժողի խոսքով՝ երբ բարձրացել են սարը, ինքը մի քանի նորակոչիկների հետ տեղակայվել է ձախակողմյան հատվածում․ «Մեր կողքը արդեն ձոր էր, մեր հետեւը՝ անտառ, ձախակողմյա հատվածում այլ ստորաբաժանում չի եղել, միայն կողքի թմբի վրա ինչ–որ խումբ կար, դա մի քիչ հեռու էր, ոնց որ մեր սարը ավարտվեր, դա սկսվեր, չէինք իմանում՝ ովքեր են, նույնիսկ մեր կապիտանը սնայպեր էր վերցրել, որ ստուգեր՝ մերոնցական են թե չէ, հետո, որ սկսեցին կրակել, հասկացանք, որ ադրբեջանցիք են»։ Մարտի ժամանակ Էրիկը ռադիոկապ չի տեսել, հրամանները կամ վաշտի հրամանատարից՝ Վազգենը Վարդանյանից է լսել, կամ զինվորներն են իրար փոխանցել․ «Երբ բոյը սկսեց, խուճապահար սաղ փախնում էին, մեկս մեկիս պահելով՝ իջնում էինք սարի տակ․․․ Իրենք արդեն անտառից էին մոտենում մեզ, սարով ֆռացել էին, անտառից էին մոտիկանում՝ թիկունքից, կարելի է ասել․․․ Իջնում ենք, սպասում՝ վաշտը հավաքվի՝ իրար հետ քայլենք, էդ ժամանակ Վազգեն եկավ, ասաց՝ եկեք արագ քայլենք, ո՞ւմ եք սպասում, խառնված էր մի քիչ, էդ եղել է առաջին անգամ, երբ ես իրեն տեսել եմ խառնված, ինքը միշտ եղել է, հա, էլի սթրեսի մեջ, բայց ավելի հանգիստ վիճակում»։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Էրիկի խոսքով՝ դրանից հետո բարձրացել են մեկ այլ սար՝ Զանգելանի ուղղությամբ, որտեղ 3-րդ գումարտակն է մարտի եղել, բարձրացել են դադարներով, քանի որ բարձր սար է եղել, իսկ իրենք՝ հոգնած, նստել են, հանգստացել, շարունակել ճանապարհը․ «Ասացին՝ սարի վերեւը 3-րդ գումարտակը  բոյ է տալիս, չենք իմանում՝ որ կողմը ինչ է, մի հելեք վերեւ, էնտեղ տեղ չկա թաքնվելու, մենք սարի ներքեւից սպասում էինք, հետո չգիտեմ, թե ով ասաց՝ հետ ենք իջնում, նույն ճանապարհով իջանք, մի հատ ստարշ կար մեր հետ, հետո իմացել եմ, որ Գյումրիից էր, անունն էլ՝ Արտյոմ (խոսքն այն կամավորական քեռու մասին է, որին հիշատակում են գրեթե բոլոր հարցաքննվողները,–հեղ․), ինքն ասաց՝ համբերեք, տեսնենք՝ քանի հոգի ենք, Հարութը (խոսքը սերժանտ Հարութ Ղարախանյանի մասին է, որը զոհվել է,–հեղ․) հաշվեց, 90 եւ ավելի էինք, ստարշը զանգեց Վահանյանին, ասաց՝ զորքդ՝ 100 հոգի նորեկ, էստեղ է, ի՞նչ ես կարողանում անել, նա էլ ասաց՝ չեմ կարող օգնել, ինչ ուզում եք, արեք, ես հոսպիտալում եմ»։ Դրանից հետո, ըստ Էրիկի, այդ կամավորական Արտյոմն իրենց ասել է՝ կա՛մ պիտի այդ 100 հոգով գնան դեպի Հադրութ՝ այնտեղ գտնվող հայերին օգնության, կա՛մ ով ինչ ուզում էր, պիտի աներ։ Զորքը ընտրել է միասին լինելը, ուստի սկսել են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Եվ քանի որ թշնամին արդեն այնտեղ է եղել, ճանապարհին նկատել է նրանց, մարտի բռնվել։ Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու այդ կամավորականը զոհվել են։ Թե կոնկրետ ով է եղել այդ կամավորականը, առ այսօր պարզված չէ։ Էրիկը մինչ օրս չգիտի՝ նահանջի ժամանակ բարձրացած սարը հետ իջնելու հրամանն ով է տվել Զորքի կիսվելու այս դրվագի վերաբերյալ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր տվեց տուժողին․ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Դու ունես վաշտի հրամանատար, որի հետ բարձրացել ես սարը․․․ – Իր հետ չենք բարձրացել, ինքը ուղղակի ասաց՝ բարձրացեք սենց, ու ինքը արագ–արագ քայլեց, որ  տեսնի՝ դիմացը ինչ է, մեզ ուղղղորդի, հետո արդեն թե ինքը որ մասում է եղել, ես չգիտեմ։ – Դուք ի վիճակի չե՞ք եղել հետեւել նրան։ – Ինքը ասում էր՝ մի հելեք էստեղ, ապասնի է, չգիտենք՝ 3-րդ գումարտակի կողքերը ինչ կա–ինչ չկա, դրա համար ասաց՝ սարի տակի վրա սպասեք, մենք էլ ահագին զորքով՝ 50 եւ ավելի, սպասում էինք։ – Եվ ճշտե՞ց։ – Հետո արդեն չգիտեմ՝ ինչ եղավ, զինվորները, մեզ փոխանցելով, ասացին՝ հետ իջեք։ – Իսկ հետագայում չե՞ս փորձել տեղեկանալ՝ ոնց եղավ, որ Վազգենը զորքի մի մասի հետ գնաց այդ ուղղությամբ, դուք՝ չէ։ – Դե, որ ասում են՝ հետ եք իջնում, ինձ թվում է՝ սպա կա, որ ասում է՝ էսինչ հրամանը կատարեք, զինվորներն էլ անում են, ես չէի ասի, թե ինչ–որ զինվոր ուղղակի կասեր՝ տղերք, եկեք իջնենք, ու բոլորով հետ իջնեինք․․․ Բայց մինչեւ հիմա էլ ես չեմ իմանանում՝ դա զինվո՞ր է որոշել, շուխուռ գցել, թե՞ ստարշն է ասել․․․ Զինվորներն ասում էին՝ վռոձի Վազգենն է ասել՝ հետ ենք գնում, բայց ես չգիտեմ էլ՝ ինքն է ասել թե ոչ, ինքը հելավ սարի վերեւը ու վերջ, ես իրեն էլ չեմ տեսել․․․  Հիմա որ նայում ենք ավելի սառը, եթե մենք էդ ճամփով փախել, հելել էինք, հետո խի՞ էինք նույն ձեւով հետ իջնում, միտք չկա էդտեղ, ուղղակի էդ ժամանակ խուճապահար ասում են՝ իջնում ենք, ուրեմն՝ ճիշտը էդ է․․․ Էս ամենը հասկանում ես, երբ գալիս ես, խաղաղ ժամանակ է, հանգստանում ես․․․ Հասկանում ես, թե ոնց է եղել, ճիշտը ոնց պիտի լիներ, ու խի տենց չի եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց՝ որոշ սպաներ ասում էին՝ այդ հատվածում հրետակոծություն է եղել, դրա համար իրենք չեն կարողացել հետ գալ սպասող անձնակազմի մոտ։ Էրիկը, սակայն, ասաց՝ ինքը նման բան չի տեսել, չի լսել։ Հարցին՝ հիմա, երբ ամեն ինչ ավարտվել է, ինքը կարո՞ղ է ասել՝ ցանկության կամ հրամանատարական նորմալ կազմի դեպքում հնարավոր էր արդյոք պաշտպանությունն ավելի ճիշտ կազմակերպել, նա դրական պատասխան տվեց։ Վերլուծելով կատարվածը՝ Էրիկն ասաց՝ ճիշտ ուղուց շեղվելու, Հադրութ շարժվելու եւ հակառակորդին բախվելու պատճառը եղել է նախեւառաջ սպաների ոչ ճիշտ հրամաններ տալը, հրամաններ չտալը ընդհանրապես եւ խուճապահար վիճակը։ Պատերազմում երկու որդիներին կորցրած Գեղամ Ղազարյանը խնդրեց հայտնել՝ ընդհանուր առմամբ կատարվածը ի՞նչ էր, իրենք ինչի՞ զոհ են ի վերջո․ «Ընդհանուր սպաների կողմից դավաճանություն էր, որ իրենք թողեցին, փախան առանց մեզ հրաման տալու կամ ինչ–որ բան ասելու, առավել եւս, եթե ստարշը ճիշտ է ասել, որ զանգել է Վահանյանին, նա ասել է՝ ինչ ուզում եք, արեք, էդտեղից սկսած՝ մենք կամբատ չենք ունեցել»։ Սխալ ուղղությամբ այդ նահանջի ժամանակ մարտի բռնվելով թշնամու հետ՝ անձնակազմն արդեն ցրվել է։ Էրիկի խոսքով՝ Վանք գյուղի տներում ի սկզբանե 21 հոգով են մնացել, հետագայում՝ բաժանվել 3 խմբի։ Ինքը 8-հոգանոց խմբում է եղել՝ սերժանտ Հարութ Ղարախանյանի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 12-ին գերեվարվել է, 2021 թ․ հունիսին՝ վերադարձել հայրենիք։ Արայիկ Գալստյանի խոսքով՝ շրջափակման միջից իրենք զանգել են օգնության, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել Հարցաքննված մյուս տուժողն Արայիկ Գալստյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 3 ամսվա զինծառայող։ Արայիկը դժվարացավ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, մեծամասամբ նշեց, որ չի հիշում։ Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին եւս նա ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է, որ վիրավորվել է, նստել մեքենան ու գնացել։ Արայիկը չգիտեր նաեւ, թե նահանջի հրամանն ով է տվել։  Արայիկ Գալստյանը Դատավարության մասնակիցները նրանից եւս փորձեցին տեղեկանալ, թե ինչպես է ստացել, որ զորքը կիսվել է․ – Կեսը վերեւ էին հելնում, կեսը ներքեւ, ես ներքեւ իջա։ –  Դա ո՞նց որոշվեց։ –  էդ չեմ հիշում, առանձնացան, ես էլ ներքեւ գնացի։ –  Իսկ որ իջնում էիր, գիտեի՞ր, թե որ ուղղությամբ ես գնում։ –  Չէ։ –  Գիտեի՞ր, որ էդ կողմը հակառակորդն է։ –  Չէ, ես տարածքին ծանոթ չեմ եղել։ –  Իսկ կամավորականը կամ Հովհաննես Մուրադյանը, ըստ քեզ, գիտեի՞ն։ –  Չեմ կարող ասել։ –  Դու ի վիճակի եղե՞լ ես լսելու, ընկալելու հրամանները։ –  Այո։ Հարցաքննության ավարտին իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ ծնողներին նյարդայնացրեց Վահանյանի՝ նրանց խոսքով արհամարհական հայացքը, նրանք սկսեցին վիրավորել Վահանյանին՝ բղավելով, որ վերջինիս պատճառով ուռուցք են ձեռք բերել, գերեզմաններում գիշերել․․․ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հոկտեմբերի 10-ին Արայիկը վիրավորվել է, շրջափակման մեջ մնացած անձնակազմի հետ մնացել Վանք գյուղի տներում, հետագայում՝ գերեվարվել։ Նրա խոսքով՝ տանից զանգել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, վերջինս ասել է՝ սպասեք, կգանք, բայց ոչ ոք այդպես էլ չի եկել։ Գործով վկա Արսեն Ղուկասյանը  (նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին անհետ կորած է մինչ օրս) հայտարարությամբ հանդես եկավ՝ դատարանին տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստից հետո ինքը խոսել է Գարիկ Վարդերեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, տղաների շրջափակման մասին իմանալով, ի՞նչ է արել․ «Բա ես ամսի 11–ին գնացել եմ Թութակներ, տեսել եմ գեներալ Աղաբեկյան Արթուրին եւ Մանուկյան Դավիթին, որոնց տեղեկացրել եմ, որ անտառում ունեմ զինվորներ, որոնց օգնություն է պետք, էնտեղից իրեն ասել են՝ մենք հատուկ օպերացիա ենք պատրաստում, մեզ մի խանգարեք, լքեք տարածքը»,– ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ Վարդերեսյանը պատրաստ է կրկին դատարան ներկայանալ եւ հաստատել իր այս խոսքերը (Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ)։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:48 - 17 օգոստոսի, 2023
«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ, ավագ հրաձիգ Արթուր Հարությունյանն ու գնդացրորդ Կարեն Մանուկյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ Հադրութում արդեն հակառակորդն է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել․ Արթուրն ու ծառայակից 5 ընկերները 70 օր թաքնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ հրաշքով փրկվել, իսկ Կարենը, որ Վանք գյուղի այլ տան մեջ է եղել, իր 4 զինծառայակիցների հետ նոյեմբերին գերեվարվել է, ամիսներ անց՝ վերադարձել հայրենիք: Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ Արթուր Հարությունյանի՝ Ջրականից Հադրութ նահանջի հրամանը Հայկազ Գրիգորյանը վերադասության հետ չի համաձայնեցրել Արթուր Հարությունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 6-ին, մինչ պատերազմը 2 անգամ է կրակայինի մասնակցել, ավելի շատ բան, ըստ իրեն, պատերազմի ընթացքում է սովորել։  Արթուրը պատմեց, որ պատերազմի առաջին իսկ օրից իրենք ներգրավված են եղել մարտական գործողությունների մեջ սկզբում Ջրականի, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութի տարածքում։ Խոսելով այդ, պայմանական ասած, առաջին նահանջի մասին՝ Արթուրը բացատրեց՝ իրենց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը տեսել է, որ իրենց ահռելի զորք է մոտենում՝ ահռելի սպառազինությամբ, եւ կարծելով, որ իրենք չեն կարողանա դիմակայել՝ նահանջի հրաման է տվել․ – Այսինքն՝ անմիջապես հարձակում տեղի ունեցա՞վ թե՞ կարծեցիք, որ հնարավոր է՝ նման հարձակում լինի,–հարցրեց մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը։ – Երկրորդը,– պատասխանեց տուժողը։ – Իսկ վերադաս հրամանատարությունը տեղյա՞կ էր նահանջի մասին։ – Եթե ճիշտ եմ հիշում, փորձել էր ռացիայով կապ հաստատել, բայց չէր ստացվել ,– պատասխանեց տուժողը՝ մանրամասնելով, որ իրենցից առաջ՝ առաջին գծում, եղել են հայկական ստորաբաժանումներ, որոնք հենց կռվի մեջ են եղել թշնամու հետ, բայց ընթացքում հարվածներ նաեւ իրենց ուղղությամբ են եղել, ընդհուպ մինչեւ զոհ են ունեցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ իրենք պատկերացում ունեի՞ն, որ իրենց դուրս գալով՝ ճեղքում է առաջանում, եւ դիրքերը բացվում են թշնամու առաջ, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց՝ իրենց հրաման է տրվել, իրենք այն կատարել են։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը – Եթե ձեզնից առաջ գտնվող մեր ստորաբաժանումները դեռ չեն ոչնչացվել, ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու եք դուք նահանջում, – հետաքրքրվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։ – Հարց առաջացավ, – պատասխանեց տուժողը։  – Հայկազ Գրիգորյանը ինչի՞ց եզրակացրեց, որ դուք այդ դիրքը պետք է թողնեք։ – Ինձ թվում է՝ ավելի լավ է Հայկազ Գրիգորյանին նման հարցեր տաք, – պատասխանեց նա։ Նշենք, որ Հայկազ Գրիգորյանն արդեն իսկ հարցաքննվել է դատարանում եւ այս դրվագի մասին խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ են եղել, բայց թե ում հրամանով են նահանջել, չի կարողացել նշել։ Տուժողի խոսքով՝ Վահանյանն իրենց հավասար նահանջելիս է եղել, մեկ էլ հանկարծ ասել է, որ վիրավոր է ու սկսել կաղալ Դրանից հետո զորքը գնացել է Հադրութի զորամաս, հաջորդ օրը՝ դպրոց, որտեղ էլ Արթուրն առաջին անգամ տեսել է Վահանյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահանյանն այդ ժամանակ ոտքից վիրավոր է եղել, սակայն թե՛ Արթուրը, թե՛ նախկինում հարցաքննված բազում զինծառայողներ նրա քայլքի մեջ փոփոխություն, որեւէ վերք չեն նկատել․ «Որոշ ժամանակ դպրոցում մնալուց հետո ասացին, որ գնում ենք մարտական դիրքեր, մեր ստորաբաժանումը բաժանվեց մասերի, երկու մասով գնացինք, սարի վրա զուտ դիրքավորված սպասում էինք մարտական հրամանների, բայց երբ սկսեցին կրակոցներ, տարբեր ուղղություններով խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց», – պատմեց տուժողը՝ նշելով, որ դիրքավորվելու հրամանը Վահանյանն է տվել, այլ կոնկրետ հրամաններ չեն եղել։ Նա հիշեց՝ մինչեւ մարտը սկսվելը Վահանյանը սարի երկայնքով գնում–գալիս էր, սկսվելու պահին որտեղ է եղել՝ չի տեսել, մեկ էլ նահանջի ժամանակ է նրան հանդիպել։ Ձախից՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Ո՞ւմ հրամանով է նահանջը տրվել, – հարցրեց մեղադրողը։ – Եթե ճիշտ եմ հիշում, Վահանյանի, բայց վստահ չեմ։ – Իսկ կոնկրետ ասել է՝ ո՞ւր նահանջեք։ – Ավելի շուտ ցույց տալով․․․ Սկզբում մեր հետ էր քայլում, բայց հետո ասաց՝ վիրավոր եմ, չեմ կարող քայլել, եւ մեքենայով գնաց, ես էդ ժամանակ իրեն շատ մոտ էի, մոտավորապես 2 մետր, եւ հենց էդ ընթացքում ասաց, որ վիրավոր է։ – Իսկ այդ ընթացքում ձեր ուղղությամբ կրակ նկատե՞լ եք։ – Այո։ – Ի՞նչ տեսակի զենքից՝ հրաձգայի՞ն թե՞ հրետանային։ – Հրաձգային, – ասաց տուժողը՝ ենթադրելով, որ եթե իրենց ուղղությամբ հրետանային կրակ լիներ, հնարավոր չէր, որ Վահանյանը բեկորային վիրավորում ստանար, իսկ ինքը՝ ոչ։ – Ըստ քրեական գործի՝ Վահանյանի վիրավորումը բեկորային է, այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ վիրավորումը կարող էր ստանալ այդ պայմաններում։ – Այն ընթացքում, որ ես իրեն մոտ էի, բացառում եմ, բայց դրանից առաջ եղել է թե ոչ, չեմ կարող ասել։ – Բայց ինքը ասաց, որ այդ պահի՞ն է վիրավորում ստացել։ – Ինքը ասաց՝ վիրավոր եմ, պետք է գնամ։ – Բայց մինչ այդ վիրավորման մասին որեւէ հայտարարություն չէ՞ր հնչել։ – Ոչ․․․ Կամ ես չեմ լսել։ – Այդ ընթացքում նրա մարմնի վրա որեւէ վիրավորում, արյան հետք նկատե՞լ եք։ – Քայլքի փոփոխություն նկատել եմ, կաղալ եմ նկատել,  բայց վիրավորում, արյուն ընդհանրապես չեմ նկատել ,– ասաց տուժողը՝ ընդգծելով, որ կաղալը սկսվել է վիրավոր լինելու հայտարարությունից հետո։ – Այսինքն՝ մինչ էդ ձեզ հետ հավասար նահանջում էր մոտ 2 մ հեռավորության վրա, հայտարարությունից հետո սկսեց կաղա՞լ։ – Այո, – պնդեց տուժողը։ – Եվ ի՞նչ գործողություն կատարեց։ – Ասաց՝ վիրավոր եմ–վիրավոր եմ, մեքենա նստեց, որը չեմ տեսել, մարդիկ շատ էին, ու նենց չի, որ իրեն էի հետեւում, եւ հիշում եմ, որ իր հետ այլ վիրավոր զինծառայող նստեց (ըստ տուժողի՝ Արտակ Արսենյանը,–հեղ․), ու գնացին, – պատասխանեց Հարությունյանը՝ հավելելով, որ կապի միջոցը կամ պարտականությունները այլ սպայի փոխանցելու դրվագ ինքը չի նկատել։ Տուժողը աբսուրդ որակեց սպաների խոսքերը, թե զինծառայողները հրամանները ընկալելուն ունակ չեն եղել Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո շարունակել են նահանջել դեպի մեկ այլ սար, բայց ընթացքում բաժանվել են երկու մասի․ մի մասը արագ էր քայլում եւ հասցրեց անցնել սարի մյուս կողմ, իսկ իրենք կամավորական քեռու եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ մոտ 90 հոգով հետ մնացին։  Արթուրի հիշելով՝ հետ մնացած անձնակազմով նահանջելիս են եղել Հադրութից հարավ, բայց Հովհաննես Մուրադյանը հեռախոսակապով խոսել է ինչ–որ մեկի հետ, որը ասել է, որ նահանջեն դեպի Հադրութ, որովհետեւ այնտեղ զինվորներ կան, թեեւ չգիտեն՝ հայ թե ադրբեջանցի։ Այդ նահանջի ընթացքում էլ արդեն ադրբեջանցիները մոտեցել են իրենց, եւ հարձակում է սկսվել։  Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արթուր Հարությունյանը Ինչպես հայտնի է, հարձակման ընթացքում նորակոչիկների անձնակազմի հետ մնացած միակ սպա Հովհաննես Մուրադյանը, նաեւ՝ այդ կամավորական քեռին, զոհվել են։ Դրանից հետո ողջ մնացած անձնակազմը՝ մոտ 21 հոգի, թաքնվել է գյուղի տներում, կապ հաստատել զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հետ․ «Ասաց՝ ինչ–որ ձեւ գտեք, դուրս եկեք, ասում էինք՝ վիրավորներ ունենք, ասում էր՝ ծանր է, հասկանում եմ, բայց ձեւ գտեք, այսինքն՝ չի ասել, որ մեր հետեւից գալու են կամ ճանապարհ ցույց չի տվել»,– հայտնեց Արթուրը։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը խնդրեց արձանագրել, որ Քարամյանը, փաստորեն, իրենց խաբել է՝ ասելով, թե տղաներին ճանապարհ է ցույց տվել։ Նշենք, որ այս դրվագի շուրջ հարցաքննվելիս Արթուր Քարամյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ խոսել է շրջափակման մեջ գտնվող զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Դրանից հետո, ըստ Քարամյանի ցուցմունքի, տղաների մասին տեղեկացրել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողին տեղեկացրեց, որ հրամանատարական կազմը նշել է, թե զորքը գտնվել է այնպիսի խուճապային վիճակում, որ արդյունավետ չէր հրամաններ տալը, որովհետեւ, մեկ է, ի վիճակի չէին ընկալելու․ «Իմ համար դա ուղղակի աբսուրդ է, նույնիսկ եթե էդպես է, հրամանատարները պատասխանատու են զորքի համար եւ պարտավոր են մինչեւ վերջին պահը կազմակերպել այնպես, որ զորքը չմնա առանց սպայի եւ չզոհվի»,– ասաց Հարությունյանը։ Կարեն Մանուկյանի տեղեկություններով՝ Վահանյանն անձամբ է ինքն իրեն վիրավորել Հարցաքննված մյուս տուժողը՝ Կարեն Մանուկյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հունիսի 14-ին, նույն հետագիծն է անցել․ սկզբում եղել է Ջրականում, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութում։ Մանուկյանը, սակայն, Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտում չի եղել, այլ Վահագ Բարսեղյանի, եւ Գրիգորյանենց հետ չի նահանջել։ Ավելին, նա կարծիք հայտնեց, որ հենց այդ առաջին նահանջի հետեւանքով է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իրենք թշնամու հետ մարտի են բռնվել, թեեւ իրենցից առաջ դեռ յուրային ստորաբաժանումներ են եղել․ ենթադրեց՝ այդ հատվածն է բացվել, թշնամին ներթափանցել է։ Իրենց վաշտի հրամանատարն էլ, ըստ տուժողի, լիարժեք չի տիրապետել տեղանքին․ «Վաշտիս հրամանատարը եղել է Բարսեղյան Վահագը, բայց պատերազմի ընթացքում, որպես էդպիսին, ենթարկվել եմ Սեւան Ղազարյանի հրամաններին, նենց չի, որ Վահագը հրաման տար, չէի անելու, ուղղակի ես իրեն չէի ճանաչում որպես նորմալ սպա, տենց դեպքեր եղել են․․․ Հոկտեմբերի 5–ին անձրեւոտ իրիկուն էր, զորքը նահանջ էր տվել, մենք մնացել էինք շրջափակման մեջ, Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել դեպի «9–րդ կմ» գնացող ճանապարհը, էն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք, հասել մեր զորքին»։ Կարեն Մանուկյանը Մանուկյանը եւս Վահանյանին Հադրութի դպրոցում է հանդիպել, քայլքի փոփոխություն չի նկատել։ Նրա խոսքով՝ դպրոցում զինծառայողների եւ սպաների միջեւ վիճաբանություն է եղել, զինծառայողները համապատասխան սպառազինություն են պահանջել․ «Հադրութը, ուր պիտի բարձրանայինք, անտառային տարածք էր, իսկ մեզ մոտ համապատասխան սպառազինություն չկար, էդ պահին Բադալյան Մանուկին եմ հիշում, Վահանյանին, Գարիկին (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանն է), ասում էին՝ կլինի, ոչինչ, բարձրանանք, կերեւա, իսկ մենք ուզում էին՝ զենքը լիներ, նոր բարձրանայինք, ոչ թե բարձրանայինք, սպասեինք»։ Ի վերջո, ըստ տուժողի, առանց համապատասխան զենքերի են բարձրացել, միայն հագուստն են փոխել։ Խոսելով արդեն Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձություններից՝ տուժողը ասաց՝ անձամբ չի տեսել, բայց լսել է Վահանյանի փախուստի մասին․ «Պատերազմը սկսելու օրվանից Իշխան Վահանյանի գործողություններին ծանոթ չեմ եղել, կոնկրետ տեսել եմ Հադրութում էն ժամանակ, երբ բարձրացել ենք սարը, դիրքավորվել ենք, դրանից հետո ուղղակի լսել եմ, որ ինքը իրեն ոտքից անձամբ վիրավորել է ու փախուստի դիմել»։ Տուժողը նաեւ տրամաբանական չհամարեց այդտեղ բեկորային վիրավորում ստանալը։ Նաեւ նշեց՝ հրամանները իրար փոխանցելով էին ստանում։ Թե ենթադրյալ փախուստից հետո ինչպես է զորքը կիսվել, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել․ «Չեմ կարող կոնկրետ ասել, խառնաշփոթ էր տեղի ունենում, որովհետեւ հակառակորդը խաչաձեւ կրակ էր բաց թողնում, տարբեր ուղղություններից կրակում էր, ու ստորաբաժանումը չէր հասկանում՝ ով որտեղից ոնց արժե նահանջ տալ, ու դրա պատճառով տարբեր ուղղությամբ են նահանջել, տարբեր տղերքի բախտ տարբեր ձեւ է եղել»,– ասաց Կարենը՝ հավելելով, որ ինքն իրենից կախված ամեն ինչ արել է․ «Ֆիզիկապես ունակ եղել եմ, բարոյահոգեբանորեն՝ առավել եւս»։ Ըստ նրա՝ Հադրութ գնալու խորհուրդը տվել է այլ ստորաբաժանման մի ծառայող, որի հետ բջջայինով են կապ հաստատել։ Կարենը շրջափակման մեջ մնացած 21 հոգու կազմում է եղել․ «Սկզբում տան մեջ 20–ից ավելի էինք, բայց մնացածը, որ վիրավորում չունեին, ասացինք՝ գնացեք, հրամանատարներին ասեք, որ մենք էստեղ ենք, մնացինք 9 հոգով․․․ Հետո մենք էլ անձամբ զանգեցինք Գարիկին, ինքն էլ ասաց՝ մի երկու ժամից էդտեղ կլինեմ, տեղներդ չփոխեք, բայց տենց էլ չեկավ․․․ Պիտի Վահանյան Իշխանը տեղում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք», – ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը դավաճանություն է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:55 - 11 օգոստոսի, 2023