Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործի քննությունը։
Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ քրեական գործի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում նա վիրավորման պատրվակով թողել է գումարտակի նորակոչիկ անձնակազմին եւ վիրավորներին տեղափոխող մեքենայով հեռացել։ Հրամանատարի ենթադրյալ փախուստին անկանոն նահանջն է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։
Ի սկզբանե քանի հոգի է գտնվել մարտի դաշտում, քանիսն են զոհվել, քանիսը՝ վիրավորվել՝ մինչ օրս հստակ չէ։ Դատաքննության ընթացքում խոսվել է 250-350 թվակազմի մասին, սակայն ըստ Վահանյանի՝ կոնկրետ սարում շուրջ 120 հոգի է եղել։ Թե նրանցից քանիսն է զոհվել, գումարտակի հրամանատարը չի հիշում։
Արդեն երրորդ օրն է, ինչ դատարանը հարցաքննում է նրան։ Երկու տարվա դատաքննության ընթացքում հայտարարություններ գրեթե չարած հրամանատարը մանրամասն ցուցմունք է տվել, պնդել, թե ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել, պատմել, որ իր համար էլ անհասկանալի է, թե ինչու նորակոչիկներին չցրեցին այլ ստորաբաժանումներում, երբ բոլորին էր պարզ, որ նրանք ի վիճակի չէին առանձին խնդիր կատարելու։ Ընդ որում, ըստ Վահանյանի, իրենց ոչ թե ասվել է, որ գնում են մարտական խնդրի, այլ պարզապես բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու։
Ձախից՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը
Պատասխանելով տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի հարցերին՝ Իշխան Վահանյանը մանրամասնեց՝ զորամասի հրամանատար Քարամյանն ու Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Դավիդովն են ասել, որ պատերազմը վերջանում է, իրենք էլ գնում են՝ բնագիծ զբաղեցնելու։ Նման ենթադրության հիմքը, ըստ Վահանյանի, հրադադարի վերաբերյալ խոսակցություններն էին։
– Երբ ամեն ինչ ավարտվել է, զեկուցագիր գրե՞լ եք, որ սխալ եզրակացության էին եկել,– հարցրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։
– Չէ,– պատասխանեց ամբաստանյալ Վահանյանը։
– Ինչու՞, Ձեզ չի մտահոգում, որ ուրիշի սխալ տեղեկությունների պատճառով այսօր այստեղ եք։
– Որ իմանայի՝ գալու էի էստեղ, ուրիշ միջոցներ կձեռնարկեի․․․ Պատերազմ էր, ընդհանուր վերլուծությունները որը ոնց կարողացել է․․․ 5-րդ սերնդի պատերազմ էր, ոչ մեկս էլ պատրաստ չէր, ոչ էլ տեսել էինք տենց պատերազմ։
Ճանապարհ ընկնելուց առաջ զորքին բաժանվել է սաղավարտ, զրահաբաճկոն, հրաձգային զենքեր, զինամթերք, իսկ համազգեստ, ըստ Վահանյանի, չի եղել։ Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ փորձառու մարդկանց ներգրավելու պահանջ եղե՞լ է, ամբաստանյալը պատասխանեց՝ խոսակցություն եղել է, բայց պահանջ չի եղել, որովհետեւ այլ անձնակազմ չի եղել։
Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինքնին հանցավոր արարք չէ՞ր ԱԹՍ–ների եւ արկերի տակ բազմաքանակ զորքին Հադրութի դպրոցում հավաքելը եւ տրանսպորային մեծ միջոցով սար տեղափոխելը՝ հաշվի առնելով հատկապես այն, որ դրանից առաջ դպրոցի ուղղությամբ արկ էր ընկել, նույն պատճառով էլ Հադրութի զորամասից էին զորքին դուրս բերել։ Ի պատասխան՝ Վահանյանն ասաց՝ այդ հարցի հասցեատերը ինքը չէ, ինքը սոսկ հրաման է ստացել։
Ըստ Վահանյանի՝ ինժեներական խոստացված գործիքները իրենց այդպես էլ չեն հասել, սարում դիրքեր, ամբողջական խրամատներ չեն եղել․
– Եթե սարում չունեիք դիրքեր, ինչո՞ւ չեք զորքին դիրքավորել անտառի մեջ, որը բնական պաշտպանիչ նշանակություն ունի,– հետաքրքրվեց Գուրգեն Գրիգորյանը։
– Իմ վերադասը եկել է, անձամբ բնագիծը ցույց է տվել, չես կարող անձնակազմին ասել՝ լցվեք անտառի մեջ, եթե բնագիծ են զբաղեցնում,–պատասխանեց Վահանյանը։
– Ռմբակոծությունից որքա՞ն ժամանակ հետո սկսվեց հարձակումը։
– Չեմ կարող ասել։
– Հնարավորություն ունեի՞ք՝ դրանից հետո հրաման տալու, որ հետ գնային, մտնեին անտառ։
– Հրետանակոծության ժամանակ հրաման տրվել է, որ միանգամից հետ քաշվեն անտառի մեջ, համ կառավարել եմ, համ անձամբ եմ սարը ծայրից ծայր անցել, սաղ տեսել։
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խնդրեց պարզաբանել, թե այդ ինչպես է, որ ինքն ասում է, թե նման հրաման է տվել, մինչդեռ մի շարք զինվորներ, նահանջի այդ ընթացքը անկազմակերպ որակելով, դատարանում պատմել են, որ իրար պահելով, ինքնաբուխ են իջել, բնագծում զոհեր ունեցել․
Տուժողների իրավահաջորդները
– Դա այն խմբի մասին է, որ չի ենթարկվել հրահանգներին եւ առանձնացել է,– պատասխանեց Վահանյանը։
– Լավ հրամանատար չեք եղել, չեն ենթարկվել,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։
– Էրեխեքը լավ էլ ենթարկվել են, մի վարկաբեկեք,– արձագանքեց մյուսը։
Դատավոր Ջոն Հայրապետյանը փորձեց հանդարտեցնել կողմերին, ապա դիմեց ամբաստանյալին․
– Դուք ինձ համար եք պատասխանում,– նշեց նա։
– Այդ խոսակցությունը բնագծի մասին չի եղել, հետագայում՝ նահանջելիս զորքի կիսվելու դրվագի մասին է եղել,– պատասխանեց Վահանյանը՝ հավելելով,– սարում ոչ մեկը չի մնացել, միայն Մաքսիմի աճյունն է այնտեղից հանվել, նրան էլ սնայպերն է խփել։ Հրազենից այլ զոհ կամ վիրավոր, ըստ Վահանյանի, սարում չի եղել, իրենք հակառակորդին անձամբ չեն էլ տեսել։
Դատավոր Ջոն Հայրապետյանը
Ըստ մեղադրանքի՝ ենթադրյալ փախուստի դիմելիս Վահանյանն իր հետ տարել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը՝ լիազորությունները որեւէ այլ սպայի վրա չդնելով։ Նա, սակայն, պնդում է՝ լիազորությունները փոխանցել է մայոր Հայկազ Գրիգորյանին, կապի միջոցներից մեկն էլ հանձնել նրան․ դրա շնորհիվ է, ըստ Վահանյանի, Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը կարողացել փրկվել։
– Ռացիան փոխանցելուց քանի՞ րոպե հետո եք շարժվել։
– Մոտ 20-30։
– Այսինքն՝ 20-30 րոպե արդեն գումարտակի հրամանատարը Հայկազ Գրիգորյա՞նն էր։
– Հա, տենց է դուրս գալիս, ասել եմ, որ վիրավոր եմ, ի վիճակի չեմ, վերադասի հրամանով հանձնել եմ Հայկազին, անձնակազմը իր հետեւից եկել, դուրս է եկել, վերջում ենք իմացել, որ մի խումբ առանձնացել է։
Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նախկինում այս մասին չի հայտնել, ինչին Վահանյանը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ գործի կիսատ քննությունը պատճառ բերելով․
– Երեւի թե տենց բան չի եղել, եթե չեք ասել,– կարծիք հայտնեց փաստաբանը։ Նշենք՝ Հայկազ Գրիգորյանը եւս դատարանում հերքել էր լիազորությունների եւ ռադիոկապի փոխանցումը իրեն։
– Եղել է,– պնդեց ամբաստանյալը՝ հավելելով, որ հետագայում իրենից որեւէ զեկույց չեն պահանջել, որովհետեւ հեռանալով ինքն արդեն հրամանատար չի եղել։
– Որպես գումարտակի հրամանատար՝ գնալուց առաջ այլ գործողություն արեցի՞ք, նշանակեցի՞ք՝ ով որտեղ կառավարի։
– Չէ, հրամանը եղել է ընդհանուր հավաքը, Հայկազը ու ուղղությունը։
– Ըստ Կանոնակարգի՝ պարտավոր չէի՞ք նշանակելուց բացի այդ ամենը կազմակերպել։
– Եթե բանավոր ասվել է, չէ։
– Այդպես էլ մտածեք,– արձագանքեց Գուրգեն Գրիգորյանը։
Իշխան Վահանյանի հարցաքննությունը կշարունակվի հունիսի 10-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Իշխան Վահանյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)