ԿԱՐԴԱԼԻՔ

Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը

Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը

Հակակոռուպցիոն դատարանում տեւական դադարից հետո այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործի քննությունը։ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ Վերանյանը ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Փոխգնդապետը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը հայտնեց, որ միջոցներ է ձեռնարկել՝ պարզելու դատակոչի ենթակա վկա Արտյոմ Պողոսյանի գտնվելու վայրը։ 2020 թ․ զբաղեցրել է նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Դատարանը գրություններ է հասցեագրել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, Արմավիրի մարզային վարչություն, ինչպես նաեւ՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն։ Ստացված պատասխանների համաձայն՝ Արտյոմ Պողոսյանը 2023 թ․ ապրիլ ամսին բուժման նպատակով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրա գտնվելու վայրի, կոնտակտների վերաբերյալ տեղեկություններ պարզել չի հաջողվել։ Պողոսյանի հայրը բանավոր կերպով հայտնել է, որ ինքը եւս դրանց չի տիրապետում։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Դատարանը կողմերից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ վկան ցուցմունք է տալիս նախ քննիչի մոտ՝ նախաքննության փուլում, ապա, երբ գործը ուղարկվում է դատարան, եւ նրա անունը ներառվում է դատակոչի ցուցակում, նա պարտավորվում է դատարանի կանչով ներկայանալ եւ դատարանում նույնպես ցուցմունք տալ։ Դրա անհնարինության դեպքում միայն դատարանը կամ հեռակա է հարցաքննում անձին կամ հրապարակում է նրա նախաքննական ցուցմունքը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ դատարանը ձեռնարկել է բավարար միջոցներ վկային հայտնաբերելու ուղղությամբ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել, ուստի ինքը դեմ չէ, որ հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը։ Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ միաժամանակ միջնորդելով հրապարակել վկայի ոչ միայն նախաքննական, այլ նաեւ նախորդ դատարանում տված ցուցմունքը։ Հիշեցնենք՝ այս գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը այս գործով 4-րդ դատավորն է։ Մեկ տարվա քննությունից հետո՝ այսօր, դատավոր Խաչատրյանն ավարտեց վկաների հարցաքննության փուլը։ Արտյոմ Պողոսյանի նախաքննական ցուցմունքը Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց հրապարակել վկայի թե՛ նախաքննական, թե՛ նախորդ դատարանի դատաքննական ցուցմունքները։ Ըստ այդմ, Արտյոմ Պողոսյանը քննիչի մոտ հարցաքննվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին։ Նա հայտնել է, որ 2008 թվականից ծառայում է Զինված ուժերում, Անդրանիկ Վերանյանին ճանաչում է 2019 թվականից։ Նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Ըստ Պողոսյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 12-ին զորամասի կազմով գտնվել են Իշխանաձորի տարածքում։ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Մախսուդյանը ժողով է արել, որին մասնակցել են զորամասի մի շարք սպաներ։ Հետագայում ինքը սպաներից տեղեկացել է, որ Անդրանիկ Վերանյանը հրամայել է, որ զորամասի անձնակազմը ավտոշարասյունով երթ իրականացնի Ջաբրայիլի ուղղությամբ։ Որոշվել է մեքենաները լիցքավորել այդ գիշեր, որպեսզի առավոտյան երթը չձգձգվեր։ Վկան հայտնել է, որ այդպես էլ արվել է։ Երթի ժամանակ մեքենան վարել է ինքը, կողքին եղել են Անդրանիկ Վերանյանն ու Աբգար Խաչատրյանը․ «Մենք ուղեւորվել ենք՝ հակատանկային դասակին փնտրելու, քանի որ իմացել ենք, որ վերջինս երթի մեջ չէ, մնացել է մարտական կիրառման շրջանում։ Այդ ժամանակ հանդիպել ենք ԻՍՎ–ին,  Վերանյանը հարցրել է՝ ո՞ւր են գնում, մեքենայում գտնվող վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը ասել է՝ գնում են՝ մեքենան լիցքավորելու, Վերանյանն էլ ասել է՝ երեկոյան պիտի լիցքավորված լիներ, ինչո՞ւ են հիմա անում։ Ասել է՝ արագացրեք, գնացեք, հասեք շարասյանը»։  Որոշ ժամանակ հետո նորից նկատել են ԻՍՎ մեքենան, իսկ անձնակազմը եղել է բացազատված 10-15 մ հեռավորության վրա․ «Վերանյանն ինձ ասաց՝ կանգնեցնեմ մեքենան։ Ես անջատեցի շարժիչը, չիջա մեքենայից։ Վերանյանն ու Աբգարը իջան, Տարոն Նիկողոսյանին հարցրին՝ ինչո՞ւ են կանգնել։ Տարոնը պատասխանեց՝ քանի որ ԱԹՍ–ի ձայն են լսել։ Վերանյանը հարցրեց՝ հիմա՞ էլ է լսվում։ Տարոնը պատասխանեց՝ հիմա չէ։ Վերանյանն էլ ասաց՝ արագացրեք, նստեք, շարժվեք։ Այդ ասելուց հետո անձնակազմը մոտեցավ, որ նստի, շարժվի, իսկ մենք գնացինք, արդեն իմացել էինք՝ որտեղ է գտնվում հակատանկային դասակը»,– քննիչին հայտնել է Արտյոմ Պողոսյանը։ Երթը շարունակելու հրամանը տալու պահին, ըստ վկայի, ոչ ոք չի առարկել կամ ընդդիմացել։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Հարցին՝ այդ զրույցի պահին ինքը լսե՞լ է ԱԹՍ–ի ձայն, վկան բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ շարժվելուց հետո է ԱԹՍ–ի ձայն լսել, երբ անցել էին արդեն մոտ 1 կմ։ Իսկ երբ ձայնը ուժեղացել է, մտածել են՝ ԱԹՍ–ն իրենց ուղղությամբ է գալիս, ուստի արագ արգելակել են եւ երեքով նետվել մեքենայից դուրս։ Մեքենան գնացել, բախվել է մի քանդված պատի․ «Այդ ժամանակ պայթյունի ձայն լսվեց, մտածեցինք՝ ԱԹՍ–ն հարվածել է «Նիսսանին», որովհետեւ թշնամու նշանակետը ավելի շատ հրամատարական անձնակազմն էր»։ Դրանից հետո նստել են իրենց մեքենան եւ գնացել պայթյունի ուղղությամբ․ «Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը, որոնք կրակից պայթում էին։ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում։ Այնուհետեւ Վերանյանը մոտեցավ, իսկ հայրը, նրան տեսնելով, քարով հարվածեց՝ ասելով, որ նա է մեղավոր, որ երեխաները զոհվեցին»,– պատմել է Պողոսյանը։ Քննիչի հարցերը՝ վկային Դատավորը հրապարակեց նաեւ քննիչի ու վկայի միջեւ տեղի ունեցած հարցուպատասխանը։  Քննիչը հետաքրքրվել է՝ այն, որ իրենք մեքենայից դուրս են թռչել, արդյո՞ք չի նշանակում, որ վտանգ իսկապես եղել է, վկան արձագանքել է՝ ասելով․ «Ոչ, անձնակազմին կանգնած տեսնելու ժամանակ  չենք մտածել, որ այդպիսի վտանգ կա»։ Քննիչը տեղեկացրել է, որ դեպքին ներկա ծնողի՝ Հարություն Օհանյանի վկայությամբ՝ ավտոմեքենան նստելու եւ երթը շարունակելու պահին ԱԹՍ–ի ձայնը դեռ լսվում էր։ Դա հաստատել է նաեւ իրենց մեքենայում գտնվող Աբգար Խաչատրյանը․ «Ես անձամբ ոչ մի ձայն չեմ լսել այդ ժամանակ, լսելու դեպքում Վերանյանը այդպիսի հրաման չէր տա»,– արձագանքել է Պողոսյանը՝ պնդելով, որ եթե մոտակայքում ԱԹՍ աշխատեր, ապա այդ ձայնն այնքան ուժեղ կլսվեր, որ տարածքում մարդ չէր մնա, մինչդեռ ցրված մի քանի հարյուր մարդ կլիներ։ Քննիչի հարցին, թե ըստ կարգի՝ ԱԹՍ–ի ձայն լսելու դեպքում ինչպես է պետք վարվել, վկան պատասխանել է․ «Միայն պիտի իջնեինք ավտոմեքենաներից եւ բացազատվեինք, ուրիշ ոչ մի միջոց չենք ունեցել, հրազենով կրակել են շատ դեպքերում, բայց դա արդյունք չի տվել»։ Վկայի պատասխանից քննիչն արձանագրել է, որ փաստորեն, ԻՍՎ անձնակազմը հենց այդպես վարվել է․ «Վերանյանը մարտական գործողությունների մասնակցած սպա է, իսկ ԻՍՎ անձնակազմը առաջին անգամ էր մեկնում։ Ես անձամբ այդտեղ եմ գտնվել, եւ այդ իրադրությունը ինձ չի հուշել երթ չկատարել։ Եթե այդպես մտածեինք, պետք է տեղաշարժ ընդհանրապես չանեինք»,– նշել է վկան։ Ըստ Մարտական կանոնադրության՝  օդուժի հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է։ Մեջբերելով այս դրույթը՝ քննիչն ասել է՝ ԻՍՎ մեքենան կանգնել Է՝ հենց օդուժի հարձակման վտանգ զգալով, ինչի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեին զենիթային կրակով վտանգը չեզոքացնելու ուղղությամբ։ Ապա հարցրել է՝ ինչո՞ւ այդպես չի վարվել․ «Այդպիսի դեպքերում, այո, տեղաշարժը չի կանգնում, այլ շարունակվում է։ Մարտական կանոնադրությունը տրվել է շուտ, ես այն ուսումնասիրել եմ ուսումնառության ժամանակ՝ 2008-2014 թթ, իսկ այս պատերազմում համարժեք զենք, զինատեսակներ մենք չենք ունեցել, ԱԹՍ–ի հարվածի վտանգի դեպքում պատսպարվել ենք, ունենայինք էլ՝ մեր ՀՕՊ–ը ոչ մի բան չէր կարողանալու դրա դեմ։ Բացի այդ, ԻՍՎ «Ուրալը» պետք է լիցքավորված լիներ նախորդ օրը, երթին մասնակցեր շարասյան կազմով, ոչ թե առանձին լինեին»։ Արտյոմ Պողոսյանը հավելել է, որ ողջ պատերազմի ընթացքում բոլորը գտնվել են վտանգի տակ, այդ թվում՝ թշնամու ԱԹՍ–ների, որոնք չեն դադարել գտնվել օդում եւ խոցել հայկական օբյեկտները․ «Մեր զորքերը հնարավորություն չեն ունեցել դրանք խոցելու, եւ դա լուրջ ազդեցություն է ունեցել զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա, որովհետեւ շատ է պատահել, որ մի նշանակետ խոցելուց հետո խոցել են երկրորդը։ Իմ կարծիքով՝ թշնամին այս պատերազմը հաղթել է հենց ԱԹՍ–ներով»,– ասել է նա։ Արտյոմ Պողոսյանի առերեսումը տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանի հետ Նախաքննության ժամանակ վկա Արտյոմ Պողոսյանը առերեսվել է նաեւ թշնամու թիրախ դարձած «Ուրալի» մեջ գտնվող զինծառայողներից մեկի հոր՝ Հարություն Օհանյանի հետ։ Վերջինս եւս դեպքի ականատեսներից է։ Նշենք, որ առերեսումը այն երկու անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը Առերեսման ժամանակ որդեկորույս հայրը պնդել է, որ Պողոսյանը ճիշտ չի ասում․ «Վերանյանը չի հարցրել՝ հիմա՞ էլ եք լսում ԱԹՍ–ի ձայնը, որ Տարոնը պատասխաներ․․․ Ձայնը այնքան ուժեղ էր, որ չէր կարող չլսվել։ Այնտեղ այլ մարդիկ էլ կային, որ թաքնվել էին»։ Հարություն Օհանյանի խոսքով՝ Վերանյանը բարձրաձայն հրամայել է՝ ասելով՝ «կապ չունի, նստեք, շարժվեք»․ «Ես էլ իմ տեղից ասացի՝ ԱԹՍ–ն՝ վերեւը, ոնց շարժվեն։ Անձամբ ես չեմ հասցրել նրանց մոտենալ, քանի որ նրա ասելուց հետո բոլորը նստեցին մեքենա․․․ Իսկ մի քանի րոպե հետո ԱԹՍ–ն խփել է․․․ Տեսնելով մեզ՝ նա փախավ, ես գոռում էի՝ մի թողեք՝ փախչի, նրա պատճառով է․․․»։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը պնդել է՝ եթե Արտյոմ Պողոսյանը լսել է Վերանյանի եւ Տարոնի զրույցը, ապա իր ձայնն էլ պիտի լսած լիներ, որովհետեւ ինքը ոչ թե խոսում էր, այլ գոռում։ Առերեսումը տուժող Արմեն Հակոբյանի հետ  Նախաքննության ժամանակ վկա Արտյոմ Պողոսյանը առերեսվել է սակրավորային վաշտի զինծառայող, տուժող Արմեն Հակոբյանի հետ։ Նրանք հայտնել են, որ իրար ճանաչում են ծառայության բերումով, թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունեն։ Քննիչը առերեսվողներին խնդրել է հայտնել դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները։ Տուժող Արմեն Հակոբյանը պատմել է, որ մեքենան լիցքավորելուց հասել են Իշխանաձորի խաչմերուկ, որտեղ ԻՍՎ պետ Խորեն Մելիքյանը երթը կանգնեցրել է, ասել՝ օդում ԱԹՍ կա, իջնենք ու բացազատվենք, որը արել են։ Այդ ժամանակ եկել է Անդրանիկ Վերանյանը, հարցրել՝ ինչի համար են իջել, ինչին Տարոնը պատասխանել է՝ քանի որ օդում ԱԹՍ կա․ «Անդրանիկ Վերանյանը հրաման է տվել անձնակազմին նստեցնել ու շարժվել, նստել ենք, շարժվել։ Վերանյանի գալու եւ այդտեղ գտնվելու ժամանակ ուշադրությունս նրա կողմն էր, իսկ նրա գնալուց հետո նորից ուշ դարձրի եւ տեսա, որ ԱԹՍ–ն հեռացել էր, օդում պտտվում էր, որ նորից հետ գար։ Երբ նստեցինք, որ շարժվենք, արդեն լսվում էր»։ Արտյոմ Պողոսյանը պնդել է վերեւում նշած իր ցուցմունքը։ Վկայի դատաքննական ցուցմունքը նախորդ դատարանում Հաջորդիվ դատարանը հրապարակեց 2023 թ․ փետրվարի 17-ի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում Պողոսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունք։ Դրանից հետո հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ասել է՝ դատարանում հետազոտված այլ ապացույցների համաձայն՝ դեպքը չի եղել նրա նկարագրածի պես, այլ Վերանյանի հարցին ի պատասխան՝ Տարոնը ասել է, որ այո, [ձայնը] դեռ լսվում է։ Դատախազի այս դիտարկմանը վկան ասել է, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը, պնդել՝ ինքը ձայնը լսել է, երբ մի քանի կմ շարժվել են։ Մեղադրողի խոսքով՝ Վերանյանը, շարժվելու հրաման տալիս ասել է՝ շարժվեն, առանց այն էլ ԱԹՍ–ն վերեւն է։ Վկան, սակայն, չէր լսել այդպիսի արտահայտություն, ասել է՝ չի էլ կարծում, որ փոխգնդապետը նման հայտարարություն կաներ։ Ի պատասխան հարցին՝ ճիշտը ո՞րն էր այդ իրավիճակում, վկան ասել է՝ ճիշտը այն էր, որ բոլորը միանգամից իրար հետ գնային, ոչ թե առանձին։ Հարցին՝ իսկ այն դեպքում, երբ արդեն առանձի՞ն էին, վկան պատասխանել է՝ անձնակազմը պիտի շարժվեր։ Նա ենթադրել է, որ եթե շուտ շարժվեին կամ գոնե առանձին–առանձին լինեին, հնարավոր է՝ այդ դեպքը տեղի չունենար․ «Մենակ էդ էր մեր միջոցը, որ թաքնվեինք, մեկս մեկից հեռու, ուրիշ միջոց չենք ունեցել, 5-րդ սերնդի պատերազմ էր»։ Ցուցմունքների հրապարակումը կշարունակվի դեկտեմբերի 23-ին։   Միլենա Խաչիկյան
20:26 - 16 դեկտեմբերի, 2024
Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

Ուշացող արդարադատության ուշացող բարեփոխումները. սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն է փոխել նրա կյանքի ընթացքը։ Քննչական եւ դատական անվերջանալի շրջապտույտի մեջ հայտնված քաղաքացուն պետությունն այլ ելք չի թողել։ Վերջերս լրացավ Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ Արտյոմը սպանվել է 2014 թ․ իր իսկ տանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝  ճաշկերույթի ժամանակ կենացները ձգձգելու համար նա հորը դիտողություն է արել, ինչին միջամտել է ներկաներից 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը՝ նրան անվանելով «Արտյոմիկ»։ Արտյոմը նույն կերպ է պատասխանել՝ Մարտիրոսյանին անվանելով «Արթուրիկ»։ Վիճաբանությունը վերածվել է հայհոյանքների, հայհոյանքները՝ ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Արթուր Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, նախ ձեռքով, այնուհետեւ դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ադանալյանի սրտի եւ թոքի շրջանում, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Մարտիրոսյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել։ 10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի։ 7 տարվա կալանքից հետո մեղադրյալը գրավով ազատ է արձակվել, որոշ իրեղեն ապացույցներ անհետացել են, արդյունքում հանցագործություն կոծկելու, ապացույցներ կեղծելու եւ այլ դեպքերի առթիվ նոր քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ վկաների՝ մանրամասները մոռացվել են, որոշ վկաներ անհայտ է, թե որտեղ են, որոշ հարցեր էլ մինչ օրս անպատասխան են։ Եվ չնայած այս ամենին՝ որդեկորույս մայրը շարունակում է վճռականորեն դատական մի ատյանից մյուսը գնալ, մի միջնորդության հետեւից մյուսը ներկայացնել։ Նա նաեւ հասարակական կազմակերպություն է հիմնել, զբաղվում է սպանություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ հավատով, որ արդարադատությունը հիվանդանում, բայց չի մահանում։ Նյութում կարդացեք՝  Ինչ է ենթադրում գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը ողջամիտ ժամկետում քննության խնդրի լուծման ուղղությամբ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի դատական հետագիծը Ինչ խնդիրներ են մատնանշում կողմերը Դատավորների շարունակական տեղափոխությունները Շիրակի մարզում Ողջամիտ ժամկետում քննությունը՝ չհնացող խնդիր Արտյոմ Ադանալյանի սպանությունը մեկ օրինակ է տարիներ շարունակ դատարաններում քննվող եւ չավարտվող գործերի։ Չնայած բազմաթիվ ռազմավարություններում ամրագրվելուն եւ օրենսդրական տարատեսական փոփոխություններին՝ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովումը մնում է Հայաստանի դատական համակարգի արդիական խնդիրներից մեկը։ Ողջամիտ ժամկետում քննության իրավունքը մասն է արդար դատաքննության իրավունքի, որն ամրագրված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով՝ «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրով եւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։  Այն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Սրա գաղափարն այն է, որ արդարադատությունը չիրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը։  Հայաստանի դատաիրավական բարեփոխումների՝ 2019-2023 թթ ռազմավարությամբ սահմանվել էր, որ գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ավելացնել դատավորների եւ դատավորների օգնականների թիվը, ներդնել վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոցներ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգեր եւ գործիքներ: Արդյունքների ամփոփման փուլում արդեն նշվել է, որ դատավորների եւ դատավորների օգնականների թիվն ավելացել է, դատական քննության ժամկետները՝ կրճատվել։ Թե ինչ վերլուծություն կամ հաշվարկ է դրված այս եզրահանգման հիմքում, նշված չէ։ Արդարադատության նախարարությունը եւս մեր գրավոր հարցմանն ի պատասխան չի տրամադրել դրա հիմքում ընկած որեւէ հաշվարկ կամ վերլուծություն։ Բարեփոխումների այժմ գործող՝ 2022-2026 թթ ռազմավարության մեջ նույնպես ամրագրված են դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների լիարժեք պահպանումը եւ դատավարական ժամկետների խնայողության սկզբունքի արդյունավետ իրականացումը, որոնց հասնելու համար էլ նախատեսվել են մի շարք գործողություններ։ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի դատական հետագիծը Արտյոմ Ադանալյանի սպանության օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե տարաբնույթ պատճառներով գործի քննության ձգձգումը ինչպես է հանգեցնում դատական անվերջանալի շրջապտույտի եւ խաթարում քաղաքացու ողջ կյանքը։ Ադանալյանի սպանությունը քննչական մարմինները քննել են գրեթե 1 տարի։ 2015 թ․ գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 3 տարի անց՝ 2018 թ․, դատարանը Արթուր Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ Դատավճիռը, սակայն, չի մտել օրինական ուժի մեջ․ 1 ամից անց տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը 2018 թ․ նոյեմբերի 16-ին բեկանել է դատավճիռը՝ գործն ուղարկելով հետ՝ առաջին ատյանի դատարանում նոր քննության։ 2019 թ․ հունվարին առաջին ատյանի դատարանը արդեն այլ դատավորի` Վահե Միսակյանի նախագահությամբ քննությունը նորից է սկսել։ Մեկ տարի չանցած՝ գործը վերամակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, քանի որ Միսակյանը տեղափոխվել է Երեւանի քրեական դատարան։ Մեկուկես տարվա քննությունից հետո՝ 2022 հունիսին, Նարեկ Բեգլարյանի գործուղման ժամկետը Շիրակի մարզում ավարտվել է, այս անգամ էլ գործը վերամակագրվել է դատավոր Արամայիս Ասատրյանին։ Ասատրյանն էլ իր հերթին է 8 ամիս անց տեղափոխվել այլ դատարան, եւ 2023 թ․ փետրվարին գործը վերամակագրվել է դատավոր Հայկ Իսրայելյանին։ Այս պահի դրությամբ Իսրայելյանը, փաստորեն, 4-րդ եւ առայժմ վերջին դատավորն է, որ դատավճռի բեկանումից հետո քննում է այս գործը։  Դատավոր Հայկ Իսրայելյանը գործը քննում է արդեն 2 տարի, սակայն 7 ամիս է, ինչ դատական նիստեր չեն նշանակվում՝ փորձաքննություն իրականցնելու պատճառաբանությամբ։ Առաջիկա նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։ Սպանվածի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, մատնանշում է մի շարք խնդիրներ գործի՝ թե՛ ներկայիս դատարանում, թե՛ նախորդ դատարաններում քննության եւ թե՛ նախաքննության ընթացքից, պնդում՝ գործն առաջին անգամ քննած դատավորն իր գործողություններով արհեստականորեն հանգեցրել է նրան, որ դատավճիռը հետագայում բեկանվի եւ վերադարձվի նոր քննության։ Վաղեմության ժամկետը լրանալու ռիսկ՝ երկարատեւ քննության հետեւանքով Պարզելով, որ նախաքննության փուլում առկա որոշ ապացույցներ դատարանում բացակայում են՝ տուժող կողմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Հաղորդում ներկայացրած անձը ճանաչվել է տուժող, սակայն վարույթում դեռևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Մեկ այլ քրեական վարույթ էլ նախաձեռնվել է ապացույց կեղծելու դեպքի առթիվ․ պարզվել է, որ առերեւույթ արտաքին միջամտություն է կատարվել սպանվածի հագին եղած վերնաշապիկի վրա։ Այս վարույթով եւս, ըստ նախաքննական մարմնի, քրեական հետապնդման ենթարկվող անձ առ այսօր չկա, իսկաղորդում ներկայացրած անձը՝ Ռուզան Ադանալյանը, այս դեպքում անգամ տուժող ճանաչված չէ։  Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով՝ կատարված խախտումները ոչ միայն դժվարեցնում են ճշմարտության բացահայտումը, այլեւ մեծ ստվեր են գցում արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վրա․ «Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործերով վաղեմության ժամկետը 15 տարի է, որից 10 տարին, ըստ էության, արդեն սպառել են, եւ եթե դատարանը շարունակի իր այս վարքագիծը, մենք շատ լուրջ խնդիր ենք ունենալու վաղեմության ժամկետների հետ կապված։ Եվ ի՞նչ է լինելու, կդադարեցնե՞ն այդ դատավորի լիազորությունները։ Անգամ եթե դադարեցնեն, ի՞նչ է դա տալու տուժողի իրավահաջորդին, որդու սպանության համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու, ընդամենը պայքարելու ենք հետեւանքի դեմ»,– նշում է Ֆանյանն ու հավելում, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ողջամիտ ժամկետում քննության իրավունքն անվերադարձ խախտված է»․ պաշտպան Այս տարիների ընթացքում Եվրոպական դատարան է դիմել նաեւ պաշտպանական կողմը։ Արտյոմ Ադանալյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը մեր զրույցում նշում է՝ ՄԻԵԴ–ը արձանագրել է Մարտիրոսյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ՝ ազատության եւ անձնական անձենռնմխելիության իրավունքի խախտում։ Դրանից հետո Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է գրավով, 7 տարի 4 ամիս կալանքից հետո նա ազատ է արձակվել։ Հայրապետյանի գնահատմամբ՝ վերջիվերջո ինչ դատական ակտ էլ կայացվի՝ մեղադրական թե արդարացման, միեւնույն է, այս գործով արդարադատությունն ուշացած է, իր պաշտպանյալի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը՝ անվերադարձ խախտված․ «Գործը անորակ է քննվել ի սկզբանե, եւ 10 տարի հետո այդ բացթողումները լրացնելու օբյեկտիվ հնարավորություն այլեւս չկա։ Այնպես չէ, որ այդ բացթողումները ի վնաս տուժողի են եւ հօգուտ մեղադրյալի, շատ բացթողումներ ի վնաս մեղադրյալի են»։ Պաշտպանի համոզմամբ՝ այն, որ հերթական անգամ փորձաքննություն է նշանակվել, փաստում է, որ մինչ այս խնդիրներ են եղել, իսկ այդ խնդիրների պատասխանատուն պետությունն է․ «Մենք փորձաքննությունների հետ կապված խայտառակ պատկեր ունենք, արդեն 5-րդ թե 6-րդ փորձաքննությունն է նշանակվել,  հիմա էլ պարզվում է՝ փորձաքննությունը, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել․․․ Ոչ ես եմ իրականացրել նախորդ փորձաքննությունները, ոչ էլ տուժողը, պետությունն է իրականացրել, եւ այդ փորձաքննության արդյունքները չեն բավարարել, նույնիսկ էական չէ՝ այդ անբավարար արդյունքը հօգուտ մեղադրյալի է, թե հօգուտ տուժողի, փաստը այն է, որ անբավարար է։ Դրա համար էլ հիմա դարձյալ ստիպված ենք սպասել, այն էլ պարզ չէ՝ այս նոր փորձաքննության եզրակացությունը ի վերջո կգա թե չի գա, հարցերին պատասխաններ կտրվեն թե ոչ կամ արդեն ինչքանով այդ հարցերի պատասխանները արժանահավատ կլինեն, երբ շատ հարցերի պետք էր պատասխանել՝ ելնելով թարմ հետքերից»։ Այս պատկերը փաստաբանը պայմանավորում է նախեւառաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով․ «Այս գործով, ինչպես եւ շատ այլ գործերով դատավորների տեղափոխությունների հետեւանքով ստիպված ենք քննությունը զրոյից սկսել կամ մի շարք գործողություններ, որոնց վրա արդեն ռեսուրս եւ ժամանակ ենք վատնել, կրկնել։ Չգիտես ինչու, այդ տեղափոխությունները հիմնականում Շիրակի մարզի հաշվին են տեղի ունենում»,- վրդովվում է փաստաբանը։ Միայն 2023 թվականին Շիրակի մարզը լքել է 10 դատավոր Փաստաբանի բարձրացրած խնդիրը արդիական է դարձել հատկապես նախորդ տարի, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները շարունակ տեղափոխվում էին Երեւան կամ այլ մարզեր։ Միայն 2023 թ․ Շիրակի մարզից տեղափոխվել է 10 դատավոր։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին տեղափոխվել է 1, 2022-ին եւ 2024 թ․-ին (սեպտեմբերի դրությամբ)՝ 2-ական դատավոր։ Ուշագրավ է, որ ողջամիտ ժամկետների խախտման համար դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող ԲԴԽ–ն չի կարեւորել այն հանգամանքը, որ միայն 2023 թ․ տեղափոխությունների հետեւանքով տեղի է ունեցել 2329 վերամակագրում, այդ թվում՝ 377-ը քրեական գործերով, 1952-ը՝ քաղաքացիական։  Դատավորների այսպիսի տեղափոխությունները ոչ միշտ են հասկանալի ու պատճառաբանված, հատկապես, որ տեղափոխման համար Դատական օրենսգրքով հստակ հիմքեր նախատեսված չեն։ 2023 թ․ հունվար ամսին, օրինակ, երբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 4 թափուր հաստիք առաջացավ, Բարձրագույն դատական խորհուրդը առաջարկեց Երեւան տեղափոխել Շիրակի մարզի միանգամից 4 դատավորի, ինչից հետո Շիրակի մարզում քրեական մասնագիտացմամբ դատավոր չմնաց։ Իրավաբանական համայնքի շրջանում տարակուսանք առաջացրած, անգամ գործադուլի պատճառ դարձած այս որոշումը ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը պայմանավորել էր հետեւյալով․ «ԲԴԽ-ի նոր ձեւավորված կազմը շատ հստակ ամրագրեց այն սկզբունքը, որ Երեւանում թափուր տեղ լինելու դեպքում առաջնահերթությունը տրվելու է մարզերում աշխատած դատավորներին։ Երեւանում աշխատելու են փորձառու դատավորներ, ովքեր արդեն աշխատել են մարզերում, քանի որ մայրաքաղաքում ավելի մեծ է ծանրաբեռնվածությունը, փորձառու մասնագետներ ունենալն անհրաժեշտություն է»,- ասել էր նա՝ հավելելով, որ 4-ն էլ մասնագիտական նույն փորձառությունն ունեին, ուստի բոլորի դիմումներն էլ ԲԴԽ-ն բավարարել է։ Իսկ ինչո՞ւ էր Երեւանում դատավորների միանգամից 4 թափուր հաստիք առաջացել։ 2022 թ․ Արդարադատության նախարարությունը նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել էր մասնագիտացված նոր դատարան, որը քննում էր մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունները (հայտնի է որպես կալանքի դատարան)։ 1 տարի անց՝ 2023 թ․-ին, Կառավարությունը որոշեց լուծարել այդ դատարանը։ Թեեւ Արդարադատության նախարարությունը մասնագիտացված դատարանի անհրաժեշտությունը կապել էր կոռուպցիոն ռիսկերի եւ գործերի քննության ժամկետների կրճատման հետ, հետագայում այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու որոշեց հետ կանգնել իր այդ նպատակից՝ վերադառնալով իր իսկ կողմից քննադատված մոդելին։ Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը խնդրի լուծման ուղղությամբ Արդարադատության նախարարությունից խնդրել ենք տրամադրել, թե ողջամիտ ժամկետի պահպանմանը միտված ինչ գործողություններ են իրականացվել ոլորտային բարեփոխումների շրջանակում։ Նախարարությունից հայտնել են, որ մշակվել եւ 2024 թ․  փետրվարից ներդրվել է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը՝ cabinet.armlex.am-ը, որը միտված է դատավարական գործողությունների տեւողության կրճատմանը։ Այս համակարգի գործարկումից հետո, սակայն, փաստաբանական համայնքը սկսել է բարձրաձայնել դրա խափանումների մասին։ Նշենք, որ քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգին զուգահեռ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր գործարկել նաեւ քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման՝ e-criminal case համակարգը։ Դրա նպատակն էր 2023 թ․ 4-րդ եռամսյակում հասնել քրեական գործերի առավել արագ, արդյունավետ եւ նվազ ծախսատար քննությանը։ Արդյունքների ամփոփման փուլում, սակայն, պաշտոնապես արձանագրվել է, որ համակարգը լիարժեք չի աշխատում եւ չի դյուրինացվել քրեական գործերի քննության ընթացքում ապացույցների ձեռքբերման գործընթացը։  Կատարված մյուս աշխատանքը, ըստ Նախարարության, դատավորների ներգրավման նոր ընթացակարգի նախատեսումն է, որով ընձեռնվեց հնարավորություն դատավոր դառնալ առանց Արդարադատության ակադեմիայում ուսանելու՝ հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու միջոցով։ Ըստ Նախարարության՝ առկա թափուր հաստիքները համալրելուց հետո գործերի բաշխումն արդեն իրականացվում է թվով ավելի շատ դատավորների միջեւ, ինչը նպաստում է դատավորի՝ թվով ավելի քիչ գործերի մակագրմանը եւ արդեն իսկ նրանց վարույթում գտնվող գործերի ողջամիտ ժամկետներում քննության ապահովմանը։ Հարկ է նշել, որ այս փոփոխությունը ընդունվել է առանց հանրային քննարկման եւ քննադատվել հասարակական կազմակերպությունների կողմից՝ այն համատեքստում, որ Արդարադատության ակադեմիայում սովորելիս թեկնածուները ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում (ինչին փորձառու իրավաբանները կարող են տիրապետել), այլ նաեւ գործնական հմտություններ, օրինակ՝ էթիկա, հաղորդակցման հմտություններ, դատական ակտ կայացնելու կարողությունները եւ այլն։ Նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ Կառավարության՝ 2024 թ․ հոկտեմբերի որոշմամբ համաձայնություն է տրվել ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը։  Նշենք, որ սա անհրաժեշտ է մասնավոր մեղադրանքի վարույթը գործարկելու նպատակով։ Խոսքը այն մի խումբ հանցագործությունների մասին է, որոնց բացահայտմամբ ոչ թե պետությունն է զբաղվելու՝ ի դեմս քննչական մարմինների, այլ մասնավոր անձը՝ ենթադրյալ հանցագործությունից տուժած քաղաքացին։  2021 թ․ ընդունված եւ 2022 թ․ ուժի մեջ մտած օրենսդրության անցումային դրույթներով այս ինստիտուտի գործարկումը հետաձգվել էր մինչեւ համապատասխան դատավորների նշանակումը, սահմանվել, որ մինչ այդ մասնավոր մեղադրանքի կարգով հետապնդման ենթակա հանցանքները քննվում են հանրային կարգով: Դա նշանակում է, որ բոլոր դեպքերում՝ անկախ տուժողի բողոքել–չբողոքելուց, քննչական մարմինները քննելու էին այդ խմբի մեջ մտնող հանցագործությունները, մինչդեռ նախկինում տուժողի բողոքի բացակայությունը քննիչի համար գործը կարճելու հիմք էր։ Ստացվում է՝ 2․5 տարի է՝ համապատասխան դատավորներ չունենալու պառճառով քննչական մարմինները լրացուցիչ ծանրաբեռնվել են, ինչը կարող է բացասաբար ազդել նախաքննության որակի, դրա արդյունքում էլ դատավարական ժամկետների պահպանման վրա։ Դատավարական ժամկետների արդյունավետ պահպանմանը միտված մյուս գործողությունը, ըստ Նախարարության, Երեւան քաղաքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարանջատումն է 2 առանձին՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական եւ քաղաքացիական դատարանների։ Նշենք, որ առաջին անգամը չէ, որ ընդհանուր իրավասության դատարանը բաժանվում է 2 ճյուղի․ նախկինում եւս նման փոփոխություններ իրականացվել են, սակայն դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը դրանով չի լուծվել։ Ըստ Արդարադատության նախարարության՝ քանի որ պետությունը որդեգրել է դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս թոթափելու եւ դրանով իսկ գործերի քննության ժամկետների պահպանման վրա դրական ազդեցություն ունենալու քաղաքականություն, իրականացվել են նաեւ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով չնախատեսված քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել դատարանների բեռնաթափման վրա։ Որպես այդպիսի գործողություն Նախարարությունը մատնանշել է նոտարներին՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու լիազորության տրամադրումը, որը նախկինում վերապահված էր դատարաններին․ «Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են դատարանների գործունեության վերաբերյալ կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգմանը, որ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանները ստացել են շուրջ 83% նվազ քանակով գործեր»: Հարկ է նշել, որ այս փոփոխությունից 9 ամիս անց Նոտարական պալատը եւ Դատական իշխանությունը չունեին համապատասխան վիճակագրություն, իսկ դատարանների բեռնաթափման՝ այդ ժամանակ հրապարակված չափը՝ 80%–ը, կասկածի տեղիք էր տալիս։ Ռազմավարությամբ չնախատեսված, բայց կատարված փոփոխություններից մեկն էլ պահեստային դատավորի ինստիտուտի նախատեսումն էր։ Դրա նպատակն այն է, որ գործը քննող դատավորի մասնակցությունը բացառող հիմքերի դեպքում պահեստային դատավորը փոխարինի նրան` վարույթը շարունակելով ընդհատված տեղից, այլ ոչ թե վերսկսելով այն։ Այնուհանդերձ, օրենքի ուժի մեջ մտնելուց երկու տարի անց պահեստային դատավոր նշանակելու որեւէ դեպք առկա չէ։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի համոզմամբ՝ պետությունը, ըստ էության, թղթի վրա տպավորություն է ստեղծում, որ ցանկանում է խնդիրը լուծել, բայց գետնի վրա որեւէ բան չի անում, այլ ավելի շատ նպաստում է խնդրին դատավորների շարունակական տեղափոխություններով։ Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ միջանկյալ լուծում է առաջարկում։ «Լուծումը կարող է լինել այն, որ բոլոր նիստերը պարտադիր տեսաձայնագրառվեն (այժմ նիստերը միայն ձայնագրառվում են,-հեղ․), եւ հաջորդող դատավորը վարույթը ոչ թե սկսի զրոյից, այլ շարունակի, նստի, դիտեն բոլոր նիստերը, ինչպես որ մենք՝ պաշտպաններս ենք այժմ ունկնդրում, եթե վարույթը կեսից ենք ստանձնում»,– ասում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը։ Այսպիով՝ թեեւ գործերի ողջամիտ ժամկետում քննության խնդիրը տարիներ շարունակ արձանագրվում է դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններում, գործնական արդյունքները ոչ միշտ են տեսանելի․ ծրագրված գործողությունների մի մասի հաշվետվությունները բացակայում են, մի մասն էլ՝ փաստում, որ գործողությունները լիարժեք չեն իրականացվել։ Բարեփոխում հռչակված մեխանիզմները երբեմն չեն աշխատում, երբեմն էլ կարճ ժամանակ անց չեղարկվում են՝ առկախված թողնելով քաղաքացիների՝ տարիներ ձգվող հարցը՝ ի վերջո, արդարացի պատիժ կլինի՞, պատիժը ժամանակին կլինի՞, թե՞ ոչ։    Միլենա Խաչիկյան
18:00 - 12 դեկտեմբերի, 2024
Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 68 նվիրատուներից 45-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, Դատական իշխանության ներկայացուցիչները 2023 թվականին ամենաշատ նվիրատվություններ ստացել են ծնողներից և հարազատներից։  695 մլն դրամից 665 միլիոնը Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են գումարի տեսքով, իսկ 30 միլիոնը՝ բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են ծնողներից՝ մոտ 511 մլն դրամ։ Մոտ 16 մլն դրամի նվիրատվություն կատարածների կապը պաշտոնատար անձանց հետ պարզել չի ստացվել։ Ամենամեծ նվիրատվությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը հորից՝ Գրիգորի Հարությունյանից։ Նվիրատվության չափը կազմել է 500 հազար ԱՄՆ դոլար։ Գրիգորի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ է, նաև ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին։ Դատավոր Անի Հարությունյանը 2022 թվականից որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործում։ Նրան մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս, տեղյակ լինելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի եկամուտներով չհիմնավորվող և չհայտարարագրված 100 հազար ԱՄՆ դոլարի մասին, նախնական համաձայնություն է ձեռք բերել Նարինյանի հետ՝ օժանդակելով վերջինիս հանցավոր ճանապարհով ստացված՝ ապօրինի հարստացման արդյունքում առաջացած, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների իրական ծագումը թաքցնելու հարցում։  Մեկ այլ խոշոր՝ 140 մլն դրամի նվիրատվություն ստացել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը հորից՝ Մարտիրոս Փխրիկյանից։ Վերջինս հայտարարատու չէ, ուստի նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։ Հետաքրքիր է, որ այս նվիրատվությունը կազմել է Ալինա Փխրիկյանի 2023 թվականի եկամուտի շուրջ 90%-ը։ 2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը 52 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Սերգո Երիցյանից։ Համեմատության համար նշենք, որ նվիրատվությունը ավելի քան երկու անգամ գերազանցում է Սարգիս Երիցյանի նախորդ տարվա եկամուտը։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 68 նվիրատուներից 2023 թվականին միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մյուս 62 նվիրատուների դեպքում նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար հանրության համար հետագծելի չէ։ Հայտարարատու նվիրատուներից է Վարազդատ Բադալյանը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանի ամուսինը։ Վերջինս 2023 թվականին կնոջը նվիրաբերել է 12 մլն 950 հազար դրամ կամ իր՝ այդ տարվա եկամուտի շուրջ 61%-ը։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լուսինե Դավթյանի հետ համատեղ բնակվող Ալվարդ Դավթյանը 2023-ին դատավորի օգնականին է նվիրաբերել 3.2 մլն դրամ, մինչդեռ այդ տարի վերջինիս եկամուտը կազմել 495 հազար դրամ։ Ալվարդ Դավթյանը տարվա սկզբի դրությամբ ունեցել է նաև շուրջ 3 մլն դրամի ավանդ, որը տարվա վերջում զրոյացել է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև Դատական իշխանության ներկայացուցիչների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում Գարուշ Ստեփանյանից։ 2021-ին ստացել է 8500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 9000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 2000 ԱՄՆ դոլար: Քանի որ Գարուշ Ստեփանյանը հայտարարատու չէ, փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ունի որևէ ընկերություն կամ զբաղվում է բիզնես գործունեությամբ։ Այդ մասին տվյալներ, սակայն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չեն հայտնաբերվել։  Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը երեք տարի անընդմեջ նվիրատվություններ է ստանում եղբորից՝ Ռոբերտ Ազրոյանից։ 2021-ին ստացել է 3500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 5000 ԱՄՆ դոլար:  Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանը հորից՝ Ղազար Ղազարյանից, նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ. 2021 թվականին՝ շուրջ 3.6 մլն դրամ, 2022-ին՝ 330 հազար դրամ, իսկ 2023-ին՝ 240 հազար դրամ։  3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Անուշ Մխիթարյանը։ Դատավորի օգնականը Ջուլիետտա Թումանյանից ստացել է ընդհանուր 735 հազար դրամ:  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիանա Բաղրամյանը 2021-ին ստացել է շուրջ 1.7 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 240 հազար ռուսական ռուբլի, իսկ 2023-ին՝ 280 հազար ռուսական ռուբլի՝ եղբորից՝ Մհեր Բաղրամյանից։  Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը 2021-ին եղբորից՝ Դավիթ Պետրոսյանից, ստացել է 1 մլն դրամ, իսկ 2022-ին՝ 2 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 1.6 մլն դրամ։  Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արամ Թումեյանը 2021 թվականին հորից և այլ հարազատներից ստացել է ընդհանուր շուրջ 26 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն, 2022-ին՝ շուրջ 11 մլն դրամ, և իսկ 2023 թվականին հորից՝ Աշոտ Թումեյանից, ստացել է ընդհանուր 11 մլն դրամ։  3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Գոռ Գասպարյանը՝ ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի։ Նվիրատուներին, սակայն, նույնականացնել չհաջողվեց։ Եւս 24 դատավորների և դատավորի օգնականների անուններ համընկել են երկու անգամ, երբ փնտրել ենք նրանց ստացած  նվիրատվությունները 2021, 2022 կամ 2023 թվականներին։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից՝ գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»,- մանրամասնեց Խուդավերդյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության կարիք ունի։  Արմեն Խուդավերդյանը նշում է նաև, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցների աղբյուրն արդյո՞ք երրորդ կողմն է, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառումներից եմ ստացել  նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Խուդավերդյանը։ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն: «Ինֆոքոմը» նաև մեկնաբանություն էր խնդրել Բարձրագույն դատական խորհրդից այն մասին՝ արդյո՞ք Խորհուրդը տեսնում է ռիսկեր Դատական իշխանության ներկայացուցիչների կողմից ստացվող խոշոր չափի նվիրատվություններում։ ԲԴԽ-ից «Ինֆոքոմին» պատասխանել են, որ «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկումը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից: Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկման գործառույթը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»: Այսինքն՝ դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի և նրանց ստացած նվիրատվությունների միակ վերահսկողը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն էլ չի ստուգում հայտարարագրերն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներառվել ռիսկային չափորոշիչ սահմանելու հիմքով պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում,  լրատվամիջոցների հրապարակումներում կամ էլ անձանց գրավոր դիմումներում։ Իսկ մինչ այդ դատավորներն ու նրանց օգնականները շարունակում են ստանալ մեկանգամյա կամ պարբերական բնույթ կրող խոշոր չափերի նվիրատվություններ, որոնց մի մասի աղբյուրը հետագծելի չէ։ Հիշեցնենք, որ նախորդիվ «Ինֆոքոմը» անդրադարձել էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ստացած նվիրատվություններին։ Լյուսի Մանվելյան
19:28 - 11 դեկտեմբերի, 2024
«Տեղափոխում են Հադրութ, զանգել եմ՝ հաջողություն ասեմ»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների հարազատների հարցաքննությունը

«Տեղափոխում են Հադրութ, զանգել եմ՝ հաջողություն ասեմ»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների հարազատների հարցաքննությունը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հարցաքննվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում զոհված 73 զինծառայողների ծնողներից երեքը։ Դատարանում քննության առարկա են Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքները։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։  Զոհված զինծառայող Պետրոս Ասատրյանի հայր Նվեր Ասատրյանն այսօր դատարանում ասաց, որ իր որդին միանգամից զորակոչվել է Մարտունի 3, Գոռ Իշխանյանն էլ հանդիսացել է զորամասի հրամանատարը։ Ինքը՝ Ասատրյանը, եւս պատերազմի մասնակից է, եւ այդ օրերին ինքն էլ Մարտունիում է եղել, նույնիսկ հնարավորություն է ունեցել որդուն հանդիպելու, բայց այդ հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Տուժող Նվեր Ասատրյանն ասաց, որ պատերազմի ժամանակ որդու հետ վերջին անգամ խոսել է նրանց վաշտի՝ Հադրութի 9կմ կոչվող տեղանք գործողության մեկնելու օրը։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանի հարցին՝ ինչ է խոսել որդու հետ վերջին անգամ, Ասատրյանը պատասխանեց, որ Պետրոսը սովորականից մի քիչ ավելի պաշտոնական տոն է ունեցել, ասել է՝ «պապ, մեզ տեղափոխում են՝ չգիտեմ ուր, ու հեռախոս չի լինելու»։ Որդին, սակայն, չի նշել, թե ում հրամանով եւ ուր պետք է մեկնեն, ինչ կազմով եւ ինչ խնդիր պետք է կատարեն։ Նվեր Ասատրյանի համար այդ խոսակցությունը տարօրինակ չի եղել, քանի որ էլի է պատահել, որ որդու վաշտը երկու օրով գործողության մեկնի ու վերադառնա։ Այս անգամ երրորդ օրը նա զանգել է Պետրոսին, նրա ծառայակից ընկերներին, սակայն որեւէ մեկը այլեւս չի պատասխանել։ Պետրոսի զոհվելու մասին հարազատները տեղեկացել են պատերազմի ավարտից հետո, երբ գնացել են Արցախ․ «Խոսում էին, որ շրջափակման մեջ են ընկել։ Հունվարին արդեն անհայտ կորածների ցուցակում է եղել»,- ասաց Նվեր Ասատրյանը։ Նշենք, որ Պետրոս Նվերի Ասատրյանի անունը Արցախի Պաշտպանության բանակը զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։ - Դեպքերից հետո զորամասի հրամանատարությանը կամ այլ պաշտոնատար անձանց հանդիպե՞լ եք,- տուժողին հարցրեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ - Այո, ծողների հետ միասին,- պատասխանեց Նվեր Ասատրյանը։ - Պարզաբանումներ պահանջե՞լ եք։ - Պատասխանը ստացել ենք էնքանով, որ, իմ հիշելով, Գոռ Իշխանյանն ասել ա՝ ես հրաման եմ կատարում։ Առստամյան Կարենն ասում էր՝ ես չեմ ուզել զինվորներ,- ասաց վկան՝ նշելով, որ Գոռ Իշխանյանն ասել է, որ վաշտը գործողության է ուղարկել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով։ - Ստացե՞լ եք այն հարցի պատասխանը, որ հրամայել եք գնալ 9կմ կոչվող տեղանք, ո՞նց են առաջ անցնել (զորքը շրջափակման մեջ է ընկել Հադրութի Այգեստան գյուղում, որը 9կմ կոչվող տեղանքից ավելի հեռու է,-հեղ․)։ - Անձամբ ես չեմ հարցրել, բայց ով հարցը տվել ա, [Գոռ Իշխանյանը] ասել ա՝ ես էդ տեղն եմ ուղարկել, ոչ թե ուղարկել եմ, որ պիտի անցնեն [նշված տեղը]։ - Ո՞վ պետք է դիմավորեր։ - Առստամյան Կարենը (18-րդ հրաձգային դիվիզիայի ղեկավարն է եղել, նշված տեղում պետք է դիմավորեր վաշտին,-հեղ․)։ - Ձեր տեղեկություններով՝ Գոռ Իշխանյանը զրուցե՞լ է Կարեն Առստամյանի հետ, ասե՞լ է, որ մարդ է գալու։ - Գոռի ասելով՝ հա, Կարենի ասելով՝ չէ։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է Նվեր Ասատրյանը՝ ինչից են զոհվել զինվորները, հրետակոծության տա՞կ են ընկել, թե՞ հրաձգային մարտի են բռնվել։ Տուժողը պատասխանեց, որ լսել են, որ տղաները զանգել ու ասել են, որ շրջափակման մեջ են ընկել, օգնության կարիք ունեն, իրենց փամփուշտները վերջանում են։ Այսինքն՝ հրաձգային մա՞րտ են վարել, այդքան մո՞տ է եղել հակառակորդը՝ հարցրեց մեղադրողը, ինչին Ասատրյանն ու նիստին ներկա մյուս ծնողները դրական պատասխանեցին․ «Բլիժնի բոյ ա եղել»,- ասացին նրանք։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժող Նվեր Ասատրյանից հետաքրքրվեց՝ երբ գնացել են Արցախ եւ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ հյուրանոցում հանդիպել զինվորականներին, ի՞նչ է ասել Գոռ Իշխանյանը։ Տուժողն ասաց, որ Իշխանյանն ասել է, թե տղաները ողջ են։ - Քննիչի մոտ որ հարցաքննվել եք, ո՞ւմ դեմ էիք բողոքում, Ձեր ընկալմամբ՝ ո՞վ է մեղավոր էս ամեն ինչում,- հարցրեց պաշտպանը, սակայն տուժողը կոնկրետ անուն չնշեց։ - Ես չեմ կարա էդ հարցին [պատասխանեմ]․․․,- ասաց Ասատրյանը։ - Նախաքննական տվյալ կա, որ Դուք քննիչի մոտ անուններ տվել եք, կհիշե՞ք։ - Գոռ Իշխանյանինը, Առստամյան Կարենինը, Ջալալ Հարությունյանը՝ որպես հրաման տվող։ - Դա Ձե՞ր կարծիքն է եղել, թե մինչեւ էդ քննիչի հետ քննարկում էիք ունենում։ - Դե, քիչ-քիչ իմանալով՝ ինչ կարա լինի․․․ - Ջալալ Հարությունյանի հետ կապված ի՞նչ խնդիր էինք ներկայացնում քննիչի մոտ։ - Որ գրաված տարածք խի պիտի ուղարկի,- պատասխանեց տուժողը։ Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանը, Արման Բայադյանը, Արտակ Հովհաննիսյանը (աջից՝ ձախ) Պաշտպան Արման Բայադյանը տուժողին հարցրեց՝ բնական չէ՞, որ պատերազմի ժամանակ զորքը պետք է մարտի բռնվեր, գործողության գնար, ի վերջո դա չէ՞ պատերազմին մասնակցելու նպատակը։ Նվեր Ասատրյանն ասաց, որ բնական է, որ մարտեր պետք է լինեին։ - Կարո՞ղ ենք ենթադրել, որ ճիշտ տեղ են հասել, եթե բռնվել են մարտի,- հարցրեց պաշտպան Բայադյանը։ - Կարանք տենց մտածենք, բայց հարցն էթում ա, ինչքան տեղյակ եմ՝ էդ տեղում չպիտի լինեին։ - Այսինքն ձեր դժգոհությունն այն է, որ սխալ տեղ են գնացել։ - Որ սխալ տեղ ա, իրանց (նկատի ունի հակառակորդի,- հեղ․) գրաված տարածքն ա։ Պաշտպան Արտակ Հովհաննիսյանը հարցրեց՝ տուժողը տեղյա՞կ է՝ գրավո՞ր, թե՞ բանավոր է եղել Ջալալ Հարությունյանի հրամանը։ Նվեր Ասատրյանն ասաց, որ Գոռ Իշխանյանն ասել է՝ բանավոր է, Ջալալ Հարությունյանը պնդել՝ գրավոր․ - Դուք տեսե՞լ եք հրամանը։ - Ես չեմ հիշում, որ անձամբ տեսած լինեմ։ - Երբ հանդիպել եք Գոռ Իշխանյանին, ովքե՞ր են եղել նրա հետ։ - Թիկունքի պետն էր, թե․․․ Չեմ հիշում ազգանունը, երկու հոգով էին,- ասաց տուժողը, իսկ ծնողներից մեկը տեղից նշեց՝ Սամվել Պողոսյանը՝ Ասկերանի կամդիվը՝ դիվիզիոնի հրամանատարը։ - Կարեն Առստամյանի՞ հետ ով կար։ - Մենակ էր, երբ ես ըտեղ եմ եղել։ - Իրենց հանդիպելու ինտերվալը ինչքա՞ն է եղել։ - Կոնկրետ չեմ հիշում, կարող ա մյուս օրը։ - Իսկ Ջալալ Հարությունյանի հետ հանդիպել, խոսե՞լ եք։ - Ես՝ չէ։ Հաջորդիվ հարցաքննվեց զոհված զինծառայող Արեն Մովսիսյանի քույրը՝ Աննա Բալայանը։ Նա պատմեց, որ եղբայրը հոկտեմբերի 10-ի առավոտյան զանգել է իրենց, հաջողություն մաղթել՝ ասելով, որ տեղափոխվում են Հադրութ, հեռախոսները հավաքելու են, ուստի կապ չեն ունենալու․ «Մամային ասել ա՝ լավ տեղ են տանում, տանում են խրամատ փորելու»,- ասաց տուժողը։ Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին, երբ տղաները մեկնել են գործողության, Հադրութն արդեն գրավված է եղել։ - Այսինքն՝ տեղյակ եք, որ Գոռ Իշխանյանն ու Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ վաշտը ուղարկել են Հադրութ,- ասաց հանրային մեղադրողը։ - Իմ իմանալով՝ Գոռ Իշխանյանն արդեն իմացել ա դրա մասին, ո՞նց կարա ուղարկի Հադրութ, եթե արդեն հանձնված ա,- պատասխանեց Աննա Բալայանը։ - Ումի՞ց եք իմացել, որ հոկտեմբերի 11-ին Հադրութն արդեն ընկած էր։ - Սաղ էլ խոսում էին, ամենից մի բան լսում էինք։ - Լուրերը նաեւ քաղաքացիական անձի՞նք էին ասում։ - Սաղ, իմ հարազատ ախպերը պոստում էր, բանակում էր ծառայում, պապաս էլ էր պոստում, ինչքան լսել են, ես էլ իրանցից եմ լսել, ասել են՝ Հադրութը հանձնված ա։ - Հնարավո՞ր էր՝ Գոռ Իշխանյանը չիմանար, որ հոկտեմբերի 11-ին Հադրութը ընկած էր։ - Իմ իմանալով՝ իրավունք չուներ զորքը ուղարկեր, երբ բեսպիլոտնիկ էր աշխատում։ Մինչեւ 9կմ 2 ժամվա ճանապարհ ա (նկատի ունի՝ այդ ողջ ճանապարհին անօդաչուներ կարող էին լինել օդում,- հեղ․)։  Աննա Բալայանը Տուժող Աննա Բալայանի կարծիքով՝ հրամանատարները վաշտը չպիտի ուղարկեին 9կմ կոչվող տեղանք։ Ըստ նրա՝ եթե զորքը մնար Մարտունիում, այդքան զոհեր չէին լինի․ «Մինչեւ հիմա պատասխանը չգիտենք՝ ինչի են Մարտունի 3-ից ուղարկել Հադրութ»,- ասաց տուժողը։ Նա հայտնեց, որ 2021թ․ փետրվարի 10-ին են իրենց հայտնել, որ Արենը զոհվել է, մինչ այդ ինչ ասես՝ լսել են, որ տղաները գերի են, որ շրջափաիման մեջ են, որ գուցե Իրանի սահմանն են անցել, եւ այլն։ Հարազատներին մինչ օրս տանջում է նաեւ այն հարցը, թե ինչից է զոհվել Արենը․ «Կարող ա վիրավորվել ա, օրերով ցավ ա քաշել, օգնող չի եղել․․․»։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողին խնդրեց մանրամասնել, թե եղբայրը հեռախոսազրույցի ժամանակ բառացի ինչ է ասել․ - Ասացի՝ բա ո՞ւր եք գնում, ասեց՝ տեղափոխում են Հադրութ, զանգել եմ՝ հաջողություն ասեմ, որովհետեւ հեռախոսները հավաքելու են։ Մամայի հետ խոսելիս ասել ա՝ մեզ տեղափոխում են Հադրութ՝ խրամատ փորելու,- ասաց Բալայանը։ Նա նշեց, որ, այո, Կարեն Առստամյանը պիտի դիմավորեր զորքին, բայց, ըստ իրեն, մեղավորը Գոռ Իշխանյանն է, որ վաշտին ուղարկել է այնտեղ։ Պաշտպանը հարցրեց՝ իսկ Գոռ Իշխանյանը պատերազմի ժամանակ կարո՞ղ էր հրաման չկատարել։ Տուժողը պատասխանեց՝ հրամատարաներ են եղել, որ չեն լսել վերադասին։ Պաշտպան Արման Բայադյանն էլ հարցրեց՝ իսկ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը չգիտե՞ր, որ Հադրութը գրավված է։  - Ո՞նց կարային չիմանային,- ասաց Բալայանը։ - Բա Ձեր կարծիքով՝ տեսնում են, որ գրավել են, 72 զինվոր ուղարկում են հենց էդ տե՞ղը։ - Հնարավոր ա, որովհետեւ կամ իմանալու էին, որ խառնա լինելու։ Ես գիտեմ, որ Գոռ Իշխանյանը հատուկ ա ուղարկել։ - Գոռ Իշխանյանն ինչի՞ է ուզում երեխեքի մահը։ - Ես շատ եմ լսել, որ քանակ են ուզել լրացնել։ Դատարանում այսօր ցուցմունք տվեց նաեւ պահեստազորային Մհեր Սարգսյանի հայրը՝ Ատվերիկ Սարգսյանը։ Նա ասաց, որ ներկա չի եղել զինվորականների հետ հանդիպումներին ու նրանց հարցեր չի տվել։ Նաեւ նշեց, որ քանի որ ականատես չի եղել որեւէ դեպքի, չի կարող մանրամասներ հայտնել կամ անուններ հնչեցնել․ «Դուք ճիշտ ասեք էդ պեները, մեզնից լավ եք իմանում, խի՞ եք հարցնում ինձ, դուք մեզնից լավ գիտեք»,- դատարանում հայտարարեց տուժողը։ Նրա կարծիքով՝ տղաներին դիտավորյալ սպանդի են տարել, ում հրամանով, ինչու՝ չի կարող ասել․ «Բոլորը անպատասխանատու են եղել»,- նշեց նա․ «Եթե մեր ընատնիքում մեր երեխային մեկը վատություն անի, պատասխանտուն ընտանիքի տերն ա, այսինքն՝ ես եմ։ 3-րդ պաշտպանական շրջանից 70 հոգին որ գնացել են, պատասխանտուն համարվում ա տվյալ տեղի կամանդիր պալկան, այսինքն Գոռը»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Նշենք, որ Մհեր Ատվերիկի Սարգսյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․-ի մարտի 30-ին։  Դատական նիստն ավարտվեց Ատվերիկ Սարգսյանի հարցաքննությամբ։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում՝ Նվեր Ասատրյանը Հայարփի Բաղդասարյան
22:48 - 10 դեկտեմբերի, 2024
Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի վերաբերյալ վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի վերաբերյալ վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

Վարչական դատարանի վճիռը, որով ոչ իրավաչափ էր ճանաչվել E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը, բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ դատավճռի դեմ բողոք են ներկայացրել թե՛ հայցվոր կողմը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրակարգ» հասարակական կազմակերպությունը, թե՛ պատասխանող կողմը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Հիշեցնենք՝ 2023 թ․–ին Հայաստանում սկսեց գործել ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որը եկավ փոխարինելու հաշմանդամության կարգի սահմանման արդեն նախկին համակարգին։ Դրանով հաշմանդամության կարգերը վերացվեցին, ստեղծվեցին ֆունկցիոնալության սահմանափակման թույլ, միջին, ծանր եւ խորը աստիճաններ։ Այդ աստիճանները որոշելու համար բազմամասնագիտական հանձնաժողովը իրականացնում է փորձաքննություն, գնահատում անձին ըստ չորս դասակարգիչների՝ օրգանիզմի ֆունկցիաների (b), մարմնի կառուցվածքի (s), գործունեության ու մասնակցության (d) եւ միջավայրային գործոնների (e)։ Հաջորդ փուլում համակարգն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ ըստ նախապես սահմանված բանաձեւի։ Այդ բանաձեւի մեջ, սակայն, գնահատված միջավայրային գործոնները չեն ներառվում։ Իր հայցով հասարակական կազմակերպությունը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել այդ բանաձեւ ստեղծելու, այն էլեկտրոնային համակարգում տեղադրելու եւ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ առանց միջավայրային գործոնները հաշվի առնելու կիրառման հնարավորությունը։  Հոկտեմբերի 28-ին Վարչական դատարանը, դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, վճռել է հայցը բավարարել մասնակի։ Այլ խոսքով՝ դատարանը եզրահանգել է, որ Նախարարությունը կարող էր ստեղծել անձի ֆունկցիոնալությունը գնահատող բանաձեւ եւ այն տեղադրել էլեկտրոնային համակարգում, սակայն չէր կարող այդ բանաձեւի մեջ չներառել միջավայրային գործոնները, քանի որ դա օրենսդրության պահանջ է։ Վճռի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 11-ին, գրավոր հարցում ենք ուղարկել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ խնդրելով հայտնել՝ Նախարարությունը ստացե՞լ է դատարանի վճիռը։ Եթե այո, ապա ե՞րբ։  Ինչպե՞ս է Նախարարությունը պատրաստվում ի կատար ածել դատարանի վճիռը։ Փոփոխվելո՞ւ է արդյոք անձի ֆունկցիոնալությունը հաշվարկող բանաձեւը՝ միջավայրային գործոնների որակիչները դրանում ներառելու համար։ Վերանայվելո՞ւ են 01.02.2023թ.-ից մինչ օրս նոր համակարգով ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց վերաբերյալ վարչական ակտերը։ Եթե այո, ապա ինչպես։  Ծանոթանալով դատարանի վճռին՝ Նախարարությունը որոշել է բողոքարկե՞լ այն թե՞ ոչ։ Նոյեմբերի 19-ին Նախարարությունը տեղեկացրել է, որ հարցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի գրությանը կպատասխանենք 30-օրյա ժամկետում։ Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Նախարարությունն ուղարկել է պատասխան գրություն, որը, սակայն, չի պարունակում այդ ամբողջական տեղեկությունը։ Ըստ գրության՝ դատական ակտը ստացել են հոկտեմբերի 31-ին եւ դեռեւս քննարկումների փուլում են․ «Հաշվի առնելով օրեսդրությամբ նախատեսված եզրափակիչ դատական ակտը բողոքարկելու համար նախատեսված ժամկետը՝ Նախարարությունը կքննարկի սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու կամ չներկայացնելու նպատակահարմարության հարցը»,– ասված է պատասխանում։ Նախեւառաջ հարկ է նշել, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը մեկ ամիս է, որը գրությունը մեզ ուղարկելու պահի դրությամբ արդեն իսկ լրացած է։ Բացի այդ, ինչպես վերը նշեցինք, դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ Նախարարությունը վճիռը արդեն իսկ բողոքարկել է։ Ուստի Նախարարությունից խնդրեցինք պարզաբանել մեզ ուղարկած պատասխանը։ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին՝ հարցման պատասխանը իրավաբանական բաժինը իրենց փոխանցել է՝ վերջին թարմացված տեղեկությունը դրանում չներառելով։ Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Նախարարությունը բողոքը ներկայացրել է դեռեւս դեկտեմբերի 4-ին, այսինքն՝ դրան նախորդած օրերին քննարկել եւ որոշել է բողոքարկել, որից հետո էլ սկսել է բողոքի պատրաստման աշխատանքները։ Հետեւաբար մեր հարցման պատասխանը կարող էր տրամադրվել շատ ավելի վաղ, սակայն Նախարարությունը, փաստորեն, ձգձգել է այն՝ սպասելով առավելագույն՝ մեկամսյա ժամկետի վերջին օրվան։ Կողմերի բողոքները Վերաքննիչ վարչական դատարանում քննվելու են կոլեգիալ, այսինքն՝ երեք դատավորի կազմով։ Նախագահող դատավորը Ալեքսանդրա Հարությունյանն է, կազմում են Միքայել Մելքումյանն ու Հայկ Խաչատրյանը։ Բողոքը վարութ ընդունելու, նիստ նշանակելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս առկա չէ։   Միլենա Խաչիկյան
14:45 - 10 դեկտեմբերի, 2024
Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Գենետիկան պատասխանում է պատմության հարցերին․ գիտնականները հերքում են հայերի բալկանյան ծագման տեսությունը

Հայերը՝ որպես էթնիկ խումբ, հազարամյակներ շարունակ բնակվել են Հայկական բարձրավանդակում։ Բայց մեր ծագման մասին գոյություն ունեն բազմաթիվ վարկածներ։ Դրանցից մեկն, այսպես կոչված, բալկանյան տեսությունն է, որի համաձայն հայերը ունեն բալկանյան ծագում։ Եթե պատմական փաստերը սուղ են, ապա գենետիկական տվյալներն այս հարցին ստույգ պատասխան են տալիս և հերքում նշված տեսությունը։ Այս մասին է վկայում օրերս American Journal of Human Genetics հեղինակավոր ամսագրում հրապարակված հետազոտությունը, որի  համահեղինակներն են Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները և նրանց արտասահմանյան գործընկերները։   Պատմիչի գրած 3 տողը մեր՝ փռյուգիացիներից սերելու վարկածի հիմք Փռյուգիան երկիր էր Փոքր Ասիայի արևմտյան մասում (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Միակ գրավոր աղբյուրը, որը խոսում է հայերի՝ փռյուգիացիներից ծագելու մասին, պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունից մի պարբերություն է․ «Հայերը, որոնք փռյուգիական գաղութարարներ են, զինված էին փռյուգիական ոճով։ Երկու ազգերն էլ (նկատի ունի հայերին ու փռյուգիացիներին,- խմբ․) գտնվում էին Արտոխմեսի հրամանատարության տակ, որը ամուսնացած էր Դարեհի դուստրերից մեկի հետ»։ Հետագայում այս պնդման հիման վրա սկիզբ դրվեց հայերի բալկանյան ծագման մասին տեսությանը։   Մեր ԴՆԹ-ն մեզ պատմում է հազարամյակներ առաջ ապրած մարդկանց մասին Մոտ 10 տարի առաջ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան արտասահմանյան գործընկերների հետ սկսեց մի ուսումնասիրություն, որը պիտի գար հերքելու հայերի փռյուգիական ծագման մասին վարկածը։ Մինչև հետազոտության մանրամասներին անդրադառնալը՝ կարևոր է իմանալ, թե որոնք են գենետիկայի հիմնական հասկացություններն, ու ինչ են դրանք նշանակում։ ԴՆԹ-ն մոլեկուլ է, որը կրում է գենետիկական ինֆորմացիա։ ԴՆԹ-ի առանձին հատվածները կոչվում են գեներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ տեղեկություններ է պարունակում օրգանիզմի կառուցվածքի ու ֆունկցիաների մասին։ Գեներից բացի՝ ԴՆԹ-ն պարունակում է նաև չեզոք հատված, որը կազմում է ԴՆԹ-ի մեծ մասը։ ԴՆԹ-ի չեզոք հատվածն ու գեները միասին կազմում են  գենոմը։ Գենոմը անփոփոխ չէ․ ինչ-ինչ պատճառներով նրա որոշ մասերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, որոնք անվանում են մուտացիաներ։ Մուտացիաները  փոխանցվում են ժառանգաբար՝ անցնելով հաջորդ սերունդներին։ Պարզվում է, որ  ժամանակակից մարդու ԴՆԹ-ն կարող է պատմել հազարավոր տարիներ առաջ ապրած ժողովուրդների  մասին։ Բանն այն է, որ ԴՆԹ-ի փոփոխությունների՝ մուտացիաների առումով էթնոսները տարբերվում են միմյանցից։ Ճիշտ է, մարդկությունը գենետիկական կառուցվածքով շատ նման է, սակայն կախված միջավայրից, խմբերի մեկուսացումից, միգրացիայից՝ որոշակի տարբերություններ կամ նմանություններ են առաջանում տարբեր խմբերի միջև, այսինքն՝ ամեն ազգ ունի իրեն բնորոշ մուտացիաներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։  Հետևաբար, ունենալով ժամանակակից մարդու ԴՆԹ-ն, այսինքն՝ նրա գենոմի մասին ինֆորմացիան, գիտնականները, հիմնվելով  ժառանգած մուտացիաների վրա, կարող են վերականգնել նրա անգամ հեռավոր նախնիների ԴՆԹ-ն։    Մենք փռյուգացիների՞ց ենք սերում․ գենետիկական պատասխանը Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիան հայկական գենոֆոնդը ուսումնասիրելու նպատակով մի քանի տարի առաջ սկսեց ուսումնասիրել ծագումով Արևելյան և Արևմտյան Հայաստաններից հայերի գենետիկական տվյալներ։ Սկզբում գիտնականները կենտրոնացան հայրական գծով ժառանգվող գենետիկական հատկանիշների վրա։ Ստացված արդյունքները ցույց տվեցին հայրական տոհմագծերի կառուցվածքի կայունությունը առնվազն վերջին մի քանի հազարամյակներում։ Բալկանյան տեսության համաձայն` փռյուգիացիների միգրացիան Հայկական բարձրավանդակ մոտ 3000 տարի առաջ է տեղի ունեցել։ Սա  կասկածներ առաջացրեց Հերոդոտոսի վկայության իսկության վերաբերյալ։ Գիտնականների մոտ միտք ծագեց․ եթե փռյուգացիները զանգվածաբար եկել էին այստեղ և Հայկական բարձրավանդակում հիմք դրել նոր ազգի, ապա նրանք պիտի ճանապարհին հետքեր թողած լինեին, և այդ հետքերը պիտի երևային մեր՝ հայերիս գենոմում։ Այս ենթադրության  իսկությունը ստուգելու համար գիտնականները վերցրին Բալկանյան թերակղզու երկրներում և այնտեղից Հայկական բարձրավանդակ տանող տարածքում՝ ներկայիս Թուրքիայում, ապրած մարդկանց հնագույն ԴՆԹ-ի մասին տվյալներ (այս նյութը ստացվել էր գտածո աճյունների  ոսկրանյութից)։ Քարտեզում կետերով նշված են այն տարածքները, որտեղի բնակիչներից վերցվել են  հնագույն կամ ժամանակակից ԴՆԹ-ի նմուշներ (աղբյուրը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիա) Ապա գիտնականները հայկական ամբողջական գենոմը, որը ստացել էին 34 հայերից, համեմատեցին այս տարածաշրջաններում ապրած մարդկանց գենոմների հետ։ Նրանց  հետազոտությունը գենետիկական որևէ նմանություն չգտավ հայերի ու Բալկանյան տարածքում ապրող և ապրած խմբերի միջև։  Եթե հայերն ու Բալկանյան թերակղզում ներկայում ապրող ժողովուրդները նույն խմբից սերեին, ապա պիտի երկուսի մոտ էլ նույն մուտացիաները արտահայտված լինեին։ Սակայն գիտնականները հայերի ու նշված  ժողովուրդների միջև մուտացիաների նմանություններ չեն գտել։ «Նմանություններ չկան, գուցե այստեղ եկել են Բալկանյան թերակղզուց, բայց ոչ զանգվածային։ Ալեքսանդրի (Մակեդոնացու,- խմբ․) ժամանակ եկել են, բայց չեն հասել Հայաստան»,- ասում է հոդվածի համահեղինակ, էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։   Սասունցիներն ասորական ծագում չունեն Սա գիտնականների գրանցած միակ արդյունքը չէ։ Հայերի ամբողջական գենոմը ուսումնասիրելիս նրանք նաև նկատեցին որոշակի առանձնահատկություն Սասունի բնակիչների մոտ։ Նախ՝ հերքվեց նրանց ասորական ծագումը։ Այս միֆը տարածողները հիմնվում են Աստվածաշնչում հանդիպող մի ձևակերպման վրա, ըստ որի՝ ասորեստանցի արքա Սենեքերիմի որդիները եկել են Արարատի երկիր։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները սասունցիների ժառանգների ԴՆԹ-ն համեմատեցին այլ հայերի ու ներկայում ապրող ասորիների հետ։  Նրանք, մասնավորապես, համեմատեցին այն մուտացիաները, որոնք բնորոշ են կոնկրետ խմբերի և այլ խմբերի մոտ չեն հանդիպում։ Արդյունքում գիտնականները հայտնաբերեցին, որ սասունցիներն ու այլ տարածաշրջանների հայեր այդ մուտացիաների առումով նման են միմյանց, իսկ  ասորիների  հետ նմանություն չհայտնաբերվեց։ Սասունցիների սերունդներից վերցրած նմուշները հետազոտելիս պարզվեց նաև, որ մոտ 10 հազար տարի առաջ նրանց քանակի կտրուկ նվազում է գրանցվել։ Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով դրա պատճառները միայն ենթադրել կարելի է՝ ներխուժումներ, միջավայրի կտրուկ փոփոխություն կամ մի այլ պատճառ, որի մասին պատմական որևէ տեղեկություն չկա։ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի ու գործընկերների  հետազոտությունը հայկական գենոֆոնդի ուսումնասիրության մի մասն է միայն։ Լաբորատորիան նպատակ ունի Պատմական Հայաստանի գենետիկական ատլաս ստեղծելու, որը կներառի Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արևմտյան Հայաստանի հայերի ու նրանց հաջորդների, ծպտյալ հայերի, հայկական ծագում ունեցող այլ խմբերի գենետիկական տվյալները։ Սա միջգիտակարգային համագործակցության ու երկարաժամկետ ծրագիր է, որն արդեն մեկնարկել է։ «Գիտությունը երբեք չի ավարտվում, այն ունի սկիզբ, բայց չունի վերջ»,- ամփոփում է Լևոն Եպիսկոպոսյանը։   Անի Խաչատրյան Գլխավոր լուսանկարը՝ Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայից (հեղինակ՝ Սարգիս Խարազյան)  
18:33 - 05 դեկտեմբերի, 2024
Ովքեր են կառավարում բուհերը․ խոստումներ, իրականություն և օրենքի նոր նախագիծ

Ովքեր են կառավարում բուհերը․ խոստումներ, իրականություն և օրենքի նոր նախագիծ

Կուսակցական ազդեցություններից ազատ բուհեր ունենալու անհրաժեշտության մասին գործող կառավարող ուժը խոսում էր դեռ ընդդիմադիր ժամանակներից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման 6-րդ տարում, սակայն, Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, որոնցից 3-ը՝ կուսակցականներ։ «Ինֆոքոմը» պարզել է, թե ինչ պաշտոններ են զբաղեցնում և կառավարող ուժի հետ ինչպիսի հարաբերություններ ունեն այդ 12 պետական բուհերի կառավարման խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ-ի առաջադրած անդամները,  ինչպես նաև բուհերի ապակուսակցականացմանն ուղղված ինչ դրույթներ են առկա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում։   Ինչ էր հայտարարում կառավարող ուժն իշխանափոխությունից անմիջապես հետո 2018-ի ապրիլին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բուհերի խորհուրդներում կուսակցական անձանց առկայությունից, պնդում էր․ «Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ ․․․․ Որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինելու որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100% ինքնակառավարման։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»։ 2018-ի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնը, հայտարարեց՝ իրենք ոլորտը կարգավորող նոր օրենք են մշակում, և համաձայն այդ օրենքի՝ այլևս ոչ մի պետական պաշտոնյա չի լինելու բուհերի խորհուրդներում¹։ Նա շեշտում էր նաև այն հանգամանքը, որ տվյալ պահին (2018-ի վերջին) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ոչ մի անդամ բուհերի խորհուրդներում նախագահ չէր ընտրվել։ Այդ ժամանակ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ քննարկվում է կառավարության մարմինների մասնակցությունը բուհերի ղեկավարմանը նոր օրենքով 20-30% դարձնելու հարցը։ Նշենք, որ գործող օրենքով բուհի խորհրդի 25%-ին առաջադրում է վարչապետը` կառավարման մարմիններից, 25%-ին՝ ԿԳՄՍՆ-ն՝ տարբեր ոլորտներից, այսինքն՝ խորհրդի անդամների կեսին առաջադրում է կառավարությունը։ 2019-ին, երբ Հովհաննես Հովհաննիսյանն արդեն 7-րդ գումարման Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ (Հովհաննես Հովհաննիսյանն անկուսակցական է), ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Մենք էլ ենք ուզում՝ քաղաքականությունից զերծ միջավայր լինի, և դրա համար որևէ նախարար չդարձավ հոգաբարձուների խորհրդի նախագահ և չընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի անդամների մեջ, և մաքսիմում փորձ էինք անում զերծ պահել մարդկանց հոգաբարձուների խորհրդից: Բայց ինձանից լավ գիտեք կարգը, որ 25%-ն ընդգրկվում է կառավարությունից։ Հիմա ընկած ման էինք գալիս՝ ով իշխող կուսակցության անդամ չէ: Եթե նայեք հոգաբարձուների խորհրդի անդամների կազմը, կտեսնեք բավականին մեծ թվով հանրապետականներ, դաշնակներ, կտեսնեք և այլ կուսակցություններ»:   Ինչպես  են ներկայումս ձևավորվում  բուհերի խորհուրդները 2019-ի դրությամբ գործում էր (և այժմ էլ շարունակում է գործել) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը։ Օրենքը սահմանում է, որ բուհի խորհուրդը ձևավորվում է պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի (այսինքն՝ կառավարության), լիազորված մարմնի (այսինքն՝ ԿԳՄՍՆ-ի) ներկայացուցիչներից: Անդամների թիվն առնվազն 20 է²։ Ըստ Կառավարության սահմանած՝ բուհի խորհրդի ձևավորման կարգի՝ խորհրդի 25%-ը կազմում են պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամները, 25%-ը՝ ուսանողության կողմից ընտրված անդամները, 25%-ը՝ հիմնադրի անունից վարչապետի առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, և 25%-ը՝ լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ-ի) առաջադրած անդամները, որոնք պետք է լինեն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։  Խորհուրդն իր կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից) ընտրում է նախագահ, որը  չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող, սակայն այդ բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը։ Բուհի խորհրդը հաստատում է բուհի բյուջեն, ռազմավարական ծրագրերը, իրականացնում է ռեկտորի ընտրությունը, բուհի գործունեության տարեկան հաշվետվության գնահատումը և այլն։   Կուսակցականները գնացին բուհեր՝ ապակուսակցականացնելու դրանք 2020-ից սկսած՝ Հայաստանի բուհերում հաստատվեցին հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր, որոնք գործում են մինչ օրս։ 2021-ին հատկապես աղմուկ բարձրացրեց այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրեց ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանին, որը նաև ընտրվեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ի պատասխան քննադատությունների՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2020 թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ամբողջությամբ ապակուսակցականացվել էինք բուհերի համակարգից, այսինքն՝ մեր կուսակցականներին չենք ներդրել այնտեղ։ Ու պարզվեց, որ բուհերի 90%-ը թաքնված կուսակցականներ են։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգը նետվում էր մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում է, գնան տեղավորվեն այնտեղ, որտեղ տեղավորված էին 2000-ականներին։ Հիմա, երբ Սուրեն Պապիկյանը դառնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ինքը հենց գնում է բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Ու ասեմ, որ մեր պետության համար կարևոր պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան ու մեր տված շանսը չօգտագործեցին։ Մենք չենք գնում բուհական խորհուրդներ կուսակցականացնելու համար, այլ գնում ենք մեր ապակուսակցականացման սկզբունքը պահելու համար»։ Կուսակցականների՝ բուհերի խորհուրդներ գնալուց հետո էլ, սակայն, կառավարությունը շարունակում էր խոսել ապակուսակցական կրթական միջավայրից։ 2022-ին ընդունված «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրն», օրինակ, խոստանում է Հայաստանում ապահովել կուսակցական ազդեցություններից ազատ կրթական միջավայր։ «Հասարակական-քաղաքական իրավիճակը, որի պայմաններում մշակվել է սույն Ծրագիրը, էականորեն տարբերվում է մինչ այս գոյություն ունեցած իրավիճակներից, քանի որ ներկայում առկա են քաղաքական կամք և հստակ նպատակադրում` ձևավորելու իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ և նախաձեռնող, խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառական, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր բոլորի համար»,- ասվում է ծրագրի ներածության մեջ:  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է Երևանում գործող պետական 12 բուհերի խորհուրդների՝ վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամների³ կենսագրությունը։ Մեր հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ հիմնադրի (Հայաստանի Հանրապետության) անունից վարչապետի առաջադրած 60 անդամներից 13-ը կամ մոտ 22%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում⁴, 3-ը կամ 5%-ը՝ քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ անդամ է, ևս 3-ը կամ 5%-ը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և միաժամանակ ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ⁵ է, իսկ 9-ը կամ 15%-ը ՔՊ աջակից է կամ փոխկապակցված անձ (բոլորը միասին՝ մոտ 47%)։ ԿԳՄՍՆ առաջադրած 60 անդամներից 7-ը կամ մոտ 11,6%-ը պետական համակարգի աշխատող է, 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ նախկին քաղաքական պաշտոնյա և ՔՊ փոխկապակցված անձ, 2-ը կամ 3․4%-ը՝ ՔՊ համակիր կամ փոխկապակցված անձ, իսկ 1-ը կամ մոտ 1,7%-ը՝ քաղաքական պաշտոնյա և ՔՊ  անդամ (բոլորը միասին 18․3%)⁶։ Տվյալներն՝ ըստ առանձին բուհերի, կարող եք տեսնել սահիկաշարում (պատկերներն ամբողջությամբ տեսնելու համար մեծացրեք սահիկաշարը)։ Հետաքրքիր է նաև այն, որ բուհերի խորհուրդներում կան կրկնվող անդամներ․ 11 պաշտոնյաներ, որոնցից 3–ը քաղաքական պաշտոն են զբաղեցնում, խորհրդի անդամ են միանգամից մի քանի բուհում։ Իսկ խորհուրդների նախագահների 67%-ը քաղաքական պաշտոնյա է։ Այսպիսով, անկախ մինչև 2018-ի իշխանանափոխությունը և իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո հնչած քաղաքական հայտարարություններից, այսօր փաստացի բուհերի խորհուրդներում կան և՛ քաղաքական պաշտոն զբաղեցնողներ, և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ (այդ թվում՝ ՔՊ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնող), և՛ ՔՊ աջակիցներ կամ ՔՊ-ականներին փոխկապակցված անձինք։ Ավելին՝ Հովհաննես Հովհաննսիյանը, որը զբաղեցրել է քաղաքական պաշտոններ, այդ թվում՝ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորն է։ 2023-ի մարտին, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին լրագրողները հարցրին բուհերն ապակուսակցականացնելու հայտարարություններից հետո խորհուրդներում կուսակցական անձանց հայտնվելու մասին, նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ նկատի ունենք, երբ որ ասում ենք որևէ հաստատության կուսակցականացվածություն․ արդյո՞ք դրանով մենք նկատի ունենք, որ ոչ մեկը  տվյալ հաստատությունում չպետք է լինի որևէ կուսակցության անդամ։ Դա չի՛ կարող ուղղակի էդպես լինել, որովհետև մարդու իրավունքն է լինել կուսակցական կամ չլինել կուսակցական, և որևէ մեկը չի կարող ասել, որ, օրինակ, մեր ոչ մի ուսուցիչ չպիտի պատկանի որևէ կուսակցության, որ կրթության ոլորտի ոչ մի աշխատակից չպիտի կուսակցության անդամ լինի։ Կապ չունի՝ որ կուսակցության»։  Նախարարը մանրամասնեց՝ երբ խոսում են կրթական հաստատությունների կուսակցականացվածության մասին, նկատի ունեն այն դեպքերը, երբ այդ հաստատություններում լծակներ են գործադրվում որևէ կուսակցության օգտին գործունեություն ծավալելու ուղղությամբ։  «Օրինակ՝ ուսանողների տվյալներ հավաքագրվեն, և այդ ուսանողները որևէ կուսակցության հավաքներին, քարոզչական միջոցառումներին [մասնակցեն]։ Էլ չեմ խոսում ընտրությունների մասին։ ․․․․ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ իմաստով բուհերը կուսակցականացված չեն։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես ոլորտի՝ այս պահի ղեկավար․ որևէ բուհի առջև չկա՛ դրված քաղաքական խնդիր, կուսակցական խնդիր ու չի՛ կարող դրված լինել»,- նշեց նա։ Նախարարի այս հայտարարությունից շատ չանցած՝ 2023-ի սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը նաև Պոլիտեխնիական համալսարանի հոգաբարձուների խորհդի նախագահն է, ընտրություններից երկու օր առաջ այցելեց այս համալսարան։ Դեպքի մասին ահազանգեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը, որի տեղեկություններով ուսանողներին հայտնել էին՝ Ավինյանի հետ  հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։ Դիտորդական առաքելությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Ավինյանը Պոլիտեխնիկական համալսարանի վերելակների խնդրի լուծման համատեքստում հնչեցնում իրենց նախընտրական կարգախոսը․ «Արդեն ասել էիք, մենք արդեն անում ենք»։ 2023-ի ավարտին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին «Ինֆոքոմը» հարցրեց, թե ինչպես է կառավարությունը սպասվող փոփոխություններով բուհերում ապահովելու կուսակցական ազդեցությունից զերծ կրթական միջավայր, երբ հոգաբարձուների խորհուրդներում առաջադրվում են կուսակցական անձինք։ Սարգիս Հայոցյանը նախ նշեց, որ այդ մարդիկ բուհեր չեն գործուղվել որպես կուսակցության ներկայացուցիչներ, իսկ բուհերում «կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց չկա»։ «Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե կուսակցականացման վտանգ կարող է լինել, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանեց՝ իրենք ուսումնասիրում են, թե միջազգային պրակտիկայում օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ կան, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը։  «Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ»,- ասաց Սարգիս Հայոցյանը։   Հակասահմանադրական դրույթներ, որոնք վերաբերում էին բուհերի ինքնավարությանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի առաջին նախագիծը կառավարությունը հանրային քննարկման էր ներկայացրել 2019-ի ավարտին։ Այս նախագիծը լրամշակումների մի քանի փուլ անցնելուց հետո հասավ Ազգային ժողով (ԱԺ) և ընդունվեց 2021-ի մարտին։ Օրենքի՝ Աժ-ում ընդունված վերջնական տարբերակով սահմանվում էր, բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, որոնցից 4-ին առաջադրում է բուհի ակադեմիական խորհրդը, 5-ին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարը։ Նախագծում նաև նշվում էր, որ եթե բուհը սահմանված ժամկետում չի առաջադրում կառավարման խորհրդի 4 անդամներին կամ առաջադրում է 4-ից պակաս ադամների, ապա չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարը (Հոդված 27)։  Նախագծով արգելվում էր, որ բուհի կառավարման խորհրդում ներգրավվեն կուսակցության ղեկավար մարմնի անդամներն ու քաղաքական պաշտոն զբաղեցնողները (Հոդված 28)։ Բուհում առանցքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձինք՝ ռեկտորի տեղակալները, կառուցվածքային միավորների ղեկավարները, ղեկավար վարչական աշխատակազմը և նմանատիպ այլ պաշտոններ զբաղեցնողները ևս չէին կարողանալու ընդգրկված լինել կուսակցական և քաղաքական ղեկավար մարմիններում կամ պետական պաշտոններում (Հոդված 37)։ Ռեկտորների համար ևս սահմանափակումներ կային․ «Հանրային բուհի ռեկտորը իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության մարմնի ղեկավար անդամ, կուսակցության անունից ունենալ ելույթներ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն (Հոդված 32)»:  Այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգյսանը, սակայն, չստորագրեց ԱԺ-ում ընդունված օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով օրենքի մի քանի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը։ ՍԴ-ն 2021-ի օգոստոսին հրապարակված վճռով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը ճանաչեց Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, հիշեցնենք, սահմանվում էր, որ կառավարման խորհրդի 4 անդամին առաջարկում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ 5-ին՝ լիազոր մարմնի ղեկավարը։ Հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում էր, որ եթե բուհը սահմանված ժամկետներում 4 անդամի չի առաջադրում կամ 4-ից պակաս անդամների է առաջադրում, չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է լիազոր մարմնի ղեկավարը։ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետն էլ սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»: ՍԴ որոշման հրապարակումից հետո՝ 2021-ի հոկտեմբերին, հրապարակվեց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված և Սահմանադրությանը համապատասխանեցված նախագիծը, ըստ որի՝ բուհի խորհուրդը պիտի ունենար 12 անդամ, որից 6-ին առաջադրելու էր բուհի ակադեմիական խոհրուրդը, 6-ին նշանակելու էր լիազոր մարմնի ղեկավարը։ Իսկ բուհի կողմից սահմանված ժամկետներում անդամներ չառաջադրելու դեպքում լիազոր մարմինը կարողանալու էր մինչև 2 ժամանակավոր անդամ առաջադրել՝ մինչև բուհի կողմից առաջադրումը (Հոդված 27)։ Բուհի խորհրդի անդամների, ռեկտորի և վարչական պաշտոն զբաղեցնողների համար շարունակում էր գործել կուսակցության ղեկավար մարմնի անդամ լինելու  և քաղաքական պաշտոն զբաղեցնելու արգելքը։ Օրենքի լրամշակված նախագիծը, սակայն, այդպես էլ չհասավ ԱԺ (պատճառների մասին կարող եք կարդալ այստեղ)։   Ինչ կարգավորումներ է առաջարկում կառավարությունը հիմա  Այս տարվա սեպտեմբերին՝ 2 տարվա ընդմիջումից  հետո, հանրային քննարկման ներկայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։  Նախագիծը սահմանում է, որ բուհերն ունենալու են կառավարման երեք մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ և գործադիր մարմին՝ ռեկտոր։ «Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»,- ասվում է նախագծում: Ըստ նախագծի՝ ներկայումս Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում կամ դրանից դուրս գործող գիտական գրեթե բոլոր կազմակերպությունները միանալու են բուհերին։  Գիտական կազմակերպությունները բուհերի կազմում ունենալու են որոշակի ինքնավարություն, առանձին գիտական խորհուրդ, տնօրեն։ Նախագծով սահմանվում է, որ գիտական կազմակերպության տնօրենը ևս առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։ Կուսակցական լինելու արգելքը ոչ միայն ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի համար է։ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»,- ասվում է նախագծում: Նախագծում նշվում է, որ բուհի հոգաբարձուների խորհուրդը համարվելու է նաև դրա կազմում ընդգրկված գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդը։ Հոգաբարձուների խորհուրդն իրականացնելու է մի շարք կարևոր գործառույթներ, այդ թվում՝  բուհի տարեկան բյուջեի ու դրա փոփոխությունների հաստատումը, բուհի ռազմավարական ծրագրի հաստատումը, ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի ընտրությունը, պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը։ Նախագծով սահմանվում է, որ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ։ Անդամներից 10-ին ներկայացնում է բուհը՝ 5-ին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից) և 5-ին՝ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից: Մյուս 10 անդամներին առաջադրում է լիազոր մարմինը, այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն։ Լիազոր մարմնի առաջադրած անդամները կարող են լինել գիտության և կրթության․ հումանիտար, արվեստների կամ գործարար միջավայրի՝ բարձր հեղինակություն վայելող և պատասխանատու պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձիք՝ այդ թվում Սփյուռքի կամ այլ երկրի ներկայացուցիչներից։ Եվ չնայած չկա այնպիսի դրույթ, որը կարգելի հոգաբարձուների խորհրդի անդամին լինել կուսակցական կամ զբաղեցնել քաղաքական պաշտոն, նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար»։  «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց՝ նման անհամապատասխանության պատճառն այն է, որ հանրային քննարկման դրված նախագծում հոգաբարձուների խորհրդի անդամներին վերաբերող այդ դրույթը հստակ շարադրված չէ։ Ըստ կոմիտեի նախագահի՝ նախագծի՝ կառավարություն ուղարկվելիք լրամշակված տարբերակում հոգաբարձուների խորհրդի անդամներին վերաբերող ձևակերպումները հստակեցվելու են։  Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրվելու է հետևյալ տարբերակով․ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում և ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ քաղաքական, հանրային կամ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»: Եթե նախագիծը շարադրվի այս խմբագրմամբ, կնշանակի, որ հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն կարող առաջադրվել ոչ միայն կուսակցականներն ու քաղաքական պաշտոն զբաղեցնողները, այլև առհասարակ հանրային և համայքնային ծառայության պաշտոններ զբաղեցնողները։ ԿԳՄՍՆ-ն այս պահին առաջարկների հավաքագրման փուլում է, և նախագծի վերջնական լրամշակված տարբերակի հրապարակումից հետո պարզ կդառնա, թե ինչ խմբագրմամբ նախագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի ԱԺ-ում։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի ձևավորման նոր սկզբունքները գործելու են խոշորացված բուհերի համար։ Թե երբ տեղի կունենա բուհերի խոշորացումը, դեռևս հայտնի չէ։ Պետական բուհերից մի քանիսի խորհուրդների լիազորությունների ժամկետը լրանալու է 2025-ին, մի մասինը՝ 2026-ին, մի մասինը՝ 2028-ին։ Մինչ բուհերի խոշորացումը հոգաբարձուների խորհուրդները կշարունակեն ձևավորվել գործող օրենսդրությամբ։ Այսպիսով, չնայած 2018-ի իշխանափոխությունից հետո կառավարող ուժի խոստումներին՝ բուհերն ազատել կուսակցական ազդեցություններից, այսօր բուհերի կառավարման խորհուրդներում առկա է զգալի քաղաքական ներկայություն․ Երևանի 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներից 8-ը քաղաքական պաշտոնյաներ են, խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների 47%-ը քաղաքական պաշտոնյաներ են կամ կապված են կառավարող կուսակցության հետ, ԿԳՄՍ նախարարի առաջադրած անդամների 18.3%-ը պետական պաշտոնյաներ են կամ կապված են կառավարող կուսակցության հետ։ Չնայած վերոնշյալին՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է սահմանափակել կուսակցականների և քաղաքական պաշտոնյաների մասնակցությունը բուհերի կառավարմանը, սակայն այս սահմանափակումների գործնական կիրառումը դեռևս կախված է օրենքի վերջնական խմբագրությունից և բուհերի խոշորացման գործընթացից:   ¹ Հայաստանում բուհերն իրավակազմակերպական ձևով կա՛մ հիմադրամներ են, կա՛մ պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Հիմնադրամներն ունեն հոգաբարձուների խորհուրդներ, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունները՝ կառավարման խորհուրդներ։ Նյութում խորհուրդ/կառավարման խորհուրդ/հոգաբարձուների խորհուրդ ձևակերպումները համարժեք են, քանի որ տարբեր փաստաթղթերում հանդիպում են նշված բոլոր տարբերակները։ ⇑ ² Մեր ուսումնասիրած բոլոր 12 բուհերի կանոնադրություններով հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանված է 20։ ⇑ ³ Խորհուրդների կրկնվող անդամները հաշվվել են որպես առանձին անդամներ՝ ճշգրիտ պատկերը ստանալու համար։ Այն անձինք, ովքեր առաջադրվել են ի պաշտոնե, իսկ հետո նրանց պաշտոնը փոխվել է, տվյալներում ներկայացված են առաջադրման օրվա դրությամբ եղած պաշտոնով։ ⇑ ⁴ Պետական և համայնքային քաղաքական պաշտոնների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ⇑ ⁵ Նյութում որպես ՔՊ աջակից կամ փոխկապակցված անձ են նշվում նախկին ՔՊ-ականները, ՔՊ-ականների ընտանիքի անդամները, ՔՊ-ին նվիրատվություն կատարածները, ինչպես նաև հանրային (օրինակ՝ սոցցանցերով) աջակցություն հայտնածները։ ⇑ ⁶ Նկարում «պետական կառույց» ձևակերպումը վերաբերում է ՊՈԱԿ-ներին, պետության հիմնադրած կամ պետական մասնաբաժին ունեցող այլ կառույցների, հիմնադրամների ու կազմակերպություններին՝ բացառությամբ մշակութային, սպորտային, բժշկական, ուսումնական և գիտական կառույցների, որոնք նշված են որպես «պետական այլ կառույց»։ ⇑ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Լյուսի Մանվելյանի
18:51 - 04 դեկտեմբերի, 2024
ԿԿՀ-ն վարչական վարույթներ է հարուցել ՔՊ-ին նվիրատվություն կատարած որոշ անձանց նկատմամբ

ԿԿՀ-ն վարչական վարույթներ է հարուցել ՔՊ-ին նվիրատվություն կատարած որոշ անձանց նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ է հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություն կատարած մի քանի անձանց նկատմամբ, քանի որ վերջիններիս կատարած նվիրատվությունները չեն հիմնավորվել հայտարարագրած տվյալներով։ Ամիսներ առաջ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած հայտարարատու անձանց հայտարարագրերը և պարզել, որ որոշ պաշտոնյաների նվիրատվությունները գերազանցել են իրենց ունեցած միջոցները։  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանը ՔՊ-ին 2.5 մլն դրամ է փոխանցել, սակայն նրա ստացած եկամուտները 2.7 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։  Սիսիանի ավագանու անդամներից Արմենակ Միրզախանյանը 2023 թվականին դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել, սակայն մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը։ Նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ` Աշոտ Աղաջանյանը, ՔՊ կուսակցությանը 2 մլն նվիրատվություն է կատարել։ Նրա ստացած եկամուտները 1.9 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։ ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը, 2.5 մլն դրամ է նվիրաբերել ՔՊ կուսակցությանը։ Նրա հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում պարզել էինք, որ նրա ծախսերից 1.4 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնել են, որ կուսակցության հաշվետվության ուսումնասիրության արդյունքում բոլոր այն դեպերում, երբ նվիրատվություն կատարելն առերևույթ չի հիմնավորվել հայտարարագրված տվյալներով, անձանց ուղարկվել են գրություններ՝ կատարված նվիրատվությունների՝ օրինական եկամուտներով հիմնավորված լինելը հավաստող տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնելու պահանջով։  Ի թիվս այլ հայտարարատու անձանց՝ Հանձնաժողովը համապատասխան գրություններ է ուղարկել Արմեն Սարգսյանին, Աշոտ Աղաջանյանին, Արմենակ Միրզախանյանին և Գևորգ Բաղդասարյանին և վերջիններիս կողմից ստացել գրավոր պարզաբանումներ։ Այնուհետև Հանձնաժողովն  իրականացրել է պարզաբանումների գնահատում, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Նախաձեռնված վարչական իրավախախտման վարույթների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից վերջնական որոշում կկայացվի վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննություններից հետո, որի արդյունքում Հանձնաժողովը կարող է հայտարարատու անձանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, նախազգուշացնել կամ կարճել վարույթը։   Լյուսի Մանվելյան
17:51 - 04 դեկտեմբերի, 2024
Ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառով Հովիկ Գաբրիելյանին դարձյալ չէր բերել դատարան

Ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառով Հովիկ Գաբրիելյանին դարձյալ չէր բերել դատարան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով դատական նիստը այսօր ըստ էության չկայացավ․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակը հերթական անգամ կալանավորին չէր բերել դատարան։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը հայտարարեց, որ ՆԳՆ-ից ստացված գրության համաձայն՝ ուղեկցող գումարտակի ծառայողները կալանավոր Հովիկ Գաբրիելյանին չեն կարող ուղեկցել դատարան աշխատանքային ծանրաբեռնվածության եւ աշխատակազմի թափուր հաստիքների պատճառով։ Նշենք, որ սա միակ դեպքը չէ, երբ դատական նիստը հետաձգվում է, որովհետեւ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ չի կարողանում ապահովել կալանավորի ներկայությունը դատական նիստին։ Երբեմն էլ նույն պատճառաբանությամբ կալանավորները ուշացումով են բերվում դատարան, եւ դատավարության մասնակիցները ստիպված են լինում ժամեր շարունակ սպասել նիստի մեկնարկին։ Ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածությանը գումարվում է նաեւ դատավորների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը։ Իրենց վարույթում հարյուրավոր գործեր ունեցող դատավորները կարողանում են ամսական 1-2 դատական նիստ նշանակել, եւ եթե չի ստացվում այդ նիստերին ապահովել կողմերի կամ վկաների մասնակցությունը, առաջ է գալիս գործի քննության ձգձգման խնդիրը։ Ինչ վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությանը, այն դրսեւորվում է, օրինակ, շենքային պայմանների անբավարարությամբ։ Ինչպես այլ դեպքերում, այս գործով դատավորը եւս տեղեկացրեց, որ նիստերի դահլիճները բաժանվել են դատավորների միջեւ, եւ միակ օրը, երբ մինչեւ տարեվերջ ինքը կարող է եւս մեկ նիստ նշանակել, դեկտեմբերի 20-ն է՝ ուրբաթ, երբ դահլիճը տրամադրված է լինելու մեկ այլ դատավորի․ «Ուրբաթ օրերին ես իրավունք չունեմ այս դահլիճում նիստ նշանակելու, քանի որ դատարանի նախագահի հրամանով նիստերի դահլիճը բաժանվել է դատավորների միջեւ։ Ռիսկային է, բայց նշանակենք՝ հույսով, որ ազատ այլ դահլիճ կգտնենք»,– ասաց դատավոր Վարդգես Սարգսյանը։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ դատարանին գրություն է ուղարկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը՝ փոխանցելով կալանավոր Գաբրիելյանի լիազորագիրը եւ խնդրելով հաստատել այն։ Դրանով Գաբրիելյանը լիազորում է իր քրոջը, որ նա իր անունից հանդես գա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում (նախկինում տրամադրված լիազորագրի ժամկետն ավարտվել է,–հեղ․), մասնավորապես, շարունակի ստանալ որպես նախկին զինվորական իրեն հասանելիք պետական նպաստը եւ որպես Արցախից բռնի տեղահանված՝  Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը, ըստ էության, առարկություն ներկայացրեց՝ հիշեցնելով, որ դեռեւս նախնական քննության փուլում իր կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել, որի շրջանակում Գաբրիելյանի վրա դրվել է ենթադրյալ հանցագործության հետեւանքով պատճառված ավելի քան 41 միլիոն ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջ․ «Ուստի, խնդրում եմ այս հանգամանքը քննարկել հենց այդ համատեքստում՝ հաշվի առնելով, որ մեղադրողի կողմից նման պահանջ կա, ինչը դատարանի կողմից ընդունվել է»,– նշեց մեղադրողը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ Գաբրիելյանը մինչս այս չի փոխհատուցել այդ ենթադրյալ վնասը։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը արձագանքեց մեղադրողի ելույթին՝ նշելով, որ երբ դատարանը կորոշի անձի մեղավորությունը կամ անմեղությունը, այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Գաբրիելյանը այդ գումարը պետք է վճարի թե ոչ․ «Ամեն դեպքում, որեւէ բռնագանձում նպաստների եւ թոշակների հետ կապված հարկադիր կատարման ծառայությունը չի ապահովում, կա սահմանված ցանկ, թե ինչ գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել»,– ընդգծեց պաշտպանը՝ հավելելով, որ Գաբրիելյանի մայրը վատառողջ է, իսկ չափահաս զավակներից մեկն է աշխատում, ուստի այդ գումարը նրա ընտանիքին անհրաժեշտ է։ Լսելով կողմերի կարծիքը՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը նշեց՝ իր աշխատակազմը վեր կհանի համապատասխան օրենսդրական հիմքերը, ինչից հետո՝ հաջորդ դատական նիստին, դատարանը լուծում կտա հարցին։ Կալանավորից բացի այսօրվա դատական նիստին չէին ներկայացել նաեւ դատակոչված երկու վկաները․ Սարգիս Աբրահամյանն ու Դավիթ Մկրտչյանը հայտնել էին, որ ծառայության բերումով այսօրվա նիստին մասնակցել չեն կարող, եւ խնդրել էին հաջորդ նիստին իրենց ծանուցել զորամասի հրամանատարի միջոցով։ Դատարանը որոշեց հաջորդ նիստին դատակոչել Գորիսում ծառայող Դավիթ Մկրտչյանին եւ Երեւանում գտնվող Արմենակ Վիրաբյանին։ Հիշեցնենք՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ, ինչի հետեւանքով վերջիններս կրել են նյութական եւ մարդկային կորուստներ։ Գաբրիելյանը կալանավորված է ավելի քան մեկ տարի եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Լուսանկարը՝ սեպտեմբերի 27-ի նիստից Միլենա Խաչիկյան
18:32 - 27 նոյեմբերի, 2024
Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա

Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա

Հակակոռուպցիոն դատարանում գրեթե մեկամսյա դադարից հետո այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը։ Դատակոչվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանը եւ «Սյունիք–Սովխոզ» խմբավորման անդամ Աշոտ Ղուկասյանը։ Վերջինիս հարցաքննությանը հերթ չհասավ, դատավարության մասնակիցները ժամեր շարունակ հարցեր հղեցին Արմեն Հովհաննիսյանին։ Նա, սակայն, դեպքի մանրամասներից շատ բան չէր հիշում կամ դժվարանում էր պատասխանել։ Քիմիկների զորքը, հիշեցնենք, 2020թ․ հոկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողության։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում՝ իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։  Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Տուժողները կասկածում են՝ գուցե վկայի վրա ազդեցությո՞ւն է եղել Պատերազմի ժամանակ Կապանի ռազմական ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ նիստին։ Այդ ժամանակ նա պատմել էր, որ Քիմիկների հետ կատարվածից հետո ժամանել է ինքնապաշտպանական ջոկատի գնդապետ Արարատ Մանուչարյանը եւ ասել՝ իր տղաներից որեւէ մեկին տա, որպեսզի երեքով՝ իր վարորդի հետ միասին, գնան քիմիկների մոտ։ Հովհաննիսյանը որոշել է անձամբ գնալ։ Նպատակը, ըստ նրա, այն էր, որ Մանուչարյանը միանար զորքին, իսկ ինքը վարորդի հետ վերադառնար ոստիկանական հենակետ՝ թույլ չտալու, որ այլ անձինք գան, ինչը եւ եղել է։ Թե Մանուչարյանը միայնակ ինչու էր միանում կրակի տակ ընկած զորքին կամ ինչպես պետք է օգներ նրանց, դատավարության մասնակիցների համար անհասկանալի էր։ Այսօրվա ընթացքում քննարկվեցին քիմիկների զորքի՝ շրջափակման մեջ ընկնելուն հաջորդած այդ դեպքերը։ – Ո՞նց է ստացվել, որ հետ գալիս դուք չընկաք շրջափակման մեջ,– հարցրին տուժողների իրավահաջորդները։ – Ես հակառակորդ չեմ տեսել էն ճանապարհին, որով գնացել ենք,– պատասխանեց վկան։ – Բա հակառակորդը տղաների ավտոբուսները ո՞նց տեսավ․ ճանապարհը մեկն է,– վրդովվեց ծնողներից մեկը։  Այս հարցը, սակայն, մնաց անպատասխան։ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ հետագայում ինքը խոսել է ինքնապաշտպանական ջոկատի գնդապետ Արարատ Մանուչարյանի հետ, սակայն նա էական ոչինչ չի հայտնել, ասել է, որ իրեն միացել է Վարդան Ալեքսանյանը (Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահի 1-ին տեղակալն էր, նրա հարցաքննությունը՝ այստեղ), ապա միասին հետ են եկել, գնացել խմբավորման շտաբ՝ Մակարյանի մոտ։ Թե Ալեքսանյանին ինչպես է հաջողվել անվնաս անցնել այդ ճանապարհով կամ նա ինչ նպատակով էր միացել Մանուչարյանին, դարձյալ պարզ չէ։ Ծնողների հարցին՝ շրջափակման մեջ մնացած զորքին հետագայում օգնելու  մեկնե՞լ են, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ մանրամասներին տեղյակ չէ։ – Սերյոժա Գեւորգյանը օգնության գնացե՞լ է։ – Չգիտեմ։ Ստորաբաժանում օգնության գնացել է, բայց ինչ է եղել, երբ է եղել՝ ես չգիտեմ, չեմ հիշում։ – Օգնեցի՞ն․ երբ հետ եկան, ձեր մոտով են անցել։ Այս հարցի պատասխանը, սակայն, եւս վկան չուներ։ Նա չհիշեց նաեւ, թե առաջին խորհրդակցությանը, որի մասին նախորդ ցուցմունքում նշել էր, ինչ խնդիրներ են դրվել, նշեց միայն՝ ներկայացվել են հրամանատարները, նշվել հաստիքները։ – Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք ասում․ պատերազմ է, բոլորին հավաքում են, պաշտոնները թվարկում, ասում՝ վե՞րջ, գնացե՞ք,– վրդովվեց պաշտպաններից Ամրամ Մակինյանը։ Վկայի անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվողներին, որոնք կասկած հայտնեցին՝ գուցե վկայի վրա ազդեցությո՞ւն է եղել։ Դատավորը հարցն ուղղեց վկային․  – Ինչ–որ ազդեցություն եղե՞լ է Ձեզ վրա։ – Ոչ, չի եղել, ես ոչ մեկին չեմ հանդիպել, ոչ մեկը ինձ նման բան չի ասել,– պնդեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պարզապես ժամանակ է անցել, հիմա շատ բան չի հիշում։ – Դուք հաճա՞խ եք պատերազմի մասնակցում,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը՝ ակնարկելով, թե ինչպես կարող է նման դեպքը մոռանալ։ Ի պատասխան՝ վկան հայտնեց, որ մասնակցել է Արցախյան առաջին, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։ Տուժող կողմը, փորձելով հասկանալ, թե վկան վարորդի եւ Մանուչարյանի հետ Զանգելանի ուղղությամբ գնալիս կոնկրետ ուր է հասել, հետաքրքրվեց՝ գերեզմանները տեսե՞լ են։ Վկան, սակայն, դժվարացավ հիշել։  – Եթե հասել են էդտեղ, ո՞նց կարող էին գերեզմանները չտեսնել, էդ դեպքը էդտեղ է եղել,– պնդեց տուժողներից մեկը՝ դիմելով Արսեն Աբգարյանին,– Չէ՞, Արսեն։ Մեղադրյալ Արսեն Աբգարյանը գլխով հաստատական նշան արեց։ Հարցեր հղեց նաեւ պաշտպանական կողմը Վկա Արմեն Հովհաննիսյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Արսեն Աբգարյանը՝ հետաքրքրվելով՝ եթե իրենց հրահանգել էին, որ զորքը իջնի, ոտքով գնա, ինչո՞ւ են իրենք ավտոբուսներին թույլ տվել անցնել․ – Ձեր պարտականությունը չէ՞ր կանգնեցնել, ճշտել՝ ինչո՞ւ են ավտոբուսներով գնում,– հարցրեց նա։ – Մտածել եմ՝ մարտական խնդրի փոփոխություն է եղել,– պատասխանեց վկան։ – Սակայն ի՞նչ տարբերություն, պարտավոր չէի՞ք կանգնեցրել, ճշտել։ Ինչո՞ւ չեք իրականացրել այդ խնդիրը (զորքի ժամանման պահին վկա Արմեն Հովհաննիսյանի հերթապահությունը ավարտված է եղել, հերթապահել է Զախար Մինասյանի խումբը,–հեղ․)։ – Վարդան Ալեքսանյանն ասել էր՝ զորքը գալու է, կանգնի, ոտքով գնա, բայց չի ասել՝ չթողնեք ավտոբուսներով գնա։ Իսկ երբ եկել են, արդեն Զախար Մինասյանի հերթափոխն էր,– կրկնեց վկան։ Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ վկան ասաց նաեւ, որ Զախար Մինասյանին փոխանցել է Վարդան Ալեքսանյանի այդ հրահանգը, ասել, որ զորքը գալու է, իջնի, երթը ոտքով շարունակի դեպի Կիրի հանք։ Նախորդ նիստին, սակայն, հանրային մեղադրողի հարցին ի պատասխան ասել էր, թե ոտքով գնալու մասին չի նշել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը փորձեց ճշգրտել՝ ի վերջո ի՞նչ է ասել Մինասյանին․ – Որ զորքը գալու է մեքենաներով, պիտի իջնեն ու ոտքով գնան Կիրի հանք։ – Էդ դեպքում նախկին նիստին ինչո՞ւ էիք այլ բան ասում։ – Չէի հիշում,– պատասխանեց վկան։ Վկայի ցուցմունքներում առկա էին հակասություններ Մեղադրող Նավասարդյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, երբ նա առերես հարցաքննվել է հիշյալ Զախար Մինասյանի հետ։ Նշենք՝ առերես հարցաքննությունը միաժամանակյա հարցաքննությունն է երկու այն անձանց, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի հարցին ի պատասխան՝ Զախար Մինասյանը հայտնել է, որ ինքը չի լսել, որ Վարդան Ալեքսանյանն ասել է՝ զորքը պիտի իջնի, ոտքով գնա Կիրի հանք․ «Եթե լսած լինեի, միջոցներ կձեռնարկեի, իսկ եթե ինչ–որ բան փոխված լիներ, մենք իրենց հետ կապ չենք ունեցել, մեզ չեն նախազգուշացրել»,– ընթերցեց մեղադրողը։ Նույն հարցաքննության ժամանակ վկա Արմեն Հովհաննիսյանն էլ ասել է․ «Նորից եմ կրկնում՝ ես Զախարին չեմ ասել, թե Վարդան Ալեքսանյանը ինչ է ասել, քանի որ մտածել եմ, թե Զախարը լսել է այդ մասին»։ Քննիչը հետաքրքրվել է՝ եթե Վարդան Ալեքսանյանը մինչ Զախար Մինասյանի իրենց մոտենալն է դա ասել, ապա ի՞նչ հիմքով է վկան ենթադրել, որ Զախարը լսել է․ «Այդ խոսակցության ընթացքում է Զախարը մեզ մոտեցել, դրա համար եմ ենթադրել։ Եթե իմանայի, որ չի լսել, կասեի։ Ավելացնեմ նաեւ, որ մեզ չի պարտադրվել մեքենաներին չթողնել անցնել․․․»,– ասել է Հովհաննիսյանը։ Ընթերցելով ցուցմունքը՝ Դավիթ Նավասարդյանը խնդրեց պարզաբանել այս հակասությունը․ – Նախաքննության ժամանակ ասածս եղել է ճիշտ, ավելի հստակ հիշելիս եմ եղել, հիմա հնարավոր է սխալվեմ, որովհետեւ շատ հանգամանքներ արդեն չեմ հիշում,– պնդեց վկա Արմեն Հովհաննիսյանը։ Ստացվում է՝ զուտ իր ենթադրության վրա հիմնվելով՝ վկա Արմեն Հովհաննիսյանը Զախար Մինասյանին հստակ չի փոխանցել ստացված հրամանը, ինչի արդյունքում էլ զորքի ժամանելու պահին Մինասյանը ըստ այդ հրամանի չի գործել։ Արմեն Հովհաննիսյանը ընդունում է, որ բացթողումներ են եղել Մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց՝ վկան կապի միջոց ունեցե՞լ է։ Հովհաննիսյանը հաստատապես նշեց բջջայինի մասին։ Պաշտպանի հարցին՝ արդյոք ավելի հեշտ չէ՞ր զանգել, Մանուչարյանին ասել՝ ճանապարհը փակ պահեն, ոչ թե վարորդի հետ ետ գնալ, վկան պատասխանեց, թե այդ պահին այդ մասին չի մտածել, ոչ մեկին չի զանգել։ Մակինյանը փորձեց նաեւ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է ինքը ուղեկցեր վարորդին․ եթե վարորդը մի ճանապարհով գնում է, չէ՞ր կարող նույն ճանապարհով հետ գալ։ – Մանուչարյանը խնդրեց, որ մարդ տամ, որ վարորդին հետ ուղեկցի, ես գնացի։ Թե ինչում էր դրա անհրաժեշտությունը, չեմ կարող ասել։ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն էլ բազմաթիվ հարցերից հետո հետաքրքրվեց՝ ի վերջո, այս ամենի արդյունքում կամ հետեւանքով թերացե՞լ եք Ձեր պարտականությունների մեջ։ Րոպեական լռությունից հետո վկան պատասխանեց․ – Բացթողումներ եղել են։ Այս պատասխանից հետո Դավիդյանը հայտարարությամբ հանդես եկավ․ – Ինչպես նախորդիվ հարցաքննված վկաները, նաեւ սույն նիստով հարցաքննվող վկան, միաձայն նշել են եւ ընդունել են, որ իրենք համարվել են զինվորական ծառայողներ, իրենց վրա դրված էին զինվորական կարգավիճակից բխող գործառույթներ, եւ նշել են, որ թերացել են իրենց ծառայության մեջ։ Հայտարարությունս հետեւյալն է․ հարգելի՛ ծնողներ, տվյալ անձինք ոչ թե պետք է հարցաքննվեին որպես վկա, այլ նախաքննության ընթացքում պետք է լինեին դատավարության մասնակից, որովհետեւ դատաքննության ընթացքում վկաներին առերես հարցաքննելու հնարավորություն չկա, եւ այստեղ արդարադատության իրականացման խնդիր է ծագում, որովհետեւ բոլոր վկաները տալիս են իրարամերժ ցուցմունքներ։ Պաշտպանի հայտարարությանը արձագանքեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը․ – Արսեն Աբգարյանին մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ մանրամասն նշված է, թե պաշտոնից բխող ինչ պարտականություններ նա ուներ, որտեղ է թերացել, ինչ է արել եւ նմանատիպ այլ հանգամանքներ։ Ինչ վերաբերում է մնացած անձանց թերացումներին, դրանց հետ կապված որեւիցե հիմնավոր հայտարարություն ես չլսեցի, ընդամենը հայտարարություն էր՝ կարծես թե միտված դատավարությանը ներկա մասնակիցներին Արսեն Աբգարյանի մեղադրանքից շեղելու։ Իսկ որ նշեց՝ բոլորը հանդիսացել են զինվորական ծառայողներ, այդ հանգամանքները հավաստվում են կոնկրետ ապացույցներով, կոնկրետ փաստաթղթերով, որոնք, եթե պաշտպանական կողմը ներկայացնի, կքննարկենք, մեր դիրքորոշումը կհայտնենք։ Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանն էլ ընդգծեց, որ գործը դատարանում քննվում է ըստ մեղադրանքի, եւ դրա սահմաններից դուրս այլ անձանց գործողություններին անդրադառնալու իրավասություն դատարանը չունի․ դա քննչական մարմինների իրավասության դաշտում է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին՝ ժ․ 15։00-ին։   Միլենա Խաչիկյան
23:03 - 26 նոյեմբերի, 2024
«Կարո՞ղ էր Գոռ Իշխանյանն ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների ծնողների հարցաքննությունը

«Կարո՞ղ էր Գոռ Իշխանյանն ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»․ շարունակվում է Հադրութում զոհված 73 զինծառայողների ծնողների հարցաքննությունը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործով տուժողների հարցաքննությունը։ Դատարանում ցուցմունք տվեցին զոհված զինծառայողների ծնողներ Ալեքսանդր Ղազարյանը եւ Արթուր Թեւոսյանը։  Ինչում են մեղադրվում սպաները Այս գործով երկու մեղադրյալ կա՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Այժմ գործով  երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը, իսկ դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։  Մինչեւ պատերազմի ավարտ ծնողները չեն իմացել, որ որդիները զոհվել են․ Ալեքսանդր Ղազարյանի հարցաքննությունը Տուժող Ալեքսանդր Ղազարյանի որդին՝ Էդուարդ Ղազարյանը, 44-օրյա պատերազմի սկսվելու ժամանակ արդեն 1 տարի 9 ամիս ժամկետային ծառայության մեջ է եղել Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտում։ Սեպտեմբերի 27-ից նա մարտական հերթապահության է եղել Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի առաջնագծում։ Վերջին անգամ հոր հետ խոսել է հոկտեմբերի 10-ին, դրանից հետո ընտանիքի անդամների հետ կապը կորել է, եւ հարազատները միայն պատերազմի ավարտից հետո են իմացել, որ որդին վաշտի ողջ անձնակազմի հետ զոհվել է Հադրութում։ Զոհվածների հարազատները՝ նիստերի դահլիճում Ալեքսանդր Ղազարյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հույս են ունեցել, որ Էդուարդի հետ ամեն ինչ կարգին է, քանի որ Մարտունու զորամասի դիրքերը լավ կահավորված են եղել։ Հայրը հոկտեմբերի 12-ին Արցախում է եղել եւ Ասկերանում մարտական գործողություններին մասնակից իր ընկերներից է իմացել, որ որդու վաշտի հետ կապը կորել է․ «Ինձ ասեցին ուղղակի կապ չկա, երեխեքը գործողության են, մենք Ասկերանի յան էինք, ռմբակոծում էին։ Ասեցին արխային գնա, արտիլերիան ա աշխատում, մենք բան կանենք, կկապնվեն քո հետ․․․ Բայց դու մի ասա՝ սաղ սուտ էին խոսում էլի»։ Հաջորդ անգամ միայն նոյեմբերի 11-ին են Ալեքսանդրը, կինը եւ նրանց մեծ որդին գնացել Արցախ։ - Այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 9 դուք չեք իմացել, որ ձեր որդին զոհված է,- ասաց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ - Չէ, էդի ով ա իմացել։ Ասում էին՝ գնացել են գործողության, կապ չկա, բայց սկի խաբար չէին, թե ոնց կապ չկա։ Բայց հետո, որ գնացինք չաստ, ծնողները մանր-մանր հավաքվան, սկսանք իրար ճանաչել, նայեմ՝ աֆիցեռները ցավակցում են, խառնվանք իրար՝ ոնց ցավակցում են։ Նոր Իշխանյանի հետ հանդիպեցինք, ասեց՝ դե, գնացել են գործողության, կապը չկա, չգիտենք՝ էդ վաշտը ուր ա։ - Մոտ մեկ ամիս եւ ավելի զորամասից որեւէ մեկը ձեզ չի հայտնե՞լ, որ երեխաները չկան կամ կապ չկա, կամ ենթադրենք գերի են, կամ զոհվել են։ - Չէ, ոչ մի բան, ասել են՝ գնացել են գործողության, կապը չկա։ - Երբ պարզ դարձավ, որ ձեր որդիները զոհվել են, դրանից հետո ո՞ւմ եք հանդիպել, ի՞նչ է պարզվել։ - Առաջին հերթին Իշխանյանի հետ էինք հանդիպում, Իշխանյանի կողքը վեչնի եղել ա 3-րդի կամանդիր դիվիզիին՝ Պողոսյան Սամվելը։ Շուշիում, որ դիակներ էինք հանում, խառը վիճակ էր, չէինք իմանում՝ ինչ ա կատարվում, Իշխանյանի հետ էդ վախտ հանդիպեցինք, էլի իրանն էր պնդում, որ էդ երեխեքին հեսա հանգստացեք, կգնանք, կհանենք, կարող ա պախկված են․․․ Ոչ մի բան չէր ասում։  Ալեքսանդր Ղազարյանը Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ պատերազմի ավարտից հետո Հադրութից կարողացել են հանել իրենց զավակների մարմինները․ «Երեխեքին սկսանք հանելը։ Կոդավորելը, ուղարկելը Երեւան․․․»։ Ըստ տուժողի՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ասել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանն է հրաման տվել, որ զորքը գնա ու անցնի 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության տակ։ Այդ ժամանակ Ալեքսանդր Ղազարյանն Իշխանյանին հարցրել է՝ բայց Մարտունի 3-ը Կարեն Առստամյանի հետ ի՞նչ կապ ունի։ Այս հարցը ծագում է, քանի որ Մարտունի 2-ն է եղել 18-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, ոչ թե Մարտունի 3-ը։ 3-րդ պաշտպանական շրջանի դիվիզիայի հրամանատարը եղել է Ալեքսանդր Ղազարյանի հիշատակած Սամվել Պողոսյանը։ Ինչպես նախորդիվ հարցաքննված ծնողները, այնպես էլ Ալեքսանդր Ղազարյանը հիշատակեց այն հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ ծնողների եւ հրամանատարների միջեւ։ Տուժողը եւս ասաց, որ երբ Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ չես զանգել երեխեքին [իմանալու համար, թե ուր են հասել], Իշխանյանն ասել է՝ «մտքովս չէր անցնում, որ կարող ա երկու ժամ հետո հասնեն ընդեղ»։ Տուժողը մտաբերեց նաեւ 1-ին գումարտակի հրամանատար (կամ հրամանատարի տեղակալ․ այս հանգամանքը դատարանում չի հստակեցվել) Սեւակ Սարգսյանի հետ ունեցած զրույցը։ Նա այն սպան է, որը նահանջել է իր զբաղեցրած մարտական դիրքից, որտեղ հետագայում նրանց փոխարեն ուղարկվել է 7-րդ վաշտի անձնակազմը։ Սարգսյանին Ղազարյանը հարցրել է՝ ինչո՞ւ ես թողել, փախել, քո պատճառով մեր երեխեքը զոհ դառան, ինչին Սեւակ Սարգսյանն արձագանքել է, թե՝ ո՞նց եմ փախել, եթե Իշխանյանն իմ հետեւից մեքենաներ է ուղարկել, ես էլ 300 հոգուց 3 զոհ տալով նահանջել եմ։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը - Սեւակն ասեց՝ երբ մենք հետ եկանք, իմ ավտոյի մատոռն էր խփում, ես զեկուցել եմ, բան, գնացի, մտա լողանալու, մինչեւ եկա, հասա Ավոյի աղբյուրը, արդեն երեխեքին տարել էին,- նշեց տուժողը։ - Ըստ Սեւակի խոսքերի՝ նա դուրս է եկել, նահանջել էն հատվածից, որտեղ 7-րդ վաշտի զինծառայողներն ընկել են հերտակոծության տա՞կ,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Ինքը դեպի 9կմ-ից ա նահանջել, էրեխեքը հլը 9կմ-ն անցել են, իսկ ինքը արդեն 9կմ-ի կողմից ա նահանջել։ - Իսկ Գոռ Իշխանյանը իմացել է՞, որ 9կմ-ի շրջանն արդեն իսկ հրետակոծվում է։ - Բա եթե Սեւակը օգնություն ա խնդրում, ավտոներ ա խնդրում, ո՞նց չի իմացել։ - Երբ Սեւակը տեղեկացել է, որ 7-րդ վաշտի զինծառայողները գնացել են էն շրջան, որտեղից ինքը նահանջել է, որոշակի գործողություններ կատարել է՞, որ կանխի նրանց առաջ գնալը, կամ հայտնե՞լ է Գոռ Իշխանյանին։ - Ինքը մինչեւ էդ ա Գոռին ասել, ասել ա՝ ըտեղ երեխա չուղարկես։ Հաջորդիվ տուժողին հարցեր տվեց պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը մասնակցո՞ւմ էր ծնողների հետ հանդիպումներին։ Ալեքսանդր Ղազարյանն ասաց՝ այո, մասնակցում էր։ Պաշտպանը հարցրեց՝ իսկ Արայիկ Հարությունյանը նրան մեղադրե՞լ է, թե ինչու չի դիմավորել 7-րդ վաշտին։ Տուժողը մտաբերեց, որ ավելի շատ Կարեն Առստամյանն է մեղադրել ՊԲ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանին եւ Գոռ Իշխանյանին․ - [Գոռին] ասեց՝ դու ինձի տեղյակ պահե՞լ ես։ - Գոռն ի՞նչ պատասխանեց,- հարցրեց պաշտպանը։ - Ձեն չհանեցին։ Ջալալը ըտեղ չէր։ - Գոռ Իշխանյանը ի՞նչ պատասխաներ, որ Կարեն Առստամյանի կապը Ջալալի հետ ա եղել, ի՞նչ կարելի էր ակնկալել։ - Վաբշետը կապը երկու դիվիզիաների կամանդիրների մեջ ա լինում,- նշեց տուժողը։ - Ահա, իսկ ինքը դիվիզիայի հրամանատար չի։ Լավ, իսկ Կարեն Առստամյանը Արայիկ Հարությունյանի ընկե՞րն է։ - Ես չեմ կարա ասեմ։ - Խոսքի մեջ տպավորություն ունեցե՞լ եք, որ Կարեն Առստամյանի նկատմամբ մի փոքր կանխակալ վերաբերմունք ունենա Արայիկ Հարությունյանը։ - Որ մոտի՞կ լինեն։ - Որ մոտիկ են, նկատեցի՞ք։ - Դե սաղ էլ իրար մոտիկ են, կարա լինի։ - Գոռ Իշխանյանի նկատմամբ Արայիկ Հարությունյանը մեղադրող հարցեր էր տալի՞ս, իսկ Կարեն Առստամյանի նկատմամբ էդպիսի բան չկա՞ր,- հարցրեց պաշտպանը, եւ ծնողներից մեկը տեղից ասաց, որ ոչ մեկի նկատմամբ էլ մեղադրական չի եղել։ Պաշտպան Դավիթ Կարապետյանը հարցրեց, թե Գոռ Իշխանյանը ինչ պիտի աներ, որ չի արել։ Ալեքսանդր Ղազարյանը նշեց, որ, ըստ իրեն, Գոռ Իշխանյանը պետք է ճանապարհն ապահովեր, պետք է քարտեզ տրամադրեր, կապի մեջ լիներ։ Երբ պաշտպանական կողմն ասաց՝ ի՞նչ քարտեզի անհրաժեշտություն է եղել, երբ զորքին հստակ տեղակայման վայր է ասվել, տուժողն ասաց, որ դեպի 9կմ գնացող երկու ճանապարհ է եղել։ Պաշտպանն էլ նշեց, որ Գոռ Իշխանյանը նաեւ ճանապարհն է ճշտել եւ հաղորդել վաշտին։ Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Արման Բայադյանը, Արտակ Հովհաննիսյանը (աջից՝ ձախ) Պաշտպանը տուժողից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է, որ իրականում Կարեն Առստամյանը չի դիմավորել զորքին։ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ հնարավոր է, սակայն միաժամանակ նշեց, որ երբ զանգել են Կարեն Առստամյանին, եկել, հանդիպել է իրենց, իսկ երբ զանգել են Գոռ Իշխանյանին, խուսափել է։ Կարեն Առստամյանն ասել է, որ իրենց տեղյակ չեն պահել վաշտի երթի մասին․ Արթուր Թեւոսյանի հարցաքննությունը Հաջորդիվ հարցաքննվեց Արթուր Թեւոսյանը, որի երկու զավակներն էլ զոհվել են Հադրութի Այգեստան գյուղում։ Վահե եւ Դավիթ Թեւոսյանները Մարտունու առաջնագծում են եղել մինչեւ 9կմ մեկնելու հրաման ստանալը։ Սեպտեմբերի 27-ին Թեւոսյանի փոքր որդին եղել է Մարտունու առաջնագծում, մեծ տղան՝ Նուբարաշենում է եղել՝ դիպուակահրի դասերի, մի քանի օր հետո է մեկնել Արցախ ու ողբորից 100մ հեռու դիրքավորվել։ Թեւոսյանը շատ մանրամասների չէր տիրապետում իր որդիների զոհվելու հանգամանքի հետ կապված․ ասաց՝ շատ վատ վիճակում է եղել, եւ այդ հարցերով զբաղվել է իր եղբորորդին։ Արթուր Թեւոսյանը «Ես ծնողներից եմ իմացել՝ ինչն ինչոց ա, որ իրանք գնացել են Արցախ, խաբել են, ասել՝ անտառներում են»,- ասաց Թեւոսյանը։ Ըստ նրա տեղեկությունների՝ Գոռ Իշխանյանն է հրաման տվել մեկնել 9կմ, իսկ այդ հրամանը ստացել է Ջալալ Հարությունյանից։ Հանրային մեղադրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ Կարեն Առստամյանը զորքին չի դիմավորել, տուժողը պատասխանեց, որ Առստամյանն ասել է, որ իրեն որեւէ մեկը տեղյակ չի պահել, որ վաշտ են ուղարկում։ - Դուք հարցրե՞լ եք՝ ով պետք է ասեր,- ճշտեց հանրայն մեղադրողը։ - Ով ուղարկել ա, Գոռ Իշխանյանը, էլի, Ջալալն ա ուղարկել, Ջալալն ասում ա՝ ասել եմ։ - Այդ ժամանակ փորձե՞լ եք Գոռ Իշխանյանին կամ Ջալալ Հարությունյանին գտնել, կապ հաստատել։ - Այո՛, հանդիպել եմ Ջալալի հետ, ասում ա՝ ես ճիշտ եմ ուղարկել, ես էսինչ կոորդինատով եմ ուղարկել, գնդի հրամանատարն ա սխալ ուղարկել։ - Իսկ գնդի հրամանատարը ի՞նչ է ասում։ - Չեմ խոսել, ստեղ եմ տեսել։ Թեւոսյանն այլ տեղեկություններ չէր մտաբերում, շատ բաներ նա իմացել էր այն ծնողներից, որոնք մեկնել էին Արցախ, հանդիպել տարբեր զինվորականների հետ։ Տուժողն ասաց, որ սպասում է, թե երբ է հնարավորություն ունենալու հարցեր տալ Իշխանյանին եւ Ջալալ Հարությունյանին․ «63 տարեկանում ինձ թողեցին առանց ժառանգ, կարո՞ղ էր Գոռ Իշխանյանը ինձ զրկել զավակ ունենալու իրավունքից»։ Նշենք, որ դատական նիստերի դահլիճում իրավիճակն այսօր մի պահ լարվեց, երբ քննարկվում էր դատական նիստի օր նշանակելու հարցը։ Ծնողները մտավախություն ունեն, որ կարող է գործի վաղեմության ժամկետն անցնել, ու մեղավորները չպատժվեն։ Այս գործով նախորդ նիստը կայացել էր մեկ ամիս եւ ավելի առաջ, իսկ հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 10-ին։  Հայարփի Բաղդասարյան
20:28 - 26 նոյեմբերի, 2024
Զորամասի հրամանատարի խոսքով՝ մայոր Հայկազ Գրիգորյանի վաշտին նահանջի հրաման չի տրվել

Զորամասի հրամանատարի խոսքով՝ մայոր Հայկազ Գրիգորյանի վաշտին նահանջի հրաման չի տրվել

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում երեկ տեւեց մոտ 6 ժամ․ հարցաքննվում էին այս գործով վերջին երկու վկաները՝ պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարն ու զորամասի հրամանատարը։ Հակակոռուպցիոն դատարանում քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։  Ըստ վկայի՝ 13-րդ վաշտը երկրորդ բնագծում է եղել Առաջինը հարցաքննվեց 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, այժմ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը, որի ղեկավարած ստորաժաբանումները եղել են Հայկազ Գրիգորյանի ղեկավարած վաշտի զբաղեցրած բնագծի հարեւանությամբ։ Արսեն Խաչատրյանն ասաց, որ Հայկազ Գրիգորյանին ճանաչում է, նրա հետ ունեցել է ծառայողական, բարիդրացիական հարաբերություններ։ Ենթադրյալ նահանջի դեպքերից հետո նրա հետ առնչություն չի ունեցել։ Գումարտակի հրամանատարը պատմեց, որ 2020թ․ սեպտեմբերի 25-ից մարտական հերթապահության է ընդգրկվել։ Դիրքերում նրա աջ հարեւանը 2-րդ հրաձգային գումարտակն է եղել, ձախ հարեւանը՝ 1-ին պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակը։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, տեղի է ունեցել զորքերի վերախմբավորում, ինչի արդյունքում աջ հարեւանը մնացել է 2-րդ հրաձգային գումարտակը, իսկ ձախ հարեւանությամբ տեղակայվել է 4-րդ գումարտակը։ Խաչատրյանի ղեկավարած գումարտակը պաշտպանությունը զբաղեցրել է բնակավայր Հորադիզի ավերակներից դեպի հյուսիս ուղղությամբ։ Իսկ 5-րդ ուսումնական գումարտակը վերախմբավորման ժամանակ 1-ին գումարտակից մի դիրք հետ է զբաղեցրել պաշտպանությունը։ Մի պահ, երբ առաջնագիծը խախտվել է, Հայկազ Գրիգորյանի 13-րդ վաշտը մոտ է եղել 1-ին գումարտակի ստորաբաժանումներին։ Ըստ վկա Արսեն Խաչատրյանի՝ 13-րդ վաշտի զբաղեցրած բնագիծը համարվում է երկրորդ էշելոն։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային փոխանցեց քարտեզի մի հատված՝ խնդրելով դրա վրա նշել, թե որտեղ են տեղակայված եղել 1-ին գումարտակը, նրա աջ եւ ձախ հարեւանները, 1-ին գումարտակի հրամանատարական դիտակետը եւ այն հատվածը, որտեղ մարտական խնդիր է կատարել Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը։ Վկան կատարեց ընդգծումներ՝ կողմերին բացատրելով իր նշումները։ Առաջին օրը, ըստ վկայի, հակառակորդը գրոհ է իրականացրել 1-ին եւ 2-րդ գումարտակների զբաղեցրած դիրքերի ուղղությամբ։ Այդ հարձակման հետեւանքով 130-136 մարտական դիրքերը հետ են քաշվել եւ զբաղեցրել 3-րդ խրամատը։ Հակառակորդին հաջողվել է տիրել մինչեւ վաշտի հրամանատարական դիտակետի բնագիծ՝ առաջխաղացման խորությունը մոտ 400 մետր, իսկ ձախ թեւից 139, 140, 141, 142, 144 մարտական դիրքերը։  Փոխգնդապետի խոսքով՝ երեկոյան հակառակորդը կանգնեցվել է, ինչից հետո հակագրոհների շնորհիվ դիրքերը որոշակիորեն վերականգնվել են, վերադարձվել է 5 մարտական դիրք, ինչպես նաեւ վաշտի հրամանատարական դիտակետը, մնացած դիրքերում, որոնք գտնվել են աջ կողմում՝ 2-րդ գումարտակի պաշտպանության հատվածում, ամրացել է հակառակորդը։ Վկան ասաց, որ 2-րդ գումարտակի վերջին դիրքը հարեւան է եղել իրենց գումարտակի 128 դիրքին, եւ այդ վերջին դիրքի ողջ մնացած անձնակազմը (վկան միայն վաշտի ավագին մտաբերեց) միացել է 1-ին գումարտակի 3-րդ հրաձգային վաշտին։ 13-րդ վաշտի դասակի հրամանատարն ասել է, որ ուզում են հետ գնալ ու գիշերը լքել են դիրքը Հանրային մեղադրողը հստակեցրեց՝ այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի վաշտի զբաղեցրած դիրքը այդ գրոհի արդյունքում առաջնագիծ չի դարձել․ վկան հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ նրանց զբաղեցրած բնագիծը առաջնագծից մոտ 3-4կմ հեռավորության վրա պետք է լիներ։ 1-ին գումարտակի հրամանատարն իմացել է, որ իրենց թիկունքում տեղակայված է 13-րդ վաշտի դասակ, այդ մասին նրան հաղորդել է զորամասի շտաբի պետը․ «Այսինքն՝ իրենց համար նախատեսված պաշտպանությունը որոշակի փոփոխության է ենթարկվել, մի դասակ տեղակայվել է իրենց նախկին դիրքից մի փոքր աջ-ձախ, բայց նույն տեղանքում։ Տվյալներ կային, որ հակառակորդին հաջողվել է մտնել Հորադիզի անտառ, դրա համար մի քիչ ձեւափոխություն էին արել»,- մանրամասնեց Խաչատրյանը։ Հանրային մեղադրողը ճշտեց․ - Այսինքն՝ խնդիրը եղել է պաշտպանություն իրականացնել հնարավոր հարձակման պարագայում։ - Հա, անտառով Ֆիզուլի-Հորադիզ մայրուղին ա գնում, ասֆալտապատ ճանապարհ ա, հիմնականում էդ ճանապարհի ուղղության վրա են նշանակվել։ Էդտեղ ղեկավարն էղել ա դասակի հրամանատար լեյտենանտ [Գագիկ] Հարությունյանը։ Իր հետ եմ խոսել հեռախոսով։ - Ի՞նչ եք խոսել։ - Էն խոսակցությունը, որ չենք դիմանում, չենք կարում ստեղ մնանք, ես էլ ասել եմ՝ պիտի մինչեւ առավոտ մնաք, հասկանանք՝ ստորաժանումը փոխարինվի, ինքնագլուխ որոշում չկայացնեք։  - Ինչո՞ւ եք ասել ինքնագլուխ որոշում չկայացնես, ինչո՞վ էր դա պայմանավորված։ - Խոսակցությունն են տեքստով էր, որ չենք դիմանում, ուզում ենք հետ էթանք, մեր դիրքը փոխենք, տեղը լավ չի, հարմար չի․․․։ Ասեցի, որ պիտի ճշտենք, եթե կարիք կա այլ ստորաբաժանման․․․։ - Ումի՞ց պիտի ճշտեիք։ - Զորամասի ղեկավարությունից, որովհետեւ ինձ ենթակա ստորաբաժանում չեն։ Դրա համար ասել եմ՝ պիտի ճշտենք, բացի էդ՝ էդ կարեւոր ուղություն ա, եթե դուրս գաք, կարող ա շրջանցեն, մտնեն գումարտակի թիկունք, արդեն իմ համար մեծ խնդիր կստեղծվի։ - Սպասեցի՞ն, ձեր հոդրորները լսեցի՞ն։ - Չէ,- պատասխանեց վկան։ Նա լուսադեմին է իմացել, որ դասակը գիշերը լքել է մարտական դիրքը։ Խաչատրյանը ստիպված է եղել իր ղեկավարած ստորաբաժանումից մի ջոկ առանձնացնել՝ 5-հոգանոց անձնակազմով, եւ տեղակայել լքված բնագծում։ Վկայի խոսքով՝ խնդրի մասին վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, հաջորդ օրերին փոխարինող ստորաբաժանումներ են ուղարկվել այդ տեղանք։ 1 վաշտի չափով համալրումը եղել է մոբից եւ երկրապահներից։ Հարցին՝ ինչու է 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի դասակի հրամանատարը զանգել իրեն՝ 1-ին գումարտակի հրամանատարին, այլ ոչ թե իր վերադասին, վկա Խաչատրյանն ասաց, որ Հարությունյանը նախկինում ծառայել է իր ենթակայության ներքո, եւ, հավանաբար, դա է պատճառը։ Վկան հերքում է դասակի հրամանատարի պնդումը, թե իրենց դիրքին հակառակորդի 100 տեխնիկա է մոտեցել Ինչն է եղել վաշտի՝ դիրքը թողնելու որոշման պատճառը․ սա երեկվա նիստում ամենաշատ հնչած հարցն է։ Գագիկ Հարությունյանն իր հարցաքննության ժամանակ ասել է, որ իրենց դիրքի ուղղությամբ հակառակորդի մեծաքանակ՝ մոտ 100 զրահատեխնիկա է մոտեցել, ինչպես նաեւ բազմաթիվ մարդուժ։ Այս պնդումը, սակայն, հերքեց ինչպես 1-ին գումարտակի հրամանատարը, այնպես էլ հետագայում զորամասի հրամանատարը։ Փոխգնդապետ Խաչատրյանը պատմեց, որ Գագիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցից ենթադրել է, որ վերջինս խուճապային վիճակում է, դրա համար կապ է հաստատել Հարությունյանի հարեւանությամբ տեղակայված իր ստորաբաժանումների ղեկավարների հետ եւ նրանցից ճշտել՝ Հարությունյանի զբաղեցրած դիրքի ուղղությամբ հակառակորդի տեխնիկայի շարժ կամ գրոհ նկատվո՞ւմ է։ Իր ենթակաները ասել են, որ որեւէ շարժ չկա, եւ, բացի դրանից, եթե հարձակում էլ լիներ, առաջին դիմավորողը լինելու էին 1-ին գումարտակի ստորաբաժանումները։  - Դիցուք, եթե 20 զինտեխնիկա մոտենար, իրենք միայնա՞կ էին պաշտանվելու էդ տեխնիկայից կամ հարձակումից,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Չէ, ամեն բլուրի վրա անձնակազմ եղել ա, մոտ չորս բլրի վրա, իրանցից առաջ վաշտ ա եղել, ճիշտ ա՝ ձախ կողմի վրա են բլուրները, բայց սաղի վրա անձնակազմ եղել ա, մինչեւ իրանց հասնեը ստորաբաժանումներ եղել են, իրանք նենց չի, որ գտնվել են առաջին խրամատում, բայց աջ կողմի մասին չեմ կարող ասել, չեմ տիրապետում։ - Ի՞նչ անձնակազմով ա հակառակորդը գրավել ձեր հրամանատարական կետը։ - Եղել ա երեք հատ տանկ, հետեւակը՝ 100 հոգուց ոչ ավելի։  - Եղե՞լ է դեպք, որ Ձեզ էս վաշտից զեկուցեն, ասեն՝ հարձակում կա, հրետանային խոցում է պետք, Դուք ձեռնպահ մանք։ - Ես չեմ հիշում, որ օգնություն ուզեն, արած չլինենք։  Ըստ վկայի՝ դասակի լքած մարտական դիրքը համընկնում է հակառակորդի գրոհի ուղղության հետ Խաչատրյանի խոսքով՝ իր ենթակա 5-հոգանոց ջոկը վաշտի թողած բնագծում մնացել է մեկ-երկու օր, հետո հակառակորդը հարձակում է իրականացրել եւ հաջողել է որոշ բլուրներ գրավել, հետո դրանք հակագրոհով նորից վերադարձվել են։ Հակառակորդի հարձակումը, ըստ վկայի, միայն մի կոնկրետ ուղղությամբ չի եղել, սակայն այն հատվածը, որը լքել էր դասակը, համընկնում է հարձակման ուղղության հետ։ Հակառակորդի մոտենալու ժամանակ 1-ին գումարտակը համալրում չի կարողացել իրականացնել, քանի որ պատերազմի 1-ին օրվանից զոհեր ու վիրավորներ է տվել։  - Ըստ Ձեզ՝ 1 վաշտի բացակայությունն էդ հատվածից որեւէ ձեւ նպատատե՞լ է հակառակորդի կողմից մարտական դիրքեր գրավելուն,- հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ - Միանշանակ է, որ պաշտպանությունն ինչքան խիտ լինի, հակառակրոդին կանգնեցնելն էդքան հեշտ կստացվի։ Եթե ստորաբաժանումը դիրքը թողնի, դուրս գա, հակառակորդին կորուստ չպատճառի, հակառակորդի համար ավելի հեշտ կլինի,- պատասխանեց վկան։ - Ընդունենք՝ նահանջի անհրաժեշտություն եղել է։ Ո՞նց է կատարվում նահանջն ըստ մարտական կանոնադրությունների, արդյոք վերադաս հրամանատարների թույլտվությունը անհրաժե՞շտ է։ - Իմ ուղղության վրա ոչ թե նահանջի խնդիր է եղել, այլ զորաշարժային պաշտպանության։ Եթե խորքում ունենք ամուր պաշտպանություն, առաջնագծին ավելի մոտիկ գտնվող ստորաբաժանումները էլ չեն կարողանում խնդիրը կատարել, դիմակայել հակառակորդին։ Վերադաս հրամանատարն իրավասու է նահանջի ցուցում տալու՝ դիրքերն ավելի բարենսպաստ դարձնելու, հակառակորդին մոլորեցնելու, կրակային պարկի մեջ գցելու, խոցելու համար։ Դա մարտավարության մեջ թույլատրելի է, բայց դա լինում է կազմակերպված, ղեկավարվելով, այսինքն՝ ինքնուրույն չի լինում։ Այսինքն՝ նահանջը զորաշարժի տեսակ է, որ կատարում են՝ զորքերն ավելի նպաստավոր բնագիծ դուրս բերելու համար։ Վկա Խաչատրյանն ասաց, որ նահանջի համար պարտադիր է վերադաս հրամանատարի ցուցումը։ Ինչպես նաեւ վերադաս հրամանատարները պետք է մշտապես իմանան ենթակա ստորաբաժանումների գտնվելու տեղը, սահմանեն հաջորդ բնագիծը, նահանջի ուղղությունը եւ այլն։ Հանրային մեղադրողը վկային ասաց, որ 13-րդ վաշտը բնագիծը թողնելուց հետո հայտնվել է 9կմ կոչվող տեղանքում, ապա հարցրեց՝ դա կարո՞ղ էր հանդիսանալ այն բնագիծը, որը նահանջի արդյունքում հաջորդիվ կարելի էր զբաղեցնել։ Վկա Խաչատրյանը պատասխանեց, որ 9կմ կոչվող հատվածը Հորադիզի բնագծից հենց մոտ այդքան էլ հեռու է, եւ դա, ընդհանրապես, նահանջի համար շատ մեծ հեռավորություն է։ - Ունենք իրավիճակ, որ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած վաշտը, որի ենթակայության տակ եղել է Գագիկ Հարությունյանը դասակով, առանց վերադասի հրամանի դուրս է եկել մարտական դիրքից։ 5-րդ գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը ցուցմունք տալիս նույնիսկ ասել է՝ հազիվ գտանք, հավաքեցինք իրար գլուխ, որովհետեւ վաշտի մի մասը 9կմ տեղանքում է եղել, մյուս մասը՝ Արալեռի ուղղությամբ։ Սա նահանջ կբնութագրե՞ք, որպես զինվորական՝ այս փաստական տվյալները նահանջ կորակե՞ք,- հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ - Տեղանքը պատկերացնելով՝ Հորադիզից երկու ճանապարհ կա, մեկը՝ 9կմ տեղանք, մյուսը՝ Դաշքեսան։ Ինձ թվում ա՝ դրանք օգտագործելով են գնացել։ Բայց նահանջ, իմ կարծիքով, երեւի չէ,- պատասխանեց վկան։ 2 ամսվա ծառայողներն ամուր պաշտպանություն կարո՞ղ էին ապահովել Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը վկա Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հակառակորդը ո՞ր կողմից է գրավել իրենց հրամանատարական կետը։ Վկան պատասխանեց՝ Հորադիզի կողմից, այսինքն՝ աջ կողմից (աջ կողմում է եղել 13-րդ վաշտի դասակը,-հեղ․)։  - Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը ձեր հրամանատարական դիտակետի ո՞ր կողմում է գտնվել։ - Աջ կողմից։ - Եթե 13-րդ վաշտը չնահաջներ, կարո՞ղ եք պնդել, որ ձեր հրամանատարական դիտակետը չէր գրավի։ - 50/50։ - Պատերազմի օրերին երբեւէ նահանջի հրաման ստացե՞լ եք։ - Ոչ։ - Տեղյակ եղե՞լ եք, որ ձեր ստորաբաժանմանը նահանջի հրաման տալու մասին որոշում է կայացվել հոկտեմբերի 3-ին։ - Չէ։ - Ձեր ստորաբաժանումը նահանջե՞լ է ընդհանարպես, թե՞ ոչ։ - Այո։ - Ե՞րբ։ - Առաջին օրն էլ ա եղել, երկրորդն էլ, երրորդն էլ։ Դրանից հետո առաջ էլ ենք գնացել։ - Իսկ էդ իրավիճակում ձեր նահանջի ժամանակ երբեւէ ձեր զբաղեցրած առաջնագծի կառուցվածքը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ - Առաջնագիծը փոխվում ա, դիրքերի տեղափոխություն ա տեղի ունենում, ես նշեցի, որ առաջին օրը հակառակորդին հաջողվել ա դիրքերի մեծ մասին տիրել, բայց միաժամանակ նույն օրը հակագրոհով հետ ենք գրավել մեր դիրքերի մեծ մասը, մի քանի դիրք հետ գրավելու համար մեր ուժերը չեն հերիքել, որովհետեւ շատ կորուստներ ենք ունեցել։ Պաշտպան Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց զբաղեցրած դիրքը հնարավորություն տալի՞ս էր հակառակորդի ամբողջ զորաշաժը դիտարկելու համար։ Վկան պատասխանեց, որ մեռյալ գոտիներ առկա եղել են, օրինակ եթե հակառակորդը մտներ անտառ եւ քողարկվեր, գուցե նրանց չնկատեին։ Պատասխանելով պաշտպանի հարցին՝ վկան ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, թե 5-րդ գումարտակի առաջ ինչ մարտական խնդիր է դրված եղել, միայն ասաց, որ նրանք պետք է իրականացնեին պաշտպանություն։ Նա շեշտեց, որ եթե վաշտը իրենց աջ կողմի բնակավայր Հորադիզի արեւմտյան մասում անցներ պաշտպանության, ընդհանուր պաշտպանությունն ավելի ամուր կլիներ։ Նորիկյանը փոխգնդապետից հետաքրքրվեց՝ իսկ 2 ամսվա նորակոչիկները կարո՞ղ էին ապահովել ամուր պաշտպանություն, լուծել խնդիրներ։ Վկան պատասխանեց, որ հին զինծառայողների հետ համեմատած, նրանք, իհարկե, այդքան փորձառու չեն եղել, սակայն եթե զորամասը մարտական գործողությունների կողքին էր, ապա ստորաբաժանումները համալրման համար պետք է սպասեին Երեւանի՞ց եկող ուժերին։ Նա նշեց, որ 5-րդ գումարտակը, այո, պետք է կիրառվեր եւ ունակ էր որոշակի խնդիրներ լուծելու, հենակետ, շրջան, տարածք պաշտպանելու։ Վերադառնալով 1-ին գումարտակի նահանջի դրվագներին՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը հարցրեց՝ ո՞ւմ հրամանով է իրականացվել նահանջի գործողությունը։ Վկան մանրամասնեց, որ իրենց նահանջը հարկադրված է եղել, երբ չեն կարողացել կանգնեցնել հակառակորդին եւ մոտ 400 մոտր հետ են քաշվելով՝ դեպի հաջորդ խրամատ։ Նա ասաց, որ որոշումն ինքն է կայացրել եւ տեղեկացրել զորամասի հրամանատարությանը։  Ըստ վկայի՝ 13-րդ վաշտի զբաղեցրած դիրքը ռազմավարական նշանակություն ուներ Դատավոր Վարդգես Ստեփանյանը վկայից հետաքրքրվեց՝ թշնամին գիտե՞ր, թե 25-30 կմ երկայնքով պաշտպանական շրջանի որ դիրքում ինչ պատրաստվածության զինծառայողներ են գտնվում։ Ըստ Խաչատրյանի՝ հարձակման պատրասվելիս հակառակորդը, տրամաբանորեն, հետախուզության միջոցով որոշակի տվյալներ ստացած կլիներ․ - Օրինակ՝ եթե դուք պլանավորեիք հարձակում, դուք էդ տեղեկությունն ունենալո՞ւ էիք։ - Հնարավորինս փորձելու էինք ունենալ, էդ պարագայում գնահատում են թույլ եւ ուժեղ կողմերը, ստորաբաժանումների պատրաստվածությունը։  - Ձեր գնահատմամբ, հաշվի առնելով թշնամու հարձակման ուղղությունները, ավելի հավանական է, որ իրենք իմացե՞լ են, թե՞ չեն իմացել։ - Իրենք հետախուզել են, հետախուզությունը հավանական գործողությունների բնույթը հիմնականում ճիշտ ա գնահատում։ Հակառակորդը հենց էդ մարտավարությամբ էլ կիրառել ա իր հարձակումը, իմ կարծիքով՝ հետախուզած կլինեն։ - Այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանման նահանջից հետո էդ ուղղությամբ հարձակում եղել ա։ - Գործողությունները հիմանականում էդ տարածքում են տեղի ունեցել, իրանից դեպի աջ, դեպի Արաքս գետ, հիմնականում աջ կողմում։ - Ըստ ձեզ՝ հակառակորդը տեղեկություն ունեցե՞լ է, որ էդ դիրքից նահանջ ա կատարվել։ - Հակառակորդը պատերազմի ընթացքում դիտարկում ա արել, տեսել ա՝ որտեղ ինչ ա, բլուր-բլուր գրավելով եկել ա։ Տեղեր կա, որ տեսել ա մեր գործողությունները, դրան համարժեք գործողություններ ա իրականացրել։ Իրենք վիզուալ դիտարկում են, պետք չի այլ աղբյուրներից լրահետախուզում։ - Ասացիք, որ այդ ուղղությամբ ստորաբաժանում եք ուղարկել։ Ի՞նչ քանակությամբ անձնակազմ է դիմակայել հակառակորդի հարձակմանը։ - Խրամատները մի քիչ իրար առաջ ա ընկնում, ոչ թե կողք-կողքի ա, որ համեմատեմ, ասեմ՝ էս ուղղությամբ եկել ա 100 հոգի, մենք եղել ենք 50 հոգի։ Ամեն բլրի վրա եղել են դասակի, ջոկի կազմով։ Հակառակորդը մոտ 100 հոգով է եղել։ - Իսկ Հայկազ Գրիգորյանի դիրք ուղարկած անձնակազմն ինքա՞ն է եղել։ - Մի ջոկ եմ ուղարկել, ընդամենը 5 հոգի։ - Նրանք նորակոչիկնե՞ր էին։ - Հին ծառայողներ։ - Իսկ էդ 5 հոգին դիմակայելու մեծ շանսեր ունեի՞ն։ - Շանսեր կային։ Թե ինչ կորուստներ է ունեցել հայկական կողմը այդ հատվածի մարտերում, վկան ասաց, որ տեխնիկայի կորուստ չեն ունեցել, իսկ անձնակազմից միայն վիրավորներ։ Հակագրոհի ժամանակ 1-ին գումարտակի անձնակազմը եղել է մոտ 180 հոգի, սակայն նրանց օգնության են եկել նաեւ այլ ուժեր։ Այդ ուղղությամբ հակագրոհն իրականացվել է վերադասի հրամանով։ Դատավորը հետաքրքրվեց՝ եթե Հայկազ Գրիգորյանը մնար այդ հատվածում, եւ հակառակորդը հարձակվեր այդ ուղղությամբ, նրա ստորաբաժանմանը օգնություն կգնա՞ր։ Վկան պատասխանեց, որ պատերազմի առաջին օրերին մոբով համալրում դեռ իրականացվում էր, ուստի ամենայն հավանականությամբ նրանց վաշտը եւս կհամալրվեր։ Խաչատրյանն ասաց, որ ինքը հենց այդ նպատակով էլ Գագիկ Հարությունյանին խնդրել է գիշերը չլքել դիրքը։ - Գագիկ Հարությունյանը ձեզ զանգել էր ի՞ր անունից, թե՞ Հայկազ Գրիգորյանի։ - Իր հետ եմ խոսել, բայց կոնրետ չեմ հիշում՝ ում անունից էր զանգել։ - Հարցրի՞ք իրեն, թե վաշտի հրամանատարն ինչ դիրքորոշում ունի։ - Չեմ հիշում։ - Հայկազ Գրիգորյանի զբաղեցրած դիրքը ռազմավարական ի՞նչ նշանակություն ուներ։ - Գագիկ Հարությունյանի դասակը նման էր որպես դարանի, որ խոցի հիմնական եկող ուժերին։ Մնացած ստորաբաժանումները հիմնականում եղել են իշխող բարձունքների վրա։ Կարեւոր նշանակություն ուներ,- ասաց վկան՝ նշելով, որ այդ բարձունքները հիմնականում լավ կահավորված էին, բայց Գագիկ Հարությունյանի զբաղեցրած դիրքինը՝ ոչ այնքան։  Դատավորը հետաքրքրվեց՝ եթե նահանջի կարիք կա, սակայն հնարավոր չէ կապ հաստատել վերադասության հետ, հրամանատարը կարո՞ղ է ինքնուրույն նման որոշում կայացնել։ Վկան ասաց, որ եթե հարկադիր նահանջ է, կարող է որոշում կայացնել, սակայն անհապաղ պետք է տեղեկացնել նահանջի մասին։ Բայց արդյոք Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջը հարկադի՞ր է եղել, վկան կարծիք հայտնեց, որ այդ մարտական դիրքից հարկադրված տեղաշարժի կարիք չի եղել։ Իսկ հարկադրված նահանջի դեպքում Հայկազ Գրիգորյանի վաշտը մինչեւ ո՞ւր պետք է հետ քաշվեր․ վկան պատասխանեց՝ նման պայմաններում ընտրվում է բարենպաստ բնագիծ եւ նահանջ է կատարվում մինչեւ այդտեղ՝ փոխգործակցելով հարեւան դիրքերի անձնակազմերի հետ։ Ջրականի զորամասի հրամանատարի հարցաքննությունը Հաջորդիվ հարցաքննվեց 44-օրա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Արտյոմ Պողոսյանը, որն այժմ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարն է։ Արտյոմ Պողոսյանը եւս ասաց, որ ճանաչում է Հայկազ Գրիգորյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ։ Նրա գնահատմամբ՝ Գրիգորյանը նորմալ է կազմակերպել ծառայությունը 5-րդ գումարտակում, նույնիսկ նշեց, որ ուսումնական գումարտակների հրամանատարներ էին նշանակվում շատ լավ սպաներ։ Սկսելով պատերազմի առաջին օրվանից՝ Պողոսյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ին հակառակորդի թռչող սարքերը միաժամանակ խոցել են հրամանատարական կետը, զորամասի ՀՀՍ պահեստը, իր շտաբի հարակից մասը, ՀՕՊ ստորաբաժանման կրակային մարտական դիրքերը։ Պողոսյանն ասաց, որ իր հրամանով զորամասն անմիջապես բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Զորամասի հրամանատարը նշեց, որ 13-րդ վաշտն ընդգրկվել է 5-րդ գումարտակի կազմի մեջ, եւ, ըստ պաշտպանության հանկարծակի անցման պլանի՝ 5-րդ գումարտակը պետք է զբաղեցներ 2-րդ դիրք։ Նա նշեց, որ անձնակազմը իր պաշտպանության շրջանը զբաղեցրել է առանց մեկ կորուստի։ Զորամասի հրամանատարը նշեց, որ մարտական գործողությունները շատ ինտենսիվ են եղել, հակառակորդի ծավալը՝ շատ մեծ՝ 1-15 հարաբերակցությամբ․ «Ընդհանուր 140 զրահատեխնիկա է ծավալվել 3-րդ եւ 2-րդ գումարտակի առջեւ, որից 80-ը խոցված է»,- նշեց վկան՝ հավելելով, որ մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին հաջողվել է աջ թեւում տիրել որոշակի դիրքեր եւ մխրճվել պաշտպանության շրջան մինչեւ 1,5կմ․ «Մինչեւ ամսի 3-ը 16 մարտական դիրք հետ ենք վերցրել հակագրոհներ իրականացնելով։ Ամսի 3-ին դիվիզիայի հրամանատարի կողմից ստացել եմ խնդիր՝ 2-րդ եւ 3-րդ գումարտակների հետ նահանջել եւ նոր բնագիծ զբաղեցնել Արալեռ բնակավայրի մոտակայքում՝ որպես պաշտպանության բանակի երկրորդ բնագիծ։ Շատ դժվար ենք անցկացրել, Արաքսի թեւից մինչեւ Հորադիզ բնակավայրի հատվածում դուրս են բերվել»։ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը մարտական դիրքից դուրս է եկել մինչեւ զորամասի հրամանատարի՝ նահանջի հրաման ստանալը։ Վկա Պողոսյանն ասաց, շտաբի պետից է տեղեկացել վաշտի՝ տեղում չլինելու մասին եւ փորձել է հնարավորինս արագ լուծել խնդիրը՝ նոր ստորաբաժանում տեղակայել այդ հատվածում․ «Հասկանալով, որ խնդիրն արդեն ստեղծվել ա, ուր հարցը դարձել էր երկրորդական»,- նշեց նա։  13-րդ վաշտի՝ մարտական դիրքից դուրս գալուց հետո զորամասի հրամանատարը միջտարածությունը փակելու խնդիր է տվել  Այդ ժամանակ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանը եղել է ավելի աջ՝ Արաքսի թեւում, քանի որ այդտեղ 3-րդ գումարտակի մոտ խնդիրն ավելի բարդ է եղել․ «Իմ ներկայության կարիքն այդտեղ եղել է, ուստի գումարտակի հետ մնացել ենք այդ տեղում։ Երբ ինձ զեկուցում են, որ վաշտը մարտի ժամանակ տեղում չէ, պրոբլեմը հասկանում եմ, անմիջապես գումարտակի հրամանատարին (Գարիկ Վարդերեսյանին) խնդիր եմ տվել անմիջապես փակել Նյուզգյարից դեպի ձախ միջտարածությունը պահեստազորի անձնակազմով, որ ստեղծեին կրակի համակարգ։ Գումարտակի հրամանատարն ինձ զեկուցում ա, որ էդ խնդիրը կատարել են։ Ես Արաքսի ափից գալիս եմ իմ դիտակետ, դա ամսի երկուսի երեկոն ա»։ Հաջորդ օրը զորամասի հրամանատարը դիվիզիայի հրամանատարից ստանում է նահանջի հրաման, եւ այդ ընթացքում էլ 5-րդ գումարտակի հրամանատարից տեղեկանում, որ 13-րդ վաշտին ինչ-որ տեղ հանդիպել են․ «Փառք Աստծո, Հայկազը ողջ ա, հետո կասի՝ որտեղ են հանդիպում։ Էդ պահին ինձ համար կարեւորն էն էր, որ վաշտը հայտնաբերվել ա, որպես այդպիսին կա, խնդիրն էլ կատարված ա՝ տվյալ հատվածում անձնակազմ կա։ Իսկ բարոյահոգեբանական գծով տեղակալին խնդիր եմ տվել՝ հասկանալ պատճառները, բայց հիմա չեմ կարող դրանց մասին ասել, որովհետեւ նահանջը շատ ծանր պայմաններում ենք իրականացրել, տարբեր միջոցներ ու ավիացիա էր կիրառվում (նկատի ունի, որ այդ ընթացքում ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեղակալին տրված խնդրի զեկույց ընդունելու)»։  Զորամասի հրամանարը նշեց, որ կարեւոր էր, որ վաշտը մնա բնագծում եւ չցրվի, հակառակ դեպքում կարող է՝ անվերադարձ կորուստներ ունենային։ Վկա Պողոսյանն ասաց, որ, որքանով տեղյակ է, 13-րդ վաշտը հոկտեմբերի 5-ից հետո տարբեր հատվածներում մասնակցել է մարտական գործողությունների։ Նրա համար զարմանալի է մնում, թե ինչպես կարող էր Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը, որը մինչեւ հոկտեմբերի 2-ը որեւէ խնդիր չի առաջացրել, 5-ից հետո էլ անձնակազմով գործողությունների է մասնակցել, ինքնակամ նահանջի դիմել։ Հատկապես այն պայմաններում, երբ այդ ուղղությամբ հարձակման մասին հայտնի չի եղել։ Նորակոչիկներին մարտական գործողությունների ներգրավելու արգելք չի եղել Նորակոչիկներին ինչո՞ւ տարաք մսաղաց դարձնելու․ այս ամենահաճախ հնչող հարցին զորամասի հրամանատարն այսպես պատասխանեց․ ամենաապահով տեղը եղել է խրամատը, արկակոծվել է ամեն ինչը, չի եղել մի բան, որը հակառակորդը չի իմացել, եւ արդյունքը՝ գումարտակի 410-հոգանոց անձնակազմը հոկտեմբերի 4-ի դրությամբ ունեցել է 12 զոհ, որոնցից մեկը՝ գումարտակի հրամանատարը, 1 սպա, 4 զինծառայող զոհվել են իրենց խրամատում՝ ռեակտիվ հրետանու դիպուկ կրակից, եւ 4 հոգի՝ մարտական գործողությունների ընթացքում․ «Այսինքն՝ խրամատն ամենաապահով տեղն ա եղել, մսաղաց բառը տեղին չէ»։ Զորամասի հրամանատարը նշեց, որ նորկաոչիկներին մարտական գործողությունների ներգրավելու որեւէ արգելք չի եղել։ Միայն կանոնագիրքը պահանջում է, որ երդում չտված զինծառայողները չընդգրկվեն մարտական գործողությունների եւ չնշանակվեն հաստիքների, իսկ երդում չտալու պատճառը կարող է եղած լինել այն, որ զինծառայողը ինչ-որ պատճառով չի կարողացել մասնակցել երդման արարողակարգին, բայց հետո նրանց համար առանձին հանվել է մարտական դրոշը, կազմակերպվել է երդման արարողությունը։ Վկան չմտաբերեց՝ 13-րդ վաշտում երդում չտված զինծառայողներ եղել են, թե ոչ, բայց, ըստ ենթադրության, պետք է որ բոլորը երդված լինեին, քանի որ երկուսուկես ամիս անցել էր զորակոչից։ Արտյոմ Պողոսյանը նկատեց նաեւ, որ նորակոչիկների գումարտակը հակառակորդի բավականին շատ տեխնիկա է խոցել․ «Պատկերացրեց՝ ութ օր կռվել են, այսինքն՝ նրանց անունը դնել թույլիկ կամ այլ բան, մի քիչ չեմ ընդունում, որովհետեւ հերոսներ են կռվել, Մարտական խաչի 1-ին աստիճանի մարդիկ կան նրանց մեջ»։  Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ վկան նշեց, որ 5-րդ գումարտակը մինչեւ հոկտեմբերի 12-ը կորուստներ չի ունեցել․ «Ես խնդիրը դրել եմ, իրենք կատարել են, խրամատներում կռվել են»։ - Ի՞նչ խնդիր ուներ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Երկրորդ շարակազմում գումարտակի աջ մասում անցնել պաշտպանության եւ հակառակորդի մխրճվելու դեպքում ստեղծված բարենպաստ պայմանների առկայության պարագայում անցկացնել հակագրոհ եւ վերականգնել առաջնագիծը։ - Այսինքն՝ բացի պաշտպանությունից նաեւ հակագրող։ - Բարենպաստ պայմաններում հակառակորդին հասցնելով կորուստներ՝ գումարտակը պետք է իրականացնի հակագրոհ։ - Մարտական կանոնադրությունն ասում է, որ նահանջը պետք է լինի վերադաս հրամանատարի թույլտվությամբ։ Ո՞րն է դրա տրամաբանությունը։ - Ամենակարեւորը՝ պետք է տարբերենք նահանջը եւ խուսավարումները։ Խուսավարումը կարող է լինել 1-ին խրամատից 2-րդ խրամատ, 2-րդից 1-ին․ եւ այլն, որը գումարտակի հրամանատարը պարտավոր է անել։ Ինչ վերաբերում ա նահանջին, ես ինքս նահանջ հրաման չեմ տվել, նահանջ հրամանը ստացել եմ դիվիզիայի հրամանատարից, որը ճշտել ա բանակի հրամանատարի հետ։ Նահանջ հրամանը ստանալուց ստացել եմ հետագա բնագիծ՝ ինչ պետք ա զբաղեցնեմ, ուղղություն, որով պետք ա դուրս գամ, ապահովման տեսակներ եւ վերջնական խնդիր։ - 5-րդ գումարտակի մասով նահանջ հրաման տրվե՞լ է, ձեր կամ ձեր վերադաս հրամանատարության կողմից։ - Ոչ, մինչեւ ամսի 3-ը՝ ոչ։ Իրենք դիրքերում՝ առաջ-հետ, խուսավարման ընթացք, զորաշարժ։ - Մոտավորապես ի՞նչ շառավիղ դա կարող էր ընդգրկել։ - 300մ առաջ, մի 100մ հետ եւ այլն, բայց պաշտպանության շրջանից դուրս գալ, ես ինքս էլ իրավունք չունեմ։  - 9 կմ կոչվող հատվածը որտե՞ղ է։ - Եթե չեմ սխալվում՝ պաշտանության գոտուց դուրս ա, զորամասի գոտուց ա դուրս։ Երբ 13-րդ վաշտը լքել է մարտական դիրքը, խարխլվել է պաշտպանությունը Պատասխանելով հարցին՝ երբ 13-րդ վաշտը մարտական դիրքից դուրս է եկել, արդյոք չի՞ խարխլվել պաշտպանությունը, զորամասի հրամանատարն ասաց՝ իհարկե խարխլվել է, եւ արդյունքում մեկ այլ անձնակազմ է տեղափոխվել այնտեղ՝ խնդիր առաջացնելով հրամանատարության համար։ Ի վերջո՝ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը նահա՞նջ է իրականացրել, թե՞ փախուստ։ Զորամասի հրամանատարի խոսքով՝ նահանջը մարտական կանոնադրությամբ թույլատրելի է, նահանջն ուրիշ բան է, փախուստն՝ ուրիշ․ «Եթե վաշտը մարտական գործողությունից դուրս ա եկել, ուրեմն փախուստ ա»։ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշվել, որ մյուս գումարտակները լինեն առանձին, իսկ 5-րդ գումարտակը ոչ միայն չլինի առաջին բնագծում, այլ նաեւ դիրքավորվի թիկունքում։ Պողոսյանը պատասխանեց, որ 5-րդ գումարտակի անձնակազմը թուլակազմ չի եղել, այլ բան է, իհարկե, պատրաստվածությունը․ «Բայց հստակ է, որ 2-րդ շարասյան գումարտակը բարենպաստ պայմաններում պետք է իրականացնի հակագրոհ։ Եթե բարենպաստ պայմանը ստեղծվեր, այո, ես այդ ստորաբաժանումը կիրառելու էի»,- նշեց զորամասի հրամանատարը։ Նա ասաց, որ բարենպաստ պայմաններ են համարվում, երբ հակառակորդը լիարժեք ճնշվել է, երբ կան առկա ուժեր եւ միջոցներ եւ հնարավորություն է ստեղծվել իրականացնել հակագրոհ։ Նա նշեց, որ 5-րդ գումարտակն այլեւս ուսումնական չէր համարվում, այլ կոչվում էր 5-րդ հրաձգային գումարտակ․ «Պատերազմից 6 ամիս առաջ բանակի հրամանատարի հրամանով գումարտակի կիրառման հրաման ա արձակվել, որի ժամանակ ուսումնական բառը դուրս ա եկել եւ դիտվել ա որպես 5-րդ հրաձգային գումարտակ»։ - Ուզում եք ասել, որ երկու ամսվա նորակոչիկի եւ 1,5 տարվա զինծառայողի առաջ դուք նույն մարտական խնդի՞րն եք դրել,- հարցեց պաշտպանը։ - Եթե պատերազմը սկսվեր հոկտեմբերի վերջ, զինվորը կլիներ 6 ամսվա ծառայող։ Երբ պլանը կազմվում ա, չի կազմվում ըստ զինծառայողի ծառայության անցնելու ժամկետի, պլանը հաստատվում ա ըստ մարտակարգի, կանոնագրքի։ 5-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը պետք ա կիրառվեր ըստ նշանակության՝ համապատասխան կանոնակարգի, որտեղ նշված չէ՝ զինծառայողը քանի ամսվա ծառայող պետք ա լինի։ - Նախորդ վկան ասում էր, որ իր ղեկավարած ստորաբաժանումը՝ 1-ին գումարտակը, ավելի շատ էր զենքով համալրված, քան 5-րդ գումարտակը, ինչո՞վ էր դա պայմանավորված։ - Մարտակարգի բոլոր էլեմենտներով իրենք էլ են համալրված եղել։ Ես, որպես գնդի հրամանատար, [ասում եմ]՝ էնտեղ զինծառայող չի եղել, որ զենք չունենա։ Եթե ՊԿ-իստ ա, ՊԿ-ով համալրված ա եղել․․․ - Խոսքը համալրվածության մակարդակի մասին է։ - Գումարտակներն ունեցել են նույն կառուցվածքը։ Դեռ 5-րդ գումարտակից են վերցնում անձնակազմ, բաշխում այլ գումարատկների, հետո համալրում, բայց ինքը մնում ա առանձին գումարտակ։ Ուղղակի էդ խնդիրը մենք չենք կարողացել կատարել (նկատի ունի՝ բաշխման գործընթացը), որովհետեւ որտեղ անձնակազմ էր կուտակվում, հրետանու կրակ էր լինում։ 5-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը նույնիսկ ավելի շատ ա եղել՝ 410 հոգի, 1-ին գումարտակը՝ 220 հոգի, ու զինատեսակների մասով էլ նույն համալրվածությունն են ունեցել, 5-րդ գումարտակում երեւի ավելի շատ՝ պայմանավորված անձնակազմով։ Նորիկ Նորիկյանը վկային հարցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ դիվիզիայի հրամանատարի կողմից նահանջի հրամանը տրվել է իր իսկ զեկույցների հիման վրա։ Վկան հաստատեց՝ հավելելով, որ դիվիզիայի հրամանատարը այլ տեղերից էլ է ստանում տեղեկություններ։ Պողոսյանը մանրամասնեց, որ երբ 2-րդ եւ 3-րդ գումարտակները դուրս են եկել նախնական բնագծերից, 5-րդ գումարտակի մնացած ստորաբաժանումներն էլ փոխել են իրենց տեղադիրքը, ինչը նշանակում է, որ եթե Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը մարտական դիրքում լիներ, մյուս գումարտակների նահանջի ժամանակ միայնակ չէր մնալու նույն դիրքում։ Հայկազ Գրիգորյանին նահանջի հրաման չի տրվել Զորամասի հրամանատարը մանրամասնեց, որ մարտական գործողությունների ընթացքում ինքը պարբերաբար զեկուցել է իր կրած կորուստների եւ հակառակորդի կողմից ուժեր ավելացնելու վերաբերյալ, ապա խնդրել է ներդաշնակված ուժեր, որոնք միանան իր անձնակազմին՝ շարունակելու մարտական գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ դիվիզիան հավանաբար չի ունեցել ուժեր, դրա համար խնդիր է դրել նահանջելու եւ այլ բնագիծ զբաղեցնելու․ «Որովհետեւ եթե ես մեկ օր էլ մնայի էդտեղ, իմ գլխավորությամբ 2 գումարտակ զոհվելու էր էդ խրամատների մեջ։ Եթե դիվիզիայի հրամանատարն էդ ժամանակ չտար էդ խնդիրը, մնալու էի, իրանք էլ մնալու էին՝ ինձ նայելով, եւ էդ երկու գումարտակը զոհվելու էր։ Խնդիրը ստացել եմ՝ նահանջ, անձնակազմին դուրս եմ բերել հակառակորդի կրակի ազդեցությունից»։ - Նույն բանն էլ էս մարդն է ասում,- ասաց Նորիկ Նորիկյանը՝ նկատի ունենալով իր պաշտպանյալին։ - Բայց ոչ հրամանով, պարոն Նորիկյան։ - Նույն բանը էս մարդն է ասում, ասում է՝ եթե ես չնահանջեի, մնայի, զոհվելու էի։ Էդ ո՞նց ստացվեց, հիմա էս մարդը փախել ա, դուք հերոս եք։ Դուք ստացել եք դիվիզիայի հրամանատարից հրամանը, որ նահանջեք, ընդ որում՝ ազնվորեն ասում եք, որ ձեր հրամանի հիմքում դրված են եղել ձեր զեկույցները։ Շատ լավ, խոսքը վերադասից թույլտվության մասին է, հետեւաբար, ես ուզում եմ սկզբունքը հասկանալ, այսինքն՝ ըստ ձեզ՝ ավելի լավ էր դիվիզիայի հրամանատարը հրաման չտար, 2-րդ, 3-րդ գումարտակները մնային ըտեղ, զոհվեին, բայց նման հրաման չլինե՞ր։ - Ոչ, պարոն Նորիկյան, չէ, ես ասում եմ՝ եթե դիվիզիայի հրամանատարը նահանջի որոշում չկայացներ, խնդիրը դրված էր՝ կանգնել մինչեւ վերջ։ - Եթե Հայկազ Գրիգորյանը հրաման չտար նահանջի, դուրս չբերեր նորակոչիկներին էդ տարածքից, հավանականություն կա՞ր, որ իր անձնակազմը կզոհվեր։ - Եթե վաշտը մնում էր ըտեղ, մենք ամսի 3-ի լուսաբացին բոլորս իրար հետ կատարում էինք նահանջ։ Խնդիրը զեկուցել եմ, ստացել եմ խնդիրը, փոխանցել եմ ստորաբաժանմանը եւ սկսել եմ կատարել։ Ուղղակի հիմա ոնց որ փախուստն ու նահանջը բերել ենք․․․ ստեղծվել է Քրեական օրենսգիրքը՝ փախուստ մարտի դաշտից․․․ Եւ կանոնագրքում կա նահանջ հրաման։ Հիմա, այսինքն, որ բոլորը փախնեին․․․ - Հիմա նահանջը փախուստ է՞։ - Ոչ։ - Ըհը՜։ - ․․․ [նահանջը] ստացել եմ հրամանով, կատարել եմ հրամանով։ Բայց Գրիգորյան Հայկազը չի ստացել նման հրաման։ Վկաների հարցաքննության փուլն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 9-ին։   Գլխավոր նկարում՝ Արտյոմ Պողոսյանը, լուսապատճենը՝ Հետք-ի տեսանյութից (Հակակոռուպցիոն դատարանը չի թույլատրել լուսանկարահանում իրականացնել նիստի ընթացքից՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը)։ Հայարփի Բաղդասարյան
20:53 - 21 նոյեմբերի, 2024
Հայաստանի կարիքներից բխող գիտություն․ ԱԺ-ում քննարկվեց անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերը

Հայաստանի կարիքներից բխող գիտություն․ ԱԺ-ում քննարկվեց անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերը

Ինչո՞ւ Հայաստանում գերատեսչությունները չունեն պետության կարիքներից բխող գիտական խնդիրներ սահմանելու կարողություններ, արդյո՞ք գիտական արդյունքը չափելու միակ միջոցը պիտի լինեն միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունները, ինչո՞ւ չի հրապարակվում գիտության ռազմավարությունը․ Ազգային ժողովում (ԱԺ) կառավարության և գիտական համայնքի ներկայացուցիչները նոյեմբերի 19-ին փորձում էին ստանալ այս հարցերի պատասխանները։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հակոբ Արշակյանը և Սիսակ Գաբրիելյանը «Գիտուժ» նախաձեռնության հետ կազմակերպել էին «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում։ Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը Քննարկման կազմակերպման առիթներից էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը, որը լրամշակումների տևական փուլից հետո շրջանառության մեջ է դրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։ Այս նախագծով, հիշեցնենք, առաջարկվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգերի մի շարք արմատական փոփոխություններ, այդ թվում՝ բուհերի խոշորացում, գիտական կազմակերպությունների ինտեգրում բուհերի կազմում, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) դերի փոփոխություն։ Նախագծում առանձին կետով կարգավորվում են նաև ստեղծվելիք ակադեմիական քաղաքին վերաբերող հարցերը (նախագծի մանրամասները կարող եք կարդալ այստեղ)։   Պետությունը՝ խնդիրներ սահմանող ԱԺ-ում կազմակերպված քննարման մի զգալի հատված նվիրված էր, այսպես կոչված, պետական պատվերին․ քննարկման մասնակիցները փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող է կառավարությունը վերհանել պետության կարիքներից բխող գիտական խնդիրներ և դրանք պատվիրակել գիտնականներին։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդանը նշեց, որ 2021-ին իրենց նախաձեռնության առաջ քաշած գլխավոր պահանջներից էր գիտության ֆինանսավորման ավելացումը, ինչը տեղի ունեցավ։ Նա շեշտեց՝ իրականացվել են ու շարունակում են իրականացվել դրական այլ փոփոխություններ ևս, ինչպիսին է, օրինակ, վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը, որի աշխատանքային խմբերը հավաքագրում ու կառավարությանն են ներկայացնում Հայաստանի համար կարևոր գիտական խնդիրներ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամի խոսքով, սակայն, այս փոփոխությունները տեղի են ունենում պետական կարիքներց բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ռազմավարությունների բացակայության պայմաններում։ Տիգրան Շահվերդյանը «Անտեսվում է պետության՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատուի դերը՝ ելնելով պետության մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Բազմաթիվ երկրների փորձի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այստեղ լուրջ բաց կա։ Հայաստանի պետական համակարգում չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատու պետական համակարգում։ Այս բացերն են բերում նաև նրան, որ չարդարացված սպասումներ են ձևավորում գոյություն ունեցող գերատեսչություններից, հատկապես ԿԳՄՍ նախարարությունից։ Սակայն գոյություն ունեցող գերատեսչությունները, առանձին վերցրած, չունեն բավարար լիազորություններ պետական ԳՀՓՄ պատվերի ֆունկցիան ամբողջապես իրականացնելու համար»,- նշեց նա։  Տիգրան Շահվերդյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորման մեծ մասն ուղղվում է հիմնարար հետազոտություններին, և կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումների բյուջեն դրա փոքր մասն է կազմում (կատարվել է ուղղում 27․11․2024-ին)։ Ի հակադություն՝ նա բերեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների օրինակը, որտեղ կիրառական հետազոտություններն ու  փորձարարական մշակումները կազմում են ծախսերի կեսից ավելին։  Տիգրան Շահվերդյանը ներկայացրեց, թե այս խնդիրների լուծմանն ուղղված ինչ առաջարկներ ունի «Գիտուժ» նախաձեռնությունը․ անհապաղ ձևավորել պետական ԳՀՓՄ պատվիրատու մարմին հստակ լիազորություններով, մշակել պետական ԳՀՓՄ և նորարության համապարփակ ռազմավարություն՝ ուղղված երկրի անվտանգային և տնտեսական մարտահրավերների լուծմանը, հաշվի առնելով, որ պետական ԳՀՓՄ պատվերի համակարգը դեռ ձևավորման փուլում է, պետական ԳՀՓՄ կատարողների համակարգի փոփոխություններն իրականացնել ավելի կշռադատված ձևով։  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ խոսակցությունը պետք է սկսել ոչ թե նոր մարմին ստեղծելուց, այլ նրանից, թե ինչ խնդիրներ պետք է լուծել և ինչպես։ Նա հիշեցրեց, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով, որի շրջանակում տարբեր նախարարություններ հավաքագրում են  իրենց խնդիրներն ու փոխանցում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ դրանք որպես հետազոտական թեմաներ ձևակերպելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանը «Մենք սովորաբար կարծում ենք, որ մեր խնդիրները կլուծվեն եթե ունենանք հերթական մարմինը, որն ունի այսինչ գործառույթները։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մարմինները կարող են ստեղծվել, բայց խնդիրները կշարունակեն չլուծվել։ Երբ պետական գերատեսչությունները պետք է ներկայացնեն այն հարցերը, որոնց ուսումնասիրությունը կարևոր է, որ իրենք առաջ գնան, օրինակ, ջրային ոլորտում, հողերի օգտագործման կամ ցանկացած այլ բնագավառում, մենք կարող ենք տեսնել այդ խնդիրները ձևակերպելու տարրական կարողության խնդիր։ Ես տեսնում եմ լրջագույն խնդիր, որ մենք ունենանք ավելի համալիր մոտեցում կարողությունների զարգացման տեսանկյունից, որպեսզի նախևառաջ կարողանանք հարցերն ու խնդիրները ճիշտ ձևակերպել, իսկ այնուհետև ընտրել՝ այս խնդիրներից որոնք պետք է դառնան առաջնահերթ և ընդգրկվեն պետության ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում»,- ասաց նախարարը։ Տիգրան Շահվերդյանը նշեց` կարևոր է ունենալ մարմին, որը կգործի նախարարություններից դուրս, և որը կունենա առանձին բյուջե ու լիազորություններ։ «Մեծ երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանք կարողանում են ամեն մի գերատեսչության մեջ ձևավորել խնդիրները ամբողջական ձևակերպելու, նաև պատվիրելու կարողությունները։ Սակայն ավելի փոքր երկրներում, որոնք հնարավորություն չունեն բոլոր գերատեսչություններում այդպիսի կարողություն ձևավորվելու, սովորաբար ստեղծվում են մեկ կամ ավելի մարմիններ, որոնք, քանի որ պետք է ամբողջական նայեն պետական խնդիրներին, գտնվում են գերատեսչություններից դուրս։ ․․․․ Մենք անիրատեսական ենք համարել [Հայաստանի] բոլոր գերատեսչություններում ձևավորել այդպիսի կարողություններ, հետևաբար պետք է լինի մասնագիտական որևէ կառույց, որն ունենա համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ և հզորություններ»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ հիշեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) կազմում գործող Ռազմարդյունաբերության կոմիտեի մասին՝ հարցնելով, թե ինչու Կոմիտեն չի կարողանում ձևակերպել ոլորտի կարիքները, որոնք գիտնականները կարող են լուծել, և ինչու են հետազոտությունների նախաձեռնությունները գալիս ներքևից՝ գիտնականներից։ Սեյրան Մինասյանը նաև խոսեց հետազոտությունների ֆինանսավորման նպատակային ծրագրերի մասին, որոնք ժամանակին Էկոնոմիկայի նախարարությունն էր իրականացնում, իսկ այժմ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տիրույթում են։  Սեյրան Մինասյանը «Ինչո՞ւ Էկոնոմիկայի նախարարությունը չէր ձևակերպում այդ նպատակները, արդյո՞ք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հիմա ձևակերպելու է հստակ նպատակներ, թե ինչ է պետք մեր երկրին, որ մենք էլ դրանով զբաղվենք։ Բացի դրանից՝ Գիտությունների ազգային ակադեմիան էլ, կարծում եմ, մեծ պոտենցիալ ունի անվտանգության և տնտեսության զարգացման հարցում մեր երկրին անհրաժեշտ խնդիրները ձևակերպելու և նպատակային ծրագրեր, թեմաներ հայտարարելու։ Կարծում եմ՝ այս չորս կառույցները արդեն կան և պետք է աշխատեն։ Հիմա այդ կառույցները կան, ինչ-որ մասով թերի է արվում, ասում են՝ եկեք նոր կառույց ստեղծենք։ Այդ դեպքում ավելանալո՞ւ է այն մարդկանց ու մասնագետների թիվը, որոնք ի վիճակի են ձևակերպել պետական պատվերը, այդ վերլուծությունն անել»,- հարցրեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ի պատասխան նշեց՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն այժմ նոր ղեկավար ունի, վերջերս էլ ոլորտը կարգավորող նոր օրենք է ընդունվել՝ հույս հայտնելով, որ այդ ամենը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով խնդիրներ ձևակերպելու։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ աշխարհում բարդ խնդիրներ ձևակերպում են ոչ միայն պետությունները, այլև մասնավոր հատվածում գործող մեծ ընկերությունները։ Նա նշեց, որ խնդիրներ ձևակերպելու կարողությունները մեծապես կապված են տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Սիսակ Գաբրիելյանը և Հակոբ Արշակյանը Հակոբ Արշակյանը խնդրին անդրադարձավ նաև պատմական համատեքստի տեսանկյունից՝ նշելով՝ Հայաստանի անկախ պատմության ընթացքում գիտության համար խնդիրներ չեն ձևակերպվել այն պատճառով, որ անկախությունից առաջ այդ խնդիրները ձևակերպվել են ոչ թե Հայաստանում, այլ Խորհրդային Միությունում։  «Այն, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գիտության համար խնդիրներ սահմանելու կարողություններ չի ձևավորել, նրանից չէ, որ ունեցել է, կորսվել է. նա չի էլ ունեցել դա իր ֆունկցիաների մեջ։ Խնդիր դնել, խնդիրը իրագործել, տանել դեպի տնտեսության զարգացում․․․ Այս ամբողջը Խորհրդային Միության պետական համակարգում է արվել։ Եղել են գիտական կառույցներ, գիտաարտադրական, արտադրական միավորումներ։ Այդ ամբողջ համակարգը ժառանգելով՝ մենք երևի թե, բացի գիտության և մի փոքր էլ գիտաարտադրական կտորից, ոչնչացրել ենք»,- ասաց պատգամավորը։ Հակոբ Արշակյանը, որ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ է, խոսեց նաև 2023-ին ստեղծված այս խորհրդի աշխատանքների մասին՝ նշելով, թե իրենք ինչ մարտահրավերների են բախվել։ Պատգամավորի խոսքով խորհրդի աշխատանքային խմբերում գիտնականներն ու ձեռներեցներն արդեն մի քանի ուղղություններ են առանձնացրել, որոնց ուղղությամբ առաջարկել են աշխատանքներ իրականացնել, սակայն ընթացքում պարզ է դարձել, որ կարիք կա այդ ամենը «թարգմանելու և ձևակերպելու պետական կառավարչական ու բյուջետավորման ծրագրերի լեզվով»։ Նա նշեց` այդ հարցում կարողությունների խնդիր կա, որն էլ փորձում են լուծել։ Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության պետ Նուշիկ Պերոսյանն էլ հայտնեց, որ իրենց նախարարությունն այս պահին աշխատանքներ է իրականացնում տեխնոլոգիաների առևտրայնացմանը և մտավոր սեփականությանը վերաբերող խնդիրները լուծելու ուղղությամբ։ Նրա խոսքով կան և՛ ֆինանսական, և՛ ենթակառուցվածքային բացեր, ու նախարարությունը ռազմավարություն է մշակում, ինչպես նաև նախատեսում է նոր կառույց ստեղծել, որը կզբաղվի այդ թվում վերը նշված հարցերով։ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտություների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց այն խնդրի մասին, որ հանրությունն ու կառավարությունն այնքան էլ բաց չեն գիտնականների առաջարկած լուծումներն ընդունելու հարցում։  «Երբ տնտեսվարողին ասում ես՝ կարող ենք սխեմա մշակել, որն, օրինակ, կբարձրացնի կովի կաթնատվությունը, պատասխանը լինում է՝ մեր կովերը էդպես էլ են կթվում։ Գիտության պրոդուկտը նաև այն գիտելիքն է, որը կարող ես ներդնել պետական հարցերում, և երբ պատկան մարմիններին առաջարկում ես, ասում են՝ շատ լավ է, բայց չեն պատվիրում գիտությանը, ստեղծում են մի ՀՈԱԿ կամ ՊՈԱԿ, որը փորձում է գիտական գործառույթներ վերցնել իր վրա։ ․․․․ Գիտնականների լեզուն էլ շատ հաճախ անհասկանալի է բոլորի համար։ Մենք չունենք այդ օղակը, որը կմարսի գիտության արդյունքները, կտա հասարակության տարբեր խմբերին, և հակառակը՝ կմարսի եղած խնդիրները և կտա պետությանը»,- ասաց Լիլիթ Սահակյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց՝ գիտության հանդեպ վերաբերմունքի և քննարկված շատ խնդիրների պատճառների հարցում կարևոր անելիք ունեն հասարակագիտական հետազոտութոյունները։ «Մենք հասարակագիտական բավարար վերլուծություն չունենք հանրային զարգացման խնդիրների և դրանցում գիտության մասնակցության մասին։ Եթե ասում եք, որ մեր ընկերությունները գիտելիքը չեն ընդունում և գերադասում են այլ եղանակներով աշխատել, եթե բազմաթիվ խնդիրներ ենք առաջ քաշում, որոնք հանրության ու գիտության հարաբերության հարցեր են, այստեղ է հենց կարևոր հասարակագիտական վերլուծությունը, որը, ցավոք սրտի, չկա»,- ասաց նախարարը։   Ինչպե՞ս չափել գիտության արդյունքները Ազգային ժողովում քննարկվող թեմաներից մեկն էլ Հայաստանի համար գիտական առաջնահերթ ուղղությունների սահմանումն ու գիտական արդյունքների գնահատումն էր։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այժմ գիտնականի արդյունավետ լինելը գնահատվում է հիմնականում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներով։ Նա հորդորեց, որ գնահատումը նաև այլ բաղադրիչներ ունենա։ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ բացատրեց, թե ինչու են տպագրությունները գնահատման հիմնական չափանիշը։ «[Միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունը] նշանակում է, որ գիտնականն ի վիճակի է ուսումնասիրել առկա ժամանակակից գրականությունը, միջազգային գիտելիքի մեջ վեր անել գիտական խնդիրներ, ձևակերպել այդ խնդիրը, գտնել լուծումներ, ձևակերպել իր լուծումները, կատարել փորձը, ստանալ արդյունքները, ձևակերպել իր եզրակացությունները, ուղարկել համապատասխան պարբերականներ, ստանալ գրախոսություն, այսինքն՝ քննադատություն, քննադատության համապատասխան՝ շտկել, արձագանքել այդ քննադատությանը, ըստ այդմ վերադարձնել շտկումներն ու տպագրել [գիտական հոդված]»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը Սարգիս Հայոցյանի կարծիքով գիտությունից դեպի կիրառելի հետազոտություններ ու մշակումներ թռիչքը սովորաբար շատ բացառիկ դեպքերում է տեղի ունենում։ Նրա խոսքով մինչև տնտեսությանն օգուտ տալը գիտությունը ճանապարհի ունի անցնելու, և այդ ճանապարհին կարևոր է միջազգայնորեն մրցունակ գիտությամբ զբաղվելը։ «Եթե դու չունես այդ «մեդալը», որ ի վիճակի ես այդ ամենն անելու, մեծ հարց է առաջանում, թե արդյո՞ք ի վիճակի ես մշակումներ անելու, արդյո՞ք այն, ինչը ներկայացնում ես որպես մշակում, մշակումներ են, թե՞ ուղղակի հայտնի տեխնոլոգիաների կիրառում կամ հայտնի ինչ-որ բանի անալոգ, որը սովորաբար պետք է ավելի վատը լինի, քանի որ գիտելիք դրված չէ այնտեղ»,- ասաց նա։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն էլ հակադարձեց, որ միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունների թվի ավելացումը չպիտի լինի ինքնանպատակ։ «Մենք տպագրությունները համարում ենք անհրաժեշտ գործիք որակի չափման համար, բայց ինչի՞ որակ, ի՞նչ համակարգ, ի՞նչ կարողություններ ենք ուզում ստանալ։ Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որը կարող է մեր երկրի խնդիրները լուծել, և համակարգ, որտեղից կարող են դուրս գալ ավելացված արժեքով պրոդուկտներ, որոնք կարող ենք և՛ ներսում օգտագործել, և՛ արտահանել, բայց առաջին  հերթին մեր երկրի խնդիրները լուծել։ Եթե մենք ի սկզբանե չենք գալիս այդ գլխավոր նպատակից, սկսում ենք կենտրոնանալ երկրորդական ենթանպատակների վրա։ Ոչ մի երկիր, եթե պատմությունը ուսումնասիրեք, այդպես հարցին չի մոտեցել։ Նրանք երկար փորձել են ինչ-որ լուծումներ ստանալ իրենց խնդիրներին, հետո ինչ-որ մի պահի հասկացել են, որ եթե համակարգի մեջ ձևավորեն այսպիսի կոմպոնենտ, որտեղ մարդիկ ազատ են հետազոտելու և նոր գիտելիք ստեղծելու, հետո դա ինչ-որ ձևով կիրառելու, կարող են հաճախ շատ ավելի արդյունավետ լուծումներ ստանալ։ Բայց հակառակը չի՛ եղել, որ ասեն՝ եկեք սկսենք մեր բյուջեի 90%–ը  ծախսել ֆունդամենտալ հետզոտությունների վրա, շատ տպագրություններ ունենալ, հետո մի օր կտեսնենք, թե այս մարդիկ ինչ խնդիր կարող են լուծել»,- ասաց նա։ Տիգրան Շահվերդյանը շեշտեց, որ պետք է հասկանալ, թե որ ուղղություններով հետազոտություններն են կարևոր Հայաստանի համար, և դրանց  առաջնահերթություն տալ, այդ ուղղություններում կարողություններ ու ենթակառուցվածքներ ձևավորել։  «Մենք հենց առաջինն էինք, որ ասեցինք՝ այս պահին պետք է ավելացնել ֆինանսավորումը, որովհետև կան ծրագրեր, որոնք հարկավոր է հենց այս պահին իրագործել։ Բայց արդեն 3 տարի է անցել, և մենք շարունակում ենք խոսել միայն դրա մասին։ Ինչ-որ մի պահի հարց է առաջանալու շատ մարդկանց, մասնավորապես՝ քաղաքացիների մոտ, թե ինչու ենք այսպես շարունակում։ Եթե այս պահից մենք սկսենք մտածել, թե որ խնդիրներն ենք ուզում լուծել, ինչ ուղղություններ ենք ուզում զարգացնել, ռեսուրսները գնահատենք, ռազմավարություններ կազմենք, պետական համակարգում բացերը լրացնենք, գոնե ասենք` սպասեք, մենք այդ գործը անում ենք․․․ Բայց ախր չենք էլ անում․ շարունակում ենք խոսել այն մասին, որ մի օր, երբ ունենանք լավ զարգացած կարողություններ, 12 հազար գիտնականներ, որոնք շատ լավ տպագրվում են, այդ ժամանակ նոր կկարողանանք խնդիր լուծել»,- նշեց նա։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն էլ շեշտեց անվտանգային ուղղություններում սեփական տեխնոլոգիաների մշակման կարևորությունը։  «Հակառակ պարագայում մենք ընկնում ենք էլ ավելի մեծ կախվածության մեջ արտաքին ուժերից։ Անվտանգություն ասելով՝ մենք պետք է հասկանանք լայն սպեկտր․ դա միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, սննդային անվտանգությունն է, գաղափարական պայքարի, էներգետիկ անվտանգությունը։ ․․․․ Կան ոլորտներ, որտեղ առաջնայնությունը պետք է տրվի սեփական տեխնոլոգիաների գեներացիային, և այդ ոլորտների նշումը, այդ ոլորտների առաջնահերթ ֆինանսավորումը, դրանց զարգացման համար մեխանիզմների ստեղծումը պետք է հանդիսանա ընդհանուր մտահոգության առարկա»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։   Ինչո՞ւ է ուշանում գիտության ռազմավարությունը ԱԺ-ում քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ գիտության զարգացման ռազմավարությանը, որը դեռևս չի հրապարակվել։ Նա հիշեցրեց, որ ռազմավարությունը պատրաստ էր դեռ 2021-ին և այն ժամանակ չհրապարակվեց լիազորող նորմի բացակայության պատճառով, իսկ այժմ վերանայման փուլում է։ «Ինչ-որ առումով լավ է, որ մինչև այս պահը դեռևս ռազմավարությունը ներկայացված չէ քննարկման, որովհետև այն բոլոր աշխատանքները, որ արվել են, բերում են մեզ հաջորդ փուլի իմաստավորման իրավիճակի, երբ որ մենք պետք է հասկանանք, թե այս ամենից հետո որոնք են մեր հաջորդ փուլի թիրախները։ Վարձատրությունը բարձրացրինք, պետական ֆինանսավորումն ավելացրինք, կիրառական հետազոտությունների, այլ ուղղություններով դրամաշնորհային նոր ծրագրեր ներդրեցինք, և պետք է հասկանալ՝ ինչպես ենք առաջ շարժվում, որ թիրախներն են դառնում մեզ համար կարևոր»,- ասաց նախաարը։ Ժաննա Անդրեասյանը նշեց՝ գիտության ռազմավարությոնը կլինի 2025-30 թթ․ համար՝ այդպիսով համահունչ դառնալով «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրին» ու ակադեմիական քաղաքի կառուցմանը։ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հարցրեց, թե ինչու են առաջինը հրապարակվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, իսկ գիտության ռազմավարությունը հաջորդելու է  այդ փաստաթղթերին։  «Եթե չեմ սխալվում, ընդունված պրակտիկան հակառակն է․ լինում է հայեցակարգ՝ ընդհանուր փոփոխությունների վերաբերյալ, դրանից հետո ռազմավարություն, օրենք, հետո  ենթակառուցվածքների վերաբերյալ աշխատանքներ»,- նշեց Արսեն Առաքելյանը։ Ժաննա Անդրեասյանն էլ պատասխանեց՝ ռազմավարություն եղել է՝ «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը», որով սահմանվել են բուհերի խոշորացումն ու  գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորումը։ Նախարարը նաև նշեց՝ չնայած գիտության զարգացման ռազմավարությունը չի հրապարակվել, գոյություն ունի Կառավարության ծրագիրը, որտեղ ներկայացված են գիտությանը վերաբերող անելիքները։ Նշենք, սակայն, որ կառավարության ծրագիրն ընդունվել է դեռևս 2021-ի ամռանը, և այնտեղ սահմանված թիրախներում նախատեսվում էր ոչ թե գիտական կազմակերպությունների միավորումը բուհերին, այլ կազմակերպությունների խոշորացմամբ գիտական նոր կենտրոնների ստեղծումը։ Իսկ ակադեմիական քաղաքի ստեղծումը, գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը նախատեսված են «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով»՝ բարձրագույն կրթության համար սահմանված թիրախների համատեքստում (գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆիլմում)։  Ազգային ժողովում կազմակերպված քննարկումն, այսպիսով, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան հարցերի պատասխանեց։ Այս պահին ԿԳՄՍ նախարարությունը առաջարկների հավաքման ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերջնական լրամշակման փուլում է, որից հետո նախագիծը կքննարկվի կառավարությունում։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
19:39 - 21 նոյեմբերի, 2024
Մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, գրավով եւ բացակայելու արգելքով

Մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, գրավով եւ բացակայելու արգելքով

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, երկրից բացակայելու արգելքով եւ 3 մլն դրամ գրավով։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի։ Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Հակակոռուպցիոն դատարանում, մասնավորապես, քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանման՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի նահանջի հանգամանքները։ Հայկազ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 24-ին, ուստի այսօրվա նիստում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց երկարաձգել Գրիգորյանի կալանքի ժամկետը՝ նշելով՝ կարծում է, որ մեղադրյալը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, որպեսզի ապահովվի նրա պատշաճ վարքագիծը։ Մեկ ամիս առաջ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելիս հանրային մեղադրողը նշել էր, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է գործի համար էական նշանակություն ունեցող վկաների՝ դեռեւս հարցաքննված չլինելու հանգամանքով։ Թեեւ այսօրվա նիստում շուրջ վեց ժամ հարցաքննվեցին վերջին երկու վկաները, այդուհանդերձ հանրային մեղադրողը հայտարարեց, որ հնարավոր է՝ այլ ապացույցներ հետազոտելու եւ նոր վկաների ներգրավելու կարիք էլ լինի․  «Այս առումով, կարծում եմ, [մեղադրյալի կողմից] որոշակի ազդեցություն ունենալու ռիսկն առկա է։ Իմ գնահատմամբ՝ քանի որ ավարտվեցին վկաների հարցաքննությունները, Հայկազ Գրիգորյանին ներկայացված մեղադրանքում նշված փաստական հանգամանքներն առավել քան հիմնավորվեցին»,- ասաց Գեւորգ Ավետիսյանը՝ նշելով, որ, իր համոզմամբ, այդպիսով մեղադրյալի մոտ կարող է ձեւավորվել այն կարծիքը որ դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումն անխուսփափելի է լինելու, ուստի կասկած կա, որ նա ազատության մեջ մնալու կամ այլ խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է խուսափել դատավճռից։  Հանրային մեղադրողին հակադարձեց Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը՝ վկայակոչելով պաշտպանի՝ վկաներին հարցաքննելու հայտարարությունը եւ համոզմունք հայտնելով, որ վկաների հարցաքնությունները ամբողջովին խարխլում են մեղադրանքը, եւ ոչ թե հիմնավորում։ Նորիկյանը նկատեց նաեւ, որ դատարանը եւս ընդգծել էր, որ կան չհարցաքննված վկաններ՝ նկատի ունենալով Գրիգորյանի վաշտի ժամկետային զինծառայող Արման Արմաղանյանին եւ եւս երկու անձի, եւ նշեց, որ նրանք, փաստորեն, եւս հարցաքննվել են։ Այդպիսով, ըստ պաշտապնի, արդեն իսկ փարատվել են մտավախությունները, որ իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ կամ խոչընդոտել ապացուցման գործընացին։ Նորիկ Նորիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ այդ թվում՝ համակցությամբ՝ տնային կալանք, բացակայելու արգելք եւ 1-3 մլն դրամ գրավ։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը հետաքրքրվեց մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի հնարավոր բնակության վայրի, համատեղ բնակվող անձանց, իր եւ ընտանիքի անդամների ֆինանսական վիճակի մասին՝ հարցնելով նաեւ, թե գրավի գումարի աղբյուրը որն է։ Հայկազ Գրիգորյանը հայտնեց, որ բնակվելու է Երեւանում՝ ծնողների, կնոջ եւ երեխաների հետ, իսկ գրավի գումարը հավաքվելու է իր բարեկամների միջոցով։ «Շա՞տ բարեկամներ ունեք»,- հարցրեց դատավորը, ինչին մեղադրյալը դրական արձագանքեց։  Ի վերջո, դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինելով այլընտրանքային համակցված խափանման միջոցներով՝ 3-ամսյա տնային կալանք, 3 մլն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Մեղադրյալը պարտավորվեց առանց իրավասու մարմնի ուղեկցության չլքել բնակարանը, նրան արգելվեց շփվել այլ անձանց հետ եւ հյուրընկալել այլ անձանց, բացի իր ընտանիքի անդամներից եւ պաշտպանից։ Լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը, կադրը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 սեպտեմբերի, 2022թ․, Infocom (Հակակոռուպցիոն դատարանը չի թույլատրել լուսանկարահանում իրականացնել նիստի ընթացքից՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը)։ Հայարփի Բաղդասարյան
23:26 - 20 նոյեմբերի, 2024
ԿԿՀ նախագահի պաշտոնը թափուր մնալուց 1 տարի անց 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել

ԿԿՀ նախագահի պաշտոնը թափուր մնալուց 1 տարի անց 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 4-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։ Հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Այն հետեւում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում է հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։ Մեկ տարի է, սակայն, ինչ սահմանադրական այս կարեւոր մարմինը, համալրված չէ, ավելին՝ չունի ընտրված նախագահ։ Ազգային ժողովի պաշտոնական կայքից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ այս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 5 հավակնորդ, այդ թվում՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Հիշեցնենք՝ ԿԿՀ անդամների, այդ թվում՝ նախագահի պաշտոնները, թափուր են արդեն մեկ տարի։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ առաջին նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ Ազգային ժողովը, սակայն, նրանց չընտրեց։ Դրանից հետո՝ 2024 թ․ փետրվար ամսին, հայտարարվեց 2-րդ մրցույթը, որին էլ մասնակցության հայտ ներկայացրին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Նվարդ Վարդանյանը եւ 2020-2023 թթ ընթացքում ԿԿՀ–ում մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ աշխատած Սարգիս Միրզոյանը։ Այդ մրցույթը, սակայն, ընդհանրապես չկայացավ։ Մարտ ամսին հայտարարված մրցույթին Նարինե Ավետիսյանն ու Նվարդ Վարդանյանը դարձյալ հայտ ներկայացրին։ Մյուս երկու հավակնորդներն էին Հրաչյա Աբրահամյանն ու Վաղարշ Աղաբեկյանը։ Մրցութային խորհուրդը ԱԺ-ին ներկայացրեց նրանցից երկուսի՝ Վաղարշ Աղաբեկյանի ու Նարինե Ավետիսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովը, սակայն, այդ անգամ էլ չընտրեց թեկնածուներից եւ ոչ մեկին։ Այժմ հայտարարված 4-րդ մրցույթին հայտ են ներկայացրել Նարինե Ազարյանը, Տիգրան Բաբիկյանը, Ժիրայր Կարապետյանը, Արսեն Մանուկյանը, Արմեն Մարուխյանը։ Նարինե Ազարյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչության պետն է։ Տիգրան Բաբիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողողվի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի պետն է։ Ժիրայր Կարապետյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ոստիկանության փոխգնդապետ, Ճանապարհային ոստիկանության ՏՄՀԻՎԳՔ բաժնի պետի նախկին տեղակալը։ Արսեն Մանուկյանը Հայաստանի բարեվարքության ծրագրի թիմի համակարգողն է, Փաստաբանական պալատի անդամ։ Նախկինում զբաղեցրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի, ապա՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնները։ Արմեն Մարուխյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության նախկին պետը։ Նշված հինգ հավակնորդներից Մրցութային խորհուրդը դարձյալ պետք է ընտրի այն անձանց, որոնց թեկնածությունը ներկայացվելու է Ազգային ժողովին։ Ընտրությանը նախորդելու է հավակնորդների հարցազրույցների փուլը։ Այն նախատեսված է նոյեմբերի 29-ին։   Միլենա Խաչիկյան
13:52 - 20 նոյեմբերի, 2024
«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց 1 ժամ ուշացումով, քանի որ կալանավորին դատարան ուղեկցող ոստիկանության ծառայողները մեղադրյալ Գրիգորյանին ուշ բերեցին դատարան։  Դատական նիստերի մեկամսյա հարկադիր հետաձգումից հետո այսօր դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը։ Նա մեկն է այն 6 ժամկետային զինծառայողներից, որոնք հոկտեմբերին ընկել էին շրջափակման մեջ եւ 70 օր անտառներում ու սարերում անհայտության մեջ մնալուց հետո 2020թ․ դեկտեմբերի 20-ին վերադարձել հայրենիք։ 1999թ․-ին ծնված Արման Արմաղանյանը նորակոչիկ է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Նա Արցախի Հանրապետություն ծառայության է մեկնել 2020թ․ հուլիսին։ Սեպտեմբերի 27-ին, դեռ նորմալ կրակային պատրաստություն էլ չանցած, Ջրականի զորամասից՝ իրենց մշտական տեղակայման վայրից, 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտը, հրամանատարությամբ Հայկազ Գրիգորյանի, հայտնվում է ռազմաճակատում։ Մեկ շաբաթ հետո Ջրականի ուսումնական գումարտակն արդեն Հադրութի Խուռհատ սար կոչվող տեղամասում էր, որտեղից նահանջի արդյունքում էլ Արմանն ու ծառայակիցներն ընկել են շրջափակման մեջ։  Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննության առարկա են Խուռհատ սարի դեպքերին նախորդած իրադարձությունները, մասնավորապես Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջի դրվագները։ Խուռհատ սարին առնչվող դեպքերը քննվում են Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում․ այդ դատավարության մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ Խուռհատ սարի գործով դատաքննության ժամանակ Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ։ Ըստ վկայի՝ նորակոչիկների վաշտը պատրաստ չի եղել ներգրավվել մարտական գործողությունների Հակակոռուպցիոն դատարանում Արման Արմաղանյանը հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Հայկազ Գրիգորյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, զորացրվելուց հետո նրա հետ առնչություն չի ունեցել։ Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ վկա Արմաղանյանն ասաց, որ չի կարծում, թե իրենց վաշտը պատրաստ էր ներգրավվել մարտական գործողությունների։ Ըստ Արմանի՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հանձնարարվեր թիկունքային աշխատանքներ կատարել կամ էլ իրենց ուսումնական գումարտակը ցրվեր այլ գումարտակների միջեւ։ Հարցաքննության ընթացքում նա մտաբերեց, որ սեպտեմբերի 27-ի տագնապից հետո, երբ իջել են ապաստարան, մի քանի զինվորներ այնտեղ են իջեցրել զենքերը, եւ զինծառայողները դրանք վերցրել են պատահականության սկզբունքով, այսինքն՝ ոչ իրենց կցված զենքերը։ Ըստ Արմանի՝ այդ պահին առաջնային խնդիրն արագությունն է եղել։ Ինքն անձամբ, վաշտում լինելով հրաձգիգ, վերցրել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ․ «Փորձը ցույց տվեց, որ զինվորներն անգամ հրամաններ չգիտեին, չգիտեին՝ պատերազմի ժամանակ ինչ պետք է անել։ Բայց իմ գնահատականն, իհարկե, էդքան պրոֆեսիոնալ չէ»,- ասաց Արմաղանյանը։  Այն տեղամասը, որտեղ մարտական հերթապահության է ընդգրկվել 70-80 հոգանոց իրենց զորքը, կոչվում է «Չռիկներ»։ Վաշտի հետ եղել են երկու սպաներ՝ Հայկազ Գրիգորյանը եւ լեյտենանտ Գագիկ Հարությունյանը․ «Մեզ հետ կար Նազարյան Հովոն (դասակի հրամանատար,- հեղ․), որ մեր վաշտի մի մասի հետ ուրիշ տեղում էին, մեզանից հետ էին ավելի, բայց համզված չեմ, կարող ա՝ կողքի գծում լինեին»,- հավելեց վկան։ Գումարտակի մյուս ստորաբաժանումների տեղակայման դիրքերի մասին Արմանը հստակ տեղեկություններ չի ունեցել։ Ընդհանուր առմամբ՝ իրենց վաշտի ծառայողները հստակ չեն էլ իմացել՝ իրենք որ բնագծում են՝ առաջի՞ն, երկրո՞րդ, երրո՞րդ․ ամեն մեկը մի բան է ասել, ինքը՝ Արմանն էլ, հստակ չի իմացել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք նշել են, որ Գրիգորյանի վաշտը գտնվել է երկրորդ բնագծում եւ խնդիր է ունեցել պաշտպանել առաջին գումարտակի թիկունքը։ Վկան ասաց, որ ինքը նման բան չի լսել․ «Մենք հասկացել էինք սենց՝ զուտ պետք ա պահենք գիծը, որ թշնամին չգա»։ Զորքը ԱԹՍ-ներին ավտոմատներով խոցելու հրաման է ստացել Վկայի խոսքով՝ այդ հատվածում իրենք հակառակորդի հետ անմիջական մարտի երբեւէ չեն բռնվել, սակայն մշտապես եղել են տարբեր ինտենսիվությամբ հրետակոծության ներքո, իսկ երբեմն նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր են եկել, որոնց ավտոմատներով խոցելու հրաման են ստացել։ Արմանը հիշեց, որ եղել է օր, երբ հրետանու արկն արկի հետեւից է ընկել, եւ իրենք նույնիսկ չեն կարողացել գլուխները հանել խրամատից։ Անտառի կողմից զինվորները, այդ թվում Արմանը, ինչ-որ շարժ նկատել են, բայց նա վստահ չէ՝ դրանք մարդի՞կ են եղել, թե՞ կենդանիներ։ Միաժամանակ, նա հիշում է, որ այդ կողմից իրենց ուղղությամբ հրաձգային զենքից կրակոցներ են եղել։ Վկա Արման Արմաղանյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․) Նահանջի պատճառը շրջափակման մեջ ընկնելու վտանգի մասին լուրերն են եղել «Չռիկներ» կոչվող տեղամասում զորքը մոտ մեկ շաբաթ է մնացել՝ մինչեւ նահանջ կատարելը։ Նահանջի պատճառ, ըստ վկայի, եղել են այն խոսակցությունները, որ իրենց թիկունքից հակառակորդի զորք է մոտենում, իսկ դիմացից՝ 50-ին մոտ տեխնիկա։ Արման Արմաղանյանի խոսքով՝ եթե այդ տեղեկություններն իրական են եղել, ապա իրենց վաշտը ունակ չէր լինելու դիմակայել հարձակմանը։ Զորքն այդ հատվածում շատ զոհեր չի ունեցել։ Վկան մտաբերեց, որ մի սերժանտ զոհվել է, ըստ ամենայնի, հակառակորդի դիպուկահարի կրակոցից, մեկ այլ զինվոր, իր տեղեկություններով, հայկական ուժերի տանկի արկի հարվածից։ Նահանջի նախորդ օրը, ըստ վկայի, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի եւ լեյտենանտ Հարությունյանի միջեւ խոսակցություն է եղել՝ պե՞տք է նահանջել, թե՞ ոչ։ Արմանը, սակայն, չէր մտաբերում, թե սպաներից ով որ որոշման կողմնակիցն էր։ Ի վերջո որոշում է կայացվել նահանջել։ - Ըստ Ձեզ՝ խոսակցություններ են եղել, որ հակառակորդը թիկունքից փորձել է շրջանցել ձեզ։ Այդ մասով դուք կամ ձեր սպաները փորձեցի՞ք ինչ-որ միջոցներ ձեռնարկել,- հարցրեց հանրային մեղադրողը։ - Չեմ կարող ասել, թե ում հետ են կապի դուրս եկել, բայց գիտեմ, որ Հովոյենց հետ կապի եղել են։ Ես էն ժամանակ power bank (լիցքավորող մարտկոց) ունեի, ու հիշում եմ դրվագ, որ Հայկազ Գրիգորյանին եմ տվել մի պահ, քանի որ ռացիայի զարյադկան նստում էր, ինքը փորձում էր լիցքավորել։ Հետո ուրիշ ռացիա եկել ա, թե չէ՝ ինֆորմացիա չունեմ,- պատասխանեց վկան։ - Դա նահանջի՞ օրը, թե՞ դրանից առաջ։ - Ինձ թվում ա՝ մի երկու օր առաջ։ - Դուք անձամբ ինչ-որ տեխնիկա կամ անձնակազմ նկատե՞լ եք։ - Անձամբ չեմ տեսել, շարժ տեսել եմ անտառի կողմից։ - Մինչեւ այս հարցաքննված վկաներից ասել են, որ հեռադիտակով տեսել են մոտավորապես 100 կամ ավելի տեխնիկա, որոնք եկել են ձեր մարտական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։ - Ես անձամբ չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ կարող է նման բան լինել, որովհետեւ նման բան պատերազմի ժամանակ էլ եմ լսել։ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը այս հանգամանքին առնչվող հակասություն նկատեց վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ ։ Նորիկյանն ընթերցեց Արման Արմաղանյանի՝ քննիչի մոտ հարցաքննության այն հատվածը, որտեղ վկան նշել է, որ ինքն անձամբ հեռադիտակով դիտարկել եւ նկատել է իրենց ուղղությամբ շարժվող հակառակորդի խմբեր, իսկ այժմ՝ նախաքննական ցուցմունքից մեկ տարի էլ չանցած, դատարանում ասում է, որ ինքը չի տեսել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն արձագանքեց, որ քննիչի հետագա հարցերին վկայի պարզաբանումներից հասկանալի է դառնում, որ մոտեցող հակառակորդի մասին վկան միայն լսել է, ուստի ինքը հակասություն չի նկատում ցուցմունքում։ Նորիկյանն առարկեց, դատարանը եւս գնահատեց, որ հակասությունն ակնհայտ է։ Վկա Արմաղանյանը պարզաբանեց, որ հեռադիտակով տարբեր բաներ դիտարկել է, բայց հիմա չի հիշում, թե այդ ժամանակ ինչ է տեսել։ Ամեն դեպքում, նա ասաց, որ նախաքննական իր ցուցմունքը ճշմարտացի է․ «Հիմա, անկեղծ, չեմ հիշում՝ էդ ժամանակ ինչ եմ տեսել, կարող ա շարժ եմ տեսել, ինձ թվացել ա, համոզված չեմ՝ հակառակորդ ա եղել, թե ոչ, հիմա չեմ կարող համոզված ասել»։ Ըստ վկայի՝ վերադաս հրամանատարությունից ասել են՝ տանկերին ավտոմատներով էլ կարող եք կրակել «Չռիկներ» տեղամասում 6-7 օր մնալուց հետո զորքը նահանջել է։ Նահանջի մասին վերադաս հրամանատարությանը զեկուցվել է, թե ոչ, վկան չէր հիշում, ինքը չէր լսել որեւէ բան։ Արման Արմաղանյանը պատմեց, որ գծով նահանջել են մինչեւ ինչ-որ տարածք, որտեղ եղել է տանկի համար նախատեսված խրամուղի, որտեղ եւ կանգ են առել։ Արմանի խոսքով՝ այդտեղ գնդի հրամանատարությունից ինչ-որ մեկի հետ կապի են դուրս եկել․ «Երբ էդտեղ խոսեցինք, մեզ ռացիայով շատ վատ խոսքերով ասեցին՝ հետ գնացեք, տարբեր բաներ էին ասում՝ վիրավորանքներ, ինձ չի թվում, որ ստեղ պետք ա նկարագրել։ Չեմ հիշում՝ ինչ եզրահանգման եկանք, ես ամենամոտը չէի ռացիային, որ լսեի։ Դրանից հետո մեր սերժանտ Վահանի ուղեկցությամբ շարունակեցինք նահանջը, որովհետեւ ինքը տեղանքը լավ գիտեր։ Սաղ զորքն էր ու մի քանի մոբ»,- ասաց վկան։ Նա չմտաբերեց, թե ով է խոսել վերադաս հրամանատարության հետ, բայց ենթադրեց, որ կապի դուրս եկողը պետք է սպա լիներ։ Արմաղանյանն ասաց, որ վերադասությանը հայտնել են, որ իրենց ուղղությամբ տանկեր են գալիս, չունեն հատուկ տեխնիկա, մի երկու հակատանկային արկ ունեն, իսկ մյուս կողմից պատասխանել են, որ ավտոմատներով էլ կարող են կրակել տանկերին՝ «բաշնյայի ու հիմնական մասի արանքով կրակեք, կտրաքի»։ Այս պատասխանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Արման Արմաղանյանին աբսուրդ է թվում։ «Սպան ասում էր՝ հետ գնացեք ձեր դիրքերը, մեր պատասխանն էն էր, որ մեր վրա գան, զուտ մեր վրայով անցնելու են, ֆիզիկապես չենք կարա դիմակայենք»,- ասաց Արմաղանյանը։ Նա հիշեց մի դեպք, որ այդ նահանջի ընթացքում յուրային ստորաբաժանումներից մեկը չի իմացել, որ այդ ուղղությամբ մեր զորքը նահանջ է անում, ու կրակել է, ինչի պատճառով վաշտի տղաներից մեկը թեթեւ վիրավորում է ստացել։ Հրաձգությունը դադարել է, երբ տղաները գոռացել են, որ իրենք հայ են․ «Անփորձ զինվորները գոռացին՝ մենք հայ ենք, հայ ենք։ Բախտներս բերեց՝ իրենք էլ էին հայ»։ Նահանջի ժամանակ դասակի հրամանատար Հովհաննես Նազարյանն իրենց հե՞տ է եղել, հետաքրքրվեց հանրային մեղադրողը։ Վկան, սակայն, հստակ չմտաբերեց, միայն ասաց, որ հիշողության մեջ մի դրվագ կա, երբ տանկի խրամուղուց էլի նահանջել են, մի խրամատում եղած ժամանակ զորքին հաշվել են, եւ, իր տպավորությամբ, հաշվողը կարող էր Հովհաննես Նազարյանը լինել, որը սկզբանական նահանջ անելու պահին իրենցից հետ է եղել իր զորքի հետ։ «Խնդիրը սենց ա եղել․ նահանջելու ժամանակ, քանի որ բավականին շատ ենք եղել, ես էդ ժամանակ ոչ ընկալում եմ, թե քանի հոգի ենք, ոչ էլ տարբեր մարդկանց եմ ման գալիս։ Էն մարդկանց, ում ման էի գալիս, էն մարդիկ են, որոնց հետ հետ ենք եկել, որոնց հետ պատերազմի ժամանակ ավելի մտերիմ էինք։ Ես չէի հաշվում, թե քանի հոգի են, որովհետեւ գիտակցում էի, որ ես ժամկետային զինծառայող եմ, որը երկու ամիս ա ծառայել, ու ամենամեծ օգուտը, որ կարամ տամ, զուտ չխանգարելն ա»,- պարզաբանեց Արմաղանյանը՝ նշելով, որ ուշադիր չի եղել, թե ով իրենց հետ չկա,- «ի սկզբանե ես մտածում էի, որ լեյտենանտ Հովոն իր ստորաբաժանման հետ լրիվ ուրիշ տեղում ա եղել»։ Այդ տեղանքից էլ զորքը հասել է Հադրութի դպրոց։ Արմանի մոտ եղել է բջջային հեռախոս, որը նա միացրել է 5-6 օրը մեկ, որպեսզի մարտկոցը երկար դիմանա։ Երբ դպրոցում միացրել է, բաց թողած զանգեր է տեսել ծառայակիցներից մեկի եղբորից․ «Հետ զանգեցի, ինձ հարցրեց՝ Սամոյից (սերժանտ է եղել Հովհաննես Նազարյանի զորքից, զոհվել է,- հեղ․) ինչ-որ ինֆորմացիա ունե՞ս, ասացի՝ չունեմ, էդ ժամանակ սկսեցի հասկանալ, որ մի բան էն չի, առնվազն մեր հետ չի, մտածեցի՝ ուրիշ տեղ դիրքավորված ա։ Հետո իմացա, որ որոշ զինվորներ հետ են մնացել»։ Հանրային մեղադրողը ճշտեց՝ մնացել են այն դիրքում, որտեղից նահանջե՞լ են իրենք, վկան պատասխանեց․  - Կամ հետ են մնացել, կամ չեն իմացել, որ մենք նահանջում ենք, բայց միտքը մնում ա էն, որ չեն եկել մեր հետ։ - Իսկ Հովհաննես Նազարյանի՞ց ինչ տեղեկություն ունեք, ինքն էլ է՞ր մնացել։ - Ինքն էլ էր մնացել, բայց պատերազմից հետո իր հետ խոսելիս հասկացա ընդհանուր պատկերը։ Իմացա, որ մենք հետ ենք նահանջել ու իրենք տեղյակ չեն եղել դրա մասին։ Բայց սա՝ Հովոյի պատմելով, ես անձամբ չեմ հիշում։ - Իսկ Հովհաննես Նազարյանը հարցաքննվելիս նշել է, որ ինքը տեղյակ է եղել, ուղղակի մի քանի սերժանետների հետ հրաժարվել է միանալ ձեր խմբին։ - Ես Հովհաննես Նազարյանի հետ խոսել եմ պատերազմից հետո՝ դեկտեմբերի 26, 28-ին, երբ հիվանդանդոցում էի։ - Սերժանտ Սամվելը զոհվել է այն դիրքում, որտեղից նահանջե՞լ եք։ - Ինքը Հովոյի հետ ա եղել, ենթադրաբար՝ հա։   «Եթե չնահանջեինք, կմնայինք էդտեղ, էդտեղ էլ կզոհվեինք» Խրամատում հաշվարկից, ապա տանկի խրամուղուց դուրս գալուց հետո զորքը հասել է «9կմ» կոչվող տարածք, ապա մի նկուղային տարածք, որտեղ վիրավոր զինվորներին առաջին օգնություն էին ցուցաբերում։ «Չռիկներից» նահանջից հետո զորքը այլ բնագիծ չի զբաղեցրել մինչեւ այն պահը, երբ այդ նկուղային տարածք հասնելու հաջորդ առավոտ գնդի շտաբի պետի ուղեկցությամբ գնացել են ինչ-որ մի սար, որտեղ հրաման են ստացել դիրքավորվել․ «Մեզ հրաման տվեցին դիրքավորվել էս ուղղությամբ, մենք դիրքավորվեցինք, հետո մի ուրիշ սպա եկավ, ասաց՝ դիրքավորվեք հակառակ ուղղությամբ։ Մի երեք ժամ էնտեղ մնացել ենք, ու անձրեւի տակ հետ ենք եղել։ Ինձ թվում ա էդ Հադրութի մեջ էր»,- ասաց վկան։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ զորքը չի ենթարկվել սպայակազմին եւ ինքն է նախաձեռնել նահանջը․ - Համոզված եմ, որ չէ,- ասաց վկան։ - Եթե նահանջելու հրաման չլիներ, կմնայի՞ք էդ բնագծում։ - Ինձ թվում ա՝ կմնայինք էդտեղ ու էդտեղ էլ կզոհվեինք։ - Դե շատերն են զոհվել, մնացել են եւ զոհվել։ - Իմ պատասխանն էն ա, որ հաստատ կմնայինք։ Որպես էդպիսին փախնել, կարող ա մոբերից, բայց սովորական զորքը մաքսիմում լսում էր՝ ինչ ա ասում հրամանատարությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․) Ըստ Արման Արմաղանյանի՝ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը զորքին ասել է, որ այդ տեղանքը 3-րդ չէ՝ 4-րդ գիծ է։ Արմաղանյանի պատմելով՝ դա ինչ-որ բլուր էր՝ դիմացը սար։ «Թուրքի գերեզմանը», ըստ վկայի, ինչ-որ այգուց բաժանված էր ցանցով, որի երկայնքով զորքը բացազատվել է։ Վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ Էդ ժամանակ ես մտածում էի, որ Հայկազն էլ, ստարշինան էլ մեր հետ են, իմ էդ կարծիքը նաեւ կիսում էին մնացած զինվորները։ Օրինակ, հետո սերժանտ Լյովը նահանջի ժամանակ մանրակարկիտ նկարագրութամբ նկարագրում էր, թե ոնց էր ստարշինան գետնին պառկած արյունլվիկ վիճակում։ Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»։  Այդ տարածքում, որտեղ տեղակայվել է զորքը, հակառակորդը սկսել է կրակել իրենց ուղղությամբ հրաձգային զենքերով եւ հրետանիով․ «Քանի որ զորքն ընդհանրապես պատրաստ չի եղել, ոմանք ուղղակի նահանջ ասվածի տակ [...] (խոսքը կիսատ է մնում,- հեղ․)։ Էդ զինվորները հիմա զոհված են։ Երբ մենք դպրոցում էինք, Վարդերեսյանը (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը,- հեղ․) ասաց՝ նահանջել չգիտե՞ք, երկու հոգին կրակն ա ապահովում, երեք հոգին նահանջում ա։ Էդ ժամանակ մենք չգիտեինք, չէինք սովորել դա։ Էդ «Թուրքի գերեզմանում» զինվորներն ասում էին՝ ոնց էր ասո՞ւմ Վարդերեսյանը՝ երկու հոգին պահում են, երեք հոգին վազելով փախնում են»։ Այս դրվագը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի մոտ հարց առաջացրեց՝ բա զորքի հետ եղած սպաներն ի՞նչ էին անում, որ զինվորները փորձում էին Վարդերեսյանի ասածը հիշել։ - Ես չեմ ասում, որ սպայի մեղավորություն չկա,- ասաց վկան, - եթե էս օրին հասել ենք, ուրեմն ինչ-որ մեղավորություն եղել ա։ Բայց էդ ժամանակ, ի սկզբանե, ինձ թվում ա սպայի գործողությունը կարող էր լինել էն, որ մեզ չթողեին էդտեղ գնալ։ - Հիմա գնացել եք, հակառակորդը հարձակվել ա։ Սպաները՝ Հայկազ Գրիգորյանը, ավագ ենթասպան, ի՞նչ հրամաններ էին տալիս, ի՞նչ գործողություններ էին կատարում։ - Քանի որ մենք արդեն բացազատվել էինք եւ մեր մոտակայքում սպա չկար, հրամանները մեզ հասնում էին իրար փոխանցելով։ Երբ մեր վրա կրակում էին, հասկացանք, որ ոչ մի բան չենք կարա անենք, ամեն մեկը մի վիրավորի գրկելով, վերցնելով նահանջում էր։ - Չգիտեի՞ք՝ որ ուղղությամբ։ - Ուղղությունն իմացել ենք, երբ մեր զինվորներից մեկը, որը Արցախից ա, խոսել ա հոր հետ, որը սպա ա, ասել ա, որ ճանապարհը ուղղակի շարունակենք էդ ուղղությամբ։ Տարբեր սպաներ, ում համարները ունեի, փորձեցի զանգել, ոչ մեկը չպատասխանեց։ Հետագայում վկան հրամանատարին չի հարցրել, թե ուր է եղել նա։ Ասաց՝ իր կոչումը նման հարց բարձրացնելու հնարավորություն չի տվել․ «Ես էդ ժամանակ սովորական զինվոր էի, ի սկզբանե ես միշտ օրենքի գերակայության կողմնակից եմ, եթե օրենքը թելադրում ա, որ զինվորը հատկապես մարտական ժամանակ լսի, անի հրամանատարի ասածը, ես հենց տենց էլ արել եմ»։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ ի վերջո, իր կարծիքով, վերադաս հրամանատարության թույլտվությունը եղե՞լ է նահանջի համար։ Վկան պատասխանեց՝ իր կարծիքով՝ չի եղել, եւ սպաները գործել են ըստ իրավիճակի թելադրանքի։ Զինվորները սաղավարտներով ու դանակներով են խրամատ փորել Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը վկա Արման Արմաղանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպառազինություն է ունեցել զորքը։ Վկան ասաց, որ ընդհանուր հագեցվածությունն այդքան էլ լավ վիճակում չի եղել։ Նա նշեց, որ խրամատներ բարձրանալիս քիչ պայուսակներ են եղել, որտեղ տարբեր առարկաներ են եղել․ «Էնտեղ փոս չի եղել, տարբեր զինվորներ կասկաներով են փորել, ես անձամբ դանակով եմ փորել իմ մասը, ոչ թե բահով, որը պետք էր»։ Պաշտպանը նկատեց՝ այսինքն՝ այդ ենթադրյալ երկրորդ բնագիծը նույնիսկ կահավորված էլ չի եղել, եւ ամեն մեկն իր պատկերացման շրջանակում մի ձեւ խրամատ է փորել․ - Էնտեղ եղել ա ինչ-որ ոչ խոր փոս, էդ գծվածով ենք հասկացել, որ պետք ա փորել։ Մեզ ասել են՝ ստեղ պետք ա դիրքավորվեք, նայել ենք գետնին, ինչ-որ բան ենք տեսել, ասել ենք՝ երեւի ստեղ ա ինչ-որ ժամանակ խրամատ եղել։ - Էդ օրերին վերադաս հրամանատարությունից որեւէ մեկը ձեզ այցելե՞լ է,- հարցրեց Նորիկյանը։ - Գնդից դո՞ւրս։ - Մինչեւ գնդի հրամանատար։ - Չեմ հիշում ինչ-որ մեկին։ - Գարիկ Վարդերեսյանին բնագծում տեսե՞լ եք։ - Ոչ, եթե եկել ա, ես չեմ տեսել։ Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց այն համոզմունքը, որ բնագծում մնալու պարագայում չէին կարող դիմակայել հակառակորդին․ «Իմ ենթադրությունները մաքսիմում ոչ պրոֆեսիոնալ են եւ գալիս են հիմնականում նրանից, որ +/- 80 օր եղել եմ պատերազմի մեջ, էն, ինչ տեսել եմ տարբեր ժամանակներում՝ թշնամու պատրաստվածությունը, մեր վաշտի պատրաստվածությունը, մեր զինվորների, հասկանում եմ, որ էդ մարդիկ 0 պատրաստվածություն ունեին, որ ինչ-որ դիմադրություն ցույց տային»,- պատասխանեց վկան։ Պաշտպանը վկային հարցրեց՝ ինչպիսի՞ սպա էր Գագիկ Հարությունյանը։ Ըստ Արմանի՝ օրինակելի․ - Գագիկ Հարությունյանը դատարանում ասել է, որ ինքը տեսել է 100-ից ավելի տեխնիկա,- ասաց Նորիկյանը։ - Ես միանշանակ կհավատայի, որովհետեւ ինքն էն քիչ սպաներից ա, որ ողջ պատերազմի ընթացքում իրա նման օրինակելի սպա քիչ եմ տեսել։ Գագիկը համ բավականին լավ սպա էր, համ լավ մարդ։ - Այսինքն՝ խնդիր չկա նրա խոսքերին չհավատալու։ - Ոչ։ Նաեւ խոսակցություն լսվում էր մոբերի մեջ, ասում էին, որ 100-ից ավելի մոբ ա եկել, 6-ն ա մնացել, մնացածը փախել են։ Ու էդ մոբերն ասում էին, որ շատ տեխնիկա կա, մենք չէինք պատկերացնում, որ սենց ա լինելու, սենց բան ա պատերազմը։ - Ձեր նահանջի հետեւանքով, ըստ Ձեզ, ի՞նչ է եղել։ - Ինձ թվում է՝ կարող էին տարբեր ստորաբաժանումներ ընկնել շրջափակման մեջ։ Մենք նման լուրեր էինք լսում, չգիտեմ՝ ինչքանով էին ճիշտ։ - Ասում եք՝ եթե չնահանջեինք, զոհվելու էինք։ Եթե մնայիք, հնարավոր շրջափակումը կկանխվե՞ր։ - Ես չեմ տիրապետում՝ ավելի բարձր մակարդակում ինչ ա կատարվել։ Կարող ա ընդեղ մեր լինելը մի կես ժամ ժամանակ տար ուրիշ զորքի՝ հետ գնալու, կարող ա ոչ մի բան չտար, կարող ա գային, մեզ կոտորեին, մնային էդտեղ, չեմ կարող ասել՝ ինչ կարող էր լինել։ Զորքը հոգնած էր ու քաղցած Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչ բարոյահոգեբանական վիճակում էր վաշտը։ Ըստ վկայի՝ զորքը հոգնած էր, մեծամասնությունն ի վիճակի չէր գիշերն արթուն մնալ։ Բայց, նրա խոսքով, զորքը միանշանակ պատրաստ էր հետեւել հրամաններին․ «Գլխավոր միտքն էն էր, որ եթե հիմա ես էս խմբի հետ չլինեմ, զոհվելու հավանականությունն ավելի մեծ կլինի։ Սովածության մակարդակն էլ էր բարձր, շատ քիչ էին ուտում»,- ասաց վկան․ - Սնունդ չունեի՞ք,- հարցրեց պաշտպանը։ - Ունեինք, բայց շատ սահմանափակ։ Հիմնականում սննդի մեծ մասը մնում էր տանկի ռովի (խրամուղու,- հեղ․) մեջ, որտեղ մոբերն էին։ Այսինքն՝ սովորական զինվորները կարող ա մի կանսերվան 4-ով ուտեին, իսկ տանկի ռովի մեջ կարար մի մոբ ցորենի կանսերվա բացեր ու ասեր՝ չէ, չեմ ուզում ցորեն ուտեմ, ու դներ մի կողմ։ - Իսկ մոբի վիճակն ինչպե՞ս էր։ - Մաքսիմում վատ, չգիտեմ, էլի։ Ես մոբի մասին իմացել եմ պատերազմի ժամանակ, չգիտեի, որ տենց հասկացություն կա, մենք մտածում էինք մոբը էն կինոյի տղաներն են։ Ու եկան, պարզվեց․․․։ Հետո Հայկազը հրաման տվեց մեր Արթուրին, որ կասկեն տան մոբին, որտեւ մոբը մի քիչ ավելի պատրաստված ա, ու, ոնց որ, մոբը զուտ կասկեն վերցրեց, գնաց, նստեց, սկսեց հաց ուտել։ - Իրենց վարքագիծը ձեր ընդհանուր հոգեբանական վիճակի վրա ազդեցություն ունեցա՞վ։ - Ինձ թվում ա ոչ մի բան չփոխեց։ Էդ պատերազմի սկզբի օրերն էին, մենք զուտ ասում էինք՝ ըհը, էս պատերազմի անունը կլնի 2-օրյա պատերազմ, անցավ օր՝ 3-օրյա պատերազմ, չէինք սպասում, որ էդքան մասշտաբ ա ունենալու։ Կարող ա ուրիշը սարսափած ա եղել, բայց եթե ինձ եք հարցնում․․․։ «Ես մինչեւ վերջին վայրկայնը մտածել եմ, որ Հայաստանի բանակի զինվոր եմ ու կասկաս, բրոնիկս չեմ հանել, զենքս չեմ դրել» Գրիգորյանի պաշտպան Նորիկյանը վկային հարցրեց՝ ըստ իրեն՝ ճի՞շտ էր նահանջելը․ - Ինչի՞ համար ա ճիշտ։ Եթե իմ համար՝ սաղ եմ մնացել, հա, ճիշտ էր։ Եթե Հայաստանի պաշտպանության նախարարության կամ Պաշտպանության բանակի համար, կարող ա նաեւ ոչ, որովհետեւ չունեմ բավարար ինֆորմացիա։  - Չէ, երբ ասում եք, որ մնայինք, չէինք կարող դիմագրավել հակառակորդրին։ - Հա, չէինք կարող դիմագրավել։ Ես չունեմ բավարար պատկերացում բանակի պաշտպանության մասին։ Նորից՝ կարող ա մենք 80 հոգով զոհվեինք, ու 500 հոգի ողջ մնար։ Կարող ա ընդհանրապես հակառակը լիներ, մենք մնայինք, իրանք արյան համը ջոկեին, գնային ավելի շատ մարդ սպանեին։ Չգիտեմ։ - Իսկ էդ օրերին ի՞նչ տրամադրություն էր ձեզ մոտ, ում հետ շփվել եք։ - Երբ ստորագետնյա, նկուղային կացարանում էինք, էդ ժամանակ արդեն տպավորություն կար, ինձ մոտ էլ, որ մենք, կոպիտ ասած, միս ենք, որ մեզ ուղղակի տանում են էնտեղ զուտ ժամանակ շահելու համար, մինչեւ հասկանան՝ ինչ են անելու։  - Նահանջի ժամանակ դուք զգում էիք, որ անձնական էգոյի խնդի՞ր եք լուծում։ - Չէ, նահանջի ժամանակ ես մի մեծ համակարգի մասն եմ։ Ես մինչեւ վերջին վայրկայնը, մինչեւ պատերազմի ավարտ մտածել եմ, որ ես Հայաստանի բանակի զինվոր եմ, նույնիսկ շրջափակման ժամանակ մտածում էի, որ շրջափակման մեջ չեմ, ծառայության մեջ եմ, դրա համար մինչեւ վերջ չեմ հանել իմ կասկան, չեմ գցել իմ բրոնիկը։ Ես գիտեմ, որ օրենքով չի կարելի բրոնիկը հանել, զենքը գցել, բայց երբ հասկացել եմ, որ ժամանակը եկել ա, երբ հասկացել եմ, որ դառել եմ ինդիվիդում, ով մնացել ա շրջափակման մեջ, բրոնիկն էլ հանեցի դրեցի մի կողմ, էն էլ արեցի, որ իմ հետ վերադառնալու հավանականությունը շատացնեմ։ «Մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում» Վկային հարցեր տվեց նաեւ դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նա նախ հետաքրքրվեց՝ զինծառայողները պատրա՞ստ էին կատարել ցանկացած հրաման։ Արման Արմաղանյանը պատասխանեց՝ եթե օրենքի եւ խելամտության սահմանում հրաման՝ իհարկե։ - Էն դիրքը, որտեղ առաջին օրը գնացիք, տեղյա՞կ էիք՝ ձեզնից առաջ զորք կա՞ր, թե՞ կրակոցներն անմիջապես ձեր ուղղությամբ էին,- հարցրեց դատավորը։ - Իմ զգացողությամբ՝ հրետանին հենց մեր ուղղությամբ էր կրակում։  - Ձեզանից առաջ դիրք կա՞ր։ - Ինձ թվում ա՝ չէ։ Կամ կարող ա մեր ուղղությամբ էին կրակում, որ առաջին գիծը հեշտ խոցեն։  - Առաջին օրն ի՞նչ վիճակ էր այդ մարտական դիրքում։ - Իմ առաջին տեսածն էն էր, որ մի զինվոր արյունլվիկ էր ու պատմում էր, թե ոնց ա իր ամենամոտ ընկերը զոհվել։ Միանգամից սթափեցնող բան ա, էլի։  - Անձնակազմի հոգեբանական վիճակը կարո՞ղ եք նկարագրել։ - Տարբեր զինվորների հետ որ խոսել եմ, մարդիկ ասում էին, որ իրենք ընդհանրապես ուրիշ պատկերացում ունեին պատերազմի մասին։ Մինչեւ պատերազմը զինվորներ կային, ասում էին՝ որ սկսի, էթանք էս անենք, էս անենք, ասում էի՝ մի մտածեք, որ պատերազմը տենց լավ բան ա, պատերազմից հետո իրենց աչքերից հասկացվում էր, որ էդքան լավ բան չի։ - Իսկ խուճապային տրամադրություն կա՞ր, թույլատրելիության սահմանն անցնող։ - Չէի ասի։ - Իսկ սպայական կազմի տրամադրվածությունը ո՞նց էր։ - Բավականին նորմալ։ Որ ասում եմ՝ Հայկազը խոզերի ուղղությամբ կրակում էր, ոնց որ լավ նկարագրում ա։ - Կրակում էր որպես ուտելի՞ք, թե՞։ - Չէինք կարա մենք էդ խոզերին գնայինք, վերցնեինք։ - Այսինքն՝ մտածում էիք՝ մարդ կար։ - Չէ, զուտ տեսնում էր խոզերին, կրակում էր։ - Նշեցիք, որ մոբի մարդիկ գնացին սնվելու։ Սպաներից մեկը ցուցում տալի՞ս էր, որ ուրիշ նպատակով են եկել։ - Ինձ թվում ա՝ մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում։ Եթե կար, օրինակ, 20 կանսերվա ուտելիք, 10-ը բաժանվում էր 70 հոգու մեջ, իսկ էն մնացած 10-ը մոբերի ու տանկի ռովի մեջ եղած ժողովրդի մեջ։ - Իսկ ցուցում չէ՞ր տրվում, որ․․․ Ընդմիջեք սնվելը․․․։ - Ոչ։ Ինձ թվում ա՝ եթե նույնիսկ տենց ցուցում լիներ, տղավարի կռիվ կգնար էդտեղ, ու հրամանատարությունը, Հայկազի տեսքով, էդտեղ կզիջեր։ Չեմ կարծում, որ Հայկազը կկարողանար իրենց տեղը ցույց տալ։ Վկա Արման Արմաղանյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին․ այդ օրը քննարկվելու է նաեւ Հայկազ Գրիգորյանի կալանքի երկարաձգման հարցը։ Մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 սեպտեմբերի, 2022թ․) Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը Իշխան Վահանյանի գործով դատական նիստում որպես վկա ցուցմունք տալիս կարծիք է հայտնել, որ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Նա նաեւ նշել է, որ մարտական դիրքեր բարձրանալուց մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չի կարողացել ասել։ Նա հայտնել է, որ նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հայկազ Գրիգորյանի հարցաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ։ Նշենք, որ դատարանը չի թույլատրել նիստերի ժամանակ իրականացրել լուսանկարահանում եւ տեսանկարահանում՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը։Գլխավոր լուսանկարի ետնանկարում՝ Հակակոռուպցիոն դատարանը Հայարփի Բաղդասարյան
00:15 - 19 նոյեմբերի, 2024