Ինֆոքոմ

ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը

ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը

44-օրյա պատերազմից 4 տարի անց դատարաններում քննության առարկա են պատերազմին առնչվող մի շարք հանգամանքներ՝ տարբեր ստորաբաժանումների նահանջներից մինչեւ տասնյակ զինծառայողների զոհվելու դեպքեր։ Այդ գործերից մեկի դատաքննությունն ընթանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում․ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատարանը քննում է Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքը։ Գործով մեղադրվում են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ։  Դատարանն այժմ զոհերի հարազատների՝ տուժողների հարցաքննության փուլում է։ Ծնողները դատարանում ցուցմունք տալիս պատմում են իրենց որդիների հետ ունեցած վերջին զրույցների, նրանց հրամանատարների հետ ունեցած խոսակցությունների, հանդիպումների ու տղաների մարմինները գտնելու դժվար ճանապարհի մասին։  Այս գործի շրջանակում նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին կայացած դատական նիստի ժամանակ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը՝ Կոմիտաս Զարգարյանը, հայտարարություն արեց այն մասին, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է՝ ասելով, թե 73 տղաների զոհվելու մեջ Գոռ Իշխանյանն է մեղավոր․ «Գոռ Իշխանյանն իմ տղու մազն էլ չարժի, բայց գոյություն ունի ճիշտ, որ խիղճը մեզ չտանջի։ Նույն քննության ժամանակ, որ պարոն Գասպարյանը եկել ա, ինձ ուղղորդում էր, ուղղորդում՝ բերում-բերում-բերում՝ Գոռ Իշխանյանը մեղավոր ա։ Ասում եմ՝ ինչի՞ ա մեղավոր, բա՝ որ հրաման ա տվել։ Ես էլ ասում էի՝ եթե հրաման չտար, էն վախտ կասեի՝ մեղավոր ա, եթե հրաման չտար, շատ կներեք, կասեի՝ թռչել ա, չի կարում հրաման տա, բայց հրաման ա տվել, ինչի՞ համար ա անունը հրամանատար, այսինքն՝ հրաման տալու իրավունք ունի, էն մարդը հրաման ա տվել, հիմա պետք ա քննել՝ ինչի՞ հիման վրայա էդ մարդը հրաման տվել»,- ցուցմունք տալիս ասել էր տուժողը։  Կոմիտաս Զարգարյանի այս հայտարարության առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ Կոմիտաս Զարգարյանի հայտարարությունն ուսումնասիրվե՞լ է, եթե այո, ապա քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է։ ՀՀ գլխավոր դատախազության զինվորական կենտրոնական դատախազությունից մեր հարցումը հունվարի 10-ին ուսումնասիրման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն, որը, համաձայն ՔԿ նախագահի որոշման, իրականացնում է ծառայողական քննություն։ ՔԿ ՆԱ վարչությունը մեր հարցումը ստացել է հունվարի 14-ին։ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից հայտնել են, որ ստուգողական գործողություններ են կատարում, արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։ Նշենք, որ նախնական ուսումնասիրությունը կատարվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու նպատակով։ Ծառայողական քննության մյուս փուլը կարգապահական վարույթն է։ Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական քննությունը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշտի անձնակազմի զոհվելուն առնչվող գործը մեկուկես տարի է՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում է (դրանից առաջ գործը քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը), ենթադրելի է, որ Զարգարյանի հիշատակած հարցքննության ենթադրյալ ուղղորդման դրվագից 12 ամիսը վաղուց անցել է (հարցաքննությունը տեղի է ունեցել Արցախում)։  Քննչական կոմիտեից հավելյալ պատասխան ստանալու պարագայում այն կհրապարակենք։ Հայարփի Բաղդասարյան
13:41 - 22 հունվարի, 2025
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Եթե չեմ սխալվում, պարոն Սիրունյանն ինքը արդեն հանդես է եկել հայտարարությամբ. հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումների, նաև ԿԿՀ եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը էս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, ինչից հետո եթե առիթ լինի, կխոսենք»,- ասաց Կոնջորյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: Մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել էր Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:  Անդրադառնալով անպարկեշտ գրառումներին, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսք պարունակող, Սիրունյանը հայտարարել էր, որ  դրանք «կոնտեքստից անջատված են մեջբերում», իսկ էջը, որտեղ կատարվել են գրառումները «կոլեկտիվ կառավարվող է»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ-ում կոչ էր արել ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը: Մանուկյանի խոսքով՝ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։
12:23 - 22 հունվարի, 2025
73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

44-օրյա պատերազմի ժամանակ 73-հոգանոց վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հերթական դատական նիստն այսօր մեկ ժամ էլ չտեւեց։ Բանն այն է, որ այս գործով մեղադրյալների պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել՝ դատարանին նախապես գրությամբ հայտնելով, որ չներկայանալու պատճառն իրենց անվտանգության ապահովման հարցն է։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը․ նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ եւ նրանց պաշտպանների՝ Արման Բայադյանի, Դավիթ Կարապետյանի, Արտակ Հովհաննիսյանի, Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։  Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ այսօրվա նիստին չեն ներկայանալու եւ չեն ներկայանալու հաջորդ նիստերին եւս այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն անվտանգային միջոցներ։ Այս գործով նիստերը երբեմն ընթանում են լարված մթնոլորտում․ զոհվածների հարազատների հույզերը գլուխ են բարձրացնում, դատարանում հնչում են անհարգալից արտահայտություններ մեղադրյալների ու նրանց պաշտպանների հասցեին։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում է սաստել նման իրավիճակները, երբեմն սանկցիա է կիրառում տուժողների նկատմամբ եւ նրանց հեռացնում դատարանի դահլիճից։  Դատարանին ուղղված գրության մեջ պաշտպանները ներկայացրել են, որ նախորդ դատական նիստից հետո նիստերի դահլիճում որոշ տուժողներ անհարգալից վարք են դրսեւորել եւ սպառնալից արտահայտություններ արել։ Նրանք պահանջում են հաջորդ նիստերն անցկացնել դատարանի ապակեպատ առանձնապատնեշով դահլիճում եւ հետայսու ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած անձանց թույլ չտալ մասնացել նիստերին։ Պաշտպանները պնդում են, որ հակառակը հանգեցնելու է նիստերին իրենց մասնակցության անհնարինության, քանի որ պաշտպանի գործառույթն իրավական շահի պաշտպանությունն է, այլ ոչ թե դահլիճում լռելյայն ձեւական ներկայնության ապահովումը։ Այսպիսով՝ պաշտպանները դատարանին խնդրում են հաջորդ նիստին ապահովել արդար դատաքննության միջոցներ, այդ թվում՝ անվտանգային։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստին ներկայացած պաշտպան Արման Բայադյանից հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում անվտանգային միջոցը։ Վերջինս ասաց, որ, օրինակ, ապակեպատ դահլիճը դրանցից մեկն է, մեկ այլ տարբերակ է կարգադրիչների կողմից անվտանգային միջավայր ստեղծելը կամ դատական սանկցիաների կիրառումը եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորող անձանց նիստերի դահլիճից երկարաժամկետ հեռացումը։ Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը դատարանին խնդրեց հստակեցնել, թե ինչ անվտանգային սպառնալիքի մասին է խոսքը, դատարանը տեղյա՞կ է այդ միջադեպի մասին, սպառնալիքն իրակա՞ն է, թե՞ ոչ, ի վերջո ո՞րն է այն հիմքը, որից ելնելով պաշտպանական կողմը կարծում է, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը կասկածի տակ է դրվում։ Ձախից՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը, աջից՝ տուժող Համլետ Այվազյանը Դատավորն ասաց, որ ինքը նոր է ծանոթանում այդ գրությանը, իսկ դրանում հիշատակված է նախորդ՝ հունվարի 8-ի նիստը։ Միաժամանակ, նա նշեց, որ նիստի ավարտից հետո դատավորը դուրս է եկել դահլիճից, եւ դրանից հետո ինչ է կատարվել՝ տեղյակ չէ։ Դատավորն ասաց, որ, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է նիստից հետո, դատավորը չի կարող վերահսկել կամ կարգավորել։ Արտուշ Գաբրիելյանը շեշտեց, որ նման միջադեպերը հարթելու համար կողմերը կարող են դիմել համապատասխան մարմիններին։ Հանրային մեղադրողն առաջարկեց լսել տուժողներին, որոնք ներկա են եղել ենթադրյալ միջադեպին։ Տուժողները, սակայն, պնդեցին, որ, որպես այդպիսին, սպառնալիքներ չեն հնչեցրել՝ միաժամանակ ընդունելով, որ պատահում է՝ հուզված ժամանակ իրենց զայրույթը կոպտորեն արտահայտեն։ Պաշտպան Բայադյանն, ի դեպ, դատարանում ասաց, որ անձամբ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել։ Բայց Բայադյանի դիտարկմամբ եւս դահլիճում այնպիսի մթնոլորտ է լինում, որը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքին։ Պաշտպանն առաջարկեց իրենց հասցեին որեւէ արտահայտության դեպքում սանկցիա կիրառել եւ արգելել հետագա նիստերին մասնակցությունը։ Դիմելով տուժողներին՝ նա ասաց․ «Ամենասկզբում մենք դիմել ենք յուրաքանչյուրին, շատ է լինում՝ որոշակի շփում ենք ունենում, բայց մեր նկատմամբ հարգանքը պետք է լինի, ոչ թե իրավունք ունեք հարգելու կամ ոչ, այլ պիտի՛ հարգեք, որովհետեւ հակառակ պարագայում դուք եք տուժելու։ Երբ մենք ձեր նկատմամբ ցուցաբերում ենք հարգանք, ինքս պահանջում եմ փոխադարձ հարգանք»։ Պաշտպանների գրությունն ու պատճառաբանությունները տուժողների վրդովմունքն արթնացրին։ Նրանք պաշտպանական կողմին մեղադրեցին իրենց զգացմունքները չհասկանալու մեջ։ Ավելին՝ տուժողների մոտ տպավորություն է, որ պաշտպանները հատուկ են ընտրել նման գործելաոճ, որպեսզի նիստերը հետաձգվեն եւ գործը հասնի վաղեմության ժամկետին։ Զոհված զինծառայողների հարազատները Անդրադառնալով նիստերն ապակեպատ դահլիճում իրականացնելու պաշտպանների առաջարկին՝ հանրային մեղադրողը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ տուժողները իրավունք ունեն ապակեպատ հատվածից ներս գտնվելու, եւ դատարանը կարող է միայն որոշ անձանց արգելել ներս մտնել։  Նախագահող դատավորը նպատակահարմար չհամարեց նիստերն անցկացնել ապակեպատ դահլիճում՝ պարզաբանելով, որ շատ այլ գործեր են ընթանում այնտեղ, եւ եթե այս նիստերն էլ տեղափոխեն, ապա ստիպված է լինելու ամիսը մեկ անգամ նիստ նշանակել։ Դատավորը համաձայնեց պաշտպան Բայադյանի հետ, որ սանկցիաներն ավելի շատ պետք է կիրառվեն, բայց իրադրությունն այնպես կարգավորեն, որ մյուս տուժողները մեկ-երկուսի պատճառով չտուժեն։  Ի դեպ, նախագահող դատավորը նշեց, որ ապակեպատ դահլիճ է համարվում ապակիներից ներս ընկած հատվածը, եւ տուժողները, որպես դատավարության մասնակիցներ, իրավունք ունեն գտնվելու այդ հատվածում, ոչ թե դրսում, ինչն արդեն այդ դահլիճի ընտրությունն անիմաստ է դարձնում։ Նշենք, որ այս դատավարության մեկնարկին որոշ նիստեր անցկացվել են հենց ապակեպատ դահլիճում, իսկ տուժողները գտնվել են ապակիներից այն կողմ․ այդ հատվածում նույնիսկ նիստի ընթացքն էր դժվար լսելի։  Դատավորն ասաց, որ անձամբ կխոսի պաշտպանների հետ, եւ եթե հաջորդիվ որեւէ մեկը տեղից հունից դուրս գա, նիստերի դահլիճից հեռացվելու է եւ այլեւս հնարավորություն չունենա մասնակցելու դատական նիստին։ Դատավորը պաշտպան Բայադյանին առաջարկեց նիստի ավարտից հետո տուժող կողմի հետ շփում չունենալ, եթե հարկ լինի, կարող է թույլ տալ, որ պաշտպաններն ավելի շուտ դուրս գան դահլիճից՝ միջանցքում էլ իրար չպատահելու համար։  Այսօրվա նիստը հետաձգվեց՝ հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են։  Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
17:20 - 21 հունվարի, 2025
Փաստաբանները՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման․ կոլեկտիվ հանրագիր է ներկայացվել Կառավարությանը

Փաստաբանները՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման․ կոլեկտիվ հանրագիր է ներկայացվել Կառավարությանը

Հունվարի 17-ին Փաստաբանների պալատը կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը․ առիթը փաստաբանական  ծառայությունների մատուցման եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում հարկային բեռի վերջին փոփոխություններն են։ Այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական  եւ իրավաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ։ Դա նշանակում է, որ շրջանառության հարկի փոխարեն (5%) այդ ծառայություններից այսուհետ գանձվելու են ավելացած արժեքի հարկ (20 %) եւ շահութահարկ (18-23%)։ Արդյունքում, այստեսակ գործունեությունների հարկային բեռն ավելանալու է մոտ 6-8 անգամ։ Այժմ Հայաստանի 1212 փաստաբաններ ներկայացրել են իրենց համատեղ նախագիծը եւ պահանջում են Կառավարությունից հավանություն տալ փաստաբանական  ծառայությունների մատուցումը եւ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկից ազատելուն՝ նախագիծն ուղարկելով Ազգային ժողով՝ ընդունման։ Նշենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով գրություն է, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ տարբեր ոլորտներում իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, որը անհատապես կամ կոլեկտիվ ներկայացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ։  Օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (սահմանված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս)։ Երբ եւ ինչու նախաձեռնվեցին հարկային փոփոխությունները Օրենսդրական այս փոփոխությունը Կառավարությունը նախաձեռնել էր 2024 թ․–ի տարեսկզբին։ Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունման անհրա­ժեշտու­թյունը բխում է շրջանառության հարկի համակարգի եւ հարկ­ման ընդհանուր համա­կարգի հարկային բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտե­սավարող սուբյեկտ­ների կողմից կատարվող ծախ­­­սերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչ­պես նաեւ հարկ­ման երկու համակարգերն ավելի հասցեական դարձ­նելու նպա­տա­կա­դրում­ներից․ «Շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համա­կար­գին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտե­սա­վա­րող սուբ­յեկտների համար պարզ հարկային հաշվառման եւ մեղմ վարչարարության պայ­ման­նե­րում գոր­ծու­նեու­թյուն ծավալելու հնարավորության ապահովումն է: Ուսում­նա­սի­րու­թյուն­ները, սակայն, ցույց են տալիս, որ այլընտրան­քային համա­կարգ լինելու փոխարեն այն վերածվել է հարկ­ման արտոնյալ համա­կարգի»,– ասված է նախագծի հիմնավորումներում։ Դեռ 2024–ի հունվար–փետրվար ամիսներին, երբ նախագիծը հրապարակվել էր իրավական ակտերի նախագծերի պաշտոնական հարթակում, բուռն քննարկումների տեղիք էր տվել։ Մի շարք փաստաբաններ բազմաթիվ առարկություններ էին ներկայացրել՝ շեշտելով նաեւ, որ նախագծի հեղինակները խախտել են Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջները, ըստ որի՝  վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներում փոփոխությունները եւ/կամ լրացումները կատարվում են՝ դրանք նախապես քննարկելով ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների, գործարար միջավայրի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ։ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը մեր հարցին ի պատասխան մանրամասնեց՝ նախագիծը Պալատին նախապես չի ուղարկվել, միայն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ փաստաբաններն արդեն դժգոհության ալիք էին բարձրացրել, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում հրավիրվեց, որից հետո փաստաբանները ներկայացրին 17-էջանոց դիտարկումներ եւ առաջարկություններ։ Այնուհանդերձ, Խորհրդարանը 2024 թվականի հունիսի 12-ին նախագիծն ընդունեց՝ առանց անդրադառնալու այն առաջարկություններին։ Մարդու իրավունքների պաշտպանը նախագծում սահմանադրականության խնդիր էր տեսնում Նախագծի վերաբերյալ իր մտահոգություններով Պալատը դիմել էր նաեւ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմին։ Առանձին դիմումով մտահոգություններ էր ներկայացրել նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, որին միացել էր եւս 9 կազմակերպություն։ Այս ամենից հետո՝ 2024 թ․ նոյեմբերի 14-ին, ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել նախագծի այն դրույթը, որով փաստաբանական ծառայություն մատուցողներն հարկվելու են ընդհանուր ռեժիմով։ ՄԻՊ-ը հակասություն էր տեսնում այդ դրույթի եւ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների, համաչափության սկզբունքի, ինչպես նաեւ հիմնական իրավունքների եւ ազատությունների՝ միջազգային իրավական պրակտիկային համապատասխանելու սկզբունքի հետ (Սահմանադրության հոդվածներ 61, 64, 78, 81)։ Սահմանադրական դատարանը, սակայն, դիմումը ըստ էության չէր քննել՝ որոշելով մերժել այն վարույթ ընդունել՝ պատճառաբանությամբ, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու իրենց․ «Գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը՝ Դիմողը փորձել է հիմնավորել սոսկ խնդրո առարկա նախագծի անհիմն լինելու վերաբերյալ դիրքորոշումը, որն իր բովանդակությամբ դեռ չի հիմնավորում վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը»- ասված է ՍԴ որոշման մեջ։ Ինչ ռիսկեր են տեսնում փաստաբանները Փաստաբան Զորայր Հարությունյանը Ինֆոքոմի հետ զրույցում ասում է՝ ազնվության համար պետք է նշել, որ հարկային քաղաքականությունը մի ոլորտ է, որը, ըստ էության, հայեցողական բնույթ է կրում, ուստի իր եւ իր շատ գործընկերների համար խնդրահարույց է ոչ թե հարկատեսակի փոփոխությունը, այլ հարկի չափը։ Ընդ որում, փոփոխությունը խնդրահարույց է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց պետության համար․  Փաստաբան Զորայր Հարությունյանը «Պատկերացնում եք՝ խոսքը հարկային բեռի՝ շուրջ 8 անգամ ավելանալու մասին է, 800 %–անոց բեռ է ավելանում, ինչը բացասական հետեւանքներ է առաջացնելու առավելապես մեր ծառայություններից օգտվող մարդնանց եւ իրավաբանական անձանց համար, այլ ոչ թե փաստաբանների, որովհետեւ սրա հետեւանքով պարզապես ծառայության արժեքներն են աճելու։ Բայց մի հարց էլ կա պետության տեսանկյունից, որի մասին քիչ է խոսվում․ երբ շրջանառությունը հարկը ներդրվեց փաստաբանական տիրույթում, դրա նպատակներից մեկը այն էր, որ փաստաբանական ծառայությունների, ընդհանրապես ծառայությունների ոլորտում Հայաստանում շատ մեծ սեւ ոլորտ կար, այսինքն՝ ծառայությունների մատուցումը միշտ թաքցվում էր հարկային մարմիններից եւ որպես հետեւանք՝ հարկային պարտավորություն չէր առաջանում կամ առաջանում էր շատ ավելի նվազ գումարների նկատմամբ։ Հիմա, իմ խորին համոզմամբ, հարկային բեռի այսպիսի ավելացմամբ առնվազն որոշ մասով վերադարձ է կատարվելու մինչշրջհարկյան ժամանակահատվածը, այսինքն՝ շատերը գնալու են այն ճանապարհով, որ ծառայությունների մատուցման պայմանագրերի մի մասը ընդհանրապես ցույց չտան կամ ցույց տան ավելի նվազ գումարով, քան իրականում է եղել է, եւ արդյունքում ստեղծվելու է ստվերային չկառավարվող դաշտ՝ մանավանդ հաշվի առնելով, որ ծառայությունների ոլորտը այնպիսի ոլորտ է, որը, «մենաշնորհային դիրք ունի» գնի գոյացման համար, նկատի ունեմ՝ որեւէ մեկը երբեւէ չի կարող ասել՝ ինչո՞ւ է, օրինակ, Պողոս Պողոսյան փաստաբանը, այս գործով ծառայություն մատուցել 100 հազար դրամով, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ 2 միլիոն դրամով»։ Զորայր Հարությունյանի խոսքով՝ փաստաբանական գործունեությունը տարբերվում է ծառայությունների մատուցման ամբողջ շուկայից նրանով, որ դա առաջին հերթին իրավապաշտպան, նոր միայն՝ շահույթ հետապնդող գործունեությունն է․ «Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք զբաղվում են մարդկանց կամ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ այդ ծառայությունների դիմաց վճարողներ կամ ընդհանրապես չեն լինում, կամ ի սկզբանե պայմանավորվածություն Է լինում անվճար ծառայություններ մատուցելու մասին (pro bono)»,- նշում է Հարությունյանը։ Նա օրինակ է բերում Երեւանում զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ բազմաթիվ անձանց բերման ենթարկելու դեպքերը․ «Գրեթե միշտ բոլոր այդ դեպքերով Փաստաբանների պալատը խմբեր է ձեւավորում, որոնք անհատույց՝ առանց որեւէ ֆինանսական եկամուտի ակնկալիքի գնում են, մարդկանց որոշակի ծառայություններ են մատուցում։ Բացի այդ, ամեն տարի մոտավորապես 5 գործով՝ քաղաքացիական կամ քրեական, ստանձնում եմ պաշտպանություն կամ ներկայացուցչության իրականացում առանց որեւէ վճարի եւ դրա ակնկալիքի։ Եվ հիմա ես դա չեմ էլ պատրաստվում դադարեցնել, բայց շատ հետաքրքիր է՝ Պետական եկամուտների կոմիտեն իմ դուռը թակելու է, ասի՝ ինչու գումար չես վերցրել կամ ինչո՞ւ տուգանք չես վճարել։ Եթե սա ՊԵԿ-ի աչքերում կդիտվի որպես վարչական իրավախախտում կամ այլ բան, ես, բնականաբար, դրա դեմ կարտահայտեմ իմ դիրքորոշումը համապատասխան ատյաններում։ Բայց կարծում եմ, որ այս ամենը իրականում այնքան պարզ է, որ ընդհանրապես պետք էլ չէր հասնել այն կետին, որ այս քննարկումն ունենայինք»,- կարծում է փաստաբանն ու հույս հայտնում, որ իրենց հանրագիրը իր նպատակին կծառայի, եւ գործադիրն ի վերջո կսթափվի։  Կոլեկտիվ հանրագրին միացած մյուս փաստաբան Արմինե Ֆանյանը եւս ունի գործեր, որոնցով անվճար ծառայություն է մատուցում․ «Անձինք կան, որոնց գործերով 10 տարուց ավելի է՝ անվճար ծառայություն եմ մատուցում՝ Ռուզան Ադանալյանի որդու սպանության կամ Դավիթ Հովակիմյանի սպանության գործը։ Հիմա, փաստորեն, պետք է այդ ծառայությունն էլ հարկվի, որովհետեւ պետությունը չի թույլատրում անվճար օգնություն տրամադրել։ Ու ստացվելու է, որ շատ քաղաքացիներ, որոնք իսկապես անվճարունակ են եւ միաժամանակ հանրային պաշտպանի գրասենյակի շահառու չեն, մնալու են անպաշտպան։ Պատկերացրեք՝ դեռ չեմ էլ քննարկել վստահորդներիս հետ, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել, ինչպես բացատրել, որ անվճար ծառայությունը պետք է վճարվի։ Սա ամբողջ աշխարհում նախադեպը չունեցող կարգավորում է»,- ասում է Ֆանյանը։ Փաստաբան Արմինե Ֆանյանը Վերջինս էլ մեկ այլ խնդիր էլ է մատնանշում․ օրենսդրական այս փոփոխությունը հանգեցնում է  խտրական պայմանների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ․ «Իրավաբանական անձ հաճախորդները կարողանալու են ավելացած արժեքի հարկը հաշվեգրել եւ հետագայում իրենց ծախսերի միջոցով կոմպենսացնել, բայց ֆիզիկական անձինք չունեն ծախսագրման մեխանիզմ, եւ ստացվելու է, որ նրանք միեւնույն իրավաբանական ծառայության համար վճարելու են ավելի շատ, քան իրավաբանական անձինք»։  Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ եթե փաստաբանական գրասենյակի տարեկան  եկամուտը գերազանցում է 115 միլիոն դրամը, գրասենյակը տեղափոխվում էր հարկման ընդհանուր համակարգ։ Սա Արմինե Ֆանյանը արդարացի մոտեցում է համարում․ «Եթե փաստաբանական գրասենյակի եկամուտը բավականին լուրջ ծավալների է հասնում, պետությունը թող դրանից իր օգուտը քաղի, բայց հիմա պետությունը մտածե՞լ է, օրինակ, մարզի անհատ ձեռնարկատեր փաստաբանների մասին․ մարզի շուկան, բոլորս գիտենք, հիմնականում անվճարունակ է, մարդիկ երբեմն հոնորարներն էլ չեն կարողանում վճարել»,- մտահոգվում է փաստաբանը՝ ենթադրելով, որ սա լինելու է մանր եւ միջին ձեռնարկատիրությունների վախճանը։ Փասատաբանը չի բացառում, որ կարող են ստվերային ծառայություններ եղած լինել, բայց պնդում է․ «Պետությունը պետք է ուժեղացներ իր հարկային լծակները՝ այդտեսակ դեպքերը բացահայտելու եւ այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար, այլ ոչ թե ողջ համայնքին բերեր հարկային մի ռեժիմ եւ ասել՝ «ես մտածում եմ՝ դուք կչարաշահեք, ձեր գործերը անվճարի տակ կգրեք»։ Փաստաբանների հանդեպ այդ մեղավորության կանխավարկածը պարզապաես վիրավորական է»։  Նշենք, որ նույնաբովանդակ նախագիծ շրջանառության մեջ էր դրվել նաեւ 2019 թ․-ին, բայց հետագայում գործընթացը կասեցվել էր․ «Գուցե քաղաքական կամք կար կամ գուցե զգացին, որ այդ պահին վտանգավոր Է նման կտրուկ քայլեր ձեռնարկելը, հիմա գուցե կարծում են, որ իրենց դիրքերը ավելի ամուր են, եւ կարելի է բավականին կոշտ հարկային քաղաքականություն վարել»,- նշում է փաստաբան Արմինե Ֆանյանը։   Միլենա Խաչիկյան
17:00 - 21 հունվարի, 2025
Ներգաղթը կանխելուց մինչ այն, որ կա միայն երկու սեռ. ինչ ասաց Թրամփը երդմնակալության ժամանակ

Ներգաղթը կանխելուց մինչ այն, որ կա միայն երկու սեռ. ինչ ասաց Թրամփը երդմնակալության ժամանակ

Դոնալդ Թրամփը երեկ երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը նոյեմբերին կայացած ընտրություններում վճռական քամբեքից հետո։ Երդմնակալության 29 րոպեանոց ելույթում Թրամփը խոստացավ վերականգնել ամերիկյան երազանքը՝ միաժամանակ զգուշացնելով նախորդ վարչակազմի թողած, իր նկարագրությամբ, քաոսի և ավերածությունների մասին: BBC-ն հայտնել է Թրամփի ելույթի կարևոր հատվածները, որը ներկայացնում ենք ստորև. «Ամերիկայի ոսկեդարը» Թրամփն իր ելույթը սկսեց դրական նոտայով: «Ամերիկայի ոսկեդարը մեկնարկում է հենց հիմա: Այսօրվանից հետո մեր երկիրը կծաղկի և հարգանքի կարժանանա»,- հայտարարեց նա: Նախագահը խիստ գնահատական տվեց այսօրվա Ամերիկային՝ այն ներկայացնելով որպես «ծայրահեղ և կոռումպացված կառույց», որը «չի կարող կառավարել նույնիսկ սովորական ճգնաժամը տանը»՝ նկատի ունենալով Լոս Անջելեսում բռնկված հրդեհները: «Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ շահագործեն»,- ասաց Թրամփը: Քաղաքական քայլերի երկար ցանկը Նախագահները հակված են իրենց երդմնակալության ելույթը որպես հնարավորություն օգտագործել՝ միասնության կոչ անելու, մեծ ու վեհ խոստումներ տալու, ինչպես նաև իրենց քաղաքականության մանրամասները ներկայացնելու համար: Բայց ոչ Դոնալդ Թրամփը: Հանրապետական նախագահը միանգամից կոնկրետ կետեր ներկայացրեց՝ անցնելով քաղաքական խոստումների և գործողությունների ամբողջական ցանկի վրայով, որը պատրաստվում է իրականացնել առաջին 100 օրվա ընթացքում: Թրամփը հայտնեց, որ արտակարգ դրություն է հայտարարելու երկրի հարավային սահմանին (նույնը արել է 2019-ին) և զորքեր է տեղակայելու ներգաղթը հսկելու համար, ինչը խոստացել էր քարոզարշավի ժամանակ: Նա նաև հայտարարեց, որ հատուկ հրաման է ստորագրելու՝ «անհապաղ դադարեցնելու գրաքննությունը և հետ բերելու ազատ խոսքն Ամերիկայում»: «Փրկված Աստծով» Թրամփը վերադարձրեց բոլորին նախագահական ամենաքաոտիկ և բուռն քարոզարշավի երևի ամենաշոկային պահ՝ իր դեմ մահափորձ: «Նրանք, ովքեր ցանկանում են կանգնեցնել մեր գործը, փորձել են խլել իմ ազատությունը ու նույնիսկ իմ կյանքը»,- ասաց նա: «Մի քանի ամիս առաջ Փենսիլվանիայի գեղեցիկ դաշտում մարդասպանի գնդակն անցավ ականջիս միջով, բայց ես հետո զգացի և հիմա ավելի շատ եմ հավատում, որ իմ կյանքը ինչ-որ պատճառով է փրկվել»,- ասաց նա՝ ընդգծելով. «Ինձ փրկել է Աստված՝ Ամերիկան նորից ավելի մեծ դարձնելու համար»: Մարսը և Պանամայի ջրանցքը Թրամփը հայացք գցեց նաև դեպի արտաքին աշխարհ՝ խոստանալով դրամատիկ գործողություններ Ամերիկայից դուրս, ինչպես նաև երկնքում: Նա նշեց, որ ինքը ցանկանում էր, որ Պանամայի ջրանցքը լինի ԱՄՆ վերահսկողության տակ՝ սխալմամբ պնդելով, որ ներկայումս այն ղեկավարվում է Չինաստանի կողմից: Պանաման ջրանցքի նկատմամբ ինքնիշխանություն ունի: «Մենք այն հետ ենք վերցնում»,- ասաց Թրամփը: Թրամփը ավելի առաջ գնաց՝ խոստանալով «հետևել իրենց ճակատագրին դեպի աստղերը» և խոսելով Մարսի մասին: «Գոյություն ունի միայն երկու սեռ» Ամենաերկար ու բարձր ծափահարությունները հնչեցին, երբ Նախագահ Թրամփն ասաց. «Այսուհետ սա կլինի Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»: Թրամփը  խոստացավ կանխել ջանքերը՝ «ինտեգերելու ռասան և սեռը հանրային և անձնական կյանքի բոլոր ասպեկտներում»: Նա խոստացավ մի երկիր ստեղծել, որը «առանց գույների է և հիմնված արժանիքների վրա»:
10:23 - 21 հունվարի, 2025
ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը ԱԺ նախագահության պատին փակցրել էր Աննա Մկրտչյանը

ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց ՀՀ և Արցախի միասնական քարտեզը, որը ԱԺ նախագահության պատին փակցրել էր Աննա Մկրտչյանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ՀՀ և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին: «Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել կանչում են՝ «Էստի Համեցեք, Հայաստանից դեռ բան է մնացել»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով ԱԺ պատին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քարտեզի մակետի մեծ տարբերակը փակցնելու փաստը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետական գերատեսչությունների վրա փակցվող դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջներին. «Եվ պատահական չէ, որ ես հարցնում եմ, թե որ ակտի հիման վրա է այս մակետը պատրաստվել»: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ Մինասյանին կոչ արեց այդ հարցն ուղղել իր կուսակից Լևոն Մկրտչյանին. «Ես դպրոցում և համալսարանում սովորել եմ այն ժամանակ, երբ Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության նախարարն էր: Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ էս քարտեզը որպես Հայաստանի Հանրապետություն՝ մեջն էլ գրված, որ ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ է»: Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցը պոկեց Աննա Մկրտչյանի փակցրած քարտեզը:
11:36 - 20 հունվարի, 2025
«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր. այն փոխանցվել է միջնորդներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Համաս»-ի խոսնակը։ Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։ Այսպիսով շարժումը ճանապարհ է հարթում Գազայում հրադադարի հաստատման համաձայնագրի իրականացման համար։ Ըստ խոսնակի՝ ազատ են արձակվելու Ռոմի Գոնենը, 24 տարեկան, Էմիլի Դամարին, 28 տարեկան և Դորոն Շտանբերը, 21 տարեկան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելն ու Համասը պետք է այսօր Երևանի ժամանակով ժամը 10։30-ից առաջին փուլում 42 օր դադարեցնեին ռազմական գործողությունները Գազայի հատվածում, և գերիները ու պատանդները պետք է փոխանակվեին, տեղահանված պաղեստինցիներն էլ պետք է վերադառնային Գազա։ Այսօր առավոտյան, սակայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու: «Համաս»-ը հայտնել էր, որ գերիների անունների տրամադրումը դեռևս տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով, և իրենք հավատարիմ են հրադադարի համաձայնագրին։ Լուսանկարը՝ Գազայի հյուսիսային հատվածն այսօր իսրայելական հարվածների ժամանակ
12:54 - 19 հունվարի, 2025
Հրապարակվել է ՌԴ-ի ու Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տեքստը

Հրապարակվել է ՌԴ-ի ու Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տեքստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ՝ 2025թ․ հունվարի 17-ին, ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։ Պայմանագիրը բաղկացած է 47 կետից։ Ըստ երկու նախագահների՝ այս փաստաթուղթը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների համագործակցության համար, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում։ Նշվում է, որ կողմերը որոշել են առաջնահերթություն տալ այս պայմանագրի ստորագրմանը, քանի որ նախորդ համաձայնագիրը այլև համապատասխան չէր տարբեր ուղղություններով երկու երկրների միջև հարաբերությունունների աճող դինամիկային։ Ըստ համաձայնագրի տեքստի՝ պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում երկու երկրների կողմից համապատասխան ներպետական ​​ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից 30 օր հետո 20 տարի ժամկետով՝ ավտոմատ 5 տարի երկարաձգմամբ։ Համաձայնագրի կետերից մեկը վերաբերում այն դեպքերին, երբ պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվի ագրեսիայի։ Այս դեպքում մյուս կողմը ագրեսորին չպետք է տրամադրի որևէ ռազմական կամ այլ օգնություն, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը, և պետք է ապահովի, որ ծագած տարաձայնությունները հարթվեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կիրառելի կանոնների հիման վրա: Կողմերը նաև չպետք է թույլատրեն իրենց տարածքների օգտագործումը ի պաշտպանություն անջատողական շարժումների և այլ գործողությունների, որոնք սպառնում են մյուս կողմի կայունությանը և տարածքային ամբողջականությանը։ Պայմանագրում նաև նշվում է համատեղ զորավարժությունների անցկացման մասին։ Կողմերը պայմանավորվել են նաև ավելի մատչելի դարձնել առևտրային, տնտեսական և արտադրական համագործակցութունը, այդ թվում՝ համատեղ ներդրումները, ենթակառուցվածքների ֆինանսավորումը՝ դյուրացնելով առևտրի ու բիզնեսի մեխանիզմները, բանկային ոլորտում համագործակցությունը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ու մտավոր գործունեության արդյունքների խթանումը ու փոխանցումը։ «Պայմանավորվող կողմերը, տեղյակ լինելով իրենց ներդրումային հնարավորությունների մասին, կարող են համատեղ ներդրումներ կատարել երրորդ պետությունների տնտեսության մեջ և այդ նպատակով պահպանել երկխոսությունը համապատասխան բազմակողմ մեխանիզմների շրջանակներում»,- նշվում է պայմանագրի կետերից մեկում։ Կետերից մեկը վերաբերում է կողմերից մեկի նկատմամբ երրորդ կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում մյուսի քայլերին։ Ըստ համաձայնագրի՝ կողմերը չպետք է միանան պատժամիջոցներին, պետք է հակազդեն դրանց կիրառմանը, այն համարեն ապօրինի և ոչ բարեկամական գործողություն, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար ու մեղմելու այդ պատժամիջոցների ազդեցությունը։ Պայմանագրով կընդլայնվի համագործակցությունը առողջապահական, գիտական, կրթական, մեդիայի, մշակույթի, արվեստի, սպորտի, շրջակա միջավահրի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում։
12:24 - 18 հունվարի, 2025
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը․ Կրեմլ

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում պարզաբանել է «Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը»։ «ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ», - նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկրների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ-ում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նշենք, որ հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
14:16 - 17 հունվարի, 2025
Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը չի վավերացնի այն: Այս մասին հայտնում է Aljazeera-ն։  ««Համաս»-ը հրաժարվում է միջնորդների և Իսրայելի մասնակցությամբ կնքված համաձայնագրի մի շարք մասերից՝ փորձելով վերջին րոպեներին նոր զիջումներ կորզել: Իսրայելի կառավարությունը չի վավերացնի գործարքը, մինչ միջնորդները չտեղեկացնեն, որ «Համաս»-ը ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»,- հայտարարել է Նեթանյահուն:  «Համաս»-ի պաշտոնյա Իզզաթ ալ Ռեշիքը իր հերթին Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Գազայում հրադադար հաստատելու համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ: Այդ մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում: Հիշեցնենք, որ Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն էին ձեռք բերել։ Կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն պետք է լիներ, որը կներառեր նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
13:13 - 16 հունվարի, 2025
2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները

2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները

2020-2024 թվականներին Սևան համայնքի ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղվել է շուրջ 4․3 մլրդ դրամ։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2020-2024 թթ-ին համայնքում այս աշխատանքների իրականացման համար կազմակերպված բոլոր 19 գնման ընթացակարգերը և գտել, որ դրանցից 17-ի դեպքում աշխատանքները պատվիրակվել են համայնքի ներկայիս ավագանու անդամի ընկերությանը, իսկ մյուս 2-ը՝ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի հոր ընկերությանը։  Ավագանու անդամին պատկանող «Ճան շին» ՍՊԸ-ն՝ ասֆալտապատման մրցույթների հաղթող 2018 թվականին Արմեն Ալավերդյանը և Էդվարդ Մելքոնյանը հիմնել են ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարությամբ զբաղվող «Ճան շին» ՍՊԸ-ն։ 2019-ին ընկերության բաժնետեր է դարձել նաև Արմեն Ալավերդյանի եղբայրը՝ Աշոտ Ալավերդյանը։ Մեկ տարի անց Էդվարդ Մելքոնյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների ցանկից՝ ընկերության կառավարումը թողնելով եղբայրներին։ Ընկերության հիմնադրումից մինչ օրս ընկերության տնօրենն է Արմեն Ալավերդյանը։ Վերջինս 2021 թվականի դեկտեմբերին «Սարգիս Մուրադյան» դաշինքի ցուցակով ընտրվել է Սևան համայնքի ավագանու անդամ։  «Սարգիս Մուրադյան» դաշինքի մեկ այլ անդամ՝ ինքը՝ Սարգիս Մուրադյանը, ավագանու միաձայն որոշմամբ, ընտրվել է Սևան համայնքի ղեկավար։ «Ճան շին» ՍՊԸ-ն Սևան համայնքի գնումներին սկսել է մասնակցել դեռ մինչև Արմեն Ալավերդյանի ավագանու անդամ դառնալը՝ 2020 թվականի մարտից։ Սակայն այդ ընթացքում ևս համայնքի ղեկավար է եղել Սարգիս Մուրադյանը։ Առաջին գնման ընթացակարգն իրականացվել է գնանշման հարցումով, որի միակ մասնակիցը եղել է «Ճան շին» ՍՊԸ-ն։ Արդյունքում 17․8 մլն դրամի պայմանագիր է կնքվել Սևան համայնքի փողոցների փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: 2020-2024 թվականներին «Ճան շին» ՍՊԸ-ն մասնակցել է Սևան համայնքում իրականացվելիք ճանապարհաշինարարական աշխատանքներին ուղղված 19 գնման ընթացակարգերից 18-ին, որոնցից 6-ի դեպքում ընկերությունը եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ 17 ընթացակարգի դեպքում ընտրվել է «Ճան շին» ՍՊԸ-ն, իսկ կնքված բոլոր պայմանագրերի գումարային գինը կազմել է 3․2 մլրդ դրամ կամ 2020-2024 թվականներին համայնքի ճանապարհների շինարարությանն ու վերանորոգմանն ուղղված միջոցների 76%-ը։   Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է 11 գնման ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։ «Ճան շին» ՍՊԸ-ի և Սևան համայնքի միջև վերջին պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա հուլիսին։ Պայմանագրի գինը կազմել է 628 մլն դրամ։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը իրականացնում է Սևան քաղաքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:  Այս գնումների վերաբերյալ հարցեր էինք ուղղել Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին։ Համայնքապետը կարծում է, որ համայնքի ավագանու անդամի փոխկապակցվածությունն իրավաբանական անձին չի սահմանափակում տվյալ իրավաբանական անձի մասնակցությունը համայնքի կազմակերպած գնման ընթացակարգերին։  ««Ճան Շին» ՍՊԸ-ն «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ընդհանուր և հավասար հիմունքներով մասնակցել է Սևանի համայնքապետարանի կողմից 2020-2024 թվականներին կազմակերպված գնման ընթացակարգերին, և ընթացակարգերի մեծ մասում նրա հաղթող (ընտրված) մասնակից ճանաչվելը պայմանավորված չէ 49% բաժնեմասի սեփականատեր հանդիսացող Արմեն Ալավերդյանի՝ Սևան համայնքի ավագանու անդամ լինելու փաստով, այն պայմանավորված է  գնման ընթացակարգերում «Ճան Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտերում առկա գնային առաջարկների ամենացածրը լինելով։ Նշված գնման ընթացակարգերի գնահատող հանձնաժողովների անդամները մասնակիցներից որևէ մեկի հետ չեն ունեցել շահերի բախում, ինչի մասին տվել են գրավոր հայտարարություններ։ Գնման ընթացակարգերի շրջանակներում այլ շահերի բախում գնահատող հանձնաժողովները չեն տեսել»,- նշված է Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի պատասխանում: Արմեն Ալավերդյանը չի հայտարարագրել իր ընկերությունը Արմեն Ալավերդյանը, որպես ավագանու անդամ, Կոռուպիցայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրեր։ Վերջինս, սակայն, ոչ պաշտոնի ստանձման, ոչ էլ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում չի նշել «Ճան շին» ՍՊԸ-ում իր մասնակցության մասին տվյալները՝ իր 49 տոկոս մասնաբաժինը և տնօրեն լինելու հանգամանքը։ Մեր զրույցում Արմեն Ալավերդյանը նշեց, որ այդ տվյալները չհայտարարագրելու դիտավորություն չկա։ «Հայտարարագրերը լրացնելիս ուղղակի չենք իմացել, որ պետք է դա էլ լրացնել։ Դիտավորություն չկա, եթե լիներ՝ չէի հայտարարագրի նաև, որ այդ ընկերություններից շահաբաժին և աշխատավարձ եմ ստանում»։  Արմեն Ալավերդյանի հայտարարագրերում անճշտություններ կան նաև կապված առկա անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման հետ։ Մասնավորապես նա իր տարեկան հայտարարագրերում չի հայտարարագրել 2022 թվականին ձեռք բերած բնակարանը, որն արտացոլված է պաշտոնի ստանձման հայտարարագրում։ «Չգիտեմ՝ ինչու ձեզ մոտ չի երևում այդ բնակարանը, բայց ես վստահ եմ, որ հայտարարագրել ենք այն», - մեր զրույցում նշեց Ալավերդյանը։  Ըստ Արմեն Ալավերդյանի՝ հայտարարագրերում առկա մյուս անճշտությունները տեխնիկական սխալի կամ հայտարարագիրը ոչ դիտավորյալ սխալ լրացնելու արդյունք են։ Ասֆալտապատման ամենախոշոր պայմանագիրը կնքվել է համայնքային պաշտոնյայի հոր ընկերության հետ Սևանում ճանապարհների նորոգմանն ուղղված ամենախոշոր՝ 755 մլն դրամի պայմանագիրը համայնքը կնքել է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ։ Համաձայն 2023-ի հունիսին կնքված պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացներ համայնքի Դդմաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:  «Ծովագյուղի ՃՇՇ» սեփականատերը Նորիկ Սիմոնյանն է՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանի հայրը։ Ընկերությունը հիմնադրվել է 2012-ին։ 2016-ին ընկերությունը 50 տոկոս մասնաբաժիններով գնել են Սերգեյ Ասատրյանն ու Նորիկ Սիմոնյանը։ 2016 թվականից Նորիկ Սիմոնյանը նաև զբաղեցրել է ընկերության տնօրենի պաշտոնը։ 2019-ին Սերգեյ Ասատրյանը դուրս է եկել բաժնետերերի ցանկից՝ Նորիկ Սիմոնյանին թողնելով ընկերության 100 տոկոս մասնաբաժինը։   Այս ընկերութունը Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդուն պատկանող «Կապավոր» ՍՊԸ-ի հետ համատեղ ևս մեկ պայմանագիր է կնքել Սևան համայնքի հետ 2022 թվականի օգոստոսին։ Առաջին չափաբաժնով այս ընկերությունները պետք է իրականացնեին Ծովագյուղ բնակավայրի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ, իսկ 2-րդ չափաբաժնով՝ կատարեին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքները։ Պայմանագրի գինը կազմել է 275 մլն դրամ։ «Ատոմ Սիմոնյանը Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել 2022 թվականի սեպտեմբեր ամսին, իսկ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն մինչ այդ էլ մասնակցել է Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին, և շահերի բախում գնահատող հանձնաժողովը չի արձանագրել»,- նշված է համայնքապետարանի՝ այս գնումների վերաբերյալ մեր հարցման պատասխանում:  Սևանի համայնքապետարանը չի տեսնում շահերի բախում՝ նշելով․ «․․․գնման ընթացակարգերի հաղթող ճանաչվել է ոչ թե Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարը, այլ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Պայմանավորված այս փաստով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն բարեխղճորեն կատարել է նշված գնման ընթացակարգերի արդյունքում Սևանի համայնքապետարանի հետ կնքված բոլոր պայմանագրային պարտավորությունները»: Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին իր կայացրած որոշումներում (1,2) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության հանգամանքի առկայությունն արդեն իսկ ազդակ է, որի պարագայում պաշտոնյան, ում վերաբերելի են շահերի բախմանն առնչվող իրավակարգավորումները, մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահն իրենից ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ իր հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան ոչ միայն գործնական կամ անձնական, այլ նաև քաղաքական հարաբերություններ։  Արմեն Ալավերդյանը համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի դաշինքից է։ Սարգիս Մուրադյանը Սևանի համայնքի ղեկավարն է 2016 թվականից։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ համայնքապետն ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրա ժամկետում պետք է գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի ընկերության մասնակցության մասին։ Սակայն, համայնքապետը Հանձնաժողովին չի ծանուցել և 2022-2024 թթ-ին ավագանու անդամի ընկերության հետ կնքել է շուրջ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր։  Այս պարագայում ևս համայնքապետարանը նշում է, որ «անհրաժեշտություն չի տեսել դիմելու Հանձնաժողով, քանի որ «Ճան Շին» ՍՊԸ-ն բարեխղճորեն կատարել է նշված գնման ընթացակարգերի արդյունքում Սևանի համայնքապետարանի հետ կնքված բոլոր պայմանագրային պարտավորությունները»։ Համայնքներն իրենց ուղղված հարցերին, թե արդյոք շահերի բախման ռիսկ չկա համայնքային պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց ընկերությունների՝ համայնքային գնումների մասնակցության մեջ, հաճախ հղվում են միայն «Գնումների մասին» օրենքին, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ գնումներին մասնակցելու հավասար իրավունք ունի։ Սակայն նրանք մոռանում են շահերի բախման ռիսկերի վերաբերյալ իրավական կարգավորումների մասին։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանքի նշանակում։ Այսպիսով, չնայած Սևան համայնքի ղեկավարը պարտավոր էր իր պաշտոնեական պարտականությունների անաչառ կատարման տեսանկյունից ձեռնպահ մնալ ավագանու անդամի հետ պայմանագրեր կնքելուց և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել հայտարարություն,  այդուհանդերձ ավագանու անդամի ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է 2․7 մլրդ դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։    Սուսինա Խաչատրյան
19:28 - 15 հունվարի, 2025
Ըստ փոխգնդապետի՝ իրենք տեղյակ չեն եղել ԳՇ պետի՝ քիմիկներին օգնության հասնելու հրամանի մասին

Ըստ փոխգնդապետի՝ իրենք տեղյակ չեն եղել ԳՇ պետի՝ քիմիկներին օգնության հասնելու հրամանի մասին

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին մարտական առաջադրանքի ուղարկելուց առաջ ի՞նչ էր հայտնի հակառակորդի՝ Զանգելանում գտնվելու վերաբերյալ։ Ինչո՞ւ այդ անձնակազմը Կիրի հանքում կանգնելու փոխարեն հասավ Զանգելան՝ ընկնելով շրջափակման մեջ։ Ի վերջո, Զանգելանին մեկ այլ կողմով մոտեցող հայկական խմբավորումը ինչո՞ւ օգնության չհասավ նրանց, եւ ընդհանրապես, կարո՞ղ էր հասնել թե՞ ոչ։  Այս եւ մի շարք այլ հարցեր երեկ հնչեցին Քիմիկների զորամասի վերաբերյալ գործով հերթական դատական նիստին։ Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ Երեւանի զորամասերից մեկի գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։  Վերջինս մեկն է այն սպաներից, որոնց Գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել է ձեւավորել խումբ՝ հիշյալ օրը «սանրում» գործողության միջոցով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը  հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ Նույն հանձնարարականը ստացած մյուս սպան Քիմիկների զորամասի՝ այդ ժամանակվա ղեկավար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանն է։ Աշոտ Ժամհարյանի խումբը Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ մեկնելու էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ, իսկ Արսեն Աբգարյանինը՝ Կիրի հանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ Աբգարյանի խումբը Կիրի հանքում կանգ առնելու փոխարեն խորացել է մինչեւ Զանգելան քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Աբգարյանն այժմ մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, իսկ Անդրանիկ Մակարյանը՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Մակարյանը տվել է «Նահանջ» հրաման՝ այդ մասին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին չզեկուցելով եւ  հրաժարվելով օգնության հասնել իրենցից շուրջ 2 կմ այն կողմ շրջափակման մեջ մնացածներին։ Աբգարյանն ու Մակարյանը մեղադրանքները չեն ընդունում։ Վկայի խոսքով՝ իր անձնակազմից ոչ ոք մարտական գործողությունների փորձ չուներ Ներկայանալով դատարանին՝ վկա Աշոտ Ժամհարյանն ասաց, որ ճանաչում է Արսեն Աբգարյանին եւ Անդրանիկ Մակարյանին․ վերջինիս հետ, իր խոսքով, «պատիվ է ունեցել ծառայելու»։ Աշոտ Ժամհարյանը պատմեց, որ հոկտեմբերի 4-ին իրենց զորամասի անձնակազմով, այդ թվում՝ 100 հոգի պայմանագրային զինծառայող եւ 67 հոգի մոբ, մեկնել են Մեղրի, այնտեղից՝ Կապան։ Մինչեւ դեպքի օրը հակառակորդի հետ անմիջական ընդհարում չեն ունեցել, այցելել են մարտական հենակետեր, անցկացրել տեսական եւ գործնական պարապմունքներ։ Ժամհարյանի խոսքով՝ քանի որ իրենք կապավորներ են եղել, մարտական գործողությունների մասնակցության փորձ չեն ունեցել։  Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասի հրամանատարի աշխատասենյակում խորհրդակցություն է հրավիրվել, եղել է նաեւ քարտեզ՝ նախանշված տեղանքներով, առաջադրվել են հաջորդ օրվա խնդիրները՝ հակառակորդին դուրս հանել Զանգելանի հատվածից։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը – Կոնկրետ որտեղի՞ց,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ – Չեմ կարող ասել․․․ Կապանից դեպի Զանգելան մտնող հատվածում․․․ Դրանից հետո սպաներից մեկը ասաց, որ Ֆեյսբուքով տեսել է, որ էդ հատվածում հակառակորդը դրոշ է դրել․․․ – Զանգելան քաղաքը ներառո՞ւմ էր դա։ – Չէինք բացառում․․․ Ըստ Աշոտ Ժամհարյանի՝ ծրագրվել է հետեւյալը․ իրենց խումբը (իր անձնակազմից 50 հոգի եւ այլ տեղից 11 հետախույզներ) պիտի հասներ մինչեւ Զանգելանի վերեւի հատված, որից հետո պիտի գնահատեր հակառակորդին, եւ եթե վերջինս այն քանակի էր, որ իրենց ուժերը կբավականացնեին [դիմադրել], Աբգարյանի խմբին ազդանշան պիտի տային, եւ իրենք մի կողմից մոտենային հակառակորդին, Աբգարյանենք՝ մյուս։  – Հակառակորդի ի՞նչ քանակի մասին էր խոսքը։ – Եթե չեմ սխալվում՝ մեծ քանակի չպիտի լիներ․ եթե գեներալ–լեյտենանտը որոշում է կայացրել, որ մենք էս քանակով լինենք, նշանակում է՝ մեր քանակը չպիտի գերազանցեին,– ենթադրեց վկան։ – Իսկ եթե ներկայացվում էր մարտական խնդիր, չպե՞տք է ներկայացվեր հակառակորդի քանակ կամ հնարավոր քանակ,– ճշգրտեց մեղադրող Նավասարդյանը։ – Չեմ կարող ասել, գուցե քննարկվել է, ես չեմ հիշում։ – Գուցե հիշողության խնդի՞ր ունեք,– վրդովվեցին տուժողի իրավահաջորդները։ – Այո,– արձագանքեց վկան։ Նշենք, որ հակառակորդի քանակության մասին դատարանում պաշտոնական հստակ թիվ չի նշվել, դատավարության մասնակիցների նշած թվերն էլ տարբեր են եղել՝ 100-ից մինչեւ 500-ի միջակայքում (ավելին տես՝ 1,2,3)։ Փոխգնդապետը հասակական ցուցմունք տվեց Կիրի հանքի՝ անզեն աչքով երեւալ-չերեւալու մասին Մեղադրողը խնդրեց վկային պարզաբանել, թե ինչ է «սանրման» աշխատանքը։ Վկան ասաց, որ կանոնադրական նորմերով չի տիրապետում, քանի որ կապավոր է, բայց գիտի, որ դա ենթադրում է տվյալ տարածքը հակառակորդից մաքրել։ Վկա Աշոտ Ժամհարյանը – Քարտեզի վրա ցո՞ւյց է տրվել հանքը,– հարցրեց մեղադրողը։ – Ճիշտ այդպես, սպիտակ գույնով նշված էր։ – Արսեն Աբգարյանը տեղյա՞կ էր, որ հանքի մոտ պիտի սպասի։ – Եթե երկուսս էլ նստած էինք, խնդիրը առաջադրվել է, պիտի տեղյակ լիներ,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հաջորդ օրը իր խումբն էլ է գնացել Կիրի հանք։ – Ինչի՞ց գիտեիք, որ դա հանքն է։ – Երեւում էր աջ թեւի վրա,– պատասխանեց վկան։ Չնայած այս պատասխանին՝ ավելի ուշ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին՝ տեղանքին անծանոթ մարդը առանց ուղեկցողի կարո՞ղ էր հայտնաբերել այն, սկսեց կասկածել․ մեկ ասաց՝ ինքը չի տեսել, գուցե ճանապարհը սարի տակով է անցնում, հանքը սարի գլխին է, մեկ ասաց՝ ինձ թվում է՝ կարելի էր նկատել։ Այս իրարամերժ պատասխանները վկան չկարողացավ պարզաբանել։ Պաշտպանն էլ ընդգծեց՝ վկան իր խոսքում «գրավված» բառն է օգտագործում, բայց գրավված տարածքը ազատագրում են, ոչ թե սանրում։ Աշոտ Ժամհարյանին հայտնի չէր՝ ինչու են նախապես որոշված ուղեկցողները փոխվել Քանի որ ոչ Աշոտ Ժամհարյանը, ոչ Արսեն Աբգարյանը տեղանքին ծանոթ չէին, որոշվել է, որ նրանց ճանապարհին կուղեկցեն․ պահեստազորի գնդապետ Վարդան Ալեքսանյանը պետք է կազմակերպեր Աբգարյանի խմբի, համայնքի ղեկավար Արթուր Մանուչարյանը՝ Ժամհարյանի խմբի ուղեկցումը։  – Արարատ Մանուչարյանը ձեզ հե՞տ էր,– հետաքրքրվեց մեղադրող դատախազը։ – Իմ մեքենայում չէր։ – Իսկ ձեր շարասյան մե՞ջ էր։ – Չեմ տեսել։ – Ձեր ուղեկցողը ո՞վ էր։ – Պարոն գեներալը (նկատի ունի Անդրանիկ Մակարյանին,–հեղ․), նրա հետ նշանակված զինծառայողներ կային, չեմ կարող ասել՝ ուղեկցող թե պահպանող․․․ – Վարդան Ալեքսանյանը ձեզ հե՞տ էր։ – Նրան Ներքին Հանդում եմ հանդիպել։ – Իսկ նա չպիտի՞ Արսեն Աբգարյանի խմբին ուղեկցեր։ – Էդ արդեն ինձ չի հետաքրքրել, միգուցե որոշում է փոխվել։  – Բա մնացած տղերքը հետաքրքիր չէի՞ն, գնայիք օգնության նույն վայրկյանին,– բղավեցին տուժողների իրավահաջորդները․․․ – Երբ հասանք Ներքին Հանդ, ավտոբուսի վարորդը եկավ, բարձր խոսելով [ասաց]՝ քիմիկները ընկել են զասադ, խառնված վիճակ էր․․․ Մակարյանն այդ պահին թիկունքում էր, մի քանի րոպեից եկավ։ Մինչ այդ տեղյակ էր դրա մասին թե ոչ՝ չգիտեմ։ Անձամբ ես կրակոցներ չեմ լսել։ – Սուտ է ասում, հիշողության խնդիր ուներ, հիմա էլ լսողության,– լսվեց իրավահաջորդներից մեկի ձայնը, որը տեղի բնակիչ էր եւ կարծում էր, որ այդ հատվածից կրակոցների ձայնը պիտի լսված լիներ։ Տուժողների իրավահաջորդները Նշենք, որ ուղեկցողների փոփոխության հարցը բազմիցս քննարկվել է դատարանում․ ըստ տարբեր ցուցմունքների՝ Արթուր Մանուչարյանի մեքենան վառելիքի խնդիր է ունեցել, ուստի նա խնդրել է, որ Արման Նուրիջանյանը իրականացնի ուղեկցումը։ Վերջինս էլ հայտարարել է, թե լսել է, որ Վարդան Ալեքսանյանը հրաժարվել է ուղեկցումից։ Ալեքսանյանը, սակայն, հերքել է սա, նշել՝ ինքը առաջարկել է Աբգարյանի խմբին անձամբ ուղեկցել, բայց Մակարյանը թույլ չի տվել։ Պաշտպան Դավիթ Դավիդյանի հարցին ի պատասխան՝ Աշոտ Ժամհարյանը նշեց, որ եթե ուղեկցումը պատշաճ իրականացվեր, այս ողբերգությունը տեղի չէր ունենա։ Փոխգնդապետի պնդմամբ՝ քիմիկներին օգնության հասնելու խնդիր իրենք չեն ստացել Փոխգնդապետի խոսքով՝ երբ նշվել է Արսեն Աբգարյանի խմբի շրջափակման մեջ ընկնելու մասին, Անդրանիկ Մակարյանը հրամայել է, ամեն դեպքում, շարունակել իրենց տրված խնդիրը․ «Մեր 50-հոգանոց խումբը բաժանվել է երկու մասի՝ 25-25, որ անհաջողության դեպքում հետեւի 25 հոգին ապահովեր նահանջը, իսկ գեներալը մեր հետեւից քայլել է, նույնիսկ ես ասել եմ՝ մեզ համար պատիվ չի լինի, եթե Աստված չանի, հանդիպենք հակառակորդին, թշնամին նրան խփի, բայց գեներալ–լեյտենանտը որոշում է կայացրել մեզ հետ քայլել մինչեւ վերջ»։ – Եթե մյուս խմբավորումը ընկել է շրջափակման մեջ, եւ ձեր առաջադրանքը համատեղ է, ձեր խմբավորման խնդիրը չէ՞ր փոխվելու,– հետաքրքրվեց Դավիթ Նավասարդյանը։ – Մյուս խմբի հետ կապված խնդիր չի առաջադրվել,– պատասխանեց վկան։ – Եթե Աբգարյանը շրջափակման մեջ էր ընկել Զանգելանում, չի՞ ստացվում, որ ձեր խնդիրը նրանց օգնության գնալն է արդեն։ – Իհարկե ոչ։ – Ձեր խնդրի իրականացման համար կարեւոր չէ՞ր՝ ինչ իրավիճակում է Աբգարյանի խումբը։ – Կարեւորությունը չեմ կարող ասել, կարեւոր էր՝ մեր անձնակազմը ինչ իրավիճակում է։ – Խնդիրը պիտի երկու խմբավորումով իրականացվեր․ մի խմբավորումը գտնվում է, ձեր բառերով ասած, «զասադի» մեջ, դա կարեւոր չէ՞ ընդհանուր խնդրի համար։ – Կարեւոր է այն հանգամանքով, որ արդեն սաղս էլ գիտակցում ենք, որ հակառակորդը դրանով չի սահմանափակվելու։ – Օգնության գնալու խնդիր, հարց քննարկվե՞լ է։ –Չեմ կարող հիշել, ինձ հետ էդ հարցով քննարկում չի եղել, իհարկե, եթե հասնեիք, հասկանայիք, ես վստահ եմ, որ․․․ – Ձեր ենթադրության մասին չէ խոսքը։ – Չէ, տենց խնդիր չի առաջադրվել, եթե հասնեինք մեր տրված խնդրի կատարման շրջան, ու տղաներին հանդիպեինք, հնարավորության դեպքում․․․ – Դատարանում հարցաքննվել է ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը, որն իր ցուցմունքում նշել է, որ շրջափակման մեջ ընկնելու զեկույց ստանալուց հետո նոր խնդիր է եղել՝ օգնության գնալ շրջափակման մեջ գտնվող անձնակազմին։ Նշված ուղղությամբ հաջորդ բարձրաստիճան սպան Դուք էիք։ Ո՞նց է ստացվում, որ տեղյակ չեք խնդրի փոփոխության մասին,- հարցրեց հանրային մեղադրողը։ – Չեմ կարող ասել․․․ –Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մակարյանը չի ասել այդ մասին։ – Չեմ կարող պատասխանել։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Վկայի խոսքով՝ իրենք հասել են սարի գագաթ, տեղացիներից իմացել են, որ պիտի սարն իջնեն, անցնեն բացատը, էլի սար բարձրանան, որից հետո նոր Զանգելանն է։ Բայց քանի որ մառախլապատ եղանակ է եղել, տեսադաշտ չի եղել, մութն էլ ընկնելիս է եղել, դա հնարավոր չի եղել։ – Հնարավոր չէ՞ր թե՞ վտանգավոր էր,– հարցրեց մեղադրողը։ –Հնարավոր չէր՝ եղանակային պայմաններից ելնելով, եւ վտանգավոր էր, որովհետեւ դրանից հետո ամեն վայրկյան հակառակորդը կարող էր․․․ – Ակնկալիք ունեիք անվտանգ գործողությա՞ն։ – Չէ, եթե գնացել ենք, գիտակցում էինք․․․ Բայց եթե գործողություն ես իրականացնում, պիտի այնպես անես, որ իրականացնես, ոչ թե քեզ խփեն։ Դատախազը առերեւույթ կաշկանդվածություն տեսավ վկայի ցուցմունքում Վկայի խոսքով՝ սարի վրա Մակարյանը փորձել է վերադաս հրամանատարությանը ներկայացնել իրավիճակը, բայց քանի որ կապը չէր բռնում, որոշվել է զինամթերքը, սնունդը բազավորել տվյալ տեղում, հետ իջնել, առավոտյան վերադառնալ։ – Ո՞վ է որոշել,– հարցրեց մեղադրողը։ – Ընդհանուր քննարկում է եղել։ – Կոլեկտիվ որոշում է կայացվե՞լ։ – Ընդհանուր ղեկավարը։ – Ո՞վ։ – Գեներալ Մակարյանը։ Վկայի այս ձգձգվող պատասխանները դարձյալ զայրացրին տուժողների իրավահաջորդներին․ – Բա ասա՛, հինգ անգամ հարց են տալիս, պիտի վեց անգամ տա՞ն, որ պատասխանեք,– բղավեցին նրանք։ – Հարգելի՛ վկա, ինչ–որ բանով կաշկանդվա՞ծ եք, կա՞ հանգամանք, որ կարող է ազդեցություն ունենալ Ձեր ցուցմունքի վրա,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Չէ տենց,– պատասխանեց վկան։ – Իսկ ո՞չ տենց։ – Չէ, չկա։ – Եթե [իրավահաջորդները] գոռում են, վիրավորում են, դա կարող է ազդեցություն ունենալ,– միջամտեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ – Քանի որ վկան ի սկզբանե նշեց՝ պատիվ եմ ունեցել ծառայելու Մակարյանի հետ, առանց որեւէ վատ միտումի [եմ ասում]՝ գուցե ինչ–որ ներքին համոզմունք ունի, որ երեք անգամ նույն հարցը կրկնեցի, պատասխան ունենալով՝ չպատասխանեց,– արձագանքեց դատախազը։ – Դա Ձեր տպավորությունն է, վկան ասաց, որ չունի կաշկանդվածություն,– նշեց դատավոր Սարգիս Դադոյանը։ Դատավոր Սարգիս Դադոյանը Ժամհարյանի խոսքով՝ իրենք վերադարձել են Կապանի զորամաս, իրենց կարգի բերել, ապա գնացել խորհրդակցության։ Դրան ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջինս, վկայի ենթադրությամբ, շրջափակման մասին տեղյակ եղել է, այդ հարցով քննարկում, որպես այդպիսին, չեն ունեցել, խոսել են հետագա անելիքների մասին։ Տոնոյանը խնդրել է ԳՇ պետի հետ կապ հաստատել, ինքը դա արել է եւ դուրս եկել սենյակից։ Հետագա առաջադրանքն էլ եղել է հաջորդ օրը հանքի տարածք գնալը․ իր անձնակազմից 42 հոգի տեղակայվել է այնտեղ, անցել պաշտպանության՝ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը կանխելու։ Այդ ժամանակ արդեն Աբգարյանի անձնակազմից որոշ զինծառայողներ վերադարձել էին, որոշները դեռ ճանապարհին էին։ Նրանց օգնության գնալու խնդիր դարձյալ չի առաջադրվել, հնարավոր էր թե չէ՝ վկան դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ իրավիճակին չի տիրապետել, բայց կարծում է՝ ճիշտ կլիներ փորձ արվեր այլընտրանքային ճանապարհով մոտենալու։ Իր անձնակազմին հանքի տարածքում տեղակայելուց հետո ինքը վերադարձել է զորամաս, ընդգրկվել այլ առաջադրանքներում։ Հետագայում Արսեն Աբգարյանը իրեն պատմել է, որ ահավոր վիճակ էր, հակառակորդը կրակում էր ահավոր զինատեսակներով, հողը ոտքի տակ դղրդում էր, իսկ իրենք ունեցել են միայն ինքնաձիգ, սաղավարտ, որոշները նույնիսկ զրահաբաճկոն չեն ունեցել։ Հարցին՝ կատարվածի համար Աբգարյանը որեւէ մեկին մեղադրել է թե ոչ, վկան պատասխանեց, որ ինքն անձամբ մեղադրանք չի լսել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
11:00 - 15 հունվարի, 2025
15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը

15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը կամ ինչպես հայտնի է արդեն՝ սեւազգեստ մայրերից մեկը, նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից զատ ուսումնասիրվելու են եւս 5 ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նյութում կարդացեք՝ Ինչ է փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս Ինչ ակնկալիք ունեն ոչ մարտական պայմաններում զոհերի ծնողները Ինչ քննադատություններ կան նախաձեռնության հասցեին Ինչ է ասում Արդարադատության նախարարությունը   Ինչ է Փաստահավաք հանձնաժողովը եւ որտեղից է գալիս 2018 թվականի իշխանափոխությունից հետո նորաստեղծ կառավարությունը սկսեց խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։  Պարզ ձևակերպմամբ՝ անցումային արդարադատությունը դատական եւ ոչ դատական գործիքակազմերի ամբողջություն է՝ միտված մարդու իրավունքների տեւական եւ մասսայական խախտումների հաղթահարմանը, արդարության վերականգնմանը, համակարգային բարեփոխումներին, հասարակության հաշտեցմանը։  «Մենք պետք է լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարճ ժամանակ անց Դատական եւ իրավական բարեփոխումների՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրվեց անցումային արդարադատության գործիքակազմի, այդ թվում՝ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մտադրությունը։  Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր եւ քարտեզագրեր 1991 թվականից մինչ 2018 թվականը մարդու իրավունքների՝  Հայաստանում տեղի ունեցած զանգվածային եւ պարբերական խախտումները եւ դրանց պատճառները։ Դեռ այդ ժամանակ Դատաիրավական բարեփոխումներից բխող գործողությունների ծրագրով սահմանվել էր Հանձնաժողովը ձեւավորել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Ռազմավարական նպատակ հռչակված այս քայլը, սակայն, մնաց անկատար։  Մեր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը ըստ էության չի հայտնել, թե ինչ պատճառով Հանձնաժողովն այդ ժամկետում չստեղծվեց, նշել է միայն, որ Փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը հնարավոր կլիներ ձևավորել միայն փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի ձեւավորման վերաբերյալ օրենսդրական փաթեթը մշակելուց եւ ընդունելուց հետո:  Սա, իհարկե, ենթադրելի էր, բայց թե ինչու այդ փաթեթը սահմանված ժամկետում չի մշակվել եւ ընդունվել, հարցման պատասխանից պարզ չէ։ Ճշգրտման նպատակով դիմեցինք Նախարարությանը, որտեղից հավելեցին՝ նախորդ ռազմավարության շրջանակում նախագիծը ենթարկվել է երկարատեւ քննարկումների, եւ պետության մոտեցումը ընտրված մոդելի հարցում փոփոխվել է: Արդյունքում նպատակը տեղափոխվել է Դատաիրավական բարեփոխումների հաջորդ՝ 2022-2026 թթ ռազմավարություն։ Այժմ գործող ռազմավարությամբ Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման վերջնաժամկետը 2023 թ․-ի 2-րդ եռամսյակն էր։ Այս ժամկետում եւս, սակայն, հանձնաժողովը չձեւավորվեց։ Ավելի քան մեկ տարի ուշացումով՝ 2024 թ․–ի տարեվերջին միայն՝ Կառավարությունում քննարկվելուց հետո, նախագիծը հասավ Ազգային ժողով, ուսումնասիրման ենթակա ժամանակաշրջանը 2018 թ․-ից երկարեցվեց մինչեւ 2023 թվական։   «Եթե իրավական դաշտում ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի»․ զոհվածի մայր Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ գործի արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին հայտնաբերվել է Ստեփանակերտի Հայկազով զորամասի նյութաապահովման վաշտի սպայական սենյակի հետնամասում երկաթե պտտաձողից կախված վիճակում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դրա նախորդ օրերին Մուրադյանը փողային հարցի շուրջ կոնֆլիկտ է ունեցել զինծառայակիցների հետ։ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ նրանցից երկուսը 2017 թ․-ից հետախուզվում են ծանր հետեւանքներ առաջացնելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով։ Տուժող կողմը, սակայն, պաշտոնական այս վարկածին չի հավատում, պնդում է՝ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն։ Այն, որ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդիրը տասնամյակներ ծառացած է Հայաստանի առաջ, գաղտնիք չէ։ 2011 թ․-ին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է մտահոգություն հայտնել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ու արդյունավետ քննության միջոցով լրացուցիչ ջանքեր գործադրել մեղավորների եւ պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը վերջ դնելու ուղղությամբ։  «Ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, եւ մենք պետք է գտնենք նրանց։ Մենք թույլ չենք տալու, որ սա դառնա պարզապես լրահոսի վերնագիր»,- 2018 թ․-ին ասում էր դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․ Իշխանության գալուց հետո՝ 2020 թ․-ին, Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր Աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր ոչ մարտական պայմաններում զոհված 8 զինծառայողների գործերի ուսումնասիրմամբ, ապա անհատական եզրակակցություններ էր տալու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Վալերիկ Մուրադյանի գործի ուսումնասիրության արդյունքում, օրինակ, աշխատանքային խումբը վեր էր հանել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ցուցմունքներ վերցնելու ընթացքում թույլ տված ենթադրյալ խախտումների, հարցաքննություններով չպարզաբանված հանգամանքների, չհարցաքննված վկաների, արդյունավետ քննության պահանջի խախտման, ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող հանգամանքների, ապացույցների մի մասի՝ քրեադատավարական խախտումներով ձեռք բերելու եւ այլնի վերաբերյալ։ Տուժող կողմը, որ գոհ էր այդ ուսումնասիրությունից, այժմ ասում է՝ վերհանված այդ խնդիրներն էլ մնացին միայն թղթի վրա․ «Աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը եւ նրա ստացած արդյունքը՝ խորհրդատվական եզրակացությունը, իր ձեւով եւ տեսակով շատ նման էր փոքրիկ անցումային արդարադատության մոդելի։ Այս հաջողված մոդելը, որը մոտ 2 տարի աշխատեց եւ արդյունք տվեց, պետք էր ավելի մեծ գործերի ներգրավման համար պարզապես ադապտացնել։ Ես անձամբ շատ եմ ասել, որ դա շատ հաջողված մոդել էր․ մի կողմից կար եւ գործադիրի մասնակիցների ներկայությունը, մյուս կողմից՝ այդ ծնողների փաստաբանները, եւ դա շատ արդյունավետ աշխատել է։ Ափսոս, որ հիմա բոլորովին այլ տարբերակ են ընտրել, եւ նույնիսկ ես որպես իրավաբան, չեմ պատկերացնում, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները»,- մեր զրույցում ասում է տուժողի իրավահաջորդ Նանա Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը  Պապիկյանը կարեւոր է համարում ինքնին այն երեւույթը, որ պիտի լինի մարմին, որը փաստեր կհավաքի եւ դրանց հավանաբար ընթացք կտա, բայց ընտրված ընթացակարգը, ըստ նրա, անընդունելի է․ «Ամենայն հարգանքով Հանրային խորհրդի նկատմամբ, ես ուզում եմ հռետորական հարց հնչեցնել․ եթե հիմա մենք Երեւան քաղաքի մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների շրջանում հարցում կատարենք, թե ինչ գիտեն Հանրային խորհրդի մասին, քանի՞սը կիմանա այն։ Հավանաբար 10 քաղաքացուց 9–ը չի էլ լսել այդ անունը։ Հիմա եթե պետությունը շահագրգիռ է ոչ մարտական պայմաններում զոհված կամ սպանված զինծառայողների գործերի բացահայտմամբ, ապա այդ խնդիրների լուծումը մի մարմնի տալը, որը սահմանադրական մարմին չէ, որի մասին հանրությունը պատկերացումներ չունի, եւ որը, փաստորեն, առերեւույթ պետք է տվյալներ ստանա նախաքննական գաղտնիք հանդիսացող գործերի մասին, բացարձակապես անընդունելի է։ Սա ծաղրանք եմ համարում եւ բուն երեւույթի նկատմամբ, եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի քանի տարի սպասում են արդարության»։ Փաստաբանի կարծիքով՝ ոչ միայն զոհված կամ սպանված զինվորների գործերի բացահայտում չեն ունենա, այլեւ ընտրակեղծիքների, ունեզրկումների եւ մյուս ոլորտների․ «Մի խոսքով, բոլոր ռազմավարական ուղղությունները կգնան դեպի փակուղի, եւ սա, ամենայն ափսոսանքով եմ ասում։ Այդ խնդիրները հանձնել մի կառույցի, որը մասնագիտացված չէ, չունի կարողություններ, իրավական առումով չունի գործառույթներ, նույնն է, որ գործը պարզապես տապալես»,- ասում է նա ու հավելում՝ տպավորություն է, որ քննչական մարմնի, դատախազության եւ դատարանների միջեւ Վալերի Մուրադյանի եւ ուսումնասիրված մյուս 4 գործերի կապակցությամբ նոր վարույթներ չնախաձեռնելու լուռ համաձայնություն  կա (աշխատանքային խումբը ուսումնասիրել է Կառավարության որոշման մեջ ներառված 8 գործերից միայն 5-ը,-հեղ․)։ Ծնողների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ, 27-ը դեկտեմբերի, 2024 թ․   Օրենսդրական նախաձեռնության շուրջ համակարծիք չեն նաեւ Խորհրդարանում Նախքան Փաստահավաք մարմին ձեւավորելը գործող Հանրային խորհրդի լիազորությունները դադարելու են եւ կազմավորվելու է նոր Հանրային խորհուրդ։ «Հանրային խորհրդի մասին» օրենքը, սակայն, սահմանում է, որ Հանրային խորհուրդը պաշտոնավարում է մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո նոր Կառավարության կազմավորումը։ Այս եւ մի շարք այլ դրույթների առնչությամբ փորձագիտական կարծիք է հայտնել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը` խնդիրներ արձանագրելով իրավական որոշակիության տեսանկյունից։ Մասնավորապես, ԱԺ փորձագետները նշել են, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային խորհրդի լիազորությունների դադարման եւ նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող Հանրային խորհրդի անդամներն ունեն իրենց պաշտոնավարման ժամկետի հետ կապված Օրենքով սահմանված կարգավորումներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ։ Նախագծի քննարկումն ու ընդունումը Խորհրդարանի լիագումար նիստում եւս միաձայն չի ընթացել․ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են արտահայտվել՝ այն որակելով ընդհուպ մինչեւ հակասահմանադրական․ «Նախագիծը դուրս է Սահմանադրության կարգավորումներից, մասնավորապես, այն լիազորություններից, որոնք վերապահվում են Հանրային խորհրդին։  Այս գործողությունը պետք է իրականացվեր ինքնավար առանձին մարմին ստեղծելու սկզբունքով»,– հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը։  Հատկանշական է, որ նախորդ ռազմավարությամբ ընտրված էր հենց այդ մոդելը․ հանձնաժողովը ստեղծվելու էր ոչ թե Հանրային խորհրդի կազմում, այլ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» նոր ստեղծվելիք օրենքի հիման վրա՝ որպես առանձին մարմին։ Ուրեմն՝ ինչո՞ւ Կառավարությունը փոփոխեց իր այս մոտեցումը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նպատակահարմար չի համարվել ստեղծել ինքնավար մարմին եւ ներդնել այդքան մեծ միջոցներ ընդամենը 2 տարվա գործունեության համար, իսկ 2 տարի հետո պարզապես լուծարել այդ մարմինը։ «Հայաստան» խմբակցությունից էլ մեկ այլ հարց են բարձրաձայնել․ «Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են։ Որ ասում եք՝ 30 տարի, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ծավալի մասին է, օրինակ՝ 1990 թվականին ինչ-որ դեպք է եղել, 92–ին, 94–ին, 95-ին, 2000, 2007, 2008, այդ ի՞նչ հանձնաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու»,- նշել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Այնուհանդերձ, այս նկատառումները էական դերակատում չեն ունեցել։ Նախագիծը ընդունվել է ձայների՝ 63 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ․ կողմ են քվեարկել միայն կառավարող ուժի պատգամավորները։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ըստ օրենքի՝ Հանձնաժողովը հավաքագրելու է վերոնշյալ դեպքերի վերաբերյալ փաստեր, բացահայտելու է հնարավոր մեղավորներին, նկարագրելու է դեպքերի պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական առիթներն ու պատճառները, ինչպես նաեւ առաջարկելու է համակարգային բարեփոխումներ՝ ուղղված այդ խախտումների կրկնության բացառմանը, խախտված իրավունքների վերականգմանն ու վնասների փոխհատուցմանը։  Հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով։    Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրությունը ընտրված ծավալով իրատեսական չի համարում Քաղաքացիական հասարակությունը եւս նկատառումներ ունի ընտրված մոդելի վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության եւ անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը մեր զրույցում ասում է՝  ե՛ւ ընտրված ժամանակահատվածն է շատ լայն, ե՛ւ ընտրված ուղղությունները, ե՛ւ նախատեսվող աշխատաքների ծավալը։ Այս պայմաններում Մովսեսյանը կատարվելիք ուսումնասիրությունը իրատեսական չի համարում։ Շրջանակների վրա կանգնելով՝ կարելի է տեսնել թվերի բացվածքը ըստ տարիների եւ մահվան պատճառների Նազելի Մովսեսյանն ընդգծում է՝ ոչ մարտական պայմաններում զոհերի խնդրի լուծման պարտավորությունը գործող իշխանությունները ստացել են դեռ նախկին իշխանություններից, բայց թե այժմ ինչ է արվում այդ ուղղությամբ, մի շարք հարցեր է առաջացնում․ առկա մեխանիզմները, ըստ նրա, արդյունավետ չեն գործում․ «Երբ ստեղծվեց ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ, մենք տեսանք, որ դրա արդյունավետությունը այն չէր, ինչ որ ակնկալվում էր, եւ դա այն դեպքում, երբ բավականին կարճ ժամանակահատվածի համար էր՝ համեմատած ներկայում ստեղծվելիք հանձնաժողովի հետ, այսինքն՝ ավելի քան 30 տարվա վաղեմության գործերի ուսումնասիրությունը, կարծում եմ, շատ դժվար կլինի,- ասում է նա՝ նշելով՝ առավել իրատեսական կլիներ ավելի կարճ ժամկետի ուսումնասիրությունը, որը իսկապես կտար արդյունք եւ գործուն մեխանիզմ կդառնար հետագայի համար։ 2023 թ․ դեկտեմբերին էլ ԵԽ նախարարների կոմիտեն է կոչ արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում  մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ տվել մինչեւ 2025 թվականը ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում  մահվան  դեպքերի քննության մասին, քանի որ գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները: Նազելի Մովսեսյանը առանձնահատուկ շեշտադրում է ոչ մարտական պայմաններում ինքնասպանության ու սպանության դեպքերը, որ իրենք դիտարկում են 2010 թ․-ից․ «Դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարի միջինում 10 եւ ավելի դեպք է գրանցվում։ Այս միտումը խոսում է այն մասին, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունները շարունակվում են մինչեւ այսօր։ Թեեւ բարձր ամբիոններից հնչում են դրանց կանխարգելման, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորության մասին, միաժամանակ դեպքերն արձանագրվում են։ Մենք ուսումնասիրում ենք նաեւ Կառավարության ծրագրի՝ Զինված ուժերի բարեփոխումներին ուղղված կոմպոնենտը, դրա կատարումը եւ 2021 թ.-ից սկսած մինչ օրս 4 հրապարակում ենք արել՝ յուրաքանչյուր անգամ արձանագրելով, որ որեւէ գործուն քայլ չի իրականացվում։ Իրականացվում են որոշակի քայլեր մանր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք շատ փոքր են, որպեսզի համակարգային մեծ խնդրի լուծմանը հասնենք»,- ասում է Մովսեսյանը։ Վերջինս այն համոզմանն է, որ ցանկացած մեխանիզմ, որը ուղղված է տարիներ շարունակ առկա խնդիրների բացահայտմանը, լուծմանը եւ հետագայում կանխարգելմանը, բնականաբար, խրախուսելի է։ Այս քայլը եւս պետք չէ թերագնահատել, բայց արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել։   Արդարադատության նախարարությունը ժամկետների ձգձգումը պայմանավորում է երկարատեւ քննարկումներով Մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունը Ժամկետների ձգձգումը պայմանավորել է երկարատեւ քննարկումներով, որոնց շրջանակում մշակվել է օրենքի երկու նախագիծ․ առաջին տարբերակի համաձայն՝ Փաստահավաք հանձնաժողովը պետք է ստեղծվեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմում, իսկ երկրորդի համաձայն՝ որպես առանձին մարմին․ «Քննարկումների արդյունքում, պարզ է դարձել, որ առավել նպատակահարմար է փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմինը ձևավորել Հանրային խորհրդի կազմում: 30 տարի ժամանակահատվածի առնչությամբ մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ընդգրկի 1991 թվականի անկախացումից ի վեր մինչ նշված օրենքի մշակումն ընկած ժամանակահատվածը, իսկ ուսումնասիրության իրականացման ձեւերի, հնարավորության մասին հարցերը համարել է վաղաժամ։ Ըստ էության պատասխան չի տրվել նաեւ այն հարցին, թե ինչպես են ուսումնասիրվելու 1992-2010 թթ գրանցված մահվան դեպքերը, եթե դրանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն առկա չէ։ Բացակայող վիճակագրության մասին ավելի վաղ տեղեկացել էինք Գլխավոր դատախազությունից․ «Փաստահավաք գործառույթների իրականացնող մարմնի լիազորությունները, գործառույթները եւ գործունեության շրջանակը սահմանվել են օրենքով, իսկ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատվելու է Կառավարության կողմից: Այդ կարգի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովը ինքն է որոշելու իր գործելաոճը եւ իրականացվելիք քայլերի հերթականությունը»,- ասված է պատասխանում։ Սրանով Նախարարությունը խնդրի լուծումը, ըստ էության, թողել է Փաստահավաք հանձնաժողովի պատասխանատվությանը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝  ուսումնասիրությունը ներառելու է միայն ՀՀ զինված ուժերի՞ զինծառայողների թե՞ նաեւ Արցախի պաշտպանության բանակում ծառայություն իրականացրած ՀՀ ԶՈՒ զինծառայողների մահվան դեպքերը։ Այս հարցին, սակայն, Նախարարությունը չի պատասխանել։ Հարցին, թե Հանձնաժողովի աշխատանքները գործնականում ինչ դերակատարում են ունենալու, Նախարարությունից հայտնել են, որ փաստահավաք գործունեության ընթացքում եւ արդյունքում ուսումնասիրված դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ՝ օրենքով նախանշված ուղղություններով․ «Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակումից հետո քննչական մարմինների գործունեությանը, ապա հարկ է նշել, վերջիններս սահմանափակված չեն  անհրաժեշտության դեպքում իրականացնելու Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց լիազորությունները, այդ թվում՝  համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ: Միաժամանակ՝ քրեական վարույթի նյութ հանդիսացող տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել բացառապես Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ»: Այսինքն՝ կատարված ուսումնասիրությունները պարտադիր ազդեցություն չեն ունենալու տարիներով քննվող քրեական վարույթների վրա, եւ քննչական մարմինների գնահատմանն է թողնվելու՝ դրա անհրաժեշտությունը, համապատասխան հիմնքերը կան թե ոչ։ Այսպիսով՝ կառավարող ուժի խոստացած անցումային արդարադատությունը մինչ օրս ամբողջությամբ իրականացված չէ․ Թեեւ այն ներառվում է դատաիրավական բարեփոխումների մեջ, ժամկետները հաճախ չեն պահպանվում, ինչի հետեւանքով գործնական արդյունքներն էլ ուշանում են։ Շահագրգիռ կողմերի դիրքորոշումներից էլ պարզ է դառնում, որ հանրային խորհրդի կազմում փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը ոչ իրատեսական է եւ ապահովելու է անցումային արդարադատության ռազմավարական նպատակի ձեւական կողմը միայն։ Դա են վկայում նախկինում կատարված բովանդակային նույնանման աշխատանքները, որոնց դրական, շոշափելի ազդեցությունը քաղաքացիները իրենց իսկ օրինակով չեն տեսնում։   Միլենա Խաչիկյան
13:24 - 09 հունվարի, 2025
Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված

Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին ասել է՝ ինչո՞ւ ես հոկտեմբերի 11-ին զորք ուղարկել Հադրութ, երբ 9-ից այնտեղ հակառակորդի դրոշն էր դրված

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո զոհված զինծառայողների հարազատների ու սպաների հետ հանդիպման ժամանակ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ է 73-հոգանոց վաշտը հոկտեմբերի 11-ին ուղարկել Հադրութի «9 կմ» կոչվող տեղանք այն պարագայում, երբ հոկտեմբերի 9-ից այնտեղ արդեն հակառակորդի դրոշն էր կանգնեցված։ Գոռ Իշխանյանն էլ պատասխանել է, թե հրաման է կատարել։ Այս երկխոսության մասին այսօր դատարանում պատմեց Հադրութի Այգեստան գյուղում շրջափակման մեջ ընկած եւ հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Արման Այվազյանի հայրը՝ Համլետ Այվազյանը, որը ներկա է եղել զինվորականների հետ հանդիպմանն ու մինչ այժմ պահում է այդ քննարկման ձայնագրությունը՝ այն դատարանին տրամադրելու պատրաստակամությամբ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում է ընթանում նշյալ զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանքամանքների վերաբերյալ դատաքննությունը։ Նիստերն ընթանում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ եւ այս գործով երկու մեղադրյալների՝ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի բացակայությամբ։ Դատարանը տուժողների հարցաքննության փուլում է։  Պատերազմի ավարտից հետո էլ Գոռ Իշխանյանը ծնողներին վստահեցրել է, որ իրենց որդիները ողջ են Տուժող Համլետ Այվազյանի որդին՝ Արմանը, բանակ է զորակոչվել 2020թ․ հունվարին։ Վերջին անգամ հոր հետ կապ է հաստատել հոկտեմբերի 11-ի առավոտյան՝ ասելով, որ հեռախոսները հավաքում են, իրենց էլ տանում են բունկերներ․ «Իտոգում զուտ խաբելով տարել են Հադրութ։ Չգիտեմ՝ ով ա խաբել, բայց երեխեքին ուղարկել են գրաված տարածք, դա միանշանակ փաստ է»,- հայտարարեց զոհվածի հայրը։ Ըստ նրա՝ պատերազմի ավարտից հետո էլ Գոռ Իշխանյանը ծնողներին վստահեցրել է, որ իրենց որդիները ողջ են, դեռ կապի դուրս կգան, թեեւ իմացել է, որ բոլորը զոհվել են։  Ինչպես շատ այլ տուժողներ՝ Համլետ Այվազյանը եւս այն համոզմունքն ունի, որ հրամանատարն իմացել է, որ Հադրութն արդեն հակառակորդի վերահսկողության տակ է, բայց միեւնույն է՝ այնտեղ զորք է ուղարկել։ Այդ համոզմունքը հիմնված է մի քանի հանգամանքի վրա, որոնք արդեն հնչել են դատարանում այլ ծնողների շուրթերից։ Նրանք պատմում են մի դրվագի մասին, ըստ որի՝ նույն այն տեղանքից, ուր ուղարկվել է 7-րդ վաշտը հոկտեմբերի 11-ին, մեկ օր առաջ նահանջել է նույն զորամասի 1-ին գումարտակը, որի հրամանատար Սեւակ Սարգսյանը Գոռ Իշխանյանին հորդորել է այնտեղ զորք չուղարկել, քանի որ իրադրությունը շատ վտանգավոր է։ Ծնողները արդեն քանի նիստ է՝ հիշատակում են Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասին, որի ժամանակ ինքը՝ Հարությունյանը, Իշխանյանից հետաքրքրվել է՝ ինչու է զորքին այնտեղ ուղարկել։  Արայիկ Հարությունյանը Գոռ Իշխանյանին հարցրել է՝ հոկտեմբերի 9-ին Հադրութում հակառակորդի դրոշ է եղել, ինչո՞ւ զորք ուղարկեցիք այնտեղ Համլետ Այվազյանն այսօր դատարանում ցուցմունք տալիս մանրամասնեց․ «[Ստեփանակերտի] «Արմենիա» հյուրանոցում Արայիկը Գոռին հարցրեց, զապիսը կա, ասեց՝ եթե հոկտեմբերի 9-ին մենք վերջի մարդն ենք եղել Վարդանյան Կամոյի հետ (44-օրյայի ժամանակ ՊԲ հրամանատարի տեղակալ,-հեղ․), որ իջել ենք [Հադրութից], ամսի 9-ին [այնտեղ] ադրբեջանական դրոշ էր տնկած, իջնելուց Վարդանյան Կամոն վիրավորվեց, դուք ինչի՞ երեխեքին ուղարկեցիք ընդեղ։ [Իշխանյանն] ասեց՝ ես հրաման եմ կատարել, թե՝ ո՞ւմ հրամանը, ասեց՝ Ջալալի (44-օրյայի ժամանակ ՊԲ հրամանատարը,-հեղ․)»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ Ջալալ Հարությունյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։ Հանդիպմանը, սակայն, ներկա է եղել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը որը «9 կմ» կոչվող տեղանքում պետք է դիմավորեր 7-րդ վաշտին։ Նշենք, որ Կարեն Առստամյանի նկատմամբ այս գործի շրջանակում իրականացվել է քրեական հետապնդում, հետո դադարեցվել։ Պաշտպանական կողմի համար Գոռ Իշխանյանի եւ Կարեն Առստամյանի հանդիպման մասին այս հայտարարությունը զարմանալի էր․ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը ճշգրտեց՝ Իշխանյանն ու Առստամյանը հանդիպե՞լ են, ինչին դատավարությանը ներկա ծնողները դրական արձագանքեցին՝ եւս մեկ անգամ նշելով, որ իրենց մոտ առկա է ձայնագրություն։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, տուժողները հիշում են, որ Կարեն Առստամյանը հայտարարել է, թե իրեն որեւէ մեկը տեղյակ չի պահել, որ զորք է գալու եւ անցնի իր հրամանատարության ներքո, ուստի ինքը չի իմացել, որ պետք է դիմավորի վաշտին։  Կարեն Առստամյանը ծնողներին ասել է, որ տեղյակ չի եղել զորքի շարժի մասին Համլետ Այվազյանը դատարանին հայտնեց, որ ծնողները հետագայում դիմել են Կարեն Առստամյանին՝ նրա հետ հանդիպում պահանջելով եւ վստահեցնելով, որ իրեն մատով չեն դիպչի։ Առստամյանն այդ հանդիպմանը համաձայնել է, եւ, ըստ Այվազյանի, իր մոտ առկա է նաեւ այդ զրույցից 3-ժամանոց ձայնագրություն։ Պաշտպանական կողմը խնդրեց տրամադրել այդ ձայնագրությունները, իսկ դատարանը, շեշտելով, որ դրանք շատ կարեւոր բովանդակություն կարող են ունենալ, ասաց, որ դատարանը ձայնագրություններին կանդրադառնա տուժողների եւ վկաների հարցաքննությունից հետո։ Նշելով, որ չի եկել դատարան որեւէ մեկին, այդ թվում Կարեն Առստամյանին պաշտպանելու, տուժողն ասաց, որ Առստամյանն իրենց վստահեցրել է, որ ինքը զորք չի ուզել եւ չգիտի՝ ինչ հանգամանքներում է 7-րդ վաշտը հայտնվել Հադրութում։ Ծնողների պնդմամբ՝ նման խոսակցություն է եղել նաեւ ռադիոկապով, եւ անհրաժեշտ է վերծանել այդ խոսակցությունն ու իմանալ ճշմարտությունը․ «Էլի եմ ասում՝ որը մեղավոր ա, իր արժանի պատիժը ստանալու ա, ամեն դեպքում, Առստամյանն ասումա՝ իմ տրամադրության տակ եղել ա Ջաբրայիլի զորքը, որ պետք լիներ, [այնտեղից] կուզեի, 7-րդ վաշտից ինձ զանգել են էն պահին, երբ երեխեքը բոյ էին տալիս, ասում՝ օգնություն արա։ [Առստամյանն] ասել ա՝ կոորդինատ տվեք, արտիլերիով խփեմ․․․ Եթե իհարկե խփած էլ լինի, կարող ա մեր երեխքին Առստամյանն էլ խփած լինի»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով, որ յուրային հրետանու հարվածներից էլ կարող են տուժած լինել 7-րդ վաշտի անձնակազմի զինվորները։ Տուժողի խոսքով՝ Կարեն Առստամյանին հեռախոսով զանգել է 7-րդ վաշտից Սլավիկը, Առստամյանն ասել է՝ կապի մեջ մնան, մինչեւ հասկանա՝ ինչ է անելու, հետո արդեն այդ համարին ադրբեջանցի է պատասխանել։ Մեկ այլ հանգամանք, որը մտահոգում է տուժողներին, այն է, որ մի զինվոր Համլետ Այվազյանին փոխանցել է Գոռ Իշխանյանի աշխատասենյակից գտած մի թուղթ, որի վրա վաշտի տղաների անուններն են եղել՝ մի քանիսի անունը ջնջած։ Այդ մի քանիսին տեղափոխել են այլ վաշտը, եւ, ըստ Այվազյանի, 7 նորակոչիկով համալրել վաշտի անձնակազմը։ Տուժողների մոտ այդ փոփոխությունն ու այդ կազմով գործողության ուղարկելը կասկածներ է առաջացնում։  Գոռ Իշխանյանի պաշտպան Արման Բայադյանը տուժողից հետաքրքրվեց՝ ծնողները ստացե՞լ են արդյոք Կարեն Առստամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, ինչին տուժողը դրական պատասխանեց, սակայն ասաց, որ այն չեն բողոքարկել։ Թե ինչու՝ նա չկարողացավ պատասխանել։ Պաշտպանը հարցրեց՝ եթե ծնողները պնդում են, որ հեռախոսները գործողության մեկնելուց առաջ հավաքել են, ինչպե՞ս է, որ Կարեն Առստամյանին կարողացել են զանգել։ Այվազյանը պատասխանեց, որ մեկ-երկուսի մոտ հեռախոս եղել է, վաշտի հրամանատարն է զանգել այն բանից հետո, երբ Գոռ Իշխանյանի հետ կապի դուրս գալ չեն կարողացել։ Պաշտպանական կողմը հայտարարեց, որ վերծանումներով չի երեւում, որ Գոռ Իշխանյանին նման զանգեր են գնացել։ Ըստ տուժողի՝ Գոռ Իշխանյանը չէր կարող չիմանալ, որ Հադրութն ընկած է 2019-ի ամռանը Մարտունի 3 զորակոչված, 2020-ի հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Հովհաննես Ստեփանյանի հայրը՝ Մանվել Ստեփանյանը, համակարծիք է Այվազյանի հետ․ ըստ նրա՝ հնարավոր չէ՝ Գոռ Իշխանյանը տեղյակ չլիներ՝ ինչ է կատարվում Հադրութի տարածքում։ Նա եւս նշեց, որ Առստամյանը պնդել է՝ ինքը զորք չի պահանջել։ Մինչդեռ, Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը, դիմելով տուժողին, նշեց, որ գործով առկա է տվյալ այն մասին, որ Կարեն Առստամյանը հոկտեմբերի 10-ին ասել է, որ կարիք կա «9 կմ» կոչվող տեղանքն ուժեղացնելու, քանի որ հակառակորդն արդեն ներխուժել է Այգեստան գյուղ։ Այդպիսով՝ դիվիզիայի հրամանատարը տանկային ջոկատ է ուզել։ Բայց, ինչպես նշեց պաշտպանը, հիմա ստացվում է, որ Առստամյանը ծնողներին այլ բան է ասել։ Նիստերի դահլիճում ներկա տուժողներն արձագանքեցին՝ բայց ի՞նչ տեսակ զորք է ուզել, իրենց որդիները ոչ թե տանկային ջոկատում, այլ հրաձգային վաշտում են եղել։ Գոռ Իշխանյանը ծնողներին չի համոզել իր անմեղության հարցում 2019-ի ամռանը Մարտունի 3 զորակոչված, 2020-ի հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Կառլեն Առաքելյանի հայրը՝ Մառլեն Մանվելյանը, դատարանում հայտարարեց, որ Գոռ Իշխանյանը մեղքը գցել է Կարեն Առստամյանի վրա, բայց վերջինս հավաստիացրել է, որ ինքը մեղավոր չէ․ «Հենց Գոռի դիմաց ապացուցեց, որ անմեղ է, բայց ինքը (Գոռ Իշխանյանը,-հեղ․) չկարողացավ ապացուցել, որ անմեղ է։ Երեխեքը 40 օր կորած էին, ես չաստում տեսել եմ [Իշխանյանին], հագած-կապած, գլուխն ուռած ման էր գալիս չաստում, մենք ռուս գեներալին ենք խնդրել՝ բացեք ճանապարհը, մեր երեխեքի տեղը գիտենք, ու գտել ենք»,- ասաց տուժողը՝ հայտարարելով, որ Գոռ Իշխանյանին ազգի դավաճան է համարում․ «Ինքը գիտեր՝ մեր երեխեքը չկան, բայց մեզ խաբում էին, թե մի գուցե պադվալներում են, բան․․․ Եթե անմեղ է, կարող էր ծնողին անմեղությամբ նայել, ասել՝ ես մեղավոր չեմ, հիմի խոնարհում է գլուխը»։ Ըստ Մանվելյանի՝ Գոռ Իշխանյանը պարտավոր էր կապի մեջ լինել զորքի հետ, որպեսզի նախանշված տեղից առաջ չգնային, ու եթե դիմավորող չկար, հետ կանչեր զորքին։  Պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողին հարցրեց՝ մտերի՞մ է Առստամյանի հետ, ինչին Մանվելյանը բացասական պատասխանեց։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ ի՞նչն է տուժողին բերել այն երահանգմանը, որ Առստամյանն ավելի ազնիվ մարդ է, քան Իշխանյանը։ Մանվելյանն ասաց՝ նրանց առերես խոսակցությունը։ Գոռ Իշխանյանը ծնողին ասել է՝ չէի ուզում վաշտն ուղարկել, ինձնից տարան 2019-ի ամռանը Մարտունի 3 զորակոչված, հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Էդգար Տոնականյանի հայրը՝ Գոռ Տոնականյանը, իր ցուցմունքում խոսեց այն մասին, որ Գոռ Իշխանյանի եւ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամաններն իրարից տարբեր են, դրանցում զորքի երթի վերջնակետի կոորդինատներն ուրիշ են։ Ըստ նրա՝ Գոռ Իշխանյանը զորքին ուղարկել է արդեն իսկ գրավված տարածք։  Տուժողը հիշեց, որ Արայիկ Հարությունյանի կազմակերպած հանդիպման ժամանակ Գոռ Իշխանյանը մեղադրել է Կարեն Առստամյանին, Առստամյանն արդարացել է, հետո էլ մեղադրել է Ջալալ Հարությունյանին։ Տոնականյանը Իշխանյանին հարցրել է՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ես ուղարկել այնտեղ, հրամանատարն էլ պատասխանել է, թե՝ չէի ուզում, ինձնից տարան վաշտը․ «Ու լացում ա, ասում ա՝ իմ ամենաուժեղ վաշտն էր, ես չէի ուզում ուղարկեի։ Ինքը գիտեր, որ վաշտը ուղարկեր, հետ չէին գա, ես հարցրի՝ դու գիտեիր, չէ՞, որ ուղարկեիր հետ չեն գա, գլուխը կախեց, գլխով համաձայնության նշան արեց»։ 2020-ի ամռանը Ասկերան զորակոչված, ապա Մարտունի 3 տեղափոխված, հոկտեմբերի 11-ին զոհված զինծառայող Ալեքսանդր Կարապետյանը հաշմանդամություն ունեցող մոր՝ Փիրուզա Ենոքյանի միակ որդին է եղել։ Ենոքյանը դատարանում շատ հուզված էր, նա միայն մի քանի նախադասություն ասաց ու խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իմ որդին պետք ա առաջնագծում չծառայեր, պարտադրաբար են տարել առաջնագիծ։ Ինչո՞ւ իմ որդին հայտնվեց առաջին գծում, պատերազմական իրավիճակում ու զոհվեց, եթե ինձ ասել էին, որ ինքը չպետք ա ծառայի»,- ասաց տուժողը։ Փիրուզա Ենոքյանը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան․ «Առավոտ 10-ին զանգել ա, ասել՝ մամ ջան, մեզ տեղափոխում են բունկերներ, եթե մի քանի օր չզանգեմ, խնդրում եմ չանհանգստանաք, դրանից հետո էլ տեղյակ չեմ»։ Երբ իմացել է որդու զոհվելու մասին, խնդրել է մասնակցել դիակի որոնողական աշխատանքներին, բայց նրան խնայել, թույլ չեն տվել, հետո առաջինը Ալեքսանդրի մարմինն են ուղարկել։ Մեղադրող ու պաշտպանական կողմերը տուժողին հոգեվիճակը հաշվի առնելով՝ նրան այլ հարցեր չտվեցին։ Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, պաշտպանական կողմն առարկեց, դատարանը որոշեց այդ հարցին ավելի ուշ անդրադառնալ։ Այսօր դատական նիստերի դահլիճում էր նաեւ լեյտենանտ Արտակ Ղազարյանի մորեղբայրը՝ Սարգիս Նավասարդյանը։ Սակայն պարզվեց, որ նա չունի տուժողի կարգավիճակ եւ չի կարող ցուցմունք տալ, մինչդեռ նա պնդեց, որ մի քանի անգամ զանգով ծանուցվել է այս դատական նիստի մասին։ Դատարանում չհստակեցվեց, թե ով է Արտակ Ղազարյանի իրավահաջորդը։ Դատարանն այս հարցին կանդրադառնա հաջորդ նիստին, որը նշանակվեց հունվարի 21-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում՝ Համլետ Այվազյանը Հայարփի Բաղդասարյան
19:45 - 08 հունվարի, 2025
Անչափահասի նկատմամբ սեռական բռնության հոդվածով  մեղադրանք է առաջադրվել մեկ անձի․անչափահասը ինքնասպանություն է գործել. ՔԿ

Անչափահասի նկատմամբ սեռական բռնության հոդվածով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի․անչափահասը ինքնասպանություն է գործել. ՔԿ

Մեկ անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ […] կամ հանգեցրել հանցագործությունից տուժած անձի […] ինքնասպանության […]։ Այս մասին Ինֆոքոմի հարցին ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ինչպես հայտնում են կառույցից, 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ դեղահաբեր խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ:  2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:  Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անչափահաս անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:  Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ:  Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց:
19:39 - 07 հունվարի, 2025
2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն

2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն

Եթե սոցցանցերում այս օրերին հրապարակվող բոլոր հնարավոր ու անհնար ամփոփումներից դեռ չեք հոգնել կամ եթե հոգնել եք, բայց նրբաբլիթ փաթաթելն ու աղցանի բաղադրիչները մանր կտրատելը պակաս գրավիչ է, առաջարկում ենք «Ինֆոքոմի» հետ վերհիշել անցնող տարին, մեր առանցքային հրապարակումները, ծանոթանալ մեր կատարած աշխատանքի ու մի քիչ էլ՝ մեզ հետ։  Եթե դուք դեկտեմբերի 25-ին ասել եք՝ մենք էս տարի ոչ մի բան չենք անելու, բայց ճամպրուկները չեք հավաքել ու հանգստի չեք մեկնել ու հիմա փորձում եք 1 օրում հասցնել ամեն ինչ, չտխրեք․ մենք էլ այս հրապարակումը Մալդիվներից չենք գրում ու ձեզ համար սկզբում գրում ենք կարճ, որ կարդաք ու արագ անցնեք չսպասող ամանորյա գործերին։  2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գտել, կարդացել, ստուգել, հաճախ նաև թարգմանել և վերահրապարակել է շուրջ 24 հազար 600 լուր՝ տեղական և միջազգային լրահոսից։ «Ինֆոքոմի» լրագրողների թիմը պատրաստել և հրապարակել է 420 նյութ, ներառյալ՝ 28 հետաքննական և փաստերի ստուգման հոդված,  14 հետազոտական/բացատրական հոդված,  9 տվյալահեն հոդված, 45 դատական նիստերի լուսաբանում,  19 գիտության լուսաբանում։  Իրականացրել ենք 3 նախագիծ՝ նվիրված գիտության հանրահռչակմանը՝  «Գիտարբուքի» 11 բանախոսություն,  «Փոքրումեծ հարցերի» 5 թողարկում, որի շրջանակում գիտությամբ հետաքրքրվող երեխաները հնարավորություն ստացան հանդիպելու և հարցեր ուղղելու գիտնականներին, «Լաբորատորիայից ներս» շարքի 5 հոդված, որոնց միջոցով հանրամատչելի պատմեցինք Հայաստանում գործող  գիտական տարբեր թիմերի մասին։ Իրականացրել ենք փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված «Երեկոյան հոթ դոգ» նախագիծը․ հրապարակված 9 թողարկումների շրջանակում տարբեր մասնագետների հետ քննարկել ենք կեղծ լուրերի ամենաթարմ օրինակները ու տարածված միֆերը։  Ընդհանուր առմամբ նկարել, մոնտաժել ու հրապարակել ենք 73 տեսանյութ։  Մեր լրագրողներն իրենց նյութերը պատրաստելիս  վերլուծել են ավելի քան 1 000 հայտարարագիր,  ուսումնասիրել են  ավելի քան 2 000 գնման մրցույթ, ուղարկել են տեղեկություն ստանալու շուրջ 330 հարցում։  Ի վերջո, 2024-ին «Ինֆոքոմի» լրագրողները հասցրել են նաև գնահատվել՝  ստանալով  լրագրողական 5 մրցանակ։   Ավելի երկար ամփոփում, եթե դուք հիմա մեզ ինչ-որ տաքուկ երկրից կամ բուխարու մոտից եք հետևում  Եթե դուք էլ դեկտեմբերի 25-ին ասել եք՝ մենք էս տարի ոչ մի բան չենք անելու, հավաքել եք ճամպրուկներն ու մեկնել հանգստի, հիմա էլ ինչ-որ տաքուկ երկրի տաքուկ ծովափում կամ Հայաստանի ջերմ գյուղերից ու քաղաքներից մեկում՝ տաքուկ բուխարու մոտ, նստած եք ու ձեր սքրոլում պատահմամբ հայտնվեց այս նյութը, մենք ձեզ նախանձում ենք ծովափի, բուխարու ու ամփոփումը մինչև վերջ կարդալու ժամանակի համար։  «Ինֆոքոմը» տարին սկսեց մեծ հետաքննությամբ. պարզեցինք, որ Երևանի ավագանու՝ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ կազմակերպված դրամահավաքին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կազմակերպված մեխանիզմի միջոցով անհայտ ծագման գումարներ են նվիրաբերվել, որոշ դեպքերում՝ գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։ Մեր այս հետաքննությանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն խնդրեց կատարվածի համար, սակայն գրեթե մեկ տարի է` տեղի ունեցածին իրավական գնահատական չի տրվել։ Այս հետաքննությունից հետո «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը սկսեց ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գնումները, հրապարակեց ևս մեկ հետաքննություն, սակայն որոշ ժամանակ անց, հոգնելով ամեն անգամ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնին բացատրելուց՝ ինչու է հարցումներ ուղակում, որոշեց թողնել այդ գործը և սկսեց համապարփակ ուսումնասիրության ենթարկել պաշտոնյաների հայտարարագրերը։ Բարեբախտաբար, պարզվեց, որ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջապես տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու ունի։  «Ինֆոքոմի» լրագրող Ջուլիետտա Հովհաննիսյանն ավելի համառ գտնվեց ու չնայած աշխատանքի հնարավոր ու անհնար խոչընդոտներին՝ շարունակեց ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գնումները՝ հրապարակելով 4 նյութ՝ նորոգված, բայց մի քանի օրում քանդվող փոսերի, «Փակ շուկայի»՝ այդպես էլ վերջնականապես չբարեկարգվող անցումի, թերի տեխհսկողության, Նորքի այգու՝ ձգձգվող  բարեկարգման թեմաներով: Միլենա Խաչիկյանն այս տարի շարունակեց ուսումնասիրել արդարադատության ոլորտի բարեփոխումները։ Որպես մեր խմբագրության միակ անդամ, որը տարբերում է «որոշում», «վճիռ», «վերդիկտ», «դատավճիռ», «միջանկյալ ակտ», «գործն ըստ էության լուծող ակտ» և իրավական մյուս տերմինները՝ Միլենան պարզ և հանրամատչելի բացատրեց, թե ինչ է մասնավոր մեղադրանքը, ինչ թերի կարգավորումներ կան ՍԷԿՏ համակարգում, հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգում և այլն։  2024-ին «Ինֆոքոմը» շարունակեց լուսաբանել Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերող դատական գործերը՝ ունենալով 44 հրապարակում։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել կլոնավորել դատաիրավական լրագրող Միլենային, և նա կարողացավ ներկա գտնվել զուգահեռ ընթացող դատական նիստերից միայն մեկին։ Բարեբախտաբար, «Ինֆոքոմում» կա Հայարփի Բաղդասարյանը, որ հասցրեց լուսաբանել թե՛ իրավիճակը Կիրանցում, թե՛ աղետը Ալավերդիում, թե՛ այն դատական նիստերը, որոնց ներկա չի գտնվել Միլենան։ Այս ամենին զուգահեռ` Հայարփին հասցրեց ուսումնասիրել նաև, թե ովքեր են Երևանի ավագանու անցանկալի անդամները, ստուգեց ֆինանսական խարդախությամբ զբաղվողների տարածած տեսանյութը, ամփոփ ներկայացրեց՝ միջազգային ինչ օգնություն է հատկացվել Հայաստանին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համար։ Բայց մեր Հայարփին հո սաղ կյանքը լրագրությամբ չի զբաղվել. այս տարի նա Վազգեն Սարգսյանի անվան «Կամք» գրական մրցույթում ստացավ 3-րդ մրցանակը՝ իր «303 կմ հեռվից» արձակ ստեղծագործության համար։ Տարեսկզբին մեր գիտական լրագրող Աննա Սահակյանը, չբավարարվելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին հայաստանյան քննարկումներով, մեկնեց Լեհաստան՝ ուսումնասիրելու՝ ինչպես է այնտեղ  աշխատում բարձրագույն կրթության և գիտության համակարգը, իսկ Հայաստան վերադարձին գրեց իր կարիերայի ամենաերկար հոդվածը՝ Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների մասին։  Այս տարի Աննան շարունակեց նաև «Լաբորատորիայից ներս» շարքը, որի միջոցով բացահայտեց և հանրամատչելի պատմեց՝ ինչով են զբաղվում Հայաստանում գործող  գիտական տարբեր թիմեր: Ինչ-որ փուլում, երբ Աննայի հարցերը գիտնականներին գրեթե սպառվել էին, մենք հասկացանք, որ նույնքան հետաքրքրասեր միայն երեխաներն են, և Աննան սկսեց «Փոքրումեծ հարցեր» շարքը, որի ընթացքում գիտությամբ հետաքրքրված երեխաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու գիտնականներին։ Տարվա վերջում էլ Աննան ուսումնասիրեց՝ ովքեր են կառավարում բուհերը, և պարզեց, որ Կառավարության անդամների` համալսարանները քաղաքական ազդեցությունից ազատելու խոստումները, մեղմ ասած, չեն իրականացել։ Այ Աննային կլոնավորել այս տարի հաջողվեց. «Ինֆոքոմի» թիմին միացավ Անի Խաչատրյանը։ Եկած-չեկած Անին երկարամյա բանավեճի վերջ դնելու հանդուգն փորձ ձեռնարկեց` պարզելով, թե, ի վերջո, ինչի համար են Սյունիքի Զորաց քարեր հուշարձանի անցքերը։ Դա էլ քիչ է, Անին «ձեռնոց նետեց» նաև Հերոդոտոսին՝ հանրամատչելի ներկայացնելով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների հոդվածը, որը հերքում է Հերոդոտոսի` հայերի բալկանյան ծագման տեսությունը։ Մինչ մեր Անին միջգիտակարգային ճամփորդությունների էր՝ Աննայի խիստ մենթորությամբ, այս տարի մեզ միացած Սուսինան և Լիլիթը «ռայոն» էին գնացել։ Ուսումնասիրելով համայնքային պաշտոնյաների հայտարարագրերը՝ նրանք հետաքրքիր մանրամասներ բացահայտեցին համայնքային պաշտոնյաների թափանցիկության և հաշվետվողականության մասին, դե իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, ուսումնասիրելով մեր լրագրողների հրապարակումը, պարզեց, որ կան համայնքային պաշտոնյաներ։ Սուսինա Խաչատրյանը նաև «ուղևորվեց» Վեդի, հայտնաբերեց, որ համայնքի ղեկավարը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել, ապա՝ Ճամբարակ՝ ուսումնասիրելու համայնքապետարանի գնումները. պարզվում է՝ համայնքապետարանը գնումներ է կատարում համայնքապետին առնչվող ընկերությունից։ Լիլիթ Գրիգորյանն էլ ուսումնասիրեց Ստեփանավանի գնումները, պարզեց, որ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի օգնականի եղբոր ընկերության հետ։ Լիլիթի հաջորդ կանգառը Քաջարանն էր. նա պարզեց, որ Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել։ Այս տարեսկզբին էր, երբ բոլորս չափից շատ ուրախ էինք, որովհետև իմացել էինք, որ աշխատավարձերը բարձրանալու են 20%-ով. չափավոր ուրախ էր միայն «Ինֆոքոմի» տվյալների լրագրող Կատյա Մամյանը, որովհետև առաջինը նա հաշվեց աշխատավարձի 20%-ը և հասկացավ, որ ուրախանալու՝ 20 տոկոսից շատ բան չկա։ Կատյայի անունը մեր նյութերում շատ չի հանդիպել այս տարի, բայց մեր բոլոր տվյալները, հաշվարկներն ու վիզուալներն անցել են նրա ձեռքի տակով։ Մեր նյութերում շատ չեն հանդիպել նաև խմբագիրների՝ Անի Հովհաննիսյանի և Սևակ Մամյանի անունները, բայց նրանք ևս մեզ հետ հավասար աշխատել են, որպեսզի փորձենք ձեզ ներկայացնել կարևոր բացահայտումներ։ Մեր «ուսանողուհի, կոմսոմոլուհի, սպորտսմենուհի և ուղղակի գեղեցկուհի» Զարա Խաչատրյանը օպերատորներ Ռոման Աբովյանի և Սարգիս Խարազյանի հետ շարունակեց իրականացնել «Ինֆոքոմի» «Գիտարբուք» նախագիծը, որի շնորհիվ ևս 11 գիտնական մեկ գավաթ ոգելից խմիչքի շուրջ այս տարի իր գործունեության ու գիտակարգի մասին պարզ ու մատչելի պատմեց մեր շատ հետաքրքրասեր, բայց ոչ մասնագետ լսարանին։  «Ինֆոքոմի» աշխատանքը, մեր ընթերցողներից զատ, գնահատեցին նաև անկախ մասնագետները՝ մեր և հարակից ոլորտներից․ Միլենա Խաչիկյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությանը լավագույն տպագիր կամ առցանց հոդված անվանակարգում արժանացավ  գլխավոր մրցանակին՝  «Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձևը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից» և  «Արցախի կալանավորների և դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել» վերտառությամբ հրապարակումների համար։  Երևանի մամուլի ակումբի կազմակերպած լրագրողների ամենամյա մրցանակաբաշխությանը Հայարփի Բաղդասարյանն արժանացավ ԵՄԱ Էթիկական լրագրության մրցանակի։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմապերպած «Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Մեդիա 3.0» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սուսինա խաչատրյանի, Լիլիթ Գրիգորյանի և Կատյա Մամյանի «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» հոդվածը։ Նույն մրցույթի «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հաղթող  ճանաչվեց Զարա  Խաչատրյանը՝ «Գիտարբուք» շարքի համար, իսկ Անի Խաչատրյանը խրախուսական մրցանակի  արժանացավ «Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր» հոդվածի համար։ Սիրելի՛ ընթերցող, Թեև մեզ ուրախացնում են մրցանակները, բայց ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր մեզ խրախուսում է ձեր գնահատականը։  Գալիք տարում ևս հետևեք «Ինֆոքոմին», կարդացեք մեր հրապարակումները, քննադատեք, խրախուսեք, առաջարկեք նոր գաղափարներ ու թեմաներ, իսկ մենք նույն սիրով ու եռանդով կշարունակենք աշխատել՝ իրականացնելով նոր ու ավելի հետաքրքիր բացահայտումներ, ուսումնասիրություններ՝ օգնելու ձեզ կայացնել առավել հիմնավոր, տվյալահեն ու տեղեկացված որոշումներ։ Ապատեղեկատվության, մանիպուլյացիայի, պոպուլիզմի ծաղկման այս ժամանակաշրջանում առավել քան երբևէ կարևոր են ճշմարտությունը, փաստերի վրա հիմնված վերլուծությունները և տեղեկացված որոշումների կայացումը։ Մենք խոստանում ենք 2025-ին ևս մնալ ձեր կողքին՝ որպես անկախ, անաչառ և փաստահեն լրատվամիջոց։Թող 2025 թվականը լինի այն տարին, երբ մեր երկրում ամեն փոքր ու մեծ, անձնական ու պետական որոշում հիմնված կլինի ոչ թե աղմուկի, այլ ստույգ փաստերի, տվյալների և խորքային վերլուծության վրա։ Թող 2025 թվականին լրագրողական հետաքննությունները, հետազոտությունները, տվյալահեն հոդվածները հանգեցնեն իրական փոփոխությունների, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը դառնան մեր հանրային կյանքի անբաժանելի մասը։ Թող 2025-ը լինի ճշմարտության, արդարության և արժանապատիվ խաղաղության տարի։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։
17:45 - 31 դեկտեմբերի, 2024