Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգի առաջին օղակը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն են։

Ընդհանուր իրավասության դատարանները ՀՀ-ում 10-ն են՝ Երեւանի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի դատարանները։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին ունի նստավայրեր քաղաքի եւ մարզի տարբեր շրջաններում։ Մարզերում նստավայրերի քանակը 3-ից 6-ի սահմաններում է, իսկ Երեւանում դրանց թիվը 8-ն է։

Դատավոր Սամվել Յուզբաշյանը կնշանակվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում

Դատավոր Սամվել Յուզբաշյանը կնշանակվի Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել ու առաջարկում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ «2022 թվականի նոյեմբերի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Հանրապետության նախագահին առաջարկել Սամվել Սեյրանի Յուզբաշյանի թեկնածությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: 2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սամվել Սեյրանի Յուզբաշյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է որոշման մեջ:
15:27 - 24 նոյեմբերի, 2022
«Նահանջն ավելի լավ իրականացնելու հնարավորություն է եղել»․ սպան՝ Խուռհատ սարում մարտական գործողությունների մասին

«Նահանջն ավելի լավ իրականացնելու հնարավորություն է եղել»․ սպան՝ Խուռհատ սարում մարտական գործողությունների մասին

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։ Պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանը, պարզաբանելով զորամասի ստորաբաժանումների միջեւ կապի ապահովման ընթացակարգերը, հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Վկայի այս հայտարարությունը զարմացրեց դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Մյուս վկա Ղարիբ Ջավադյանն էլ, որը պատերազմի ընթացքում նշանակվել է նույն գումարտակի դասակի հրամանատար, չկարողացավ հստակ պատասխանել, թե քանի զինծառայող է եղել գումարտակում, քանիսը՝ իր դասակում, եւ նահանջից հետո քանիսն են ողջ մնացել։ Նա չկարողացավ նաեւ պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ նույն գումարտակի անձնակազմի մի մասը Խուռհատ սարում հարկադրված նահանջ իրականացնելիս գնացել է այն ուղղությամբ, որը, ինչպես իրենց հայտնել են, հակառակորդն արդեն գրաված է եղել։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Այս մասին երեկ հայտարարեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ, սպա Վիգեն Ծատրյանը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվելու։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,  Վահանյանը նահանջի պահին սարում չի եղել․ ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել:  Ներկայանալով դատարանին՝ Ծատրյանը հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։ Լուսանկարում՝ վկա Վիգեն Ծատրյանը Ըստ վկայի՝ որպես կապի պետ իր գործառույթն է եղել զորամասի բոլոր ստորաբաժանումների հետ կապի ապահովումը, ինչի շրջանակում իրեն հասանելի են եղել մինչեւ գումարտակի հրամանատարի մակարդակով ընթացող խոսակցությունները, դրանից ցածրերը՝ ոչ․ «Մինչեւ հոկտեմբերի 6-7–ը ես միշտ կապի մեջ եմ եղել բոլոր ստորաբաժանումների հետ, 5-րդ գումարտակից կապի մեջ եմ եղել ե՛ւ Վարդերեսյանի (գումարտակի նախկին հրամանատարն է,–հեղ․), ե՛ւ Մուրադյանի (գումարտակի կապի դասակի հրամանատարն է,–հեղ․) հետ, իսկ կոնկրետ սարում ինչ է տեղի ունեցել, ռադիոկապով չեմ կարողացել լսել, որովհետեւ էդ ցանցը մեզ մոտ չի եղել, դա գումարտակի կապով է եղել, որը հասանելի չի եղել գնդին»,– պատմեց նա։ Դատավարության մասնակիցների հարցերին ի պատասխան՝ նա պարզաբանեց, թե գումարտակները վերադաս հրամանատարության հետ ինչպես եւ ինչ ռադիոցանցով են կապ հաստատել։ Ըստ այդմ, զորամասի հրամանատարի եւ բոլոր գումարտակների հրամանատարների միջեւ մշտապես գործել է երկու ռադիոցանց՝ «Հայտեռա» եւ «Այքոմ» տեսակների, իսկ գումարտակի հրամանատարի եւ ավելի ցածր օղակների՝ վաշտի եւ առանձին դասակների միջեւ՝ միայն մեկ՝ «Այքոմ» ռադիոցանցը։ Յուրաքանչյուր գումարտակում եղել է 3 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, որոնցից 2-ը՝ գումարտակի հրամանատարի մոտ, 1-ը՝ շտաբի պետի։  Վկայի այս խոսքերից հետեւում է, որ Վահանյանը, որպես գումարտակի հրամանատար, իր մոտ ունեցել է 2 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, մինչդեռ ըստ մեղադրանքի՝ նա մարտի դաշտը թողնելիս իր հետ տարել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դատավորի հարցին՝ Վահանյանից բացի ո՞վ կարող է հաստատել, որ նրա մոտ ոչ թե մեկ, այլ երկու ռադիոկապ է եղել, վկան դժվարացավ պատասխանել։ Ծատրյանի խոսքով՝ վաշտերն էլ իրենց հերթին ապահովված են եղել «Այքոմ» ռադիոկապով՝ գումարտակի հրամանատարների հետ կապի դուրս գալու համար։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ եթե գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նահանջի պահին գնացած է եղել, սարում գտնվող անձնակազմը իր մոտ ունեցած «Այքոմ» ռադիոկապով կարո՞ղ էր կապվել վերադաս հրամանատարության հետ, ինչին վկան դրական պատասխան տվեց՝ ասելով, որ կարող էին կապվել կա՛մ զորամասի, կա՛մ գնդի հրամանատարի հետ, եւ դրա համար, ըստ վկայի, հատուկ գիտելիքներ պետք չէին, որովհետեւ բոլոր հաճախականությունները նախապես տեղադրված էին բոլոր ռադիոկապերի վրա։ Մոտ 10-15 ալիք է եղել, եւ եթե համարով չիմանային էլ, այդքան անգամ ալիքը փոխելով՝ կապի դուրս կգային։ Վկայի այս պատասխանները զարմացրին դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատվել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Արդյունքում, բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, վիրավորվել կամ անհետ կորել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը –Ենթակա անձնակազմն ասում էր՝ չենք կարողացել «Այքոմ»–ով կապվել վերադաս հրամանատարության հետ,– վկային հայտնեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։ –«Այքոմ»–ում մեկ հաճախականություն չի, կոճակներ կան, պիտի փոխեին ու վերեւ խոսեին՝ զորամասի հրամատարի կամ շտաբի պետի հետ,– ասաց վկան՝ նշելով, որ հեռավորությունն էլ կապ ուներ։ –Զորամասի հրամանատարը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10-ին, հնարավո՞ր էր նրա հետ կապվել Խուռհատ սարից։ –Գտնվել է 1–ին կամ 4-րդ գումարտակի հետ, սարից այդ հեռավորության վրա «Այքոմ»–ով կապվել երեւի թե հնարավոր չէր,– պատասխանեց վկան՝ միաժամանակ ընդգծելով, որ շտաբի պետի հետ հնարավոր էր։ Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, երբ Վահանյանը նշանակվել է գումարտակի հրամանատար, շտաբի պետի է նշանակվել Ալբերտ Աբրահամյանը։ –Շտաբի պետը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10–ին,– հարցրեց դատավորը։ –Ինձ հետ՝ Կարմրակութ գյուղում,– պատասխանեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ այսինքն՝ եթե սպաները ցանկանային կապ հաստատել շտաբի պետի հետ, հեռավորությունը այնպիսին էր, որ կկարողանայի՞ն։ Վկան դրական պատասխան տվեց։ –Վստահաբա՞ր։ –Այո,– ասաց նա։ –Եթե դիցուք, կապի դասակի հրամանատարը հենց սարում զոհվեր, կապի դասակի այլ զինվորներ էլի կկարողանայի՞ն։ –Այո։ –Բայց չէ՞ որ ուսումնական գումարտակ էր։ –Ուսումնական էր, բայց Մուրադյանի անձնակազմը կարող էր։ –Այսինքն՝ նահանջ կատարելիս վաշտի, դասակի հրամանատարները հնարավորություն ունեի՞ն միմյանց հետ կապ հաստատել եւ իրականացրել նահանջը ավելի լավ։ –Միանշանակ՝ այո,– ասաց վկան՝ ընդգծելով, որ ամեն վաշտում եղել է ութական «Այքոմ» տեսակի ռադիոկապ, ընդ որում՝ ութն էլ տարբեր անձանց մոտ էին։ –Եվ «Այքոմ» ռադիոկապի միջոցով սարի վրա գտնվող անձնակազմը լիարժեք հնարավորությո՞ւն է ունեցել կապ հաստատել շտաբի պետի հետ,– դարձյալ ճշտեց դատավորը։ –Այո։ –Իսկ ո՞նց կբացատրեք, որ բոլորը ասում են՝ չէ։ –Չեմ կարող ասել, երեւի մեղքը իրենց վրա չգցելու համար,– պատասխանեց վկան՝ կարծիք հայտնելով, որ կապի խափանումը, ըստ ամենայնի, խուճապից է եղել, որովհետեւ մինչ հոկտեմբերի 10-ը այն անխափան գործել է։ Վկայից հետաքրքրվեցին նաեւ, թե այդ ռադիոկապերի մարտկոցները մինչեւ քանի ժամ կարող են պահել լիցքավորումը։ Ի պատասխան՝ նա ասաց՝ 1 օր, իսկ ակտիվ աշխատանքի դեպքում՝ մինչեւ 18 ժամ։ Այս հանգամանքը էական է այնքանով, որ Իշխան Վահանյանը հայտարարել է, թե իր մոտ եղած «Հայտեռա» ռադիոկապի մարտկոցը նստած է եղել (խոսքը հոկտեմբերի 10-ի մասին է, այնինչ անձնակազմը սար էր բարձրացել ընդամենը մեկ օր առաջ,–հեղ․)։ Վիգեն Ծատրյանը, սակայն, պարզաբանեց՝ «Հայտեռա» տեսակի բոլոր ռադիոկապերը ունեցել են 1 մարտկոց իրենց վրա, եւ եւս 2-ը՝ պահեստային։ –Այսինքն՝ եթե գումարտակի հրամանատարն իր մոտ ունի 2 հատ «Հայտեռա», կարո՞ղ ենք ենթադրել, որ ունի 6 մարտկոց,– հարցրեց դատավորը։ –Այո, եթե ոչ 6, ապա 5՝ հաստատ, որովհետեւ 4 հատ հաստատ եղել է մինչեւ մարտական գործողությունները, իսկ դրանից հետո մեկական էլ հատկացվել է,– պատասխանեց վկան՝ եզրահանգելով, որ ինտենսիվ օգտագործելու ժամանակ հինգ մարտկոցով 3-4 օր հնարավոր էր կապի մեջ լինել։ Ըստ վկա Ղարիբ Ջավադյանի՝ Վահանյանը չէր կարող սարում բեկորային վնասվածք ստանալ Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ նույն գումարտակի 13-րդ դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանն էր։ Վերջինս 2008 թվականից ծառայել է Ջրականի զորամասում՝ որպես վաշտի ավագ, իսկ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, ստանալով սպայի կոչում, նշանակվել դասակի հրամանատար․ «Հարցրել են՝ ուզո՞ւմ ես դառնալ աֆիցեր, ասել եմ՝ հա, իմ անունն էլ են գրել»,- դատարանում հայտնեց նա՝ նշելով, որ Վահանյանն է իր թեկնածությունն առաջարկել։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Ջավադյանը հայտնեց, որ Վահանյանի հետ ինքը որեւէ տեսակի հարաբերություն չունի։  Լուսանկարում՝ վկա Ղարիբ Ջավադյանը Խոսելով սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ վկա Ղարիբ Ջավադյանը պատմեց, որ Վահանյանն իրենց հրահանգել է դիրքավորվել, սակայն մարտը սկսելուց հետո, որպես այդպիսին, որեւէ այլ հրաման չի տվել․ «Ես իրենից մի քիչ ներքեւ էի, լսում էի, որ ասում էր՝ սենց լավ ա, սենց պահեք, ես ջոկում էի, որ կամ վիրավոր է, կամ վիրավորի է օգնում, տենց մի բան»,- ասաց նա՝ նշելով, որ հետո զինվորներից է տեղեկացել, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով հեռացել է։ Ավելի ուշ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված, որում վերջինս նշել է, որ երբ նահանջել են անտառի կողմ, ինքը մտածել է, որ Վահանյանը պիտի գա, միասին ելքեր գտնեն, սակայն ի զարմանս իրեն, անձնակազմից շատերը ասել են, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով դիմել է փախուստի։ Դատարանում վկան հաստատեց իր այս խոսքերը։ Նախքան հեռանալը Վահանյանը վիրավորվել է թե ոչ՝ վկան չի տեսել, ասաց՝ դրանից օրեր առաջ է Վահանյանն իրեն ասել, որ հետեւից վիրավորվել է։ Նա նաեւ նշեց, որ սարում հակառակորդը հրետանի չի կիրառել, ուստի Վահանյանը, ինչպես բժշկական տեղեկանքներում է նշված, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։ Ջավադյանի խոսքով՝ հակառակորդի հարձակման ժամանակ պետք է դիմակայեին, սակայն երբ վիրավորները շատացել են, հարկադրված են եղել նահանջել։ Թե ով է տվել այդ հրամանը, նա չգիտեր, ասաց՝ Վահանյանը հեռանալիս ոչ մեկին չի փոխանցել իր պարտականությունները, ոչ մեկը ինքնակամ էլ չի ստանձնել դրանք։ Վկայի խոսքով՝ նահանջ իրականացնելիս սպաներից Հայկազ Գրիգորյանը հեռախոսով կապ է հաստատել ոմն գնդապետի հետ, ապա հեռախոսը փոխանցել իրեն, քանի որ ինքը, որպես տեղացի, ավելի լավ կհասկանար, թե որ կողմով է պետք շարժվել։ Գնդապետի խորհրդով՝ Հադրութ չմտնելու համար շարժվել են դեպի Թաղասեռ գյուղ, որտեղից էլ հետո տեղափոխվել են Ազոխ գյուղ․ «Որ սարից հելել ենք, էնտեղ ընդհանրապես մարդ չի մնացել, ամբողջ գումարտակը եկել է, դեպի Թաղասեռ գնացել ենք բոլորով, բայց դրանից էն կողմ չեմ հիշում, ես էի, իմ հետեւից տասը հոգի գալիս էր, հետեւից՝ գումարտակը, տենց գալիս էին, Արալեռ գյուղում, որ երկրորդ անգամ բոյի մեջ մտանք, դրանից հետո էլ չեմ կարող ասել՝ անձնակազմը՝ ոնց, ինչ»։ Նահանջի այս դրվագի վերաբերյալ դատավարության մասնակիցները մի շարք հարցեր հղեցին վկային, որոնց տրված անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվող ծնողներին։ Վերջիններս սկսեցին ափսոսանք հայտնել, որ իրենց զավակների կյանքը նման սպաների են վստահել։ Վիգեն Ծատրյանը չգիտեր՝ ինչպես է սպաներից մեկը անձնակազմի մի մասի հետ սխալ ճանապարհով գնացել Վկային հարցեր հղեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը՝ հետաքրքրվելով, թե նահանջի ժամանակ սպաներից ով է իր հետ եղել։ -Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը Ձեզ հե՞տ էր,-հարցրեց Ավետիսյանը։ -Մինչեւ Թաղասեռ հասնելը Մուրադյանին տեսել եմ, դրանից էն կողմ չեմ տեսել,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ սարից մինչեւ Թաղասեր մոտ 3 կմ է։ Հիշեցնենք, որ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը -Ինչպե՞ս կպատճառաբանեք, որ Թաղասեռից հետո Մուրադյանին չեք տեսել, կամ Ձեզ հաջողվել է դուրս գալ, նրան՝ ոչ․ եթե իրար հետ եք եղել, ըստ տրամաբանության՝ պիտի կարողանայիք բոլորով դուրս գալ այդտեղից,- ասաց դատախազը։ -Դե, գումարտակը իրարից հեռու–հեռու գալիս էր, որպեսզի բան լինի, շատ զոհեր չլինի, ինքը երեւի հեռու է եղել, դրա համար չեմ նկատել, որ մնացել է էդտեղ,- պատասխանեց վկան։ -Այսինքն՝ էդտե՞ղ են խփել իրեն։ –Ես չեմ տեսել։  -Որ գնում էիք Թաղասեռ, արդեն տեղյա՞կ էիք, որ Հադրութը գրավված է։ –Այո, անձնակազմին մարդ է պատահել, ասել է՝ չեք կարող Հադրութ գնալ։ – Այդ մասին Մուրադյանը տեղյա՞կ էր, եթե ձեզ հետ է եղել ճանապարհին։ –Դա չեմ կարող ասել։ –Որ իմացաք՝ գրավված է, սպաներով ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք, որ ենթականերին տեղեկացնեք։ – Փորձել ենք անձնակազմին հավաքել մի ձեւ, էդ արանքից հանել, կարելի է ասել՝ շրջափակման մեջ էինք, մի կերպ անձնակազմին վերցրել ենք, հելել։ –Ինչպե՞ս կբացատրեք, որ գումարտակի մի հատվածը գնում է էն ուղղությամբ, որը հակառակորդը գրավել է, եւ դուք ունեք այդ տեղեկությունը։ –Քանի որ ցրված գալիս էր գումարտակը, իմ մտածելով՝ երեւի հետ են ընկել կամ ճանապարհը փոխել, էդ ուղղությամբ են գնացել,-պատասխանեց վկան։ Սպան չկարողացավ նշել՝ իր ղեկավարած դասակում քանի զինվոր է եղել Վկային հարցեր հղեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ փորձելով հասկանալ, թե ի սկզբանե քանի զինվոր է եղել գումարտակում, քանիսը՝ նրա ղեկավարած դասակում, եւ քանիսն են մնացել վերջում։ Այս հարցերին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան շարունակ լռեց՝ չկարողանալով հստակ թվեր նշել, ապա ասաց՝ սկզբում գումարտակը առնվազն 140 հոգի կլիներ, նահանջից հետո՝ 50-60, ապա ուղղեց՝ 40-50։ Դատավորը հետաքրքրվեց՝ պատերազմի ժամանակ վկան վիրավորվե՞լ է, ինչին նա բացասական պատասխան տվեց։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ խոսվել է գումարտակում ավելի քան 370 զինծառայողի մասին, որոնցից տուն է վերադարձել մոտ 150-ը։ Սպաներից Հայկազ Գրիգորյանն էլ (որը վկա Ղարիբ Ջավադյանի խոսքով՝ իր հետ է եղել,-հեղ․) իր ցուցմունքով հայտնել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, որոնցից շուրջ 60-ն է իր հետ եղել։ Ենթադրվում է, որ Գրիգորյանը եւ Ջավադյանը նույն 60 հոգուն նկատի ունեն։ –Դուք Ձեր դասակի թվակազմը գիտե՞ք,– հետաքրքրվեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։ –Որ ասել են՝ դասակի հրամանատար եմ, չեմ էլ հասցրել իմանալ՝ դասակս քանի հոգի է,– պատասխանեց վկան։ –Բա ո՞նց էիք ղեկավարելու, եթե չգիտեիք՝ քանի հոգի է, վերջիվերջո սար եք բարձրացել, մարտական առաջադրանք եք կատարել, Դուք չգիտեի՞ք՝ ձեր ղեկավարության ներքո քանի հոգի ունեք։ –Խառն է եղել․․․– պատասխանեց նա՝ հավելելով, որ դրանից առաջ՝ որպես վաշտի ավագ դեմքով ճանաչել է, մոտ 22-23 հոգանոց դասակ է եղել։  Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ նահանջից հետո, երբ փորձել են ճշտել՝ ով կա, ով չկա, ի վերջո ի՞նչ են հասկացել․ – Որ տեսա՝ անձնակազմը քիչ է, մտածեցի՝ երեւի սխալվել են կամ ուրիշ ճանապարհով մտել, մի քանի անգամ անուններով գոռացել եմ, որ տեսնեմ՝ կարողա անտառից ձայն հանեն, մի քսան անգամ գոռացել եմ, ձայն հանող չկար,– պատասխանեց Ջավադյանը։ Վկան համաձայնեց, որ իրավունք չունեին առանց մյուսներից տեղեկություն ունենալու նահանջել Պատասխանելով հարցերին՝ Ղարիբ Ջավադյանը նաեւ նշեց, որ սար բարձրանալիս եղել են 6 սպաներով՝ ինքը, Իշխան Վահանյանը, Հայկազ Գրիգորյանը, Արսեն Ղարիբյանը, Հովհաննես Մուրադյանը եւ Վազգեն Վարդանյանը։ Իջնելիս, սակայն, նրանցից բոլորը ներկա չեն եղել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը – Զինվորական կանոնակարգով՝ իրավունք ունեի՞ք չորս սպաներով միասին հեռանալ՝ առանց մնացածից տեղեկություն իմանալու եւ չկազմակերպելով մնացածի նահանջը։ –Ոչ, իրավունք չունեի, բայց ես․․․ –Այսինքն՝ որ չորսով իջել, զինվորների հետ միասին գնացել եք, խախտե՞լ եք կանոնակարգը,– հարցրեց փաստաբանը։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հիշեցրեց, որ վկան իրավունք ունի չպատասխանել իր դեմ հնչած հարցերին։ –Բա խղճի՞ դեմ, բա երկրի՞– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե վկան չպատասխանի, ուրեմն դավաճան է։ –Աստծու դեմ պատասխան կտա,–լսվեց ծնողներից մեկի ձայնը։ –Մենք բոլորով միասին իջել ենք, էդ ընթացքում չեմ էլ պատկերացրել, չգիտեմ՝ ինչի համար իրենք ուրիշ ուղղությամբ գնացին,–պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։   Միլենա Խաչիկյան
23:53 - 22 նոյեմբերի, 2022
Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել. դատախազները բացակայությունն «անհարգելի» որակեցին |factor.am|

Քոչարյանի պաշտպանները նիստին չէին ներկայացել. դատախազները բացակայությունն «անհարգելի» որակեցին |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Նիստը մեկնարկեց ուշացումով: Դատավորն իր ուշացումը պատճառաբանեց մեկ այլ գործով իր՝ խորհրդակցական սենյակում գտնվելով: Գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էին միջնորդություն, որ չեն կարող ներկա գտնվել նիստին: Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, Հայկ Ալումյանը նշել էր, որ այլ դատական նիստի պետք է ներկայանա: Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց նաև վերջինիս երրորդ պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության պատճառների մասին, ինչին ի պատասխան Քոչարյանը հայտնեց, որ Արամ Օրբելյանը գալիս է նիստերին, երբ միջնորդություն ունի անելու: Դատարանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, ինչին հակադարձեց գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը. «Պաշտպանները չեն ներկայացրել այլ դատական նիստում գտնվելու կամ առողջական խնդիր ունենալու որևէ ապացույց, ուստի նրանց բացակայությունն անհարգելի է և նիստը ենթակա է շարունակման»: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել էր երկրից բացակայել մինչև դեկտեմբերի 4-ը, հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին:
17:19 - 22 նոյեմբերի, 2022
ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողների զոհվելու գործով դատարան չներկայացած վկան բերման կենթարկվի

ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողների զոհվելու գործով դատարան չներկայացած վկան բերման կենթարկվի

Շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում 16 զինծառայողների եւ 2 սպաների զոհվելու գործով դատաքննությունը։ Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այս գործով հերթական նիստն էր հրավիրվել, որը, սակայն, ըստ էության չկայացավ․ բանն այն է, որ գործով վկաները չէին ներկայացնել նիստին։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն՝ վերջինս 2020թ․ հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորի հատվածում լսվել է անօդաչու թռչող սարքի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը։ Բայց րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալ»-ին․ զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը, ականատես է եղել այս դեպքին։ Վերջինս է 2020թ․ դեկտեմբերին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո ինքը, տեղեկանալով, որ որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Օհանյանին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ, որտեղ 2020թ. դեկտեմբերի 9-ին սպայական անձնակազմը հայտնել է, որ վաշտը պետք է տեղափոխվի Ջաբրաիլի տարածք: Երթի ընթացքում, Իշխանաձորի տարածքում թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի ձայն լսելով, կանգնեցրել են ավտոմեքենաները, իջել ու ցրվել տեղանքում: Դրանից հետո իրենց մոտ է եկել վերը նշված զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը, օդում ԱԹՍ-ի ձայնը լսելի լինելու պայմաններում հրաման է տվել անձնակազմին կրկին նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը, ապա շուրջ 18 զինծառայող նրա հրամանի համաձայն նստել է ավտոմեքենան, եւ երթից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է վերը նշված բեռնատար ավտոմեքենային, որի հետեւանքով առաջացած հրդեհից Օհանյանի որդին՝ Արման Օհանյանը, ու վերջինիս համածառայակիցները զոհվել են։ Անդրանիկ Վերանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա խափանման միջոցը կալանքից փոխվել է չհեռանալու մասին ստորագրության։ Այսօր դատարան չէր ներկայացել երկու վկա, մեկը՝ Արտակ Մախսուդյանը, մյուսը՝ Արտյոմ Պողոսյանը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հաղորդեց, որ Արտյող Պողոսյանը հեռախոսակապի միջոցով տեղեկացրել է, որ դեռեւս արտասահմանում է՝ գործուղման մեջ, ու Հայաստան է վերադառնալու նոյեմբերի 29-ին կամ 29-ից հետո։ Իսկ մյուս վկան երեկ հեռախոսով ասել է, որ թեեւ առողջական խնդիրներ ունի ու բժշկական միջամտության հարցեր կան, այնուամենայնիվ կներկայանա դատարան, սակայն չի եկել։ Դատավորի տեղեկացմամբ՝ նիստից առաջ փորձել են կապ հաստատել Մախսուդյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել, հետեւաբար նրա ներկա չլինելու պատճառները դատարանին հայտնի չեն։  Այս պայմաններում դատարանը խնդրեց մեղադրող եւ պաշտպանական կողմերի կարծիքները։ Մեղադրող դատախազը նկատեց՝ կոնկրետ վկան՝ Մախսուդյանը, արդեն մի քանի անգամ է՝ նման պատճառաբանությամբ չի ներկայացել դատարան, բայց մինչ այս որեւէ տեսակի բժշկական փաստաթուղթ չի ներկայացվել։ Արձագանքելով դատախազին՝ դատավորը նշեց, որ վկան բանավոր որոշակի տեղեկություններ հաղորդել է, բայց քանի որ դրանք առողջական վիճակին են վերաբերում եւ կարող են բժշկական գաղտնիք պարունակել, ինքը նպատակահարմար չի համարում նիստի ժամանակ բարձրաձայնել։ Միեւնույն ժամանակ, դատավորը նշեց, որ, իր ունեցած տեղեկություններով, այնպիսի վիճակ է եղել, որը չէր խոչընդոտի հարցաքննվել։ Դատախազն էլ, ընդգծելով, որ վկան մի քանի անգամ նման պատճառաբանությամբ դատական նիստի չի ներկայացել, միջնորդեց նրան բերման ենթարկել հաջորդ դատական նիստին՝ անկախ նրա կարգավիճակից եւ առողջական վիճակից։  Պաշտպանական կողմը դատախազի միջնորդությանը չառարկեց, ավելին՝ տեղին համարեց այն՝ նշելով, որ դատարանը պիտի միջոցներ ձեռնարկի ինչպես այս վկայի, այնպես էլ մյուս վկայի՝ դատական նիստին ներկա լինելու մասով։ Դատավորն արձագանքեց, որ մյուս վկան՝ Արտյոմ Պողոսյանը, հայտնել է, թե որտեղ է, որ երկրում է գործուղման, սակայն, քանի որ խոսքը զինվորական գործուղման մասին է, նպատակահարմար չէ հրապարակել այդ տվյալները, բայց դրանք դատավորն արժանահավատ գնահատեց։ Իսկ ահա ինչ վերաբերում է Մախսուդյանին, դատավորն ընդգծեց որ նա հատկապես պատրաստակամություն ուներ ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով, որ կողմերն առարկություն չունեն, դատարանը հայտարարեց, որ որոշում կկայացվի նրան բերման ենթարկելու մասին, ու վկան հարկադրաբար կներկայանա դատարան։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին։Լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Հայարփի Բաղդասարյան
18:40 - 11 նոյեմբերի, 2022
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ավարտվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախնական դատալսումների փուլը։ Մինչ դա Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ապացույցներ ներկայացրեց դատարանին՝ գործի նյութերին կցելու եւ հետագայում՝ ապացույցների հետազոտման փուլում, ուսումնասիրելու նպատակով։ Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է այս տարվա հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է նաեւ, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը (տվյալ դեպքում՝ տղան) առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող արարքը։ Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա մայիսի 17-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Ըստ մեղադրանքի՝ անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը՝ Գրիգորյանը «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձեւով նսեմացրել է Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը (նրանց դավաճան, թուքի եթիմ անվանելով–հեղ․), իսկ 2022 թվականի մայիսի 8-ին՝ Երեւանի քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում, այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող եւ ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձեւակերպումներով հրապարակայնորեն նվաստացրել է նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով եւ հայացքներով ատելություն եւ թշնամանք սերմանել հայ ազգի շրջանում: Պաշտպանական կողմն այն համոզմանն է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի քաղաքական եւ խտրական բնույթ։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանի այսօր ներկայացրած առաջին ապացույցը հոգեբանի փորձագիտական եզրակացությունն էր։ Ի տարբերություն դատավարական նախորդ օրենսգրքի՝ գործող օրենսգիրքը նախատեսում է, որ փորձաքննություն կարող է նախաձեռնել ոչ միայն վարույթն իրականացնող մարմինը, այլեւ վարույթի մասնավոր մասնակիցը, տվյալ դեպքում՝ պաշտպանները։ Թե կոնկրետ ինչ բովանդակությամբ եզրակացություն է տվել փորձագետը, պարզ կդառնա ապացույցների հետազոտման փուլում, երբ եզրակացությունը սահմանված կարգով կհրապարակվի։ Նշենք, որ Քրեական դատավարության 332-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության, այսինքն՝ փորձագետը նաեւ հրավիրվելու է դատարան։ Մելիքյանի ներկայացրած հաջորդ ապացույցը լազերային սկավառակ էր՝ կից արձանագրությունով։ Սկավառակի վրա պաշտպանական կողմը ներբեռնել էր համացանցում տեղադրված մի տեսագրություն, որը վերաբերելի է սույն վարույթով ապացուցման առարկային․ «Տեսանյութում Արմեն Գրիգորյանը իր ջերմ վերաբերմունքն է հայտնում Շիրակի եւ Գյումրու բնակիչների նկատմամբ, սրանով հերքվում են նրա հրապարակային խոսքին՝ մեղադրական կողմի տված իրավական գնահատականները»,– ասաց Մելիքյանը։ Նշենք, որ խոսքը «5-րդ ալիք»–ի՝ «Բարի երեկո, Հայաստան» հաղորդաշարի մի թողարկման մասին է, որի ժամանակ Գրիգորյանն ասում է, որ լինելով հարյուրտոկոսանոց գյումրեցի՝ ինքը հայտարարություն ունի․ «Ես երկու ամիս առաջ կատաղած Գյումրիի նիկոլականների դերասան–մերասան, էն անասունները, որ միտինգ էին արել․․․ Ես ծնվել, մեծացել եմ Երեւանում, բայց Գյումրին ա իմ մայրաքաղաքը կամ հայրաքաղաքը, ասեցի, որ դաշտավայրի ժողովուրդը իրենց լավ չի պահում, շատ նիկոլական են ու դավաճան են դրա համար։ Մի նեղանալ, գյումրեցիները, բան, սկսեցին իմ դեմ Գյումրին պաշտպանել․․․ Ես Գյումրվա համար իմ կյանքից երեք տարի տվել եմ, ես կուրսում միակն եմ եղել, որ մտել եմ դեկանատ, ասել եմ՝ երկրաշարժից հետո ուղարկեք Գյումրի, իմ դեմ պետք չի Գյումրին պաշտպանել, ես դրա համար ցավում էի։ էսօր կարամ ասեմ՝ շնորհակալություն, Գյումրի, շատ–շատ շնորհակալություն, դուք մեր թասիբը, մեր նամուսը բարձր պահեցիք, հալալ ա, էդ հազար չմոն, որ եկել էին դրա միտինգին, էդ հեչ, էդ միշտ էլ եղել ա»։ Ներկայացված երկու ապացույցները դատարանը կցեց գործի նյութերին։ Երրորդ ապացույցը, որ պաշտպանական կողմը ցանկանում էր ներկայացնել, այն փաստաթուղթն էր, որը նախաքննության փուլում Գրիգորյանն անձամբ էր ներկայացրել քննիչին՝ միջնորդելով այն որպես ապացույց կցել գործի նյութերին։ Փաստաթուղթը ներառում է Կարս եւ Ալեքսանդրապոլ քաղաքների հետ կապված պատմական մի մեջբերում, որով, ըստ Մելիքյանի, ապացուցվում է Գրիգորյանի անմեղությունը։ Նրա կենդանության օրոք քննիչը միջնորդությունը մերժել է, իսկ մերժումը դատախազին բողոքարկվել է ժամկետի խախտմամբ, ուստի այն այդպես էլ գործի նյութերին չի կցվել․ «Քանի որ ոչ թե մեր, այլ մեղադրյալի կողմից է ներկայացվել փաստաթուղթը, մեր տրամադրության տակ չկա, բայց մեղադրանքի կողմի տրամադրության տակ կա, դատարանի թույլտվությամբ դա լրացուցիչ ներկայացնենք, այս պահին համարենք ներկայացված, եթե Դատախազությունը առարկություն չունի, որովհետեւ իդենտիֆիկացված փաստաթուղթ է, նոր բան չենք բերելու»,– ասաց պաշտպանը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը արձանագրեց, որ քանի դեռ այն չի ներկայացվել դատարանին, ներկայացված համարվել չի կարող, իսկ հանրային մեղադրողին պարտավորեցնելու իրավասություն դատարանը չունի, ուստի  պաշտպանական կողմը կարող է մեղադրողին անձամբ դիմել, ստանալ այն եւ ներկայացնել դատարանին։ Հաջորդ դատական նիստին կսկսվի քրեական վարույթի հիմնական դատալսումների փուլը։ Այն նշանակվեց նոյեմբերի 28-ին։   Գլխավոր լուսանկարում՝ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Արմեն Մաշինյանը Միլենա Խաչիկյան
17:30 - 11 նոյեմբերի, 2022
Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. մոռացել էր բերել լսողական սարքը |pastinfo.am|

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. մոռացել էր բերել լսողական սարքը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որը կրկին հետաձգվել է՝ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանի բացակայության հիմքով, իսկ առանցքային վկա Սևակ Քոչարյանի հարցաքննությունն այդպես էլ տեղի չունեցավ ։ Հիշեցնենք, որ գործով առանցքային վկա Սևակ Քոչարյանը, որի ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, դատական նիստերին չի ներկայացել ավելի քան չորս անգամ, իսկ այլ վկայի հարցաքննությանն անցնել դատարանը չի կարող, քանի որ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը չի ավարտվել։ Նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը որոշել էր հարկադրանքի միջոց կիրառել, սակայն վկայի ներկայությունն ապահովել չէր հաջողվել։ Թեև այսօրվա նիստին Սևակ Քոչարյանը ներկայացել էր, սակայն նրա հարցաքննությունը կրկին տեղի չունեցավ. այս անգամ էլ՝ պատճառը լսողական սարքի բացակայությունն էր։ Նշենք, որ նախկինում նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել հենց լսողական խնդիրներ ունենալու պատճառով, դատարանը ստիպված էր հետաձգելու նիստը, որպեսզի վկան կարողանա ներկայանալ՝ սարքով, սակայն դրանից հետո Սևակ Քոչարյանը չի ներկայացել նիստերին, այսօր էլ պարզվեց՝ կրկին չի լսում։ Նախագահող դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ լսողական սարքի խնդիրը լուծելու համար վկան բավարար ժամանակ է ունեցել, ինչն է պատճառը, որ չի լուծվել։ Նախագահող դատավորը փորձեց լուծում գտնել՝ նշելով, որ ինքը հարցերը կուղղի, եթե վկան չլսի, ապա փաստաբանը կողքից կարող է կրկնել հարցը։ Բացի այդ, նախագահող դատավորը նշեց, որ մի քանի նիստ հետաձգվել է՝ նրա չներկայանալու պատճառով, նույնիսկ ոստիկանության միջոցով են փորձել ապահովել նրա ներկայությունը, ապա հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայացել նիստերին, վկան էլ պատճառաբանեց, թե իբրև ծանուցում չի ստացել։ Մեղադրող դատախազն էլ արձանագրեց, որ, երբ վկայի հարցաքննությունը կիսատ էր մնացել, հաջորդ նիստի ժամի մասին պատշաճ ծանուցվել էր։ «Ինչու հետամուտ չեք եղել Ձեր ծանուցումը ստանալուն։ Անկախ նրանից՝ նիստը կայացել է, թե ոչ, Դուք պարտավոր եք ներկայանալ նիստին։ Ծանուցագրերը վերադարձվել են՝ չպահանջված նշումով, ինչու հետամուտ չեք եղել։ Հարկադրանքի միջոց կիրառելու որոշում էր կայացվել, ոստիկանության ծառայողները եկել են Ձեր տուն, տանը չէիք, ինչու՞ կապ չեք հաստատել դատարանի հետ»,- ասաց Վահե Միսակյանը՝ արձանագրելով, որ հաջորդ դատական նիստին վկան պարտավոր է ներկայանալ դատական նիստին, հակառակ դեպքում, կրկին կարող է որոշում կայացնել՝ հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
17:25 - 10 նոյեմբերի, 2022
Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

#Կարճ_ասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։ Պատերազմի ժամանակ Հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար Լեւոն Բաբայանը պատմեց, որ երբ հոկտեմբերի 10-ի նահանջի ժամանակ վերադաս հրամանատարությունից տեղեկացել է, որ Հադրութ քաղաք գնալը վտանգավոր է, այդ մասին հայտնել է ներկա անձնակազմին։ Բոլորին թե ոչ՝ վկան դժվարացավ հստակեցնել։ Այնուհանդերձ, նշեց, որ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին այդ ժամանակ չի տեսել, իսկ Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Մեկ այլ դասակի հրամանատար Արթուր Դանիելյանն էլ պատմեց, որ հոկտեմբերի 2-ին, երբ ինքը վիրավոր ընկած է եղել Նյուզգյար տեղամասում, Իշխան Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան եկել է, սակայն իրեն չի տարհանել․ այլ վիրավորների հետ այդտեղ թողնելով՝ հեռացել է։ Թե ինչու, վկան չգիտեր, հետագայում չի էլ հարցրել․ «Ոչ մեկին էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու»,– ասաց նա։  #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում նահանջ իրականացնելու ժամանակ, սպայական կազմը  բջջային կապով իմացել է, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ գնալը վտանգավոր է, քանի որ հակառակորդն արդեն այնտեղ է, բայց չնայած դրան՝ N զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով, հրամանատարներից մեկի հետ այդ ուղղությամբ է գնացել, ինչի հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Խուռհատ սարում նահանջը եւ դրան նախորդած դեպքերը քննարկման առարկա են նույն գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Հիշյալ նահանջը իրականացվել է դրանից հետո։ Դատարանը ներկայում հարցաքննությունների փուլում է։ Դատակոչի ենթակա 40 անձանից առայժմ հարցաքննվել են շուրջ 17-ը։ Ըստ կապիտան Լեւոն Բաբայանի՝ Վահանյանը, կաղալով քայլելով, կանգնեցրել է վիրավորների մեքենան, նստել եւ հեռացել Երեկ դատակոչված վկաների թվում էր կապիտան Լեւոն Բաբայանը, որը նախքան պատերազմը եղել է գնդի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի 16-ին նշանակվել է հիշյալ 5-րդ ուսումնական գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, սակայն օրեր անց՝ սեպտեմբերի 26-ին, իրեն տեղափոխել են դիրքեր, քանի որ այնտեղ գտնվող 4-րդ գումարտակը հակատանկային դասակի հրամանատար չի ունեցել։ Փաստացի, պատերազմի ժամանակ ուսումնական գումարտակն այլեւս իր հրամանատարության ներքո չի եղել, նրանց հետ չի առնչվել։ Այնուհանդերձ, Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Բաբայանը՝ իր մեկ հաշվարկով (այսինքն՝ նա եւ եւս երկու անձ), ներկա են եղել՝ այլ խնդիր իրականացնելու նպատակով․ «Հոկտեմբերի 9-ին Վազգեն Վարդանյանը (դասակի հրամանատար է,–հեղ․) ինձ զանգել է, ասել, որ տանկերի շարժ կա, իմ կարիքը կա, ես էլ վերադասության հետ ճշտել եմ, իմ մեկ հաշվարկով գնացել ենք Հադրութի սարը, ուսումնական գումարտակն արդեն այնտեղ է եղել, ձախ կողմից իրենք են նստած եղել, աջ կողմից՝ մենք, ամսի 10-ին, որ Հադրութը գրավել են, նոր դուրս ենք եկել»։ Լուսանկարում՝ վկա Լեւոն Բաբայանը 9-ի երեկոյան, ըստ Բաբայանի, հրետանին է հարվածել, իսկ հաջորդ օրը կեսօրից մարտ է ընթացել, ուսումնական գումարտակը զոհեր եւ վիրավորներ է ունեցել։ Վիրավորներին իջեցրել են, որից հետո արդեն անձնակազմն է իջել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ նահա՞նջ է իրականացվել, վկան պատասխանեց․ «Եթե կարելի է այդպես ասել․․․ Նահանջը ո՞րն է, հետ էին գալիս սարից, որովհետեւ վիրավորները շատ էին, հակառակորդը շատ էր խորանում»։ Այդ ժամանակ է, որ վկան նկատել է Վահանյանին․ «Երբ անձնակազմը իջնում էր սարից դեպի ճանապարհ, Վահանյանը կաղալով գալիս էր, գոռում էր՝ վիրավոր կա, կանգնեցրեք, մի հատ կամազ էր մնացել, կանգնեցրել են, տեսել եմ, որ նստել է մեքենան, ճանապարհով իջել»,– ասաց նա՝ հավելելով, որ չգիտի՝ այլ վիրավորների Վահանյանն իր հետ տարել է, թե չէ։ Վկան հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի 10-ին հրետանի չի աշխատել, այնինչ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, այդ օրը բեկորային վնասվածք է ստացել։ Հրետանու պետը հաղորդել է, որ Հադրութի ուղղությամբ գնալը վտանգավոր է Բաբայանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե անց հեռախոսով (քանի որ իր ռադիոկապի լիցքավորումը ավարտված է եղել,–հեղ) կապ է հաստատել հրետանու պետի, հրետանու շտաբի պետի հետ, որոնք իրեն ասել են, որ Հադրութի ուղղությամբ չգնան, որովհետեւ թշնամին արդեն լցվել է քաղաք։ Տեղում գտնվող սպաներով որոշել են բարձրանալ հարակից սարերից մեկը, որպեսզի վերեւից տեսնեն թշնամու շարժը եւ հասկանան՝ ուր գնալ։ Այս դրվագի հետ կապված հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր հղեց վկային․ -Երբ տեղեկացաք, որ Հադրութի ուղղությամբ չպետք է գնալ, ուսումնական գումարտակն ամբողջ կազմով ձեզ հե՞տ էր,- հարցրեց Ավետիսյանը։ -Ամբողջը չէ, վերեւը վիրավորներ ենք ունեցել, զոհեր էլ,– պատասխանեց վկան։ -5-րդ գումարտակը 300-ից ավելի անձնակազմ է ունեցել, մնացած անձնակազմը ձեզ հե՞տ էր։ -Մնացած անձնակազմը անտառից ճանապարհով իջել է ներքեւ, մենք էլ իրենց հետ իջել ենք, ինձնից առաջ մարդ գնացել է թե չէ՝ չեմ կարող։ Մնացած սպաների հետ հասկացել ենք, որ Հադրութ գնալը վտանգավոր է, որոշել ենք բարձրանալ սարը։ Մենք առջեւից ենք գնացել, անձնակազմը՝ մեր հետեւից, այդ ժամանակ կապի դասակի Հովոյի հետ (նկատի ունի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին–հեղ․) շարասյան մի որոշ մասը իջել է ներքեւ․ թե ինչ պայմաններում, ինչու են նման որոշում կայացրել, չեմ կարող ասել,– պատասխանեց վկան։ -Իսկ 5-րդ գումարտակի սպայակազմին փոխանցե՞լ եք ձեր այդ տեղեկությունը, որ Հադրութ գնալը վտանգավոր է– հետաքրքրվեց դատախազը։ -Խոսքով փոխանցվել է, անձնակազմը որ հավաքված է եղել, ընդհանուր խոսել ենք, որ ասեմ՝ կապի միջոցով է ասվել, չեմ տեսել նման բան։ -Հովհաննես Մուրադյանին կամ նրա հետ գտնվողներին փոխանցելու հնարավորություն եղե՞լ է։ -Ես Հովհաննեսին այդ ժամանակ չեմ տեսել, ինքը հետո է ոնց որ իջել անտառից, մենք, որ որոշել ենք բարձրանալ, իրենք ամենավերջից որոշել են իջնել անտառ, ես չեմ տեսել՝ ոնց է այդ որոշումը կայացրել կամ ինչի համար,– ասաց վկան։ Նշենք, որ ըստ այլ ցուցմունքների՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու նրա հետ գտնվող անձնակազմին փրկվել չի հաջողվել սխալ ճանապարհով գնալու պատճառով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Դատավոր Ջոն Հայրապետյանը եւս հետաքրքրվեց՝ արդյո՞ք վկան, կապիտան լինելով, պարտականություն չի ունեցել՝ բոլորին հայտնելու, որ ով գնա Հադրութի ուղղությամբ, զոհվելու է․ «Ունեի, ասել եմ, նենց չի՝ տասը հոգի էինք, որ կարողանայինք տասով բարձրանալ, նենց չի՝ ես եմ որոշել, սպաներով որոշել ենք, մի շարասյունով գնացել ենք իրար հետեւից, հետո թե ոնց է Հովոն էդ ճանապարհից հետ դարձել, չեմ կարող ասել»։ Այնուհանդերձ, նա կարծիք հայտնեց, որ եթե Մուրադյանը տեղյակ լիներ Հադրութում հակառակորդի գտնվելու մասին, այդ ուղղությամբ զորքին չէր տանի․ «Ես սենց գիտեմ․ ինքը ասել է՝ էս կողմը մարդ չկա, գնանք, քյասար դուրս գանք, եթե տեղյակ լիներ, չեմ կարծում՝ տենց բան կաներ, դա մարդկային չէր լինի»։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հարցեր ուղղեց նաեւ այն մասին, թե նա, որպես սպա, ինչ միջոցներ է ձեռնարկել նահանջը պատշաճ կազմակերպելու համար․ -Ասել ենք, որ իրար հետեւից գան, ապահովության համար որոշեցինք, որ իրար հետեւից բարձրանանք, ոչ թե իրար կողքի, նենց չի՝ ես եմ որոշել, սպաների հետ խոսել ենք՝ ոնց լինի, որ լավ լինի,– պատասխանեց վկան։ -Որպես սպա՝ նահանջն այդպե՞ս պետք է կատարեիք,- հարցրեց մեղադրողը։ -Տենց կոնկրետ բան չկա՝ նահանջը ոնց կատարես, այդ պահից ելնելով․․․ -Փորձեմ հուշել Ձեզ․ վերադաս հրամանատարությունից ումի՞ց եք նահանջի թույլտվություն ստացել։ -Ոչ մեկից։ -Իսկ տեղյա՞կ եք, որ նահանջում են բացառապես հրամանատարի թույլտվությամբ եւ իմացությամբ։ -Վահանյան է եղել հրամանատար, նա ճշտել է թե չէ, չեմ կարող ասել, իմ մասին ասեմ․ հակառակորդը որ եկել, հասել է, սարը վերցրել է, անձնակազմը իջել է, ես էլ հետները իջել եմ,  մենակ կանգնեի, ի՞նչ անեի։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք սպաներով մասերի են բաժանվել՝ զորքին դիմացից, մեջտեղից, հետեւից ուղեկցելու համար, թե՞ իրենք առջեւից են գնացել, զինվորները՝ նրանց հետեւից․ «Ես կոնկրետ դիմացից եմ գնացել, մյուսների մասին չեմ կարող ասել»,- ասաց Լեւոն Բաբայանը՝ նշելով, որ սպաներից Վազգեն Վարդանյանն է իր հետ եղել, Հայկազ Գրիգորյանին չի տեսել։ Նշենք, սակայն, որ նախորդ նիստերին դատարանում ցուցմունք տալիս Վազգեն Վարդանյանը հայտնել է, որ ինքն ու Հայկազ Գրիգորյանը միասին են փորձել զորքին անվտանգ դուրս հանել։ Նրանք նաեւ նշել են, որ իրավիճակն այդ ժամանակ այնպիսին էր, որ սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, ինչի արդյունքում անձնակազմը 3 խմբի է բաժանվել։ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրեց նկարագրել, թե զորքն այդ ժամանակ ինչ հոգեվիճակում էր, խուճապ կա՞ր, ինչին վկան պատասխանեց․ «Միանշանակ խուճապ կար, բոլորս խառնված էինք, էդ իրավիճակում բոլորն էլ խառնվում են»։ Ի վերջո, կեսգիշերն անց դուրս են եկել անտառից, վկայի խոսքով՝ 40-42 հոգով։ 5-րդ ուսումնական գումարտակը մոտ 370 անձնակազմ է ունեցել, ըստ տուժող կողմի՝ նրանցից միայն 150-ն է ողջ մնացել։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան, վիրավորներին մարտի դաշտում թողնելով, հեռացել է Հարցաքննված մյուս վկան 5-րդ ուսումնական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կապիտան Արթուր Դանիելյանն էր՝ մեկը այն անձանցից, որին, ըստ ցուցմունքների, գումարտակի՝ այդ ժամանակ դեռ շտաբի պետ, մայոր Իշխան Վահանյանը, հոկտեմբերի 2-ին մարտի դաշտում վիրավոր թողնելով, հեռացել է։  Արթուր Դանիելյանի ցուցմունքը առավելապես վերաբերում էր դրան եւ դրան նախորդած օրերին, երբ ինքը երկու անգամ առիթ է ունեցել՝ Վահանյանին հանդիպելու։ Սարում հոկտեմբերի 10-ի մարտական գործողություններից վկան տեղեկություն չուներ, քանի որ այդ ժամանակ բուժման մեջ է եղել։  Դատարանում ցուցմունք տալով՝ Արթուր Դանիելյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, այժմ շփում չունի։ Լուսանկարում՝ վկա Արթուր Դանիելյանը Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առաջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 29-ին, երբ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել է, իսկ Վահանյանը՝ վիրավորվել․ «Ես իմ աչքով վիրավորվելը չեմ տեսել, բայց որ իջել եմ հրամանատարական դիտակետ՝ կապի մարտկոցները մեզ մոտ տանելու, տեսել եմ, որ նա նստած է եղել, ասել է՝ մի պուճուր վիրավորվել եմ, բայց նորմալ է, բան չկա»։ Հարցին՝ վիրավորումը ակներե՞ւ էր, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ վիրակապ չի տեսել, միայն Վահանյանն է ձեռքով ցույց տվել ոտքի տվյալ հատվածը։ Թե դրանից հետո նա ինչ քայլեր է ձեռնարկել, բուժօգնության դիմել է թե ոչ՝ վկան չգիտեր։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վահանյանը աջ ազդոսկրի վնասվածքը ստացել է հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում, դրանից առաջ վիրավորում ստանալ-չստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն պարզվել։ Տուժող կողմը, սակայն, այն համոզմանն է, որ նա շատ ավելի վաղ է վիրավորվել, իսկ հոկտեմբերի 10-ին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելու համար։ Ըստ Վահանյանի՝ ինքը երկու անգամ է վիրավորվել։ Վահանյանի հետ երկրորդ հանդիպումը, ըստ վկայի, եղել է հոկտեմբերի 2-ին, երբ ինքը նույն վաշտի մեկ այլ դասակի հրամանատար Հայկ Ղազարյանի հետ հրաման է ստացել՝ Նյուզգյարում գտնվող 2-րդ գումարտակին օգնության հասնելու։ Տեղի հրամանատարի՝ Արթուր Քյարամյանի հետ ճշգրտել են՝ ով որտեղ է տեղակայվելու, ինչ խնդիրներ է ունենալու, եւ երբ ցանկացել են վերադառնալ՝ որոշված բնագծերը զբաղեցնելու, տեղ չհասած՝ հրետակոծության են ենթարկվել․ առաջին ալիքն իրեն շպրտել է, գիտակցությունը կորցրել է, իսկ երկրորդից բեկորային վիրավորում է ստացել․ «Հայկին խավարի մեջ տեսնելով՝ ուզում եմ քայլել դեպի նա, մի հատ էլ որ խփում է, էդտեղ արդեն չոքում եմ, հետո նոր զգում եմ, որ ոտքս էլ նորմալ չի գործում»։ Այդ ամենից հետո, երբ ուշքի է եկել, ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է նկատել, որը ղեկավարել է ներսում գտնվող Իշխան Վահանյանը։ Բղավել է, որ հանկարծ չկանգնի, քշի, տեսնի՝ վիրավորներ հո չե՞ն մնացել, սակայն պարզվել է՝ մեքենան արդեն հեռանալիս է եղել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ ավելի հեռվում գտնվող վիրավորնե՞ր էլ կային, որոնց կարող էին հանել, վկան պատասխանեց․ «Այո, հենց Նյուզգյարում, որտեղ հրետակոծություն էր եղել, չգիտեմ՝ վիրավորներ թե․․․ Հետո պարզվել է, որ զոհեր են եղել, որոնողական աշխատանքների ժամանակ այդտեղից մոտավորապես 7-8 հոգու հանել են»։ Ավետիսյանի հարցին՝ ըստ վկայի՝ ինչու մեքենան չի մոտեցել եւ իրեն էլ չի տարհանել, նա պատասխանեց․ «Պատճառը ինձ մի հարցրեք, ես չգիտեմ, թե խի ավտոն դալշը չգնաց, ենթադրում եմ՝ կարողա տեղ չի եղել, կարողա․․․ չգիտեմ․․․» Նրա խոսքով՝ Վահանյանը մեքենայից չի իջել, իր որպիսիությունն անգամ չի հարցրել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Պատասխանելով դատավորի հարցին՝ հետագայո՞ւմ էլ չի հետաքրքրվել Վահանյանից, թե ինչու է իրեն մարտի դաշտում թողնելով հեռացել, վկան բացասական պատասխան տվեց․ «Ոչ մեկի էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու, իմաստը ո՞րն էր՝ հարցնեի՝ ինձ ինչո՞ւ չես հանել, ի՞նչ էր փոխվելու»։ Հարցին, թե այդ մեքենայով քանի վիրավոր էր հնարավոր տեղափոխել, վկան պատասխանեց, որ դա կախված է վիրավորների վիճակից․ եթե մեջքից վիրավոր կամ անդամահատված անձինք չկան, նստած վիճակում 8-9 հոգի հնարավոր է, իսկ եթե ծանր վիրավորներ են, որոնց պառկեցնել է անհրաժեշտ՝ ավելի քիչ։ Տվյալ դեպքում՝ իրենց մեջ երկուսն էլ եղել են։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ ինքն է լարով վիրակապել իր վերքը, իսկ մյուս հրամանատար Հայկ Ղազարյանին այլեւս չի հանդիպել։ Ենթադրում է՝ նա զոհվել է, քանի որ որոնողական աշխատանքների ժամանակ նրա հագուստն ու ռադիոկապը գտել են։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, 5 զինծառայողների հետ միասին մի կերպ հասել է Կարմիր Շուկա։ Դրանից հետո՝ մինչ պատերազմի ավարտը, Դանիելյանը բուժման մեջ է եղել, Վահանյանի հետ այլեւս չի առնչվել․ «Վահանյանին մեկ էլ մի անգամ հանդիպել եմ իրենց տանը․ որ մտա, բազկաթոռին նստած էր, հարեւաններից էլ կային նստած, ու որ տեղից պիտի ելներ՝ թեկուզ փաթաթվեր, թեկուզ բարեւ տար, չհելավ, ասաց՝ կներես, չեմ կարողանում, սաղ ոտքերս ասկոլկա են, ես էլ նորմալ եմ ընդունել, որովհետեւ գիտեմ՝ դա ինչ բան է․․․ Ու տենց, պատմեց, որ ընկել են շրջափակման մեջ,  էլ արդեն չեմ խորացել․ ամեն անգամ այդ զրույցները տանելիս իմ մոտ․․․  Չի ստացվում, սաղ գալիս է իմ աչքի դեմը, աշխատում եմ քիչ լսեմ»։ Դատավորի հարցին, թե Վահանյանի տուն ինչ նպատակով է գնացել, վկան պատասխեց․ «Մի հատ իմ աչքով տեսնեի էդ մարդու աչքերը»։ Հանրային մեղադրողը հիշեցրեց՝ քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ վիրավորվել է Վահանյանի միայն մեկ ոտքը, այն  էլ՝ թեթեւ․ «Այնինչ դուք նշում եք, որ նա ասել է, թե երկու ոտքն էլ բեկորներով է պատված եղել, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես ասել»,-հարցրեց Ավետիսյանը, ինչի վկան պատասխանեց՝ ասելով․ «Ես մի բան գիտեմ․ եթե մարդը մի սուտ է ասում, պիտի մի յոթ բան էլ սուտ ասի, որ այդ մի սուտը ճիշտ դառնա, իսկ թե քանիսն է պետք, որ այդ յոթը ճիշտ դառնա, ես արդեն չգիտեմ»։ Իշխան Վահանյաին որպես սպա բնութագրելով՝ Արթուր Դանիելյանն ասաց․ «Սպաները լինում են մի քանի տեսակի․ կա սպա, որ բայեվոյ է, կա սպա, որ ասֆալտի սպա է, իսկ այդ երկու տեսակները իրար հետ համեմատելի չեն։ Ես, որ տեսել եմ Վահանյանի ծառայությունը, եղել է պահանջկոտ, եղել է ծառայող, բայց որպես բայեվոյ սպա՝ ես իրեն չեմ տեսել»։ Դանիելյանը նաեւ հայտնեց, որ ուսումնական գումարտակը անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովված եղել է։ Ինչ վերաբերում է նրանց պատրաստվածությանը, դժվարացավ հստակ գնահատականներ տալ՝ ասելով, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է այդտեղ տեղափոխվել, նրանց չի ճանաչել․ «Բայց որ ասեմ իմ զինվորը չի պարտվել, դա հաստատ է, իրենց պետք չէր սովորեցնել, իրենք կռվում էին»,- նշեց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին։   Միլենա Խաչիկյան
22:18 - 01 նոյեմբերի, 2022
Դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազին վերադարձնելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործի քննությունը։ Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։ Արմեն Գրիգորյանին վերագրվում է հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը, որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը։ Նախորդ դատական նիստին Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ եւ նպատակ ունենալով հասնել հոր արդարացմանը՝ պնդել, որ վարույթը շարունակվի։ Դատարանը ներկայումս նախնական դատական լսումների փուլում է։ Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրանքը նոր օրենսգրքին համապատասխանեցնելու կարիք կա Նիստի սկզբում դատարանը պետք է ճշտեր  ամբաստանյալի ինքնությունը, սակայն նրա բացակայությունը հաշվի առնելով՝ հրապարակեց նրա վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որոշ տվյալներ։ Ըստ այդմ, Արմեն Գրիգորյանը ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, նախկինում դատված չի եղել, ծնվել եւ մեծացել է Երեւանում, ավարտել` Երեւանի պետական բժշկական համալսարանը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ պաշտպանական կողմը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, ինչին արձագանքելով՝ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ ոչ միայն ստացել են, այլեւ առաջին դատական նիստին դրա հետ կապված միջնորդություն են ներկայացրել, որը մնացել է չլուծված։ Խոսքը Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը Քրեական նոր օրենսգրքին համապատասխանեցնելու մասին է։ Լուսանկարում՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը Բանն այն է, որ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Այս օրենսգիրքը, սակայն, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրել է, եւ նույն օրը ուժի մեջ է մտել 2021 թվականին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը, որում Գրիգորյանին մեղսագրվող արարք, թեեւ դարձյալ ներառվել է, սակայն տեքստուալ որոշակի փոփոխության է ենթարկվել։ Ըստ այդմ, նոր օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Այս փոփոխությունը, ըստ պաշտպանական կողմի, սկզբունքային է, ուստի կարիք կա հստակեցնելու, թե իրենք կոնկրետ ինչից պետք է պաշտպանվեն։ Օրինակ՝ հին օրենսգրքում տեղ գտած ազգային արժանապատվությունը նվաստացնելու եզրույթը նոր օրենսգրքից բացակայում է, մեկ այլ տարբերություն է այն, որ հին օրենսգրքի թշնամանք հարուցելու եզրույթը վերաձեւակերպվել է թշնամանք հրահրել կամ քարոզել․ «Այժմ պաշտպանության մեր հնարավորությունը վտանգված է, որովհետեւ ի տարբերություն շատ այլ հանցակազմերի, որոնք որոշակի փոփոխությունների են ենթարկվել, այս դեպքում սկզբունքային փոփոխություններ ունենք, ծավալները էապես տարբեր են, եւ այս բոլորը հաշվի առնելով՝ մենք միջնորդել ենք, որ քրեական գործը վերադարձվի մեղադրողին, երեք օր ժամանակ տրամադրվի, որպեսզի մեղադրական եզրակացությունը փոփոխվի, մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»,– ասաց Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակն իրենց համար որոշակի խոչընդոտներ է ստեղծում․ իրենք չեն կարողանում փորձաքննություն նախաձեռնել, քանի որ չգիտեն՝ հոդվածներից որ մեկի վերաբերյալ փորձագետին հարցեր հղեն՝ թշնամանք հարուցելո՞ւ թե՞ թշնամանք հրահրելու կամ քարոզելու։ Նշենք, որ թեեւ նախաքննության փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձաքննություն նշանակվել եւ իրականացվել է, սակայն դատավարական նոր օրենսգիրքը վարույթի մասնավոր մասնակցին եւս փորձաքննություն նախաձեռնելու իրավունք է տալիս։ Հանրային մեղադրողի կարծիքով՝ մեղադրյալին վերագրվող արարքը ամբողջությամբ ներառված է նոր օրենսգրքում Խոսելով հին եւ նոր օրենքների համապատասխանության մասին՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ թեեւ գործող օրենսգրքի հիշյալ հոդվածում արարքի նկարագրությունը որոշակիորեն ձեւափոխվել է, սակայն այն ներառում է նախորդ օրենսգրքում նկարագրված արարքի օբյեկտիվ կողմի բոլոր գործողությունները: Պաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրեց մատնանշել՝ նոր օրենսգրքի 329-րդ հոդվածում որտե՞ղ է ներառված ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու էլեմենտը, որը հին օրենսգրքում էր առկա։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը Մեղադրողը նշեց, որ հարցին հռետորական պատասխան կտա․ «Եթե անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքով պայմանավորված թշնամանք հրահրելը ոչ այլ ինչ է, քան ազգային արժանապատվության նվաստացում, ուրեմն այդ հարցի պատասխանը ես չունեմ կամ եթե նույն քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված անձի նկատմամբ խտրականություն դրսեւորելը, անհանդուրժողականություն եւ ատելություն սերմանելը չի վիրավորում այդ խմբի արժանապատվությունը, ապա բոլորովին այլ հարություն ենք տեղափոխվում»։ Պաշտպանական կողմն արձանագրեց, որ մեղադրողի համար, փաստորեն, նախորդ օրենսգրքի ազգային արժանապատվությունը նվաստացնելու էլեմետը դուրս չի եկել, եւ թեեւ մեղադրանքն իրենց համար հասկանալի չէ, սակայն իրենք գոնե իմացան, թե ինչից պետք է պաշտպանվեն։ Լսելով կողմերին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց մերժել միջնորդությունը՝ արձանագրելով, որ այդ հարցին կողմերը կարող են անդրադառնալ նախնական դատալսումների ավարտից հետո՝ ելույթների ժամանակ։ Միեւնույն ժամանակ դատավորն ընդգծեց՝ եթե նախորդ օրենսգրքում առկա որակումը ավելի խիստ է, հանցակազմի տարրերը՝ ի վնաս մեղադրյալի ավելի մեծածավալ, ապա ենթադրելի է, որ դա մեկնաբանվում է հօգուտ մեղադրյալի, եւ ուժի մեջ է նոր, այսինքն՝ գործող օրենսգրքի նորմը։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Արմեն Գրիգորյանի ներկայացրած միակ փաստարկը մեղադրական եզրակացության մեջ տեղ չի գտել Նախքան որոշում կայացնելը դատավորը ընթերցեց Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված այն չափանիշները, որոնց մեղադրական եզրակացությունը պետք է համապատասխանի։ Այդ հոդվածը, ի թիվս այլնի, նախատեսում է, որ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվեն մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաեւ այդ փաստարկները հերքող ապացույցները: Դատավորն արձանագրեց, որ պատճառաբանական մասում այս տեղեկությունները առկա են, ինչին արձանագանքելով՝ պաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց․ «Ի պաշտպանություն մեղադրյալի՝ որեւէ փաստա՞րկ է նշված»։ Մելիքյանը հայտարարեց, որ կենդանության օրոք, երբ Գրիգորյանը դեռեւս քրեակատարողական հիմնարկում էր, մի միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ խնդրելով այն կցել գործին եւ ճանաչել ապացույց։ Միջնորդության բովանդակությունը պաշտպանն ամբողջովին չբացահայտեց, նշեց միայն՝ այն հայ ժողովրդի պատմության, մասնավորապես, 1918-20–ական թվականներին վերաբերող ակադեմիական հատորներից մի էջ էր, որտեղ գիտական կոնկրետ տվյալներով ապացուցվում էր Գրիգորյանի անմեղությունը։ Քննիչը, սակայն, մերժել է այն գործի նյութերին կցելը, որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, սակայն մեղադրական եզրակացության մեջ այն այդպես էլ չի ներառվել։ Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված պաշտպանի այն դիրքորոշումը, որ հենց այդ փաստարկը պետք է տեղ գտներ մեղադրական եզրակացության մեջ։ Պատասխանելով հարցին՝ Մելիքյանն ընդգծեց, որ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, եւ դա նրա կողմից ներկայացված միակ փաստարկն է, ուստի գուցե հարգա՞նք դրսեւորվի անձի նկատմամբ։ Դատավորի հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում, որ հետագայում ներկայացնեն այդ փաստարկը գործին կցելու միջնորդությունը, պաշտպանը պատասխանեց, որ դա եւս բացառված չէ, սակայն քանի որ նոր օրենքը հնարավորություն տալիս է մեղադրական եզրակացությունը այդ հիմքով վերադարձնելու, դատարանն է որոշելու՝ ինչպիսի պրակտիկա ձեւավորել, ֆորմալիզմ դրսեւորե՞լ, թե՞ ոչ։ Ի վերջո, դատավորն արձանագրեց, որ մեղադրական եզրակացության անհամապատասխանություն օրենքին առկա չէ, ըստ այդմ, այն մեղադրողին վերադարձնելու կարիք չկա, իսկ ապացույց ճանաչելու միջնորդությունը կողմը կարող է դատական քննության փուլում էլ ներկայացնել։ Արմեն Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ հարցաքննվել են Շիրակի եւ Արարատի մարզի բնակիչներ Հաջորդիվ կողմերը քննարկեցին հետազոտման ենթակա ապացույցների ծավալը։ Դատավորի հարցին ի պատասխան՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանն առաջարկեց սահմանել ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունն ու ծավալը․ սկզբում հետազոտել ապացուցողական գործողությունների արձանագրությունները, մասնավորապես, զննությունների արձանագրությունները, ապա՝ փորձագետի եզրակացությունը, այնուհետեւ՝ արտավարութային փաստաթուղթ հանդիսացող լազերային սկավառակը, որից հետո՝ հարցաքննել դատակոչված վկաներին։ Այսինքն՝ մեղադրողն առաջարկեց պահպանել եւ հետազոտել մեղադրական եզրակացության մեջ ներառված բոլոր ապացույցները։ Պաշտպանական կողմը, սակայն, վերապահում ուներ վկաների ցուցմունքների վերաբերելիության առումով։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի այն պահանջը, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է հիմնավորել, թե իր առաջարկած` հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Ըստ այդմ, նա խնդրեց, որ մեղադրողը պարզաբանի, թե վկաների ցուցմունքներով կոնկրետ ինչ է հերքվելու կամ հաստատվելու․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննության են ենթարկվել Արարատյան դաշտավայրում եւ Շիրակի մարզում բնակվող վկաներ, որոնք արտահայտել են իրենց ընկալումները հարցազրույցների ընթացքում Արմեն Գրիգորյանի հայտնած մտքերի վերաբերյալ, այսինքն՝ վկաների ցուցմունքները հիմնավորում են ելույթում առկա առանձին ձեւակերպումների վերաբերյալ հասարակության անդամների ընկալումների մասին տեղեկություններ, հետեւաբար էական նշանակություն ունեն»,– պարզաբանեց մեղադրող Արմեն Գեւորգյանը։ Լուսանկարում՝ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Արմեն Մաշինյանը Պաշտպան Արմեն Մաշինյանն էլ հայտարարեց՝ կոնկերտ 4 վկաների՝ Արտյոմ Թումանյանին, Հունան Հակոբյանին, Գրիգոր Կարապետյանին եւ Վանիկ Դավթյանին հարցեր են ուղղվել բացառապես ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների մասին, որը, ինչպես արդեն նշվեց, նոր օրենսգրքից հանվել է, հետեւաբար, այդ ցուցմունքները, ըստ պաշտպանի, այլեւս վերաբերելի չեն գործին։ Ավելի ուշ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք այդ վկաները Շիրակի եւ Արարատի մարզից պատահականորեն ընտրված անձինք են՝ պաշտպանը պատասխանեց․ «Թող գան, կհասկանանք՝ պատահականորեն են թե ոչ, այդ հարցը մեզ էլ է հետաքրքրում»։ Արձագանքելով պաշտպանների հայտարարությանը՝ հանրային մեղադրող Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ ոչ մի տվյալ, ըստ օրենքի, նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, եւ ասաց, որ վկաների ցուցմունքների ըստ էության վերաբերելիությունը վերջնականապես կարող է գնահատվել միայն նրանց հարցաքննության արդյունքում։ Այնուհանդերձ, մեղադրողն ընդգծեց, որ պաշտպանության կողմը առանձնացրել է այն վկաներին, որոնք ելույթ են ունեցել եւ իրենց դժգոհությունն են արտահայտել Արմեն Գրիգորյանի մտքերի կապակցությամբ, եւ այդ ելույթի սկավառակը, այսպես թե այնպես, հանդիսանում է արտավարութային փաստաթուղթ․ «Քրեական գործով վկաները հայտնել են Գրիգորյանի կողմից իրենց նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված անհանդուրժողական, խտրականության, ատելության, ինչո՞ւ չէ, նաեւ թշնամանք հրահրելուն ուղղված ընկալումների վերաբերյալ եւ մատնանշել են, որ այս կամ այն քաղաքական ուժին հարելու կամ քաղաքական ուժի օգտին քվերակելու հանգամանքով պայմանավորված Գրիգորյանը նշված տարածաշրջանի բնակիչներին անվանել է թուրք։ Գտնում եմ, որ այդ խոսույթը եւ այդ արտահայտությունները, որ ենթադրաբար հնչեցվել են ազգաբնակչության հասցեին քաղաքական հայացքներով պայմանավորված, նրանց նկատմամբ խտրականության, անհանդուրժողական, ատելության եւ թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ են պարունակում, հետեւաբար վերաբերելի են եւ հաստատում են հատկապես այդ հանգամանքը»,– ասաց նա։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց, որ ապացույցների առկա ծավալը չհաստատելու հիմք այս պահին չունի, իսկ դրանց մանրամասն հետազոտումը այս փուլում չէ, որ պետք է իրականացվի։ Դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպանական կողմին փորձաքննություն նշանակելու նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ տրամադրելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 11-ին։   Միլենա Խաչիկյան
22:23 - 24 հոկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին

ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման  նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ  ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։ Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը,  մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝  այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։ Նախաքննության ընթացքում  փաստական և իրավական հիմնավորումներով պայմանավորված՝ իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու  և դրանց հանցակցելու համար  համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ,  մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են  վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ծառայությունը, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Իսկ հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։  
13:48 - 24 հոկտեմբերի, 2022
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը ևս կալանավորվել է

 |factor.am|

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը ևս կալանավորվել է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշել է կալանավորել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։ Այս մասին տեղեկությունը հաստատեց մեղադրյալի պաշտպան Գարիկ Գալիկյանը։ Վերջինիս խոսքով՝ Թ․Հ․-ն մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Գալիկյանի խոսքով՝ իր պաշտպանյակին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը։ Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նույնպես կալանավորված է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Ըստ գործի նյութերի՝ դատավորը գրավի դիմաց ազատ է արձակել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին, ով հայտնի է Ֆազ մականունով։ Գրիգորյանի պաշտպանը եղել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ով այս գործով մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Էրիկ Ալեքսանյանը նույնպես կալանքի տակ է։
16:42 - 21 հոկտեմբերի, 2022
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչեւ քրեական վարույթի ավարտը․ ԲԴԽ

ԲԴԽ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը: «2022 թվականի հոկտեմբերի 17-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 7/58236222 և թիվ 7/58236222 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-4 և թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-5 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․ 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է որոշման մեջ։  Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։ Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
13:35 - 20 հոկտեմբերի, 2022
Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Infocom-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։ Քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։  Նշենք, որ Դոլմազյանը նախկին դատախազ է․ 2017-2022 թթ աշխատել է Գլխավոր դատախազությունում՝ զբաղեցնելով Հատկապես կարեւոր գործերով վարչության դատախազի, ապա՝ ավագ դատախազի, այնուհետեւ՝ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի, որից հետո՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնները։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել 2022 թ. օգտոստոսի 8-ին։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը եւ հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող` բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունը, եւ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։  Անդրանիկ Սիմոնյանի վարույթում այդ ժամանակ քննվում էր «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի վերաբերյալ քրեական գործը, եւ ըստ մեղադրանքի՝ Վարդազարյանի միջամտությունը դրսեւորվել է նրանում, որ նա խնդրել է փոխել Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչը, սակայն, չի արվել։ Հաշվի առնելով Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ 2021 թ․ ապրիլի 15-ին ԲԴԽ-ն որոշում էր կայացրել նրա լիազորությունները կասեցնելու մասին, իսկ ավելի քան մեկ տարի անց՝ 2022 թ․ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրել էր նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Քրեական գործի հարուցումից ամիսներ անց՝ 2021 թ․ սեպտեմբերին, այն ուղարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործով կայացել է 3-4 նիստ, որոնց ընթացքում գործի ըստ էության քննություն չի իրականացվել։ Նշանակված վերջին՝ 2022 թ․ մայիսի 25-ի նիստը չի կայացել։ Դրանից հետո Շահվերդյանի վարույթում գործով նիստ այլեւս չի նշանակվել։ Ներկայումս, երբ ՀՀ-ում ձեւավորվել են հակակոռուպցիոն դատարաններ, դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին․ «Սույն քրեական գործով ամբաստանյալ Ռ.Վարդազարյանին մեղսագրվում է մինչև 01.07.2022թ. գործող ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 6 հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործության ենթադրյալ կատարման փաստ, իսկ հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են բացառապես հակակոռուպցիոն դատարանի կողմից, եթե տվյալ գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ: Նկատի ունենալով, որ սույն քրեական գործով անցում չի կատարվել դատաքննության փուլ, դատարանը գտնում է, որ այն ընդդատյա է բացառապես հակակոռուպցիոն դատարանին»,- ասված է որոշման մեջ։ Հավելենք, որ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ հայտարարելով, որ դրա նպատակն իրեն պաշտոնից հեռացնելն էր։ Նրա պաշտպանական թիմը բողոքարկել էր մեղադրանք առաջադրելու որոշումը՝ նաեւ այն հիմնավորմամբ, որ Դատախազությունը պարտավոր էր դիմել ԲԴԽ՝ նրան անձենռմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Դատախազության դիրքորոշումը, սակայն, այն էր, որ դիմելու անհրաժեշտություն չկար, քանի որ Վարդազարյանի գործողությունները նրա լիազորությունների հետ կապված չէին։   Միլենա Խաչիկյան
18:35 - 19 հոկտեմբերի, 2022
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի բողոքը՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Լոռոցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը Infocom–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը որպես գրավի չափ է սահմանել 4 միլիոն ՀՀ դրամը։  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Դատարանի այդ որոշումն էլ պաշտպանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպորտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորվել էր 2019 թ․ դեկտեմբերի 7-ից, իսկ օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին՝ վարչապետի որոշմամբ ազատվել պաշտոնից։ Նույն քրեական գործի շրջանակում Հրաչիկ Քանանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, իսկ Լոռեցյանի վարորդը՝ Էդուարդ Հովհաննիսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։   Միլենա Խաչիկյան
17:30 - 19 հոկտեմբերի, 2022
Դատարանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Պաշտպաններից Գայանե Պապոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար։ Հատկանշականն այն է, որ որոշումը հրապարակվելու էր ժամը 17:00-ին։ Ժամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը, իսկ որոշման հրապարակումից 2-3 րոպե անց դատական նիստերի դահլիճ մտան ուղեկցող գումարտակի ծառայողները։ Կարծում եմ մեկնաբանելն ավելորդ է...»– նշել է Պապոյանը։ Հիշեցնենք՝ նույն քրեական գործի շրջանակում այսօր կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։ Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
17:28 - 19 հոկտեմբերի, 2022
Դատարանը դատավոր  Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նույն դատարանի մեկ այլ դատավորի որոշմամբ կկալանավորվի։ Այս մասին հայտնել  է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։   Ալեքսանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ։   Պաշտպանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ․    «Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։ Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։   Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱաԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։   Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,- գրել է պաշտպանը։  Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա մեղադրվում է դատավորի կողմից լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ 
12:38 - 19 հոկտեմբերի, 2022