«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին
19:50 - 01 հուլիսի, 2023

«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողները՝ մարտի ժամանակ Իշխան Վահանյանի մասին

Դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Երեկվա նիստը նշանակվածից ավելի քան երկու ժամ անց սկսվեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանի աշխատակազմից մեկ ժամ հետաձգումից հետո տեղեկացրին, որ մեղադրյալ Վահանյանին դատարան բերելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են եղել, պատճառը ուղեկցողների մեքենայի անսարքությունն է։ Այս հանգամանքն, իհարկե, առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը․ նրանցից ոմանք՝ դատարանի ներսում, իսկ մյուսներն էլ հունիսյան տապին դատարանի բակում հավաքված ժամերով սպասում էին նիստին։ Նրանց հետ էին նաեւ պատերազմի մասնակից այն տղաները, որոնք այս գործով տուժող են ճանաչվել եւ պետք է հարցաքննվեին։

Երեկ նիտին դատակոչվել էին վեց տուժողներ։ Նրանցից մեկը չէր ներկայացել, իսկ ոմանց դեռ նախորդ նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացվել։ Դատարանում տուժողներից մեկը բարձրաձայնեց, որ ինքը չի ստացել փոստային եղանակով իրեն առաքված ծանուցագիրը՝ դատարան ներկայանալու մասին, ու դատական նիստի օրվա մասին տեղեկացել է դատարանից ստացած զանգի միջոցով։  

Դատական նիստին ներկա էին պատերազմի ժամանակ Վահանյանի հրամանատարության տակ գտնվող Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայողներ Ալբերտ Գրիգորյանը, Էրիկ Խաչատրյանը, Արայիկ Գալստյանը, Նարեկ Սիրունյանը, Ռոբերտ Վարդանյանը։

Ջրականից նահանջի ժամանակ զինծառայողը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել

Առաջինը հարցաքննվեց Ալբերտ Գրիգորյանը։ Նա բանակ է զորակչվել 2020թ․ հուլիսին, եղել է շարքային, ծառայել է Ջրականի զորամասում։ Գրիգորյանն ասաց, որ Վահանյանին ճանաչում է, նրանց հարաբերությունները միայն ծառայողական բնույթի են եղել։ 

Վերհիշելով պատերազմի օրերը, որոնցով ինքն անցել է, Գրիգորյանը նախ ասաց, որ Վահանյանը Խուռհատ սարքում իրենց հետ չի եղել, հետո արդեն սկսեց պատմել հերթականությամբ՝ պատերազմի սկզբից վերարտադրելով տարբեր դրվագներ։ 

Գրիգորյանն ու մյուս զինծառայողները պատերազմը սկսվելիս եղել են Ջրականում, այնտեղ տեղափոխվել են այլ մարտական դիրքեր, բայց քանի որ երկու ամսվա զինծառայող է եղել, տեղանքները լավ չի մտաբերում։ Վերջինս, որ հակատանկային դասակից է եղել, նշում է, որ չեն ունեցել վաշտի հրամանատար, դասակի հրամանատար, հիշում է, որ Իշխան Վահանյանը մինչեւ պատերազմը եղել է շտաբի պետ, վերադաս հրամանատարությունից դժվարությամբ մտաբերում է նաեւ այլ անուններ՝ Արտյոմ, Սամվել, Պողոսյան։

Ի սկզբանե՝ Խուռհատի դեպքերից առաջ, ինչպես պատմում է տուժողը, իրենք եղել են հրամանատարական դիտակետի մոտ, հետո տեղափոխվել են այլ վայր։ Իր տեղեկություններով՝ գումարտակի հրամանատարը զոհվել է դիտակետի մոտ, լսել է, որ նա հրթիռի պայթյունից է զոհվել։ Այդ տարածքում Իշխան Վահանյանին չի հանդիպել, ոչ էլ տեղեկություն է ունեցել նրա վիրավորվելու մասին։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողից հետաքրքրվեց, թե ինչպես է եղել իրենց տեղափոխությունը Ջրականից, ինչպես է եղել նահանջը դեպի Հադրութ։ Գրիգորյանի հիշելով՝ նահանջի հրաման է եղել․ «Հրաման եղել ա, Գարիկն ա եղել մեր հետ [նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին,-խմբ․], եղել ա Ղարիբյանը։ [․․․] Ջաբրայիլի պոստում ենք եղել, դրանից հետո եկան, ասեցին նահանջ ա՝ նահանջենք Հադրութ, ոտով դաշտով վազելով գնացել ենք, էդ ժամանակ բոյեր էր բլիժնի, հետեւներիցս խփում էին, վազելով էթում էինք։ Սաղ զորքը ոնց վազում էր, սաղ վազում էինք, ոչ մեկս տարածքին ծանոթ չենք եղել»,- պատմեց տուժողը, եւ, ի պատասխան մեղադրողի հարցին, նշեց, որ այդ պահին ինքը սպայակազմից որեւէ մեկին չի տեսել։

Ալբերտ Գրիգորյանի խոսքով՝ այդպես վազելով իրենք հասել են մի ինչ-որ տեղ, որը կոնկրետ չի հիշում, այնտեղ մեքենաներ են եկել՝ «Կամազ», այդտեղից մի ուրիշ տեղ են գնացել, մի գիշեր մնացել փակ այդ տեղում, իսկ լուսաբացին գնացել Հադրութի զորամաս, այնտեղ մնացել մի քանի ժամ, սնվել, այնուհետեւ գնացել են Հադրութի դպրոց, մնացել այնտեղ, հետո բարձրացել «Վիշկա» կոչվող հատվածի դիրքեր՝ Խուռհատ սար, որտեղ սկսել է մարտ ընթանալ։

Տուժողը հիշում է, որ Հադրութի զորամասում արդեն հանդիպել է Իշխան Վահանյանին, բայց չի նկատել, թե նրա վրա վիրակապ լինի կամ դժվարությամբ քայլի․ «Զենք-մենք էինք ստանում, էդ մի պահն եմ տեսել, դրանից հետո նենց չի, որ միշտ աչքիս առաջ ա եղել»,- նշեց հարցաքննվողը։ Նա հիշում է, որ դպրոցում իրենց հետ եղել է նաեւ Գարիկ Վարդերեսյանը։ Հետո, երբ հակառակորդը սկսել է հարվածներ տեղալ դպրոցի վրա, զորքն այդտեղից դուրս է եկել ու գնացել «Վիշկի» պոստ։ 

Գրիգորյանը հիշում է, որ իրենց հետ սերժանտ է եղել, Սերգո են ասել նրան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ ըստ էության այդ սերժա՞նտն է հանդիսացել վերադասը, Գրիգորյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ իրենց սարում պահել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը [գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ]։ 

- Ո՞ւմ հրամանով է զորքը բարձրացել «Վիշկա» կոչվող տեղանք,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։

- էդ ժամանակ, ինչքան հիշում եմ, Գարիկը արդեն պերեվոդ էր եղել, երեւի Իշխանն ա էլի արդեն եղել։ Ասել են՝ բարձրանում ենք, բարձրացել ենք, Գարիկին չեմ տեսել էդ ժամանակ, իմացել եմ, որ պերեվոդ ա եղել։

- Ի՞նչ հանձնարարություն են տվել։

- Բարձրացել ենք սարի վրա, վերեւի պոստը, դիրքավորվել, բոյ ա գնացել։

- Այսինքն անցել եք պաշտպանության։

- Այո։

Թե կոնկրետ որ հատվածում են իրենք դիրքավորվել, որտեղ են եղել հարեւան ստորաբաժանումները, ով է եղել իրենց հետ վերադաս հրամանատարությունից, Գրիգորյանը լավ չի մտաբերում։ Նա նկարագրեց, որ կոնկրետ այն հատվածը, որտեղ իրենց զորքն է եղել, սարի վրա է եղել, դրանից հետո փոս է եղել, հետո բաց դաշտ։ Նա չհիշեց, թե ովքեր են տեղակայված եղել կողային հատվածներում․

«Ընթացքում տեսել ենք [սպաների], եկել-գնացել են՝ տեսել ենք, հանդիպել ենք էդ ընթացքում, «Վիշկի» մասին ա խոսքը։ Արդեն բլիժնի բոյ էր սկսել, հրաման էր տված կրակեինք, անտառի նման տեղ էր մեր հետեւում, հետո հրաման տվին՝ մի կրակեք, մերոնք են, հետո հրաման տվին աջ կողմ կրակենք, իրանք էլ էին կրակում։ Վիրավոր ունեցանք, հետո վիրավորների էինք իջացնում ներքեւ, ավտո էր եկել, որ իրանց տանեին էլի»,- պատմեց Գրիգորյանը։ Նա, սակայն, չի հիշում, թե կոնկրետ ով է այդ հրամաններն արձակել։

«Ընդհանուր էին գոռում «նահանջ»»․ տուժողը չի մտաբերում՝ ով է Խուռհատից նահանջի հրաման արձակել

Գրիգորյանը պատմում է, որ այդ տեղանքում փոխհրաձգությունն այնքան է շարունակվել, մինչեւ դարձյալ «նահանջ» հրահանգ է լսվել, ու բոլորով սկսել են հետ քաշվել։ Բայց թե ով է նահանջի հրամանը տվել, նորից անուններ չհնչեցին։ Տուժողը հիշում է, որ ընդհանուր էին գոռում, այն «հրամանը» փոխանցումներով էր հասնում մեկը մյուսին։ Ու այդպես սկսել են կրակելով հետ վազել՝ փորձելով օգնել նաեւ վիրավորներին։ Նրանցից մեկն էլ դատարանում Գրիգորյանի կողքին նստած Ռոբերտ Վարդանյանն է եղել, որի հարցաքննությունը եւս կներկայացնենք այս նյութում։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ո՞վ էր համակարգում այդ գործողությունները։ Գրիգորյանի խոսքով՝ որքանով ինքը տեղյակ է եղել՝ այդ ժամանակ տարածքում եղել է Իշխան Վահանյանը, բայց կոնկրետ իր կողքին չի տեսել։ Մինչեւ վիրավորներին մեքենաների մոտ հասցնելը՝ Գրիգորյանը սպաներից որեւէ մեկին չի տեսել։

Տուժողը հիշում է, որ իրենց հետ է եղել մի կամավոր քեռի, անունը՝ Արտյոմ, որի ցուցումներին իրենք հետեւել են։ Մասնավորապես, ինչպես հիշում է Գրիգորյանը, քեռին ասել է՝ բարձրանան սարը, իրենք բարձրացել են։ Այդ ժամանակ իրենց հետ է եղել սպաներից նաեւ Հովհաննես Մուրադյանը։ [Կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ

Տուժողի խոսքով՝ Մուրադյանն իր հեռախոսով կապ է հաստատել ու ճշտել, որ երրորդ վաշտն իրենցից ավելի վերեւ է։ Իրենք գնացել են այդ ուղղությամբ, հետո իրենց ասել են, որ բարձրանալ պետք չէ, պետք է հետ գնալ։ Հետ գալու ճանապարհին, ըստ տուժողի, հակառակորդը սկսել է բոլոր կողմերից կրակել, ու իրենք այդպես ընկել են շրջափակման մեջ։

«Սպասել ենք մի քիչ, Մուրադյան Հովոն էր ուզում էլի կապի դուրս գալ, մի քիչ առանձնացել ա, էդ պահը չգիտեմ՝ ուր ա գնացել, դրանից հետո չեմ տեսել, դրանից հետո մենակ էդ հոպարն ա եղել՝ Արտյոմը։ Դրանից հետո չեմ տեսել Հովոյին, Արտյոմը անտառի մեջ հետներս ա եղել, մութը ընկնում էր արդեն, մեր վերեւով ադրբեջանցիների զորքը գնում էր, մեր հրետանին կրակում էր, մենք լսում էինք, բայց իրանք մեզ անցնում էին, մենք մնացինք ըտեղ, որտեղ մնացել էինք, հարմար տեղ էր, չէինք երեւում։ Առաջ էին գնացել, էդ ձեները, բան, կտրվեց, արդեն լույսը ուզում էր բացվել, որոշեցինք անտառով էթանք, տենանք ուր ենք դուրս գալիս, դուրս ենք եկել, արդեն էդ գյուղ ենք մտել, Վանք գյուղն ա եղել։ Հլը չէինք հասել Վանք գյուղ, էլի վերեւից կրակում էին, թմբի վերեւից մեզ էին կրակում, գռանատը շպրտում էին մեր կողմ, դաժե հայերեն խոսում էին՝ «դուրս եկեք», մենք հասկանում էինք, էլի, որ կարան իրանցից լինեն, սպասում էինք, էդ պահին չէինք կրակում, որ չերեւանք՝ որտեղ ենք։ Որ գռանատը շպրտեցին, վիրավոր ունեցանք, ինձնից մի քիչ էս կողմ ա գռանատն ընկել։ Արտյոմը ասեց, ճամփա էր անտառից հետո, հետո նորից մտնում էր անտառ, ասեցինք վազենք էդ կողմ, որ կրակում էին, կտրենք անցնենք շոշը դեպի անտառի մյուս կողմը։ Զորքից մի քանի հոգի վազեց, էդ ընթացքում խփեցին, վիրավորներ ունեցանք, մահացան կեսը, կոնկրետ Արտյոմին էլ են ըտեղ խփել, մահացել ա։ Վազելով, վիրավորներին բռնած անցել ենք էդ հատվածը՝ դեպի անտառ, քցվել ենք անտառի մեջ, հետո տուն կար, տրակտոր, բան էր կանգնած, մտել ենք էդ տուն, վիրավորներին տնից ինչով կարացել ենք, պերեվյազկա ենք արել, օգնել ենք ու մնացել ենք ըտեղ»,- մանրամասն պատմեց Գրիգորյանը։ 

Այդ տնից փորձել են կապի դուրս գալ։ Բայց իրենց մոտ եղած կապի միջոցը չի աշխատել։ Կապ են ունեցել միայն հեռախոսով, բայց մարտկոցները նստած են եղել, չեն ունեցել լիցքավորման սարք։ Բայց, բարեբախտաբար, այդ տան բակում մարտկոց է եղել, տղաներից մեկը կարողացել է դրանով լիցքավորել հեռախոսը ու կապ հաստատել․ «Զանգել ենք, մեզ ասել են, որ տարածքը մերը չի, ու պետք ա սպասենք էնքան, մինչեւ օգնություն գա։ Մեր սերժանտն ա խոսացել, սերժանտներից, ասել են, որ սպասեք, մինչեւ տենանք՝ ինչ ա լինում, մնացել ենք մի քանի օր ըտեղ․․․»։

Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական քեռիինն է եղել

Գրիգորյանը նորից նշեց, որ դեպի Վանք գյուղ գնալու գաղափարը կամավորական այդ քեռի Արտյոմինն է եղել։ Մեղադրողի հարցին՝ Արտյոմը կամ սպաներից Հովհաննես Մուրադյանը հակառակորդից ի՞նչ տեղեկություն ունեին իր տպավորությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ, ըստ իրեն, Արտյոմը չի տիրապետել՝ որ կողմ կարող են գնալ։ Նա նշեց, որ եթե իմանային, որ Վանք գյուղում հակառակորդն է, ու շրջափակման մեջ են ընկնելու, այդ ուղղությամբ, բնականաբար, չէին գնա․

«Պետք ա լիներ նենց մարդ, որ ճիշտ հրաման տար, մենք էլ կատարեինք»,- ասաց տուժողը։ Նա նշեց, որ Արտյոմի ասածներին անսացել են, որովհետեւ մտածել են՝ տարիքով մարդ է, գուցե ինքն ավելի լավ իմանա։

Մեղադրողը պարբերաբար հարցերով փորձում էր հասկանալ՝ ի վերջո զորքին չէ՞ր հետաքրքրում՝ ուր են սպաները, չե՞ն փորձել ճշտել։ Գրիգորյանն արձագանքեց, որ այնքան խառը վիճակ էր, շրջափակման մեջ էին, որ անգամ եթե շատ ուզենային, չէին կարող իմանալ՝ ուր են։ Տուժողը չհիշեց նաեւ, որ կապի դուրս եկած լինեն Իշխան Վահանյանի հետ, կամ որ կամավորական քեռին զանգած լինի նրան․ «Ես ըտեղ չեմ եղել, հետագայում էլ չեմ իմացել, մենակ էն ենք իմացել, որ պետք ա ստեղ լիներ [Վահանյանը] ու ստեղ չի»,- ասաց տուժողը՝ նշելով, որ պատերազմից վերադառնալուց հետո է իմացել, որ Վահանյանը լքել է մարտի դաշտը․ «Փախել ա, էլի, որ ըտեղ լիներ, ճիշտ հրաման տար, մենք էլ կանեինք, չէինք հայտնվի էդ վիճակում, չէինք ունենա էդքան զոհ․․․ Ու էլի հաստատ լավ կլիներ»։

«Վիշկայի» մոտ, ինչպես հիշում է տուժողը, հակառակորդը սկզբում հրետանիով է կրակել, իրենք նկատել են նաեւ ադրբեջանական տանկեր։ Բայց իրենց վիրավորումները հրազենային են եղել։ Մեղադրողի հարցին՝ նահանջի ժամանակ հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, տուժողը նշեց, որ այդ պահին ավտոմատների կրակ էր․ «Դաժե տեսնում էինք, որ պուլեքը կպնում էին գետնին»։ Այդուհանդերձ, Գրիգորյանը նշում է, որ եթե իրենք նորմալ հրամաններ ստանային, ապա ունակ էին դրանք կատարելու։

Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն իր հարցերը սկսեց ժամանակագրական հակառակ հաջորդականությամբ՝ Խուռհատից մինչեւ պատերազմի սկիզբ։ Անդրադառնալով նախորդիվ հարցաքննված անձանց ցուցմունքներին, հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ եղե՞լ է դեպք, որ հրամանատարներ Հովհաննես Մուրադյանը, Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը նահանջող զորքը հավաքեն մի տեղ, ապա քննարկեն իրենց անելիքները։

- Ցուցմունք ունենք, որ քննարկում ա եղել, Հայկազ Գրիգորյանը զինվորների հետ չորս սպաներով բարձրացել են դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկ Մուրադյանը ձեր մյուս տղաներով մնացել եք տեղում, սպասել, որ ճշտեն՝ վերեւում ոնց են առաջ գնալու, եղել ա հրետանու կրակ, եւ չեն կարողացել միավորվել։

- Հրետանու կրակ եղել ա, բայց կոնկրետ․․․

- Էդ նահանջի ժամանակ, նահանջից հետո․․․ արդեն Խուռհատ սարից իջել եք։ Սպաները ցուցմունք են տալիս, ասում են, որ իջել ենք, Հովիկ Մուրադյանը տղաներով մեր հետ ա եղել, իջել ենք մի հատված, որտեղ նստել են, քննարկել իրենց անելիքները։ Չորս սպաները՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ, առաջ են գնացել դեպի երրորդ գումարտակի ուղղությամբ, Հովիկը Մուրադյան մնացել ա էդտեղ։

-  Հայկազ Գրիգորյանի բարձրանալը ես չեմ հիշում, կարող ա առաջ են ընկել, չեմ տեսել։ Քննարկելը չեմ տեսել։

- Հնարավո՞ր էր մի բան կատարվեր էդտեղ՝ կես ժամ, մի ժամ, տասնհինգ րոպե [Գուրգեն Գրիգորյանը նկատի ունի քննարկում,- խմբ․], դուք չտեսնեիք։

- Կտենայինք հաստատ։ Կոնկրետ հավաքված ես չեմ տեսել։

- Իսկ առաջխաղացման մասին ասացիք՝ չեք իմանում, հա՞՝ Հայկազ Գրիգորյանի գլխավորությամբ սպաները որ ուղղությամբ են շարժվել։

- Չէ, չեմ իմացել։

- Իսկ խոսակցություն տղաների մեջ, որ նման բան ա եղել։

- Չէ, էդ պահին ես մենակ որ հիշում եմ՝ իմացել եմ, որ երրորդ վաշտը վերեւում ա եղել, բայց հետո, որ Հովիկն ուզեցել ա կապ հաստատի․․․

- Վերեւում՝ որտե՞ղ։

- Սարի [խոսքը Խուռհատին հարակից այլ սարի մասին է,-խմբ․] ավելի բարձր տեղում, մեզանից լավ առաջ են եղել։

- Այսինքն՝ դուք իրենց ընդհանրապես մոտ չեք գնացել։

- Չէ, երրորդ վաշտի մոտ մենք չենք հասել։

- Չեք հասել։

- Չէ․․․

Իսկ թե ինչու են սպաները նմանատիպ ցուցմունք տվել, Գրիգորյանը չկարողացավ ասել․ 

- Ինչ իմանամ․․․

- Դա էլ ա պատասխան,- արձանագրեց տուժողների ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է Խուռհատ սարի վրա տեղակայվելուն, տուժողը պատմեց, որ սարի վրա ոչ խրամատ է եղել, ոչ կահավորում, ոչ էլ խրամատ փորելու ու դիրքավորվելու հրաման են ստացել։ Եթե Վահանյանը հրաման տված լիներ, կարվե՞ր այդ հրամանը՝ հետաքրքրվեց Գուրգեն Գրիգորյանը, տուժողը հաստատական պատասխան տվեց։ 

Վերադառնալով կամավորական քեռու՝ իրենց զորքի հետ լինելու հանգամանքին, Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց տուժողից՝ արդյոք խոսակցություն եղե՞լ է, որ Հադրութի զորամասում տղաներ են մնացել, ու իրենք պիտի գնան նրանց ազատագրելու։ Տուժողը, սակայն, նման դրվագ չէր հիշում։

Թե քեռուն ով էր ճանաչում, որտեղից նրա հանդեպ այդ վստահությունը, տուժողը չկարողացավ ասել։ Ուրիշ կամավորականների Հադրութում, Խուռհատում չեն տեսել․ Գրիգորյանը հիշում է, որ սարը բարձրանալիս քեռին իրենց զորքի հետ է եղել։ Ոչ միայն չի տեսել, այլ նաեւ չի էլ լսել այդ տարածքում այլ կամավորականների մասին։ Բայց այդ պահին իրենց մոտ այդ հարցը չի առաջացել, որովհետեւ շատ խառը վիճակ է եղել։

- Ձեր հրամանատար Մուրադյան Հովիկը պրոֆեսիոնալ սպա ա,- ասաց Գուրգեն Գրիգորյանը,- պրոֆեսիոնալ սպան, սերժանտներ, զինվորներ վստահում են իրենց ճակատագիրը մարդու, որին չեն ճանաչում, այն էլ ոչ զինվորականի։

- Իսկ ո՞ւմ վստահեին։

Ջրականում ԱԹՍ-ն խոցել է զենք-զինամթերքով բեռնված մեքենան, զինվորները հասցրել են պատսպարվել

Ալբերտ Գրիգորյանի հարցաքննությունը հասավ մինչեւ պատերազմի առաջին օրերը․ նա պատմեց, որ իրենց դասակն ունեցել է AK74 ինքնաձիգներ, հակատանկային զենք, որը առաջին օրերին բարձրացրել են Ջրականի դիրքեր, նույնիսկ կրակել են «Ֆագոտով»։ Տեղափոխվելիս զենքերը ու արկերը եղել են մեքենաների մեջ, երբ հասել են մի կոնկրետ տեղ, այդ ժամանակ արդեն իրենց ուղղությամբ հարվածներ են սկսվել, զինվորները թաքնվել են, իսկ զինամթերքով բեռնված մեքենան թիրախ է դարձել․ «Ծառ կար մի հատ, փչակի պես էր, մտել էինք մեջը, որ դռոնը գնա, նոր դուրս գանք։ Մեքենան էլ մի քիչ հեռու էր։ Էդ կամիկաձեն [ԱԹՍ,- խմբ․] ուղիղ խփեց մեքենային մեր, էդ սնարյադները բան սաղ մեջն ա եղել, ձենից դուրս ենք եկել, տեսել ենք․․․»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ այդ պահին այդտեղ զորքն է եղել, ու մի պահ Ղարիբյանն է եկել մի վիրավորի հետ, հետո այդ տեղանքից գնացել են։

Իսկ ո՞վ էր կազմակերպում հետնահանջը Ջրականից․ տուժողը դարձյալ կոնկրետ անուն չի նշում, հիշում է միայն, որ դարձյալ ընդհանուր բղավոցներ են եղել, բայց այդ ժամանակ գումարտակի հրամանատար է եղել Գարիկ Վարդերեսյանը․ «Պոստում ենք եղել, գոռացվել ա նահանջ, ընդհանուր ա գոռացվել, որ պետք ա նահանջել դեպի Հադրութ, զորքը ոնց վազել ա, սաղս հելել ենք, տենց վազելով գնացել ենք»։

Գուրգեն Գրիգորյանը հստակեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Ջաբրայիլից սկսյալ՝ զորքի կարգուկանոնը ճիշտ չի եղել։ Դատավոր Ջոն Հայրապետյանն առավել ուղիղ հարցրեց՝ հրամանատարների՞ց եք ստացել հրամանները, թե ինչ գոռոց ստացել եք, այդ ուղղությամբ գնացել եք։ Տուժողը նշեց, որ այդ պահին ինքը հրամանատար չի տեսել․

- Դասակ ունեք, չէ՞, պետք է ենթարկվեք դասակի հրամանատարին,- ասաց դատավորը։

- Կոնկրետ մեր դասակում եղել ա սերժանտ, դաժե մինչեւ կռիվը մենք դասակի հրամանատար չենք ունեցել, բայց նենց չի, որ էդ պահին սերժանտը մեր կողն ա եղել, կարող ա էն կողմ ա եղել։

Ջոն Հայրապետյանը զարմանք արտահայտեց նաեւ այն հանգամանքից, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած անձնակազմին որպես հրամանատարներ ողջ դատաքննության ընթացքում միայն մի քանի հոգու անուն է հնչում, այնինչ, նրա կարծիքով, տասնյակից ավելի սպաներ պետք է լինեին գումարտակի հետ։

Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գեղամը, հարցաքննության վերջում Գրիգորյանին հարց ուղղեց․ 

- Ձեր կարգավիճակում, որ հայտնվել եք, դժոխքով անցել, եկել եք տուն, ո՞ւմ եք մեղավոր ճանաչում էս ամեն ինչի մեջ։

- Բնականաբար հրամանատարին։

- Իշխան Վահանյանի՞ն նկատի ունեք,- ճշտեց դատավորը։

- Ինքն ա եղել մեր հրամանատարը։

- Այլ հրամանատարներ կա՞ն, որ դուք գտնում եք՝ իրենց պարտականությունները չեն կատարել ձեր ստորաբաժանման հետ կապված։

- Կոնկրետ ով որ պետք ա գլխավոր հրաման տար, էդ եղել ա Իշխանը, որին չենք տեսել։ Ավելի ցածր օղակից չեմ էլ տեսել։

«Լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․»․ տուժողը հիշում է՝ Վահանյանը մարտի ժամանակ թիկունքում էր

Մյուս հարցաքննվողը Ռոբերտ Վարդանյանն էր, դարձյալ նույն շրջանում բանակ զորակոչված։ Իշխան Վահանյանին ճանաչում է, հարաբերությունները՝ ծառայողական։ 

Մեծավ մասամբ նա համաձայնում էր իր զինակցի պատմածների հետ․ առաջին օրվանից մինչեւ վերջ միասին են եղել։ Միայն թե նա հիշեց, որ հագուստի հետ էլ է խնդիր եղել․ մի քանի չափս փոքր հագուստ են տվել իրենց, իրենք էլ Հադրութում շորի խանութից համազգեստ են վերցրել, հետո, երբ Գարիկ Վարդերեսյանը ժողով անելիս է եղել, հրամանատարներից Մանուկ Բադալյանը այդ շորերից մի օրինակ վերցրել ու իրենց սպառնացել է, որ պատերազմը վերջանա, Ռազմական ոստիկանություն է դիմելու։

Վարդանյանն էլ է նշում, որ շատ անկազմակերպ վիճակ է եղել։ Նա պատմում է, որ գնացել են սար, հետո եղել է նահանջ, իջնելիս Վահանյանը հարցրել է՝ ո՞վ է ասել նահանջեն, ոչ մի նահանջ, ու իրենք մնացել են սարի լանջին, գիշերը լուսացրել այդտեղ․

«Վրա են տվել [հակառակորդը,-խմբ․], հետ ենք հելել էլի էդ սար։ Իմ տեսածով՝ Ղարիբյանն ա սաղ կազմակերպած արել, Ղարիբյանն էր հրամաններ տալիս, դիրքավորում»։ 

Մարտի ժամանակ նա այլեւս Վահանյանին չի տեսել, տեսել է ներքեւում՝ իրենց թիկունքում։ Ասում է՝ վերջինիս լայն ժպիտն է իր մոտ լավ տպավորվել․

«Ներքեւը ռացիայով բաներ էր խոսում։ Բայց լայն ժպիտն ա մեջս տպավորվել․․․ Որ կողով գլուխը տրաքած զինվոր էին տանում․․․»։

Այս պահին զոհերի ծնողները վրդովվեցին ու վիրավորական բառեր հնչեցրին Վահանյանի հասցեին։ Նրան մի պահ դուրս հանեցին դահլիճից, մինչեւ իրավիճակը հանդարտվեր։ 

Վարդանյանը հիշեց, որ դպրոցից դուրս գալիս օդում անօդաչուներ կային, այդ ժամանակ իրենց հրահանգել են նստել մեքենաները ու գնալ, իբրեւ դրանից վտանգ չկար․ «Էդ էլ կարար անփութություն լիներ, զոհեր լինեին»,- ասաց տուժողը։

Սպաները, որոնք մարտ էին վարում, Վարդանյանի խոսքով՝ վերեւում էին՝ սարի վրա․

«Ղարիբյանն ա մեջս շատ տպավորվել, Մուրադյան Հովիկը, մեկ էլ հոպարը, էլի, Արտյոմը։ [Վահանյանը] «Վիշկայի» դեմերն էր, ճանապարհից 30-40մ դեպի «Վիշկա», մեր թիկունքում։ Մենք որ նահանջել ենք, էդ վախտ եմ ես իրան տեսել։ Նահանջել ենք, լավ չեմ հիշում, աղոտ եմ հիշում, հետո տեսա ձեռը դրել ա հետեւը, էթում էր նստեր «Ուազիկը», էդ «Ուազիկի» բագաժնիկում, տո լի հետեւը վիրավոր զինվոր կար, ինքն էլ նստեց, ու գնացել ա, բան չի ասել, գլորվելով էթում էր, լավ չէր քայլում ոնց որ»։ Տուժողը տեղեկություն չուներ՝ Վահանյանը հեռանալիս արդյոք իր պարտականությունները փոխանցել էր այլ անձի, թե ոչ։

- Կներեք, բայց մենք լուրջ չէինք վերաբերվում իրան, լուրջ չէինք ընդունում, որ փախներ՝  հուսալքվեինք,- ասաց տուժողը։

- Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր վերաբերմունքը,- հետաքրքրվեց մեղադրողը։

- Լավ սպան, ինձ չի թվում, զորքին կշարի, կհելնի կկանգնի դեմը, կասի՝ ես մասիվցի տղա եմ, լավ տղա եմ, սաղիդ հերերից լավ ավտո եմ քշում, սաղիդ հերերից շատ փող ունեմ։ 

Վահանյանն այս խոսքերի ժամանակ քմծիծաղ էր տալիս, ինչը դարձյալ վրդովեցրեց ծնողներին։ 

Վարդանյանը չէր տեսել Վահանյանի վիրավորվելու պահը։ Բայց, ասում է, չի էլ պատկերացնում, թե ոնց կարող էր բեկորային վնասվածք ստացած լինել, եթե այդ տարածքում հրթիռ չի ընկել, ոչ էլ ԱԹՍ է հարվածել։

Տուժողն ասաց, որ եթե Գարիկ Վարդերեսյանը լիներ, կկարողանար կարգավորել իրավիճակը։

Նա հիշում է, որ կապի միջոցի խնդիր կար, բայց չի մտաբերում՝ Վահանյանն իր մոտի միջոցը իր հետ տարել է, թե ոչ։

Վարդանյանն ասում է, որ վիրավորները սկսել էին դանդաղ քայլել։ Ինքը, կամավորական քեռին։ Հետո պատմում է՝ Հովհաննես Մուրադյանի հետ նստել են, որ կողմնորոշվեն՝ որ կողմ են գնում։ Ասում է՝ հեռախոսով կապ հաստատեցին 911, հետո Արսենի հետ, որը ԱԱԾ համար է տվել, զանգել են, զանգել են նաեւ Վարդերեսյան Գարիկին, ու եկել են այն եզրահանգման, որ պետք է իջնեն ներքեւ։ Իրեն ու վիրավորներին մյուսները քաշելով տարել են Հադրութի այն տունը, որտեղ մնացել են քառասունից ավելի օր։ 

Մեղադրողը հարց հնչեցրեց՝ ինչ հոգեվիճակում էին սարի վրա, կարո՞ղ էին կատարել հրամանները, եթե դրանք հնչեին։ Վարդանյանն ասում է, որ եղած հրամանները կատարում էին։ 

«Թուրքերը գերեզմանների կողմից են լցվել Հադրութ»

Հրամանատարական կետի մոտ, հիշում է տուժողը, տեսել է մի քանի սպաների․ Վահագ Բաղդասարյանը՝ երկրորդ վաշտի կապիտանը, Վազգեն Վարդանյանը․․․։ Խուռհատից իջնելուց հետո տեսել է Ղարիբյանին, Վազգեն Վարդանյանին, Հայկազ Գրիգորյանին․

«Ղարիբյանը ահագին հետ ընկավ։ Սարի համարյա կեսը մեր հետ եղավ, հետո Արտյոմն էր ասեց՝ գնա տղերքի հետ եղի, թե ինչ, ինքը սկսեց արագ-արագ քայլելը, որ հասցնենք հելնենք։ Ղարիբյանը դաժե մի ձեռով ՊԿ-ն [գնդացիր] էր բռնում, մի ձեռով՝ իրա զենքը, կրակելով իջնում էր»։

Տեղանքում Վարդանյանն այլ սպաների էլ է նկատել, հիշում է․ «ԱԳՍ-ի Հովոն էր, մինամյոտի Ղարիբյանն էր, երկրորդ վաշտի Վահագն էր, մի հոգի էլ փոխգնդապետ, թե գնդապետ կար։ Բայց էդ մարդը, բոյը հենց սկսավ, մի կես ժամ չտեւեց, զոհվավ։ Էդ մարդը դիրքավորելով հելնում էր վերեւ՝ բոյ անելու, դիրքավորում էր՝ ոնց ճիշտ նստենք»։

Հետո մի այլ դրվագ էլ է պատմում տուժողը․ ասում է՝ իրենց առաջ տեսանելի հատվածում հակառակորդի մեքենաներ եկան, հետեւակն իջավ, ապա հայկական կողմից խոցեցին հակառակորդի մի տանկը, տեղանքում, նրա խոսքով, հայ պահեստազորայիններ կային, որոնք փախան․ «Թուրքեր բերին լցրին, հրաման չտվին, որ կրակենք։ Տանկ բերին կանգնացրին դեմներս, մենակ էդ տանկին խփին, տանկը տրաքավ, ու ֆսյո, երեք-չորս «Կամազ» թուրքի զորք բերին լցրին մեջներս։ Ներքեւից գերեզմաններ ա լինում, մեր առաջին վաշտն ա ոնց որ լինում, մեր առաջին վաշտը իջնում ա ներքեւ՝ էդ գերեզմանների մոտ, թուրքը վրա ա տալի, բոյ ա տալի, հետո արդեն ջոկում ա, որ չէ, չի կարում, հետ ա գալի։ Էդ գերեզմանների կողմից ա, ասում են, բացված, թուրքերը արդեն ըտեղից են լցվել Հադրութ։ Սաղ անտառների մեջ թուրք էր»։

Հրամանատարների մասին խոսելիս՝ տուժողն ասաց, որ հրամանատար երկու-երեք հոգի լիներ, թե չէ։ Ըստ նրա՝ իրենց առաջին հրամանատարը Գարիկ Վարդերեսյանն է եղել, որը, նրա պատմելով, Հադրութի դիրքերից մեկում զորքին նահանջ է տվել՝ տեսնելով մոտեցող հակառակորդին, ՊԿ-ով ու նռնակով մնացել է, ողջ գիշեր պահել պոստը։

Կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին

Վարդանյանը, ի տարբերություն իր զինակցի, հիշում էր, որ կամավորական քեռին առաջարկել է իջնել զորամաս, հանել այնտեղ մնացած տղաներին։ Նախ, Վարդանյանն ասում է, որ իրենց ասել են, թե բոլոր կամավորականները փախել են, մնացել է միայն Արտյոմը․

«Պետք ա իջնեինք չաստ, տղերք կային, հանեինք, բայց հետո հասկացանք, որ մենք չէինք կարում դուրս գայինք շրջափակումից, որ մի հատ էլ իջնեինք էդ չաստից տղերքին հանենք։ Մենք իրան որպես հրամանատար էինք ընդունում, հրաման էր տալիս, ընդունում էինք»։

Տուժողը պատմեց նաեւ, որ Մուրադյանն ու քեռին տարբեր զանգեր էին անում, բայց այլ մանրամասներ չմտաբերեց։ Ասում է՝ երբ ինքը վիրավորվել-ընկել է, իրեն սկսել են քաշել-հանել այդտեղից, ու ինքը ճանապարհին տեսել է նախ կամավորականի դիակը, մի քիչ այն կողմ՝ հրամանատար Մուրադյանի։

Ինչ վերաբերում է մյուս հրամանատարներին՝ Վարդանյանը հիշեց, որ Հայկազն իրենցից առաջ է ընկել, որ «գնա հասնի իր վաշտին»․

- Բա դո՞ւք,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։

- Մենք արդեն հոպարի հետ էինք, Մուրադյանի հետ էինք։ Մենք հետ ընկանք։

- Դուք էլ էիք իրա հրամանատարության տակ։

- Դե ասում էր արագ քայլեք, բայց որ չէինք կարում․․․

Հետո Հայկազենց այլեւս չեն հանդիպել։ Երբ հետ են ընկել, մի քանի անգամ կանգ են առել, հանգստացել։ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ ընթացքում եղե՞լ է հրետակոծություն, որ, այսպես ասած, կտրի իրենց ու առաջ ընկածների ճանապարհը, ու չկարողանան այլեւս միավորվել [նախկինում այդպիսի բան է հնչել դատարանում]։ Վարդանյանը չհիշեց նման դեպք։ 

Տուժողի զինակիցն էլ է հիշում՝ «Իշխան Վահանյանը կանգնած՝ խնդալով ռացիայով խոսում էր»

Հարցաքննված մյուս տուժողը Էրիկ Խաչատարյանն էր։ Նա հայտնեց, որ ճանաչում է Վահանյանին, ծառայողական հարաբերություններ ունի։ 

Խաչատրյանը հենց սկզբից անդրադարձավ իր զինակից ընկեր Վարդանյանի հիշած այն դրվագին, երբ Վահանյանը այդ սարսափելի իրավիճակում ժպիտով է եղել․ 

«Սարից իջնելիս «Վիշկի» ժամանակ վիրավորներին իջացնելիս հասանք կետի, որ մեքենա կար, մոտ քսան վիրավոր տարավ, որ Հադրութում օգնություն ցույց տային։ Հասանք էդ կետին, որ Իշխան Վահանյանը կանգնած, խնդալով ռացիայով խոսում էր։ Մենակ էն եմ հիշում, որ ես ահավոր նեռվայնացած էի իրա արարքի վրա, որ խնդում էր էն ժամանակ, երբ զոհեր ունեինք ու ահավոր վիրավորներ, որ չէինք կարում դաժե վերեւից իջացնեինք։ Իսկ Ղարիբյանը վերեւը բոյ էր տալիս, որ կարանանք վիրավորներին իջացնենք սարից մոտավորապես 1 կմ ներքեւ։ Ինքը չէր կարա վիրավորում ստանար, որտեւ որտեղ որ կանգնած ա եղել, ըտեղ պատրոն չի հասել, վերեւն ա եղել կրակոցները։ Իրա գնալուց հետո ա ըտեղ սկսել կրակոցները։ Ինքը, ձեռը դրած հետեւը, վազում էր։ Նստավ «Վիլիսի» դեմը, հետեւից էլ երկու թե երեք հոգի վիրավոր ունեինք, նստցրեցին ու գնացին»,- պատմեց Խաչատրյանը։

Մեղադրողը հետաքրքրվեց՝ երբ «Վիշկայի» մոտ մարտը սկսվեց, ո՞վ էր ղեկավարում այդ գործողությունը։ Խաչատրյանը դժվարությամբ մտաբերեց, որ սկզբից գնդապետ էր կամ փոխգնդապետ, որը Վահանյանի հետ բարձրացավ վերեւ, տեղավորեցին, դիրքավորեցին, իջան ներքեւ, բայց այդ մյուս սպան նորից բարձրացավ վերեւ ու զոհվեց․ «Էդ ժամանակվանից հետո ես Վահանյանին չեմ տեսել, որ ինքը բարձրանա վերեւ, մեզ դիրքավորի, զենքերը տա, կամ պատրոններ․․․։ Պատրոն էինք ուզում, ասում էին՝ պետքա դիմանաք, վերջացել ա, ինչքան ունեք, էդքանով կրակեք․․․։ Մեկ էլ Ղարիբյանին եմ տեսել, որ ուղղություն տա՝ ուր կրակենք»։

Խաչատրյանը հստակեցրեց, որ Վահանյանին, երբ տեսել են ներքեւում, ոչ մի հրաման չի տվել, ոչ մի այլ գործողություն չի արել։ Նա կարծում է, որ եթե վիրավորված լիներ, չէր կարողանա այդպես քայլել։ Ինքը՝ Խաչատրյանը, վիրավորված է եղել գոտկային հատվածում, եւ, ասում է՝ մոտ մի ժամ չի կարողացել շարժվել, պառկած է եղել ծառերի տակ․ «Չի կարա վիրավորում ստանա ու հելնի վազի»։

Նա հիշում է, որ սերժանտները վիրավոր են եղել, եւ նրանց մեքենան տարել է։ Մյուսները՝ մոտ 100-200 հոգի, որոնք չէին կարողանում արագ քայլել, հետ են մնացել նահանջի ժամանակ, մնացել են Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ մյուս զորքը մյուս սպաների հետ գնացել է։

Հանրային մեղադրողը հիշեցրեց, որ Խաչատրյանը նախաքննության ընթացքում տված ցուցմունքում հիշատակել է կամավորականի ու Վահանյանի հեռախոսազանգի մասին։ Տուժողը հիշեց այդ խոսակցությունը՝ ասելով, որ կամավորականը զանգել է Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ինչու է զորքը թողել, փախել, Վահանյանն անհասկանալի պատասխան է տվել, իսկ կամավորականը «ահավոր վատ բառեր» է ասել ու անջատել հեռախոսը։ Այլ կապի միջոցներ տուժողը չի նկատել։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին։

Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել