Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ
09:48 - 24 մարտի, 2022

Ավստրալիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Պուտինի՝ G20 գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Ինձ համար չափից ավելի է նույն սեղանի շուրջ նստել Վլադիմիր Պուտինի հետ, որին ԱՄՆ-ն արդեն մեղադրում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Մորիսոնը ճեպազրույցի ժամանակ:

«Մենք այս առիթով մտահոգություններ ենք բարձրացրել։ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Սա բռնի և ագրեսիվ գործողություն է, որը խախտում է միջազգային իրավունքի գերակայությունը»,- նշել է Ավստրալիայի վարչապետը:

Հիշեցնենք` Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին։

Ավելի վաղ «Reuters» գործակալությունն, ի աղբյուրներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները քննարկում են, թե արդյո՞ք Ռուսաստանը պետք է շարունակի անդամակցել «Մեծ քսանյակ»-ին։ 

Գլխավոր լուսանկարը՝ «Reuters»-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել