Փետրվարի 8-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության` միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն «այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար՝ նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով»:
Infocom-ն այս հայտարարությունից հետո հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին։
ՀՀ ԱԳՆ-ն այս բոլոր հարցերին պատասխանել է մեկ պարբերությամբ՝ հերքելով, որ ՀՀ կողմից որևէ նման արգելք եղել է․ «Հայաստանը չի խոչընդոտել միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ընդհակառակը, Հայաստանը մշտապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքի և անարգել գործունեության անհրաժեշտության մասին՝ տեղում իրավիճակը գնահատելու և համապատասխան գործողություններ իրականացնելու համար»:
Մենք ԱԳՆ-ից նաև հետաքրքրվել էինq, թե արդյո՞ք ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին կամ ՄԱԿ-ի հումանիտար որևէ այլ կառույցի, գործակալության՝ ԼՂ այցելելու խնդրանքով։
ԱԳՆ-ն այս հարցին տվել է նույն պատասխանը, ինչ մեկ ամիս առաջ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը․ «Ինչպես հետպատերազմյան շրջանում, այնպես էլ 2022 թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են եղել միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ»։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը հերքում է, որ խոչընդոտել է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Իսկ այն, որ Ադրբեջանն է նման խոչընդոտներ ստեղծել, հայտնի փաստ է․ այդ մասին խոսել են ինչպես հայկական կողմը, այնպես էլ ՄԱԿ-ը։
Մասնավորապես, 2021-ի գարնանը Հայաստանի այն ժամանակվա ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր․ «Հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում»:
Իսկ ՄԱԿ հայաստանյան գրասենյակը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում Արցախի տարածքում մարդասիրական գործունեություն ծավալելու համար, նշել էր․ «Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ ՄԱԿ-ը կարող է մտնել միայն այն տարածքներ, որոնք թույլատրել են ճանաչված կառավարությունները: Այս մուտքն ապահովելու աշխատանքն ինտենսիվորեն իրականացվում է»։
Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը նշել էր, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել էր, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով:
2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հրապարակում էր արել այն մասին, որ նպատակ ունի աջակցություն տրամադրելու նաև «Ադրբեջանի Հանրապետությունում պատերազմից տուժած բնակիչներին»։ Կառույցը նկատի ուներ Արցախի Հանրապետության բնակիչներին։
Իր 2020-ի հրապարակման մեջ ՊՀԾ-ն նշել էր, որ «ՄԱԿ-ը մանդատ չունի տուժած տարածաշրջանում, սակայն համակարգում է գործընկերների հետ աշխատանքը՝ գնահատելու կարիքները և աջակցելու պատերազմից տուժած տարածքներ ցանկացած կամավոր վերադարձի գործընթացին»։
«[ՄԱԿ-ի] Արտակարգ իրավիճակների օգնության համակարգողը նոտա է հղել ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչին՝ խնդրելով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ ՄԱԿ-ի կողմից տուժած տարածքի գնահատում իրականացնելու համար»,- նշել էր ՊՀԾ-ն:
Կառույցը նաև հայտնել էր, որ տուժած տարածքների բնակչությանը հասանելիություն ունենալու ուղղությամբ աշխատելու է Ադրբեջանի կառավարության հետ։ Սակայն ՊՀԾ-ի կայքում հրապարակումներ չկան այն մասին, թե արդյո՞ք այդ օգնությունն ի վերջո հասել է Արցախի բնակիչներին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի պնդումը ճիշտ չէր լինի նաև այն դեպքում, եթե նա, «հայեր» ասելով, նկաատի ունեցած լիներ Արցախի Հանրապետության հայերին։
Այս տարվա հունվարի 19-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևով կոչ էր արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել ԼՂ՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
Ի պատասխան բանաձևի՝ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր․ «Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին»։
Այսօր փաստացի տեսնում ենք, որ ՄԱԿ-ի հումաիտար կառույցներն այդպես էլ մուտք չեն ունեցել Արցախ, և այդ մուտքն արգելողը ոչ թե «հայերն ու ադրբեջանցիներն» են, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, այլ բացառապես ադրբեջանական կողմը։
Աննա Սահակյան
comment.count (0)