Նոյեմբերյան համայնքից հողատարածքի նվիրատվություն ՀՀ-ին, շինարարություն ռուս զինծառայողների համար․ պետական մարմինները խուսափում են պարզաբանումներից
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով սահմանային մի հողամաս որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն՝ համայնքային սեփականության հողատարածքը դարձել է պետական սեփականություն։ Խոսքը սահմանամերձ Ոսկեպարի այն տարածքի մասին է, որից գրեթե 1 կմ հեռավորության վրա նախանցյալ տարի՝ 2021 թ․ ամռանը, տեղակայվել էին ռուս սահմանապահները։
Այդ ժամանակ՝ վերջիններիս տեղակայման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հայտարարություն էր տարածել՝ հաստատելով այդ տեղեկությունն ու պարզաբանելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակում նշված հատվածում շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ ՊՆ-ն չէր մանրամասնել, թե ինչու եւ իրավական ինչ հիմքով են սահմանապահները այդտեղ տեղակայվել, հետագայում էլ ՊՆ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԳՆ-ին ուղղված մեր այդ եւ այլ հարցեր լիարժեք պատասխաններ չէին ստացել։
Նվիրատվության կարգով ՀՀ-ին տրամադրված հողատարածքի կոորդինատները՝ համաձայն ՏԿԵՆ-ից 09․12․22 թ․ ստացված պատասխանի, ռուս սահմանապահների՝ 2021 թ․ տեղակայման կոորդինատները՝ Hetq.am-ի
Նվիրատվության որոշումից հետո Infocom-ը մի շարք հարցումներ է հղել պետական կառույցներին եւ ՏԻՄ-ին՝ փորձելով հասկանալ՝ ինչ նպատակով է նման որոշում կայացվել, շինարարական ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով է դա առնչվում ռուս սահմանապահների հետ։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այդ հատվածում կառուցված կացարանում տեղակայվել են հենց ՌԴ զինված ուժերի ծառայողներ։
Շուրջ կես տարվա գրագրության արդյունքում Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունն ու Կառավարությունը այդպես էլ չեն ցանկացել հստակ պատասխանել մեր այդ հարցերին՝ ամեն կերպ շրջանցելով եւ փորձելով անգամ հերքել շինարարության փաստը, որը, սակայն, հավաստվում է թե՛ արբանյակային, թե՛ մեր հեղինակային լուսանկարներով եւ տեսանյութերով։
Ստորեւ ներկայացնում ենք մեր լուսանկարները, որոնք հնարավոր է սլաքի միջոցով թերթել եւ տեսնել, թե ամիսների ընթացքում ինչ փոփոխության է ենթարվել հիշյալ հողատարածքը։
Ըստ համայնքապետարանի՝ հողամասը նվիրատվության կարգով տրամադրվել է ՀՀ-ին՝ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով
Համայնքային հողամասը պետությանը որպես նվիրատվություն տրամադրելու որոշումը կայացրել է Նոյեմբերյան համայնքի ավագանին նախորդ տարվա՝ 2022 թ․ հուլիսի 13-ին հրավիրված արտահերթ նիստում։ Կողմ են քվեարկել ավագանու 14 անդամներ, դեմ եւ ձեռնպահ անձինք չեն եղել։
Ավագանու որոշումից պարզ է դառնում, որ այն 71․33 հա հողամասից առանձնացված 2 հա մակերեսով մի հատված է՝ հարակից H53 մայրուղուն, որի թե՛ նպատակային, թե՛ գործառնական նշանակությունը հատուկ նշանակության է։ ՀՀ Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ հատուկ նշանակության հողեր են համարվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը եւ օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:
Նոյեմբերյանի ավագանու որոշումը՝ ըստ համայնքի պաշտոնական կայքի
Որոշման հրապարակումից շաբաթներ անց՝ 2022 թ․ օգոստոսի 8-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ նպատակով է ավագանին նման որոշում կայացրել։ Միաժամանակ հետաքրքրվել ենք, թե երբ եւ ում կողմից են տվյալ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել որպես հատուկ նշանակության։
Առանց օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետ խնդրելու Նոյեմբերյանի համայնքապետարանը հարցմանը պատասխանել է գրեթե մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին՝ տեղեկացնելով, որ ավագանու որոշմամբ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 71.33 հա մակերեսով հողամասից առանձնացված 2.0 հա մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվել է ՀՀ արտաքին անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման նպատակով:
Ըստ համայնքապետարանի՝ հողամասի նպատակային նշանակությունը եւ գործառնական նշանակությունը դասակարգվել են որպես հատուկ նշանակության 07.06.2022թ-ին՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։
Նշենք, որ հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը, ըստ Կառավարության համապատասխան որոշման, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն են։ Այդպիսի հողերում քաղաքաշինական աշխատանքների իրականացումը կարգավորվում է Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված հատուկ կարգով, մյուս դեպքերում, երբ խոսքը համայնքային ոչ հատուկ նշանակության հողերի մասին է՝ վարչական ղեկավարի թույլտվությամբ։ Համայնքապետարանի պատասխանից պարզ է դառնում, որ տվյալ հողամասը դասակարգվել է որպես հատուկ նշանակության այն նվիրատվության կարգով տրամադրելու մասին ավագանու որոշումից ավելի քան 1 ամիս առաջ։ Այնուհանդերձ, նույն հարցմամբ նշել էինք՝ եթե նախքան հատուկ նշանակության հողատարածք դասակարգվելը տվյալ հատվածում իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, ապա խնդրում ենք տրամադրել կառուցապատման նպատակով վարչական ղեկավարի թույլտվությունը (կամ եթե առկա է մերժում, դրա հիմքերը)։
Դրանից բացի, խնդրել ենք տրամադրել ստույգ տեղեկություններ նախատեսվող/իրականացվող շինարարության եւ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածները։ Վերջիններս սահմանում են, որ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչները, ի թիվս այլնի, իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին։
Նոյեմբերյանի համայնքապետարանը հիշյալ հողամասում քաղաքաշինական գործունեության դեպք չի արձանագրել
Վերոնշյալ հարցերին ի պատասխան՝ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնել են, որ նախքան հատուկ նշանակության դասակարգվելը եւ նախքան 13.07.222թ-ն այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացվելու դեպք չի արձանագրվել, եւ կառուցապատման թույլտվություն ստանալու համար Նոյեմբերյանի համայնքապետարան ոչ ոք չի դիմել․ «Իսկ նշված մակերեսով հողամասը ՀՀ-ին նվիրաբերվելուց հետո ծագած հարցերի վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ կառավարություն»,- ասված է պատասխանում։
Չնայած համայնքապետարանի այս պատասխանին՝ Sentinel-hub արբանյակային տվյալների մշակման կայքի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ հիշյալ հողատարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացվել է նախքան 13․07․22-ը, այսինքն՝ նախքան համայնքապետարանի կողմից այն պետությանը տրամադրելու որոշումը, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է տրված լինի շինթույլտվություն։ Մասնավորապես, առնվազն հուլիսի 7-ից սկսած՝ նշված հատվածում, որը նախորդ ամսվա լուսանկարում ամբողջությամբ կանաչապատ էր, նկատվում են փորված հատվածներ։ Տեղաշարժելով սպիտակ շրջանը՝ հնարավոր է տեսնել այդ տարբերությունը։
Դրանից բացի, հուլիս ամսին մեր նկարահանող խումբը եւս եղել է Ոսկեպարում եւ արձանագրել օրեր շարունակ այնտեղ ընթացող շինարարությունը։ Ստորեւ տեղադրված տեսանյութերը, օրինակ, նկարահանվել է 2022 թ․ հուլիսի 12-ին՝ դարձյալ նախքան ավագանու որոշումը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք լրացուցիչ հարցմամբ դիմել ենք Նոյեմբերյանի համայնքապետարանին՝ կից ուղարկելով արբանյակային լուսանկարները եւ խնդրելով պարզաբանել նախորդ հարցմանը տրված պատասխանը։
Հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից հայտնել են․ «Նախորդ պատասխանում ոչ թե նշված է, որ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել, այլ նշված է, որ նախքան 13․07․22 այնտեղ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպք չի արձանագրվել։ Այսինքն՝ եթե անգամ քաղաքաշինական գործունեություն իրականացվել է, դա համայնքապետարանի կողմից չի հայտնաբերվել, թեեւ, ըստ մեր տեղեկությունների, մինչեւ նշված ժամկետն այնտեղ քաղաքաշինական գործունեություն չի իրականացվել»,- ասված է պատասխանում։
Ինչպես արդեն նշեցինք, մի քանի օր Նոյեմբերյան համայնքում գտնվելով՝ մեր նկարահանող խումբն է անգամ այնտեղ արձանագրել քաղաքաշինական գործունեությունը, հետեւաբար տարակուսելի է համայնքապետարանի այն պատասխանը, թե եթե անգամ իրականացվել է քաղաքաշինական գործունեություն, դա իրենց կողմից չի հայտնաբերվել։
Դրանից բացի, ուշագրավ է, որ տեսանյութում երեւացող տրակտորի վրա առկա է «Նոյեմբերյան համայնք» գրությունը։
ՊՆ-ն ու ԱԱԾ-ն մեկամսյա ժամկետ են խնդրել՝ հարցմանը չպատասխանելու համար
Հաշվի առնելով, որ հատուկ նշանակության հողերի լիազոր մարմինը ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն են՝ հոկտեմբերի 13-ին մենք գրավոր հարցումներով դիմել ենք նաեւ այդ մարմինների ղեկավարներին՝ ի թիվս այլնի, խնդրելով հայտնել, թե ի՞նչ է կառուցվում նշված հողատարածքում, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների գործառույթների հետ։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք պարզաբանել՝ ինչպես է կապված եւ իրավական ինչ հիմքով։
Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկությունը կտրամադրվի մեկամյսա ժամկետում։
Նոյեմբերի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնն ուղարկել է գրություն՝ հայտնելով հետեւյալը․ «ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված տեղեկություն ստանալու մասին գրավոր հարցման մեջ նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի ավագանու կողմից ՀՀ նվիրատվության կարգով հողամաս տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո տվյալ գույքը որպես նվիրատվություն ընդունվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը դեռեւս համապատասխան որոշում չի ընդունել, հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»:
Հատկանշական է, որ ԱԱԾ-ի հատուկ նշանակության հողատարածքների լիազոր մարմին լինելը պայմանավորված չէ Կառավարության կողմից նվիրատվությունն ընդունած լինել-չլինելու հանգամանքով, հետեւաբար անկախ այդ որոշման առկայությունից՝ ԱԱԾ-ն, որպես լիազոր մարմին, տվյալ տեղեկության տնօրինողն է։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, այն եւս պատասխանն ուղարկել է նոյեմբերի 14-ին, թեեւ հարցմանը մեկամսյա ժամկետում պատասխանելու վերաբերյալ մենք գրավոր չենք ծանուցվել։ Ըստ ստացված պատասխանի՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հողատարածք չի հատկացվել, հետեւաբար, համապատասխան տեղեկություն չի կարող տրամադրվել։
Նկատենք, սակայն, որ ոչ ավագանու որոշման, ոչ էլ մեր հարցման մեջ խոսքը ՊՆ-ի կարիքների համար հատկացված հողատարածքի մասին չէր, ՊՆ-ն, ըստ Կառավարության հիշյալ որոշման, հատուկ նշանակության հողատարածքի լիազոր մարմիներից մեկն է, ինչով պայմանավորված էլ՝ հարցումն ուղղել էինք նաեւ այնտեղ։ Իսկ եթե տվյալ դեպքում որպես լիազոր մարմին ընտրվել է ԱԱԾ-ն, ապա հարկ էր պատասխանում նշել այդ մասին։
Նախքան նվիրատվությունն ընդունելը Կառավարությունը եւս անհնարին է համարել տեղեկության տրամադրումը
Նոյեմբերի 16-ին գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով՝ կառավարությունն ընդունե՞լ է կամ պատրաստվո՞ւմ է ընդունել նվիրատվությունը։ Եթե այո, ապա ե՞րբ եւ պետական ո՞ր մարմնի հետ է կնքվել/կնքվելու նվիրատվության պայմանագիրը, իսկ թե առայժմ չի ընդունել, ապա ինչ պատճառաբանությամբ։
Միաժամանակ դարձյալ խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հիշյալ հողատարածքը տրամադրվել ՀՀ-ին, ինչ նպատակով եւ ինչ է կառուցվում այնտեղ, դա որեւէ կերպ կապված է ռուս սահմանապահների գործառույթներին, եթե այո, ապա ինչպես եւ իրավական ինչ հիմքով։
Հարցմանն ի պատասխան՝ նոյեմբերի 24-ին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ հիշյալ հողամասի նվիրատվությունն ընդունելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է քննության փուլում։ Ըստ պատասխանի՝ որոշումն այդ պահի դրությամբ դեռեւս ընդունված չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ իրավական նախագիծը մինչ ընդունվելն անցնում է նախապատրաստական փուլ։ Դրանով պայմանավորված էլ մյուս հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը Կառավարությունն անհնարին է համարել։
5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, Կառավարությունն ընդունել է նվիրատվությունը
Նվիրատվությունից շուրջ 5 ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նվիրատվությունն ընդունելու եւ ՀՀ ԱԱԾ-ին ամրացնելու մասին։ Միեւնույն ժամանակ վարչապետը հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նվիրատվության պայմանագրի կնքման եւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ՀՀ ԱԱԾ միջոցների հաշվին:
Հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ նվիրատվությունը դեռ չի ընդունվել, մենք դարձյալ դիմել ենք ԱԱԾ-ին՝ խնդրելով նվիրատվությունն ընդունված լինելու պայմաններում տրամադրել հիշյալ տարածքում շինթույլտվության որոշումը, իսկ դրա անհնարինության դեպքում տրամադրել հայցվող տեղեկությունները։ Մասնավորապես, խնդրել ենք հայտնել, թե ինչ նպատակով է հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել ՀՀ-ին, ի՞նչ է կառուցվում այնտեղ, ի՞նչ նպատակով, եւ արդյո՞ք դա որեւէ կերպ կապված է ռուսական զորքերի կամ ռուս սահմանապահների հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս է կապված եւ իրավական ի՞նչ հիմքով։
Միաժամանակ խնդրել ենք հայտնել՝ տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կապվա՞ծ է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ թե՞ ոչ։ Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված՝ նախագծային փաստաթղթերը՝ ճարտարապետաշինարարական լուծումների մասով, կառուցապատողը համաձայնեցնում է նաեւ համայնքի ղեկավարի եւ անհրաժեշտության դեպքում` պաշտպանության ոլորտի լիազորված մարմնի հետ, այսինքն՝ համայնքը, ամեն դեպքում, անմասն չի մնում այդ գործընթացից, իսկ գաղտնի տեղեկությունների բացակայության դեպքում նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը եւ շինարարության թույլտվությունը միայն լիազոր մարմնի, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ի տիրույթում է։
ԱԱԾ-ն դարձյալ մեկամսյա ժամկետ է խնդրել հարցմանը պատասխանելու համար։ Ըստ այդմ, պատասխանն ուղարկել է այս տարի՝ 2023 թ․ հունվարի 27-ին։
Հարցման պատասխանում ԱԱԾ-ն արձանագրել է այն, ինչն առանց դրա էլ պարզ էր․ «Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ 13.07.2022 թվականի 118-Ա որոշման մեջ նշված չէ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական սահմաններում գտնվող 2 հեկտար մակերեսով հողամասը ՀՀ նվիրատվության կարգով հանձնելու նպատակը»։ ԱԱԾ-ն նաեւ հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական-վարչության եւ Նոյեմբերյան համայնքի կողմից նշանակված լիազոր անձի միջև 12.01.2023 թ․-ին Նոյեմբերյանի նոտարական գրասենյակում կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը մուտքագրվել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում եւ 23.01.2023 թ-ին ստացվել անշարժ գույքի վկայական․ «Վերոնշյալ հասցեում ՀՀ ԱԱԾ-ի կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում»,-ասված է պատասխանում։
Նկատենք, սակայն, որ հարցմամբ չէինք էլ նշել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։
Այսպիսով, սահմանամերձ Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը, ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, արտաքին անվտանգության խնդիրների լուծման նպատակով, սակայն թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ շինարարություն է այնտեղ իրականացվել, որքանով եւ իրավական ինչ հիմքով դա կապ ունի ռուս զինծառայողների հետ, ամիսներ տեւած գրագրության արդյունքում այդպես էլ մնացին չպարզված՝ պայմանավորված պետական կառույցների խուսափողական պատասխաններով։
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Ռոման Աբովյանի
15:31 - 22 մարտի, 2023