ԿԱՐԴԱԼԻՔ

«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- դատարանում ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։ Խոսքը այն նահանջի մասին է, որի համար հիշյալ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Զրահատանկային գումարտակը բնագծում տանկեր չի ունեցել Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Հրաչյա Ղազարյանը, որը որպես վկա է դատակոչված, այսօր հայտնեց, որ Գաբրիելյանին ճանաչում է 2019 թ․-ից, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան կորպուսի հրամանատարի հանձնարարությամբ տեղափոխվել են պաշտպանական շրջան, դիրքավորվել։ Հոկտեմբերի 3-ին իրենց հրետանային մարտկոցը շտաբի պետի հրամանով առանձնացել է իրենցից, ուղարկվել Արթուր Քոչարյանի ստորաբաժանմանը աջակցելու (ողջ անձնակազմը այդտեղ զոհվել է,- հեղ․)։ Հաջորդ օրը իրենց է միացել Հովիկ Գաբրիելյանը (մինչ այդ գտնվում էր ՌԴ-ում «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով,-հեղ․) եւ ստանձնել հրամանատարությունը։ Եղել են մոտ 110 հոգի, ունեցել՝ 7 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) եւ ավտոմատներ, որոնցով, ըստ վկայի, հնարավոր չէր խնդիր կատարել։ Խրամատները ամբողջովին կահավորված չեն եղել, կահավորել են, ինչպես կարողացել են։ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրենց տանկերը իրենց մոտ չէին․ «Կորպուսի հրամանատարի հրամանով․ ասել էր՝ Գաբրիելյանը գա, նոր․․․ Քանի որ տանկային վաշտը զորամասի գլխավոր հարվածային ուժն էր, ինքն էլ Գաբրիելյանին շատ էր ընդունում, վստահում, որովհետեւ էն եզակի հրամանատարներից էր, որ անձամբ էր տանկի մեջ եղել զինվորի հետ, ասում էր՝ թող գա, իր վերահսկողության տակ․․․ Գուցե նպատակ ունենալով՝ լուրջ խնդիրների համար․․․»,- հայտնեց վկան։ Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ մինչ հոկտեմբերի 4-ը հակառակորդի կենդանի ուժ չեն տեսել։ Արդեն հոկտեմբերի 4-ին մարտերը թեժացել են․ «Մոտ 2 կմ այն կողմ թուրքական մի գյուղ կար, նկատեցինք, որ հակառակորդը սկսեց կուտակվել այդտեղ՝ ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ անձնակազմով․․․ Գաբրիելյանը հրաման տվեց, որ ճնշենք․․․ Բոլոր հրամաննները, ինչքան նկատել եմ, զեկուցում էր, թույլտվություն ստանում»,- պատմեց Ղազարյանը։ Նրա խոսքով՝ 1-2 ժամ անց՝ մթնշաղին մոտ, իրենց ունեցած միջոցները այլեւս չէին բավարարում, իսկ թշնամին առաջ էր գալիս իրենց ուղղությամբ՝ դեպի աջ․ «3-4 տանկ էր ու հետեւակ․․․ Հրամանատարը կորպուսի հրամանատարի հետ խոսելուց հետո ասաց՝ հակատանկային միջոցները կրակեն, կրակեցինք, բայց արդյունավետ չէր, Արալեռի կողմից միայն մի տանկ խոցեցին»,- պատմեց վկան՝ նշելով, որ մյուս տանկերից այլեւս տեղեկություն չեն ունեցել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը - Եղած միջոցներից որքա՞նն եք կրակել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ - Կեսը կրակել ենք 1-1,5 ժամ, արդեն մութ էր, իմաստ չուներ,- պատասխանեց վկան։ - Որ դադարեցրիք, հակառակորդը եկա՞վ ձեր ուղղությամբ։ - Չէ, այսինքն՝ ոչ թե չի եկել, այլ ինչքան տեսողություն ունեինք, նկատել ենք, որ չի եկել, բայց չէր բացառվում, որ գալու լիներ, մենք չունեինք տեսողական սարքեր։ - Հարգելի՛ վկա, եկե՞լ է թե ոչ։  - Չենք տեսել․․․ Ուղիղ հարձակում չի եղել։ - Իսկ ոչ ուղի՞ղ։ - Երբ հակառակորդը գալիս, անցնում, քեզնից աջ է գնում․․․ - Բայց թիկո՞ւնք է անցնում։ - Ես չեմ կարող ասել։ - Մինչեւ դուրս գալը ի՞նչ խոսակցություն է եղել վերադասության հետ։ - Գաբրիելյանը անընդհատ կապի միջոցներով խոսում էր, ուզում էր իմանալ՝ ինչ կա, ինչ է լինելու, ասաց՝ մնալ էլ հնարավոր չէ, ձախից մարտի ձայներ էին, դա բոլորն էլ լսել են, ինտենսիվ կրակ է եղել, ոնց հասկացել ենք, մենակ ենք մնացել․․․ - Պատասխան, պարզաբանում եղե՞լ է։ - Ես չեմ լսել՝ ինչ են ասել, ինչ չեն ասել։ - Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր մնալ։ - Շրջափակման վտանգ կար։ Նույնիսկ ջղայնացած, գոռգռալով խոսակցություն էր գնում, ոնց որ ասեին՝ ինչ ուզում եք, արեք, էս պահի դրությամբ օգնություն չկա, տպավորությունը այդպիսին էր։ - Այդ վտանգը ինչի՞ հիման վրա էր։ - Ձախից գործողություններ են գնացել, էս մի կողմից անցել են, ուշ ժամի, երբ արդեն լավ մութ էր, 2-3 կրակոց էլ է եղել մեր ուղղությամբ, դրա մասին էլ է զեկուցվել։ Խոսակցությունից հասկացա՝ մի խոսքով՝ ինչ կուզես, արա, բառացի չեմ կարող ասել։ - Եթե ձախում մարտեր էին, նշանակում է՝ մեր ԶՈՒ ստորաբաժանում կար այնտեղ, չէ՞։ Որպեսզի ձեզ շրջափակեին, պիտի նրանց ճեղքեին, ճի՞շտ է։ Նման բովանդակությամբ խոսակցություն եղե՞լ է։ - Չէ։ - Բա որտեղի՞ց եք ենթադրել, որ շրջանցելու է։ - Քանի որ ձայներ են լսվել ձախ կողմից, աջից էլ եկել, անցել են, դեմս էլ կուտակված են, հարեւանների հետ էլ կապ չկա․․․ Ըստ վկայի՝ զինվորները վատ բարոյահոգեբանական վիճակում էին Երեկոյան ուշ ժամի, երբ արդեն մութ էր, ըստ վկայի, անձրեւ է սկսվել, մառախուղ է եղել, իսկ իրենք գիշերատեսիլ սարքեր չունեին․ «Զինծառայողները ճնշված էին, ընկճված, հոգնած ու սոված․․․ Նենց պահ էր, որ անընդհատ՝ հեսա կբերենք, համբերեք, սպասեք, ու ուշանում էր, ու ընկճված, սոված վիճակ էր, մի սուտկա առավոտից հաց չէին կերել [զինվորները]։ Թիկունքը 4 կմ հեռավորության վրա՝ չէին կարողանում սնունդ, զինամթերք բերել»։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը - Վերջին անգամ սնունդ ե՞րբ է մատակարարվել։ - Հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 3-4-ին կարիք եղել է, չեն կարողացել բերել․ անձնակազմը դուրս էր գալիս՝ խոցում էին․․․ - Այսինքն՝ սնունդ բերելը վտանգավո՞ր էր,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ - Բայց անհնա՞ր էր։ - Հնարավորության դեպքում բերում էին։ Չէին կարող շատ բերել․ համ պահպանման խնդիր կար, համ տեխնիկայի․․․ Երկու հոգու համար՝ մի բուխանկա, կես երշիկ։ Ղազարյանը տեղյակ չէր, որ իրենցից աջ հայկական ստորաբաժանում է եղել Իրենցից աջ տեղակայված հայկական ստորաբաժանման մասին Հրաչյա Ղազարյանը տեղեկություններ չուներ, ասաց՝ չի էլ իմացել, որ աջ կողմից զորք է տեղակայված եղել, իսկ ձախը մինչեւ Արալեռ դատարկ է եղել։ Ասաց՝ իրենք միայն ներքին կապ են ունեցել, իսկ հրամանատարը ունեցել է ռադիոկապ նաեւ վերադասության հետ, բայց աջակողմյան զորքի հետ խոսակցություններ չի լսել, միայն՝ կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի հետ։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Պաշտպան Խաչիկյանը հիշեցրեց ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար, վկա Համլետ Լեւոնյանի ցուցմունքը, ըստ որի՝ իրենք էլ են նույն վիճակում եղել, բայց չեն նահանջել եւ դիմակայել են։ Լեւոնյանը հենց այն ստորաբաժանման ղեկավարն է, որը, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ - Նա նաեւ մեղադրեց ձեր ստորաբաժանմանը, հատկապես Հովիկ Գաբրիելյանին, որ ձեր հետքաշվելու արդյունքում թշնամին թեւանցել է, եւ իր տղաներից զոհվել են։ Եվ ըստ նրա՝ միակ ճանապարհը, որ բաց է եղել, ձեր զորամիավորման տարածքն էր, որով  էլ հակառակորդը մտել է։ Ի՞նչ կասեք։ - Որ բարոյահոգեբանական վիճակը նույնը կլիներ, չեմ ժխտում, կարգավիճակն էլ՝ տեղանքի, ապահովումների առումով․․․ Ինչ վերաբերում է մեզնից ձախ փակ լինելուն, ես անձնակազմ չեմ նկատել, եթե ինքը ուրիշ տեղեկություն ունի, չեմ կարող դա հասկանալ, ես չեմ նկատել,- պատասխանեց վկան՝ հայտնելով, որ Հայկ անունով մեկի հրամանատարությամբ ՀՀ ԶՈՒ-ից 20-հոգանոց անձնակազմ է եկել, առանց կապի միջոցների տեղակայվել, Գաբրիելյանն էլ ասել է՝ որ մի բան լինի, գոնե  նրանց ձայն տաք։ - Եթե տանկեր լինեին ձեզ մոտ, կարո՞ղ էիք դիմակայել։ - Միանշանակ, խնդիր կկատարեինք,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ տանկերը կարող են խոցել մինչեւ 4 կմ, իսկ իրենց մոտ եղած ՀՄՄ-ները՝ 500 մ։ Վկան մեղադրյալին դրական բնութագրեց Դրանից հետո՝ կեսգիշերին մոտ, ձախ թեւից մի քանի կրակոց է եղել իրենց ուղղությամբ, մարտի ձայներ են լսվել։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ստիպված են եղել հետ քաշվել․ «Արդեն ահագին ուշ էր, ցուրտ, Գաբրիելյանը կապ տվեց, ասեց՝ սենց ա վիճակը, էլ տարբերակ չկա մնալու, ձախից էլ, աջից էլ ձայներ կան, մեծ է վտանգը․․․ Տպավորությունս այն էր, որ այս պահին չենք կարող քեզ օգնության հասնել, դու որոշի»։ Հետ են քաշվել 3-4 կմ, տեղակայվել, սակայն այնտեղ էլ չեն մնացել։ Վկայի խոսքով՝ չէին կարող դիմակայել, ուստի նահանջել են Հադրութ, գնացել Հադրութի զորամաս։ Հաջորդ օրն իրենց ուղարկել են այլ տեղանք։ - Կորպուսի հրամանատար ժիրայր Պողոսյանը իր ցուցմունքում նշել է, որ Հովիկ Գաբրիելյանը խաղաղ վիճակում շատ լավ սպա էր, բայց պատերազմի ժամանակ, մեղմ ասած, վատ հրամանատար էր։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։ - Ես բացասական ոչ մի բան չեմ տեսել, իր կարողությունները միշտ եղել են բարձր մակարդակի, իսկ պատերազմի ժամանակ ուղղակի զինվորի հետ խրամատում է եղել, մնացած կարծիքները թողնում եմ սա լսողներին։ - Եթե Դուք լինեիք նրա փոխարեն, նման հրաման կկայացնեի՞ք։ - Միգուցե կայացնեի,- պատասխանեց վկան։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ղազարյանը Միլենա Խաչիկյան
23:00 - 24 փետրվարի, 2025
Մտքի կենտրոնները Հայաստանում․ ազդեցությունը որոշումների կայացման վրա և խնդիրները

Մտքի կենտրոնները Հայաստանում․ ազդեցությունը որոշումների կայացման վրա և խնդիրները

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Համաժողովների քննարկումներից մեկը մտքի կենտրոնների գործունեության և կառավարության հետ համագործակցության մասին։ Քննարկմանը մասնակցում էին «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի՝ հաղորդակցության հարցերով ղեկավար Գրետա Ավետիսյանը, Ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը, Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Հայկ Քոչարյանը, նույն կենտրոնի հետազոտող, ԵՊՀ դասախոս Աննա Գևորգյանն ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գորգ Տեր-Գաբրիելյանը։ Պանելը վարում էր Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, որը քննարկումը սկսեց՝ ներկայացնելով, թե ինչպես 20-րդ դարում ԱՄՆ-ում զարգացավ think tank, հայերեն՝ մտքի (նաև՝ ուղեղային/վերլուծական) կենտրոն եզրույթը։ Աննա Գևորգյանը նշեց, որ վերլուծական կենտրոնները ստեղծվեցին՝ դառնալու կամուրջ կառավարողների ու ակադեմիական համայնքի միջև․ «100 տարի առաջ ԱՄՆ-ում մտահաղացել են այդպիսի մի գաղափար, որ ակադեմիայում մարդիկ զբաղված են գիտությամբ, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ժամանակ չունեն տասնյակ էջերից բաղկացած և հարյուրավոր հղումներից բաղկացած հոդվածներ կարդալու, բայց անհրաժեշտություն կա քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելիս հիմնվել գիտական հետազոտությունների վրա, և որոշել են ստեղծել մի կամրջող օղակ, որոնք կոչվում են մտքի կենտրոններ, և որոնք, ծանոթ լինելով այդ գիտական հետազոտություններին, կիրառական, պրակտիկ վերլուծություններով կօգնեն քաղաքականություն մշակողներին»։ Տիգրան Գրիգորյանը նկատեց՝ Հայաստանի պարագայում վերլուծական կենտրոնների ստեղծման մեծ խթան հանդիսացավ Արցախյան երկրորդ պատերազմը․ «Այդ պատերազմը ի ցույց է դրել ոչ միայն պետական համակարգում կոմպետենտության հետ կապված խնդիրները, այլ նաև վերլուծական դաշտում: …. Մենք հիշում ենք, թե ինչպիսի ինտելեկտուալ մթնոլորտ էր տիրում Հայաստանում մինչև պատերազմի մեկնարկը, այդ թվում նաև պատերազմի ընթացքում, հատկապես արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում։ Կային պատկերացումներ մեր միջավայրի մասին, որոնք ընդհանրապես չէին համապատասխանում իրականությանը, ավելի շատ մեր կողմից հորինված ինչ-որ պատրանքներ էին, և պատերազմը ցույց տվեց, որ մենք ինչ-որ չափով այդ պատրանքների զոհ դարձանք»։  Տիգրան Գրիգորյանը Քաղաքագետի խոսքով այդ պատրանքները գոյություն ունեին ոչ միայն վերլուծական շրջանակներում, այլ նաև որոշում կայացնողների շրջանակում․ «Վստահ եմ, որ մեր քաղաքական էլիտայի բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ պատերազմի ընթացքում որոշում կայացնողները պատրաստվում էին այլ տեսակի պատերազմի, որովհետև մտայնությունն այն էր, որ պատերազմը լինելու է կարճ, ինչ-որ արտաքին խաղացողներ կանգնեցնելու են արագ, և այդ տրամաբանությամբ էր կառուցված նաև ողջ ռազմավարությունը ինչպես զինված ուժերում, այնպես էլ ավելի բարձր մակարդակում»։  Պանելիստները հաջորդիվ քննարկեցին հետևյալ հարցը․ արդյո՞ք Հայաստանում մտքի կենտրոնները կարողանում ազդել վարվող քաղաքականության, որոշումների կայացման վրա, կա՞ համագործակցություն պետական համակարգի հետ, և եթե մտքի կենտրոնների վերլուծությունը քննադատական տարրեր ունի, ինչպե՞ս է դա ընկալվում։ Տիգրան Գրիգորյանը նշեց՝ իր ղեկավարած Ժողովրդավարության անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ու կառավարության միջև ուղիղ շփում չկա, չնայած իրենք բոլոր միջոցառումներին, քննարկումներին հրավեր են ուղարկում նաև պետական մարմիններին։ Նա նշեց՝ վերջին օրինակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված փախստականների թեմայով համաժողովն էր, որին պետական մարմիններից մասնակիցներ չկային։ Քաղաքագետի խոսքով ինչ-որ առումով հնարավոր է միջնորդավորված կերպով ազդել քաղաքականության վրա․ երբ, օրինակ, հրապարակվում է որևէ հետազոտություն, այն միգուցե տեղ հասնում է, սակայն նաև նկատվում է, որ կառավարությունն ավելի շատ առաջնորդվում է լոյալության սկզբունքով․ «Հիմնական միտումը լոյալությունը ամեն ինչից վերև դասելն է, ու սա վերաբերում է ոչ միայն վերլուծական դաշտի հետ փոխգործակցությանը, այլ նաև պետական համակարգում։ Վստահաբար վերլուծական դաշտի մի մասի հետ շփման մեխանիզմներ ստեղծվել են վերջին տարիների ընթացքում։ Վարչապետի մակարդակով, այլ պաշտոնյաների մակարդակով պարբերական շփումներ լինում են վերլուծական դաշտի կամ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, բայց այստեղ, կարծում եմ, գլխավոր սկզբունքը հենց դա է։ Չեմ ասում՝ ով հրավիրվում է, լոյալ է իշխանություններին կամ չի քննադատում, բայց հիմնականում լոյալության սկզբունքի հիման վրա է դա տեղի ունենում»։ Տիգրան Գրիգորյանը նշեց՝ իրենց կենտրոնի ստեղծման պահից ավելի մեծ շփումներ ունեն միջազգային տարբեր գործընկերների հետ՝ սկսած ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև դեսպանտների ներկայացուցիչներ, քան Հայաստանի իշխանությունների հետ․ «Շատ հաճախ որոշումները կայացվում են առանց փորձագիտական դաշտի հետ պատշաճ քննարկումների, ու խոսքը ոչ միայն անվտանգության կամ արտաքին քաղաքականության ոլորտի մասին է։ Բոլոր հարցերում տեսնում ենք, որ կարծես թե ի սկզբանե որոշումը կայացվում է, հետո են քննարկումները տեղի ունենում, հետո պարզվում է ընթացքում, որ այդ որոշումը վատ որոշում է, և ինչ-որ փոփոխություններ են մտցնում»։  Մյուս կողմից էլ քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում ռեպրեսիվ քայլեր, մեխանիզմներ գոյություն չունեն․ «Վատագույնը, որ քեզ սպառնում է իշխանության քաղաքականությունը քննադատելիս, այն է, որ չես հրավիրվելու տարբեր հանդիպումների»։ Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց՝ իրենք տարբեր փաստաթղթեր են մշակում, որոնք այս կամ այն ոլորտին վերաբերող քաղաքականության մասին առաջարկներ են ներկայացնում, ինչպես նաև համագործակցում են կառավարության տարբեր մարմինների հետ․ «Եղել է իրադրություն, երբ նախարարության հետ հավասարը հավասարին ենք աշխատել ինչ-որ փաստաթղթի շուրջ, եղել է, երբ մենք ենք առաջարկել նրանց, եղել է, որ նրանք են մեզ առաջարկել։ Ու ընդհանուր գիծը ոչ միայն հիմա, այլև նախորդ կառավարությունների ժամանակ, այն է, որ կառավարությունը միշտ ունի առավելություն։ Նույնիսկ երբ դուք երկխոսում եք հավասարազոր, նա հաղորդելու բան ունի քեզ, իսկ թե քո հաղորդածից ինքը հետո ի՞նչ կօգտագործի, շատ-շատ իմանաս մեդիայից»։ Նա, սակայն շեշտեց, որ եթե ազդեցություն լինում է, լինում է ոլորտային տեխնիկական հարցերի մակարդակում, և ոչ մեծ քաղաքականությունների վրա։ Աննա Գևորգյանը նշեց՝ շատ հաճախ հանրության մոտ տպավորությունն այնպիսին է, որ վերլուծաբանները պիտի լինեն իշխանական կամ հակաիշխանական ակտիվիստներ․ «Ընկալումը, որ մարդը կարող է խոսել իր մասնագիտական դիրքից, վերլուծություն անել, և իր համար կարևոր է, որ այդ վերլուծությունը օգտագործեն քաղաքական դաշտի բոլոր դերակատարները՝ անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն, որովհետև դա ընդհանուր հանրային բարիքին ուղղված գործընթաց է, ցավոք սրտի մեր հասարակության մեջ չկա։ Եվ դա անդրադառնում է նաև իշխանության պատկերացումների վրա, թե ինչպես պետք է շփվել վերլուծական կենտրոնների հետ։ Ինստիտուցիոնալ շփում և այդ շփման կարևորության ինստիտուցիոնալ ընկալում չկա»։  Հետազոտողը նշեց, որ անկախ այդ հանգամանքից՝ իրենց վերլուծություններն անպայման ուղարկում են պետական մարմիններին, եթե գտնում են, որ կարևոր է՝ վերջիններս ծանոթանան։ Երբ պաշտոնական գրագրությունն էլ չի օգնում, շատ հաճախ կառավարության ոչ շատ բարձր օղակներում կապերն են փորձում օգտագործել՝ ասելիքը տեղ հասնցելու ու իրենց միջոցառումներին ներկայություն ապահովելու նպատակով։  Գրետա Ավետիսյանը նշեց՝ կառավարության հետ կապը պահել փորձում են, իրենց միջոցառումների, հանդիպումների մասնակցության առաջարկներին էլ արձագանքներ լինում են։ «Կուզեմ ասել, որ ոչ թե իշխանություն, այլ պետություն համագործակցությունն է այստեղ կարևոր, որովհետև իշխանությունները փոխվում են, իսկ պետության կարևորությունը մնում է նույնը»։ Գրետա Ավետիսյանը Պանելիստները հաջորդիվ պատասխանեցին հետևյալ հարցերին․ արդյո՞ք Հայաստանում կատարվող վերլուծությունների վրա ազգային գաղափարների ազդեցությունը կա, արդյո՞ք դա խանգարում է,  ինչպե՞ս է պահպանվում կապը գիտության հետ, և ինչպե՞ս է լուծվում ոլորտում կադրերի հարցը։ Գևորգ Տեր-Գաբրիելյանը հիշեց, թե ինչպես է ուկրաինացի փիլիսոփաներից մեկի մոտ այսպիսի մի ձևակերպում կարդացել՝ էթնոպիա՝ էթնոս և ուտոպիա բառերի միաձուլումից․ «Մեր հայաստանյան հասարակական դիսկուրսը, գիտականն էլ հետը, ամբողջովին դրանով ծածկված է վերջին 30 տարվա ընթացքում և պարզ պատճառներով, որովհետև այդ գաղափարախոսությունը կառուցվել է, այն ֆինանսավորվել է, և եթե կար ընտրություն, ասենք, հետազոտելու՝ ինչ է կատարվել Հայաստանում 1945 թ․, և արդյ՞ոք Արատտան հայկական թագավոր է եղել, գերադասությունը տրվել է նրան, որ ապացուցենք՝ Արատտան հայկական թագավոր էր։ Աշոտ Ոսկանյանը հետազոտություն ունի այն մասին, թե ինչպես այսօր նույնիսկ դեռևս գործող, թեև արդեն դեմոդե դարձած հասարակական գիտությունների ռազմավարությունը՝ պաշտոնապես ընդունված Հայաստանում, ունի այսպիսի ֆրազ՝ եթե պատմական փաստը հակասում է ազգային շահերին, պետք է գերադասել ազգային շահերը։ Մենք ապրում ենք Հայաստանում այդ իրականության մեջ»: Գևորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց՝ ճշմարտությանը փոքրիշատե մոտենալու համար պետք է դուրս գալ այդ փակուղուց։ Տիգրան Գրիգորյանն ասաց՝ իհարկե, կան թեմաներ, ինչպես օրինակ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, որտեղ դժվար է ամբողջովին օբյեկտիվ լինել։ Սակայն քաղաքագետը նշեց, որ միջազգային լսարանին ուղղված նյութերում վերջիններիս համար ընդունելի ու ընկալելի բառապաշար են փորձում ընտրել։  Գիտության հետ կապն էլ ապահովվում է հետևյալ կերպ․ իրենց թիմում կան և՛ պրակտիկ գիտելիքներ ունեցող մարդիկ՝ ռազմարդյունաբերության, անվտանգային և այլ ոլորտներից, և՛ ակադեմիայից մարդիկ․ «Շատ հետաքրքիր է, թե ինչպես ես պրակտիկ գիտելիքը մեկտեղում գիտական լեզվի, գիտական թեզերի հետ ու արդյունքում շատ հետաքրքիր նյութ ես ստանում»։ Աննա Գևորգյանը նշեց՝ իրենց կենտրոնի աշխատակիցների մեծ մասը նաև գիտությամբ է զբաղվում, և ակադեմիայի, գիտության հետ կապն ինքնսըտինքյան ապահովված է։ Հետազոտողն ապա խոսեց մտքի կենտրոնների մի կարևոր գործառույթի մասին, որը կա Արևմուտքում՝ քաղաքականության համար մարդկային կապիտալ ապահովելը․ «Այս օրերին էլ թրամփյան ադմինիստրացիան խոսում է այն մասին, որ նույնիսկ տասնյակ հազարավոր [պաշտոնյաներ] պետք է փոխվեն։ Որտեղի՞ց պիտի գան այն մարդիկ, որոնք պիտի ծանոթ լինեն պետական քաղաքականություններին, համապատասխան գիտելիքներ և փորձառություն ունենան։ Նրանց համար այդ դաշտը վերլուծական կենտրոնների ընձեռած մարդկային կապիտալի հնարավորություններն են։ Շատ հաճախ այդ վերլուծական կենտրոններում աշխատողները հետո տեղափոխվում են պետական համակարգեր։ Վերջին օրինակներից է թրամփյան առաջին ադմինիստրացիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ջոն Բոլտոնը, որը մինչ այդ վերլուծական կենտրոններում աշխատող վերլուծաբան էր և անմիջապես հետո դարձավ անվտանգության հարցերով խորհրդական Թրամփի ադմինիստրացիայում և հետո պաշտոնից ազատվելուց հետո վերադարձել է այդ դաշտ»։  Աննա Գևորգյանի խոսքով Հայաստանում այդ պրակտիկան կայացած չէ, քանի որ հաճախ չկուսակցականացված լինելը համարում են չքաղաքականացված լինելու հոմանիշ․ «Պահանջում են, որ կապ չունենաս առհասարակ պետական համակարգերի հետ, իսկ եթե երբևէ ունեցել ես, շեղ աչքով են քեզ նայում, որովհետև համարում են, որ դու ինչ-ինչ ջատագովությամբ ես հավանաբար զբաղվում, ոչ թե իրական հետազոտություններով։ Մյուս կողմից, վերլուծական կենտրոնների մեջ էլ շատ քիչ են նրանք, որոնք պետական համակարգում աշխատած մարդու պոտենցիալը փորձում են ներգրավել իրենց աշխատանքներում և հնարավորություն տալ, որ այս մարդն, իր գիտելիքները զարգացնելով, տարիներ հետո էլի պատրաստի կադր լինի ներգրավվելու պետական համակարգում»։ Անդրադառնալով վերլուծական դաշտի համար կադրեր գտնելու խնդրին՝ Հայկ Քոչարյանը նշեց՝ մարդկային ռեսուրսի բացը լրացնելու հարցում իրենց օգնում է այն, որ կենտրնի հետազոտողները դասավանդում են և կարողանում են ուսանողներին ներգրավել։ Պանելիստները հաջորդիվ անդրադարձան ԶԼՄ-ների հետ աշխատանքի և հանրությանը լսելի լինելու հարցին։  Տիգրան Գրիգորյանը նշեց՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում բևեռացվածություն է նկատվում, և դետալիզացված ինֆորմացիայի փոխարեն մարդիկ փորձում են իրենց տեսակետին համապատասխանող ինֆորմացիա գտնել․ «Վերլուծական դաշտը ունի այդ խնդիրը, հատկապես այն մարդիկ, որոնք զբաղվում են գիտությամբ, մասնագիտացված են ինչ-որ խնդիրների մեջ, պետք է այդ պրոդուկտը ավելի հասանելի դարձնեն ավելի լայն զանգվածների համար։ Չգիտեմ՝ ինչպես կարելի է այդ հարցին լուծում տալ, որովհետև հատկապես այս տիպի միջավայրում, որ պերմանենտ ճգնաժամի մեջ է գտնվում պատերազմի արդյունքում, մարդիկ նաև ինչ-որ պոզիտիվ ինֆորմացիայի կարիք ունեն»։ Քաղաքագետը կարևորեց, որ մեդիայում ֆիլտրեր աշխատեն, և լրատվամիջոցները պատասխանատվություն վերցնեն, թե ում են ձայն տալիս։  Հայկ Քոչարյանն էլ նշեց, որ սոցցանցերի և ժամանակից կարճ տեքստի ընկալման խնդիր կա․ մեծ տեքստերը չեն ընկալվում։ Նրա խոսքով եթե գիտնականներն ու վերլուծաբանները սկսեն մրցակցել կարճ և հեշտ մարսվող բովանդակություն ստեղծողների հետ, վերջիններիս գործիքներով աշխատել, կվնասեն իրենց հիմնական գործին։  Հայկ Քոչարյանը Պանելիստները նաև անդրադաձրան ֆինանսական խնդիրներին, որոնք սրվել են հատկապես վերջին շրջանում՝ ամերիկյան ֆոնդերի կրճատմամբ պայմանավորված։ Տիգրան Գրիգորյանը նշեց, որ ըստ հետազոտություններից մեկի՝ զարգացած երկրների վերլուծական կենտրոնների 70%-ում ֆինանսավորումը ներքին է՝ տարբեր ընկերություններից, կորպորացիաներից, կառավարությունից։ Մինչդեռ Հայաստանի նման միջին զարգացվածության կամ ավելի ցածր մակարդակ ունեցող երկրներում մեծամասամբ արտաքին ֆինանսավորում է։  Քաղաքագետի խոսքով ներկայիս ֆինանսական ծանր իրավիճակում կառավարությունը կարող էր որոշակի կերպով աջակցել վերլուծական կենտրոններին՝ հարկային արտոնություններ տալով կամ կրկին հարկային քաղաքականությամբ խրախուսելով նման կենտրոններին  նվիրատվությունները․ «Հայաստանի պարագայում տեսանք, որ առանձնահատուկ համագործակցություն չկա, ու նաև նախընտրական տարի է։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ քայլեր պետության կողմից կլինեն, բայց իհարկե այստեղ պետք չէ ողջ խոսակցությունը հանգեցնել պետության դերակատարությանը, սա առաջինը մեր խնդիրն է, և մենք պետք է փորձենք դաշնակիցներ գտնել նաև Հայաստանի ներսում, որոնք կարող են հետաքրքրված լինել ոլորտի գոյությամբ»։  Աննա Գևորգյանը նշեց՝ որպեսզի իրենց կենտրոնում կարողանան զբաղվել վերլուծական աշխատանքով, շատ հաճախ այլ աշխատանքներով են զբաղվում, և միայն այդ լրացուցիչ աշխատանքների շնորհիվ է, որ կարողանում են վերլուծություններ իրականացնել։ Գրետա Ավետիսյանն էլ նշեց, որ վերլուծական կենտրոնները կայացած չեն որպես կառույցներ․ դրանք շատ հաճախ չունեն ֆոնդհայթայթման մասնագետներ, հաշվապահներ և այլն․«Շատ-շատ կարևոր է ֆինանսական ապահովության համար որպես կառույց կայանալը»։ Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ գիտության միջազգայնացման վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան  
19:15 - 23 փետրվարի, 2025
Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ

Հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայնացումը․ միջազգային ու հայկական ամսագրեր և պետական կարիքներ

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Հաջորդիվ գիտության միջազգայնացման հարցերն էին քննարկում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը և Քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Նարեկ Սուքիասյանը: Քննարկումը վարում էր Հնագիտության Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ՀԱՀ դասախոս Լիլիթ Ղազարյանը։ Առաջինը քննարկման մասնակիցները պատասխանում էին այն հարցին, թե ինչ է նշանակում գիտության միջազգայնացում, և հումանիտար, հասարակագիտական ուղղություններում ինչ չափորոշիչներ կան, որոնցով գիտությունը համարվում է միջազգային։  Էդիտա Գզոյանը նկատեց՝ գիտության միջազգայնացումն արհեստական տերմին է, և «գիտությունն ինքնին պետք է միջազգային լինի»։ Էդիտա Գզոյանը Արշակ  Բալայանը համաձայնեց, որ գիտությունը համամարդկային է, սակայն նաև շեշտեց՝ տարբեր հետազոտական խմբեր ունեն մոտեցումների նուրբ տարբերություններ, և հանուն արտասահմանում հրատարակվելու պետք չէ խուսափել յուրովի մոտեցումից․ «Լինում է, երբ գիտնականները, կռահելով տվյալ ամսագրի առաջնահերթությունները, փորձում են իրենց դրույթները, թեզերը, պնդումները համաձայնեցնել խմբագիրների քիմքին և ոչ թե արտահայտել այն մտքերը, այն եզրահանգումները, որոնց իրենք հանգել են, որոնց օգտին ունեն բավարար հիմքեր»։  Գիտնականը նաև նշեց՝ պետության վերջին տարիների քաղաքականությունն օգնում է միջազգայնացմանը, տպագրությունների թիվն ավելացել է։  Արսեն Բոբոխյանը նշեց՝ գիտելիքը գոյություն ունի մեզնից անկախ, և երբ գիտելիքին մոտենալու մեթոդները նմանվում են, ուրեմն գործ ունենք միջազգային գիտության հետ։ Նա նաև շեշտեց, որ թե՛ հումանիտար ու հասարակագիտական, թե՛ բնագիտամաթեմատիկական ուղղությունների դեպքում այդ մեթոդաբանությունը նույնն է։  «Երբ մենք խոսում ենք հայկական գիտության մասին, մենք պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ գիտությունը որոշակի լանդշաֆտում է ստեղծվել, որոշակի տարածության մեջ, և այդ տարածությունը ուղղակիորեն ազդել է այն մարդկանց վրա, որոնք վարում են այդ գիտությունը, որոնք այդ գիտությունը մտցնում են շրջանառության մեջ։ Եվ այդ սուբյեկտիվությունից, հատկապես հումանիտար գիտություններում, դժվար է խուսափել։ Եվ այնտեղ, որտեղ մենք հեռանում ենք սուբյեկտիվությունից, մոտենում ենք միջազգային գիտությանը»,- ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը։ Նարեկ Սուքիասյանը միջազգայնացման համատեքստում մի խնդրի անդրադաձրավ․ հումանիտար և հասարակագիտական ուղղություններում ուսանողներին համապատասխան մեթոդաբանություն չի դասավանդվում, և այն գիտնականները, որոքն միջազգային տպագրություններ ունեն, կա՛մ արտասահմանում են կրթվել, կա՛մ էլ ինքնուրույն են գտել այդ ճանապարհները։  Նարեկ Սուքիասյանը Էդիտա Գյոզյանը նշեց՝ միջազգայնացում նշանակում է ոչ միայն տպագրվել միջազգային պարբերականներում, այլ նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորել հայկական ամսագրեր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հիշում է՝ իրենց ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը հոդվածներից մեկում չէր թողնում գործածել Կոնստանդնուպոլիս բառը և առաջարկում էր այն դարձնել Ստամբուլ։ Բովանդակային նման սահմանափակումները որոշ դեպքում շրջանցելու ճանապարհներ, ըստ գիտնականի, գտնվում են, սակայն նման դեպքերից խուսափելու համար կարևոր է առաջխաղացնել նաև հայկական ամսագրերը։ «Մեր ինստիտուտում երկու ամսագիր ենք տպագրում, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն, և բացի այն, որ մեր գիտաշխատողները խրախուսվում են արտասահմանում տպագրվել, մենք նաև փորձում ենք մեր ամսագիրը ինտեքսավորել WOS և Scopus հարթակներում այն նպատակով, որ կարողանանք և՛, օրինակ, Կոստանդնուպոլիս բառը, և՛ մեր տեղանունները հանգիստ օգտագործել ու նաև այդ ձևով մեր օրակարգը թելադրել ու առաջ տանել»,- ասաց նա։ Գիտնականը կարևորեց նաև ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու հանգամանքն այն պատճառով, որ այդպես հնարավոր է հասնել միջազգային գիտական հանրությանը։ Նա նշեց՝ համաժողովից առաջ գործընկերների հետ ստուգել է, թե վերջին 30 տարիների ընթացքում հայաստանյան ամսագրերում տպագրված հոդվածներին քանի հղում է կատարվել։ Պարզվել է, որ հղումների թիվն ընդամենը հազար է, ու հղումները կատարվել են մեծամասամբ անգլերեն ու ռուսերեն հոդվածներին։ «Հայերեն գրելու պարագայում շանսերը, որ մեզ կկարդան, ու մեր խոսքը լսելի կլինի արտասահմանում, բավական քիչ են։ ․․․․ Երբ գիտնականները սկսում են ինչ-որ նյութ փնտրել, որպեսզի օգտագործեն, նայում են, թե ինչ ամսագրերում են դրանք տպված, և WOS-ն ու Scopus-ը, կարծեք, ֆիլտր են, որոնք տարանջատում են մտցնում ամսագրերի մեջ։ Շատ հավանական է, որ մի գիտնական, որն, օրինակ, չի ճանաչում՝ այս անուն-ազգանունով մարդը ով է, նայում է, թե որ ամսագրում է տպված նրա հոդվածը, և եթե հեղինակավոր ամսագրում է, դա արդեն ավելի շատ հնարավորություն է տալիս, որ մեր խոսքը լսելի լինի»,- ասաց Էդիտա Գզոյանը։ Հայկական գիտական ամսագրերի խնդիրների համատեքստում Նարեկ Սուքիասյանն առաջակեց խրախուսել դրանց խմբագրական կազմերում արտերկրից խմբագրական գրախոսներ ներառելու պրակտիկան։ Էդիտա Գզոյանն էլ հավելեց՝ ամսագրերի որակի բարձրացման ուղղությամբ միայն պետությունը չէ, որ պիտի քայլեր անի․ «Պետության կողմից պարբերաբար առաջարկներ եղել են խմբագիրներին անել փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան օգնելու այդ ամսագրերին ինդեքսավորվելու։ Ասեմ, որ արձագանքը խմբագրական տներից, մեղմ ասած, գոհացուցիչ չի եղել, ինչի արդյունքը այն է, որ մեր ամսագրերը, որոնք որ 4-5-ն էին, հիմա 3-ն են դարձել միջազգային շտեմարաններում»։ Նա նշեց՝ ի տարբերություն Հայաստանի՝ հարևան երկրներն ինդեքսավորման ուղղությամբ ավելի ակտիվ են․ միջազգային շտեմարաններում Վրաստանը 6 ամսագիր ունի, Ադրբեջանն՝ 9, Թուրքիան՝ 375։ Պանելիստներին ուղղված հաջորդ հարցը գիտաժողովներին մասնակցությունն էր, որոնք, ի տարբերություն միջազգային տպագրությունների, ատեստավորման նոր կարգով գիտական արդյունք չեն համարվում։ Լիլիթ Ղազարյանը Նարեկ Սուքիասյանը նշեց՝ եթե միջազգայնացում ասելով՝ նկատի են առնվում նաև միջազգային համագործակցությունները, ապա պետք է հաշվի առնել, որ այդպիսի  համագործակցությունները ձևավորվում են կոնֆերանսների ժամանակ, ծանոթությունների հիման վրա։ Էդիտա Գզոյանը նշեց՝ ատեստավորման ներկայիս պահանջները մինիմալ պահանջներ են, և ոչ մեկը չի արգելում դրանցից դուրս մասնակցել գիտաժողովների կամ հայերեն հոդվածներ կամ մենագրություններ գրել․ «Ավագ գիտաշխատողից, բաժնի վարիչից հինգ տարվա համար միակ պահանջը մեկ հոդվածի տպագրումն է միջազգային ամսագրերում։ Եկեք ընդունենք, որ ծիծաղալի է։ Այսինքն՝ գիտնականը հինգ տարի աշխատի և ընդամենը մի հոդված տպի, և դա համարենք մի այնպիսի բան, որ չենք կարող հասնել, ճիշտ չէ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ շփումների ժամանակ մշտապես նշում էին, որ դրանք մինիմալ պահանջներն են, և յուրաքանչյուր ինստիտուտ, ելնելով իր առանձնահատկություններից, պետք է ավելացնի այդ ատեստացիայի փաստաթղթի վրա, ինչը մեր ինստիտուտի պարագայում արել ենք։ Օրինակ, հայերենի հուշագրությունները մեզ համար կարևոր են, ավելացրել ենք հուշագրությունների խմբագրություն կետը․ եթե ինչ-որ գիտնական պիտի մասնակցի ատեստացիայի, պետք է ունենա, օրինակ, խմբագրված հուշագրություն, որպեսզի կարողանա հավակնել որևէ պաշտոնի։ Նաև ներառել ենք միջազգային գիտաժողովների մասնակցությունը, ու անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում գիտնականի, որը չի մասնակցում միջազգային գիտաժողովի․ կապ չունի՝ դրա համար միավոր ստանում է, թե չի ստանում»։ Արշակ Բալայանն էլ հավելեց, որ գիտաժողովներն, իհարկե, կարևոր են, սակայն հոդվածների տպագրումը շատ ավելի մեծ ջանք ու աշխատանք է պահանջում, և բնական է, որ Կոմիտեն գիտաժողովներին այնքան մեծ տեղ չի հատկացնում, որքան հոդվածներին․ «Բայց միգուցե պիտի լինեն մեխանիզմներ, հատկապես հաշվի առնելով մեր տնտեսական վիճակը, գիտնականների սոցիալական վիճակը և այլն, որ եթե կան լավ գիտաժողովներ, ապա դրանց մասնակցության հնարավորությունը պետությունը պիտի վերցնի իր վրա։ Միգուցե ունենանք տարբերակված մոտեցում․ գիտաժողովին մասնակցությունը նույնպես խրախուսենք, բայց ոչ այնքան շատ, ինչքան հոդվածը»։ Գիտության միջազգայնացման ու համագործակցությունների առումով Նարեկ Սուքիասյանը կարևորեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ստեղծման ծրագիրը։ Այս ծրագրով, հիշեցնենք, արտասահմանից գիտնականի համաղեկավարությամբ Հայաստանում լաբորատորիաներ են հիմնադրվում։ Գիտնականն առաջարկեց՝ որպեսզի խուսափենք երբեմն հանդիպող այն պրակտիկայից, որ արտերկրից համաղեկավարը սիմվոլիկ դեր է խաղում, և ամբողջ աշխատանքն արվում է այստեղ, այդ համագործացկությունները դառնան կազմակերպությունների ու ոչ թե անհատների միջև։  Արսեն Բոբոխյանը միջազգայնացման համատեքստում կարևորեց նաև սերնդափոխությունը։ Նա նշեց՝ տարեց գիտնականներին հնարավոր չի լինում ուղարկել թոշակի երկրում ցածր թոշակների պատճառով, իսկ նոր մտածելակերպի ներդրաման համար պիտի սերնդափոխություն տեղի ունենա․ «Եվ այսպիսի փոքր խնդիրներից է կախված նաև միջազգայնացման խնդիրը։ Ի վերջո, տեսակետներ պիտի փոխվեն, զարգացման նոր միտումներ պիտի լինեն, և այդ միտումները պիտի իրականացնի նոր սերունդը։ Ու փոփոխությունները շատ արագ պիտի տեղի ունենան»։ Նարեկ Սուքասյանը նկատեց՝ գուցե գիտության միջազգայնացմամբ պետությունը մի քանի այլ նպատակներ էլ ունի։ Առաջինն այն է, որ միջազգայնացումն օգտագործվում է որպես միջոց չափանիշներին չհամապատասխանող գիտնականներին ու դասավանդողներին ոլորտից դուրս թողնելու համար։ Մյուս նպատակն, ըստ գիտնականի, կարող է լինել հետևյալը․ քանի որ պետությունն ինքը չի կարողանում լուծել տեղական ամսագրերի խնդիրը, գիտական աշխատանքները ֆիլտրելու գործը «արտապատվիրակում է» արտասահմանյան ամսագրերին։ «Այստեղ քաղաքականության անկեղծության հարց էլ կա․ արդյո՞ք մենք գիտության միջազգայնացում ենք ուզում, թե՞ դրա տակ պարզապես փորձում ենք վատորակ բաներից ազատվել, որոնք ինքներս չենք կարողանում մեր միջոցներով կարգավորել»,- ասաց Նարեկ Սուքիասյանը։ Խոսելով միջազգայացմանը զուգահեռ Հայաստանի համար կարևոր խնդիրներով զբաղվելու հարցից՝ էդիտա Գզոյանը նշեց, որ պատվերի ձևավորման հարցում դեր ունեն նաև գիտական կազմակերպությունների տնօրենները, ու հենց նրանք կարող են հասկանալ պետության առաջնահերթություններն ու ըստ դրանց՝ խնդիրներ սահմանել։  Նարեկ Սուքիասյանն էլ պետական պատվերի փոխարեն ավելի մինիմալիստական ձևակերպում արեց՝ պետական կարիք՝ նշելով, որ եթե անգամ պատվերը չկա, պետությունը կարող է գիտնականներին տեղեկացնել իր կարիքնեի մասին․ «Ինչքանո՞վ են, օրինակ, մեր սոցիոլոգիական դպրոցներն օգտագործվում քաղաքականություն մշակելուց առաջ տվյալներ հավաքելու և հասկանալու համար այն հասարակությանը, խմբերին, որոնց այդ քաղաքականությունները վերաբերելու են։ Օրինակ՝ Էստոնիայում արտգործնախարարությունը համալսարաններին, որոնք միջազգային հարաբերությունների մասնագետներ են պատրաստում, առաջարկում է թեմաների ցանկ՝ դիպլոմային, մագիստրոսական թեզերի համար։ Ու սա թե՛ կարող է աշխատաշուկայի համար լավ լինել, երբ պետությունը քեզ ասում է՝ այսինչ միջազգային խնդրով մենք կարիք ունենք ավելի լավ գիտելիքների, թե՛ դրա մասնագետը դառնալով՝ դու կարող ես քո տեղը գտնել այդ կառույցում, բայց նաև սա ինչ-որ ազդակներ է ուղարկում ինստիտուտների տնօրեններին, որոնք իրենց առաջնահերթությունները մշակելիս նաև հաշվի կառնեն պետական կարիքները»։ Արշակ Բալայանն էլ հավելեց՝  կառավարություններն, իհարկե կարող են իմանալ իրենց որոշ խնդիրներ, բայց միշտ չի, որ այդ խնդիրները լավ են հասկանում․ «Իմ շատ սահմանափակ փորձը հուշում է, որ կառավարիչները շատ հաճախ տեսնում են ծառերը, չեն տեսնում անտառը։ Գիտնականները շատ հաճախ անտառն են տեսնում, մանրամասները չգիտեն։ Այստեղ համագործակցության մեծ խնդիր կա, որ մենք հասկանանք՝ հատկապես ինչն է, որի կարիքը կա և հնարավոր է իրականացնել Հայաստանի տնտեսական, քաղաքական, իրականության պայմաններում» Գիտնականը կարևորեց նաև ուսումնասիրել հաջողված օրինակները։ Նա նկատեց՝ հումանիտար, հասարակագիտական ուղղություններով գիտական կառույցներ կան, որոնք միջազգայնացման և այլ առումներով հաջողել են․ «Այդ ի՞նչ եղավ, որ այս մի ինստիտուտի մոտ ամեն ինչ ստացվում է, այն մյուս ինստիտուտի մոտ չի ստացվում, ո՞րն է գաղտնիքը։ Ունեցել են պարզապես լավ ղեկավա՞ր, պարզապես պետությունը մի քիչ ավելի մեծ ֆինանսավորո՞ւմ է հատկացրել, թե՞ ունեցել են, օրինակ, տարիներ առաջվանից լավ գործընկերներ, որոնց հետ սերտորեն աշխատել են։ Սա պետք է լրջորեն ուսումնասիրել, և արդյունքը կլինի ուսանելի բոլորի համար, որովհետև այդ դեպքում կլինեն ոչ միայն ներսից մարդկանց անեգդոտիկ դիտարկումներ, այլև համակարգված հիմնավոր կարծիք, որը կփորձենք կրկնօրինակել այլ ոլորտներում»։  Արսեն Բոբոխյան էլ առաջարկեց տեղափոխվել հինգերորդ դար, երբ Վռամշապուհ արքան Մեսրոպ Մաշտոցին ու Սահակ Պարթևին գործուղեց արտասահման, նրանք էլ այնտեղ ուսումնասիրեցին միջազգային փորձը, բերեցին, ներդրեցին Հայաստանում՝ ստեղծելով հայոց այբուբենը․ «Մենք պիտի նաև մեր նախնիներից սովորենք մեծ նշանակություն տալ մշակույթին, լեզվին և երբեք չդնել որևիցե խոչընդոտ ազգային, միջազգային հասկացությունների միջև։ Դրանք շաղկապված են իրար, և առանց ազգայինի չի կարող լինել միջազգայինը»։  Կարդացեք նաև համաժողովի նախորդ քննարկումը՝  գիտության քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հաջորդ քննարկումը՝ մտքի կենտրոնների վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան  
19:14 - 23 փետրվարի, 2025
Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Համաժողովի պանելային քննարկումներից մեկի թեման պետության վարած գիտական քաղաքականությունն էր։ Մասնակիցներն էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ)՝ տվյալների հավաքագրման վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը,  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու (ԵՊՀ) Սոնա Մանուսյանը, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը (ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտ)։  Պանելը վարում էր «Բուն» TV-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, որը քննարկումը սկսեց հետևյալ հարցից՝ ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»։  Մի քանի պանելիստներ նշեցին՝ տերը մեկը չէ․ և՛ կառավարությունն է, և՛ գիտնականներն իրենք են, և՛ հանրությունն է։  Աղասի Թադևոսյանն, ինչպես նախորդ քննարկման մասնակիցները, կարևորեց ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելը։  «Կարող է ինչ-որ մի մարդ (կապ չունի՝ այդ մարդը երկրի ղեկավարն է, թե ով) վեր կենա, որոշի, որ ինքը այնքան կոմպետենտություն ունի, որ կարող է ամբողջ ազգին կանգնել ու ասել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Օրինակ՝ ինքնության հարցում իրակա՞ն Հայաստանն է ճիշտ, թե՞ պատմականը այն դեպքում, երբ որ պատմական Հայաստանն էլ է իրական։ Եթե խոսում ես այդպիսի բաներ, գոնե պետք է խոսես միֆական Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին։ ․․․․ Քաղաքական ոլորտների մարդիկ կոմպետենտ չեն գիտական դիսկուրս ու մտավոր դիսկուրսի հարցում, դա գիտությունն է ստեղծում, նրանք սպառողներն են, նրանք պետք է օգտվեն մեր ստեղծածից»։  Աղասի Թադևոսյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն ասաց՝ գիտության արտադրանքը կիրառության մեջ դնելն իսկապես խոչընդոտների է բախվում․ «Բարի ցանկությամբ շատ դժվար է վեր կենալ և ասել՝ մենք ուզում ենք Հայաստանում այս գիտությունը զարգանա, այս թեմայով զբաղվեն գիտնականները, մենք էլ վերջում ստանանք այս արդյունքը, որը կլինի շատ չափելի։ Կա շատ մեծ ճեղքվածք այն պետական քաղաքականության, որ պիտի վարի, օրինակ, Ֆինանսների նախարարությունը կամ Առողջապահության նախարարությունը, և գիտության միջև։ Այդ կոմունիկացիան բացակայում է»։  ԲԿԳԿ ներկայացուցիչը, սակայն շեշտեց, որ Հայաստանում փոխարենն ակադեմիական ազատությունն է բարձր մակարդաի վրա՝ գիտնականներն ունեն ազատություն որոշում կայացնելու, թե ինչ թեմա հետազոտեն և ինչպես հետազոտեն․ «Ըստ իս, եթե նրանք գիտակցում են խնդիրներ, որոնցով ուզում են զբաղվել, և դա կիրառական նշանակություն ստանա, կա ազատ դաշտը դա անելու։ Այլ հարց է, որ համակարգվածություն չկա դրա մեջ»։  Սմբատ Հակոբյանը Հարություն Վերմիշյանն արձագանքեց՝ շատ մեծ ռիսկ կա շփոթելու ազատություն և ինքնագլխություն եզրույթները․ «Գայթակղությունը բավական մեծ է լինել ինքնագլուխ թեմայի ընտրության, մեթոդի, տեսության ընտրության գործունեության և արդյունք սահմանելու հարցում, բայց սա ինքնագլխություն կարող է չկոչվել, դառնալ ազատություն այն դեպքում, երբ մենք ունենք գիտական համարժեք հանրույթ։ Գիտնականը զուտ դիպլոմավորված մասնագետը չէ, գիտությամբ զբաղվելը սոցիալականացում է ենթադրում, և եթե մենք ունենք այդ բարեվարքության  առումով սոցիալականացված հանրույթ, ազատությունը այն ճոխությունն է, այն արժեքն է, որը որ պետք է շրջանառվի։ Օրինակ, նույն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, համալսարանները և մնացած պատասխանատու կառույցները ինչքանո՞վ են տիրապետում իրավիճակին, ինչքանո՞վ է այդ արժեքային դաշտը ստեղծված»։  Նա որպես օրինակ նշեց հայկական գիտական ամսագրերը, որոնք այսօր գրեթե անկում են ապրում, և որոնք գրախոսության, օբյեկտիվության ու այլ խնդիրներ ունեն։ Հարություն Վերմիշյանը Աղասի Թադևոսյանը նկատեց՝ պետությունը չպիտի մտնի բովանդակային ոլորտ ու գիտնականներին թելադրի՝ ինչ թեմաներով զբաղվել, փոխարենը՝ կառավարող վերնախավերը, իրենց առաջ դրված խնդիրներից ելնելով, կարող են որոշակի հարցադրումներ ձևակերպել և խրախուսման տարբեր մեխանիզմներ մտածել, օրինակ՝ դրամաշնորհային ծրագրերով խրախուսել գիտնականներին զբաղվել պետության համար կարևոր թեմաներով։  Սոնա Մանուսյանը կարևորեց կիրառական հարցերից առաջ նախևառաջ տեսական հարցերի պատասխաններ տալը՝ հաշվի առնելով իր ոլորտի՝ հոգեբանության առանձնահատկությունները․ «Հոգեբանությունը ներմուծված գիտություն է Հայաստանում, նա չի կայացել որպես գիտակարգ, առաջին հերթին ներմուծվել է որպես պրակտիկա։ Ինձ համար մի քիչ ավելի մեծ խնդիր է, որ մենք դեռ տեսական հարցերին պատասխանենք, նոր խոսենք կիրառականի մասին։ Մենք նույնիսկ չենք հասկացել՝ մեր քաղաքացին ինչպիսին է հոգեբանական մակարդակում և այլ մակարդակներում։ Իսկ դրա համար պետք է մեզ տան ժամանակ, պետք է լինի վստահություն»։  Սոնա Մանուսյանը Աղասի Թադևոսյանը մտահոգություն հայտնեց գիտնականների ատեստավորման նոր կարգի մասով։ Նա նշեց՝ միջազգային տպագրություններին դեմ չէ, բայց թեմաներ կան, որոնց շուրջ շատ ավելի լավ է, օրինակ, հայերեն մեկ գիրք ունենալը, քան միջազգային ամսագրերում երեք հոդված։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Հարություն Վերմիշյանը համաձայնեց, որ հայերենով գիտական աշխատանքները կարևոր են, սակայն նաև նշեց, որ  մրցակցությունը զարգացման հիմք է։ Նա նշեց՝ արժեքավոր գրքերի կողքին երբեմն հրապարակվում են առանց գրախոսման աշխատանքներ․ «Քննական արժեքներ ունեցող գիտնականը շատ կարևոր հայերեն պրոդուկտ է տալիս, բայց երբ հայերենը դառնում է չափման հիմքը, սկսում են այլ պրակտիկաներ՝ խտրական դիրքում դնելով նույն այդ բարեվարք գիտնականին»։  Սմբատ Հակոբյանը նշեց՝ խնդիր կա հասնելու միջազգային չափանիշներին․ «Եթե դու շարունակում ես անել այն գիտությունը, որը Խորհրդային Միությունից ես ժառանգել և, օրինակ, տպել 600, 700, 1500 էջանոց մենագրություններ՝ ասելով, որ սա արժեք է․․․Գուցե ինչ-որ արժեք ներկայացնում է, բայց դրա չափելիությունը ոչ մի տեղ չկա»։ Աղասի Թադևոսյանն ասաց՝ ինքը կողմ է, որ հայ գիտնականները արտասահմանյան ամսագրերում հոդվածներ տպեն, բայց կողմ չէ այն իմաստին, որ դրվում է այդ նպատակի տակ։ Գիտնականի խոսքով պետք է հաշվի առնել միջազգային ամսագրերում մտքի գաղութացումը․ «Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել և մտածել հենց այն չափանիշների համապատասխան, որոնցով, իրենք գտնում են, որ պետք է մտածել։ Երբ որ դու ինքդ փորձում ես մտածել, կարող են կտրել քո այդ մտքերը, խմբագրել կամ վերջին հաշվով հոդվածը չվերցնել։ Հիմա շատ լուրջ հարց է․ ինչպե՞ս ապահովենք մեր մտքի ինքնուրույնությունը՝ միևնույն ժամանակ նաև մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների և մտքի ձևավորման գործին։ Սա է, որ քեզ գաղութացումից փրկելու է, այսինքն՝ դու՝ որպես գիտնական, պետք է աճես և կայանաս և ունենաս այնքան ուժեղ ասելիք, որ հետո նաև այդ քո ասելիքը միջազգային լեզվով միջազգային հարթակներում ներկայացնես»։ Սոնա Մանուսյանն էլ որպես օրինակ բերեց հոգեբանությունը։ Նա նշեց՝ Հայաստանը միջազգային հետազոտողների համար հետազոտություններում շատ փոքր դեր ունի․ «Օրինակ, այս ինչ միջմշակութային տեսության շրջանակներում Հայաստանի տվյալները ինչ են ասում։ Արդյունքում ամբողջական տեսական հավակնությունները շատ դժվար է իրացնել տպագրվելու մակարդակում։ Դու կարծես, որոշակիորեն աղճատելով քո հիմնական ասելիքը, տեղավորվում ես կամ հրաժարվում ես տեղավորվել ինչ-որ իմաստով գաղութացնող դիսկուրսների կամ հրապարակումների մեջ»։ Աղասի Թադևոսյանն էլ նշեց՝ կարևոր է միջազգային լեզվի կիրառումը, հոդվածներ կարդալը, տեսությանը ծանոթանալը․ «Գիտությունը համաշխարհային երևույթ է, ազգային երևույթ չի, բայց միևնույն ժամանակ նաև գիտությունը ազգային երևույթ է, և այս հարցը պետք է լուծել այդ միջազգայինի և ազգայինի շատ ներդաշնակ հատման կետերը գտնելով։ ․․․․ Մենք պետք է գտնենք լուծումներ, որոնք որ ապահովում են միջազգային ստանդարտներով գիտություն անելը Հայաստանում, բայց դա չպետք է բացառի նաև հայերենով գիտություն անելու հնարավորությունը»։  Դահլիճում ներկա էր ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, որը նկատեց՝ քննարկումը լսելով հասկացավ, թե որքան մոտ են իրար հումանիտար, հասարակակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների խնդիրները՝ առաջնահերթությունների բացակայություն, անորոշություն, երկխոսության իմիտացիա, գիտնականների անհաղորդություն միջազգային ստանդարտներին, հայաստանյան հետազոտությունների պատվերի ձևակերպման բացակայություն և այլն։  ԲԿԳԿ ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանն իր խոսքում նշել էր մարդկային ռեսուրսի պակասի խնդրի մասին՝ ասելով, որ հաճախ շատ խնդիրներ լուծելու համար թիմեր հավաքելիս մասնագետների պակաս կա, և իրենք, օրինակ, խրախուսում են հետազոտություններում ուսանողների ներգրավումը տարբեր ծրագրերով։  Դահլիճից հարց հնչեց, թե կառավարությունն արդյո՞ք տարբեր ոլորտների համար մարդկային ռեսուրսների հաշվարկ ունի։  Սմբատ Հակոբյանն ասաց՝ տվյալներ, թե քանի գիտնական կա, նրանք ինչ տարիքի են, որքան հոդված են տպագրում, որտեղ են աշխատում, Կոմիտեն ունի, մշակում է, և դրանց հիման վրա որոշումներ կայացվում են։ Որոշումներ էլ կան, որ միջազգային մշակված ստանտարդների հիման վրա են կայացնում։ Սակայն ճշտող հարցին, թե արդյո՞ք կոնկրետ ոլորտներում ռեսուրսները գնահատվում են, երբ այս կամ այն գիտական խնդիրը լուծելու հարցը կա, ԲԿԳԿ ներկայացուցիչը պատասխանեց՝ նման քաղաքականություն չի վարվում։  Կարդացեք նաև համաժողովի պանելային նախորդ քննարկումը՝ պետության խնդիրների լուծման հարցում գիտության դերի մասին։   Լուսնակարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:24 - 22 փետրվարի, 2025
Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով

Ի՞նչ խնդիրներ են Հայաստանում դրված հումանիտար ու հասարակական գիտությունների առջև, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել պետության կարիքներին, ի՞նչ է նշանակում միջազգայնացնել գիտությունն, ու ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները։ Փետրվարի 14-15-ին անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Համաժողովի առաջին օրը նվիրված էր հումանիտար ու հասարակական գիտություններին։ Պանելային առաջին քննարկմանն թեման գիտության քաղաքականության մշակումն ու գիտության առջև դրված կիրառական խնդիրներն էին։ Քննարկման մասնակիցներն էին Մյունստերի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Զարեհ Ասատրյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանը (Լեյդենի համալսարան), պատմաբան-ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)՝ Հայ մատենագիտութեան թուանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը։  Քննարկմանը հրավիրված էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, որը վերջին պահին հայտնել էր, որ տեխնիկական պատճառներով չի կարող ներկա գնտվել։ Ի դեպ, տարբեր պատճառաբանություններով հաջորդ օրը համաժողովին չէին եկել նաև էկոնոմիակայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։Քննարկումը վարում էր «Գիտուժ» նախաձեռնության՝ հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։ Պանելիստներն ուղղված առաջին հարցը հետևյալն էր․ արդյո՞ք գիտության քաղաքականություն մշակողների համար պարզ է, թե որ թեմաներն են Հայաստանի համար կարևոր, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով։  Պանելիստների մոտ, կարծես, կոնսենսուս կար այն մասով, որ կառավարության վարած քաղաքականության մեջ դրական փոփոխություններ կան, ինչպիսին է, օրինակ, գիտության ֆինանսավորման աճը։ Գիտնականները, սակայն, բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, օրինակ, նշեց․ «Մենք հստակ ձևակերպում, կարծեք թե, չունենք, թե որոնք են մեր իրական առաջնահերթությունները, հենց թեկուզ հայագիտության մեջ, որն այսօր, հայտարարվում է, որ ռազմավարական է երկրի համար։ ․․․․ Մեր գիտնականները և խմբերն իրենք են որոշում առաջնահերթությունները, իսկ դրանք այսօր հաճախ դառնում են քաղաքական կյանքի թելադրանքով ստեղծված իրավիճակների վերլուծություններ»։ Հրանուշ Խառատյանը Սուրեն Մանուկյանն էլ հավելեց՝ վերջին չորս-հինգ տարին պարզ էր, թե պետությունն ինչ խնդիր պետք է դներ հասարակագիտության առջև․ «Պատերազմում պարտությունից հետո միգուցե կարելի էր առաջարկել, որ մենք ռեֆլեքսիա անցկացնեինք և հասկանայինք՝ ինչ է մեզ հետ կատարվել։ Բայց չգիտես ինչու հիմա քաղաքական դաշտը մեզ առաջարկում է վերադառնալ 100 տարի առաջ, ռեֆլեքսիայի ենթարկել թեմաներ, որոնց շուրջ, թվում է, թե մենք ունենք արդեն կոնսենսուս, բայց երբևիցե չի ընդգծում այսօրվա գոյություն ունեցող խնդիրը։ Մենք բոլորս ապրում ենք տրավմայի պայմաններում, և մինչև այս տրավման չարժևորենք, չհասկանանք՝ ինչ է մեզ հետ կատարվել նաև հասարակական մակարդակով, մեր պետության զարգացումը շատ կդանդաղի և խոչընդոտներ կունենա»։  Պատմագետ-ցեղասպանագետի դիտարկմամբ իշխանությունը հասարակագիտական համայնքին դիտարկում է ավելի շատ որպես ընդդիմախոս և չի գնում նրա հետ համագործակցության․ «Երբ մի օրում մի մարդու ցանկությամբ (կապ չունի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում) գիտակարգի, որով դու զբաղվում ես՝ հայոց պատմության անվանումը փոխվում է և դառնում է այլ անվանում, դու զարմանում ես՝ մեկ, երկրորդը՝ վիրավորվում ես, որ քեզ չեն հարցրել, թեև դու այդ ոլորտով ես զբաղվում։ Սա այն պարզ օրինակն է, որ մեզ հետ պետությունը ուղղակիորեն չի ուզում խոսել, չի ուզում մեր փորձառությունը, մեր գիտելիքը օգտագործել այդ դաշտը զարգացնելու համար»։ Սուրեն Մանուկյանը Նշենք, որ գիտնականը նկատի ունի կառավարության՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» դարձնելու մասին որոշումը։ Հայրենագետ Հրաչ Մարտիրոսյանն էլ նշեց՝ կարևոր է, որ հայրենագիտության՝ հայոց լեզվի ու մշակույթի նվաճումները տեսանելի լինեն միջազգային գիտական շրջանակներում, քանի որ թշնամի երկրներն օգտագործում են միջազգային հարթակները կեղծիքներ տարածելու համար։ «Բազում միջազգային քննարկումներ են եղել, օրինակ, «Ղափան» կամ «Զանգեզուր» և այլ տեղանունների վերաբերյալ, ու մեր գիտնականները մնացել են իներտ․ «Բա մեզ սազո՞ւմ է, որ մենք այդ ցածրամակարդակ քննարկումներին մասնակցենք կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի մեջբերած դիսկուրսներին մասնակցենք»։ ․․․․ Հայրենագիտության կարևորագույն խնդիրներից մեկը այս պատմական ամբողջ դիսկուրսները, այս ամբողջ համատեքստում հայոց լեզվի և մշակույթի ակադեմիական ուսումնասիրության արտադրանքները արտահանելն է միջազգային ասպարեզ»,- ասաց նա։ Այդ համատեքստում գիտնականը ողջունելի համարեց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը, սակայն նաև շեշտեց՝ հավասարակշռություն պիտի լինի, և հայերենի՝ որպես գիտական լեզվի վարկը չպիտի իջնի դրա հաշվին։  Կառավարությունը, հիշեցնենք, ընդունել է գիտնականների ատեստավորման նոր կարգ, համաձայն որի՝ գիտական պաշտոններին (կրտսեր գիտաշխատողից մինչև պատվավոր գիտաշխատող) համապատասխանելու համար գիտնականները պետք է պարտադիր տպագրություններ ունենան միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Զարեհ Ասատրյանը տնտեսագրության մեջ առանձնացրեց մի քանի կարևոր մեխանիզմ, որոնց միջոցով հետազոտությունները բերում են պետական ու հասարակական մարտահրավերների լուծմանը։ Առաջինը նա կարևորեց մարդկային կարողությունների ձևավորվումը, այսինքն՝ լավ տնտեսագետների ձևավորումը, որոնք հետո կգնան մասնավոր ու պետական հատված։ Գիտնականն ապա նշեց պետության տնտեսական փաստահեն քաղաքականության ձևավորմանն ուղղված հետազոտությունները։ Եվ երրորդը՝ կարողությունների զարգացման և հետազոտությունների միջոցով տնտեսական քաղաքականության շուրջ հանրային քննարկումների մակարդակի բարձրացումը։ Անդրադառնալով այն հարցին, թե հումանիտար ու հասարակագիտական ուղղությունները կոնկրետ ինչ խնդիրներ կարող են լուծել Հայաստանի համար, գիտնականը նշեց՝ նախ գիտությունն է պետք զարգացնել ու հասցնել որոշ մակարդակի․ «Ֆունդամենտալ խնդիրն այն է, թե ինչպես դուրս բերենք մեր գիտությունը լճացած վիճակից, դարձնենք միջազգայնորեն մրցակցային։ Դրանից հետո, երբ որ մենք ունենանք լավ գիտնականներ, որոնք հոդվածներ են հրապարակում միջազգային ամսագրերում և այլն, նրանք շատ ավելի հեշտ կարող են անել իրենց հետազոտություններն այն խնդիրների մասին, որ հայկական են, որ կոնկրետ մեզ են վերաբերում»։ Նշենք, որ սա ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) վարած քաղաքականությունն է․ գիտությունը դարձնել միջազգայնորեն մրցունակ, ապա խոսել խնդիրների լուծման մասին։ Այս մասին Ազգային ժողովում անցած տարվա վերջին հայտարել էր ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը։  Մերուժան Կարապետյանը խոսեց այն մասին, որ ԳԱԱ-ն Հայաստանում հիմնվել է 1943-ին, և նրա կառավարման ձևը մինչև օրս չի փոխվել․ «Գիտության կառուցակարգերը և կանոնակարգերը Հայաստանում շարունակում են մնալ 1943 թվականի վիճակին։ Սա գիտնականների գործն է, գիտնականները պիտի վերակառուցեն այդ կառույցները։ Ավելի ժամանակակից խնդիրներ լուծելու ուղղությամբ չնչին տեղաշարժեր նկատվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչ-որ տեղ գուցե Արևելագիտության ինստիտուտում, մյուսները (նկատի ունի հումանիտար և հասարակագիտական ուղղվածության մյուս ինստիտուտները,- խմբ․) շատ ծանր կացության մեջ են»։ Մերուժան Կարապետյանը Հաջորդիվ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան այն հարցին, թե հումանիտար և հասարակական գիտությունները կիրառական կոնկրետ ինչ խնդիրներ հիմա կարող են լուծել պետության, հասարակության ու անհատի համար։ Հրանուշ Խառատյանը նշեց՝ երբ Կառավարությունը, Ազգային ժողովը օրենքներ են մշակում, երբեմն ուղարկում են փորձագիտական քննարկման, երբեմն գիտնականների կարծքիները նաև հաշվի են առնվում․ «Բայց ինձ թվում է՝ հաշվի են առնում այն դեպքերում, երբ որ մեր պատասխանները իրենց քիմքին և իրենց պատկերացումներին համապատասխանում են։ Երբ որ մենք փորձագիտական կարծիք ենք գրում և ուղարկում ենք, և այն ստիպում է փոխել որոշ ընթացք, որպես կանոն, լուռ են մնում»։ Ինչ վերաբերում է պետության կողմից, այսպես կոչված, հետազոտական պատվերներին, գիտնականը նկատեց՝ վերջին տարիներին հայտարարվող նպատակային ծրագրերում որոշակի պատվերներ երևում են․ «Բայց նաև, օրինակ, պետությունը մեզ երբեք չի պատվիրի գիտական ժամանակակից վերլուծություններ մեզ համար չափազանց կարևոր այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, ընդհանրապես, Կովկասը։ Մենք գտնում ենք գումարներ, գնում ենք Թուրքիայում ենք անում հետազոտություններ, Իրանում ենք անում հետազոտություններ, բերում ենք, տեքստ ենք գրում։ Անձամբ ես շատ հաճախ պետական կառույցներին ուղարկում եմ, նույնիսկ ԱԱԾ-ին եմ ուղարկում»։ Հրանուշ Խառատյանն առանձնացրեց մի հրատապ խնդիր, որի լուծումը կառավարությունը կարող էր պատվիրակել գիտնականներին՝ Արցախից տեղահանված փախստականների խնդիրը․ «Որտե՞ղ պիտի ապրեն Արցախի փախստականները, միասի՞ն պիտի ապրեն և իրենց ինքնությունը պահեն, մինչև կվերադառնան կամ ցավոք չեն վերադառնա, թե՞ պետք է դիֆուզվեն, և անհետանան Արցախի առանձնահատուկ մշակույթը, բարբառը, Արցախի անվան և Արցախի պատմության առարկայական ներկայացումը։ Սա կիրառական հարց է, քաղաքականության հարց է, և ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը որոշ պատասխանատվություն ունի այս հարցի լուծման համար»։ Սուրեն Մանուկյանի խոսքով առաջին կարևոր բանը, որ հասարակագիտությունը, հայագիտությունը տալիս են պետությանն ու հասարակությանը, քննադատ մտածողությունն է․ «Կառավարման ճգնաժամը, որ մենք ունենք հիմա և ունեցել ենք երկար ժամանակ, երբ որ գերատեսչությունները շատ դեպքերում չեն հասկանում նույնիսկ՝ ինչ են անում, կամ գերատեսչություններում բացակայում է ճկուն լինելը, քաղաքականությունը փոխելը, երբ որ պետք է, այդ քննադատական մոտենալը նույնիսկ փաստաթղթերին և հաստատված կանոնակարգերին, հասարակական գիտությունների բարձիթողի վիճակի ուղղակի արտահայտությունն է և հետևանք է»։ Որպես մեկ այլ կարևոր նշանակություն ցեղասպանագետն առանձնացրեց ինքնության ձևավորումը՝ շեշտելով, որ պետք չէ այս ձևակերպումն ընկալել որպես պաթոս․ «Դա այն հարցի պատասխանն է, թե ինչու ապրել Հայաստանում։ Ինչո՞ւ դու պետք է քեզ ընկալես այս հանրույթի մի մաս, ինչո՞ւ դու պետք է գերադասես ավելի ապահով կյանքը ինչ-որ մի այլ տեղ և մնաս այստեղ։ ․․․․ Պատմագրությունը, հայագիտությունը կապում են մեզ բոլորիս՝ որպես հանրության, այս հողի հետ և այս պետության հետ»։  Եվ վերջում գիտնականն առանձնացրեց այս գիտակարգերի ևս մի կարևոր գործառույթ՝ պատմության ուսումնասիրությամբ ճանաչել նախ մեր հասարակությունը, ապա այն ազգերին, որոնք շրջապատում են մեզ, որպեսզի կարողանանք ինքներս մեզ և նրանց հետ ճիշտ հարաբերվել։  Գիտության միջոցով ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանելու համատեքստում Հրաչ Մարիտրոսյանն առանձնակի շեշտեց հայրենագիտության և մասնավորապես՝ լեզվի ուսումնասիրության դերը․ «Մշակութային ոլորտի մասնագետները կարողանում են աշխատել փաստագրված նյութական իրողությունների հետ։ Հայը կա 5-6 հազար տարի, և նրա լեզուն ու մշակույթը արտացոլված են լեզվի պատմության գիտակարգում։ Լեզուն, փաստորեն միակ համակարգային ամբողջական գիտակարգն է, որը ծածկում է այդ 5-6 հազար տարվա պատմությունը։ Բացարձակապես ոչ մի այլ գիտակարգ չկա, որ կարողանա ընդգրկել այդ ամբողջ ընթացքը»։ Զարեհ Ասատրյանը մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես կարող են տնտեսագիտությունն ու հասարակական գիտությունները Հայաստանում կիրառություն ունենալ՝ հարկային քաղաքականության մշակում, առողջապահական ապահովագրության ներդրում, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ։ Գիտնականը նշեց՝ սրանք հարցեր են, որոնց ուղղությամբ որոշումների կայացման համար քանակական վերլուծություններ պետք է իրականացվեն։ «Ովքե՞ր պիտի դա անեն։ Հեծանիվ պետք չի հնարել։ Արտասահմանում ովքե՞ր են անում։ Նախ անում են պետական մարմինների հետազոտողները։ Դրա էլեմենտներն, ի դեպ, Հայաստանում կան․ հենց այդ մասն է, որ զարգացած է։ Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, որոշ այլ նախարարություններ ու մարմիններ որոշակի կարողություններ ունեն։ Մյուսը՝ կարող են պատվիրակել գիտնականներին, որ աշխատում են գիահետազոտական հիմնարկներում և նաև համալսարաններում»,- ասաց նա։ Գիտնականը որպես օրինակ բերեց Մաննհայմի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնը որտեղ ինքն է աշխատում։ Նա նշեց՝ կենտրոնը զբաղվում է նման կիրառական հարցերով և կապված է քաղաքականություն մշակողների հետ։  Իսկ որպեսզի պետական մարմինները կիրառեն գիտության արդյունքները քաղաքականություն մշակելիս, Զարեհ Ասատրյանի խոսքով պետք է գիտնականներն ու գիտական կազմակերպությունները մեծ հեղինակություն ձեռք բերեն, որպեսզի նրանց կարծիքի հետ հաշվի չնստելը դժվարանա։ Սուրեն Մանուկյանը հավելեց՝ գիտնականների հեղինակությունը հանրության աչքում ցածր է։  Զարեհ Ասատրյանն էլ ասաց՝ անկախ կառավարության քայլերից ու վերջին տարիներին տարվող քաղաքականությունից՝ գիտական հանրույթն էլ պիտի քայլեր ձեռնարկի «լճացած վիճակից դուրս գալու համար», և միայն պետության կողմից չէ, որ քայլեր պիտի արվեն։ Կարդացեք նաև համաժողովի պանելային հաջորդ քննարկումը՝ գիտության քաղաքականության վերաբերյալ։   Լուսանկարները՝ «Գիտուժի» Աննա Սահակյան
21:23 - 22 փետրվարի, 2025
«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմի հետ մարտական առաջադրանքի մեկնած փոխգնդապետ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ուղեկցող Արման Նուրիջանյանին ճանապարհին առնվազն չորս անգամ հարցրել է՝ գիտի՞, թե իրենց ուր է ուղեկցում, ինչին վերջինս դրական է պատասխանել, մինչեւ անգամ վրդովվել, թե՝ գիտեմ էլի, իմ ամեն օրվա ճանապարհն է․ «Ու ամեն պահ սպասում էի, որ հեսա կերեւա ոստիկանական հենակետը, կկանգնի»,- դատարանում նշեց նա։ Արման Նուրիջանյանը, սակայն, ավելի վաղ հայտարարարել էր, թե իրեն ոչ ոք չի ասել՝ մինչեւ ուր պիտի ուղեկցի զորքին․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք՝ սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Այսպես մեկը մյուսի հրահանգին սպասելով՝ անցել են սահմանված վայրը՝ Կիրի հանքի մոտակայքում տեղակայված ոստիկանական հենակետը՝ փոխարենը հասնելով դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական (Զանգելան) քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։  62-հոգանոց անձնակազմից 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։  Փնջոյանի խոսքով՝ զորքը պատշաճ սպառազինված չի եղել  Ներկայանալով դատարանին՝ վկա Ռաֆայել Փնջոյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է Էջմիածնի քիմիկների զորամասում՝ որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետ։ Հոկտեմբերի սկզբին տեղեկացել է, որ զորամասի անձնակազմը պատրաստվում է մեկնել Մեղրի, եւ ցանկություն է հայտնել միանալ նրանց․ «Գտնում էի, որ նախարարությունում ոչ մի բանով չեմ կարողանում օգնել, դրա համար առիթ է եղել զորամասի հետ ներգրավվելու ինչ-որ խնդիրների կատարման մեջ, ոչ մի ղեկավար պաշտոն չեմ զբաղեցրել, զուտ գնացել եմ իմ ծառայակից ընկերոջը (նկատի ունի մեղադրյալ Աբգարյանին,-հեղ․) ինչ-որ մի ձեւ օգնելու եւ մասնակցություն ունենալու մարտական գործողություններին»։  Օրեր անց՝ հոկտեմբերի 20-ին, երբ արդեն Կապանի զորամասում են եղել, տեղեկացել է, որ հաջորդ օրը մարտական առաջադրանք է սպասվում՝ իրականացնել հակառակորդի ներթափանցած տարածքի սանրման աշխատանքներ Կովսականում։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ ինքը երբեւէ մասնակցե՞լ էր սանրման աշխատանքների, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ուսումնառությունից գիտի, թե դա ինչ է․ «Պատվարժան դատարան, որպես այդպիսին, սանրման աշխատանքներ իրականացնում են որոշակի գործողություններից հետո ողջ մնացած կամ վիրավոր կամ թաքնված հակառակորդին հայտնաբերելու, գերեվարելու կամ ոչնչացնելու համար»։  Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը Այդ օրը Անդրանիկ Մակարյանն անցկացրել է խորհրդակցություն, որին վկան չի մասնակցել․ «Խորհրդակցությունից հետո փոխգնդապետ Աբգարյանը վերադարձել է մեր աշխատասենյակ, եւ մինչեւ ուշ երեկո քննարկել ենք առաջիկա գործողությունների բնույթը եւ կատարվելիք աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ պետք է գնանք որոշակի բնագիծ, այնտեղ կանգնենք, սպասենք գեներալ Մակարյանի հետագա ցուցումներին․ եթե անհրաժեշտություն լինի առաջ շարժվելու, այդ պահին առաջ շարժվենք, եթե չէ, անցնենք պաշտպանության»։ Հարցին՝ քարտեզներ եղե՞լ են, որոնց վրա պատկերավոր տեսել են տեղանքը, վկան բացասական պատասխանեց՝ հավելելով, որ քննարկումը եղել է միայն բանավոր։ Պատասխանելով զորքի սպառազինության վերաբերյալ հարցին՝ վկան հայտնեց, որ ունեցել են ինքնաձիգներ, սաղավարտ, զրահաբաճկոն կեսից քիչն է ունեցել, իսկ նռնակ, գնդացիր ընդհանրապես չի եղել։ Ըստ վկայի՝ ճանապարհին ոստիկանական հենակետ հիշեցնող ոչինչ չի եղել Առավոտյան, երբ հավաքվել են մշտական տեղակայման վայրում, ուղեկցողը ուշանալիս է եղել։ Որոշվել է սպասել, մինչեւ գա․ «Ուղեկցողը եկել է, մեզ անծանոթ մարդ է եղել՝ քաղաքացիական հագուստով, քաղաքացիական մեքենայով․․․ Միասին քննարկել ենք եւ որոշել, որ ես նստեմ ուղեկցողի մեքենան, որ հեռախոսով կապի մեջ լինենք, որ այդքան մարդու պատասխանատվություն չմնա իր վրա, ու վստահելի լինի էլի»։ Ըստ վկայի՝ ռադիոկապ եւս չեն ունեցել։ Այդ ժամանակ ուղեկցողը եղել է գյուղապետի վարորդ Համբարձում Փարամազյանը․ «Ճանապարհին հարցրել եմ՝ գիտի՞՝ ուր ենք գնում, ասել է՝ հա, գիտեմ, բայց ես ձեզ մինչեւ այս ինչ կետն եմ ուղեկցելու, դրանից հետո այլ մարդ է ուղեկցելու»։ Այլ մարդն էլ հենց հիշյալ Արման Նուրիջանյանն է, որը, ըստ վկայի, նույնպես եղել է քաղաքացիական հագուստով եւ մեքենայով եւ նույնպես նշել, որ գիտի, թե ուր է ուղեկցում․ «Ճանապարհին կամ ես էի հարցնում՝ այս ինչ է, այն ինչ է, կամ ինքն էր ասում՝ սա սա է, սա սա է եւ այլն։ Այդպես թվարկելով՝ հասել ենք հանքի մոտ, հարցրել եմ՝ ավազի՞ հանք է, ասել է՝ ոչ, կիրի»։  - Իսկ եթե դուք գիտեիք, որ ձեր տեղանքը Կիրի հանքի մոտակայքում է, եւ դա էր հանքը, զորամասի հրամատարին ինչո՞ւ չտեղեկացրիք, որ հասել եք հանք,- հարցրեց մեղադրողը։  - Նա ասել էր, որ դրա մոտակայքում ռազմական ոստիկանության հենակետ է լինելու, ոնց որ վերջին պոստն էր, այդտեղ են կանգնելու, ու ամեն պահ սպասում եմ, որ հեսա կլինի այդ հենակետը, կկանգնենք․․․ Այդտեղ ուղեկցողին կրկնակի հարցրել եմ՝ գիտես, չէ՞, ուր ենք գնում։ Ասել է՝ հա, գիտեմ,- պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ ճանապարհին նույնիսկ կանգնել են, մի ոստիկանի վերցրել՝ նրա ուզած վայրում իջեցնելու համար․ «Ասաց՝ տանենք, մի քիչ այն կողմ իջեցնենք, դա է եղել, ուրիշ ոչ մի խոսակցություն։ Ես, համենայն դեպս, չեմ ճանաչել նրան, ոչ էլ այդ հարցի մեջ խորացել եմ, թե ով է, ինչ է, ինչի է նստում, ինչի է գնում, քանի որ մեզ պատկանող տարածքում է եղել, ու ոստիկանական հագուստով, ոչ մի կասկած չի հարուցել»։ Մի քանի մետր գնալուց հետո կանգնել են, որ ոստիկանն իջնի։ Այս դրվագի վերաբերյալ դատախազը նշեց․ - Դատաքննության ընթացքում հարցաքննել ենք այդ հենակետում ծառայություն իրականացնող ոստիկանին՝ Զախար Մինասյանին։ Վերջինս ցուցմունք է տվել, որ հենակետում պիտի մեքենաների անցումն ապահովեր, նստել է մեքենան, որ խնդիր չլինի (ըստ ամենայնի, նա է եղել մեքենան նստած ոստիկանը,-հեղ․)։ - Պատվարժան դատարան, այդ տեղանքով, որ գնացել ենք, հենակետ հիշեցնող ոչ մի բան չի եղել՝ ոչ արգելափակոց, ոչ ինչ-որ կրակակետ։ Ինքը նստել է հետեւը, չեմ կարող ասել՝ ինչով է իր հետեւը նստելը ապահովել անցումը հենակետով։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, որ ինքը միջամտեր, հաղթահարվեր, այսինքն՝ ոչ ոք ճանապարհը չի փակել, որ ինքը ասեր՝ ես եմ մեքենայի մեջ, բացեք, անցնենք,- ասաց վկան։  Նրա խոսքով՝ ոստիկանի իջնելուց մոտ հինգ րոպե հետո հասել են բնակավայրի նմանվող մի տեղ, հարցրել է՝ այս ի՞նչ է, ուղեկցող Նուրիջանյանն ասել է՝ Զանգելանի քաղմասն է, կողքը դպրոցն է․ «Ասել եմ՝ կանգնի, շատ ենք եկել, այսքան չպիտի գայինք, ասել է՝ դե, պիտի ռազմական ոստիկանության պոստ լիներ, այդ պոստը չկար, հա էդ պոստին սպասելով, որ հեսա-հեսա կլինի՝ եկել հասել ենք այստեղ»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը մեջբերեց Արման Նուրիջանյանի խոսքերը, թե՝ եթե իմանար, որ պիտի հենակետում կանգնեին, բնականաբար, այդտեղ կկանգներ, ինչո՞ւ պիտի մինչեւ Զանգելան քշեր։ Նա խնդրեց պարզաբանել այս հակասությունը։ - Պատվարժա՛ն դատարան, ճանապարհին ոչ մի շփոթվելու տեղ չկա, մի ճանապարհ է, գնում է գետի կողքով։ Եթե ոստիկանական պոստը լիներ, ես էլ կասեի՝ այդտեղ կանգնի․․․ Բայց ինքն էլ գիտեր՝ ուր պիտի գնանք, ոչ թե ճանապարհը պիտի ցույց տար, այլ գիտեր՝ ուր պիտի գնանք։ Վկա Փնջոյանը պատմեց, որ արագ իջել է մեքենայից, ձեռքով նշան արել, որ մյուսներն էլ կանգնեն, եւ մոտենալով Արսեն Աբգարյանին՝ ցույց է տվել, թե ուր են հասել, ինչքան շատ են եկել։ Անձնակազմն էլ, մտածելով, որ հասել են սահմանված վայր, սկսել է իջնել ավտոբուսներից, եւ քանի որ կողքի սարից արդեն գոռոցներ, շան հաչոցներ են լսվել, Աբգարյանը հրահանգել է դիրքավորվել ճանապարհի ձախ մասում, որտեղ անտառային հատված էր եւ կիսաքանդ շինություններ, մինչեւ հասկանան՝ լսվող ձայները յուրայի՞ն զորքերից են, թե՞ հակառակորդի․  «Անձնակազմը դիրքավորվելու ընթացքում է եղել, երբ սարի վրայից սկսել է հրաձգություն։ Ու մեր կողմից սկսվել է պատասխան կրակ։ Այդ ինտենսիվ փոխհրաձգությունը տեւել է մոտ 15 րոպե կամ մի քիչ ավելի-մի քիչ պակաս։ Ու խումբը ոնց որ կիսվել է երկու մասի․ մի մասը Աբգարյանի հետ եղել է անտառի հատվածում, մյուս մասը իմ հետ՝ կիսաքանդ շինությունների մոտ։ Հետո արդեն սկսել է Կովսական բնակավայրի կողմից զրահատեխնիկայի եւ հետեւակի առաջխաղացում։ Դրանից հետո ավելի մանրամասն դրվագ առ դրվագ չեմ կարող ասել՝ ով ինչ արեց, ով ինչ չարեց, որովհետեւ իրավիճակը անկառավարելի էր դարձել»։ Հակառակորդի թիվը, վկայի տպավորությամբ, հասնում էր 100-150-ի։ Տուժողների իրավահաջորդները - Դիրքավորվելու հրաման եղե՞լ է,- հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ - Աբգարյանն է տվել, ասել է՝ դիրքավորվեք ճանապարհի ձախ մասում, մինչեւ ավտոբուսները կշրջվեն, որ տեղանքից դուրս բերենք, բայց ում մոտ որտեղ բնական թաքստոց է եղել, ամեն մեկը, ժամանակ չկորցնելու համար, այդ տեղանքում է դիրքավորվել, այդ թվում ես՝ քանդված շինությունների մոտ - Աբգարյանը ասել է՝ դիրքավորվե՞ք թե՞ ոնց ուզում եք, փախեք։ - Ասել է՝ դիրքավորվեք, մինչեւ ավտոբուսները շրջվեն։ Պատսպարված վիճակում վկան երկու այլ զինծառայողի է հանդիպել, հրահանգել, որ գնան, զորամասին տեղեկացնեն՝ օգնություն է պետք․ «Այդտեղ ինձ ոնց որ հանդիպել են երկու հոգի, մեկը՝ մեր զորամասից, մեկը՝ Մասիսի 12-հոգանոց խմբից, ում չէի ճանաչում։ Իրենց հրահանգ եմ տվել, որ վազեն Կապանի ուղղությամբ, իմաց տան մոտակա հենակետերին, որ այսպիսի բան է տեղի ունեցել, եւ նորից շարժվել եմ դեպի նպաստավոր դիրք, որպեսզի շարունակեմ մարտը»։ Վկայի խոսքով՝ ամեն րոպե սպասել են օգնության, բայց այն այդպես էլ չի հասել։ Մնացել են թաքստոցներում, որովհետեւ փամփուշտներն արդեն վերջացել էին։ Իր դիմացի թաքստոցում եղել են Ադոյանի որդին եւ սպա Բադեյանը։ Վկայի խոսքով՝ սկզբում նրանց ձայները լսել է, բայց ինչ-որ պահից այլեւս չի լսել, եւ քանի որ ուժեղ պայթյուն չի եղել, ենթադրել է՝ նրանց հաջողվել է դուրս գալ։ Նրանք, սակայն, մինչ օրս անհետ կորած են։ Լույսը բացվելուն պես՝ Աբգարյանի հետ խորհրդակցել են եւ որոշել շարժվել գետին հակառակ ուղղությամբ։ Սողեսող գնացել են, հասել եղեգների դաշտ․ «Տեղ-տեղ մառախուղը բարձունքը փակում էր, օգտվելով այդ հանգամանքից՝ արագ շարժվում էինք։ Երբ բացվում էր, թաքստոց էինք մտնում։ Այդպես շարունակել ենք ճանապարհը, դուրս եկել այդ բարձունքի տեսանելիության դաշտից եւ արդեն ազատ շարժվել գետի կողքով»։ Ճանապարհին հանդիպել են յուրային այլ ստորաբաժանման, որի հետ էլ հաջողվել է հասնել Կապան։ Անահիտ Ադոյանը նաեւ հետաքրքրվեց՝ թաքստոցում եղած ժամանակ կողմնակի որեւէ մեկին հանդիպե՞լ է կամ ձայներ լսե՞լ է, որ ինչ-որ մեկը եկել, իրենց է փնտրել։ Վկան բացասական պատասխանեց․ - Իսկ որ ասեմ՝ գնդապետ Մանուչարյանը եկել է․․․,- ասաց Անահիտ Ադոյանը։ - Մեր մոտ մարդ չի եկել, խոսակցություն չեմ ունեցել իր հետ, չեմ էլ իմացել, որ էդտեղ եղել է, ի՞նչ օգնություն ցուցաբերելու է եկել, չեմ իմացել,- պատասխանեց վկան։ Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննված գնդապետ Արարատ Մանուչարյանը, որը Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետն էր, պատմել էր, որ իմանալով, որ զորքի հետ կապը կորել է, գնացել է նրանց հետեւից․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշել էր վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե նա միայնակ 5-6 ժամ ինչ պետք է աներ այդտեղ, այն էլ՝ առանց համապատասխան տեխնիկայի։ Մանուչարյանի հարցաքննությունը պետք է շարունակվեր երեկ, սակայն դատարանը հայտնեց, որ նա ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ բուժման նպատակով մեկնել է արտերկիր։ Վարչության պետի որդու՝ ծառայության վայրից մեկնելու ժամկետների մասին վկան տեղյակ չէր Այս քրեական գործի շրջանակում մեղադրվում են նաեւ 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկա Ռաֆայել Փնջոյանից հետաքրքրվեց՝ վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանը Արսեն Աբգարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ուներ։ Ի պատասխան՝ վկան ասաց․ «Պատվարժան դատարան, իմ ծառայության ընթացքում վարչությունում բազմիցս  եղել է, երբ ծառայողական հարցերի շուրջ գնացել եմ վարչություն, զեկուցել եմ վարչության պետին այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, վարչության պետը Աբգարյանին դիտողություններ է արել։ Չեմ կարող ավելին ասել, թե ինչ հարաբերություն է ունեցել, բայց ըստ իս՝ ծառայողական»։ Փնջոյանը հայտնեց, որ Մեղրիում գտնվելու ժամանակ Գեւորգ Նշանյանին տեսել է, սակայն Կապանում՝ այլեւս ոչ։ Չի ճշտել, թե որտեղ է, իրեն հետաքրքիր էլ չի եղել, միայն լսել է, որ ինչ-որ ազգականի փնտրելու թե հուղարկավորելու հարցով թույլատրվել է գնալ։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք այդ թույլտվությունը անժամկետ էր, վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, բայց որպես կանոն, անժամկետ չի լինում։ Նշանյանի մեկնումը փաստաթղթավորվել է, թե ոչ՝ վկան չգիտեր, ասաց՝այդ գործընթացը վերահսկելու պարտավորություն չի ունեցել։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Ռաֆայել Փնջոյանը Միլենա Խաչիկյան
13:53 - 19 փետրվարի, 2025
150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

Երեւանում հանրային տրանսպորտի տոմսային համակարգի փոփոխության դեմ վերջին շաբաթների բողոքի ակցիաների արդյունքում Երեւանի քաղաքապետարանը ներդրեց ուղեւորատոմսի նոր տեսակ՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս ֆոնին, սակայն, քննարկումների դաշտից դուրս մնաց այն հարցը, թե ինչպիսի փոփոխության է ենթարկվելու երթուղային ամբողջ ցանցը, եւ դա ինչ ազդեցություն է ունենալու երթեւեկության գնի վրա։  Այս տարվա հունվարի 28-ին, երբ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մեկ ուղեւորության համար 150 դրամ արժողությամբ նոր ուղեւորատոմսի ներդրման մասին, նշեց, որ իրենց նպատակն է «ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի մատչելի եւ հարմարավետ բոլոր մարդկանց համար, բայց մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը [...] եւ այլն»։ Ի դեպ, Ավինյանը նաեւ ասաց, որ մեկ ուղեւորության համար 150 դրամ վճարը կգործի 2025 թվականին, իսկ հաջորդ տարիներին կարող է բարձրանալ տարեկան առավելագույնը 10 դրամով։  Չնայած այս պնդմանը, արդեն հունվարի 31-ին Երեւանի ավագանու կայացրած որոշման մեջ չկա այս ուղեւորատոմսի գինը տարեկան առավելագույնը 10 դրամով թանկացնելու հայտարարված սահմանափակման վերաբերյալ կետ։ Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման թեման գալիս է 2010-ականներից։ Արդեն 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը իրականացրել է լրացուցիչ ուսումնասիրություն, իսկ 2018 թվականին ներկայացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցը, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգը» վերջնական ծրագիրը, որը բաղկացած է երկու հիմնական մասից՝ տրանսպորտային նոր ցանցի նախագծում եւ ինտեգրված սակագնի եւ տոմսային նոր համակարգի մշակում։ Տրանսպորտային համակարգի բարելավման համատեքստում քաղաքային իշխանությունները հիմնվում են հենց այս նախագծի վրա [ 1, 2, 3]։ Միասնական տոմսային համակարգի ներդրման եւ սակագների վերջին փոփոխությունների համատեքստում «Ինֆոքոմը» Երեւանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ խնդրել է տրամադրել 2026 եւ 2027 թվականների համար նախատեսված երթուղիների մասին մանրամասն տվյալներ՝ հասկանալու, թե ինչ տեսք է ունենալու Երեւանի երթուղային ցանցն ապագայում։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ «նոր շարժակազմերի ձեռքբերման պարագայում նախատեսվում է անցում կատարել նոր՝ բրիտանական խորհրդատվական WYG կազմակերպության կողմից մշակված երթուղային ցանցին»։ Քաղաքապետարանից, սակայն չեն նշել վերջնաժամկետ, թե երբ է ներդրվելու տրանսպորտային նոր ցանցը։ Ինչ է ենթադրում նոր ցանցի ներդրումը Ներկայումս Երեւանում գործում են ավտոբուսային, միկրոավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղիների լայն ցանցեր: Համակարգը կառուցված է այնպես, որ ուղեւորները հիմնականում կարողանում են հասնել իրենց անհրաժեշտ վայրերը մեկ փոխադրամիջոցով՝ առանց տեղփոխերի: Տրոլեյբուսային երթուղիները հիմնականում սպասարկում են քաղաքի կենտրոնական եւ որոշ ծայրամասային հատվածներ, ավտոբուսային եւ միկրոավտոբուսային ցանցը ներառում է ավելի մեծ ծածկույթ՝ ընդգրկելով ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային երթուղիներ: Գործող տրանսպորտային համակարգում շահագործվում է ավտոբուսային 64 երթուղի, միկրոավտոբուսային 11 երթուղի եւ տրոլեյբուսային 5 երթուղի, իսկ մետրոպոլիտենն ունի 10 կայարան։ Նոր երթուղային ցանցով արդեն նախատեսվում է փոխել երթուղիների կառուցվածքը՝ կրճատելով դրանց քանակը եւ կենտրոնացնելով դրանք հիմնական տրանսպորտային հանգույցների շուրջ: Սա նշանակում է, որ ուղեւորները ստիպված կլինեն ավելի հաճախ տեղափոխվել մեկ երթուղուց մյուսը՝ ավելի հեռու նպատակակետի հասնելու համար։ Այսինքն՝ եթե նոր ցանցի պայմաններում մեկ ուղեւորություն կատարելու համար հարկավոր լինի երկու եւ ավելի փոխադրամիջոց նստել, ապա ուղեւորությունը, որը տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվելու դեպքում հիմա արժե 150 դրամ, կարժենա 300 դրամ:  Նոր համակարգը հիմնված է լինելու տեղփոխի սկզբունքի վրա Առաջարկվող նոր միասնական ցանցը հիմնված է լինելու տեղփոխի եւ միասնական տոմասային համակարգի սկզբունքների վրա, ուստի ցանցի ներսում շատ ուղղություններ կպահանջեն տրանսպորտային միջոցի փոփոխություն: WYG-ի ներկայացրած առաջարկում նշված է, որ դրա համար հարկավոր է ապահովել տեղփոխի հարմար վայրեր/հանգույցներ։ Այդ կետերը սպասարկվելու են հիմնական ցանցի կողմից (ավտոբուս, տրոլեյբուս եւ/կամ մետրո), որը բաղկացած է լինելու գործող տրոլեյբուսային ցանցից, մետրոպոլիտենից եւ մի շարք երկար, հիմնականում քաղաքի կենտրոնով անցնող երթուղիներից: Սնուցող ավտոբուսային ցանցն էլ սպասարկելու է տեղփոխի հիմնական կետերը եւ տեղական ուղղությունների միջեւ ընկած հատվածները: WYG-ի հետազոտության մեջ նշված է նաեւ, թե նոր ցանցի ներդրման դեպքում քանի տոկոս է կազմելու տեղփոխների անհրաժեշտությունը։  Ըստ պատկերի՝ նոր ցանցի դեպքում ուղեւորների 44%-ը երթեւեկելու է առանց տեղփոխի, 36%-ը՝ առավելագույնը մեկ տեղփոխով, 16%-ը՝ մինչեւ երկու տեղփոխով, 4%-ը՝ երեք տեղփոխով: Համեմատության համար՝ գործող ցանցը ներառում է 94% ուղիղ եւ 6% մեկ տեղփոխով երթեր: Նոր ցանցի ներդրման համար նախանշվել են հիմնական տրանսպորտային 6 հանգույցներ, որոնք պետք է ապահովեն անարգել եւ դյուրին անցում տրանսպորտային ծառայությունների եւ տրանսպորտի տեսակների միջեւ։ Տեղփոխի հանգուցային կետերն են՝ Աջափնյակ վարչական շրջան (Չաուշի հրապարակ), Բարեկամություն մետրոյի կայարան, Սասունցի Դավիթ հրապարակ, Գարեգին Նժդեհի հրապարակ, Սեբաստիայի փողոց / Րաֆֆու փողոց,  Նոր Նորք վարչական շրջան։ Դեղին կետերով նշված են տեղփոխի հանգույցները Այս կետերն ընտրվել են մի շարք գործոնների հիման վրա, մասնավորապես հաշվի են առնվել մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսային ցանցերի հետ ինտերգրացիան, խիստ բնակեցված շրջանների կենտրոնական հատվածները, առանցքային ուղղությունները եւ կամ կապը մետրոպոլիտենի/տրոլեյբուսային ցանցի հետ եւ այլն։ Իսկ երթուղային ցանցը, ըստ առաջարկի, բաղկացած է լինելու 47 երթուղիներից`  - 11 հիմնական երթուղիներ, - 30 սնուցող երթուղիներ, - 5 տրոլեյբուսային երթուղիներ,  - 1 օդանավակայանի փոխադրման ծառայություն։ Նոր տրանսպորտային ցանցի կանգառների համակարգը, ըստ նախագծի, ներառում է մոտավորապես 1200 ավտոբուսի կանգառներ եւ վերջնակետեր: Կանգառների տեղերը հիմնականում նախագծված են այնպես, որ հնարավորինս շատ մարդիկ գտնվեն կանգառից մինչեւ 400մ հեռավորության տիրույթում, որը համարժեք է 5 րոպե քայլելուն:  Հիմնվելով նախագծում ներկայացված տվյալների վրա (երթուղու սկզբնակետ, ընթացք, վերջնակետ)՝ «Ինֆոքոմը» մոդելավորել է քարտեզ, որի վրա առանձին-առանձին պատկերված են առաջարկվող երթուղիները՝ ինչպես հիմնական, այնպես էլ սնուցող, ինչպես նաեւ էլեկտրատրանսպորտային (տրոլեյբուս, մետրո)։ Եթե այս քարտեզի վրա որպես սկզբնակետ եւ վերջնակետ նշեք այն երկու հիմնական կետերը, որոնց միջեւ հիմնականում տեղափոխվում եք քաղաքային տրանսպորտով, կտեսնեք՝ այս երկու կետերի միջեւ տեղաշարժվելու համար անհրաժեշտ լինելո՞ւ է տեղփոխ կատարել, թե՞ առկա է նպատակակետ հասնող մեկ երթուղի։ Այլ կերպ ասած՝ կարող եք հասկանալ՝ նոր տրանսպորտային ցանցի վերջնական ներդրումից հետո կկարողանա՞ք տեղափոխվել 150-դրամանոց «Մեկ ուղեւորություն» տեսակի 1 տոմսով, թե մեկ երթի համար պետք է ձեռք բերեք մի քանի այդպիսի տոմս կա՛մ 300-դրամանոց փաթեթ, որը թույլատրում է 3 ուղեւորություն 180 րոպեում, կա՛մ էլ օգտվեք առաջարկվող տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից։ Նշենք, որ մեր մոդելավորած քարտեզում կարող են լինել որոշակի շեղումներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ WYG-ի ներկայացրած նախագծում ընդգրկված փողոցներ ժամանակի ընթացքում անվանափոխվել են կամ որոշ փողոցներում փոխվել է երթեւեկության կազմակերպումը, երթուղիների սկզբնակետերը եւ վերջնակետերը երբեմն նկարագրված են խիստ մոտավոր, առանց կոորդինատների եւ այլն։ Այս շեղումները չէին լինի, եթե քաղաքապետարանը ունենար եւ տրամադրեր երթուղիների թվային քարտեզագրական շերտերը:  Տրանսպորտային ցանցի փոփոխության եւ տեղփոխով երթեւեկելու մասին խոսել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։  Տեղփոխով երթեւեկելու ձեւի մասին խոսելիս նրանք հիմնականում հիշատակել են ուղեւորատոմսերի փաթեթների մասին՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս մեկ վճարումով, բայց մեկից ավելի տրանսպորտով ավելի արագ հասնել նախանշված կետ՝ առանց կանգառներում երկար սպասելու։  Այսպիսով, մեկ երթեւեկության համար նոր՝ 150-դրամանոց տոմսի ներդրումից հետո թեպետ տպավորություն է, որ այս՝ «Մեկ ուղեւորություն» տեսակի տոմսը մինչ փոփոխությունները գործած տոմսից թանկ է ընդամենը 50 դրամով եւ յուրաքանչյուր տարի թանկանալու է միայն 10 դրամով, այդուհանդերձ հաշվի չի առնվում եւ հանրությանն էլ ամբողջապես չի պարզաբանվում այն հանգամանքը, որ նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրման եւ, հետեւաբար, տրանսպորտային ցանցի հիմնային փոփոխության պարագայում ուղեւորները մի կետից մյուսը գնալու համար ավելի հաճախ են տեղփոխ անելու կարիք ունենալու։ Արդյունքում Ա կետից Բ կետ տեղափոխվելը, եթե այդ կետերը հիմնական երթուղիների շրջակայքում կամ հարեւան թաղամասերում չեն, տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվողների համար հիմնականում արժենալու է 300 դրամ։  Տրանսպորտի ուղեվարձի գործող սակագները եւ փաթեթները Երեւանի ավագանին, ինչպես վերը նշեցինք, հունվարի 31-ի որոշմամբ մեկ ուղեւորության արժեք է սահմանել 150 դրամ։ Այս սակագինը պահպանվելու է 2025 թվականի ընթացքում՝ հետագայում յուրաքանչյուր տարի 10 դրամով բարձրանալու հավանականությամբ։ Այս «Մեկ ուղեւորություն» տոմսը վավեր են 3 օրվա ընթացքում։  Գործում են նաեւ ուղեւորավարձերի այլ փաթեթներ։ WYG խորհրդատվական ընկերության նախագծած Երեւանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների նախագիծը մեկնարկել է դեռեւս Տարոն Մարգարյանի օրոք, անցել Հայկ Մարությանի ձեռքի տակով եւ հասել Տիգրան Ավինյանին։  Հարկատուների հաշվին մի քանի հարյուր միլիոն դրամ արժեցած այս հետազոտությունն ու նախագիծը Երեւանի քաղաքապետարանում պահվում է միայն PDF տարբերակով՝ որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, սակայն բացակայում են այդ աշխատանքի քարտեզագրական տվյալների, թվային մոդելների վերաբերյալ էլեկտրոնային ֆայլերը, որոնք, ինչպես երեւում է հաշվետվության 3-րդ գլխից, բրիտանական ընկերությունն ունեցել է ամենայն մանրամասնությամբ։  Տեքստային բովանդակության համար PDF-ը հարմար ձեւաչափ է, սակայն հետազոտությունը ներառում է բարեփոխումների ամբողջական փաթեթը՝ այդ թվում նոր երթուղիների քարտեզագրական թվային շերտերը, երթուղային ցանցի մոդելները եւ այլն։ Չունենալով այդ պարտադիր տվյալները՝ քաղաքապետարանը զրկված է քաղաքում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունների դեպքում երթուղիների փոփոխությունները վերլուծելու, զարգացման նոր պլաններ կազմելու հնարավորությունից: Ստացվում է՝ Երեւանի քաղաքապետարանը բրիտանական ընկերությանը պատվիրել է կազմել տրանսպորտային նոր համակարգի քարտեզը, վճարել է դրա համար, բայց չի վերցրել՝ բավարարվելով միայն դրա սքրինշոթերով։ Պատկերավոր ասված՝ քաղաքապետարանը, ենթադրենք, պատվիրել է շենքի նախագիծ, վերցրել դրա ավարտուն տեսքի եռաչափ նկարները, բայց չի վերցրել չափերին, կոնստրուկցիային ու շինարարական կարեւոր գործողություններին առնչվող տվյալներ, առանց որոնց հնարավոր չէ կազմակերպել շենքի կառուցումն ու շահագործումը: Հարգելի ընթերցողներ, եթե ցանկանում եք առաջիկայում տեսնել նման հետազոտություններ և ինտերակտիվ գործիքներ, ապա բաժանորդագրվեք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom։   Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինտերակտիվ քարտեզը՝ Կատյա Մամյանի, Հայարփի Բաղդասարյանի Գլխավոր նկարը եւ վիզուալները՝ Լյուսի Մանվելյանի
20:44 - 18 փետրվարի, 2025
Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան

Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննությունը։ Գործով մեղադրվում են պատերազմի ժամանակ ՊԲ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Մեղադրյալ սպաները դատարանի որոշմամբ չեն մասնակցում նիստերին, նրանց նկատմամբ կիրառված է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։  Դատարանը չբավարարեց Նվեր Մարտիրոսյանին երկրից դուրս գալ թույլատրելու միջնորդությունը Այսօրվա նիստում Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատավոր Գաբրիելյանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստանի Հանրապետություն։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Մարտիրոսյանի պաշտպանն էլ իր միջնորդության մեջ նշեց, որ գնդապետը եզակի մասնագետ է, եւ նրա գործուղումը շատ կարեւոր է։  Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը՝ ձախից, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ աջից Այս գործով հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը, սակայն, միաձայն առարկեցին միջնորդությանը։ Վարդանյանը նշեց, որ եզակի կամ անփոխարինելի մասնագետ, որպես այդպիսին, չկա, ուստի անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ կարող է փոխարինել, իսկ Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց դիրքորոշման հիմքում դրվում է նաեւ այս գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ մեղսագրվող արարքի փաստական եւ իրավական կողմը։  Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Թեեւ պաշտպանը պնդեց, որ նախարարությունը քաջատեղյակ է գործից, եւ եթե հնարավորություն լիներ մասնագետին փոխարինել, նման միջնորդության կարիք չէր առաջանա, այդուհանդերձ դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ լսելով նաեւ տուժողներին՝ զոհվածների ծնողներին, որոնք միաձայն հայտարարեցին, որ դեմ են խափանման միջոցը դադարեցնելուն։ Դատարանում ցուցմունք տվեցին տուժող ճանաչված 8 ծնողներ Դատարանն այսօր հարցաքննեց 8 տուժողի, որոնք զոհված զինծառայողների ծնողներն են։ Աննա Գասպարյանը՝ զոհված Արթուր Արմենի Գասպարյանի մայրը, դատարանին հայտնեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին «Ես եմ» ծրագրով, ծառայության է մեկնել Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ վաշտ, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին՝ այն օրը, երբ վաշտն ուղարկվել է մարտական խնդիր կատարելու․ «Ասեց՝ մա՛մ, մեզ տեղափոխու են, ասեցի՝ ո՞ւր են տանում, ասեց՝ չգիտեմ։ Հետո արդեն որ շատ ման եկանք, տեղեկացանք, որ տարել են Հադրութ։ Արդեն զոհված են եղել, որ ես իմացել եմ»,- պատմեց զոհվածի մայրը։ Նա շատ մանրամասների չէր տիրապետում, չէր էլ հանդիպել զորամասի հրամանատարության որեւէ ներկայացուցչի հետ, տեղյակ չէր նաեւ մյուս ծնողների հանդիպումներից։ Աննա Գասպարյանը մյուս ծնողներից է որոշ հանգամանքների մասին տեղեկացել, օրինակ այն, որ Գոռ Իշխանյանն է վաշտն ուղարկել Հադրութ, որ զորքին դիմավորող չի եղել եւ որ հրամանատարը Իշխանյանը չէր կարող չիմանալ, որ Հադրութն այդ ժամանակ արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր․ «Իմ տղեն ասեց՝ մամ ջան, չգիտեմ ուր են տանում, կհասնեմ տեղ, կզանգեմ։ Ու չզանգեց․․․»։ Աննա Գասպարյանը Արմինե Ամիրյանի որդին՝ զոհված զինծառայող Նորիկ Վարդանյանը, Մարտունի 3 է զորակոչվել 2020թ․ օգոստոսի 4-ին։ Մայրը որդու հետ վերջին զրույցն ունեցել է հոկտեմբերի 10-ի առավոտյան, ասել է՝ գնում են դիրքեր՝ գործ անելու․ «Ասեց՝ ես կապի դուրս կգամ։ Ձենը դուր[ը]ս չէր գալիս, ինչ-որ բան թաքցնում էր»։  Արմինե Ամիրյանն ասաց, որ որդուն 14-րդ վաշտից մի խումբ այլ զինվորների հետ տեղափոխել են 7-րդ վաշտ, որի անձնակազմի հետ էլ նա զոհվել է Հադրութում։ Ամիրյանը եւս շատ մանրամասների չէր տիրապետում։ Պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ նա միայն այն ասաց, որ տղաներին տարել են հանձնված հող։ Հարցին՝ որտեղի՞ց գիտի, ասաց, որ բոլորն են խոսում, որ հոկտեմբերի 11-ին Հադրութն ընկած էր։ Որդու զոհվելու հանգամանքների մասին մայրը միայն այն գիտեր, որ դիվերսիոն խմբերի կողմից շրջափակման մեջ է ընկել վաշտի անձնակազմը։ Արմինե Ամիրյանը Սվետլանա Մարգարյանի որդին՝ Սարգիս Ասատուրի Հակոբյանը, հոկտեմբերի 9-ին՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ, մորն ասել է՝ չզանգես, ինքս 3 օրից կզանգեմ։ Բայց այդ զանգն այդպես էլ չի հնչել։ Ծնողներն անհանգստացել են, գնացել են Գլխավոր շտաբ եւ ուր հնարավոր էր, բայց որեւէ լուր չեն իմացել։ Սվետլանան մյուս ծնողներից է իմացել, որ անձնակազմը կորած է, գուցե զինվորները գերի են կամ թաքնված։ Պատերազմի ավարտից հետո է նա իմացել, որ որդին զոհվել է։ Սվետլանա Մարգարյանը Սեյրան Խաչատրյանը՝ զոհված Խաչատրյանի հայրը, որը որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, պատասխանելով հանրային մեղադրողների հարցին՝ ինչ միջոցներ է ձեռնարկել, երբ իմացել է, որ կորած են, արձագանքեց․ « Պատերազմական իրավիճակում ի՞նչ միջոցներ ձեռնարկեինք, երբ տվյալ պահին իրա կամանդիր պալկան բունկերում պախկված էր»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Խաչատրյանը, որդուց լուր չունենալով, հոկտեմբերի 17-ին գնացել է Արցախ, այնտեղ հոկտեմբերի 23-ին հանդիպել Գոռ Իշխանյանին։ Վերջինս, ըստ ծնողի, ասել է, թե զորքը շրջափակման մեջ է, այլ տեղեկություն չի հայտնել։ Խաչատրյանը տպավորություն է ստացել, որ հրամանատարը ինչ-որ բան գիտի, բայց չի ասում։ Իշխանյանն ասել է, որ միջոցներ են ձեռնարկում, որոնց մասին չի կարող հայտնել․ «Սպասեցինք, բերեցին երեխեքի դիակները տվեցին, նման լրբի թուլեքը»,- ասաց ծնողը՝ նշելով, որ մինչեւ հիմա չգիտի՝ ինչ է կատարվել, դառնությամբ լցված՝ ոչ էլ հետաքրքրվել է։ Սեյրան Խաչատրյանը Շահեն Ավետումյանի որդին՝ Մայիս Ավետումյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսի 16-ին, ծառայել է 3-րդ վաշտում, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Շահեն Ավետումյանը որդու հետ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան, Մայիսը զանգել է ուրիշի հեռախոսով, ասել, որ դիրքեր են բարձրանում․ «Ասեց՝ զանգել եմ՝ ձենդ լսեմ, ու վերջ»։  Շահեն Ավետումյանը Արցախ չի գնացել, որոշ բաներ տեղեկացել է մյուս ծնողներից։ Իմացել է, որ տղաներն ընկել են շրջափակման մեջ, եւ որ նրանց դիմավորող չի եղել։ Շահեն Ավետումյանը Զոհված Յուրի Չիլինգարյանը հորը՝ Էդուարդ Չիլինգարյանին զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել՝ պոստի եմ, կիջնեմ, կզանգեմ, բայց այդպես էլ չի զանգել։ Հայրն անհանգստացել, մեկնել է Արցախ, այնտեղ ծանոթացել վաշտի զինվորների ծնողների հետ, միասին գնացել են զորամաս՝ Գոռ Իշխանյանի մոտ․ «Ասեց՝ երեխաները ոնց որ կան, պետք ա գտնենք, շրջափակման մեջ են։ Կոնկրետ տեղ չասեց, բայց մեր իմանալով՝ «9 կմ-ի» կողմ»։ Իշխանյանը ծնողներին ասել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով է զորքն ուղարկել Հադրութի կողմ։ Էդուարդ Չիլինգարյանը Անդրանիկ Մարտիրոսյանի որդին՝ զոհված Գեւորգ Մարտիրոսյանը, որ բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսին, Մարտունի 3-ի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտից է տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա հորը զանգել է հոկտեմբերի 7-ի երեկոյան, նրանց զրույցը տեւել է մոտ մեկ րոպե․ «Յուրաքանչյուր անգամ, երբ զանգում էր, չէր ներկայացնում իրավիճակը, ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է, դուք ձեզ լավ նայեք, էդ օրն էլ ասեց ապահով տեղում ենք։ Էլ դրանից հետո չէր պատասխանում զանգերին»։ Նոյեմբերի սկզբին Անդրանիկը տարբեր աղբյուրներից իմացել է, որ վաշտը կորել է, անտառներում շրջափակման մեջ է ընկել։ Նոյեմբերի վերջին տեղեկացել է, որ ողջ անձնակազմը չկա։ Անդրանիկ Մարտիրոսյանը Սուսաննա Դավթյանի որդին՝ Ավետիք Հրաչյայի Դավթյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հունվարի 29-ին։ Վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել, որ թեժ պատերազմ է ընթանում․ «Ասեց՝ որոշել են մեզ տեղափոխեն Հադրութ, կարող ա էլ չկարանամ կապվեմ քո հետ»։ Երկար ժամանակ այլ ծնողների հետ միասին Դավթյանները փորձել են լուր իմանալ իրենց որդիներից, պատերազմի ավարտին իմացել են, որ տղաները ոչ թաքնված են, ոչ գերի, ոչ շրջափակման մեջ․ նրանք զոհվել են, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները դուրս բերել։ Սուսաննա Դավթյանը Ըստ էության, այսօր հարցաքննված բոլոր ծնողները միակարծիք են այն հարցում, որ իրենց որդիների զոհվելու մեջ մեղավոր է Գոռ Իշխանյանը։ Թեեւ նրանք հանգամանորեն չեն տիրապետում դեպքերի մանրամասներին, սակայն ընդհանուր տեղեկություններ ունեն այն մասին, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից է ստացել վաշտը «9 կմ» ուղարկելու հրամանը, որ նրանց պետք է դիմավորեր 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը, բայց չի դիմավորել, որ վաշտի անձնակազմն ուղարկվել է գրավված Հադրութ եւ այլն։ Այսօր ցուցմունք տված տուժողները Արցախի տարածքին ծանոթ չէին, ուստի պնդումներ չարեցին այն տեղանքի մասին, ուր, ըստ հրամանի․ պետք է գնար վաշտը եւ ուր իրականում հասել էր։ Նրանց հուզում էր միայն մի հարց՝ մեղավորը պետք է պատժվի, եւ լավ կլինի՝ ամենախիստ ձեւով։ Մեղադրող կողմն իր հարցադրումները կառուցում էր այնպես, որ տուժողներն ամենայն մանրամասնությամբ պատմեն այն, ինչ իրենց հայտնի է, այդ թվում՝ կոնկրետ անձնանց անուններ, որոնցից իրենք պատերազմի ընթացքում իրենց որդիների մասին տեղեկություններ են ստացել։ Պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ, թե ինչի հիման վրա է այն համոզմունքը, որ Գոռ Իշխանյանն իմացել է, որ Հադրութը գրավված է, ու անձամբ զորքն ուղարկել այնտեղ այն պարագայում, երբ հրամանն իջեցվել է ՊԲ հրամանատարից եւ Իշխանյանի միջոցով փոխանցվել վաշտին։ Պաշտպանական եւ մեղադրող կողմերը դատարանում հիշատակում են, որ գրավոր փաստաթղթերում առկա է նշում, որ զորքի շարժի վերջնակետ նշված է հենց «9կմ» հատվածը։ Իսկ թե ինչու եւ ինչպես է զորքն անցել այդ խաչմերուկը, ինչու է հայտնվել Հադրութի Այգեստան գյուղում, ինչ հանգամանքներում է ընկել շրջափակման մեջ, ինչից են զոհվել վաշտի տղաները, ինչ պետք է անեին մեղադրյալներ Գոռ Իշխանյանն ու Նվեր Մնացականյանը, որ չեն արել, այս դատական քննության առարկան են։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։  Գլխավոր լուսանկարում՝ հանրային մեղադրող Վարդան Վարդանյանը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հայարփի Բաղդասարյան
19:40 - 18 փետրվարի, 2025
Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է

Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է

Կատուները կարող են միաժամանակ լինել և՛ ողջ, և՛ մեռած, ալիքները կարող են լինել նաև մասնիկներ, իսկ մասնիկները՝ նաև ալիքներ․ քվանտային աշխարհում կանոնները մի փոքր այլ են, քան մեզ շրջապատող աշխարհում։  2021-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում հիմնադրվեց Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը, որը միավորեց ամենատարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց՝ ֆիզիկայից մինչև համակարգչային գիտություններ ու տնտեսագիտություն։ Այս անգամ առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունք` բացահայտելու քվանտային աշխարհն ու դրա «տարօրինակ» օրինաչափությունները, քվանտային տեխնոլոգիաներն ու դրանց ուղղությամբ հետազոտությունները։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
19:04 - 15 փետրվարի, 2025
ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է

ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է

Պատկերացրեք՝ որեւէ պաշտոնատար անձ ձեր վերաբերյալ կայացրել է որոշում, որին դուք համաձայն չեք։ Սովորական պայմաններում դուք այդ որոշման դեմ բողոք կներկայացնեք նրա վերադասին, իսկ վերադասի կողմից էլ մերժում ստանալու դեպքում կդիմեք դատարան։ Այժմ պատկերացրեք, որ այդ պաշտոնատար անձը, որը ձեր վերաբերյալ որոշում է կայացրել, չունի վերադաս։ Ավելին՝ ձեր երկրում չկա դատարան, որը իրավասու կլինի քննելու այդ անձի կայացրած որոշումների օրինականությունը։ Հենց այսպիսի իրավիճակում են Հայաստանի այն դատավորները, որոնց Բարձրագույն դատական խորհուրդը ենթարկում է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ դադարեցնելով նրանց լիազորությունները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ 2015 թ․-ին է արձանագրել, որ կարգապահական որոշումը վերանայելու հնարավորության բացակայությունը հայաստանյան օրենսդրության մեջ խեղաթյուրում է անձի՝ «դատարան դիմելու իրավունք»-ի էությունը։ Արդյունքում, պետությունը պարտավորվել է 2004 թ․-ին պաշտոնից հեռացված դատավոր Անահիտ Սաղաթելյանին վճարել 4900 եվրո փոխհատուցում։ Այնուհանդերձ, վճռից 10 տարի անց էլ այս խնդիրը դեռ չի լուծվել։ Միայն 2020 թ․-ին ընդունվել, իսկ 2023 թ․-ին փոփոխության է ենթարկվել օրենսդրական մի կարգավորում, որը, սակայն, առ այսօր չի գործում։ Նյութում կարդացեք՝  Ինչպես ակտիվացան դատավորների կարգապահական վարույթները, եւ ինչ են դրանք ենթադրում․ վիճակագրություն Ինչում էր «մեղադրվում» դատավոր Վահե Միսակյանը․ ՀՀ-ի դեմ նոր գանգատ ՄԻԵԴ-ում Ինչու կարգապահական որոշումները չեն բողոքարկվում ՀՀ-ում․ միջազգային արձագանքը Ինչու Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում որոշումների բողոքարկումն ապահովելու համար անհրաժեշտ իրավական ակտը ԲԴԽ-ի տարբերակված մոտեցումը դատավորների նկատմամբ․ Դավիթ Հարությունյանի օրինակը Ինչպես ակտիվացան դատավորների կարգապահական վարույթները, եւ ինչ են դրանք ենթադրում 2018 թ․-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2019 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։ Այդպիսով, ըստ էության, հիմք դրվեց դատավորների նկատմամբ, այսպես ասած, վեթթինգի գործընթացին։ Ի թիվս այլնի, դատավորների նկատմամբ սկսեցին հարուցվել կարգապահական վարույթներ, եւ կիրառվեցին կարգապահական տույժի տարբեր տեսակներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն եւ լիազորությունների  դադարեցում։  Այս մեխանիզմը, իհարկե, նախկինում էլ կար, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչեւ 2015 թ․-ը դատավորների նկատմամբ կիրառվել է տարեկան միջինում 2 կարգապահական տույժ, իսկ 2016-2018 թթ․-ին ընդհանրապես տույժեր չեն կիրառվել, ապա դրանից հետո՝ 2019 թ․-ից սկսած, տարեկան վարույթների միջին թիվը ավելացել է 6 անգամ՝ դառնալով 12։ Ընդ որում, եթե 2018 թ․-ից առաջ կիրառվում էին կարգապահական պատասխանատվության ամենաթույլ եւ թույլ միջոցները, ապա 2019 թ․-ից կտրուկ աճեց նաեւ ծանր եւ ամենածանր տույժերի թիվը։ Վիճակագրությունը ցույց է տալիս նաեւ, որ 2010-2018 թթ․ համեմատ 2019-2024 թթ․ էականորեն ավելացել են կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները, իսկ բավարարված միջնորդությունների քանակը ավելացել է 5 անգամ։ Ավելացել են նաեւ մերժման դեպքերը, ինչպիսիք նախկինում չեն գրանցվել։ Հայաստանում դատավորներն ունեն անձեռնմխելիություն։ Սա նշանակում է, որ նրանք չեն կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելու, իրենց կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար։ Բացառություն են միայն այն դեպքերը, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։ Դատավորի կարգապահական խախտումը կարող է դրսեւորվել երկու ձեւով՝  նյութական կամ դատավարական իրավունքի նորմի՝ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում (օրինակ՝ սխալ է մեկնաբանել օրենքը կամ գործը քննել է ոչ օրինական կազմով) կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (օրինակ՝ չի դրսեւորել քաղաքական չեզոքություն)։ Կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն Արդարադատության նախարարությունը, Դատավորների՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որոշ դեպքերում՝ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Վարույթի հարուցումից հետո համապատասխան միջնորդություն է ներկայացվում Բարձրագույն դատական խորհրդին․ վերջինս միակ մարմինն է Հայաստանում, որ իրավասու է կայացնել որոշում դատավորի, այսպես ասած, մեղավորության կամ անմեղության մասին։ Ինչում էր «մեղադրվում» դատավոր Վահե Միսակյանը Նախկին դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Միսակյանը աշխատում էր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում, երբ պաշտոնավարման 5-րդ տարում Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ կամ Խորհուրդ) դադարեցրեց նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չինելով եւ ներպետական այլ ատյան չունենալով՝ Միսակյանը ստիպված եղավ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում Միսակյանը մանրամասնեց՝ օրեր առաջ ուղարկված գանգատում նշել է՝ Հայաստանը խախտել է իր՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության, խտրականության արգելքի եւ մասնավոր կյանքի իրավունքները։ Նույն՝ Եվրոպական կոնվենցիայով է երաշխավորված, որ յուրաքանչյուր ոք ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ինչը նշանակում է, որ անձը, ում իրավունքներն առերեւույթ խախտվել են, պետք է կարողանա ներպետական մարմինների առջեւ վիճարկել այդ որոշումը։ Սա ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ։ Հայաստանում, սակայն, տարիներ շարունակ չի ապահովվում դատավորների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչի արդյունքում Եվրոպական դատարանի կողմից գանգատների բավարարումը բացասական հետեւանքներ է ունենում պետության համար թե՛ հեղինակության, թե՛ ֆինանսական տեսանկյունից։ Օրեր առաջ, օրինակ, հունվարի 23-ին, Եվրոպական դատարանը վճռել է, որ Հայաստանը խախտել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը եւ պետությանը պարտավորեցրել նրան վճարել 5020 եվրո գումար։ Անտոնյանը դարձյալ 2023 թ․-ին պաշտոնից հեռացված այն դատավորներից է, որ մտահոգություն էր հայտնում Խորհրդի կազմի օրինականության առնչությամբ։ Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցող մարմնի ղեկավարը՝ Արդարադատության՝ այդ ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը, եւ վարույթը քննող մարմնի ղեկավարը՝ ԲԴԽ-ի՝ այդ ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանը, ունեն ընկերական սերտ հարաբերություններ, իսկ Անդրեասյանի կինը եւ Մինասյանը՝ նաեւ համատեղ բիզնես շահ, ինչը, ըստ դատավորների, կարող էր ազդել կայացվելիք որոշման վրա։ Եվրոպական դատարանը համաձայնել է ՀՀ դատավորների վերոնշյալ մտահոգությանը՝ Անտոնյանի իրավունքի խախտում արձանագրելով հենց այն պատճառաբանությամբ, որ Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի միջեւ մտերմությունը կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ։ Ճիշտ նույն մտահոգությունն իր գանգատում ներառել է նաեւ Վահե Միսակյանը։ Նա այն համոզմանն է, որ Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի դիրքորոշումը վճռորոշ է լինելու նույն պայմաններում կարգապահական տույժի ենթարկված մյուս դատավորների համար։ Ինչու կարգապահական որոշումները չեն բողոքարկվում ՀՀ-ում․ միջազգային արձագանքը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկման անհրաժեշտությունը ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, ինչպիսին, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականն է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի միջազգային ստանդարտները և պատշաճ պրակտիկայի մասին»  նշումները, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի  (ԳՐԵԿՈ) զեկույցները կամ «Դատական իշխանության անկախության մասին» ՄԱԿ-ի սկզբունքները։  Բազմաթիվ զեկույցներում, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, հարցին անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ բողոքարկման հնարավորության բացակայությունը մտահոգիչ որակելով։ Դատաիրավական բարեփոխումների՝ դեռեւս 2019-2023 թթ ռազմավարությամբ ամրագրվել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծ,  որը, ի թիվս այլնի, անդրադառնալու է ԲԴԽ որոշումների բողոքարկման հարցին։ Դրանից հետո՝ 2020 թ․-ի մարտին, Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական մի կարգավորում, ըստ որի՝ այդ որոշումները կարող են բողոքարկվել, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման կայացման վրա  (Դատական օրենսգքրի 156․1–րդ հոդված)։ Այսինքն՝ բողոքարկման համար անհրաժեշտ պայման է, որ ի հայտ գա էական որեւէ հանգամանք կամ ապացույց, առանց որի անձը չի կարող իրացնել իր այդ իրավունքը, ինչը, բնականաբար, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտում է։ Ընդ որում, ըստ այս կարգավորման՝ բողոքը քննելու է ոչ թե վերադաս որեւէ ատյան, այլ ԲԴԽ այն նույն կազմը, որը քննել էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Հարկ է նշել, սակայն, որ նույն՝ նոր երեւան եկած հանգամանքի առկայությունը մեկ այլ հոդվածով հիմք է գործի վերանայման համար (Դատական օրենսգքրի 157-րդ հոդված), իսկ որոշման բողոքարկումը եւ գործի վերանայումը իրարից լիովին տարբեր գործընթացներ են։ Չնայած նրան, որ նախագծի հեղինակները հիմնավորումներում նշել էին, որ դատավորը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման կառուցակարգ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում, մի խումբ իրավաբաններ ոլորտի ուսումնասիրության արդյունքում քննադատեցին այս մոդելը՝ այն արդյունավետ չհամարելով: 2022 թ․ մայիսին Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը՝ դիտարկելով չորս հնարավոր տարբերակ։ Ուշագրավ է, որ Նախարարությունը կիրառել էր հենց «նախատեսել» բառը՝ կարծես անուղղակիորեն ընդունելով, որ գործուն մեխանիզմ, միեւնույն է, առկա չէ։ Արդեն 2023 թ․-ի հոկտեմբերին Կառավարությունը առաջարկեց փոփոխել հիշյալ կարգավորումը՝ «նոր երեւան եկած հանգամանք»-ի պայմանը օրենքի տեքստից հանելով։ Բացի այդ, սահմանվեց, որ ԲԴԽ 10-հոգանոց կազմը բաժանվելու է 2 մասի․ 4 անդամը քննելու է բուն միջնորդությունը, 6 անդամը՝ որոշման դեմ բողոքը։ Ընդ որում, այս կազմը կրելու է ռոտացիոն բնույթ, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ ձեւավորվելու է նորովի։ Նախկին դատավոր Վահե Միսակյանը մեր զրույցում ասում է՝ այս փուլում սա կարող է լինել գոնե միջանկյալ լուծում, բայց արդյունավետ միջոց, միեւնույն է, չի լինի․ «Եթե 4 հոգուն առանձնացնում ենք, հետո ասում ենք՝ 6 հոգին էլ թող բողոքը քննի, ամեն դեպքում, նրանք իրար հետ են աշխատում, եւ ես տեսականորեն, նաեւ գործնականում չեմ կարող բացառել, որ ինչ-որ հարցի հետ կապված քննարկում չեն ունենա, ուստի չեմ համարում, որ դա անաչառության կամ անկողմնակալության բարձր չափանիշ ապահովող վերանայող մարմին կլինի»,– ասում է Միսակյանն ու ընդգծում՝ Խորհդրի կազմի 5 անդամը դատավոր է, 5 անդամը՝ գիտնական, եւ կարգապահական վարույթներով անցնող դատավորները առանց այն էլ մշտապես բախվում են խնդրին, թե ինչպես Խորհրդի գիտնական անդամներին, որոնք կարող են պրոֆեսիոնալ իրավաբաններ լինել, ամբողջական պատկերացում տան դատավորի աշխատանքի պրակտիկ առանձնահատկությունների մասին։ Խնդրահարույցը, սակայն, միայն դա չէ․ 2023 թ․-ի օրենսդրական այդ փոփոխությունից գրեթե 1․5 տարի անց այդ կարգավորումը դեռեւս չի գործում։ Ազգային ժողովն անցումային դրույթներով սահմանել է, որ այն ուժի մեջ է մտնելու, երբ ԲԴԽ-ն ընդունի համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը։ Դրա համար վերջնաժամկետ, սակայն, Խորհրդարանը չի նախատեսել, ԲԴԽ-ն էլ այն առ այսօր չի ընդունել։ «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցին, թե ինչու առ այսօր այդ ակտը չի ընդունվել, որպեսզի ապահովվի հիշյալ իրավունքի իրացումը, Դատական դեպարտամենտից պատասխանել են, որ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում․ «Իրավական ակտի նախագիծը օտարերկրյա լավագույն փորձի հաշվառմամբ մշակելու նպատակով ներգրավվել են շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում՝ 2024 թ․ սեպտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 7-ին կազմակերպվել են քննարկումներ դատավորների, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նշված հանդիպումների ընթացքում քննարկման առարկա է դարձվել «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում այն լրամշակվել է Դատական դեպարտամենտի կողմից, ներկայացվել Եվրոպայի խորհրդին եւ գտնվում է լրամշակման վերջնական փուլում»,- ասված է պատասխանում։ Խորհրդին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք նաեւ հայտնել՝ 2020 թ․-ին ընդունված կարգավորումը մինչ օրենքի՝ 2023 թ․-ի փոփոխությունը երբեւէ կիրառվե՞լ է, եթե այո, ապա ե՞րբ, եւ ինչպե՞ս է Խորհուրդը որոշել՝ նոր երեւան եկած հանգամանքը կոնկրետ դեպքում պետք է դիտել գործի վերանայմա՞ն թե՞ բողոքի քննության հիմք։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հայտնել է, որ հիշյալ հոդվածը կիրառվել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթներում։ Նշենք, սակայն, որ Սուքոյանի վերաբերյալ որոշումը կայացվել է 157-րդ, այսինքն՝ վերանայման, այլ ոչ թե 156․1-րդ՝ բողոքարկման հոդվածի հիման վրա (թեեւ նախկին դատավորը երկու հոդվածն էլ վկայակոչել էր), իսկ Վարդազարյանի դեպքում Խորհուրդը նշել է, որ առկա չէ 156.1–րդ հոդվածի իմաստով ի հայտ եկած այնպիսի հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա, քանի որ գործով վերջնական դատական ակտի կայացման պահին այն գոյություն չի ունեցել օբյեկտիվ իրականությունում: Փաստացի, 156․1-րդ հոդվածը թեեւ ձեւականորեն կիրառվել է միայն Վարդազարյանի գործով, սակայն բովանդակային առումով չի ապահովել անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս դարձյալ կախման մեջ է դիտարկվել որոշակի պայմաններից։ Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ինչպես է Խորհուրդը որոշել, թե որ դեպքում նոր ի հայտ եկած հանգամանքը որ հոդվածի ներքո դիտարկի, Խորհուրդը նշել է՝ այդ հարցի առնչությամբ պատճառաբանություններն ու դիրքորոշումը ներկայացված են 18.10.2024թ. թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշման մեջ։ ԲԴԽ-ի տարբերակված մոտեցումը դատավորների նկատմամբ ԲԴԽ-ի հիշատակած որոշումը Երեւանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ է։ 2023 թ․-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր նաեւ Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո վերջինս դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ-ն ստուգման է ենթարկում ոչ թե ԲԴԽ–ի որոշումը, այլ դրանում կիրառված այս կամ այն օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը)։ ՍԴ-ն որոշել էր, որ հրապարակայնության սկզբունքին եւ դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ Սահմանադրությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ է կիրառել, ինչը գործի վերանայման հիմք է։ Դատավոր Դավիթ Հարությունյանը վերանայման դիմում էր ներկայացրել, սակայն Խորհուրդը մերժել էր վերանայումը՝ որոշման մեջ գրելով, որ օրենքի բացի առկայության պատճառաբանությամբ որոշվել է դիմումի քննության իրականացման նկատմամբ կիրառելի համարել ոչ թե 157-րդ հոդվածը, որը սահմանում է հենց ՍԴ որոշման հիման վրա գործի վերանայման իրավունքը, այլ 156.1-րդ հոդվածը, որը վերաբերում է կայացված որոշումը բողոքարկելուն։ Տվյալ օրենքի բացը ԲԴԽ-ն պարզաբանել է հետեւյալ կերպ․ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը կարգավորում է Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով որոշումների վերանայման ընդհանուր հարցերը, սակայն չի բովանդակում Խորհրդում այդ վերանայման ընթացքը կարգավորող մանրամասն դրույթներ։ Խորհրդի «ՀՀ ԲԴԽ-ի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ եւս չի նախատեսվում՝ Օրենսգրքի նշված հոդվածով սահմանված վերանայման գործընթացի իրականացման կանոններ»,- նշել է խորհուրդը՝ որոշելով անալոգիայի հիման վրա (անալոգիան օրենքով չկարգավորված հարաբերության կարգավորումն է համանման մեկ այլ նորմով,–հեղ․)  կիրառել 156․1-րդ հոդվածը։ Փաստաբան Զորայր Հարությունյանը, որ այս գործով դատավորի ներկայացուցիչն է, օրենքի անալոգիայի կիրառումն այս դեպքում անօրինական է համարել՝ նշելով, որ այդպիսով սահմանափակվել են իր վստահորդի իրավունքները, քանի որ նիստը եղել է գրավոր ընթացակարգով, իսկ օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքներն ու ազատությունները։  Փաստաբանն ուշադրություն է հրավիրել Արայիկ Մելքումյանի վերաբերյալ կարգապահական վարույթին, որով դեռ 2020 թ․-ին 157-րդ հոդվածն առանց խոչընդոտի կիրառվել է․ «Առկա չէ ԲԴԽ որեւէ օբյեկտիվ եւ պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն եւ դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում խոսքը ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայման մասին է, մասնավորապես՝ հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, մինչդեռ Դավիթ Հարությունյանի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ-ն կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը»,- նշել է փաստաբան Զորայր Հարությունյանը։ Մեր զրույցում Զորայր Հարությունյանը սա բացատրում է նրանով, որ ԲԴԽ-ն խուսափել է բանավոր ընթացակարգով դռնբաց քննություն իրականացնելուց, ինչի արդյունքում էլ կրկին խախտվել է դատավորի արդար դատաքննության իրավունքը, եւ չեն վերականգնվել Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները․ «Իմ կարծիքով՝ պետք է ոչ թե օրենքի անալոգիա կատարվեր, այլ իրավունքի անալոգիա (օրենքով չկարգավորված հարաբերությունները իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա կարգավորելն է,–հեղ․): Ի վերջո, Հայաստանում դատավարական երեք օրենսգրքերն էլ (քաղաքացիական, քրեական, վարչական) նախատեսում են վերանայման վարույթի ընթացակարգեր, եւ դրանց ընդհանուր տրամաբանությունը այն է, որ վերանայումն իրականացվում է այն ընթացակարգով, որը հիմնականում կիրառվում է այդ դատարանում։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կիրառեր կարգապահական վարույթների քննության ընդհանուր ընթացակարգը, այն է՝ դռնբացությունը, հրապարակայնությունը, բանավոր քննությունը։ Այս կոմպոնենտներից խուսափելու միակ հնարավորությունը Խորհրդի համար բողոքարկման ճանապարհով գնալն էր՝ թեկուզեւ օրենքը սխալ մեկնաբանելով»։ Հարությունյանն ընդգծում է՝ ԲԴԽ որոշմամբ ընդունված աշխատակարգն է այն հիմնական ենթաօրենսդրական ակտը, որով կարգավորված են ընթացակարգային հարցերը, իսկ աշխատակարգի մեջ փոփոխություններ մտցնելը կամ լրացումներ իրականացնելը պարզ գործընթաց է․ «Կարգավորումները կարող են որոշակի առումով լինել թերի, որոշ իրավահարաբերություններ կարող են ընդհանրապես կարգավորված չլինել աշխատակարգով, իսկ դրանում լրացումներ կատարելը հնարավոր է ոչ միայն տարիների կամ ամիսների, այլ ցանկության դեպքում ամսվա ընթացքում։ Եվ դրա չկատարումը եւս խոսում է այն մասին, որ Խորհուրդը մեծապես օգտվում է ստեղծված իրավիճակից՝ կամայականություններ թույլ տալով, այլ ոչ թե փորձում է օրենսդրական բացերը լրացնել»։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Դավիթ Հարությունյանն այժմ պատրաստվում է երկրորդ գանգատը ուղարկել Եվրոպական դատարան՝ ՍԴ որոշման հիման վրա գործը չվերանայելու առնչությամբ (առաջին գանգատը կարգապահական վարույթի ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտման մասին է)․ «Կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ  Խորհրդի խնդիրը վերջին տարիների կարգապահական վարույթներում այն չէ, որ այսինչ դատավորը կատարել է այսինչ խախտումը, այլ ուզում եք՝ անունը վեթթինգ դրեք, ուզում եք՝ նախկիններին պատժելու գործընթաց, ոնց ուզում եք անվանեք, բայց այս խնդիրների լուծման համար Խորհուրդը կիրառում է կամայականություն, եւ  ելնելով կոնկրետ վարույթով կոնկրետ խնդրի լուծման իր տեսլականից՝ կիրառում է այս կամ այն իրավակարգավորումը»,– կարծում է փաստաբան Զորայր Հարությունյանը։ Այսպիսով, տարիներ շարունակ եւ առ այսօր պետությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում դատավորների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու համար։ Թեեւ գործադիրն ու օրենսդիրը փոփոխություններ են կատարել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ ՀՀ օրենսդրության պայմաններում բողոքարկման հնարավոր մեխանիզմ նախատեսելու համար, այնուհանդերձ, Բարձրագույն դատական խորհուրդը առ այսօր չի սահմանում ընթացակարգեր ոչ 2020 թ․-ին, ոչ 2023 թ․-ին ընդունված մեխանիզները գործարկելու համար, փոխարենը դրանց բացակայությանը հղում կատարելով՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերում դատավորների նկատմամբ։ Արդյունքում, Եվրոպական դատարանում շարունակում է ավելանալ Հայաստանի դեմ գանգատների թիվը՝ առկախված թողնելով հարցը, թե կոնկրետ երբ ի վերջո հնարավոր կլինի այդ որոշումները վիճարկել նախեւառաջ պետության ներսում։   *Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների վերաբերյալ հստակ քանակական տվյալներ 2010 թ․-ից սկսած առկա չեն, ուստի ԲԴԽ-ից տրամադրվել են միայն 09.04.2018-31.12.2024 թթ ընկած ժամանակահատվածի տվյալները: Դրան նախորդած տարիների տվյալները «Ինֆոքոմը» ստացել է Արդարադատության նախարարությունից։ Նշենք, սակայն, որ 2020 թ․-ի «խիստ նկատողություն» տույժի առնչությամբ պետական երկու մարմինների տվյալներում առկա էր քանակական անհամապատասխանություն․ ըստ Արդարադատության նախարարության՝ խիստ նկատողություն է հայտարարվել 2, ըստ ԲԴԽ-ի՝ 3 դատավորի։ ԲԴԽ-ից նշեցին՝ իրենց տվյալներում անճշտություն առկա չէ, իսկ Նախարարությունից դժվարացան հստակ պարզաբանել այս անհամապատասխանությունը՝ առաջարկելով հիմք ընդունել ԲԴԽ-ի տվյալները, քանի որ վերջինս է որոշում կայացնող վերջնական մարմինը։  *ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ ներկայացված գանգատների մասին տեղեկացվում է միայն գանգատի կոմունիկացիայի դեպքում (կոմունիկացվելը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը որոշում է տեղեկացնել համապատասխան երկրի կառավարությանը, որ գործը գրանցվել է դատարանում, եւ որ այդ գործի վերաբերյալ պետք է ներկայացվի տվյալ Կառավարության դիրքորոշումը), ուստի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից ստացված վերոնշյալ տեղեկությունը ամբողջական չէ, ՀՀ-ի դեմ գանգատներ են ներկայացրել նաեւ 2019 թ․-ից կարգապահական պատասխանատվության ենթարկված մի շարք այլ դատավորներ։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
19:00 - 12 փետրվարի, 2025
Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին տրված մարտական առաջադրանքի շուրջ դատարանում երեկ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետ Արարատ Մանուչարյանը։ Նա այն գնդապետն է, որն ի սկզբանե հրաժարվել է քիմիկներին Կիրի հանք ուղեկցելու՝ իր ձեւակերպմամբ առաջարկից։ Հենց Կիրի հանքում, ըստ մարտական կարգադրության, քիմիկները պետք է Սանրում գործողության միջոցով հայտնաբերեին եւ ոչնչացնեին հակառակորդի ներթափանցած խմբերին։ Բայց քանի որ նրանք Էջմիածին քաղաքից էին, անհրաժեշտ էր, որ տեղանքին ծանոթ մեկը նրանց ուղեկցեր նշված հատված։ Մանուչարյանի հրաժարվելուց հետո ուղեկցման գործառույթը բաշխվել է կամավորականներ Արման Նուրիջանյանի եւ Համբարձում Փարամազյանի միջեւ։ Արդյունքում, սակայն, ստացվել է այնպես, որ Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։ Գնդապետի խոսքով՝ ինքը հրաժարվել է ուղեկցումից այլ առաջադրանք ունենալու պատճառով Վկա Արարատ Մանուչարյանը դատարանին հայտնեց, որ ՀՀ զինված ուժերում ծառայել է 1992-2018 թթ-ին, ծառայության բերումով ճանաչում է Անդրանիկ Մակարյանին, իսկ Արսեն Աբգարյանին առաջին անգամ Կապանում է տեսել։ Եղվարդից Կապան Մանուչարյանը մեկնել է հոկտեմբերի 19-ին, իր խոսքով՝ կամավոր․ «Նոր բրիգադ պիտի ստեղծվեր, ասացին՝ օգնության կարգով պահեստզորի նախկին ծառայողներն այնտեղ են, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ես էլ համաձայնվեցի, գնացի, որ ընդգրկվեմ ինքնապաշտպանական բրիգադում»,– պատմեց նա։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդակցություն է հրավիրվել, որը ղեկավարել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ներկա են եղել մի շարք զինվորականներ, այդ թվում՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գնդապետ Վարդան Ալեքսանյանը։ Հենց նրան է հանձնարարվել կազմակերպել ուղեկցման գործընթացը։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե ինչի վերաբերյալ էր խորհրդակցությունը, վկան պատասխանեց՝ Զանգելանի․ «Որոշվեց, որ երկու ուղղությամբ գնան, ուսումնասիրեն տեղանքը, թույլ չտան, որ հակառակորդը խորանա»,- ասաց նա։ Նավասարդյանի հարցին՝ կասկածներ կայի՞ն հակառակորդի գտնվելու վայրի հետ կապված, վկան պատասխանեց․ «Զանգելանի տարածքում, կոնկրետ որտեղ՝ չեմ կարող ասել, քաղաքը՝ իր արվարձաններով։ [Վարդան Ալեքսանյանը] ինձ առաջարկեց, որ ես քիմիկների հետ գնամ, որ ցույց տամ ճանապարհը, ես էլ ասացի, որ ագարակցիների հետ պայմանավորված եմ, Ագարակ պիտի գնամ, դրա համար հրաժարվեցի։ Դրանից հետո ինչ խնդիր է դրվել՝ չեմ կարող ասել, ես դուրս եմ եկել, գաղտնիություն պիտի պահվեր»,– նշեց վկան։ – Մինչ առաջարկ հնչեցնելը ի՞նչ է ասվել, ո՞ւր էր պետք գնալ, ո՞ւր ուղեկցել,– հարցրեց մեղադրողը։ – Պիտի գնային, Կիրի հանք չհասած՝ իջնեին, ուսումնասիրեին․․․ Զանգելանից մոտ 4 կմ հետ,– պատասխանեց վկան։ – Դա ո՞վ է ասել։ – Երեւի թե Մակարյանը։ – Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կասկածը։ – Խորհրդակցությունը նա էր վարում, նա պիտի ասած լինի։ – Քարտեզներ եղե՞լ են։ – Չեմ կարող ասել, գուցե իմ գնալուց հետո են տվել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը ընդգծեց՝ ըստ համապատասխան կարգադրության՝ ուղեկցումը պետք է կազմակերպվեր տեղական ինքնապաշտպանական ուժերով, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ արդյո՞ք ինքը հանդիսանում էր այդպիսին։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը տեղի բնակիչ չէր, իր խնդիրը նոր բրիգադն էր։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե վկան ինչ նպատակով եւ ում հրամանով պիտի գնար Ագարակ, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրաման չէր, ես ու Վարդան Ալեքսանյանն էինք որոշել Կապանի համայնքապետի հետ միասին․․․ Գյուղի դիրքերը առաջ տալու համար»։ Այս դեպքում անհասկանալի է՝ եթե Վարդան Ալեքսանյանը արդեն իսկ տեղյակ էր վկայի այդ որոշման մասին, ինչու էր նրան նոր՝ ուղեկցման առաջարկ անում։ Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հարց հղեց՝ եթե վկան այլ առաջադրանք է ունեցել, ինչո՞ւ է մասնակցել այդ խորհրդակցությանը, չէ՞ որ այդտեղ, ինչպես ինքը նշեց իր ցուցմունքում, գաղտնիության ռեժիմ էր գործում։ Վկան պարզաբանեց՝ խորհրդակցությանը քննարկվելու էին այլ հարցեր եւս, այդ թվում՝ զենք–զինամթերքի հետ կապված։ Պաշտպանը, սակայն, չընդունեց այս պատասխանը։ Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Ըստ մարտական կարգադրության՝ խորհրդակցությունը վերաբերում էր միայն «Մակարյան» օպերացիայի իրականացմանը։ Սա ոչ ինձ է թվում, ոչ Ձեզ, սա հաստատված փաստական հանգամանք է,– արձագանքեց Դավիդյանը՝ դարձյալ հարցնելով՝ վկան որպես ի՞նչ է ներկա եղել։ – Որպես Ալեքսանյանի տեղակալ,– պատասխանեց Մանուչարյանը։ –Տեղյա՞կ եք, որ դեպի Կիրի հանք ուղեկցող նշանակելու պարտականությունը դրված էր Ալեքսանյանի վրա։ –Ոչ․․․ Էնքանով էր դրված, որ երբ ինձ առաջարկվեց, ես հրաժարվեցի, ասաց՝ այդ հարցը մենք կլուծենք։ – Մենք խոսում ենք զինվորական ծառայության մասին, որտեղ առաջարկ տերմին չկա։ Կա կարգադրություն, կա հրաման եւ հրամանի կատարում։ Իմանալով, որ տեղանքին ծանոթ եք, Ձեզ է հրամայել, ճի՞շտ է։ – Ինձ առաջարկել են, չեն հրամայել,–պնդեց վկան։ – Դուք հրաժարվում եք, համայնքապետ Արթուր Մանուչարյանն ասում է՝ բենզին չունեմ, վարորդը ճանապարհի կեսն է ուղեկցում։ Ըստ Ձեզ՝ տարակուսելի չէ՞, ինչո՞վ է պայմանավորված այս խուսափումը, ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք գիտեիք,– հարցրեց Դավիդյանը։ – Ես տեղյակ չեմ,– պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ զորքը չի իջել այնտեղ, որտեղ պիտի իջներ Վկա Արարատ Մանուչարյանը պատմեց, որ հոկտեմբերի 20-ին, ինչպես եւ որոշած էր, պատրաստվում էր մեկնել Ագարակ, երբ Վարդան Ալեքսանյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ քիմիկների անձնակազմի հետ կապը կորել է։ Արդյունքում, վկան թողել է Ագարակի իր անելիքը եւ ուղեւորվել քիմիկների հետեւից։ Հասնելով ոստիկանական հենակետ, որտեղ, ըստ կարգադրության, զորքը պիտի իջներ, իմացել, որ զորքը եկել, անցել է․ – Համապատասխանո՞ւմ էր օպերացիային այդ գալ–անցնելը,- հարցրեց մեղադրողը։ – Ես չեմ կարող ասել՝ խնդիրը ոնց էր դրվել։ – Այնքան, որքան ներկա եք եղել խորհրդակցությանը, ասացիք՝ հանք չհասած պիտի իջնեին՝ ոստիկանակետից 2–3 կմ հետո։ – Հա, հանքի ու ոստիկանակետի արանքում։ – Իսկ իջե՞լ են այդտեղ։ – Չէ, մի վարորդը որ հետո հետ է եկել, ասել է՝ Զանգելան են հասել, Զանգելանի արվարձաններում հանդիպել են հակառակորդի։ Մենք էլ պիտի գնայինք, հասնեինք նրանց հետեւներից,– պատասխանեց Մանուչարյանը։ Նա պատմեց, որ այդ ոստիկանի եւ վարորդի հետ ուղեւորվել է դեպի Զանգելան, բայց այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե շրջափակման մեջ ընկած զորքին 3-ով ինչպես պիտի օգնություն ցույց տային, այն էլ՝ առանց զենք-զինամթերքի․ – Տվյալներ ունեի՞ք, որ շրջափակման մեջ են։ – Չէ։ – Գիտեի՞ք, որ հնարավոր է փոխհրաձգություն է վայրում։ – Ոստիկան ասաց՝ կրակոցներ եղել են։ Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի եւ վարորդի հետ ուղեւորվել են մինչեւ Զանգելանի արվարձաններ․ «Հասել ենք քանդված տների մոտ՝ չբնակվող տարածքներ, որտեղ հակառակորդը անկանոն կրակում էր մեր ուղղությամբ, մոտ 15 հոգի կլինեին՝ 400-500 մ հեռավորության վրա»։ Վկայի խոսքով՝ այդտեղից փոքր-ինչ հետ են եկել, որից հետո ինքը վարորդին ու ոստիկանին հետ է ուղարկել, ասել՝ ոչ մեկին չթողնի առաջանալ, իսկ ինքը բարձրացել է բլրի վրա եւ շարունակել դիտարկել հակառակորդին, իր խոսքով՝ մոտ 5-6 ժամ․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշեց վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա միայնակ այդքան երկար ինչ պետք է աներ այդտեղ։ Նրա անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին։ Վերջիններս քանիցս հայտարարեցին, որ վկան սուտ ցուցմունք է տալիս․ Տուժողների իրավահաջորդները – Մի՞շտ եք փուռը տալիս տղերքին, լավ ծախեցի՞ք, համբա՛լ: Դատավոր Սարգիս Դադոյանը նկատողություն արեց անհետ կորած զինծառայողի մորը՝ հիշեցնելով, որ նա դատարանում է գտնվում։ – Բա իմ տղան որտե՞ղ է գտնվում,– վրդովվեց մայրը՝ հավելելով․ «Ավինյանի հորը կարելի՞ է ասել համբալ, ինձ չէ՞․․․ Տղերքը գան, կաշիդ են քերթելու»։ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը հիշեցրեց փրկված զինվորներից մեկի՝ դատարանում հնչեցրած այն խոսքերը, թե հարձակումից հետո, երբ ինքը պատսպարված է եղել, լսել է, որ ինչ–որ մեկը եկել, ասել է՝ «Կամո–Կամո, ոնց պայմանավորվել էինք, ապրանքը տեղ հասավ»։ Նա կասկած հայտնեց, որ իր խոսքով այդ «շպիոնը» հենց Արարատ Մանուչարյանն է եղել։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Միլենա Խաչիկյան
11:11 - 12 փետրվարի, 2025
«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը

«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը

«Գումարտակի հրամանատարի հրամանը՝ «տեղներիցդ չշարժվեք», հնարավոր չէր կատարել տեւական ժամանակ, ես ինչքան կարողացել եմ, մնացել եմ տեղում, եւ երբ զգացել եմ, որ այլեւս հնարավոր չէ, իմ անձնակազմը դուրս եմ հանել»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում օրերս կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը, որն այժմ մեղադրյալի աթոռին է։  Դատարանում քննության առարկա են 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։ Մինչ Գրիգորյանի ցուցմունքը դատարանում հարցաքննվել են գործով վկա ներգրավված անձինք։ «Ես չեմ փախել իմ մարտական դիրքից»․ Հայկազ Գրիգորյան Մինչ ցուցմունք տալը Հայկազ Գրիգորյանը հայտարարել է, որ անկախ կայացվելիք դատավճռի էությունից եւ դրան իր համաձայն կամ անհամաձայն լինելուց՝ ցանկանում է ընդգծել, որ ողջ գիտակցական կյանքում եղել է զինվորական եւ ճակատագրի բերումով ծառայել է այնպիսի ժամանակահատվածներում ու վայրերում, որի ընթացքում մի քանի անգամ ներգրավվել է մարտական գործողությունների մեջ․ «Իմ ուժերի ներածին չափով մասնակցել եմ իմ հայրենիքի պաշտպանությանը, ինչքան որ կարողացել եմ։ Բնականաբար, ես չեմ կարող ասել, որ իմ գործողություններում սխալներ չեն եղել, թերություններ չեն եղել։ Պատերազմական իրավիճակն ու մարտական գործողությունների վայրն այնպիսին են, որ ժամանակ հնարավոր չէ անսխալ գործել կամ որեւէ բաց թողում չունենալ։ Ծառայել եմ այնքան, որքան կարողացել եմ, բայց ծառայել եմ նվիրումով, անմնացորդ, իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ ծնողների, իմ պետության անվտանգության համար»,- ասել է Գրիգորյանը։ Նա հայտարարել է, որ չի փախել իր մարտական դիրքից ու չի հեռացել մարտական գործողությունների շրջանից, ավելին՝ նման մտադրություն էլ չի ունեցել, հակառակ դեպքում չէր ծառայի։ «Ես ինքս եմ գնահատել տվյալ իրադրությունը եւ, խորհրդակցելով ինձ հետ գտնվող սպաների ու անձնակազմի հետ, նաեւ գնահատելով ընդհանուր բարոյահոգեբանական իրավիճակը, դուրս եմ բերել իմ անձնակազմը այդ հատվածից»,- մարտական դիրքից հեռանալու հանգամանքն այսպես է մեկնաբանել Գրիգորյանը՝ պնդելով, որ եթե անձնակազմին դուրս չհաներ, բոլորը կզոհվեին։ Ըստ մեղադրյալի գնահատականի՝ դուրս գալը ոչ միայն ողջ մնալու համար էր, այլեւ այդտեղ մնալը որեւէ ռազմավարական խնդիր չէր լուծելու․ «Մենք մեր հնարավորություններով որեւէ հակազդեցություն չէինք կարողանալու տալ, հետեւաբար՝ զոհվելու էինք՝ չկարողանալով կատարել այն խնդիրը, որի համար տեղակայվել էինք այդ տարածում»։ Վաշտի նորակոչիկները կրակային պատրաստություն անցել էին ընդամենը մեկ անգամ Հայկազ Գրիգորյանը դատարանում պատմել է, որ 2020 թվականի հուլիսին կորոնավիրուսով պայմանավորված 18-րդ հրաձգային դիվիզիյայի նորակոչիկներին ընդունել են Մարտունի 2 զորամասում, որտեղ վաշտի կազմով անցկացրել են շարային պատրաստություն, եւ ոչ մի մարտավարական պարապմունք, քանի որ 82 զինծառայողները վարակված են եղել կորոնավիրուսով ու գտնվել ստացիոնար բուժման մեջ։ Արդեն հաջորդ ամիս երդվել են ու տեղափոխվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակ։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ վաշտում կատարվել է անձնակազմի հաստիքավորում եւ զենքերի ամրակցում, 2 անգամ  անցկացվել է կրակային պատրաստության, տեսական պատրաստություն, կատարվել են մարտական բարձր պատրաստության բերելու աստիճանների պարապմունքները, ջոկի դասակի, վաշտի, գումարտակի, ներդաշնակման պարապունքներ։ Մեղադրյալ հայտնել է, որ անձնակազմը, բացի ջոկի հրամանատարներից, մարտական դիրքերի տեղաբախշման վայրերը չի իմացել։ Գրիգորյանի խոսքով՝ մարտավարական պատրաստություն արել են, բայց զրոյական մակարդակով, իսկ  կրակային պատրաստությամբ զբաղվել ընդամենը մեկ անգամ․ «Ծանոթացել են ԱԿ 74-ի մարտավարատեխնիկական բնութագրին, կատարել են 3 փամփուշտ կրակոց՝ զենքի ձայնը լսելու համար։ Ինչ վերաբերում է ՊԿ, ՌՊԿ, ՌՊԳ տեսակի զենքերին, այդ զենքերից ընդհանրապես ոչ ոք տեղյակ չէր»,- դատարանում նշել է մեղադրյալը՝ ասելով, որ ոչ ոք չգիտեր նշան բռնելու կարգը, քանի որ այդ դասաժամը դեռ չէին արել։  Հայկազ Գրիգորյանին անհայտ պատճառներով վաշտը պատերազմի սկսվելուց չի ցրվել մարտական հերթապահություն իրականացվող այլ գումարտակների միջեւ Հայկազ Գրիգորյանը 2020թ․ սեպտեմբերի 26-ին հանդիսացել է ուսումնական գումարտակի պատասխանատու։ Նրա խոսքով՝ պատերազմի սկսվելու առավոտյան 7։30-ի սահմաններում հակառակորդի կամիկաձե ԱԹՍ-ն հարվածել է ՀՀՍ (հրթիռահրետանային սպառազինության,-հեղ․) պահեստին, որից հետո հնչել է տագնապի ազդանշանը։ Հայկազ Գրիգորյանն է ուսումնական գումարտակին տագնապ տվել, հետո զբաղվել վաշտը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու հարցերով․ «Անձնակազմը տեղավորեցի նկուղում, որից հետո անձնակազմը ջոկ-ջոկ սկսեց զենք-զինամթերք ստանալու գործնթացը»,- պատմել է Հայկազ Գրիգորյանը։ Նա նշել է, որ դրանից հետո վաշտը զորամասի վերադաս հրամանատրության հրամանով մեկնել է նստեցման շրջան, որտեղ մարտական հաշվարկի համաձայն անձնակազմը պետք է ցրվեր մարտական հերթապահություն իրականացնող 4 գումարտակների միջեւ, բայց այդ ամենը, Գրիգորյանի պնդմամբ, չի կատարվել՝ իր համար անհայտ պատճառներով։ Դրանից հետո վաշտը մեքենաներով տեղափոխվել է մարտական դիրքեր, մասնավորապես «Չռիկներ» կոչվող տեղանք, որը համարվել է 2-րդ բնագիծ։ Ընթացքում անձնակազմը մարդկային կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել։ Թեեւ վարորդները վաշտի ավտոմոբիլային տեխնիկան քողարկել էին «Չռիկներ» կոչվող անտառում, այնուհանդերձ հակառակորդի ԱԹՍ-ները կարողացել են խոցել ողջ ավտոտեխնիկան։ 2-րդ բնագծում խրամատներ չեն եղել, անձնակազմը բացազատվել է բլուրի վրա Հայկազ Գրիգորյանի ցուցմունքի համաձայն՝ անձնակազմը բացազատվել է բլուրի վրա, քանի որ խրամատներ չեն եղել, փոխարենը եղել է առու։ Չեն եղել ինժեներական կառույցներ, ջոկի թաքստոցներ, խրամաբջիջներ, ականապատ դաշտեր ու խրամուղիներ։ «Ինձ առաջադրված մեղադրանքում նշվել է, թե իբր նահանջը չի կատարվել մարտական կանոնադրության համաձայն։ Շատ լավ, այդ դեպքում այդ նույն մարտական կանոնադրության համաձայն էլ պետք է կահավորված լիներ, չէ՞, մարտական դիրքը, եթե դա դիրք էր կոչվում»։ Սեպտեմբերի 27-ին վաշտի անձնակազմը, օդային, հրետանային հարվածների ներքո սեփական ուժերով եւ միջոցներով պառկած դիրքով կահավորել է խրամատները։ Մեղադրյալի պնդմամբ՝ այդ աշխատանքների ընթացքը շատ բարդ է եղել, քանի որ դժվար էր սովորական հետեւակի բահով բարձունքում հող փորելը։ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը մինչեւ հոկտեմբերի 2-ը կատարել է հակառակորդի տեղաշարժի դիտարկում եւ վերահսկում՝ միաժամանակ շարունակելով խրամատ փորելու աշխատանքները, բայց դրանք, ըստ մեղադրյալի, վտանգավոր էին, քանի որ վերեւից եւ դիմացից բաց էր։ Իր ցուցմունքում Հայկազ Գրիգորյանը նշել է նաեւ, որ անձնակազմը չի ունեցել գիշերային տեսանելիության սարքեր, ուստի մութն ընկնելուն պես 72 զինծառայող գտնվում էր անապահով վիճակում։ Ըստ Գրիգորյանի՝ հոկտեմբերի առաջին օրը ռադիոկայանի V82 տեսակի մարտկոցները նստել են, ինքը ստիպված է եղել սերժանտներից մարտկոցներ վերցնել, իր սեփական ռադիոկայանը մի կերպ միացրել է զինվորից վերցրած բջջային հեռախոսի մարտկոցից, ինչի մասին խոսել է վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը՝ որպես վկա հարցաքննության ժամանակ։ «Անտառում, մեր թիկունքում կային հակառակորդի հարյուրավոր զինծառայողներ, որոնք մարտի էին բռնվել նաեւ 14-րդ եւ 15-րդ վաշտերի հետ։ Առաջին մի քանի օրը թիկունքային ապահովումը բավարար էր, բայց հետո անձնակազմը հաց չուներ։ Մոբի անձնակազմը՝ մոտ 50-հոգանոց խումբ, եկան, ներկայացան, տեղաբաշխումը կատարեցի։ 2 օր հետո, պատճառաբանելով, թե մեզ բերել են մսաղացի բերան, թողին-հեռացան, 4 հոգի մոբ մնաց իմ կողքին»։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ հոկտեմբերի 1-ին վաշտի անձնակազմի  բարոյահոգեբանական վիճակը շատ լավ Է եղել, բայց երբ մոբի անձնակազմը լքել է մարտական դիրքը, տղաների վիճակը վատացել է․ «Բացի դա՝ սոված էին ու ծարավ»։ Ինչ հանգամանքներ են Հայկազ Գրիգորյանին դրդել թողնել մարտական դիրքը Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը գտնվել է 1-ին եւ 2-րդ գումարտակների միջտարածությունում։ Ըստ նրա՝ դա շատ վտանգավոր վայր է եղել, որը չպիտի պահեր եւ պաշտպաներ ուսումնական գումարտակը, այլ ուրիշ ստորաբաժանում, մասնավորապես՝ հետախուզական։ Մեղադրյալի պնդմամբ՝ արդեն հոկտեմբեր 3-ի դրությամբ իր 2-րդ գումարտակի թիկունքից իր թիկունք էին անցել հակառակորդի բազմաթիվ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներ, որոնք մարտի էին բռնվել Նազարյանի դասակի հետ։ Հոկտեմբերի 4-ին, ըստ Գրիգորյանի, հակառակորդի հրետանակոծությունն ուժեղացել է իրենց ուղությամբ․ «Անձնակազմին մի կերպ  5-6 անգամ իջացրել եմ ձորակը, բարձրացրել եմ մարտական դիրք, որպեսզի կորուստներ չունենայի»,- իր ցուցմունքում ասել է մեղադրյալը՝ նշելով, որ գումարտակի հրամանատարին (այդ ժամանակ Գարիկ Վարդերեսյանն էր,-հեղ․) զեկուցել է իրավիճակի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին, բայց միջոցներ չեն ձեռնարկվել․ «Այդ ժամանակ ռադիոկայանիս զարյադկեն հավերժ պրծավ»։ Նույն օրը երեկոյան, ըստ ցուցմունքի, 1-ին ՀԳՄ-ի ուղությամբ սկսվել են ավիացիոն հարվածներ, եւ, հաշվի առնելով նաեւ թիկունք ներթափանցած դիվերսիոն խմբերը, Հայկազ Գրիգորյանը որոշում է կայացրել անձնակազմին դուրս հանել ապահով վայր․ «Որպեսզի օդային հրետանու պատճառով անմեղ մարդկանց կորուստներ չունենամ, անձնակազմին դուրս եմ հանել ապահով վայր, ու նահանջ եմ կատարել 9-րդ կիլոմետր»։ Հայկազ Գրիգորյանը դատարանին պատմել է, որ այդ ժամանակ անձնակազմը խուճապի մեջ է եղել, այդ վիճակում չէր կարող հակառակորդի հետ մարտի բռնվել, իսկ իրենց մոտ չեն եղել հակառակորդի՝ իրենց դիմաց գտնվող տասնյակ զրհատեխնիկան խոցելու համար նախատեսված միջոցներ։ «Տարհանումն իրականացրել եմ միաշարասյուն՝ դասակի հրամանատար Գ․ Հարությունյանի, վաշտի ավագ Ղարիբ Ջավադյանի եւ մոբի ռազվետկի ստորաբաժանման Լեւոնի հետ միասին, տարհանման ժամանակ մինչեւ «9-րդ կիլոմետր» կոչվող տեղանք հասնելը ոչ մի սանիտարական կորուստ չեմ ունեցել»։ Զորքը նահանջել է մինչեւ «9-րդ կմ» կոչվող տեղանք Երբ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը հասել է «9-րդ կմ» կոչվող տեղանք, այնտեղ իրենց դիմավորել է գնդի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ Մկրտչյանը, զրուցել է անձնակազմի հետ, եւ, տեսնելով նրանց բարոյահոգեբանական վիճակը, 2 դասակ Հայկազ Գրիգորյանի հետ միասին տարել է Արա լեռ կոչվող տարածք, մեկ դասակ էլ ուղեկցել Առաքյուլ կոչվող գյուղի դպրոցի նկուղ։ Անձնակազմն իրեն կարգի է բերել, սնվել, ինչից հետո գնդի հրամանատարի հրամանով անձնակազմը մեկնել է Հադրութի զորամաս։ Այնտեղ մնացել են 2-օր, հետո զորամասը հրետանակոծվել է։ Զորքը տեղափոխվել է Հադրութի դպրոց, որտեղ էլ մնացել է մինչեւ հոկտեմբերի 8-ը։  Հադրութի դպրոցում ՊԲ հրամանատարի հրամանով գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանն ազատվել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել Իշխան Վահանյանը, իսկ Հայկազ Գրիգորյանը նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ Վաշտի հրամանատար, ըստ Գրիգորյանի, նշանակվել է Գ․ Հարությունյանը։ «Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ Խոռհատ սարից շրջափակումից դուրս եմ բերել անձնակազմը Վազգեն Վարդանյանի հետ, այդ գործողությունների ժամանակ նույնիսկ հրամանատարներից ոչ ոքի հետ կապ չկար, անձնակազմը գնդի հրամանատարի հրամանով տեղափոխել եմ Սարուշեն կոչվող վայր, որտեղ անձնակազմը հանգստանում էր»,- ասել է Հայկազ Գրիգորյանը՝ նշելով, որ այնտեղ գումարտակի հրամանատար է նշանակվել մայոր Տ․ Թովմասյանը։ Հոկտեմբերի 14-ից մինչեւ պատերազմի ավարտը, Հայկազ Գրիգորյանի խոսքով, ինքը գնդի հրամանատարի հրամանով մասնակցել է մարտական գործողություններին տարբեր ուղություններով՝ Կարմիր Շուկա, Ֆիզուլի, Դրախտիկ, Շեյխեր, Մարտունի 2 եւ այլ ուղղություններում, պահեստազորայինների հետ միասին։ Պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ Տավուշում Արդեն պատերազմից հետո՝ 2021 թվականին, գումարտակը վերաբաշխվել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների միջեւ, Հայկազ Գրիգորյանը մնացել է կադրերի տրամադրության տակ։ Ըստ Գրիգորյանի՝ իրեն առաջարկել են գումարտակի հրամանատարի պաշտոն, սակայն հրաժարվել է՝ խնդրելով նշանակել հետագա ծառայության այլ զորամասում։ Եկել է Հայաստան եւ նշանակվել N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ․ «Լավ ծառայության համար Գլխավոր շտաբի պետի հրամանով տեղափոխվել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնի ՕԿԲ սպա պաշտոնին»։ Ավարտելով ցուցմունքը Հայկազ Գրիգորյանը հայտարարել է․ «Պատերազմի առաջին օրից մինչեւ ավարտը մեկ րոպե անգամ չեմ մտածել փախնելու մասին, իմ պարտականությունները չկատարելու մասին կամ անբարեխիղճ կատարելու մասին, նույնիսկ նման տրամադրություն չի եղել մեզ մոտ։ Ստեղծված իրադրությունն է ինձ ստիպել նման քայլի գնալ։ Իմ գործողության հետեւանքով ես փրկել եմ իմ անձնակազմի կյանքը։ Զորամասի հրամանատարն այստեղ ցուցմուքն տալիս նշեց, որ եթե ես մի քանի ժամ սպասեի, միասին էինք նահանջելու։ Սա նշանակում է, որ այդ հատվածում ընդհանուր տրամադրվածությունն այդպիսին է եղել»։ Հայկազ Գրիգորյանը իր մասին տվյալներ է ներկայացրել դատարանում Հայկազ Արթուրի Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում։ Ավարտել է Երեւանի թիվ 106 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Նորայր Աճեմյանի անվան առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջը՝ ստանալով աուդիտ եւ հաշվապահություն մասնագիտությունը։ 2009 թվականին զորակոչվել է Զինված ուժեր՝ որպես պարտադիր ժամկետային զինծառայող։ 2009թ «Արմավիր» ուսումնական կենտրոնում անցել է 6-ամսյա ուսումնական դասնըթացները եւ կրտսեր սերժանտ զինվորական կոչումով մեկնել Սիսիանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես ջոկի հրամանատար, ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ։ Դատարանում Գրիգորյանը հայտնել է, որ Սիսիսանի ողջ սահմանագծում անընդմեջ կատարել է մարտական հերթապահություն․ «Սպայի մասնագիտությունը եւ հայրենիքի պաշտպան լինելը իմ երազանքն էր, եւ ես, 2011թ․ տալով համապատասխան քննությունները, ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ որպես կուրսանտ։ Այնտեղ սովորելով 4 տարի, ստանալով լետենանտ զինվորական կոչում եւ մոտոհրաձգային ստորաբարանումների ղեկավարում եւ կառավարում բակալավրի աստիճան լավ գնահատականներով, բազմիցս խրարուսանքներ եմ ստացել։ 2015 թվականին իմ կամքով մեկնել եմ Արցախի Հանրապետություն,  Ջրականում տեղակայված զորամաս՝ որպես դասակի հրամանատար, 4 ՀԳՄ 10 ՀՎ 2 ՀԴ։ Այնտեղ բազմիցս արժանացել եմ պարգեւների՝ լավագույն հենակետի պատասխանատու»։ Հայկազ Գրիգորյանը մասնակցել է 2016 թվականին 4-օրյա մարտական գործողություններին։ Նա դատարնում պատմել է, որ իրենց հենակետի ուժերով եւ միջոցներով խոցել են հակառակորդի ուղղաթիռը, որում եղել է հակառակորդի գեներալի որդին․ «2 ամիս եւ ավելի պահել եւ պաշտպանել ենք մարտական դիրքը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումից, քանի որ կարեւոր դի կար մեզ մոտ ուղղաթիռում։ Այդ ամենից հետո եղել եմ գնդի լավագույն զինծառայողը եւ հենակետի ավագը, վաղաժամկետ ստացել եմ ավագ լետենանտ զինվորական կոչում»։ Այնուհետեւ 2019 թվականին Հայկազ Գրիգորյանը նշանակվել է ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար․ «2019 թվականին, վաշտիս հետ միասին հանձնելով Գլխավոր ռազմական տեսչության քննությունները լավ գնահատականներով, արժանացել եմ լավագույն վաշտի հրամանատար դիվիզիայի մասշտաբով, որի համար ունեմ պատվոգրեր։ Նույնիսկ գնդի պատվո տախտակին փակցված էր իմ լուսանկարը։ Բազմիցս խրախուսվել եմ պատվոգրերով եւ դրամական խրախուսանքներով, թանկարժեք նվերներով։ Ուսումնական գումարտակում լինելով լավագույն վաշտի հրամանատար՝ բազմիցս եղել եմ գումարտակի պատասխանատու, վերադասի կողմից նշանակված նույնիսկ բազմիցս եղել եմ Ջրականի զորամասի հերթապահ։ Դիվիզիայի մասշտաբով մասնակցել եմ ջոկի հրամանատարների պատրաստման գործնթացին»։ Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի ու նրա տեղակալի հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ՝ Զորամասի հրամանատարի խոսքով՝ Հայկազ Գրիգորյանին նահանջի հրաման չի տրվել։ Հայկազ Գրիգորյանի վաշտի զինծառայող Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ՝ Եթե չնահանջեինք, այդտեղ էլ կզոհվեինք։ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հարցաքննությունն՝ այստեղ՝ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։ Հիշեցնենք, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր 2024թ․ հունիսին, նրա խափանման միջոցը տնային կալանքով եւ գրավով է փոխարինվել 2024-ի նոյեմբերին։  Ի հավելումն նշենք, որ «Ինֆոքոմը» հնարավորություն չի ունեցել ներկա գտնվել այն նիստին, որի ժամանակ ցուցմունք է տվել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը։ Հաշվի առնելով, որ «Ինֆոքոմը» լուսաբանել է գործով որպես վկա ներգրավված անձանց ցուցմունքները եւ բազմակողմանի ու համաչափ լուսաբանման կարեւորությունը, դիմել էինք Հակակոռուպցիոն դատարանին՝ խնդրելով տրամադրել նշված օրվա նիստի ձայնագրությունը։ Դատարանը, սակայն, չի տրամադրել այն՝ նշելով, որ նյութերը դատավարության մասնակիցներին կարող են տրամադրվել դատաքննության ավարտից եւ դրանց արխիվացումից հետո։ «Ինֆոքոմը» Հայկազ Գրիգորյանի համաձայնությամբ նրա պաշտպան Նորայր Նորիկյանից ստացել է մեղադրյալի ցուցմունքը։ Դատարանում ցուցմունք տալուց հետո Հայկազ Գրիգորյանը համաձայնել է պատասխանել նաեւ կողմերի հարցերին, սակայն դրանք այս հրապարակման մեջ չենք կարող ներկայացնել նիստի ձայնագրությունը չունենալու պատճառով։ Հայարփի Բաղդասարյան
21:46 - 11 փետրվարի, 2025
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ երկրից բացակայելու արգելքի հետ համակցությամբ․ «Ես իրապես հավատում եմ, որ Դուք պատշաճ վարքագիծ կդրսեւորեք, եւ որ ես որեւէ օր չեմ մտնի այս դահլիճ այն գիտակցումով, որ ինձ խաբել եք»,– ասաց դատավորը։ – Չի լինի տենց բան, պարո՛ն դատավոր,– արձագանքեց Գաբրիելյանը՝ թաց աչքերով շնորհակալություն հայտնելով։ Դատավոր Վարդգես Սարգսյանը Հովիկ Գաբրիելյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը, մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Օրերս՝ փետրվարի 16-ին, լրանալու է նրա կալանավորման ժամկետը, ինչով պայմանավորված էլ դատարանը քննության առարկա դարձրեց խափանման միջոցի հարցը։ Գաբրիելյանը կալանքի տակ է 2023 թ․ հոկտեմբեր ամսից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ դատախազի՝ դեռեւս առկա է վկաների վրա ազդեցություն գործադրելու եւ թաքնվելու ռիսկը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը (փոխարինում է արդեն նախկին դատախազ Գրիգոր Մղդեսյանին,–հեղ․) դատարանին միջնորդեց եւս երեք ամսով երկարաձգել Գաբրիելյանի կալանավորումը՝ պատճառաբանությամբ, որ որեւէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը Դավիթ Նավասարդյանի համոզմամբ՝ շարունակում է առկա լինել Գաբրիելյանի կողմից վարույթի ընթացքին խոչընդոտելու, մասնավորապես, վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու եւ թաքնվելու ռիսկը․ «Գաբրիելյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է ի պաշտոնե եւ ունի պաշտոնի բերումով պայմանավորված կապեր ու ազդեցություն, ինչը էապես բարձրացնում է ռիկսը առ այն, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը չի կատարի օրենքով իր վրա դրած պարտավորությունները։ Մասնավորապես, կխոչընդոտի վարույթի ընթացքին, ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին, անօրինական ազդեցություն կգործադրի դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ իր հետ ծառայողական հարաբերություններ, այդ թվում՝ նախկինում ենթակա անձնակազմի վրա»,– նշեց նա։ Հանրային մեղադրողը ընդգծեց նաեւ, որ ենթադրյալ արարքը Գաբրիելյանը կատարել է հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ այն ժամանակ, երբ նրա մասնագիտական փորձն ու կարողությունները խիստ անհրաժեշտ են եղել ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի առջեւ ծառացած մարտական խնդիրները արդյունավետ եւ հաջողությամբ իրականացնելու համար․ «Սա Էլ ավելի է բարձրացնում արարքի հանրային վտանգավորությունը եւ հանրային պարսավանքը, հետեւաբար նաեւ՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ողջամիտ հավանականությունը»,– նշեց մեղադրողը։ Ըստ պաշտպանի՝ Գաբրիելյանը ոչ մի վկայի հետ ոչ կապ ունի, ոչ էլ ունեցել է  Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հակադարձեց՝ չկա եւ չէր էլ կարող լինել որեւէ փաստական հանգամանք, որ ազատության մեջ մնալով՝ Գաբրիելյանը անօրինական վարքագիծ է դրսեւորել։ Նա շեշտեց՝ դատակոչի ցուցակում ներառված է 37 վկա, որից 14-ն է ականատես։ Այդ 14-ից միայն 4-ն է Գաբրիելյանին ենթակա, որոնցից 2-ն արդեն հարցաքննվել են, մյուսների հետ էլ Գաբրիելյանը կապ չի ունեցել եւ առ այսօր չունի։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Պաշտպանը ուշադրություն հրավիրեց անձը բնութագրող հանգամանքների վրա․ «Մի անձնավորություն, որը պատերազմին է մասնակցել եւ իր զինվորների կյանքը փրկել, որը «T90» տանկը շահելու եւ ՀՀ բերելու մեջ մեծ դերակատարում է ունեցել, նախկինում որեւէ հանցանք չի կատարել, ունեցել է միայն պարգեւներ եւ խրախուսանքներ, կորպուսի հրամանատարի խնդրանքով թոշակի անցնելուց հետո վերադարձել է, ստանձնել զորամասի հրամանատարի պաշտոնը․․․ Այս ամենը գցենք ջուրը, ասենք՝ չէ, քանի որ մեղադրվում է, պետք է նստած մնա, մինչեւ գործը կվերջանա՞»,– ասաց պաշտպանը։ Վրեժ Խաչիկյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ որոշ զինծառայողների զոհվելու օրերը չեն համընկնում մեղադրանքում նկարագրված դեպքի հետ, թեեւ նրանց անունները առկա են գործի նյութերում․ «Ենթադրենք՝ եկավ մի պահ, ճշմարտությունը բացահայտվեց, ենթադրենք՝ արդարացվեց, ճիշտ է, պետությունն ասում է՝ անձը ռեաբիլիտացիայի (արդարացված մեղադրյալին տրվող հատուցում,–հեղ․) իրավունք ունի, բա այս մարդու ապրումնե՞րը որպես փախստական, որպես երկու զավակների հայր, որպես հիվանդ մոր որդի․․․ Ոչ տուն ունի, ոչ տեղ ունի, քոչվոր փախստական, էս մարդու վիճակը ո՞նց պիտի լինի․․․ Ինչքան երկար պահենք, էս անձը գնա, վատանա, հետագայում, Աստված չանի, մի բան պատահի, կարա՞նք ռեաբիլիտացիայի հնարվորություն տանք։ Ինչո՞ւ այլ խափանման միջոցներ, օրինակ, տնային կալանքը, չեն կարող հիմա ապահովել պատշաճ վարքագիծը, ինչո՞ւ վերջապես հնարավորություն չտալ Արցախից գաղթելուց հետո շփվել ընտանիքի անդամների հետ եւ տան մեջ գտնվելով՝ մի օգտակար բան անել»,– նշեց Խաչիկյանը՝ միջնորդելով կիրառել այլընտրանքային խափանման  միջոցներ։ Դատարանը հաշվի առավ, որ 1 տարվա ընթացքում հնարավոր է եղել հարցաքննել ընդամենը 6 վկայի Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց մերժել մեղադրողի միջնորդությունն ու բավարարել պաշտպանի միջնորդությունը․ «Ես հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում հնարավոր ամենաարագ տեմպերով նիստեր ենք նշանակել, բայց 37 վկաներից հարցաքննել ենք ընդամենը 6-ին, հիմա եթե սա բազմապատկում ենք, ստացվում է՝ առնվազն 6 տարի պիտի ծախսենք, որ վկաների հարցաքննությունն ավարտենք․․․ Եթե իմանամ, որ Դուք ինձ չեք վստահում, իմ իրականացրած արդարադատությանը չեք վստահում, խնդրում եմ՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեք, քննարկենք։ Բայց եթե Դուք վստահում եք, կարծում եմ՝ ես այդ մթնոլորտը չեմ ստեղծել, որ մտածեք՝ ով գա, այստեղ ինչ խոսի, անվերապահորեն հավատամ, ընդհակառակը, ես ինտնենսիվորեն, քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ քննություն եմ իրականացնում, որովհետեւ ի վերջո, 15 զինծառայողների մահվան մեջ Ձեր մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու պատասխանատվությունն իմ ուսերին է։ Եթե պաշտպան Խաչիկյանն ու մեղադրող Նավասարդյանը սխալվելու հնարավորություն ունեն, ես դա չունեմ, դրա պատասխանը ես եմ տալու իմ կայացրած ակտով, հետեւաբար, ես իրապես ուզում եմ հավատալ, որ որեւէ օր ինձ խաբված չեմ զգա»,– դիմելով մեղադրյալին՝ ասաց դատավորը։ Նա միաժամանակ որոշեց Գաբրիելյանին արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝  փոստային առաքանուց։ Արգելեց նաեւ  ընտանիքի անդամներից եւ պաշտպանից բացի այլ անձանց հետ շփում ունենալ։ Տնային կալանքը կիրառվելու է փետրվարի 16-ից եւ ուժի մեջ է լինելու 3 ամիս։  Վկա Արմենակ Վիրաբյանը Հովիկ Գաբրիելյանին չէր ճանաչում Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ հատուկ նշանակության բրիգադի 1-ին ջոկատի հրամանատարի տեղակալ Արմենակ Վիրաբյանը։ Հատուկ նշանակության բրիգադը այն ստորաբաժանումն է, որի ուղղությունը Գաբրիելյանի ենթադրյալ չթույլատրված նահանջի պատճառով մնացել է անպաշտպան, եւ հակառակորդը կարողացել է անարգել շրջանցել թիկունք։ Վիրաբյանը, սակայն, ներկաներից ոչ ոքի, այդ թվում՝ Գաբրիելյանին, չէր ճանաչում, նաեւ տեղյակ չէր, թե ինչ գործով է կանչվել դատարան, քանի որ նախկինում քննիչի մոտ տարբեր դեպքերի շուրջ է հարցաքննվել։ Վկա Արմենակ Վիրաբյանը Դատարանը նրան պարզաբանեց՝ սույն գործը վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 4-5-ի իրադարձություններին եւ  մասնավորապես Ջրականից դեպի Հադրութ իրականացրած նահանջին։ Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ վկա Արմենակ Վիրաբյանը պատմեց, որ հոկտեմբերի 3-ին իր ջոկատը տեղակայվել է Ջրականի պաշտպանական բնագծում, ինքը նրանց է միացել հոկտեմբերի 4-ին։ Ասաց՝ խոսակցություններից գիտեին, որ իրենք են առաջնագիծը, հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում պետք է նրանց «դիմավորեին»։ Տեղանքում նախկինում թերի փորված, անմխիթար խրամատներ էին։ Ըստ վկայի՝ իրենից աջ տեղակայվել է իրենց բրիգադի երկրորդ ջոկատը, իսկ թե ովքեր են եղել իրենցից ձախ, չգիտեր, բայց ռադիոկապով լսել էր, որ այնտեղ եւս հայկական ստորաբաժանում է։ Նշենք, որ խոսքը հենց Գաբրիելյանի ստորաբաժանման մասին է։ Ըստ վկայի՝ հոկտեմբերի 5-ին ճակատային գրոհ չի եղել Առաջին հարձակումը եղել է հենց հոկտեմբերի 4-ին, որին հաջորդել է հարաբերական անդորր։ Գիշերը, ըստ վկայի, իրենց ուղղությամբ չի եղել, միայն՝ ձախ թեւի ուղղությամբ՝ մի քանի կմ հեռու։ Մարտերը վերսկսվել են հոկտեմբերի 5-ի կեսօրին․ «Ճակատային գրոհ չի եղել, ձախ կողմից շրջափակում է եղել, որը ընդհատվել է մեր կողմից․․․ Աջ հատվածում էլ մարտեր էին ընթանում, կրակոցի ձայներ կային․․․ Ընթացքում, երբ տեղեկություններ են ստացվել, որ շրջափակման մեջ ենք, վերադաս հրամանատարությունը որոշում է կայացրել՝ քաշվենք աջ, միանանք հարեւան ջոկին»։ Մեղադրողի հարցին՝ ձախակողմյան ստորաբաժանումից ի՞նչ տեղեկություն ունեին, չէ՞ որ այնտեղ էլ էր հայկական զինված ուժերը, վկան պատասխանեց, որ տեղեկություն չունեին, նրանց հետ անձամբ կապի մեջ չի եղել, իր ռադիոկապը միայն ջոկի ներսում եւ հրամանատարության հետ էր։ Իրենց ջոկատի հրամանատար Կարեն Բաբայանը եւս, ըստ ամենայնի, ձախ թեւի հետ կապ չի ունեցել։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանի հարցին՝ այդ դեպքում համագործակցությունը աջ կամ ձախ թեւի հետ ինչպե՞ս էր կազմակերպվում, վկան պատասխանեց․ «Վերադաս հրամանատարության միջոցով, ես չեմ ունեցել»։ Վերադաս հրամանատարությունը ունեցել է անմիջական կապ թե ոչ՝ վկան չգիտեր։ Հարցին՝ աջ կողմում տեսե՞լ են հակառակորդի, վկան պատասխանեց, որ անձամբ չէ, բայց խոսակցություններից է այդպես հասկացել, որ այնտեղ եւս շրջափակման վիճակ էր․ «Գնացինք աջ, որտեղ մեր երկրորդ ջոկատն էր, որը շրջափակումից դուրս էր, ժամը 3-5-ի հատվածում նրանց հետ դուրս եկանք, շարժվեցինք ձորակներով դեպի Ջրականի զորամասի մշտական տեղակայման վայր, որտեղ Մեղրիի զորամասն էլ էր։ Այդ ընթացքում հակառակորդի հետ հրաձգային, նաեւ հրետանային զենքերով ճնշում կար, նաեւ անձամբ մարտ ենք ունեցել»։ Մեղադրողը նկատեց՝ նախաքննության ժամանակ վկան նշել էր, որ շրջափակման վտանգը միայն ձախակողմյան հատվածից էր, իսկ այժմ նշեց նաեւ աջակողմյան հատվածը։ Վկան պարզաբանեց՝ դա իրադրության գնահատման արդյունքում իր անձնական եզրահանգումն է, նաեւ հետագա խոսակցություններից է այդպես հասկացել։ Հարցին, թե ինչու որոշվեց քաշվել աջ, այլ ոչ թե մարտ վարել, ինչպես նախորդ օրը, վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դա հրամանատարության ցուցումն է եղել․ « Նրանք ավելի լավ են տեղեկացված եղել ռազմաճակատի իրավիճակի, շրջանցող ուժերի խմբաքանակի ուժերի մասին, կարող եմ ենթադրել, որ շրջափակման մեջ չթողնելու համար որոշվել է աջ քաշվել, երկու ստորաբաժանման կազմով շրջափակումից դուրս գալ»։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հիշեցրեց՝ իրենցից ձախ գտնվում էր Գաբրիելյանի տանկային ստորաբաժանումը, որը, սակայն, տանկեր չի ունեցել։ Այդ պայմաններում այդ ստորաբաժանումը կարո՞ղ էր կանխարգելել, օգնություն ցուցաբերել իրենց։ Վկան, սակայն, ասաց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։  Նա դժվարացավ հստակ պատասխանել նաեւ այն հարցին՝ արդյո՞ք հրաձգության արդյունքում կոնկրետ տեխնիկա վնասվել է թե ոչ․ «Որ կոնկրետ փամփուշտ մտնի տեխնիկայի մեջ, դա չեմ կարող ասել, բայց մենք հրաձգային մարտի բռնվել ենք, եթե բռնված չլինեինք, նշանակում է՝ անիմաստ էինք այնտեղ»։ Արմեն Վիրաբյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ իրենք նահանջել են Ջրական, այնտեղ արդեն հակառակորդի 10-12-հոգանոց խումբ է եղել, որին ոչնչացրել են։ Թե ինչու են նահանջել հենց այդ ուղղությամբ, վկան տեղյակ չէր, ասաց՝ դա եւս վերադաս հրամանատարների ցուցումն էր։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին։   Միլենա Խաչիկյան  
22:26 - 10 փետրվարի, 2025
Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Գավառի համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  2020-2024 թվականներին շուրջ 135 միլիոն դրամի գնում են կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Գնումներ են կատարվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների ընտանիքներին պատկանող ընկերություններից։    2024 թվականին Գավառի համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերությունից գնել է շուրջ 1.5 մլն դրամի սեղմված բնական գազ։ Մեկ այլ պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Գնման ընթացակարգին մասնակցել է միայն «Գավառտրանսը»։ 2024 թվականին մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար ընկերությունը համայնքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 9 մլն դրամ։ Գուրգեն Մարտիրոսյանը Արա Զոլյանի հետ «Գավառտրանս» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին։ Մարտիրոսյանը 2005 թվականին առաջին անգամ ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։ Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասի սեփականատերերն են Մարտիրոսյանի հարազատներն ու նրա հետ քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ անձ. հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10% բաժնեմաս), անչափահաս որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), որդին՝  Յուրի Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10% բաժնեմաս) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10% բաժնեմաս)։ Իսկ ամենամեծ՝ 31% բաժնեմասը պատկանում է Գավառ համայնքի կառավարող «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։ Այսպիսով՝ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանների ընտանիքին։ Համայնքի ղեկավարին փոխկապակցված ընկերությունը գնումների մրցույթներում հաղթել է նաև նախորդ տարիներին  Գավառի համայնքապետարանի՝ մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերության հետ 2020-2024 թթ․ ընթացքում կնքել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների մատուցման 5  և սեղմված բնական գազի  ձեռքբերման 3 պայմանագիր։ Եվս 15 պայմանագիր համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է Գավառ համայնքին պատկանող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը՝ սեղմված բնական գազ և աղբարկղեր մատակարարելու համար։ Այս պայմանագրերի շրջանակում կատարված գնումների ընդհանուր գինը կազմում է 135 մլն դրամ։ Թեև այս գնումների մրցույթներից որևէ մեկը «Մեկ անձից» գնման ընթացակարգով չի անցկացվել, կարևոր է նշել, որ 23 մրցույթներից 17-ում միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։ Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շահերի բախում չի տեսնում Մեր հարցմանն ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակում շահերի բախում չկա, քանի որ իր մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։   «Պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, այլ ոչ թե իմ պաշտոնեական պարտականությունների ոչ անաչառ կամ ոչ օբյեկտիվ կատարմամբ, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը՝ փաստացի մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայությունների համար»,- նշել է համայնքապետը: Մարտիրոսյանը խնդրահարույց չի համարում նաև այն, որ համայնքային գնումներում ընդհանուր շուրջ 135 մլն դրամի պայմանագիր կնքած ընկերությունում բաժնեմաս ունի Գավառ համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը։ Մարտիրոսյանի խոսքով ավագանու անդամին չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ թվում մասնակցելով գնման գործընթացներին։  «Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներից 20-ն իրականացվել է «Գնանշման հարցում» ընթացակարգով։ Թեպետ գնանշման բոլոր 20 հարցումներին էլ դիմող միակ մասնակիցը եղել է «Գավառտրանսը», Մարտիրոսյանը պնդում է, թե գնանշման հարցումը և բաց մրցույթը ձևականորեն չեն տարբերվում իրարից՝ բացառությամբ գնման առարկայի գնի և հայտերի բացման ժամկետների։ Նա կարծում է, որ գնման այս ձևը չի պարունակում որևէ կոռուպցիոն ռիսկ և ոչ թափանցիկություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Այս պարագայում Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պետք է համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չի արել։ Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։  Պատասխանելով մեր հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հայտարարություն շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ, Մարտիրոսյանը նշել է․ «Քանի որ իմ լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելը գնման ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հիման վրա է եղել, արդեն իսկ կնքվելիք պայմանագրի հաստատումը չեմ համարել շահերի բախման իրավիճակի առաջացում»։ Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանք։ «Ինֆոքոմի» մեկ այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին։   Մարտիրոսյանի չի հայտարարագրել հոր և որդիների մասնակցությունն ընկերություններում  Եկամուտներից, ծախսերից ու գույքից բացի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի նաև իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Մարտիրոսյանի հայտարարագրում, սակայն, արտացոլված չէ հոր և որդիների մասնակցությունը «Գավառտրանս» ընկերությունում։ Ընդ որում՝ համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, մասնաբաժիններ ունի այլ ընկերություններում ևս։ Երվանդ Մարտիրոսյանը 2010 թ․ հիմնադրել է «Երյունա» ՍՊԸ-ն, որն արդյունահանում է գեղազարդային և շինարարական քարեր։ Երվան Մարտիրոսյանը 2019-ին էլ  հիմնադրել է «Կարանտին» ընկերությունը։ Այս ընկերություններում Երվանդ Մարտիրոսյանի մասնակցությունը ևս Գուրգեն Մարտիրոսյանը չի հայտարարագրել։   Գավառի համայնքապետարանը գնումներ է կատարել նաև համայնքային այլ պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից Գավառի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ընդհանուր 218 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման 7 պայմանագիր է կնքել «Ֆավորիտ-Մ» ընկերության հետ։ «Ֆավորիտ-Մ» ընկերությունը 2017 թ․ հիմնադրել է համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Ընկերության սեփականատերն այժմ Մովսիսյանի հայրն է՝ Սամվել Մովսիսյանը։ Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության գրանցման հասցեն համընկնում է Մուրադ Մովսիսյանի գրանցման հասցեի հետ։  Մուրադ Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ բոլոր գնումներն իրականացվել են էլեկտրոնային եղանակով, և ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։ Հարցին՝ գնահատող հանձնաժողովի անդամների վրա չէ՞ր կարող ազդել արդյոք այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններից մեկը պատկանում է իրենց վերադասի հորը, Մուրադյանը պատասխանեց՝ որևէ ուղղորդում չի արել հօգուտ հոր ընկերության որոշումներ կայացնելու նպատակով։  «Ես նման իրավունք չունեմ և ինձ թույլ էլ չեմ տա։ Մասնակցող ընկերությունները մասնակցել են նաև մինչև 2022 թվականը, և ի վերջո, եթե որևէ անօրեն գործողություն նկատեին, կբողոքարկեին․ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մուրադյանը։  Կառավարող խմբացկությունից ավագանու անդամ Ալիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Ավետիք Մարտիրոսյանի ընկերությունը՝ «Արմավ-700»-ը, 2022 թ․ համայնքի հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր՝ մատուցելով շների ստերիլիզացման ծառայություններ։ Այսպիսով, 2020-2024 թվականներին Գավառ համայնքը ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել համայնքային պաշտոնյաների ընտանիքների անդամների ընկերություններից։ Ավելին՝ համայնքապետը չի հայտարարագրել իր ընտանիքի անդամների մասնակցությունը գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։ Լիլիթ Գրիգորյան 
19:38 - 07 փետրվարի, 2025
«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով  «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022 և 2023 թվականներին Ստեփանավան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։  Առավել ուշագրավ էր այն դեպքը, երբ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Այդ աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացումն էլ պատվիրակվել էր Լևոն Քալանթարյանի որդու ընկերությանը։  Նույն ժամանակահատվածում համայնքապետարանը պայմանագրեր էր կնքել նաև համայնքի ղեկավարի տեղակալի, ավագանու անդամներից մեկի կնոջ և ավագանու մեկ այլ անդամի ընկերությունների հետ։  Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ։  Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ, Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է տույժ 300 000 դրամի չափով։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Սևան և Քաջարան համայնքներում։   Լիլիթ Գրիգորյան
13:24 - 07 փետրվարի, 2025
Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը։ Դատարանը շարունակում է հարցաքննել տուժողներին՝ զոհերի հարազատներին։ Այս գործով դատախազը փոխվել է, այժմ դատաքննությանը մասնակցում են հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողները սկսեցին տուժողների հարցաքննությունը՝ նրանց խնդրելով հանգամանորեն ներկայացնել դեպքին առնչվող իրենց հայտնի մանրամասները։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Ըստ զոհվածի հոր՝ Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել զորքի շարժի մասին Երդվելով ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից, զոհված պայմանագրային զինծառայող Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը, պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին։ Արթուրը հորն ասել է՝ մեզ տանում են «աջ»՝ նկատի ունենալով իր տեղակայման վայրից աջ գտնվող տարածքը, որը, հոր հիշելով, համընկնում է Մարտունի, Հադրութ, Ջաբրայիլ ուղղությանը․ «Ասավ՝ էլ չզանգեք, կապի չի լինի, որ լինի, ես կապի դուրս կգամ»,- պատմեց տուժողը։ Որոշ ժամանակ անց արդեն Մարտունու իրենց Բերդաշեն գյուղում սկսել են լուրեր պտտվել, որ տղաները չկան։ 7-րդ վաշտում, ըստ Զարգարյանի, Բերդաշենից 7 հոգի է եղել․ «Ահագին ժամանակ անցավ, գնացի զորամաս, հարցնում էի՝ որտեղ են երեխեքը, ասում էին՝ բան չկա, անտառներում են։ Սպասում էինք օրերով, մի քանի օրից ասում են՝ անցել են Իրան»,- ասաց Համբարձում Զարգարյանը։ Նա դատարանին հայտնեց, որ մի քանի անգամ հանդիպել են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, որը սկզբում ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է), ու պնդել, որ Կարեն Առստամյանին հայտնել է զորքի գնալու մասին, սակայն ավելի ուշ ինքն իր ասածը ժխտել է․ «Գնացինք նախագահի մոտ հանդիպման, համ Գոռն էր [ներկա], համ Կարենը, Գոռը ժխտեց, որ Կարենին տեղեկացրել ա, ասինք՝ բա խի՞ ես խաբել, ասեց՝ որ չասեի, կարող ա զորամասում ինձ ծեծեիք։ Առստամյանը հելավ խոսեց, ասում ա՝ ես էդ ձեւի հրաման չեմ ստացել, ինձ ոչ մեկը չի տեղեկացրել, որ վաշտ ա գալիս։ Տենց էլ ոչ մեկը վիզ չառավ, թե ով ա մեր երեխեքին տարել, կոտորել»,- պատմեց տուժողը։ Նա հիշեց նաեւ, որ Արցախի՝ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին տեղեկացրել է, որ հակառակորդը հասել է մինչեւ «9կմ» կոչվող խաչմերուկ, այսինքն՝ Հադրութը եւս հակառակորդի վերահսկողության տակ է։ Համբարձում Զարգարյանին եւս ամենաշատն էր հուզում այն հարցը, թե ինչու են զորքն առանց ուղեկցողի ուղարկել Հադրութ։ Նա գիտեր միայն այն, որ անմիջական վերադասներից անձնակազմի հետ եղել են երկու հոգի՝ Սլավիկ եւ Գեւորգ անուններով։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ Իշխանյանը իր հետ հանդիպման ժամանակ Ջալալ Հարությունյանի հրամանը ցույց տվե՞լ է, ինչին Զարգարյանը բացասական պատասխան տվեց․«Առաջ ես էլ էի համոզված, որ Ջալալը հրաման կլինի տված, մեկ էլ նախագահի մոտ նստած, նախագահն ասում ա՝ ամսի 10-ին Ջալալին զեկուցել եմ, որ մինչեւ «9կմ» տված ա [հակառակորդին]»։  Պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ հակասություն նկատեց։ Դատարանը միջնորդությունը բավարարեց, եւ Դավիթ Կարապետյանն ընթերցեց տուժողի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս նշել է, որ երբ Գոռ Իշխանյանն ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել «9կմ», ծնողները չեն հավատացել, եւ Իշխանյանը հանել, ցույց է տվել հրամանը։ Մինչդեռ հիմա դատարանում տուժողն ասում է, որ Իշխանյանը ոչ միայն հրաման ցույց չի տվել, այլեւ ինքն է ասել, որ զորքին ուղարկել է Այգեստան (Քոշբեկ)։  Նախաքննական ցուցմունքի այդ հատվածը լսելուց հետո տուժող Զարգարյանը զարմացական հարց տվեց՝ «էդ ե՞ս եմ ասել», եւ լսելով հաստատում՝ ասաց, որ քննիչն իր հետ խոսում, ինքն էլ գրում էր։ Տուժողին ցույց տվեցին նախաքննական ցուցմունքի տակ դրված ստորագրությունը, նա հաստատեց, որ ինքն է ստորագրել, սակայն պնդեց դատարանում հայտնած իր տեղեկությունների իսկությունը։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ քննիչի կողմից որեւէ ուղղորդում եղե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց։ Եվ դիտարկմանը, որ տարիքով է, գուցե մոռացել է, Զարգարյանն այսպես պատասխանեց․ «Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողությունս, երեխայի վերաբերյալ ոչ մի հիշողություն չեմ կորցրել»։ Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի՞՝ ինչից են զոհվել զինծառայողները, հրաձգային զենքից վիրավորումներից, թե՞ հրետանային միջոցների, Զարգարյանը պատասխանեց, որ իր որդուն առանց գլուխ է հուղարկավորել, ուստի կասկած կարող է լինել, որ հակառակորդի հետ անմիջական մարտ է եղել։ Արթուր Համբարձումի Զարգարյանի անունը Արցախի ՊՆ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ ապրիլի 3-ին։ «Իմ ութ ամսվա ծառայող տղան ավտոմատով ի՞նչ պիտի աներ գրավված Հադրութում» Զոհված զինծառայող Արթուր Առստամյանի մայրը՝ Նունե Առստամյանը, դատարանում ցուցմունք տալիս ասաց, որ պատերազմի ժամանակ հաճախ չի խոսել որդու հետ՝ ելնելով անվտանգությունից։ Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի զինծառայող Արթուրը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով, պատերազմի ժամանակ 8 ամսվա ծառայող է եղել։ Մոր խոսքով՝ որդին կարճ է կապել զրույցները, ասել ՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղ եմ, շատ հարցեր մի տուր։ Արթուրի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին․ «Հետո իմացա, որ ամսի 11-ին վաշտն ուղարկել են Հադրութ։ Ո՞նց կարող էին երեխեքին ուղարկել, երբ Հադրութը գրավված էր, ինձ այդ հարցն է տանջում, ուզում եմ իմանալ՝ Գոռ Իշխանյանը (գումարտակի հրամանատարը, որն այս գործով մեղադրյալներից մեկն է,- հեղ․) ապահովե՞լ է երեխեքի անվտանգությունը։ Իմ ութ ամսվա ծառայող երեխեն ավտոմատով ի՞նչ պիտի աներ Հադրութում ամսի 11-ին»,- հարցրեց Նունե Առստամյանը։ Նունե Առստամյանը Տուժողի ամուսինն ու եղբայրներն էլ են զինվորական եղել, սակայն նրանք որեւէ տեղեկություն չեն հայտնել Նունե Առստամյանին, ասում է՝ գուցե իրեն խնայելու համար։ Պատերազմի ժամանակ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում։ Առստամյանը գնացել է այնտեղ, որպեսզի ինչ-որ տեղեկություններ իմանա որդու մասին, որից արդեն օրերով լուր չուներ․  «Մի օր գնացի Ուլնեցի՝ էրեխուց տեղեկություն իմանայի (աշխատանքային խմբի հասցեն նկատի ունի,- հեղ․), որ ասացի՝ Մարտունի 3-ի 7-րդ վաշտ, մի հոգի փորձում էր քարտեզի վրա Այգեստան գյուղը ցույց տալ, մեկը կողքից մոտեցավ, ասում է՝ ճիշտ լսեցի՞, 7-րդ վա՞շտ, ասացի՝ հա, երեխաս 7-րդ վաշտից է, ասաց՝ քույրիկ ջան, դա հանելուկ ա։ Ասում եմ՝ ո՞նց, 73 հոգին հանելուկ ա՞։ Ոչ մեկը ոչ մի բան չէր ասում»,- պատմեց Նունե Առստամյանը, սակայն չհիշեց՝ ով էր այդ մարդը, որն ասել էր, թե վաշտի ճակատագիրը հանելուկ է։ Նունե Առստամյանը համացանցից, ծնողների հետ զրույցներից է իմացել Հադրութի գրավման մասին, եւ նրան մինչ օրս տանջում է այն հարցը, թե ինչու են հրամանատարները զորքին ուղարկել հակառակորդի կողմից գրավված տարածք։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա է այն կարծիքը, որ զորքին ուղարկել են Հադրութ, այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ վաշտը պետք է հասնել «9կմ» կոչվող տեղանք։ Նունե Առստամյանը պատասխանեց, որ նույնիսկ եթե «9կմ» պետք է գնային, ոչ թե Հադրութ, Գոռ Իշխանյանը պարտավոր էր ապահովել զորքի անվտանգությունը․ «Եթե Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար,-հեղ․) պատրաստ չէր երեխեքին դիմավորել, ինչի՞ ուղարկեց զորքին»։ Արթուր Կարենի Առստամյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։ Այսօր հարցաքննված վերջին տուժողը Արաքսի Գասպարյանն էր՝ զոհված զինծառայող Հովհաննես Գասպարյանի մայրը։ Նրա որդին պատերազմի ժամանակ 1 ամսվա զինծառայող է եղել, այդ ընթացքում Հովհաննեսի հետ շատ քիչ են խոսել, հրամանատարներին էլ չեն հասցրել ծանոթանալ։ Հովհաննեսի հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, դրանից հետո կապը կորել է։ Գասպարյանը որեւէ մանրամասնության չէր տիրապետում, նրան ամենից շատ մտատանջում էր այն հարցը, թե ինչու են իր մեկ ամսվա ծառայող որդուն պատերազմ տարել։ Կողմերը Գասպարյանին գրեթե հարցեր չտվեցին։ Արաքսի Գասպարյանը Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նշյալ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում Համբարձում Զարգարյանը Հայարփի Բաղդասարյան
18:37 - 04 փետրվարի, 2025