ԿԱՐԴԱԼԻՔ

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ադրբեջականական հերթական կազմակերպությունը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին

«Բնապահպանական ակցիաներին» մասնակցող ադրբեջականական հերթական կազմակերպությունը փոխկապակցված է Հեյդար Ալիևի հիմնադրամին

Վերջին օրերին մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ (azatutyun.am, civilnet.am, fip.am)։  Այս օրերին Ադրբեջանում որպես խաղաղ ակցիա ներկայացվող, սակայն փաստացի Արցախը Հայաստանից կտրած և Արցախում հումանիտար մի շարք խնդիրների պատճառ դարձած գործողություններից բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում։ Երեկ էլ ֆոտոշարք էր հրապարակել ադրբեջանական Trend գործակալությունը։ Գործակալության լուսանկարներում երևում է, որ ակցիայի մասնակից մի խումբ մարդիկ միանման կապույտ բաճկոններ են հագած, որոնց վրա ադրբեջաներեն գրություններ կան՝ Regional İnkişaf İctimai Birliyi և RIIB: Trend-ի լուսանկարներից Regional İnkişaf İctimai Birliyi-ն կամ «Տարածաշրջանային զարգացում» հասարակական կազմակերպությունը ադրբեջանական ՀԿ է։ ՀԿ-ի կայքում նշված է, որ այն ստեղծվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնությամբ։ «Տարածաշրջանային զարգացում»-ը նշում է, որ ՀԿ-ի հիմնական նպատակն է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի սոցիալ-տնտեսական, հանրային և մշակութային կյանքին, քաղաքացիական հասարակության ձևավորմանը և շրջանների զարգացման գործում պետության իրականացրած քայլերի աջակցմանը։ ՀԿ-ի կայքում նաև նշվում է, թե իր նպատաների իրագործման համար այն ինչ քայլեր է իրականացնում։ Այդ քայլերի թվում է նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Կազմակերպությունն իր սոցցանցերում երկու օր առաջ Լաչինում անցկացվող «բնապահպանական ակցիաներից» լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ «առաջին րոպեներից ակցիային են միացել» իրենց մի խումբ աշխատակիցներ և տարբեր շրջաններ ներկայացնող կամավորներ։ Հենց այդ կամավորներն ու աշխատակիցներն էլ երևում են Trend-ի ֆոտոշարքում։ ՀԿ-ի հրապարակած լուսանկարներից Նշենք, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը, որի նախաձեռնությամբ ստեղծվել է «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ն, հիմնադրվել է՝ ի հիշատակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի։ Հիմնադրամի նախագահը Մեհրիբան Ալիևան է՝ Ադրբեջանի առաջին տիկինը։ «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ի ֆեյսբուքյան հետնանկարներից մի քանիսում Հեյդար Ալիևի լուսանկարն է ու նրանից մեջբերումներ։ ՀԿ-ն նաև հրապարակումներ է անում Ադրբեջանի նախկին նախագահի մասին (1, 2), վերջինիս անունը կրող մրցույթի կազմակերպման աշխատանքներին մասնակցում, իսկ նրանց հանրային միջոցառումների ժամանակ կարելի է տեսնել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարով պաստառ։ «Տարածաշրջնային զարգացում» ՀԿ-ի իրականացրած միջոցառումներից մեկն Ադրբեջանի կառավարության համաֆինանսավորմամբ է իրականացվել։ ՀԿ-ն նաև Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի մասին հրապարակումներ ունի։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում  տարածվել են, օրինակ, լուսանկարներ՝ Իլհամ Ալիևի և տիկնոջ՝ օկուպացված Շուշի այցից։ Իսկ ներկա պահին «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ի ֆեյսբուքյան հետնանկարի վրա գրված է․ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Այսպիսով, «բնապահպանական նպատակներով» Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների մի խումբ «Տարածաշրջանային զարգացում» ՀԿ-ից է, որը հիմնադրվել է ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված և Ադրբեջանի նախկին նախագահի հիշատակին ստեղծված հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։  Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, սակայն երեկ գազամատակարարումը վերականգնվեց։ Աննա Սահակայան
14:26 - 17 դեկտեմբերի, 2022
Ամեն ինչ լավ ա լինելու, եւ հաստա՛տ ամեն ինչ լավ ա լինելու․ Երեւանում մնացած արցախցի երեխաները երգերով իրենց կոչը հնչեցրին

Ամեն ինչ լավ ա լինելու, եւ հաստա՛տ ամեն ինչ լավ ա լինելու․ Երեւանում մնացած արցախցի երեխաները երգերով իրենց կոչը հնչեցրին

Երեւանի կենտրոնում այսօր Արցախի ձայնն էր հնչում․ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու պատճառով իրենց տուն չհասած երեխաները պուրակներից մեկում միջոցառում էին կազմակերպել․ երգում էին Արցախին ու հայրենիքին նվիրված երգեր։ Արցախցի 18 դպրոցահասակները, որոնք օրեր առաջ այցելել են Երեւան՝ մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» միջոցառմանը, մի մասն են այն 270 երեխաների, որոնք բախվել են մի իրականության, երբ տուն հասնել չեն կարողանում, որովհետեւ հակառակորդի քիմքին այլ բան է հաճո։  18 երեխաները Մաշտոցի պողոտային հարակից զբոսայգիներից մեկում տեղադրված բեմ են բարձրանում Արցախի դրոշներով։ Մինչ ես փորձում եմ կառավարել իմ զգացմունքները, իսկ ես այս դրոշը տեսնելիս շատ զգացմունքային եմ դառնում, համերգի կազմակերպիչներից մեկը պտտվում է իմ կողմ ու առանց ավելորդ բառ ասելու ձեռքիս կապում սպիտակ, կարմիր ու մանուշակագույն թելերից հյուսված նարոտը՝ որպես մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ։ Արցախցի փոքրիկներին «Եվրատեսիլի» միջոցառմանը մասնակցելու էր բերել «Ապրելու» հիմնադրամը։ Նրանց հետ այս օրերին Երեւանում են միայն կազմակերպիչներն ու երկու ուսուցիչ։ Իսկ նրանց ծնողներն ու մյուս հարազատները մնացել են Արցախում՝ բլոկադայի մեջ։ Հիմնադրամի տնօրենը՝ Արաքսյա Գրիգորյանը, պատմում է, որ երեխաներին պատշաճ տեղավորել են հյուրանոցում, հոգում են բոլոր կարիքները ու անհամբեր սպասում ճանապարհի բացվելուն։ Գրիգորյանն ասում է, որ երեխաները Արցախի տարբեր բնակավայրերից են, տարբեր մշակութային կենտրոններից, խմբակներից, դրա համար սա ոչ թե պարզապես համերգ է, այլ կոչ։ Սա, ինչպես ես եմ հասկանում, կոչ է ուժեղ լինելու, միասնության, չընկճվելու, եւ կոչ միջազգային հանրությանը՝ աչքներն ի վերջո բացելու։  Արաքսյա Գրիգորյանը Երեխաները սկսում են երգել․ նրանցից ամեն մեկի բերանից «Արցախ», «հայրենիք» ու այս տեսակ սրտամոտ բառերը հուզում են բոլորին, ամեն կողմում թաց աչքեր ու կրծքին պինդ սեղմված ձեռքեր են երեւում։ Բայց երեխաներից ուժ է գալիս։ Նրանցից մեկը՝ Արման, մինչ միջոցառումը սկսելը վստահորեն ասում է՝ հիմա ամենակարեւորն այն է, որ հավատանք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Արմանը պատմում է, որ «Եվրատեսիլի» օրը շատ ուրախ է անցել, բայց հաջորդ օրը, երբ պիտի տուն գնային ու ստիպված եղան մնալ Երեւանում, արդեն հեշտ չէր․  «Որ պիտի գնայինք Արցախ, ստիպված եղանք․․․ Զանգեցին, ասեցին, որ ճանապարհները փակ ա, մենք շատ տխրեցինք»,- ասում է նա։ Արմանի ծնողները Ստեփանակերտում են, ամեն օր իրար հետ խոսում են հեռախոսով․ Արման Սաֆարյանը «Իրանք մեզ համար են մտածում, մենք էլ իրանց համար»,- ասում է Արմանը ու նկատում՝ թեեւ անսովոր չէ այս վիճակը, ադրբեջանցիներից սպասում էին նման բան, բայց, ինչպես ինքն է նշում, «մենք հայ ենք, պետք ա չվախենանք»։  Արմանն այստեղ ընկերացել է մյուս երեխաների հետ։ Մեզ հետ զրուցելու է կանչում ընկերոջը՝ Դավիթին, որը, պատմելով, թե ոնց զանգով իմացան՝ ճանապարհը փակ է, մեկ էլ հավատով ասում է․ «Երեւի վաղը գնանք․ երեւի չէ, հաստատ, հաստա՛տ գնալու ենք, հաստատ բացվելու ա»։  Դավիթը սպասում է՝ միջոցառումն ավարտեն, գնան հյուրանոց, որ զանգի ծնողներին․ «Հեսա գնամ հյուրանոց, զանգեմ, խոսեմ։ Մենք իրար փոխադարձ դուխ ենք տալիս, մի օր ես, մի օր՝ նրանք՝ ինձ։ Առաջին պահին, որ իմացա՝ կմնանք Երեւանում, ուրախացա, հետո հասկացա լրջությունը, սկսեցի անհանգստանալ, տխրել ծնողներիս համար։ Դե, նրանք Արցախում են, շատ վատ վիճակ ա, ամեն վայրկյան, Աստված չանի, կարող ա մի վատ բան լինի»,- անհանգիստ ասում է Դավիթը։ Նրա կարծիքով՝ հիմա ամենակարեւորը մարդկանց համար «դուխն» է․ «Պիտի հավատանք, Աստված մեր հետ ա, ամեն ինչ լավ ա լինելու, եւ հաստա՛տ ամեն ինչ լավ ա լինելու»,- կրկնում է նա։ Դավիթ Բեգլարյան Արցախցի Էլգան եւս նոր ընկերների հետ Երեւանում մի օր ավելի էլ ուրախ ժամանակ անցկացնելու համար սկզբում ուրախացել է, բայց երբ գիտակցել է, թե ինչի համար են մնալու, շատ է տխրել․ «Անընդհատ ուզում էի, որ շուտ բացվի ճանապարհը։ Արցախում ինձ սպասում են իմ ծնողները, ընկերները, իրանց շատ եմ կարոտում, կարոտում եմ մեր կենտրոնը, որտեղ հաճախում եմ երգի թատրոն եւ թատերական խմբակ։ Տխուր եմ։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- պատմում է Էլգան, որին արդեն կանչում են՝ պիտի գնան հյուրանոց։ Բայց նա վերջին բանն էլ է հասցնում ասել․ «Ես միշտ լավատես եմ, որովհետեւ ամեն ինչի վերջը լավ է լինում, եթե լավ չի, ուրեմն դա դեռ վերջը չի»։ Էլգա Բաղդասարյանը Էլգայի ընկերուհին՝ Լիան, ասում է՝ ինքն էլ է անչափ կարոտել ծնողներին ու հայրենիքը, բայց, ասում է, խմբի ղեկավարներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենք հագեցած օր ունենան ու չմտածեն տխուր բաների մասին։ Լիայի ծնողներն էլ փորձում են փակ ճանապարհի թեմայով շատ չխոսել, որպեսզի չվախենան ու չընկճվեն, թեեւ նա խոստովանում է․ «Մի քիչ վախի զգացում կա, որովհետեւ չգիտեմ, թե վերջում ինչ կլինի, բայց վստահ եմ, որ մենք ուժեղ ենք ու կկարողանանք հաղթահարել էդ ամենը»։  Լիա Ղազարյանը Լավատես են երեխաները։ Հաջողի փոխարեն նրանց լավ լուր եմ մաղթում՝ զարթնեք՝ ճանապարհը բացված լինի։  Հայարփի Բաղդասարյան Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի
02:24 - 17 դեկտեմբերի, 2022
Հայրիկը ասում ա՝ չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու․ Գորիսում մնացած արցախցի փոքրիկները սպասում են լավ լուրի

Հայրիկը ասում ա՝ չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու․ Գորիսում մնացած արցախցի փոքրիկները սպասում են լավ լուրի

Ապրումակցում․ սա բառ է, որի զգայական շերտերն ամենից տեսանելիորեն բացվում են այս հինգ օրերին։ Կամ չեն բացվում առհասարակ։ Գուցե հեշտ չէ զգալ այն, ինչ կիլոմետրեր հեռու՝ մի բռաչափ հողում շրջափակված մարդիկ, երբ կա հացի տեսականուց ամենալավն ընտրելու հնարավորությունը, երբ չի կախում ինտերնետը, եւ երբ չես մտածում՝ եղած փայտով ձմեռը կհանե՞ս, թե չէ։ Կրկնում եմ ու խնդրում կարդալ դանդաղ, բառ առ բառ, փակել աչքերը, փորձել պատկերացնել մարդկանց՝ հատ-հատ․ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ արդեն հինգ օր է՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է․ 1100 անձ, այդ թվում՝ ավելի քան 270 երեխա չեն կարողանում վերադառնալ տուն։ Գորիսի հյուրանոցներից մեկում ես հանդիպում եմ այս 270 երեխաներից 4-ին։ 10-ամյա Գրետան, նրա քույրը՝ 8-ամյա Անգելինան, 9-ամյա Ասյան ու 8-ամյա Տաթեւը միջանցքի սեղանի մոտ դոմինո են խաղում։ Ես խնդրում եմ ինձ էլ սովորեցնեն, ու նրանք իրար հերթ չտալով սկսում են բացատրել՝ սա սրան կարող է կպնել, սա՝ սրան, ու սկսում ենք միասին խաղալ։ Այս աղջնակները մինչեւ բլոկադայի պատճառով հյուրանոցում հարկադրված տեղավորվելը իրար չեն ճանաչել, թեեւ բոլորն են Ստեփանակերտում ապրում։ Այս վերջին չորս օրերի ընթացքում են ընկերացել, պայմանավորվել, որ երբ հետ գնան, անպայման ընկերներ են մնալու։ Առաջարկում եմ հենց հիմա համարներով փոխանակվեն, Ֆեյսբուք-բան վերցնեն, որ հանկարծ չկորչեն իրարից։ Ձախից՝ աջ՝ Ասյան, Գրետան, Տաթեւը, Անգելինան Երեխաներն ասում են, որ չեն վախեցել, երբ իմացել են ճանապարհի փակման մասին։ Միայն փոքրիկ Անգելինան է խոստովանում, որ մի փոքր վախեցել է։ Հետո նրան շարունակում է Տաթեւը՝ ասելով, որ մի քիչ անհանգստացել են, թե ինչպես են գնալու, բայց ադրբեջանցիներից չեն վախեցել։ Տաթեւը Ստեփանակերտում ասեղնագործության դասերի է գնացել, սա նրա ամենասիրելի զբաղմունքն է։ Իսկ Անգելինան գիմնաստիկա է պարապում։ Նա մայրիկի ու քրոջ հետ եկել էր Երեւան՝ մրցումների․ երրորդ տեղն է զբաղեցրել։ Քույրիկը միանգամից ասում է՝ բայց նախորդ մրցումներին առաջին տեղն է զբաղեցրել։ Հետո կապույտ աչքերով Անգելինան մեզ սալտո ու մի քանի հնարքներ է ցույց տալիս՝ շարժվելով փետուրի պես թեթեւ։ Տաթեւի ծնողները, եղբայրը նրա հետ մնացել են Գորիսում, իսկ Ստեփանակերտում բլոկադայի մեջ են տատիկն ու հորաքույրը․ «Տատիկը ասում ա, որ լավ կլինի, որ ճանապարհները շուտ բացենք, շուտ գնանք հասնենք, թե չէ ինքն էլ մենակ չի կարողանում, գազերն անջատել են էնտեղ, իրենց համար էլ ա շատ դժվար»։ (Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հաղորդվեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է)։ Իսկ Գրետային ու Անգելինային Ստեփանակերտում սպասում է հայրիկը։ Ասում են՝ շատ են կարոտել․ «Դե, մենք ոչինչ, էլի, մենք հլը երկրից դուրս ենք, բայց մեր հայրիկը, տատիկները, պապիկները այնտեղ են շրջափակման մեջ, մենք ոչինչ»,- մեծ մարդուն հատուկ խորաթափանցությամբ ասում է Անգելինան ու կես-ժպտալով հայացքը հառում ներքեւ։ Նրա քույրը շարունակում է․ «[Հայրիկը] ասում ա չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու, ամեն ինչ լավ ա լինելու»։  Տաթեւն էլ նկատում է՝ գոնե այստեղ իրար գտել են, թե չէ միայնակ շատ տխուր կլիներ։ Ասյան, որ ամենից շատ սիրում է նկարել ու որն ինձ դոմինոյի տրամաբանությունն է բացատրում, շատ ինքնավստահ աղջնակ է։ Ալիքավոր մազերը հաստ հյուսքեր արած՝ առաջինն ինքն է պատասխանում, որ չի վախեցել այս լարված իրավիճակից։ Նրան Արցախում սպասում են հայրիկը, տատն ու պապը։ Ասում է՝ թեեւ անհանգստանում են, բայց «դուխ են տալիս», ասում են՝ շուտ կբացվի ճամփան, կգնա նրանց մոտ։ Գրետայի ու Անգելինայի մայրիկը՝ Արմինե Աղաջանյանը, պատուհանագոգին հենված՝ ժպտալով հետեւում է մեր զրույցին։ Արմինեն Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան կամ Չայլու գյուղից է։ 1990-աականներին Չայլու գյուղը մնաց հակառակորդի վերահսկողության տակ, ու գյուղացիները նոր գյուղ հիմնեցին՝ Նոր Այգեստան։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով այս գյուղը եւս անցավ հակառակորդի հսկողության տակ։ Արմինեն ամուսնացել, Ստեփանակերտում է ապրում։  Արմինե Աղաջանյանը Նա պատմում է, որ երեխաներին Երեւան էր բերել գիմնաստիկայի մրցումների, որոնց ավարտից հետո նստել են տրանսպորտ, շարժվել դեպի տուն՝ Ստեփանակերտ։ Բայց ճանապարհին արդեն իմացել են, որ ադրբեջանցիները կապը կտրել են։ Հուսալով, որ ճանապարհը կբացվի շուտ, ինչպես նախորդ անգամ, եկել են Գորիս։ Ու արդեն հինգ օր է՝ այստեղ են։ «Թուրքերը էլի էին տենց բան արել, մի անգամ էլ էին փակել ճանապարհը, դրա համար հույսով եկանք Գորիս, որ մի քանի ժամից կբացեն, բայց չբացեցին»։ Արմինեն աշխատում է հանրապետական հիվանդանոցում, գործընկերներին տեղեկացրել է, որ մնացել են ճանապարհին։ Ասում է՝ իհարկե բոլորն էլ ըմբռնումով են մոտենում խնդրին։ Երբ հարցնում եմ՝ իր հարազատներից ո՞վ է մնացել Արցախում շրջափակված, ասում է, որ ամուսինը, ու միանգամից ավելացնում․ «Սաղ մեր արցախցիները, սաղ մերոնք են էլի, ես սաղին էլ հարազատ եմ համարում ինձ»։  Արմինեն վստահ է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, որ իրենց ուզածը ստանան, բայց, ասում է, ոչ մեկն էլ նրանցից չի վախենում․«Մենք գիտենք, որ էդ ժամանակավոր բան ա, էքուց էլ կարող ա ճանապարհը էլի փակեն, ուրիշ բան ուզեն։ Ինչքան պետք ա՝ կմնանք ստեղ, մինչեւ ճանապարհը բացեն։ Ուզում եմ ասել՝ ոչ մի բան էլ չենք տա էլի, ուղղակի ուզում են վախեցնեն, իրանց գործն ա էլի, իրանք սովոր են էդպիսի արարքներով վախեցնեն մեզ, բայց ոչ մեկն էլ չի վախենում, երեխաներն էլ չեն վախենում, ուղղակի դպրոց պիտի գնան, ես աշխատանքի եմ, դրան ա խոչընդոտում, բայց ինչքան պետք ա՝ կմնանք, մինչեւ ճանապարհը բացվի»,- ասում է նա ու արձանագրում, որ միջազգային կառույցները չեն միջամտում, չեն արձագանքում․ «Կուզենամ, որ սաղ միջամտեն, մեր էս Ղարաբաղի հարցը քննարկեն, լուծում տանք։ Մենք ընդամենը ուզում ենք խաղաղություն էդ մեր սիրուն, փոքրիկ Արցախում։ Ես սաղի հետ եմ, մեր արցախցիների հետ եմ, ուզում եմ, որ ոչ մեկը չկոտրվի, սաղ լավ ա լինելու»,- եզրափակում է նա։ Երեկոն իջնում է Գորիսի վրա։ Հյուրանոցների բակերում հավաքվում են տղամարդիկ, քննարկում են իրավիճակը, բայց աղմուկ չկա։ Գորիսում առհասարակ աղմուկ չկա։ Վեցամյա Ավետն ու երեքամյա Մարիան Մարտակերտի Մեծ Շեն գյուղի իրենց տանը սպասում են հայրիկին՝ Մխիթար Անանյանին, որը մեկն է այն հարյուրներից, որ չի հասցրել վերադառնալ տուն։ Մխիթարը Մեծ Շենի դպրոցի ֆիզիկայի, բնագիտության ու շախմատի ուսուցիչն է։ Օրեր առաջ Երեւան էր եկել առողջական հարցերով, հետ դառնալու նախորդ օրը ադրբեջանցիները կտրում են ճամփան, ու Մխիթարը ստիպված է լինում մնալ Գորիսում։  Մխիթար Անանյանը «Մինչեւ էսօր սպասում ենք էստեղ մեծ հույսով, որ ճանապարհը կբացվի, կգնանք։ Երեւան չենք ուզում, որովհետեւ մեր հարազատները Ղարաբաղում են, ավելի լուրջ վտանգի մեջ, մենք ուզում ենք օր առաջ հասնել մեր երեխաներին։ Ես երկու երեխա ունեմ, հեռախոսով շուտ-շուտ խոսում ենք, զանգում, իրավիճակ ենք իմանում, բայց անորոշ իրավիճակ է։ Մենք իրենց ավելի շատ ենք քաջալերում, պարզ է՝ երեխաներ, կանայք, մի քիչ ավելի շատ են մտածում, իհարկե»,- ասում է Մխիթարը, բայց հույս հայտնում, որ սա եւս հաղթահարելի է, կհաղթահարեն։ Մխիթարն այս իրավիճակում ամենից կարեւորը համարում է համախմբվածությունը։ Ասում է՝ ոչ թե ամեն մեկը իր տեսանկյունից մի քայլ պետք է ձեռնարկի, այլ միահամուռ, որ հնարավոր լինի դուրս գալ ճգնաժամից․ «Կոչ կանեի չընկճվեն էս ամենից, սա էլ հաղթահարելի արգելք է, պետք է փորձենք էս իրավիճակից դուրս գալ»։  Հայարփի Բաղդասարյան
15:25 - 16 դեկտեմբերի, 2022
Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները չեն բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս բառերը վերջին օրերին հավանաբար տասնյակ անգամներ եք կարդացել ու լսել։ Տագնապալի հնչող այդ նախադասությունը սառել-մնացել է օդի մեջ, հատկապես Լիսագորի սարերի արանքում։ Այստեղ ՌԴ խաղաղապահների անցակետն է, որը չի բացվում դեպի Ստեփանակերտ գնալու համար։ Այդ անցակետից այս կողմ են մնացել Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը, մյուս կողմում Ստեփանակերտի հետ կապը կտրել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։ Ճանապարհի փակ լինելու պատճառով քանի օր է՝ որոշ տղամարդիկ գիշերում են իրենց մեքենաներում, մարդկանց մի մասն էլ, որ չի կարողացել հասնել իր տուն, ժամանակավոր տանիք է գտել մոտակա Լիսագորում, հարյուրավոր մարդիկ գնացել են Սյունիքի մարզ, Երեւան կամ այլ բնակավայրեր։  ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետին են մոտենում տղամարդիկ՝ հույսով, որ հիմա վերջապես կլսեն այդ լուրը՝ ադրբեջանցիները բացել են ճանապարհը։ Բայց ամեն ինչ ավարտվում է խաղաղապահ զորախմբի երիտասարդ ծառայողի անտարբեր կամ գուցե զուտ ծառայողական հայացքի ու արցախցու սառած մատների արանքում այրվող ծխախոտի հատման կետում։  Դրսում կանգնածներին սուրճ ու թեյ է առաջարկում Լիսագորի գյուղապետարանի աշխատակից տիկին Իրինան, որը նաեւ հուսադրող խոսքեր է ասում մեկ ու մեջ։ Բաբաջանյան Իրինան առանձնացել է՝ քրոջ հետ հեռախոսով խոսելու։ Սենյակից մի նախադասություն է դուրս սպրդում․ «Գնանք առեւտուր անենք, խանութները դատարկվում են արդեն»։ Տիկին Իրինան պատմում է, որ երբ իմացան՝ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, խուճապի չմտանվեցին, որովհետեւ սա առաջին դեպքը չէր։ Միայն թե այս անգամ սպասվածից երկար տեւեց, նախորդ անգամներին տասը րոպեով, մեկ-երկու ժամով փակել-բացել էին։ Այս կարճատեւ սադրանքներին մարդիկ երեւի սովորել էին, բայց որ օրերով իրենց հարազատներին չէին տեսնի, օրերով կմնային բլոկադայի մեջ, երեւի չեն էլ ուզել պատկերացնել։ Տիկին Իրինան չի թաքցնում, որ անհանգստություններ ունեն, բայց երկրորդ անգամ է շեշտում՝ խուճապ չկա։  Նա պատմում է, որ մարդիկ կենցաղային, առողջական, սոցիալական հարցերը լուծել են Ստեփանակերտի հետ կապի միջոցով, ու հիմա այդ կենսական կապը կտրվել է, գյուղի խանութն էլ փակ է․ «Մենք գյուղում պահում ենք մեր ամենօրյա ուտելիքները՝ վերմիշել, մակարոն, ալյուր, տենց քիչ ու միչ ենք առնում, որովհետեւ չենք մտածում հետագա․․․ Կամ էդքան հնարավորություն չկա միանգամից շատ գնելու համար։ Մնացած բաներն ամեն օր խանութներից ենք առնում, ամեն օր չենք կարա, չէ՞, էդ ամենօրյա բաներն ուտենք, կամ գյուղում երեխաներ կան, էդ երեխաները պիտի սնվեն։ Էս ամենը Ստեփանակերտի կապի միջոցով է արվել։ Մեծ մասը էդ կենցաղային խնդիրներն էլ կարանք հաղթահարենք, բայց էս ապրելակերպը շատ դժվար ա լինելու մեր համար»,- ասում է նա ու պատմում, որ երբ իմացան, որ ճանապարհը փակվել է, ու մարդիկ ցուրտ օրով մնացել են դրսում, միանգամից կազմակերպել են, որ նրանք մնալու տեղ ունեն։ Քառասունից ավելի մարդու տեղավորել են լիսագորցիների տներում։  Իրինա Բաբաջանյանը «Ճիշտ ա, էդ պահին հարգելի պատճառով մեր համայնքի ղեկավարը բացակայում էր, առողջական խնդիրներ ունի, բայց ամեն ինչով օգնում է»,- ասում է տիկին Իրինան, ու պարզվում է՝ գյուղապետը Ստեփանակարետում հիվանդանոցից դուրս է գրվել ու չի հասցրել վերադառնալ, ու մնացել է Արցախի մայրաքաղաքում։  Տիկին Իրինայի դուստրն ու թոռնիկն էլ գնացել են Ստեփանակերտ ու էլի չեն կարողացել հետ գալ։ Բայց նա շարունակում է հավատալ․ «Ամեն պահի սպասում ենք լավ բանի, ամեն պահի, միշտ դժվարություն ա եղել, մենք հաղթահարել ենք»։ Լիսագորի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահների անցակետի մոտ հավաքված մարդկանց մեծ մասը մթերքներով բեռնված մեքենաների վարորդներ են։ Նրանցից են Արսենն ու Գուրգենը, որոնք հեռվում կանգնած մեր զրույցին են հետեւում եւ որոնք եւս չեն կարողացել հասնել Ստեփանակերտ։ Արսեն Խաչատրյանը պատմում է, որ Ստեփանակերտի ճանապարհին են իմացել, որ ադրբեջանցիները միջանցքը փակել են, բայց, հուսալով, որ շուտ կբացեն, շարունակել են գալ։  Արսեն Խաչատրյանը «Եկանք Տեղ գյուղի մեր պոստում մի գիշեր մնացինք, հետո ասեցին մինչեւ Լիսագոր գանք, էդա՝ չորս օր ա ստեղ ենք, սպասում ենք։ Որը՝ մեքենայի մեջ, բարեկամի տուն, նայած, տենանք՝ ինչ ա ստացվում»,- ասում է Արսենը, որի ընտանիքն էլ Ստեփանակերտում է բլոկադայի մեջ․ «Երեխեքի հետ հեռախոսով խոսում ենք, ուրախանում ենք, երբ զանգում ենք»։  Արսենի ընկերը՝ Գուրգեն Գաբրիելյանը, որ համեստ ժպտում է, երեւի ամենից անհամբերն է սպասում ճանապարհի բացվելուն․ նրա կինը շուտով երեխա է լույս աշխարհ բերելու, մի քանի օր է մնացել։ Գուրգենն ասում է՝ մի քիչ էլ կսպասի ու խաղաղապահներին կասի այս մասին, կխնդրի նրանց հետ հասնել Ստեփանակերտ, որ կնոջ կողքին լինի։  Գուրգեն Գաբրիելյանը Արսենը, ի դեպ, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է․ Թաղավարդի այն հատվածից, որն այժմ հակառակորդի վերահսկողության ներքո է։ Արսենը հիմա Ստեփանակերտում է ապրում։ Իսկ Գուրգենը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է, որոշ ժամանակ ապրել է Շուշիում, մինչեւ այն եւս անցավ հակառակորդի վերահսկողության տակ։ Հիմա նա էլ է Ստեփանակերտում ապրում։ Մեր ուշադրությունը շեղվում է, երբ լսում ենք, որ խաղաղապահ զորախմբի երկու ծառայողները հաշվում են կանգնած բեռնատարները․ «Տասնմեկ»,- ասում է նրանցից մեկը, այն անտարբեր հայացքովը, մյուսն ուղղում է՝ «չէ, տասնչորս»։ Որոշում են մի հատ էլ աչքի անցկացնել։ Ցածրաձայն խոսակցություն է պտտվում ձեռքերը ցրտից գրպանները խոթած մարդկանց մեջ՝ «ոնց որ ուզում են մթերքներով բեռնատարների, կանանց ու երեխաների համար ճանապարհը բացել»։ Բայց ոգեւորություն չի մտնում նրանց մեջ, կարծես՝ չեն հավատում։ Ասում են՝ էս քանի օրը հազար անգամ եկել ասել են՝ հեսա կբացվի, երկու ժամից կբացվի, երեք։ Բայց չորրորդ օրն է՝ չի բացվում։ Մենք շատ վաղ ենք եկել Լիսագոր։ Տեղ ենք հասել համարյա արեւածագն անց։ Մի քանի ժամվա ոչ թեթեւ զրույցներից հետո որոշում ենք հետ դառնալ։ Հաջողություն ենք մաղթում մարդկանց, կիսում ենք նրանց ցանկությունը, բոլորով սպասում՝ Գուրգենը մի ձեւ անի, հասնի կնոջը, թեկուզ այսքանից միայն ինքը գնա առաջինը։ Ու հետ ենք գնում՝ մտքում վերհիշելով՝ խաղաղապահների քանի անցակետ կա առջեւում, երբ պիտի պատրաստել անձնագրերը։ Մտածում ենք՝ եթե անխոչընդոտ հասանք Լիսագոր, հետ ճամփան, ինչպես «դքով» ներքեւ իջնելը, ավելի հեշտ կլինի։ Առաջին անցակետում ռուս երիտասարդը ալարկոտ մոտենում է ուղեփակոցին, բարձրացնում այն, անցնում ենք, րոպեներ անց երեւում են նրանց բազաները, հետո՝ հաջորդ անցակետը։  Հին Շեն բնակավայրի մոտ տեղակայված այդ անցակետի իր խցիկից դուրս է գալիս ռուս ծառայողը ու, մեր մեքենայի ուղղությամբ քայլելով, ձեռքի շարժումով ցույց տալիս, որ հետ գնանք։ Նա մոտենում է մեքենայի լուսամուտին ու ասում՝ «փակ է»․ - Ինչո՞ւ։ - Եւ ելքն է փակը եւ մուտքը։ Շրջադարձ արեք, հետ գնացեք։ - Ո՞ւր, հետ ո՞ւր։ - Որտեղից եկել եք։ - Մենք Գորիսից ենք գնացել։ - Դե, ելքն արգելված է, ինչպես եւ մուտքը։ Մենք հրաման ունենք։ - Մենք Գորիսից․․․ Ու այստեղից երիտասարդն էլ չի լսում, ասում է, պտտվում ու գնում։ Մենք դուրս ենք գալիս ու մոտենում մյուս ծառայողին, որն, ըստ ամենայնի, վերադասի հետ քննարկում է այս հարցը։ Այդ ժամանակ դեպի Գորիս գնացող ուղղության վրա կանգնած է միայն մեր մեքենան, հակառակ՝ դեպի Լիսագոր ուղղությամբ՝ եւս մեկ մեքենա։  Ռուս խաղաղապահի ձեռքի ռադիոսարքից մի քանի բառ է հնչում․ «Հիմա նրանց թողեք, բայց զգուշացրեք, որ հետ գալ չեն կարող»։ Ռուս խաղաղապահները բացում են ուղեփակոցը՝ նորից շեշտելով, որ հետ գալու դեպքում մուտքն արգելված է։ Մենք առաջ ենք շարժվում, ու նման զգուշացում է անում նաեւ հաջորդ անցակետի ծառայողը։ Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիր է, նոր հրամա՞ն կա, ու ինչքա՞ն ժամանակով է այս արգելքը, նա պատասխանում է, որ նոր հրաման կա, ու հնարավոր է՝ ճաշից հետո կարգավորվի (այս տեքստը գրվում է խոսակցությունից մոտ մեկ ժամ անց, ու ներկա դրությամբ տեղում իրադրության մասին նոր տեղեկություն չունենք)։ Վերջին անցակետը Տեղ համայնքում է․ սա հայկական անցակետ է, որտեղի ծառայողներից հետաքրքրվում ենք՝ ինչու է դեպի Ստեփանակերտ ճանապարհը արդեն փակ Հին Շեն բնակավայրի մոտից։ Բայց ծառայողները հստակ պատասխան չեն տալիս, ասում են՝ ռուսական կողմից են փակել։ Ու մեր՝ Տեղի անցակետի մոտ լինելու ժամանակ արդեն այդտեղ էին կանգնում մեքենաները։  Հայարփի Բաղդասարյան
16:10 - 15 դեկտեմբերի, 2022
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շինարարության կասեցումը կվերացվի՞․ գործը դատարանում է

ՀՀ վարչական դատարանում երեկ սկսվեց «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի միջնորդության քննությունը, որով վերջինս պահանջում է վերացնել «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում շինարարությունը կասեցնելու մասին նույն դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հոկտեմբեր ամսին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել է «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել են Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել են կասեցնել շինթույլտվության որոշումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նախորդ ամիս դատարանը նախքան դատական նիստ հրավիրելը բավարարել է այն, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել են։ Այժմ կառուցապատող ընկերությունը, որը գործով որպես երրորդ անձ է ներգրավվել, իր հերթին միջնորդել է դատարանին վերացնել շինթույլտվությունը կասեցնելու այդ որոշումը։  Դատարանը արգելեց նիստի լուսանկարահանումը  Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործը դատարանում քննվում է դռնբաց (բացառությամբ օրենքով սահմանված հիմքերի), որին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն, իսկ լուսանկարահանումը, նույն օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, կատարվում է դատավարության՝ նիստին ներկա մասնակիցների համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ: Ըստ նույն  հոդվածի՝ եթե դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս լուսանկարահանմանը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը: Այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դատական նիստի լուսանկարահանումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ: Երեկվա դատական նիստին, երբ Infocom–ը խնդրեց դատարանի թույլտվությունը նիստի լուսանկարահանման համար, նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյանը առանց կողմերի դիրքորոշումը ճշտելու հայտարարեց, որ չի թույլատրում իրեն լուսանկարել։ Մենք հետաքրքրվեցինք, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն իրենց լուսանկարելու վերաբերյալ, ինչին արձագանքելով՝ «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը դեմ արտահայտվեց։ Նախագահող դատավորը, արձանագրելով, որ կողմը եւս դեմ է, ցանկացավ շարունակել նիստը, սակայն մենք խնդրեցինք հայտնել մյուս կողմերի՝ հայցվորի եւ պատասխանողի դիրքորոշումը՝ մեջբերելով նաեւ վերոնշյալ հոդվածի պահանջները։ Դատավորը, սակայն, նշեց, որ մենք անհարկի ձգձգում ենք դատական նիստը եւ այդպես էլ առանց հայցվորի ու պատասխանողի դիրքորոշումը սահմանված ընթացակարգով ճշտելու՝ սահմանափակեց լուսանկարահանման մեր իրավունքը։  Թեեւ նիստը դռնբաց էր, ՊՈԱԿ–ի բազում գիտաշխատողներ հնարավորություն չունեցան ներկա գտնվելու նիստերի դահլիճում, քանի որ այն չափազանց փոքր էր, տեղերը՝ խիստ սահմանափակ։ Արդյունքում, վերջիններս ստիպված եղան դռան հետեւից՝ միջանցքից, ոտքի վրա հետեւել նիստի ընթացքին։ Կառուցապատող ՓԲԸ–ի կարծիքով՝ ՊՈԱԿ–ը չի ներկայացրել որեւէ ապացույց, որը կհիմնավորեր շինարարությամբ իրենց պատճառված կամ պատճառվելիք վնասը  Ներկայացնելով միջնորդությունը՝ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ–ի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Ղուլյանը նախ հայտնեց, որ նախքան շինթույլտվությունը ստանալը իրենք ստացել են պատկան բոլոր մարմինների համաձայնությունը՝ գործընթացն իրականացնելով օրենքով սահմանված կարգով․ «Մինչ այս գործող ջրանցքը անցնում էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ազատության պողոտա 26/1 հասցե հողատարածքով։ Ըստ հաստատված նախագծի՝ պետք է իրականացվի արդիականացում եւ շրջանցում, որպեսզի ընկերության հողատարածքից դուրս լինի ջրանցքը, միեւնույն ժամանակ քանի որ ջրանցքը նախկին կառույց է, բաց ջրատարով է հոսում, արդիականացման արդյունքում ժամանակակից խողովակաշարով է անցնելու եւ նախ, խուսափելու ենք ջրի կորստից, որովհետեւ մինչ այս կատարված հաշվարկների համաձայն՝ մոտ 40 տոկոս կորուստ է եղել, դրանից բացի, նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ վիճակն է բարելավվելու, տարածքն ասֆալտապատվելու է, բերվելու է բավականին նորմալ տեսքի»,– նշեց նա՝  հավելելով, որ դրա արժեքը մոտ 87 միլիոն դրամ է, ինչը ՓԲԸ–ն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը ընդգծեց, որ ոչ ոք, այդ թվում՝ հայցվորը, չի առարկում, որ բարեկարգման կամ խնայողության տեսանկյունից նախաձեռնությունը պիտանի է, այլ նշում է, որ այն շինարարությունը, որ իրականացվում է, եւ այն մեթոդով, որ իրականացվում է, վտանգ է ներկայացնում ՊՈԱԿ–ի եւ ՊՈԱԿ–ի աշխատակիցների համար։ Սա հաշվի առնելով՝ դատավորը հորդորեց միջնորդությունը ներկայացնել այս մտավախությունը փարատելու համատեքստում։ Շարունակելով իր ելույթը՝ Մարիամ Ղուլյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վարչական ակտի կասեցման հիմքերի վերաբերյալ, ըստ որի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ եւ դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձեւավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանություն։ Ըստ Ղուլյանի՝ հայցվորի միջնորդությամբ չի ապացուցվել հիմնավոր կասկածը, որ շինարարությունը վերջինիս զգալի վնաս կպատճառի․ «Միջնորդությամբ նշվել է, որ ծանր տեխնիկայի կիրառումը վտանգում է աշխատակիցների կյանքն ու առողջությանը, վնաս է պատճառում լաբորատորիայում գտնվող գերզգայուն եւ թանկարժեք սարքավորումներին, սակայն այդ սարքավորումների ցանկը, ինչպես նաեւ տատանման մասով որեւէ հիմնավորում չի ներկայացվել»,– ասաց նա։ Ղուլյանի խոսքով՝ շինաշխատաքների հիմնական մասն արդեն իսկ արվել է, հողը փորվել է, խողովակները՝ տեղադրվել, եւ եթե դա իրենից վտանգ ներկայացներ, հայցվորն արդեն պետք է ունենար որեւէ ապացույց, որ իրեն վնաս է պատճառվել, ինչը, սակայն, ըստ Ղուլյանի, առկա չէ․ «Իսկ նման վերացական հիմնավորմամբ կարելի է միջնորդել, որ կասեցվի ՀՀ տարածքում իրականացվող բոլոր շինաշխատանքները, որովհետեւ միշտ էլ կարող են ձայնի կամ այլ առումներով փողոցի շինաշխատանքները որեւէ մեկին անհարմարություն պատճառել, բայց դա չի նշանակում, որ պետք է որեւէ շինաշխատանք ՀՀ–ում չիրականացվի»։ Փաստաբանը հայտնեց նաեւ, որ ՓԲԸ–ն, դրսեւորելով բարձր պատասխանատվություն, կնքել է պայմանագիր, որի շրջանակում պետք է իրականացվի հետազոտություն եւ տրվի եզրակացություն՝ շինաշխատանքների արդյուքնում հայցվոր ընկերության շենքի կոնստրուկտիվ տարրերի եւ այդ շենքում սարքավորումների վրա ազդեցության մասով։ Բացի այդ, կնքել է ապահովագրական երկու պայմանագիր, որով ապահովագրվել են շինաշխատանքների հետեւանքով երրորդ անձանց պատճառված մարմանական եւ գույքային վնասները։ Մարիամ Ղուլյանը կարեւորեց այն հանգամանքը, որ աշխատանքների կատարումը կրում է հրատապ բնույթ, քանի որ ջրատարը ունի հանրային մեծ նշանակություն․ այն միակ ջրատարն է, որ սպասարկում է Երեւանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական տարածքների կանաչապատ տարածքների եւ անտառտնտեսությունների, ինչպես նաեւ Ջրաշեն, Մուշավան, Նոր Խարբերդ այգեգործական ընկերությունների ոռոգման ջրի մատակարարումը․ «Առկա պայմաններում հիշյալ շրջանները ամբողջովին կզրկվեն ոռոգման ջրի մատակարարումից, իսկ շինարարության նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընտրությունը պայմանավորված է հենց ոռոգման սեզոնի ավարտով, երբ հնարավոր է եղել ջրատարը ապամոնտաժել»,– ասաց Ղուլյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքները ավարտել մինչ 2023 թ ոռոգման ժամանակաշրջանը՝ մարտ ամիսը։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչ Լաուրա Հարությունյանը միացավ ՓԲԸ–ի դիրքորոշմանը։ Դատավորը խնդրեց հայտնել միջնորդության իրավական հիմքերը Նախագահող դատավորը հիշեցրեց, որ շինաշխատանքները կասեցնելու մասին դատարանի որոշմանը համաձայն չլինելու դեպքում կողմը իրավունք ուներ այն բողոքարկել վերադաս դատարանում, եւ խնդրեց հայտնել, թե իրավական ինչ հիմքով է ՓԲԸ–ն միջնորդություն ներկայացնում նույն դատարանին, այլ ոչ թե բողոք՝ վերադաս, այսինքն՝ Վերաքննիչ վարչական դատարանին։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը նշեց, որ որոշման դեմ վերաքննիչ բողոք եւս ներկայացվել է, սակայն այն դեռեւս չի քննվել։ Միեւնույն ժամանակ Ղուլյանը կարծիք հայտնեց, որ նույն դատարանը եւս զրկված չէ իր որոշումը փոխելու հնարավորությունից եւ մեջբերեց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 5-րդ մասը, որի հիման վրա էլ նա ներկայացրել է միջնորդությունը։  Հիշյալ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորել որոշակի ժամկետով եւ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը: Դատավորը, սակայն, նշեց, որ հիշյալ հոդվածը կասեցման որոշումը փոփոխելու լիազորություն դատարանին տալիս է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կողմի միջնորդության հիման վրա, ապա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է փաստաբանը պատկերացնում այն իրավիճակի հանգուցալուծումը, երբ ինքը, ենթադրենք, բավարարի կառուցապատողի միջնորդությունը, շինաշխատանքները վերսկսվեն, որից հետո Վերաքննիչ դատարանը մերժի ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ կասեցման որոշումը, ամեն դեպքում, օրինական էր։ Այդ դեպքում ծագելու է այն հարցը, թե որ դատարանի որոշումն է պետք հիմք ընդունել․ «Եթե այս միջնորդության քննության արդյունքում կայացվի կասեցումը վերացնելու որոշում, ապա Վերաքննիչ դատարանում տվյալ բողոքի շարունակության իմաստը այլեւս չի լինի»,– պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ առկա է այդպիսի դատական պրակտիկա։ Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ շինաշխատանքները կասեցնելու որոշում կայացնելիս դատարանի տրամադրության տակ միայն հայցվոր կողմի ապացույցներն են եղել, եւ այս առումով իրենց դիրքորոշումը կարող է նշանակալից լինել։ Տիգրան Նաղդալյանի խոսքով՝ շինարարական աշխատանքների հետագա իրականացումը կվտանգի ՊՈԱԿ–ի գործունեությունը ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Նաղդալյանը մի շարք հարցեր հղեց կառուցապատող ընկերությանը` այդ թվում, հետաքրքրվելով՝ տեղյա՞կ են արդյոք նրանք, թե ՊՈԱԿ–ի տարածքում քիմիական ինչ նյութեր են պահվում, վտանգավորության ինչ աստիճան ունեն դրանք, ինչ սարքեր են առկա եւ ինչ նշանակության։ Ի պատասխան՝ Մարիամ Ղուլյանը հայտնեց, որ նախքան շինաշխատանքների կատարումը իրենք դիմել են՝ խնդրելով տրամադրել հիշյալ սարքավորումների, նյութերի ցանկը հենց այդ ամենը հասկանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։  Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չեն պատասխանել դիմումին, ինչին արձագանքելով՝ Նաղդալյանը պարզաբանեց, որ այդ տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։ «Հայտնեիք, որ պետական գաղնտիք է»,– ասաց դատավորը։ «Մենք պարտավոր չենք պատասխանել, հանդիպում եղել է, այդ ժամանակ տեղեկացրել ենք, որ կան սարքավորումներ, որոնք երկակի նշանակության են, այսինքն՝ եւ քաղաքացիական, եւ ռազմական, իրականացվում են փորձարկումներ, որոնք ռազմական բնույթի են, դրանք եւս չեն կարող բացահայտվել»,– ասաց Նաղդալյանը՝ հավելելով միայն, որ ՀՀ–ում սնդիկի ողջ պաշարները այդտեղ են պահվում։  Նաղդալայնը նաեւ չհամաձայնեց այն պնդմանը, թե գործող ջրանցքով հնարավոր չէ ոռոգման ջրի մատակարարում իրականացնել։ Ակնհայտ անհիմն որակելով ներկայացված միջնորդությունը՝ նա դատարանին խնդրեց այն մերժել։  Որպես ապացույց՝ փաստաբանը դատարանին ներկայացրեց լազերային 11 կրիչ, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս, թե շինաշխատանքները ինչպիսի ցնցումներ են առաջացնում կենտրոնում․ «Ցնցումները ուղղված չեն միայն սարքերի փչացմանը, օրերով իրականացվում են քիմիական սինթեզներ, փորձաքննություններ տարբեր մարմինների, ՊՈԱԿ–ի գիտահետազոտողների կողմից, ուսումնական գործընթաց է իրականացվում, շուրջ 300 ուսանողներ ուսումնառում են այնտեղ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցնցումների հետեւանքով փորձաքննությունների տվյալները ճշգրիտ չեն ստացվում։ Ըստ Նաղդալյանի՝ աշխատողների կյանքը եւ առողջությունը եւս վտանգված է, իսկ այդ աղմուկի տակ մտավոր գիտական աշխատանքի իրականացումը անհնար է դարձել, եւ անձինք հարկադրված պարապուրդի են մատնվում։ Արդյունքում, Կենտրոնի 131 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ՊՈԱԿ–ի տնօրեն Սահակ Գասպարյանին՝ խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ՝ այն հիմնավորմամբ, որ շինարարությունը խաթարում է իրենց բնականոն աշխատանքը, առաջացած աղմուկը եւ տատանումները բացասաբար են անդրադառնում աշխատակիցների մտավոր գործունեության վրա, ցնցումներից ապակիները դղդրում են, ապակյա տարաները եւ փորձանոթները՝ ցնցվում, իսկ լաբարատոր կշեռքները եւ սարքավորումները խախտվում ու խաթարվում են։ Դրանից բացի, ըստ Նաղդալյանի, վտնագված են ծառայությունների մատուցման, այդ թվում արտասահմանյան պատվիրատուների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման, բազմաթիվ գիտական թեմաների իրականացման ժամկետները, իսկ շինաշխատանքների հետագա իրականացման դեպքում դրանք կդառնան անհնարին։ Նաղդալյանը դատարանին ներկայացրեց մի շարք պայմանագրեր եւ համագործակցության հուշագրեր տարբեր համալսարանների հետ։  Խոսելով արդեն իսկ կրած վնասների մասին՝ փաստաբանը հայտնեց, որ վնասվել է իրենց մասնաշենքերից մեկին մատակարարող ջրի խողովակը, որոշ ժամանակով ջրամատակարարումը այդտեղ դադարեցվել է, հետագայում ժանգաջուր է եկել, իսկ խողովակը խամուտով ամրացվել է։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարիամ Ղուլյանը ասաց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել ամբողջովին փոխելու վնասված խողովակը, սակայն ՊՈԱԿ–ը չի համաձայնել։  Ըստ Նաղդալյանի՝ փոխվել է նաեւ այն կենդանիների վարքագիծը, որոնց վրա որոշակի փորձարկումներ են իրականացվում․ «Վնաս ենք դիտարկում նաեւ այն, որ գիտական թիմը օրեր շարունակ փորձարկում է իրականացնում, տվյալներ է ստանում, որ վերլուծի, սակայն հետո պիտի նույնը նորից իրականացնի, քանի որ շինաշխատանքների դեպքում դրանց դադարեցվում են»։ Փաստաբանը կարեւորեց այն հանգամանքը, որ փորված հատվածը հանդիսանում է անվտանգության եւ տարհանման մուտք ու ելք եւ տեխնածին աղետների կամ հրդեհաշիջման աշխատանքների համար մեծ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ 2017–ին, օրինակ, 5-րդ մասնաշենքի նկուղում բավականին խոշոր հրդեհ է եղել, տարհանման աշխատանքներ են իրականացվել, տեխնիկա է մուտք գործել հենց այդ ճանապարհով։ Նաղդալյանն ընդգծեց նաեւ, որ շինարարական աշխատանքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց հետո անգամ շարունակվել են, ինչի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Եզրափակելով իր ելույթը՝ փաստաբանը միջնորդեց, որ ՊՈԱԿ–ի երեք աշխատակիցներ՝  գիտությունների գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, սարքավորումների մասնագետ Ալեքսան Շախաթունին եւ կենսաբան Հրաչ Գասպարյանը, ներգրավվեն գործով, որպեսզի ավելի մասնագիտորեն կարողանան հիմնավորել շինաշխատանքների իրականացման վտանգավորությունը։  Դատական նիստը հետաձգվեց միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար։    Միլենա Խաչիկյան
12:59 - 13 դեկտեմբերի, 2022
Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

2020 թ․ հոկտեմբեր ամսին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում երեկ շուրջ հինգ ժամ հարցաքննվեց Ջրականի զորամասի նախկին հրամանատար, ներկայում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Քարամյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ անհանգիստ մթնոլորտում, քանի որ նրա ցուցմունքը տարբեր դրվագներով հակասում էր նախկինում հարցաքննված տարբեր սպաների ցուցմունքներին։ Քարամյանը որոշ դետալներ դժվարացավ կոնկրետացնել, բացատրեց՝ հիշողության որոշակի կորուստ ունի։ Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը վկային նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալ իր, իր ամուսնու (կնոջ) եւ մերձավոր ազգականի դեմ։  Վկան հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական նորմալ հարաբերություններ։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտն ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել եւ հեռացել: Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արթուր Քարամյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն իրեն բանավոր հրամանով ազատել է ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից Ըստ վկա Արթուր Քարամյանի ցուցմունքի՝ հոկտեմբերի 5-ին ինքը հեռախոսային կապով Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանից բանավոր հրաման է ստացել հիշյալ զորամասի հրամանատարի պաշտոնը ստանձնելու մասին։ Նախքան դա նա եղել է նույն զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի՝ առաջնագծի հարցերով տեղակալը։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 7-8-ի մոտակայքում, Հադրութի դպրոցում հանդիպել է ուսումնական գումարտակի անձնակազմին եւ արձանագրել, որ վերջինս բարոյահոգեբանական վատ վիճակում է, մարտական առաջադրանքներ կատարելուն՝ անպատրաստ, ինչի մասին զեկուցել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վերջինս էլ, ըստ Քարամյանի, իրեն ասել է՝ ունեցած անձնակազմը սա է, այս ձեւով ենք կարող անցնել պաշտպանության։ Նշենք, սակայն, որ Առստամյանը հարցաքննության ժամանակ դատարանում հայտարարել էր, որ չի եղել զեկույց, թե անձնակազմն անպատրաստ է, մասնավոր դեպքեր են եղել միայն՝ կապված հիվանդների, վիրավորների հետ։ – Զենքին չտիրապետող, բարոյալքված, կոտրված զինվորներին ռազմաճակատ տանելը դավաճանությո՞ւն է թե՞ ոչ,– հարցրեց ծնողներից մեկը։ – Որոշումը ընդունվել է այն կարգավիճակից, որ այլ անձնակազմ չկա։ – Բա որ իմ տղան երդում տված չի եղել, ի՞նչ իրավունքով եք տարել ռազմաճակատ։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը․ – Եթե նորակոչիկ են եղել, դուք իրավունք ունեցե՞լ եք մարտական հերթապահության եւ ռազմական գործողությունների ներգրավել այն բանից հետո, երբ ինքներդ էլ ասում եք, որ բարոյալքված վիճակում էին։ – Ոչ, չպետք է կատարվեր, բայց ուրիշ ձեւ չի եղել։ Արթուր Քարամյանի խոսքով՝ հոկտեմբերի 8-9-ին հենց Կարեն Առստամյանն է իրեն հրամայել Խուռհատ սարի տարածքում տեղազննում իրականացնել եւ դպրոցում եղած անձնակազմին տեղակայել այնտեղ, ինչը արվել է։ Այդ ժամանակ, սակայն, ըստ վկայի՝ ինքն ազատված էր ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից, քանի որ հիշյալ հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանն իրեն հրամայել էր զբաղվել միայն 1-ին եւ 4-րդ գումարտակներով՝ տեղեկացնելով, որ մյուս գումարտակների, այդ թվում՝ 5-րդ ուսումնական գումարտակի ղեկավարումը կիրականացվի դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առստամյանի միջոցով։ Հարցին՝ Առստամյանն իմացե՞լ է այդ մասին, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ ինքը հայտնել է նրան, սակայն Առստամյանն իրեն է կանչել՝ տեղազննման, ըստ ամենայնի, հաշվի առնելով, որ ինքը հադրութեցի է, տեղանքին՝ լիարժեք ծանոթ։ Արթուր Քարամյանը Ջալալ Հարությունյանի այդ հրամանով պայմանավորեց այն հանգամանքը, որ ուսումնական գումարտակի վերաբերյալ բավարար տեղեկացված չի եղել, մշտական կապ նրանց հետ չի պահել։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին՝ անկախ հրամանից, ընդհանրապես օրինակա՞ն է, որ նա, լինելով մի պաշտոնի, իր լիազորությունների մի մասը չկատարի (այսինքն՝ չզբաղվի մյուս գումարտակներով), վկան բացասական պատասխան տվեց։ Հարցին՝ ո՞վ է այդ հրամանի ժամանակ իր կողքին եղել, որ կարող է հաստատել այս խոսքերը, վկան պատասխանեց, որ կապը չլսվող էր․ – Ձեր կարծիքով՝ այդ հրամանը արձանագրվե՞լ է,– հարցրեց դատավորը։ – Երեւի թե՝ ոչ։ – Ինչո՞ւ եք այդպես ասում։ – Եսիմ, դե, էդ ժամանակ ի՞նչն էր արձանագրվում,– պատասխանեց վկան։ Արթուր Քարամյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Շարունակելով իր ցուցմունքը՝ վկան պատմեց, որ Խուռհատ սարի հարձակման ժամանակ Իշխան Վահանյանն իրեն երկու անգամ հեռախոսով զանգել է։ Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց, որ քրեական գործով ձեռք են բերվել թե՛ Քարամյանին, թե՛ Վահանյանին պատկանող հեռախոսահամարների՝ հոկտեմբերի 9-ի եւ 10-ի վերծանումները, ըստ որոնց՝ նրանց միջեւ զանգեր տեղի չեն ունեցել․ «Ուրեմն՝ սխալվում եմ, ռադիոկապով»,– ասաց վկան։ Ըստ նրա՝ առաջին զրույցի ժամանակ Վահանյանն ասել է, որ հակառակորդը հարձակվել է իրենց բնագծի վրա, պահել չեն կարողանում, անձնակազմն էլ արդեն ղեկավարել հնարավոր չէ, ինչին ի պատասխան՝ ինքն առաջարկել է անձնակազմին հավաքել մի տեղ, որպեսզի հասկանան՝ ինչ են անելու։ Երկրորդ զրույցի ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է, որ արդեն բնագծերից դուրս են եկել․ «Եթե չեմ սխալվում, ասաց՝ արդեն Հադրութ բնակավայրում ենք»,– հայտնեց վկան։ – Դուք ե՞րբ եք տեղեկացել, որ հակառակորդը գտնվում է Հադրութում,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ – Այդ օրը՝ երեկոյան։ – Վահանյանի հետ զրուցելու ժամանակ չե՞ք իմացել։ – Ոչ, դեռ նոր էր հարձակումը սկսվել, կեսօրին եմ խոսել իր հետ։ – Այդ ժամանակ Վահանյանը հայտնե՞լ է, որ անձնակազմի հետ չի գտնվում,– հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ – Ոչ,– պատասխանեց վկան։ – Իսկ իր հեռանալու կամ վիրավորում ստանալու մասին հայտնե՞լ է։ – Ոչ, վիրավորվելու մասին խոսք չի եղել,– պատասխանեց վկան՝ նշելով, որ այդ մասին ինքը հետագայում զինծառայողներից է լսել։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի՝ 2021 թ․ փետրվարի 18-ին տրված նախաքննական ցուցմունքը, քանի որ դրանում եւ դատարանում տրված ցուցմունքում առկա էին էական հակասություններ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի մոտ հարցաքննվելիս վկան նշել է, որ Վահանյանն իրեն հայտնել է վիրավորման մասին, եւ ինքն էլ Վահանյանին է տեղեկացրել Հադրութում հակառակորդի՝ մեծ քանակությամբ ուժերի առկայության մասին՝ հորդորելով այդ ուղղությամբ չգնալ։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան նախ ասաց, որ չի հիշում, ապա նշեց՝ ասել է նման բան, բայց հետո պարզվել է, որ այդ ժամանակ հակառակորդը դեռ Հադրութում չի եղել, այլ՝ վերեւի գյուղում։ Ըստ նույն նախաքննական ցուցմունքի՝ Վահանյանը, գտնվելով խուճապահար վիճակում, Քարամյանին հայտնել է, որ իրենք զոհեր ու վիրավորներ ունեն, զորքը փախչում է, ինքն էլ ուզում է հեռանալ, Քարամյանն էլ, ըստ իր ցուցմունքի, հորդորել է չհեռանալ, զորքին հավաքել մի տեղ, փորձել թաքնվել՝ խոստանալով հետո դուրս գալու հստակ ճանապարհներ ցույց տալ․ – Այսինքն՝ հրամայել եք նրան մնա՞լ՝ անգամ վիրավոր լինելով։ – Դե, ասել է, որ ոտքի վրա է, ծանր չէր երեւի։ Մեղադրողը տեղեկացրեց, որ ըստ նշանակված փորձաքննության՝ Վահանյանի վիրավորումը եղել է թեթեւ աստիճանի․ – Այդ պայմաններում սպան ի՞նչ վարքագիծ պետք է դրսեւորեր։ – Տեղում վիրակապեր, շարունակեր մարտը,– պատասխանեց վկան՝ նշելով, որ եթե վիրավորումն այնպիսին է, որ սպան ի վիճակի չէ, ապա պետք է պարտականությունների կատարումը պաշտոնապես փոխանցի այլ սպայի, իսկ տվյալ դեպքում նման բան իրեն հայտնի չէ։ – Իսկ նահանջը պատշա՞ճ կերպով է իրականացվել։ – Ոչ,– պատասխանեց վկան։ Քարամյանի ցուցմունքի որոշ դրվագներ հակասում էին նաեւ այլ սպաների ցուցմունքներին Գնդապետի խոսքով՝ հիշյալ զրույցներից հետո արդեն Վահանյանի հետ կապը կորել է։ Հարցին՝ եթե ինքն ազատված էր 5-րդ գումարտակի ղեկավարման պարտականությունից, ինչո՞ւ էր Վահանյանն իր հետ կապվել, վկան դժվարացավ հստակ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ դրանից հետո նահանջի ընթացքում մեկ անգամ էլ խոսել է սարում գտնվող սպա Հայկազ Գրիգորյանի հետ, սակայն Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալիս հայտնել էր, որ վերադաս հրամանատարության հետ կապվելու հնարավորություն չի ունեցել։  Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը – Ե՞րբ եք տեղեկացել, որ մնացած սպաներն են ղեկավարումն իրականացնում։ – Չեմ տեղեկացել, մի անգամ Նելսոն Հակոբջանյանն է կապվել, ասել է՝ արդեն նռնակ է նետում հակառակորդը, երեւի էդ ժամանակ էլ նա զոհվել է, որովհետեւ դրանից հետո հակառակորդը նրա ռադիոկայանով դուրս եկավ կապի։ – Նահանջների հետ կապված ինչ տեղեկություն ունեցել եք, զեկուցել ե՞ք Առստամյանին,– հարցրեց տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը։ – Այո։ – Նա ցուցմունք է տվել, որ չի տիրապետել իրավիճակին, քանի որ զորամասի հրամանատարներն իրեն չեն զեկուցել։ – Բոլոր զեկույցներն էլ եղել են,– պնդեց վկան։ – Կապի բացակայության մասին զեկուցե՞լ եք։ – Այո։ –  Առստամյանն ասում է՝ չեն զեկուցել, սո՞ւտ է խոսում։ – Չգիտեմ, ես զեկուցել եմ։ Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց, թե նախքան սարը գնալը գումարտակի հագեցվածությունը, կապի միջոցների լիցքավորման առկայությունը ճշտե՞լ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց՝ լիցքավորումը՝ ոչ, հագեցվածությունը՝ այո․ բահեր, անգամ տրակտոր են ուղարկել սարը՝ ինժեներական աշխատանքների։ Մինչդեռ նախորդ դատական նիստին սպա Արսեն Ղարիբյանը հայտնել էր, որ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր էլ կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը – Երբ օպերացիան ձախողվեց, Կարեն Առստամյանը Ձեզ ի՞նչ հրաման տվեց,– հարցրեց նախագահող դատավորը։ – էդ տեղանքի հետ կապված՝ ոչ մի։ – Չի՞ հայտնել, որ սարը գրավել են, զորքը իջել, ցաքուցրիվ է եղել։ – Ոչ։ – Բա ո՞վ է հոգացել այդ զորքի մասին։ Դատավորի այս հարցին երկարատեւ լռություն հաջորդեց։ – Դատավարության մասնակիցների մոտ այն տպավորությունն է, որ ամեն պաշտոնատար անձ փորձում է իր պարտականությունների ենթադրյալ չկատարումը շրջանցել՝ հղում տալով մյուսներին։ Դուք միջին օղակ եք, ձեր օղակից ներքե՞ւ է խնդիրը եղել թե՞ վերեւ,– հարցերց դատավորը։ – Հաշվի չառնելով հակառակորդի գերակա ուժերը՝ հրամանատարներինը՝ ամեն մեկինն իր մասով,– պատասխանեց վկան՝ հետագայում հավելելով, որ եթե հարվածային ԱԹՍ–ները չլինեին, խնդիրը գուցե կատարվեր։  – Իսկ որ կոնկրետ վերլուծում եք, սարի դեպքերում ո՞վ է խնդիր ստեղծել, ո՞վ է եղել թույլ օղակը, որի պատճառով ամբողջ օպերացիան ձախողվել է։ – Մեկին չեմ կարող նշել, բոլորը,– պատասխանեց վկան։ – Վերջիվերջո, Դուք սարի օպերացիայի ձախողման համար ո՞ւմ եք մեղավոր համարում որպես գնդի հրամանատար, չէ՞ որ դա, ըստ էության, նաեւ Ձեր օպերացիան է եղել։ – Ինձ, ես եմ հրամանատարը։ –Բայց չէ՞ որ Դուք հեռացված էիք այդ գումարտակի ղեկավարումից։ – Իրենք իրենց մասով պիտի պատասխանեն․․․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Պատասխանելով տուժողների իրավահաջորդների հարցերին՝ Արթուր Քարամյանը հայտնեց, որ 1-2 օր անց, այսինքն՝ հոկտեմբերի 11-12-ին սպա Գարիկ Վարդերեսյանից է տեղեկացել, որ անտառում շրջափակման մեջ մնացած զինվորներ կան։ Թե քանիսը, վկան չգիտեր։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտ Հարությունյանը հարցրեց՝ փորձե՞լ է կապվել նրանց հետ, ինչին վկան պատասխանեց, որ անգամ խոսել է զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Վկայի այս պատասխանը զարմացրեց դահլիճում գտնվող ծնողներին․ ըստ նրանց՝ ծնողները մինչ հոկտեմբերի 17-ը կապի մեջ են եղել նրանց հետ։ – Որ էրեխեքը չկարողացան դուրս գալ, դուք ինչո՞ւ չգնացիք էրեխեքի մոտ,- հարցրեց տուժողի իրավահաջորդներից մեկը։ – Դրանից հետո ես առաջնագծում եմ եղել, այդ պատճառով,– պատասխան Քարամյանը՝ պնդելով, որ շրջափակման մեջ մնացածների մասին եւս նույն օրը Առստամյանին տեղեկացրել է։ Կարեն Առստամյանը, սակայն, դատարանում հայտարարել էր, որ ինքն այդ մասին միայն հոկտեմբերի 16-ին կամ 17-ին է իմացել։ Վկայի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել մինչ այս դատակոչված եւ չներկայացած վկաներից Խաչատուր Անախասյանին, Վարուժան Մարգարյանին, Դմիտրի Սարգսյանին, Արմեն Երիցյանին, Արազ Խաչատրյանին, Սամվել Ղուկասյանին, Լեւոն Հայրապետյանին եւ Սերգեյ Առաքելյանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին։   Միլենա Խաչիկյան  
22:28 - 09 դեկտեմբերի, 2022
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ հայհոյախառն արտահայտություն է արել, և՛ մուրճ ցուցադրել․ Հակոբ Արշակյանը սխալվում է

Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ հայհոյախառն արտահայտություն է արել, և՛ մուրճ ցուցադրել․ Հակոբ Արշակյանը սխալվում է

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը։ Ստեղծվելիք նախարարության կազմում է գործելու ոստիկանությունը։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Հարցուպատասխանի ընթացքում նախարարի տեղակալին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Արդյո՞ք հնարավոր է անաչառ, անկախությամբ օժտված և ապաքաղաքական մարմին ստեղծել՝ անկախ կազմակերպչական կառուցվածքով իր իրավական կոորդինատից, մի իրականության մեջ, որտեղ երկրի թիվ մեկ քաղաքական դեմքը կամ քաղաքական մեծամասնության առաջնորդը քարոզարշավը անց է կացնում մուրճով, սեռական հայհոյանքներով և նաև անհնազանդներին պատերին ծեփելու հորդորներով»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Նա ակնարկում էր 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Վերջինիս հարցը վրդովմունք առաջացրեց ԱԺ նիստերի դահլիճում, և նա մի քանի անգամ կրկնեց հարցը։ Արփինե Սարգսյանը որևէ կերպ չմեկնաբանեց նրա այս հայտարարությունը։ Փոխարենը դրան անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը վարում էր նիստը։ «Պիտի խնդրեմ, որպեսզի չխեղաթյուրենք իրականությունը, որպեսզի դահլիճում լարվածություն չառաջանա։ Եվ երբ որ Դուք գնահատական եք տալիս որևէ բանի, պիտի խնդրեմ՝ կա՛մ հիմնավորեք, կա՛մ ասեք՝ ում է վերաբերվում, կա՛մ տենց ակնարկներով օդի մեջ չխոսենք, ավելորդ լարվածությունից խուսափենք»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ ասաց Հակոբ Արշակյանը։ Ընդդիմադիր պատգամավորն էլ նշեց, որ ինքը ոչ թե գնահատականներ էր հնչեցնում, այլ խոսում էր «Նիկոլ Փաշինյանի՝ մուրճով և սեռական հայհոյանքներով քարոզարշավի մասին», իսկ այդ դեպքերը «տեսագրված են և հանրությանը շատ լավ հայտնի»։ Հակոբ Արշակյանը պնդեց, որ նման բան տեղի չի ունեցել, և Լիլիթ Գալստյանը խեղաթյուրում է իրականությունը։ Սակայն Հակոբ Արշակյանը սխալվում է։ 2021-ի ամռանը, երբ նախընտրական քարոզարշավ էր, և այն ժամանակ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջում էր մարզերում, հունիսի 8-ին նա այցելել էր Արագածոտնի մարզ։ Բնակավայրերից մեկի մոտակայքում Փաշինյանն իջել էր մեքենայից՝ զրուցելու հավաքված բնակիչների հետ։  Բնակիչներից մեկը մոտեցավ նրան ու պատմեց, որ «ինչ-որ մարդու են ազատել աշխատանքից Քոչարյանին ձայն չտալու համար»։ Բնակիչը հայհոյախառն արտահայտություն արեց այդ մարդկանց հասցեին, ինչին նույն կերպ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նախօրոք օպերատորին ասելով՝ կամեռան հլը էն կողմ տար (նպատակահարմար չենք գտնում Փաշինյանի խոսքերը մեջբերել, սակայն բնակիչների հետ նրա զրույցը կարող եք լսել հղմամբ): Ինչ վերաբերում է «մուրճով քարոզարշավին», 2021-ի հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր։ Իր ելույթում նա խոսում էր ընտրակաշառքի դեպքերի մասին։ Այդ օրը, վերցնելով Հայաստանի դրոշի գույներով ժապավեններով փաթաթված մուրճը, նա նշեց․ «Թավիշի ժամանակները ավարտվում են, ժողովո՛ւրդ ջան։ Եվ էսօր կան, էսպես ասած, ընտրատասովչիկեր՝ տարբեր պաշտոնյաներ ՏԻՄ-երի, որոնք իրենց վատ են պահել և շարունակում են վատ պահել։ Էս գործիքը (մուրճը,- խմբ․), գիտեք չէ՞, ինչի համար ա։ Էս ժանգոտ մեխերը հանելու համար ա։ Էդ ժանգոտած մեխերին, էդ թվում՝ էս մարզի, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու իրանցով։ Եվ ուրեմն, հունիսի 20-ին գնում ենք ընտրական տեղամասեր և մեր բոլորի թավշե մադատը փոխարինում ենք պողպատե մանդատով։ Եվ այդ պողպատե մանդատով Հայաստանում հաստատում ենք օրենքի և իրավունքի դիկտատուրա և պողպատե մանդատով հանում ենք բոլոր ժանգոտած մեխերին, այդ թվում՝ Արարատի մարզի, Մասիս քաղաքի»։ Այդ ընթացքում, մուրճը ձեռքին պահած, նա ցույց էր տալիս մուրճի հետևի մասով մեխերը հանելու գործողություն։ Ի դեպ, նույն մուրճը հայտնվեց նաև հաջորդ օրը՝ Սյունիքում քարոզարշավի ժամանակ։ Այդ օրը Փաշինյանը մուրճը ներկայացրեց որպես «իրենց պողպատյա մանդատի սիմվոլ»։ Այս մասին այն ժամանակ հայտարարություն էր տարածել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ցուցադրել է մուրճ, ինչը մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող գործիք է։ ՄԻՊ–ը կոչ էր արել զերծ մնալ նման քայլերից։ Այսպիսով, Հակոբ Արշակյանը սխալվում է, իսկ Լիլիթ Գալստյանի խոսքերը փաստարկված են․ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում և՛ հայհոյախառն արտահայտություն է արել, և՛ մուրճ ցուցադրել՝ դա անվանելով «պողպատյա մանդատի սիմվոլ»։    Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրեսի» Աննա Սահակյան
16:42 - 09 դեկտեմբերի, 2022
Ոչ թե կարճված, այլ կասեցված ծառայողական քննություն, ոչ թե 3․400․000, այլ 50․000 ՀՀ դրամ տուգանք

Ոչ թե կարճված, այլ կասեցված ծառայողական քննություն, ոչ թե 3․400․000, այլ 50․000 ՀՀ դրամ տուգանք

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը օրերս մի ռեպորտաժ է պատրաստել՝ «Որդեկորույս ծնողներին դատի է տվել Ոստիկանությունը» վերնագրով, որում երկու սխալ տեղեկություն է հնչել։ Հիշեցնենք՝ խոսքը Ոստիկանության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումների մասին է, որով վերջինս պահանջում է որդեկորույս մի շարք ծնողների ենթարկել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի խախտման՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը պանթեոն։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով): Անդրադառնալով այս իրադարձություններին՝ ռեպորտաժի սկզբում լրագրողն ասել է. «Հասարակական կարգի այսպիսի ապահովման համար Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել, որը կարճ ժամանակ անց կարճվել է, որեւէ կարմիր բերետավորի պատասխանատվության չենթարկած ոստիկանությունը դատի է տվել զոհվածների ծնողներին,- նշել է նա։ Իրականում, սակայն, ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու մասին դեռեւս վաղ է խոսել, որովհետեւ ծառայողական քննությունը ոչ թե կարճվել է, այլ կասեցվել։  Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով հայտնել, թե 2022 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ոստիկանության ծառայողների գործողությունների առթիվ հարուցված ծառայողական քննությունը ի՞նչ փուլում է։ Եթե այն կասեցվել է, ապա երբ եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որ հիմքով։  Հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից հայտնել են, որ ծառայողական քննությունը կասեցվել է հիշյալ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ նկատի ունենալով, որ նույն փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում կատարվում է նախաքննություն․ «Ծառայողայական քննությամբ ոստիկանության ծառայողների արարքներին անդրադարձ կկատարվի հիշյալ քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո»,- ասված է պատասխանում։ Նշենք, որ հիշյալ հոդվածի «ա» կետը սահմանում է, որ ծառայողական քննություն իրականացնող անձն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցնել ոստիկանության ծառայողի վերաբերյալ նախաքննության մարմին ուղարկված նյութերով մինչեւ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելը կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը կամ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։ Հաշվի առնելով, որ «մինչեւ նախաքննության ավարտը» ժամկետ այս կետով սահմանված չէ, մենք լրացուցիչ հարցում ենք արել Ոստիկանություն, որի մասին կտեղեկացնենք։ Հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյո՞ք ծառայողական քննությամբ պայմանավորված՝ որեւէ ոստիկանի լիազորություններ կասեցվել են, եւ արդյո՞ք սեպտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 21-ին Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստերում կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանների մեջ եղել են «Եռաբլուր»-ի միջադեպի մասնակից ոստիկաններ։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ Ոստիկանությունից հայտնել են, որ որեւէ ոստիկանի ծառայողական լիազորություն չի կասեցվել, եւ միջադեպին մասնակից ծառայողների գործողությունները ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստերում չեն քննարկվել: Վերոնշյալից բացի լրագրողը նաեւ ասել է, որ եթե դատարանը Ոստիկանության հայցը չմերժի եւ զոհվածների ծնողներին ենթարկի պատասխանատվության, յուրաքանչյուր ծնող պետք է վճարի նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի հիսնապատիկի չափով տուգանք․ «Ստացվում է՝ զոհված տղաների ամեն ծնողից հօգուտ ոստիկանության պետք է բռնագանձվի մինչեւ 3 միլիոն 400 հազար դրամ»,- նշել է նա։ Թեեւ ՎԻՎ օրենսգիրքը 182-րդ հոդվածի խախտման համար իսկապես սահմանում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք, սակայն լրագրողի այս հաշվարկը եւս սխալ է, քանի որ 68 հազար դրամը, որը նա նշել է, ոչ թե նվազագույն աշխատավարձն է, այլ նվազագույն ամսական աշխատավարձը՝ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով։ Նույն օրենքով սահմանված է նաեւ, որ ՀՀ օրենսգրքերի (բացառությամբ Քրեական օրենսգրքի), օրենքների, նախագահի հրամանագրերի, կառավարության եւ վարչապետի որոշումների, նախարարությունների եւ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել հիշյալ նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը: Հետեւաբար, եթե դատարանը վարչական պատասխանատվության ենթարկի զոհված զինծառայողների ծնողներին, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է վճարի 50 000 ՀՀ դրամ։ Հավելենք, որ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ նշված քրեական վարույթով որպես տուժող է ներգրավվել 19 անձ․ «Նախաքննությունը շարունակվում է, այս փուլում իրականացվում են հսկայածավալ քննչական եւ վարույթային գործողություններ»,- նշեց Աբրահամյանը՝ չհստակեցնելով՝ վարույթի շրջանակում մեղադրյալ ներգրավված անձ կա՞ թե՞ ոչ։ Գլխավոր դատախազությունից եւս չպատասխանեցին այդ հարցին՝ առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ։ Տուժող ճանաչված ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ մեղադրյալ ներգավված անձ դեռեւս չկա։ «Եռաբլուր»-ում ոստիկանների գործողությունները դատապարտել էին 35 հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը։   ԼՐԱՑՎԱԾ․ Մեր լրացուցիչ հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծառայողական քննության վերաբերյալ արդեն իսկ տրվել են սպառիչ պատասխաններ, ուստի այս հարցումը թողնվել է անհետեւանք։ Փաստացի, այս պահի դրությամբ ծառայողական քննությունը կասեցված է օրենքով չնախատեսված ժամկետով, իսկ այդ անհամապատասխանությունը Ոստիկանությունը հրաժարվում է պարզաբանել։ Միլենա Խաչիկյան
16:39 - 07 դեկտեմբերի, 2022
Ե՛վ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետքերով

Ե՛վ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հետքերով

Երեւանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի միջեւ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ է ծավալվել, որի ընթացքում երկուստեք խնդրահարույց պնդումներ են արվել։ Մասնավորապես, խոսելով Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին՝ Դավիթ Խաժակյանն ասել է․ «Իսկ այն, որ այդ հարցը (նկատի ունի Արցախի հարցը,- հեղ․) մեզ համար շատ կարեւոր է, վկայում է հենց այն, որ մեր կուսակցության կառավարման խորհրդի նախագահը (նկատի ունի Էդմոն Մարուքյանին- հեղ․) անձամբ ներգրավված է այդ խնդիրներում, իր հնարավոր բոլոր ռեսուրսները ներդնելով՝ աշխատում է, խոսքը, իհարկե, գիտեք՝ ինչի մասին է»։  [4։56] Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանն անդրադարձել է Մարուքյանի՝ կուսակցական լինելու հանգամանքին․ «Ձեր կուսակցության խորհրդի նախագահը իրավունք չունի էն ձեւով ներգրավված լինել, որով ներգրավված է, որովհետեւ նա, լինելով կուսակցության ղեկավար, զբաղեցնում է դեսպանի պաշտոն, ինչը հակասում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքին։ [5։11] Խաժակյանն էլ հակադարձել է՝ ասելով․ «Կարծում եմ՝ Դուք լավ գիտեք, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը չի ենթադրում բոլոր այն սահմանափակումները, որ նշեցիք, եւ սա նման չէ այն ժամանակահատվածին, երբ, օրինակ, Դուք, լինելով կուսակցության անդամ, գնացել, զբաղեցրել եք դեսպանի պաշտոն, եւ հիմա էլ պնդում եք, թե դեսպանը պետք է լինի ապաքաղաքական»։  [6։01] Ղազարյանն էլ պնդել է իր տեսակետը․ «Ես իմանալով եմ ասում, դեսպանի պաշտոն զբաղեցնելուց հետո իմ կուսակցական լինելը սառեցվել է»,- նշել է նա։ [6։24] Infocom-ը ուսումնասիրել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը, ինչպես նաեւ պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք Խաժակյանի եւ Ղազարյանի հիշյալ պնդումները։ Ինչ է ասում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի տեքստից պարզ է դառնում, որ օրենքի իմաստով դիվանագետ է դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոններ եւ դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձը, որը,  44-րդ հոդվածի համաձայն, իրավունք չունի, ի թիվս այլնի, խախտելու  քաղաքական զսպվածության սկզբունքը`  զբաղվելու կուսակցական գործունեությամբ։ Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան (կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք): Տվյալ դեպքում անհրաժեշտ է հասկանալ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը օրենքի իմաստով համարվո՞ւմ է դիվանագետ, ըստ այդմ՝ նրա վրա տարածվո՞ւմ են դիվանագետի համար 44-րդ հոդվածով նախատեսված հիշյալ սահմանափակումները թե՞ ոչ։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դիվանագիտական պաշտոնները եւ դիվանագիտական ծառայության պաշտոնները։ Ըստ այդմ, արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների եւ դիվանագիտական ծառայության պաշտոնների: Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որը զբաղեցնում է Էդմոն Մարուքյանը, հայեցողական պաշտոն է։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայեցողական պաշտոնները, ի թիվս մյուս դասակարգի պաշտոնների, համարվում են դիվանագիտական պաշտոններ, եւ այդ պաշտոններում նշանակված անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը հավասարեցվում է դիվանագիտական ծառայությանը, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն նույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ:  Էդմոն Մարուքյանը նշանակումից հետո չի ստացել դիվանագիտական աստիճան, հետեւաբար նրա զբաղեցրած հայեցողական պաշտոնը չի հավասարեցվում դիվանագիտական պաշտոնին, ինչից էլ հետեւում է, որ նա օրենքի իմաստով դիվանագետ չէ, ուստի նրա վրա չի տարածվում կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից եւս հայտնել են, որ վերոնշյալ իրավանորմերի հիման վրա հատուկ հանձնարարություններով դեսպանի համար չեն կարող գործել քաղաքական զսպվածության վերաբերյալ կարգավորումները։ ԼՀԿ-ից հավելել են, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի իմաստով եւս պետական հայեցողական պաշտոն է, որի դեպքում նշանակումը կատարում է վարչապետը՝ օրենքով նախատեսված դեպքերում․ «Տվյալ պաշտոնն ընդգրկված է այնպիսի պաշտոնների անվանացանկում, որոնցից շատերի համար բացարձակապես գոյություն չունի քաղաքական զսպվածության որեւէ պահանջ»,- նշել են կուսակցությունից՝ հայտնելով, որ ըստ այդմ, Էդմոն Մարուքյանը երբեք չի դադարեցրել կամ կասեցրել իր անդամակցությունը կուսակցությանը եւ այժմ էլ հանդիսանում է կուսակցության նախագահը։ Էդգար Ղազարյանի կուսակցական անդամությունը կասեցված է եղել Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանին, նա Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2014 թվականի հոկտեմբերի 23-ին Նախագահի հրամանագրով։ Այդ ժամանակ գործող «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը դասվում էր հայեցողական պաշտոնների շարքին (վարչական պաշտոններ դասակարգը այդ ժամանակ սահմանված չէր), եւ դարձյալ նշվում էր, որ հայեցողական պաշտոնները համարվում են դիվանագիտական պաշտոններ, եթե դրանցում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճաններ: Էդգար Ղազարյանին արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար դիվանագիտական աստիճանը շնորհվել է միայն 2018 թ․ մարտի 1-ին, հետեւաբար նշանակման պահից մինչ այդ օրը օրենքի իմաստով նա եւս դիվանագետ չի համարվել։ Դրանից հետո՝ արդեն 2018 թ մատրի 1-ից մինչ պաշտոնավարման ավարտը՝ 2018 թ․ նոյեմբերի 13-ը, նրա վրա տարածվել է կուսակցական գործունեությամբ չզբաղվելու արգելքը,  որովհետեւ նա, ունենալով դիվանագիտական աստիճան, համարվել է դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձ։  Այնուհանդերձ, մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ից հայտնել են, որ Էդգար Ղազարյանի կուսակցական անդամությունը կասեցվել է հենց պաշտոնի նշանակման օրը։ Ըստ ՀՀԿ-ի՝ Ղազարյանը կուսակցությանն անդամագրվել է 2007 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ 2014 թ հոկտեմբերի 23-ից «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն (խոսքը հիշյալ՝ կուսակցական գործունեությամբ չզբաղվելու պահանջի մասին է,-հեղ․) օրենքի ուժով  նրա անդամությունը կասեցվել է․ «Ղազարյանը կուսակցության անդամության կասեցումը հանելու դիմում չի ներկայացրել, ուստի ներկայումս չի հանդիսանում ՀՀԿ անդամ»,- ասված է պատասխանում։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ե՛ւ Էդգար Ղազարյանը, ե՛ւ Դավիթ Խաժակյանը սխալվում են․ Էդմոն Մարուքյանը, կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար եւ միաժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելով, չի խախտում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի պահանջները, իսկ Ղազարյանի կուսակցական անդամությունն էլ որպես դեսպան պաշտոնավարման ժամանակ կասեցված է եղել։   Միլենա Խաչիկյան
17:12 - 03 դեկտեմբերի, 2022
Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

#Կարճ_ասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին շարքային Ռոման Դոլինյանը եւ սպա Արսեն Ղարիբյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում։ Ղարիբյանը հայտարարեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել․ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։ Նա նաեւ պատմեց, թե ըստ իր տեղեկությունների՝ ինչպես է ստացվել, որ նահանջի ժամանակ մի խումբ զինծառայողներ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից, ինչի հետեւանքով սխալ ուղղությամբ են գնացել եւ զոհվել։ Այնուհանդերձ, նրա ցուցմունքներում որոշ հակասություններ եղան, եւ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, կապի միակ միջոցը եղել է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի մոտ, որը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, մարտի դաշտը ինքնակամ լքելիս այն իր հետ տարել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նման ցուցմունք երեկ տվեց պատերազմի ժամանակ հիշյալ գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ, ներկայում կապիտան Արսեն Ղարիբյանը։ Վերջինս հայտնեց, որ Վահանյանի հետ ունի միայն ծառայողական փոխհարաբերություններ։ Ղարիբյանի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում, ինչի պատճառով նիստը պարբերաբար ընդմիջվեց՝ ձգվելով մինչեւ ուշ երեկո։  Վկա Արսեն Ղարիբյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Նախքան Խուռհատ սարի իրադարձություններից խոսելը վկա Արսեն Ղարիբյանը անդրադարձավ Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած դեպքերին։ Ըստ նրա՝ պատերազմը սկսելուց օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, իր ականանետային մարտկոցի միջոցները ոչնչացվել են, ինչի մասին ինքը զեկուցել է, բայց օգնություն այդպես էլ չի ստացել, այդ իսկ պատճառով իր անձնակազմով մեկնել է հրամանատարական դիտակետ՝ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանի տված խնդիրները կատարելու։  Լուսանկարում՝ վկա Արսեն Ղարիբյանը Մեկնելուց օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, Նյուզգարում հարձակում է եղել, հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ են ունեցել։ Լուրն իմանալուց հետո, ըստ վկայի, գումարտակի հրամանատարը կապվել է գնդի հրամանատարի հետ, մեքենա է ուզել զոհերին եւ վիրավորներին տեղափոխելու համար, իսկ երբ մարտերը որոշ չափով թուլացել էին, ինքը, Վարդերեսյանը, նրա վարոդը եւ վարորդի հայրը միասին գնացել են այն վայրը, որտեղ արդեն հավաքված են եղել վիրավորները։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տեղեկացրեց՝ քրեական գործում տվյալներ կան, որ գումարտակի հրամանատարի հրամանով շտապօգնության մեքենայով վիրավորներին օգնություն ցուցաբերելու է մեկնել այդ պահին շտաբի պետ Իշխան Վահանյանը, եւ խնդրեց հայտնել՝ հրամանատարական կետում գտնվելով՝ վկան իմացե՞լ է այդ մասին։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մշտապես այնտեղ չի եղել, գնացել–եկել է, վաշտերին սնունդ բաժանել։ Հարցին՝ հետագայո՞ւմ էլ իրեն չեն հասել տեղեկություններ այդ մասին, վկան բացասական պատասխան տվեց։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան, եւ դատավոր Ջոն Հայրապետյանի թույլտվությամբ հրապարակեց նույն դրվագի վերաբերյալ նրա՝ նախաքննության փուլում՝ 2021 թ․ հուլիսի 8-ին տված ցուցմունքը։ Ըստ այդ ցուցմունքի՝ վկան տեղեկացել է, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով իբրեւ վիրավորներ հանելու պատճառաբանությամբ լքել է մարտադաշտը։ Սա լսելով՝ վկան ասաց, որ այդ ժամանակ ավելի լավ է հիշել, եթե ասել է, ուրեմն՝ դա համապատասխանում է իրականությանը։ Շարունակելով ընթերցել նախաքննական ցուցմունքը՝ մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ վկան հայտնել է նաեւ, որ հետագայում դասակի հրամատարներից Արթուր Դանիելյանից (որը վիրավոր գտնվել է Նյուզգարում) տեղեկացել է, որ Վահանյանը մոտեցել է գյուղին, սակայն չի մտել գյուղ, այլ մոտակայքից ձեւականորեն վերցրել է 2-3 վիրավոր եւ հեռացել։ Այդ ժամանակ Ղարիբյանը ասել է նաեւ, որ Վահանյանը տեղյակ է եղել Դանիելյանի վիրավորումից, սակայն նրան օգնություն չի ցուցաբերել։ Այս ցուցմունքը եւս վկան դատարանում պնդեց։ Վկայի խոսքով՝ կապի խնդիր դեռ հոկտեմբերի 6-ից է եղել Այդ դեպքերից հետո, ըստ վկայի, հոկտեմբերի 4-ին գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հրամանով ավելի նպաստավոր շրջան են զբաղեցրել Թոզարանի ուղղությամբ։ Հարցին՝ Վարդերեսյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է կամ թույլտվություն ունեցե՞լ է, վկան դժվարացավ հստակ պատասխանել՝ ասելով, որ իր կարծիքով՝ ինքնուրույն նման որոշում չէր կայացնի։ Նշենք, որ ըստ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի ցուցմունքի՝ Վարդերեսյանը գումարտակի հրամանատարի պաշտոնից օրեր անց ազատվել է առանց թույլտվության, անփույթ նահանջների պատճառով։ Մինչդեռ փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունք է տվել այն մասին, որ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել, որովհետեւ նորակոչիկների անձնակազմն անպատրաստ էր, զինվոր կար՝ մի անգամ կրակած չկար։ Նահանջելուց հետո զբաղեցրած նոր բնագծում մնացել են 2 օր՝ մինչ հոկտեմբերի 6-ը, երբ նորից հարձակում է եղել եւ չեն կարողացել դիրքը պահել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, նահանջի կոնկրետ հրաման չի եղել․ երբ վիրավորները շատացել են, սպա Հովհաննես Նազարյանը եւս վիրավորվել է, հարկադրված են եղել նահանջել․ – Երբ նահանջեցիք, պարտավոր չէի՞ք զեկուցել վերադաս հրամանատարությանը,– հարցրեց դատախազը։ – Պարտավոր էինք, բայց միջոց չկար զեկուցելու, զարյադկաները նստած են եղել, հեռախոսով էլ կապ չէր բռնում։ – Վիրավորում ստացած սպան կապի միջոց չունե՞ր։ – Կապ տվեց, որ շտապօգնության մեքենան գա, դրանից հետո էլ կապի միջոց չմնաց,– պատասխանեց վկան։ Տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե իրենք հստակ իմացել են, որ շտապօգնությունը գալիս է, եւ սպան տեղափոխվելու է հոսպիտալ, ինչո՞ւ նրա ռադիոկապը չի վերցրել՝ հաշվի առնելով, որ ինքն է միակ սպան, որ մնում է այդ անձնակազմի հետ։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ գուցե սխալվել է, լավ կլիներ, որ վերցներ, բայց իրավիճակն այնպիսին է եղել, որ չի արել։ Կարեւորը, ըստ նրա, այն էր, որ դրանից մեկ–մեկ ու կես ժամ անց այդտեղից դուրս են եկել։  Քիչ անց, երբ Գրիգորյանը հարցրեց՝ արդյո՞ք նման պարտավորություն չուներ,  վկան պատասխանեց, որ պարտավոր չէր ուրիշ վաշտի ունեցվածքը վերցնել, իր անձնակազմը նրանց էր միացել օգնություն ցուցաբերելու համար․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը – Կանոնակարգով սահմանված է, որ եթե սպան դուրս եկավ, Դուք հրամանատարությունը ընդունեցիք, անհրաժեշտ միջոցները պետք է լինեն Ձեզ մոտ, ինչո՞ւ չեք արել,– հարցրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ – Ես հրամանատարությունը ոչ մեկից չեմ ընդունել, Նազարյանը իմ հրամանատարը չի եղել, իր ռացիան էլ, չգիտեմ, երեւի հետը տարել է։ – Հրամանատար չկա, բարձր սպան տեղում Դուք եք։ – Ես իմ ստորաբաժանումն եմ պարտավոր ղեկավարել։ – Մնացածին պարտավոր չե՞ք։ – Ուրիշ ստորաբաժանումներին ղեկավարել պարտավոր չեմ։ Վկայի այս պատասխանը վրդովեցրեց փաստաբանին, որը դատարանից եւ դատախազից պահանջեց այս հայտարարությունների հիման վրա նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում սկսել՝ չսպասելով իր կողմից հաղորդում ներկայացնելու։ Հիշեցնենք՝ մի քանի սպաների հարցաքննությունից հետո զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, ինչի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Արսեն Ղարիբյանի խոսքով՝ սպաների ռադիոկապերի մարտկոցները ուղարկել են լիցքավորման եւ այդպես էլ հետ չեն ստացել Հոկտեմբերի 6-ի հիշյալ նահանջից հետո անձնակազմը տեղափոխվել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց, որտեղ էլ սպայակազմի փոփոխություն է եղել․ Գարիկ Վարդերեսյանը ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն Իշխան Վահանյանն է նշանակվել։ Հոկտեմբերի 8-ին արդեն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանից խնդիր են ստացել՝ բարձրանալու Խուռհատ սարը։ Ըստ վկայի՝ բարձրացողների մեջ եղել են 15 վաշտ, ականանետային մարտկոցը եւ առանձին դասակներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 150 հոգի։ Բացազատվել են ողջ անձնակազմով, զբաղեցրել մոտ 1 կմ երկարությամբ բնագիծը։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը որեւէ գործողություն չի եղել։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ 2 օրվա ընացքում ինժեներական ի՞նչ աշխատանքներ են կատարել պաշտպանության անցնելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց՝ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային․ ամեն զինվոր մի հարմար քար է գտել, որ հետեւը թաքնվի, կրակի։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Հոկտեմբերի 10-ին՝ հարձակման օրը, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ըստ վկայի, բնագծի հակառակ ծայրում էր՝ իրեն ոչ տեսանելի․ – Բա եթե հարձակում լիներ, ի՞նչ ձեւով նա պիտի ձեր գործողությունները ղեկավարեր,– հարցրեց հանրային մեղադրողը։ – Չեմ կարող ասել, կապի միջոց չի եղել, որ ասեմ՝ դրանով։ – Բա ձեր կապի միջոցները ի՞նչ եղան։ – Մեր կապի միջոցները դպրոցում տվեցինք՝ զարյադկի, տենց էլ հետ չեկան։ – Այսի՞նքն։ – Ես լիցքավորիչ չունեի, քանի որ կամազս, որի մեջ այն գտնվում էր, կրակային կետ հասնելու ժամանակ խփել էին։ Դպրոցում ռացիաները տվել ենք կապի պետ Հովհաննես Մուրադյանին, նա է տարել՝ դիվիզիայի կապի հանգույցով լիցքավորելու, որովհետեւ դիվիզիայում դվիժոկ կար, իսկ դպրոցում հոսանք չկար։ Խնդիրը որ ստացանք, գնացինք սարը, այդ ժամանակ էլ չհասցրինք․․․ – Բա Դուք սպա եք, հարց չբարձրացրի՞ք, թե ոնց եք ղեկավարելու կամ ղեկավարվելու առանց կապի միջոցի։ – Այդ պահին հրետակոծություն է եղել դպրոցի շրջանում, ասել են, որ էնտեղ, որտեղ զարյադկի են դրել, էլ գնալ հնարավոր չէր, չեն կարող վերցնել։ – Դուք, որպես ենթակա անձնակազմ ունեցող սպա, հարց չբարձրացրի՞ք, ի վերջո մարտի պայմաններում էիք գտնվում։ – Ոչ մի վաշտի մոտ էլ չկար, սաղ էլ գիտեին, ո՞ւմից ուզեի։ Գումարտակի հրամանատարի մոտ մի հատ կար, էն էլ՝ վերադասի հետ կապվելու համար։ Նշենք, որ վկայի այս պատասխանները անակնկալի բերեցին դահլիճում գտնվող անձանց․ մինչ այս հարցաքննված մյուս սպաները, թեեւ նշել էին, որ Վահանյանի հեռանալուց հետո ռադիոկապ չեն ունեցել եւ հեռախոսով են փորձել ինչ–որ բան անել, սակայն չէին պարզաբանել, թե ինչով է պայմանավորված եղել անձամբ իրենց ռադիոկապերի բացակայությունը։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հաջորդիվ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել, թե ինչպես է սկսվել հարձակումը։ Ըստ վկայի՝ հարձակումից մոտ 2-3 ժամ առաջ 800 մ հեռավորության վրա հայկական համազգեստով անձանց է նկատել, գնացել է Վահանյանի մոտ, զեկուցել այդ մասին, ասել՝ հնարավորության դեպքում ճշտեն, թե ովքեր են։ Այդտեղ է գտնվել նաեւ զորամասի հրամանատարի տեղակալ Նելսոն Հակոբջանյանը, որը հայտնել է, թե  նրանք Ցորի զորամասից են․ «Իր պատասխանից հասկացա, որ տենց էլ պիտի լիներ, որ ինչ–որ զորամասից մարդիկ պիտի գային»,– ասաց վկան՝ հավելելով, որ հանձրարարություն են ստացել նրանց մոտ չգնալ, այլ շարունակել հեռվից դիտարկել հակառակորդի մեքենաները։ 3 ժամ անց՝ ժ․ 12-ի մոտակայքում, հարձակումը սկսվել է։ Հակառակորդը եղել է մոտ 100 հոգով։ Հարցին, թե Վահանյանն ինչ հրաման է տվել այդ ժամանակ, վկան ասաց, որ կոնկրետ բան չի ասել, նա էլ իր ավտոմատ կռիվ էր անում, մի պահ է եկել իրենց կողմ, դրանից հետո նրան այլեւս չի տեսել։ Թե երբ եւ ուր է գնացել նա, վկան չգիտեր։ Ի վերջո, հարկադրված նահանջ են իրականացրել, ըստ վկայի՝ առանց կոնկրետ հրամանի․ յուրաքանչյուրը, կողքինին նայելով, հասկանալով, հետ է քաշվել, իսկ սպաներով կրակելով պահել են, որպեսզի զորքը սարից դուրս գա, բարձրանա անտառ, թաքնվի․ – Լավ, հնարավորություն չունեիք պաշտպանվելու, բա նահանջի հրաման չպիտի՞ տայիք, տեղյակ էիք՝ ո՞ւր պիտի նահանջեիք,–  հարցրեց մեղադրողը։ – Հադրութ քաղաքը երեւում էր մեր հետեւում, տեսնում էինք վառվող տներ, հրետանային կրակոցներ, զգացվում էր, որ թուրքը մտել է, տները պաժառ տված էին, ահավոր վիճակ էր, ո՛չ կարող էինք քաղաքի կողմ գնալ, ո՛չ ձոր, միակ փրկությունը անտառն էր։ – Տեղյա՞կ եք, որ նահանջ կատարելիս պիտի ունենալ վերադաս հրամանատարության թույլտվությունը։ – Պետք է ունենամ, բայց այդ պահին չէի կարող։ Ըստ վկայի՝ երբ բոլորով հավաքվել են ու քայլել անտառով, հասել են մի կետի, երբ կրակոցների ձայներ են լսել, այդ ժամանակ մի քանի պատրաստված սերժանտի հետ սպաներով բարձրացել են կրակոցների ուղղությամբ՝ մոտ 50-60 մետր հեռու, որպեսզի հասկանան՝ ովքեր են, եւ որ ուղղությամբ պետք է գնան։ Զորքի հետ մնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ նորանշանակ սպա Տիգրան Աբազյանը։ Նրանց հորդորել են սպասել, մինչեւ տեսնեն՝ ինչ է կատարվում․ – Սպասեցի՞ն։ –Սպասեցին էնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը սկսեց սնարյադ կրակել էդ ուղղությամբ, իմ կարծիքով՝ ուզում էին կրակել 3–րդ գումարտակի վրա, շեղումների պատճառով արկերը անտառի մեջ ընկան,– պատասխանեց վկան՝ բացատրելով, որ այն կետից, որտեղ արկերը ընկել են, սպասող անձնակազմը 2 մասի է բաժանվել․ նրանք, որոնք մնացել են արկերից վերեւ, քիչ անց միացել են իրենց, իսկ նրանք, որոնք մնացել են արկերից ներքեւ՝ սպա Հովհաննես Մուրադյանի հետ, գնացել են դեպի Հադրութ տանող սխալ ճանապարհով։ Նշենք, որ մինչ այս որեւէ սպա դատարանում չէր պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ մի խումբ զինծառայողներ Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից։ – Բա դուք ի՞նչ արեցիք։ –Մեր բարձրացած հատվածում թուրքն էր, բայց մյուս կողմից լսվում էին հայերի ձայները, կոնկրետ 3-րդ գումարտակի հրամանատարի ձայնը լսել ենք, չենք կարողացել մոտենալ, իջել ենք, միացել արկից վերեւ մնացած անձնակազմին։ –Բա ի՞նչ գիտեք, որ մյուսները այդ ուղղությամբ են գնացել։ – Հովոյի հետ մի սերժանտ կար՝ Գասպարյան Գեւորգ, հեռախոսով նրա հետ եմ կապվել, իմացել։ – Ըստ Ձեզ՝ Հովհաննես Մուրադյանի հետ այդ ուղղությամբ գնացած անձնակազմը տեղյա՞կ էր, որ հակառակորդը Հադրութում է։ –Իմ կարծիքով՝ հա, սաղիս էլ պարզ էր, Հադրութը վառվում էր․․․ – Իսկ ըստ Ձեզ՝ տրամաբանակա՞ն է՝ իմանան եւ գնան այդ ուղղությամբ։ – Տրամաբանական չէ, բայց արկերի պայթյուններից փրկվելու համար առանց հասկանալու էլ կարող են գնալ։ – Ենթադրո՞ւմ եք, թե՞ Գասպարյանն է ասել, երբ զանգել եք։ – Գասպարյանի հետ որ խոսել եմ, դեռ այդ ճանապարհ չէին մտել, ասում էր՝ նկատել ենք, որ թուրքերը ռուսերեն խոսում են, ասում են՝ իջեք, մենք ձեզ վնաս չենք տա, բայց չեն արել թուրքերի ասածով, սպասում էին՝ մեկը գա, օգնի՝ դուրս գան։ – Իսկ դուք ի՞նչ միջոցներ ձեռնարկեցինք, որ միանաք նրանց։ – Միայն Գասպարյանի մոտ է հեռախոս եղել, իր հետ եմ խոսել, ասել եմ՝ որ ուղղությամբ գան, մեզ միանան, որոշենք՝ ինչ ենք անում։ – Բա ինչո՞ւ չեկան։ – Սպասել ենք ահագին, կապը կտրվել է, անհասանելի են դարձել, էդ պահին առաջ ենք շարժվել։ – Տեղեկացե՞լ եք՝ հետագայում ինչ ճակատագրի են արժանացել։ – Զոհվել են,– պատասխանեց վկան՝ թվարկելով այդ անձնակազմի մեջ եղած իր դասակի 4 զոհերի անունները՝ Շիրակ Գասպարյան, Արմեն Մելքոնյան, Տիգրան Աբազյան, Դավիթ Ադոյան։ Լուսանկարում՝ Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը Դահլիճում գտնվող ծնողների մեջ էր զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը, որը հարցեր հղեց Ղարիբյանին այն մասին, թե իր որդին երբ, ինչ պայմաններում է վիրավորվել եւ զոհվել։ Սպան պատմեց, որ Ադոյանը ՄՈԲ–ից մի տարեց մարդու օգնելիս է եղել, վերջից քայլելիս է եւ մնացել է արկի հարվածից ներքեւ գտնվող անձնակազմի հետ, բայց այդ օրը չի զոհվել, Հարութ Կարախանյանի գլխավորությամբ մի խմբի հետ կարողացել են մի տուն, մտնել այնտեղ, թուրքերից պաշտպանվել․ «Կապվել ենք Հարութի հետ, նա է ասել, որ մոտ մեկ շաբաթ եղել են տան մեջ, դրանից հետո տանից դուրս են եկել, այդ ժամանակ է դեպքը տեղի ունեցել»։ Հարցին, թե իմանալով, որ իր զինվորը իրենից հեռու է, ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել՝ անձամբ գնացել կամ այլ ուժեր ուղարկել՝ նրանց փրկելու համար, վկան պատասխանեց․ «Զեկուցվել է, որ անձնակազմը մնացել է ու այս վիճակում է, իսկ հետ չեմ գնացել, որովհետեւ թուրքը չորս կողմը վերցրած է եղել, հնարավոր չի եղել, իմ ուժերը չեն ներել, որ ես հակառակորդին ճեղքեմ, գնամ նրանց հետեւից»։ –Էդ էրեխեքը օրեր շարունակ կարողացան ապրել, որ թուրքը նրանց չտեսնի, դու չկարողացա՞ր գնալ, հանել,– լսվեց դահլիճից։ Ի վերջո, Վանք գյուղով գնացել, դուրս են եկել դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհ։ Վկա Ռոման Դոլինյանի խոսքով՝ Վահանյանը խոստացել է գալ վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի  եկել Հարցաքննված մյուս վկան Ռոման Դոլինյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող։ Հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին նա ոչինչ չգիտեր, քանի որ 2-ի լույս 3-ի գիշերը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Լուսանկարում՝ վկա Ռոման Դոլինյանը Դոլինյանի վիրավորումը հիշյալ օրը Նյուզգար կոչվող տեղամասում է եղել, որտեղ էլ ուղեւորվել էր Վահանյանը՝ օգնություն ցուցաբերելու։ Նրա խոսքով՝ երբ շտապօգնության մեքենան եկել է, Վահանյանը վարորդի կողքին նստած է եղել, առանց իջնելու ասել է՝ ով թեթեւ վիրավոր է, թող իջնի մեքենայից, որպեսզի ավելի ծանր վիրավորներին տանեն, հետո գան մյուսների հետեւից։ Դոլինյանն էլ, համարելով, որ մյուսներից թեթեւ վիրավոր է, իջել է։ Իր հետ միասին սպասելիս են եղել այլ զինծառայողներ, որոնք, իր տպավորությամբ, ունեցել են միջին ծանրության վնասներ բերանի, մեջքի հատվածում։ Մեքենան գնացել է եւ այլեւս չի վերադարձել․ «Ամբողջ գիշեր սպասել ենք, չեն վերադարձել, առավոտյան մեր վաշտի վարորդն է մեզ իջեցրել»,– ասաց նա։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ քանի՞ վիրավոր վերցրեց Վահանյանը, վկան պատասխանեց՝ 4-5, որոնք նստատեղերն են զբաղեցրել, եւ եթե ուրիշ վիրավոր էլ տեղափոխեին, գետնին կնստեցնեին։ Նա նաեւ նշեց, որ Վահանյանը միայնակ է եղել վարորդի կողքին գտնվող երկտեղանոց նստարանին։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ նա եւս վիրավոր լիներ, վկան բացասական պատասխան տվեց, ապա դատավորի հարցերին ի պատասխան՝ ասաց՝ քանի որ նստած է եղել, եթե ազդրի հատվածում վիրավորում ունենար, ինքը կարող է եւ չտեսներ։ Ամեն դեպքում, Վահանյանը, ըստ վկայի, ծանր վիրավորի տեսք չուներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 8-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 30 նոյեմբերի, 2022
«Նահանջն ավելի լավ իրականացնելու հնարավորություն է եղել»․ սպան՝ Խուռհատ սարում մարտական գործողությունների մասին

«Նահանջն ավելի լավ իրականացնելու հնարավորություն է եղել»․ սպան՝ Խուռհատ սարում մարտական գործողությունների մասին

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։ Պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանը, պարզաբանելով զորամասի ստորաբաժանումների միջեւ կապի ապահովման ընթացակարգերը, հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Վկայի այս հայտարարությունը զարմացրեց դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Մյուս վկա Ղարիբ Ջավադյանն էլ, որը պատերազմի ընթացքում նշանակվել է նույն գումարտակի դասակի հրամանատար, չկարողացավ հստակ պատասխանել, թե քանի զինծառայող է եղել գումարտակում, քանիսը՝ իր դասակում, եւ նահանջից հետո քանիսն են ողջ մնացել։ Նա չկարողացավ նաեւ պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ նույն գումարտակի անձնակազմի մի մասը Խուռհատ սարում հարկադրված նահանջ իրականացնելիս գնացել է այն ուղղությամբ, որը, ինչպես իրենց հայտնել են, հակառակորդն արդեն գրաված է եղել։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Այս մասին երեկ հայտարարեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ, սպա Վիգեն Ծատրյանը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվելու։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,  Վահանյանը նահանջի պահին սարում չի եղել․ ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել:  Ներկայանալով դատարանին՝ Ծատրյանը հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։ Լուսանկարում՝ վկա Վիգեն Ծատրյանը Ըստ վկայի՝ որպես կապի պետ իր գործառույթն է եղել զորամասի բոլոր ստորաբաժանումների հետ կապի ապահովումը, ինչի շրջանակում իրեն հասանելի են եղել մինչեւ գումարտակի հրամանատարի մակարդակով ընթացող խոսակցությունները, դրանից ցածրերը՝ ոչ․ «Մինչեւ հոկտեմբերի 6-7–ը ես միշտ կապի մեջ եմ եղել բոլոր ստորաբաժանումների հետ, 5-րդ գումարտակից կապի մեջ եմ եղել ե՛ւ Վարդերեսյանի (գումարտակի նախկին հրամանատարն է,–հեղ․), ե՛ւ Մուրադյանի (գումարտակի կապի դասակի հրամանատարն է,–հեղ․) հետ, իսկ կոնկրետ սարում ինչ է տեղի ունեցել, ռադիոկապով չեմ կարողացել լսել, որովհետեւ էդ ցանցը մեզ մոտ չի եղել, դա գումարտակի կապով է եղել, որը հասանելի չի եղել գնդին»,– պատմեց նա։ Դատավարության մասնակիցների հարցերին ի պատասխան՝ նա պարզաբանեց, թե գումարտակները վերադաս հրամանատարության հետ ինչպես եւ ինչ ռադիոցանցով են կապ հաստատել։ Ըստ այդմ, զորամասի հրամանատարի եւ բոլոր գումարտակների հրամանատարների միջեւ մշտապես գործել է երկու ռադիոցանց՝ «Հայտեռա» եւ «Այքոմ» տեսակների, իսկ գումարտակի հրամանատարի եւ ավելի ցածր օղակների՝ վաշտի եւ առանձին դասակների միջեւ՝ միայն մեկ՝ «Այքոմ» ռադիոցանցը։ Յուրաքանչյուր գումարտակում եղել է 3 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, որոնցից 2-ը՝ գումարտակի հրամանատարի մոտ, 1-ը՝ շտաբի պետի։  Վկայի այս խոսքերից հետեւում է, որ Վահանյանը, որպես գումարտակի հրամանատար, իր մոտ ունեցել է 2 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, մինչդեռ ըստ մեղադրանքի՝ նա մարտի դաշտը թողնելիս իր հետ տարել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դատավորի հարցին՝ Վահանյանից բացի ո՞վ կարող է հաստատել, որ նրա մոտ ոչ թե մեկ, այլ երկու ռադիոկապ է եղել, վկան դժվարացավ պատասխանել։ Ծատրյանի խոսքով՝ վաշտերն էլ իրենց հերթին ապահովված են եղել «Այքոմ» ռադիոկապով՝ գումարտակի հրամանատարների հետ կապի դուրս գալու համար։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ եթե գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նահանջի պահին գնացած է եղել, սարում գտնվող անձնակազմը իր մոտ ունեցած «Այքոմ» ռադիոկապով կարո՞ղ էր կապվել վերադաս հրամանատարության հետ, ինչին վկան դրական պատասխան տվեց՝ ասելով, որ կարող էին կապվել կա՛մ զորամասի, կա՛մ գնդի հրամանատարի հետ, եւ դրա համար, ըստ վկայի, հատուկ գիտելիքներ պետք չէին, որովհետեւ բոլոր հաճախականությունները նախապես տեղադրված էին բոլոր ռադիոկապերի վրա։ Մոտ 10-15 ալիք է եղել, եւ եթե համարով չիմանային էլ, այդքան անգամ ալիքը փոխելով՝ կապի դուրս կգային։ Վկայի այս պատասխանները զարմացրին դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատվել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Արդյունքում, բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, վիրավորվել կամ անհետ կորել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը –Ենթակա անձնակազմն ասում էր՝ չենք կարողացել «Այքոմ»–ով կապվել վերադաս հրամանատարության հետ,– վկային հայտնեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։ –«Այքոմ»–ում մեկ հաճախականություն չի, կոճակներ կան, պիտի փոխեին ու վերեւ խոսեին՝ զորամասի հրամատարի կամ շտաբի պետի հետ,– ասաց վկան՝ նշելով, որ հեռավորությունն էլ կապ ուներ։ –Զորամասի հրամանատարը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10-ին, հնարավո՞ր էր նրա հետ կապվել Խուռհատ սարից։ –Գտնվել է 1–ին կամ 4-րդ գումարտակի հետ, սարից այդ հեռավորության վրա «Այքոմ»–ով կապվել երեւի թե հնարավոր չէր,– պատասխանեց վկան՝ միաժամանակ ընդգծելով, որ շտաբի պետի հետ հնարավոր էր։ Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, երբ Վահանյանը նշանակվել է գումարտակի հրամանատար, շտաբի պետի է նշանակվել Ալբերտ Աբրահամյանը։ –Շտաբի պետը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10–ին,– հարցրեց դատավորը։ –Ինձ հետ՝ Կարմրակութ գյուղում,– պատասխանեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ այսինքն՝ եթե սպաները ցանկանային կապ հաստատել շտաբի պետի հետ, հեռավորությունը այնպիսին էր, որ կկարողանայի՞ն։ Վկան դրական պատասխան տվեց։ –Վստահաբա՞ր։ –Այո,– ասաց նա։ –Եթե դիցուք, կապի դասակի հրամանատարը հենց սարում զոհվեր, կապի դասակի այլ զինվորներ էլի կկարողանայի՞ն։ –Այո։ –Բայց չէ՞ որ ուսումնական գումարտակ էր։ –Ուսումնական էր, բայց Մուրադյանի անձնակազմը կարող էր։ –Այսինքն՝ նահանջ կատարելիս վաշտի, դասակի հրամանատարները հնարավորություն ունեի՞ն միմյանց հետ կապ հաստատել եւ իրականացրել նահանջը ավելի լավ։ –Միանշանակ՝ այո,– ասաց վկան՝ ընդգծելով, որ ամեն վաշտում եղել է ութական «Այքոմ» տեսակի ռադիոկապ, ընդ որում՝ ութն էլ տարբեր անձանց մոտ էին։ –Եվ «Այքոմ» ռադիոկապի միջոցով սարի վրա գտնվող անձնակազմը լիարժեք հնարավորությո՞ւն է ունեցել կապ հաստատել շտաբի պետի հետ,– դարձյալ ճշտեց դատավորը։ –Այո։ –Իսկ ո՞նց կբացատրեք, որ բոլորը ասում են՝ չէ։ –Չեմ կարող ասել, երեւի մեղքը իրենց վրա չգցելու համար,– պատասխանեց վկան՝ կարծիք հայտնելով, որ կապի խափանումը, ըստ ամենայնի, խուճապից է եղել, որովհետեւ մինչ հոկտեմբերի 10-ը այն անխափան գործել է։ Վկայից հետաքրքրվեցին նաեւ, թե այդ ռադիոկապերի մարտկոցները մինչեւ քանի ժամ կարող են պահել լիցքավորումը։ Ի պատասխան՝ նա ասաց՝ 1 օր, իսկ ակտիվ աշխատանքի դեպքում՝ մինչեւ 18 ժամ։ Այս հանգամանքը էական է այնքանով, որ Իշխան Վահանյանը հայտարարել է, թե իր մոտ եղած «Հայտեռա» ռադիոկապի մարտկոցը նստած է եղել (խոսքը հոկտեմբերի 10-ի մասին է, այնինչ անձնակազմը սար էր բարձրացել ընդամենը մեկ օր առաջ,–հեղ․)։ Վիգեն Ծատրյանը, սակայն, պարզաբանեց՝ «Հայտեռա» տեսակի բոլոր ռադիոկապերը ունեցել են 1 մարտկոց իրենց վրա, եւ եւս 2-ը՝ պահեստային։ –Այսինքն՝ եթե գումարտակի հրամանատարն իր մոտ ունի 2 հատ «Հայտեռա», կարո՞ղ ենք ենթադրել, որ ունի 6 մարտկոց,– հարցրեց դատավորը։ –Այո, եթե ոչ 6, ապա 5՝ հաստատ, որովհետեւ 4 հատ հաստատ եղել է մինչեւ մարտական գործողությունները, իսկ դրանից հետո մեկական էլ հատկացվել է,– պատասխանեց վկան՝ եզրահանգելով, որ ինտենսիվ օգտագործելու ժամանակ հինգ մարտկոցով 3-4 օր հնարավոր էր կապի մեջ լինել։ Ըստ վկա Ղարիբ Ջավադյանի՝ Վահանյանը չէր կարող սարում բեկորային վնասվածք ստանալ Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ նույն գումարտակի 13-րդ դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանն էր։ Վերջինս 2008 թվականից ծառայել է Ջրականի զորամասում՝ որպես վաշտի ավագ, իսկ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, ստանալով սպայի կոչում, նշանակվել դասակի հրամանատար․ «Հարցրել են՝ ուզո՞ւմ ես դառնալ աֆիցեր, ասել եմ՝ հա, իմ անունն էլ են գրել»,- դատարանում հայտնեց նա՝ նշելով, որ Վահանյանն է իր թեկնածությունն առաջարկել։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Ջավադյանը հայտնեց, որ Վահանյանի հետ ինքը որեւէ տեսակի հարաբերություն չունի։  Լուսանկարում՝ վկա Ղարիբ Ջավադյանը Խոսելով սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ վկա Ղարիբ Ջավադյանը պատմեց, որ Վահանյանն իրենց հրահանգել է դիրքավորվել, սակայն մարտը սկսելուց հետո, որպես այդպիսին, որեւէ այլ հրաման չի տվել․ «Ես իրենից մի քիչ ներքեւ էի, լսում էի, որ ասում էր՝ սենց լավ ա, սենց պահեք, ես ջոկում էի, որ կամ վիրավոր է, կամ վիրավորի է օգնում, տենց մի բան»,- ասաց նա՝ նշելով, որ հետո զինվորներից է տեղեկացել, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով հեռացել է։ Ավելի ուշ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված, որում վերջինս նշել է, որ երբ նահանջել են անտառի կողմ, ինքը մտածել է, որ Վահանյանը պիտի գա, միասին ելքեր գտնեն, սակայն ի զարմանս իրեն, անձնակազմից շատերը ասել են, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով դիմել է փախուստի։ Դատարանում վկան հաստատեց իր այս խոսքերը։ Նախքան հեռանալը Վահանյանը վիրավորվել է թե ոչ՝ վկան չի տեսել, ասաց՝ դրանից օրեր առաջ է Վահանյանն իրեն ասել, որ հետեւից վիրավորվել է։ Նա նաեւ նշեց, որ սարում հակառակորդը հրետանի չի կիրառել, ուստի Վահանյանը, ինչպես բժշկական տեղեկանքներում է նշված, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։ Ջավադյանի խոսքով՝ հակառակորդի հարձակման ժամանակ պետք է դիմակայեին, սակայն երբ վիրավորները շատացել են, հարկադրված են եղել նահանջել։ Թե ով է տվել այդ հրամանը, նա չգիտեր, ասաց՝ Վահանյանը հեռանալիս ոչ մեկին չի փոխանցել իր պարտականությունները, ոչ մեկը ինքնակամ էլ չի ստանձնել դրանք։ Վկայի խոսքով՝ նահանջ իրականացնելիս սպաներից Հայկազ Գրիգորյանը հեռախոսով կապ է հաստատել ոմն գնդապետի հետ, ապա հեռախոսը փոխանցել իրեն, քանի որ ինքը, որպես տեղացի, ավելի լավ կհասկանար, թե որ կողմով է պետք շարժվել։ Գնդապետի խորհրդով՝ Հադրութ չմտնելու համար շարժվել են դեպի Թաղասեռ գյուղ, որտեղից էլ հետո տեղափոխվել են Ազոխ գյուղ․ «Որ սարից հելել ենք, էնտեղ ընդհանրապես մարդ չի մնացել, ամբողջ գումարտակը եկել է, դեպի Թաղասեռ գնացել ենք բոլորով, բայց դրանից էն կողմ չեմ հիշում, ես էի, իմ հետեւից տասը հոգի գալիս էր, հետեւից՝ գումարտակը, տենց գալիս էին, Արալեռ գյուղում, որ երկրորդ անգամ բոյի մեջ մտանք, դրանից հետո էլ չեմ կարող ասել՝ անձնակազմը՝ ոնց, ինչ»։ Նահանջի այս դրվագի վերաբերյալ դատավարության մասնակիցները մի շարք հարցեր հղեցին վկային, որոնց տրված անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվող ծնողներին։ Վերջիններս սկսեցին ափսոսանք հայտնել, որ իրենց զավակների կյանքը նման սպաների են վստահել։ Վիգեն Ծատրյանը չգիտեր՝ ինչպես է սպաներից մեկը անձնակազմի մի մասի հետ սխալ ճանապարհով գնացել Վկային հարցեր հղեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը՝ հետաքրքրվելով, թե նահանջի ժամանակ սպաներից ով է իր հետ եղել։ -Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը Ձեզ հե՞տ էր,-հարցրեց Ավետիսյանը։ -Մինչեւ Թաղասեռ հասնելը Մուրադյանին տեսել եմ, դրանից էն կողմ չեմ տեսել,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ սարից մինչեւ Թաղասեր մոտ 3 կմ է։ Հիշեցնենք, որ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը -Ինչպե՞ս կպատճառաբանեք, որ Թաղասեռից հետո Մուրադյանին չեք տեսել, կամ Ձեզ հաջողվել է դուրս գալ, նրան՝ ոչ․ եթե իրար հետ եք եղել, ըստ տրամաբանության՝ պիտի կարողանայիք բոլորով դուրս գալ այդտեղից,- ասաց դատախազը։ -Դե, գումարտակը իրարից հեռու–հեռու գալիս էր, որպեսզի բան լինի, շատ զոհեր չլինի, ինքը երեւի հեռու է եղել, դրա համար չեմ նկատել, որ մնացել է էդտեղ,- պատասխանեց վկան։ -Այսինքն՝ էդտե՞ղ են խփել իրեն։ –Ես չեմ տեսել։  -Որ գնում էիք Թաղասեռ, արդեն տեղյա՞կ էիք, որ Հադրութը գրավված է։ –Այո, անձնակազմին մարդ է պատահել, ասել է՝ չեք կարող Հադրութ գնալ։ – Այդ մասին Մուրադյանը տեղյա՞կ էր, եթե ձեզ հետ է եղել ճանապարհին։ –Դա չեմ կարող ասել։ –Որ իմացաք՝ գրավված է, սպաներով ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք, որ ենթականերին տեղեկացնեք։ – Փորձել ենք անձնակազմին հավաքել մի ձեւ, էդ արանքից հանել, կարելի է ասել՝ շրջափակման մեջ էինք, մի կերպ անձնակազմին վերցրել ենք, հելել։ –Ինչպե՞ս կբացատրեք, որ գումարտակի մի հատվածը գնում է էն ուղղությամբ, որը հակառակորդը գրավել է, եւ դուք ունեք այդ տեղեկությունը։ –Քանի որ ցրված գալիս էր գումարտակը, իմ մտածելով՝ երեւի հետ են ընկել կամ ճանապարհը փոխել, էդ ուղղությամբ են գնացել,-պատասխանեց վկան։ Սպան չկարողացավ նշել՝ իր ղեկավարած դասակում քանի զինվոր է եղել Վկային հարցեր հղեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ փորձելով հասկանալ, թե ի սկզբանե քանի զինվոր է եղել գումարտակում, քանիսը՝ նրա ղեկավարած դասակում, եւ քանիսն են մնացել վերջում։ Այս հարցերին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան շարունակ լռեց՝ չկարողանալով հստակ թվեր նշել, ապա ասաց՝ սկզբում գումարտակը առնվազն 140 հոգի կլիներ, նահանջից հետո՝ 50-60, ապա ուղղեց՝ 40-50։ Դատավորը հետաքրքրվեց՝ պատերազմի ժամանակ վկան վիրավորվե՞լ է, ինչին նա բացասական պատասխան տվեց։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ խոսվել է գումարտակում ավելի քան 370 զինծառայողի մասին, որոնցից տուն է վերադարձել մոտ 150-ը։ Սպաներից Հայկազ Գրիգորյանն էլ (որը վկա Ղարիբ Ջավադյանի խոսքով՝ իր հետ է եղել,-հեղ․) իր ցուցմունքով հայտնել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, որոնցից շուրջ 60-ն է իր հետ եղել։ Ենթադրվում է, որ Գրիգորյանը եւ Ջավադյանը նույն 60 հոգուն նկատի ունեն։ –Դուք Ձեր դասակի թվակազմը գիտե՞ք,– հետաքրքրվեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։ –Որ ասել են՝ դասակի հրամանատար եմ, չեմ էլ հասցրել իմանալ՝ դասակս քանի հոգի է,– պատասխանեց վկան։ –Բա ո՞նց էիք ղեկավարելու, եթե չգիտեիք՝ քանի հոգի է, վերջիվերջո սար եք բարձրացել, մարտական առաջադրանք եք կատարել, Դուք չգիտեի՞ք՝ ձեր ղեկավարության ներքո քանի հոգի ունեք։ –Խառն է եղել․․․– պատասխանեց նա՝ հավելելով, որ դրանից առաջ՝ որպես վաշտի ավագ դեմքով ճանաչել է, մոտ 22-23 հոգանոց դասակ է եղել։  Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ նահանջից հետո, երբ փորձել են ճշտել՝ ով կա, ով չկա, ի վերջո ի՞նչ են հասկացել․ – Որ տեսա՝ անձնակազմը քիչ է, մտածեցի՝ երեւի սխալվել են կամ ուրիշ ճանապարհով մտել, մի քանի անգամ անուններով գոռացել եմ, որ տեսնեմ՝ կարողա անտառից ձայն հանեն, մի քսան անգամ գոռացել եմ, ձայն հանող չկար,– պատասխանեց Ջավադյանը։ Վկան համաձայնեց, որ իրավունք չունեին առանց մյուսներից տեղեկություն ունենալու նահանջել Պատասխանելով հարցերին՝ Ղարիբ Ջավադյանը նաեւ նշեց, որ սար բարձրանալիս եղել են 6 սպաներով՝ ինքը, Իշխան Վահանյանը, Հայկազ Գրիգորյանը, Արսեն Ղարիբյանը, Հովհաննես Մուրադյանը եւ Վազգեն Վարդանյանը։ Իջնելիս, սակայն, նրանցից բոլորը ներկա չեն եղել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը – Զինվորական կանոնակարգով՝ իրավունք ունեի՞ք չորս սպաներով միասին հեռանալ՝ առանց մնացածից տեղեկություն իմանալու եւ չկազմակերպելով մնացածի նահանջը։ –Ոչ, իրավունք չունեի, բայց ես․․․ –Այսինքն՝ որ չորսով իջել, զինվորների հետ միասին գնացել եք, խախտե՞լ եք կանոնակարգը,– հարցրեց փաստաբանը։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հիշեցրեց, որ վկան իրավունք ունի չպատասխանել իր դեմ հնչած հարցերին։ –Բա խղճի՞ դեմ, բա երկրի՞– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե վկան չպատասխանի, ուրեմն դավաճան է։ –Աստծու դեմ պատասխան կտա,–լսվեց ծնողներից մեկի ձայնը։ –Մենք բոլորով միասին իջել ենք, էդ ընթացքում չեմ էլ պատկերացրել, չգիտեմ՝ ինչի համար իրենք ուրիշ ուղղությամբ գնացին,–պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։   Միլենա Խաչիկյան
23:53 - 22 նոյեմբերի, 2022
Ոչ թե զենքի հափշտակություն, այլ արդարադատության իրականացմանը խոչընդոտել․ ինչում է մեղադրվում Ռուբեն Վարդազարյանը

Ոչ թե զենքի հափշտակություն, այլ արդարադատության իրականացմանը խոչընդոտել․ ինչում է մեղադրվում Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է արել, որը կարող է շփոթության տեղիք տալ։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, այն, որ ինձ ցանկանում են դատապարտել, զարմանալի  չէ, բայց, որ ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ  կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, նույնիսկ ինձ համար է նորություն: Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե իրականություն չլիներ: Ասածիս ապացույցները ստորև»,- նշել է նա՝ կից հրապարակելով երկու լուսանկար։ Առաջին լուսանկարը Հակակոռուպցիոն դատարանի որոշումն է՝ քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ Վարդազարյանն ընդգծել է որոշման այն հատվածը, որտեղ նշված է, որ 2020 թ․ օգոստոսի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԴ/1240/01/21 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ռուբեն Էդուարդի Վարդազարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վարդազարյանի հրապարակած առաջին լուսանկարը Հաջորդ լուսանկարը 332-րդ հոդվածի լուսապատճենն է, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար։  Վարդազարյանի հրապարակած երկրորդ լուսանկարը Վարդազարյանի այս գրառումը՝ կից լուսանկարներով, արտատպել են news.am-ը, mamul.am-ը, hraparak.am-ը, blognews.am-ը եւ այլ կայքեր։ Իրականում, սակայն, Վարդազարյանը չի մեղադրվում հիշյալ հափշտակության համար։ Բանն այն է, որ նրան մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի ապրիլի 15-ին, երբ ՀՀ-ում գործել է դեռեւս 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգիրքը, որի հիշյալ 332-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է  նրա մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից եւս պարզ է դառնում, որ նրան մեղադրանք են առաջադրել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Նախքան մեղադրանքի պաշտոնական հրապարակումը Վարդազարյանն ինքն է hraparak.am-ին հայտնել, որ իրեն մեղադրանք են առաջադրել հենց արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ինչ վերաբերում է նրա հրապարակած լուսանկարին, ըստ որի՝ 332-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար, ապա դա ոչ թե 2003 թ, այլ 2021 թ․ ընդունված Քրեական օրենսգրքից մեջբերում է, այսինքն՝ նոր Քրեական օրենսգրքով 332-րդ հոդվածի բովանդակությունը փոխվել է։  Ինչպես հայտնի է, 2021 թ․ Ազգային ժողովը ընդունեց Քրեական նոր օրենսգիրք, որն ուժի մեջ մտավ 2022 թ հուլիսի 1-ից։ Նույն օրը ուժը կորցրած ճանաչվեց նախկին, այսինքն՝ 2003 թ․ քրեական օրենսգիրքը։ Սակայն թե՛ նախկին, թե՛ գործող օրենսգրքերով ամրագրված է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Վարդազարյանին վերագրվող արարքը, ինչպես արդեն նշվեց, առերեւույթ կատարվել է նախքան նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը։ Եվ նրա գրառման առիթ, ըստ ամենայնի, հանդիսացել է այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն դատարանը քրեական գործը վարույթ ընդունելու որոշման մեջ մեղադրանքի հոդվածը մեջբերելիս չի նշել, որ խոսքը 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի մասին է, ինչը, որպես կանոն, արվում է, եւ տպավորություն է ստեղծվել, թե խոսքը այս պահին ուժի մեջ գտնվող օրենսգրքի մասին է։ Ուստի, կարող ենք եզրակացնել, որ Վարդազարյանն այսպիսով պարզապես ընդգծում է դատարանի թույլ տված բացթողումը։ Հավելենք, որ այս քրեական գործը դատարանում է 2021 թ․ սեպտեմբեր ամսից։ Սկզբնապես այն ուղարկվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, որը ՀՀ-ում Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելուց հետո որոշում է կայացրել գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին։ Ներկայումս այն գտնվում է դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ հայտարարելով, որ դրա նպատակն իրեն պաշտոնից հեռացնելն էր։    Միլենա Խաչիկյան 
16:59 - 22 նոյեմբերի, 2022
ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՊՆ-ն չի պարզաբանում Ջերմուկ ներթափանցած խմբի վերաբերյալ ԳՇ պետի եւ Վայոց ձորի մարզպետի հայտարարությունների հակասությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պարզաբանել Ջերմուկ ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հայտարարությունների միջեւ եղած հակասությունը։ Բանն այն  է, որ այս տարվա հոկտեմբերի 31-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, խոսելով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած խմբերի մասին, ասել է, որ համապատասխան փոխհրաձգության արդյունքում հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությունից․ «Եվ ներկայումս Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որ ապահովում է քաղաքի անվտանգությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ հակառակորդի ստորաբաժանումները, Ջերմուկի հյուսիսարեւելյան վերջնամասից հաշված, 4․5 կմ-ի վրա են, Ջերմուկի կենտրոնից՝ 5․5-6 կմ։  Դրանից օրեր անց՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները ճեպազրույց էին ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ՝ հիշեցնելով ԳՇ պետի այս հայտարարությունը եւ նշելով, որ ջերմուկցիները իրենց հետ զրույցում հայտնել են, որ սեպտեմբերի 13-ից հետո ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում եւ տեսանելի են իրենց։ Ի պատասխան ԶԼՄ հարցերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանն ասել է․ «Մեր տեղեկություններով՝ իրենք (ադրբեջանական ստորաբաժանումներին,- հեղ․ ) շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետը ավելի լավ է տիրապետում, որովհետեւ իրենք հետախուզական բոլոր հնարավոր միջոցները ունեն»։ Հարցին՝ իրենց տեղեկությունները որտեղի՞ց են, արդյո՞ք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են, մարզպետը դրական պատասխան է տվել․ «Այո, բայց լրացուցիչ, ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք իրենց»,- նշել է նա։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը նույն օրը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել հնչած երկու հայտարարությունների հակասությունը եւ նշել, թե ՀՀ բնակչությունը դրանցից որ մեկը պետք է ընդունի որպես վերջնական, ճշգրիտ տեղեկություն։ Միեւնույն ժամանակ խնդրել էինք հայտնել՝ ներկայում ադրբեջանական որեւէ խումբ գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ջերմուկում։ Եթե այո, ապա քանի՞սն են նրանք եւ քանի՞ կմ խորության վրա են, իսկ եթե ներթափանցած բոլոր խմբերը դուրս են մղվել, ապա ՀՀ սահմանից քանի՞ կմ հեռավորության վրա են նրանք։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, այդ թվում՝ նաեւ Ջերմուկի ուղղությամբ․ «Հայցվող մյուս տեղեկության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ ՀՀ կառավարության 1998 թ․ մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերի պահանջները»,- ասված է ՊՆ պատասխանում։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության ազատության սահմանափակումները։ Ըստ այդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք։ Բացառությանը վերաբերող 3-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին։  Ինչ վերաբերում է Կառավարության որոշմանը, որին հղում է տվել ՊՆ-ն, այն սահմանում է ՀՀ պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը։ Ըստ այդ ցանկի 2-րդ կետի՝ պետական գաղտնիք են, ի թիվս այլնի, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները։ Այս պայմաններում, եթե անգամ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելը Նախարարությունը չի դիտում որպես քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպք, առնվազն տարակուսելի է հայցվող տեղեկությունը պետական գաղտնիք որակելը․ ՀՀ կառավարության որոշումը ՀՀ պետական գաղտնիք է դիտում ՀՀ զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, այնինչ մեր հարցը վերաբերում էր ոչ թե ՀՀ, այլ ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը։ Իսկ եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման բացահայտումը կարող է վտանգ ներկայացնել ՀՀ զինված ուժերի համար, ապա ենթադրվում է, որ ԳՇ պետն էլ այն չէր հրապարակի: Ստացվում է, որ ԳՇ պետը կա՛մ հրապարակել է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, կա՛մ ՊՆ-ն այժմ անհիմն է հրաժարվում պատասխանել լրատվամիջոցի հարցմանը եւ պարզաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունների հակասությունը՝ դրանով իսկ զրկելով քաղաքացիներին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։   Միլենա Խաչիկյան
18:10 - 17 նոյեմբերի, 2022
ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «էժանագին սուտ» որակեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության վերաբերյալ։ Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչու ԵՄ առաքելությունը չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի վերջին խախտումներին, Նիկոլ Փաշինյանը սխալ է ներկայացրել դիտորդական առաքելության գործունեությունը: «Ինչ ա ասում, որ նրանք (ԵՄ դիտորդները) հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն ա»,- նշեց Աշոտյանը։ Ապա հավելեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդները եկել են ոչ թե հրադադարի մեխանիզմների պահպանման համար, այլ ավելի «խորը միսիայով»։ Որպես իր խոսքերի հաստատում Արմեն Աշոտյանը նաև կից հրապարակեց ԵՄ պաշտոնական հրապարակումն՝ առաքելության գործառույթների մասին, և ընթերցեց դրանից հատվածներ։ Ըստ Աշոտյանի՝ ԵՄ կայքում նշված է, որ առաքելությունը պետք է «սատարի վստահության կառուցման պրոցեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հրադադարի պահպանման մոնիթորինգ իրականացնելով»։  Նա ԵՄ հայտարարությունից մեջբերեց ևս մի հատված․ «ԵՄ մոնիթորինգային կարողությունը Հայաստանում պետք է զեկուցի միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում հրադադարի պահպանմանը վերաբերող զարգացումների մասին»։    Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց նրան, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը խախտել է հրադադարը, բայց առաքելությունը չի արձագանքել։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դիտորդներն «այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար»։  «Կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պիտի անեն, և այդ հետևություններն, իմիջիայլոց, պիտի փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց, պաշտոնյաներին և միջազգային հանրությանը։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ։ Այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն է»,- նշեց նա։   ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ օկուպացնելով ՀՀ ինքիշխան տարածքից հատվածներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար հաստատվեց։ Սակայն ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների՝ Ադրբեջանը մինչև օրս էլ շարունակում է խախտել հաստատված հրադադարը։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ առաջին անգամ խոսվեց Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։  «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշվում էր հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն հայտարարություն տարածեց, որ մինչև 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայումը նպատակ է ունենալու վստահություն ստեղծելու անկայուն իրավիճակում։ Հոկտեմբերի 27-ին ԵՄ դիտորդներն ուղևորվեցին հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։   Ի՞նչ գործառույթներ ունի առաքելությունը Հոկտեմբերի 25-ին ԵՄ-ն հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել էր, թե ինչ նպատակով է դիտորդական առաքելությունը գալու հայ-ադրբեջնական սահմանի հայկական հատված (ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ մերժել է Եվրամիության՝ Ադրբեջան առաքելություն ուղարկելու փորձը)։ «Առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում իրավիճակի մոնիթորինգն է` երկու երկրների միջև վստահության հաստատմանը նպաստելու և ԵՄ-ին սահմանային հանձնաժողովներին ավելի լավ աջակցելու հանարավորություն տալու համար»,- ասվում էր ԵՄ կայքում: Այնուհետև նշվում էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի երկու հիմնական առաջադրանք. Կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով, թե արդյո՞ք երկու կողմերը պահպանում են հրադադարը։ Կանոնավոր և ըստ անհրաժեշտության ներկայացված զեկույցների միջոցով կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում: Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ ԵՄ կայքում նաև նշվում է, որ դիտորդական առաքելությունը կզեկուցի Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում հրադադարին վերաբերող զարգացումների մասին։  Այս փաստաթղթում, որին էլ հենց հղվում էր Արմեն Աշոտյանը, փաստորեն արձանագրվում է, որ ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները։ Ընդ որում՝ ԵՄ կայքում նշված է, որ, բացի կանոնավոր զեկույցներից, ըստ անհրաժեշտության՝ կներկայացվեն նաև այլ զեկույցներ։  Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները փաստագրել է։ «Առաքելությունը ԵՄ և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական պետականության»,- գրել էր Մարուքյանը։ Գլխավոր լուսանկարում ԵՄ առաքելության դիտորդներն են՝ Գեղարքունիքի մարզում, լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
14:18 - 15 նոյեմբերի, 2022
Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Հայաստանյան կայքերում տեղեկություններ են տարածվում մի հետազոտության մասին, որի հեղինակներն, իբր, հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ: Նույն հրապարակումներում նաև հղում է արվում The Lancet ամսագրում հրապարակված զեկույցին, որտեղ «ընդունվում է, որ COVID-19-ը կարող էր առաջանալ լաբորատորիայում»։  Փորձենք հասկանալ, թե ինչ հետազոտության և ինչ զեկույցի մասին է խոսքը, և արդյո՞ք իսկապես կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի՝ SARS-CoV-2-ի արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերվել։   Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը, ե՞րբ ու որտե՞ղ է հրապարակվել այն Այս տարվա հոկտեմբերի 20-ին bioRxiv հարթակում հայտնվեց մի հետազոտություն։ Հետազոտության հեղինակներն են մաթեմատիկոս-կենսաբան Ալեքս Ուոշբերնը, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի դեղագիտության դոցենտ Անտոնիուս Վանդոնգենը և Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի մոլեկուլային իմունոլոգ Վալենտին Բրուտելը։ Այս հետազոտության մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ այն հրապարակված է bioRxiv-ում՝ մի հարթակում, որտեղ գիտնականները տեղադրում են իրենց աշխատանքները մինչև գրախոսվելը։ Երեք հեղինակների հոդվածը դեռ գրախոսություն չի  անցել և չի հրապարակվել որևէ գրախոսվող գիտական ամսագրում։ Որպեսզի որևէ գիտական հոդված հրապարակվի գրախոսվող ամսագրում, տվյալ ոլորտի այլ գիտնականներ պետք է ընթերցեն այն, անճշտություններ, թերություններ գտնելու դեպքում տեղեկացնեն հեղինակներին, որ նրանք հնարավորություն ունենան դրանք ուղղելու։ Գրախոսություն անցնելուց և վեջնական տեսքի բերվելուց հետո միայն հոդվածը կարող է հրապարակվել գրախոսվող ամսագրում։ Այս հետազոտության հավաստիության մասին հիմնավոր դատողություններ կարելի է անել գրախոսվելուց հետո միայն։   Ի՞նչ են հայտնաբերել հետազոտության հեղինակները Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է վերը նշված հետազոտությունը, նախ պետք է որոշակի պատկերացում կազմենք կենսաբանական մի քանի տերմինների մասին։ Այսպես, մեր բջիջներում կան ԴՆԹ կոչվող մոլեկուլներ։ ԴՆԹ-ն իր տեսքով երկար աստիճան հիշեցնող երկպարույր շղթա է, և նրա շղթաներից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ավելի փոքր հատվածներից։ Այս հատվածները մենք անվանում ենք տառերով՝ A, T, C և G։ Ավելի պարզ ասած՝ ԴՆԹ շղթան այս տառերի հաջորդականությունն է։  Այն, թե ինչ հերթականությամբ են ԴՆԹ շղթայում դասավորված այս 4 տառերը, շատ կարևոր է, քանի որ այս տառերի որոշակի հաջորդականությունները ԴՆԹ շղթայի կոնկրետ հատվածներում կոդավորում են մեր գեները։ Իսկ մեր գեներից յուրաքանչյուրում նշված տառերի միջոցով կոդավորված տեղեկությունների շնորհիվ մեր օրգանիզմում ստեղծվում են սպիտակուցներ, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Հիմնականում սպիտակուցներից են կազմված մեր բջիջները, և մեր բոլոր հատկանիշները պայմանավորված են սպիտակուցների գործունեությամբ։ Իսկ ԴՆԹ հաջորդականություններում կոդավորված այս բոլոր տեղեկությունների ամբողջությունը մեր գենոմն է։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, ունի իր գենոմը։ Այս հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ը և վիրուսի գենոմում մի օրինաչափություն են հայտնաբերել, որն, ըստ նրանց, բնորոշ է արհեստական վիրուսներին։ Դա էլ հիմք է տվել ենթադրելու, որ վիրուսը կարող է ունենալ ոչ բնական ծագում։   Ի՞նչ օրինաչափության մասին է խոսքը Գոյություն ունեն հատուկ ֆերմենտներ, որոնք կարողանում են ԴՆԹ շղթայի  համապատասխան վայրերում կտրվածքներ անել, ավելի պարզ ասած՝ ԴՆԹ երկար շղթան բաժանել ավելի փոքր հատվածների։ Այս ֆերմենտների օգնությամբ հնարավոր է նաև ԴՆԹ առանձնացված հատվածները միավորել և նոր գործառույթներով գեներ ստեղծել։  Իրենց հետազոտության մեջ հեղինակները նշում են այս տեխնոլոգիայով արհեստական վիրուսների ստեղծման մասին։ Հետազոտությունից պարզ է դառնում, որ ուսումնասիրելով SARS-CoV-2-ի գենոմը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վիրուսի գենոմում վերը նշված ֆերմենտների բաշխվածությունն «անոմալ» է բնական կորոնավիրուսների համար (վիրուսների խումբ, որոնց շարքին է դասվում կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ը) և սովորական է լաբորատորիայում հավաքված վիրուսների համար։ Այլ կերպ ասած՝ ֆերմենտների նման բաշխվածությունը նրանց հիմք է տվել ենթադրելու, որ SARS-CoV-2-ի գենոմը հավաքված է լաբորատորիայում ԴՆԹ հաջորդականության փոքր կտորներից։ Չխորանալով հետազոտության այլ մանրամասների մեջ՝ նշենք, որ դժվար է ասել՝ արդյո՞ք դրա հեղինակներն իրոք SARS-CoV-2-ի լաբորատոր կամ արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերել։ Այս հարցին պիտի պատասխանեն ոլորտի գիտնականները, որոնք կգրախոսեն հոդվածը։  Շատ կարևոր է նշել, որ հոդվածի հեղինակները չեն պնդում, որ եթե վիրուսն իսկապես արհեստական ծագում ունի, ապա ստեղծվել ու տարածվել է միտումնավոր։ Հեղինակներից Վալենտին Բրուտելն, օրինակ, գերմանական N-tv-ին տված հարցազրույցում չի բացառել, որ արհեստական վիրուսը կարող էր լաբորատորիայից արտահոսել գենետիկ փորձերի հետևանքով։   Հետազոտության վերաբերյալ կարծիքներ Գիտական հանրությունը միանշանակ չի ընդունել դեռևս չգրախոսված այս հետազոտությունը։ The Economist պարբերականն անդարադարձել է հետազոտությանը՝ ներկայացնելով նաև դրա վերաբերյալ տարբեր գիտնականների կարծիքներ։ Սիդնեյի համալսարանի էվոլյուցիոն կենսաբան և վիրուսաբան Էդվարդ Հոլմսն, օրինակ, ասում է, որ հոդվածում հայտնաբերված բոլոր հատկանիշները բնական են և արդեն հայտնաբերվել են չղջիկների այլ վիրուսներում:  Լոնդոնի համալսարանական քոլեջի հաշվողական կենսաբանության պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն էլ նշում է, որ չի կարողացել բացահայտել որևէ ճակատագրական սխալ հետազոտության հիմնավորումների և մեթոդաբանության մեջ:  Էրիկ վան Նիմվեգենը՝ Բազելի համալսարանից, ասում է, որ կան տեղեկության միայն փոքր կտորներ, և «դժվար է դրանից վերջնական որևէ բան դուրս բերել»: Այսպիսով, հետազոտության վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն, և ինչպես նշեցինք, միայն գրախոսությունից հետո պարզ կդառնա՝ հետազոտությունն իրո՞ք արժանահավատ է, թե՞ ոչ։   Ի՞նչ է ասում The Lancet-ի զեկույցը SARS-CoV-2-ի ծագման մասին  Անդրադառնանք նաև The Lancet ամսագրի զեկույցին։ 2020-ին The Lancet-ում հանձնաժողով ստեղծվեց, որի նպատակն էր կորոնավիրուսային համավարակը ճնշելու վերաբերյալ առաջարկներ մշակել։ Հանձնաժողովում ներառվեցին համաշխարհային փորձագետներ՝ հանրային քաղաքականության, միջազգային համագործակցության, համաճարակաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտներից։ 2022-ի սեպտեմբերին հրապարակված ծավալուն զեկույցի մի առանձին գլուխ նվիրված է SARS-CoV-2-ի ծագմանը։ Զեկույցում շեշտվում է, որ վիրուսի ծագումը դեռևս հայտնի չէ։ «Մենք համաձայն ենք 18 առաջատար գիտնականների հետ, որոնք 2021 թվականի մայիսին Science ամսագրում գրել են. «Մենք պետք է լրջորեն որպես վարկած ընդունենք թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերը, քանի դեռ բավարար չափով տվյալներ չենք ունենա»»,- վիրուսի ծագման մասին ասվում է զեկույցում։ Հղում է արվում նաև The Lancet-ում 16 գիտնականների հայտարարությանն այն մասին, որ վիրուսի և՛ կենդանաբանական, և՛ լաբորատոր ծագման ամբողջական ապացույցները բացակայում են։ «Անկախ փորձագետները, որոնց հետ խորհրդակցել է Lancet COVID-19-ի հանձնաժողովը, այն տեսակետի կողմնակից են, որ թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերի վերաբերյալ վարկածները գործում են և լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն»,- ասվում է զեկույցում: Այնուհետև ներկայացվում են վիրուսի ծագման բնական և լաբորատոր վարկածները։  Ըստ առաջին վարկածի՝ SARS-CoV-2-ն առաջացել է բնական տարածման արդյունքում, այսինքն՝ կենդանուց անցել է մարդու, այնուհետև՝ մարդուց մարդու։ Ըստ երկրորդ վարկածի՝ վիրուսը ծագել է հետազոտության հետ կապված գործողություններից․ հետազոտողը վարակվել է նմուշներ հավաքելիս,  հետազոտողը վարակվել է լաբորատորիայում իրենց բնական միջավայրում հավաքված վիրուսներն ուսումնասիրելիս,  հետազոտողը վարակվել է լաբորատորիայում գենետիկ մանիպուլյացիայի ենթարկված վիրուսներն ուսումնասիրելիս։ Զեկույցում նշվում է, որ անկախ հետազոտողները դեռ չեն ուսումնասիրել ԱՄՆ լաբորատորիաները, որոնք զբաղվում են SARS-CoV-ի նման վիրուսների լաբորատոր մանիպուլյացիայով, և չեն ուսումնասիրել Վուհանում (քաղաքը, որտեց առաջին անգամ հայտնաբերվեց վիրուսը) իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների մանրամասները։ «Դեռևս չկա անկախ, գիտական ​​և համատեղ աշխատանք՝ այս թեմայի վերաբերյալ: Վիրուսի ծագման որոնումը պահանջում է միջազգային խմբերի անաչառ, անկախ, թափանցիկ և մանրակրկիտ աշխատանք վիրուսաբանության, համաճարակաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ հարակից ոլորտներում բոլոր կառավարությունների աջակցությամբ»,- ասվում է զեկույցում: Այսպիսով, դեռևս չկան հստակ ապացույցներ այն մասին, թե ինչ ծագում ունի SARS-CoV-2-ը։ Պնդել, որ վիրուսն ունի արհեստական ծագում՝ հիմնվելով միայն չգրախոսված մեկ հետազոտության վրա, որը գիտական հանրությունը ոչ միանշանակ է ընդունել, չենք կարող։ Սակայն չենք կարող պնդել նաև հակառակը։  Գլխավոր լուսանկարը՝ paho.org-ից Աննա Սահակյան
14:08 - 12 նոյեմբերի, 2022
Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․ [20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։ Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։  Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։  Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը: Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։ Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։ Հայարփի Բաղդասարյան
21:43 - 10 նոյեմբերի, 2022