Ոչ թե կարճված, այլ կասեցված ծառայողական քննություն, ոչ թե 3․400․000, այլ 50․000 ՀՀ դրամ տուգանք
16:39 - 07 դեկտեմբերի, 2022

Ոչ թե կարճված, այլ կասեցված ծառայողական քննություն, ոչ թե 3․400․000, այլ 50․000 ՀՀ դրամ տուգանք

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը օրերս մի ռեպորտաժ է պատրաստել՝ «Որդեկորույս ծնողներին դատի է տվել Ոստիկանությունը» վերնագրով, որում երկու սխալ տեղեկություն է հնչել։

Հիշեցնենք՝ խոսքը Ոստիկանության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումների մասին է, որով վերջինս պահանջում է որդեկորույս մի շարք ծնողների ենթարկել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի խախտման՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը պանթեոն։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով):

Անդրադառնալով այս իրադարձություններին՝ ռեպորտաժի սկզբում լրագրողն ասել է. «Հասարակական կարգի այսպիսի ապահովման համար Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել, որը կարճ ժամանակ անց կարճվել է, որեւէ կարմիր բերետավորի պատասխանատվության չենթարկած ոստիկանությունը դատի է տվել զոհվածների ծնողներին,- նշել է նա։

Իրականում, սակայն, ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու մասին դեռեւս վաղ է խոսել, որովհետեւ ծառայողական քննությունը ոչ թե կարճվել է, այլ կասեցվել։ 

Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով հայտնել, թե 2022 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ոստիկանության ծառայողների գործողությունների առթիվ հարուցված ծառայողական քննությունը ի՞նչ փուլում է։ Եթե այն կասեցվել է, ապա երբ եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որ հիմքով։ 

Հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից հայտնել են, որ ծառայողական քննությունը կասեցվել է հիշյալ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ նկատի ունենալով, որ նույն փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում կատարվում է նախաքննություն․ «Ծառայողայական քննությամբ ոստիկանության ծառայողների արարքներին անդրադարձ կկատարվի հիշյալ քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ հիշյալ հոդվածի «ա» կետը սահմանում է, որ ծառայողական քննություն իրականացնող անձն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցնել ոստիկանության ծառայողի վերաբերյալ նախաքննության մարմին ուղարկված նյութերով մինչեւ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելը կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը կամ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։ Հաշվի առնելով, որ «մինչեւ նախաքննության ավարտը» ժամկետ այս կետով սահմանված չէ, մենք լրացուցիչ հարցում ենք արել Ոստիկանություն, որի մասին կտեղեկացնենք։

Հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյո՞ք ծառայողական քննությամբ պայմանավորված՝ որեւէ ոստիկանի լիազորություններ կասեցվել են, եւ արդյո՞ք սեպտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 21-ին Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստերում կարգապահական պատասխանատվության ենթարկված ոստիկանների մեջ եղել են «Եռաբլուր»-ի միջադեպի մասնակից ոստիկաններ։ Ի պատասխան մեր այս հարցերին՝ Ոստիկանությունից հայտնել են, որ որեւէ ոստիկանի ծառայողական լիազորություն չի կասեցվել, եւ միջադեպին մասնակից ծառայողների գործողությունները ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստերում չեն քննարկվել:

Վերոնշյալից բացի լրագրողը նաեւ ասել է, որ եթե դատարանը Ոստիկանության հայցը չմերժի եւ զոհվածների ծնողներին ենթարկի պատասխանատվության, յուրաքանչյուր ծնող պետք է վճարի նվազագույն աշխատավարձի՝ 68 հազար դրամի հիսնապատիկի չափով տուգանք․ «Ստացվում է՝ զոհված տղաների ամեն ծնողից հօգուտ ոստիկանության պետք է բռնագանձվի մինչեւ 3 միլիոն 400 հազար դրամ»,- նշել է նա։

Թեեւ ՎԻՎ օրենսգիրքը 182-րդ հոդվածի խախտման համար իսկապես սահմանում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանք, սակայն լրագրողի այս հաշվարկը եւս սխալ է, քանի որ 68 հազար դրամը, որը նա նշել է, ոչ թե նվազագույն աշխատավարձն է, այլ նվազագույն ամսական աշխատավարձը՝ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով։ Նույն օրենքով սահմանված է նաեւ, որ ՀՀ օրենսգրքերի (բացառությամբ Քրեական օրենսգրքի), օրենքների, նախագահի հրամանագրերի, կառավարության եւ վարչապետի որոշումների, նախարարությունների եւ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել հիշյալ նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

Հետեւաբար, եթե դատարանը վարչական պատասխանատվության ենթարկի զոհված զինծառայողների ծնողներին, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է վճարի 50 000 ՀՀ դրամ։

Հավելենք, որ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ նշված քրեական վարույթով որպես տուժող է ներգրավվել 19 անձ․ «Նախաքննությունը շարունակվում է, այս փուլում իրականացվում են հսկայածավալ քննչական եւ վարույթային գործողություններ»,- նշեց Աբրահամյանը՝ չհստակեցնելով՝ վարույթի շրջանակում մեղադրյալ ներգրավված անձ կա՞ թե՞ ոչ։ Գլխավոր դատախազությունից եւս չպատասխանեցին այդ հարցին՝ առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ։ Տուժող ճանաչված ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ մեղադրյալ ներգավված անձ դեռեւս չկա։

«Եռաբլուր»-ում ոստիկանների գործողությունները դատապարտել էին 35 հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով ոստիկանապետ Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը։

 

ԼՐԱՑՎԱԾ․ Մեր լրացուցիչ հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծառայողական քննության վերաբերյալ արդեն իսկ տրվել են սպառիչ պատասխաններ, ուստի այս հարցումը թողնվել է անհետեւանք։ Փաստացի, այս պահի դրությամբ ծառայողական քննությունը կասեցված է օրենքով չնախատեսված ժամկետով, իսկ այդ անհամապատասխանությունը Ոստիկանությունը հրաժարվում է պարզաբանել։

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել