Ինֆոքոմ

Ոստիկանությունը շուրջօրյա հասանելիություն կունենա մի շարք տեսահսկման համակարգերի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ոստիկանությունը շուրջօրյա հասանելիություն կունենա մի շարք տեսահսկման համակարգերի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմով հասանելիություն տրվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայանների, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց 63 կողմ, 7 դեմ, 14 ձեռնպահ ձայներով: Այն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 9-ից, քանի որ փաթեթից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Առաջինից երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունն առաջարկել է ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՆԳՆ աշխատակիցները համակարգին հասանելիություն կունենան խիստ նույնականացման միջոցով: Նաև տեսանյութերի վրա կկիրառվեն ջրանիշ և ժամանակային նիշ, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով, դրանք «դատարանի համար ավելի հավաստի դարձնելու համար»: Նշենք, որ ոստիկանությունը տեսահսկման համակարգերին հասանելիություն կունենա «Տեսալուսանկարահանյող էլեկտոնային համակարգերի կառավարման» ՊՈԱԿ-ի միջոցով: Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն  էր տարածել՝ նշելով, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից: ՆԳՆ-ն հայտնել էր, որ խնդրի փուլային լուծման տարբերակ է քննարկվում, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
11:29 - 05 մարտի, 2025
«Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝  73-հոգանոց վաշտի զոհվելու գործով

«Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով

«Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»․ այս խոսքերով էին այսօր մեկը մյուսի հետեւից սկսում իրենց ցուցմունքները 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում էր 2020 թ․ Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Նախկին զինվորականները, հիշեցնենք, մեղադրվում են ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ զոհվել է նույն զորամասի 73-հոգանոց վաշտի անձնակազմը։ Հակասություններ՝ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում Զոհված զինծառայողներից մեկը Սուրեն Դեմիրճյանն է, որ զորակոչվել է բանակ 2019 թ․-ին։ Նրա մայրը՝ Արմինե Ալավերդյանը, դատարանին հայտնեց, որ պատերազմի ընթացքում անընդհատ խոսել են որդու հետ, միշտ ասել  է, որ լավ է․ «Անգամ հայրը ցանկացավ գնալ, ասաց՝ հանկարծ տեղիցդ չշարժվես, ամեն ինչ նորմալ է»,– ցավով վերհիշեց Ալավերդյանը։ Որդու հետ այդ կցկտուր խոսակցությունները երկար չեն տեւել․ հոկտեմբերի 10-ին նրա հետ կապը կորել է․ «Հետո կապը կորել է, զանգում էինք իր համարով, էրեխեքը պատասխանում էին, ասում, որ հանձնարարության է գնացել, կգա, կասենք։ Բայց տեսանք, որ ձգձգվում է, ամուսինս իր վաշտի հրամանատարի հետ կապվեց, նա էլ ասաց՝ գնացել են, բայց տեղյակ չենք, թե ուր են, ասաց՝ գնացել են Ջրական։ Թե ում հրամանով՝ չգիտեմ»։ Պատասխանելով հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցին, թե ի վերջո ինչ պարզվեց, որդեկորույս մայրն ասաց․ «Պարզվեց, որ «9-րդ կմ» կոչվող տեղանքում պիտի իրենց դիմավորեին, թե ով, չգիտեմ։ Ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց․․․ Հետագայում տեսա էն մարդուն, ում հետ ինքը մեքենայով մթերք էր դիրք տեղափոխում, ասաց՝ երանի չթողնեի նա գնար․․․»։ Արմինե Ալավերդյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը․ Իշխանյանը, նաեւ մյուս մեղադրյալ Նվեր Մնացականյանը դատարանի որոշմամբ -Տիկի՛ն Ալավերդյան, ըստ գործի տվյալների՝ շատ տուժողների ցուցմունքներ բառացիորեն կրկնվում են, մտքեր կան, որ Գոռ Իշխանյանն է էրեխուն հասցրել մահվան դուռը։ Դուք էդպիսի բան ասե՞լ եք։ -Ես տենց բան չեմ ասել, քննիչը ասաց, որ Գոռ Իշխանյանն է, մեկ էլ կողքի անձնավորությունը, իրենք են ուղարկել էրեխեքին, իրենց ձերբակալել են, ասեցի՝ պիտի ուղարկես բերդ, հանգիստ ապրի, հետո նորից ուղարկես ժողովրդի մեջ, ասեցի՝ տուր մայրերին, մենք կիմանանք՝ ինչ անենք իր հետ, ասաց՝ դու կարա՞ս, ասացի՝ խի՞ չեմ կարա, ինքը կարա՞ր մեր էրեխեքին տենց աներ, եթե ինքն է արել, ես չգիտեմ․․․ - Քանի մեքենայով եւ ինչ հանձնարարության են գնացել։ - Չգիտեմ՝ ինչ հանձնարարության, գիտեմ, որ 3 մեքենայով։ - Ու՞ր պիտի գնային։ - «9-րդ կմ»։ - Հրամանը ո՞վ էր տվել։ - Եթե չեմ սխալվում, վաշտի հրամանատարը։ Թե ով է, չգիտեմ։ - Իսկ Ջալալ Հարությունյանի մասին ի՞նչ գիտեք։ - Գիտեմ, որ արտակարգ անձնավորություն է եղել, իր զինվորներին պահող։ - Տեղյա՞կ եք, որ նա է հրաման տվել, որ զորամիավորում ուղարկեն 9 կմ։ - Չէ։ - Ո՞ւմ վրա է եղել տեղափոխման գործառույթը - Չգիտեմ։ - Գեւորգ Գեւորգյան անուն–ազգանունը ծանո՞թ է։ - Չէ։ - Սլավիկ Ավագյա՞ն։ - Չէ։ - Էդպիսի տվյալներ քննիչին ասե՞լ եք։ - Չէ։ Տուժողի իրավահաջորդի այս ցուցմունքից հետո թե պաշտպանը, թե մեղադրողը միջնորդեցին հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը՝ որոշ հակասություններ պարզաբանելու նպատակով։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Քննիչը ծնողին ուղղորդե՞լ է թե՞ ոչ Նախաքննության ժամանակ Արմինե Ալավերդյանը պատմել էր, որ որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց պատերազմը, հաճախ խոսել է որդու հետ, սակայն գտնվելու տեղը չի իմացել․  «Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին՝ առավոտից մինչ երեկո, ոչինչ չի հայտնել, ասել է՝ մնաց 100 օր, չանհանգստանաք։ Դրանից հետո կապ չեմ կարողացել հաստատել, իսկ պատերազմի ավարտից հետո փնտրել եմ նրան տարբեր վայրերում՝ Գորիսի եւ Ստեփանակերտի հիվանդանոցներում եւ դիահերձարանում։ Նոյեմբեր ամսին համածառայակիցների ծնողներից տեղեկացել եմ, որ նրանք մեկնել են Ղարաբաղ, որտեղ տեղեկացել են, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը հրաման է տվել վաշտի անձնակազմից 73 հոգու 3 ավտոմեքենայով տեղափոխել Ֆիզուլից Հադրութ ուղղությամբ՝ 9 կմ հատված։ Իմացել ենք, որ հոկտեմբերի 1-ին Հադրութը գրավված է եղել, եւ այն ճանապարհը, որով տարել են, պաշտպանված չի եղել եւ վերահսկվել է ադրբեջանցիների կողմից։ Հետագայում պարզեցինք, որ ոչ ոք չի դիմավորել, օգնության չի եկել, եւ ըստ շրջանառվող  տեղեկությունների՝ Գոռ Իշխանյանի եւ Կարեն Առստամյանի ոչ ճիշտ գործողությունների արդյունքում տղաները ընկել են շրջափակման մեջ եւ կռիվ տալով զոհվել են։ Որպես ծնող ինձ համար անհասկանալի է մնացել՝ ինչպես կարող է անձն ուղարկվի ինչ–որ հատված եւ նման ճակատագրի արժանանա։ Գտնում եմ, որ ինչպես Գոռ Իշխանյանը, այնպես էլ մյուս պատասխանատուները, ճիշտ չեն ղեկավարել, ինչի արդյունքում անձնակազմը ենթարկվել է դիվերսիոն հարձակման »,- սա հատված է Ալավերդյանի նախաքննական ցուցմունքից։ Վերջինս, ի տարբերություն դատարանում այսօր հայտնած տեղեկությունների, նախաքննության ժամանակ հիշատակել է այն անձանց անունները, որոնց մասին հարց հնչեցրեց Իշխանյանի պաշտպանը․ Ուղեկցող սպան եղել է Գեւորգ Գեւորգյանը, նաեւ նույն գումարտակի զամպալիտ Սլավիկը, որը նույնպես զոհվել է։ Փաստնմ այն է, որ անձնակազմին ոչ ոք չի դիմավորել, իսկ Գոռ Իշխանյանը առանց ճշտումներ կատարելու անձնակազմին ուղարկել է մահվան դուռ, սա մեր՝ ծնողներիս վերլուծություն է, ես չգիտեմ, թե ըստ կարգի ով ում հետ պետք է ճշգրտումներ աներ, որ նման արդյունք չլիներ։ Իմ միակ պահանջն այն է, որ բոլոր անձինք, որ մեղավորություն ունեն, պատասխան տան օրենքի առաջ ամենայն խստությամբ»,– ասված է նախաքննական ցուցմունքում։ Սուրեն Դեմիրճյանի դին հայտնաբերվել եւ հուղարկավորվել է 2021 թ հունվարին։ Ցուցմունքի հրապարակումից հետո կողմերը շարունակեցին հարցեր տալ Ալավերդյանին․ - Ճի՞շտ է այս ցուցմունքը, պնդո՞ւմ եք,- հարցրեց մեղադրող դատախազը։ - Հա։ - Ինչ հրապարակվեց, Ձեր բառերի՞ց է։ - Ես եղել եմ քննիչի մոտ, չեմ կարդացել վերջում, էդքան հավես չունեի։ - Բա ինչի՞ համար եք գրել՝ կարդացել եմ։ - Ասեց գրի, գրեցի։ - Ուղղորդել, ստիպե՞լ է, ասե՞լ է՝ սենց գրի-նենց գրի։ - Չէ–չէ, իմ տված պատասխաններն է գրել։ Տուժողի իրավահաջորդի իրարամերժ պատասխանները հաշվի առնելով՝ մեղադրող Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ լարվա՞ծ է արդյոք, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց՝ շատ։ Նշեց, որ հնարավոր է՝ այսքան տարի անց շատ բաներ չհիշի, բայց ճնշում, ուղղորդում չի եղել։ Զոհվածի ծնողին հայտնի չէր՝ ով պիտի դիմավորեր վաշտին Հարցաքննված մյուս ծնողը զոհված Վահան Առաքելյանի հայրն էր՝ Արտյոմ Առաքելյանը՝ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղից։ Նա պատմեց, որ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, որդին ասել է՝ մեզ մոտ ոչ մի բան։ Ծնողները հետագայում են իմացել, որ պիտի զորքին Ֆիզուլիում դիմավորեն, բայց չեն դիմավորել, նրանք էլ շատ են առաջացել, հասել են Հադրութ, կոտորվել։ Թե ով պիտի դիմավորեր, եւ ում հրամանով էր Իշխանյանը զորքին տարել այնտեղ, Առաքելյանը չգիտեր։ «Բոլորը մեղավոր են՝ նախարար Ջալալ Հարությունյանից սկսած»  Հարցաքննվեց նաեւ ասկերանցի Սպարտակ Առաքելյանը։ Նա զոհված Գուրգեն Առաքելյանի հայրն է։ Առաքելյանը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ սեպտեմբերի վերջերին է խոսել․ «Ասել է՝ նորմալ է, հլը մեզ էլ դուխ է տվել։ Հոկտեմբերի 11-ին արդեն անհասանելի է եղել»։ Ծնողները լսել են, որ զորքին ուղարկել են Ֆիզուլի՝ ինչ-որ օգնության, թե ում հրամանով, չեն իմացել, բայց իմացել են, որ պիտի դիմավորեին։ - Ո՞վ պիտի դիմավորեր,- հարցրեց մեղադրողը։ - Առստամյան Կարենը։ - Ինչի՞ չի դիմավորել։ - Դե, եսիմ։ - Ի վերջո իմացա՞ք՝ ինչ է տեղի ունեցել։ - Իմացա, որ տարել են Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է,- հեղ․), Ֆիզուլի, էնտեղ կոտորել։ Պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ հետաքրքրվեց, թե ըստ ծնողի՝ կատարվածի մեջ ովքեր են մեղավոր․ «Բոլորը մեղավոր են՝ նախարար Ջալալ Հարությունյանից սկսած»։ Դատարանում էր նաեւ զոհված զինծառայողի ծնող Ռոբերտ Քոչարյանը՝ Արտյոմ Զախարյանի հայրը։ Վերջինս նախաքննության ժամանակ դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ դեպքի հանգամանքների մասին ոչինչ չգիտի, միակ պահանջն է, որ եթե կան մեղավորներ, պատասխան տան օրենքի առաջ։ Իր այս խոսքերը Քոչարյանը պնդեց նաեւ այսօր։ Տուժողների իրավահաջորդներ Գուրգեն Գեւորգյանն ու Վեներա Ղարայանը դիմում էին ներկայացրել դատարանին՝ տեղեկացնելով, որ առողջական խնդիրներով պայմանավորված չեն կարող ներկայանալ դատարան, ուստի խնդրում են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքը։ Դատարանը որոշեց այդ հարցին անդրադառնալ մյուս ծնողների հարցաքննությունների ավարտին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին։   Միլենա Խաչիկյան
21:52 - 04 մարտի, 2025
10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում:  Այն ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա ներկայացրեց, որ 2010թ. ոլորտում շրջանառության ծավալը կազմել է 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը կազմել է 2.6 միլիոն դոլար կամ 7.2 տոկոս. «2010-2023թթ. գործունեության ծավալը աճել է ավելի քան 440 անգամ, և 2023թ. կազմել 15.8 միլիարդ դոլարչ, հավաքագրվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0.4 տոկոսը»: Նա ընդգծեց, որ փաստերը ցույց են տալիս, որ շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը իջել է: Ապա Սարգսյանը ներկայացրեց վերջին 5 տարվա ընթացքում ոլորտը կարգավորելուն ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեին սահմանափակել և կրճատել ծավալները, սակայն, նրա խոսքով, «դրանք այնքան էլ չեն ծառայել նպատակներին»: «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին ավելացնել: Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով միջազգային փորձը. Վրաստանում 10% է, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5-20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում՝ 8-16%, Իսպանիայում՝ 8-10%, Հունգարիայում՝ 15%: Հայկ Սարգսյանը ներկայացրեց նաև, որ գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ են հանդես եկել նախագծին՝ նշելով, որ այս փուլում այն նպատակահարմար չէ: Նրա խոսքով կառավարության գործընկերների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են նախագիծը, և վերջինս կողմ է եղել ու առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս անց, նախագծի ընդունումից անմիջապես հետո: «Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ: Առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ, և սույն ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր: Պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով»,- հայտնեց պատգամավորը: Ապա պատասխանելով պատգամավոր Հովիւկ Աղազարյանի հարցին, Հայկ Սարգսյանը բացատրեց, որ 2 տեսակի տուրք կա, մեկը տարեկան տուրքն է, մյուսը՝ խաղադրույքի ծավալի նկատմամբ կիառվող տուրքն է, և բարձրացվում է ոչ թե տարեկան տուրքը, որը բազային տուրքն է, այլ շրջանառության վրա դրված տուրքը, որը համարժեք է շրջանառության հարկին. «Այսինքն՝ անունն է տուրք, բայց ինքը շրջանառության ծավալի հետ շարունակելու է աճել: Եթե շրջանառության ծավալը 2 անգամ աճի, տուրքը 2 անգամ աճելու է»:  Սարգսյանն ընդգծեց նաև, որ օրենքի նախագծի մեջ նաև հստակ նշվելու է, որ մինչև խաղային օպերատորի ուժի մեջ մտնելը, տուրքը վեց ամիսը մեկ շարունակելու է կրկնապատկվել. «Այսինքն՝ մենք մեխանիզմ ենք ստեղծել, որ խաղային ընկերությունները ոչ թե խանգարեն խաղային օպերատոր ունենալու գործին, այլ օգնեն, որ տուրքն էլ չկրկնապատկվի»: Նա հավելեց, որ ոլորտի համար սահմանափակումներ չեն նախատեսվում այս նախագծով, սակայն առաջիկայում պատրաստվում են նաև նմանատիպ նախագծի շուրջ քննարկումներ սկսել, որ քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել:
10:25 - 04 մարտի, 2025
Դիվանագետներին հրավիրել ԱԳՆ և պահանջել Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցների անհապաղ ազատ արձակում. ակցիա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց

Դիվանագետներին հրավիրել ԱԳՆ և պահանջել Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցների անհապաղ ազատ արձակում. ակցիա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց

Քաղաքացիները հավաքվում են ՀՀ ԱԳ նախարարության դիմաց պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը անդրադարձավ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: «ՀՀ ԱԳՆ-ի՝ րոպեներ առաջ արված հայտարարությունը վերաբերում է մտահոգությանը: Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ պետք է գործողություններ իրականացնի: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել, սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը:  Մասնավորապես առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները հրավիրվեն ՀՀ ԱԳՆ և ՀՀ կողմից հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, որոնք բացառապես գերի են, անկախ նրանից, թե նրանց նկատմամաբ ինչ դատավարություն ոն անցկացվում, պետք է օր առաջ ազատ արձակվեն: Միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի, քանի որ դա միջազգային իրավունքների, նորմերի խախտում է, սա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս չի կազմում, ինչպես սահմանազատումն է և այլ հարցեր»,- նշեց նա: Առաքելյանն ընդգծեց, որ Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը չի իրականացվում:  «Եթե Ռուբեն Վարդանյանը և մնացած հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և մնացած ՔՊ-ականները Բաքվի ստրուկներ են: Եվ ստրուկի հոգեբանությամբ նրանք չեն պատրաստվում որևէ բան անել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանություններն ասում են, որ օր ու գիշեր աշխատում են այս ուղղությամբ, բայց չեն բարձրաձայնում չվնասելու համար, Առաքելյանն արձագանքեց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ իրենց ասածը ամբողջովին ճիշտ է, չկա արդյունք: Այո, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ կառավարության պարտականությունն է, և նրանց օր ու գիշեր աշխատանքը եթե արդյունք չի տալիս, ապա այս մարդիկ պետք է հեռանան: Այսինքն՝ իրենց գլխավոր պարտականություններից մեկը չեն կատարում»:
12:29 - 28 փետրվարի, 2025
150 միլիոն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքների համար

150 միլիոն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքների համար

ՀՀ կառավարությունը մինչև հինգ տարի մարման ժամկետով մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրի ընդհանուր մինչև 150 միլիոն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ գործադիրի նիտի ժամանակ: Ըստ նախագծի՝ բյուջետային երաշխիքը կտրամադրվի որոշմամբ նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, որոնք վերաբերում են վարկի հետագա մարման պայմաններին, ինչպես նաև սահմանվել է, «որ բյուջետային երաշխիքը տրամադրվում է, եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում ընկերությունը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու և երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը»: Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է նաև այն փաստը, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: «Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը: Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման կառավարության որոշման նախագիծը»,- նշվում է հիմնավորման մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ընկերության 100% 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% համարժեք՝ 12 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն:
11:56 - 27 փետրվարի, 2025
Անդրանիկ Վերանյանի գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

Անդրանիկ Վերանյանի գործով դատարան էր ներկայացել ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին առնչվող քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Քրեական գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում պատսպարված ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) անձնակազմի անդամների զոհվելու դեպքին։ Ըստ գործի նյութերի՝ Վերանյանը զինվորներին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել՝ չնայած հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Սանամյանը այս դեպքի ականատես չէ, 44-օրյա պատերազմի ժամանակ  ծառայության բերումով Տավուշի մարզում է եղել։ Սակայն հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջնորդել է նրան դատակոչել եւ որպես վկա հարցաքննել՝ հաշվի առնելով, որ 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նա Տավուշում ԱԹՍ-ի հետ առնչվելու հաջող փորձ է ունեցել։ 2020 թ․ օգոստոսին վարչապետի միջնորդությամբ եւ Հ նախագահի հրամանագրով կապիտան Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը․ «Կապիտան Սանամյանը, որպես սպա եւ հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն եւ խիզախություն», - ասված էր պաշտոնական հաղորդագրությունում: Սանամյանը մեկ կրակոցով հակառակորդի ԱԹՍ է խոցել Դատարանում ցուցմունք տալով՝ Ռուբեն Սանամյանը պատմեց, որ հուլիսյան մարտերի ժամանակ զորամասի հրամանատար, գնդապետ Գարիկ Աղաջանյանից ԱԹՍ-ների վրա կրակելու հրահանգ է ստացել, որն էլ իր ենթականերին է փոխանցել։ Մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին, թե ինչով պիտի կրակեին, Սանամյանը պատասխանեց՝ այդ պահին իրենց մոտ եղած միջոցներով։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը - Դուք ինքնաձիգով ԱԹՍ խոցե՞լ եք։ - Այո։ - Ի՞նչ բարձրությունից։ - Մոտ 300 մ։ - Մենահա՞տ կրակոցով թե՞․․․ - Այո․․․ Մինչեւ իմ կրակ վարելը զինծառայողները կրակահերթ արել են, բայց չի հաջողվել, դադար եմ տվել, ես եմ խոցել։ Վկայի խոսքով՝ եղել է հարվածային ԱԹՍ․ դա են վկայել տեսքը, չափսերը, բարձր ձայնը։ Հետագայում հակառակորդը կիրառել է նաեւ հետախուզական ԱԹՍ-ներ, որոնք գտնվել են ավելի բարձր, եւ ինքնաձիգով խոցման ենթակա չեն եղել․ «Եթե գիտես, որ կարող ես խոցել, բնականաբար, պիտի փորձես խոցել, բայց որ թողնես՝ ազատ իր խնդիրը կատարի, ինձ թվում է՝ ճիշտ չէ»,- ասաց վկան։ - Ձեզ թվո՞ւմ է, թե՞ նման հրահանգավորում է եղել,- հարցրեց մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։ - Ես, ամեն դեպքում, խոցել եմ։ - Հարցը հրահանգավորման մասին է։ - Հրահանգը եղել է, որ մենք պիտի հնարավորության դեպքում խոցենք,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ հրահանգը տրվել է բանավոր։ - Եվ այդ հնարավորությունը գնահատվում է յուրաքանչյուր անգամ ստեղծված իրավիճակի՞ց,- ճշգրտեց պաշտպանը։ - Միանշանակ։ - Ձեր խոցելը նշանակո՞ւմ է, որ մյուսներն էլ պիտի նման կերպ վարվեն։ - Ոչ,- պատասխանեց վկան։  Տուժողների իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ եթե Սանամյանի հրամանատարության ներքո լինեն մի քանի զինվորներ, եւ նա տեսնի ԱԹՍ-ի թռիչքը, հրաման կտա՞, որ նստեն մեքենան եւ շարժվեն առաջ։ Սանամյանը, սակայն, նշեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։  Զոհված զինծառայողների հարազատները - ԱԹՍ-ի առկայության դեպքում զինվորական շարժ կանե՞ք,- տուժողի իրավահաջորդը վերաձեւակերպեց հարցը։ - Մարտական գործողությունները էնպես են, որ, լինի հրետանի, թե ԱԹՍ, թե այլ բան, ավելի արդյունավետ կլինի՝ այդ պահին կողմնորոշվես, պահի թելադրանքով։ Դրա համար ես չեմ կարող հիմա ասել, պահը պիտի տեսնես,– պատասխանեց Ռուբեն Սանամյանը։ Նրա հարցաքննության մյուս մասն ընթացավ դռնփակ, քանի որ պաշտպանական կողմը պետք է հրապարակեր գաղտնի փաստաթղթերից մեջբերումներ։ Վկա Բաբաջանյանի խոսքով՝ իմաստ ունի կրակել միայն ցածր թռչող ԱԹՍ–ի վրա Դատակոչված հաջորդ վկան 2020 թ․ հուլիսյան մարտերի ժամանակ նույն զորամասի վաշտի հրամանատար Ռոբերտ Բաբաջանյանն էր։ Վերջինս իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգով խոցել է հակառակորդի անօդաչու թռչող սարք, ինչի համար պարգեւատրվել է «Արիության» մեդալով։ Բաբաջանյանը պատմեց, որ ըստ իրենց ստացած հրահանգի՝ օդային հարձակման դեպքում անձնակազմին պետք էր մտցնել թաքստոց, իսկ հերթապահ դիտորդը պետք է օդային դիտարկում իրականացներ։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ ԱԹՍ-ի վրա կրակելու հրահանգ եղե՞լ է, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ իրենք դրա համար ՀՕՊ միջոց են ունեցել։ Այնուհանդերձ, ինքն իր ինքնաձիգով  երկու կրակոցից խոցել է։ Ռոբերտ Բաբաջանյանը - Արդյունավե՞տ էր,- հարցրեց մեղադրողը։ - Դե, ցածր էր, կրակել եմ, կպել է, ֆռիկը ջարդվել է, ընկել միջտարածություն։ - Ի՞նչ ԱԹՍ է եղել։ - Հարվածային։ - Ըստ փաստական տվյալների՝ հետախուզական է եղել։ - Դե, ես մասնագետ չեմ, եթե մասնագետներն են ասել․․․ - Դուք ինքնե՞րդ եք որոշել կրակել։ - Այո, կրակել եմ, հետո զեկուցել։ - Այսինքն՝ չկրակելու հրաման չկա, բայց արդյունավետ կրակոց պիտի լինի։ - Ես իմ ավտոմեքենայի միջից եմ կրակել, ավտոն փախցրել եմ, կրակել եմ,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ բոլորիս էլ պարզ է, որ նման դեպքերում պետք է մեքենան թողնել, զորքին պատսպարել։ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը դարձյալ հետաքրքրվեց՝ այդ հրահանգը փաստաթղթավորվե՞լ է թե՞ բանավոր է եղել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ բանավոր։ - Ի՞նչ բարձրության վրա էր,- հարցրեց պաշտպանը։ - Մոտ 300 մ։ - Ավելի բարձրի դեպքում նպատակահարմա՞ր է կրակել։ - Պատահականություններ լինում են․ եթե արտադրել են ԱԹՍ, չեն արտադրել, որ ավտոմատով խփեն․․․ - Եթե մի քանի զինծառայող հավաքվի ու կրակ վարի թռչող ԱԹՍ-ի ուղղությամբ, մի՞թե դա չի նշանակի, որ մենք մեր տեղը նշմարեցինք։ - Կնշմարվի, իմաստ էլ չունի բարձր ԱԹՍ-ի վրա կրակել։ - Բա ո՞ր դեպքում է պետք կրակել, ձեր հրահանգը մանրամասն վերլուծա՞ծ էր։ - Մանրամասն վերլուծած չէր, քանի որ մարտերի ժամանակ մենք շարժ չենք ունեցել, նախօրոք գիտեինք, տեղակայվել էինք։  - Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում մեքենան պիտի՞ կանգնեցվի թե՞ չէ։ - Չէ, դե չի կարելի այդպես ասել,- պատասխանեց վկան՝ նշելով, որ դա ինչ-որ տեղ նաեւ փորձի հիման վրա ձեւավորված հրահանգ էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Չոբանյանից։ Այնուհանդերձ, ի պատասխան տուժողների իրավահաջորդների հարցին՝ եթե տեսնի, որ երկնքում ԱԹՍ է պտտվում, իսկ կողքին անտառ կա, կհրահանգի՝ թաքնվե՞լ թե՞ նստել մեքենաներն ու երթը շարունակել, վկան պատասխանեց․ «Պիտի ասեմ՝ թաքնվում ենք»։ Դեպքին ականատես վկան մանրամասներ պատմեց Հանրային մեղադրողի միջնորդության հիման վրա դատակոչված երրորդ վկան էլ Շալիկո Եղիազարյանն էր։ Վերջինս ԻՍՎ զինվորների մեքենայի խոցվելու ականատեսն է, որն էլ հենց այրվող Ուրալի տեսանյութը փոխանցել է իրավապահներին։ Եղիազարյանը Արցախի Քաշաթաղի շրջանից էր, տարածքին ծանոթ, ուստի կամավորների հետ մասնակցել է տարբեր գործողությունների։ Ճշգրտման նպատակներով էլ դեպքի օրը հայտնվել է Իշխանաձորի խաչմերուկում․ «Իշխանաձորում ամեն գործողության ներկա ենք եղել, ԱԹՍ-ն օդի մեջ պտտվում էր, 100-150 հոգի ցրված էր, ոստիկաններն էլ կարգավորվում էին։ էրեխեքին տեսանք, մի մասը խանութներ էր մտած, առեւտուր էին անում, քաղցր-մաղցր էին առնում իրենց համար։ Որ նստեցին Ուրալ, մենք էլ զարմացանք․ սաղս թաքնված էինք, սնարյադներ կային շարված, խառը իրավիճակ էր, Խնձորեսկի վաշտի սնայպերը նույնիսկ փորձեց կրակել, չկպավ»։ Շալիկո Եղիազարյանը - Զորքը ո՞ր պահին է նստել Ուրալը, ինչի՞ց հետո,- հետաքրքրվեց Հայկ Մարգարյանը։ - Որ նստեց, մենք էլ զարմացանք՝ խի շարժվեց, սաղս ծածկերի տակ էինք, չեմ կարա ասեմ՝ ոնց եղավ, ինչից եղավ։ - Ինչ-որ մեկը զեկուցե՞լ է օդում ԱԹՍ-ի առկայության մասին։ - Այո, ռազմական ոստիկանությունն էր էդտեղ, մեր օրգանի աշխատողները (նկատի ունի Արցախի,-հեղ․), շատերն են զեկուցել։ - Դուք անձամբ լսե՞լ եք ԱԹՍ-ի ձայնը։ - Ես անձամբ լսել չէ, տեսել եմ։ - Ուրալը նստելու պահին ԱԹՍ-ն դեռ պտտվո՞ւմ էր։ - Այո։ - Բա ինչի՞ նստեցին։ - Չեմ կարող ասել, բայց դե, առանց հրամանի բան չի լինում։ Վկան դժվարացավ պատասխանել պաշտպանի այն հարցին՝ սպաներից որեւէ մեկը ընդդիմացա՞վ այդ հրամանին թե ոչ։ Ասաց՝ կատարվածից հետո ինքն է մոտեցել մի սպայի, իր խոսքով՝ «դոշերց հավաքել» զայրացել։ Նա, սակայն, դեմքով չհիշեց այդ սպային, ասաց՝ շատ խառը վիճակ էր, իրարանցում։ - Որ ԱԹՍ-ն իջներ, մոտենար կկրակեի՞ք։ - Անպայման, բոլորը, բայց էդ հեռավորության վրա ինքնաձիգով անհնար էր։ Վկա Եղիազարյանը պատմեց, որ ինքը բոլոր պատերազմներին մասնակցել է, եւ առաջին անգամ ԱԹՍ տեսել է 2016 թ․ Քառօրյայի ժամանակ․ «Չենք հավաքվել իրար վրա, նույնը՝ 2020-ին, ոչ մի վիրավոր, զոհ չենք ունեցել Ջրականում, որովհետեւ սպաներ կային մեզ հետ, մեզ սովորեցրին, որ եթե տեսնում էինք՝ ցածր է, կրակում էինք»,- նշեց նա՝ հավելելով, որ ԱԹՍ-ի բարձր լինելու դեպքում հատուկ տեխնիկան է աշխատել, ինքնաձիգը էլ չէր կարող խոցել։ Վկայի խոսքով՝ այդ հատվածում՝ ծառերի տակ, 200-300-ին հասնող արկղեր կային, ներսում՝ արկեր։ Բացատրեց՝ պատերազմի ժամանակ Ջրականում մի քանի անգամ խաբել են թշնամուն․ դատարկ արկղեր դրել, եւ ԱԹՍ-ները եկել, դրանք են խոցել։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը խոցելիս ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերել։ Բայց այս դեպքում անձամբ է մոտեցել, բացել, համոզվել, որ արկղերը լիքն են։ Վկայի տպավորությամբ՝ ԱԹՍ-ն այդտեղ թիրախ էր որոնում։ Մեղադրողը վկայի ցուցմունքում էական հակասություններ տեսավ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսավ՝ միջնորդելով հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը Նախաքննության ժամանակ Եղիազարյանը պատմել էր, որ իրենց մոտ կանգնած են եղել վերադաս մի քանի սպա եւ ժամկետային զինծառայողներ․ «Այդ սպաներից մեկը ռադիոկապով զեկուցեց վերադասությանը, որ երկնքում հակառակորդի ԱԹՍ կա, ԱԹՍ չասաց, թռչուն թե թիթեռ, տենց մի բան, որից հետո չլսեցի՝ ինչ հանձնարարություն տրվեց, սակայն այդ սպան հանձնարարեց բոլորին նստել ավտոմեքենաները եւ շարժվել առաջ։ Երբ ԱԹՍ-ն դարձավ ավելի տեսանելի, ես եւ ընկերս՝ Գարունը, անմիջապես շարժվեցինք Ուրալի ուղղությամբ, լսեցինք պայթյունի ձայն, մոտեցանք ու նկատեցինք,, որ արդեն խոցվել է, իսկ անձնակազմը՝ զոհվել։ Ես զայրացած մոտեցա ուղեկցող սպային, ով արդարացավ, որ մեղավոր է, եւ չպետք է ենթարկվեր վերադասության հրամանին․․․ Դա այն նույն սպան էր, որը ողջ էր մնացել, եւ որին հետո տեսա խոցված Ուրալի մոտ, որն էլ ասաց, որ մեղավոր է․․․ Նա խառնված էր, մի կերպ էր խոսում։ Նշեմ, որ նա Վիլիսով էր ուղեկցում Ուրալին․․․ Ես հիշում եմ, որ նշված սպան հաստատ խոսեց, բայց հնարավոր է բջջայինով է խոսել, նաեւ մի զինվորի ծնող էլ է եղել, բայց վերջինիս Ուրալի վարելու ժամանակ եմ տեսել։ Նշված ծնողը մի սպայի էր հայհոյաում, որից հասկացա, որ հրաման տված սպան նա էր, ինքն իր հետ էր խոսում՝ ասելով՝ «դու սպանեցիր իմ էրեխուն», սակայն հասցեատեր սպան արդեն այդտեղ չէր»։ Ցուցմունքի հրապարակումից հետո Շալիկո Եղիազարյանը ասաց․ «5-րդ տարին է անցել, ինչ ասել եմ էդտեղ, ճիշտ եմ ասել, հիմա շատ բաներ չեմ հիշում․․․ Էնքան դարդ ու ցավ ենք ապրել, մինչեւ հիմա գիշերները չենք կարողանում քնել»։ Պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդություններ ներկայացրեց Հարցաքննություններից հետո մեղադրյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը միջնորդեց լրացնել դատաքննությունը։ Մասնավորապես, դատակոչել եւ դատարանում հարցաքննել մի շարք վկաների, իսկ տուժողների իրավահաջորդներից 3-ին կրկին հարցաքննել։ Գրիգորյանը իր միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ այդ անձանց ցուցմունքներում էական հակասություններ կան, եւ կան հարցեր, որոնց պատասխանները առանց այդ ամենը պարզելու հնարավոր չէ տալ։ Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը Միաժամանակ պաշտպանը միջնորդեց հետազոտել Վերանյանի տրամադրած մի տեսագրություն, որից երեւում է այն վայրը, որը, ըստ ամենայնի, ծառայել է զինպահեստ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը տուժողների իրավահաջորդներին եւ վկաներից մի քանիսին հարցաքննելուն առարկեց, մնացած մասով առարկություն չներկայացրեց։ Տուժող կողմը միացավ մեղադրողի դիրքորոշմանը՝ կարծիք հայտնելով, որ պաշտպանական կողմը արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ տեսագրությունը հետազոտելու եւ մի քանի վկաների դատակոչելու մասով, իսկ տուժողների իրավահաջորդներին կրկնակի հարցաքննելու միջնորդությունը հետաձգեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 17-ին։  Գրեթե մեկ ամսվա ընդմիջումը զայրացրեց զոհված զինծառայողների ծնողներին, որոնք դժգոհեցին, որ այդպես ուշ նշանակել չի կարելի․ 5 տարի է՝ գնում-գալիս են, բայց քննությունը դեռ չի ավարտվել։ - Այս դատարանում միայն այս գործը չի քննվում․․․ Գործ կա, որ 8-9 տարի է՝ քննվում է, եւ մեղադրյալները կալանքի տակ են,- նշեց դատավորը՝ մանրամասնելով իր ծանրաբեռնվածությունը։ - Հիմա էլ մենք ենք կալանքի տակ,- արձագանքեց զոհված զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։   Միլենա Խաչիկյան
11:44 - 26 փետրվարի, 2025
«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

«Եթե չնահանջեինք, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը»․ Հովիկ Գաբրիելյանի տեղակալի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի տեղակալ Հրաչյա Ղազարյանի կարծիքով՝ եթե հոկտեմբերի 4-ին Ջրականում զբաղեցրած բնագծից չնահանջեին Հադրութ, 5000 զոհին կգումարվեր եւս 120-ը․ «Դրանով ամեն ինչ կավարտվեր, եւ այս դատապրոցեսն էլ չէր լինի»,- դատարանում ցուցմունք տալով՝ հայտարարեց նա։ Խոսքը այն նահանջի մասին է, որի համար հիշյալ գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ նա չթույլատրված նահանջ է իրականացրել, ինչի հետեւանքով իր պաշտպանության տակ գտնվող բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ անպաշտպան թողնված հատվածով թշնամին կարողացել է աջակողմյան ստորաբաժանմանը (հրամանատարը՝ Համլետ Լեւոնյան) անարգել շրջանցել եւ գցել շրջափակման մեջ։ Արդյունքում, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Զրահատանկային գումարտակը բնագծում տանկեր չի ունեցել Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Հրաչյա Ղազարյանը, որը որպես վկա է դատակոչված, այսօր հայտնեց, որ Գաբրիելյանին ճանաչում է 2019 թ․-ից, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան կորպուսի հրամանատարի հանձնարարությամբ տեղափոխվել են պաշտպանական շրջան, դիրքավորվել։ Հոկտեմբերի 3-ին իրենց հրետանային մարտկոցը շտաբի պետի հրամանով առանձնացել է իրենցից, ուղարկվել Արթուր Քոչարյանի ստորաբաժանմանը աջակցելու (ողջ անձնակազմը այդտեղ զոհվել է,- հեղ․)։ Հաջորդ օրը իրենց է միացել Հովիկ Գաբրիելյանը (մինչ այդ գտնվում էր ՌԴ-ում «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով,-հեղ․) եւ ստանձնել հրամանատարությունը։ Եղել են մոտ 110 հոգի, ունեցել՝ 7 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) եւ ավտոմատներ, որոնցով, ըստ վկայի, հնարավոր չէր խնդիր կատարել։ Խրամատները ամբողջովին կահավորված չեն եղել, կահավորել են, ինչպես կարողացել են։ Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրենց տանկերը իրենց մոտ չէին․ «Կորպուսի հրամանատարի հրամանով․ ասել էր՝ Գաբրիելյանը գա, նոր․․․ Քանի որ տանկային վաշտը զորամասի գլխավոր հարվածային ուժն էր, ինքն էլ Գաբրիելյանին շատ էր ընդունում, վստահում, որովհետեւ էն եզակի հրամանատարներից էր, որ անձամբ էր տանկի մեջ եղել զինվորի հետ, ասում էր՝ թող գա, իր վերահսկողության տակ․․․ Գուցե նպատակ ունենալով՝ լուրջ խնդիրների համար․․․»,- հայտնեց վկան։ Հրաչյա Ղազարյանի խոսքով՝ մինչ հոկտեմբերի 4-ը հակառակորդի կենդանի ուժ չեն տեսել։ Արդեն հոկտեմբերի 4-ին մարտերը թեժացել են․ «Մոտ 2 կմ այն կողմ թուրքական մի գյուղ կար, նկատեցինք, որ հակառակորդը սկսեց կուտակվել այդտեղ՝ ե՛ւ տեխնիկայով, ե՛ւ անձնակազմով․․․ Գաբրիելյանը հրաման տվեց, որ ճնշենք․․․ Բոլոր հրամաննները, ինչքան նկատել եմ, զեկուցում էր, թույլտվություն ստանում»,- պատմեց Ղազարյանը։ Նրա խոսքով՝ 1-2 ժամ անց՝ մթնշաղին մոտ, իրենց ունեցած միջոցները այլեւս չէին բավարարում, իսկ թշնամին առաջ էր գալիս իրենց ուղղությամբ՝ դեպի աջ․ «3-4 տանկ էր ու հետեւակ․․․ Հրամանատարը կորպուսի հրամանատարի հետ խոսելուց հետո ասաց՝ հակատանկային միջոցները կրակեն, կրակեցինք, բայց արդյունավետ չէր, Արալեռի կողմից միայն մի տանկ խոցեցին»,- պատմեց վկան՝ նշելով, որ մյուս տանկերից այլեւս տեղեկություն չեն ունեցել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը - Եղած միջոցներից որքա՞նն եք կրակել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ - Կեսը կրակել ենք 1-1,5 ժամ, արդեն մութ էր, իմաստ չուներ,- պատասխանեց վկան։ - Որ դադարեցրիք, հակառակորդը եկա՞վ ձեր ուղղությամբ։ - Չէ, այսինքն՝ ոչ թե չի եկել, այլ ինչքան տեսողություն ունեինք, նկատել ենք, որ չի եկել, բայց չէր բացառվում, որ գալու լիներ, մենք չունեինք տեսողական սարքեր։ - Հարգելի՛ վկա, եկե՞լ է թե ոչ։  - Չենք տեսել․․․ Ուղիղ հարձակում չի եղել։ - Իսկ ոչ ուղի՞ղ։ - Երբ հակառակորդը գալիս, անցնում, քեզնից աջ է գնում․․․ - Բայց թիկո՞ւնք է անցնում։ - Ես չեմ կարող ասել։ - Մինչեւ դուրս գալը ի՞նչ խոսակցություն է եղել վերադասության հետ։ - Գաբրիելյանը անընդհատ կապի միջոցներով խոսում էր, ուզում էր իմանալ՝ ինչ կա, ինչ է լինելու, ասաց՝ մնալ էլ հնարավոր չէ, ձախից մարտի ձայներ էին, դա բոլորն էլ լսել են, ինտենսիվ կրակ է եղել, ոնց հասկացել ենք, մենակ ենք մնացել․․․ - Պատասխան, պարզաբանում եղե՞լ է։ - Ես չեմ լսել՝ ինչ են ասել, ինչ չեն ասել։ - Իսկ ինչո՞ւ հնարավոր չէր մնալ։ - Շրջափակման վտանգ կար։ Նույնիսկ ջղայնացած, գոռգռալով խոսակցություն էր գնում, ոնց որ ասեին՝ ինչ ուզում եք, արեք, էս պահի դրությամբ օգնություն չկա, տպավորությունը այդպիսին էր։ - Այդ վտանգը ինչի՞ հիման վրա էր։ - Ձախից գործողություններ են գնացել, էս մի կողմից անցել են, ուշ ժամի, երբ արդեն լավ մութ էր, 2-3 կրակոց էլ է եղել մեր ուղղությամբ, դրա մասին էլ է զեկուցվել։ Խոսակցությունից հասկացա՝ մի խոսքով՝ ինչ կուզես, արա, բառացի չեմ կարող ասել։ - Եթե ձախում մարտեր էին, նշանակում է՝ մեր ԶՈՒ ստորաբաժանում կար այնտեղ, չէ՞։ Որպեսզի ձեզ շրջափակեին, պիտի նրանց ճեղքեին, ճի՞շտ է։ Նման բովանդակությամբ խոսակցություն եղե՞լ է։ - Չէ։ - Բա որտեղի՞ց եք ենթադրել, որ շրջանցելու է։ - Քանի որ ձայներ են լսվել ձախ կողմից, աջից էլ եկել, անցել են, դեմս էլ կուտակված են, հարեւանների հետ էլ կապ չկա․․․ Ըստ վկայի՝ զինվորները վատ բարոյահոգեբանական վիճակում էին Երեկոյան ուշ ժամի, երբ արդեն մութ էր, ըստ վկայի, անձրեւ է սկսվել, մառախուղ է եղել, իսկ իրենք գիշերատեսիլ սարքեր չունեին․ «Զինծառայողները ճնշված էին, ընկճված, հոգնած ու սոված․․․ Նենց պահ էր, որ անընդհատ՝ հեսա կբերենք, համբերեք, սպասեք, ու ուշանում էր, ու ընկճված, սոված վիճակ էր, մի սուտկա առավոտից հաց չէին կերել [զինվորները]։ Թիկունքը 4 կմ հեռավորության վրա՝ չէին կարողանում սնունդ, զինամթերք բերել»։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը - Վերջին անգամ սնունդ ե՞րբ է մատակարարվել։ - Հոկտեմբերի 2-ին։ Հոկտեմբերի 3-4-ին կարիք եղել է, չեն կարողացել բերել․ անձնակազմը դուրս էր գալիս՝ խոցում էին․․․ - Այսինքն՝ սնունդ բերելը վտանգավո՞ր էր,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ - Բայց անհնա՞ր էր։ - Հնարավորության դեպքում բերում էին։ Չէին կարող շատ բերել․ համ պահպանման խնդիր կար, համ տեխնիկայի․․․ Երկու հոգու համար՝ մի բուխանկա, կես երշիկ։ Ղազարյանը տեղյակ չէր, որ իրենցից աջ հայկական ստորաբաժանում է եղել Իրենցից աջ տեղակայված հայկական ստորաբաժանման մասին Հրաչյա Ղազարյանը տեղեկություններ չուներ, ասաց՝ չի էլ իմացել, որ աջ կողմից զորք է տեղակայված եղել, իսկ ձախը մինչեւ Արալեռ դատարկ է եղել։ Ասաց՝ իրենք միայն ներքին կապ են ունեցել, իսկ հրամանատարը ունեցել է ռադիոկապ նաեւ վերադասության հետ, բայց աջակողմյան զորքի հետ խոսակցություններ չի լսել, միայն՝ կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի հետ։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Պաշտպան Խաչիկյանը հիշեցրեց ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար, վկա Համլետ Լեւոնյանի ցուցմունքը, ըստ որի՝ իրենք էլ են նույն վիճակում եղել, բայց չեն նահանջել եւ դիմակայել են։ Լեւոնյանը հենց այն ստորաբաժանման ղեկավարն է, որը, ըստ մեղադրանքի, Գաբրիելյանի նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ - Նա նաեւ մեղադրեց ձեր ստորաբաժանմանը, հատկապես Հովիկ Գաբրիելյանին, որ ձեր հետքաշվելու արդյունքում թշնամին թեւանցել է, եւ իր տղաներից զոհվել են։ Եվ ըստ նրա՝ միակ ճանապարհը, որ բաց է եղել, ձեր զորամիավորման տարածքն էր, որով  էլ հակառակորդը մտել է։ Ի՞նչ կասեք։ - Որ բարոյահոգեբանական վիճակը նույնը կլիներ, չեմ ժխտում, կարգավիճակն էլ՝ տեղանքի, ապահովումների առումով․․․ Ինչ վերաբերում է մեզնից ձախ փակ լինելուն, ես անձնակազմ չեմ նկատել, եթե ինքը ուրիշ տեղեկություն ունի, չեմ կարող դա հասկանալ, ես չեմ նկատել,- պատասխանեց վկան՝ հայտնելով, որ Հայկ անունով մեկի հրամանատարությամբ ՀՀ ԶՈՒ-ից 20-հոգանոց անձնակազմ է եկել, առանց կապի միջոցների տեղակայվել, Գաբրիելյանն էլ ասել է՝ որ մի բան լինի, գոնե  նրանց ձայն տաք։ - Եթե տանկեր լինեին ձեզ մոտ, կարո՞ղ էիք դիմակայել։ - Միանշանակ, խնդիր կկատարեինք,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ տանկերը կարող են խոցել մինչեւ 4 կմ, իսկ իրենց մոտ եղած ՀՄՄ-ները՝ 500 մ։ Վկան մեղադրյալին դրական բնութագրեց Դրանից հետո՝ կեսգիշերին մոտ, ձախ թեւից մի քանի կրակոց է եղել իրենց ուղղությամբ, մարտի ձայներ են լսվել։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ստիպված են եղել հետ քաշվել․ «Արդեն ահագին ուշ էր, ցուրտ, Գաբրիելյանը կապ տվեց, ասեց՝ սենց ա վիճակը, էլ տարբերակ չկա մնալու, ձախից էլ, աջից էլ ձայներ կան, մեծ է վտանգը․․․ Տպավորությունս այն էր, որ այս պահին չենք կարող քեզ օգնության հասնել, դու որոշի»։ Հետ են քաշվել 3-4 կմ, տեղակայվել, սակայն այնտեղ էլ չեն մնացել։ Վկայի խոսքով՝ չէին կարող դիմակայել, ուստի նահանջել են Հադրութ, գնացել Հադրութի զորամաս։ Հաջորդ օրն իրենց ուղարկել են այլ տեղանք։ - Կորպուսի հրամանատար ժիրայր Պողոսյանը իր ցուցմունքում նշել է, որ Հովիկ Գաբրիելյանը խաղաղ վիճակում շատ լավ սպա էր, բայց պատերազմի ժամանակ, մեղմ ասած, վատ հրամանատար էր։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ,- հետաքրքրվեց պաշտպանը։ - Ես բացասական ոչ մի բան չեմ տեսել, իր կարողությունները միշտ եղել են բարձր մակարդակի, իսկ պատերազմի ժամանակ ուղղակի զինվորի հետ խրամատում է եղել, մնացած կարծիքները թողնում եմ սա լսողներին։ - Եթե Դուք լինեիք նրա փոխարեն, նման հրաման կկայացնեի՞ք։ - Միգուցե կայացնեի,- պատասխանեց վկան։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ղազարյանը Միլենա Խաչիկյան
23:00 - 24 փետրվարի, 2025
ԱՊՊԱ և ամառային անվադողերով անձնական մեքենաներ. Ավինյանը նշեց՝ ով է մեղավոր հինգշաբթի օրվա տրանսպորտային կոլապսի համար

ԱՊՊԱ և ամառային անվադողերով անձնական մեքենաներ. Ավինյանը նշեց՝ ով է մեղավոր հինգշաբթի օրվա տրանսպորտային կոլապսի համար

Խցանումների առաջացման պատճառների երևի թե ուղիղ 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում էն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել այդ օրը, չնայած էլ տեղ չէր մնացել, որտեղ հայտարարությունը չտարածվեր, որ Երևան քաղաքում առատ տեղումներ են լինելու»,- նշեց նա: Որպես մյուս խնդիր Ավինյանը նշեց ԱՊՊԱ համակարագի տրամաբանությունը. «[Տրամաբանությունը սա է]՝ «եկեք մի հատ սենց թեթև իրար քսելու պատճառով ժամերով սպասենք և ստեղծենք կմ-անոց հերթեր»:  Եվ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել էստեղ: Մարդիկ միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, և վստահաբար էդ հանգամանքը եթե հաշվի առնվի, ԱՊՊԱ-ն ինձ թվում ա՝ հարց պետք է առաջացնի փոխհատուցել, թե չէ»: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է: «Ամեն իրար թեթև քսած ավտոմեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար, որը հենց այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ հա, ու ավազ ցանելու»,- հավելեց նա: Կամո Արեյանն էլ հավելեց, որ Պարեկային ծառայության հետ քննարկել են, որ արձանագրված վթարների գրեթե կեսը եղել է անվադողերի պատճառով, ընդ որում՝ արձանագրել են հատ-հատ, որ ամբողջովին մաշված են եղել ձմեռային սեզոնի անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել երթևեկի համար. «Խոչընդոտ դարձավ հենց ավտոբուսների, մյուս տրանսպորտային միջացների երթևեկի համար: Սա ամենամեծ պատճառներից մեկն էր ռելիեֆային փողոցներում՝ Գայի, Մյասնիկյան, Դավիթ-Բեկ և այլ փողոցներում»: Տիգրան Ավինյանն «արձանագրեց», որ հաջորդ օրը (2025թ. փետրվարի 21-ին) բոլոր կենտրոնական փողոցները մաքրված էին. «Հենց այդ օրն էլ հիմնականում աշխատանքներն արված էին, մատնանշեցի, որ որոշ հատվածներում (Արաբկիրում, Ռուբինյան փողոցում՝ խմբ.) կային խնդիրներ»: Նա հաձնանարարեց համայնքների ղեկավարներին ստուգել՝ ինչ աշխատանքներ են տարվել. «Եթե աղ ու ավազ տրամադրել ենք համատիրություններին, ինչ է արվել: Պատկերը, որ բակերում տեսնում ենք, այդ տպավորությունը չի լինում [, որ մաքրվել է]»: Տիգրան Ավինյանը խնդրեց շարունակել աշխատանքները մայթերի և բակերի մաքրման առումով. «Առաջնային և երկրորդային փողոցներում մենք էական խնդիր չունենք նաև ձեր ջանքերի շնորհիվ, ԵԱՍՄ հիմնարկի ջանքերի շնորհիվ, Կանաչապատման մեր գործընկերների ջանքերի շնորհիվ, Ձեզ էլ շնորհակալություն, պարո՛ն Արեյան, Պարեկային ծառայությանը շնորհակալություն, որ ամբողջ ընթացքում մեզ աջակցել են, Փրկարար ծառայությանը շնորհակալություն, բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում մասնակցություն են ունեցել»: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ձյան առատ տեղումներ էին ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ Երևան քաղաքում: Տեղումների պատճառով քաղաքը գերծանրաբեռնված էր, ավտաբուսների վարորդները չէին վարում մեքենաները կամ երթուղու կեսից իջեցնում էին ուղևորներին, քաղաքացիների մեծաթիվ կուտակումներ էին կանգառներում: Չնայած Երևանի քաղաքապետը ֆեյսբուքյան մի շարք տեսաուղերձներով հայտնում էր, որ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, ԶԼՄ-ները, ինչպես նաև քաղաքացիները ֆիքսում էին, որ աշխատանքները կա՛մ չեն իրականացվում, կա՛մ թերի են իրականացվում: Միաժամանակ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, ԿԳՄՍ նախարարությունը փետրվարի 20-ի երեկոյան հայտարարեց, որ դպրոցներում դասապրոցես չի լինի փետրվարի 22-ին (այսօրվանից այն վերականգնվել է), մի շարք բուհեր ևս հայտնեցին, որ դաս չի լինի: Առողջապահության նախարարությունն էլ հայտարարեց, որ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքում բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցելու են պետական պատվերի ծավալով՝ անկախ սոցիալական կարգավիճակից:
10:47 - 24 փետրվարի, 2025
Ավտոբուսի վարորդների գործադուլի առնչությամբ Սուրեն Գրիգորյանի հաղորդման հիման վրա վարույթ չի նախաձեռնվել

Ավտոբուսի վարորդների գործադուլի առնչությամբ Սուրեն Գրիգորյանի հաղորդման հիման վրա վարույթ չի նախաձեռնվել

Ավտոբուսի վարորդների գործադուլի առնչությամբ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։  Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Նրանք նշում էին, որ վճարային նոր համակարգին դեմ չեն և սաբոտաժ չեն անում, պարզապես ցանկանում են պայմաններ՝ մեքենաները լվանալու, լվացման կետերի հերթերից ազատվելու, ժամավճարով աշխատանքի դեպքում վճարի բարձրացում, աշխատավարձերի բարձրացում, զուգարաններ:   Քաղաքապետարանը արձագանքել էր՝ հայտարարելով, որ մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով․ «Հարկ ենք համարում հատուկ շեշտել՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար»,– շեշտել էր քաղաքապետի խոսնակը։   Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունեն աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունեն երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը․ «Ես չեմ բացառում, որ նաև այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր»,- նշել էր Գրիգորյանը:   «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ հաղորդման հիման վրա նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ։  Ի պատասխան՝ Դատախազությունն այսօր տեղեկացրել է․ «Վարույթն իրականացնող քննիչը, հանգելով հետևության առ այն, որ հաղորդմամբ չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասիանելու նախնական իրավական գնահատական, վարույթ չի նախաձեռնել, որի օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից»,– ասված է պատասխանում։   Բողոքի ակցիայի հետեւանքով որոշ վարորդներ հեռացվել էին աշխատանքից։       Միլենա Խաչիկյան
14:09 - 20 փետրվարի, 2025
«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմի հետ մարտական առաջադրանքի մեկնած փոխգնդապետ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ուղեկցող Արման Նուրիջանյանին ճանապարհին առնվազն չորս անգամ հարցրել է՝ գիտի՞, թե իրենց ուր է ուղեկցում, ինչին վերջինս դրական է պատասխանել, մինչեւ անգամ վրդովվել, թե՝ գիտեմ էլի, իմ ամեն օրվա ճանապարհն է․ «Ու ամեն պահ սպասում էի, որ հեսա կերեւա ոստիկանական հենակետը, կկանգնի»,- դատարանում նշեց նա։ Արման Նուրիջանյանը, սակայն, ավելի վաղ հայտարարարել էր, թե իրեն ոչ ոք չի ասել՝ մինչեւ ուր պիտի ուղեկցի զորքին․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք՝ սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Այսպես մեկը մյուսի հրահանգին սպասելով՝ անցել են սահմանված վայրը՝ Կիրի հանքի մոտակայքում տեղակայված ոստիկանական հենակետը՝ փոխարենը հասնելով դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական (Զանգելան) քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։  62-հոգանոց անձնակազմից 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։  Փնջոյանի խոսքով՝ զորքը պատշաճ սպառազինված չի եղել  Ներկայանալով դատարանին՝ վկա Ռաֆայել Փնջոյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է Էջմիածնի քիմիկների զորամասում՝ որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետ։ Հոկտեմբերի սկզբին տեղեկացել է, որ զորամասի անձնակազմը պատրաստվում է մեկնել Մեղրի, եւ ցանկություն է հայտնել միանալ նրանց․ «Գտնում էի, որ նախարարությունում ոչ մի բանով չեմ կարողանում օգնել, դրա համար առիթ է եղել զորամասի հետ ներգրավվելու ինչ-որ խնդիրների կատարման մեջ, ոչ մի ղեկավար պաշտոն չեմ զբաղեցրել, զուտ գնացել եմ իմ ծառայակից ընկերոջը (նկատի ունի մեղադրյալ Աբգարյանին,-հեղ․) ինչ-որ մի ձեւ օգնելու եւ մասնակցություն ունենալու մարտական գործողություններին»։  Օրեր անց՝ հոկտեմբերի 20-ին, երբ արդեն Կապանի զորամասում են եղել, տեղեկացել է, որ հաջորդ օրը մարտական առաջադրանք է սպասվում՝ իրականացնել հակառակորդի ներթափանցած տարածքի սանրման աշխատանքներ Կովսականում։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ ինքը երբեւէ մասնակցե՞լ էր սանրման աշխատանքների, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ուսումնառությունից գիտի, թե դա ինչ է․ «Պատվարժան դատարան, որպես այդպիսին, սանրման աշխատանքներ իրականացնում են որոշակի գործողություններից հետո ողջ մնացած կամ վիրավոր կամ թաքնված հակառակորդին հայտնաբերելու, գերեվարելու կամ ոչնչացնելու համար»։  Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը Այդ օրը Անդրանիկ Մակարյանն անցկացրել է խորհրդակցություն, որին վկան չի մասնակցել․ «Խորհրդակցությունից հետո փոխգնդապետ Աբգարյանը վերադարձել է մեր աշխատասենյակ, եւ մինչեւ ուշ երեկո քննարկել ենք առաջիկա գործողությունների բնույթը եւ կատարվելիք աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ պետք է գնանք որոշակի բնագիծ, այնտեղ կանգնենք, սպասենք գեներալ Մակարյանի հետագա ցուցումներին․ եթե անհրաժեշտություն լինի առաջ շարժվելու, այդ պահին առաջ շարժվենք, եթե չէ, անցնենք պաշտպանության»։ Հարցին՝ քարտեզներ եղե՞լ են, որոնց վրա պատկերավոր տեսել են տեղանքը, վկան բացասական պատասխանեց՝ հավելելով, որ քննարկումը եղել է միայն բանավոր։ Պատասխանելով զորքի սպառազինության վերաբերյալ հարցին՝ վկան հայտնեց, որ ունեցել են ինքնաձիգներ, սաղավարտ, զրահաբաճկոն կեսից քիչն է ունեցել, իսկ նռնակ, գնդացիր ընդհանրապես չի եղել։ Ըստ վկայի՝ ճանապարհին ոստիկանական հենակետ հիշեցնող ոչինչ չի եղել Առավոտյան, երբ հավաքվել են մշտական տեղակայման վայրում, ուղեկցողը ուշանալիս է եղել։ Որոշվել է սպասել, մինչեւ գա․ «Ուղեկցողը եկել է, մեզ անծանոթ մարդ է եղել՝ քաղաքացիական հագուստով, քաղաքացիական մեքենայով․․․ Միասին քննարկել ենք եւ որոշել, որ ես նստեմ ուղեկցողի մեքենան, որ հեռախոսով կապի մեջ լինենք, որ այդքան մարդու պատասխանատվություն չմնա իր վրա, ու վստահելի լինի էլի»։ Ըստ վկայի՝ ռադիոկապ եւս չեն ունեցել։ Այդ ժամանակ ուղեկցողը եղել է գյուղապետի վարորդ Համբարձում Փարամազյանը․ «Ճանապարհին հարցրել եմ՝ գիտի՞՝ ուր ենք գնում, ասել է՝ հա, գիտեմ, բայց ես ձեզ մինչեւ այս ինչ կետն եմ ուղեկցելու, դրանից հետո այլ մարդ է ուղեկցելու»։ Այլ մարդն էլ հենց հիշյալ Արման Նուրիջանյանն է, որը, ըստ վկայի, նույնպես եղել է քաղաքացիական հագուստով եւ մեքենայով եւ նույնպես նշել, որ գիտի, թե ուր է ուղեկցում․ «Ճանապարհին կամ ես էի հարցնում՝ այս ինչ է, այն ինչ է, կամ ինքն էր ասում՝ սա սա է, սա սա է եւ այլն։ Այդպես թվարկելով՝ հասել ենք հանքի մոտ, հարցրել եմ՝ ավազի՞ հանք է, ասել է՝ ոչ, կիրի»։  - Իսկ եթե դուք գիտեիք, որ ձեր տեղանքը Կիրի հանքի մոտակայքում է, եւ դա էր հանքը, զորամասի հրամատարին ինչո՞ւ չտեղեկացրիք, որ հասել եք հանք,- հարցրեց մեղադրողը։  - Նա ասել էր, որ դրա մոտակայքում ռազմական ոստիկանության հենակետ է լինելու, ոնց որ վերջին պոստն էր, այդտեղ են կանգնելու, ու ամեն պահ սպասում եմ, որ հեսա կլինի այդ հենակետը, կկանգնենք․․․ Այդտեղ ուղեկցողին կրկնակի հարցրել եմ՝ գիտես, չէ՞, ուր ենք գնում։ Ասել է՝ հա, գիտեմ,- պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ ճանապարհին նույնիսկ կանգնել են, մի ոստիկանի վերցրել՝ նրա ուզած վայրում իջեցնելու համար․ «Ասաց՝ տանենք, մի քիչ այն կողմ իջեցնենք, դա է եղել, ուրիշ ոչ մի խոսակցություն։ Ես, համենայն դեպս, չեմ ճանաչել նրան, ոչ էլ այդ հարցի մեջ խորացել եմ, թե ով է, ինչ է, ինչի է նստում, ինչի է գնում, քանի որ մեզ պատկանող տարածքում է եղել, ու ոստիկանական հագուստով, ոչ մի կասկած չի հարուցել»։ Մի քանի մետր գնալուց հետո կանգնել են, որ ոստիկանն իջնի։ Այս դրվագի վերաբերյալ դատախազը նշեց․ - Դատաքննության ընթացքում հարցաքննել ենք այդ հենակետում ծառայություն իրականացնող ոստիկանին՝ Զախար Մինասյանին։ Վերջինս ցուցմունք է տվել, որ հենակետում պիտի մեքենաների անցումն ապահովեր, նստել է մեքենան, որ խնդիր չլինի (ըստ ամենայնի, նա է եղել մեքենան նստած ոստիկանը,-հեղ․)։ - Պատվարժան դատարան, այդ տեղանքով, որ գնացել ենք, հենակետ հիշեցնող ոչ մի բան չի եղել՝ ոչ արգելափակոց, ոչ ինչ-որ կրակակետ։ Ինքը նստել է հետեւը, չեմ կարող ասել՝ ինչով է իր հետեւը նստելը ապահովել անցումը հենակետով։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, որ ինքը միջամտեր, հաղթահարվեր, այսինքն՝ ոչ ոք ճանապարհը չի փակել, որ ինքը ասեր՝ ես եմ մեքենայի մեջ, բացեք, անցնենք,- ասաց վկան։  Նրա խոսքով՝ ոստիկանի իջնելուց մոտ հինգ րոպե հետո հասել են բնակավայրի նմանվող մի տեղ, հարցրել է՝ այս ի՞նչ է, ուղեկցող Նուրիջանյանն ասել է՝ Զանգելանի քաղմասն է, կողքը դպրոցն է․ «Ասել եմ՝ կանգնի, շատ ենք եկել, այսքան չպիտի գայինք, ասել է՝ դե, պիտի ռազմական ոստիկանության պոստ լիներ, այդ պոստը չկար, հա էդ պոստին սպասելով, որ հեսա-հեսա կլինի՝ եկել հասել ենք այստեղ»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը մեջբերեց Արման Նուրիջանյանի խոսքերը, թե՝ եթե իմանար, որ պիտի հենակետում կանգնեին, բնականաբար, այդտեղ կկանգներ, ինչո՞ւ պիտի մինչեւ Զանգելան քշեր։ Նա խնդրեց պարզաբանել այս հակասությունը։ - Պատվարժա՛ն դատարան, ճանապարհին ոչ մի շփոթվելու տեղ չկա, մի ճանապարհ է, գնում է գետի կողքով։ Եթե ոստիկանական պոստը լիներ, ես էլ կասեի՝ այդտեղ կանգնի․․․ Բայց ինքն էլ գիտեր՝ ուր պիտի գնանք, ոչ թե ճանապարհը պիտի ցույց տար, այլ գիտեր՝ ուր պիտի գնանք։ Վկա Փնջոյանը պատմեց, որ արագ իջել է մեքենայից, ձեռքով նշան արել, որ մյուսներն էլ կանգնեն, եւ մոտենալով Արսեն Աբգարյանին՝ ցույց է տվել, թե ուր են հասել, ինչքան շատ են եկել։ Անձնակազմն էլ, մտածելով, որ հասել են սահմանված վայր, սկսել է իջնել ավտոբուսներից, եւ քանի որ կողքի սարից արդեն գոռոցներ, շան հաչոցներ են լսվել, Աբգարյանը հրահանգել է դիրքավորվել ճանապարհի ձախ մասում, որտեղ անտառային հատված էր եւ կիսաքանդ շինություններ, մինչեւ հասկանան՝ լսվող ձայները յուրայի՞ն զորքերից են, թե՞ հակառակորդի․  «Անձնակազմը դիրքավորվելու ընթացքում է եղել, երբ սարի վրայից սկսել է հրաձգություն։ Ու մեր կողմից սկսվել է պատասխան կրակ։ Այդ ինտենսիվ փոխհրաձգությունը տեւել է մոտ 15 րոպե կամ մի քիչ ավելի-մի քիչ պակաս։ Ու խումբը ոնց որ կիսվել է երկու մասի․ մի մասը Աբգարյանի հետ եղել է անտառի հատվածում, մյուս մասը իմ հետ՝ կիսաքանդ շինությունների մոտ։ Հետո արդեն սկսել է Կովսական բնակավայրի կողմից զրահատեխնիկայի եւ հետեւակի առաջխաղացում։ Դրանից հետո ավելի մանրամասն դրվագ առ դրվագ չեմ կարող ասել՝ ով ինչ արեց, ով ինչ չարեց, որովհետեւ իրավիճակը անկառավարելի էր դարձել»։ Հակառակորդի թիվը, վկայի տպավորությամբ, հասնում էր 100-150-ի։ Տուժողների իրավահաջորդները - Դիրքավորվելու հրաման եղե՞լ է,- հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ - Աբգարյանն է տվել, ասել է՝ դիրքավորվեք ճանապարհի ձախ մասում, մինչեւ ավտոբուսները կշրջվեն, որ տեղանքից դուրս բերենք, բայց ում մոտ որտեղ բնական թաքստոց է եղել, ամեն մեկը, ժամանակ չկորցնելու համար, այդ տեղանքում է դիրքավորվել, այդ թվում ես՝ քանդված շինությունների մոտ - Աբգարյանը ասել է՝ դիրքավորվե՞ք թե՞ ոնց ուզում եք, փախեք։ - Ասել է՝ դիրքավորվեք, մինչեւ ավտոբուսները շրջվեն։ Պատսպարված վիճակում վկան երկու այլ զինծառայողի է հանդիպել, հրահանգել, որ գնան, զորամասին տեղեկացնեն՝ օգնություն է պետք․ «Այդտեղ ինձ ոնց որ հանդիպել են երկու հոգի, մեկը՝ մեր զորամասից, մեկը՝ Մասիսի 12-հոգանոց խմբից, ում չէի ճանաչում։ Իրենց հրահանգ եմ տվել, որ վազեն Կապանի ուղղությամբ, իմաց տան մոտակա հենակետերին, որ այսպիսի բան է տեղի ունեցել, եւ նորից շարժվել եմ դեպի նպաստավոր դիրք, որպեսզի շարունակեմ մարտը»։ Վկայի խոսքով՝ ամեն րոպե սպասել են օգնության, բայց այն այդպես էլ չի հասել։ Մնացել են թաքստոցներում, որովհետեւ փամփուշտներն արդեն վերջացել էին։ Իր դիմացի թաքստոցում եղել են Ադոյանի որդին եւ սպա Բադեյանը։ Վկայի խոսքով՝ սկզբում նրանց ձայները լսել է, բայց ինչ-որ պահից այլեւս չի լսել, եւ քանի որ ուժեղ պայթյուն չի եղել, ենթադրել է՝ նրանց հաջողվել է դուրս գալ։ Նրանք, սակայն, մինչ օրս անհետ կորած են։ Լույսը բացվելուն պես՝ Աբգարյանի հետ խորհրդակցել են եւ որոշել շարժվել գետին հակառակ ուղղությամբ։ Սողեսող գնացել են, հասել եղեգների դաշտ․ «Տեղ-տեղ մառախուղը բարձունքը փակում էր, օգտվելով այդ հանգամանքից՝ արագ շարժվում էինք։ Երբ բացվում էր, թաքստոց էինք մտնում։ Այդպես շարունակել ենք ճանապարհը, դուրս եկել այդ բարձունքի տեսանելիության դաշտից եւ արդեն ազատ շարժվել գետի կողքով»։ Ճանապարհին հանդիպել են յուրային այլ ստորաբաժանման, որի հետ էլ հաջողվել է հասնել Կապան։ Անահիտ Ադոյանը նաեւ հետաքրքրվեց՝ թաքստոցում եղած ժամանակ կողմնակի որեւէ մեկին հանդիպե՞լ է կամ ձայներ լսե՞լ է, որ ինչ-որ մեկը եկել, իրենց է փնտրել։ Վկան բացասական պատասխանեց․ - Իսկ որ ասեմ՝ գնդապետ Մանուչարյանը եկել է․․․,- ասաց Անահիտ Ադոյանը։ - Մեր մոտ մարդ չի եկել, խոսակցություն չեմ ունեցել իր հետ, չեմ էլ իմացել, որ էդտեղ եղել է, ի՞նչ օգնություն ցուցաբերելու է եկել, չեմ իմացել,- պատասխանեց վկան։ Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննված գնդապետ Արարատ Մանուչարյանը, որը Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետն էր, պատմել էր, որ իմանալով, որ զորքի հետ կապը կորել է, գնացել է նրանց հետեւից․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշել էր վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե նա միայնակ 5-6 ժամ ինչ պետք է աներ այդտեղ, այն էլ՝ առանց համապատասխան տեխնիկայի։ Մանուչարյանի հարցաքննությունը պետք է շարունակվեր երեկ, սակայն դատարանը հայտնեց, որ նա ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ բուժման նպատակով մեկնել է արտերկիր։ Վարչության պետի որդու՝ ծառայության վայրից մեկնելու ժամկետների մասին վկան տեղյակ չէր Այս քրեական գործի շրջանակում մեղադրվում են նաեւ 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկա Ռաֆայել Փնջոյանից հետաքրքրվեց՝ վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանը Արսեն Աբգարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ուներ։ Ի պատասխան՝ վկան ասաց․ «Պատվարժան դատարան, իմ ծառայության ընթացքում վարչությունում բազմիցս  եղել է, երբ ծառայողական հարցերի շուրջ գնացել եմ վարչություն, զեկուցել եմ վարչության պետին այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, վարչության պետը Աբգարյանին դիտողություններ է արել։ Չեմ կարող ավելին ասել, թե ինչ հարաբերություն է ունեցել, բայց ըստ իս՝ ծառայողական»։ Փնջոյանը հայտնեց, որ Մեղրիում գտնվելու ժամանակ Գեւորգ Նշանյանին տեսել է, սակայն Կապանում՝ այլեւս ոչ։ Չի ճշտել, թե որտեղ է, իրեն հետաքրքիր էլ չի եղել, միայն լսել է, որ ինչ-որ ազգականի փնտրելու թե հուղարկավորելու հարցով թույլատրվել է գնալ։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք այդ թույլտվությունը անժամկետ էր, վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, բայց որպես կանոն, անժամկետ չի լինում։ Նշանյանի մեկնումը փաստաթղթավորվել է, թե ոչ՝ վկան չգիտեր, ասաց՝այդ գործընթացը վերահսկելու պարտավորություն չի ունեցել։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Ռաֆայել Փնջոյանը Միլենա Խաչիկյան
13:53 - 19 փետրվարի, 2025
150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

Երեւանում հանրային տրանսպորտի տոմսային համակարգի փոփոխության դեմ վերջին շաբաթների բողոքի ակցիաների արդյունքում Երեւանի քաղաքապետարանը ներդրեց ուղեւորատոմսի նոր տեսակ՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս ֆոնին, սակայն, քննարկումների դաշտից դուրս մնաց այն հարցը, թե ինչպիսի փոփոխության է ենթարկվելու երթուղային ամբողջ ցանցը, եւ դա ինչ ազդեցություն է ունենալու երթեւեկության գնի վրա։  Այս տարվա հունվարի 28-ին, երբ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մեկ ուղեւորության համար 150 դրամ արժողությամբ նոր ուղեւորատոմսի ներդրման մասին, նշեց, որ իրենց նպատակն է «ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի մատչելի եւ հարմարավետ բոլոր մարդկանց համար, բայց մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը [...] եւ այլն»։ Ի դեպ, Ավինյանը նաեւ ասաց, որ մեկ ուղեւորության համար 150 դրամ վճարը կգործի 2025 թվականին, իսկ հաջորդ տարիներին կարող է բարձրանալ տարեկան առավելագույնը 10 դրամով։  Չնայած այս պնդմանը, արդեն հունվարի 31-ին Երեւանի ավագանու կայացրած որոշման մեջ չկա այս ուղեւորատոմսի գինը տարեկան առավելագույնը 10 դրամով թանկացնելու հայտարարված սահմանափակման վերաբերյալ կետ։ Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման թեման գալիս է 2010-ականներից։ Արդեն 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը իրականացրել է լրացուցիչ ուսումնասիրություն, իսկ 2018 թվականին ներկայացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցը, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգը» վերջնական ծրագիրը, որը բաղկացած է երկու հիմնական մասից՝ տրանսպորտային նոր ցանցի նախագծում եւ ինտեգրված սակագնի եւ տոմսային նոր համակարգի մշակում։ Տրանսպորտային համակարգի բարելավման համատեքստում քաղաքային իշխանությունները հիմնվում են հենց այս նախագծի վրա [ 1, 2, 3]։ Միասնական տոմսային համակարգի ներդրման եւ սակագների վերջին փոփոխությունների համատեքստում «Ինֆոքոմը» Երեւանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ խնդրել է տրամադրել 2026 եւ 2027 թվականների համար նախատեսված երթուղիների մասին մանրամասն տվյալներ՝ հասկանալու, թե ինչ տեսք է ունենալու Երեւանի երթուղային ցանցն ապագայում։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ «նոր շարժակազմերի ձեռքբերման պարագայում նախատեսվում է անցում կատարել նոր՝ բրիտանական խորհրդատվական WYG կազմակերպության կողմից մշակված երթուղային ցանցին»։ Քաղաքապետարանից, սակայն չեն նշել վերջնաժամկետ, թե երբ է ներդրվելու տրանսպորտային նոր ցանցը։ Ինչ է ենթադրում նոր ցանցի ներդրումը Ներկայումս Երեւանում գործում են ավտոբուսային, միկրոավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղիների լայն ցանցեր: Համակարգը կառուցված է այնպես, որ ուղեւորները հիմնականում կարողանում են հասնել իրենց անհրաժեշտ վայրերը մեկ փոխադրամիջոցով՝ առանց տեղփոխերի: Տրոլեյբուսային երթուղիները հիմնականում սպասարկում են քաղաքի կենտրոնական եւ որոշ ծայրամասային հատվածներ, ավտոբուսային եւ միկրոավտոբուսային ցանցը ներառում է ավելի մեծ ծածկույթ՝ ընդգրկելով ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային երթուղիներ: Գործող տրանսպորտային համակարգում շահագործվում է ավտոբուսային 64 երթուղի, միկրոավտոբուսային 11 երթուղի եւ տրոլեյբուսային 5 երթուղի, իսկ մետրոպոլիտենն ունի 10 կայարան։ Նոր երթուղային ցանցով արդեն նախատեսվում է փոխել երթուղիների կառուցվածքը՝ կրճատելով դրանց քանակը եւ կենտրոնացնելով դրանք հիմնական տրանսպորտային հանգույցների շուրջ: Սա նշանակում է, որ ուղեւորները ստիպված կլինեն ավելի հաճախ տեղափոխվել մեկ երթուղուց մյուսը՝ ավելի հեռու նպատակակետի հասնելու համար։ Այսինքն՝ եթե նոր ցանցի պայմաններում մեկ ուղեւորություն կատարելու համար հարկավոր լինի երկու եւ ավելի փոխադրամիջոց նստել, ապա ուղեւորությունը, որը տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվելու դեպքում հիմա արժե 150 դրամ, կարժենա 300 դրամ:  Նոր համակարգը հիմնված է լինելու տեղփոխի սկզբունքի վրա Առաջարկվող նոր միասնական ցանցը հիմնված է լինելու տեղփոխի եւ միասնական տոմասային համակարգի սկզբունքների վրա, ուստի ցանցի ներսում շատ ուղղություններ կպահանջեն տրանսպորտային միջոցի փոփոխություն: WYG-ի ներկայացրած առաջարկում նշված է, որ դրա համար հարկավոր է ապահովել տեղփոխի հարմար վայրեր/հանգույցներ։ Այդ կետերը սպասարկվելու են հիմնական ցանցի կողմից (ավտոբուս, տրոլեյբուս եւ/կամ մետրո), որը բաղկացած է լինելու գործող տրոլեյբուսային ցանցից, մետրոպոլիտենից եւ մի շարք երկար, հիմնականում քաղաքի կենտրոնով անցնող երթուղիներից: Սնուցող ավտոբուսային ցանցն էլ սպասարկելու է տեղփոխի հիմնական կետերը եւ տեղական ուղղությունների միջեւ ընկած հատվածները: WYG-ի հետազոտության մեջ նշված է նաեւ, թե նոր ցանցի ներդրման դեպքում քանի տոկոս է կազմելու տեղփոխների անհրաժեշտությունը։  Ըստ պատկերի՝ նոր ցանցի դեպքում ուղեւորների 44%-ը երթեւեկելու է առանց տեղփոխի, 36%-ը՝ առավելագույնը մեկ տեղփոխով, 16%-ը՝ մինչեւ երկու տեղփոխով, 4%-ը՝ երեք տեղփոխով: Համեմատության համար՝ գործող ցանցը ներառում է 94% ուղիղ եւ 6% մեկ տեղփոխով երթեր: Նոր ցանցի ներդրման համար նախանշվել են հիմնական տրանսպորտային 6 հանգույցներ, որոնք պետք է ապահովեն անարգել եւ դյուրին անցում տրանսպորտային ծառայությունների եւ տրանսպորտի տեսակների միջեւ։ Տեղփոխի հանգուցային կետերն են՝ Աջափնյակ վարչական շրջան (Չաուշի հրապարակ), Բարեկամություն մետրոյի կայարան, Սասունցի Դավիթ հրապարակ, Գարեգին Նժդեհի հրապարակ, Սեբաստիայի փողոց / Րաֆֆու փողոց,  Նոր Նորք վարչական շրջան։ Դեղին կետերով նշված են տեղփոխի հանգույցները Այս կետերն ընտրվել են մի շարք գործոնների հիման վրա, մասնավորապես հաշվի են առնվել մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսային ցանցերի հետ ինտերգրացիան, խիստ բնակեցված շրջանների կենտրոնական հատվածները, առանցքային ուղղությունները եւ կամ կապը մետրոպոլիտենի/տրոլեյբուսային ցանցի հետ եւ այլն։ Իսկ երթուղային ցանցը, ըստ առաջարկի, բաղկացած է լինելու 47 երթուղիներից`  - 11 հիմնական երթուղիներ, - 30 սնուցող երթուղիներ, - 5 տրոլեյբուսային երթուղիներ,  - 1 օդանավակայանի փոխադրման ծառայություն։ Նոր տրանսպորտային ցանցի կանգառների համակարգը, ըստ նախագծի, ներառում է մոտավորապես 1200 ավտոբուսի կանգառներ եւ վերջնակետեր: Կանգառների տեղերը հիմնականում նախագծված են այնպես, որ հնարավորինս շատ մարդիկ գտնվեն կանգառից մինչեւ 400մ հեռավորության տիրույթում, որը համարժեք է 5 րոպե քայլելուն:  Հիմնվելով նախագծում ներկայացված տվյալների վրա (երթուղու սկզբնակետ, ընթացք, վերջնակետ)՝ «Ինֆոքոմը» մոդելավորել է քարտեզ, որի վրա առանձին-առանձին պատկերված են առաջարկվող երթուղիները՝ ինչպես հիմնական, այնպես էլ սնուցող, ինչպես նաեւ էլեկտրատրանսպորտային (տրոլեյբուս, մետրո)։ Եթե այս քարտեզի վրա որպես սկզբնակետ եւ վերջնակետ նշեք այն երկու հիմնական կետերը, որոնց միջեւ հիմնականում տեղափոխվում եք քաղաքային տրանսպորտով, կտեսնեք՝ այս երկու կետերի միջեւ տեղաշարժվելու համար անհրաժեշտ լինելո՞ւ է տեղփոխ կատարել, թե՞ առկա է նպատակակետ հասնող մեկ երթուղի։ Այլ կերպ ասած՝ կարող եք հասկանալ՝ նոր տրանսպորտային ցանցի վերջնական ներդրումից հետո կկարողանա՞ք տեղափոխվել 150-դրամանոց «Մեկ ուղեւորություն» տեսակի 1 տոմսով, թե մեկ երթի համար պետք է ձեռք բերեք մի քանի այդպիսի տոմս կա՛մ 300-դրամանոց փաթեթ, որը թույլատրում է 3 ուղեւորություն 180 րոպեում, կա՛մ էլ օգտվեք առաջարկվող տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից։ Նշենք, որ մեր մոդելավորած քարտեզում կարող են լինել որոշակի շեղումներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ WYG-ի ներկայացրած նախագծում ընդգրկված փողոցներ ժամանակի ընթացքում անվանափոխվել են կամ որոշ փողոցներում փոխվել է երթեւեկության կազմակերպումը, երթուղիների սկզբնակետերը եւ վերջնակետերը երբեմն նկարագրված են խիստ մոտավոր, առանց կոորդինատների եւ այլն։ Այս շեղումները չէին լինի, եթե քաղաքապետարանը ունենար եւ տրամադրեր երթուղիների թվային քարտեզագրական շերտերը:  Տրանսպորտային ցանցի փոփոխության եւ տեղփոխով երթեւեկելու մասին խոսել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։  Տեղփոխով երթեւեկելու ձեւի մասին խոսելիս նրանք հիմնականում հիշատակել են ուղեւորատոմսերի փաթեթների մասին՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս մեկ վճարումով, բայց մեկից ավելի տրանսպորտով ավելի արագ հասնել նախանշված կետ՝ առանց կանգառներում երկար սպասելու։  Այսպիսով, մեկ երթեւեկության համար նոր՝ 150-դրամանոց տոմսի ներդրումից հետո թեպետ տպավորություն է, որ այս՝ «Մեկ ուղեւորություն» տեսակի տոմսը մինչ փոփոխությունները գործած տոմսից թանկ է ընդամենը 50 դրամով եւ յուրաքանչյուր տարի թանկանալու է միայն 10 դրամով, այդուհանդերձ հաշվի չի առնվում եւ հանրությանն էլ ամբողջապես չի պարզաբանվում այն հանգամանքը, որ նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրման եւ, հետեւաբար, տրանսպորտային ցանցի հիմնային փոփոխության պարագայում ուղեւորները մի կետից մյուսը գնալու համար ավելի հաճախ են տեղփոխ անելու կարիք ունենալու։ Արդյունքում Ա կետից Բ կետ տեղափոխվելը, եթե այդ կետերը հիմնական երթուղիների շրջակայքում կամ հարեւան թաղամասերում չեն, տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվողների համար հիմնականում արժենալու է 300 դրամ։  Տրանսպորտի ուղեվարձի գործող սակագները եւ փաթեթները Երեւանի ավագանին, ինչպես վերը նշեցինք, հունվարի 31-ի որոշմամբ մեկ ուղեւորության արժեք է սահմանել 150 դրամ։ Այս սակագինը պահպանվելու է 2025 թվականի ընթացքում՝ հետագայում յուրաքանչյուր տարի 10 դրամով բարձրանալու հավանականությամբ։ Այս «Մեկ ուղեւորություն» տոմսը վավեր են 3 օրվա ընթացքում։  Գործում են նաեւ ուղեւորավարձերի այլ փաթեթներ։ WYG խորհրդատվական ընկերության նախագծած Երեւանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների նախագիծը մեկնարկել է դեռեւս Տարոն Մարգարյանի օրոք, անցել Հայկ Մարությանի ձեռքի տակով եւ հասել Տիգրան Ավինյանին։  Հարկատուների հաշվին մի քանի հարյուր միլիոն դրամ արժեցած այս հետազոտությունն ու նախագիծը Երեւանի քաղաքապետարանում պահվում է միայն PDF տարբերակով՝ որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, սակայն բացակայում են այդ աշխատանքի քարտեզագրական տվյալների, թվային մոդելների վերաբերյալ էլեկտրոնային ֆայլերը, որոնք, ինչպես երեւում է հաշվետվության 3-րդ գլխից, բրիտանական ընկերությունն ունեցել է ամենայն մանրամասնությամբ։  Տեքստային բովանդակության համար PDF-ը հարմար ձեւաչափ է, սակայն հետազոտությունը ներառում է բարեփոխումների ամբողջական փաթեթը՝ այդ թվում նոր երթուղիների քարտեզագրական թվային շերտերը, երթուղային ցանցի մոդելները եւ այլն։ Չունենալով այդ պարտադիր տվյալները՝ քաղաքապետարանը զրկված է քաղաքում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունների դեպքում երթուղիների փոփոխությունները վերլուծելու, զարգացման նոր պլաններ կազմելու հնարավորությունից: Ստացվում է՝ Երեւանի քաղաքապետարանը բրիտանական ընկերությանը պատվիրել է կազմել տրանսպորտային նոր համակարգի քարտեզը, վճարել է դրա համար, բայց չի վերցրել՝ բավարարվելով միայն դրա սքրինշոթերով։ Պատկերավոր ասված՝ քաղաքապետարանը, ենթադրենք, պատվիրել է շենքի նախագիծ, վերցրել դրա ավարտուն տեսքի եռաչափ նկարները, բայց չի վերցրել չափերին, կոնստրուկցիային ու շինարարական կարեւոր գործողություններին առնչվող տվյալներ, առանց որոնց հնարավոր չէ կազմակերպել շենքի կառուցումն ու շահագործումը: Հարգելի ընթերցողներ, եթե ցանկանում եք առաջիկայում տեսնել նման հետազոտություններ և ինտերակտիվ գործիքներ, ապա բաժանորդագրվեք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom։   Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինտերակտիվ քարտեզը՝ Կատյա Մամյանի, Հայարփի Բաղդասարյանի Գլխավոր նկարը եւ վիզուալները՝ Լյուսի Մանվելյանի
20:44 - 18 փետրվարի, 2025
Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան

Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննությունը։ Գործով մեղադրվում են պատերազմի ժամանակ ՊԲ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Մեղադրյալ սպաները դատարանի որոշմամբ չեն մասնակցում նիստերին, նրանց նկատմամբ կիրառված է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։  Դատարանը չբավարարեց Նվեր Մարտիրոսյանին երկրից դուրս գալ թույլատրելու միջնորդությունը Այսօրվա նիստում Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատավոր Գաբրիելյանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստանի Հանրապետություն։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Մարտիրոսյանի պաշտպանն էլ իր միջնորդության մեջ նշեց, որ գնդապետը եզակի մասնագետ է, եւ նրա գործուղումը շատ կարեւոր է։  Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը՝ ձախից, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ աջից Այս գործով հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը, սակայն, միաձայն առարկեցին միջնորդությանը։ Վարդանյանը նշեց, որ եզակի կամ անփոխարինելի մասնագետ, որպես այդպիսին, չկա, ուստի անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ կարող է փոխարինել, իսկ Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց դիրքորոշման հիմքում դրվում է նաեւ այս գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ մեղսագրվող արարքի փաստական եւ իրավական կողմը։  Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Թեեւ պաշտպանը պնդեց, որ նախարարությունը քաջատեղյակ է գործից, եւ եթե հնարավորություն լիներ մասնագետին փոխարինել, նման միջնորդության կարիք չէր առաջանա, այդուհանդերձ դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ լսելով նաեւ տուժողներին՝ զոհվածների ծնողներին, որոնք միաձայն հայտարարեցին, որ դեմ են խափանման միջոցը դադարեցնելուն։ Դատարանում ցուցմունք տվեցին տուժող ճանաչված 8 ծնողներ Դատարանն այսօր հարցաքննեց 8 տուժողի, որոնք զոհված զինծառայողների ծնողներն են։ Աննա Գասպարյանը՝ զոհված Արթուր Արմենի Գասպարյանի մայրը, դատարանին հայտնեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին «Ես եմ» ծրագրով, ծառայության է մեկնել Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ վաշտ, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին՝ այն օրը, երբ վաշտն ուղարկվել է մարտական խնդիր կատարելու․ «Ասեց՝ մա՛մ, մեզ տեղափոխու են, ասեցի՝ ո՞ւր են տանում, ասեց՝ չգիտեմ։ Հետո արդեն որ շատ ման եկանք, տեղեկացանք, որ տարել են Հադրութ։ Արդեն զոհված են եղել, որ ես իմացել եմ»,- պատմեց զոհվածի մայրը։ Նա շատ մանրամասների չէր տիրապետում, չէր էլ հանդիպել զորամասի հրամանատարության որեւէ ներկայացուցչի հետ, տեղյակ չէր նաեւ մյուս ծնողների հանդիպումներից։ Աննա Գասպարյանը մյուս ծնողներից է որոշ հանգամանքների մասին տեղեկացել, օրինակ այն, որ Գոռ Իշխանյանն է վաշտն ուղարկել Հադրութ, որ զորքին դիմավորող չի եղել եւ որ հրամանատարը Իշխանյանը չէր կարող չիմանալ, որ Հադրութն այդ ժամանակ արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր․ «Իմ տղեն ասեց՝ մամ ջան, չգիտեմ ուր են տանում, կհասնեմ տեղ, կզանգեմ։ Ու չզանգեց․․․»։ Աննա Գասպարյանը Արմինե Ամիրյանի որդին՝ զոհված զինծառայող Նորիկ Վարդանյանը, Մարտունի 3 է զորակոչվել 2020թ․ օգոստոսի 4-ին։ Մայրը որդու հետ վերջին զրույցն ունեցել է հոկտեմբերի 10-ի առավոտյան, ասել է՝ գնում են դիրքեր՝ գործ անելու․ «Ասեց՝ ես կապի դուրս կգամ։ Ձենը դուր[ը]ս չէր գալիս, ինչ-որ բան թաքցնում էր»։  Արմինե Ամիրյանն ասաց, որ որդուն 14-րդ վաշտից մի խումբ այլ զինվորների հետ տեղափոխել են 7-րդ վաշտ, որի անձնակազմի հետ էլ նա զոհվել է Հադրութում։ Ամիրյանը եւս շատ մանրամասների չէր տիրապետում։ Պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ նա միայն այն ասաց, որ տղաներին տարել են հանձնված հող։ Հարցին՝ որտեղի՞ց գիտի, ասաց, որ բոլորն են խոսում, որ հոկտեմբերի 11-ին Հադրութն ընկած էր։ Որդու զոհվելու հանգամանքների մասին մայրը միայն այն գիտեր, որ դիվերսիոն խմբերի կողմից շրջափակման մեջ է ընկել վաշտի անձնակազմը։ Արմինե Ամիրյանը Սվետլանա Մարգարյանի որդին՝ Սարգիս Ասատուրի Հակոբյանը, հոկտեմբերի 9-ին՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ, մորն ասել է՝ չզանգես, ինքս 3 օրից կզանգեմ։ Բայց այդ զանգն այդպես էլ չի հնչել։ Ծնողներն անհանգստացել են, գնացել են Գլխավոր շտաբ եւ ուր հնարավոր էր, բայց որեւէ լուր չեն իմացել։ Սվետլանան մյուս ծնողներից է իմացել, որ անձնակազմը կորած է, գուցե զինվորները գերի են կամ թաքնված։ Պատերազմի ավարտից հետո է նա իմացել, որ որդին զոհվել է։ Սվետլանա Մարգարյանը Սեյրան Խաչատրյանը՝ զոհված Խաչատրյանի հայրը, որը որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, պատասխանելով հանրային մեղադրողների հարցին՝ ինչ միջոցներ է ձեռնարկել, երբ իմացել է, որ կորած են, արձագանքեց․ « Պատերազմական իրավիճակում ի՞նչ միջոցներ ձեռնարկեինք, երբ տվյալ պահին իրա կամանդիր պալկան բունկերում պախկված էր»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Խաչատրյանը, որդուց լուր չունենալով, հոկտեմբերի 17-ին գնացել է Արցախ, այնտեղ հոկտեմբերի 23-ին հանդիպել Գոռ Իշխանյանին։ Վերջինս, ըստ ծնողի, ասել է, թե զորքը շրջափակման մեջ է, այլ տեղեկություն չի հայտնել։ Խաչատրյանը տպավորություն է ստացել, որ հրամանատարը ինչ-որ բան գիտի, բայց չի ասում։ Իշխանյանն ասել է, որ միջոցներ են ձեռնարկում, որոնց մասին չի կարող հայտնել․ «Սպասեցինք, բերեցին երեխեքի դիակները տվեցին, նման լրբի թուլեքը»,- ասաց ծնողը՝ նշելով, որ մինչեւ հիմա չգիտի՝ ինչ է կատարվել, դառնությամբ լցված՝ ոչ էլ հետաքրքրվել է։ Սեյրան Խաչատրյանը Շահեն Ավետումյանի որդին՝ Մայիս Ավետումյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսի 16-ին, ծառայել է 3-րդ վաշտում, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Շահեն Ավետումյանը որդու հետ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան, Մայիսը զանգել է ուրիշի հեռախոսով, ասել, որ դիրքեր են բարձրանում․ «Ասեց՝ զանգել եմ՝ ձենդ լսեմ, ու վերջ»։  Շահեն Ավետումյանը Արցախ չի գնացել, որոշ բաներ տեղեկացել է մյուս ծնողներից։ Իմացել է, որ տղաներն ընկել են շրջափակման մեջ, եւ որ նրանց դիմավորող չի եղել։ Շահեն Ավետումյանը Զոհված Յուրի Չիլինգարյանը հորը՝ Էդուարդ Չիլինգարյանին զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել՝ պոստի եմ, կիջնեմ, կզանգեմ, բայց այդպես էլ չի զանգել։ Հայրն անհանգստացել, մեկնել է Արցախ, այնտեղ ծանոթացել վաշտի զինվորների ծնողների հետ, միասին գնացել են զորամաս՝ Գոռ Իշխանյանի մոտ․ «Ասեց՝ երեխաները ոնց որ կան, պետք ա գտնենք, շրջափակման մեջ են։ Կոնկրետ տեղ չասեց, բայց մեր իմանալով՝ «9 կմ-ի» կողմ»։ Իշխանյանը ծնողներին ասել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով է զորքն ուղարկել Հադրութի կողմ։ Էդուարդ Չիլինգարյանը Անդրանիկ Մարտիրոսյանի որդին՝ զոհված Գեւորգ Մարտիրոսյանը, որ բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսին, Մարտունի 3-ի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտից է տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա հորը զանգել է հոկտեմբերի 7-ի երեկոյան, նրանց զրույցը տեւել է մոտ մեկ րոպե․ «Յուրաքանչյուր անգամ, երբ զանգում էր, չէր ներկայացնում իրավիճակը, ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է, դուք ձեզ լավ նայեք, էդ օրն էլ ասեց ապահով տեղում ենք։ Էլ դրանից հետո չէր պատասխանում զանգերին»։ Նոյեմբերի սկզբին Անդրանիկը տարբեր աղբյուրներից իմացել է, որ վաշտը կորել է, անտառներում շրջափակման մեջ է ընկել։ Նոյեմբերի վերջին տեղեկացել է, որ ողջ անձնակազմը չկա։ Անդրանիկ Մարտիրոսյանը Սուսաննա Դավթյանի որդին՝ Ավետիք Հրաչյայի Դավթյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հունվարի 29-ին։ Վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել, որ թեժ պատերազմ է ընթանում․ «Ասեց՝ որոշել են մեզ տեղափոխեն Հադրութ, կարող ա էլ չկարանամ կապվեմ քո հետ»։ Երկար ժամանակ այլ ծնողների հետ միասին Դավթյանները փորձել են լուր իմանալ իրենց որդիներից, պատերազմի ավարտին իմացել են, որ տղաները ոչ թաքնված են, ոչ գերի, ոչ շրջափակման մեջ․ նրանք զոհվել են, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները դուրս բերել։ Սուսաննա Դավթյանը Ըստ էության, այսօր հարցաքննված բոլոր ծնողները միակարծիք են այն հարցում, որ իրենց որդիների զոհվելու մեջ մեղավոր է Գոռ Իշխանյանը։ Թեեւ նրանք հանգամանորեն չեն տիրապետում դեպքերի մանրամասներին, սակայն ընդհանուր տեղեկություններ ունեն այն մասին, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից է ստացել վաշտը «9 կմ» ուղարկելու հրամանը, որ նրանց պետք է դիմավորեր 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը, բայց չի դիմավորել, որ վաշտի անձնակազմն ուղարկվել է գրավված Հադրութ եւ այլն։ Այսօր ցուցմունք տված տուժողները Արցախի տարածքին ծանոթ չէին, ուստի պնդումներ չարեցին այն տեղանքի մասին, ուր, ըստ հրամանի․ պետք է գնար վաշտը եւ ուր իրականում հասել էր։ Նրանց հուզում էր միայն մի հարց՝ մեղավորը պետք է պատժվի, եւ լավ կլինի՝ ամենախիստ ձեւով։ Մեղադրող կողմն իր հարցադրումները կառուցում էր այնպես, որ տուժողներն ամենայն մանրամասնությամբ պատմեն այն, ինչ իրենց հայտնի է, այդ թվում՝ կոնկրետ անձնանց անուններ, որոնցից իրենք պատերազմի ընթացքում իրենց որդիների մասին տեղեկություններ են ստացել։ Պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ, թե ինչի հիման վրա է այն համոզմունքը, որ Գոռ Իշխանյանն իմացել է, որ Հադրութը գրավված է, ու անձամբ զորքն ուղարկել այնտեղ այն պարագայում, երբ հրամանն իջեցվել է ՊԲ հրամանատարից եւ Իշխանյանի միջոցով փոխանցվել վաշտին։ Պաշտպանական եւ մեղադրող կողմերը դատարանում հիշատակում են, որ գրավոր փաստաթղթերում առկա է նշում, որ զորքի շարժի վերջնակետ նշված է հենց «9կմ» հատվածը։ Իսկ թե ինչու եւ ինչպես է զորքն անցել այդ խաչմերուկը, ինչու է հայտնվել Հադրութի Այգեստան գյուղում, ինչ հանգամանքներում է ընկել շրջափակման մեջ, ինչից են զոհվել վաշտի տղաները, ինչ պետք է անեին մեղադրյալներ Գոռ Իշխանյանն ու Նվեր Մնացականյանը, որ չեն արել, այս դատական քննության առարկան են։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։  Գլխավոր լուսանկարում՝ հանրային մեղադրող Վարդան Վարդանյանը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հայարփի Բաղդասարյան
19:40 - 18 փետրվարի, 2025
Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը․ Քոչարյան

Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը․ Քոչարյան

Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ․։ Կոշտությունն այնպիսին էր, որ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  «Ինքը ոչ թե մտնում էր բանակցությունների մեջ, ինքը ասում էր՝ էս ինչ եք բերել, էս ինչ եք քննարկում։ Ավելի կոշտ չի եղել։ Ես երբեք որեւէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, ես չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեմ, որին ես էդ այկիդոն (ճապոնական մարտարվեստ, որտեղ կան կտրուկ հնարքներ,-խմբ․) չկարողանամ անել, այկիդո ասած՝ լավ իմաստով։ Բանակցությունները ենթադրում են դիվանագիտություն»։  Նա նշեց՝ օրինակ, «Ընդհանուր պետության» գաղափարն իսկապես հետաքրքիր գաղափար էր․ «Այդ գաղափարն ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության ամուսնություն էր, ինչից մենք անընդհատ ուզում էինք պոկվել, որովհետեւ համարում էինք, որ Ղարաբաղի Հանրապետությունն ունի անխոցելի իրավական հիմքեր»։  Քոչարյանի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը կապվել է, ասել՝ միտք կա՝ «Ընդհանուր պետության» գաղափարը․  «Այն ավելի մոտ է «Դեյտոնյան համաձայնագրին» (Բոսնիայում եւ Հերցեգովինայում պատերազմի ավարտի համաձայնագիրը,-հեղ․), նաեւ Ռուսաստանին դա ձեռք էր տալիս, որովհետեւ ուզում էին նման մոդել կիրառել Վրաստանում Աբխազիայի եւ Օսեթիայի հարցում, հիմա ես կարայի հետը մտնեի բանավեճերի մեջ, ասեի՝ պրինցիպիալ չեմ քննարկում, չեմ ուզում, փչացնեի հարաբերությունները։ Ես իրեն ծանոթանալուց հետո ասել եմ՝ պայմանավորվենք՝ ես քեզ ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, առաջարկը հետաքրքիր է, բայց ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, բայց ես քեզ 100 տոկոսով ասում եմ՝ Հ․ Ալիեւն այս մոդելը չի ընդունելու, որովհետեւ այդ մոդելը 7,5-միլիոնանոց Ադրբեջանի հետ ինքը չի ընդունելու։ Ինքն ասաց՝ ես լավ ծանոթ եմ, համոզված եմ, որ համոզելու եմ Հ․ Ալիեւին։ Ասացի՝ եկեք պայմանավորվենք, որ էս բանակցային գործընթացում ես ամենից դժվար կողմը չեմ լինելու քեզ համար, բայց հիմա չմտնենք վիճաբանության մեջ, եթե Ալիեւին համոզես, մենք կոնստրուկտիվ կքննարկենք, ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ։ Գնացին Բաքու, Հ․ Ալիեւը կտրուկ էն գլխից մերժեք այդ տարբերակը, հետո խորհրդարանում ասաց՝ ամենից վատ տարբերակն է, որը երբեւիցե կարող էինք ստանալ։ Հետո Ադրբեջանից եկել է այստեղ, չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հարցը փակված էր մի կողմից կտրուկ մերժումով։ Ես եղել եմ այն կողմը, որը բարիդրացիական վերաբերմունք էր դրսեւորել այդ հարցի վերաբերյալ։ Հիմա սա դիվանագիտություն է, թե ոչ»։ Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի մասին հարցին․ «Ինչ կարելի է անել Ղարաբաղի հարցում․ չափազանց ծանր վիճակ է, այսօր անիմաստ է քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարց, այսօր միայն կա փոքր հավանականություն՝ քննարկել ղարաբաղցիների վերադարձի հարց։ Ռեալիզմը սա է։ Հավանականությունը փոքր է, բայց պետք է փորձել, փորձելու համար հմտություններ եւ ցանկցություն է պետք։ Մեր (նկատի ունի ներկա կառավարող ուժին,-խմբ․) մոտ երկուսն էլ չկա»։ Նա նշեց՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս չի մնացել։  «Մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանի, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան եւ չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ ՄԽ շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ, իմ եւ Ալիեւի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որն ավարտվել է Քի Վեսթով։ Եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ Ադրբեջանը համաձայնում էր, չէր լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, եւ ֆիքսվում էր ոչ թե տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման ամուսնությամբ, այլ հնարավորություն կար ամբողջական ինքնորոշման ճանապարհով ունենալ Արցախի Հանրապետություն»։
14:32 - 17 փետրվարի, 2025
Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Այն հանգամանքը, որ Սյունիքում մենք ավելի մեծ պրոբլեմներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Եթե Իրանի դիրքորոշումը չլիներ, Ալիեւը խանգարող բան չէր ունենա։ Եւ Հայաստանի իշխանությունը կասեն՝ դե ինչ անենք, հո չե՞նք կռվելու էն սարերի համար․․․։ Պատերազմի վախն իսկապես մեծ է։ Կարո՞ղ է այս վերաբերմունքն իսկապես փոխվել, այո, կարող է», - նշեց Քոչարյանը։  Նա անդրադարձավ նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նածագծին, նա նշեց․ «ԵՄ-ի հետ կապված․ ակնհայտ է մեկ բան․ այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է, եւ այդ ճգնաժամն ունի մի քանի կոմպոնենտ․ առաջնորդության ճգնաժամ, սա ակնհայտ է երեւում, իմաստային ճգնաժամ եւ տնտեսական ճգնաժամ։ Ամենից լավ հասկանալու համար դա, լսեք Վիկտոր Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Մի հատ լսեք ԱՄՆ-ի փոխնախագահի ելույթը, փայլուն ելույթ էր։ Եւ դահլիճում այն սառած դեմքերը, որոնց թվում, թե՝ էս ինչ ա ասում։ Իսկապես կա ճգնաժամ ԵՄ-ում։ ԵՄ-ն, իմ կարծիքով, չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխումների ենթարկել ինքն իրեն, եւ առաջին հերթին ինչ է անելու դրա համար, բոլոր գործընթացները ԵՄ-ին միանալու, սառեցնելու է, չեմ կասկածում, կարող է արդեն հասունացած մի երկու հարց որոշեն, բայց մնացածը սառեցնելու է։ Վենսը (ԱՄՆ փոխնախագահը,-խմբ․) հետաքրքիր թվեր բերեց, ես այլ թվեր բերեմ․ օրինակ Շվեդիայում 20 տարի առաջ բնակչության ընդամենը 2 տոկոսն էր ոչ Շվեդիայում ծնված, հիմա 20 տոկոսն է, Շվեդիան ամենից հաջողված երկրներից մեկն է ԵՄ-ի, պրոբլեմ է, իհարկե պրոբլեմ է, արդեն այն քանակն է, որ չես կարում մարսել քո արժեքային համակարգի մեջ, որովհետեւ քո արժեքային համակարգն է փոխվում»։ «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունես, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞։ Բայց անում ենք, եւ ինչի ենք անում»։ Քոչարյանի խոսքով՝ ԵՄ-ի ընկալումը Հայաստանում չափազանց դրական է․  «Նույնիսկ եվրոռեմոնտ բառ կա, չէ՞, ընկալվում է լավ ռեմոնտ։ Ընկալումն այդպիսին է, սենց մի բանբաներկա է սիրուն փաթաթած, եւ այդ մարդկանց, 600 հազար վարչապետներին ասելու են՝ սա է, վաղը մյուս օր ընդեղ ենք լինելու, այ դու այսպես ես ապրելու։ Ըստ էության մարդկանց հերթական անգամ խաբելու բանաձեւ է գտնվում, ենթադրում եմ նաեւ ընտրությունների հետ կապված սա ամենից մեծ դրոշն է լինելոի իշխանության համար, հիմա իրար հետ մրցելու են, թե ով է ավելի եվրոպամետ, ՔՊ-ն, թե՞ մյուս կուսակցույթունը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր, կարող ա իրար հետ այդ դրոշը բռնեն, չգիտեմ, բայց դա մի դրոշ է, որը տեղ չի տանում։ Ուրիշ նպատակ չեմ տեսնում, չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել։ Շատ կներեք, կամ քամակդ պիտի 3-մետրանոց լինի, որ էդ երկու աթոռի վրա նստես, էդ էլ չունես»։
14:04 - 17 փետրվարի, 2025
Քոչարյանը հերքում է, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում

Քոչարյանը հերքում է, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի այն դրվագին, որտեղ հիշատակվում է, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին ակտիվ քննարկումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման միջոցով ԼՂ հարցը լուծելու վերաբերյալ, մասնավորապես Մեղրի դիմաց Ղարաբաղը ստանալու։ «Դիվանագիտակա՞ն հնարք է եղել, այսինքն՝ ցույց եք տվել, որ իսկապես պատրաստ եք Մեղրին տալ և Արցախը պահել, թե՞ իսկապես սկզբունքային համաձայնություն տվել եք տարածքների փոխանակման միջոցով հարցը լուծել»։ Քոչարյանը մինչ հարցին պատասխանելը ինքը հարց ուղղեց «Ազատության» լրագրողին․ «Դուք իմ գրքի այդ հատվածը կարդացե՞լ եք, թե՞ ոչ, Դուք որևէ հակասություն գտե՞լ եք իմ գրածի և այդ հրապարակումների մեջ»։ Լրագրողը դրական պատասխանեց հարցին՝ ասելով, որ Քոչարյանի գրքում չկա գրված, որ բավականին ակտիվ քննարկվել է տարածքների փոխանակման հարց և դրանում ներգրավված են տարբեր երկրների դերակատարներ։ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Համոզված եմ, որ ստեղ գիրք կա, ուզո՞ւմ եք բերեմ, ընթերցենք՝ դա կա՞, թե՞ չկա, ֆաքթ չեքինգ․․․։ Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99թ․ հետևյալ բովանդակությունն ուներ․ համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ, բոլոր առաջարկները։ Լ․ Տեր-Պետրոսյանի ժամանակ 2 այդպիսի առաջարկ է եղել, «Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձել է եղել ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք, և այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, առաջին հերթին, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողքին։ Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն այս կաղապարված վիճակից մենք դուրս ենք գալու, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։  Այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե գործընթացը շահավետ էր մեզ համար, բայց ինքն առաջին օրից չի կասկածել, որ այդ քննարկումները հնարավոր է լինելու բերել մեզ համար ընդունելի տարբերակին։ Իսկ այդ համոզմունքը հիմնված է եղել նրա վրա, որ Ալիևն ամեն դեպքում ստանալու բան ուներ՝ վեց շրջան։ «Թալբոթը (ԱՄՆ այդ ժամանակվա փոխպետքարտուղարը՝ խմբ․) չի եկել որևէ առաջարկով, այդ հանդիպման ժամանակ որևէ առաջարկ Միացյալ Նահանգների կողմից չի եղել, ըդնահնարապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր․ առաջարկները տալիս էին ՄԽ անունից, և երբ բերում էին առաջարակ, սովորաբար գալիս էին եռահամանախագահողները։ Ինչ է կատարվել մինչ այդ․ Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար իսկապես դա այդպես է, թե չէ, և Ալիևի ընկալումները, մեր ընկալումները այդ բանակցություններից նույնն են, թե նույնը չեն։ Չի եղել առաջարկ, մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք, կամ չենք ընդունում, չի եղել»։ Ըստ Քոչարյանի՝ այդ ամբողջ գործընթացում, որ տևել է 2 տարի, ՄԽ համանախագահների կողմից միակ առաջարկը եղել է Քի Վեսթում․ «Եթե դուք ևս մեկ անգամ կարդաք մի գրքի այդ հատվածը, կտեսնեք, որ էդպես է եղել, այո, Ալիևն առաջարկում էր սա, ես առաջարկում էի այլ տարբերակներ, բայց ինձ համար շատ կարևոր է, որ Ալիևը իր այդ մոտեցման մասին մասին ինքը պատմի համանախագահողներին, որ թեման ինքը բացի։ Ես միշտ չէի հավատում, որ ինքը դա քննարկում էի, մտածում էի՝ վաղը հետ է քաշվելու։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, ես շատ զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»։ Քոչարյանը պնդեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպել է նաև Ստամբուլում, բայց այդ թեմայի շուրջ ընդհանրապես չեն խոսել։ Նա ասաց, որ ինքը ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարում է ունեցել այդ հարցում․ «Չի եղել, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, 2 անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես թեման չի քննարկվել»։ Քոչարյանը գաղտնազերծված փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում։ Անդրադառնալով փաստաթղթերում ներառված այն հատվածին, թե Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր մանրամասներին, թե ինչ է բանակցվում, Քոչարյանը ժխտեց՝ ասելով, որ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից․ «Վ․ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի։ Հիմա Թալբոթը պատմում է Դեմիրելի․․․ Ես ձզե ասում եմ՝ Վ․ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից բոլոր մանրամասնություններով, եւ ինքը Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկայից մինչեւ վերջին վայրկյանը։ Հիմա ես չգիտեմ՝ ինքը Դեմիրելին ինչ է ասել, ինչ չի ասել, դա իր ընկալումն էր, թե չէր, որովհետեւ, կրկնում եմ, մենք Թալբոթի հետ տարբերակ չենք քննարկել»։
13:02 - 17 փետրվարի, 2025
«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի 7րջափակման օրերին մշտական կապի մեջ է եղել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:  Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ մինչև Ղարաբաղի անկումը:  «Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ Եվ ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էին կազմակերպում, հիմնավորումը հետևյալն էր՝ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է»,- պատմեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել․ «Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»։ Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր․ «Առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ էր խոսում, համոզում»։ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ընդգծեց՝ ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում:  «Ինձ ասում են՝ ինչու եմ շնորհավորել Սամվել Շահրամանյանին։ Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցություն ցուցաբերեմ, միգուցե դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ «այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»։
12:18 - 17 փետրվարի, 2025