Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում

Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) հեռացված Վահե Մխիթարյանն ու 7 այլ աշխատակիցներ դատական հայց են ներկայացնել Կոմբինատի դեմ: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, հարկադիր պարապուրդի համար բռնագանձել իրենց միջին աշխատավարձը, վերականգնել իրենց նախկին աշխատանքում, իսկ դրա անհնարինության դեպքում բռնագանձել նաեւ աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցումը։ Այս տարեսկզբին ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկի՝ Կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին իրականացնում։ Նրանք դժգոհում էին սոցիալական անհավասար պայմաններից եւ պահանջում աշխատավարձերի բարձրացում։ Թեեւ օրեր անց Կոմբինատը հայտարարեց, որ կբարձրացնի աշխատավարձերը, այնուհանդերձ, գործադուլը նաեւ բացասական հետեւանքներ ունեցավ․ 8 անձ, այդ թվում՝ Մխիթարյանը, հեռացվեց աշխատանքից։  Արդյո՞ք իրավաչափ են գործադուլին հաջորդող ազատումները, գործադուլ անվանումը ստացած բոլոր ակցիանե՞րն են համարվում իսկապես գործադուլ, առհասարակ, գործադուլի իրականացման ինչպիսի՞ իրավակարգավորումներ են սահմանված Հայաստանում եւ աշխարհում, եւ ի՞նչ խնդիրներ կան։ Նյութում կարդացեք գործադուլերը Հայաստանում․ ոչ պաշտոնական վիճակագրություն, գործադուլի իրավունքը ներպետական օրենսդրության մեջ, ԶՊՄԿ-ի  օրինակը․ ինչ են ասում կողմերը ինչ խնդիրներ կան․ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանի եւ ճյուղային Արհմիության նախագահի կարծիքը, գործադուլի իրավունքը միջազգային փաստաթղթերում․ եվրոպական երկրների փորձը։   Գործադուլերը Հայաստանում․ ոչ պաշտոնական վիճակագրություն Զարգացող պետություններում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքացիները, որպես կանոն, մշտապես ունենում են դժգոհության տարաբնույթ առիթներ եւ ձգտում՝ հասնելու դրական փոփոխությունների։ Եվ շատ հաճախ այս ճանապարհին որպես պայքարի ձեւ ընտրվում է հենց գործադուլը։ «Ինֆոքոմը» բաց աղբյուրներում որոնում է իրականացրել՝ հավաքագրելով վերջին տասը տարում կազմակերպված եւ լուսաբանված գործադուլերի վերաբերյալ տվյալները (հավաքագրում իրականացնելիս հիմք է ընդունվել կազմակերպիչների հայտարարությունը գործադուլի մասին, այլ ոչ թե գործողությունների լիարժեք համապատասխանությունը օրենքին)։ Թեեւ ստացված պատկերը կարող է ամբողջական չլինել, սակայն եղածն էլ հստակ ցույց է տալիս որոշակի օրինաչափություն․ Հայաստանում ամենից հաճախ գործադուլի են դիմել 2018 թ․-ին (իշխանափոխության ընթացքում տեղի ունեցած գործադուլերը հաշվարկվել են մեկ անգամ՝ հիմք ընդունելով դրանց մեկ ընդհանուր պահանջը), ամենաքիչը՝ 2015-ին։    Գործադուլերի թեմատիկայում ամենից հաճախ հանդիպում են աշխատավարձերի բարձրացման կամ ղեկավարի հրաժարականի պահանջները։    Գործադուլի իրավունքը․ ներպետական օրենսդրություն Գործադուլի իրավունքը ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով։ ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում, որ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Գործադուլի իրականացման կարգը հիմնականում սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով։ Ըստ դրա՝ գործադուլը մեկ կամ մի քանի գործատուների մոտ աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների որոշակի խմբի` կոլեկտիվ գործողությունների միջոցով աշխատանքների լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է աշխատողների տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով։ Սակայն գորադուլը ծայրահեղ միջոց է, որին պետք է նախորդեն այլ փուլեր՝ կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (պարտադիր փուլ է)  կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում (եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքին): Կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծելու, հաշտեցման գործընթացից խուսափելու եւ օրենքով սահմանված մի քանի այլ դեպքերում նոր միայն կարող է իրականացվել գործադուլ։ Արհեստակցական միությունն է այն միակ մարմինը, որի միջոցով, ըստ Արհմիությունների մասին ՀՀ օրենքի, հնարավոր է իրականացնել օրինական գործադուլ։ Արհմիությունը հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով եւ ազատ կամքի դրսեւորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով։ Հայաստանում առաջին արհմիությունները կազմավորվել են 1905-1907 թթ․-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդիում, իսկ մասսայական տարածում՝ ստացել 1921 թ․-ին։ Անդամների թիվն էապես ավելացել է 1950-ականներին՝ հետպատերազմյան շրջանում։ Խորհրդային տարիներին, սակայն, արհմիությունները ձեւական բնույթ էին կրում եւ սերտաճած էին պետական կառավարման համակարգին։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ որպես աշխատողների շահերը ներկայացնող մարմին՝ արհմիությունների արդյունավետության մակարդակն ու դերը շարունակեց մնալ ցածր՝ կապված նաեւ այն հանգամանքի հետ, որ խորհրդային արհմիություններն օգտվում էին պետական աջակցությունից ու այդպիսով աշխատավորների համար նյութական արտոնություններ ստեղծում։ Արհմիությունների մասին առավել մանրամասն՝ այստեղ։   ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաեւ, որ նախատեսվող գործադուլի մասին արհմիությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլը սկսելու օրվանից առնվազն 7, իսկ անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպիսին Կոմբինատն է, 14 օր առաջ: Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից, իսկ գործատուն իրավունք է ստանում ցանկության դեպքում գործադուլի մասնակիցներին աշխատավարձ չվճարել: Սակայն գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը):  Չնայած օրենսդրական այս պահանջին՝ գործադուլներին հաճախ ազատումներ են հաջորդում։ Գործատուները աշխատակիցներին հեռացնում են աշխատանքից՝ կազմակերպված ակցիաները օրենքի իմաստով գործադուլ չհամարելով կամ հղում կատարելով Աշխատանքային օրենսգրքի այն դրույթներին, որոնց համաձայն՝ գործատուն կարող է սեփական նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը, եթե նա կորցրել է վստահությունը աշխատողի նկատմամբ, որը կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Հենց սա է, ի թիվս այլնի, դրված ԶՊՄԿ-ի աշխատակիցների, ինչպես նաեւ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործադուլավոր վարորդներին աշխատանքից ազատելու որոշման հիմքում։    ԶՊՄԿ-ի օրինակը․ ինչ են ասում կողմերը Մեր զրույցում ԶՊՄԿ-ի նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը պատմում է՝ ինչպես է իրականացվել իրենց կազմակերպած գործադուլը։ Մխիթարյանի խոսքով՝ իրենք նախ գրավոր ծանուցել են նախազգուշական գործադուլի մասին։ Նախազգուշական գործադուլը, ըստ Աշխատանքային օրենսգրքի, չի կարող շարունակվել 2 ժամից ավելի: Գործադուլ իրականացնելու որոշումը պետք է գաղտնի քվեարկությամբ հավանության արժանանա քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից։ Տվյալ դեպքում, ըստ Մխիթարյանի, այդ ցուցանիշն ապահովվել է․ կոմբինատի 4600 աշխատակցից ստորագրահավաքին միացել է 2448-ը։ Վահե Մխիթարյանը շեշտում է՝ իրենք հավաքված ստորագրությունները տրամադրել են միությանը, սակայն վերջինս անարձագանք է թողել այն․ «Հունվարի 31-ին մեզ հաջողվեց հանրային ճնշման ներքո գալ համաձայնության եւ հանդիպել Կոմբինատի տնօրենի՝ Ռոման Խուդոլլիի հետ։ Մոտ 2․5 ժամ տեւած բանակցությունները անարդյունք եղան, նույնիսկ կասեի` ոչ կառուցողական․․․ Ի վերջո, տնօրենը հայտարարեց՝ եթե ուզում եք կանգնեցնել աշխատանքը, գնացեք, կանգնեցրեք; Դրանից անմիջապես հետո այդպես ինքնաբուխ գործադուլը ստացվեց։ Այսինքն՝ մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ ընդամենը 2 ժամ պետք է կանգնեցնենք աշխատանքը, որովհետեւ առաջնորդվում էինք չվնասելու սկզբունքով, բայց քննարկումներից հետո այդ էմոցիոնալ ֆոնի վրա, ինքնաբուխ գործադուլ ստացվեց»։ Դրանից հետո «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը հայտարարեց՝ վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում եւ չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Կատարվածի առնչությամբ նաեւ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացվեցին։ Հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնիրավչության հոդվածով։ Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ որպես մեղադրյալ ներգրավված անձինք այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է։ Ի վերջո 11 օր անց՝ 8 աշխատակցի հեռացնելուց հետո միայն, երբ Կոմբինատը հայտարարեց, որ խոստանում է աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով, գործադուլը դադարեց։ Վահե Մխիթարյանը ընդգծում է՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ այնպիսի գործադուլ, որը կհամապատասխանի օրենքի բոլոր կետերին, ըստ ամենայնի, տեղի չի ունեցել․ «Ենթադրում եմ՝ օրենքը ուղղակի փոխառնվել է զարգացած երկրներից որեւէ մեկից, բայց չի տեղայնացվել եւ ցավոք սրտի, մեր հասարակությունը եւ գործատուները, դեռեւս չունեն այն իրավագիտակցությունը եւ մշակույթը, որ այդ օրենքը գործարկվի»,- ասում նա։ Մեր զրույցում ԶՊՄԿ-ից նշեցին, որ հավելյալ մեկնաբանություն չունեն՝ առաջարկելով դիմել Ճյուղային արհմիությանը։ Մանրամասները՝ տեսանյութում   Ինչ խնդիրներ են մատնանշում մասնագետները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը մեր զրույցում նշում է՝ աշխատանքային իրավունքների պահպանման, աշխատողների եւ գործատուների իրավագիտակցության հարցում այսօր կա որոշակի առաջընթաց, սակայն դեռ շատ անելիքներ կան։ Առկա օրենսդրական ընթացակարգերը Բարիկյանը երկար ու բարդ է որակում, նշում՝ դրանք գործնականում խոչընդոտում են աշխատողների` օրինական գործադուլ կազմակերպելու հնարավորությունը։ Արհեստակցական կազմակերպությունները գործադուլ հայտարարելու համար պարտավոր են անցնել փուլերով, ինչը լրջորեն սահմանափակում է նրանց գործողությունները։ Բարիկյանն ընդգծում է՝ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ամեն տարի հրապարակում է Իրավունքների գլոբալ ինդեքսը, որը կարեւոր զեկույց է ամբողջ աշխարհում ժողովրդավարության հիմնական սկզբունքների՝ աշխատողների և արհեստակցական միությունների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության և իրականացման համար պայքարի իրավիճակի մասին․ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան փաստում է կառավարությունների և գործատուների կողմից միջազգայնորեն ճանաչված կոլեկտիվ աշխատանքային իրավունքների խախտումները, մասնավորապես՝ միավորման ազատության, կոլեկտիվ բանակցությունների և գործադուլի իրավունքի: Աննա Բարիկյանը համաձայն է՝ Հայաստանի արհմիությունները դեռեւս բախվում են պատմական ժառանգության հետևանքներին, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան վերջին տարիներին ակտիվ աշխատանք է իրականացրել՝ կազմակերպելով սեմինարներ և հանդիպումներ, իրազեկման արշավներ, որոնք նպաստում են արհեստակցական կազմակերպությունների վերաբերյալ կարծրատիպերի վերափոխմանը։ 2023 թվականին նույնիսկ դատական կարգով վերականգնվել է արհեստակցական կազմակերպության նախագահի լիազորությունը, քանի որ գործատուն խոչընդոտում էր նրա գործունեությունը որպես արհեստակցական կազմակերպության նախագահ․  «Ուստի, արհմիությունների միջոցով գործադուլ կազմակերպելու պահանջը ոչ միայն իրավաչափ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ աշխատողների գործադուլի իրավունքի լիարժեք իրացման համար։ Բացի գործադուլ կազմակերպելուց, արհմիությունները ներգրավված են նաև պետության և գործատուների հետ բանակցային գործընթացներում, ինչը թույլ է տալիս գտնել լուծումներ առանց ծայրահեղ միջոցների։ Եթե յուրաքանչյուր աշխատող ինքնուրույն փորձի գործադուլ իրականացնել, դա կարող է հանգեցնել անկայունության, մինչդեռ արհմիությունը տրամադրում է կառուցվածքային մոտեցում՝ պաշտպանելով ինչպես աշխատողների իրավունքները, այնպես էլ սոցիալական կայունությունը»։ «Լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» նախագահ Էդուարդ Փահլևանյանը եւս մի շարք գործնական խնդիրներ է մատնանշում։ Աշխատանքային օրենսգրքում առկա կարգավորումները, ըստ նրա, գործնականում անհնար են դարձնում գործադուլի իրականացումը․ «Վերցնենք մի օրինակ՝ մեծ կազմակերպություն, որտեղ առաջացել է կոլեկտիվ վեճ, այդ կոլեկտիվ վեճը չի հանգուցալուծվել բանակցությունների միջոցով։ Ըստ օրենսգրքի՝ պիտի գնանք գործադուլի, չէ՞, պիտի նախազգուշացնենք, սահմանված ժամկետում մեր իրավական պահանջները ներկայացնենք գործատուին, եւ կամ պիտի ստեղծվի հանձնաժողով, արձագանք լինի, կամ բողոք լինի դատական կարգով, կամ ընդհանրապես հանգուցալուծում չունենա։ Այդ ժամանակ պիտի փակ քվեարկությամբ հավաքենք բոլոր աշխատողների մեկ երրորդի համաձայնությունը, բայց դեռ չկա սահմանված որեւէ կարգ, թե ինչպես պիտի դա անես, որ գործատուն չբողոքարկի։ Կոնֆեդերացիան բղավում է այս մասին, բայց մեր գործընկերները` ի դեմս ՀՀ կառավարության, ականջալուր չեն»,- ասում է Փահլեւանյանն ու ընդգծում՝ ԱԺ-ում աշխատավորները չունեն իրենց գեթ մեկ ներկայացուցչին, որպեսզի կարողանան անմիջականորեն բարձրաձայնել խնդիրները։ Մանրամասները՝ տեսանյութում   Գործադուլի իրավունքը․ միազգային փաստաթղթեր Աշխատողների իրավունքների վերաբերյալ միջազգային առաջնահերթ փաստաթղթերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներն են։ 1948 թ․-ին Կազմակերպությունն ընդունել է Միավորման ազատության եւ կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիա (ՀՀ-ն վավերացրել է 2005 թ․-ին), իսկ 1949 թ․-ին՝ Կազմակերպվելու եւ կոլեկտիվ բանակցությունների իրավունքի մասին (ՀՀ-ն վավերացրել է 2003 թ․-ին)։  Գործադուլի իրավունքն ուղղակիորեն ամրագրված է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության՝ 1966 թ․-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում, որը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների համար (ՀՀ-ն անդամ է 1992 թ․-ից)։  Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան էլ սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը (հոդված 11)։ Բարիսը եւ մյուսները ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է՝ գործադուլը, սկզբունքորեն, պաշտպանված է 11-րդ հոդվածով միայն այն չափով, որ կազմակերպվում է արհեստակցական միությունների կողմից եւ համարվում է արհեստակցական միության գործունեության ոչ թե ենթադրյալ, այլ արդյունավետ մաս (Barış and Others v. Turkey (dec.), § 45): Մի շարք վճիռներում Եվրոպական դատարանը նշել է, որ գործադուլի արգելքը պետք է համարվի արհեստակցական միության` իր անդամների շահերը պաշտպանելու լիազորության սահմանափակում և հետևաբար, միավորման ազատության սահմանափակում (UNISON v. the United Kingdom (dec.), 2002; Hrvatski liječnički sindikat v. Croatia, 2014, § 49; Veniamin Tymoshenko and Others v. Ukraine, 2014, § 77): Այս համատեքստում, ըստ ՄԻԵԴ-ի, որեւէ սահմանափակում դրանց անդամներին  չպետք է ենթարկի վնասներ կրելու կամ աշխատավարձի իջեցման կամ աշխատանքային այլ պայմանների վատթարացման ապագա փորձերի դեպքում անպաշտպան մնալու իրական կամ անմիջական վտանգի (UNISON v. the United Kingdom )։ Գործադուլի կարգավորման միջազգային փորձից խոսելիս հարկ է հիշատակել նաեւ եվրոպական երկրների օրինակը։ Գերմանիայի Սահմանադրության 9-րդ հոդվածն է ամրագրում միավորման ազատությունը, որն ընդգրկում է ինչպես արհմիությունների ստեղծման, այնպես էլ գործադուլի իրավունքը։ Գործադուլ հայտարարելու ընթացակարգը հիմնականում ձևավորվել է դատական պրակտիկայով և արհմիությունների կանոններով։ Գործադուլից առաջ գերմանական արհմիությունները պետք է վարեն բանակցություններ գործատուի հետ՝ նոր պայմանագիր կնքելու կամ պահանջներ ներկայացնելու նպատակով։ Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամանակահատվածում գործում է «խաղաղության պարտավորությունը» (Friedenspflicht), որն արգելում է գործադուլները պայմանագրի գործողության ընթացքում: Սա ապահովում է կայունություն և կանխատեսելիություն։ Գործադուլի ծանուցման ժամկետը (Ankündigungsfrist) Գերմանիայում հստակ սահմանված չէ, բայց ձեւավորված պրակտիկայի համաձայն՝ ծանուցումը պետք է արվի «հիմնավոր և համապատասխան ժամկետում» (angemessene Frist), որպեսզի գործատուն կարողանա կազմակերպչական քայլեր ձեռնարկել։  Ընդհանուր առմամբ, օրինական գործադուլի մասնակցությունը չի կարող պատճառ դառնալ աշխատանքից հեռացման։ Բայց կա բացառություն՝ հավատարմության երդման խախտումը (Verletzung der Treuepflicht). եթե գործադուլի ընթացքում աշխատակիցը ծանր ձևով խախտի իր վերաբերմունքը գործատուի հանդեպ (օրինակ՝ վիրավորական արտահայտություններ, ֆիզիկական բռնություն), գործատուն կարող է կիրառել խիստ կարգապահական միջոցներ՝ մինչև աշխատանքից ազատում։ Ֆրանսիայում եւս գործադուլի իրավունքը ամրագրված է սահմանադրական մակարդակով: 1946 թվականի Սահմանադրության նախաբանը, որը 1958 թվականի ներկայիս Սահմանադրության անբաժանելի մասն է, ուղղակիորեն ճանաչում է գործադուլի իրավունքը որպես հիմնարար իրավունք: Սակայն ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայում գործադուլը համարվում է աշխատողի անհատական իրավունք, որը կարող է իրականացվել կոլեկտիվ կերպով: Սա նշանակում է, որ արհմիության մասնակցությունը պարտադիր չէ: Ֆրանսիայում գործադուլ հայտարարելու համար չկան խիստ պահանջներ, ինչպիսիք են նախնական բանակցությունների պարտադիր լինելը կամ հատուկ ծանուցման ժամկետները (բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի, որտեղ գործում է 5 օրվա ծանուցման եւ բանակցություններ վարելու պահանջ): Հանրային ծառայությունների ոլորտում գործում է «նվազագույն ծառայության» (service minimum) պահանջը, որը նշանակում է, որ անգամ գործադուլի դեպքում պետք է ապահովվի հիմնական ծառայությունների մատուցումը: Ֆրանսիայում տարածված են կարճաժամկետ նախազգուշական գործադուլները, որոնք սովորաբար տևում են մեկ օր կամ նույնիսկ մի քանի ժամ՝ հիմնականում ճնշում գործադրելու և բանակցային դիրքեր ամրապնդելու նպատակով: Այսպիսով, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում գործադուլի իրավունքն ունի սահմանադրական արժեք։ Ներպետական կարգավորումները, սակայն, այնքան խրթին ու տեւական են, որ գործնականում գրեթե անհնարին են դարձնում օրինական գործադուլի հնարավորությունը, ինչը փաստում են թե՛ աշխատողները, թե՛ Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։ Իսկ դրա բացասական հետեւանքները կրում են աշխատավորները։   Միլենա Խաչիկյան

Loading...