Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով
- 2020 թ․ հոկտեմբերի 4-ին 1-ին բանակային կորպուսի առանձին զրահատանկային գումարտակը, պարենով, զինամթերքով, գիշերային տեսանելիության սարքերով ապահովված լինելով հանդերձ, թույլ է տվել, որ թշնամին մոտենա մինչեւ 400-500 մ հեռավորության վրա, ինչի հետեւանքով նրա զրահատեխնիկան եւ կենդանի ուժը թափանցել են իմ թիկունք, որտեղ թաքնվելով էլ՝ գիշերը սկսել են խփել իմ անձնակազմին,- Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպիսի հայտարարություն արեց նույն բանակային կորպուսի մեկ այլ գումարտակի հրամանատար, այժմ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։
Փոխգնդապետ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության իր անձնակազմի հետ Ջրականից դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենից աջ գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Դրա հետեւանքով, ըստ մեղադրանքի, վերջիններս ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։
Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ զրահատանկային հիշյալ գումարտակն է, որի մասին իր հայտարարության մեջ նշեց Գաբրիելյանը․
- Ընկե՛ր Գաբրիելյան, Ձեր նշած տեխնիկան ես չեմ ունեցել,- մեղադրյալի հայտարարությանը այսպես հակադարձեց այդ գումարտակի հրամանատարի տեղակալ Սարգիս Ադամյանը,- 11 ԲՄՊ-ից ունեցել եմ 1-ը, իսկ 20-21 տանկերից մնացել է 15-ը, մնացածը խոցվել են, ականանետային մարտկոցն էլ 12 հաշվարկից 3 հաշվարկ է ունեցել։ Ես Ձեր ասած ուժը չեմ ունեցել, որ հակագրոհ իրականացնեի, առաջին օրը կանգնեցրել եմ, երկրորդ օրը էլ չեմ կարողացել, կարողացել եմ միայն ինքս ինձ պաշտպանել։
Արդեն երկրորդ նիստն է, ինչ Ադամյանը ներկայանում է դատարան՝ գործի հանգամանքների վերաբերյալ որպես վկա ցուցմունք տալու։
Սարգիս Ադամյանի խոսքով՝ զորքը բարոյահոգեբանական լավ վիճակում էր
Ցուցմունքով Ադամյանը հայտնել է, որ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ 4-ի գրոհը, նրա խոսքով, իրենց գումարտակը կասեցրել է, հակառակորդը նահանջել է։ Դրանից հետո՝ մինչ 5-ի առավոտ, ըստ Ադամյանի, այլ գրոհ չի եղել։ Մեղադրյալ Գաբրիելյանը, սակայն, այլ բան է հայտնել․ ըստ նրա՝ գիշերն իրենց ուղղությամբ հարձակում է եղել, եւ իրենք, չունենալով բավարար զինամթերք, զինտեխնիկա, սնունդ ու հագուստ, ստիպված են եղել նահանջել։
Պատասխանելով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի հարցերին՝ վկա Ադամյանը հայտնեց, որ տեղանքը, ըստ էության, բնագիծ չէր, պատշաճ խրամատներ չկային, եղածները հին էին, բայց անձնակազմին տեղավորել են, ինչպես որ հնարավոր է եղել։
- Ձեր ստորաբաժանումը պառազինության խնդիր ունե՞ր։
- Այդ դեպքից հետո՝ հա, հոկտտեմբերի 4-ի լույս 5-ի առավոտյան, որ մարտի էինք, դրանից հետո հնարավորություն չկար մատակարարելու։
- Իսկ մինչ այդ դե՞պքը։
- Չէ, խնդիր չկար։
- Իսկ Գաբրիելյանի ստորաբաժանումը զորքի եւ սպառազինության խնդիր ունե՞ր։
- Ես տեղյակ չեմ։
Հովիկ Գաբրիելյանը վկայից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նրանց ապահովել են, իսկ իրենց, որ դարձյալ նույն կորպուսի ենթակայության տակ էին, չեն մատակարարել։ Վկան ասաց, որ ինքն այդ հարցին պատասխանել չի կարող․ «Այդ ամենը կազմակերպել է զորամասի թիկունքի պետը, հագուստը եղել է քաղաքացիական, սնունդը՝ քաղաքացիական։ Թե ձեզ ինչու չեն բերել, չեմ կարող ասել»։
Դատավորը խնդրեց հայտնել նաեւ, թե ինչպիսին էր իր զորքի բարոյահոգեբանական վիճակը։
- Տվյալ պահին՝ լավ, մանավանդ, որ հոկտեմբերի 4-ի գիշերը մարտում կարողացանք հակառակորդին հետ շպրտել, կներեք, այսպես ասած, դուխավորվել էին։
- Նույնաբովանդակ ցուցմունք է տվել Համլետ Լեւոնյանը, պատմել, որ անձրեւին զորքը հայր մերն է ասել․․․ Բայց նույն պայմաններում, երբ հարցաքննում ենք պարոն Գաբրիելյանի ենթականերին, նրանք ասում են՝ շատ վատ էր, շատ ընկճված։ Ինձ մոտ դիսոնանս է առաջանում․ դուք անմիջական շփման մեջ եք մտնում հակառակորդի հետ, բայց մարտի արդյունքում բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, Հովիկ Գաբրիելյանի զորքը, որ, ենթադրաբար, մարտի մեջ չի մտնում, վատ է։ Սա չեմ կարողանում հասկանալ։ Դուք դա ինչպե՞ս կբացատրեք,- հարցրեց դատավորը։
- Ես չեմ կարող ասել,- պատասխանեց վկան։
Ըստ վկայի՝ դիվերսիոն ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր
Վկան տեղեկություն չուներ՝ նահանջից առաջ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցել է թե ոչ։ Ասաց՝ հետագայում է իմացել, որ նահանջել են Հադրութ։ Հարցին, թե ինչու հենց Հադրութ, վկան պատասխանեց․ «Հադրութն էր մոտիկ, բայց չեմ կարող ասել՝ ինչի համար են գնացել»։
Հովիկ Գաբրիելյանը, դիմելով Ադամյանին, հարցրեց․ «Եթե ամսի 4-ի գիշերը հակառակորդը հետ է գնացել, դա խուճապի մատնված հակառակորդ է, չէի՞ք կարող 21 տանկով եւ 11 ՀՄՄ-ով բաց դաշտում ոչնչացնել եւ մարտն ավարտել»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը առարկեց հարցի դեմ, հարցը հանվեց։ Մեղադրյալը հայտարարությամբ հանդես եկավ․
- 32 հատ զրահատեխնիկա ունենալը ահռելի ուժ է, կարելի էր թշնամուն էն ձեւ քայքայել, որ էդ զորքը հետ չգար։
- Ձեր հայտարարությունը արձանագրվեց,- ասաց դատավորը։
Պատասխանելով Հովիկ Գաբրիելյանի հարցերին՝ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ հակառակորդն իրենցից ընդամենը 400-500 մ հեռավորության վրա էր․
- Որ մոտեցել է 400-500 մ, կարո՞ղ էր գիշերը թաքնվել ու առավոտյան դիպուկահարներով կրակ բացել ձեր վրա,- հարցրեց մեղադրյալը։
- Կարող էր, տեսանելիություն չկար, հորդառատ անձրեւ էր, հնարավոր էր։
- Այսինքն՝ խումբ–խումբ հնարավոր էր էդ տարածք մտնել։
- Նմանատիպ մարտերի, անձնակազմի ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր,- պատասխանեց վկան։
Գաբրիելյանը նաեւ հետաքրքրվեց՝ ծանր հրետանու աշխատելու ընթացքում զորամասի հրամանատարը որտեղի՞ց էր կապ պահում․
- Առաջնագծում էր։
- Կոնկրետ որտե՞ղ։
- Խրամատում։
- Ըստ Մարտական կանոնադրության՝ չպիտի՞ լիներ ՀՄՄ-ի մեջ, որպեսզի տեղյակ լիներ՝ ում ինչ ցուցում տա․․․
- Ըստ Կանոնադրության՝ հա, բայց մենք էնտեղ ըստ Կանոնադրության ոչ մի բան չենք արել, զրահատեխնիկայի մեջ գտնվելը տվյալ պահին շատ սխալ էր,- նշեց վկան՝ հավելելով, որ խոցման դեպքեր են եղել հենց դրա պատճառով։
Ըստ վկայի՝ Գաբրիելյանի նահանջի հետեւանքով իրենք ունեցել են կորուստներ
Դատավորը հիշեցրեց նաեւ, որ Համլետ Լեւոնյանը, թվելով զոհերի անունները, պնդում է կատարել, որ զոհերի մեծ մասը հետեւանք է նրա, որ Գաբրիելյանը նահանջել է, եւ հակառակորդը կարողացել է շրջանցել իր զորքին։ Ապա խնդրեց վկային հայտնել իր կարծիքը այդ պատճառահետեւանքային կապի վերաբերյալ․
- Պատերազմ է եղել, ես չեմ կարող ասել՝ իր մեղքով է եղել թե չէ, մարտ է եղել, ցանկացածն էլ կարող էր․․․
- Բայց նահա՞նջն է պատճառահետեւանքյին կապի մեջ գտնվել ձեր կորուստների հետ։
- Ես չեմ կարող ասել՝ եթե Գաբրիելյանը դուրս չգար, կբռնվեին մարտի թե ոչ։
Այնուհանդերձ, վկան պնդեց՝ ենթադրյալ նահանջի հետեւանքով իրենք կրել են թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ։ Զոհվել են թե՛ ժամկետայիններ, թե՛ սպաներ։
Մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը եւս անդրադարձավ այս դրվագին՝ խնդրելով ճշգրտել՝ այդ կորուստները Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ պատճառահետեւանքային կապ ունե՞ն թե՞ անկախ նահանջից հակառակորդը կխոցեր․
- Դուրս գալու հետեւանքով որեւէ զինտեխնիկայի կորուստ ունեցե՞լ եք թե՞ ոչ։
- Ունեցել ենք ավտոտեխնիկայի կորուստ էլ, զրահատեխնիկայի կորուստ էլ։
- Դա եղել է Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքո՞վ։
Պաշտպանի կրկնվող հարցին առարկեց մեղադրող Դավիթ Նավասարդյանը՝ նշելով, որ վկան հստակ պատասխան տվեց։ Առարկությունը ընդունվեց։
- Իսկ զինտեխնիկան ինչպե՞ս է խոցվել։
- Նռնականետով եւ հրետանիով։
-Որքան հեռավորության վրա դրանք կարող են խոցել։
- Մինչեւ 1 կմ։
Հաշվի առնելով, որ հակառակորդը, ըստ վկայի խոսքերի, իրենցից հենց 1 կմ հեռավորության վրա էր, պաշտպանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում հնարավո՞ր է, որ հակառակորդը իր գտնվելու վայրից խոցած լինի, ոչ թե Գաբրիելյանի ուղղությունից։ Ի պատասխան վկան ասաց՝ հնարավոր է։
- Բա եթե հնարավոր է, Ձեր ենթադրությունը, որ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով է տեխնիկան խոցվել, այլ ոչ թե հակառակորդի 1 կմ հեռավորության հատվածից, Ձեր այդ համոզմունքը ինչո՞ւմն է կայանում։
Մեղադրողը դարձյալ առարկեց հարցի ձեւակերպման դեմ՝ նշելով, որ հնչեց գնահատական, որը դատավորի տիրույթի հարց է․ «Եվ սա կարծես դիմում լինի Ձեզ, պատվարժան դատարան, որ դա ընդամենը ենթադրություն է։ Ես առարկում եմ հարցի ձեւակերպման դեմ, իսկ բովանդակային մասով այն կրկնվում է»։
Պաշտպան Խաչիկյանը հետաքրքրվեց նաեւ, թե քանի տեխնիկա է խոցվել։ ի պատասխան վկան ասաց․ «5 տարի է անցել, չեմ կարող մանրամասն ասել՝ տվյալ խոցումը այստեղ է եղել, թե այնտեղ։ Թե քանի մետրից, քանի սմ-ից քանի տեխնիկա է խոցվել, չեմ կարող հիշել»։
- Ձեր հենց կողքի՞ց է հրթիռախոցվել, թե՞ առջեւից,- հարցրեց պաշտպանը։
- Պարոն Խաչիկյան ջան, ես ուրախ եմ, որ Դուք նման իրադրության մեջ չեք ընկել, Դուք չեք կարող պատկերացնել՝ ես չեմ տեսնի՝ տվյալ պադրոնը էս ուղղությամբ եկավ, թե էս։ Գլխիս թափում է, ես նստեի, բախտագուշակությամբ զբաղվեի՞՝ որ կողմից է եկել։ Չեմ կարող ասել․ մարտ է եղել, մարտը ղեկավարել ենք, անձնակազմին ղեկավարել ենք, թե աջից կգա, թե ձախից, ես չեմ կարող ասել։
Արձագանքելով վկայի վրդովմունքին՝ պաշտպանը նշեց՝ պատերազմի ժամանակ ինքը եւս առաջնագծում է եղել․ «Պետք չէ ռազմական գործի մասնագետ լինել․․․ Երբ վկան հայտարարում է, որ 1 կմ-ից տեխնիկա է խոցվել, եւ չի կարողանում ասել՝ աջ կողմից թե դիմացից, բայց ենթադրում է, որ Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով, վերջինիս ենթադրությունը ողջամիտ չէ»,- հարցաքննության ավարտին հայտարարեց նա։
Դատարանն անփոփոխ թողեց մեղադրյալի խափանման միջոցը
Երեկվա նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը դատարանին միջնորդեց դրա ժամկետը երկարաձգել․ «Ես չեմ ուզում այստեղ վկայակոչել, որ անձը մեղադրվում է ծանր հանցանքի կատարման մեջ կամ այն, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է ռազմական դրության պայմաններում, այլ ուզում եմ շեշտադրել արարքի հանրային հնչեղությունը, հանրային նշանակությունը եւ մեղադրյալի՝ մեղավոր չճանաչվելու ցանկության մեծությունը։ Զգալով հնարավոր մեղավոր ճանաչվելու վտանգը՝ անձը կարող է խուսափել քնննությունից»,- նշեց նա։
Պաշտպան Խաչիկյանը առարկեց՝ նշելով, որ մինչ այս պահը չի եղել որեւէ հանգամանք, որը կփաստեր, որ Գաբրիելյանը խուսափել, խոչընդոտել է կամ կարող էր խոչընդոտել։ Տնային կալանքի տակ անցկացրած վերջին ամիսները, ըստ պաշտպանի, հակառակն են փաստում։ Ուստի նա միջնորդեց Գաբրիելյանի նկատմամբ սահմանել վարչական հսկողություն։
Խաչիկյանը շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանվածներին դրամական աջակցությունը այլեւս դադարել է, ինչի պայմաններում Գաբրիելյանը կարիք ունի աշխատելու եւ իր ընտանիքի հոգսը հոգալու․ «Մենք գործ չունենք անձի հետ, ով ՀՀ-ում ում է մեծացել, ունի պապենական տուն, այլ բարեկամի տանն են ապրում, հնարավորություն տանք, որ ընտանիքի կարիքները հոգա, դա է պատճառը, թե չէ խնդիր չէ տանը նստելը»։
Գաբրիելյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ ազատության մեջ գտնելով՝ ոչ մի խնդիր չի ստեղծի․ «Ուզում եմ հավաստիացնել, որ իմ կողմից ոչ մի խնդիր չի լինի, կարողանամ աշխատել եւ գումար վաստակել իմ ընտանիքի համար։ Շատ խնդիրներ կապված են երեխաների, մորս հետ։ Գնալով ավելի է սպառվում ամեն ինչ, եւ խնդիրները շատանում են»։
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով․
«Դատաքննության այս փուլում դատարանը իրատեսական չի համարում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը եւ դրանով պատշաճ վարքագիծ ապահվումը, միգուցե դատաքննության այլ փուլում այլ հետեւության գա»,- ասաց նա։
Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին։
Միլենա Խաչիկյան