Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։
Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Զոհված զինհծառայողների ծնողների ներկայացուցիչ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանի նկատմամբ նշանակել առավելագույն խիստ պատիժ, իսկ պաշտպանությունը միտումնավոր կամ անփութորեն ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերի առնչությամբ միջնորդություն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։
Ըստ քրեական գործի՝ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել է եւ հեռացել։
Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։
Ողջ դատաքննության ընթացքում տուժող կողմը պնդել է, որ կատարվածի համար պատասխանատվություն պիտի կրեն այլ սպաներ եւս։
Տուժող կողմի համոզմամբ՝ Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորվել է
Իր ելույթի սկզբում տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ ամբողջությամբ համաձայն է հանրային մեղադրողի մեղադրական ճառում բերված հիմնավորումներին։ Հիշեցնենք՝ մեղադրող միջնորդել է Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը
Գրիգորյանը նշեց, որ Իշխան Վահանյանի մեղադրանքը հիմնավում է նաև այլ ապացույցներով, որոնք ձեռք են բերվել դատաքննության ընթացքում․ «2020 թվականի հոկտեմբերի 9-ին ստանձնելով 5-րդ գումարտակի հրամանատարի պարտականությունները՝ Իշխան Վահանյանը պատշաճ կերպով չի վերաբերվել իր պարտականությույններին եւ մինչև մարտական դիրքեր բարձրանալը, որեւէ քայլ չի ձեռնարկել գումարտակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ, չի փորձել որևիցե կերպ համալրել գումարտակը, չի կատարել ինժեներական աշխատանքներ։ Նշված գործողությունները կատարելու պայմանններում գումարտակը կհայտնվեր ավելի բարենպաստ պայմաններում, կբարձրացվեր գումարտակի մարտունակությունը, ինչը կարող էր թույլ չտալ մարտական դիրքերի փլուզում և չէր հանգեցնի հետագա ծանր հետևանքների, հատկապես այն պարագայում, երբ թշնամին հարձակումը իրականացրել է հրաձգային զինատեսակով։ Այդ մասին դատարանում ցուցմունք տվեցին բոլոր հարցաքննվածները»,- ընդգծեց Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի՝ լինելով փորձառու սպա եւ լավ հասկանալով թույլ տրված սխալների հետևանքը՝ մեղադրյալ սպան լքել է մարտի դաշտը՝ թողնելով 5-րդ գումարտակը առանց կենտրոնական հրամանատարության, խզելով գումարտակի միջև կապը։ Իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ՝ «հայտեռա» տեսակի միջոցը՝ Վահանյանը, ըստ փաստաբանի, ոչ միայն փլուզել է գումարտակի պաշտպանությունը, այլ նաև բացասական ծանր հետևանք է թողել ողջ գումարտակի վրա․ «Այն փաստը, որ 5-րդ գումարտակի սպայական կազմից ոչ ոք դատարանում ցուցմունք չտվեց Վահանյանի կողմից ստորաբաժանումների հրամանատարներից որեւէ մեկին հրաման տալու վերաբերյալ (դիրքավորում, շրջանաձև պաշտպանության անցում եւ այլն), փաստում է, որ Վահանյանը չի կատարել որպես գումարտակի հրամանատար իր վրա դրված պարտականությունները։ Անգամ իր հրամանատարական կետից փախուստի դիմելու պարագայում չի փորձել սպայական կազմին ինչ-որ կերպ տեղեկացնել առանց իր ներկայության մնացած գումարտակի մասին»,- նշեց փաստաբանը։
Ձախից՝ Իշխան Վահանյանը, պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Վերջինս մեջբերեց Զինված ուժերի Մարտական կանոնադրության մի շարք դրույթներ, ըստ որոնց՝ հրամանատարը պատասխանատու եւ պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, իսկ իր ժամանաավոր բացակայության դեպքում իր պարտականությունները պետք է փոխանցի տեղակալին, ապա պնդեց․ «Օրենքի նշված պահանջները Իշխան Վահանյանի կողմից չկատարելու փաստը հիմնավորել են 5-րդ գումարտակի սպայկական կազմը, մասնավորապես, տեղակալ Հայկազ Գրիգորյանը, գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը հրետանու մարտկոցի նախկին հրամանատար Արսեն Ղարիբյանը և 13-րդ վաշտի հրամանատար Ղարիբ Ջավադյանը։ Վերջիններս տվեցին նույնաբովանդակ ցուցմունքներ առ այն, որ մարտական գործողությունների թեժ պահին Իշխան Վահանյանը հայտնել է, որ ինքը վիրավոր է, նստել է մեքենան և հեռացել։ Այն, որ Իշխան Վահանյանը հեռացել է մարտական դիրքից՝ թողնելով գումարտակը և այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարին, իր նախաքննական ցուցմունքով հաստատել է ՊԲ 59703 զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանը»։
Գրիգորյանը մեջբերեց նաեւ դեպքին ականատես զինծառայողների ցուցմունքներ, որոնցով, ըստ նրա, նույնպես հաստատվում է Վահանյանի մեղադրանքը։ Խոսքը այն զինծառայողների մասին է, որոնք չկանոնակարգված նահանջի ժամանակ թաքնվել են անտառներում, եւ 70-օրյա շրջափակումից հետո հրաշքով դուրս եկել․ «Այն փաստը, որ գումարտակը մնացել է առանց կենտրոնացված հրամանատարության, հաստատել են տուժողներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Սահակյանը․․․ Հարությունյանը նշել է, որ Վահանյանի հեռանալուց եղել է նրա կողքին և տեսել է, որ նա ազատ տեղաշարժվել է, իսկ Սահակյանը տեսել է հեռացող ավտոմեքենան, որի մեջ գտնվել է Վահանյանը, ով փորձ չի արել հնարավորինս վիրավորներ դուրս բերել մարտի դաշտից։ Տուժողը ցուցմունք է տվել նաեւ այն մասին, որ «քեռի» մականունով կամավորականը զանգահարել է Վահանյանին և մեղադրել հրամանտարական կազմին մենակ թողնելու մնեջ։ Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Գագիկ Սիմոնյանը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ ցուցմունք տված տուժողներից և վկաներից ոչ ոք չհայտնեց, որ Վահանյանը ի վիճակի չի եղել կատարելու իր պարտականությունները։
Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանն իր ցուցմունքով նշել է, որ իրեն հայտնել են, և ինքը համոզված է եղել, որ իրենց դիրքերի ուղղությամբ թշնամին հարձակում չի իրականացնելու․ «Այսինքն՝ մինչ մարտերը սկսելը 5-րդ գումարտակի հրամանատարը թույլ է տվել հանցավոր անգործություն, որն էլ առաջացրել է ծանր հետևանք։ Նախկինում հանդիսանալով 5-րդ գումարտակի շտաբի պետ, քաջատեղյակ լինելով Հայկազ Գրիգորյանի կողմից մինչ այդ մարտական դիրքերը թողնելու և փախուստի դիմելու մասին և գիտակցելով, որ Հայկազ Գրիգորյանը այն հրամանատարը չէ, որին իրենից հետո կարելի է վստահել գումարտակի հրամանատարությունը՝ միեւնույն է, մարտական գործողությունների ընթացքում դիմել է փախուստի։ Ինչպես հետագա գործողությունների ընթացքը ցույց է տվել, Հայկազ Գրիգորյանը ի վիճակի չի եղել համախմբելու գումարտակը և կազմակերպելու նահանջը»։
Հիշեցնենք՝ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է Հայկազ Գրիգորյանի վերաբերյալ։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ, որը դրսեւորվել է առանց վերադաս հրամանատարության թույլտվության իր անձնակազմին «նահանջ» հրաման տալով եւ զբաղեցրած բնագիծը թողնելով։
Ըստ տուժող կողմի՝ Վահանյանը այլ հանցանքներ էլ է կատարել
Գուրգեն Գրիգորյանը պնդեց, որ նկարագրվածը վկայում է այն մասին, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 375-հոդվածի 4-րդ եւ 380 հոդվածի 1-ին մասերից Վահանյանը կատարել է ևս երկու հանցագործություն։
Տուժողների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Դրանցից մեկը, ըստ նրա, այն է, Վահանյանը մարտի դաշտից հեռանալիս անօգնական վիճակի մեջ է թողել գումարտակի զինվորներին, երկրորդը՝ այն, որ Վահանյանը, խախտելով ԶՈՒ կանոնագիրքը, անփութորեն է վերաբերվել իր վրա դրված պարտականություններին, պատշաճ կերպով չի կազմակերպել 5-րդ գումարտակի պաշտպանությունը, որը հանգեցրել է ծանր հետևանքի․
«Իշխան Վահանյանի նշված գործողութոյունները ոչ մի կապ չունեն սույն քրեական գործով առաջադրված մեղադրանքի հետ, և թե՛ պաշտպանական գործողությունները, թե՛ վիրավոր զինվորներին մարտի դաշտում թողնելը ավարտված առանձին հանցագործության դեպքեր են, որ արտացոլված չեն սույն քրեական գործի մեղադրանքում։ Դատարանը դատական ակտ կայացնելիս պետք է անդրադառնա դատաքննությաան ընթացքում այդ ուղությամբ ձեռք բերված ապացույցներին»։
Տուժողների ներկայացուցիչը հավելեց, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ նաև վերադաս հրամանատարական կազմի կողմից իրենց պաշտոնական պարտականություների կատարմանը անփույթ վերաբերվելու առնչությամբ․ «2020 թվականի հոսկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Աշոտ Ղազարյանը և Ալյոշ Դավթյանը այցելել են 5-րդ գումարտակի գտնվելու վայր, հրահանգավորել Վահանյանին՝ դիրքերի պաշտպանության և անվտանգության կազմակերպելու ուղությամբ, իսկ արդեն հաջորդ օրը Վահանյանը զանգահարել է Աշոտ Ղազարյանին և զեկուցել, որ զորքը փախչում է։ Դա նույնպես խոսում է այն մասին, որ Վահանյանը չի կատարել վերադաս պետերի տրված հրամանները, իսկ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը չի փորձել ճշտել 5-րդ գումարտակում տիրող իրավիճակը և պաշտպանական դիրքերի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Դա նշանակում է, որ զորամասի հրամանատարը չի կատարել իր պարտականություները»։
Վերադաս հրամանատարությունից մյուս անձն էլ, որը, ըստ տուժողների ներկայացուցչի, անգործություն է դրսեւորել, դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանն է։ Նա ընդգծեց, որ սույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրողին և դատարանին հայտնի դարձան այնպիսի փաստեր, որոնք վկայում են, որ պատերազմից առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-27 ընկած ժամանակահատվածում, զորամիավորման բարձրագույն հրամանատարական կազմը՝ դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանի գլխավորությամբ, քաջատեղյակ լինելով թշնամու կողմից կուտակումների, հարձակման նախապատրաստման լինելու մասին, չի ձեռնարկել ոչ մի միջոց հարավային ուղղությամբ պաշտպանությունը ուժեղացնելու, զրահատեխնիկան և ՀՕՊ համակարգերը ավելի ապահով վայր տեղափոխելու ուղությամբ․ Ավելին, ինչպես հայտնի դարձավ դատաքննության ընթացքում, 5-րդ գումարտակի նորակոչիկներին հանգիստ թողել են զորանոցներում՝ թշնամու ուղիղ հարվածի ներքո․
Դատավոր Ջոն Հայրապետյանը
«Գովաբանություին չլինի, ամենայն հարգանքով մեղադրողի նկատմամբ, ես նրան էլ եմ շատ-շատ հարգում, բայց հաշվի առնելով սույն գործով դատարանի փորձը, աշխատելաոճը, այն մտքի հնարավորությունը, որ ունի դատարանը, մնում է մեկ բան՝ դատարանը ունենա կամք՝ հետամուտ լինելու եւ իր հնարավորության սահմաններում ստիպելու Դատախազությանն ու համապատասխան մարմիններին, որ ընթացք տան այս ամենին։ Դա մեծ ազդեցություն կունենա ոչ միայն սույն քրեական գործի շրջանակում հայտնի դարձած դեպքերի, այլեւ մյուս քրգործերի վրա։ Եվ ամենակարեւորը՝ նաեւ կանխելու առումով հրամանատարների հետագա նմանատիպ վարքագիծը»,– դիմելով դատավորին՝ ասաց տուժողների ներկայացուցիչը։
Տուժող կողմի համոզմամբ՝ սույն քրեական գործի դատաքննությունը մեծ մասով վեր հանեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած 44 օրյա պատերազմում թույլ տված սխալները, բացթողումերը և հատկապես հրամանատարական կազմում եղած թերությունները․ «Պատիժ նշանաակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը , որ ՀՀ-ն ներկա պահին դեռեւս գտնվում է պատերազմական վիճակին մոտ և իր դատական ակտով պետք է առավելագույնը խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանի նկատմամբ, որպեսզի կանխվի հետագայում նմանատիպ հանցանքների կատարումը»։
Հաջորդ դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես կգա պաշտպանական կողմը։
Միլենա Խաչիկյան