Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա
21:20 - 31 հոկտեմբերի, 2023

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները՝ հիմնված Ինֆոքոմի հրապարակումների վրա

Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերում արձանագրված խնդիրների, ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ «Ինֆոքոմը» նախորդ ամիսներին հրապարակել էր մի շարք հոդվածներ։ Դրանցում առկա որոշ փաստեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից ընթացք են ստացել։ 

Այդ մասին հոկտեմբերի 3-ին տեղեկացրել են Հանձնաժողովից՝ պատասխանելով այն հարցին, թե այդ հրապարակումների մասով Հանձնաժողովն ինչ  գործընթացներ է նախաձեռնել։

Ստորև ներկայացնում ենք այդ հրապարակումներով արձանագրված խնդիրներն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձագանքը։

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան

Այս տարվա մարտին «Ինֆոքոմ»-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «Բյուրեղ» բնակելի համալիրում իր հարևաններից էականորեն ցածր գնով բնակարան է ձեռք բերել։ Մասնավորապես, Սասուն Խաչատրյանի ձեռք բերած բնակարանի մեկ քառակուսի մետրի գինն ավելի ցածր է եղել, քան նույն մասնաշենքում նույն ամսում բնակարան գնած 3 այլ քաղաքացիների դեպքում։ Բնակարանի գնման գործարքում, ըստ էության, Խաչատրյանին կառուցապատողի տրամադրած ընդհանուր «զեղչը» կազմել էր մոտ 28.5 մլն դրամ։

«Բյուրեղ»-ի կառուցապատողը գործարար Աշոտ Արսենյանին ու նրա ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ն էր։ 

Հակակոռուպցիոն կոմիտեում մինչ այս գործարքը քննվում էր մի գործ, որն առնչվում էր Վայոց ձորում 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելուն․ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությանը։  

Արդյունքում այս քրեական գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեց Մալիշկայի համայնքապետը, իսկ Արսենյանին առնչվող դրվագով նախաքննությունը կասեցվեց։ Այս գործընթացները նախորդել էին բնակարանի առքուվաճառքին։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչով սահմանված պաշտոնների ցանկում է, և հանձնաժողովն իրականացնում է Սասուն Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների 2021-2022 թթ հայտարարագրերի վերլուծություն, և դրա համատեքստում այս հրապարակումը ևս կներառվի։ 

Հատկանշական է, որ նշված հոդվածի հրապարակման հաջորդ օրը Հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասել էր՝ թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։

«Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է Գլխավոր դատախազություն»,- ասել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։

Թե ինչպես է ավարտվել այս ուսումնասիրությունը, Հանձնաժողովը մեր հարցման պատասխանում չի նշել։

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյան

Այս տարվա մայիսին գրել էինք, որ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և քույրը երկու տարի շարունակ՝ 2020, 2021 թվականներին, չեն ներկայացրել պահանջվող հայտարարագրերը։ 

Հանձնաժողովը Հայկուհի Հարությունյանի ընտանիքին ծանուցել էր հայտարարագրման պարտականության մասին, սակայն մեկ ամիս անց ծանուցագրերը վերադարձվել էին։ Հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չէին ձեռնարկվել, ինչը Հանձնաժողովը հիմնավորում էր հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի կառուցմամբ պայմանավորված սահմանափակումներով։

Փաստացի ստացվում էր, որ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2 տարի շարունակ գույքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագիր չէին ներկայացրել, սակայն դա որևէ հետևանք չէր առաջացրել նրանց համար։ Սա այն դեպքում, որ հենց Հանձնաժողովն է, որ պետք է կանոնակարգի հայտարարագրման գործընթացը, ստանա, ստուգի և վերլուծի ներկայացված հայտարարագրերը։

2023-ի մայիսի 22-ի նիստում Հանձնաժողովը  քննարկել էր «Ինֆոքոմ»-ի այս հոդվածն ու որոշել իրականացնել Հանձնաժողովի բոլոր անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն։ 

Սեպտեմբերի 25-ին, պատասխանելով այդ վերլուծության արդյունքների վերաբերյալ հարցմանը, Հանձնաժողովից տեղեկացրել են․ «Հանձնաժողովն իրականացրել է Հանձնաժողովի անդամների հայտարարագրերի վերլուծությունները, սակայն գործընթացն այս պահին ավարտված չէ, քանի որ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամների պարզաբանումները դեռևս չեն ստացվել։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի անդամների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքները կհրապարակվեն Հանձնաժողովի նախագահի ընտանիքի անդամներից ստացված պարզաբանումների գնահատման աշխատանքներն ավարտելուց հետո»։

 

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյան

Օգոստոսի 31-ին գրել էինք Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի հայտարարագրում առկա խնդիրների մասին։ 

Ղազարյանի 2021-ի հայտարարագրից պարզ է դառնում, որ դատարանի նախագահը տարվա ընթացում 65.4 միլիոն դրամ այնպես է ծախսել, որ չի առաջացել դրանք հայտարարագրելու անհրաժեշտություն։ 

Հարցին, թե ինչի վրա է ծախսվել 64.5 մլն դրամը, Ղազարյանն պատասխանել է, որ դրա մեծ մասը ներդրվել է բանկում որպես ավանդ հաշվետու տարվա ընթացքում։ Նրա այս պատասխանը նոր հարցեր է առաջ բերում, քանի որ, ըստ հայտարարագրի, Ղազարյանն ավանդն ունեցել է տարվա սկզբի՝ հունվարի 1-ի դրությամբ, իսկ եկամուտները նա ստացել է տարվա ընթացքում։ 

Հակակոռուպցիոն դատարանի նախագահը նշել է, որ ավանդը ներդրվել է տարվա ընթացքում, և  տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը վրիպակ է։

2021-ի հայտարարագրի եկամուտների բաժնում Խաչիկ Ղազարյանը նաև չի հայտարարագրել Lexus մակնիշի մեքենայի վաճառքից ստացված գումարը։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։

Հանձնաժողովն, անդրադառնալով Ղազարյանի հայտարարագրի այս դրվագներին, հայտնել է, որ 2022-ի հունվարին Հանձնաժողովը Ղազարյանի վերաբերյալ իրականացրել է բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արյունքում կատարվել է վերջինիս գույքային դրության ուսումնասիրություն, և «դուրս են բերվել որոշակի անհամապատասխանություններ, որոնք արձանագրվել են բարեվարքության խորհրդատվական եզրակացությունում»։ 

Հանձնաժողովից նաև հայտնել են, որ ներկա օրենսդրական կարգավորումներով բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

Մայիսին նաև գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, Հանձնաժողով չի ներկայացրել 2021-ի տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022-ին ամուսնու կողմից պաշտոնի ստանձնման հանգամանքով պայմանավորված պահանջվող հայտարարագիրը։  

Հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել են, որ 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ Արմինե Պետրոսյանը չի ներկայացրել միայն 2021 թ․ տարեկան հայտարարագիրը, ինչի վերաբերյալ վերջինիս ուղարկվել է թղթային ծանուցում։ 

Այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան հայտարարագիրը  ներկայացված է։

 

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյան

Ապրիլի 10-ին գրել էինք, որ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է՝ տարբեր առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։ 

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ դատախազը տնօրեն է «Ժայռ» ՍՊԸ-ում և «Ջի էքս պի գերազանցության կենտրոն» ՍՊԸ-ում։ 

Դատախազը վստահեցրել էր՝ վաղուց էր դիմել ռեգիստր՝ տնօրենի լիազորությունները դադարեցնելու համար և չգիտի՝ ինչու այդ տվյալները թարմացված չեն։

Հանձնաժողովը հայտնել է, որ հիմք ընդունելով մեր հարցումը՝ Հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողական վարչությունում կնախաձեռնվի ուսումնասիրություն։ 

 

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյան

Այս տարվա օգոստոսին անդրադարձել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյանի հայտարարագրերում առկա ուշագրավ տվյալներին։ 

Խաչատրյանն, օրինակ, 2019-ի հայտարարագրում՝ տարվա սկզբին առկա տրանսպորտային միջոցների բաժնում, չի հայտարարագրել Infiniti FX 35 մակնիշի ավտոմեքենա, հայտարարագրում առկա չեն նաև տարվա ընթացքում ձեռք բերված INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ, բայց նույն հայտարարագրում ներկայացրել է, որ վաճառել է այդ մեքենան։ 

2020 թվականի տարեկան հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ Վահե Խաչատրյանը ևս մեկ ավտոմեքենա է վաճառել արդեն 2020 թ․ ընթացքում 19 միլիոն դրամով։ Վաճառված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան, սակայն, ինչպես նախորդ դեպքում, առկա չէ տարեսկզբի դրությամբ։ 2020 թ․ հայտարարագրում նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ 

Ստացվում է, որ Վահե Խաչատրյանը վաճառել է ավտոմեքենաներ, որոնք չի ունեցել։

Վահե Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի հայտարարագրում որոշակի անհամապատասխանություններ էին առկա 2017 թվականի տարեվերջի ու 2018 թվականի տարեսկզբի դրությամբ առկա դրամական միջոցների մասով։ 

Վահե Խաչատրյանի կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի (դեկտեմբերի 31) դրությամբ նա ունեցել է 4500 դոլար և 700 000 դրամ։ 2018-ի տարեսկզբին (դա 2018-ի հունվարի 1-ն է), սակայն, նրա այս միջոցներն ամբողջությամբ զրոյացել են։ Առհասարակ, Նաիրուհի Խաչատրյանի 2018-ի հայտարարագրից տպավորություն է, որ այն ձևական է ներկայացված, քանի որ հայտարարագրի գրեթե ոչ մի տողում գրառումներ առկա չեն։ 

Նմանատիպ իրավիճակ է նաև Վահե Խաչատրյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերում։։ 

Հանձնաժողովը հայտնել է, որ «Ինֆոքոմ»-ի այս հոդվածում նշված անձանց վերաբերյալ կիրականացնի ուսումնասիրություն, ինչի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կկատարի հայտարարագրերի վերլուծություն։

 

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյան

2023-ի հունիսին անդրադարձել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյանի հայտարարագրերին։ Գրել էինք, որ Թադևոսյանի՝ 2021-ին կատարած 40 մլն դրամի ծախսերը որևէ կերպ հայտարարագրում չեն արտացոլվում։ Թադևոսյանը «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էր, որ հայտարարագրի առնչությամբ հաշվետու է միայն Հանձնաժողովին։

Հանձնաժողովը հայտնել է, որ Թադևոսյանի վերաբերյալ ևս կիրականացնի ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության՝ կվերլուծի հայտարարագրերը։ 

 

Հրապարակումների հիման վրա ուսումնասիրության իրականացումը

Հանձնաժողովի գործառույթներից է լրատվամիջոցների՝ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող հրապարակումների հիման վրա հայտարարագրերի վերլուծությունը իրականացնելը։

Վերոնշյալ բոլոր հոդվածները «Ինֆոքոմը» հրապարակել է 2023 թվականի մարտ-օգոստոս ամիսներին։ Որոշ հրապարակումներից անցել է արդեն 6-7 ամիս, որոշ հրապարակումներից՝ 2-3, սակայն դրանցից միայն երկուսի հիման վրա է Հանձնաժողովը գործողություններ ձեռնարկել․ 

  • Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների՝ հայտարարագիր չներկայանելու մասին հոդվածի քննարկման արդյունքում նախաձեռնվել և իրականացվել է Հանձնաժողովի բոլոր անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն, սակայն այս գործընթացն էլ այս պահին դեռևս ավարտված չէ,
  • Խաչիկ Ղազարյանի կնոջը՝ Արմինե Պետրոսյանին, ուղարկվել է թղթային ծանուցում։

Միայն մեր հարցումից հետո Հանձնաժողովը նշել է, որ ևս 4 պաշտոնատար անձանց վերաբերյալ կնախաձեռնվեն ուսումնասիրություններ կամ հրապարակումը կներառվի իրականացվող վերլուծությունում։

 

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել