Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից
Աշտարակի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 735 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։
Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, և հորեղբոր որդին՝ Կարո Բաղդասարյանը, 2022 թվականի հունիսին դարձել են «Վոլֆ» ՍՊԸ-ի սեփականատերերը և անվանափոխել այն «Ավանգարդ Շին» ՍՊԸ։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է շենքերի ապախոնավեցմամբ և տանիքածածկերի անջրանցիկության ապահովմամբ։
Արա Բաղդասարյանը Աշտարակ համայնքի ավագանու անդամ է 2021 թվականի դեկտեմբերից։ Նա 2022 թվականի հունիսից ստանձնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։
«Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն Աշտարակ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել 2022 թվականի սեպտեմբերից։ 2022-2024 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։
«Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն 2022 թվականի սեպտեմբերին կնքված առաջին պայմանագրով պարտավորվում էր հիմնանորոգել Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզը, ինչպես նաև բարեկարգել մանկապարտեզի բակային տարածքը։ Ընկերությունը հայտ ներկայացրած միակ մասնակիցն է եղել։ Ըստ պայմանագրի՝ «Ավանգարդ Շինն» այս աշխատանքները պետք է կատարեր 12 ամսվա ընթացքում։ Պայմանագրի գինը կազմել է 186․6 մլն դրամ։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրով 10 տոկոսի չափով ավելացվել են աշխատանքների ծավալները, ինչի արդյունքում ընկերությանը վճարվել է հավելյալ 18․6 մլն դրամ։
Երկրորդ պայմանագիրը ընկերությունը կնքել է 2023 թվականի հունիսին։ Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս «Ավանգարդ Շինը» եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է 180-օրյա ժամկետում հիմնանորոգեր Աշտարակ քաղաքի և Բազմաղբյուր բնակավայրի մարզադաշտերը։ Այս պայմանագրի արժեքը 263․3 մլն դրամ է, սակայն այս դեպքում ևս համայնքը ընկերությանը վճարել է հավելյալ 26․3 մլն դրամ՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։
Իսկ երրորդ պայմանագիրը համայնքը ընկերության հետ կնքել է 2024 թվականի սեպտեմբերին։ Գնման ընթացակարգին հայտ էր ներկայացրել 5 մասնակից, որոնցից հաղթող է ճանաչվել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն։ Պայմանագիրը կնքվել է 2 չափաբաժնով, որից առաջինի դեպքում ընկերությունը պետք է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում կառուցեր ֆուտբոլի խաղադաշտեր, իսկ 2-րդի դեպքում՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բակում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում կառուցեր խաղահրապարակներ։ Պայմանագրի գինը կազմել է 218 մլն դրամ: Այս դեպքում ևս համայնքը ընկերությանը հավելյալ վճարել է 11․8 մլն՝ առաջին չափաբաժնի, և 9․8 մլն՝ երկրորդ չափաբաժնի համար՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։
Այս առնչությամբ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Ըստ համայնքապետի՝ «Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում համարվում է վարձու աշխատող, եւ օրենսդրության պահանջների խախտման մասին [շահերի բախման վերաբերյալ] որեւէ խոսք լինել չի կարող»։
Նշենք, որ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի կնոջ և հորեղբոր որդուն պատկանող ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։
Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը
2022 թվականին «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի` Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների (ընդհանուր արժեքը` 205 մլն դրամ) իրականացման տեխնիկական վերահսկողությունը իրականացրել է անհատ ձեռներեց Արտակ Մարտիրոսյանը՝ համայնքի հետ կնքելով ընդամենը 950 դրամ արժողությամբ պայմանագիր։ Տեխնիկական վերահսկողություն իրականացնելու համար համայնքի հայտարարած մրցույթին հայտ է ներկայացրել 6 մասնակից։ Նշենք, որ այս գնման գործընթացը կազմակերպվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, և պայմանագրի արժեքի 70%-ը՝ այս դեպքում 665 դրամը, վճարել է պետությունը։
Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը համայնքապետարանը սահմանել էր 3․2 մլն դրամ: Մրցույթին հայտ է ներկայացրել 6 ընկերություն։
Գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրություններից պարզ է դառնում, որ սկզբում բոլոր 6 մասնակիցները ներկայացրել են իրենց գնառաջարկները, որտեղ ամենացածր գնով հայտ է ներկայացրել 2 մասնակից։ Իսկ Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն 6 մասնակիցներից ամենաբարձր գինն է առաջարկել։ Հանձնաժողովի հաջորդ նիստերում առաջարկվել է նվազեցնել գնառաջարկները, ինչն արել են միայն 2 մասնակից՝ «Լիլ-Ռուզ» ՍՊԸ-ն և Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն՝ առաջարկելով համապատասխանաբար 1000 և 950 դրամ։
Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր վերանորոգման աշխատանքների իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան, ապահովել կատարվող աշխատանքների անհամապատասխանությունը վերանորոգման նորմերին և կանոններին, ստուգել, վերահսկել նյութերի որակը, արգելել կամ փոփոխել այն նյութերը որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, վերահսկել և գնահատել շինաշխատանքների գործընթացը, կատարել որակի և քանակի հսկում, կատարել անհրաժեշտ գրառումներ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ընթացքի վերահսկման համար և այլն։
Համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 950-դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը հազարապատիկ ավելի է եղել։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ ընթացակարգի գների նվազեցման շուրջ կատարվել են միաժամանակյա բանակցություններ, որոնց արդյունքում հաղթող ընտրված մասնակից է ճանաչվել Ա/Ձ Արտակ Մարտիրոսյանը՝ որպես բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից:
Ավագանու անդամը չի հայտարարագրել իր և իր կնոջ ներկայացվածությունն ու մասնակցությունը ընկերությունում՝ չնայած օրենքի պահանջին
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրա կինը՝ ընկերության 40 տոկոսի բաժնետերը։
Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Արա Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում տնօրեն լինելու մասին, ոչ էլ իր կնոջ՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Արա Բաղդասարյանը պատասխանեց, որ գիտի՝ իր հայտարարագրերում կան թերի լրացված տվյալներ, որոնք ուղղելու համար կդիմի Հանձնաժողովին։
Մեր զրույցից հետո ներկայացված՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրում արդեն Արա Բաղդասարյանը լրացրել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում իր ներկայացվածության և կնոջ մասնակցության փաստը։
Բացի մասնակցության հայտարարագրումից, պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց և իրենց ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ՀՀ կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Նշենք, որ Արա Բաղդասարյանը 2022, 2023 թվականներին չի հայտարարագրել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի՝ Աշտարակ համայնքի հետ կնքած 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 2 պայմանագրերը։ Նշենք նաև, որ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրեր։
Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:
Ավագանու անդամ Արա Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը ավագանու ՔՊ խմբակցության անդամ են։ Համայնքային գնումներում ի պաշտոնե լինելով պատվիրատուի ղեկավար՝ Թովմաս Շահվերդյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի և նրա կնոջ ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ «Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:
Նշենք, որ ավագանու անդամ Արա Բաղդասարյանը շահերի բախում չի տեսնում իր կնոջ և հորեղբոր որդու ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։
«Աշխատանքային փուլի ամբողջ ընթացքում համայնքը ունի տեխնիկական հսկողության ծառայություն, հեղինակային հսկողության ծառայություն, որոնք շինարարությանը զուգահեռ արվում են։ Եթե դու ինչ-որ բան արած չլինես, նախ չես կարող հանձնես։ Իրենք քո ավարտականը պետք է ստորագրեն, հետո համայնքի պատասխանատու ստորաբաժանումը ստորագրի, այսինքն՝ համայնքի ղեկավարին այլ բան չի մնում անել կամ չանել, ես չլինեմ, Պողոսը լինի, Պետրոս լինի, թե ով կլինի, թեկուզ օտարերկրյա կազմակերպություն, եթե ամեն ինչ արված է, բոլորը հաստատել են, պետք է հաստատի համայնքի ղեկավարը»,- նշեց նա։
Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանք։
Այսպիսով՝ չնայած Աշտարակ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր և իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներում հաղթած առևտրային կազմակերպությունում։
Սուսինա Խաչատրյան