«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում է․ ինչ փոփոխություններ են առաջարկվում
Կառավարությունը մայիսի 15-ին հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով Հայաստանի բարձրագույն կրթական և գիտական համակարգերում առաջարկվում են մի շարք արմատական փոփոխություններ, որոնց թվում են հետազոտական համալսարանների ստեղծման համար իրավական հիմքերի հաստատումը, գիտական կազմակերպությունների՝ համալսարանների կազմում ինտեգրումը, Գիտությունների ազգային ակադեմիայի նոր դերի սահմանումը, ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելքը՝ եզակի բացառություններով։
Հիշեցնենք, որ այս օրենքի տարբեր նախագծեր շրջանառության մեջ են դրվել՝ սկսած 2019-ից, սակայն օրենք այդպես էլ վերջնականապես չի ընդունվել։ Նախագծերից մեկը 2021-ին Ազգային ժողովում (ԱԺ) հաստատավել էր, սակայն մի քանի դրույթով հակասահմանադրական էր ճանաչվել։ Անցած տարվա աշնանը հրապարակվեց օրենքի լրամշակված նոր նախագիծը, որը քննարկումների ու առաջարկների ընդունման փուլից հետո հասավ կառավարություն և կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ընդունվեց՝ ուղարկվելով ԱԺ։
Հայաստանի գիտական ու բարձրագույն կրթական համակարգերը
Այս պահին Հայաստանում գործում են մի քանի տասնյակ բուհեր, որոնց զգալի մասը կենտրոնացած է հիմնականում կրթական գործառույթի վրա։ Որոշ բուհեր իրականացնում են նաև գիտական հետազոտություններ։ Գիտությունն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ավելի քան 30 ինստիտուտներում, ԳԱԱ կազմից դուրս գործող գիտական մի քանի անկախ կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչական պատկանելիության ինստիտուտներում։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ունենալ բուհերի նոր տեսակ՝ հետազոտական համալսարաններ, որոնք իրենց կազմում, ի թիվս կառուցվածքային այլ միավորների, կունենան գիտական առնվազն մեկ կազմակերպություն (հոդված 3)։
Նախագծով առաջարկվում է, որ գործեն երեք տեսակի հանրային գիտական կազմակերպություններ՝
հետազոտական համալսարանների կազմում գործող ակադեմիական միավորներ,
որևէ գերատեսչության ենթակայությամբ գործող գիտական կազմակերպություններ,
հանրային կազմակերպությունների (օրինակ՝ թանգարանների) կազմում գործող հիմնարկներ (հոդված 8)։
ԳԱԱ կազմում, ըստ նախագծի, ինստիտուտներ չեն գործելու, իսկ ԳԱԱ-ին վերապահվելու են նոր գործառույթներ, որոնց մասին՝ մի փոքր ուշ։
Բուհի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն, ըստ նախագծի, կարող է հիմնադրվել միայն այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:
«Ընդ որում, դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները հետազոտական համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում (հոդված 27):
Հանրային գիտական անկախ կազմակերպություններ ունենալու մասին որևէ դրույթ նախագծում առկա չէ։ Այս փաստը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ, մեկ անգամ չէ, որ առարկության է հանդիպել։ «Գիտուժ» նախաձեռնությունից, մասնավորապես, ԱԺ-ում նախագծի վերջին քննարկման ժամանակ նշել էին, որ տարբեր երկրներում սովորաբար հետազոտական համալսարաններին զուգահեռ գործում են նաև անկախ, երբեմն՝ տարբեր միավորումներում ներառված, գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են պետությունների կարիքներից բխող կիրառական հետազոտություններով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրասյանը, սակայն, նույն քննարկման ընթացքում նշեց, որ աշխատել կարող են գիտական համակարգի տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։
«Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը»,- ասաց նախարարը։
Որքան էլ քննարկման ժամանակ նախարարը պնդում էր, որ կառավարության առաջարկած համակարգը բացառող չէ, տեսնում ենք, որ օրենքի նախագծով գիտական կազմակերպությունների տեսակները սահմանափակում են միայն երեքով՝ համալսարանների կազմում, գերատեսչությունների կազմում կամ հանրային կառույցների կազմում՝ չստեղծելով իրավական հիմքեր հանրային գիտական անկախ կառույցների կամ դրանց միավորումների ձևավորման համար։
Մյուս կողմից, ըստ նախագծի, հետազոտական համալսարաններն, ի թիվս կրթական գործառույթների, ունենալու են ավելի լայն գործառույցներ, այդ թվում՝
գիտական գործունեության միջազգայնացումը,
Հայաստանի տնտեսության և պետական այլ մարմինների կամ կազմակերպությունների կարիքների համար հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը,
ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելը (հոդված 6):
Նախագծով առաջարկվում է, որ հետազոտական համալսարանների կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունները մասնակցեն համալսարանի կրթական ծրագրերին` ապահովելով որոշակի կրեդիտներ կրթական ծրագրերի հետազոտական և մասնագիտական բնույթի ակադեմիական մոդուլների մասով։
Գիտական կազմակերպությունները համալսարանների կազմում ունենալու են ինքնավարության որոշակի մակարդակ․ կարողանալու են գիտական այլ կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական, տեխնոլոգիական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով, ինքնուրույն են լինելու գիտական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում (հոդված 8)։
Օրենքի պահանջները բուհերի վրա տարածվելու են 2026-2027 ուսումնական տարվանից, իսկ գիտական կազմակերպությունների վրա` 2026 թվականից (հոդված 43): Կարելի է ենթադրել, որ բուհերի խոշորացումը և գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը սպասվում է 2026-ին։
Թե ինչպես առաջ քաշվեց բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունները խոշորացված բուհերի կազմում ընդգրկելու, ակադեմիական քաղաք ստեղծելու օրակարգը, կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմում։
Հոգաբարձուների խորհուրդները և բուհերի ապակուսակցականացումը
Նախագծով առաջարկվում է, որ բուհն ունենա կառավարման հետևյալ մարմինները՝ հոգաբարձուների խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, ռեկտոր։ Հետազոտական համալսարանները, ի թիվս վերը նշվածների, ունենալու են նաև կառավարման կամ տնօրենների խորհուրդ (հոդված 26):
Գիտական կազմակերպություններն ունենալու են կառավարման հետևյալ մարմինները՝ հոգաբարձուների խորհուրդ, գիտական խորհուրդ, տնօրեն: Ընդ որում, հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է համարվելու համալսարանի հոգաբարձուների խորհուրդը (հոդված 27):
Ըստ նախագծի՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում ինչպես նաև ակադեմիական միավորների (ֆակուլտետներ, դպրոցներ, ամբիոններ, դոկտորական դպրոցներ, գիտական ինստիտուտներ) ղեկավար պաշտոններում արգելվելու է որևէ կուսակցության անդամ հանդիսացող, հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը: Նշված հանգամանքի առաջացումը հիմք է լինելու այդ պաշտոններից ազատման համար (հոդված 26)։
Բուհի հոգաբարձուների խորհուրդը կազմված է լինելու 20 անդամից: 10-ին առաջադրելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ գիտության, կրթության կամ հումանիտար, արվեստների, սպորտի, գործարար միջավայրի բարձր հեղինակություն վայելող անձանցից, այդ թվում` Սփյուռքից կամ այլ պետության քաղաքացիներից: Մյուս 10-ին ներկայացնելու է բուհը` ակադեմիական կազմի ներկայացուցիչներից` ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողական մարմինների ներկայացուցիչներից:
Հոգաբարձուների խորհուրդն է ընտրելու ռեկտորին և գիտական կազմակերպության տնօրենին (հոդված 28)։
Եվ չնայած, ինչպես արդեն նշեցինք, բուհի հոգաբարձուների խորհրդի համար կուսակցության անդամ լինելու և հանրային պաշտոն զբաղեցնելու արգելք կա, այդ արգելքը չի կիրառվելու մինչև 2029-2030 ուսումնական տարին։ Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնելու 2029-2030 ուսումնական տարում։ Մինչև այդ հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են գործող կարգով, այսինքն՝ ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև վարչապետի և ԿԳՄՍՆ առաջադրած անդամներից։ Ավելին՝ անուսակցական և պաշտոնյա չլինելու արգելքը չի տարածվելու գործող կարգով ձևավորվող խորհուրդների վրա (հոդված 43)։
Հիշեցնենք, որ Ինֆոքոմն ուսումնասիրել էր Երևանում գործող 12 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմն ու պարզել, որ այդ բուհերի հոգաբարձուների խորհուրդների՝ վարչապետի առաջադրած անդամների մոտ 47%-ը կա՛մ քաղաքական պաշտոն է զբաղեցնում, կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ է, կա՛մ էլ նույն կուսակցության աջակից/փոխկապակցված անձ է։ Իսկ ԿԳՄՍՆ առաջադրած անդամների 18․3%-ը կա՛մ պետական համակարգի աշխատող է, կա՛մ նախկին քաղաքական պաշտոնյա, կա՛մ ՔՊ փոխկապակցված անձ/ համակիր։
Այպիսով, չի բացառվում, որ բուհերի խոշորացումից հետո ևս հոգաբարձուների խորհուրդներում կշարունակեն առաջադրվել քաղաքական պաշտոնյաներ և կուսակցականներ, քանի որ հոգաբարձուների խորհուրդների ձևավորման կարգը կսկսի գործել 2029-ին միայն։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը դեռ 2019-ից է խոստանում ապակուսակցականացնել բուհերը։
Մինչդեռ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 8 ամսվա ընթացքում (հոդված 44)։ Մինչ հետազոտական համալսարանների կազմում ներառվելը, հիշեցնենք, գիտական կազմակերպությունները լինելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության կառույցներ։
Իսկ ըստ օրենքի նախագծի՝ գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակելու է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվելու է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ: Հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը սահմանվելու է կանոնադրությամբ (հոդված 27):
Բուհերի ռեկտորներն ու գիտական կազմակերպությունների տնօրենները
Բուհի ռեկտորի, ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի համար, բացի անկուսակցական լինելու պահանջից, դրված է նաև առաջադրման պահին և պաշտոնավարման ընթացքում քաղաքական զսպվածություն և չեզոքություն դրսևորելու պահանջ (հոդված 27, հոդված 31)։
Ե՛վ բուհի ռեկտորը, և՛ գիտական կազմակերպության ղեկավարը պետք է ունենան ԿԳՄՍՆ հաստատած միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ ԿԳՄՍՆ հաստատած, դրան առնվազն համարժեք որակավորում (հոդված 27, հոդված 31)։
Ե՛վ գիտական կազմակերպության տնօրենի, և՛ բուհի ռեկտորի պաշտոնների դեպքում նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նույն պաշտոնում։ Սակայն ռեկտորների դեպքում երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը տարածվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն, և մինչ այդ ռեկտոր հանդիսանալու հանգամանքը չի դիտարկվելու (հոդված 44):
Սա նշանակում է, որ բուհերի ներկայիս ռեկտորները հնարավորություն են ունենալու խոշորացումից հետո ևս երկու անգամ աընդմեջ ռեկտոր ընտրվելու։
Գիտական կազմակերպությունների տնօրենների մասով որևէ հստակեցում օրենքում առկա չէ։
Բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորումը
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական բյուջետավորումն իրականացվելու է բյուջետային առանձին ծրագրերով:
Բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորումը հիմնված է լինելու կատարողականի վրա։ Բուհերը ստանալու են նաև կրթաթոշակների ֆինանսավորում, դրամաշնորհներ՝ նորարարական ծրագրերի համար, ինչպես նաև թիրախային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար։
Գիտական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձևերը շատ փոփոխությունների չեն ենթարկվելու՝ բազային, թիրախային (ներկայումս՝ նպատակային) և դրամաշնորհային (հոդված 39)։
Հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություններն ունենալու են առանձին բանկային հաշիվ կամ ենթահաշիվ, ազատ են լինելու տնօրինելու պետական բյուջեով և դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրենց տրամադրված միջոցները` միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին (հոդված 27):
Պետական աջակցության ծրագրերից օգտվել կարողանալու են նաև մասնավոր գիտական կազմակերպությունները, եթե գրանցվեն գիտության կառավարման տեղեկատվական համակարգում (հոդված 8)։
ԳԱԱ դերն ու գործառույթները
Նախագծով առաջարկվում է, որ ԳԱԱ-ն գործի որպես ինքնակառավարվող հիմնադրամ, որն իր կազմում կներառի՝
ԳԱԱ անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին),
ԳԱԱ գիտական բաժանմունքները,
ԳԱԱ աշխատակազմը,
ԳԱԱ պատվավոր և արտասահմանյան անդամներին,
հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:
«Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքն ու փորձագիտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, գիտական գործունեության արդյունավետության և արդյունքների գնահատման ձևերն ու մեթոդներն ինքնուրույն որոշելու, միջազգային գիտական համագործակցության ուղղություններն ու եղանակներն ինքնուրույն ընտրելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու իրավասությունն է»,- ասվում է նախագծում։
ԳԱԱ կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, անդամների ընտրության կարգը, հաստատելու է կառավարությունը։ ԳԱԱ անդամների առավելագույն թիվը լինելու է 100։
ԳԱԱ-ն ունենալու է կառավարման հետևյալ մարմիններները՝ ընդհանուր ժողովը, հոգաբարձուների խորհուրդը` ակադեմիայի նախագահությունը, գործադիր մարմինը` նախագահը:
ԳԱԱ նախագահությունը բաղկացած է լինելու 11 անդամներից, որոնք կարող են լինել պետական բարձր պաշտոն կամ գիտության և կրթության բնագավառների բարձր հեղինակություն վայելող և ղեկավար պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձինք։
Նախագահության անդամներից 3-ին առաջադրելու է կառավարությունը, մյուս անդամներն ընդհանուր ժողովն ընտրելու է ԳԱԱ կազմից։ Նախագահության կազմը հաստատելու է Կառավարությունը։ Նույն անձը չի կարողանալու ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԳԱԱ նախագահության անդամ:
Նախագահությունն ակադեմիկոսների թվից ընտրելու է ԳԱԱ նախագահին, և ընտրության արդյունքները հաստատելու է կառավարությունը։
Նախագծով սահմանվում է, որ ԳԱԱ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվելու են, եթե լրանա նրա 75 տարին: Իսկ ԳԱԱ անդամներին գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժի առկայության և 75 տարին լրանալու դեպքում հատկացվելու է ամենամսյա դրամական վճար։
Նշենք, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կամ ԳԱԱ կանոնադրությամբ այժմ նախատեսված չէ, որ ԳԱԱ նախագահության կազմը կամ նախագահի ընտրությունների արդյունքները հաստատում է կառավարությունը։ Սպասվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, փաստորեն, ԳԱԱ-ն ավելի մեծ կախվածություն կունենա կառավարությունից։
Նախագծով առաջարկվում է սահմանել ԳԱԱ գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները՝
հետազոտությունների գերազանցության խրախուսումը` քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ,
հայագիտական հետազոտությունների աջակցությունը,
գիտական գործունեության բազային և պետական այլ նախագծերի փորձաքննությանը և ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցությունը,
Հայաստանի գիտության ոլորտի վերաբերյալ տարեկան և հնգամյա պարբերականությամբ զեկույցների պատրաստումն ու հրապարակումը,
կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը,
գիտական ամսագրերի հրապարակումը,
գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական և գիտական-գրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտական գործունեության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձևավորումը,
գիտության հանրայնացման միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սովորողների շրջանում գիտական գործունեության ներկայացման և հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ծրագրերի միջոցով,
միջգիտակարգային երկխոսության ապահովումը,
հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը,
ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը` գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով, ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի:
ԳԱԱ գործունեությունների շրջանակն ավելի է լայնացել՝ համեմատած օրենքի նախագծի՝ անցած տարվա սեպտեմբերին շրջանառության մեջ դրված տարբերակի հետ։ Այս փոփոխությունը արդյունք է ԳԱԱ նախագահության և կառավարության քննարկումների։ Այս հանգամանքը պարզ դարձավ ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հայնտեց՝ կառուցողական քննարկում են ունեցել, և ԳԱԱ-ն պատասխանատու, կարևոր դերակատարություն է ունենալու։
Օրենքի նախագծով նաև առաջարկվում է, որ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպի տարեկան գիտաժողով, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գիտական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները, իսկ ԳԱԱ-ն գնահատի հաշվետվությունները և ներկայացնի ԿԳՄՍՆ՝ որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ:
ԳԱԱ-ին վերաբերող կարգավորումներին կարող եք ծանոթանալ նախագծի 9-րդ հոդվածում։
Օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության մինչև բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ինտեգրման գործընթացը (հոդված 43)
Օրենքն ուժի մեջ մտնելու հետո` 6 ամսվա ընթացքում, հաստատվելու է ԳԱԱ կանոնադրությունը, կազմակերպվելու է նոր անդամների ընտրությունը, ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդը (նախագահություն), և ընտրվելու է նախագահ (հոդված 44)։
Ակադեմիական քաղաքը
Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիական քաղաքը լինելու է կրթության, հետազոտության, փորձարարական մշակումների, նորարարության, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության կողմից ստեղծված արդիական միջավայր, որն ապահովելու է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորելու է ոլորտների միջազգային մրցունակությունը և գերազանցությունը (հոդված 3):
Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները ևս կարողանալու են գործունեություն ծավալել, եթե դա բխի քաղաքի զագացման հայեցակարգից:
Ակադեմիական քաղաք տեղափոխման արդյունքում ազատված և չօգտագործվող բուհական և գիտական ենթակառուցվածքների կառավարումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացնելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, իսկ ստացված եկամուտն օգտագործվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով, չօգտագործված գումարով էլ համալրվելու է հիմնադրամի անձեռնմխելի կապիտալը (հոդված 42):
Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվելու է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չլինի ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը գործունեությունը կարողանալու են շարունակել իրենց գործունեության վայրում: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է լինելու միայն ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում (հոդված 44):
Մյուս կողմից, Հայաստանում բուհերի միջազգային վարկանիշավորման աղյուսակների առաջին հիսունյակում գտնվող բուհերի մասնաճյուղեր հիմնադրելիս կառավարությունը կարողանալու է սահմանել այդ մասնաճյուղերի գործունեության համար լիցենզավորման և դրանց կազմակերպական-իրավական ձևին և գործունեության բնույթին վերաբերող այլ պայմաններ (հոդված 43):
Թե ինչ փուլերով է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքն ու տեղափոխել այնտեղ բուհերը, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։
Գիտության առևտրայնացում և ձեռնարկատիրական գործունեություն
Օրենքի նախագծում կան կարգավորումներ, որոնք վերաբերում են գիտության առևտրայնացմանն ու բուհերի՝ ձեռնարկատիրական գործունեությանը։
Նշվում է, որ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործառույթներից է լինելու աջակցել գիտական արդյունքի առևտրայնացմանն ու գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը (հոդված 37)։
Բուհի գործառույթներից է լինելու իր աշխատողների մտավոր սեփականության իրացման և տարածման նպատակով ստեղծել ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում։
Նախագծով սահմանվում է, որ բուհն իր, ինչպես նաև իր աշխատողների մտավոր գործունեության արդյունքների իրացման նպատակով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց:
Իսկ հետազոտական համալսարանն, ի թիվս այլնի, իր կազմում կարող է ունենալ փորձարարական մշակումների համար նախատիպավորման աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ (հոդված 6):
Գնումների գործընթաց
Օրենքի նախագծում անդրադարձ կա նաև գնումներ գործընթացին։ Մասնավորապես նշվում է, որ հանրային բուհերում «Գնումների մասին» օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները փոխանցվելու են հոգաբարձուների խորհրդին (հոդված 7)։
Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև «Գնումների մասին» օրենքում։
Նշենք, որ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների խնդիրների մասին գիտական համայնքը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։ Հաշվի առնելով, որ գիտական սարքերը, փորձերի համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար պետք է գնման մրցույթ հայտարարել և հետևել օրենքի ընթակացակարգերին, փորձերի համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները շատ ուշ են հասնում Հայաստան՝ դանդաղեցնելով հետազոտությունների ընթացքը։
Երեք տարի առաջ կառավարությունը գնման գործընթացին վերաբերող որոշումներից մեկում փոփոխություն կատարեց՝ հնարավորություն տալով, որ հրատապության հիմնավորում ունենալու պարագայում գիտական կազմակերպության ղեկավարի որոշմամբ ավելի դյուրացված ընթացակարգերով գնում իրականացվի։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ՝ գործադիրից խնդրելով թույլտվություն, որ գնման գործընթացն իրականացվի այլ պայմաններով։
«Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի ընդունումից և «Գնումների մասին» օրենքում փոփոխություններից հետո, փաստորեն, կառավարության այս լիազորությունները կփոխանցվեն հոգաբարձուների խորհրդին։
Բուհերում ընդունելությունը և կրթական գործընթացը
Հայաստանում գործող բոլոր բուհերը՝ անկախ տեսակից կամ կարգավիճակից, ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ լիցենզիայով սահմանվող՝ ուսանողների սահմանային թիվը չի կարող պակաս լինել 4000-ից (հոդված 14):
Երեք տարի անընդմեջ ուսանողների՝ լիցենզիայով տրամադրված սահմանային թվի կեսից պակասը համալրելու դեպքում բուհի լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 15):
Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ևս ենթակա են լինելու լիցենզավորման, իսկ եթե որևէ կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվեն, լիցենզիայի գործողությունը դադարեցվելու է (հոդված 16)։
Բուհ առաջին շրջափուլով ընդունվելիս «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը պարտադիր են լինելու։
Բուհերն ազատ են լինելու սահմանելու ընդունելության պահանջները, որոնք կարող են լինել հանրակրթական ավարտական փաստաթղթի միջին գնահատական, մոտիվացիոն նամակ, ներբուհական քննություններ և այլն։
Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդները կարողանալու են դիմել սովորելու համար մեկ և ավելի բուհերի կրթական ծրագրերով, ինչպես նաև սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել լրիվ ծանրաբեռնվածությամբ (հոդված 21):
Առաջարկվում է, որ բուհը կարողանա կրթական ծրագրեր իրականացնել նաև այլ բուհերի, գիտական կազմակերպությունների կամ արդյունաբերական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Դրանք են՝
համատեղ կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են բուհի և այլ բուհի, գիտական կազմակերպության կամ արտադրական կազմակերպության համագործակցությամբ, և ավարտին շնորհվում է մեկ մասնագիտությամբ որակավորում՝ ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմով,
կրկնակի որակավորման կրթական ծրագրեր՝ մեկ բուհի շրջանակներում կամ երկու կամ ավելի բուհերի համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագրեր, որոնց ավարտին շնորհվում է երկու մասնագիտություններով որակավորում ՝ կրկնակի որակավորման դիպլոմով, կրկնակի որակավորման համատեղ դիպլոմով կամ տարբեր որակավորումներ շնորհող երկու դիպլոմներով (հոդված 10):
Առաջարկվում է, որ ուսանողները կարողանան կազմել ուսուցման անհատական պլան` ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ակադեմիական մոդուլները), ինչպես նաև բուհի սահմանած կարգով գրանցվել ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում (հոդված 22):
Հետազոտական համալսարաններում կարող են գործել նաև դոկտորական դպրոցներ, որոնք պատասխանատու են լինելու բարձրագույն կրթության երրորդ մակարդակում կրթության կազմակերպման համար (հոդված 6)։
Իսկ գիտական աստիճանների շնորհման համակարգը դառնալու է միաստիճան, գիտության թեկնածուներ այսուհետ չեն լինելու, լինելու միայն դոկտորներ (հոդված 3)։
Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն է, որ լիցենզավորված բուհերն իրենց կառուցվածքում ունենան Էթիկայի գրասենյակ, որը պետք է ստանա, գնահատի և առաջարկի լուծումներ ուսանողների, ակադեմիական կազմի և աշխատակազմի՝ ակադեմիական, գործառնական, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող բողոքներին (հոդված 33)։
Տարիքային շեմեր և դրամական վճարներ
Բուհերում վարչական, ակադեմիական ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները դադարեցվելու են 65 տարին լրանալիս (հոդված 23)։
Բուհում կամ գիտական կազմակերպությունում գիտական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում պետությունը նրանց տալու է ամենամսյա դրամական վճար (հոդված 24)։
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականությունը
Նախագծում նշվում է, որ, ի թիվս այլնի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքներն են`
ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձևավորումը,
ազատությունների և պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը,
բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ապաքաղաքական և աշխարհիկ բնույթը (հոդված 4):
Իսկ բուհերի գործառույթների մեջ, ի թիվս այլնի, մտնելու է քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության, ազգային և համամարդկային արժեքների արմատավորումը (հոդված 6):
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու հայագիտության զարգացումը (հոդված 4)։
Պետական քաղաքականության ուղղություններից մեկն էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրումն է՝ «կրթական և գիտական լավագույն ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ» (հոդված 4)։
Թե ինչպես է կառավարությունը հիմնավորում, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման լավագույն ճանապարհը բուհերի խոշորացումն ու գիտական կազմակերպությունների՝ խոշորացված բուհերում ինտեգրումն է, ինչպես է այդ փոփոխությունն, ըստ կառավարության, նպաստելու գիտության արդյունավետ սերնդափոխությանը, և ինչ հակափաստարկներ կան այդ հիմնավորումներին, կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում երկու քննարկում է տեղի ունեցել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։
Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի