2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն
Եթե սոցցանցերում այս օրերին հրապարակվող բոլոր հնարավոր ու անհնար ամփոփումներից դեռ չեք հոգնել կամ եթե հոգնել եք, բայց նրբաբլիթ փաթաթելն ու աղցանի բաղադրիչները մանր կտրատելը պակաս գրավիչ է, առաջարկում ենք «Ինֆոքոմի» հետ վերհիշել անցնող տարին, մեր առանցքային հրապարակումները, ծանոթանալ մեր կատարած աշխատանքի ու մի քիչ էլ՝ մեզ հետ։
Եթե դուք դեկտեմբերի 25-ին ասել եք՝ մենք էս տարի ոչ մի բան չենք անելու, բայց ճամպրուկները չեք հավաքել ու հանգստի չեք մեկնել ու հիմա փորձում եք 1 օրում հասցնել ամեն ինչ, չտխրեք․ մենք էլ այս հրապարակումը Մալդիվներից չենք գրում ու ձեզ համար սկզբում գրում ենք կարճ, որ կարդաք ու արագ անցնեք չսպասող ամանորյա գործերին։
2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գտել, կարդացել, ստուգել, հաճախ նաև թարգմանել և վերահրապարակել է շուրջ 24 հազար 600 լուր՝ տեղական և միջազգային լրահոսից։
«Ինֆոքոմի» լրագրողների թիմը պատրաստել և հրապարակել է 420 նյութ, ներառյալ՝
28 հետաքննական և փաստերի ստուգման հոդված,
14 հետազոտական/բացատրական հոդված,
9 տվյալահեն հոդված,
45 դատական նիստերի լուսաբանում,
19 գիտության լուսաբանում։
Իրականացրել ենք 3 նախագիծ՝ նվիրված գիտության հանրահռչակմանը՝
«Գիտարբուքի» 11 բանախոսություն,
«Փոքրումեծ հարցերի» 5 թողարկում, որի շրջանակում գիտությամբ հետաքրքրվող երեխաները հնարավորություն ստացան հանդիպելու և հարցեր ուղղելու գիտնականներին,
«Լաբորատորիայից ներս» շարքի 5 հոդված, որոնց միջոցով հանրամատչելի պատմեցինք Հայաստանում գործող գիտական տարբեր թիմերի մասին։
Իրականացրել ենք փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված «Երեկոյան հոթ դոգ» նախագիծը․ հրապարակված 9 թողարկումների շրջանակում տարբեր մասնագետների հետ քննարկել ենք կեղծ լուրերի ամենաթարմ օրինակները ու տարածված միֆերը։
Ընդհանուր առմամբ նկարել, մոնտաժել ու հրապարակել ենք 73 տեսանյութ։
Մեր լրագրողներն իրենց նյութերը պատրաստելիս
վերլուծել են ավելի քան 1 000 հայտարարագիր,
ուսումնասիրել են ավելի քան 2 000 գնման մրցույթ,
ուղարկել են տեղեկություն ստանալու շուրջ 330 հարցում։
Ի վերջո, 2024-ին «Ինֆոքոմի» լրագրողները հասցրել են նաև գնահատվել՝ ստանալով լրագրողական 5 մրցանակ։
Ավելի երկար ամփոփում, եթե դուք հիմա մեզ ինչ-որ տաքուկ երկրից կամ բուխարու մոտից եք հետևում
Եթե դուք էլ դեկտեմբերի 25-ին ասել եք՝ մենք էս տարի ոչ մի բան չենք անելու, հավաքել եք ճամպրուկներն ու մեկնել հանգստի, հիմա էլ ինչ-որ տաքուկ երկրի տաքուկ ծովափում կամ Հայաստանի ջերմ գյուղերից ու քաղաքներից մեկում՝ տաքուկ բուխարու մոտ, նստած եք ու ձեր սքրոլում պատահմամբ հայտնվեց այս նյութը, մենք ձեզ նախանձում ենք ծովափի, բուխարու ու ամփոփումը մինչև վերջ կարդալու ժամանակի համար։
«Ինֆոքոմը» տարին սկսեց մեծ հետաքննությամբ. պարզեցինք, որ Երևանի ավագանու՝ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ կազմակերպված դրամահավաքին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կազմակերպված մեխանիզմի միջոցով անհայտ ծագման գումարներ են նվիրաբերվել, որոշ դեպքերում՝ գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։ Մեր այս հետաքննությանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն խնդրեց կատարվածի համար, սակայն գրեթե մեկ տարի է` տեղի ունեցածին իրավական գնահատական չի տրվել։
Այս հետաքննությունից հետո «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը սկսեց ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գնումները, հրապարակեց ևս մեկ հետաքննություն, սակայն որոշ ժամանակ անց, հոգնելով ամեն անգամ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնին բացատրելուց՝ ինչու է հարցումներ ուղակում, որոշեց թողնել այդ գործը և սկսեց համապարփակ ուսումնասիրության ենթարկել պաշտոնյաների հայտարարագրերը։ Բարեբախտաբար, պարզվեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջապես տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու ունի։
«Ինֆոքոմի» լրագրող Ջուլիետտա Հովհաննիսյանն ավելի համառ գտնվեց ու չնայած աշխատանքի հնարավոր ու անհնար խոչընդոտներին՝ շարունակեց ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գնումները՝ հրապարակելով 4 նյութ՝ նորոգված, բայց մի քանի օրում քանդվող փոսերի, «Փակ շուկայի»՝ այդպես էլ վերջնականապես չբարեկարգվող անցումի, թերի տեխհսկողության, Նորքի այգու՝ ձգձգվող բարեկարգման թեմաներով:
Միլենա Խաչիկյանն այս տարի շարունակեց ուսումնասիրել արդարադատության ոլորտի բարեփոխումները։ Որպես մեր խմբագրության միակ անդամ, որը տարբերում է «որոշում», «վճիռ», «վերդիկտ», «դատավճիռ», «միջանկյալ ակտ», «գործն ըստ էության լուծող ակտ» և իրավական մյուս տերմինները՝ Միլենան պարզ և հանրամատչելի բացատրեց, թե ինչ է մասնավոր մեղադրանքը, ինչ թերի կարգավորումներ կան ՍԷԿՏ համակարգում, հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգում և այլն։
2024-ին «Ինֆոքոմը» շարունակեց լուսաբանել Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերող դատական գործերը՝ ունենալով 44 հրապարակում։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել կլոնավորել դատաիրավական լրագրող Միլենային, և նա կարողացավ ներկա գտնվել զուգահեռ ընթացող դատական նիստերից միայն մեկին։ Բարեբախտաբար, «Ինֆոքոմում» կա Հայարփի Բաղդասարյանը, որ հասցրեց լուսաբանել թե՛ իրավիճակը Կիրանցում, թե՛ աղետը Ալավերդիում, թե՛ այն դատական նիստերը, որոնց ներկա չի գտնվել Միլենան։
Այս ամենին զուգահեռ` Հայարփին հասցրեց ուսումնասիրել նաև, թե ովքեր են Երևանի ավագանու անցանկալի անդամները, ստուգեց ֆինանսական խարդախությամբ զբաղվողների տարածած տեսանյութը, ամփոփ ներկայացրեց՝ միջազգային ինչ օգնություն է հատկացվել Հայաստանին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համար։ Բայց մեր Հայարփին հո սաղ կյանքը լրագրությամբ չի զբաղվել. այս տարի նա Վազգեն Սարգսյանի անվան «Կամք» գրական մրցույթում ստացավ 3-րդ մրցանակը՝ իր «303 կմ հեռվից» արձակ ստեղծագործության համար։
Տարեսկզբին մեր գիտական լրագրող Աննա Սահակյանը, չբավարարվելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին հայաստանյան քննարկումներով, մեկնեց Լեհաստան՝ ուսումնասիրելու՝ ինչպես է այնտեղ աշխատում բարձրագույն կրթության և գիտության համակարգը, իսկ Հայաստան վերադարձին գրեց իր կարիերայի ամենաերկար հոդվածը՝ Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների մասին։
Այս տարի Աննան շարունակեց նաև «Լաբորատորիայից ներս» շարքը, որի միջոցով բացահայտեց և հանրամատչելի պատմեց՝ ինչով են զբաղվում Հայաստանում գործող գիտական տարբեր թիմեր: Ինչ-որ փուլում, երբ Աննայի հարցերը գիտնականներին գրեթե սպառվել էին, մենք հասկացանք, որ նույնքան հետաքրքրասեր միայն երեխաներն են, և Աննան սկսեց «Փոքրումեծ հարցեր» շարքը, որի ընթացքում գիտությամբ հետաքրքրված երեխաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու գիտնականներին։ Տարվա վերջում էլ Աննան ուսումնասիրեց՝ ովքեր են կառավարում բուհերը, և պարզեց, որ Կառավարության անդամների` համալսարանները քաղաքական ազդեցությունից ազատելու խոստումները, մեղմ ասած, չեն իրականացել։
Այ Աննային կլոնավորել այս տարի հաջողվեց. «Ինֆոքոմի» թիմին միացավ Անի Խաչատրյանը։ Եկած-չեկած Անին երկարամյա բանավեճի վերջ դնելու հանդուգն փորձ ձեռնարկեց` պարզելով, թե, ի վերջո, ինչի համար են Սյունիքի Զորաց քարեր հուշարձանի անցքերը։ Դա էլ քիչ է, Անին «ձեռնոց նետեց» նաև Հերոդոտոսին՝ հանրամատչելի ներկայացնելով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների հոդվածը, որը հերքում է Հերոդոտոսի` հայերի բալկանյան ծագման տեսությունը։
Մինչ մեր Անին միջգիտակարգային ճամփորդությունների էր՝ Աննայի խիստ մենթորությամբ, այս տարի մեզ միացած Սուսինան և Լիլիթը «ռայոն» էին գնացել։ Ուսումնասիրելով համայնքային պաշտոնյաների հայտարարագրերը՝ նրանք հետաքրքիր մանրամասներ բացահայտեցին համայնքային պաշտոնյաների թափանցիկության և հաշվետվողականության մասին, դե իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, ուսումնասիրելով մեր լրագրողների հրապարակումը, պարզեց, որ կան համայնքային պաշտոնյաներ։
Սուսինա Խաչատրյանը նաև «ուղևորվեց» Վեդի, հայտնաբերեց, որ համայնքի ղեկավարը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել, ապա՝ Ճամբարակ՝ ուսումնասիրելու համայնքապետարանի գնումները. պարզվում է՝ համայնքապետարանը գնումներ է կատարում համայնքապետին առնչվող ընկերությունից։
Լիլիթ Գրիգորյանն էլ ուսումնասիրեց Ստեփանավանի գնումները, պարզեց, որ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի օգնականի եղբոր ընկերության հետ։ Լիլիթի հաջորդ կանգառը Քաջարանն էր. նա պարզեց, որ Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել։
Այս տարեսկզբին էր, երբ բոլորս չափից շատ ուրախ էինք, որովհետև իմացել էինք, որ աշխատավարձերը բարձրանալու են 20%-ով. չափավոր ուրախ էր միայն «Ինֆոքոմի» տվյալների լրագրող Կատյա Մամյանը, որովհետև առաջինը նա հաշվեց աշխատավարձի 20%-ը և հասկացավ, որ ուրախանալու՝ 20 տոկոսից շատ բան չկա։ Կատյայի անունը մեր նյութերում շատ չի հանդիպել այս տարի, բայց մեր բոլոր տվյալները, հաշվարկներն ու վիզուալներն անցել են նրա ձեռքի տակով։
Մեր նյութերում շատ չեն հանդիպել նաև խմբագիրների՝ Անի Հովհաննիսյանի և Սևակ Մամյանի անունները, բայց նրանք ևս մեզ հետ հավասար աշխատել են, որպեսզի փորձենք ձեզ ներկայացնել կարևոր բացահայտումներ։
Մեր «ուսանողուհի, կոմսոմոլուհի, սպորտսմենուհի և ուղղակի գեղեցկուհի» Զարա Խաչատրյանը օպերատորներ Ռոման Աբովյանի և Սարգիս Խարազյանի հետ շարունակեց իրականացնել «Ինֆոքոմի» «Գիտարբուք» նախագիծը, որի շնորհիվ ևս 11 գիտնական մեկ գավաթ ոգելից խմիչքի շուրջ այս տարի իր գործունեության ու գիտակարգի մասին պարզ ու մատչելի պատմեց մեր շատ հետաքրքրասեր, բայց ոչ մասնագետ լսարանին։
«Ինֆոքոմի» աշխատանքը, մեր ընթերցողներից զատ, գնահատեցին նաև անկախ մասնագետները՝ մեր և հարակից ոլորտներից․
Միլենա Խաչիկյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությանը լավագույն տպագիր կամ առցանց հոդված անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակին՝ «Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձևը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից» և «Արցախի կալանավորների և դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել» վերտառությամբ հրապարակումների համար։
Երևանի մամուլի ակումբի կազմակերպած լրագրողների ամենամյա մրցանակաբաշխությանը Հայարփի Բաղդասարյանն արժանացավ ԵՄԱ Էթիկական լրագրության մրցանակի։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմապերպած «Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Մեդիա 3.0» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սուսինա խաչատրյանի, Լիլիթ Գրիգորյանի և Կատյա Մամյանի «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» հոդվածը։
Նույն մրցույթի «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հաղթող ճանաչվեց Զարա Խաչատրյանը՝ «Գիտարբուք» շարքի համար, իսկ Անի Խաչատրյանը խրախուսական մրցանակի արժանացավ «Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր» հոդվածի համար։
Սիրելի՛ ընթերցող,
Թեև մեզ ուրախացնում են մրցանակները, բայց ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր մեզ խրախուսում է ձեր գնահատականը։
Գալիք տարում ևս հետևեք «Ինֆոքոմին», կարդացեք մեր հրապարակումները, քննադատեք, խրախուսեք, առաջարկեք նոր գաղափարներ ու թեմաներ, իսկ մենք նույն սիրով ու եռանդով կշարունակենք աշխատել՝ իրականացնելով նոր ու ավելի հետաքրքիր բացահայտումներ, ուսումնասիրություններ՝ օգնելու ձեզ կայացնել առավել հիմնավոր, տվյալահեն ու տեղեկացված որոշումներ։
Ապատեղեկատվության, մանիպուլյացիայի, պոպուլիզմի ծաղկման այս ժամանակաշրջանում առավել քան երբևէ կարևոր են ճշմարտությունը, փաստերի վրա հիմնված վերլուծությունները և տեղեկացված որոշումների կայացումը։
Մենք խոստանում ենք 2025-ին ևս մնալ ձեր կողքին՝ որպես անկախ, անաչառ և փաստահեն լրատվամիջոց։Թող 2025 թվականը լինի այն տարին, երբ մեր երկրում ամեն փոքր ու մեծ, անձնական ու պետական որոշում հիմնված կլինի ոչ թե աղմուկի, այլ ստույգ փաստերի, տվյալների և խորքային վերլուծության վրա։
Թող 2025 թվականին լրագրողական հետաքննությունները, հետազոտությունները, տվյալահեն հոդվածները հանգեցնեն իրական փոփոխությունների, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը դառնան մեր հանրային կյանքի անբաժանելի մասը։
Թող 2025-ը լինի ճշմարտության, արդարության և արժանապատիվ խաղաղության տարի։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։