Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (29․10․2020 -15․11․2020 )
28․10․2020
22։32 - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծմանն այլընտրանքի բացակայությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները։ ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսևորումը: [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|
21։38 - Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5-րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը։ Մեր լեռների ու ձորերի, մեր անտառների ավելի լավ իմացությունը, մեր վճռականությունն է որոշիչը։ [Արծրուն Հովհաննիսյան]
21։12 - Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով: [ԱԱԾ]
21։10 - Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը: Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]
20:45 - Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը։ [ՀՀ ԱԳՆ]
20։28 - ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ: [ՊԲ]
20։13 - Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։ [ՊԲ]
20։11 - Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնչում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: Ռազմական դրության ժամանակ, բարեբախտաբար, փակ է ընտրողների ռեգիստրը, սակայն երկար տարիներ ոստիկանության կայքէջում ֆայլերով տեղադրվել են ընտրողների ցուցակները: Կարելի էր ամբողջ բազան ներբեռնել և օգտագործել: Պարզ է, որ ադրբեջանցիները նույնպես ներբեռնել են և հիմա այդ բազան ինչպես կցանկանան, կօգտագործեն։ [Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան] |armenpress.am|
19։14 - ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական, ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության: [ՀՀ ՔԿ]
19։11 - Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին։ [Մեկ ժամ առաջ այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը] |armenpress.am|
18։56 - Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետևեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին։ [Արծրուն Հովհաննիսյան]
18։11 - Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ԼՂ-ում հակամարտությունից տուժած անձանց օգնելու համար: Այս մասին գրված է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի էջում։ |armenpress.am|
17։51 - Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: [ՊԲ]
17։49 - Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: [ՊՆ]
17։09 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատանք տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ «Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցությունների համար) չեմ ստացել։ Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել»,- ասել Է Ալիևը։ |civilnet.am|
15։53 - Արցախում ճշտում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Խոսնակը նշեց, որ առաջիկայում այդ մասին կտեղեկացնեն: |armenpress.am|
15։40 - Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն և ստիպում ետ շպրտվել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: [ՊԲ] Կարդալ ավելին
15։30 - Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Պեսկովը ևս մեկ անգամ նշել է, որ միայն Հայաստանը և Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որևէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին: Պեսկովն ասել է նաև, որ չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ԼՂ-ում մարտերը շարունակվում են, և կրակի դադարեցման կայուն ռեժիմ դեռ չկա: |azatutyun.am|
15։24 - Ճիշտ է, մենք կորուստ ենք կրել, մասնավորապես, միջին սպայական կազմից: Հիմա դասընթացներ ենք անում, պահեստազորից ենք համալրում, մեր նախկին զինվորականներից ենք համալրում: Այսինքն՝ համակարգը շարունակում է աշխատել, իր թերությունները վերացնելով, շտկելով՝ առաջ է գնում: Դրան գումարած՝ մարտերի խտությունը, սաստկությունն ընկել է, այսինքն՝ ավելի հեշտ է դարձել պրոցեսներն իրականացնել: Որովհետև հակառակորդին մեծ հարված է հասցվել` չնայած նրա հաջողություններին որոշ տեղերում, նա առաջվա թափանիվն այլևս չունի։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ «Իմպուլս» հաղորդման եթերում (27.10.2020)] Կարդալ ավելին
14։51 - «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդայօն տագնապ է։ [ԱՀ ԱԻՊԾ]
14:41- Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ [Արցախի Տեղեկատվական շտաբ]
14:27- ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ:Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, վերը նշված արտոնություններն առայժմ կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: [ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը] Կարդալ ավելին
14:09- Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: [Շուշան Ստեփանյան]
12:58- «Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]
12:55- Քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում է, որ քննարկի ԼՂ-ում ճգնաժամն ու հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը։ Արաքչին իր այցի գլխավոր նպատակ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումն ու հաստատուն խաղաղության վերականգնումը։ «Վերջ դնել ադրբեջանական հողերի օկուպացիային, պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, սրանք են Իրանի ծրագրի գլխավոր գործոնները»,- նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ այս ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։
12:45- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ [ԱՀ ԱԻՊԾ]
12:11- Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ակցիայի մի մասնակից նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց։ Կարդալ ավելին
11:37- Ամբողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքը: Անհրաժեշտ է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի։ [Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստեր] Կարդալ ավելին
10:50- Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։ Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]
10:50- Համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։ [Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան]
10:31- Առավոտ բարի լույսով ևս մեկ ԱԹՍ։ [Շուշան Ստեփանյան]
09:37- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները: [ՊԲ]
09:30- Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 80 անդամ հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի, որ ադրբեջանական ագրեսիան անմիջապես դադարեցվի, վերջ տրվի հակահայկական պետական քարոզչությանն ու ատելությանն Ադրբեջանում և Թուրքիայում: Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության նախկին և ներկայիս գործողությունները վկայում են, որ հայկական որևէ տարածքի գրավման դեպքում այն անխուսափելիորեն դառնալու է տեղի հայերի լիակատար սպանդանոց, հետևաբար Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը արցախահայությանը հիմա կամ մոտ ապագայում ֆիզիկական բնաջնջումից փրկելու միջոց է։
09:21- Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:
Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
08:55- Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում:
00։16 - ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: Այս մասին ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը: ԱՀ անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: Բանաձևով Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին: |armenpress.am|
27․10․2020
23։40 - Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումների մեջ Մերձավոր Արևելքից ահաբեկիչների՝ ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ։ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հնարավորինս արագ զինադադարի հասնելու ու ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
22:38- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից: Նա ընդգծել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար տարիներ և հավելել. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»:
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կկարգավորվի:
22:31- Հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Հետևաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստա՛հ եղեք՝ հաղթելու ենք: [Արծրուն Հովհաննիսյան]
22:27- Պատերազմը շարունակվում է: Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է. մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում: Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ նույնիսկ թողնելով որոշակի տեխնիկա: Բայց այս պատերազմը, այս պայքարը կոնկրետ իր բնույթով որոշակի առանձնահատկություն, բարդություն ունի: [Արծրուն Հովհաննիսյան]
22:23- Ես այս պահին չեմ կարող հաստատել, թե կոնկրետ որ պետության հատուկ ջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում, բայց որ նրանք կան Ադրբեջանի Զինված ուժերում, և Ադրբեջանի ԶՈՒ-ն փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությունը ամենատարբեր՝ տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, փաստ է: [Արծրուն Հովհաննիսյան]
22:20- Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում: [Արծրուն Հովհաննիսյան]
22:16- Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար: [Արծրուն Հովհաննիսյան]
22:13- Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են: [Արծրուն Հովհաննիսյան]
22:10- Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել: [Արծրուն Հովհաննիսյան]
22:09- Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: [Արծրուն Հովհաննիսյան]
22:05- Մարտական գործողությունները եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:03- Միաժամանակ, մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:02- Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: [Արծրուն Հովհաննիսյան]
21:49- Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը։ Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից: [ՀՀ ԱԳՆ]
21:45- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով: Հանդիպման առանցքում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր: Կարդալ ավելին
20։31 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ հակառակորդի գործողությունների դեմ պայքարին միտված քայլերը: Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության արդար պայքարում:
20։08 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
19։57 - Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: [ԱՀ ԱԻՊԾ]
19։52 - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Նրանք հայտարարել են հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմի շուտափույթ ապահովման անհրաժեշտության մասին: |tass.ru|
19։46 - Կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս: [ԱՀ ՄԻՊ]
18։37 - ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Պետքարտուղարը հորդորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարի շուրջ ստանձնած պարտավորություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Պոմպեոն ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված, հոկտեմբերի 17-ին Փարիզի միջնորդությամբ վերահաստատված հրադադարի համաձայնությունը լիարժեք իրագործելու կարևորությունը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների՝ հոկտեմբերի 1-ին տարածած համատեղ հայտարարության համաձայն։ |azatutyun.am|
18։24 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ո՛չ ՀՀ ԶՈւ-ը, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ: [ՊՆ խոսնակ]
16։59- ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ, քայլը կարվի (ՀԱՊԿ-ին դիմելու- խմբ․) այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք: Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա: [Ալեն Սիմոնյան] |1lurer.am|
16։50- Արցախում արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Թուրքիայից և մի շարք այլ երկրներից օդային ճանապարհով շարունակաբար ռազմական բեռնափոխադրումներ են իրականացվում Ադրբեջան: Չնայած Բաքուն լայնամասշտաբ ռազմական գործողություններին պատրաստվում էր վաղուց, պատերազմի ողջ ընթացքում Ադրեբջանին զինտեխնիկա և այլ անհրաժեշտ ապրանքներ մատակարարող ինքնաթիռների թիվը գնալով աճում է: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն այս օրերին զինամթերք է ստանում Թուրքիայից, Իսրայելից և Բելառուսից, իսկ Սիրիայից պատերազմական գոտի հիմնականում տեղափոխվում են վարձկան զինյալներ։ |fip.am|
16:15- ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ ԶՈՒ միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի ԶՈՒ-ն հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից: [ՀՀ Պաշտպանության նախարարություն,ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ]
15։40- Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներով դիմել ենք վարչապետ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվի ստեղծված իրավիճակը: [Էդմոն Մարուքյան]
15:20- Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: |armenpress.am|
15:17- Այսօր եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա արեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Եզդիական համայնքն ԱՄՆ ղեկավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և Ադրբեջանին ստիպել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռազմական գործողությունների դադարեցման պահանջով բողոքի ակցիաները, ըստ կազմակերպիչների, պարբերական են լինելու։ |hetq.am|
15:02- Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ: Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ ք. Երևան, Մուրացան 113, յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից 14:00-ն: Կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: Արյունատվության նպատակով, խնդրում ենք, ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ: [ՊՆ]
14:52- Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի ժամանել է Արդեբիլ նահանգի Փարսաբադ Մողան օդանավակայան՝ այցելելով Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից տարածքներ։ Իրանցի պաշտոնյան հակամարտող կողմերին կոչ է արել և նախազգուշացրել՝ հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին։ Արաղչին ասել է, որ Արաքս գետի երկայնքով Իրանն ունի ջրամբարներ ու էլեկտրակայաններ, ուր ևս պատրաստվում է այցելել։ Նա հավելել է, որ դրանք առաջնային նշանակություն ունեն Իրանի համար և չպետք է վնասվեն երկու հարևանների հակամարտության ընթացքում։ |factor.am|
14։35 - Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: ԱՀ 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: [ԱՀ ՄԻՊ]
14:24- Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը , կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը: [ՊԲ]
14։05- Մինսկի խումբը՝ որպես պետությունների խումբ, ոչ մի գործունեություն չի դրսևորել, քանի որ համանախագահներն այդ գործունեությունն իրենց մենաշնորհն են համարում։ Եվ թե ինչի է սա հանգեցրել, մենք տեսնում ենք։ 28 տարվա մեջ ոչ մի առաջընթաց, ոչ մի արդյունք, միայն խոստումներ, միայն բյուրոկրատական գործընթացներ և, ըստ էության, մեզ այսօր թվում է, որ համանախագահների գործունեությունն ուղղված է եղել հակամարտության սառեցմանը, այլ ոչ թե դրա լուծմանը։ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև] |factor.am|
13։16- Ապատեղեկատվություն է, թե տարածված տեսանյությում երեւացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է։ Տեսանյութի անձը ՀՀ քաղաքացի է եւ որեւէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած գործողություններին։ [ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան] Կարդալ ավելին
13։10- ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները․ Կարդալ ավելին
13:00- ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ: [Շուշան Ստեփանյան]
12։40- Պատերազմական գործողություններին ներգրավված ԱԱԾ սահմանապահ զորքերից այս ընթացքում ունեցել ենք 37 զոհ, 4 անհետ կորած եւ 243 վիրավոր։ Այս ընթացքում ակտիվ համագործակցում ենք Արցախի ԱԱԾ գործընկերների հետ՝ միասին իրականացնելով համապատասխան աշխատանքներ։ [ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյան] Կարդալ ավելին
12:24-Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ: [Շուշան Ստեփանյան]
11:43- ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: [Շուշան Ստեփանյան]
11:12- Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: [Շուշան Ստեփանյան]
10:08- Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ [ԱՀ նախագահի խոսնակ]
09:28- Ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին: [Արայիկ Հարությունյան]
09:11- Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ [ԱՀ ԱԻՊԾ]
09:09- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: [ՊԲ]
09:06- Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է 2015 թ. «Ռոյս-Էնգել» համաձայնագրով: Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա: [ԱՄՆ կոնգրեսական Ֆրեկ Փալոն]
01։31 - Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: [ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան] |armenpress.am|
26․10․2020
23։05 - Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում: Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել: Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է: Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: [ՀՀ ոստիկանություն]
22։55 - Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]
22։53 - Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ։ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ: [ԱՀ ԱԳՆ]
22։10 - Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնսիկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին: [Արծրուն Հովհաննիսյան]
22։02 - Ցավոք, երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները: [Արծրուն Հովհաննիսյան]
21։37 - Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան] |armenpress.am|
20։30 - Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու։ [Աննա Հակոբյան]
19։53 - Ադրբեջանը հիմա առավել եւս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ես ուզում եմ՝ մենք հստակ պատասխանենք մի հարցի․ հայ ժողովուրդն արդյոք պատրա՞ստ է փոխզիջումների։ Ես կարծում եմ, որ, այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի, եւ ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի՝ իր իրավունքները պաշտպանելու։ [Նիկոլ Փաշինյան] Կարդալ ավելին
19։33 - Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Կարդալ ավելին
19։20 - Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը։ Չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների եւ նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի, ԱՀ ՊԲ-ն էլ առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
18։38 - Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]
18։25 - Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: [Շուշան Ստեփանյան]
17։53 - Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերի եւ վիրավորների դուրսբերման գործընթաց սկսելու հնարավորություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր առավոտյան չի ունեցել։ Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ նման գործողություններ սկսելու եւ իրականացնելու որոշումը ոչ թե իրենց, այլ կողմերի ձեռքերում է։ |armtimes.com|
Կարդալ ավելին
17։45 - Հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերակատարությունը: Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]
16։33- Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։ [Արծրուն Հովհաննիսյան]
16։15 - Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում մեկ ժամ առաջ ադրբեջանական կողմի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը: [ԱՀ ՄԻՊ]
15։36 - Սուր փուլում գտնվող ԼՂ ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել։ Այս մասին ասել Է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում հրադադարի մասին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը։ |tert.am|
15։07 - Թրամփի ելույթը արագ տարածվեց համացանցի և սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն որոշ դեպքերում ԱՄՆ նախագահի խոսքն աղավաղվել է։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին ելույթի մի հատվածը՝ այն մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ. Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որ նա ուղղակի չի ասել։ |fip.am| Կարդալ ավելին
14:20- Իլհամ Ալիեւը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»:
«Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք՝ օդո՞ւմ, թե՞ գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ»,- ասել է Ալիեւը: Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից, և «եթե իրենց նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, կտեսնեն F-16- ները»։ |mediamax.am|
14:17- Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար: [ՊՆ խոսնակ]
12:02- Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
11:49- Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ԼՂ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու ժողովուրդներին՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամական և եղբայրական՝ մենք չենք կարող կիսել նման ձգտումները։ Բացառապես քաղաքական կարգավորման օգտին «հստակ արտահայտվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-ղեկավարներ։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]
11:39- Այս պահին Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։ Խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել։ [ԱՀ ԱԻՊԾ]
11:14- Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ [ԱՀ ԱԻՊԾ]
11:05- Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: Այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։ Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։
10:58- ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը: [ՊՆ խոսնակ]
10:57- Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ամբողջ աղդեցությունը՝ ի շահ հրադադարի ու ԼՂ հակամարտության կարգավորման համար բովանդակային բանակացություններ սկսելու։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարները՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հայտարարության մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը նախատեսում էր հրադադար ու հնարավորինս բովանդակային բանակցությունների գործընթացի վերսկսում։
10:35- Կիպրահայ համայնքը կիրակի երկու ավտոերթ է կազմակերպել՝ ի նպաստ Արցախի ժողովրդի մղած պայքարի։ Մասնակիցները կանգ են առել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանատների առջև՝ հստակ պատգամ փոխանցելով, որ կիպրահայությունը և հայ ժողովուրդը պահանջում են դադարեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Ավտոերթի մասնակիցները կանգ են առել նաև Իսրայելի դեսպանատան մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կառավարության դեմ, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին:
10:25- Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի համար ամենակարևոր «կարմիր գծերն են»։ Նա այս մասին ասել է սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ:
«Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»,- ասել է նա։ Կարդալ ավելին
09:46- Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
09:27- Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։ [ԱՀ ԱԻՊԾ]
09:21- Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: [Շուշան Ստեփանյան]
09:01- Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: [Շուշան Ստեփանյան]
08:35- Պաշտպանության բանակը հայտնում է, որ ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում: [ՊԲ]
08։00- Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
00։30-Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
Համանախագահները հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, ինչպես նաև մասնակցել են արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպմանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ևս ներկա է եղել հանդիպումներին:
Համանախագահները կողմերին հորդորել են անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության բոլոր կետերն անհապաղ իրականացնելու ուղղությամբ՝ համաձայն նրանց ստանձնած պարտավորությունների, որոնք վերահաստատվել են Փարիզում հոկտեմբերի 18-ին:
Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի մշտադիտարկման պարամետրերը և համապարփակ լուծման ուղղությամբ բովանդակային տարրերի քննարկում նախաձեռնելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ համաձայնություն ձեռք բերելու և, ժամանակացույցին համապատասխան, ձեռնարկելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:
25․10․2020
23։55-ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունՀայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով: [ԱԳՆ խոսնակ]
23։25- Մենք երբեք չենք հանձնվի: Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ: Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է: Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով: Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը: Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն] |shantnews.am|
22։58- Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից ԼՂ-ի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: Երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի, մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը: [Վարչապետի հարցազրույցը` հնդկական WION հեռուստաընկերությանը]
22։54- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությամբ: «Ես դա անվանում եմ «հեշտ դեպք»: Մենք կզբաղվենք դրանով: Գնացեք ասեք ձեր ժողովրդին: Հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անում»,- հայտարարել է Թրամփը։ |factor.am|
22։22- Վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարևորը, թերևս, Էրդողանի հայտարարությունն էր` կապված իր եղբայր Ալիևի հայտարարությունների և իր նկատմամբ եղած ճնշումների հետ: Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա, իբր, պատրաստ է դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունն իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետևաբար, շարունակվում է մեր լինելիության և մեր գոյապայքարի պատերազմը: [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
22։05- Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին: [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
21։30- Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]
21։18- Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու քաղաքականությունից: Այս մասին ԱԳՆ Պետքարտուղար Կլեման Բոնն ասել է Ֆրանսիայի հրեական համայնքի Radio Gl լրատվամիջոցին տված հարցազրույցում: «Ֆրանսիան ձգտում է հասնել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի հաստատման: Պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: |armenpress.am|
21։10- Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ ԼՂ-ի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձեւը ԼՂ-ի համար ու ճանաչել նրա անկախությունը: [Վարչապետի հարցազրույցը՝ հնդկական WION հեռուստաընկերությանը]
20։38- Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ [ԱՀ ԱԻՊԾ]
20։37- Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին- խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանի՛ր քո պատժամիջոցները, տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք։ [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան] |armenpress.am|
20։20- Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ: Նախարարի խոսքով՝ երկիրը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար: Զրուցակիցներն համակարծիք էին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի հաստատման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման քայլերի հասցեագրման ուղղությամբ: [ՀՀ ԱԳՆ]
20։07- Նախագահի ղեկավարությամբ մենք հանգստյան օրերին փորձել ենք միջնորդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի: Հայաստանն ընդունել է հրադադարը, Ադրբեջանը` դեռ ոչ: Մենք աշխատում ենք վերջիններիս հետ, որ նրանք ևս ընդունեն հրադադարը: [ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը՝ CBS-ին տված հարցազրույցի ընթացքում]
19։32- Հարցը չունի ռազմական լուծում և պետք է գտնենք փոխզիջումային տարբերակ: Հայաստանը ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է փոխզիջումների, բայց այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի, և նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է ԼՂ-ի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը։ [Վարչապետն` Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ]
19։20- Այս պահին (ժամը 18:22-ին- խմբ․) ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում, և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան] |armenpress.am|
19։15- Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշաններ։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
18։40- Խորին երախտիգիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար: Անհրաժեշտության դեպքում ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն: [ՊԲ]
18։29- Ֆրանսիայից ժամանած պատգամավորների հետ հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել նրանց այս դժվար պահին մեր երկիր այցելելու եւ հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: [Նիկոլ Փաշինյան]
18։24- ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու նպատակային գործողությունների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես` ընդգծվում է․ «Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»: [ԱՀ ԱԳՆ]
18։16- Ըստ հետախուզական տվյալների Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։ Բոլորս հասկանում ենք դա ինչի համար է կատարվում։ [Արծրուն Հովհաննիսյան]
17:45- Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավարևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
17:31- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ պահանջել են, որ անհապաղ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ։ 5 ռազմագերիների մասով ստացել են ՄԻԵԴ-ի պատասխանը, որովհետև ի սկզբանե կարողացել են նրանց նույնականացնել, հետագայում՝ երկրորդ փուլում արդեն 3 հոգու մասով են դիմում ներկայացրել։
17:15- Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է, որ Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։ Նա գրել է, որ միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները։
16:26- Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:
15:45- Հենց Հայաստանն է ձգտում հակամարտության միջազգայնացմանը։ Նրանք խնդրել են Ռուսաստանին ուղարկել իրենց ռազմական անձնակազմին հակամարտության գոտի։ Դա բացարձակապես անարդյունավետ է և հակասում է միջազգային իրավունքին։ Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներ խառնվեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները պետք է զերծ մնան հակամարտության անմիջական մասնակցությունից։ Կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը՝ դրա ընդլայնումը կանխելու համար։ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Fox News-ին։]
15:38- ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: ՄԻՊ-ը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
15:15- Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանն ու սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով: [ՊԲ]
15:14- Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի: [ՊԲ]
15:13- Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: [ՊԲ]
15:13- Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար: [ՊԲ]
15:11- Երևանը հաստատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում: Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին։
14:48- ՊԲ-Ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 11 զինծառայողների անունները:
14:46- ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին իրազեկել են ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ [ԱԳՆ]
14:17- Այո, մենք պատրաստ ենք: Ես դա բազմիցս ասել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: [Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում]
14:08- ՀՀ և ԱՀ դեմ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: [ՀՀ Դատախազություն] Կարդալ ավելին
13։54 - Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին: Նրանց ուղեկցում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի Հասմիկ Տոլմաջյանը: |armenpress.am|
13։37 - Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 260 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում: Ավստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին: |armenpress.am|
10։08 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները: [ՊԲ]
09։52 - Զրուցել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. նա ինձ Արցախի հակամարտության մանրամասն գնահատական տվեց։ ԱՄՆ-ը պետք է այնպիսի կարևոր քայլեր ձեռնարկի, ինչպիսին է պատժամիջոցների կիրառումը՝ Ադրբեջանին ճնշելու համար, որպեսզի վերջինս պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկչական զինյալների օգտագործումը։ [ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոն] |shantnews.am|
09։17 - Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք: [ԱՀ ԱԻՊԾ]
24․10․2020
23։30 - Մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ։ [Արտակ Բեգլարյան]
22։47 - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն այսօր նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին: Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն հանդես բերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։ |azatutyun.am|
22։44 - Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը: [ԱՀ նախագահի խոսնակ]
22։02 - Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ [Արծրուն Հովհաննիսյան]
21։39 - Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարություն է կանչվել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը` բացատրություն տալու այն բանի համար, որ Էրդողանը Մակրոնին կոչել է «հոգեկան հիվանդ»: [Associated Press]
21:36 - Ֆրանսիան դատապարտել և անընդունելի է համարել թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որտեղ վերջինս կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը: Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Վերջինս կհանդիպի Մակրոնին` քննարկելու իրավիճակը: [Al Arabiya]
20։28 - Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը: Ընդգծվեց բացառապես ԵԱՀԿ Մխ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
19:38 - Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]
19:11 - Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում։ [Զոհրաբ Մնացականյանը՝ «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած վեբինարի ժամանակ]
Կարդալ ավելին
19։07 - Բրիտանական BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը և հաստատել, որ դրանք նկարահանվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակում Արցախում՝ Հադրութում, որտեղ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է նաև, որ գերեվարելու տեսանյութում զինվորներից մեկը գերիների հետ խոսում է ռուսերեն, սակայն ադրբեջանական ծանր շեշտադրմամբ, իսկ մյուս զինվորականի հետ՝ հենց ադրբեջաներեն: |armenpress.am|
Կարդալ ավելին
18։30 - ԱՄՆ հայ բժիշկների մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել: Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշել է տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին: Սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչությանը: [ՀՀ առողջապահության նախարարություն]
18։16 - Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել ԱՀ մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Ստեփանակերտը: Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ: [ԱՀ ԱԳՆ]
16։40-Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՈՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական հարթակ]
16։30- Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
16։16- Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, տեղի հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ դա ինքնաբուխ հավաք է, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր ներդրումն ունենալ տեղի հասարակությանն իրազեկելու, իշխանություններին բողոքի ձայնը հասցնելու գործում: Մասնակիցները պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները գան և ուղիղ եթերում լայնորեն լուսաբանեն ակցիան: |armenpress.am|
16։12- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: [ՊՆ խոսնակ]
16։10- Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին (ադրբեջանական կողմի - խմբ․) հաղորդագրությունը բացարձակ սուտ է: [ՊՆ խոսնակ]
15։22- Մարտական անչափ բարդ իրավիճակում թշնամական մեկական տանկ խոցելու համար «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը: Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար: [ՊԲ] Կարդալ ավելին
14։58- ՊԲ-ն հրապարկել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները․ Կարդալ ավելին
14։20- Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը կոչով դիմել է ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին՝ պահանջելով դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները և կիրառել պատժամիջոցներ։ Նա հայտնել է, որ այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է և առանց իրական զինադադարի, տառապանքները կշարունակվեն։
«Կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանը՝ դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետներին և դատապարտել հայերի վրա կատարվող հարձակումները, կիրառել պատժամիջոցներ և անհապաղ հրադադար պարտադրել»,- նշել է Օհանյանը։
14։11- Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: [ՊՆ խոսնակ]
13։37- Իրանի սահմանամերձ գյուղերում մի քանի հրթիռ ընկնելուց հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Խոդա Աֆարին մարզի մոտակայքում գտնվող սահմանային տարածք:
«Չնայած ԼՂ հակամարտության գոտուց մի քանի հրթիռ է ընկել իրանական տարածք, այնուամենայնիվ, սահմանի ամբողջ երկայնքով անվտանգությունն ապահովված է, և երկրի սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է իրանցի գեներալը: |1lurer.am|
12:10- Red balloon-ը լի է Թուրքիայի ագրեսիայով ու բռնությամբ, այն պայթեցնելով՝ աշխարհին կոչ է արվում դադարեցնել Թուրքիայի ահաբեկչական գործունեությունը, բռնությունները ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Մարտահրավերն ի սկզբանե նպատակ է ունեցել ոչ միայն լոկալ, այլեւ միջազգային տարածում ունենալ․ «Քանի որ թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ արտասահմանը, տարածման շնորհիվ 500 մասնակիցների մեջ կան մարդիկ նաեւ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից»։
12:45- Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարների հետ։ Կարևորելով Սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված և կատարվող աշխատանքները՝ նախագահը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը: Նա նշել է, որ անելիքները դեռևս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության և ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ Հայրենիքին աջակցության առումով։
12:15- ՀՀ ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։ Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):
12:09- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Զրույցի ընթացքում նախարարը անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
11:42- BRP ընկերությունը հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում: BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադայի միջազգային ռադիոյին ասել է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»: Նա շեշտել է, որ Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: |mediamax.am|
11:40- Ինչպես նախկինում, այժմ ավելի հստակորեն, ադրբեջանական ԶՈՒ-երը փորձում են թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները և այլ ենթակառուցվածքներ, որ խորացնեն հումանիտար աղետը Արցախի բնակչության շրջանում։ Մասնավորապես երեկ հրետանային միջոցներով թիրախավորել են նաև Բերձոր քաղաքը։ Սա ցույց է տալիս նրանց միտումը, որ փորձում են կրակի տակ պահել ԱՀ-ն և ՀՀ-ն իրար կապող ճանապարհը, որ հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է, որ հումանիտար մեծ նշանակություն ունի։ [ԱՀ ՄԻՊ]
11:25- Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվել են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրետակոծության ենթարկվում։ Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ։ [ԱՀ ՄԻՊ]
12։10- ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Զրույցի ընթացքում նախարարը անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով։ Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
11։42- BRP ընկերությունը հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում: BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադայի միջազգային ռադիոյին ասել է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»: Նա շեշտել է, որ Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: |mediamax.am|
11։22- Ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ ՀՀ և ԱՀ առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Պարզվել է, որ հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ: [ԱԱԾ]
10։49- Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որը 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։
10։16- Մենք պատրաստ ենք դադարեցնել կրակը թեկուզ հենց այսօր։ Այս մասին ես արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Դրան հասնելու համար պետք է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Դրանից հետո է, որ կգա դիվանագետների գործելու ժամանակը։ 17 տարի ես անձամբ բանակցություններ էի վարում Հայաստանի հետ, Հայաստանի երկու նախագահների հետ Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ։ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Le Figaro»-ին] |tass.ru|
10։00- Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Atlantic Council-ում քննարկմանը]
9։57- Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի կայքը, Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։ |armenpress.am|
9։54- Մինչ մենք Վաշինգտոնում փորձում էինք հերթական անգամ կյանքի կոչել հրադադարը և բարձրաձայնում էինք դրա անհրաժեշտության մասին, ես Լեռնային Ղարաբաղից տեղեկություն ստացա, որ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները կրկին ենթարկվել են ծանր ռմբակոծության և հրետակոծության: Մահանում են խաղաղ բնակիչներ: Հումանիտար իրավիճակն ահավոր է։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ին] |1lurer.am|
9։40- Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ՝ բնաջնջում և 10-րդ՝ ժխտողականություն աստիճանները: Genocide Watch-ի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ, և կրակի դադարեցման հրաման տա։ |armenpress.am| Կարդալ ավելին
9։33- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: [ՊԲ]
09։10- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։
«Ես պնդեցի անհապաղ հաստատել հրադադար, ապա անցնել Հայաստանի հետ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Չի կարող լինել ռազմական լուծում»,- նշել է Օ'Բրայենը։ |armenpress.am|
00:24- Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն բռնությանը վերջ տալու համար»,- գրել է Շամպայնը։
00:20- «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում «գրանցվել է լավ առաջընթաց»: «Մենք դեռ չգիտենք, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը»,- ասել է Պեսկովը:
23․10․2020
23:43- Մեզ տեսանելի այս պատերազմն ունի առնվազն 2 ճակատ՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման գոյատևման ճակատը ու կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Վերջինիս գործընթացներում մենք ունենք նահանջ, քանի որ հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ` դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը: Ասուլիսի ընթացքում ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը: Կարդալ ավելին
23:37- Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։ Արտգործնախարարը խիստ մտահոգություն հայտնեց Հարավային Կովկասի նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության կապակցությամբ, որով ձգտում է տարածաշրջանը վերածել անկայունության նոր օջախի՝ օգտագործելով Ադրբեջանը որպես հենակետ: Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և մերձավորարևելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար: [ՀՀ ԱԳՆ]
23:22- Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։
Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։
Կան նաև նյութական մեծ վնասներ։[ԱՀ ԱԻՊԾ]
23:15- Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին: Վնասվել են բնակելի տուն և հարակից գազատարը։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:54- Գիտեմ, որ շատերիդ պարագայում մաքսիմալիստական ընկալումներ կան ամեն մի գյուղի, դիրքի, կամրջի, գետի ու բնագծի ուղղությամբ մանրակրկիտ տեղեկություն ստանալու ցանկություն: Բայց պատերազմի ժամանակ այնքան էլ տեղին չեն նման պահանջմունքները, մենք հստակ իրավիճակի բարենպաստ դրությունը ներկայացնում ենք բարենպաստ ձևով, ծանր իրավիճակը՝ ծանր ձևով: Բայց պատերազմի դինամիկան շատ մեծ է, արագ է փոփոխվում իրավիճակը, հետևաբար պետք չեն ոչ բացարձակ մեծ էյֆորիան, ոչ էլ ընկժվածությունը, որ դրսևորում են հատկապես համացանցում: [Արծրուն Հովհաննիսյան]
22:49- Երբ նշում ենք, որ իրավիճակը ծանր է, այստեղ լարված է և այլն, հենց խոսում է այն մասին, որ մենք նկարագրում ենք իրավիճակը ռազմաճակատի տարբեր հատվածներում: Նշում ենք ուղղությունները, նշում ենք, որ հյուսիսում կամ հարավում հարաբերական հանգիստ է, մյուս ուղղությամբ, օրինակ, ավելի ծանր է: Ես հասկանում եմ, որ բոլորդ ցանկություն ունեք ավելի շատ իմանալու: Մենք, բարեբախտաբար, ի տարբերություն Ադրբեջանի, մեր ժողովրդի հետ աշխատում ենք շատ թափանցիկ: Հայկական լրատվական տիրույթի որևէ արգելանք գոյություն չունի՝ բացառությամբ ադրբեջանական կայքերի, որոնք ուղղորդված, պատերազմական կանոնների համաձայն, տեղեկություններ էին տարածում մեր հանրության համար: [Արծրուն Հովհաննիսյան]
22:42- Կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը նորից միանգամից բարձրանում է: [Արծրուն Հովհաննիսյան]
22:39- Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին։ [Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը]
22:37- Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի: Եթե այդ կարիքն առաջանում է հընթացս, ապա հընթացս էլ լուծվում է ԶՈՒ մատակարարման և ծառայությունների միջոցով: Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունը համակարգելու համար կան համապատասխան հասցեներ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:35- Րոպեներ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ ևս կատարվել է, ամենայն հավանականությամբ, հրթիռակոծում, մի քանի միավոր հրթիռ է արձակվել: Ինչպես տեսնում ենք, պատերազմի ամբողջ ընթացքում Ադրբեջանը, մեծ հաշվով, ռազմաճակատի տարբեր հատվածներում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել կամ վրեժը խաղաղ բնակիչներից: Այսօր արդեն երրորդ-չորրորդ դեպքն է, ինչ Արցախի խաղաղ բնակիչների վրա կիրառվում են հիմնականում հրետանային միջոցներ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:31- Մենք ևս վաղվանից ներկայացնելու ենք քարտեզով որոշակի տեղեկություններ: Տեղյակ եմ այդ քարտեզի մասին (համացանցում շրջանառվող- խմբ.), պատերազմի առաջին օրվանից իրականացվել է, հիմնականում ուկրաինական բլոգերների պատրաստած քարտեզն է, որն, այո, չի արտացոլում ամբողջ իրավիճակը: Մենք շատ ենք ստանում այդ հարցը, թե արդյո՞ք քարտոզով կարելի է ներկայացնել, թե՞ ոչ: Առաջնահերթ խնդիրը քարտեզով ներկայացնել-չներկայացնելու այն է, որ մարդկանց մեջ քարտեզը ենթադրում է հիմնականում բնագծեր և կոնկրետ տեղաշարժեր: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, քատերզները լիովին չեն արտացոլում իրավիճակը: Բայց մենք ևս կներկայացնենք քարտեզի տարբերակը: [Արծրուն Հովհաննիսյան]
22:24- Այս պահին Վարդենիսում ԱԹՍ խոցելու մասին տեղեկություն չունեմ, բայց շատ հնարավոր է նման բան, ընթացիկ տվյալները կամփոփենք․ եթե հիմնավորվի, կներկայացնենք: [Արծրուն Հովհաննիսյան]
22:23- Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ չկան: [ԱՀ ԱԻՊԾ]
22:22- Սա է իրերի իրական դրությունը: Ես մշտապես նշել եմ ու նշում եմ. մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է: Շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ, ոմանց ընկալմամբ, տեղային փոքր տեղեկությունների հիման վրա, թվում են անելանելի: Սակայն, այդպես չէ: Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ: Մարտական գործողությունները շարունակվում են գիշեր թե ցերեկ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:18- Ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ: Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են: [Արծրուն Հովհաննիսյան]
22:13- Այսօր՝ նույն ժամանակ, հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:09- Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են: [Արծրուն Հովհաննիսյան]
22:07- Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող (ինչպես երեկ արդեն հայտնել էինք) Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները: [Արծրուն Հովհաննիսյան]
22:05- Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։ [Արծրուն Հովհաննիսյան]
21:52- Պատերազմական դրության պայմաններում զորակոչված քաղաքացիները կամ նրանք, ովքեր դիմել են կամավորագրվելու և զինվորական կոմիսարիատների միջոցով ռազմաճակատ են մեկնել, վարձատրություն կստանան որպես զինվորական՝ այն օրերի համար, որոնք անցկացնում են ծառայության մեջ։ Նրանց ֆինանսական հատուցման խնդիրն այսպես, թե այնպես օրենքով լուծվում է։ Այս մասին ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով աշխատանքը թողած ու հայրենիքի սահմանների պաշտպանության համար առաջնագիծ մեկնած հայորդիների սոցիալական երաշխիքների խնդիրներին։
21:34- Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու: [ԱՀ նախագահի խոսնակ]
21:30- «ԱՄՆ-ն ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ ընթացող բանակցությունների մասնակիցներից մեկն է: Մենք բանակցում ենք Հայաստանի հետ, մենք նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունենք, նրանք շատ լավ մարդիկ են»,- Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք հեռախոսազրույց ունեցել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
21:23- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ: ԱՄՆ ղեկավարի փոխանցմամբ, ինքը որպես միջնորդ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփն ասել է, թե ԼՂ-ում ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջխաղացում է արձանագրվել:
21:14- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները:
21:09-Ստեփանակերտը ևս ռմբակոծվում է։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]:
21:03- Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: [Հայկական միասնական տեղեկատվականկենտրոն]
20:54- Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմական իրավիճակը, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչների հետ կապված խնդիրը։
20:50- Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: [Շուշան Ստեփանյան]
20:46- Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Կուզեի խնդրել մեր հայրենակիցներին չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով։ [ԱՀ ՄԻՊ] Կարդալ ավելին
20:27- Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից: [Շուշան Ստեփանյան]
20:20- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս ՍտոլտենբերգըԲրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե որքանով է ընդունելի, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Արձագանքելով այդ հարցին` Ստոլտենբերգն ասաց, թե ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ: Կարդալ ավելին
20:18- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Ադրբեջանի դեմ կիրառել Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները։ Այս մասին հայտնում են Ամերիկայի հայ ազգային կոմիտեից։ Նախաձեռնությունը հեղինակել են կոնգրեսականներ ԹիՋեյ Կոքսը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան, Քեթրին Քլարկը։
20:10- Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրեց Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ։ Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության գոտի դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Երկուստեք վերահաստատվեց հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: [ՀՀ ԱԳՆ]
19:25- Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։ [ՀՀ ԱԳՆ]
18:47- ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել են։ Կողմերը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շարունակվող սրացման շուրջ: Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից տարածաշրջան ապօրինի զինված խմբավորումների զինյալներ տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: [ՌԴ ԱԳՆ]
18:31- Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը։ 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար: [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]
18:14- Թուրքիայում ԱՄՆ-ի առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում Ամերիկայի քաղաքացիների, արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում՝ ընդդեմ ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության: Կարդալ ավելին
17:29- ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Քննարկվել է թեստավորման նկատմամբ ներկակումս բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմի առավելագույնը 15.000 դրամ: Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:
17:25- Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են:
17:13- Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Նյութական վնասներից բացի՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ [ԱՀ ԱԻՊԾ]
16։22- Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ ԱՀ-ում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին: Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին]
16։17- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հայտարարել է, որ Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը։ Նա նաև նշել է, որ «Ռուսաստանը հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ոչ մի պահանջ չի ներկայացնում»:
16:09- Տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։ Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որը միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։ Նա առանձնահատուկ ընդգծեց ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
15։16- Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և դա անբեկանելի ճշմարտություն է: [ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան]
15:15- Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարի» ռումբերի մարտագլխիկներն արտադրում է գերմանական TDW ընկերությունը։ Արցախի պաշտպանության բանակի՝ երեկ խոցած «Բայրաքթարի» լուսանկարից հստակորեն երեւում է, որ այն համալրված է եղել թուրքական MAM-L տեսակի ռումբով, հենց որի մարտագլխիկները գերմանական արտադրության են։ Կարդալ ավելին
14:45- ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն այսօր ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ կարողությունը գործադրելու պատճառներ չկան: Նա ասել է, որ Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին, իսկ բուն կոնֆլիկտը Հայաստանի տարածքը չի ներառել: |azatutyun.am|
14։37- Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար: |armenpress.am|
14:18- Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
14:05- Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ ԼՂ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով։ Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին, երբ ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի, և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է: Ի վերջո, այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում] |armenpress.am|
13։37- Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։ [Արծրուն Հովհաննիսյան]
13։13- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները․ Կարդալ ավելին
15:25- Human Rights Watch-ը արհեստավարժորեն և օբյեկտիվորեն փաստագրեց Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մի մասը: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմեր՝ նպատակաուղղված թիրախավորելով բնակչությանն ու սրելով պատերազմը: «Կլաստերային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակեցված բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- ասել է Human Rights Watch- ի սպառազինության բաժնի տնօրենը։
11:57- Ելիսեյան պալատում տեղի է ունցել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
10:58-Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95 թթ. Մեղրիի ՆԳ բաժնի պետ Դավիթ Մաթևոսյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է նրա դուստրը:
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի…»,- գրել է Հերմինե Մաթևոսյանը։
10:39- Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ Երևանի ժամով 17:30-ին նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ Երևանի ժամանակով 18:30-ին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը: |armtimes.com|
09։36 - Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։ [ԱՀ ԱԻՊԾ]
09։23 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը: [ՊԲ]
09։18 - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, 31 ներկայացուցիչների համահեղինակությամբ, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։ Բանաձևով կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ |lragir.am|
01:24- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա: [Դմիտրի Պեսկով] |armenpress.am|
01:01 - Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]
00:10- Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Կանադայի արտգործնախարարի, նախարարների և պատգամավորների գրասենյակի ներկայացուցիչների հետ` քննարկելու համայնքի միասնական պահանջները: Մեր դիրքորոշումը միասնական է. Կանադան պետք է գործի հիմա և կանխի երկրորդ Ցեղասպանությունը: [Կանադայի հայ ազգային խորհուրդ]
00:05- Թուրքիայի ցամաքային զորքերի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Ազատ կրակ֊2020» կրակային պատրաստության վարժանքներ։ Վարժանքների ընթացքում կիրառվել է ընդհանուր առմամբ 37 զինատեսակ, որոնցից 4֊ը նոր են համալրել Թուրքիայի բանակի սպառազինությունը: Վարժանքների մեկնարկից առաջ հայտարարվել է, որ դրանք նվիրվում են Թուրքիայի ներսում ու սահմաններից դուրս «հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ու արյունը չխնայած զոհերին ու մարտիկներին»։
00:02- ՀՖՖ-ն բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք: [ՀՖՖ գլխավոր քարտուղար]
22․10․2020
23:03- Ամեն օր շուրջ 500-ով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հազար հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում [ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան]
22:45- Երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ ԼՂ հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա այն է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն ԼՂ-ում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի ՌԴ-ն: [Վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին]
22:43- Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման: [Վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին]
22:41- Երկու տապալված պայմանավորվածություններից հետո, ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ: [Վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին]
22:39- ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: [ԱՀ ԱԳՆ]
22:38- Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ ՌԴ-ն: Մեր նպատակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂ-ի անկախությունը. վարչապետը՝ «Ինտերֆաքս»-ին
22:19- Այս մարտավարությունը իրենք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։ Փորձելու են առաջ գալ առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների աջակցության, առանց լուրջ ԱԹՍ-ների աջակցության։ Հետևաբար կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում իրենց չեզոքացումը։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:17- Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապեա ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:13- ՌԴ նախագահի կողմից ընդհանրական թվեր են տրվել զոհերի մասին։ Միանշանակ հակառակորդը ունի մի քանի անգամ ավել զոհեր․ դա բացարձակ ճշմարտություն է։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:12- Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:11- Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:08- Հիմնական մարտական գործողությունները ընթանում են համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ, այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են օդային հարձակման միջոցները, մասնավորապես դասական, մարտավարական օդուժ։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:06- Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:05- Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:02- Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ [Արծրուն Հովհաննիսյան]
21:49- Ես կապ եմ պահպանում և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Օրական մի քանի անգամ նրանց հետ հեռախոսազրույց եմ ունենում: Մեր արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական կապի մեջ են: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]
21:42- Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական անգամ եկել էին Մոսկվա: Ամսի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում։ Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները մեզ հետ միասնաբար կգործեն, կօգնեն կարգավորել ԼՂ հակամարտությունը։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ]
21:19- Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում: Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, թե «ճգնաժամի պատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի բռնազավթումն է և հարձակումները», ընդգծել է, որ անհրաժեշտ է «տարբերակել այս հակամարտության մեջ իրավացի և տուժած կողմին»:
21:14- Մեզ համար սա առանձնահատուկ իրավիճակ է: Այո՛, ստեղծվել է Մինսկի խումբը, համանախագահները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բանակցային գործընթացը կազմակերպելու պատասխանատվություն են կրում: Բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են, որ իրավիճակը կարգավորվի, բայց ոչ ոք դրանով այնքան հետաքրքրված չէ, որքան Ռուսաստանը, որովհետև դա տեղի է ունենում մեր բարեկամների հետ: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]
21:07- Մենք առաջարկել ենք այս ճգնաժամի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որպեսզի իրավիճակը կայունա: Երբեմն թվացել է, թե ևս մի քայլ, և մենք կգտնենք լուծումը: Ցավոք, դա տեղի չի ունեցել: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են մահանում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ են ունենում: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]
21:04- Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը [Փաշինյանը Интерфакс-ին տված հարցազրույցում] |
21:02- Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ․ դա մեծ ողբերգություն էր: ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]
20:56- Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 մլն հայ և ուղիղ 2 մլն ադրբեջանցի: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են մահանում: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ]
20:01- «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Հայաստան ժամանելուն պես ուղևորները կարող են անմիջապես օդանավակայանում հանձնել COVID-19 նկատմամբ ՊՇՌ նմուշառում։ ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
19:42- ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ներկայիս փուլում ամենակարևոր հարցում, որ զինադադարին այլընտրանք չունի, և պետք է սկսվի բանակցային գործընթաց։ Մենք գիտենք, որ Թեհրանում աջակցում և բարձր են գնահատում Ռուսաստանի համապատասխան ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
19:32- Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ: [ԱՀ նախագահի խոսնակ]
19:16- Արդեն 𝟭𝟰𝟬.𝟬𝟬𝟬.𝟬𝟬𝟬 ԱՄՆ դոլար: Եկեք համախմբենք մեր ջանքերը. ևս 10 մլն ԱՄՆ դոլար, և կհասնենք մեր հաջորդ նպատակակետին՝ 150 միլիոնին։[Հայաստան համահայկական հիմնադրամ]
19:12- Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ։ [ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասով]
18:53- Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ԿԽՄԿ-ի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար: Շամպայնը նաև կոչ է արել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստուգման մեխանիզմներ ստեղծեն:
18:46- Հոկտեմբերի 22-ի՝ ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 30-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 32-ը՝ 300 հազար դրամի չափով։ 9 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ [Ոստիկանություն]
18:34- ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հարցը մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար լուրջ խնդիր է»,- ասաց Զախարովան:
18:06- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի։ Դատարանը բավարարեց պաշտպանների` գրավի միջնորդությունը։
18:02 - Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: Նրանք հայտարարություն են տարածել, որում դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը: Նրանք պահանջել են միջազգային հանրությունից ձեռնարկել ջանքեր՝ կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: |armenpress.am|
17։15 - ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ
16։57 - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախագահ Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ ԱՀ-ի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային։ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:
16։32 - Ադրբեջանը չի բացառում միջազգային դիտորդներին կամ խաղաղապահներին ԼՂ ներմուծելու հնարավորությունը, բայց կառաջարկի իր սեփական պայմանները: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ միջազգային դիտորդների կամ խաղաղապահ ուժերի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մաս է կազմում։ |tass.ru|
15։41 - ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին։ Նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,- նշեց նա: |tert.am|
15։39 - Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։ Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Բայրաքթարերի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքի ոտնահարում է։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից և խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։ [ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում]
15։19 - Դեռ չի կարելի հայտարարել, որ հարգվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի և հումանիտար դադարների վերաբերյալ։ Ցավոք, դրանք կողմերի կողմից չեն հարգվում։ Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որ առկա իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հիմնական հոսք։ Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru|
15։12 - ԱՀԿ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որ նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ |tert.am|
14։54 - Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կարծում է, որ կողմերը հեռու են հարցի կարգավորումից։ Այս մասին նա ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։ «Ռուսաստանի նախագահը ինձ նման հանդիպման չի հրավիրել։ Նման [եռակողմ] հանդիպում Մոսկվայում հնարավոր է, նման հանդիպումներ նախկինում էլ եղել են։ Բայց դա կախված է հանդիպման օրակարգից։ Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը հեռու է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարից»,- ասել է նա։ |azatutyun.am|
14։36 - Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությունը ԼՂ կարգավորման գոյություն ունեցող ձևաչափերում ամբողջությամբ և լիովին կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից։ Հակամարտության կարգավորմանը մասնակցել, միջնորդական առաքելություն ստանձնել հնարավոր է միայն կողմերի համաձայնության պարագայում։ Այդ կողմերը երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |azatutyun.am|
14։32 - Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին ԼՂ-ում, դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա: [Իսպանիայում Հայաստանի դեսպանություն]
13։52 - Պետդումայում հնարավոր են համարում ԼՂ-ում Ռուսաստանի միջամտությունը՝ դեսանտային գործողության միջոցով։ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է գործի Մոսկվան ԼՂ հակամարտության տարածքում։ Զատուլինը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում սրացման հրահրողներն են և նրանց հարկավոր է հիշեցնել, թե ով է գերակշռում հետխորհրդային տարածքում։ |civilnet.am|
13։49 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ի պատասխան՝ մարզերում, համայնքներում ձևավորվում են կամավորական ջոկատներ՝ առաջնագիծ մեկնելու համար, մարզպետներն ու համայնքապետներն անձամբ են զինվորագրվում: Կոչից հետո անցկացվեցին մարզերի խորհուրդների արտահերթ նիստեր՝ ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու օրակարգով, որից հետո մարզպետները հանդես եկան հայտարարություններով: |armenpress.am|
Կարդալ ավելին
13։15 - Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով: Եվ այսօր շատ կարևոր է, որ նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
13։13 - Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։ «Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի պարագլուխը խոստացավ քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում»,- նշված է հայտարարության մեջ։ |armenpress.am|
12։44 - Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդիր ժողովի անդամները ի աջակցություն Արցախի առաջարկով են հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: |armenpress.am|
12։19 - Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։ [Արծրուն Հովհաննիսյան]
11։43 - ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ, որոնք անվճար խորհրդատվություն կտրամադրեն բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը։ Զանգահարելով 114 թեժ գիծ՝ հետևեք ձայնային հրահանգներին՝ համապատասխան մասնագետներին միանալու համար։ [Սոցիալական ապահովության ծառայություն]
11։05 - Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ՝ չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ։ Նա նշել է «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր և հակամարտությունում ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել: |civilnet.am|
10։34 - Անցյալ տարի հոկտեմբերին Չեխիա կատարած այցի ընթացքում բարձրացրել եմ մեր խիստ մտահոգությունները Չեխիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին տեղեկությունների վերաբերյալ, ի պատասխան ստացել հավաստիացումներ, որ երբեւէ ուղիղ վաճառք տեղի չի ունեցել։ Չեխիայի Հանրապետության հետ մեր բազմամյա բարեկամությունը պետք է բացառի նման մահաբեր զենքերի վաճառքը, առավել եւս այսօր, երբ ադրբեջանաթուրքական տանդեմը Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծել։ Կոչ եմ արել Չեխիայի իմ գործընկերներին ներդնել բոլոր ջանքերն իրենց կառավարությունից պահանջելու կասեցնել գործարքները։ [Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գայանե Աբրահամյան]
10։24 - Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆոուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ նշելով. «Հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը Արցախի կողքին է»։ |1lurer.am|
10։06 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: ՀՀ տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ: [ՊՆ խոսնակ]
09։23 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [ՊԲ]
09։17 - Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով տեղեկություններ առայժմ չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]
00։55 - Մեր նախագահը առաջին իսկ օրից հստակ խոսել է դրա մասին: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության պայմանագրեր ունեն: Եթե Հայաստանի կողմից անսպասելի քայլեր ձեռնարկվեն, և զորք ուղարկելու դիմում լինի Բաքվից, Թուրքիան չի վարանի, նախագահը առավել ևս։ [Հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Türk-ի եթերում] |azatutyun.am|
00։53 - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: |shantnews.am|
00։42 - Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: [ՀՀ ԱԳՆ]
00։22 - Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:
Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել: [ԱՀ ԱԻՊԾ]
00։17 - Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջման: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը: Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:
21․10․2020
22:03 - Հյուսիսում մարտական գործողությունները եղել են հետևյալ բնույթի․ հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:02 - Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությունը։ [Արծրուն Հովհաննիսյան]
21։35 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև։ Բանաձևի հեղինակը պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է։
Գրեյս Նապոլիտանոն ասել է․ «Առաջ գնալն է ազատության ճանապարհը: Այդ պատճառով էլ կոչ եմ անում ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։ [Արցախի ԱԳՆ]
20։42 - Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը։ [ Ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում] |armenpress.am|
20։28 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը: ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա գործընկերությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայ խաղաղապահների առաքելությունները: [ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգ] |armenpress.am|
20։26 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: [ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն] |azatutyun.am|
19։49 - Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, քանի որ հայկական կողմն ապակառուցողականություն է ցուցաբերում իր մոտեցումներում։ Ինչպես նշել է մեր հարգարժան նախագահը` Իլհամ Հեյդարովիչ Ալիևը, այդպիսի հրավեր չենք ստացել։ Եվ, իմ կարծիքով, իրավիճակը դեռ չի հասունացել։ Եթե նման նախաձեռնություն ցուցաբերվի, ապա, իհարկե, այն պատշաճ կերպով կքննարկվի, որի մասին հասարակությունը, իհարկե, կտեղեկացվի։ Ադրբեջանը վճռականորեն կպաշտպանի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա: [ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն]
19։40 - Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձևավորենք ու գնանք առաջնագիծ։ Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։ Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։ Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։ Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]
19։11 - Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել: [Նիկոլ Փաշինյան]
19։02 -Երևանում կձևավորվի է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր: Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]
18։53 - Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։ [Արծրուն Հովհաննիսյան]
18։50 - Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: [ՊԲ]
18։39 - Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կրկնել եմ մեր խորը մտահոգությունը ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հումանիտար մեծ կորուստների են հանգեցրել: Կողմերը պետք է հարգեն հրադադարը և վերադառնան բանակցային սեղան՝ առանց նախապայմանների: Արտաքին ներազդեցություններն անընդունելի են։ [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել] |armenpress.am|
18։25 - «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 75 «կողմ» ձայնով: Օրենքի նախագծով առաջարկվում էր հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: |armenpress.am|
17։53 - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։ Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: [ՀՀ ԱԳՆ]
17:35 - Կառավարությունը 2020 թ․ հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թ․ դեկտեմբերի 31-ից վեց ամսով: Սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։ |lragir.am|
17։22 - Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի… Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: [Արայիկ Հարությունյան]
17։15 - Հրապարակ կայքը, վերատպելով իմ հաղորդագրությունը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին, իր կողմից ավելացրել է.«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։ Մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»: Հրապարակի «տեղեկությունը» սադրիչ հորինվածք է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: [Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյան]
16։28 - Եվս մի հարց և մոլորություն կա, որը շատ է շրջանառվում: Խոսքը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին է: Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի` որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի աջակցությունը: Եվ կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, մենք հնարավորինս բարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար։ [Նիկոլ Փաշինյան]
16:22 - Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում: Ես հետագայում կխոսեմ, թե որ փուլում կարելի է դա հնարավոր դարձնել: [Նիկոլ Փաշինյան] Կարդալ ավելին
16։14 - Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված: [Նիկոլ Փաշինյան]
16։04 - Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից՝ ժամը 18։00-ից, կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom և տեղական զանգերի համար։ Դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների սակագինը ֆիզ․ անձանց համար ևս կլինի 0 դրամ։ [Ucom]
15։25 - Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի են ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն բայրամովի հետ: Քննարկվել են ավելի վաղ Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ: [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|
15։05 - Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: [Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյան]
14։49 - Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար։ [ՀՀ ՇՄՆ-ն՝ բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին]
14։47 - Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է։ [Արծրուն Հովհաննիսյան]
14:07- Ռազմարդյունաբերական կոմիտեի ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:
13:53- Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ցանկությունը հանդիպում անցկացնել Մոսկվայում․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և հասնել խաղաղության»,- ասել է Ռուդենկոն։ Նման պատրաստակամության մասին Փաշինյանն ու Ալիևը հայտնել էին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցներում։
13:50- Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչվաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այս պատերազմը ոչ միայն ԼՂ-ի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի: Ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ: [Աննա Հակոբյանի նամակը՝ Բրազիլիայի առաջին տիկնոջը]
Կարդալ ավելին
13:42- Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Կոչ ՅՈՒՆԻՍԵՖ-ին հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից։ [Հայաստանյան ՀԿ-ների կոչը ՅՈՒՆԻՍԵՖ-ին]
Կարդալ ավելին
13:21- Իրանում այսօր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել։ Mehr գործակալության փոխանցմամբ` «Պետության երկնքի պաշտպաններ-99» կոչվող զորավարժություններն ընդգրկել են Իրանի տարածքի կեսից ավելին։
«Զորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», - հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։
13:09- Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել: Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով: [Շուշան Ստեփանյան]
13:06- Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ։ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն իսկ հարցազրույցներ տվել են պարբերականին։ [BILD պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմեր]
12:58- Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական բջջային և ֆիքսված ցանցերի, ինչպես նաև դեպի ՀՀ Beeline-ի բջջային ցանց ելքային զանգերի համար։ Ընկերությունը նաև 0 դրամ/րոպե սակագին է սահմանում ՀՀ-ից, Beeline-ի բոլոր բջջային համարներից, դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի համար։
12:28- ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա: «Եթե անձը չի մահացել խիստ վարակիչ հիվանդությունից, հասարակության համար ռիսկն աննշան է»,- հայտնել են կազմակերպության տարածաշրջանային գրասենյակից։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ որոշակի հանգամանքներում դիակների առկայությունը կարող է դիարեայի (փորլուծություն) վտանգ առաջացնել, օրինակ՝ այն դեպքում, երբ մարդիկ խմեն դիակների կղանքից աղտոտված ջուրը։ Սակայն, ըստ կազմակերպության, խմելու ջրի սովորական վարակազերծումը բավարար է ջրային հիվանդությունները կանխելու համար: Կարդալ ավելին
12:24- Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Կարդալ ավելին
12:16- Երեկ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման եղել է Արցախը։ [Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան]
12:12- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա` ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով: |ria.ru|
11:54- Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է: Նախագիծը հետադարձ ուժ է ստանալու և տարածվելու է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
11:39- ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդ Մարկին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հասնել հրադադարի, մղել ԼՂ հակամարտության բանակցային լուծման։
«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ռազմական ուժի ապօրինի օգտագործմամբ այս հակամարտության լուծման իր փորձերը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից բացի, միջազգային հանրությանն այլընտրանք չի մնում»,- նշել է նա։
11:32- Ազգային ժողովի արտահերթ նիստը. օրակարգում են «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
11:22- Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։
10:41- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]
10:21- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նախատեսվում են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նախագահը նրանց հետ նախատեսում է քննարկել ԱՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՀ սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը: Կարդալ ավելին:
10:00- Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։ [Շուշան Ստեփանյան]
09:59 -Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ: [ԱՀ ԱԻՊԾ]
09:10- Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել Վյաչեսլավ Վալերևիչ Ոսկանովը (հետմահու), Վահագն Արամի Թումանյանը (հետմահու),
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել Տիգրան Արծվիի Աշոտյանը (հետմահու), Ցոլակ Սամվելի Խաչատրյանը (հետմահու):
09:42- Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է ժամանակավորապես արգելել իր հովանու ներքո տեղի ունեցող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում։ Պատճառը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն է։ ՈՒԵՖԱ-ն գտնում է, որ Հայաստանում և Ադրբեջանում ներկայիս պայմանները թույլ չեն տալիս իր հովանու ներքո խաղեր անցկացնել։
02:11 - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ [ԱԳՆ խոսնակ]
00։54 - Հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Ես համաձայն եմ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից: Այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և ԼՂ-ի անվտանգությունը։ Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ [Սերժ Սարգսյանի հարցազրույցը Independent-ին]
Կարդալ ավելին
20.10.2020
23:48 - ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին՝ հավելելով, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը: |armenpress.am|
23:35 - Հակառակորդի հզոր հարձակողական բռունցքները կազմված էին 10․000-ից ավելի մեծ զորախմբերից, միգուցե 20․000-անոց զորախմբերից։ Ամեն մի բռունցքի մեջ կար մի քանի հազար հատուկ գրոհային, կար 100-ից ավել տանկ, նույնքան այլ զրահատեխնիկա, կար 200ից, 300-ից ավելի հրետանային միջոց, տասնյակների հասնող մեծ տրամաչափի համազարկային կայանքներ՝ սմերչ, պոլոնեզ և այլն։ Եվ այս բռունցքները դասական ամրաշինկաան կառույցներով հագեցած պաշտպանական բնագիծը՝ առաջին երկու խրամատները, չկարողացան հաղթահարել, ճեղքում ապահովել։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Հանրային ՀԸ-ից տված հարցազրույցին]
22։39 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները եւ էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ: Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |armenpress.am|
22։20 - Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք, որովհետեւ որեւէ բնագծից հետ չենք քաշվել, որպեսզի այդ տարածքում նման խնդիր ունենանք։ Նման խնդիր եղել է հիմնականում հարավում։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:18 - Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա։ [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
22։09 - Մարտական այս գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարները շատ լավ պատկերացնում են։ Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա։ [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
21։38 - ԼՂ-ի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արման Մուսինյանը:
21։38 - Այն տեխնոլոգիաները, որոնք կիրառում են գերտերությունները աշխարհի այս կամ այն կետում, այսօր կիրառվում է Արցախում։ Դրանք ամենավերջին ԱԹՍ-ներն են, գերճշգրիտ հրթիռներն են, կապի համակարգերն են։ Տեսնում ենք 5-րդ սերնդի պատերազմ, ճիշտ է, ամբողջ գործիքակազմը 5-րդ սերնդի չէ ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից, բայց իրենց կողմից բարձր տեխնոլոգիական սեգմենտի վրա մեծ ուշադրություն է դարձվել, որոնց առումով իրենք միշտ են ունեցել առավելություն։ Բայց միայն դա հաղթանակ չի ապահովելու։ Երբեք չես կարողանալու միայն ճշգրիտ ու կետային հարվածներով վերջնական արդյունքի հասնել։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցին]
21։18 - Այսօր որոշակի տեղաշարժ է եղել։ Հստակ թվեր չեմ կարող նշել, բայց այսօր օպերացիայի ընթացքում նույնիսկ խոսել եմ հրամանատարներից ոմանց հետ, որոնք այդ պահին գնում էին առաջ ու անցել էին հակահարձակման։ Թե ինչքան ենք հաջողել, չեմ կարող ասել։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցին]
21:08 - Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։ Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում՝ մենք պարտվել ենք։ [Արծրուն Հովհաննիսյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցին]
19:47 - Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ մանրամասն քննարկելով ԼՂ հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և ԼX հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: |armenpress.am|
18։58 - ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: |armenpress.am|
18։35 - Արտակարգ իրավիճակների համար առաջնահերթ է քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը: Ռազմական դրության պայմաններում կան հավելյալ գործառույթներ, որոնք ԱԻՆ-ը վերցրել է իր վրա։ Նախարարի հրամանով նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իրականացնում է թիկունքը սպասարկող մի շարք գործառույթներ, մասնավորապես, հումանիտար օգնություն։ Ամբողջ սնունդը, հագուստը և հիգիենայի պարագաները, որ հավաքագրվում է մի խումբ քաղաքացիների կողմից, ԱԻՆ-ը փաստաթղթավորված ստանում է: Մարդասիրական օգնությունը գնում է սկզբում առաջնագիծ, ապա Արցախի ապաստարաններում գտնվող քաղաքացիներին: |armenpress.am| Կարդալ ավելին
18։03 - Իսպանիայի հայ համայնքը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Մադրիդում քայլերթ էր կազմակերպել։ Ակցիայի մասնակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ծավալված ռազմական գործողությունների դեմ: Հայկական համայնքը Իսպանիայի կառավարությունից պահանջում է, որ Իսպանիան ընդունի Արցախի անկախությունը։ Քայլերթին մասնակցել է նաև լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը և դերասան Հովիկ Քեուչքերյանը։ |hetq.am|
17։49- ՀՀ նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:
17։40- Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը: Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն: [ՊՆ]
17։34- Հայտնի գրող Նարինե Աբգարյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը և նվիրաբերել իր նոր գրքի հեղինակային ավանսը: Շնորհակալ ենք Ձեր օրինակով այս մարդասիրական շարժմանը նոր զարկ տալու համար: [Հայաստան համահայկական հիմնադրամ]
16:41- Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: |armenpress.am|
16:40- Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի արձակած կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն: [ԱՀ ԱԻՊԾ]
15։51- ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին: [Նիկոլ Փաշինյան]
15։50- Թուրքիայի մեջլիսի՝ Բաքվում գտնվող նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
«ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը հարցը լուծելու փոխարեն անլուծելիության է դատապարտել: Մինսկի խումբը հարցը լուծելու համար մինչև այժմ իրական կամք չի ցուցաբերել»,- ասել է Շենթոփը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին։ |ermenihaber.am
15։38- Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում։ [Շուշան Ստեփանյան]
15։28- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հաստատել է, որ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 23-ին պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: |tass.ru|
15։15- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների փաստերի վրա: ԱԳ նախարարը խորը մտահոգությամբ հայտնեց, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները:
15։10- Պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:
Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:
Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:
Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները: [Նիկոլ Փաշինյան]
15։05- Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: [Շուշան Ստեփանյան]
15:02- Անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի վարանի դիմել ՀԱՊԿ-ին. այս պահին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, անհրաժեշտություն չկա: ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ չի աշխատում անընդհատ ռեժիմով: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է: |armenpress.am|
14:54- Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորում է ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին մեկ սեղանի շուրջ հրավիրելու առնչությամբ:
«Շատ կարևոր է այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մինչ այժմ առավել ակտիվ է Ռուսաստանը: Հրադադարի հաստատման երկրորդ փորձն առաջ էր տարել ֆրանսիական կողմը, հիմա ամերիկյան կողմի միանալը շատ կարևոր է»,- ասաց Քոչարյանը: |hetq.am|
14:43- Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում նախատեսված մի շարք հանդիպումներ ունի։ Դրանցից մեկն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ է։ Այս տեղեկությունը հայտնեց Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Կառավարությունում այս ընթացքում մի քանի անգամ հանդիպում է եղել վարչության անդամների հետ, հերթական հանդիպումներն են, որևէ արտառոց բան չկա, աշխատանքային քննարկումներ են լինում»,- ասաց նա։ |pastinfo.am|
14։42- Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ։ Կարդալ ավելին
14։01- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
13։55- Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով էր հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանը` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունները թեմայով քննարկմանը:
«Զինված հարձակումները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի նկատկմամբ իրականացվում են արգելված կասետային զինատեսակներով. դրանով ոչ միայն մահ է պատճառվում, այլև կյանքը խեղող վնասվածքներ են հասցվում»,- ասաց Թաթոյանը:
13։53- Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ։ [Արծրուն Հովհաննիսյան]
13:03- Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները:
«Հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային կանոնները»,- ասել է նա։ |armenpress.am|
12:50- Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
12:48- Շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, որոնք արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար: Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա: [ԱՆ]
12:07- Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ որոշում կայացրեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են, մասնավորապես, կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:
12:03- Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ պարտադրված ներկայիս պատերազմով որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության գոյության հարցը, քանի որ թշնամին հետապնդում է Հայաստանը ոչնչացնելու ուղիղ նպատակ։ Մեր ժողովուրդը և նրա բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից խորությամբ գիտակցել են այս սարդարապատային իրողությունը և մաքառում են հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Վճռականորեն մերժում ենք Արցախը մեզանից օտարող և մեր պետականությունը փլուզող տարատեսակ լավրովյան պլանները և վերահաստատում ենք, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988֊ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է։ [Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ] Կարդալ ավելին
11:57- Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպումից առաջ ակտիվիստ Արմինե Մելքոնյանը նշեց, որ այսօր միջազգային կառույցները վախենում են Արցախին որևէ կարգավիճակ շնորհել, քանի որ քաջ գիտակցում են՝ կարգավիճակ շնորհելուց հետո պետք է արդեն հետագա գնահատականները լինեն ավելի հասցեական: Կարդալ ավելին
11:45- Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: [Ucom]
11:39- Զինվորականները մտնում են մեր քաղաքացիական բնակավայրեր: Նրանք խեղում են մարմիններ, նրանք այնտեղ գլխատում են մեր հայրենակիցներին: Այս ամբողջն արձանագրված է: Նրանք Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ են հավաքագրել Սիրիայից և Լիբիայից, և այդ ահաբեկիչները կռվում են մեր ժողովրդի դեմ: Այս ամենն արձանագրված է: Այս ամենը հասանելի է միջազգային հանրությանը: Այդ բոլոր հավասարության նշանները բացարձակապես անընդունելի են: Մենք կրկին միայնակ կանգնած ենք երեք թշնամիների դեմ` Թուրքիայի, Ադրբեջանի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների: [Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին]
11:29- Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք են հանցագործները: Սա է հենց Ադրբեջանի քաղաքականությունը. մեղադրանքներ հնչեցնել և ագրեսիան շարունակելու արտոնություն ստանալ: Կարդալ ավելին
11:21- Հույս ունեմ, որ հանդիպումից հետո (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի- խմբ․) հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: [Նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին] Կարդալ ավելին
11:14- Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի: [Նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին] Կարդալ ավելին։
11:11- Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում (8:00-ի դրությամբ): Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:
11:04- Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կարդալ ավելին։
10:36- Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։ [Շուշան Ստեփանյան]
10:01- Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը: [ՊԲ]
09:59- Փոխգնդապետ Արսեն Հակոբյանը և իր ենթակաները, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար: [ՊԲ]
09:26- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: [ՊԲ]
09:02- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Այժմ անհրաժեշտ է ապահովել իրականացումը (կրակի դադարեցման- խմբ.), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»,- ասել է նա և պարզաբանել, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ կլինի ԱԽ հատուկ մանդատը։ Կարդալ ավելին:
01:35 - Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Այդ մասին «Դիզակ թերթ»-ին տեղեկացրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը:
00։59 - Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]
00։19 - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու առաջարկ: Նա գրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին դիմակայելը նշանակում է նաև հանդես գալ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ: |armenpress.am|
00։01 - Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք:[ՊՆ խոսնակ]
19․10․2020
22։47 - Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ մենք ձգտում ենք պաշտպանել մեզ եւ մեր՝ խաղաղության մեջ ապրելու իրավունքը։ Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ։ [Լևոն Արոնյան] |pastinfo.am|
Կարդալ ավելին
22։35 - Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:
22։04 - Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ [Արծրուն Հովհաննիսյան]
21։30 - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ |armenpress.am|
20։40 - Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին: Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև մի շարք հարցերի: [ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն]
20։35 - Այնուամենայնիվ, չցանկանալով շարունակել արյունահեղությունը և ցանկանալով փրկել մարդկանց կյանքը, մենք պատրաստ ենք այս հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Ինչ վերաբերում է ռազմական շփումներին, հիմնական սկզբունքներում այդ կետերը հստակ սահմանված են։
Եվ մենք հավատարիմ ենք սկզբունքներին, որոնց մասին ես ասել եմ։ Կարծում եմ, կրկնվելու կարիք չկա։ Դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է, բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, փախստականների և ստիպված տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, Շուշի: [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ TACC գործակալությանը]
Կարդալ ավելին
19։50 - Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հայցում ենք Իտալիայի կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման: Հարկավոր է հստակ դիրքորոշում և անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում շուտափույթ խաղաղությանը վերականգնման համար քայլեր: Վերջ տալ ապակայունացնող վարքին, և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար։ [Պատգամավորների պալատում «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինի] |Իտալիայում ՀՀ դեսպանություն|
18։56 - Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ուրեմն, խնդրում եմ, գործե՛ք հիմա, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության: [Լենա Նազարյանը դիմել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին]
18։42 - Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ ԼՂ-ի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: [Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ TACC գործակալությանը] Կարդալ ավելին
18։04 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը: [ՀՀ կառավարություն]
17։51 - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: [ԱՀ ՄԻՊ]
16։50 - ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
16։40 - 13 կուսակցությունների առաջարկն ընդունել ենք ի գիտություն, դրանից զատ ավելացնելու ոչինչ չկա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ |pastinfo.am|
15։50 - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կողմերին և միջազգային այլ խաղացողներին կոչ է արել դադարեցնել առճակատման հռետորաբանության սրումը: «Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը առճակատման հռետորաբանությունը սրելը անհապաղ դադարեցնելն է, ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով, որը, հավանաբար, շատ ջանքեր չի պահանջում»,- ասել է նա։ |tass.ru|
15։30 - Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների հարցով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մեկ անգամ արդեն քննարկում է եղել: Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ավելի վաղ ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ-ին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջանկյալ միջոցների չկատարման հարցը բարձրացվի Նախարարների կոմիտեում: |armtimes.com|
15։14 - Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն։ [Շուշան Ստեփանյան]
14։39 - Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների և գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդա»-ն, ISIS-ը և այլ կազմակերպություններ: Բանաձևը կոչ է անում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար: Նշվում է նաև, որ Թուրքիան ներգրավվել է ԼՂ կոնֆլիկտում, նախկինում քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, այսօր էլ ապահովում է անմիջական ռազմական օգնություն: |armenpress.am|
14:28- Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել Եվրախորհրդի առջև՝ հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորելու ԼՂ խնդիրը։ Այս հակամարտության համատեքստում կրկին առաջին պլան է մղվում վիճահարույց տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։ Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք։ [ԵԽ գլխավոր քարտուղար]
14:19- Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփվելիս բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը ԼՂ հակամարտության գոտում։ Այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան երկրներում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: Պատասխանելով ճշտող հարցին, թե շփումների ընթացքում ռուսական կողմը նշո՞ւմ է արդյոք հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել:
13:54- Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է ԼՂ հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: Ուստի Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հուսով եմ, որ նրանք կարող է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հասնելու համար։ [Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո]
13:46- ՀՀ-ն երեկ դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով, որպեսզի այն վերաբերի ոչ միայն քաղաքացիական բնակչությանը եւ բնակավայրերի պաշտպանությանը, այլ նաեւ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի՝ թե՛ ռազմագերու, թե՛ բնակչի անվտանգության ապահովմանը»,- ասաց նա:
13:45- Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 աթս, 12 զրահատեխնիկա, կա 150 զոհ: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
13:41- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: [ՏՄՊՊՀ խոսնակ]
13:23- Հայաստան հասավ հումանիտար բեռով ևս մեկ ինքնաթիռ։ ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր ArmeniaFund-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]
13:13- ՄԱԿ երևանյան գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված արցախցի կանայք և երեխաները։ Բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջում են կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։ Ցուցարարներն իրենց ձեռքերում պահում էին Արցախի դրոշներ և «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Կանգնի'ր, Էրդողան» և այլ բովանդակություններով պաստառներ։ Կարդալ ավելին:
13։13- Ծանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում։ [Արծրուն Հովհաննիսյան]
13:03- Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել, ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության եւ պայքարի մեջ։ Եթե Թուրքիան, Ադրբեջանին աջակցելով, ցանկանում է ստանձնել տարածաշրջանային գերտերության դերը, ապա նա իր գործողություններով պետք է նպաստի կայունությանը, բանակցային լուծումների որոնմանը եւ տարածաշրջանի բարգավաճմանը, այլ ոչ թե աջակցի բռնությանը։ [Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո]
12:56- Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս մասին «ՌԻԱ-նովոստի»-ին տեղեկացրել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ ևս հազար գրոհային պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր հերթին:
12:43- Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին և իշխանությանը: Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն նախագահին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ Կարդալ ավելին:
12:31- Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու: [Իրանի ԱԳՆ խոսնակ] |
12:11- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ երեկոյան Արցախում բեկորային վնասվածք է ստացել մեջքի եւ ոտքի շրջանում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
12:05- Նարի Սյունին և Նարե Խլղաթյանը կանանց ջոկատ են կազմել, արդեն 100 հոգի գրանցվել է, կան բազում դիմումներ։ [Արծրուն Հովհաննիսյան]
12:02- Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին: [ՊՆ խոսնակ]
11:43- Անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով ժամը 09:00-13:00-ը: [Արյունաբանական Կենտրոն]
11:19- Ադրբեջանցիներն ու հայերը խորհրդային իշխանության ներքո ապրել են նույն պետությունում։ Բայց, նախ և առաջ, այն ժամանակ Ղարաբաղն ուներ ուժեղ ինքնավարություն։ Երկրորդն, այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միությունն էր։ Եվ նույնիսկ նման երաշխավորի ու շատ մեծ ինքնավարությամբ, միևնույնն է, չկար վստահություն, քանի որ Ադրբեջանը փորձում էր էթնիկ զտում իրականացնել։ Եվ ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը պատկերացնում, երբ ռմբակոծում են գյուղեր, դպրոցներ, մահանում են տարեցներ, երեխաներ։ Եթե լիներ վստահություն, գուցե և հայերը ԼՂ-ում 1991-ին հանրաքվեի չգնային։ Սակայն չկար վստահություն։ Իսկ հիմա այն առհասարակ բացակայում է։ Նորմալ մարդկային հարաբերություններ չկան այն անձանց հետ, ովքեր ավերում են ամեն ինչ, այդ թվում և՝ եկեղեցիները։ Իսկ հայերը, ընդհակառակը Շուշիում վերականգնել են մզկիթը։ [Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին]
11:13- Թուրքիան իբր թե եկել է օգնելու «եղբայրական Ադրբեջանին»՝ ասելով, թե՝ «տղաներ, չեք կարող ինքնուրույն լուծել Ղարաբաղի հարցը, եկեք ցույց տանք, թե ինչպես պետք է հարցը լուծել»: Մենք լսում ենք տարբեր արհեստական պատրվակներ՝ «եղբայրական հանրապետության» մասին, իբր հայկական կողմում կռվող քուրդ զինյալների մասին … Նրանք ասում են նաև, թե անհրաժեշտ է «ապահովել էներգետիկ երթուղիների անվտանգությունը»: Բայց սա բացարձակ անհեթեթություն է, քանի որ եթե հայերը ցանկանային կրակել էներգետիկ խողովակաշարերի վրա, ինչպիսիք են նավթի կամ գազի խողովակները, ապա դա կարող էին անել 20 տարի առաջ: Բայց ոչ մի կրակ չի արձակվել: Մինչդեռ, Ադրբեջանը Կասպից ծովից գազ ու նավթ է ստացել, միլիարդավոր դոլար վաստակել ու դրանցով զենք գնել: Եվ հիմա այդ զենքն օգտագործում է հայերին սպանելու համար: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին]
11:10- Թարմացում 19.10.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 65460 (+766) (44․4%)
Առողջացածներ - 48208 (+104)
Փաստացի բուժվողներ -15845 (+652)
Ընդհանուր թեստեր - 349871 (+1722)
Մահվան ելքեր - 1091 (+10)
Մահվան ելքեր այլ պատճառով –316 [ՀՀ ԱՆ]
10:40 - Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,- հայտնում են կոմիտեից:
10:26- Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
Մասնավորապես, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։
Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ [ԱՀ ԱԻՊԾ]
10:12- Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին: Ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը։ Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։
Կարդալ ավելին:
10:05- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։ [ՀՀ ԿԳՄՍՆ]
10:01- Շարունակում են պատրաստության գերազանց մակարդակ դրսևորել նաև ՊԲ-ի հակաօդայինները: Զորատեսակի ներկայացուցիչներից կրտսեր սերժանտ Արամ Աբաղյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սիմոնյանը և շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: [ՊԲ]
10:00- ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից: Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: [ՊԲ]
09:52- ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Քարսոն-սիթի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը խոսել է նաև հայերի մասին:
«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ հիանալի գործարարներ են: Այստեղ գալու ճանապարհին այնքան հայեր տեսա, իրենց գեղեցիկ դրոշները ծածանելիս: Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն եւ մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը՝ հանրահավաքի բազմության մեջ հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին:
09:15- 1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։
2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։
3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին Կազանում։
4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով։
5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։
6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
09:13- Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։ [ՊՆ խոսնակ]
09:00- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը: [ՊԲ]
01:56- Մեր բոլոր օղակի սպաները լեյտենանտից մինչև գեներալ 18-20 տարեկան զինվորների կողքին ուս ուսի տված միասին թշնամու տանկերն են կանգնացնում։ Կյանքի գնով են կանգնացնում։ [Արծրուն Հովհաննիսյան]
01։08- Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Խնդրում եմ, առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին։ Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի։ [Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան]
00։57- Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր գնահատեց Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ [ՀՀ ԱԳՆ]
00։44- Տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:
00։40- Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: Երթի մասնակիցները Փարիզի Հաշմանդամության պալատի մոտից հայտնի կենտրոնական փողոցներով, կամուրջներով շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն: Ակցիայի ժամանակ ընդգծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը այս ռազմական ագրեսիային, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացվել է որպես տիկնիկ Էրդողանի ձեռքին։ |armenpress.am|
00։37- Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը: [Արծրուն Հովհաննիսյան]
00։35- Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները դիմել են իրենց համայնքների բնակիչներին և կոչ արել կամավորագրվել։
00։01- Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը: [ՀՀ ՄԻՊ]
18․10․2020
23։49- Հայաստանի ռազմական փորձագետները նկատել էին, որ մեր տարածած տեսանյութում ցուցադրվում է իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենայի ոչնչացում: Մենք հաստատում ենք ասվածի իսկությունը: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]
23։24- Հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը զուգահեռ, լարված է նաև իրավիճակը Իրանի Թավրիզ քաղաքում: Այստեղ, հիշեցնենք, ապրում են մեծաթիվ հայեր և ադրբեջանցիներ: Տեղի ադրբեջանցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել և Իրանի իշխանություններից պահանջել են փակել իրանահայկական Նորդուզի անցակետը, որտեղով, ըստ նրանց, Հայաստանը զենք է ստանում: Թավրիզում բնակվող տիկին Սիրարփին պատմեց, որ իրավիճակն այս օրերին լարված է, սակայն լուրջ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի չեն ունեցել, և Իրանի իրավապահները ուշի-ուշով հսկում են երկու կողմին էլ: |hetq.am|
22։58- Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները Ֆրանսիական Հանրապետության Նախագահին և կառավարությանն են ուղղում իրենց կոչն առ այն, որպեսզի ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը․ Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել ԼՂ-ում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որ վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանություններին։ [Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդ]
22։49- Այս տեղեկությունը շատ խոսուն է այն իմաստով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, և թքած ունի սեփական կորուստների վրա: Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասեկոսեներով ասում էին. ճահճուտներում կենդանիներն ինչպես են հոշոտում իրենց դիակները: Այնպես որ զարմանալու ոչ մի բան չեմ տեսնում: [Արծրուն Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե ինչու է, ըստ տարածվող հայտարարության, Ադրբեջանը պատրաստ միակողմանի փոխանցել հայկական կողմի զոհերի դիերը]
22։36- Առաջնագծում բոլոր տղաները մարտական են տրամադրված, բոլորի սրտում, մտքում միայն մի նպատակ կա. այդ նպատակի անունը հաղթանակ է: Տարիքով ինձնից փոքր տղաներ կան, որոնք ուղղակի հերոսական կռիվներ են տալիս թշնամու դեմ: Ես, ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ: Այնտեղ՝ սահմանին է մեր ազգի ճակատագիրը: Ամեն մեկս պետք է իմանանք ու գիտակցենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան: Մենք պետք է կերտենք այս հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ: [Արկադի Անդրեասյան]
22։23- Օրվա ընթացքում, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում ԱԹՍ-ներ։ Այսօր մինչև 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում: [Արծրուն Հովհաննիսյան]
22։10- Հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնեկով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք: [Արծրուն Հովհաննիսյան]
21։54- Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Տեղեկությունը հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Բաքվի Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցները հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:|factor.am|
21։47- Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի համատեղ հայտարարումը։ Եվրամիությունը դատապարտում է այն փաստը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում և մերձակայքում ռազմական գործողությունների մասին լուրեր կան [ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորել] |tass.ru|
21։02- Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերը Արցախում իրենց տեսածը որակեց որպես «դրոնային ցեղասպանություն»՝ հավելելով, որ ակնհայտ է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը:
«Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծել, օգտագործել են միջազգային արգելված զենքեր»,-ասաց նա։ |armtimes.com|
20։41- Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ։ [Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն] |armenpress.am|
20։22- Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: [Նիկոլ Փաշինյան]
19։41- Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում: |armenpress.am|
19։30- ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Գուտերեշը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցներում Գուտերեշն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը: |armenpress.am|
19։22- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները։
19։19- Պատերազմական գործողությունների ընթացքում ինտենսիվ հրետակոծվել է նաև Արցախի Մարտակերտ քաղաքը։ Պատերազմի առաջին օրվանից Մարտակերտ քաղաքում գազ չկա, ակտիվ հրետակոծության հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը: Վնասվել են բնակելի շենքեր, մանկապարտեզը, խաղահրապարակը, հասարակական օբյեկտներ։ |armenpress.am|
17։46 - Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը։ ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինների մի մասը նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ [Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայություն] |tass.ru|
17։33 - Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը։ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: [ՊԲ]
17։00 - Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում։ [ԱՀ ԱԳՆ]
14։50 - Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |1lurer.am|
14։23 - Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։ Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները։ [ՀՀ ԱԳՆ]
12։50 - Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում սփյուռքի հայությունը շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Այսօր ցույցի են դուրս եկել ավստրալահայերը։ Նրանք ավտոերթ են կազմակերպել և փակել Սիդնեյի Հարբոր կամրջի երթևեկելի մի հատվածը: [Հայ դատի հանձնախմբի Ավստրալիայի գրասենյակ] |shantnews.am|
12։34 - Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող։
12։00 - Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն: Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94: [ՀՀ ՊՆ]
11։44 - Որոշ ուղղություններում հակառակորդը շարունակում է իր նենգ հայատյաց քաղաքականությունը ու փորձում որոշ հատվածներում ճեղքել պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը, բոլոր նման քայելրը կասեցվում են ու հետ շպրտվում։ Հիմնական թիրախն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի Իսլամական հանրապետության կարիքները: Թուրքիան, Ադրբեջանը ու ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւոր այդ հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որ ազդեցություն գործեն, ազդեցության լծակ ունենան Իրանի նկատմամբ, որովհետեւ այնտեղ ունենք լուրջ էկոլոգիական խնդիր։ [ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան] |pastinfo.am|
11։33 - Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականության։ [Պն խոսնակ]
10։54 - Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ: [ՀՀ ԱԳՆ]
10։35 - Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:
Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը:
Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել:
[ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]
09։36 - Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։ [ՊՆ խոսնակ]
08։32 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ։ Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: [ՊԲ]
05։37 - Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։
[Շուշան Ստեփանյան]
01։35 - ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը, թե ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ, ասել է․ «Հենց այդ էլ ուզում էինք լսել»։ |armenpress.am|
01:19 - Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար»: |lragir.am|
01։01 - Եթե մեղմ արտահայտվեմ, դա անհեթեթություն է, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչեմ, ապա՝ դավաճանություն։ Ես դա համարում եմ թիկունքից դաշույնի հարված։ Վրդովեցուցիչ է, որ այս պայմաններում կարելի է այդպես կեղտոտ խաղեր խաղալ։ [Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը (1993-1996թթ)՝ 14 կուսակցությունների հայտարարության մասին] |a1plus.am|
00։46 - Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման վերիֆիկացիոն պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը։
[ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]
00։22 - Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց
[ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]
00։17 - Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, և սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների և դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ: Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում: [Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ] |mediamax.am|
00։04 - Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան] |armenpress.am|
17․10․2020
23։53 - Երկու կողմերը պետք է այս զինադադարը պահպանեն խստորեն և առանց նախապայմանների: Ֆրանսիան հետևելու է մեծ ուշադրությամբ և շարունակելու է ներգրավված մնալ։ Համաձայնությունը հնարավոր է դարձել վերջին օրերին Ֆրանսիայի ձեռնարկած միջնորդական ջանքերի շնորհիվ, որոնք համաձայնեցվել են Մինսկի խմբի համանախագահների հետ: [Էմանյուել Մակրոն] |mediamax.am|
23։46 - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան,որը կծառայի մեր հերոսներին։ Այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]
22։41 - Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։ [ԱՀ ԱԳՆ]
22։26 - Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: [ՀՀ ԱԳՆ]
22:18 - Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք։ Մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հայրենիքը պաշտպանելու։ Մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:07 - Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]
22:06 - Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:03 - Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ [Արծրուն Հովհաննիսյան]
22։00 - 13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար: Երկիրը ունի ղեկավար, որը ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար: Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի: Որպես նախկին վարչապետ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի: [ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան]
21։48 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և վերահաստատվել Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը: |civilnet.am|
21։26 - ԼՂ-ում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի վնասներ է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից բացի, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Մեծ թվով երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապել են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական օբյեկտները, որոնց հետ նրանք կապ ունեն, պետք է պաշտպանված լինեն՝ համաձայն մարդու միջազգային և հումանիտար իրավունքների: [ՅՈՒՆԻՍԵՖ] |armenpress.am|
21։12 - «Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ․ 13 կուսակցությունների համատեղ հայտարարությանը», ցավոք սրտի, միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, ինչի վերաբերյալ քննարկում կուսակցության ներսում չի եղել։ Սկզբունքորեն համաձայն չեմ այս հայտարարության հետ, ավելին՝ սա որակում եմ որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ։ Հիմք ընդունելով վերոգրյալը, դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակացությանը։ [«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահ Գայանե Աբասյան]
20։50 - ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: [ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ]
20:39 - Միջազգային հանրությունը պիտի օր առաջ բոլոր հնարավոր ձեւերով միջամտի՝ օր առաջ կանխարգելելու Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական գործողությունները։ Չհաշված, որ Արցախի բնակչությունը մարդասիրական բազմաթիվ կարիքներ ունի, որոնք հայության ուժերով փորձում ենք կարգավորել, ապահովել, բայց եթե այսպես շարունակվի, խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու՝ հաշվի առնելով նաեւ COVID-ի համավարակը։ [Արտակ Բեգլարյան] Կարդալ ավելին
20։20 - Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու ՀՀ առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները։ Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ օգնություն տրամադրելու հարցում։
20։17 - Այս պահի դրությամբ առնվազն 36 քաղաքացիական զոհ ունենք եւ 115 վիրավոր։ 36 քաղաքացիական զոհերից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ եւ թիրախային հարձակման հետեւանքով են եղել այս դեպքերը։ [Արտակ Բեգլարյան]
20։17 - Պատերազմական գործողությունների առաջին օրից իմ որոշմամբ ձեւավորվել է փաստահավաք խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները։ Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել, տարբեր հաղորդագրություններ։ Երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ կան դեպքեր, որոնք դաժան պատկերներ են պարունակում։ Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել ենք եւ շարունակում ենք ուղարկել։ [Արտակ Բեգլարյան]
20։05 - Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Համայնքային խորհրդի միաձայն ընդունած փաստաթղթում ասվում է․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, որ ճանաչում է ԱՀ անկախությունը։ [Մասիս Մայիլյան]
19։53 - Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի քաղաքացիական օբյեկտների վրա կանխամտածված հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ: Շարունակվող հարձակումներն ԱՀ խաղաղ բնակչության վրա և հարվածները ՀՀ տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու, դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան։ [ԱՀ ԱԳՆ]
19։30 - Այս պատերազմի արդյունքը կարող է լինել միայն արցախցիների ինքնորոշման վերջնական ամրագրումը՝ որպես ֆիզիկական գոյության եւ սեփական ինքնության պահպանման միակ միջոց։ Կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ մեր քաղաքացիների՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ [ԱՀ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը]
19։09 - Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
18։50 - Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
18։27 - Աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով: [ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյան] |armenpress.am|
18։21 - «Մենք ողջունում ենք, որ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրին Մոսկվայում։ Ողջունում ենք նաև այլ տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կարող են խաղաղության հանգեցնել», - նշել է իրանցի դիվանագետը՝ մանրամասնելով, - «Ոմանք ասում են, որ տեղին կլիներ Աստանայի ձևաչափի օրինակով կառուցված միջնորդական առաքելությունը, երբ երաշխավորի դերում հանդես են գալիս Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Կան այլ մոդելներ, ասենք Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի ջանքերի համատեղումը։ [Ռուսաստանում Իրանի դեսպան] |azatutyun.am|
18։19 - ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։ [Շուշան Ստեփանյան]
17:20- Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»: |armenpress.am|
17:10- Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Այնքան քիչ իրադարձություններ կան, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են։ Մենք կողմերին կոչ ենք արել դադարեցնել կրակը և ամեն ինչ տեղափոխել դիվանագիտական դաշտ», - ասել է դեսպանը։ |tass.ru|
16:45- Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների ֆոնին հրաժարվել է Թուրքիա այցից: «Oruc Reis հետազոտական նավը կրկին ուղարկելով՝ Թուրքիան լրջորեն փչացրել է վստահության այն մթնոլորտը, որը մենք ջանասիրաբար ստեղծել ենք»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: |1lurer.am|
16:30- Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Մինսկի խմբի անդամներին:
«Մինսկի խմբի անդամներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու համար: Պետք է դադարեցվեն քաղաքացիական բնակչության շրջանների վրա հարձակումները: Մենք պետք է անենք ավելին՝ պատերազմը կանգնեցնելու համար»,- գրել է Կարո Փայլանը: |1lurer.am|
16:13- Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմի՛ր ճշմարտությունը»: Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»: |armenpress.am|
16:03- 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ: [ՀՀ ՊԵԿ]
16:00- Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: [13 կուսակցությունների հայտարարությունը]
15:48- Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ [Արտակ Զեյնալյան]
15:35- Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում, ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` hաջակցություն Հայաստանի և Արցախի: Երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք» «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն է: Երթի մասնակիցները պահանջել են նաև ճանաչել Արցախի անկախությունը: Ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները: |armenpress.am|
15:20- Վերջին օրերին լրատվամիջոցներում շարունակում են Վրաստանի օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ մատակարարումների մասին շահարկումներ շրջանառվել։ Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական նպատակներով իրականացվող թռիչքների համար, և այդ մասին մենք հրապարակավ հայտարարել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և մարդասիրական թռիչքներին, ապա այդ հարցում Վրաստանը ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Նման տիպի թռիչքների իրականացումը հատուկ թույլտվությունների տրամադրում չի պահանջում։ [Վրաստանի ԱԳՆ] |azatutyun.am|
15:15- Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը երեկ որոշում է ընդունել 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ հայ բնակչությանն օժանդակելու նպատակով։ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար։
14:50- Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: [ԱՀ նախագահի խոսնակ]
14:26- Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս: [ԱՀ ՄԻՊ]
14։22- Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս: [ԱՀ ՄԻՊ]
14։20- Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, եւ դա կարող է սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ: Իսկ ե՞րբ Հայաստանն է զինվում: [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ] |
12։36- Ռազմական գործողությունների անցած երկու շաբաթվա ընթացքը ցույց տվեց, որ Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ։ Եվ դա այն պայմաններում, երբ միջազգային հարթակում ևս նկատում ենք, որ զարգացումները հօգուտ Ադրբեջանի չեն։ Արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, պատմամշակութային կոթողների և անզեն քաղաքացիների վրա հարձակումների համար, և դրանք իրականացվում են Ադրբեջանի դեմ նոր բանաձևերի ընդունմամբ վերջինիս ճնշման տակ վերցնելու նպատակով: [Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմի]
12։29- Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է։ [Շուշան Ստեփանյան]
12։28- Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ: Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են: |armenpress.am|
12։13- Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ տեղեկությունները։ Ըստ ՀՀ ԱԱԾ տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով։
12։04- Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 2-րդ աստիճանի: [ՊԲ]
12։03- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փախգնդապետ Տարոն Քոչարյանը, որը կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Նույն բնույթի գործողությունների համար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: [ՊԲ]
11։07- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Երկու առաջնորդները քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակը: Էրդողանը նշել է, որ Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն: |azatutyun.am|
10։55- Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան: [ՊԲ]
10։04- Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: [ԱՀ ԱԻՊԾ]
08։38 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]
08։35 - Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով տուժել է երկու քաղաքացիական անձ, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը Արտակ Բեգլարյանը։
«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,- նշել է Բեգլարյանը։ Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառելով ավերածություններ։ |armenpress.am|
08։01 - Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։ [Արծրուն Հովհաննիսյան]
01։48 - Երեւանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը [Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան] |news.am|
01:37- ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։ [ՊՆ խոսնակ]
01:30- Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական
ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ։ [Շուշան Ստեփանյան]
00:59- Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։ Այցի ընթացքում նա ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ։ Շոմբի Շարփըը նշել է, որ ինքը և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում են քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
00:51- Իմ այսօրվա ելույթից հետո բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը: Դիմիր քո զինկոմիսարիատ, սիրելի եղբայր եւ հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Դու ես։ [Նիկոլ Փաշինյան]
00:43- ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ [ՊՆ խոսնակ]
00:34- Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք: [Նիկոլ Փաշինյանը՝ ճակատ մեկնող պահեստազորայիններին] Կարդալ ավելին։
16․10․2020
23:45- Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապի ավարտ։ [ԱԻՆ]
23:44- Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են: [ԱՀ ՄԻՊ]
22:37-Օդային տագնապ է հայտարարված միայն Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ [ԱԻՆ]
23:30- Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել։ [Արցախի Տեղեկատվական շտաբ]
22:56- Այլևս ակնհայտ է, որ այս փոքր տարածքում ահաբեկչության հաղթանակը հղի է վտանգավոր հետևանքներով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում: [ԲԴԽ-ի կոչը՝ ԵՄ դատական խորհուրդների միությանը]
22:48- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան: Կարդալ ավելին։
22:31- Կոչ եմ անում, որ մեր զինված ուժերի կազմ մտնող ստորաբաժանումների, զինատեսակների, զորատեսակների համալրումների մասին հնարավորինս քիչ հրապարակումներ իրականացնենք, որովհետև դա թույլ կտա մեզ այդ միջոցները, այդ ստորաբաժանումներն ավելի գրագետ օգտագործել և հասնել հաջողության: [Արծրուն Հովհաննիսյան]
22:27- Իրավիճակը չի փոխվել Հադրութում: Վերջին երկու-երեք օրերի ընթացքում իրավիճակը, որպես կանոն, նույնն է: [Արծրուն Հովհաննիսյան]
22:26- Առանձին ուղղություններում, եթե մեր զորքերը նահանջում են, եթե աջուձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել առանձին իրավիճակներ պարզաբանել: Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում: Երբեմն դա չի երևում, բայց իրոք մարտերը շատ ծանր են, մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չէ հաղթելը, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք: [Արծրուն Հովհաննիսյան]
22:18- Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ խոցած տեխնիկան: [Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյան]
22:18- Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր չմրսեցինք: Ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը, մեծ ուժ են: [Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյան]
22:17-Երբ մենք կանգնած էինք սահմանին, մենք գիտեինք, որ պիտի պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են մեզ, մեծ բան է: Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, դա մեծ ուրախություն է պարգևում: [Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոլյան]
Դոխոլյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Հակատանկիստ է:
22:16- Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ [ԱՀ ԱԳՆ]
22:07- Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք: [Արծրուն Հովհաննիսյան]
22:06- Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ: [Արծրուն Հովհաննիսյան]
22:04- Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք: [Արծրուն Հովհաննիսյան]
22:04- Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման: [Արծրուն Հովհաննիսյան]
21:39- ՄԻԵԴ-ը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ [Արտակ Զեյնալյան] Կարդալ ավելին:
21:23- Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով: Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ- և ԱՀ-ի նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ [ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական]
20:18- Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի: [Նիկոլ Փաշինյան]
20:25- «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։
Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա։ [Նիկոլ Փաշինյան]
20:15- Հոկտեմբերի 16-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Լատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամով, 14-ը՝ 300 հազար։ 8 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամով։ [ՀՀ ոստիկանություն] Կարդալ ավելին:
19:57- Այսօր ընդունել եմ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և իսլամիստ վարձկանների մասնակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին դժվարին ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար՝ ընդգծել եմ ՌԴ կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում։ [ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան]
19:40- Երբ Թուքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի նկատմամբ դարձյալ որդեգրել է բացահայտ թշնամական ու ցեղասպան քաղաքականություն, անթաքույց ռազմական միջամտություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի որդեգրած ուժային լուծման փորձերին, վերջինիս մատակարարում սպառազինություն, զինվորական մասնագետներ ու վարձկան ահաբեկիչներ, որպես Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի հայկական կողմի համանախագահ՝ հայտարարում եմ խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ [Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյան]
19:23- Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և հոսպիտալի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք:
19:22- Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան: Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ: Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռընտու պայմաններով, քան թուրքականն է: Կարդալ ավելին։
19:18- Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Թրյուդոյի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:
18։34 - ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՀՀ նախագահն ասել է, որ բարեկամ Հունաստանի համար նույնպես ներկայումս բարդ ժամանակներն են, բարեբախտաբար, «այնտեղ չկան այն ծավալն ու բռնության աստիճանը, որ առկա են Հայաստանի և Արցախի պարագայում»: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն:
17։47- Վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել ԼՂ ՊԲ-ի կողմից Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու այն հսկայական ավերածությունները, որոնք 19-օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]
17։43- 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, քանի որ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով ԼՂ-ն կարող է իրականացնել սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ ԼՂ-ն և այն ազատել հայկական բնակչությունից: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]
17:40- Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական քաղաքականությունը շարունակելու խնդիր: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]
17:36- Դատապարտում ենք ԼՂ հակամարտության գոտում քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներով: Կոչ ենք անում երկու պետությունների բոլոր բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու ուղղությամբ և ձեռնպահ մնալ միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի հետագա սրմանը: ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը վաղուց է հասունացել։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ [ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մյուրեյ] |armenpress.am|
17:30- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: Վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նրանք ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:
17:25- ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան ավարտվեց, երբ մասնակիցներին տեղեկացրին, որ ՄԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը գնացել են՝ վիրավոր քաղաքացիներին տեսակցելու։ Ակցիայի նախաձեռնողները հայտարարեցին, որ իրենց նպատակը միայն տեսակցելը չէր, այլ գործնական քայլերով Ադրբեջանին խաղաղություն պարտադրելը։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կհետեւեն ՄԱԿ-ի առաջիկա հայտարարություններին եւ դրանցից կախված՝ կորոշեն՝ շարունակելու են ակցիան, թե ոչ: |armtimes.com|
17:22- Դա նորություն չէ: Դա ի ցույց է դնում բարբարոսության այն խորությունը, որի հետ մենք բախվում ենք: Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքին։ «Սա ի ցույց է դնում, որ մենք մեր հայրենակիցների գոյության համար ենք պայքարում: Այդ առումով որևէ բան մեզ հետ չի պահելու, և նորից խորապես խոնարհվում եմ այն խիզախների առաջ, որոնք կռվում են դրա համար»,-նշեց նա: |armtimes.com|
16:54- Հայերը ապաստան են ստացել շատ արաբական երկրներում և արաբների կողմից ընդունվել են որպես եղբայրներ: Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը]
16:49- Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի շարք մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Բացի այդ, այդ մտքերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակին։ [Ադրբեջանի ԱԳՆ] |mediamax.am|
16։48- Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլուին Արցախում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ, ըստ անհրաժեշտության, ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք:
«Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը»,- նշել է նա։ |armenpress.am|
16։40- Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CBN News-ին]
16։21- Շատ կարևոր է արձանագրել՝ երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմացնելու համար: [Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ RTS-ին]
16։16- Այսօր ընդունել եմ ՌԴ Պետ դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ընդգծել եմ ՌԴ-ի կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
15։53- ՄԱԿ հայաստանյան գրասենյակի դիմաց մոտ մեկ ժամ է, ինչ բողոքի ակցիա է: «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք վերաբերմունքից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատու Ինք Թենիլային ցուցարարները ներկայացրին ադրբեջանական ԶՈՒ-ի ագրեսիայի հետեւանքով վիրավորված, զոհված քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ՝ գնդակահարված գերիների լուսանկարները։ Թենիլայը ասաց, որ իրենք գիտեն իրականությունը, ինչը ավելի զայրացրեց հավաքված քաղաքացիներին։ |armtimes.com|
15։42- Իրանը կրկին նախազգուշացում է տվել Ադրբեջանին և Հայաստանին, այն բանից հետո, երբ ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում: «Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ չհստակեցնելով, թե որ կողմին է Թեհրանը պատասխանատու համարում վերջին հրետակոծության համար: |azatutyun.am|
15։37- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում ընթացիկ իրադրության վերաբերյալ։ |armenpress.am|
15։34- Հրադադարը պետք է խստիվ հարգվի: Կարծում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին ՄԽ համանախագահների հովանու ներքո: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությամբ, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ։ Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ։ [Հունաստանի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին] |armenpress.am|
15։30- ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:
Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից: [ՊՆ խոսնակ]
15։15- Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Արցախի ՊԲ- անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-ին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
14:12- Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը։ [Պն խոսնակ]
14։02- Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: [Զոհրաբ Մնացականյանը` Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին]
14:00- Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են
Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար: «Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը:[ՊԲ]
13:15- Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ, Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք Ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, եթե անկեղծ, նրանց համար միևնույնն են միջազգային հանրությունն ու նրա կարծիքները:
12:45- Այսօր՝ առավոտվա ժամը 5-ից, հայերը եւ եզդիները փակել են Գերմանիայի Համբուրգ քաղաք մտնող գլխավոր ճանապարհները՝ պահանջելով, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը եւ դադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային։ Ակցիային միացածներից Սպարտակ Հովհաննիսյանը նշեց, որ նպատակն էր նաեւ, որ միջազգային մեդիան արձագանքեր Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին, խաղաղ բնակչության հրետակոծմանը։ |hetq.am|
12:25- Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարարը խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ: ՄԱԿ գլխավոր քարտուղարը ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
12:19- Հոկտեմբերի 15-ին մոտ քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բանաձևի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, ԼՂ-ի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։ |lragir.am|
12։08 Մեկնարկել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի աշխատանքային այցը Հայաստան: Նախարարը Դենիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: [ԱԳՆ խոսնակ]
12։04- Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը։ Նա առանձնահատուկ ընդգծեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:
11:43- Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե մեկ այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում, և իրենք չեն կարծում, որ այդ զինվորականներին ուղարկելն այժմ տեղին է»։ |tass.ru|
10:32- Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի: [Արծրուն Հովհաննիսյան]
10:30- Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ [ԱՀ ԱԻ ծառայություն]
09։25 - Երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլև վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան]
09։02 - Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ։ [Արծրուն Հովհաննիսյան]
08։40 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը։ Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները:
00:22- Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Իրանցի նախարարը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորմանը աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ «Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում՝ որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում»:
00:10- Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի գործընկեր Ֆելիպե Սոլայի հետ։ Նախարարը համապարփակ ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններով: Երկուստեք կարևորվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը:
15․10․2020
23:57- Ողջունում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ [Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]
23:55- Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև, որով կոչ է արվում կառավարությանը հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել ԼՂ-ում հրադադարի հաստատման նախաձեռնություններին։
23:46- Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և ԼՂ հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլին։ Պատասխանելով հարցին, թե ինչու ԵՄ-ն չի կարողանում վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի այդ կեցվածքին, խոսնակն ասել է, թե ինքն անձամբ խնդիրը մի քանի անգամ արծարծել է ԵՄ լիդերների հետ հանդիպումներում:
23:33- Արդեն երկար տարիներ հետևում եմ Արցախի հակամարտությանը և շարունակելու եմ դա անել այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չտարվեն նպատակաուղղված բանակցություններ: Ինքնորոշման սկզբունքը տվյալ դեպքում վճռորոշ է, որովհետև դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց։ [Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի նամակը ԱՀ նախագահին] |armenpress.am|Կարդալ ավելին:
23:26- ԱԱԾ-ն անհեթեթություն է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում և կտրականապես հերքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին: Կարդալ ավելին:
23:03- Սոցիալական ցանցերում այսօր տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] Կարդալ ավելին:
22:49- Արդեն պատրաստել եմ բոլոր նյութերը: Եվրոպական բոլոր կառույցներ, մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութն իր կից գրությամբ ուղարկվելու է: Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, այն կոնվենցիաներով, որը ստորագրել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան ու ամեն օր, իրենց ոտքի տակ գցած, տրորում են: [ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան]
22:41- France24-ի լրագրողը Ալիևին հարց է ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սիրիացի վարձկանների մասին փաստեր ունենալու վերաբերյալ հայտարարության մասին, որոնց կապակցությամբ Ալիևը պահանջել էր, որ Մակրոնը ներողություն խնդրի: Սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում գտնվելու մասին հրապարակումներ արել են մի շարք հեղինակավոր լրատվականներ: The Economist-ը գրել էր, որ «ապացույցները գնալով ավելանում են, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկանների է ուղարկել Ադրբեջանի համար կռվելու», իսկ CNN-ը զրուցել էր սիրիացու հետ, որը գրանցվել էր Ադրբեջան գնալու համար: Կարդալ ավելին։
22:31- Նոր զինատեսակների կիրառությունը, նոր մարտավարությունը երբեմն խնդիրներ են առաջացնում։ Բայց դրանք երբեք որոշիչ չեն լինում եթե կա պայքարի վճռականություն։ Եթե չես հանձնվում ուրեմն հաղթում ես։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:09- Ստատիստիկա չունենք՝ քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով։ Մեր ամբողջ բանակը մարտական գորոծողությունների մեջ է, շատ դժվար է թեստավորում անել, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակի չեն հասնում։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:07- Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է։ Համառ մարտեր չկան։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:06- Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է լինում, սակայն առավոտները նորից վերսկսվում են հարձակումները․ տարբեր ուղղություններով սաստկանում են, հետո նորից թուլանում։ [Արծրուն Հովհաննիսյան]
22։05 - Իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։ [Արծրուն Հովհաննիսյան]
22։03 - Այսօր՝ վաղ առավոտյան, նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։ [Արծրուն Հովհաննիսյան]
21։43 - Փոխզիջման համար կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել ԼՂ ժողովրդի, ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել: [Վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին]
21։38 - ԼՂ հակամարտությունը երկար ձգվող հակամարտություն է: Դրա կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը։ [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |armenpress.am|
21։13 - Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Զրուցակիցները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում իրադրությունը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը ի ցույց է դնում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները: Երկուստեք խստորեն դատապարտվեց Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները։
21։07 - Շատ փորձագետներ ասում են, որ սա աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում, որովհետև այստեղ օգտագործվում են զենքերի բոլոր տեսակները՝ տանկեր, ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային հրետանի և այլն։ Եվ շատ զինվորներ ու զորքեր են ներգրավված այս ռազմական գործողությունների մեջ։ Այսինքն շատ մասշտաբային և դաժան կռիվներ են ընթանում, և այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը պահում է պաշտպանությունը։ [Նիկոլ Փաշինյանը՝ «Россия сегодня»-ի հետ հարցազրույցում]
20։54 - ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի անմարդկային վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ, որում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով: Այնուհետև, Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է հերքում, ինչից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ, և անհրաժեշտ նկարագրությամբ վաղը կուղարկվեն միջազգային մարմիններին:
20։29 - Տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը կարող է կանխվել միմիայն Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր գործողություններին ուղղված միջազգային պատշաճ արձագանքի միջոցով։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ: Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ագրեսիան, անդրադարձել է արգելված զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և կենսական ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերին։
20։26 - Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է՝ վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը։ Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։ Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։ Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ [ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]
20։16 - ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում առարկայական քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Վերահաստատվել է ՌԴ-ի, Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: |armenpress.am|
20։09 - Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
19:16- Թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն առաջին հարվածով նպատակ ուներ ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էր կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի՝ Մեղրիի սահմանին: Հյուսիսային ուղղությամբ փորձում էր դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ՝ փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Նա չհասավ առաջին օրվա իր նպատակին: Հիմա էլ փորձում է դա իրականացնել, ու չի հաջողվում։ [ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյան]
18:55- Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան] |Արցախի տեղեկատվական շտաբ|
18:50- 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև՝ զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող օրենքների կոպիտ խախտմամբ: Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ ներկայիս իրավիճակում այն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ օպերատիվ մեխանիզմն է: Կարդալ ավելին։
18:38- Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:16-ի սահմաններում, Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռների զույգը, հայտնաբերելով Հայաստանի խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման ու սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա արձակած օդային հրթիռով խոցել մեր ՍՈՒ-25-ը։ Իր գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը Գյանջա օդակայանից իրականացրել է F-16-երի վերահենակայում Գաբալա օդակայան։ Կարդալ ավելին։
18:33- Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: Այս մասին ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
18:25- Բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք պատճառում են քաղաքացիական անձանց մահ և վիրավորումներ, մեզ համար խստորեն դատապարտելի արարքներ են: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ցավալի է, անկախ այն հանգամանքից՝ այդ մասին հաղորդագրություն ենք ստացել, թե տեսել ենք տեղում աշխատելիս։ Քաղաքացիականներին պատճառված վնասների մասով աշխատանքներ ենք տանում, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում ենք համայնքներ հասնել: Վնասների գնահատականները կտրվեն մի փոքր ավելի ուշ։ [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի]
18:17- Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հաղորդել է, որ կառավարությունը 100 հազար եվրո է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավելու համար: Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից և կարիքավորներին կուղարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խողովակներով: Նախարարը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խոհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան կարող է հարկ եղած դեպքում խորհրդում արծարծել ԼՂ հակամարտության խնդիրը:
18։06 - Առայժմ աշխատանքներ չեն տարվում ԼՂ-ում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման շուրջ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել ռազմական գծի ողջ երկայնքով, համաձայնեցնել հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը: Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ կգործարկվի նման մեխանիզմ»,- ասել է նա: |tass.ru|
17։53- Հոկտեմբերի 15-ի դրությամբ, ԱՀ-ում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, որը 5 օր մնացել է կոմայի մեջ։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեն: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան ևս մեկ տղա: Մեծապես վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը։ [ՀՀ ԿԳՄՍՆ]
17։15- Համանախագահների առաջարկած և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին ԼՂ հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրականացմամբ, այդ թվում՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշում քվեարկության միջոցով: Արձանագրվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն։ Հայկական կողմն այս ամբողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չէր նախատեսի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: [Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան] Կարդալ ավելին
16:56- Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործարարները չպետք է բիզնես անեն թուրքական ընկերությունների հետ։ Նա նշել է, որ սա նվազագույն պատասխանն է, որը սաուդցիները կարող են տալ շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքների ֆոնին։ |hetq.am|
16։47- Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։ [ԱՀ ԱԻՊԾ]
16։30- Ադրբեջանի այսօրվա գենշտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամասերից մեկում և մասնակցում մարտական գործողություններին: Դրանից հետո կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաներին, որոնք տիրապետում են ֆարսի լեզվին: Սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր շարունակում է այդ գործողությունները՝ ներգրավելով նրանց տարածաշրջան։ [ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյան] |armenpress.am|
16։10- Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ: Անկարան միշտ եղել եւ մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ազատագրման արդար պայքարում: Ադրբեջանի հետ համերաշխությունն այսօր կարեւոր է, քան երբեւէ: [Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլու] |mediamax.am|
16։06 - Բաքուն համարում է, որ ռազմական ուժերի հարաբերակցությունն այսօր իր համար ավելի բարենպաստ է, քան մի քանի տարի առաջ: Դա արդեն իսկ ճիշտ էր քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն այժմ, նոր սպառազինության ձեռք բերման և հարյուրավոր կամ հազարավոր թուրք վարձկանների աջակցության պայմաններում, հաշվի առնելով նաև, որ ակնհայտորեն պարոն Պուտինը չի շտապում վերջ դնել պատերազմին, և որ ամերիկյան ինքնաթիռն անօդաչու է մնացել, այս ամենի արդյունքում Ադրբեջանի իշխանությունները համոզված էին, որ պատերազմը հնարավոր էր, և նույնիսկ հաղթանակն էր հնարավոր: Բաքուն այսօր հակված չէ իրական հրադադարի, քանզի ռազմական ուժերի հարաբերակցությունն իրենց համար ավելի նպաստավոր է, քան նախկինում:
Ադրբեջանը չի կարող ճեղքել պաշտպանության ճակատը, բայց սա ուժասպառության պատերազմ է» ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ |hetq.am|
15։49 - Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը: |armenpress.am|
15:17 - Հոկտեմբերի 10-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված համատեղ հայտարարությունից հինգ օր անց Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրականացումը: Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ: [Զոհրաբ Մնացականյան] |azatutyun.am|
15։02- Հարավում ծանր ու համառ մարտեր են։ [Արծրուն Հովհաննիսյան]
14:50- Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Հայկո Մաասը, Ժան Իվ Լը Դրիանը և Զբիգնև Ռաուն այսօր հանդիպելու են Փարիզում և քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Բելառուսում ստեղծված իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունը: |azatutyun.am|
14։31- Իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, ով կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը: [ՊԲ]
14։30- Ճանաչենք մեր հերոսներին։ Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային –պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են <<Արիության համար>> մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:
14։19- «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ հոկտեմբերի 15-ին նախատեսված, դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: [Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտե]
13։46- Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: «Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ: [Իսպանիայում Հայաստանի դեսպանություն]
13։44- Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է՝ մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը: Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»: [ԱՀ ՄԻՊ]
13։20- Մենք չունենք վարձկաններ։ Սա մեր պաշտոնական հայտարարությունն է։ Հակամարտության սկզբից 2 շաբաթ է անցել, և դեռ ոչ մի պետություն մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել։ Կարծում եմ` եթե չկա ոչ մի ապացույց, ուրեմն բոլոր շշուկները պետք է մնան անցյալում։ Թուրքիան ռազմական մասնակցություն չունի։ Մենք օգտագործում ենք Թուրքիայում ստեղծված ռազմական սարքավորումներ․ դա ճիշտ է։ Բայց միևնույն ժամանակ մենք օգտագործում ենք Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում ստեղծված ռազմական սարքավորումներ։ Թուրքիան ոչ մի կերպ չի մասնակցում գործընթացին՝ բացառությամբ քաղաքական հարթությանը։ [Իլհամ Ալիևը` France 24-ին տված հարցազրույցում] |tass.ru|
13:01- Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները՝ հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:
Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
ԱՀ տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։ Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
12:45- Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: |armenpress.am|
12։30- ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրեւ հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ։ Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ն. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: |armtimes.com|
12:15- ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձևի օգտին։ Խորհրդի կողմից ներկայացված բանաձևը պաշտպանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նմանատիպ հայտարարությունը: [Արցախի Տեղեկատվական շտաբ]
12:05- Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով ռազմական գոտու է վերածվել։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան։ [Սերժ Թանկյան] |shantnews.am|
11։34- Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
10։08- Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում։ [Արծրուն Հովհաննիսյան]
09։53 - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վշտացած է Հայաստանի Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով: Մենք խորը ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժածներին և կրկնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է հումանիտար իրավունքի պահպանմամբ և կրակի դադարեցմամբ պաշտպանենք խաղաղ բնակչությանը։ [Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփ] |shantnews.am|
09:05 - ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ: [ՊԲ]
08։50 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է։ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: [Շուշան Ստեփանյան]
01։10 - Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։ [Արծրուն Հովհաննիսյան]
00։34 - Արմեն Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի հայերի ասամբլեայի նախագահ Վահե Ենգիբարյանին: Վահե Ենգիբարյանը նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Արցախի բարձր տեխնոլոգիական լուծումների և ավտոմատացման ոլորտում, մարդասիրական, սոցիալական և կրթամշակութային տարբեր ծրագրերում 1 միլիարդ դրամ ներդնելու, ինչպես նաև ավելի քան 200 աշխատատեղ ստեղծելու պատրաստակամության մասին: |armenpress.am|
00։28 - Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղին առնչվող միջնորդությունը։ Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտությանն ու զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն: |tert.am|
00։00 - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հակամարտության վերաբերյալ ճիշտ հասարակական կարծիք ձևավորվի: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները վարձել են նաև լոբբիստական խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում իրենց համար նպաստավոր կարծիքի ձևավորման համար, որին պետք է հետևի հայկական սփյուռքի պատասխանը: |armenpress.am|
14․10․2020
23։44 - Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։ Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ հաղթելու ենք։ [Վահրամ Պողոսյան]
23։17 - Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի գրառումները Գյանջայի վերաբերյալ և գրել. «Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»: |armenpress.am|
23։00 - Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, և այս օգնությունը շարունակվում է: Նաև 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով, նույնիսկ, մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է։ [Զարեհ Սինանյան] |armenpress.am|
22։21 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
22։15 - Քանի որ ԱԹՍ-ները և հատկապես որպես ԱԹՍ կիրառվող այլ միջոցները խոցվում են մինչև մեր սահմանին մոտենալը, դժվար է հստակ իդենտիֆիկացնել, թե քանիսն են խոցվել մինչ օրս։ [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
22։07 - Որդեգրել են ինտենսիվության նոր մարտավարություն հատկապես բարձունքները գրավելիս․ մեծ, աննկարագրելի խտությամբ հետևակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին մենք տեսել ենք ֆիլմերում։ [Արծրուն Հովհաննիսյան]
Կարդալ ավելին
22։05 - Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ։ [Արծրուն Հովհաննիսյան]
22։04 - Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ։ [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
21։43 - Այս տարի Թուրքիան 6 անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին, հաղորդում է Reuters-ը: Անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել։
Reuters-ը հաղորդում է՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին |azatutyun.am|
21։36 - ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել ԼՂ հակամարտության գոտում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում: [ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով] |armenpress.am|
Կարդալ ավելին
21։08 - Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում: |armenpress.am|
21։00 - Եթե բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի աշխատանքների կասեցման պատճառով անձը բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվել, ապա նրա հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․հունվարի 15-ը։ Այդ անձանց կենսաթոշակները և սոցիալական բնույթ կրող այլ հատուցումները կշարունակվեն վճարվել նախկինում ունեցած հաշմանդամության խմբի համար սահմանված չափերով։ [ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն]
20։52 - Միչիգանի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Բանաձևի հեղինակը Միչիգանի օրենսդիր մարմնի անդամ Մարի Մանուգյանն է: |armenpress.am|
20։48 - Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է: [Արտակ Բեգլարյան]
20։41 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը: Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը եւ շատերը: [ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո] |armenpress.am|
20։14 - Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից: [ԱՄՆ պետքարտուղար] |armenpress.am|
19։07 - ԼՂ հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ։ [ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկով] |armenpress.am|
18։44 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:
18։31 - Կարծում եմ, շատ փխրուն հրադադարը չի գործել ադրբեջանական կողմի պատճառով: Հայկական կողմը չունի սկզբունքային խնդիրներ, հակառակը, ԼՂ հայերը ցանկանում են դադարեցնել կրակոցներն ու ռազմական գործողությունները շատ պարզ մի պատճառով՝ նրանք պայքարում են իրենց տան համար: Նրանց համար հաղթանակը սեփական տունը պահպանելն ու պաշտպանելն է: Եվ քանի որ նրանք չեն սկսել պատերազմը, շահագրգռված են, որ ռազմական գործողությունները դադարեցվեն: [Արմեն Սարգսյան] Կարդալ ավելին
18։00- Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։ Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասի։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ․:
17։55- Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ «Զինուժ մեդիան» քիչ առաջ ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է: [ՊՆ խոսնակ]
17։45- Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեր և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:
Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ:
Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը արցախահայ զենք բռնելու ունակ հայրենակիցներին, որոնք այս օրերին Արցախից դուրս են]
17։38- Սոթքում վիրավորված պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ [ԱՆ խոսնակ]
17։20- Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ դաշտում եղել են նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ երեխաներ։ [ՄԻՊ]
16։49- Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: [ՊԲ]
16։30- Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարեւորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին եւ դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: [ՄԻԵԴ-ում Դիմումատուների շահերի ներկայացուցիչ]
15։50- Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին հայտնել է, որ պատրաստվում է երկրի խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը, որն արդեն մի քանի պատգամավոր ստորագրել են։ Նա նաև նշել է, որ իր գլխավորությամբ 10 օրից պատգամավորական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը։ |panarmenian.net|
15։35- Միջազգային հանրության կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը: Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար: Թուրքիան արդարացումներ է բերում՝ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Բիլդ» պարբերականին]
15։20- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»: Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցմանը այլընտրանք չունենալու հանգամանքը, ինչը հիմք կստեղծի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցով հետագա քայլերի համար։ |azatutyun.am|
15։15- Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և ԼՂ շատ քաղաքներում: Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Բիլդ» պարբերականին]
15։11- ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա Ու»-ին, պարզապես հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ է, այսինքն՝ այն խոցելը, հայտնաբերելը շատ դժվար է։ Հորդորում եմ, որ ոչ մասնագետները ռազմավարական դատողություններ չանեն, չվերլուծեն ստեղծված իրավիճակը: Հայկական կողմը հայտնաբերում և խոցում է ամեն ինչ, ինչով հարվածում է հակառակորդը՝ ըստ հնարավորության, ժամանակի, հարմարավերտության և նպատակահարմարության: [Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ՌԿ-ին] |armenpress.am|
15։03- Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից, և որ չի հավատում, որ որևէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ |tass.ru|
14։57- Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացնում, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ [ՀՀ ԱԳՆ]
14։48- Մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները։ [Արծրուն Հովհաննիսյան] |armenpress.am|
14։04- Արդեն 18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունը հետեւյալն էր․ անհապաղ Ադրբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ [Նիկոլ Փաշինյան] Կարդալ ավելին
13:29- Հակառակորդը հրադադարի վերաբվերյալ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի համարյա ամբողջ երկայնքով։ Նրան հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ հաջողություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հականում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Ավելի ծանր ժամանակներ ենք ունեցել, երբ մարտական գործողություններն ընթանում էին Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի․ մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթակնակին։ Այսօր էլ հավատում ենք:
13:03- ԼՂ հակամարտության գոտում անհապաղ անհրաժեշտ են դիտորդներ, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ անգամ չեն ուսումնասիրվել: Համապատասխան որոշման մասին ես հայտնել եմ ընդամենը կես ժամ առաջ ինձ զանգահարած Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ պատրասվում ենք նույնը փոխանցել հայկական կողմին: Կարծում եմ՝ այս պահին սա է բանալին, որով կարող ենք հասնել կրակի կայուն դադարեցմանը։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |armtimes.com|
12։45- Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։ Մասնավորապես, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Տուժածներ չկան։
[ԱՀ ԱԻ պետական ծառայություն]
12։27- Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:[ՊԲ]
12։15- Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացվել շուկայում: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՏՄՊՊՀ-ն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից։ [ՏՄՊՊՀ]
11։46- Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացվել շուկայում: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՏՄՊՊՀ-ն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից։ [ՏՄՊՊՀ]
11։14- ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: |armenpress.am|
11։03- Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը պնդում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Հոդվածում նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում գտնվող թերթի երկու աղբյուրներ, որոնք կապված են զինյալների տեղափոխման հետ: Աղբյուրների խոսքով՝ հուլիսից «սիրիացի ապստամբ խմբավորումների շրջանում սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ Թուրքիան մարտիկներ է հավաքագրում ռազմական գործողություններին մասնակցելու համար», իսկ արդեն սեպտեմբերի կեսերին Սիրիայից զինյալները ուղարկվել են հակամարտության գոտի «մինչև 100 հոգանոց խմբերով»։
11։00-Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կայանման կետը գործում է շուրջօրյա: [Զարուհի Բաթոյան]
10:41- Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։ [Շուշան Ստեփանյան]
10:30- ։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Զոհեր և վիրավորներ չկան: [ՀՀ ՊՆ]
09:56- Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են։ ԼՂ-ի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել: Ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել։ [ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ РБК հեռուստաընկերությանը]
09:26- Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Հավաքին մասնակցել են Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն: |armenpress.am|
09:19- Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը: [ՊԲ]
01։05 - Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։
[Արծրուն Հովհաննիսյան]
13.10.2020
23։30 - Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Reuters-ին] Կարդալ ավելին
22:22 - Հադրութը եւս այնպիսի իրավիճակում է, որտեղ երբեմն ներթափանցում են ադրբեջանական դիվերսիոն խմբեր, որոնց դեմ մեր ԶՈՒ-երը պայքարում են, բայց քանի որ տեղանքը լեռնային է, անտառային է, կտրտված է, եւ այլն, նման խմբերի ներթափանցումը չի բացառվում։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:19 - Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացրել ընդամենը մեկ տեղամասում, թույլ ենք տվել վերցնել մի քանի դիակ, մենք էլ ենք վերցրել, եւ անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել։ [Արծրուն Հովհաննիսյան]
Կարդալ ավելին
22։12 - Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի՝ չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար։ [Արծրուն Հովհաննիսյան]
22:08 - Վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Այսօր երեւի թե ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել։ [Արծրուն Հովհաննիսյան]
Կարդալ ավելին
21։53 - Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։ [Արծրուն Հովհաննիսյան]
20։58 - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով: [ՀՀ ԱՆ]
20։40 - Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով ԱՀ բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում ՊԲ-ն կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
20։18 - Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։ «Հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ»,- ասել է արտգործնախարարը։ |azatutyun.am|
20։08 - Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հասցեագրման և այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցեր: Նախարարը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց ԼՂ-ի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները՝ ընդգծելով կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման և դրա ամրապնդման կարևորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
19։44 - Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Սարբել Քեմալբեյը հարցում է ուղարկել երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Նա ընդգծել է փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։ Նա նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճի՞շտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում։ |armenpress.am|
19։38 - Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի իշխանությանը՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին:
«Հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, սակայն ներկա ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն: Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անդադար պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են ջիհադականները»։ |armenpress.am|
19։23 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նա ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը կողմերի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում: Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, պատվի, ժառանգության, հավատքի, ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար։ Միաժամանակ՝ ԼՂ-ի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար։ Կարդալ ավելին
19։14 - Հոկտեմբերի 12-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Լրատվական գործունեություն չիրականացնող 7 անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի տուգանվել են ևս 700 հազար դրամի չափով։ Երկու լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել և տուգանվել է ևս 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ [ՀՀ Ոստիկանություն]
19։11 - Ստեփանակերտում այս պահին ունենք մոտ 670 չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերում։ Իհարկե, սա այն զինամթերքի մասին է, որոնք տեղափոխելու հնարավորություն ունենք։ Զինամթերքներ հայտնաբերվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում, սակայն այս պահի դրությամբ, կարելի է ասել, 90-95%-ով անվտանգ է այդ ամենը։ [ԱՀ ԱԻ պետական ծառայության ներկայացուցիչ Մեխակ Արզումանյան]
19։05 - Արցախում այս պահին ունենք 25 զոհ և 100-ից ավելի վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում։ Ունենք 5800-ից ավելի ինչպես բնակելի, այնպես էլ մշակութային և հասարակական նշանակություն ունեցող վնասված օբյեկտներ։ [ԱՀ ԱԻ պետական ծառայության ներկայացուցիչ Մեխակ Արզումանյան]
18։33 - Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ցույցին մասնակցել են նաև իտալացի պատգամավորներ: Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օրսինի Անդրեան իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին։ |armenpress.am|
18։23 - Նամակ եմ ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ Նրա ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։ Նամակով պրն. Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։ [ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան]
17։54 - Նինոծմինդայում Վրաստանի վարչապետ Գախարիայի գլխավորությամբ բնակչության հետ հանդիպման ժամանակ ջավախքցիները ներկայացել են «Օգնեք մեզ Կովկասում ահաբեկչության դեմ պայքարում» գրությամբ պաստառներով: Պաստառներին Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դրոշներն են: |aliq.ge|
17։50 - Սլովակիայի դիվանագիտական գերատեսչությունը ԿՄԽԿ-ի միջոցով Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն է փոխանցել 25 հազար եվրո: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և շնորհակալություն հայտնել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկին: |azatutyun.am|
17։48 - Մենք ողջունում ենք Հունաստանի ԱԳ նախարարի` ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հաջորդած հայտարարությունը։ Միջազգային հանրությունը, և հատկապես Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները, պետք է առերեսվեն Նախարար Ն․ Դենդիասի կողմից համառոտ և հստակորեն ներկայացված ճշմարտությանը. «տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների՝ ԼՂ-ի Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Միջերկրական ծովի Հարավարևելյան տարածաշրջանի ընդհանուր հայտարարը Թուրքիան է… Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարող»։ [ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան] |lragir.am|
17։23- Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։ Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։ Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին։ [ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյան]
17։20- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Մնացականյանը ընդգծել է, ոչ չնայած կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը, շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Մնացականյանն ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:
17։01- Համանախագահները տագնապով են արձանագրում ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան՝ կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար։ [ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ] |armenpress.am|
16։58- ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի միջև։ Զրույցի ընթացքում Ուշադրության կենտրոնում է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան: |shantnews.am|
16։39- Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը։ [ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո] |armenpress.am|
16:10- Երբ խոսում եմ Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին՝ հենվում եմ մի քանի կարևոր սկզբունքների վրա: Դրանցից մեկը վերջերս նշել է նախագահ Պուտինը : Նա հստակորեն ասել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կան ստորագրված պայմանագրեր՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, Հայաստանը նաև ՀԱՊԿ մաս է կազմում: Պուտինը նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ RT հեռուստաընկերությանը]
16:01- Պատերազմը Ղարաբաղում երբեք չի ավարտվել՝ անգամ 1994 թ․ զինադադարից հետո: Մենք բոլորս չենք հաջողել, դիվանագիտորեն ասած, մնալ բանակցությունների և երկխոսության ճանապարհի վրա: ԼՂ-ի դեպքում եթե նրանց հարցնեք, թե ո՞րն է նրանց համար հաղթանակը, կասեն, որ հաղթանակը սեփական հայրենիքը, տունն ու ընտանիքներին պաշտպանելն է: Եթե հարցնեք ադրբեջանցիներին, ապա նրանց նպատակը ԼՂ-ն առանց հայերի ստանալն է: Ժամանակակից աշխարհում սա անվանում են էթնիկ զտում:
15:50- Առավոտյան իրանական տարբեր աղբյուրներ հաղորդեցին Իրանի տարածքում ընկած ԱԹՍ-ի մասին։ «ԻՐՆԱ»-ի պարսկերեն հոդվածում նշվում է, որ ըստ տեղական աղբյուրների՝ ընկած ԱԹՍ-ն կարող է պատկանել կա՛մ ադրբեջանական, կա՛մ հայկական զինված ուժերին։ Իրականում, սակայն, այս ԱԹՍ-ն չի կարող պատկանել հայկական կողմին։ Այն իսրայելական արտադրության «Հարոպ» (Harop) տեսակի «կամիկաձե» ԱԹՍ է։ |fip.am|
15։33- Պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի համատարած ոտնահարումով։ Իր պատերազմական հանցագործությունները կոծկելու, քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին: [Պաշտպանության Բանակ]
15։15- Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։ [Զոհրաբ Մնացականյան]
15։05- Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է: Իսկ թռիչքները, որոնք օդային տարածքում իրականացվում են, Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական և քաղաքացիական բնույթ և համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին: [Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիա] |aliq.ge|
14։30- Առաջիկա տասը օրում պետք է բոլոր ուժերը ներդնենք, որ որևէ երկիր Արցախի անկախությունը ճանաչի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Մելքումյանն ընդգծեց` ԵԽԽՎ նիստում հայկական պատվիրակությունների ելույթների հիմնական շեշտադրումն այն է եղել, որ պետք է դադարեցնել կրակը և անցնել խաղաղ բանակցությունների: |hetq.am|
14։20- Ռուսական ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կայունացմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պն-ից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ։ Ռուսաստանի ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ: Այդ մտահոգությունը Շոյգուն փոխանցել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում: |civilnet.am|
14։01- ԿՄԽԿ-ն հույս է հայտնում, որ ԼՂ հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ԿՄԽԿ Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը: ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում, սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում։ |armenpress.am|
13։51- Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր արդեն դրամահավաք են նախաձեռնել Արցախում վիրավորված զինվորների բուժման ծախսերը հոգալու և նրանց աջակցելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի զբաղվեն այդ դրամահավաքներով, պարզեն՝ ովքեր են կազմակերպիչները։ Պատերազմի առաջին օրից ամբողջ առողջապահական համակարգը, քաղաքացիական հիվանդանոցներն ապահովում են վիրավոր զինվորների, կամավորների, պահեստազորայինների բուժսպասարկումը։ Նրանց բուժումն իրականացվում է պետական միջոցների հաշվին։ |hetq.am|
13։19- ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։ [ՀՀ ՊՆ]
12։59- Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը:
Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
12:19- Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում։ [Արծրուն Հովհաննիսյան]
12։15- Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքներն ու օժանդակ շինությունները: Հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում: [ՀՀ ԿԳՄՍՆ]
11։59- Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար: [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ]
11։52- Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնել է Արդաբիլի նահանգապետի տեղակալը։ Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։ |armenpress.am|
11։48- ԱՄՆ-ը պետք է վճռական քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: Ադրբեջանի կողմից բռնության աճով պայմանավորված՝ անհրաժեշտ է դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախի դեմ շարունակվող հարձակումների համար։ [ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքս] |factor.am|
11։43- Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը: Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ |tert.am|
11։29- Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: [ԱԳՆ խոսնակ]
11։05- Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան,Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան։ [ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]
11։00- Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյաննի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: [ՊԲ]
10։24- Ադրբեջանական կողմը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Ալիևն ինքը խոստովանում է, որ նպատակ ունի ազատել տարածքները հայերից: Ադրբեջանական կողմը փորձում է մեղքը բարդել հայկական իշխանությունների վրա: Բայց, նայեք և տեսեք, թե ինչպես էր ձեր բռնապետը հերոսացնում քնած հային կացնահարած մարդասպան ադրբեջանցուն: Ադրբեջանական ագրեսիան ակնհայտ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որը Սիրայից և այլ տեղերից ահաբեկիչներ է տեղափոխում Հարավային Կովկաս՝ կռվելու Արցախի խաղաղ բնակչության դեմ: [ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ի ելույթում]
10։17- Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է:
Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:
10:09- Մոսկվա կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: Քննարկման առանցքում եղել է ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Կարդալ ավելին:
09:21- Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։ [Շուշան Ստեփանյան]
09:13- Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ու Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն այսօր հանդիպում կունենան: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Հանդիպման առանցքում են լինելու Թուրքիայի անօրինական գործողությունները Արևելյան Միջերկրականում, իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։ Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան հայտարարություններով: [Հունաստանի ԱԳՆ]
09:07-Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:
Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: [ՊԲ]
23։58 - Կարծո՞ւմ եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան։ [Վլադիմիր Վարդանյան՝ ԵԽԽՎ ընդլայնված նիստում] |armenpress.am|
22։33 - Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել, չհիմնավորված խոսակցությունները չբերել հարթակներ: Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են: [Արծրուն Հովհաննիսյանը` ի պատախսան այն հարցի, թե հայկական կողմի կորուստներն անհամեմատ ավելի շատ են, քան ներկայացվում են] Կարդալ ավելին
22:26 - Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ: Գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել: [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
22:24 - Գերիների և դիակների փոխանակում չի կատարվում մի քանի հասկանալի պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ընդունելով այդ պայմանները` գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի այն միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում: [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
21։13 - Վաղ առավոտից նորից սկսել են հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով: Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցությամբ, կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել 1 ՍՈՒ-25 գրոհիչ: [Արծրուն Հովհաննիսյան] Կարդալ ավելին
22։00 - Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ: Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Չպայթած զենք-զինամթերքը տեղափոխվում են են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացվում:
21։33 - Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ: ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ նոր տեղեկությունների համաձայն՝ նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր ևս երեք քաղաքացիական անձ: |armenpress.am|
21։21 - Ցանկանում եմ անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: ԼՂ Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները: [ՀՀ վարչապետը՝ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ընթացքում]
21։17 - Ընդգծել ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարևորությունը: Մենք քննարկել ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան: Կոչ ենք անում, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց լուման ներդնեն հրադադարն ուժի մեջ դնելու և խաղաղության ուղղությամբ քայլեր կատարելու գործում։ [ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո] |armenpress.am|
20։21 - Արցախի անկախության ճանաչման հարցը միանշանակ գտնվում է երկրի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն Արցախի իշխանությունների խնդիրը ոչ միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ նաև աշխարհի շատ այլ երկրների: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախություն ճանաչման հարցով: |armenpress.am|
20։02 - Արցախի անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է: Մենք բոլոր ուղղություններով մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք և գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակով շփումների մեջ մենք այսօր այդ հարցը բարձրացնում ենք: Շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից ու դրան հետևենք կոնկրետ իրավական քայլեր: Այդ հարցը քննարկման մեջ է և, այո` դա օրհասական հարց է։ [Ալեն Սիմոնյան] |armenpress.am|
19։54 - Եվրոպական պառլամենտի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց՝ եթե միայն կոչերով պետք է բավարարվենք, կասկածի տակ է դրվում կառույցի գոյության իմաստը: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ միայն կոչերով հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել։ Հադրութի խաղաղ բնակիչների սպանությունը, ահաբեկիչների ներգրավվածությունը շատ ավելի են հեշտացնում դիվանագիտական դաշտում մեր աշխատանքը՝ ցույց տալու, որ այստեղ գոյության կռիվ է: [Գայանե Աբրահամյան] |hetq.am|
19։34 - Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին։ Հակամարտությունը միանգամայն նոր մակարդակ է տեղափոխվել։ Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը։ Երկրորդ խնդիրը կողմերի վերադարձն է ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանի շուրջ։ [Հունաստանի առաջին փոխարտգործնախարար] |azatutyun.am|
19։27 - Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` ԱՀ Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի՝ Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։ Միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ [ԱՀ ԱԳՆ]
19։27 - Այս պահի դրությամբ և' Հադրութի ուղղությամբ, և' հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել։ [Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան] |armenpress.am|
19։19 - Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունը Ադրբեջանին և ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ: [Էստոնիայի պահպանողական կուսակցություն]
19։12 - Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով։ [Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ] |armenpress.am|
19։01 - Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Telegram-ում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։ |infocheck.am|
18։08 - Ես կհայտնեմ ԼՂ վերաբերյալ Ռումինիայի տեսակետն առ այն, որ իրավիճակը շատ մտահոգիչ է: Եվ շատ խիստ կոչով կդիմեմ կողմերին՝ վերսկսել երկխոսությունը և սկսել քննարկումները՝ խաղաղության վերաբերյալ ու խստորեն հետեւել վերջերս համաձայնեցված հրադադարին, որն արդեն խախտվել է։ [Ռումինիայի ԱԳ նախարարը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմումից առաջ] |armenpress.am|
17։56- Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը այսօր կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են ԼՂ-ում ստեղծված կացությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»: |azatutyun.am|
17։41- ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Վալենտինա Մատվիենկոյին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման եւ խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաեւ թուրքական եւ միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ:
17։16- Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |armenpress.am|
17։05- Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ։
17։04- Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները ԼՂ-ում, գոյութենական վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչև օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա ԼՂ ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաև Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: [ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|
16։59- Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը: [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան]
16։54- Սու-25-ի խոցումը, իհարկե, ադրբեջանցիները հերքեցին, բայց անձամբ ռազմաճակատից հաստատեցին՝ անգամ չիմանալով որ մենք արդեն հաստատել էինք: [Արծրուն Հովհաննիսյան]
16։25- ՌԴ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Մտքեր ենք փոխանակել նաև այն մասին, թե ինչպես առաջ շարժվել: Ոչ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ: Հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց քաղաքական բանակցային գործընթացի վերսկսումը ձգձգելը սխալ ենք համարում: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |armenpress.am|
16։10- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջում է հանրապետության բժշկական կենտրոններով: Նա հետաքրքվում է վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակով։ [ԱՆ խոսնակ]
15։55- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ:
15։43- Նկատի ունենալով ՌԴ միջնորդությամբ 2020-ի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը՝ ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։ Հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։ [ՊԲ]
15։30- Եթե Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը ու մնա միայնակ իր ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ մեզ հետ միաժամանակ ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը, այդ պարագայում դա իմաստ կունենա: Բացառում եմ, որ այս պահին ԱՄՆ-ն ճանաչի Արցախի անկախությունը, ավելի հավանական համարեց, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Ռուսաստանը կամ Ֆրանսիան ճանաչեն: [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան] |hetq.am|
15։10- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո Հայաստանի Կառավարության շենք մտավ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ |factor.am|
14։43- Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված իր պարտավորությունները: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ցավոք, այս պահին չենք կարող գործնականում արձանագրել, որ ունենք լիարժեք կրակի դադարեցում: Եվ բառացիորեն նախքան այստեղ գալը, շարունակում էր տեղեկություններ ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Եվ այդ առումով ես ուզում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որով կարող ենք հասնել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց Մնացականյանը: |armenpress.am|
14։41- ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորը մտահոգություն է հայտնում ԼՂ-ի հակամարտության գոտում բռնությունների շարունակվող սրման կապակցությամբ։ Կազմակերպությունը կողմերին կոչ է անում կատարել միջազգային հումանիտար իրավունքով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը։ Նաև կոչ է արվում զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։
14։32- Մեջբերելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մարդասիրական կոչերն առ այն, որ «մեր կռիվը Ադրբեջանի դեմ է, ո՛չ թե Ադրբեջանի խաղաղ բնակչության»՝ նամակում ներկայացված են Իլհամ Ալիեւի այն խոսքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են մարդու հիմնարարար իրավունքները․ «Հիմա մենք ցույց տվեցինք, թե ո՛վ ով է: Մենք նրանց [հայերին] քշում ենք շների նման: Ադրբեջանցի զինվորները նրանց շների պես քշում են» (Իլհամ Ալիեւի հայտարարությունը հոկտեմբերի 5-ին)։ |hetq.am|
14։26- Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հետագայում հակամարտության կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների: Բարձր ենք գնահատում համաձայնեցված փոխըմբռնումը, հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի, ԱԳՆ ղեկավարների շփումների արդյունքում [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]
14։10- Անկարան ամեն կերպ ճնշում է Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց հերթին խափանում են ՌԴ-ի միջնորդական առաքելությունը՝ հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերը բարձրացնելու նպատակով: Պարզ է դառնում, որ դա Անկարայի եւ Բաքվի մշակած համատեղ ռազմավարական քաղաքականությունն է՝ նպատակամիտված ՌԴ-ի դերի նվազեցմանը եւ վերջին հաշվով լիակատար դուրսմղմանը Հարավային Կովկասից։ [ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյան] |armenpress.am|
14։04- Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
13։45- Անցած ուրբաթ և շաբաթ օրերը, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրել ենք ադրբեջանցի գործընկերոջ հետ: Կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Պուտինի նախաձեռնությամբ։ Մենք տեսնում ենք, որ այս համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի հարգվում, և ռազմական գործողությունները շարունակվում են: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելիս։ |tass.ru|
13:23- Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առցանց նիստում հայկական պատվիրակությունը մյուս երկրների պատվիրակություններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով՝ն իստը անցավ, մեղմ ասած, շատ բուռն, և այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց վերջում բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն, և ինչ է այս ամենի իրական նպատակը։ |armenpress.am|
12:56- Թուրքիան մինչ օրս հրադադարի կոչ չի հնչեցրել և, իմ համոզմամբ, նման մոտեցումը լիովին սխալ է։ Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։
«Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը»,- նշել է նա։ |azatutyun.am|
12:52- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ․ օրակարգում ԼՂ հարցն է։ Հանդիպմանը մասնակցում են «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «ՀԱԿ»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «ՔՈ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։|azatutyun.am|
12։45- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջագային նորմերի շրջանակում վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները։ Նա ափսոսանք է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար և դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և բնակելի շենքերի հրթիռակոծությունը: Խաթիբզադեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։ |tert.am|
12։11- Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին: [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին]
11։49- Սոցցանցերի հայաստանյան մի շարք օգտատերեր ու հայկական լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել: Aliq Media-ն հրապարակել է քիչ առաջ Վրաստանից առանց որևէ խնդրի կատարված դրամական փոխանցման տեսանյութը (https://www.facebook.com/aliQmedia/videos/795419617949595/?v=795419617949595): «Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել տեղում օգնել փոխանցման ընթացքում տեխնիկական խնդիրների դեպքում: |aliq.ge|
11։26- Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում: [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան ]
11։25- Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին: Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության՝ պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում: [Արծրուն Հովհաննիսյան]
11։08- 100,000,000 ԱՄՆ դոլարի շեմն արդեն հաղթահարված է։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]
10:49- Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում: [ԱՀ նախագահի խոսնակ]
10։42- Արմեն Արտավազդի Կնյազյանը հետմահու պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
10։20- Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: [ՊԲ]
9:52- Լոս Անջելեսի հայությունը Արցախի թիկունքին է, եւ այդ մասին հայտարարում են բողոքի երթով, ավտոերթով, քայլերթով, բազմամարդ հավաքներով ու կոչերով: Հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ իրենց պահանջներն են հնչեցրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ: Նրանք լուսային էֆեկտով Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա՝ իրենց բողոքն արտահայտելով պատերազմում ադրբեջանական կողմին թուրքական աջակցության կապակցությամբ: |armtimes.com|
09:02- Գիշերվա ընթացքքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում: [ՊԲ]
08:31-Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:
[Պն խոսնակ]
23։16- Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
23։15- Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ հոկտեմբերի10-ին ձեռք բերված համաձայնությունը: ԵՄ-ն կողմերին հորդորել է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը և կոչ արել բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի: |azatutyun.am|
23։12- Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ բոլոր ղեկավարները կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին լայնածավալ գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին: [Արսեն Թորոսյանի բաց նամակը՝ ԱՀԿ գլխավոր տնօրենին]
22:05 - Մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ եւ ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցները։ [Արծրուն Հովհաննիսյան]
21։47 - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:
21։45 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը: [ՀՀ կառավարություն]
21։29 - Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ Ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]
19։21- Հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված` Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։ [ԱՀ ԱԳՆ]
19։11- Այսօրվա իրավիճակի յուրահատկությունն այն է, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք, մեզ համար առաջնային առումով կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կայունությունը, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևորության են: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armenpress.am|
19։08- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում:
18։55- Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները։ [Շուշան Ստեփանյան]
18։24- Հյուսիս-արևելյան ուղղությամբ հոկտեմբերի 11-ին թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են թշնամական ուժերի հարձակման փորձը՝ խոցելով վերջինիս 2 զրահատեխնիկա և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային կորուստներ: [ՊԲ]
18։10- Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում: Այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական գյուղերը:
«Հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց Ստեփանյանը: |armenpress.am|
17։56 -Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ: #Հաղթելուենք [Արծրուն Հովհաննիսյան]
17։50 - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, որն իր հերթին նաև կապահովի այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ։ [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի] |armenpress.am|
Կարդալ ավելին
17։36 - Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցումը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչության համար ռիսկերի ստեղծումից: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ։ [ԵԽ նախագահ Շառլ Միշել] |armenpress.am|
17։11 - «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, ըստ որոնց՝ զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ: Կարդալ ավելին
17։04 - Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։Նա կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: |armenpress.am|
16։46 - Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև: Նշվել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները: [ՌԴ ԱԳՆ] |a1plus.am|
16։32 - Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]
16։17 - Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։
Հզոր ենք միասին։ [Արծրուն Հովհաննիսյան]
15։36 - ԱՀ ԱԺ-ն կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.
1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում
2. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար
3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։
15։03 - Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:
Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ: [Արայիկ Հարությունյան]
14։51 - Մենք պատրաստ ենք վաղն էլ սկսել բանակցություններ, դրա համար էլ ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններից, նրանց աշխատանքի գրաֆիկից: Մենք հետաքրքրված ենք իրավիճակի անհապաղ կարգավորմամբ, որովհետև դա հնարավորություն կտա մեր փախստականներին վերադառնալ իրենց տներ: Մենք գնալու ենք մինչև վերջ, կանգ չենք առել։ Եթե հայկական կողմը հրադադարի ռեժիմին հավատարիմ մնա, ապա, ինչպես ես ասացի, կսկսվի քաղաքական կարգավորման փուլը: Մեր նպատակն անփոփոխ է. վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է միջազգային հանրությունը, ապահովել ադրբեջանցիների վերադարձն իրենց նախնական բնակության վայրեր, այդ թվում Շուշի և Լեռնային Ղարաբաղի այլ բռնակցված հատվածներ: Հարցն այն է, թե ինչպես հասնել այդ նպատակին։ Մենք միշտ ձգտել ենք դրան հասնել քաղաքական ճանապարհով, միշտ լսել ենք, որ զենքով հարցը չի լուծվի, բայց մենք ապացուցել ենք, որ դա այդպես չէ, մենք մարտի դաշտում ապացուցել ենք, որ առանց մարտական բաղադրիչի այդ բանակցությունները կձգձգվեին ևս 30 տարի: [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РБК-ին տված հարցազրույցում]
14։23 - Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ։ [Արարատ Միրզոյան]
14:05 - Նման տեղեկություն կա, որ գրոհայինները հարձակման ընթացքում «Ալլահ աքբար» և արաբերեն կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում։ [Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյան] |shantnews.am|
Կարդալ ավելին
13։20 - Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:[ԱՀ ԱԳՆ հայտարարությունը մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ]
12։55 - Հիշեցնենք, որ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով +374 10 44 84 25 հեռախոսահամարով։
Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկատվություն՝ +374 10 66 00 54 և 1-28 համարներով։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
12։34 - ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 25 զինծառայողների անունները։
12։22 - Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։ [Արծրուն Հովհաննիսյան]
12։16 - Լոս Անջելեսում կայացած դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ։ Այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ խոստումները։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը: Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում։ [Համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկական Արշամյան]
12։02 - Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։ Մանրամասները շուտով։ [Արծրուն Հովհաննիսյան]
12։02 - Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է՝ հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքն անխորտակելի են: [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]
11։23 - Հարգելի´ հայրենակիցներ, հորդորում ենք Արցախի համար Ձեր պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն): Դրանք չեն ընդունվում: [ՀՀ ԱԻՆ]
10։54 - Ամերիկյան ղեկավարության բացակայության պայմաններում աշխարհում կոնֆլիկտներ են, ինչպիսին որ Արցախում է։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն կարող է մեր կեղծ դաշնակից Թուրքիայի հետ օգտագործել ԱՄՆ-ի հարաբերությունները, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը, բայց հրաժարվում է դա անել։ [ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն] |shantnews.am|
10։50 - Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեմ Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ։ Միևնույնն է #հաղթելուենք [Արծրուն Հովհաննիսյան]
09:23- Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում։ [Նիկոլ Փաշինյան]
08:08- Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն: [ՊԲ հաղորդագրությունը՝ 03:00-ի սահմաններում]
01։43 - Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ Դատապարտում ենք պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հարձակումները, մասնավորապես՝ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորումը՝ հրթիռահրետանային զինատեսակնետրի կիրառմամբ։ Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին իրականացնել իր հանձնառությունները։ [Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Արտակ Ներսիսյան] |armenpress.am|
01։38 - ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։ Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր։
Կարդալ ավելին
01։31 - Անհերքելի ապացույց այն մասին, որ Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների, այս վարձկան-ահաբեկիչները կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ, նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկներում: [ՀՀ ՄԻՊ]
01։11 - Հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։ Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է(զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։ Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ [ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն]
00։51 - Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած ապատեղեկատվությունը։ «Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել», ասված է եկամուտների ծառայության հաղորդագրությունում:
00։41 - Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կնվիրաբերի Հայաստան համահայկական հիմնադրամին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
00։36 - Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ տարբեր խոշոր գյուղական համայնքներ: [Արծրուն Հովհաննիսյան]
00։26 - Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է։ [Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|
00։10 - Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։ Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը։ [ԱՀ նախագահի մամուլի քարտուղար]
23:44 - Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել: [ԱՀ ՄԻՊ]
23։25 - Դարձյալ թիրախավորվում է Ստեփանակերտը: [Արցախի Տեղեկատվական շտաբ]
23։20 - ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ: Նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ: Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար: [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]
23։05 - Այսօր ԱՀ ՄԻՊ աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան՝ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ, և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում: [ԱՀ ՄԻՊ]
22։58 - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Երևանին ու Բաքվին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ։ Գլխավոր քարտուղարը ողջունել է հումանիտար նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները և կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները։ |factor.am|
22։53 - Դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Սյունիքի մարզի բնակավայրերին: Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը։ [ՀՀ ԱԳՆ]
22։49 - Նյու Յորքի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Երթն ուղեկցվում է «Ճանաչեք Արցախը» վանկարկումներով: Ակցիայի մասնակիցները ավտոմեքենաներից դուրս պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, նրանք վանկարկում են` «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է» և «Պայքար, պայքար` մինչև վերջ»: Երթի մասնակիցները պահանջում են դատապարտել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ պետությունն ահաբեկիչ է և ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը: |armenpress.am|
22։43 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ՌԴ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել են, որ հավատարիմ են հակամարտության գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ի խորհրդակցությունների արդյունքում, և շեշտել են «տեղում» պայմանավորվածություններին խոստորեն հետևելու անհրաժեշտությունը։ [ՌԴ ԱԳՆ]
22:15 - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Կարմիր Խաչի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ: |armenpress.am|
22:01 - ՀԱՊԿ-ը չի ողջունում ԼՂ հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ ՄԽ մանդատի շրջանակներից դուրս: «Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ ՄԽ մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: |armenpress.am|
21։31 - Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ: Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
21:07 - Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ: [Արծրուն Հովհաննիսյան]
20։29 - Ադրբեջանն ի վիճակի չեղավ անգամ մի քանի րոպե հարգել իր ստանձնած պարտավորությունները: Հրադադար հայտարարվելուց ուղիղ հինգ րոպե հետո մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից հրթիռակոծությանը և Արցախի հարավում գտնվող Հադրութ հատուկ նշանակության ջոկատայինների ներխուժման փորձերին: [ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` LBC-ին տված հարցազրույցում]
19։50 - Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում կրակը դադարել է մոտ երկու ժամ առաջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացված ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը։ |tass.ru|
19։35 - Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետի հարցազրույցը գերմանական «ZDF» հեռուստաալիքին
19։31 - «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցությունը հայտարարում է իր աջակցությունը` ի պաշտպանություն Հայաստանի պետության և հայ ժողովրդի արդար դատին Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ: Ադրբեջանի զինված ուժերի բանակի լայնամասշտաբ գործողությունը Հայաստանի և Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով վերածվել է քաղաքացիական տեղանքների և բնակավայրերի բարբարոսական ռմբակոծությունների։ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցությունը խստորեն և միանշանակորեն դատապարտում է անառարկելի հանցավոր ագրեսիան քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների դեմ։ [Բուլղարիայում ՀՀ դեսպանություն]
19։06 - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ |armenpress.am|
19։00 - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար ԿՄԽԿ միջնորդությամբ համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ: [ՊՆ]
18։43 - Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում շտապ լիցքաթափել, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին։ [ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդեն] |azatutyun.am|
18։03 - Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար։ [Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի] |armenpress.am|
17։36 - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։ Այսօր Բաքվում ասուլիսի ընթացքում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։ Բայրամովը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանի կողմից նման խախտումներ չի նկատել: |azatutyun.am|
17:00- 14 օր տևած ծանր մարտեր, արդյունքում զգալի կորուստներ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, տուժածներ: 10 ժամ տևած բանակցություններ: Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո։ [Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուս] |armenpress.am|
16:40- Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի։ [Արայիկ Հարությունյան]
16:21- Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը»,- ասվում է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: |azatutyun.am|
16:15- Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ [Արցախի ԱԳՆ]
15:51- Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը: Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում։ [Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոլա Բայ]
15։13- Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]
15:10- Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ վերջին օրերի հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտում կան դեռևս չպայթած զենք-զինամթերքներ: Իրականացվում են վնասազերծման աշխատանքներ: Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել:
14:54- Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով: [ՊԲ]
14:43- Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Ռոհանին Ռուսաստանի նախագահին հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և շուտափույթ կարգավորման բանակցությունների մեկնարկին: |ria.ru|
14։19- Ֆրանսիան ողջունում է ԼՂ-ում հրադադար հաստատելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ «Այժմ անհրաժեշտ է խստորեն հետևել դրան, որպեսզի պայմաններ ստեղծվեն ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը: Հաղորդագրությունում պաշտոնական Փարիզը վերահաստատում է՝ Ֆրանսիան շարունակում է մոբիլիզացնել ջանքերը՝ իր ներդրումն ունենալու այդ համատեքստում։ |azatutyun.am|
14։12- Հայտարարված հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի ԼՂ խնդրի վերջնական որոշմանը։ Անկարան կաջակցի այն որոշումներին, որոնց իր համաձայնությունը կտա Բաքուն։ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում։ [Թուրքիայի ԱԳՆ] |azatutyun.am|
14։10- ԵԱՀԿ նախագահ Էդի Ռաման ողջունել է ԼՂ-ում մարդասիրական հրադադարի հաստատումը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ։ Նախագահը նաև կարևորել է կայունությունը թե՛ ցամաքային, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդած գործընթացում: |tert.am|
13։32- Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Մոսկվայում կայացած հանդիպումը։ Չավուշօղլուն Բայրամովին հայտնել է, որ Թուրքիան միայն աջակցելու է Ադրբեջանի ընդունած որոշումներին։ |ermenihaber.am|
12:59- ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ [Շուշան Ստեփանյան]
12:57- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների: [ՊԲ]
12:36- Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ [Արծրուն Հովհաննիսյան]
12:35- Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը, հավատարիմ մարդկային և ժողովրդավարական արժեքներին, որոնք երկար տարիներ ի վեր դրսևորվում են ժողովուրդների միջև սերտ կապերով՝ եղբայրացման և բարեկամության հռչակագրերի միջոցով, մտահոգված համաշխարհային խաղաղությամբ, որի համար պայքարում է Ֆրանսիան և կիրակի օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խաղաղության հանրահավաքից հետո, որին մասնակցում էին երեք հազար մարդ՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, արտահայտում է հետևյալ իղձերը՝
- ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորությունը,
- մասնակցել միջազգային օգնության ալիքին` բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը:
12:10- Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ՝ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Զոհ կա։ [Արծրուն Հովհաննիսյան]
12:07- Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ [ՊՆ խոսնակ]
11:54- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն կարծում է, որ այս հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա դադարը պահպանելով մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը: «Սա առաջին քայլն է դեպի համաձայնագիրը, սակայն հետագա համաձայնագիրը չի լինի հակամարտության լուծումը, այլ կլինի կրակի երկարատև դադարեցումը»,- ասել է Քավանոն, որը 2000-ականների սկզբին կարևոր դեր էր կատարում այս հակամարտության կարգավորման նպատակին ուղղված միջնորդական ջանքերում:
11:07- Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն։ [ՊՆ խոսնակ]
11:00- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Պետրոսյան Ստեփան Զոհրակի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Պողոսյան Արշավիր Աշոտի, ծնվ. 1966թ.
Թևանյան Դավիթ Սամվելի, ծնվ. 1989թ.
Գոգինյան Տիգրան Էդվարդի, ծնվ. 1990թ.
Մելիքսեթյան Վահե Սամվելի, ծնվ. 1988թ.
Շուշանյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2000թ.
Եղիազարյան Էրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Պողոս Արտյոմի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Գեղամ Ալբերտի, ծնվ. 2000թ.
Սողոյան Հակոբ Արտեմի, ծնվ. 2000թ.
Մկրտչյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 2001թ.
Չատիկյան Քերոբ Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Ավետյան Վարդան Արմենի, ծնվ. 1998թ.
Վիրաբյան Դավիթ Գարիկի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Խաչատուր Առնակի, ծնվ. 2001թ.
Ասրյան Յուրա Արշակի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Ալբերտ Արտակի, ծնվ. 2001թ.
Լալայան Հարություն Խաչատուրի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Մուրադյան Էդգար Մամեի, ծնվ. 2000թ.
Հակոբջանյան Արտակ Արարատի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Սամվել Համբարձումի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Սարգիս Սամվելի, ծնվ. 2000թ.
Աթոյան Արթուր Սուրենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Հակոբ Ասատուրի, ծնվ. 1983թ.
Զքոյան Արման Մխիթարի, ծնվ. 1992թ.
Պողոսյան Արման Արկադիի, ծնվ. 2001թ.
Պետրոսյան Էդգար Սամվելի, ծնվ. 2002թ. [ՊԲ]
10:36- Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան: [ԱՀ ՄԻՊ]
10:30- Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ: [ՊԲ]
10:10- Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ [ՊՆ խոսնակ]
10:00- ՌԴ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ [Շուշան Ստեփանյան]
04:13- Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը.
- 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
- Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
- Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
- Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ [ԱԳՆ]
02:16- Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա֊Ֆիլիպ Շամպանը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին: Կանադայի ԱԳ նախարարի խոսքով՝ Չավուշօղլուն ընդունել է, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է։ |azatutyun.am|
Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (27.09.2020-09.10.2020)
comment.count (0)