Հավելյալ 100 տրանսպորտային միջոց դուրս կգա երթուղի |lragir.am|

Նոր ուսումնական տարվա սկզբից Երևանում առկա շարժակազմից երթուղի դուրս կգա հավելյալ 100 հասարակական տրանսպորտային միջոց, որպեսզի տրանսպորտային խնդիրները մեղմվեն: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Պարոն Նավասարդյան, ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը, որպեսզի սեպտեմբերի մեկից կանգառներում մարդկանց կուտակումներ չլինեն, նոր տրանսպորտային միջոցնե՞ր են շահագործվելու:

Նոր մեքենաներ չեն լինի, ուղղակի եղած բազան, այն ինչ մենք ունենք, տրանսպորտային միջոցների մի մասը վերանորոգվել է: Այն վարորդները, ովքեր արձակուրդում էին, արձակուրդից հետ են գալու, և սեպտեմբերի մեկից մեքենաների թիվը ավելի քան 100-ով կավելանա:

Իսկ հաշվարկ ունե՞ք, դա պատշաճ սպասարկում ապահովելո՞ւ է: 

Կարծում եմ՝ մեր ունեցած բազայով առայժմ կկարողանանք սպասարկել:

Տրանսպորտային միջոցների մաշվածության հարցն է նաև հանրության մոտ դժգոհություն առաջացնում: Տեղեկություն եղավ, որ հաջորդ տարվանից արդեն Գազել մակնիշի մեքենաները դուրս են բերվելու երթուղուց, կմանրամասնե՞ք, թե ինչ քայլեր են արվելու:

Միանգամից Գազելները դուրս չեն գալու շահագործումից: Քաղաքապետն ասել է, որ առնվազն երկու տարի դեռ հնարավոր չէ նոր երթուղային ցանցը շահագործել: Այսինքն՝ այդ երկու տարվա ընթացքում, եթե այլ բան չփոխվի, Գազելները պետք է սպասարկեն:

Իսկ այն Գազելները, որոնց սպասարկման ժամկետները լրանո՞ւմ են:

Այն Գազելները, որոնք 2005 թվականի արտադրության են, մյուս տարվա սկզբից աստիճանաբար դուրս կգան երթուղուց: Այսինքն՝ Գազելները աստիճանաբար են դուրս բերվելու երթուղուց, որովհետև աստիճանաբար է լրանալու դրանց 15 տարին:

Հայտնի է, որ նոր ցանցով Երևան համայնքն է սպասարկելու տրանսպորտային երթուղիները, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ընդհանրապես գծատերեր չեն լինելու:

«Գծատեր» հասկացություն չկա, մոռացեք դա, նրանք գծատեր չեն, կազմակերպություններ են, տնտեսվարողներ են, որոնք այսօր սպասարկում են: Բայց թե ամբողջությամբ դուրս կգան, ամբողջությամբ քաղաքապետարանը կսպասարկի, թե՞ տոկոսային հարաբերություններ կլինեն, դա դեռ քննարկման փուլում է:

Այսինքն՝ հնարավո՞ր է, որ որոշ տնտեսվարողներ շարունակեն սպասարկել երթուղիները: Նախկինում քաղաքապետն ասել էր, որ նրանք այլևս չեն լինելու:

Այո, որոշ տնտեսվարողներ կարող են լինել, որոշակի կազմակերպությունների կողմից կարող են սպասարկվել:

Նույն պայմաններով, ինչպես հիմա՞ են աշխատում:

Բոլորի համար նույն պայմանը կլինի, թե ինչ պայման կլինի, դա կերևա հետագայում:
Մենք տեսնել ենք, որ նախորդ տարիներին այդ ոլորտում կարծես թելադրողի դերում հենց տնտեսվարողներն են եղել, քաղաքային իշխանությունները չեն կարողացել հասնել նրան, որպեսզի այդ ընկերությունները պատշաճ սպասարկում իրականացնեն: Հիմա ի՞նչ նոր պահանջներ են դրվելու նրանց առաջ:

Ես այդպիսի բան չեմ տեսնում, որ թելադրողի դերում են եղել, եթե դուք տեսնում եք, ես չեմ տեսնում:

Շարունակությունը՝ lragir.am-ում

x