Հենց այսօր էլ Սևանում իրականացվում են մաքրման աշխատանքներ. Էրիկ Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: Այսօր կառավարության նիստից հետո շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նաև Սևանի մասին են հարցեր ուղղվել: Լրագրողի հարցին, թե ինչու Սևանից այս տարի ավելի շատ ջրառ կատարվեց, քան խոստացել էին իշխանությունները, նախարարը նշել է, որ անցած տարի 170-ից 30 մլն խ/մ-ի չափով ավելի է ջրառ իրականացվել, իսկ այս տարի՝ նույնքանով պակաս, թեև պահանջարկը նույնն էր: Մյուս կողմից՝ տեղումներն այս տարի ավելի քիչ են եղել, ու գոլորշիացումը՝ ավելի շատ, այսինքն՝ այս տարի նախորդի համեմատ պայմաններն ավելի վատն են եղել, բայց ջրառն էականորեն փոքր է եղել: Գրիգորյանը հիշեցրել է, որ հիմա 4-5 սմ-ով ավելին է ջրի մակարդակը անցած տարվա ցուցանիշից: Մեր թղթակիցը նախարարին հիշեցրել է, որ Սևանի չծաղկելուն ուղղված միջոցառումների մեծ ցանկ էր նախապատրաստվել ու հարցրել է, թե հիմա այդ ցանկից ինչ աշխատանքներ կան, որ արդեն կատարված են:

«Ուսումնասիրվել են երեք քաղաքների մաքրման կայանները, փաթեթը ներկայացվել է կառավարություն հետագա քայլերի համար: Այս տարվա մաքրման աշխատանքների ծավալը մեծացվել է, իսկ 2020-ի բյուջեում այդ նպատակին նախատեսված գումարները մի քանի անգամ ավելի մեծ են: Հենց այսօր էլ իրականացվում են մաքրման աշխատանքներ: Սևանի խնդրի լուծումը կեղտաջրերի մուտքի նվազեցումն է և ջրի մակարդակի բարձրացումը»,- մասնավորապես նշել է նախարարը:

x