Ալավերդու կենտրոնական փողոցով անցնող երկաթգծի պաշտպանական գոտիներում շինություններ են կառուցվում |hetq.am|

hetq.am: «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքով արգելվում է երկաթգծի պաշտպանական գոտիներում կապիտալ շինությունների տեղակայումը: Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցին հարող երկաթգծի 2,609 կմ պաշտպանական գոտիների հողամասերը Ալավերդու համայնքապետերի և ավագանու որոշումներով վաճառվել են 1քմ-ը 810-5000 դրամ կադաստրային արժեքով: Այդ հողամասերի 1քմ-ի շուկայական գինը Ալավերդու այդ հատվածում 200 ԱՄՆ դոլար է: Վաճառքի աճուրդի մեկնարկային գները սահմանելիս համայնքի ավագանին շրջանցել է հողամասերի շուկայական գինը: Քաղաքաշինական նորմերի խախտմամբ արդեն 32 շինություններ Թումանյան փողոցի «Կատա» սուպերմարկետի դիմաց՝ մոտ 1000 մետր երկայնքով փակել են երկաթգիծը: Արտակարգ իրավիճակների դեպքում փրկարար ծառայության և շտապ օգնության մեքենաները չեն կարող մոտենալ երկաթգծի այդ հատվածի:

Հիշեցնենք, որ Թումանյան փողոցի վրա են գտնվում 12-րդ դարի եզակի կառույց Սանահինի քարե կամուրջը, Հեղափոխության մարտիկների հուշարձանը, Եղեռնի հուշարձանը՝ իր պուրակով, Ալավերդու պատկերասրահը և քաղաքի մշակութային ու մարզական այլ հիմնարկներ:

Լոռու մարզի դատախազությունը ժամանակին չի կասեցրել Ալավերդու համայնքապետերի և ավագանու հողահատկացումների ապօրինի որոշումները: Ալավերդու նախկին համայնքապետ Կարեն Փարեմուզյանի 2017թ.-ի ապրիլի 4-ի որոշումով՝ երկաթգծի պաշտպանական գոտու 49/8-1 հասցեում 40,4 քմ մակերեսով հողամասը 184 140 դրամով վաճառվել է Լոռու մարզի դատախազության Ալավերդու նստավայրի դատախազ Արմեն Շիրոյանի մորը՝ Էմմա Ավետյանին:

Կարեն Փարեմուզյանը 2016թ.-ի մայիսի 5-ի իր որոշումով՝ հասարակական օբյեկտ կառուցելու համար «Կատա» սուպերմարկետի դիմաց գտնվող երկաթգծի պաշտպանական գոտու Թումանյան 45/2 հասցեով 142,6քմ մակերեսով հողամասը 784 300 դրամով վաճառվել է Վանաձորի բնակիչ Կարեն Ռաֆայելյանին: Համայնքապետարանում մեզ հայտնեցին, որ Կարեն Ռաֆայելյանը 2016թ.-ին ԱԱԾ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժանմունքի պետ Կորյուն Ռաֆայելյանի եղբայրն է: Կորյուն Ռաֆայելյանը ներկայումս աշխատում է ԱԱԾ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում:

Կարեն Փարեմուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վանաձորցի Կարեն և Կորյուն Ռաֆայելյաներին չի ճանաչում և Թումանյան փողոցում որևէ վանաձորցու հողամաս չի վաճառել: Քաղաքապետի և ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզվեց, որ ԱԱԾ Թումանյանի բաժանմունքի պետի եղբայրը երկաթգծի անվտանգության գոտում հող է գնել վերավաճառելու համար:

Այս գործում եղբորն աջակցել է Կորյունը Ռաֆայելյանը, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն ու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Թումանյան 45/2 հասցեի հողամասը Կ. Ռաֆայելյանին վաճառելուց 22 օր հետո Կարեն Փարեմուզյանը 2016թ.-ի մայիսի 27-ի իր որոշումով՝ 142.6 քմ հողամասի 52,0քմ-ը մակերեսը վերաբաժանել և հասցեավորել է Թումանյան փողոցի 45/3 փոստային հասցեով:

Դրանից 24 օր հետո՝ 2016թ.-ի հունիսի 21-ի անշարժ գույքի վաճառքի պայմանագրով՝ Կարեն Ռաֆայելյանը շուկայական գնով Թումանյան 45-3 հասցեում գրանցված իր 52քմ մակերեսով հողամասը վաճառել է Ալավերդու բնակիչ Էմին Աղաբեկյանին:

Արթուր Նալբանդյանի 2016թ.-ի օգոստոսի 17-ի միջնորդությամբ՝ Կարեն Փարեմուզյանը 45/2 հասցեում մնացած Կարեն Ռաֆայելյանի 90,6քմ մակերեսով հողամասի հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման նշանակության, ապա 90,6 հողամասի 40քմ մակերեսը քաղաքապետի կողմից հասցեավորվել է Թումանյան 45/2-1, իսկ 50,6 քմ-ը հողամասը մնացել 45/2 հասցեով: Կարեն Ռաֆայելյանը Թումանյան 45/2-1 հասցեի 40քմ հոամասը անշարժ գույքի վաճառքի 2016թ.-ի սեպտեմբերի 13 պայմանագրով վաճառել է Ալավերդի քաղաքի բնակիչ Սյուզաննա Իսոյանին:

Սյուզաննայի ամուսինը՝ Էմին Ղարիբյանը, իր ծաղկի խանութում օրեր առաջ մեզ հայտնեց, որ 54/2-1 հասցեով 40 քմ հողամասը Կարեն Ռաֆայելյանից գնել են 10 հազար դոլարով:

Անշարժ գույքի վաճառքի 2016թ.-ի սեպտեմբերի 27-ի պայմանագրով՝ Կարեն Ռաֆայելյանը Թումանյան փողոցի 45/2 հասցեում մնացած իր 50.6 քմ հողամասը վաճառել է Սյուզաննայի եղբորը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Արշակ Իսոյանին:

Անշարժ գույքի վաճառքի պայմանագրերում Կարեն Ռաֆայելյանը 52քմ հողամասը Էմին Աղաբեկյանին վերավաճառել է 300 000 դրամով, 40քմ հողամասը Սյուզաննա Իսոյանին վերավաճառել է 350 000 դրամով, իսկ 50.6քմ հողամասը Արշակ Իսոյանին վերավաճառել է 450 000 դրամով:

Շարունակությունը՝ hetq.am:

 

x