ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն իր գործելաոճով «արտահաստիքային դատախազի» է հիշեցնում․ փաստաբան

hetq.am: Փաստաբան Երեմ Սարգսյանը «Հետքին» ուղարկված գրությամբ բարձրաձայնել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ իրավաբանական հանրությանը և ընդհանրապես հանրությանը ծանոթացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի գլուխգործոցին, որից հետո կարծում եմ՝ կարիք կլինի պարզել, թե ի վերջո ինչու է 29 տարվա դատավորի ստաժ ունեցող անձը նման խայտառակ և ապօրինի որոշում կայացրել:

Խոսքը վերաբերում է մի քրեական գործի, որով կոնկրետ անձը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ սպանելու նպատակով մեկ անգամ դանակով հարվածել է տուժողին, սակայն վերջինիս չի մահացել:

Նախաքննական մարմինը մեղադրյալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան և դատարանը քննելով միջնորդությունը, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա չեն բավարար տվյալներ, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ հենց այդ անձն է դանակով հարվածել տուժողին:

Դատարանը նշել է, որ մեղադրվողի ձեռքին դանակ լինելու կամ դանակով տուժողին հարվածելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն, ուստի կայացրած որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը: Դատարանի նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Հասկանալով, որ քրեական գործը մտել է փակուղի, նախաքննական մարմինը վաղուց ծանոթ շեղող հնարք է կիրառել և շուրջ 3 ամիս անց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրած մեղադրանքին լրացրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու գործողությունը նաև հանդիսանում է զենքի գործադրմամբ խուլիգանություն, որից հետո կրկին միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Առաջին ատյանի դատարանն, այս անգամ արդեն այլ դատավորի նախագահությամբ, կրկին մերժել է քննիչի միջնորդությունը՝ կրկին հիմնավոր կասկածի բացակայությամբ և կրկին նշելով, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա որևէ փաստական տվյալ դատարանին հնարավորություն չի տվել հանգելու այն հետևության, որ մեղադրյալը սուր, կտրող-ծակող գործիքի հարվածել է տուժողին, հետևաբար՝ նաև, որայդպիսի գործիքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Ընդ որում, հատուկ պետք է նշեմ, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու հանգամանքը քննիչը 2-րդ անգամ դատարանում փորձել է հիմնավորել բացարձակապես նույն նյութերով, որոնք դատարան էր ներկայացրել առաջին անգամ և դատարանը մերժել էր միջնորդությունը:

Իսկ լրացուցիչ ներկայացված նյութերում միայն այնպիսի ցուցմունքներ էին, որոնց համաձայն դեպքի ժամանակ մեղադրվողի ձեռքին որևէ առարկա, այդ թվում՝ դանակ չի եղել և որ տուժողին այլ անձ է դանակով հարվածել: Այս անգամ դատախազի կողմից այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:

Նույնսիկ սկսնակ իրավաբանների համար է ակնհայտ, որ եթե առկա է ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որում կոնկրետ փաստերի հիման վրա դատարանը եկել է եզրահանգման, որ հիմքեր չկան ենթադրելու, որ կոնկրետ անձը դանակով հարվածել է տուժողին, ապա նույն փաստերի հիման վրա որևէ այլ դատարան՝ կլինի դա վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանը, իրավասու չէ անտեսել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դրան ուղիղ հակասող այլ որոշում կայացնել:

Չեմ ուզում մտածել, որ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այդ պարզ իրավաբանության մասին չգիտի, քանի որ դատախազի բողոքի հիման վրա բեկանել է առաջին ատյանի դատարանի 2-րդ որոշումը՝ նշելով, որ հիմնավոր կասկած առկա է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այդ ընթացքում նշելով աբսուրդի հասնող հիմնավորումներ:

Մասնվորապես նշել է, որ առաջին ատյանի դատարանի 1-ին՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, որում դատարանը հանգել էր, որ չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը մեղադրյալի կողմից կատարելու հիմնավոր կասկածը, արգելք չէ, որ վերաքննիչ դատարանը հաստատված համարի այդ նույն հիմնավոր կասկածը:

Ակնհայտ էր, որ մեղադրանքի կողմը երկու անգամ անհաջող փորձ էր կատարել մեղադրյալին կալանավորելու, սակայն քանի որ իրենց ցանկալի դատավորները չեն եղել միջնորդությունները քննողները և չեն կարողացել հասնել իրենց անօրինական նպատակին, ուստի այս անգամ վերաքննիչ բողոք էին ներկայացրել այն հույսով, որ վերաքննիչ դատարանում դեռևս մնացած մոտ 2-3 »արտահաստիքային դատախազ» դատավորներից մեկը կքննի բողոքը և այս անգամ նրանց «բախտը բերեց» և գործը քննեց Մհեր Արղամանյանը:

Ավելին՝ hetq.am-ում

x