«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամով. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն՝ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով:

Ինչպես հայտնում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգ է ներառվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու հարցը, քանի որ իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հաստատված ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները:

Հանձնաժողովը որոշել է լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն դրամով: Հարցը կքննարկվի վաղվա նիստում:

x