Չկա կատարված աշխատանք՝ չկա ներկայացնելու որևէ նյութ. դարձել ես քաղաքապետ, ուրեմն պետք է ասածիդ տեր լինես. ակտիվիստը՝ Մարությանին |tert.am|

tert.am: «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանն այսօր քաղաքապետարանի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել իր հարցումներին. «Քանի որ մեծ խնդիր է Երևանի աղբահանության հարցը, դիմել էի քաղաքապետարանին, որ ստանամ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագիրը:

Անցել է սահմանված հնգօրյա ժամկետը, դեռ մի բան էլ ավելի, բայց առ այսօր որևէ պատասխան չկա՝ չնայած, որ քաղաքապետի մամուլի խոսնակը հավաստիացնում է, որ որևէ գաղտնիք չկա:

Եթե ամեն ինչ լավ է, ապա ի՞նչն է խանգարում, որ այդ պայմանագիրը լուծարվի: Եթե «Սանիթեք» ընկերությունը թերանում է, ապա քաղաքապետարանը պետք է հրապարակեր այդ պայմանագիրը»:

Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումները, պատրաստել է 21 հարցից բաղկացած նամակ և հարցում արել Երևանի քաղաքապետարանին՝ կատարված աշխատանքների վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար.

«Եթե էս անգամ էլ քաղաքապետարանը չպատասխանի իմ հարցումներին, սա կնշանակի, որ Հայկ Մարությանը չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումները: Չկա կատարված աշխատանք՝ չկա նաև ներկայացնելու որևէ նյութ: Հարցմանս չպատասխանելու դեպքում այդ հարցը կդիտարկեմ իրավական դաշտում»,- նշեց Հարությունյանը:

x