Կմշակվեն Ընտրական օրենսգրքում եւ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծերը․ «Հայստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջնահերթություններից է լինելու Ընտրական օրենսգրքում եւ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծերի մշակումն ու ընդունումը։ Նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են փոփոխությունների շրջանակն ու քայլերի հերթականությունը։

Թեմայի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է աշխատանքային խմբի համակարգող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հետ։ Նրա խոսքով, որպես առաջնահերթություն խումբն աշխատելու է Ընտրական օրենսգրքի քարոզարշավի ֆինասնավորման հատվածի եւ Կուսակցությունների մասին օրենքի վրա, քանի որ դրանք քաղաքականության մեջ ֆինանսական գործոնի դերը կարգավորող առանցքային իրավական ակտեր են։

Այդ փոփոխությունների արդյունքում նախատեսվում է մեծացնել ընտրական գործընթացում ֆինանսների ներգրավման թափանցիկությունն ու կուսակցությունների հաշվետվողականությունը, ինչպես նաեւ բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ հանրային աջակցությունը»:

x